Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Արսեն Ղայթմազյանից փորձել է ճշտել ու հասկանալ անձնականին վերաբերող հանգամանքներ. ըստ փաստաբանի՝ սա է անչափահասին ծեծելու պատճառը
 |aravot.am|

Արսեն Ղայթմազյանից փորձել է ճշտել ու հասկանալ անձնականին վերաբերող հանգամանքներ. ըստ փաստաբանի՝ սա է անչափահասին ծեծելու պատճառը |aravot.am|

aravot.am: Դիլիջանի քրեական հետախուզության պետ Արսեն Ղայթմազյանի պաշտպանը՝ Վրեժ Ներկարարյանը պնդում է, որ ամենեւին էլ հյուրանոցային համարի համար նախատեսված վճարներն անելու հարցի պատճառով չէ, որ իր պաշտպանյալը հյուրանոցի անչափահաս աշխատակցի նկատմամբ բռնություն է կիրառել:  «Այլ շարժառիթներ են եղել, բացի այդ` այդտեղ ոչ մեկը չի իմացել, որ անչափահաս երեխա է, որովհետեւ աշխատանքային օրենսգրքով էլ է արգելված անչափահասին աշխատանքի ներգրավել: Իմ պաշտպանյալը չէր էլ կարող գիտակցել, որ անչափահասի հետ կապված կարող է խնդիր առաջանալ: Բացի այդ՝ Արսեն Ղայթմազյանը հանդես չի եկել որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ, այլ որպես քաղաքացի ու քաղաքացու նկատմամբ է սխալ վերաբերմունք եղել: Արսեն Ղայթմազյանն էլ է իր ցուցմունքում նշել, որ սենյակի համարի վճարը չի եղել: Երիտասարդը իր գործառույթների մեջ չմտնող վարքագիծ է դրսեւորել, մտել է մարդու անձնական տիրույթ, փորձել է ճշտել ու հասկանալ անձնականին վերաբերող հանգամանքներ, դրանից է առաջացել վիճաբանությունը: Մարդը, որ գնում է հյուրանոց, սովորաբար դիմավորում են, սենյակը ցույց են տալիս ու վերջ: Թե ում հետ է գնացել ու ինչ նպատակով, կարծում եմ՝ ոչ մեկիս նման հարց չեն տալիս հյուրանոցներում»,- Aravot.am-ին ասաց փաստաբան Ներկարարյանը: «Ես չգիտեմ՝ իր փաստաբանն ինչ է ասում, բայց ախր գործում կա Արսեն Ղայթմազյանի ցուցմունքը: Էդ մարդը մանրամասն ցուցմունք է տվել, թե ինչն է վիճաբանության հանգամանքը եղել: Ընդունել է, որ ընդամենը իր գիշերակացի գումարն է ուզել, դրանից է ինքը բռնկվել, վիճաբանել: Հո ասելով չի ախր: Ասում ենք՝ լավ, մարդ է, ոստիկան է, շատ շուխուր չանենք, բայց ինչ են ուզում: Սուտ է ասում, որ իմ վստահորդը անձնական տվյալներ է փորձել ճշտել, էդպես էլ արձանագրեք, որ եթե նման բան է ասում, սուտ է ասում»,- փաստաբան Ներկարարյանին այսպես է արձագանքում Ղայթմազյանի կողմից ծեծի ենթարկված երիտասարդի ներկայացուցիչ Սասուն Ռաֆայելյանը: Նա պնդում է, որ իր վստահորդի դեմքից էլ էր նրա տարիքը երեւում, Ղայթմազյանը չէր կարող դա չնկատել. «Եթե ինքը քրեականի պետ է, 20 տարվա ստաժ ունի ու նայում է մարդու դեմքին, որի վրա թրաշ էլ չկա, աղվամազիկներ են, ֆիզիանոմիայով փոքր-մոքր, ու ինքը չի ենթադրում, որ կարող է անչափահաս լինել, դա մեր ոստիկանության ողբերգությունն է, որ այդքան ստաժով մարդը չի կարողանում գոնե դրանից ենթադրություններ անել»:
16:26 - 26 հունիսի, 2023
Դիլիջանի նախկին ղեկավարն ապօրինի կերպով օտարել է հողամասեր ու կատարել պաշտոնեական կեղծիք. նախաքննությունն ավարտվել է

Դիլիջանի նախկին ղեկավարն ապօրինի կերպով օտարել է հողամասեր ու կատարել պաշտոնեական կեղծիք. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնը, միասնական դիտավորությամբ և այլ անձանց օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև անցել է իր պաշտոնեական լիազորությունները՝ կազմակերպելով և իրականացնելով օրենքով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասերի աճուրդային կարգով և ուղղակի վաճառքով օտարումը քաղաքացուն: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ս.-ն, իր կողմից կազմված պաշտոնական փաստաթղթում անձնական դրդումներով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք,  այն է՝ օրենքով սահմանված կարգով անտառային նպատակային նշանակության, ընդհանուր 0.1063 հա մակերեսով 3 հողամասերը 2010-2012 թվականներին իր կողմից կայացված որոշումներով ընդգրկել է Դիլիջան համայնքի ֆոնդի հաշվեկշռում՝ դրանք նկարագրելով որպես բնակավայրերի այլ հողեր: Միաժամանակ Ա. Ս.-ն Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների օժանդակությամբ վերը նշված հողամասերի վերաբերյալ կազմել է գլխավոր կեղծ հատակագծեր, որոնցում անտառային նպատակային նշանակության հիշյալ հողամասերի նպատակային նշանակությունը նկարագրվել է կրկին որպես բնակավայրերի հող, իսկ գործառնական նշանակությունը՝ այլ հողեր: Հողամասերի նկատմամբ Դիլիջան համայնքի իրավունքը պետականորեն գրանցելու որոշումները և դրանց հիման վրա թողարկված կեղծ հատակագծերը Ա. Ս.-ն ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտե, որի հիման վրա հողամասերի նկատմամբ գրանցվել է Դիլիջան համայնքի սեփականության իրավունքը, և տրվել են սեփականության իրավունքի վկայականներ: Այնուհետև վերը նշված 2 հողամասերը ներկայացվել են աճուրդի, որի արդյունքում հաղթող է ճանաչվել առավելագույն՝ 1.113.000 և 1.596.000 ՀՀ դրամ առաջարկած Խ. Ա.-ն: Իսկ երրորդ՝ 160.0 քմ մակերեսով հողամասը, որպես ընդլայնում, Ա. Ս.-ն 198.720 ՀՀ դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել է նույն անձին: Արդյունքում նշված 3 հողամասերը միավորվել են որպես մեկ գույքային միավոր, որի նկատմամբ գրանցվել է Խ. Ա.-ի սեփականության իրավունքը: Քրեական վարույթով հիմնավորվել է նաև, որ Ա. Ս.-ն, տեղեկացված լինելով Դիլիջան քաղաքի մեկ այլ հասցեում գտնվող՝ 0.3354 հա մակերեսով հողամասում իր մտերիմ անձի կողմից առանց թույլտվության ինքնակամ շինարարության կատարման ու իրականացված շինարարարության մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ տվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ճարտարապետահատակագծային առաջադրանքը, որի մեջ նույն դրդումներով մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ հողամասի առկա վիճակը բնութագրելով որպես չկառուցապատված: Այնուհետև Ա. Ս.-ն կառուցապատողի հետ կնքել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որի հիմքով հիշյալ գույքի նկատմամբ իրավաբանորեն գրանցել է իր սեփականության իրավունքը: Վերը նշված հանցավոր արարքների համար Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):   Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
22:35 - 23 հունիսի, 2023
Իջևանում կարկուտի հետևանքով վնասվել են բերքատու այգիներ, վթարներ են գրանցվել կոմունալ-էներգետիկ համակարգերում

Իջևանում կարկուտի հետևանքով վնասվել են բերքատու այգիներ, վթարներ են գրանցվել կոմունալ-էներգետիկ համակարգերում

Հունիսի 19-ին՝ ժամը 19։20-ից, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել այն մասին, որ Իջևան քաղաքում տեղացած հորդառատ անձրևը, կարկուտը և քամին զգալի վնասներ են պատճառել: Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ ըստ առաջնահերթության՝ բոլոր ահազանգերը սպասարկվել և փոխանցվել են համապատասխան ծառայություններին։ Տարածքում ստեղծված իրավիճակի գնահատման և կոմունալ էներգետիկ ենթակառուցվածքների, հաղորդակցման ուղիների ուսումնասիրության նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կան շրջված ծառեր (ավտոմեքենաների, տների և գազատար խողովակների վրա), սելավաջրերում արգելափակված ավտոմեքենաներ, ջրաբերուկներից փակված ավտոճանապարհներ, ջրալցված տներ և շինություններ, վնասված տանիքներ, էներգամատակարարման և գազամատակարարման ցանցի խափանումներ։ Կարկուտի և տեղացած հորդառատ անձրևի հետևանքով վնասվել են նաև բերքատու այգիներ և մշակաբույսերի ցանքատարածություններ, վթարներ են գրանցվել կոմունալ-էներգետիկ համակարգերում: Հրշեջ-փրկարարները մասնատել և հեռացրել են կոտրված ծառերը, մեկ հասցեում վերականգնել էներգամատակարարումը: Տեղում աշխատանքներ են իրականացրել քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկաները, էլ․ ցանցի, գազի վթարային ծառայության և «Լևոն 2» ՃՇՇ-ի բրիգադը։ Հասցված վնասի չափերը ճշտելու նպատակով Տավուշի մարզպետարանում և Իջևանի համայքապետարանում ստեղծվել են հանձնաժողովներ:  
12:37 - 20 հունիսի, 2023
224 մլն դրամ կուղղվի Վայոց ձորում և Տավուշում կրթահամալիրների ստեղծման, Սյունիքում դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը
 |1lurer.am|

224 մլն դրամ կուղղվի Վայոց ձորում և Տավուշում կրթահամալիրների ստեղծման, Սյունիքում դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը |1lurer.am|

1lurer.am:  Կառավարության որոշմամբ` 224 մլն դրամ կուղղվի Վայոց ձորում և Տավուշում կրթահամալիրների ստեղծման, ինչպես նաև Սյունիքում դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ Սյունիքի մարզի համար Կառավարությունը արդեն կայացրել է կրթահամալիրների ձևավորման առանձին որոշում՝ 414 մլն դրամ ուղղելով նախագծանախահաշվային փաստաթղթերին և 40 կրթահամալիրների ձևավորման խնդիր դնելով Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում: «Այս նախագիծը հերթական նախագիծն է Կառավարության խոշորագույն ծրագրերից՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման: Աշխատանքային խմբերն իրականացրել են մանրամասն տեղազննություններ, նշված երեք մարզերում դպրոցական շենքերը և մի շարք այլ գործոններ հաշվի առնելով` Վայոց ձորի մարզում ընտրվել են 4 բնակավայրեր, որտեղ կձևավորվեն կրթահամալիրներ, Տավուշի մարզում՝ 5 բնակավայր: Նաև առանձնացվել են Վայոց ձորի մարզի երկու խոշոր դպրոցներ, և այստեղ դպրոցական նոր շենքեր կկառուցվեն: Տավուշի մարզում այն բնակավայրերը, որտեղ նոր դպրոցներ կկառուցվեն, 8-ն են: Սյունիքի մարզում ընտրվել են 4 քաղաքային դպրոցներ, որտեղ նույնպես կունենանք արդիական պայմաններին ամբողջությամբ համապատասխանող դպրոցական նոր շենքեր: Այսպես, նախագծով գումար կհատկացվի ընդհանուր առմամբ 23 հաստատության համար, որոնցից 9-ը կրթահամալիր են և 14-ը՝ դպրոց: Ժամանակային ու ֆինանսական ռեսուրսները խնայելով՝ նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք կբերվեն առկա նախագծերի տեղակապման միջոցով, բացառությամբ Նոյեմբերյանում 1 դպրոցի, որտեղ անհրաժեշտ է անհատական նախագիծ»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ վերջին ամիսներին Կառավարությունն արդեն 3 նմանատիպ որոշում է կայացրել 107 հաստատությունների մասով, որոնցից 60-ը կրթահամալիրներ են, 47-ը՝ առանձին դպրոցներ: «Արդեն նշեցի՝ Սյունիքում՝ 40 կրթահամալիր, Արմավիրում՝ 4 կրթահամալիր և 8 դպրոց, Արագածոտնում՝ 7 կրթահամալիր և 8 դպրոց, Գեղարքունիքում՝ 9 կրթահամալիր և 6 դպրոց, Արարատում՝ 3 կրթահամալիր և 9 դպրոց, Կոտայքում՝ 1 կրթահամալիր և 12 դպրոց: Այս որոշմամբ հաստատությունների թիվը կդառնա 130՝ վերաբերելով շուրջ 40 հազար աշակերտների»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: Նա նշեց, որ առաջիկայում կներկայացվեն նմանատիպ որոշման նախագծեր Լոռու և Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևանի համար՝ ամբողջ հանրապետությունը ծածկելով:
12:22 - 16 հունիսի, 2023
Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է. Դատախազություն
 |1lurer.am|

Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է. Դատախազություն |1lurer.am|

1lurer.am: Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է: Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։ Տեղեկությունը «Լուրերի» հարցին ի պատասխան հայտնել են Դատախազությունից։ Երեկ Ա. Ղայթմազյանը ձերբակալվել էր։ Նրան մեղադրանք էր ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):  Հիշեցնենք, որ, ըստ Դատախազության հաղորդագրության, Ա. Ղայթմազյանը 2023 թվականի ապրիլի 10-ին` ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում, անհիմն վիճաբանության մեջ է մտել ռեստորանի աշխատակից` անչափահաս Ա.Ա.-ի հետ, ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր մասերին` անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ: Ղայթմազյանի կողմից անչափահաս տղային ծեծի ենթարկելու տեսանյութի տարածումից հետո հայտնի դարձավ, որ Ղայթաղչյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշում է կայացվել` գործում զղջալու հիմքով, սակայն 2023 թվականի հունիսի 2-ին Տավուշի մարզի դատախազի որոշմամբ` վերացվել է այս որոշումը:
11:16 - 03 հունիսի, 2023
16 տարեկան մատուցողի ծեծի խնդրով ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից և դատախազությունից

16 տարեկան մատուցողի ծեծի խնդրով ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից և դատախազությունից

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Դիլիջանում անչափահասի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ պարզաբանումներ է պահանջել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից և Գլխավոր դատախազությունից։ «Համացանցում՝ «Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկում 16-ամյա տղային» վերտառությամբ տեսանյութի հրապարակումից հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ աշխատակազմում սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ. ուսումնասիրվել է նաև դեպքի վերաբերյալ հրապարակված տեսաձայնագրությունը։ Պաշտպանի համար յուրաքանչյուր երեխայի լավագույն շահն առաջնահերթություն է, իրավունքների պաշտպանությունը մեր երկրում պետք է երաշխավորված լինի։ Առհասարակ, երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ հանգամանքից, անընդունելի է։ ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով, ինչպես նաև ներպետական օրենսդրությամբ՝ Պետությունն ունի պարտավորություն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ երաշխավորելու համար երեխայի պաշտպանությունը բռնությունից՝ անկախ բռնության դրսևորման ձևից: Երեխան պետք է պաշտպանված լինի բռնության բոլոր ձևերից, այդ թվում՝ ֆիզիկական կամ հոգեբանական, ծեծից, վիրավորանքից կամ չարաշահումից, ծաղրանքից կամ անտեսումից, կոպիտ վերաբերմունքից, շահագործումից և այլն: Հարցի առնչությամբ պարզաբանումներ են պահանջվել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից և Գլխավոր դատախազությունից։ Երեխայի լավագույն շահի ապահովմանն առնչվող հարցերը քննարկվել են նաև Դիլիջան համայնքի իրավասու ներկայացուցչի հետ։ Բացի այդ, ՄԻՊ աշխատակազմը մշտական կապի մեջ է անչափահաս տուժողի շահերի ներկայացուցչի՝ փաստաբանի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
11:03 - 03 հունիսի, 2023
Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ձերբակալվել է. ՔԿ |1lurer.am|

Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ձերբակալվել է. ՔԿ |1lurer.am|

1lurer.am: Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանը ձերբակալվել է: Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:  Մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը): Հիշեցնենք, որ, ըստ Դատախազության հաղորդագրության, Ա. Ղայթմազյանը 2023 թվականի ապրիլի 10-ին` ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում, անհիմն վիճաբանության մեջ է մտել ռեստորանի աշխատակից` անչափահաս Ա.Ա.-ի հետ, ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր մասերին` անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ: Ղայթմազյանի կողմից անչափահաս տղային ծեծի ենթարկելու տեսանյութի տարածումից հետո հայտնի դարձավ, որ Ղայթաղչյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշում է կայացվել` գործում զղջալու հիմքով, սակայն 2023 թվականի հունիսի 2-ին Տավուշի մարզի դատախազի որոշմամբ` վերացվել է այս որոշումը:
20:40 - 02 հունիսի, 2023
Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը երկրաշարժի դեպքում. քննարկում Տավուշի մարզպետարանում

Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը երկրաշարժի դեպքում. քննարկում Տավուշի մարզպետարանում

Մայիսի 24-ին, համաձայն ՀՀ Տավուշի մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2023 թվականի հիմնական միջոցառումների պլանի, Տավուշի մարզպետարանում անց կացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։   Ուսումնավարժությունը ղեկավարել է մարզպետ Հայկ Ղալումյանը, շտաբի պետն էր Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Վահան Փիրումյանը։   Ուսումնավարժությանը մասնակցել են ՆԳՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության և ոստիկանության, մարզի այլ ուժային կառույցների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը և աշխատակիցները, արտակարգ իրավիճակների և տարհանման հանձնաժողովները, Իջևան համայնքի ղեկավարը, Գանձաքար և Գետահովիտ բնակավայրերի վարչական ղեկավարները։   Շտաբային ուսումնավարժության նպատակն էր գործարկել «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ Տավուշի մարզի գործողությունների պլան»-ով նախատեսված միջոցառումները, ստուգել դրանց իրատեսական լինելը, կատարելագործել ղեկավար մարմինների կարողություններն՝ ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ։   Մեկնարկին փ/ծ գնդապետ Վահան Փիրումյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակը, այնուհետև ուսումնավարժության մասնակիցները միջանակյալների միջոցով ստացել են կոնկրետ հանձնարարականներ։   Ներկա մասնակիցները իրենց գերատեսչությունների իրականացրած գործառույթների մասով կատարած աշխատանքների և ծագած խնդիրների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել Տավուշի մարզպետին։ Ուսումնավարժության ղեկավար Հայկ Ղալումյանը ամփոփել է կատարած աշխատանքները՝ կարևորելով միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը։
13:14 - 27 մայիսի, 2023
ՀՀ տարածքային ամբողջականության 29.800կմ²-ի մեջ Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերը ներառված չեն․ Փաշինյան

ՀՀ տարածքային ամբողջականության 29.800կմ²-ի մեջ Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերը ներառված չեն․ Փաշինյան

Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ՀՀ տարածքային ամբողջականության 29.800կմ²-ի մեջ Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերը մտնո՞ւմ են, պատասխանեց՝ «ոչ»։ Պատասխանելով մեկ այլ հարցի Փաշինյանն ասել էր, որ ՀՀ տարածքային ամբողջականության մեջ մտնում է Արծվաշենը։ Փաշինյանի խոսքով անկլավների վերաբերյալ տարբերակները մի քանիսն են․  «Դրանցից մեկն, օրինակ, եթե համաձայնություն լինի, կարող է լինել, որ գծից այս կողմ գտնվող տարածքները մնում են այն կողմի վերահսկողության տակ, որում գտնվում է, տարածքների, այսպես ասած, համաչափության ու նույնականացման ձևով, այսինքն՝ կմ²-ների ճշգրտումով։ Ենթադրենք, չափել՝ Արծվաշենի տարածքն ինչքան է, մնացածի տարածքն ինչքան է ու այնպես անել, որ ամեն ինչ լինի հավասարության սկզբունքի հիման վրա։ Կամ մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո էդ տարածքները լինեն, համապատասխան Արծվաշենը վերադառնա ՀՀ ինքնիշխանության ներքո, մյուս տարածքները վերադառնան, որոնք դե յուրե կհիմնավորվեն, որովհետեւ այս նրբությունը միշտ պետք է հաշվի առնել, քանի որ իրավական մասերը մինչև վերջ ուսումնասիրված չեն, բայց քաղաքական առումով այդպիսին է դիրքորոշումը»։
18:32 - 22 մայիսի, 2023
Պարեկները կօգնեն վարորդներին՝ չափելու ապակիների լուսաթափանցելիության աստիճանը

Պարեկները կօգնեն վարորդներին՝ չափելու ապակիների լուսաթափանցելիության աստիճանը

Պարեկային ծառայության ստեղծման և կայացման ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ ստորաբաժանման հիմնական նպատակներից է ոչ միայն վարչական իրավախախտումների հայտնաբերումն, այլ նաև իրավախախտումների դեմ պայքարում հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումն ու ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։   Հիմք ընդունելով այս սկզբունքը՝ պարեկայինծառայությունը մայրաքաղաքում և մարզերում կիրականացնի իրազեկման միջոցառումներ։ Վարորդները հնարավորություն կունենան պարեկային ծառայության կարգախմբերի օգնությամբ ստուգել մեքենաների ապակիների լուսաթափանցելիության աստիճանը։   Իրազեկման միջոցառումների ժամանակացույցը ստորև՝   Երևան Մայիսի 22-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջան, «Գազպրոմ Արմենիա» ընկերության հարևանությամբ, Մայիսի 22-ից 28-ը՝ ժամը 11.00-ից 16.00-ն, Կենտրոն վարչական շրջան, Շահումյանի հրապարակ, Մայիսի 23-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Արաբկիր վարչական շրջան, Կիևյան 2 Ա, Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Աջափնյակ վարչական շրջան, Գևորգ Չաուշի արձանի հարևանությամբ, Մայիսի 25-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Դավիթաշեն վարչական շրջան, Տ. Պետրոսյան փողոցից Եղվարդի խճուղի հատված, Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Շենգավիթ վարչական շրջան, Շիրակի փողոց, Մայիսի 27-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Էրեբունի վարչական շրջան, Էրեբունու թանգարանի հրապարակ, Մայիսի 27-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ավան վարչական շրջան, Ավանի թաղապետարանի հարակից տարածք, Մայիսի 28-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածք, Մայիսի 28-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Նոր Նորք վարչական շրջան, Նոր Նորքի թաղապետարանի հարակից տարածք։   Շիրակի մարզ Մայիսի 22-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Գյումրի, Կայարանամերձ հրապարակ, Մայիսի 23-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ախուրյան, համայնքապետարանի հարակից տարածք, Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Արթիկ, Սասունցի Դավթի փողոց, Մայիսի 25-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Անի համայնք, Հրանտ Շահինյան փող. 1   Լոռու մարզ Մայիսի 22-ից 23-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Վանաձոր, Հայքի հրապարակ, Թումանյան շրջանաձև խաչմերուկ, Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Սպիտակ, Ալեք Մանուկյան 5, Մայիսի 25-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ստեփանավան, Մարշալ Բաղրամյան 19, Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Տաշիր, Երևանյան 136, Մայիսի 27-ից 28-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Ալավերդի, Թումանյան 3   Կոտայքի մարզ Մայիսի 22-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Աբովյան, Ռոսիայի փողոց, Սուրբ Հովհաննես եկեղոցու հարևանությամբ, Մայիսի 23-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փողոց, ոստիկանության բաժանմունքի հարակից տարածք, Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Եղվարդ, Երևանյան թաղամաս 1, համայնքապետարանի հարակից տարածք, Մայիսի 25-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Նոր Հաճն, Չարենցի փողոց, ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ, Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Չարենցավան, Ստեփան Շահումյան փողոց, ոստիկանության բաժնի հարակից տարածք, Մայիսի 27-ի, ժամը 11.00-ից 16.00-ն, Հրազդան, Օգոստոսի 23-ի փողոց, համայնքապետարանի հարակից տարածք, Մայիսի 28-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ծաղկաձոր, Խաչատուր Կեչառեցու փողոց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածք   Գեղարքունիքի մարզ Մայիսի 22-ից 23-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Սևան, Կենտրոնական հրապարակ, Մայիսի 23-ից 24-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Գավառ, Կենտրոնական հրապարակ, Մայիսի 24-ից 25-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Մարտունի, Մյասնիկյան փողոց, Երաժշտական դպրոցի հարակից տարածք, Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Վարդենիս, Լեոնիդ Ազգալդյան փողոց, Հայփոստի հարակից տարածք, Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ճամբարակ, Գարեգին Նժդեհի փողոց, ոստիկանության բաժնի հարակից տարածք   Արագածոտնի մարզ Մայիսի 22-ից 28-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Աշտարակ, Ներսես Աշտարակեցու հրապարակ Մայիսի 22-ից 28-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Ապարան, Մարշալ Բաղրամյան 26 Մայիսի 22-ից 28-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Թալին, Գայի 1   Տավուշի մարզ Մայիսի 22-ից 23-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Իջևան, Արցախյան 4, Մայիսի 24-ին, և մայիսի 27-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Դիլիջան, Օղակաձև խաչմերուկ, Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Նոյեմբերյան, Բարեկամության 4 Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Բերդ, Լևոն Բեկի 14   Հիշեցնենք, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ Հարգելի՛ վարորդներ, կոչ ենք անում հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը։
16:50 - 20 մայիսի, 2023
Հաղթում է թիմային ոգին. հայտնի են «Վարչապետի գավաթ»-ի դպրոցականների մրցաշարի հաղթողները
 |armenpress.am|

Հաղթում է թիմային ոգին. հայտնի են «Վարչապետի գավաթ»-ի դպրոցականների մրցաշարի հաղթողները |armenpress.am|

armenpress.am: Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, մայիսի 20-ին անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը: Միջոցառմանը մասնակցեցին հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Առաջին անգամ մրցաշարն անցկացվեց երկօրյա ճամբարով: Մրցաշարին մասնակցում էին 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարեցին 5000 մետր մրցատարածությունը: Երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղում Սյունիքի թիմն է, երկրորդ հորիզոնականում Վայոց Ձորի Արենիի ներկայացուցիչներն են, իսկ եռյակի վերջում Լոռու մարզի Վանաձորի թիմն է: Մրցման լավագույն վազորդներն են Շիրակից Մարի Սարգսյանն ու Սյունիքից՝ Արթուր Համբարձումյանը: Եզրափակիչ փուլի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերի և մասնակիցների պարգևները հանձնեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: ««Վարչապետի գավաթ» խորագրի ներքո 4 մրցաշար ունենք, և պիտի խոստովանեմ, որ երկու տարվա արդյունքներով նախնական նպատակին, ոգուն ամենաշատը համապատասխանում է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը: Շնորհակալություն եմ հայտնում բոլորից ակտիվ մասնակցության համար»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը շեշտեց, որ երկօրյա ճամբարի ժամանակ հրաշալի ժամանակ է անցկացրել մասնակիցների հետ, միասին քննարկումներ են ծավալել: Ըստ վարչապետի՝ մասնակից երեխաներից թե՛ առաջին եզրագիծը հատածը, թե՛ վերջինը՝ նույն ոգևորությամբ էին մրցում: «Մեր նպատակն այն է, որ դպրոցից թիմի ոգին, անհատական պատասխանատվության ոգին զարգանա: Տեսնում ենք, որ այս մրցաշարը ծառայում է այդ նպատակին»,-ասաց վարչապետը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով սպորտի մասսայականացումը, լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ նախորդ տարվա համեմատ՝ մասնակիցների թիվն ավելացել է: «Խրախուսական պարգև ունի նաև հաղթող թիմի մարզիչը: Ուսուցիչների դերն այստեղ շատ մեծ է: Բացի անհատական մոտեցումներից, մոտիվացիան պահպանված է բոլոր շերտերում»,-ասաց նախարարը: Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ՝ ուսուցչի, 100 հազարական դրամ՝ աշակերտների, 300 հազար դրամ՝ ուսուցչի և 75 հազարական դրամ՝ աշակերտների համար (հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն): Մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 251 դպրոցի 1984 աշակերտ է մասնակցել: Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Լոռու մարզում, որտեղ ուժերն են չափել 37 դպրոցի 500 աշակերտներ: Ակտիվ մասնակցություն է գրանցվել նաև Արմավիրի մարզում, որտեղ ուժերն են չափել 30 դպրոցի շուրջ 210 աշակերտներ:
13:43 - 20 մայիսի, 2023
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ, Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը: Մրցաշարը տեղի է ունենալու մայիսի 20-ի առավոտյան: Միջոցառմանը կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը: Հանդիպման ընթացքում վարչապետը մասնակիցների հետ քննարկել է մրցաշարի կազմակերպմանը, ձևաչափին, մարզերում անցկացված նախնական փուլերի արդյունքներին վերաբերող հարցեր, պատասխանել տարբեր հարցերի: Մրցաշարի մասնակիցները և նրանց մարզիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին նման նախաձեռնության համար և հավելել, որ այն բավականին մեծ հետաքրքրվածություն ունի դպրոցականների շրջանում: Նիկոլ Փաշինյանը բոլորին մաղթել է հաջողություններ և հորդորել շարունակել զբաղվել սպորտով, իսկ Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի համայնքներում ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ:
10:17 - 20 մայիսի, 2023
Ոստիկանների գործունեությանը միջամտելու նոր դեպքեր Արագածոտնում և Տավուշում. մեկ անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

Ոստիկանների գործունեությանը միջամտելու նոր դեպքեր Արագածոտնում և Տավուշում. մեկ անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի և Տավուշի մարզային քննչական վարչություններում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ քաղաքացիների կողմից ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հերթական դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։2023 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 01:15-ին, Աշտարակ քաղաքի վարչական տարածքի Քասախի կիրճում գտնվող ռեստորանային համալիրի դիմաց ծառայություն իրականացնող պարեկները նկատել են մի քաղաքացու, ով ձեռքով մեքենան կայանելու նշան է արել: Պարեկային ծառայողներն անմիջապես կայանել են և իջել ավտոմեքենայից, որպեսզի պարզեն, թե ինչ խնդիր ունի քաղաքացին: Վերջինս հրաժարվել է ներկայանալ և սկսել է անհիմն վիճել պարեկների հետ, բողոքել, որ տարածքում նրանց կողմից ծառայություն իրականացնելուց ի վեր իր գործերը վատացել են, պահանջել, որ այդ տարածքում այլևս ծառայություն չիրականացնեն, հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին, ձեռքերով հարվածել նրանց կրծքավանդակի, գլխի հատվածներին, որոնց ժամանակ քաշել և պոկել է պարեկային ծառայողին ամրակցված ծառայողական տեսախցիկը՝ վնասվելով այն, ապա դիմել փախուստի՝ մտնելով ռեստորանի տարածք։ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում վերոնշյալ քաղաքացին ձերբակալվել է՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած կասկածանքով: Նախաքննության ընթացքում զննվել է դեպքի վայրը, վերցվել են հարակից ռեստորանում տեղադրված, ինչպես նաև՝ պարեկներին ամրակցված  տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ձեռք բերված փաստերի հիման վրա նշված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։Մյուսի դեպքը տեղի է ունեցել Իջևան քաղաքում։ 2023 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները Իջևան քաղաքի Վասիլյան փողոցում մթության պայմաններում լուսարձակներն անջատած երթևեկելու համար կանգնեցրել են «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը, չենթարկվելով պարեկների օրինական պահանջին, դիմել է փախուստի և ավտոմեքենան կանգնեցրել Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի շենքերից մեկի բակում: Այնուհետև հիշյալ մեքենայի վարորդը՝  ակնհայտ ոչ սթափ վիճակում, և ուղևորը՝ վերջինիս անչափահաս որդին, իջել են ավտոմեքենայից: Վերջինս փորձել է նստել նշված մեքենայի ղեկին, ինչը խոչընդոտվել է պարեկային ծառայության աշխատակիցների կողմից,  իսկ վարորդը երկու անգամ հարվածել է պարեկի ձեռքին և դեմքին: Նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ, որի հետևանքով ստեղծված խառնաշփոթ իրավիճակում հիշյալ ավտոմեքենան անհայտ անձի կողմից տեղափոխվել է տան բակ, իսկ մեքենայի վարորդը և նրա որդին դիմել են փախուստի: Մոտ 20 րոպե տևած միջադեպի ընթացքում մեքենայի վարորդի և միջամտած քաղաքացիների կողմից պարեկային ծառայության աշխատակիցների հասցեին հնչեցվել են բարձրաձայն հայհոյանքներ, խոչընդոտվել են նրանց գործողությունները: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ հիշյալ մեքենայի վարորդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որ բավարարվել է:Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում:Երկու քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:29 - 18 մայիսի, 2023
Նիկոլ Փաշինյանը Տավուշում ծանոթացել է ճանապարհաշինական, դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին, մասնակցել ծառատունկի

Նիկոլ Փաշինյանը Տավուշում ծանոթացել է ճանապարհաշինական, դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին, մասնակցել ծառատունկի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Իջևանի բժշկական կենտրոնից, որտեղ հիմնվել են համակարգչային տոմոգրաֆիայի և հեմոդիալիզի բաժանմունքներ: «Ծանոթացա նաև Գանձաքարի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին, որոնք նախատեսվում է ավարտել հաջորդ տարի: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 1,8 մլրդ դրամ է, իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ»,- տեսանյութին կից գրել է նա: Վարչապետը Իջևանի Մայր Հայաստան հուշարձանի մոտ մասնակցել է ծառատունկին։ Դիլիջան համայնքի Գոշ-Աղավնավանք 11 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի իրականացման համար կառավարությունը հատկացրել է 869 մլն դրամ։ Վարչապետը տեսանյութ է հրապարակել այդ հատվածից։ Դիլիջանում մասնավորի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են բիզնես համալիրի, տվյալների վերամշակման կենտրոնի և հանգստի գոտու հիմնման աշխատանքները: Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է ներդնել 25 մլն դոլար, ողջ ներդրումային ծրագիրը գնահատվում է 100 մլն դոլար: Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող Կամարինի 1 հասցեից Օրջոնիկիձե 57-Կամարինի 37 հասցե ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք կավարտվեն մոտ ժամանակներս: Դիլիջանում ընթացքի մեջ են նաև Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցի շենքի 2022թ.-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքները, որոնք կրկին իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Շենքը շահագործման կհանձնվի այս տարի:
13:13 - 30 ապրիլի, 2023
Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ շարունակվում է

Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ շարունակվում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ շարունակվում է։ Այսօր՝ ապրիլի 29-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղբաբյանի և այլ պաշտոնյաների հետ նա այցելել է Նոյեմբերյան և ծանոթացել տեղի բժշկական կենտրոնի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների կառուցման աշխատաքների ընթացքին: Այս մասին նա հայտնել է իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ «Ծրագիրը, որն ավարտին կհասցվի 2024 թվականի սկբզին, իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ընդհանուր արժեքը կազմում է 115 մլն դրամ։ Կառավարությունն իր հերթին բաժանմունքները կապահովի նոր գույքով: Հաջորդիվ ծանոթացա Նոյեմբերյանի փողոցներից մեկում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված 200 մետր երկարությամբ փողոցի տուֆապատման աշխատանքներին: Ծրագրի իրականացման համար հատկացվել է 29 մլն դրամ, որից 19 մլն-ը՝ պետբյուջեից», - գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ: Այցի շրջանակներում Փաշինյանը ոչ միայն ծանոթացել է նոր բաժանմունքների կառուցման աշխատանքներին, այլև հանդիպել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակիցներին, ինչպես նաև ծանոթացել շինարարական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների աշխատանքային պայմաններին։
14:23 - 29 ապրիլի, 2023
Վարչապետը Տավուշի մարզում ծանոթացել է համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Վարչապետը Տավուշի մարզում ծանոթացել է համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետի առաջին կանգառը եղել է Բերդ խոշորացված համայնքում, որտեղ ծանոթացել է Տավուշ գյուղի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման կատարված աշխատանքներին:  Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 73,683,410 դրամ, որից 55,078,387 դրամը հատկացվել է պետբյուջեից: Կատարված աշխատանքների արդյունքում գյուղում ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարում: Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Բերդի տարածաշրջանի Քոլագիրի ճամբար տանող 2 կմ եկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին, որի ընդհանուր արժեքը կազմել է 281,000,000 դրամ: Միջոցները տրամադրվել են պետական բյուջեից: Իսկ Բերդի Հ. Ադամյան-Գ. Նժդեհի փողոցում սուբվենցիոն ծրագրով իրականացվել են տուֆով և բազալտով սալարկման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 287 մլն դրամ է, այդ թվում՝ պետբյուջեից համաֆինանսավորման չափը կազմում է 200 մլն 900 հազար  դրամ։​ Բերդ համայնքում կառուցվել է նաև Չորաթանի մարզադաշտը և վերանորոգվել Մխիթարյան երիտասարդական կենտրոնը: Մարզադաշտը կառուցվել է չորաթանցի Սոս Մարտիրոսյանի միջոցներով, Մխիթարյան երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է կանադահայ Յալքեզյան հինադրամի՝ 80% և Հայաստանի Մխիթարյան կենտրոնի՝ 20% միջոցներով: Կառավարության ղեկավարը եղել է նորակառույց մարզադաշտում, երիտասարդական կենտրոնում: Այստեղ երեխաների համար կազմակերպվում են նկարչության, արվեստի տարբեր ճյուղերի, ինչպես նաև մարզաձևերի խմբակներ:​ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կառավարություն-համայնք-գործարար համայնք արդյունավետ համագործակցության համար, որի շնորհիվ մարզում ապահովվում է ակտիվ մշակութային և մարզական կյանք: Ըստ վարչապետի՝  դրա շնորհիվ էլ այցերն ավելի են արժևորվում և  ավելի կարևոր են դառնում:   Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել, որպեսզի կառավարության աջակցությամբ կառուցվեն մարզադաշտի հանդերձարանները, իսկ կենտրոնը համալրվի անհրաժեշտ տեխնիկայով: «Հարգելի ներկաներ, նախ շնորհակալ եմ այս մթնոլորտի և այս տրամադրության համար: Շնորհակալ եմ, որ Չորաթան գյուղում այսպես լավ  կազմակերպված է կյանքը, և երեխանները բացի դպրոցական կրթությունից,  ունեն նաև արտադպրոցական կրթության հնարավորություն, և դա շատ ողջունելի է: Սա այն է, ինչ որ մենք ուզում ենք տեսնել: Նաև մարզական, մշակութային շատ ակտիվ կյանք կա, այսօր էլ մարզադաշտը բացվեց: Առաջիկայում հույս ունենք նաև այլ մարզական ենթակառուցվածքներ կստեղծվեն, նաև համակարգչային, արհեստագործական բոլոր ուղղություններով, և դա շատ ուրախալի է: Եվ մեր արձանագրումը հետևյալն է՝ այս երեխաները, ինչպես նրանց ծնողներն այստեղ ապրում են և պետք է այստեղ ապրեն, և մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ երեխանները, նույնիսկ ամենահեռավոր գյուղերում, նույնպիսի կրթության և կարիերայի հնարավորություն ունենան, ինչպես, օրինակ, ունենում են Երևանում կամ արտերկրում: Հիմա 21-րդ դարն այդ հնարավորությունը տալիս է, կարելի է  շատ մեծ հաջողությունների հասնել գիտության, մշակույթի ոլորտներում, բայց նաև ապրել  քո ծննդավայրում, քո մարզում, քո հայրենիքում: Եվ այս հնարավորության համար ես շատ շնորհակալ եմ և նաև հույս ունեմ, որ մենք այստեղ տեսնում ենք ապագա չեմպիոնների, տեսնում ենք շատ հայտնի նկարիչների, տեսնում ենք շատ հաջողակ մշակութային խմբեր: Մենք պետք է այդ կյանքի տրամաբանությունն ամեն օր, ամեն ժամ զարգացնենք»,-ասել է վարչապետը: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Բերդի Հերոսների պուրակ, որտեղ մեկնարկել են բարեկարգման աշխատանքներ: Ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 44,294,000 դրամ, որից 24,361,700 դրամը՝ պետբյուջեից: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հուշարձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:​ Վարչապետը ծանոթացել է նաև Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 6 մլրդ դրամ է: Ճանապարհի երկարությունը 40 կմ է, որից 25 կմ-ն Տավուշի մարզում է: Աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են և նախատեսված է ավարտել 2024 թ.-ին:
10:18 - 29 ապրիլի, 2023