Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր՝ ընտրված «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին։ 1999 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետը։ 2002 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։ 2003 - 2004 թվականներին աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում, որպես ֆինանսական վերլուծաբան։ 2004 թվականին եղել է հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։

2004 - 2006 թվականներին աշխատել է «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, 2006 - 2008 թվականներին նույն պաշտոնը ստանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։ 2009 - 2017թթ. աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ։ 2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար։ 2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: 2018 թվականի փետրվարի 19-ին ԼՀԿ կառավարման խորհրդի նիստում ընտրվել է ԼՀԿ փոխնախագահ։

2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2018 թվականի հունիսի 12-ին, դեմ լինելով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, հրաժարական է ներկայացրել նախարարի պաշտոնից։ Հունիսի 21-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը և վերջինս շարունակել է պաշտոնավարել։ 2018 թվականի նոյեմբերի 14-ին հրաժարական է տվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: ԼՀԿ համապետական ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում: 

2020թ. դեկտեմբերի 2-ին նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար:

Որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին և Արցախի ժողովրդին ուժերիս ներածի չափով. Մանե Թանդիլյան

Որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին և Արցախի ժողովրդին ուժերիս ներածի չափով. Մանե Թանդիլյան

Որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին և Արցախի ժողովրդին ուժերիս ներածի չափով: Այս  մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը: «Ապրելու Արցախ Սիրելի հայ ժողովուրդ, Մեր երկիրն այսօր ապրում է մեր պատմության ամենածանր ժամանակներից մեկը։ Մեր ցավը խորն է ու ծանր, աներևակայելի՝ հերոս զինվորների ծնողների, հարազատների վիշտը․․․ Մեր հերոս տղաները իրենց կյանքը չեն խնայել Արցախի համար, ուրեմն՝ Արցախը պետք է ապրի, նաև մեր պարտքն է՝ ապրեցնել Արցախը։ Պատահածից հետո շատ դժվար է շարունակել ապրել, մտածել, ելքեր փնտրել, բայց պարտավոր ենք․․․ պարտավոր ենք վերականգնվել, վերաիմաստավորել արժեքներ, չհանձնվել ու չհրաժարվել ուժեղ, խելացի, հզոր Հայաստան ու Արցախ ունենալու երազանքից՝ վերածելով այդ երազանքը ամենօրյա չափելի գործողությունների և արդյունքի։ Այլապես, ի՛նչ իմաստ ունի մեր գոյությունը այսքանից հետո։ Մենք պարտվել ենք ճակատամարտը, պատերազմը սակայն դեռ չի ավարտվել։ Նոր ճակատամարտում մենք պետք է ապրենք, զարգանանք, հզորանանք՝ հանուն վերջնական հաղթանակի։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես նախկինում հայտնել եմ, ունեմ առողջական խնդիրներ, որի բուժման նպատակով հոկտեմբերին պետք է մեկնեի արտերկիր, սակայն պատերազմը շատերիս փոխարեն որոշումներ կայացրեց։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո այցելեցի Արցախ։ Ծանոթանալով ստեղծված իրավիճակին՝ ինձ պարզ դարձավ, որ ընդհատում եմ բուժումս և տեղափոխվում ապրելու Արցախ։ Պարզապես ապրելու․․․ Այդ ժամանակ իմ իսկ նախաձեռնությամբ հանդիպել եմ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, տեղեկացնելով, որ որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին և Արցախի ժողովրդին ուժերիս ներածի չափով։ Արցախի նախագահը ուրախ էր դա լսել և խնդրեց դիտարկել մի քանի հնարավորություն։ Այսօր արդեն Արցախում եմ և հետագա անելիքներիս մասին հնարավորություն կունենամ տեղեկացնելու։ Սակայն վստահ եմ՝ ինչպիսի ձևաչափով էլ լինի, ինչ կարգավիճակում էլ լինեմ, արդեն որոշել եմ իմ առաջիկա անելիքը՝ ապրել և ապրեցնել Արցախը հայերեն․․․ Խորին հարգանքով՝ Մանե Թանդիլյան
23:35 - 01 դեկտեմբերի, 2020
ԿԸՀ-ն Մանե Թանդիլյանի պատգամավորական մանդատը տրամադրեց Ստեփան Ստեփանյանին |armenpress.am|

ԿԸՀ-ն Մանե Թանդիլյանի պատգամավորական մանդատը տրամադրեց Ստեփան Ստեփանյանին |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովի պատգամավորական մանդատից հրաժարված Մանե Թանդիլյանի մանդատը տրամադրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 ընտրատարածքից առավելագույն ձայներ հավաքած հաջորդ թեկնածու Ստեփան Ստեփանյանին: Այս մասին արձանագրությունը կազմվեց ԿԸՀ օգոստոսի 26-ի նիստի ընթացքում: «Պատգամավորական մանդատից հրաժարված Մանե Թանդիլյանի մանդատը տրվում է ԼՀԿ թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ստեփան Սամվելի Ստեփանյանին»,- ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն օգոստոսի 14-ին հայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով թողնում է պատգամավորական ու ակտիվ քաղաքական գործունեությունը:  
18:28 - 26 օգոստոսի, 2020
Արարատ Միրզոյանի հայտարարությունը Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ

Արարատ Միրզոյանի հայտարարությունը Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումի հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանը օգոստոսի 14-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
20:12 - 14 օգոստոսի, 2020
ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը |tert.am|

ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը |tert.am|

tert.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի փոխարեն պատգամավորական մանդատը կվերցնի Ստեփան Ստեփանյանը։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։ Մանե Թանդիլյանը 2018 թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր էր ընտրվել մեծամասնական ընտրակարգով։ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող 4-րդ ընտրատարածքում Թանդիլյանը ստացել էր 3636 ձայն։ Նույն ընտրատարածքում նրանից հետո ամենից շատ ձայն հավաքած թեկնածուն Ստեփան Ստեփանյանն է՝ 828 քվե։ Մանե Թանդիլյանն այսօր գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ վայր է դնում մանդատը՝ առողջական խնդիրների պատճառով․ «Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ»,- գրել էր նա։
11:38 - 14 օգոստոսի, 2020
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ։  Շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստան»-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթում նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել և ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որևէ հիասթափության առիթ եմ տվել։ Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել իմ քաղաքական գործունեության ամենադժվարին պահերին, խրախուսել և քաջալերել են իրենց աջակցությամբ և բարի խոսքով։ Առանց ձեզ հնարավոր չէր լինի անել ոչինչ․․․ Շնորհակալությու՛ն և առողջությու՛ն բոլորիդ։Հարգանքով՝Մանե Թանդիլյան Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, սա իմ վերջին հայտարարությունն է այս թեմայով, խնդրում եմ նկատի ունենալ, որ այլ մեկնաբանություններ ԶԼՄ-ների համար չեն լինելու»։  
09:11 - 14 օգոստոսի, 2020
Չկա որևէ գույքային միավոր, որի բացարձակ արժեքով գույքահարկը չի ավելանում. Մանե Թանդիլյան |lragir.am|

Չկա որևէ գույքային միավոր, որի բացարձակ արժեքով գույքահարկը չի ավելանում. Մանե Թանդիլյան |lragir.am|

lragir.am: Նոր նախագծով գույաքահարկը բարձրանում է 3-4 անգամ, քանի որ մոտարկվում է շուկայական արժեքին, ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ «Եվ աներկբա է, որ չկա որևէ գույքային միավոր, որի բացարձակ արժեքով գույքահարկը չի ավելանում։ Բացարձակ արժեքով բոլորի գույքահարկն ավելանում է»,- հայտարարեց Մանե Թանդիլյանը։ Նրա խոսքով՝ 580 հազար նոր գույքային միավոր դառնում են հարկատու։ Սրանք այն գույքերն են, որոնց համար նախկինում գույքահարկ չէր վճարվում, քանի որ մինչև 3 մլն դրամ արժեք ունեն։ «Ասում եք՝ տեսանելի հարստություն են հարկում, այդ 3 մլն-ոց գո՞ւյքն է տեսանելի հարստություն։ Որտեղ է ձեր ասածի մեջ այդ տրամաբանությունը, որ որևէ սոցիալական բաղադրիչ հաշվի չեք առել։ Սա սոցիալական բաղադրիչ էր, որը վերացրել եք իսպառ։ Այս մարդկանց թվում կան նպաստառուներ, կենսաթոշակառուներ, մարդիկ, որոնց եկամուտը որևէ կերպ կապ չունի եկամտային հարկի տոկոսների հետ։ Բայց բոլորն անխտիր դառնում են գույքահարկ վճարողներ։ Ի՞նչ է ձեզ տալու, օրինակ, մի գյուղացու վճարած 140 դրամ հարկը։ Այո, 200 մլն-ից ավելի գույքը պետք է ավել հարկվի, բայց դրա հաշվին պարտադիր ու անպայման պետք է սահմանվի չհարկվող շեմ՝ մինչև 10 մլն դրամ առնվազն։ Եվ այստեղ ձեր եկամուտները չեն տուժի»,- նշեց Թանդիլյանը։ Իսկ միջին խավի դեպքում նա առաջարկեց երկու անգամ նվազեցնել գույքահարկի տոկոսը։
15:08 - 24 հունիսի, 2020
Ինչպե՞ս է ստացվում, որ ձեր փաստաթղթերը հայտնվում են իշխող ուժի գործիչների ֆեյսբուքյան պատերին. Թանդիլյան- Դավթյան հարցուպատասխան

Ինչպե՞ս է ստացվում, որ ձեր փաստաթղթերը հայտնվում են իշխող ուժի գործիչների ֆեյսբուքյան պատերին. Թանդիլյան- Դավթյան հարցուպատասխան

ՀՀ Ազգային ժողովն այսօր մեկնարկած քառօրյա նստաշրջանի առաջին նիստում քննարկում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, նրան քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու եւ կալանավորելու՝ գլխավոր դատախազի միջնորդագրերը։ Հարց-պատասխան փուլի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։  Մանե Թանդիլյան(հարց)․- Պարոն դատախազ, Ձեզ մի քանի հարց ունեմ։ Առաջին հարցս՝ ինձ հետաքրքրում է, թե արդյո՞ք Դուք այս ամբողջ գործի, խուզարկությունների շրջանակներում միայն 2017 թվականին  առերևույթ վերաբերող ընտրակաշառքի նյութեր եք գտել։ Չե՞ք գտել 2018 թվականի կամ մինչև այդ որևէ ընտրական ժամանակահատվածին վերաբերող որևէ նյութ, պատգամավորների կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ։ Բացառապես 2017 թվականի համար ե՞ք գտել։ Ինձ հետաքրքրում է նաև , թե արդյո՞ք դուք միայն այս քաղաքական ուժի՝ «Ծառուկյան դաշինիքի» մասով եք  ընտրակաշառքի փաստերի տիրապետում, երբևէ ոչ մի անգամ, ոչ մի պարագայում, օրինակ Հանրապետական կուսակցության ընտրակաշառքների ,մասին տեղեկություն, շտաբերում փաստացի բաժանվող ընտրակաշառքների ցուցակի տեղ չե՞ք իմացել, չե՞ք տիրապետում, չե՞ք գտել։ Դատախազ Արթուր Դավթյան(պատ)․ -Տիկին Թանդիլյան, փորձեմ իմ պատասխաններում որոշակի ուղղումներ իրականացնել Ձեր հարցադրումներում։ Մենք չենք փնտրում, կամ քրեական հետապնդման մարմինները չեն փնտրում որևէ քաղաքական ուժի կամ որևէ կոնկրետ ընտրության ընթացքում կատարված փաստաթղթեր։ Քրեական գործերը կամ քրեկան վարույթները ենթադրում են քրեադատավարական գործողություններ  և , երբ քրեադատավարական գործողությունների ընթացքում ձեռք են բերվում այս կամ այն դեպքի, այդ թվում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեղեկություններ, ոչ մի դեպքում անալիզ չի արվում, թե դա որ քաղաքական ուժին կամ որ ժամանակաշրջանին է վերաբերվում։ Ես իմ միջնորդագիրը հատուկ ծանրաբեռնել էի ՝ սկսելով այն քրեական գործից, որով տեղեկություններ էին հայտնաբերվել։ Եթե Դուք ծանոթ եք միջնորդագրին, տեսած կլինեք, որ բացարձակ ընտրակաշառքին չվերաբերող քրեական գործի քննության  ընթացքում պաշտոնական հանցագորոծւթյան գործող՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահին վերագրվող հանցագործության փաստով, արվել է խուզարկություն։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են այն փաստաթղթերը որոնց մասին ես բարձրաձայնեցի։ Եթե այդ կամ այլ որևէ գործով , այդ կամ այլ որևէ շինությունում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվի որևէ այլ քաղաքական ուժի, որևէ այլ ժամանակահատվածի ընտրությունների փաստաթղթեր, հավաստիացնում  եմ՝ այն կունենա բացարձակապես նույն ճակատագիրը։  Մանե Թանդիլյան․ -Պարոն դատախազ, ինչպե՞ս է ստացում , որ առերևույթ նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվում են իշխող քաղաքական ուժի պատգամավորների, նախարարների ֆեյսբուքյան էջի պատերին, կարծեք թե, մի տեղ թափված էր, իրենք գնացել են հավաքել և սա առաջին դեպքը չէ։ Արթուր Դավթյան․- Ասեմ ընթացակարգը՝ նախաքննության գաղտնիքի հրապարակման օրենսդրական կարգավորումը հետրևյալն է, որ վարույթ իրականացնող մարմինը ինքն է որոշում, թե ինչ ծավալով  տեղեկություն հրապարակի , բնականաբար գնահատելով ռիսկերը՝  նախաքննության արդյունավետության վրա հետագա բացասական ազդեցության։  Բոլոր այն դեպքերում, երբ նախաքննական մարմին պաշտոնապես  կորոշի այս կամ այն տեղեկությունը հրապարակել՝ դա վարույթ իրականացնող մարմնի իրավունքը, լիազորությունը, նույնիսկ պարտավորությունն  է՝ հանրությանը համապատասխան տեղեկատվություն տրամադրելու իր պարտավորությամբ։ Իսկ բոլոր այն դեպքերում, երբ իմ ասած աղբյուրենրից կամ իմ ասած խողովակից  զատ, այլ կերպ նախաքննթյան տվյալների արտահոսք կլինի , դա միանշանակ անընդունելի է, և յուրաքանչհուր նման դեպքով մեր հստակ պահանջը և հետևողականությունն է պարզել այդ փաստը, որովհետև մենք գործ ունենք հանցագործության հետ՝ քրեկան օրենսգիրքը , քրեկան պատասխանատվություն է նախատեսում նախաքննական գաղտնիքը օրենքով չնախատեսված եղանակով  հրապարակելու համար։ Մանե Թանդիլյանի արձագանքը․ -Այսինքն, Դուք ինձ պատասխանում եք, որ Դուք դիտավորությամբ, համարելով ոչ այնքան կարևոր նյութ կամ  ոչ  նախաքննական  գաղտնիք կարունակող նյութ արտահոսք եք կազմակերպել և տվյալները տրամադրել իշխող քաղաքական ուժին և համարել եք, որ դա նույնիսկ պետք է տրամադրել հանրությանը։ Ահա, ձեզ համար հասանելի հեշտ խողովակով դա հանրայնացրել եք։ Ես դա եմ լսում Ձեր պատասխանից, այնինչ դուք այդ փաստաթղթով եք եկել Ազգային ժողով և ներկայացնում եք  այդ փաստաթուղթը։ Հետևաբար ինքը, ըստ էության, պետք է որ դեռ ապացուցման ենթակա լինի։ Սա առաջինը, երկրորդը՝ դուք ասում եք, որ բացարձակ այլ գործով բացահայտել եք 2017 թվականի ընտրակաշառքի դեպքերը, հիմա բացարձակ այլ դեպքով, այլ տարիների ընտրակաշառքի  որևէ արձանագրում չե՞ք արել, Ձեր խուզարկության արդյունքում վերջին ընտրությունները չե՞ն եղել։Երբ ասում եք, որ ես չեմ հետաքրքրվում կամ չենք արձանագրում  հիշեցրեք ինձ ՝ 2017 թվականի մայիսի 12-ին ո՞վ էր դատախազը, երբ ես լայվով արձանագրում էի Արարատյան թաղամասում առերևույթ  ընտրակաշառքի   դեպք՝ Հարապետական կուսակցության շտաբից։ Այնտեղ մասնակցում էր այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ես լայվով արձանագրում էի ցուցակները, ընտրակաշառքի բաժանման դեպքերը , ո՞ւր էր այդ ժամանակ դատախազը։ Մի անգամ Ձեր մտքով անցե՞լ է ուսումնասիրել դրանք կամ , հարց տաք այդ մասնակիցներից որևէ մեկին, թե ուղղակի չկա՞ նման պահանջարակ կամ նման առաջադրանք։ Արթուր Դավթյանի պատասխանը Թանդիլյանի արձագանքին․ -Ձեր արած հետևությունները համարժեք չէին իմ խոսքերին։ Ես չեմ ասում, որ մենք հատուկ արտահոսք ենք արել , ես շատ հստակ ասեցի՝ վարույթ իրականացնող մարմինը ինքն է որոշում ինչ ծավալի տեղեկություններ է պարտավոր հանրությանը տեղեկացնել , մնացած այլ ճանապարհով արտահոսքը հանցագործություն է։ 2017 թվականին ես եմ եղել Գլխավոր դատախազը, աննախադեպ ծավալի քրեկան գործեր են քննվել։ Ձեր վկայակոչած դեպքը  բնականաբար չեմ կարող հիշել, բայց վստահորեն կարող եմ ասել, որ բացառված է, որ դրանով վարույթ հարուցված չլինի։ Դուք ԱԺ պատգամավոր եք և պետք է քաջ գիտակցեք ինչպես գլխավոր դատախազի այնպես էլ ընդհանրապես դատախազության գործառույթները։ Ձեր հարցի ենթատեքստը հասկանալով՝ դատախազը ապացույցներ գնահատող է, ինչպես տեղի է ունեցել այսօր։ Ապացույցները ձեռք է բերել  մինչդատական վարույթ իրականացնող մարմինը և այդ ապացույցների գնահատման արդյուքնում դատախազն եկել է այս հետևությանը, որ պահին որևէ միջդատական վարույթ իրականացնող մարմին դրան համապատասխան ապացույցներ ձեռք կբերի նույն ճակատագիրը կլինի ցանկացած պարագայում։ Հիշեցնենք, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագիրը պատգամավորների քննարկմանն է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
11:44 - 16 հունիսի, 2020
Պոլիկլինիկաների՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված բժիշկներին եւս սոցիալական երաշխիքներ կտրվեն |armtimes.com|

Պոլիկլինիկաների՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված բժիշկներին եւս սոցիալական երաշխիքներ կտրվեն |armtimes.com|

armtimes.com: Վարակի դեմ առաջամարտիկ բուժաշխատողներից շատերն այսօր աշխատում են մեկուսացված պայմաններում: Իհարկե, նրանք դա անում են իրենց մասնագիտական ու մարդկային հատկանիշներից ելնելով: Սակայն կառավարությո՞ւնն ինչ աջակցություն է ցուցաբերում բժիշկներին, ի՞նչ միջոցներ ու երաշխիքներ են տրամադրվում այն բուժաշխատողներին, որոնց Առողջապահության նախարարությունը հրավիրում է աշխատանքի. այս հարցերն այսօր ԱԺ արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն՝ առաջարկելով հստակ սոցիալական երաշխիքներ տրամադրել «էքստրեմալ պայմաններում աշխատող» բժիշկներին: «Այդպես էլ արվում է,- պատասխանեց վարչապետը,- այդ հարցը քննարկվել է մի քանի անգամ: Առայժմ պոլիկլինիկական համակարգում այդ հարցով վերջնական լուծում չունենք, բայց դա էլ առաջիկայում պատշաճ լուծում կստանա, որովհետեւ պոլիկլինիկաները նոր են ներգրավվել պրոցեսի մեջ եւ այդ համակարգում որոշակի ճշգրտումների կարիք կա: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հիվանդանոցային ծառայություններ մատուցող բժիշկներին, ամեն ինչ հենց այդպես էլ արվում է»: «Ես խոսում եմ այն մասին, որ մենք հստակ ծրագիր ունենանք սոցիալական երաշխիքի, եւ ամսական հստակ նշված միջոցներ տրամադրելու տեսքով: Սա արդեն կհնչի՝ որպես սոցիալական երաշխիքի փաթեթ: Ոչ թե մենք տեղային տարբեր ձեւերով այդ հարցերին անդրադառնանք, լուծում տանք: Կարծում եմ՝ նման կարգավորման անհրաժեշտություն կա»,- արձագանքեց Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ իրենց հետ զրույցներում այդ խնդիրն են բարձրացրել նաեւ բժիշկներ: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 
15:50 - 12 հունիսի, 2020
Փոխքաղաքապետը մանրամասներ ներկայացրեց Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխման ծրագրից |armenpress.am|

Փոխքաղաքապետը մանրամասներ ներկայացրեց Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխման ծրագրից |armenpress.am|

armenpress.am: Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում մանրամասներ ներկայացրեց մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի բարեփոխման ծրագրից: Այս խնդրին Սարգսյանն անդրադարձավ խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի հարցին ի պատասխան: «Տրանսպորտի բարեփոխումների ծրագրի ընդհանուր բյուջեն 100 մլն եվրոյից անցնում է: Այժմ իրականացվում է 100 մլն բյուջետային միջոցների ներգրավման հարցը: Բնականաբար, 60-70 մլն սեփական մուտքեր ունեցող քաղաքը չի կարող ինքնուրույն իրականացնել այդ ծրագիրը»,- ասաց փոխքաղաքապետը: Հայկ Սարգսյանը նշեց, որ բազմաթիվ բանակցություններ ու քննարկումներ են եղել միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև նախորդ տարի Երևանի քաղաքապետարանը ավտոբուսների գնման մրցույթ է հայտարարել: «Այս պահին մենք ունենք արդեն 100 միավոր 12 մետրանոց ավտոբուսների գնման մրցույթ, որի արդյունքում կունենանք ավտոբուսների շարժակազմի համալրման առաջին խմբաքանակը»,- նշեց Սարգսյանը:
16:40 - 10 հունիսի, 2020
«Լուսավոր Հայաստանն» այն ուժն է լինելու, որ լինելու է հաջորդ իշխանությունը․ Մանե Թանդիլյան

«Լուսավոր Հայաստանն» այն ուժն է լինելու, որ լինելու է հաջորդ իշխանությունը․ Մանե Թանդիլյան

«Լուսավոր Հայաստանի» համար « Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի  կողմից հնչած հայտարարություններում  որևէ նոր թեզ, որևէ նորություն չկար, որի մասին «Լուսավոր Հայաստանը» չի խոսել: Այս մասին, այսօր՝  Ազգային ժողովում  լրագրողների հետ զրույցում ասաց   «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․ «Երբ ԱԺ-ում մեզ վրա հարձակում տեղի ունեցավ, քաղաքական մշակույթը տապալվեց, մենք հայտարարել ենք, որ «Լուսավոր Հայաստանն» այն ուժն է լինելու, որ լինելու է հաջորդ իշխանությունը: Հետևաբար,  նաև կոնսոլիդացիայի կենտրոնը ԼՀԿ-ն: Մենք այն ուժն ենք, որին չես կարող որևէ կերպ ահաբեկել, վախեցնել քրեական գործերով, ապօրինի գույքով, թալանով, կաշառքով, կոռուպցիայի տարբեր դրսևորումներով : Փորձեցին տարբեր ձևերով , բամբասանքի մակարդակով խոսել ինչ-որ կապերի մասին, որը զավեշտալի է, և խոսում է տվյալ անձի որակի մասին, երբ հնչեցնում է փեսայական կապերի մասին: Սա ուղղակի անթույլատրելի է: Ես այստեղ տեսնում եմ քաղաքական ուժի գործիքակազմ, որ երբ որևէ մեկը քննադատում է իրենց իշխանությունը, ապա կարելի է օգտագործել տարբեր գործիքակազմ, այդ թվում նաև մինչ այդ խոշոր սեփականատեր հայտարարածից վերածել քրեական հանցագործի: Սպառնալու միջոցով նման քաղաքական օրակարգերին արձագանքելը ուղղակի չգիտեմ՝ ինչ աղերս ունի նոր Հայաստանի հետ: Մենք դա տեսել ենք, դիմակայել ենք և շատ դժվարություններ ենք տեսել: «Լուսավոր Հայաստանը» առողջ և կարող ուժերի կոնսոլիդացման կենտրոն կարող է լինել»,-ասաց պատգամավորը : Թանդիլյանը նշեց, որ իրենց իրենց համար սևեր և սպիտակներ չկան։  Պագամավորի խոսքով՝ Հայաստանը չի կարող վատնել որևէ լավ, կարող ռեսուրս։  Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի հայտարարությանը, թե կառավարությունը պետք է 100 տոկոսով հեռանա և կոչին՝ միավորվելու, Մանե Թանդիլյանն ասաց. «Ես նախ չգիտեմ, թե ինչ նկատի ունի պարոն Ծառուկյանը, երբ ասում է կառավարությունը պետք է 100 տոկոսով հեռանա: Կարծում են՝ նախ պետք է նա մեկնաբանի, թե ինչ նկատի ունի: Նա արձանագրեց իրավիճակին, որը մենք բազմիցս ենք արձանագրել: Մենք նոր օրակարգ չենք լսել: «Լուսավոր Հայաստանն» ունի իր օրակարգը, որով շարժվում է՝ հրաժարականների պահանջներ և այլն։Համագործակցելիս սև ու սպիտակի խնդիր չենք դրել և չենք դնելու»:  
14:53 - 08 հունիսի, 2020
Կառավարությունը տոտալ հապաղման, դանդաղկոտության, անգործության ձևաչափի մեջ է ․ քաղաքական պատասխանատվությունից ոչ-ոք չի կարող խուսափել․ Մանե Թանդիլյան

Կառավարությունը տոտալ հապաղման, դանդաղկոտության, անգործության ձևաչափի մեջ է ․ քաղաքական պատասխանատվությունից ոչ-ոք չի կարող խուսափել․ Մանե Թանդիլյան

Տարբեր բաներ ենք քննարկել, հնարավորություն ենք ունեցել դա անել Վանաձորում, որովհետև պայմանները, սոցիալական հեռավորություն պահելու կանոնները կարողացել ենք այնտեղ պատշաճ մակարդակի կազմակերպել։ Վանաձորում տեղի ունեցած ԼՀԿ նիստի մասին ասաց պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ քննարկման առարկաները եղել են տարբեր՝ այն քաղաքական օրակարգերը, որոնց հետամուտ է լինում  «Լուսավոր Հայաստանը»։ «Այդ թվում նաև քննարկվել է  համավարակի դեմ պայքարը որպես առաջնահերթություն այսօրվա քաղաքական օրակարգում դիտարկելը  և այն ճանապարհային քարտեզը, որով պատրաստվում ենք քաղաքական պատասխանատվության ենթարկել բոլոր այն պատասխանատուներին,  ովքեր ձախողել են  համավարակի դեմ պայքարը և , որի արդյունքում ունենք այն պատկերը և մարդկային կորուստները, որն այսօր արձանագրում ենք։  Դա ցավալի է, մենք նորից ենք ասում, որ կառավարության գործողությունների կամ անգործության արդյունք է սա, բայց և այնպես նրանք պետք է կարողանան հաղթահարել համավարակը, որ նոր մենք կարողանանք քննարկել  այլ առաջնահերթություններ, որպես քաղաքական օրակարգ։ Բոլորս գիտենք, որ առաջին դեպքն արձանագրվել է մարտի 1-ին, գիտենք, որ  մարտի 13-ին նոր հայտարարվեց արտակարգ դրություն, հետևաբար, այո՛ այդ ընթացքում շարունակվում էին հանրաքվեի քարոզչություն անել։ Այստեղ շատ արդիական է նշել, որ փետրվարի վերջին, երբ ամբողջ աշխարհը խոսում էր պանդեմիայի մասին, ԱՀԿ-ն արդեն պանդեմիա էր հայտարարում, Հայաստանում դեռ ձեռք էին առնում այդ համավարակին։ Այստեղ է, որ իմ զայրույթն է առաջանում կառավարության գործողությունների հանդեպ, որ անլրջությունը սերմանվեց, հիմա չենք կարողանում մեր քաղաքացիներին համոզել, որ սա լրջագույն խնդիր է՝  կրեն դիմակները, ախտահանիչ միջոցներ օգտագործեն, պահեն սոցիալական հեռավորությունը և դադարեն այդ հարցը տալ՝ արդյո՞ք սա օգնում է։ Չի օգնում ՝ նվազեցնում է, սիրելի հայրենակիցներ կլինի՞ այդ հարցի շուրջ մտածենք դիմակները կրելով։ Այսօր տրված է այս լուծումը, կլինի դա քննարկենք հետագայում այլ ձևաչափով, բայց պահպանենք այդ կանոններ։ Ես ուղղակի խնդրում եմ  մեր հայրենակիցներին լուրջ վերաբերվել իրավիճակին, ավելի լուրջ, քան  կառավարությունն է վերաբերվել»։ Թանդիլյանը նշեց, որ այսօր  տեսանելի է  նաև կառավարության անհանգստությունը, որը տեղին է  և այդ անհանգստությանը   պետք է պատշաճ արձագանքել՝ դիմակներ կրելով և կանոնները պահպանելով։ «Փետրվարի վերջին մենք ասում էինք՝ փակեք սահմանը Իրանի հետ, դադարեցրեք Միլանի չվերթները, բայց ասում էին՝ մեր եղբայրական Իրանի հետ ուզում եք հարաբերությունները փչացնել, այո՛, պետք էր եղբայրական Իրանին բացատրել, բանակցել, թե ինչու պետք է ավելի շուտ փակենք սահմանը։ Այս գործողությունների հապաղումը ցույց է տալիս դանդաղկոտության, անգործության հետևանքը։ Սա համավարակի պայմաններում շատ տեսանելի դարձավ։ Այսօր կառավորությունը տոտալ հապաղման, դանդաղկոտության և որոշ դեպքերում անգործության ձևաչափի մեջ է , ուղղակի, ցավոք սրտի,  դա ակնհայտ դարձավ համավարակի պայմաններում և արժեցավ կյանքեր։ Մնացած առումներով, մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ օր առաջ հաղթահարվի այս համավարակը, իսկ դրանից հետո քաղաքական պատասխանատվությունից որևէ մեկը չի խուսափի։ Անդրադառնալով այն տեղեկությանը, որ երեկ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը  խախտել էր կանոնները և հարսանիք կազմապերպել, պատգամավորն ասաց, որ  իրեն չի հետաքրքրում այն, որ գլխավոր շտաբի պետը չի պահպանում կանոնները։ «Ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները ավելի լուրջ, գիտակից, ողջամիտ լինեն, քան կառավարությունն է»։   Խոսելով Արսեն Թորոսյանի  ֆեյսբուքյան  գրառմումների  մասին,  Թանդիլյանն ասաց ․ «Ես որևէ կերպ չեմ պատրաստվում մեկնաբանել Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան ստատուսները, մի բան է պետք նա անի՝ դադարի մրցել ցինիզմով և  մեծամտությամբ բոլորի հետ ու հաղթել էդ պայքարում։ Ես նորից նշեցի խրոնալոգիան, թե ինչպես , ինչ և երբ է «Լուսավոր Հայաստանը» առաջարկել։ Եթե մինչև առաջին վարակակրի հաստատումը կատարվեին բոլոր անհրաժեշտ միջոցառումները միգուցե արտակարգ դրության անհրաժեշտություն էլ չլիներ։ Այդ բանի մասին մտածե՞լ է Արսեն Թորոսյանը»,- ասաց Թանդիլյանը։
13:25 - 08 հունիսի, 2020
Թույլ տվեք արձանագրել, որ  կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը ուղղակիորեն  ձախողել է․ Մանե Թանդիլյան

Թույլ տվեք արձանագրել, որ  կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը ուղղակիորեն  ձախողել է․ Մանե Թանդիլյան

Նախ, թույլ տվեք արձանագրել, որ  կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը ուղղակիորեն  ձախողել է։ Այլ բառով դա նկարագրել չի լինի։ Ինչո՞ւ, որովհետև ցանկացած միջոցառում պետք էր անել պատեհաժամ, ճիշտ այն պահին, երբ դրա կարիքը կար, որովհետև սա այն հանգամանքն է, որ  անգամ մեկ օր ուշացումը կարող է լինել ճակատագրական և այդպես էլ եղավ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ «Այն միջացռումները, որոնց մասին խոսում է կառավարությունը, Առողջապահության նախարարությունը, վարչապետը  պետք էր անել ավելի վաղ, ճիշտ ժամանակին, ճիշտ ձևաչափերով։ Հետևաբար, կորոնավիրուսի նկատմամաբ անլուրջ վերաբերմունքը տարածվեց ժողովրդի մեջ, իսկ  հիմա ուզում եմ ասել, որ այդ վերաբերմունքը կառավարությունից է եկել և տարածվել հասարակության մեջ։ Ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները ավելի խոհեմ կլինեն, քան կառավարությունը, որը ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը, իսկ հիմա ակնհայտ է, որ խուճապի մեջ է։ Այս պահին արդեն, մենք  պետք է դիմենք ժողովդրին, այո՛, միգուցե դիմակ կրելը հարմար չէ, ամեն պահի ձեռքերը  ախտահանել և նման բոլոր միջոցառումները, միգուցե դրանք ամբողջովին չեն ապահովում, բայց առնվազն նվազեցնում են վարակվելու հավանականությունը։ Եթե մենք դրանք էլ չանենք ավելի սարսափելի պատկեր կունենանք։ Հետևաբար, մեր սիրելի քաղաքացիները իսկապես պետք է իմանան, որ խոսքը հենց իրենց, հենց իրենց երեխայի, ծնողի մասին է և ավելի լուրջ վերաբերվեն, քան կառավարությունը։ Հիմա ես տեսնում եմ կառավարության անհանգստությունը,  բայց չեմ կարող արդարացնել ժամանակին դա չանելու համար»,- հավելեց Թանդիլյանը։  Անդրադառնալով վարչապետի կողմից իրականացվող «ֆլեշմոբին»  և այն հարցին, թե արդյո՞ք ոստիկանությունը, պատասխանատու մարմինները չպետք է հետևեր այդ կուտակումներին, միջոցառումներին ՝ Թանդիլյանը պատասխանեց․ «Երբ կա կարգադրություն, ապա դրա կիրառման, կատարման համար պատասխանատու է կառավարությունը։ Այո՛, հեշտ չէ, իսկ ով է ասել, որ հեշտ էր լինելու, ով էր ասել, որ հայտարարություն անեն, բոլորը անմիջապես ամեն ինչ անելու է։  Դա բնական է, ամեն ինչ չպետք է գցել քաղաքացիների վրա։ Այո, պետք է բարձրացնել քաղաքացիների պատասխանատվությունը, տարբեր մեթոդներով։  Այս պահին պատասխանատվությունը միայն քաղաքացիների վրա թողնելը անկարելի է և սեփական անկարողության ցուցադրում է։ Այս պարագայում, ով որոշում է կայացրել  պետք է ապահովի դրա կատարումը ։ Խոսվում է կարի ֆաբրիկայի մասին, ես հարց եմ բարձրացնում, տեղյա՞կ է արդյոք կառավարությունը, որ բավականաչափ քանակի ավտոբուսներ չկան այդ քաղաքում։ Հետաքրքրվո՞ւմ են այդ հարցերով, թե՞ միայն պարտադրելով է, որ պահեք հեռավորությունը։ Այլ հարց է պահպանել են, թե ոչ, բայց երբ մենք միջոցներ ենք պարտադրում, մենք տեղյա՞կ ենք, թե արդյոք հնարավո՞ր է դրա կիրառությունը, թե՞ ոչ և այդ կիրառումն ապահովելու մեխանիզմներ ունե՞նք, թե՞ ոչ։ Սա է խնդիրը , և ես տեսնում եմ այստեղ կառավարության անկարողությունը»։ Հարցին, թե արյդո՞ք անվստահության մթնոլորտ կա կառավարության և առողջապահության նախարարության նկատմամբ պատգամավորը ընդգծեց, որ միայն այն հանգամանքը, որ քաղաքացիները չեն հետևում ցուցումներին, դա արդեն անվստահություն է առողջապահության նախարարի  նկատմամբ։   «Ես ցավով եմ դա ասում, բայց վստահությունը մեկ անգամ, երբ խաթարում ես շատ դժվար է լինում վերականգնել։ Այն վերաբերմունքը, որ նա ուներ վիրուսի նկատմամբ շատ քաղաքացիներ այլևս չեն կարողանում հաղթահարել և լուրջ ընդունել նրա հայտարարությունները։   Ոչ ոք չէր սպասում, որ արտակարգ դրություն կլինի , բայց այստեղ առաջ է գալիս կառավարության ունակությունն ու կարողությունը։ Ժողովուրդը ականատես է լինում, որ  ծանր վիճակում, արտակարգ դրության պայմաններում կառավարությունը ունակ չէ պաշտպանելու իր ժողովրդին և աստիճանաբար այդ պատասխանատվությունը օտարում է իրենից։ Պետք է մի կողմ դնել ամբարտավանությունը և հետևել միջազգային փորձին»,- հավելեց Թանդիլյանը։ 
12:30 - 03 հունիսի, 2020
Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և նույն խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Աշոտ Ղուլյանը ողջունել է պատգամավորների հերթական այցը Արցախ և շնորհավորել մայիսյան եռատոնի կապակցությամբ: Խոսելով երկու խորհրդարանների համագործակցության մասին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել այն և համոզմունք հայտնել, որ Արցախի Հանրապետության 7-րդ գումարման խորհրդարանի հետ այդ կապերն ավելի կխորանան՝ հատկապես խմբակցությունների և մշտական հանձնաժողովների մակարդակում: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, գոհունակություն է հայտնել Արցախի խորհրդարանի հետ այս տարիներին ձևավորված համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել՝ ստեղծված հարաբերությունները շարունակել զարգացնել և հասցնել նոր մակարդակի: Էդմոն Մարուքյանը նաև բարձր է գնահատել ԱՀ ԱԺ նախագահի դերը՝ Արցախում ժողովրդավարության կայացման և միջխորհրդարանական կապերի զարգացման գործընթացներում: Մանե Թանդիլյանը ևս ընդգծել է երկու խորհրդարանների միջև համագործակցության բարձր մակարդակը և Արցախի հարցում համահայկական միասնականության ամրապնդման կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայկական երկու հանրապետություններում COVID-19-ի հասցրած վնասների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
14:21 - 11 մայիսի, 2020
Նախարարությունից ընտանիքներին կոչ են անում սպասել բազաների թարմացմանը․  Մանե Թանդիլյան

Նախարարությունից ընտանիքներին կոչ են անում սպասել բազաների թարմացմանը․ Մանե Թանդիլյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը այսօր անդրադարձավ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի թերացումներին։ Թանդիլյանը նշեց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման աջակցության ծրագրերի վերաբերյալ ահազանգեր է ստացել հարյուրավոր քաղաքացիների կողմից։  «Կառավարության կողմից սահմանվել է, որ հունվարի 1-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցված աշխատող լինելու հանգամանքը նախապայման է։ Այնինչ ունենք դեպքեր, երբ մարդիկ գրանցվել են օրինակ հունվարի 10-ին կամ ԱՁ են գրանցել հունվարի 11-ին, շատ պարզ պատճառով, որովհետև հունվարի մեկը ոչ աշխատանքային օր է։ Ինչու ենք մենք սահմանել ժամկետներ և դուրս թողել տնտեսվարողների, ովքեր ուղղակի շահառու են հանդիսանում իրենց բնույթով և ակնկալիք են ունեցել, որ մինչև կորոնավիրուսի հայտվելը կարող են տնտեսական գործունեություն ծավալել։ Հետևաբար, այս թվերը պետք է վերանայել»․- ասաց Թանդիլյանը։ Վերջին իր խոսքում անդրադարձավ նաև հանրային սննդի ոլորտի տեղական տուրքերին, նշելով, որ դրանք շարունակում են վճարվել, չնայած այն հանգամանքին, որ տնտեսվարողները գործունեություն չեն ծավալել։ Տուրքերը ֆիքսված գումարներ են,և այս խնդիրը նույնպես պետք է վերանայել։  «8-րդ ծրագրի շահառուների  շրջանակը թև ավելացել է, սակայն շատ ոլորտներ շարունակում են դուրս մնալ այս ծրագրից, սա նույնպես վերանայման կարիք ունի։ 9-րդ ծրագրով մինչև այսօր առկա են քաղաքացիների դիմումների մերժման հետևյալ հիմքերը․ դիմումը  մերժվում է, քանի որ բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չի գտնվել, այնինչ ակնհայտ է , որ մարդը հաշվառված է։ Մուտքագրումն արված է ստույգ, ինչպես նախարարության աշխատակիցներն են նշում՝ «բոլոր պրաբելները պահպանելով», սակայն քաղաքացու տվյալները չեն գտնվում։ Դիմումը  մերժվում է, քանի որ նշվում է, որ քաղաքացին գրանցված աշխատող է, այնինչ նա պնդում է, որ գրանցված աշխատող չի եղել։ Դիմումը մերժվում է, քանի որ ընտանիքը  հաշվառված է սոցիալական անապահովության համակարգում, այս համակարգը ունի լրջագույն խնդիրներ, ընտանիքը երբեք նպաստ չի ստացել»,- ստացած ահազանգերի վերաբերյալ ասաց պատգամավորը։ Թանդիլյանը հավելեց, որ ընտանիքները սպասում են և չգիտեն ինչ անել։ Նախարարությունից հորդորում են սպասել բազաների թարմացմանը, բայց չգիդեն, թե դա երբ կլինի։ «Մի կողմից քաղաքացիները ստանում են հաղորդագրություններ գնում են բանկ և պարզվում է, որ գումարները չկան։ Մյուս կողմից հաղորդագրություն չեն ստանում, բայց պատահաբար բանկ են այցելում և տեսնում, որ  իրենց գումարներն այնտեղ են, այնինչ որոշ ժամանակ այդ գումարներին տիրություն չանելու դեպքում գումարը հետ է գնում պետական բյուջե»,-եզրափակեց Թանդիլյանը։  
17:38 - 05 մայիսի, 2020