Վայոց ձորի մարզ

Վայոց ձորը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի կենտրոնական մասում։ Սահմանակից է հյուսիսում Գեղարքունիքի, հյուսիս-արեւելքում՝ Արարատի, հարավում՝ Սյունիքի մարզերին, արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին, արեւմուտքում՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը:

Մարզկենտրոնը` քաղաք Եղեգնաձորն է։ Բնակչության թիվն ըստ Վայոց ձորի մարզի բնակչության ռեգիստրի` (01.01.2019 թվականի դրությամբ)  60663 է։Բնակավայրերի թիվը` 55, որից քաղաքային` 3, գյուղական` 52։

ԱԳ նախարարի գլխավորությամբ դիվանագետները քննարկել են ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծմանը և Լաչինի միջանցքի արգելափակմանն առնչվող հարցեր

ԱԳ նախարարի գլխավորությամբ դիվանագետները քննարկել են ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծմանը և Լաչինի միջանցքի արգելափակմանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 20-21-ը Ջերմուկում ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումը: Դեկտեմբերի 20-ին միջոցառման մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, առկա մարտահրավերներին և դրանց դիմագրավելու հնարավորություններին, խոսել առկա պայմաններում դիվանագետներից ունեցած ակնկալիքների մասին: Նիկոլ Փաշինյանը նաև պատասխանել է ներկաների հարցերին: Հաջորդիվ, նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ բարձրաստիճան դիվանագետները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման, սահմանային անվտանգության ու սահմանազատման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների մանրամասները, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին վերաբերող այլ հարցեր: ՀՀ ԱԳ նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ հետագա աշխատանքների վերաբերյալ:
14:09 - 23 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված Ջերմուկի ճոպանուղին դեկտեմբերի 22-ից կվերսկսի աշխատանքը
 |armenpress.am|

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված Ջերմուկի ճոպանուղին դեկտեմբերի 22-ից կվերսկսի աշխատանքը |armenpress.am|

armenpress.am: Ջերմուկի ճոպանուղին, որը լրջորեն վնասվել էր սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով,  վերականգնվել է և տոն օրերին ամբողջությամբ պատրաստ կլինի դիմավորել և սպասարկել  բոլոր այցելուներին:  Ջերմուկի ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը նշեց, որ ճոպանուղին հնարավորինս վերականգնել են, և դեկտեմբերի 22-ից լիարժեք կսկսեն աշխատել: «Ընդհանուր տեխնիկական վերականգնողական աշխատանքները ավարտել ենք, և տոն օրերին ամբողջությամբ պատրաստ կլինենք: Որոշ թերություններ կան, քանի որ Ջերմուկում ամենաշատ արկեր ընկել են հենց ճոպանուղու տարածքում, սակայն այդ թերություններն արդեն գարնանը կշտկենք: Վնասվել էին նաև հարակից սրճարանները և ժամանցի վայրերը, որոնք նույնպես վերականգնվել են»,-ասաց ճոպանուղու տնօրենը:  Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին  տեղակալ Վարդան Սարգսյանն ասաց, որ սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով Ջերմուկում հրետակոծվել էր  մեկ առողջարան, ինչի հետևանքով վնասվել էին տանիքը, պատուհաններն ու պատերը: «Առողջարանի պատուհանները վերականգնել են, պատերի վերականգնումը ընթացքի մեջ է, իսկ  տանիքը ժամանակավոր վերականգնվել է. մյուս տարի հիմնական աշխատանքը կարվի: Ունեինք նաև վնասված փոքր  հյուրատներ, որոնք ստացել են ֆինանսական աջակցություն, ինչպես նաև իրենք իրենց միջոցներով իրականացրել են վերականգնողական աշխատանքներ: Որոշ աշխատանքներ ամբողջությամբ են իրականացվել, որոշները ընթացքի մեջ են, իսկ մի մասն էլ ավելի տաք եղանակներին կարվեն»,- ասաց Վարդան Սարգսյանը: Անդրադառնալով այցելուների և զբոսաշրջիկների թվին՝  նա ընդգծեց, որ վերականգնման փուլը համընկել է զբոսաշրջային  ցածր սեզոնի հետ, բայց անցած տարվա  այս օրերի համեմատ, այցելուների թիվը ավելի պակաս է, իսկ նոր տարին Ջերմուկում դիմավորել ցանկացողների թիվը դեռ հնարավոր չէ հստակ նշել:   ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանն ընդգծեց, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից սկիզբ առած ադրբեջանական ռազմական ագրեսիան իր զգալի բացասական ազդեցությունն է ունեցել զբոսաշրջության ոլորտի վրա, մասնավորապես՝ զբոսաշրջային հոսքերի դադարեցումը կամ կտրուկ նվազումը ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզեր առաջացրել են բազմաթիվ խնդիրներ տեղում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտներ շահագործող անձանց գործունեության համար: «30-ից ավել հյուրանոցային տնտեսության օբյեկտ շահագործող անձանցից ստացվել է նախապես կատարված ամրագրումների չեղարկումների և կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն։ Զբոսաշրջիկներ ներգրավելու գործընթացում Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտներ շահագործող տնտեսավարողներին աջակցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել և ՀՀ շահագրգիռ պետական մարմիններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց ձորի մարզերում զբոսաշրջության խթանման միջոցառումը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Նախագիծը շահագրգիռ մարմիններից ստացված կարծիքների հիման վրա կլրամշակվի և սահմանված կարգով կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ»,-ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալը։ Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ ներկայումս շրջանառվող նախագիծը վերոգրյալ մարզերում զբոսաշրջային հոսքերի ակտիվացման համար կարևոր նշանակություն կունենա, այնուամենայնիվ, ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում զբոսաշրջային հոսքերը խթանելու և ծառայություններ մատուցող անձանց աջակցելու նպատակով հնարավոր լրացուցիչ միջոցառումները, ինչպես օրինակ՝ տեղական մեդիա դաշտի միջոցով իրականացվող ռեպորտաժների, հաղորդումների, տեսանյութերի հեռարձակումներով, բնակիչների հետ անմիջական շփման մեթոդով անվտանգության բաղադրիչների ներկայացումը, հավելյալ խթան կհանդիսանան նաև ներքին զբոսաշրջային հոսքերի աճի համար։  Սուսաննա Հակոբյանն ընդգծեց, որ թե ՀՀ քաղաքացիները, թե զբոսաշրջիկները կարող են իրենց հանգիստը անցկացնել Վայոց Ձորում և Սյունիքում, քանի որ հյուրանոցային տնտեսության օբյեկտները աշխատում են իրենց բնականոն ռեժիմով՝ չնայած նրանց առջև ծառացած խնդիրներին:
12:03 - 20 դեկտեմբերի, 2022
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 6 մարզում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 6 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Բաբաջանյան փ. 35 և Անդրանիկի փ. 84 շենքեր, 11:00-17:00 Կոմիտասի պող. 45/1, 47/1, 49 շենքեր, Այգեստան 9 փողոց 13-19 առանձնատներ, Այգեստան 11 փողոց 56-143 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, սեփականատերեր՝ «Գ․Հայրապետյան», «Ա․Մարգարյան», «Ա․Քեռյան», «Է․Ճարոյան», «Կ․Պողոսյան», «Ե․Եղիշյան», «Վ․Բեյրության» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ֆորմատ-Ավտոմոնտաժ» ՍՊԸ, «Ջրային Կառույցներ», «Իմիջ Մ․Գ․» ՍՊԸ, «Լուգանսկ» ՍՊԸ, «Սաունթրեյդ» ՍՊԸ, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ, «Ռան-Օյլ» ՍՊԸ, «Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊԸ, «Էգա» ՍՊԸ, Բագրատունյաց պող․ 7 շենք, Արտաշիսյան փ․ 41 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի` 10:00-12:00 Մասիս քաղաք` Կայարան և 2-րդ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի գյուղեր, Սայաթ-Նովա գյուղ մասնակի, 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Գայի, Գոլեցյան, Շահումյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Վայոց ձորի մարզի՝ 11:00-15:00 Մալիշկա գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-14։00 Բջնի համայնք, Բջնիի ամառանոցներ, «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա», «Վիվա-ՄՏՍ» բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Կամարիս գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզի՝ 12։00–16:00 Մարտունի համայնք՝ Երևանյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14։00-16։00 Գեղամավան, Ծաղկունք, գյուղերն ամբողջությամբ, Ծաղկունքի ոռոգման պոմպ, «Պահուստ» ՊՈԱԿ, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվ, «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ, «Ագրոսպասարկում» ՓԲԸ, «ԴԻ-ՎԻ-Էյչ» և «Արթ Գա» ՍՊԸ-ներ, «Կարեն Աղաջանյան» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի մարզի՝ 12:00-14:00 Դիլիջան քաղաք`Պարզ լճի փողոց, Թբիլիսյան խճուղի մասնակի, Թեղուտ գյուղ, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Փոքր Սեպասար գյուղի 1-ին փողոց, 10:00-16:00 Անիի տարածաշրջան՝ Ձորակապ գյուղի 1-ին և 2-րդ փողոցներ մասնակի, Ամասիայի տարածաշրջանէ Ամասիա գյուղի 25-րդ, 26-րդ և 28-րդ փողոցներ մասնակի:
11:20 - 19 նոյեմբերի, 2022
ՊՆ-ն չի պարզաբանում Ջերմուկ ներթափանցած խմբի վերաբերյալ ԳՇ պետի եւ Վայոց ձորի մարզպետի հայտարարությունների հակասությունը

ՊՆ-ն չի պարզաբանում Ջերմուկ ներթափանցած խմբի վերաբերյալ ԳՇ պետի եւ Վայոց ձորի մարզպետի հայտարարությունների հակասությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է պարզաբանել Ջերմուկ ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի եւ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հայտարարությունների միջեւ եղած հակասությունը։ Բանն այն  է, որ այս տարվա հոկտեմբերի 31-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, խոսելով ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած խմբերի մասին, ասել է, որ համապատասխան փոխհրաձգության արդյունքում հակառակորդի ստորաբաժանումները, տալով համապատասխան կորուստներ, հետ են քաշվել, այդ թվում՝ Ջերմուկի ուղղությունից․ «Եվ ներկայումս Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որ ապահովում է քաղաքի անվտանգությունը»,- նշել է նա՝ հավելելով, որ հակառակորդի ստորաբաժանումները, Ջերմուկի հյուսիսարեւելյան վերջնամասից հաշված, 4․5 կմ-ի վրա են, Ջերմուկի կենտրոնից՝ 5․5-6 կմ։  Դրանից օրեր անց՝ նոյեմբերի 7-ին, լրագրողները ճեպազրույց էին ունեցել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ՝ հիշեցնելով ԳՇ պետի այս հայտարարությունը եւ նշելով, որ ջերմուկցիները իրենց հետ զրույցում հայտնել են, որ սեպտեմբերի 13-ից հետո ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում եւ տեսանելի են իրենց։ Ի պատասխան ԶԼՄ հարցերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանն ասել է․ «Մեր տեղեկություններով՝ իրենք (ադրբեջանական ստորաբաժանումներին,- հեղ․ ) շարունակում են այդտեղ գտնվել, բայց ԳՇ պետը ավելի լավ է տիրապետում, որովհետեւ իրենք հետախուզական բոլոր հնարավոր միջոցները ունեն»։ Հարցին՝ իրենց տեղեկությունները որտեղի՞ց են, արդյո՞ք ադրբեջանցիներին անզեն աչքով տեսնում են, մարզպետը դրական պատասխան է տվել․ «Այո, բայց լրացուցիչ, ավելի մասնագիտական չեմ կարող ասել, որովհետև եթե ԳՇ պետը ասել է, որ գնացել են․․․ Ամեն դեպքում, մենք տեսնում ենք իրենց»,- նշել է նա։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Infocom-ը նույն օրը գրավոր հարցմամբ դիմել էր Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով պարզաբանել հնչած երկու հայտարարությունների հակասությունը եւ նշել, թե ՀՀ բնակչությունը դրանցից որ մեկը պետք է ընդունի որպես վերջնական, ճշգրիտ տեղեկություն։ Միեւնույն ժամանակ խնդրել էինք հայտնել՝ ներկայում ադրբեջանական որեւէ խումբ գտնվո՞ւմ է ՀՀ տարածքում, այդ թվում՝ Ջերմուկում։ Եթե այո, ապա քանի՞սն են նրանք եւ քանի՞ կմ խորության վրա են, իսկ եթե ներթափանցած բոլոր խմբերը դուրս են մղվել, ապա ՀՀ սահմանից քանի՞ կմ հեռավորության վրա են նրանք։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի կողմից օկուպացված են ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ, այդ թվում՝ նաեւ Ջերմուկի ուղղությամբ․ «Հայցվող մյուս տեղեկության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ ՀՀ կառավարության 1998 թ․ մարտի 13-ի N 173 որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետերի պահանջները»,- ասված է ՊՆ պատասխանում։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է տեղեկատվության ազատության սահմանափակումները։ Ըստ այդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք։ Բացառությանը վերաբերող 3-րդ մասը, ի թիվս այլնի, ամրագրում է, որ տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին։  Ինչ վերաբերում է Կառավարության որոշմանը, որին հղում է տվել ՊՆ-ն, այն սահմանում է ՀՀ պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկը։ Ըստ այդ ցանկի 2-րդ կետի՝ պետական գաղտնիք են, ի թիվս այլնի, ԶՈՒ ռազմավարական ծավալման մասին տեղեկությունները։ Այս պայմաններում, եթե անգամ ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվելը Նախարարությունը չի դիտում որպես քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը սպառնացող արտակարգ դեպք, առնվազն տարակուսելի է հայցվող տեղեկությունը պետական գաղտնիք որակելը․ ՀՀ կառավարության որոշումը ՀՀ պետական գաղտնիք է դիտում ՀՀ զինված ուժերի ռազմավարական ծավալման մասին տեղեկությունները, այնինչ մեր հարցը վերաբերում էր ոչ թե ՀՀ, այլ ադրբեջանական զինված ուժերի տեղակայմանը։ Իսկ եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ ադրբեջանական զինված ուժերի տեղակայման բացահայտումը կարող է վտանգ ներկայացնել ՀՀ զինված ուժերի համար, ապա ենթադրվում է, որ ԳՇ պետն էլ այն չէր հրապարակի: Ստացվում է, որ ԳՇ պետը կա՛մ հրապարակել է պետական գաղտնիք համարվող տեղեկություններ, կա՛մ ՊՆ-ն այժմ անհիմն է հրաժարվում պատասխանել լրատվամիջոցի հարցմանը եւ պարզաբանել պաշտոնատար անձանց հայտարարությունների հակասությունը՝ դրանով իսկ զրկելով քաղաքացիներին ճշմարտությունն իմանալու հնարավորությունից։   Միլենա Խաչիկյան
18:10 - 17 նոյեմբերի, 2022
ՀՀ օկուպացված տարածքներում Ադրբեջանն իրականացնում է անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ. Արման Թաթոյան |armenpress.am|

ՀՀ օկուպացված տարածքներում Ադրբեջանն իրականացնում է անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ. Արման Թաթոյան |armenpress.am|

armenpress.am: Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ օկուպացված տարածքում, Ադրբեջանն անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ է իրականացնում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն՝ ընդգծելով, որ այդ աշխատանքները սկսվել են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին իրականացված ադրբեջանական ագրեսիայից հետո։ Որպես փաստ՝ Թաթոյանը հրապարակեց լուսանկարներ Հայաստանի օկուպացված տարածքում Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած շինարարական, ամրացման  աշխատանքներից: Թաթոյանն ընդգծեց, որ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ն գտնվում է լրջագույն խնդրի առաջ, որը պայմանավորված է ադրբեջանական ներխուժումներով և ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին նրանց ներկայությամբ։ «Ադրբեջանցիների գործողությունները վկայում են, որ չեն պատրաստվում հեռանալ ՀՀ-ից։ Ջերմուկի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ օկուպացված տարածքներում Ադրբեջանն իրականացնում է անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ՝ կառուցում են զինվորական ճանապարհներ, դիրքեր, բունկերներ և այլն։ Կառուցված ճանապարհը, ըստ մեր ուսումնասիրության, 10-12 մ լայնություն ունի»,- նշեց Թաթոյանը։ Նա ընդգծեց՝ Ջերմուկի մոտ օկուպացված տարածքներում կան նաև խոտհարքներ, արոտավայրեր, վարելահողեր։ Հիմնադրամի ղեկավարի պնդմամբ՝ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո առաջացած խնդիրները վերաբերում են ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլև ազգային անվտանգությանը, քանի որ թիրախի տակ են ոչ միայն գյուղերը, այլև «Տաթև» ՀԷԿ-ը, Ջերմուկի ՀԷԿ-ը, Կապանի պոչամբարը և այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ։
13:07 - 10 նոյեմբերի, 2022
Այն ամենը, ինչ ունենք մեր երկիրն է, պիտի զինվենք քաջությամբ, որպեսզի պաշտպան լինենք սրբազան հողին․ Ամենայն Հայոց Հայրապետն այցելել է Ջերմուկ

Այն ամենը, ինչ ունենք մեր երկիրն է, պիտի զինվենք քաջությամբ, որպեսզի պաշտպան լինենք սրբազան հողին․ Ամենայն Հայոց Հայրապետն այցելել է Ջերմուկ

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Վայոց Ձորի Ջերմուկ քաղաք։ Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանը։Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած շքախմբին Ջերմուկ քաղաքի մուտքի մոտ դիմավորեցին Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։ Այնուհետև Նորին Սրբությունը հոգևոր դասի և մարզային ու քաղաքային իշխանությունների հետ միասին մեկնեց Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցի, որտեղ Հայոց Հայրապետին դիմավորեցին քաղաքի բնակիչները և զինվորականները։ «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով հավատավոր ժողովրդին, մուտք գործեց տաճար, ուր սաղմոսերգությունից և աղոթքից հետո կատարվեց Խաղաղության մաղթանք Հայաստանի, Արցախի և հայրենյաց սահմանների անսասանության ու հայ ժողովրդի անվտանգ, խաղաղ և բարօր կյանքի համար։ Աղոթք բարձրացվեց նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար։ Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկա ժողովրդին։ «Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ և աղոթքով հայցում Երկնավորից, որ այս դժվարին պահին օգնական լինի նեղություններին դիմագրավող հայորդիներիդ։ Առաջին անգամը չէ, որ այցելում ենք մեր երկրի այս գողտրիկ անկյունը: Ջերմուկում եղել ենք բազմաթիվ առիթներով, հմայվել այս բնաշխարհի շքեղությամբ և վայելել այստեղի ժողովրդի հոգու ջերմությունն ու հյուրընկալությունը: Ջերմուկն իր բուժիչ ջրերով և գեղատեսիլ բնաշխարհով մեր երկրի կարևորագույն այցեքարտերից է և մշտապես եղել է հիվանդությունների բուժման ու տագնապների փարատման օրրան մեր ժողովրդի և բյուրավոր այցելուների համար: Այսօր Ջերմուկն ինքը կարիքն ունի ապաքինման ու վշտերի թոթափման»,–ասաց Հայոց Հայրապետը։ Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակմանը՝ Նորին Սրբությունն իր սրտակցությունը բերեց մեր ժողովրդի սգավոր և վշտացյալ զավակներին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայորդիների, ավերված քաղաքների ու շեների համար, հայցելով, որ Տերն Իր ողորմությամբ հանգստություն պարգևի հայրենիքի համար նահատակված քաջորդիներին, մխիթարություն ու սփոփանք շնորհի զոհվածների ընտանիքներին և կամք ու քաջություն հավատավոր զավակներին, որպեսզի կարողանան դիմակայել հառնած խնդիրներին։ «Տագնապներն ու անհանգստությունները չափազանց շատ են այսօր մեր կյանքում: Մենք մտահոգված ենք մեր հայրենիքի, հարազատ երկրում ապրող մեր ժողովրդի զավակների ներկայով և ապագայով, հատկապես երբ մեր հայացքները ամեն անգամ հանդիպում են անմեղ, բայց արդեն հոգսաշատ դարձած մեր մանուկների աչքերին։ Մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած մտահոգություններից ու անհանգստություններից դրդված՝ որոշ ընտանիքներ հեռանում են երկրից և դառնում գաղթական՝ օտարության մեջ փնտրելով իրենց և իրենց զավակների երջանկությունն ու ապահովությունը։ Մենք եկել ենք այստեղ ասելու, որ այն ամենը, ինչ ունենք մեր երկիրն է, մեր հայրենիքը: Պիտի զինվենք քաջությամբ ու տոկունությամբ, որպեսզի պաշտպան լինենք այն սրբազան հողին, ուր ապրել ու արարել են մեր հայրերը և մեր հայրերի հայրերը, ուր նահատակվել են մեր զավակները»,–նշեց Հայոց Հայրապետը։ Ապա հիշատակելով ժողովրդի մեջ տարածված ավանդազրույցը՝ Ջերմուկ աշխարհի վիրավոր եղնիկի մասին, որը որսորդից ստացած ծանր վերքերը ապաքինում է Ջերմուկի բուժիչ ջրերում, Նորին Սրբությունն ընդգծեց․ «Մենք հավատում ենք, որ Ջերմուկի խորհրդապատկերի նմանողությամբ այս գեղատեսիլ քաղաքը, այլև մեր ողջ երկիրը վերստին կապաքինվի իր վերքերից, կվերապրի ողբերգությունները և կհաղթահարի դժվարություններն ու նեղությունները: Եվ մեր ժողովուրդը իր իմաստնությամբ, իր աշխատասիրությամբ, տոկունությամբ ու քաջությամբ պիտի շարունակի կառուցել արժանապատիվ ու ստեղծագործ իր կյանքը, զորացնել երկիր հայրենին և կերտել լուսավոր գալիքը»: Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական գնահատանքը և օրհնությունը փոխանցեց Վայոց Ձորի թեմի հոգևոր սպասավորներին՝ թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատավոր մեր ժողովրդի հավատն ու ոգին ամուր պահելու, Աստծո խոսքով հավատավոր հոտին զորացնելու ու մխիթարելու, սահմանամերձ բնակավայրերում իրենց նվիրյալ ծառայությունը շարունակելու համար։ Հայոց Հովվապետը նաև իր հայրական օրհնությունը բերեց Վայոց Ձորի մարզային և Ջերմուկի քաղաքային իշխանություններին, ովքեր ինչպես պատերազմական դժվարին օրերին, այնպես էլ այսօր բնակիչների հետ ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Վերջում Նորին Սրբությունն աղոթք բարձրացրեց առ Աստված, որ Ամենակալ Տերը խաղաղություն սփռի համայն աշխարհում, խաղաղության մեջ պահի Հայոց աշխարհն ու ժողովրդին և ամենախնամ Իր Աջի հովանու ներքո զորություն ու ամրություն պարգևի ամենքին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև առանձին հանդիպում ունեցավ Ջերմուկ քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու երիտասարդաց միության անդամների հետ։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ծանոթացավ երիտասարդների եկեղեցանվեր ու հայրենասեր ձեռնարկումներին։ Իր օրհնությունն ու հայրական պատգամը փոխանցելով վերջիններիս՝ հորդորեց, որ հաստատուն մնան առ Աստված սիրո ու հավատքի մեջ, զորեղ պահեն միմյանց հանդեպ քրիստոսապատվեր սերը, շարունակեն ոգու քաջությամբ ու անսասան հավատքով կապված մնալ Մայր Եկեղեցուն և ծառայել Հայրենիքին։ Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաև պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին՝ առնչված Հայ Եկեղեցու երիտասարդական ծրագրերին և առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղված ջանքերին իրենց ներգրավվածությանը։ Այնուհետև հայրապետական պատվիրակությունը համայնքային իշխանությունների ուղեկցությամբ այցելեց Ջերմուկ քաղաքի հիվանդանոց, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց բուժանձնակազմի հետ, ծանոթացավ առկա դժվարություններին։ Փոխանցելով իր օրհնությունը՝ Հայոց Հովվապետը գնահատանք հայտնեց վերջիններիս անձնվեր ծառայության համար, ինչի շնորհիվ ռազմական գործողությունների ընթացքում փրկվեցին բազմաթիվ կյանքեր։ Բուժանձնակազմի հետ զրույցին անդրադարձ կատարվեց տիրող իրավիճակից բխող անհանգստություններին ու առկա խնդիրներին։
14:44 - 07 նոյեմբերի, 2022
Մեր տեղեկություններով՝ իրենք շարունակում են այդտեղ գտնվել․ Վայոց ձորի մարզպետը՝  Ջերմուկում ադրբեջանական խմբավորումների մասին

Մեր տեղեկություններով՝ իրենք շարունակում են այդտեղ գտնվել․ Վայոց ձորի մարզպետը՝ Ջերմուկում ադրբեջանական խմբավորումների մասին

Սահմանում իրավիճակը հարաբերականորեն խաղաղ է։ Ջերմուկում որևէ միջադեպ չենք ունեցել։ Օրեր առաջ Պաշտպանության նախարարությունը հրապարակել էր, որ թեթև միջադեպ է եղել, բայց, ընդհանուր առմամբ, խաղաղ է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։ Դիտարկմանը, որ Գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ ադրբեջանական ստորաբաժանումները հեռացել են Ջերմուկից, սակայն բնակիչները հակառակն են պնդում, Գրիգորյանն ասաց․ «Ես կխնդրեմ այս հարցը գենշտաբի պետին տաք։ Ես տեղեկություններ ունեմ այն, ինչ-որ գենշտաբի պետն է ասել։ Մեր տեղեկություններով՝ իրենք շարունակում են այդտեղ գտնվել, բայց եթե ՊՆ գլխավոր շտաբի պետը ավելի լավ տիրապետում է, որովհետև իրենք բոլոր հնարավոր միջոցները ունեն»։ Հարցին՝ արդյոք ադրբեջանցիներին անզեն աչքով տեսնում են Ջերմուկից, Գրիգորյանն ասաց․ «Այո, բայց լրացուցիչ ավելի մասնագիտական չեմ կարող ասել, որովհետև եթե ԳՇ պետը ասել է, որ գնացել են․․․ամեն դեպքում մենք տեսնում ենք իրենց։ Մենք տեսնում ենք որոշակի տեսանելի տարածք․ որը անզեն աչքով հնարավոր է, տեսնում ենք»։ Գրիգորյանն ասաց՝ իրավունք չունի մեկնաբանել Գլխավոր շտաբի պետի խոսքերը։  «Հնարավոր միջոցառումների ամբողջությունը, որ ձեռնարկել ենք, ողջամիտ դատողություն է տալիս, որ Աստված մի արասցե, հնարավոր ագրեսիայի դեպքում մենք դիմակայելու հնարավորություն ունենք»,-նշեց մարզպետը։ Լրագրողների դիտարկմանը, որ ԳՇ պետի և իր հայտարարությունների միջև հակասություն կա, Գրիգորյանն ասաց․ «Հակասությունը ինչո՞ւմ եք տեսնում, մարդը ասում է՝ խումբ է եղել, խումբը հետ է գնացել, ես էլ ասում եմ՝ չգիտեմ, ես անզեն աչքով տեսնում եմ մարդկանց։ Այդ խմբի մասին է խոսքը, թե ոչ։ Չեմ կարող ասել արդյոք ԳՇ պետը նույնպես այդ խմբավորման մասին է խոսել, թե ոչ»,-ասաց մարզպետը։
14:35 - 07 նոյեմբերի, 2022
Ջերմուկում ճոպանուղին չի գործում, արոտավայրերի որոշ հատվածներ վտանգավոր են. Վայոց ձորի մարզպետ. 
 |news.am|

Ջերմուկում ճոպանուղին չի գործում, արոտավայրերի որոշ հատվածներ վտանգավոր են. Վայոց ձորի մարզպետ. |news.am|

news.am: Ջերմուկի բնականոն կյանքը սկսել է վերականգնվել, հանգստի եկածներ նույնպես կան քաղաքում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: «Ջերմուկի հրետակոծության հետեւանքով հազարավոր մարդիկ տեղափոխվել էին այլ վայրեր: Հանգստացող տուրիստներն էլ տեղափոխվել էին ապահով վայրեր եւ հետո լքել են քաղաքը: Քաղաքի բնակչության 70 տոկոսը եւս դուրս էր եկել քաղաքից: Մի ամիս կլինի՝ քաղաքի բնականոն կյանքը վերականգնվում է: Տուրիստական հոսքը, ինչպես նախկինում էր, չունենք։ Բնականաբար, այն ծավալը, որը պետք է լիներ, չունենք: Դպրոցները, մանկապարտեզներն աշխատում են»,- ասաց Գրիգորյանը: Մարզպետը նշեց, որ նախքան ռազմական գործողությունները, Ջերմուկի հյուրանոցներում մինչև դեկտեմբերի 31-ը բոլորը զբաղված են եղել, բայց հիմա մոտ 40 տոկոս ծանրաբեռնվածություն կա։  Մարզպետի խոսքով՝ վնասի փոխհատուցման շրջանակում Կառավարությունը մարզին տրամադրել է 50 մլն դրամ, որը հնարավոր է ապագայում ավելացվի: Նրա խոսքով՝ ունենք արոտավայրեր, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից, եւ վտանգավոր են։ Իսկ ճոպանուղին այս պահին չի գործում, աշխատանքներ են իրականացվում։ Ինչ վերաբերում է վերականգնելուց հետո ճոպանուղու աշխատանքի վերսկսմանը, նշեց, որ վտանգ չկա, սակայն, քանի որ գտնվում ենք պատերազմական իրավիճակում, կարող է ճոպանուղու աշխատանքների ժամանակ կրակոցներ սկսվել։  Ըստ Արարատ Գրիգորյանի՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայությունը մարզում կարող է դրական ազդեցություն ունենալ, սակայն դեռեւս վաղ է դրա մասին խոսելը: «Իրենց գտնվելը դրական ազգդեցություն կունենա՝ որպես զսպող մեխանիզմ; Իրենց գալուց հետո կրակոցներ չեն լսվել՝ չնայած դա հարաբերական է ասված, որովհետեւ կարող են նաեւ օդ կրակել: Բայց սահմանային միջադեպ չի եղել: Քիչ ժամանակ է անցել, պետք է ուսումնասիրվի:  
13:58 - 07 նոյեմբերի, 2022
ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունը այցելել է Ջերմուկ

ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունը այցելել է Ջերմուկ

ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունը հոկտեմբերի 24-ին Ջերմուկում էր։ Այս մասին հայտնում է Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը։    Նախքան պաշտպանական դիրքեր բարձրանալը տեղի ունեցած հանդիպման ընթացքում (որին ներկա էին գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը և բարձրաստիճան զինվորականներ) նրանց ներկայացվել է սեպտեմբերի 13 -ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, նաև վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո  (նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունն ու ներկայիս գտնվելու վայրերը)։   Հանդիպմանը հաջորդել է ներկայացված իրավիճակի փաստացի արձանագրումը՝ անմիջապես տեղում։ Պատվիրակությունը այցելել է պաշտպանական դիրքեր, Ջերմուկի ճոպանուղի, նաև քաղաքի տարբեր հատվածներ (կրած վնասների մասին ներկայացվող տեղեկատվությունը արձանագրվել է փաստերով)։
11:38 - 25 հոկտեմբերի, 2022
Հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Աբելյան փ. 47 շենքի բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն 11 փողոցի առանձնատներ, 11:00-16:00 Նուբարաշեն 6փ. 26, 28; 8փ. 2-18; 10փ. 1-12; 12փ. 1-12 առանձնատներ, 11:00-17:00 «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, թիվ 143 մանկապարտեզ, «Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ,Զինկոմիսարիատ, Բագրատունյաց պող․ 4, 6, 8, 10 շենքեր, Բագրատունյաց պող. 1-ին նրբ․ 3, 7, 9, 11, 13, 15 շենքեր, Արտաշիսյան փ․ 40/8, 42/6, 42/7, 44/4ա, 44/3, 44/4, 44/5, 45/20, 45/21, 47/19, 49/19ա, 51/16, 51/17, 51/18 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 1, 2, 6 փողոցների առանձնատներ, Նորագավիթ թաղ. 1-ին փողոցի 1-ին փակուղու առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորագավիթ թաղ. 6-րդ փողոցի 6-րդ փակուղու առանձնատներ, Համբարձումյան փ. 10, 12, 45/2, 47 շենքեր և 37-67Ա առանձնատներ, Արաբկիր 23փ. 1/2; 25փ. 2, 2/1, 17; 27փ. 6/2, 9 շենքեր, Արաբկիր 27փ. 1-13 առանձնատներ, Արաբկիր 25 փողոցի առանձնատներ, Ռիգայի փ. 126/4 շենք, Վերին Անտառային փ. 9-192/2, 13/4, 27/1 121/7, 124/1, 133, 135, 136/3, 138/2, 138/6 շենքեր և 1-186/13 առանձնատներ, Անտառային փ. 11-220 շենքեր և 1-148/5 առանձնատներ, Լեռ Կամսարի փ. 30/3, 40/2 շենքեր, Լեոնիդ Ազգալդյան փ. 12/5, 12/6 շենքեր, Աղբյուր Սերոբի փ. 52/20 շենքեր, Գևորգ Էմինի փ. 22 շենք։Արմավիրի մարզի՝ 11:00-17:00 Լենուղի, Այգեվան, Հուշակերտ, Արաքս, Նոր Ամասիա և Նալբանդյան գյուղեր, Արարատի մարզի՝ 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Թումանյան, Մարքսի, Իսակովի, Աճառյան, Արազի, Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Թորոմոնյան, Կասյան, Ներսիսյան, Դուրյան, Օգոստոսի 23-ի և Օրբելի փողոցներ մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 11:00-15:00 Գլաձոր գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 10։30–16:30 Լիճք բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Տավուշի մարզի` 11:00-13:00 Գետահովիտ գյուղ, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 16:30-17:30 Ջուջևան, Ոսկեպար, Բարեկավան գյուղեր, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Բավրա գյուղի 3-րդ փողոց մասնակի։Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
12:01 - 22 հոկտեմբերի, 2022
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը Վայոց ձորում հանդիպել է մարզպետի հետ

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը Վայոց ձորում հանդիպել է մարզպետի հետ

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը Վայոց ձորի մարզում է։ Այս մասին հայտնում է Վայոց ձորի մարզպետարանը։  Սույն թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը:  Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին Վայոց ձորի մարզ այցի համար և ներկայացրեց 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սուվերեն տարածքի դեմ սանձազերծած ագրեսիվ հարձակման հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը: Քննարկումից հետո կողմերը երկուստեք համագործակցության պատրաստակամություն հայտնեցին: Այնուհետ մարզպետը, հրամանատարը և պատվիրակության անդամներն այցելեցին Ջերմուկի տարածաշրջան, ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար:
15:38 - 21 հոկտեմբերի, 2022
Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքները. Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն

Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքները. Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն

Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքները: Այս մասին ասվում է Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի տարածած հայտարարության մեջ։ «Հզոր բանակ, պաշտպանված սահմաններ և բարեկեցիկ կյանք ունենալու համար անհրաժեշտ է աշխատել և զարգացնել տնտեսությունը, կապել մարդկանց հողին։ Մեր բանակին ուժեղ թիկունք է պետք։ Գրեթե 20-օրյա դադարից հետո Ջերմուկում հյուրանոցային բիզնես իրականացնող ընկերությունները վերսկսում են իրենց աշխատանքները։ Մենք վերադառնում ենք նորմալ կյանքի հուն և սպասում մեր քաղաքի բոլոր բարեկամներին: Թե երկրի տնտեսության, թե հենց Ջերմուկի զարգացման համար անհրաժեշտ է, որ մենք մեր գումարները ծախսենք երկրի ներսում։ Ուստի, բոլորին հրավիրում ենք վայելելու աշնանային Ջերմուկն ու նպաստելու քաղաքի վերածնունդին»:
14:48 - 05 հոկտեմբերի, 2022
Վայոց ձորի մարզպետի տեղակալը ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հրատապ մարդասիրական աջակցության ապահովման հարցեր

Վայոց ձորի մարզպետի տեղակալը ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հրատապ մարդասիրական աջակցության ապահովման հարցեր

Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Ժնևի և Հայաստանի գրասենյակների բարձրաստիճան պաշտոնյաներ Օլեգ Ժդանովին և Ալմազ Բուրկուտովին:   Հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը:   Կողմերն անդրադարձել են արտակարգ իրավիճակներին պատրաստվածությանն ու գործողություններին վերաբերող հարցերի՝ ազդակիր բնակչությանը ժամանակին և արդյունավետ մարդասիրական աջակցության պլանավորման նպատակով` հաշվի առնելով 2020 թվականից ի վեր ստեղծված իրավիճակը Հայաստանում:   Պաշտոնյաները քննարկել են նաև սեպտեմբերի 13-ից Ջերմուկից մարզի տարբեր համայնքներ տեղափոխված ընտանիքների և առանձին քաղաքացիների առաջնահերթ կարիքները։   Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի ՓԳՀ-ն իր պատրաստակամությունն է հայտնել Վայոց ձորի մարզային և տեղական իշխանությունների հետ համակարգմամբ, աջակցել համայնքներին՝ տուժած ընտանիքներին տրամադրելով մարդասիրական օգնություն:
20:31 - 23 սեպտեմբերի, 2022
Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում այսօրվանից արդեն դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը․ ԿԳՄՍ փոխնախարար

Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում այսօրվանից արդեն դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը․ ԿԳՄՍ փոխնախարար

Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերում անվտանգային լուրջ հարցեր առաջացան, և, իհարկե, սա բերեց նրան, որ այս բնակավայրերում մեր երեխաները զրկվեցին կրթության շարունակականության ապահովման իրավունքից, կրթության իրավունքից։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։  «Խոսքը վերաբերում է թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական կրթությանը։ Մենք խոսում ենք շուրջ 25.000 դպրոցահասակ երեխաների կրթության ընդհատման մասին 3 մարզերում և ավելի քան 6000 երեխաների նախադպրոցական կրթության ընդհատման մասին։ Նախորդ ամբողջ շաբաթը այս բնակավայրերում ուղղակի արձակուրդ է եղել, այսինքն՝ ուսումնական հաստատությունները չեն գործել այն հիմնավորմամբ, որ, հաշվի առնելով լրացուցիչ տեխնիկական բարդություններ չունենալու և գործընթացին լրացուցիչ լարվածություն չբերելու հանգամանքները, նպատակահարմար է համարվել լրացուցիչ արձակուրդի գնալը, հետագայում բաց թողնվածը լրացնելու պայմանով։  Մենք հետևել ենք ընթացքին և կապ մեջ լինելով մեր գործընկերների հետ երեք մարզերում՝ ունենք որոշում, և այսօրվանից արդեն դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը, մենք կունենանք տարբեր իրավիճակ։ Այն դպրոցներում, որտեղ հնարավորություն կա, և անվտանգության ապահովման տեսանկյունից կան համապատասխան հնարավորությունները, կրթությունը կկազմակերպվի առկա եղանակով, և այս պահին մյուս բնակավայրերում, որտեղ տեղում իրավիճակը հասկանալուց հետո, մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, դեռևս առկա ուսուցման վերադառնալ հնարավոր չի, գործընթացը կկազմակերպվի հեռավար»,- նշեց նա։ Նա նշեց, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցմամբ կրթությունը կվերսկսի 12 դպրոց, որոնք հիմնականում Վարդենիսի տարածաշրջանի դպրոցներ են, Վայոց ձորում 3 դպրոցներ են, որոնք հեռավար կգործեն․ «Սյունիքի մարզում մենք ունենք ավելի ընդհանուր հեռավար ուսուցման իրավիճակ, 5 դպրոցներ են, որտեղ առկա ուսուցումը այս պահին կվերականգնվի, հիմնականում Քաջարանում, և 1 դպրոց՝ Կապանում»։ Հարցին, թե արդյո՞ք հաշվի առնելով հեռավար ուսուցման փորձը՝ կարող ենք ասել, որ գործընթացը սահուն կընթանա, Անդրեասյանն ասաց․ «Դպրոցները կուտակել են մեծ փորձառություն։ Ցավոք, ոչ միայն Քովիդի ժամանակահատվածում։ 2020թ․-ի աշնան պատերազմի ժամանակահատվածում մենք հենց առաջին օրերից սահմանամերձ համայնքներում, որտեղ կար անվտանգության հետ կապված իրավիճակ, հեռավար կրթությանն էինք անցում կատարել, և այս դպրոցները ապահովել էինք անհրաժեշտ սարքավորումներով, որպեսզի կարողանան հեռավար ուսուցումը պատշաճ կազմակերպել։ Դպրոցների կարողությունները՝ հեռավար ուսուցում կազմակերպելու, բավարար են, և կկարողանան այս պահին աշխատանքը այս ձևաչափով իրականացնել։ Իհարկե, խնդիր ունենք, որպեսզի օր առաջ, հաշվի առնելով առաջին հերթին անվտանգային իրավիճակը, դրա հնարավորության պարագայում վերադառնանք առկա ուսուցման»։ «Մենք ունենք տեղեկություն Գեղարքունիքի մարզում երկու դպրոցական շենքերի վնասման մասին, խոսքը Սոթքի և Այրքի դպրոցներին է վերաբերում։ Բնականաբար, շատ արագ կկարգավորենք անհրաժեշտ աշխատանքների  իրականացումը՝ դպրոցներում շենքերին պատճառված վնասի վերացման ուղղությամբ, բայց, ինչ խոսք, սա շատ մտահոգիչ է, որ ուսումնական հաստատությունները թիրախավորվել են և դարձել են ուղիղ կրակի թիրախ, ինչը անթույլատրելի է և կարծում եմ, որ բոլոր կոնվենցիաների և միջազգային իրավունքի տեսանկյունից հնարավոր նորմերի խախտում է»,- նշեց Անդրեասյանը։ Անդրեասյանը հավելեց, որ խոսում է եղած շենքերում վերանորոգման աշխատանքներ կատարելու մասին, և այս պահին վնասի չափերը ճշգրտվում են։ Հարցին, թե ինչ է անում ԿԳՄՍՆ-ն՝ միջազգային գործընկերներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկացնելու հետ կապված, Անդրեասյանն ասաց․ «Մենք, բնականաբար, այդ աշխատանքը անում ենք համակարգված՝ ԱԳՆ-ի հետ միասին, որովհետև դա ավելի ընդհանուր քաղաքականության և այդ կոմունիկացիան ապահովելու շրջանակում է իրականացվում։ Բնականաբար, այս տվյալների և համապատասխան նամակի նախագծերը՝ ուղղված միջազգային կառույցներին, տրամադրված են ԱԳՆ-ին, և մենք նրանց հետ սերտ կապի մեջ ենք՝ այս աշխատանքները իրականացնելու առումով»։
14:28 - 19 սեպտեմբերի, 2022