Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին

Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հունիսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդեցին Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարան, ուր կատարվեց «Հրաշափառի» արարողություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունեց և բարի գալուստ մաղթեց Սահակ Պատրիարքին։ Այնուհետև Պոլսո Հայոց Պատրիարքը, գոհություն վերառաքելով առ Աստված վերստին հայոց հոգևոր կենտրոնում գտնվելու համար, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Սուրբ Էջմիածնի միաբանությանը։ Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքն իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:
13:01 - 06 հունիսի, 2023
Հույս ունեմ,որ իշխանությունները կանդրադառնան Հայոց Եկեղեցու Պատմություն առարկայի վերաբերյալ որոշմանը. Գարեգին Բ

Հույս ունեմ,որ իշխանությունները կանդրադառնան Հայոց Եկեղեցու Պատմություն առարկայի վերաբերյալ որոշմանը. Գարեգին Բ

Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի հանրապետական օլիմպիադայում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հանդիպման սկզբում Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեց այս տարվա ՀԵՊ առարկայի օլիմպիադայի արդյունքներն ու արձանագրած հաջողությունները՝ շեշտելով առարկայի սիրված լինելն ու կարևոր դերակատարությունը մատաղ սերնդի ազգային-հոգևոր կրթության և դաստիարակության գործում: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն, Իր սերն ու օրհնությունը փոխանցելով ներկաներին, շնորհավորեց օլիմպիադայի մրցանակակիրներին՝ ուրախությամբ արձանագրելով, որ առարկան կարևոր ձեռքբերում է նորանկախ հանրապետության կրթության ոլորտում։ Նորին Սրբությունը ցավով նկատեց, որ կրթական չափորոշիչների փոփոխությամբ դպրոցներում դադարելու է առարկայի դասավանդումը՝ հույս հայտնելով, որ ՀՀ իշխանություններն անդրադարձ կունենան այդ որոշմանն ու մեր զավակներին հնարավորություն կընձեռնվի ստանալ հոգևոր գիտելիքներ և դաստիարակություն՝ հավատարիմ մնալու նախնյաց ժառանգությանն ու ազգային արժեհամակարգին։ Հայոց Հովվապետն աշակերտներին հորդորեց ջերմեռանդությամբ և նախանձախնդրորեն շարունակեն իրենց ուսումնառությունը, ամբարեն նոր գիտելիքներ և եկեղեցասիրությամբ ու հայրենաճանաչությամբ իրենց մեջ զորացնեն նվիրումի ոգին՝ ի փառս հայրենիքի և Մայր Եկեղեցու: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը փոխանցեց Հայր Զաքարիային և ՀԵՊ ուսուցիչներին՝ պատանի հայորդիներին տարիներ շարունակ քրիստոեական և ազգային արժեհամակարգով կրթելու ու դաստիարակելու իրենց կատարած նվիրյալ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ դրա վառ վկայությունը աշակերտների արձանագրած հաջողություններն են։ Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին:
12:18 - 23 մայիսի, 2023
Մայր Աթոռը հորդորում է զոհված զինծառայողի մորն առնչվող քրեական գործի քննությունը իրականացնել ամենայն անաչառությամբ

Մայր Աթոռը հորդորում է զոհված զինծառայողի մորն առնչվող քրեական գործի քննությունը իրականացնել ամենայն անաչառությամբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է արտահայտում վարչապետի որդու ենթադրյալ առևանգման մեղադրանքով որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։ «Հասարակության մեջ խռովություններ ու հուզումներ առաջացնող նման ընթացքները ազգային անվտանգության ներկայիս սպառնալիքների պայմաններում ծանր հարված են հայրենիքի պաշտպանությանը լծված մեր զավակների ոգու զորությանն ու նվիրումին և կարող են հանգեցնել նոր պառակտումների ազգային կյանքում: Հորդորում ենք իշխանության պատկան մարմիններին, առավելագույնս հաշվի առնելով զոհված զինվորի ծնողի պարագան, երկրում առկա մտահոգությունները և զգայունությունները, քրեական գործի քննությունը իրականացնել ամենայն անաչառությամբ, առանց տիկին Գայանե Հակոբյանի մեկուսացման։ Աղոթում ենք մեր հայրենիքի խաղաղության, մեր պետության անվտանգության համար։ Աղոթում ենք նաև նահատակված մեր բոլոր զավակների հոգիների հանգստության համար և մեր զորակցությունը բերում զոհված զինվորների ծնողներին և ընտանիքներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:09 - 22 մայիսի, 2023
Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան. Մայր Աթոռի արձագանքը վարչապետին |azatutyun.am|

Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան. Մայր Աթոռի արձագանքը վարչապետին |azatutyun.am|

azatutyun.am: Մայր Աթոռից արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ «Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, իհարկե եթե հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը, համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ», - «Ազատությանն» ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Նախօրեին, պատասխանելով «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակից աշակերտներից մեկի հարցին, Նիկոլ Փաշինյանն ասել է, թե «երբ պետությունն ու եկեղեցին միախառնվում են, դրանից ավելի վտանգավոր բան չկա, պտությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին իր գործով»․ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ իրենց սկզբունքն այն է, որ եկեղեցու հետ հարաբերությունները պետք է լինեն իրավական, օրինական ՀՀ Սահմանադրության և օրենսդրության շրջանականերում․ «Բայց կա նաև հետևյալ հանգամանքը. եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն և այդ կուսակցության շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի և ընտրողների առաջ էլ, և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա։ Բայց եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից»։
17:04 - 20 մայիսի, 2023
«Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն, բայց եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից». Նիկոլ Փաշինյան |tert.am|

«Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն, բայց եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից». Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Երբ պետությունն ու եկեղեցին միախառնվում են, դրանից ավելի վտանգավոր բան չկա: Այս մասին նախօրեին Պարզ լճի տարածքում դպրոցականների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով աշակերտներից մեկի հարցին, թե ինչպիսին են պետություն-եկեղեցի հարաբերությունները: Փաշինյանի խոսքով՝ պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին իր գործով։ Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծել է, որ միշտ չէ, որ դրանք իրարից տարբերակվում են, իսկ շատ հարցերում անգամ խաչվում են: «Հայ առաքելական եկեղեցին ուզում է, որ մի շարք ապրանքներ, երբ որ ներմուծվում են եկեղեցու կարիքների համար, այդ ապրանքները համարվեն բարեգործական ու մաքսային և այլ վճարների չենթարկվեն: Օրինակ՝ այդպիսին է պարաֆինը, որից մոմ են պատրաստում: Մենք այդտեղ շատ լուրջ սկզբունքային խնդիրներ ենք տեսնում»,- ասաց նա։ Ըստ վարչապետի՝ սկզբունքային խնդիրներից առաջինն այն է, որ եթե պարաֆինը մաքսազերծվում է որպես բարեգործական ծրագրի մաս, ուրեմն մոմը պետք է չվաճառվի: «Մենք ասում ենք՝ շատ լավ, պատրաստ ենք դա անել, բայց մոմը մի վաճառեք, ուղղակի դրեք, հավատացյալները թող գան, վերցնեն, գանձանակ թող լինի, ով ինչքան ուզենա՝ այնքան վճարի, որովհետև օրենքին հակասում է։ Օրենքն ասում է՝ եթե բարեգործական է, դու հետագայում չես կարող դրանից գումար ձեռք բերել։ Երկրորդ տարբերակն այն է, որ մոմը ամբողջությամբ վաճառվի, արձանագրվի, համապատասխան հարկերը վճարվեն պետական բյուջե, բայց մենք ասում ենք՝ վճարած ամբողջ հարկերը ու դեռ մի բան էլ ավելին կվերադարձնենք եկեղեցուն, այսինքն՝ կառավարությունը պետական բյուջեի համար ոչ մի բան չի պահի»,- հավելեց Փաշինյանը։ Նա նշեց, որ իրենց սկզբունքն այն է, որ եկեղեցու հետ հարաբերությունները պետք է լինեն իրավական, օրինական ՀՀ Սահմանադրության և օրենսդրության շրջանականերում: «Բայց կա նաև հետևյալ հանգամանքը. եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն և այդ կուսակցության շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի և ընտրողների առաջ էլ, և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա», - ընդգծեց վարչապետը՝ միաժամանակ շեշտելով, որ եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:09 - 20 մայիսի, 2023
Երկու երկրների սերտ գործակցությունը պայմանավորված է այդ ժողովուրդների դարավոր բարեկամությամբ. Գարեգին Երկրորդն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Երկու երկրների սերտ գործակցությունը պայմանավորված է այդ ժողովուրդների դարավոր բարեկամությամբ. Գարեգին Երկրորդն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Նորին Սրբությունը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, բարեմաղթել է արդյունաշատ առաքելություն Հայաստանում: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների սերտ գործակցությունը պայմանավորված է հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությամբ: Նա անդրադարձել է Հնդկաստանում եկեղեցական կառույցների և, մասնավորապես, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գործունեությանը: Նորին Սրբությունն, ի դեմս դեսպանի, իր գնահատանքն է հայտնել Հնդկաստանի իշխանություններին կրթական հաստատության նկատմամբ դրսևորվող ուշադրության համար։ Իր հերթին նորանշանակ դեսպանն, անդրադառնալով հայերի պատմական ներկայությանը Հնդկաստանում և հայ-հնդկական հարաբերություներին ու ներկայիս գործակցությանը, տեղեկացրել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան իր այցի մասին՝ նկատելով, որ այն նաև յուրօրինակ կամուրջ է երկու երկրների մշակութային կապերի զորացման գործում: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հնդկաստանում հայ համայնքի կյանքին և հայկական եկեղեցիների բարվոք վիճակին։ Խոսվել է նաև Հայաստանի և Արցախի առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրների մասին:
17:52 - 04 մայիսի, 2023
Գարեգին Բ-ն իր խոր մտահոգությունն է հայտնել Բերձորի միջանցքի արգելափակման, Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետի տեղադրման առնչությամբ

Գարեգին Բ-ն իր խոր մտահոգությունն է հայտնել Բերձորի միջանցքի արգելափակման, Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետի տեղադրման առնչությամբ

Մայիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Մայր Աթոռը հայտնել է, որ հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությումբ նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ևս մեկ վկայություն է հայ-ֆրանսիական բարեկամության և Ֆրանսիայի կողմից հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության։ «Անդրադառնալով հետպատերազմյա մարտահրավերներին և առկա դժվարին իրավիճակին՝ Հայոց Հայրապետն իր խոր մտահոգությունը հայտնեց Բերձորի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղված հումանիտար աղետի, ինչպես նաև օրերս Բերձորի միջանցքի սկզբնամասում Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետի տեղադրման առնչությամբ։ Ըստ Նորին Սրբության՝ այս կապակցությամբ միջազգային հանրության անհամարժեք արձագանքը, ինչպես և Հաագայի միջազգային դատարանի որոշման անտեսումն անհետևանք թողնելը տեղիք է տալիս Ադրբեջանի նման քաղաքականության անարգել իրագործման։ Իր խոսքում Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձ կատարեց գերիների վերադարձման և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին:  Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ իր այցի նպատակն է իրավիճակին տեղում ծանոթանալ՝ իր կարելի աջակցությունը բերելու առկա մարտահրավերների հաղթահարման գործում, ինչպես նաև նպաստել հայ-ֆրանսիական համակողմանի գործակցության խորացմանը։ Պրն․ Քզավիե Բերտրանն Ամենայն Հայոց Հայրապետին նաև հավաստիացրեց, որ անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն ռազմագերիների վերադարձման և Արցախի հայկական պատմամշակութային հուշարձանների և սրբավայրերի անաղարտ պահմանման հարցում։ Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ տիար Բերտրանը ևս եվրոպական միջազգային ատյաններում հետևողականորեն կբարձրաձայնի արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության հարցը։ Զրուցակիցներն անդրադարձան նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումներին և դրանց ընթացքում արձանագրված արդյունքներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:42 - 03 մայիսի, 2023
Հայ հոգևորականները շարունակում են Դադիվանքում իրենց հոգևոր ծառայությունը. Մայր Աթոռ
 |azatutyun.am|

Հայ հոգևորականները շարունակում են Դադիվանքում իրենց հոգևոր ծառայությունը. Մայր Աթոռ |azatutyun.am|

azatutyun.am: «Հայ հոգևորականները շարունակում են Դադիվանքում իրենց հոգևոր ծառայությունը»,- «Ազատությանը» փոխանցեցին Մայր Աթոռից՝ արձագանքելով Բաքվից հնչող նոր հայտարարություններին։ 2020-ի պատերազմից հետո Քարվաճառում հայ առաքելական միջնադարյան վանական համալիրը Ադրբեջանին անցավ, բայց գտնվում է ռուս-խաղաղապահների վերահսկողության տակ։ Ուխտավորների այցերն արգելելուց ամիսներ անց Բաքուն պնդում է, որ նաև Դադիվանքում ապրող հայ հոգևորականները պետք է հեռանան։ «Հայ հոգևորականները շարունակում են իրենց ծառայությունը շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որն ապահովում է վանքի անվտանգությունը», - փոխանցեցին Մայր Աթոռից։ Դարձյալ պնդելով, թե «վանական համալիրը աղվանական է», երեկ Ադրբեջանում կրոնական կազմակերպությունների հարցերով պետական կոմիտեի նախագահն էր հայտարարել, թե հայ հոգևորականները պետք է հեռանան այնտեղից։ «Պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս՝ այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ», - հակադարձում են Մայր Աթոռից։
15:03 - 03 մայիսի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած պատվիրակությանը

Ապրիլի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արգենտինայի հասարակական գործիչներից, լրագրողներից, իրավաբաններից և գործարարներից կազմված պատվիրակությանը՝ ուղեկցությամբ արգենտինահայ գործարար Խուան Պաբլո Գեչիչյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։   «Տիար Գեչիչյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, տեղեկացրեց, որ պատվիրակության անդամները Հայաստան են ժամանել ի մոտո ծանոթանալու հայ ժողովրդին, նրա մշակույթին, կրոնին, պատմությանը և հոգևոր արժեքներին։ Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բերելով ներկաներին, գոհունակությամբ ընդգծեց, որ երկու երկների հարաբերությունները հատկանշված են սերտ բարեկամությամբ և Արգենտինան դժվարին իրավիճակներում մշտապես զորակից է եղել հայ ժողովրդին։   Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագիտությամբ արձանագրեց, որ Հայոց Ցեղասպանությունից հետո Եղեռնից մազապուրծ հայեր հանգրվանելով Արգենտինայում` կարողացան վերակազմակերպել իրենց ազգային-հոգևոր կյանքը, և իբրև արժանավայել քաղաքացիեր իրենց կարևոր ներդրումը բերեցին երկրի կյանքի առաջնթացին՝ վայելելով Արգենտինայի ժողովրդի ու իշխանությունների սերն ու հարգանքը։   Հանդիպմանը Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց նաև տարածաշրջանում առակա իրավիճակին՝ արգենտինացիներին տեղեկություններ փոխանցելով ղարաբաղյան հակամարտության սկբնավորման, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից շարունակվող արցախահայության և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունների, Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումնաիտար ճգնաժամի, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային ու հոգևոր արժեքների ոչնչացման փաստերի վերաբերյալ։   Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին միջեկեղեցական հարաբերություններին և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Քույր Եկեղեցիների հոգևոր պետերի կողմից ձեռնարկված քայլերին», - ասված է հաղորդագրության մեջ։
20:31 - 30 ապրիլի, 2023
Աշխարհի՝ գրեթե բոլոր կոտորածներն ու ցեղասպանությունները անտարբերության ծնունդ են. Մայր Աթոռում ոգեկոչել են Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին

Աշխարհի՝ գրեթե բոլոր կոտորածներն ու ցեղասպանությունները անտարբերության ծնունդ են. Մայր Աթոռում ոգեկոչել են Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով՝ ապրիլի 24-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, այդ կապակցությամբ հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։ Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձ կատարելով 20-րդ դարասկզբի պատմական իրադարձություններին ու Հայոց Ցեղասպանությանը, ի մասնավորի նշեց. «Հարյուր ութը տարի շարունակ մեր ազգային հիշողության մեջ ցեղասպանության փաստը մնում է իբրև անհերքելի, անջնջելի ամոթ, որ խարանված է այն ժամանակվա, և ինչու չէ, այսօրվա մարդկության ճակատին՝ իբրև առաջին ցեղասպանություն: Այդ հարյուր ութը տարիներից ութը շատ կարևոր են, որովհետև մենք ութը տարի շարունակ այլևս ոչ թե ցեղասպանության զոհերին ենք ոգեկոչում, այլ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից սրբադասված մարտիրոսներին՝ նահատակներին: ․․․․Աշխարհի՝ գրեթե բոլոր կոտորածներն ու ցեղասպանությունները անտարբերության ծնունդ են: Սրա պատճառով ոչ միայն մարդկային կյանքի ցեղասպանություն կարող է տեղի ունենալ, այլև՝ մտքի, հոգու, լեզվի, հոգևոր արժեքների ցեղասպանություն: Մարդկային և համազգային անտարբերությունը քանդում է հնարավոր բոլոր սահմանները: Նահատակների խորհուրդը մեզ հավատարմության պատգամ է: Հավատարմություն այն բոլոր արժեքների հանդեպ, որոնք երբևիցե մեր ազգի կյանքում ստեղծվել և շարունակում են ստեղծվել։ Եթե այս հավատարմությունը չկա, եթե մենք անտարբերությամբ փորձում ենք մեր կյանքն ապրել իբրև բոլոր կենդանիներին տրված ժամանակամիջոց, ուրեմն մենք այդ հավատարմության խորհրդի մեջ չենք։ Հավատարմություն մինչև վերջ, որովհետև հավատարմության մեջ է ներփակված այն, ինչը մենք անվանում են նահատակություն: Մենք մեր կյանքի մեջ, մեր ճիգերով, մեր ջանքերով, մեր արժեքների պահպանության համար մղվող պայքարով, մեր հավատքի՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած մեր հավատքի համար պայքարով նահատակներ ենք: Մենք պայքարում ենք, որպեսզի մնանք հավատարմության խորհուրդի մեջ»։ Վերջում Հայր Շահեն պատգամեց հավատացյալ հայորդիներին հեռու մնալ անտարբերությունից, որ ամեն մեղքի ծնողն է ու վախճանը հավատացյալ մարդու հոգևոր կյանքի և լինել հավատարիմ ամեն բանի մեջ: Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
16:42 - 24 ապրիլի, 2023
Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա՝ համաձայն քրիստոնեական տեսության․ Փաշինյան

Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա՝ համաձայն քրիստոնեական տեսության․ Փաշինյան

Փորձ են անում ներկայացնել, որ լավ չեն կառավարություն-եկեղեցի հարաբերությունները, պրոբլեմներ կան այդ հարաբերություններում։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում: «Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա՝ համաձայն քրիստոնեական տեսության», -ԱԺ-ում ասաց Փաշինյանը՝ Պողոս առաքյալից մեջբերում կատարելով․  ««Չկա իշխանություն, որն Աստծուց չլինի, և եղած իշխանությունները Աստծուց են կախված, հետևաբար ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում»։ Հետևաբար թող եկեղեցին ինքն իր էության, տեսության, իր հավատի մասին մտածի, և Աստված մեզ օգնի պահպանել, հզորացնել և խաղաղություն բերել Հայաստանի Հանրապետությանը»։ Հիշեցնենք, որ երեկ Կաթողիկոսը, պատասխանելով հարցին, թե շարունակո՞ւմ է պահանջել Փաշինյանի հրաժարականը, ասաց, որ իրենք հայրական հորդոր էին ուղղել, և հայրական հորդորը բնականաբար ժամանակով չի սահմանափակվում․ «Կատարվում են սխալ եւ անընդունելի արտահայտություններ Արցախի կարգավիճակի հետ առնչված: Ինչպես նաեւ մտահոգիչ է ազգային մեր կյանքում մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, անհանդուրժողության ոգին», - նշել էր նա։ Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
20:51 - 21 ապրիլի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է զոհված զինծառայողների ընտանիքներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է զոհված զինծառայողների ընտանիքներին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողների ընտանիքներին։ «Ցավով տեղեկացանք Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին սկսված փոխհրաձգության մասին, որի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ։ Մեր վշտակցությունն ենք բերում մեր հերոս զավակների ծնողներին ու հարազատներին՝ աղոթելով, որ Բարեգութն Աստված երկնային լուսեղեն Իր օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնի նրանց արդար հոգիները։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին՝ հայցելով Տիրոջ հովանին և զորակցությունը Հայոց բանակի հրամանատարներին և զինվորներին։ Հայրենյաց պաշտպան մեր քաջարի զավակների սխրանքները միշտ արիությամբ կոգեշնչեն մեր ժողովրդին՝ աննկուն ոգով անառիկ ու անվտանգ պահելու տերունապարգև մեր հայրենիքը և մեր անկախ պետականությունը։ Թող հավետ օրհնությամբ ապրի արդարների հիշատակը»,- ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցական խոսքում։ Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։ Ապրիլի 12-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
11:35 - 12 ապրիլի, 2023
Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններին

Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններին

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունը կարևորեց խորհրդարանական փոխայցելությունների միջոցով երկու երկրների բարեկամական կապերի առավել ամրապնդումը։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններին, Արցախի շրջափակմանը և հումանիտար ճգնաժամին, տակավին գերության մեջ պահվող հայորդիներին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Հայրապետը ողջունեց բարեկամ երկրների, խորհրդարանական և պետական գործիչների ու անհատների ջանքերը միջազգային ատյաններում արցախահայության աջակցության,ազատ և անկախ ապրելու իրավունքի պաշտպանության համար: Իր հերթին բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրն ընդգծեց, որ Հայաստանն ու Խորվաթիան, լինելով քրիստոնյա երկրներ, ունեն նույն արժեհամակարգը, ինչն էլ ավելի է ամրապնդում երկու երկրների բարեկամությունը։ Պատվիրակության ղեկավարը, իր մտահոգություններն արտահայտելով տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, Նորին Սրբությանը հավաստիացրեց, որ Խորվաթիան միջազգային ատյաններում միջոցներ կձեռնարկի գերիների վերադարձման, հայկական հոգևոր, մշակութային արժեքների պահպանման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ։
10:33 - 05 ապրիլի, 2023
Կաթողիկոսը ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Եկեղեցու մտահոգությունները «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ

Կաթողիկոսը ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Եկեղեցու մտահոգությունները «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը մարտի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ուղեկցությամբ փոխնախարար Արա Խզմալյանի։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։  «Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց նախարարի այցը Սուրբ Էջմիածին՝ պատեհ առիթ նկատելով այն՝ տեղեկանալու կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա խնդիրների ու ծրագրերի, ինչպես նաև պատմական սրբավայրերի, Սփյուռքում և Արցախում ազգային-հոգևոր ժառանգության պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Իր խոսքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը լուսաբանություններ տվեց տարբեր հարցերի առնչությամբ՝ պատրաստակամություն արտահայտելով փոխառնչված ոլորտներում Մայր Աթոռի հետ համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման և ի նպաստ զանազան խնդիրների կարգավորման ջանքերի ու հնարավորությունների մեկտեղման։ Տիկին Ժ․ Անդրեասյանը մասնավորապես անդրադարձ կատարեց պատմական վանքերի ու եկեղեցիների պահպանման ու վերականգնման հարցերին, Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, միջազգային հարթակներում իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքներին և տարվող քարոզչական աշխատանքներին։ Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը բարձրաձայնեց Եկեղեցու մտահոգությունները հանրակրթության պետական չափորոշչի, հատկապես «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ՝ հաստատելով, որ պետություն-Եկեղեցի երկարատև աշխատանքի արդյունքում ներդրված այս առարկայի նպատակն է մատաղ սերնդին ապահովել հայեցի դաստիարակություն, ձևավորել ազգային ինքնության գիտակցություն, կերտել արժեհամակարգ, որոնք գիտելիքի հետ մեկտեղ կարող են ամուր հիմը կազմել մեր ժողովրդի առաջընթաց, ապահով ու բարօր կյանքի։Այս իմաստով Նորին Սրբությունը նկատեց, որ Եկեղեցու ակնկալությունն է, որ վերսկսվեն ձևավորված կրթության համատեղ հանձնախմբի աշխատանքները և առարկայի պահպանման հարցում գտնվեն ընդունելի լուծումներ։Այս առնչությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց հանրակրթության պետական չափորոշչի կազմման մեթոդաբանությունը՝ կարևորելով դպրոցում արժեքային դաստիարակության բաղադրիչի պահպանումը, նաև ընդգծելով ազգային դպրոցի ձևավորման և կայացման գործում Հայոց Եկեղեցու մեծ ավանդը։ Քննարկվեցին նաև պատմական սրբավայրերի պահպանման ու վերականգնման խնդրում ընդհանուր սկզբունքներին և փոխհամաձայնեցված գործողություններին, Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում Արցախի մշակութային ժառանգության անխաթար պահպանությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվեց գործակցությունը նախարարության և Մայր Աթոռի Արցախի հոգևոր ժառանգության պահպանության գրասենյակի միջև, ինչպես նաև պատմական հուշարձանների պահպանության հարցերով համատեղ հանձնախմբի շրջանակներում։ Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելեց Վեհարանի թանգարան, նաև ծանոթացավ Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների ընթացքին»,- ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։
16:55 - 29 մարտի, 2023
Գերագույն Հոգևոր Խորհուրդի հայտարարությունը՝ Լաչինի միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ

Գերագույն Հոգևոր Խորհուրդի հայտարարությունը՝ Լաչինի միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ

Գերագույն Հոգևոր Խորհուրդը, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։ Այն ներկայացնում ենք ստորև. «Խորը ցավով ենք արձանագրում, որ արդեն 100-րդ օրն է, ինչ Ադրբեջանի իշխանությունները, հայատյաց քաղաքականության սաստկացող դրսևորումներով, արգելափակված են պահում Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի (Լաչինի) միջանցքը:  Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հայ բնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող ֆիզիկական ու հոգեբանական ճնշումները, բռնություններն ու ահաբեկչական գործողությունները առավել խորացնում են հումանիտար աղետալի իրավիճակը: Հակառակ Արցախում տեղակայված խաղաղապահ անձնակազմի ներդրած ջանքերի՝ ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունների հետևանքով ոտնահարվում են մարդկանց՝ երեխաների, կանանց և ծերերի կյանքի, բուժում ստանալու, տեղաշարժի և  հիմնարար մյուս իրավունքները: Բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի որոշումը Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակումը վերացնելու  վերաբերյալ: Ողջունում ենք Եվրոխորհրդարանի վեհաժողովի կոչը, որով Ադրբեջանի իշխանություններին հորդորվում է կյանքի կոչել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի որոշումը: Տարակուսանք ենք արտահայտում, որ հակառակ միջազգային հանրության, վերջինիս իրավասու և ազդեցիկ կառույցների կողմից ճանապարհը բացելու վերաբերյալ կտրական պահանջներին՝ առ այսօր արգելափակումը շարունակվում է: Հորդորում ենք ՄԱԿ-ի, Եվրոխորհրդարանի և Եվրոմիության պատկան կառույցներին,  պետությունների ղեկավարներին ու կրոնական առաջնորդներին հետևողական ջանքերով հասնել Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի վճռի կատարմանը, ցեղասպանական գործողությունների դատապարտմանը և Արցախի բնակչության անվտանգ ու բնականոն կյանքի ապահովմանը: Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի որոշման հանդեպ բացահայտ անհարգալից նման մոտեցման հանդուրժումը սաստկացնելու է  հումանիտար ճգնաժամը, նոր վտանգներ է ստեղծելու Արցախի ավելի քան 120.000 բնակչության կյանքի համար, ստեղծելու է միջազգային դատական ատյանների վճիռները կոպտորեն շրջանցելու աններելի նախադեպ, միաժամանակ խորը հուսախաբություն առաջացնելով միջազգային արդարադատության նկատմամբ: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, առաջնահերթություն ունենալով մարդկային կյանքերի փրկությունն ու անվտանգությունը, հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը՝ անկախություն հանուն փրկության ու անվտանգության սկզբունքով»։
13:11 - 21 մարտի, 2023