Փաստերի ստուգում

Մարգարիտ Եսայան vs Հակոբ Ասլանյան․ ո՞վ է ավելի ակտիվ գործունեություն ծավալել

Մարգարիտ Եսայան vs Հակոբ Ասլանյան․ ո՞վ է ավելի ակտիվ գործունեություն ծավալել

Մի քանի օր առաջ՝ «24TV»-ին տված հարցազրույցում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն, անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին, գնահատական տվեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի գործունեությանը։ «Անցյալ օրը, նախկին ՀՀԿ-ական 5-րդ և 6-րդ գումարման պատգամավորուհի կար, որը իր ամբողջ [գործունեության] ընթացքում բացարձակապես ոչինչ չի արել, ես չեմ տեսել մի ելույթ նրա։ Մարգարիտ Եսայան․ ես անուն եմ տալիս։ Այնպես է հոխորտում, այնպես է խոսում։ Գոնե, ա՛յ տիկին, գնա մի հատ հայելու մեջ նայի, մի հատ տես՝ դու ով ես։ Երկու գումարումների պատգամավոր ես եղել, ի՞նչ ես արել հայրենիքի համար՝ բացի թալանելուց»,- նշեց Հակոբ Ասլանյանը։ «Infocom»-ն ուսումնասիրել է Ազգային ժողովում առկա տվյալները՝ հասկանալու՝ Մարգարիտ Եսայա՞նն է պատգամավորական ավելի ակտիվ գործունեություն ծավալել, թե՞ Հակոբ Ասլանյանը։ Ուսումնասիրվել է ԱԺ նիստերի սղագրությունների բաժինը, որտեղից առաձնացվել են երկու պատգամավորների բոլոր ելույթները, ինչպես նաև նախագծերի բաժինը, հասկանալու համար, թե նրանցից ով քանի նախագիծ է հեղինակել։ Մարգարիտ Եսայանը եղել է ԱԺ 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ։ 5-րդ գումարման ընթացքում (2012-2017 թթ․) Մարգարիտ Եսայանն ունեցել է առնվազն 50 ելույթ։ 6-րդ գումարման ընթացքում (2017-2018) նա ունեցել է 9 ելույթ։ Փաստորեն, իր պատգամավորական ողջ գործունեության ընթացքում՝ 2012-2018 թթ․, Եսայանը տարեկան ունեցել է միջինում 8 ելույթ։ Հակոբ Ասանյանն ԱԺ պատգամավոր է 2020-ի դեկտեմբերից։ Իր պատգամավորական գործունեության ավելի քան մեկուկես տարվա ընթացքում նա ելույթ է ունեցել երկու անգամ։ Նախագծերի մասով ևս Մարգարիտ Եսայանն առջևում է։ 5-րդ գումարման ԱԺ-ում նա համահեղինակել է օրենքի 7 նախագիծ, որոնցից 3-ն ընդունվել է։ 6-դ գումարման ԱԺ-ում պատգամավորը համահեղինակել է 2 նախագիծ, որոնցից 1-ն է ընդունվել։ Հիշեցնենք, որ 6-րդ գումարման ԱԺ-ն գործել է մինչև 2018-ի դեկտեմբերի արտահերթ ընտրությունները։ Իսկ Հակոբ Ասլանյայնն իր պատգամավորական գործունեության ողջ ընթացքում չի հեղինակել կամ համահեղինակել օրենքի ոչ մի նախագիծ։ Այպիսով, ՔՊ-ական պատգամավորը Մարգարիտ Եսայանին մեղադրում է պասիվության համար, մինչդեռ վերջինս իր պատգամավորական գործունեության ընթացքում ելույթների և նախագծերի մասով ավելի ակտիվ գործունեություն է ծավալել, քան Ասլանյանը։ Աննա Սահակյան  
18:56 - 09 օգոստոսի, 2022
Կարո՞ղ է արդյոք Հայաստանի արբանյակը օգնել հայտնաբերելու և խոցելու հակառակորդի ԱԹՍ-ները

Կարո՞ղ է արդյոք Հայաստանի արբանյակը օգնել հայտնաբերելու և խոցելու հակառակորդի ԱԹՍ-ները

Օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հայտնեց, որ Արցախի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Արդեն օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կիրառել է նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով հայկական կողմում զինծառայողներ են վիրավորվել և զովել։ Վերջին տվյալներով՝ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է, լարվածությունը պահպանվում է։ Հայկական կողմն ունի 2 զոհ, 19 վիրավոր։ Երկու օր առաջ Արցախում կատարվողի համատեքստում Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձավ մայիսին տիեզերք ուղարկված «ArmSat-1» արբանյակին․ «Արբանյակ ունեցող Հայաստանը, ըստ ռազմական տրամաբանության, հիմա պետք է ստանար Ադրբեջանի դիրքերի և օդ բարձրացված բայրաքթարների կոորդինատները, որոնցով էլ ՀՕՊ-ով կկարողանար առանց խնդրի ոչնչացնել թշնամու այդ կրակակետերը։ Ի՞նչ է անում հայկական արբանյակը տիեզերքում։ Ինչո՞վ է զբաղված, եթե զբաղված է, իհարկե»։ Այս գրառումը տարածեցին մի շարք լրատվամիջոցներ (oragir.news, mamul.am, yerkir.am, armday.am, արխիվացված հղումները՝ 1, 2, 3, 4)։ Նույն պնդումը Հոխիկյանն արեց երեկ՝ «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ՝ պնդելով, որ այդկերպ հնարավոր կլիներ ոչնչացնել հակառակորդի ԱԹՍ-ները։ Նաիրի Հոխիկյանի այս պնդումը, սակայն, վիճահարույց է․ որոշակի պայմաններում «ArmSat-1» արբանյակից ստացված պատկերների և այլ տվյալների համադրությամբ տեսականորեն հնարավոր է նկատել օդ բարձրացած «Բայրաքթարները», սակայն այդ տվյալները «Բայրաքթարները» խոցելու հարցում, մեծ հաշվով, անօգուտ են։ Infocom-ը արբանյակի հնարավորությունների, ինչպես նաև դրա միջոցով ռազմական օբյեկտներ հայտնաբերելու հավանականության մասին զրուցել է «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության հիմնադիր և նախագահ Ավետիք Գրիգորյանի հետ։ Վերջինս բացատրում է, որ ոչ բոլոր մեծության օբյեկտներն են հստակ երևում արբանյակից ստացված պատկերներում։ Գոյություն ունի արբանյակի լուծունակություն․ պարզ ասած՝ դա այն ամենափոքր դետալն է, որը արբանյակը կարող է ֆիքսել Երկիր մոլորակի վրա որպես արբանյակից ստացված պատկերի վրա երևացող մեկ կետ։ «ArmSat-1» արբանյակի դեպքում այդ կետը համապատասխանում է նկարված տեղանքում 2 մետրի։ Այսինքն, Երկրի վրայի երկու մետրանոց դետալը արբանյակից ստացված պատկերում երևում է որպես մի կետ, որում ավելի փոքր մանրամասներ տեսնել հնարավոր չէ։ «Այսինքն, եթե տեղանքում կա 2 մետրանոց ավտոմեքենա, ապա դա նկարի վրա երևալու է որպես մի կետ»,- նշում է Ավետիք Գրիգորյանը: Սակայն տեսականորեն արբանյակից ստացված պատկերով հնարավոր է ենթադրել՝ արդյո՞ք պատկերում երևացող կետն ԱԹՍ է, թե՞ այլ օբյեկտ։ Բանն այն է, որ խոսքը միայն ստացված պատկերում օբյեկտների երևալ/չերևալու մասին չէ․ այդ ամենի հետ համադրվում են այլ տեղեկություններ ևս։ «Եթե նույն «Բայրաքթարը» 2 մետրից մեծ է, և արբանյակից ստացված պատկերում այն երևա որպես 6-8 կետերի համախումբ, ու տեսնեն, որ այն դիրքը փոխում է ժամանակի ընթացքում, արագությունը պատկերացնեն, կասեն՝ այս լեռնային տեղանքներով այդ արագությամբ ոչինչ շարժվել չէր կարող, ուրեմն դա օդում թռչող օբյեկտ է, և այդ արագությունը, օրինակ, բնորոշ է «Բայրաքթարին»»,- ասում է Ավետիք Գրիգորյանը։ Նրա խոսքով, տարբեր տեղեկություններ համադրելով, կարելի է գլխի ընկնել արբանյակից ստացված պատկերներում ռազմական այլ օբյեկտների առկայության մասին ևս․ «Կարող ես տեսնել կետերի մի ամբողջ շարք, որը գնում է ամայի տեղանքներով, բայց հողային ճանապարհով։ Կարելի է մտածել, որ ավտոշարասյուն է ու ամենայն հավանականությամբ, եթե մեր սահմանների մոտ է, ռազմական ավտոշարասյուն է»։                        ։ «ArmSat-1»-ը պտտվում է Երկիր մոլորակի շուրջը ցածր (ոչ գեոստացիոնար) ուղեծրով։ Սա նշանակում է, որ այն չի կարող ողջ օրը լինել միևնույն տեղանքի վերևում և պատկերներ ուղարկել մոլորակի այդ հատվածից, օրինակ՝ հայ-ադրբեջանական սահմանից։ Ավետիք Գրիգորյանը նշում է՝ մեր տարածաշրջանի վրայով նման արբանյակը, որպես կանոն, կանցնի օրվա մեջ շուրջ 5 անգամ։ Հաշվի առնելով, որ գետնի նկատմամբ փոքր անկյան տակ նկարահանելիս պարզ պատկերներ չեն ստացվի, ապա մեր տեղանքը նկարահանելու համար պիտանի անցումները կլինեն ավելի քիչ։ Սակայն նույն տեղանքից մի քանի րոպեի ընթացքում պատկերներ ստանալ հնարավոր է։ Ի տարբերություն այլ արբանյակների՝ մեր արբանյակը լրացուցիչ հնարավորություն ունի․ այն նկարում է ոչ միայն ուղիղ իր ներքևում եղածը, այլ նաև կարող է թեքվել ու կողքերից պատկերներ ստանալ: «Օրինակ, եթե մեզ հետաքրքրում է սահմանի կոնկրետ կտորը, իսկ արբանյակն անցնում է ոչ ուղիղ դրա վրայով, ապա կարող ենք հրահանգ տալ, ասել՝ մենք ուզում ենք այս կտորը նայել։ Արբանյակը կուղղվի այդ կողմն ու կնկարի։ Հիմա, եթե անցնելու ընթացքում, որը մեր դեպքում տևում է ամենաշատը 9 րոպե, սկզբից նկարի տարածքը, հետո՝ 5-7 րոպե անց, նորից նկարի նույն տարածքը, և երևա, որ ամեն ինչը այդ պատկերում նույնն է, բայց մի ինչ-որ կոնկրետ կետ կամ կետերի համախումբ տեղաշարժվել է այդ րոպեների ընթացքում, ապա դրանից կարելի է եզրակացնել, որ դա շարժվող օբյեկտ էր։ Բայց դա, ի վերջո, մնում է ենթադրություն․ այդ պատկերն այնքան մանրամասն չէ, որ կարողանաս սև-սպիտակ պատկերում երկու մետրը երկու մետրի վրա չափերով տախտակը տարբերել նույն չափերի տեխնիկայից։ Բազմասպեկտրալ պատկերների համադրումը գուցե թույլ տա հասկանալ, թե ինչ նյութից է լույսն անդրադարձել, բայց այդ դեպքում էլ լուծունակությունն ավելի քիչ կլինի՝ մոտ 3 մ»,- նշում է Ավետիք Գրիգորյանը։ Վերջինիս խոսքով՝ կարևոր է նաև, թե պատկերն ինչ պայմաններում և ինչ տեղանքում է ստացվել․ «Կախված է տեղանքից․ ինչի՞ վրայով է թռչում օբյեկտը։ Կախված է լուսավորությունից։ Կարող են այնպիսի պայմաններ լինել, որ օբյեկտը լավ երևա տեղանքի ֆոնի վրա, կարող են այնպիսի պայմաններ լինել, որ չերևա։ Միանշանակ չէ, որ ցանկացած բան, երբ էլ անցնի, արբանյակը կտեսնի, կտարբերի»։ Այս ամենից կարելի է եզրակացնել , որ տեսականորեն տարբեր տվյալների համադրությամբ հնարավոր է արբանյակից ստացված պատկերներից իմանալ, որ Հայաստանի կամ Արցախի այս կամ այն հատվածում «Բայրաթքար» է թռել։ Այլ հարց է, թե դա որքանով կնպաստի այդ «Բայրաթքարը» խոցելուն։  «Դա ընդամենը հայտնաբերման լրացուցիչ շանս է։ Ռազմական տեխնիկա գոյություն ունի, ՀՕՊ գոյություն ունի, որը ռադարային սկզբունքներով կարողանում է բացահայտել երկնքում օբյեկտները։ Եթե շատ փոքր ԱԹՍ է, դրա համար հզոր ռադար է պետք, բայց «Բայրաքթարը» ՀՕՊ-ը պիտի որ գրանցի։ ․․․․ ՀՕՊ-ը հատուկ կառուցված է այնպես, որ երբ ռադարով հայտնաբերում է օբյեկտ, անմիջապես դառնում է կառավարող օրգան հակաօդային միջոցների համար, որ հրթիռ ուղարկելիս ցույց տա՝ թիրախը որտեղ է, և հրթիռը գնա այդ ուղղությամբ։ Եթե ՀՕՊ-ը չկա կամ կա, բայց օբյեկտը չի հայտնաբերել, ապա միայն արբանյակից ստացված նկարին նայելով՝ Երկրի վրայից ո՞ր կողմ արձակեն հրթիռը, որ գնա, խոցի։ Արբանյակից ստացված պատկերը թույլ չի տալիս հստակ ստանալ օբյեկտի կոորդինատները տարածության մեջ։ Այն չի կարող ապահովել հրթիռի ճշգրիտ ուղղորդում և օբյեկտի խոցում։ Նկարով կարող ես միայն իմանալ, որ գուցե  նման բան է անցնում այդ պահին։ Դա ընդամենը կարող է լինել հայտնաբերման հնարավոր միջոցներից մեկը»,- նշում է Ավետիք Գրիգորյանը։ Բացի այդ՝ պետք է հաշվի առնել, որ արբնյակը ոչ միշտ է պատկերներն ուղարկում անմիջապես նկարելուց հետո։ Կլինեն պատկերներ, որոնք կուղարկվեն մեզ հաջորդ անցման ժամանակ, լավագույն դեպքում՝ նկարելուց 90 րոպե անց։ Ավետիք Գրիգորյանի խոսքով՝ արբանյակից ստացված պատկերները կարող են, օրինակ, օգնել զինտեխնիկայի շարժը կամ սահմանին ինչ-որ շինություններ կառուցելու գործընթացը նկատելու հարցում․ «Շարժերը կարելի է նայել․ բեռնատար մեքենաներ են, զինտեխնիկա է տեղաշարժվում, մեկուկես ժամ անց կարելի է տեսնել, որ տեղաշարժվել են։ Սահմանամերձ շինություններ են անում, դիրքեր են ամրապնդում․․․ Դրանք ավելի խոշոր բաներ են, շատ մանրամասներով չի երևա, բայց կհասկացվի, թե դա ինչ բնույթի կառույց է, թշնամու միտումը կիմանանք»։ Ամփոփելով նշենք, որ Նաիրի Հոխիկյանի պնդումը, թե Հայաստանի արբանյակը  պետք է ստանար օդ բարձրացված «Բայրաքթարների» կոորդինատները և փոխանցեր ՀՕՊ-ին, վիճահարույց են։ Ինչպես տեսանք, «Բայրաքթարը» արբանյակի համար փոքր օբյեկտ է, և եթե անգամ արբանյակի պատկերներից մեկում այն նկատվեր, և տարբեր տեղեկությունների համադրմամբ հնարավոր լիներ հասկանալ, որ դա «Բայրաքթար» է, այդ տեղեկությունը դժվար թե օգներ խոցելու նպատակով արձակված հակաօդային միջոցի ուղղորդմանը։ Հիշեցնենք՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 12-ին հայտնել էր, որ արբանյակի կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի մասով աշխատանքներ են տարվում։ Արբանյակից պատկերներ ստանալու մասին տեղեկություններ դեռևս ոչ մի գերատեսչություն չի հրապարակել։ Աննա Սահակյան
15:30 - 05 օգոստոսի, 2022
Աղաջանյանի, Եղոյանի եւ Հակոբյանի բացակայությունների քանակում էական տարբերություններ կան․ «Ժողովուրդ» օրաթերթի համեմատությունը վիճահարույց է

Աղաջանյանի, Եղոյանի եւ Հակոբյանի բացակայությունների քանակում էական տարբերություններ կան․ «Ժողովուրդ» օրաթերթի համեմատությունը վիճահարույց է

Վերջին ժամանակներս պարբերաբար քննարկվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների՝ ԱԺ նիստերից բացակայությունների հարցը, ինչին նաեւ իրավական որոշակի գործընթացներ են հաջորդում։ Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ին ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանին հետ է կանչել ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ այն պատճառաբանությամբ, որ նրանք չեն կատարում ի պաշտոնե ունեցած պարտականությունները եւ չեն մասնակցում նիստերին։ Նույն օրը «Ժողովուրդ» օրաթերթը «Վահե Հակոբյանին պաշտոնից զրկելու հիմքը կարող է տարածվել նաև ՔՊ-ականների վրա» վերտառությամբ հոդված է հրապարակել՝ համեմատականներ անցկացնելով Վահե Հակոբյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ հանձնաժողովներ նախագահող պատգամավորների միջեւ։ Մասնավորապես, թերթը գրել է․ «Ուշագրավ է, որ խորհրդարանում կան ՔՊ-ական պատգամավորների կողմից նախագահվող հանձնաժողովներ, որոնք 8-րդ գումարման խորհրդարանի մեկնարկից ի վեր պասիվ են: Խոսենք փաստերով. Վլադիմիր Վարդանյանի ղեկավարած Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը 2021 թվականի օգոստոսից մինչեւ օրս անցկացրել է 24 նիստ։ Պասիվ հանձնաժողովներից է, օրինակ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որն անցկացրել է 3 նիստ, աշխատանքային քննարկումներ եղել են, սակայն ավանդաբար այս հանձնաժողովն ամենապասիվներից է: Իսկ, ահա, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էլ ընդամենը 7 նիստ է անցկացրել: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանն է, 9 նիստ է անցկացրել, իսկ, ահա, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից նախագահած Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ 7 նիստ: Սակայն այս ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Թովմասյանի ղեկավարած հանձնաժողովը մոտ երկու տասնյակ աշխատանքային քննարկումներ եւ նույնքան էլ միջազգային հանդիպումներ է ունեցել: Այսինքն՝ այն հիմքը, որով Վահե Հակոբյանին փորձում են զրկել, տարածվում է առնվազն ՔՊ-ական Արման Եղոյանի եւ Էդուարդ Աղաջանյանի վրա եւս, որոնք ամենապասիվներն են եղել հանձնաժողովի նիստերի կազմակերպման առումով»,- նշված է հոդվածում։ Հասկանալու համար, թե որքանով են այս համեմատությունները ողջամիտ, եւ առհասարակ, հանձնաժողովներում նախագահների բացակայությունների ինչպիսի պատկեր է առկա, գրավոր հարցմամբ դիմել էինք Ազգային ժողովին` հետաքրքրվելով, թե 8-րդ գումարման ընթացքում քանի նիստ է հրավիրել ԱԺ մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրը, եւ հրավիրված ու կայացած քանի նիստից են բացակայել հանձնաժողովների նախագահները։ Ազգային ժողովից ստացված պատասխանի համաձայն՝ 8-րդ գումարման ընթացքում Տնտեսական հարցերի հանձնաժողովն անցկացրել է 29 նիստ, որից նախագահ Վահե Հակոբյանը բացակայել է 12 անգամ։ Վլադիմիր Վարդանյանի ղեկավարած Պետական եւ իրավական հարցերի հանձնաժողովը անցկացրել է ոչ թե 24, այլ 39 նիստ, որոնցից 9-ից Վարդանյանը բացակայել է գործուղման մեջ լինելու պատճառով։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որը ղեկավարում է Արման Եղոյանը, անցկացրել է ոչ թե 3, այլ 4 նիստ, որոնցից, ըստ ԱԺ-ի, Եղոյանը չի բացակայել։ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը, որի նախագահ Արմեն Գեւորգյանը վերջերս հրաժարականի դիմում ներկայացրեց, անցկացրել է 9 նիստ, որոնցից Գեւորգյանը բացակայել է 4 անգամ։ Թագուհի Թովմասյանի նախագահած Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը, ըստ ԱԺ-ի, անցկացրել է 7 նիստ, որոնցից 3-ից  Թովմասյանը բացակայել է։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էլ՝ Էդուարդ Աղաջանյանի ղեկավարությամբ, անցկացրել է 7 նիստ, որոնցից Աղաջանյանը բացակայել է 1 անգամ՝ գործուղմամբ պայմանավորված։ Այսինքն՝ ստացվում է, որ օրաթերթի հրապարակած թվերում որոշակի անճշտություններ կան, իսկ բացակայություններն էլ որոշ դեպքերում պայմանավորված են եղել գործուղումներով։ Ինչ վերաբերում է թերթի այն պնդմանը, թե հիմքը, որով Վահե Հակոբյանին փորձում են զրկել, տարածվում է առնվազն ՔՊ-ական Արման Եղոյանի եւ Էդուարդ Աղաջանյանի վրա եւս, քանի որ նրանք ամենապասիվներն են եղել հանձնաժողովի նիստերի կազմակերպման առումով,  պետք է նկատի ունենալ, որ Վահե Հակոբյանի, նաեւ Իշխան Սաղաթելյանի լիազորությունների դադարեցման նախագծի հիմնավորումներում հանձնաժողովի բացակայություններից բացի նշվում էր նաեւ ԱԺ լիագումար նիստերից եւ խորհրդի նիստերից բացակայելու հանգամանքը, ուստի գրավոր հարցմամբ ԱԺ-ից խնդրել էինք նաեւ այդ նիստերի բացակայությունների վերաբերյալ տվյալներ։ Մեր հարցմանն ի պատասխան ԱԺ-ից տեղեկացրել են, որ 8-րդ գումարման ԱԺ-ն ընդհանուր առմամբ 66 օր նիստեր է անցկացրել։ Այդ նիստերից Իշխան Սաղաթելյանը բացակայել է 33 անգամ (այդ թվում՝ 9 հարգելի), Վահե Հակոբյանը՝ 21 (այդ թվում՝ 3 հարգելի), Էուարդ Աղաջանյանը՝ 14 (այդ թվում՝ 7 հարգելի), իսկ Արման Եղոյանը՝ 7 (այդ թվում՝ 6 հարգելի)։ Ըստ ԱԺ-ի՝ 2021 թվականի ընթացքում տեղի է ունեցել ԱԺ խորհրդի 12 նիստ, որոնցից Վահե Հակոբյանը բացակայել է 8, Իշխան Սաղաթելյանը՝ 7, Էդուարդ Աղաջանյանը՝ 4, իսկ Արման Եղոյանը՝ 1 անգամ։ 2022 թ․ ընթացքում տեղի է ունեցել ԱԺ խորհրդի 16 նիստ, որոնցից 14-ը՝ մինչ Վահե Հակոբյանի լիազորությունների դադարեցումը։ Ըստ այդմ, 14 նիստերից 13-ից Հակոբյանը բացակայել է։ Ընդհանուր 16 նիստերից Իշխան Սաղաթելյանը բացակայել է 13, Էդուարդ Աղաջանյանը՝ 7, իսկ Արման Եղոյանը՝ 3 անգամ։  Ստացվում է, որ 8-րդ գումարման ԱԺ-ի խորհրդի նիստերից Վահե Հակոբյանը ընդհանուր առմամբ բացակայել է 21, Իշխան Սաղաթելյանը՝ 20, Էդուարդ Աղաջանյանը՝ 11, Արման Եղոյանը՝ 4 անգամ (տոկոսային հարաբերակցությամբ՝ համապատասխանաբար նիստերի 80, 71, 39, 14 %)։ Այսինքն՝ հիշյալ պատգամավորների՝ ԱԺ նիստերից եւ խորհրդի նիստերից բացակայություններում էական տարբերություններ կան։  Այնուհանդերձ, մենք Ազգային ժողովից հետաքրքրվել էինք նաեւ՝ նորմատիվ իրավական որեւէ ակտով սահմանվա՞ծ է արդյոք բացակայությունների այն շեմը, որը հատելուց հետո խմբակցությունները կարող են հանձնաժողովների նախագահների լիազորությունների դադարեցման որոշման նախագիծ ներկայացնել: Եթե այո, խնդրել էինք հայտնել, թե որ ակտով, եւ որքան է այդ շեմը, իսկ եթե կոնկրետ թիվ սահմանված չէ, խնդրել էինք հայտնել, թե ինչ սկզբունքով են այդպիսի նախագծեր ներկայացվում։ Ի պատասխան մեր այս հարցերին՝ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, հղում անելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կարգավորումներին, նշել է միայն հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու եւ ընտրված նախագահին հետ կանչելու ընթացակարգերը․ «Մասնավորապես, Կանոնակարգի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունի օրենքով սահմանված կարգով  որոշված խմբակցությունը։ Ավելին, վերջինիս կողմից թեկնածուների առաջադրման իրավունքը պահպանվում է մինչեւ ԱԺ լիազորությունների ավարտը։  Կանոնակարգի 150-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծ ունի խմբակցությունը։ Վերոգրյալ նորմերից հետեւում է, որ եթե նշված պաշտոնում առաջադրման իրավունք ունեն կոնկրետ խմբակցությունները, ապա  նշված պաշտոնից հետ կանչման եւ լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու  իրավունքով օրենսդիրն օժտել է հավասարապես բոլոր խմբակցություններին (այս մասին առավել մանրամասն՝ ՍԴՈ-1587 որոշում,- հեղ․)»,- գրել է Խաչատրյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի նախագահի ընտրության, նրա լիազորությունների դադարեցման հարաբերությունները կարգավորող օրենսդրության համաձայն՝ նշված գործընթացները գտնվում են ԱԺ խմբակցությունների որոշումների տիրույթում։ Այսպիսով, թեեւ օրենսդրությամբ հստակ նախատեսված չէ բացակաների այնպիսի շեմ, որը հատելուց հետո խմբակցությունները կարող են հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման նախագիծ ներկայացնել, եւ որոշակի բացակաների դեպքում խմբակցություններն այդպիսի քաղաքական որոշումներ են կայացնում, այնուհանդերձ, թերթի արած համեմատությունները վիճահարույց են, քանի որ, ինչպես արդեն նշվեց, հիշյալ պատգամավորների բացակայությունների թվային պատկերում էական տարբերություններ կան։    Միլենա Խաչիկյան  
18:32 - 21 հուլիսի, 2022
Հայաստանյան լրատվամիջոցները մանիպուլյատիվ են ներկայացնում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը

Հայաստանյան լրատվամիջոցները մանիպուլյատիվ են ներկայացնում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ երեկվանից լուր են տարածում Հայաստանում Ամերիկայի դեսպանության հաղորդագրության վերաբերյալ։ Լուրի սկզբնաղբյուրն oragir.news կայքն է, որը երեկ «ԱՄՆ-ի դեսպանատունը մտահոգված է ՀՀ-ում բնակվող իր քաղաքացիների անվտանգությամբ» վերտառությամբ նյութ է հրապարակել։ «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար»,- ասվում է նյութում։  Իսկ վերջում նշվում է․ «Հարց է առաջանում․ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը իսկապես այսքան լի է վտանգներով, ի՞նչ գիտեն ԱՄՆ-ի դեսպանատանը, որից մենք տեղյակ չենք, որ այսքան մտահոգված են իրենց քաղաքացիների անվտանգությամբ» (արխիվացված հղումը)։  Oragir.news-ին հղումով այս լուրը հրապարակել է նաև lurer.com-ը (արխիվացված հղումը)։ Armlur.am-ն էլ  գրել է․ «Այսքանից հետո հարց է առաջանում․ ինչ վտանգների մասին է ակնարկում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում, ինչ է հայտնի ԱՄՆ-ի դեսպանատանը, որ այսքան մտահոգված են իրենց քաղաքացիների անվտանգությամբ» (արխիվացված հղումը)։ Լուրը armlur.am-ի տեքստով հրապարակել է news.am-ը (արխիվացված հղումը)։   Ի՞նչ հայտարարության մասին է խոսքը Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հուլիսի 11-ին հաղորդագրություն է տարածել, որտեղ խոսվում է Համայնքային կապի կամավորների (Community Liaison Volunteer) պարտականությունների մասին, ինչպես նաև նշվում է, թե Հայաստանի որ հատվածներից կամավորների կարիք կա։ Այն երկրներում, որտեղ ԱՄՆ-ն դեսպանություն կամ հյուպատոսություն ունի, կամավորներն անհրաժեշտ են, որ տեղեկություններ փոխանցեն իրենց բնակության վայրերում ապրող ԱՄՆ քաղաքացիների մասին։ Օրինակ, եթե դեսպանատանն իմանան, որ տվյալ երկրի մայրաքաղաքից հեռու ամերիկացի  է վիրավորվել, կարող են խնդրել կամավորին այցելել հիվանդանոցում գտնվող վիրավորին և զեկուցել նրա վիճակի մասին: Նմանատիպ հաղորդագրությունները, սակայն, չեն վերաբերում միայն ԱՄՆ-ի՝ Հայաստանում գործող դեսպանությանը։ Տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանությունների և հյուպատոսությունների պաշտոնական կայքերում կարելի է հանդիպել տարբեր ժամանակահատվածներում հրապարակված նմանատիպ բովանդակությամբ հաղորդագրությունների: Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանության կայքում, օրինակ, ևս կա հաղորդագրություն այն մասին, որ դեսպանությունը փնտրում է կամավորների՝ Ֆրանսիայի տարբեր շրջաններում ԱՄՆ քաղաքաիցներին օգնելու համար, եթե դրա կարիքն ունեն։ Ճապոնիայում ԱՄՆ դեսպանության կայքի հաղոդրագրությունում էլ կարող ենք տեսնել, որ ինչպես Հայաստանի դեպքում, նշված են երկրի այն քաղաքները, որտեղից կամավորների կարիք կա։ Կամավորների մասին հաղորդագրություն կարող ենք գտնել նաև այլ երկրներում ԱՄՆ դեսպանությունների կայքերում (1, 2, 3, 4)։ Այսպիսով, հայաստանյան լրատվամիջոցները մանիպուլյատիվ են ներկայացնում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը։ Այս ստանդարտ հաղորդագրությունն իրենց կայքերում տեղադրում են տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանություններն ու հյուպատոսությունները: Իսկ նպատակն այդ երկրներում կամավորների հավաքելն է, որոնք կարիքի դեպքում կօգնեն բնական աղետներից կամ արտակարգ իրավիճակներից տուժած ԱՄՆ քաղաքացիներին։ Այսօր պարզաբանող հայտարարություն է տարածել նաև ԱՄՆ դեսպանությունը։  «Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։ Սա հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է»,- ասվում է հայտարարության մեջ։  Աննա Սահակյան
15:28 - 20 հուլիսի, 2022
Տեղեկությունը, թե Թուրքիայի նախագահի կայքում Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն չի տարածվել, սխալ է

Տեղեկությունը, թե Թուրքիայի նախագահի կայքում Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն չի տարածվել, սխալ է

Երեկ Հայաստանի կառավարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում 16։38-ին գրեց, որ Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում որևէ տեղեկություն չկա հեռախոսազրույցի մասին, և թուրքական կողմն այդ հեռախոսազրույցին նշանակություն չի տվել։ Էդգար Ղազարյանը կից նաև հրապարակել էր Թուրքիայի նախագահի կայքից լուսապատճեն, որտեղ բացակայում էր հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը։ Նրա գրառումից մոտ մեկ-մեկուկես ժամ անց, սակայն, Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրվեց հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը։ Հաղորդագրությունը հրապարակվեց նաև նախագահականի թվիթերյան էջում։ Չնայած այս փաստին՝ Էդգար Ղազարյանը չհեռացրեց գրառումը, իսկ մի քանի կայքեր՝ blognews.am-ը, hayeli.am-ը, blog.168.am-ը, վերահրապարակեցին այն (արխիվացված հղումներ՝ 1, 2, 3)։ Եթե առաջին երկու կայքերը այն հրապարակել են երեկ՝ Ղազարյանի գրառումից 1-2 ժամ անց, ապա blog.168.am-ն այն հրապարակել է այսօր՝ 08:40-ին։ Այպիսով, Թուրքիայի նախագահի կայքում Էդգար Ղազարայնի գրառումից հետո տարածվել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրություն, սակայն որոշ կայքեր, առանց ստուգելու գրառման հավաստիությունը, սխալ տեղեկություն են տարածել, թե նման հաղորդագրություն չի եղել։ Աննա Սահակյան
12:05 - 12 հուլիսի, 2022
Ռուբեն Վարդազարյանը սխալվում է․ ՍԴ և Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձերը կբարձրանան, օրենքն ընդունվել է

Ռուբեն Վարդազարյանը սխալվում է․ ՍԴ և Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձերը կբարձրանան, օրենքն ընդունվել է

Երեկ՝ «Փաստինֆոյին» տված հարցազրույցում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը (լիազորությունները դադարեցվել են հունիսի 23-ին,  մինչ այդ կասեցված էին), ի թիվս այլնի, խոսեց դատական համակարգի բարեփոխումներից․ «Իրական [դատական] բարեփոխման համար շատ բան պետք չէ․ պետք է դատավորների աշխատավարձը բարձրացնել, սոցիալական երաշխիքները բարձրացնել»։ Լրագրողն արձագանքեց․ «Մեռան բարձրացնելով»։ Հետևեց Վարդազարյանի արձագանքը․ «Ի՞նչը բարձրացնելով, դատավորների՞նը․․․ Ո՛չ, չեն բարձրացրել»։ Լրագրողի ճշտող հարցին ի պատասխան՝ նա կրկին շեշտեց, որ աշխատավարձերը չեն բարձրացրել։ Լրագրողը նշեց, որ դատախազներինն են բարձրացրել, ինչին Վարդազարյանն արձագանքեց․ «Չեմ իմանում, դատավորներինը չեն»․․․ Այստեղ նա խոսքն ընդհատեց, և նա կրկին խոսեց դատավորների աշխատավարձերը բարձրացնելու անհրաժեշտությունից։ Ռուբեն Վարդազարյանը, սակայն, սխալվում է, քանի որ 2022-ին բարձրացվել են Սահմանդրական դատարանի և Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձերը։ Օրենքն ընդունվել է, սակայն ուժի մեջ կմտնի մի քանի օրից։ Այսպիսով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանվում է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք ստանում են հիմնական և լրացուցիչ աշխատավարձեր։ Հիմնական աշխատավարձը որոշվում է հետևյալ կերպ․ յուրաքանչյուր տարի ընդունվում է այդ տարվա բյուջեի մասին օրենք, որով սահմանում է  պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը։ Այս տարի, օրինակ, այն կազմում է 66 140 դրամ։ Իսկ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով էլ սահմանվում են գործակիցներ տարբեր պաշտոնյաների համար։ Յուրաքաչնյուր պաշտոնյայի գործակից բազմապատկվում է այդ տարվա բազային աշխատավարձով, և որոշվում է այդ պաշտոնյայի հիմնական աշխատավարձը։ Օրինակ, Հանրապետության նախագահի գործակիցը 20.00 է, հետևաբար նրա աշխատավարձը կազմում է 1 322 800 դրամ (20.00 x 66 140 )։ Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը կազմված է ինչպես հիմնական աշխատավարձից, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձից և պարգևատրումներից: Իսկ լրացուցիչ աշխատավարձը ներառում է հավելումները և հավելավճարները: Այս տարվա մայիսի 19-ին Կառավարությունը ընդունեց օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում էր փոխել Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորներին տրվող վարձատրության համակարգը։ Մասնավորապես առաջարկվում էր Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի և նախագահի հավելավճարը սահմանել 80 տոկոսի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի և պալատի նախագահի) համար սահմանել դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ եթե դատավորի համար օրենքով սահմանված հավելավճարի չափը գերազանցի պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա նրա կենսաթոշակի հաշվարկի մեջ կընդգրկվի հավելավճարի գումարի 30 տոկոսը: Հունիսի 9-ի արտահերթ նիստում ԱԺ-ն ընդունեց նախագծերի փաթեթը։ Փոփոխությունները նախագահի կողմից ստորագրվել և հրապարակվել են հունիսի 30-ին (1, 2), սակայն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։ Այպիսով, Ռուբեն Վարդազարյանը սխալվում է՝ պնդելով, որ դատավորների աշխատավարձերը չեն բարձրացվել։ Ընդունված, սակայն դեռ ուժի մեջ չմտած փոփոխություններով սահմանվել է, որ ՍԴ դատավորները, փոխնախագահն ու նախագահը կստանան իրենց դրույքաչափի 80 տոկոսի չափով հավելավճար, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորները կստանան դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում։ Աննա Սահակյան
14:19 - 06 հուլիսի, 2022
2020 թ․ նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով մեկ-երկու անձ չէ պատասխանատվության ենթարկվում․ Ջհանգիրյանի սխալ պնդումները՝ Հ1-ի եթերում

2020 թ․ նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով մեկ-երկու անձ չէ պատասխանատվության ենթարկվում․ Ջհանգիրյանի սխալ պնդումները՝ Հ1-ի եթերում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը երեկ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով իր եւ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությանը, իրականությանը չհամապատասխանող մի քանի պնդում է արել։ Ռուբեն Վարդազարյանը, հիշեցնենք, 2021 թ․ փետրվար ամսվա այդ ձայնագրությունը հրապարակեց օրեր առաջ՝ հունիսի 20-ին՝ հայտարարելով, որ դա ապացույցն է այն բանի, որ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը եւ քրեական հետապնդումը քաղաքական որոշման հետևանք են։ Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել էր այս տարվա մայիս ամսին ԲԴԽ 3 անդամների՝ Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի եւ Դավիթ Խաչատուրյանի նախաձեռնությամբ էական կարգապահական խախտման առիթով (որի շրջանակում հունիսի 23-ին ԲԴԽ նրան ենթարկեց կարգապահական պատասխանատվության՝ դադարեցնելով նրա լիազորությունները), իսկ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար նրան մեղադրանք էր առաջադրվել դեռ նախորդ տարի՝ 2021 թ․ ապրիլ ամսին Հատուկ քննչական ծառայությունում (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե)։ 2020 թ․ նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով բազմաթիվ անձինք են ենթարկվում պատասխանատվության Երեկվա հարցազրույցում ներկայացնելով իր պարզաբանումները՝ Գագիկ Ջհանգիրյանն ասել է․ «Ես ուզում եմ մենք հիշենք, թե ինչ պայմաններում եմ ես ընտրվել ԲԴԽ անդամ։ Դա նոյեմբերյան իրադարձություններից հետո էր՝ հունվարի վերջ։ Դուք հիշում եք Կառավարության շենքի գրավումը, մասսայական անկարգությունները, կառավարական կեցավայրի ջարդուփշուրը, ԱԺ նախագահի նկատմամբ հաշվեհարդարը․․․ Երբ այդ բոլոր մեղադրյաներին տանում էին դատարաններ՝ համապատասխան խափանման միջոց ընտրելու, կարծես բոլոր մեղադրյալները ազատվեցին, որեւէ մեկի նկատմամբ կալանք չընտրվեց, շատերի մեղադրանքների հիմնավոր կասկածները հերքվեցին, եւ պատահական չէ, որ մինչ այսօր էլ այդ մասսայական անկարգությունների գործերով ընդամենը մեկ-երկու կամ երեք մարդ է արդեն ենթարկվում կամ ընթացքում է նրանց քրեական պատասխանատվության խնդիրը, որովհետեւ ամբողջը խափանվեց․․․» Ջհանգիրյանը նկատի ունի 44-օրյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ 2020 թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությանը հաջորդած անկարգությունների դեպքերը, սակայն նրա այն պնդումները, թե այդ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով որեւէ մեկի նկատմամբ կալանավորում խափանման միջոց չի ընտրվել կամ որ այսօր էլ «մեկ-երկու կամ երեք» մարդ է ենթարկվում պատասխանատվության, իրականությանը չեն համապատասխանում։  Այսպես․ մայիս ամսին մենք գրավոր հարցմամբ դիմել էինք Ազգային անվտանգության ծառայությանը՝ հետաքրքրվելով հարուցված քրեական գործի ընթացքից։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից այդ ժամանակ հայտնել էին, որ քրեական գործով 53 անձի նկատմամբ որոշում էր կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից 44-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Դրանցից 23-ը բավարարվել էր, այդ թվում 3-ը՝ հետախուզվող մեղադրյալների նկատմամբ, իսկ 33 անձի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:  Ավելի թարմ տվյալների համար դիմեցինք նաեւ ՀՀ դատախազությանը։ Մեր հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն այսօր հայտնեց, որ նախաքննության փուլում գտնվող տվյալ քրեական գործով ներկայումս 25 անձ, որոնցից մեկը՝ կալանավորված, ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ․ «2020 թվականի նոյեմբերի 9-10-ին Երևան քաղաքում գտնվող Կառավարության շենքում, ԱԺ շենքում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու վայրերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաքննությունը շարունակվում է, քննություն է կատարվում նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով»,- ասաց նա։ Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ կան հիշյալ դեպքերին վերաբերող նախաքննությունն ավարտված եւ դատարան ուղարկված մի շարք քրեական գործեր, որոնցով կայացվել են նաեւ մեղադրական դատավճիռներ։ Մասնավորապես, ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ մայր քրեական գործից անջատվել եւ մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել  29 անձի վերաբերյալ 10 քրեական գործ: Գոռ Աբրահամյանի խոսքով՝ 29 անձից 9-ի վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ։ Մասնավորապես, 1 անձ դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով եւ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 5 տարի փորձաշրջան: Նշված դատավճռի դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է:  Մեկ այլ գործով արագացված դատական քննության արդյունքում 2 անձ դատապարտվել է 4-ական տարի ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել պաշտպանի կողմից, որի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարելու մասին, եւ ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ, քան նախատեսված է այդ հոդվածով, այսինքն՝ ազատազրկում 2 տարի ժամկետով: Նշված դատական ակտի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք:   Կրկին արագացված դատական քննության կարգով կայացված մեղադրական դատավճռով (առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը) 1 անձ դատապարտվել է տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով:  Անջատված գործերից մեկով էլ համաձայնեցման վարույթի շրջանակներում 3 անձ (զանգվածային անկարգության մասնակիցներ) դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է 2 տարի փորձաշրջան: Մեկ այլ գործով էլ դատապարտվել է 2 անձ, որոնցից մեկը՝ 3 տարի ազատազրկման եւ 500.000 ՀՀ դրամ տուգանքի, մյուսը՝ 6 տարի ազատազրկման: Ավետիք Չալաբյանի գործով ձայնագրությունը դատարանի որոշմամբ կատարված ձայնագրություն չէ Հարցազրույցի ընթացքում Պետրոս Ղազարյանը համեմատություն է արել՝ հիշեցնելով, որ որոշ ժամանակ առաջ նաեւ հասարակական գործիչ, «5165 շարժման» անդամ Ավետիք Չալաբյանի մասնակցությամբ գաղտնի ձայնագրություն հրապարակվեց, ինչից հետո քրեական գործ հարուցվեց, եւ Չալաբյանը կալանավորվեց (նրան մեղադրանք էր առաջադրվել ընդդիմության հավաքներին մասնակցելու նպատակով երկու եւ ավելի անձանց նյութապես շահագրգռելու համար)․ «Ինքն էլ կարող է ասել՝ ես կուտ էի տալիս (նման արտահայտություն երեկ Ջհանգիրյանն է արել,-հեղ․), որ հասկանայի՝ ինչ է կատարվում, Ձերը շատ ավելի բազմավեկտոր է, բայց Դուք կալանավորված չեք, մենք խոսում ենք արդարադատության մասին»,- դիմելով Ջհանգիրյանին՝ ասել է Ղազարյանը։ Ի պատասխան՝ Ջհանգիրյանը նշել է․ «Ես ենթադրում եմ, որ Չալաբյանի ձայնագրությունը օրենքով նախատեսված կարգով, այսինքն՝ դատարանի որոշմամբ, նախապես սանկցիայով կատարված ձայնագրություն է, դա ապացույց է, իսկ սա, կներեք, քեֆի սեղանի շուրջ կատարված խոսակցությունների գաղտնալսում է»։ Ջհանգիրյանի այս ենթադրությունը եւս սխալ է, քանի որ ակնհայտ է, որ Չալաբյանի մասնակցությամբ ձայնագրությունը կատարվել է ոչ թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, այլ մասնավոր անձի կողմից։ Այն ի սկզբանե հրապարակվել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված medianews.site կայքում, եւ անգամ նախաքննական մարմինն էր իր հաղորդագրության մեջ նշել, որ դեպքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել լրատվական կայքերից մեկում։ Ավելին, «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկումը եւ ներքին դիտումը (որը, ի թիվս այլնի, ենթադրում է նաեւ տեխնիկական միջոցների կիրառմամբ ձայնագրում) կարող են իրականացվել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, եւ եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է: Արարքը, որի մեջ Չալաբյանին կասկածում, այժմ մեղադրում են, նախատեսված է Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածով, որը նախատեսում է առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում, իսկ նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը, համարվում են միջին ծանրության հանցագործություններ։ Այսինքն՝ Չալաբյանին մեղսագրվող արարքի շրջանակում նշված ՕՀՄ-ները չէին էլ կարող իրականացվել։ Դատավորի էթիկայի կանոնները միայն ի պաշտոնե գործելու համար չեն նախատեսված Անդրադառնալով Պետրոս Ղազարյանի այն հարցին՝ արդյո՞ք իր վարքագծով Ջհանգիրյանը չի խախտել դատավորի համար նախատեսված էթիկայի կանոնները, նա պատասխանել է․ «Ես ընդունում եմ, որ մարդկային էթիկայի կանոն եմ խախտել, բայց դատավորի, որի կարգավիճակը իմ վրա տարածվում է, ոչ մի էթիկայի խախտում չկա, որովհետեւ ես հանրային դաշտում չեմ խոսել, ես խոսել եմ նեղ, ընկերական, տղամարդկանց շրջապատում․․․ Էթիկայի կանոնների խախտումը հրապարակային, հանրային դաշտում կատարած խախտում պիտի լինի․․․ Հո ես իմ ընտանիքում, իմ ընկերների հետ զրույցների ժամանակ պարտադրվա՞ծ չեմ էթիկայի կանոնները պահպանել․․․ Դա գործնական հանդիպում չէր, դա նույն խորհրդակցական մարմնի երեք անդամի ինտիմ զրույց էր»։ Իրականում խախտում կա թե ոչ՝ իրավասու սուբյեկտների որոշելիքն է, բայց նշենք, որ դատավորի վարքագծի եւ էթիկայի կանոններ նախատեսված են ոչ միայն ի պաշտոնե գործելու համար։ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, ինչպես նաեւ Դատավորների ընդհանուր ժողովի՝ «Դատավորի էթիկայի կանոնները սահմանելու մասին» 2018 թ․ որոշմամբ այդ կանոնները տարանջատված են երկու տեսակի՝ էթիկայի կանոնները ի պաշտոնե գործելիս եւ ոչ դատական գործառույթների իրականացման ընթացքում, որոնց թվում են, օրինակ, ընտանեկան, հասարակական եւ այլ հարաբերությունների ազդեցությունը իր՝ որպես դատավորի առաքելության վրա թույլ չտալը, կոչմանն անհարիր կապերից խուսափելը եւ այլն։    Միլենա Խաչիկյան
22:45 - 24 հունիսի, 2022
«Ժողովուրդ» օրաթերթը սխալվում է․ գլխավոր դատախազի թեկնածուի համար չկա կոչում ունենալու պահանջ

«Ժողովուրդ» օրաթերթը սխալվում է․ գլխավոր դատախազի թեկնածուի համար չկա կոչում ունենալու պահանջ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հոդված է հրապարակել այն մասին, որ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը չի համապատասխանում գլխավոր դատախազին ներկայացվող պահանջներին։ Վարդապետյանը, հիշեցնենք, իշխող խմբակցության՝ գլխավոր դատախազի թեկնածուն է։ Ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու է սեպտեմբեր ամսին։ Թերթը, մասնավորապես, գրել է․ «Հետաքրքիր է, որ նա որեւէ կոչում չունի, որը համապատասխանում է այդ պաշտոնին, այնինչ նախկին բոլոր դատախազներն ունեցել են: Նկատենք՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է եղել, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, Աղվան Հովսեփյանը եղել է իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, արդարադատության պետական խորհրդական: Նախկին գլխավոր դատախազ Արամ Թամազյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, Արդարադատության պետական խորհրդական է: Ասել է թե՝ բոլոր դատախազները կոչումներ են ունեցել, սակայն Աննա Վարդապետյանը չունի, ինչը ենթադրել է տալիս, որ նրան կընտրեն դատախազ ու նոր կոչում կտան»։ Նախ նշենք, որ եթե խոսքը գիտական կոչումների եւ աստիճանների մասին է, ապա Աննա Վարդապետյանի կենսագրությունն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ նա ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (2012 թ․ հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն) եւ դոցենտի գիտական կոչում։ Ինչ վերաբերում է դասային աստիճաններին, ապա դրանց առկայությունը պարտադիր պայման չէ դատախազ, այդ թվում՝ գլխավոր դատախազ նշանակվելու համար։  Գլխավոր դատախազին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով։ Ըստ այդմ, Սահմանադրության 177-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Գլխավոր դատախազի համար օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածն էլ, որպես լրացուցիչ պահանջներ, սահմանում է, որ գլխավոր դատախազ կարող է ընտրվել ՀՀ այն քաղաքացին, որը տիրապետում է հայերենին եւ ՀՀ-ում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը ՀՀ-ում իրականացվել են օրենքով սահմանված կարգով։  Սրանից բացի, օրենքի 34-րդ հոդվածը նախատեսում է նաեւ դատախազ նշանակվելու սահմանափակումները, որոնց մեջ եւս դասային աստիճանի բացակայությունը ներառված չէ։ Ավելին, «Դատախազության մասին» օրենքը հստակ սահմանում է Դատախազության դասային աստիճանները, դրանց շնորհման կարգն ու ժամկետները։ Ըստ 46-րդ հոդվածի՝ երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է, որը շնորհվում է դատախազությունում նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոնի առաջին անգամ նշանակվելիս։ Խոսքը վերաբերում է Երևան քաղաքի, Երեւան քաղաքի վարչական շրջանների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ եւ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներ եւ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ նշանակվելու դեպքերին։ Դատախազության մյուս պաշտոններում նշանակվելիս, ըստ նույն հոդվածի, դատախազին շնորհվում է օրենքով տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը, իսկ գլխավոր դատախազի նվազագույն դասային աստիճանը արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է։ Այսինքն՝ թերթի այն ենթադրությունը, թե Վարդապետյանին կընտրեն դատախազ եւ նոր միայն կոչում կտան, բնականոն գործընթաց է։ Թեեւ թերթը մեջբերել է նախկին գլխավոր դատախազների դասային աստիճանները՝ այն համատեքստում, որ նրանք, որպես գլխավոր դատախազ, ունեցել են դրանք, սակայն այդ աստիճանները եւս նրանց շնորհվել են պաշտոնի նշանակվելուց հետո։ Մասնավորապես, Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախազ է ընտրվել 2013 թ․ հոկտեմբերի 1-ին, իսկ թերթի մեջբերած՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանը ստացել է նույն թվականի դեկտեմբերի 29-ին։ Երկու տարի անց՝ 2015 թ․ դեկտեմբերի 28-ին էլ, նրան շնորհվել է արդեն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Աղվան Հովսեփյանը որպես գլխավոր դատախազ պաշտոնավարել է երկու անգամ՝ 1998-1999թթ եւ 2004-2013թթ։ Պետական խորհրդականի դասային աստիճանը Հովսեփյանին շնորհվել է 1999 թ․ մարտի 23-ին, իսկ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը՝ 2003 թ․ հուլիսի 1-ին։ Արամ Թամազյանն էլ գլխավոր դատախազ է նշանակվել 2001 թ․ փետրվարի 20-ին եւ պաշտոնավարել մինչեւ 2004 թթ։ Արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճան նրան շնորհվել է 2003 թ․ մայիսի 27-ին, իսկ իրավաբանի պատվավոր կոչումը՝ 2012 թ․ հունիսի 29-ին։ Նշված դասային աստիճաններից առաջ նախկին գլխավոր դատախազները, իհարկե,  ունեցել են  այլ, ավելի ցածր դասային աստիճաններ, սակայն դա պայմանավորված է նրանով, որ նրանք մինչ այդ էլ իրավապահ համակարգում պետական ծառայություն իրականացրել են։ Իսկ Վարդապետյանը, թեպետ դասային աստիճաններ ենթադրող պաշտոններ չի զբաղեցրել, սակայն ունի մասնագիտական՝ օրենքով պահանջվող առնվազն 10 տարվա փորձառությունը։ Այնուհանդերձ նշենք նաեւ, որ Վարդապետյանի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել, եւ շատերը հիշատակել են այն աղմկահարույց դեպքը, երբ նա,  վարչապետի օգնական լինելով, խմբագրումներ էր արել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանին մեղադրանք առաջադրելու քննիչի որոշման տեքստում, ինչի իրավունքը չուներ։ Այդ դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում նյութեր էին նախապատրաստվել, որից հետո քրեական գործի հարուցումը մերժվել էր։  Մեջբերելով Սահմանադրության հիշյալ 177-րդ հոդվածը՝ թերթը նաեւ գրել է․ «Ո՞վ է գնահատել Աննա Վարդապետյանի մասնագիտական որակները, որտե՞ղ են դրսեւորվել դրանք. դատախազի նշանակման համար նրա մասնագիտական որակները պետք է գնահատեն մասնագետները, այլ ոչ թե ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը»։  Իրականում, սակայն, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածը նախատեսում է, որ յուրաքանչյուր խմբակցություն կարող է առաջարկել գլխավոր դատախազի մեկական թեկնածու, հետեւաբար բնական է, որ խմբակցությունը առաջարկել եւ գնահատել է իր թեկնածուի մասնագիտական որակները։ Խմբակցությունների առաջարկած թեկնածուների ցանկից ի վերջո ԱԺ իրավասու հանձնաժողովն է ընտրելու այն անձին, որի թեկնածությունը պետք է առաջադրվի ԱԺ-ում։ Իսկ ԱԺ-ն գլխավոր դատախազին ընտրելու է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Հավելենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ թեկնածու առաջարկելու մասին խմբակցությունների որոշմանը պետք է կցվեն Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը, իսկ գլխավոր դատախազի թեկնածուի դեպքում՝ նաեւ թեկնածուի լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը։ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը որոշումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է խմբակցությանը` նշելով պատճառների մասին, իսկ համապատասխանելու դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում գլխավոր դատախազի թեկնածուի  բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ երկշաբաթյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:   Լուսանկարում՝ Աննա Վարդապետյանը   Միլենա Խաչիկյան  
15:55 - 17 հունիսի, 2022
Էդգար Ղազարյանը սխալվում է․ Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի ընտրված նախագահ է

Էդգար Ղազարյանը սխալվում է․ Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի ընտրված նախագահ է

Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր անցկացվում էր «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով խորհրդաժողով, որին մասնակցում էին ՀՀ դատական իշխանության եւ միջազգային կառույցների բազում ներկայացուցիչներ։ Խորհրդաժողովին զուգահեռ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում ընդդիմադիր մի շարք գործիչներ եւ ցուցարարներ, որոնք ցանկանում էին ներկա գտնվել ժողովին՝ իրենց խոսքով՝ ՀՀ-ում դատական իշխանության իրական վիճակը ցույց տալու նպատակով, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չէր տալիս։ Ցուցարարների թվում էր ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, որը, զավեշտ որակելով ոստիկանության գործողությունները, առանձին անդրադարձավ նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին՝ ասելով․ «Այս կոնֆերանսի հիմնական կազմակերպիչներից մեկը ՍԴ-ն է, եւ զեկուցողներից մեկը ՍԴ նախագահ կոչվածն է, ես ուզում եմ իմանալ՝ ԵԽ կամ ԵՄ դեսպանը որտեղի՞ց են իմացել, որ Արման Դիլանյանը ՍԴ նախագահ է, երբ նման որոշում գոյություն չունի, ՀՀ պատմության մեջ կա ընդամենը երկու ՍԴ նախագահ՝ Գագիկ Հարությունյանը եւ Հրայր Թովմասյանը, որոնց ՍԴ նախագահ լինելու վերաբերյալ կա ԱԺ որոշում, Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ լինելու վերաբերյալ որոշում բնության մեջ գոյություն չունի, հիմա նրան որ դիմում են ՍԴ նախագահ, որտեղի՞ց գիտեն, որ նա նախագահ է, եթե նման որոշում գոյություն չունի»։ Էդգար Ղազարյանի այս հայտարարությունը, սակայն, մանիպուլատիվ է եւ խնդրահարույց, քանի որ Արման Դիլանյանը ոչ միայն սահմանված կարգով ընտրվել է ՍԴ նախագահ, այլ նաեւ այդ ժամանակ դեռ ՍԴ աշխատակազմի ղեկավար լինելով՝ Ղազարյանն անձամբ է այդ մասին հայտարարել, եւ լրատվամիջոցները, օրինակ՝ news.am-ը, armtimes.com-ը, armeniatoday.news-ը, նրա ֆեյսբուքյան գրառմանը հղում կատարելով են հայտնել այդ լուրը՝ կից տեղադրելով նաեւ Ղազարյանի գրառումը։ Վերջինս, սակայն, այս պահին հասանելի չէ․ ֆեյսբուքյան կարգավորումներից պարզ է դառնում, որ հեղինակը կա՛մ դրա տեսանելիությունը փակել է, կա՛մ այն ջնջել է առհասարակ։ Ինչ վերաբերում է ընտրության ընթացակարգին, ինչպես նաեւ Ղազարյանի հայտարարության այն հատվածին, որ գոյություն ունի ՍԴ երկու նախագահ, որոնց ընտրության վերաբերյալ ԱԺ-ն որոշումներ է կայացրել, իսկ Դիլանյանի ընտրության վերաբերյալ որոշում չկա, ապա դա սոսկ սահմանադրական փոփոխությունների արդյունք է։ Բանն այն է, որ թե՛ 1995 թվականի, թե՛ 2005 թվականի Սահմանադրության համաձայն՝ ՍԴ նախագահին ընտրում էր Ազգային ժողովը։ Մասնավորապես, ըստ 1995 թ․ Սահմանադրության 83-րդ հոդվածի՝ ԱԺ նախագահի առաջարկությամբ ԱԺ-ն, ի թիվս այլնի, նշանակում էր ՍԴ անդամներ եւ ՍԴ կազմից` ՍԴ նախագահ, իսկ 2005 թ․ Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, ԱԺ նախագահի առաջարկությամբ խորհրդարանը ՍԴ կազմից նշանակում էր ՍԴ նախագահ։ Համապատասխան կարգավորումներ եղել են նաեւ այդ ժամանակ գործող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով։ Սրանով է պայմանավորված, որ թե՛ Գագիկ Հարությունյանը, թե՛ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ են ընտրվել ԱԺ որոշմամբ, որի ժամանակ եւս կազմակերպվել է գաղտնի քվեարկություն։ 2015թ․-ին տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ, որոնցով արդեն ՍԴ նախագահի ընտրության լիազորությունը տրվել է հենց ՍԴ-ին։ Ըստ այդմ, գործող Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՍԴ-ն իր կազմից` վեց տարի ժամկետով, ընտրում է ՍԴ նախագահ եւ փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Համապատասխանաբար «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ գործող օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ կազմից նախագահ կարող է ընտրվել ՍԴ դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որը ստացել է ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 2020 թ․ հոկտեմբերի 12-ին հրավիրված աշխատակարգային նիստում Արման Դիլանյանը եղել է ՍԴ նախագահի միակ թեկնածուն, նա ինքնառաջադրվել է եւ ձայների մեծամասնությամբ ընտրվել ՍԴ նախագահ։ Ընտրության արդյունքները, սակայն, չեն հրապարակվել, քանի որ դրանք գաղտնի են։ Մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հարցերը, ինչպես նաեւ ՍԴ բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ներքին ընթացակարգերը կարգավորելու նպատակով 2018 թ․ հուլիսի 9-ին ՍԴԱՈ-1-Ն որոշմամբ ընդունվել է ՍԴ աշխատակարգը, որի 11-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ նախագահի կամ փոխնախագահի ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ` ՍԴ աշխատակարգային նիստում։ Նախկինում աշխատակարգային այդ որոշումները հրապարակվում էին, ինչպես հրապարակվել է, օրինակ, 2018 թ․ ապրիլի 10-ին ՍԴ փոխնախագահ ընտրելու վերաբերյալ որոշումը, սակայն դրանից հետո ընդունված հիշյալ Աշխատակարգի 22-րդ հոդվածը սահմանում է միայն, որ քվեարկության արդյունքները արձանագրվում են։ Հետեւաբար, 2018 թ․ ապրիլի 10-ից հետո առանձին արձանագրային որոշում չի կայացվել եւ չի հրապարակվել ինչպես Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու, այնպես էլ Ալվինա Գյուլումյանի, հետագայում նաեւ՝ Աշոտ Խաչատրյանի ՍԴ փոխնախագահ ընտրվելու վերաբերյալ։ Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ներկայիս ղեկավար Սամվել Առաքելյանից, որը, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ նախագահի ընտրության գործընթացը ամբողջությամբ տեղի է ունեցել Աշխատակարգին  համապատասխան․ «Քանի որ ՍԴ աշխատակարգի 11-րդ կետի հիման վրա ՍԴ նախագահի կամ փոխնախագահի ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ, իսկ 22-րդ կետի համաձայն՝ քվեարկության արդյունքները արձանագրվում են, ապա այս դեպքում, քվեարկությունը գաղտնի կազմակերպվել է, արդյունքները ամփոփվել են եւ արձանագրվել են, դա էլ հանդիսանում է ՍԴ որոշումը, որից հետո որեւէ անհրաժեշտություն չկա, նույնիսկ անտրամաբանական է, եւ իրավաբանության տեսանկյունից անհեթեթություն կլինի ընդունել մեկ այլ որոշում, որով կհաստատվի, որ այդ քվեարկությամբ ՍԴ նախագահի ընտրությունը ՍԴ կողմից կատարվել է»,- նշեց Առաքելյանը։   Միլենա Խաչիկյան
20:36 - 08 հունիսի, 2022
Հայաստանն ինչպե՞ս է դիմել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին․ Բաբայան - Քոչինյան բանավեճի հետքերով

Հայաստանն ինչպե՞ս է դիմել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին․ Բաբայան - Քոչինյան բանավեճի հետքերով

Մայիսի 23-ին՝ Առաջին ալիքի «Հանրային քննարկում» հաղորդման ընթացքում, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, խոսելով պատերազմի հնարավոր սպառնալիքի մասին, հայտարարեց․ «Երբ որ Ալիևը և այս իշխանությունը խոսում են պատերազմից, սիրելի՛ ժողովուրդ, փորձում են բոլորին ցույց տալ, թե այլընտրանքը պատերազմն է, ես հարց եմ հնչեցնում․ ո՞ւմ դեմ պատերազմ։ ․․․․ էդ ո՞ւմ դեմ է պատերազմելու, օրինակ, Ադրբեջանը։ Ո՞ւմ դեմ․ Ռուսաստանի՞, որը ռազմական պայմանագրով պարտավորություն ունի ապահովելու մեր անվտանգությունը, ՀԱՊԿ անդամ պետությունների՞, որոնք Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակվելու դեպքում պարտավոր են անմիջապես լինել Հայաստանում»։ Բաբայանը նշեց, որ հավատում է այդ պայմանագրերին։ Նրան հակադարձեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ նշելով․ «Հավատալուն զուգահեռ՝ հարգելի բանախոսը (Արսեն Բաբայանը- խմբ․) իր խոսքում նշեց, որ կան Հայաստանի օկուպացված տարածքներ»։ Բաբայանն արձագանքեց․  - Եվ չգիտեիք, հա՞, նոր իմացա՞ք դրա մասին»։ - Չէ, նոր չիմացանք, ոնց որ Դուք չգիտեք, որ»․․․ - Չի դիմում, իշխանությունը չի դիմում․․․  Բանավեճի ընթացքում լսվեց Բաբայանի խոսքը․ «Խորհրդակցական դիմում եք գրել»․․․ Նա խոսքը չավարտեց։ Քոչինյանը նշեց․ - Արգումնետը էն է, որ մենք գրավոր տեսքով չենք դիմել Ռուսաստանին, այ դրա համար չեն եկել։ Բաբայանը պատասխանեց․ -  Այն հոդվածը, որով․․․ Այստեղ Բաբայանի խսքն ընդհատվում է, սակայն համատեքստից պարզ է, որ նա ցանկանում էր հիշեցնել, թե որ հոդվածով է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին։ Բանախոսները միմյանց մեղադրեցին սուտ խոսելու մեջ։ Բաբայանըը ևս մի անգամ փորձեց հիմնավորել իր խոսքը․ «Իշխանությունը չի դիմել, որպեսզի գան»։ Փորձենք հասկանալ՝ ինչի մասին է խոսքը, արդյո՞ք Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին կամ ՌԴ-ին, և ինչ իրադարձությունների համատեքստում է այդ ամենը տեղի ունեցել։   Ադրբեջանը ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք․ Հայաստանը որոշում է դիմել ՀԱՊԿ-ին Անցյալ տարվա մայիսին Ադրբեջանը Սյունիքում ու Գեղարքունիքում հատեց Հայաստանի պետական սահմանն ու օկուպացրեց հայկական դիրքեր։ Մայիսի 13-ին՝ Անվտանգության խորհրդի նիստում, այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ Երկրորդ՝ միջոցներ ձեռնարկել՝ Հավաքական անվտանգության կազմակերպության՝ 2010-ի դեկտեմբերի 10-ի՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար։ Սույն կարգով սահմանվում է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ուղղված որոշումներ ընդունելու մեխանիզմը»։ Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածը սահմանում է․ «Մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը վտանգ սպառնալու դեպքում անդամ պետություններն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, մշակում և քայլեր են ձեռնարկում նման անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար, որ վերացնեն ծագած սպառնալիքը» (թարգմանությունը ոչ պաշտոնական է)։ Այս հայտարարությունից հետո խոսակցություններ կային, թե ինչու Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածով, որը սահմանում է․ «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր անդամ պետությունների դեմ: Անդամ պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում մնացած անդամ պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը»: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, մեկնաբանելով այս խոսակցությունները, նշել էր․ «Հոդվածների մեջ խորանալ պետք չէ: ․․․․ Սպառնալիք է ստեղծվել անվտանգության, և այն չեզոքացնելու համար երկրորդ հոդվածով ենք դիմում ՀԱՊԿ-ին: Կառույցի պատմության մեջ առաջին անգամ է նման գործընթաց սկսվում, Ռուսաստանը անդամ է կառույցին, և մենք համոզված ենք, որ սա արդյունավետ մեխանիզմ է, մեծ հաշվով տարբերություն չկա»։ Մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի նախագահին։ Նույն օրը Տաջիկստանի ԱԳ նախարարն Արա Այվազյանին հայտնեց, որ Տաջիկստանի նախագահն արդեն տվել է համապատասխան կարգադրություններ։ ՀԱՊԿ մամուլի քարտուղարը «ՏԱՍՍ»-ին հայտնեց, որ Սյունիքի մարզում իրավիճակի շուրջ խորհրդակցությունները կանցկացվեն առաջիկա օրերին։ Մայիսի 19-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՀԱՊԿ արտգործնախարարները նախորդ օրը քննարկել են Հայաստանի խնդրանքը՝ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մայիսի 26-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ գործողությունների արագությունը իրենց չի բավարարում։   Իրադարձությունների հետագա ընթացը Հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց․ «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»։ Այս հայտարարությանն արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը․ «ՀԱՊԿ-ն ունի պարտավորություն արձագանքել ոչ միայն ուղիղ ագրեսիային կամ, այսպես ասած, ռազմական գործողություններին, այլ նաև ՀԱՊԿ անդամի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը առկա սպառնալիքի դեպքում: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող վիճել, որ այն իրավիճակը, որը տիրում է մեր սահմաններին, 100 տոկոսով համապատասխանում է 2-րդ հոդվածին»: Ռուբինյանը նաև հիշեցրեց, որ հայկական կողմը զոհ ունի։ ՀՀ ԱԽ քարտուղարն էլ համոզմունք հայտնեց, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ։ Երկու օր անց էլ նա նշեց, որ քայլեր են ձեռնարկում ՀԱՊԿ քարտուղարության այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ։ 2021-ի նոյեմբերին՝ ԱԺ նիստերից մեկի ժամանակ, Էդուրադ Աղաջանյանը հայտարարեց, որ Հայաստանը հանդես էր եկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մոնիթորինգի նպատակով ՀԱՊԿ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ, բայց նախաձեռնությունը կյանքի չի կոչվել։    Սահմանային իրավիճակի սրումը և ՌԴ-ին դիմելու հարցը Նոյեմբերի 16-ին իրավիճակը հայ-ադբեջանական սահմանին սրվեց, ՀՀ ՊՆ-ն նաև հաղորդեց տեղային մարտերի մասին։ ՀԱՊԿ խոսնակը հայտնեց՝ ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացել Ադրբեջանի հետ սահմանին սրման հետ կապված աջակցության համար։  Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում հայտարարեց․ «Քանի որ [Ադրբեջանի] հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք ՌԴ-ին ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թ․ պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում»։ Լրագրողը հարցրեց՝ դա բանավոր դիմո՞ւմ է, թե՞ համապատասխան ընթացակարգ կա։ Գրիգորյանը պատասխանեց․ «Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու»։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում չհաստատեց, որ ՌԴ-ին պաշտոնական դիմում է եղել․ «Եթե խոսքը պաշտոնական դիմում-նամակի մասին է [խնդրանքով, որ Պայմանագրի համաձայն օգնություն ցուցաբերվի], ապա դեռ չեմ կարող հաստատել»։ Նոյեմբերի 23-ի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի՝ ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին գրավոր ընթացակարգով դիմելու վերաբերկալ հարցին, հայտարարեց․ «Մենք մայիսի 12-ի իրադրության վերաբերյալ և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին դիմել ենք»։ Դիտարկմանը, թե հարցը հավանաբար նոյեմբերի 16-ի իրադարձություննների մասին է, Փաշինյանը պատասխանեց․ «Նոյեմբերի 16-ի իրադարձությունը մայիսի 12-ի իրադարձությունների շրջանակներում է տեղի ունենում»։ «Infocom»-ը հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ պարզելու՝ Հայաստանն, ի վերջո, գրավոր ընթացակարգով դիմե՞լ է ՌԴ-ին, թե՞ ոչ։ ԱԳՆ-ից մեր հարցին ուղիղ պատասխան չէին տվել՝ նշելով միայն երկու կողմերի միջև հեռախոսազրույցների և քննարկումների մասին։ Դեկտեմբերին, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ին գրավոր պաշտոնական դիմում եղել է նոյեմբերի 16-ի սահմանային սրումից հետո, ԱԽ քարտուղարը նշեց, որ մայիսի 12-ից հետո արդեն դիմել էին, և «դիմելու գործընթացը պրոցեսի մեջ է»։ Ճշտող հարցին, թե երբ նոյեմբերին ասում էին, որ դիմում են ՌԴ-ին, նկատի ունեին մայիսի՞ դիմումը, Գրիգորյանը պատասխանեց․ «Նաև մայիսի դիմումը․ դա շարունակում է ուժի մեջ մնալ, մեր դիմումները շարունակում են ուժի մեջ մնալ, որովհետեւ մայիսի 12-ին ստեղծված ճգնաժամի շարունակությունն է սա, հարցը չի լուծվել»։   Հայաստանը դժգոհ է Ադրբեջանական զինվորները մինչև օրս շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություննեից դատելով՝ ՀԱՊԿ մեխանիզմներն այդպես էլ գործի չեն դրվել հարցը լուծելու համար։ Մասնավորապես, այս տարվա ապրիլին Փաշինյանը հայտարարեց, որ այն, թե ինչպես ՀՀ սահմանին տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ը, «ձախողում էր կազմակերպության համար»․ «Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս խնդրո առարկա հատվածում մոնիթորինգ իրկանացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտահոգությունը, թե ՀՀ անվտանգության համակարգի համար կարևորագույն դեր ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի՝ մնալով դիրտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ ՀԱՊԿ-ը մինչ օրս նույնիսկ դիտորդի կարգավիճակով որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել»։ Իսկ մայիսի 16-ին՝ ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպման ժամանակ, Փաշինյանն ասաց․ «Ինչպես գիտեք, անցած տարի՝ հենց այս օրերին, Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի գործադրվեն 2010 թ․ դեկտեմբերի 10-ին հաստատված Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերով մեխանիզմները: Ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունը արձագանքել է այնպես, ինչպես սպասում էր ՀՀ-ն: Այսպիսով, թե ով է ճիշտ Բաբայան - Քոչինյան բանավեճում, չենք կարող ասել։ Փաստացի, Հայաստանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին դիմել է՝ Հավաքական անվտանգության համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն։ Իսկ ՌԴ-ին դիմելու մասին ձևակերպումները լղոզված են, և որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել այն մասին, որ ՀՀ-ն գրավոր ընթացակարգով դիմել է ՌԴ-ին։ Նոյեմբերին Արմեն Գրիգորյանի հայտարարության մեջ ասվում էր միայն, որ այդ դիմումը բանավոր է և գրավոր ընթացակարգ կստանա։   Գլխավոր լուսանկարը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների վերջին հանդիպումից Աննա Սահակյան
10:58 - 25 մայիսի, 2022
Կառավարող ուժի ճկվող դիրքորոշումը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Կառավարող ուժի ճկվող դիրքորոշումը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Մայիսի 10-ին Արդբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ հայկական կողմի հետ ձեռք է բերվել սահմանազատման հանձնաժողով ստեղծվելու պայմանավորվածություն։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ հանձնաժողովի ստեղծման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն հանձնաժողովի կազմը պարզ չէ։ Դեռ մի տարի առաջ Հայաստանը նախապայմաններ էր առաջ քաշել այս գործընթացի մեկնարկի համար, սակայն դատելով վերջին հայտարարություններից՝ կառավարությունը փոխել է դիրքորոշումը՝ հետ կանգնելով իր իսկ առաջ քաշած նախապայմաններից։ Այսպիսով, մայիսի 16-ին Մարիա Կարապետյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը։ Խոսակցությունը Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի և հայկական կողմի առաջարկների շուրջ էր։ Հիշեցնենք՝ մարտի 14-ին պարզ դարձավ, որ Ադբեջանը Հայաստանին փոխանցել է 5 կետանոց առաջարկ, որտեղ խոսվում է նաև միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և պետական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին։ Հետագայում հայկական կողմը հայտարարեց, որ Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է 6 կետանոց պատասխան առաջարկ, որի բովանդակությունը համընկնում է ԱԳ նախարար  Արարատ Միրզոյանի՝ «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտնած դիրքորոշմանը։ Իսկ մայիսի 13-ին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը վերջապես հրապարակեց հայկական կողմի 6 կետերը։ Հարցազրույցի ընթացքում լրագրողը Մարիա Կարապետյանին հարց տվեց այն մասին, թե ինչու հայկական կողմի պատասխան առաջարկներում ոչինչ չի նշվում այն մասին, որ Ադրբեջանը նախևառաջ պետք է իր զինված ուժերը հետ քաշի Հայաստանի սուվերեն տարածքից, հետո քննարկվեն մյուս հարցերը։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի 12-ից ադբեջանական զորքերը Սյունիքում ու Գեղարքունիքում հատել են ՀՀ ինքնիշխան տարածքն ու մինչև օրս շարունակում են մնալ այնտեղ։ Մարիա Կարապետյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ էն տրամաբանությունը, որ մեր մի փոքր շահը, իսկ, եկեք ընդունենք, որ, առհասարակ, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ավելի մեծ շահ է, քան ներխուժման վերացումը․․․ Բոլորս ընդունում ենք, չէ՞, որ ամենամեծ, գլոբալ խնդիրը ԼՂ ժողովրդի իրավունքների, ազատությունների, անվտանգության պաշտպանումն է, ՀՀ ինքնիշխանության, սուվերենության պաշտպանումը ևս։ Մենք մեր մի փոքր շահը չենք կարող որպես նախապայման դնել մնացած բոլոր մեր շահերի սպասարկման համար։ ․․․․ Կարծես ասել, որ երակներս կկտրեմ, եթե այսինչ բանը չանեք․․․ Է, կտրի»․․․ Մարիա Կարապետյանի այս միտքը հակասում է Հայաստանի Հանրապետության՝ նախկինում հնչեցրած պաշտոնական դիրքորոշումներին և Կարապետյանի թիմակիցների հայտարարություններին։ Նախ՝ կառավարող ուժի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտումն ու Արցախի խնդրի կարգավորումը միմյանցից տարբեր հարցեր են։ Երկրորդ՝ հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթաց սկսելու նախապայման է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը։ Անդրադառնանք այս երկու կետերին առանձին-առանձին։   Սահմանազատում և Արցախի հարց 2021-ի մայիսի 21-ին ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»: Հետագայում, սակայն, Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը փոխվեց։ Նիկոլ Փաշինյանը 2021-ի մայիսի 29-ին՝ ՔՊ համակիրների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց, որ Արցախի հարցը տարանջատված է սահմանների դեմարկացիայի թեմայից․ «Շատ կարևոր է ընդգծել, և այդ ընդգծումը կա նաև մեր միջզգային գործընկերրների հետ․ Ղարաբաղի հարցի կագավորումը բովանդակային առումով չի առնչվում սահմանների ճշգրտման հետ»։  Նոյեմբերի 5-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը վերաբերում է միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցմանը․ «Սահմանների ճանաչումը այլ հարցերի հետ փոխկապակցելը որևէ տեղ չտանող քննարկում է»։ Նոյեմբերի 17-ին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Մարիա Կարապետյանի հարցին, ասաց․ «Մենք հստակ արձանագրել ենք, որ մեզ համար երեք տարբեր հարցերը իրար հետ փոխկապակցված չեն, մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա և ԼՂ հիմնախնդրի կարգավորում։ Դրանք տարբեր հարցեր են, և այդ հարցերի քննարկման բովանդակությունը և բանաձևերը տարբեր են, ինչքան էլ մենք հասկանում ենք, որ, իհարկե, այդ հարցերը իրար հետ առնչություն ունեն համատեքստի առումով»։ Այսպիսով, ըստ կառավարող ուժի՝ նախկինում արած հայտարարությունների՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցումը կապ չունի Արցախի հարցի կարգավորման հետ։ Այս դեպքում անհասկանալի է, թե ինչպես կարող է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը նախապայման համարվել Արցախի խնդրի կարգավորման հարցում, եթե այդ գործընթանցները միմյանցից անկախ են։   ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը նախապայման է սահմանազատում սկսելու համար Երբ Ադրբեջանը հատեց պետական սահմանն ու օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքը, Հայաստանը որոշեց դիմել ՀԱՊԿ-ին։ Մայիսի 27-ին էլ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր հայտնի առաջարկը՝ զորքերը հայելային հետ քաշելու մասին։ Հայաստանի սահմանին Ադրբեջանի սադրանքներից հետո ՀՀ պաշտոնատար անձինք բազմաթիվ հայտարարություններ են արել այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման գործընթացի մեկնարկի նախապայման է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը։ 2021-ի մայիսի 17-ին՝ Հանրայինի հարցազրույցում, Արմեն Գրիգորյանը, խոսելով Արդբեջանի ներխուժման մասին, հայտարարեց․ «Էս գործընթացը մարտահրավեր է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, և տորպեդահարվում է ամբողջ ապաշրջափակման գործընթացը։ Ադրբեջանը պետք է հետ քաշվի իր ելման կետ, և մենք կշարունակենք սահմանների հստակեցման հետագա գործընթացը։ Բայց էն, որ Ադբեջանը պետք է լքի ՀՀ տարածքը և վրադառնա ելման կետ, հստակ է, և բանակցությունները միայն դրա շուրջ են։ Այս բանակցությունները միայն այս խնդրի մասին են, չեն կարող այս բանակցությունները փոխկապակցվել ցանկացած այլ հարցի հետ։ Դա կլինի Ղարաբաղ, դա կլինի ապաշրջափակում․ ցանկացած այլ հարցի հետ սա չի կարող կապ ունենալ։ Սա խնդիր է առանձին, և այս խնդիրը մենք պետք է լուծենք»։  Մայիսի 19-ին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մի փաստաթուղթ հրապարակեց, որտեղ խոսվում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին։ Նույն օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՌԴ-ն հանդես է եկել հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Ի պատասխան՝ Հայաստանն «ընդգծեց նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար»: Հաջորդ օրը՝ խոսելով սահմանազատման հանձնաժողով ստեղծելու փաստաթղթի մասին, Արմեն Գրիգորյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը․ «Փաստաթուղթը պատրաստ ենք քննարկել, եթե Ադրբեջանն իր զինված ուժերն ամբողջությամբ դուրս է բերում Հայաստանի սուվերեն տարածքից։ Մինչև դա չի կատարվել, այս փաստաթղթի քննարկումը որևէ իմաստ չունի»։  ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով փաստաթուղթը, նշեց․ «ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար» Մայիսի 21-ին հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր․ «Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել է, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ ուղղությամբ համապատասխան քննարկումներ սկսելու համար»: Մայիսի 26-ին ԱԺ-ում ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, խոսելով սահմանների հստակեցման գործընթացից, նշեց․ «Դե ֆակտո խորհրդային սահմաններով տեղադրվում էին ժամանակավոր հենակետերը, մինչև Ադբեջանական կողմից նախաձեռնած գործողությունները էդ սկսբունքն էր գործում փաստացի, և էդ սկզբունքը առաջինը խախտեց ադրբեջանական կողմը՝ հրահրելով այս իրավիճակը։ ․․․ Քանի դեռ մենք տվյալ հատվածներում՝ և՛ Սև լճի հատվածում, և՛ Գեղարքունիքի հատվածում, ադրբեջանական զորամիավորումների ամբողջական դուրսբերում չունենանք, ես չեմ կարծում, որ խելամիտ է պատկերացնել բանակցային ավելի հանգիստ և տրամաբանական գործընթաց»։ Հունիսի 22-ին՝ Կառավարության հերթական նիստի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Վերահաստատում ենք Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների՝ հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների և միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջակը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ»:  Նախընտարական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ վերահաստատեց այս դիրքորոշումը (1, 2): Հուլիսի 14-ին Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Վաղ թե ուշ՝ ինչ-որ մի օր, անպայմանորեն սահմանագծում և սահմանազատում մեր սահմանների պետք է տեղի ունենա մեր բոլոր հարևանների հետ, բայց շատ կոպիտ խախտելով մեր սահմանը և տեղակայվելով մեր սահմանի ներսում՝ շանտաժային մեթոդով փորձել մղել մեզ ինչ-որ գործողությունների անարդյունավետ ճանապարհ է։ ․․․․ Այո՛, անպայմանորեն պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է ՀՀ տարածքից»։ Օգոստոսի 3-ին Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց սահմանազատման գործընթացի մասին․ «Մեզ համար անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը մեր տարածքում և այդ պայմաններում դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցես իրականացնելը»։ Նոյեմբերին Սոչիում Պուտինի և Ալիևի հետ եռակողմ հանդիմանը Փաշինյանը բարձրացրեց Ադրբեջանի ներխուժման հարցը։ Իսկ այս տարվա հունվարին Արմեն Գրիգորյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը սահմանազատման վերաբերյալ․ «Այս առաջարկների ընդհանուր մասով երկար ժամանակ կառավարությունը և օրենսդիր մարմնի՝ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները ներկայացրել են։ Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիների գոյություն ունեցող քարտեզը կամ քարտեզները, և նաև այնպիսի քայլերի կատարում, որոնք պայմաններ կստեղծեն, որպեսզի կարողանանք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի անցնենք»։   Նախապայմանից հրաժարում Այս տարվա ապրիլի 7-ին Բրյուլսեում  Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ալիևի եռակողմ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ձեռք է բերվել համաձայնություն ստեղծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով։ Բրյուսելից վերադառնալուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարվել է զորքերի հայելային ետքաշման առաջարկից․ «Մեր մտահոգությունը, թե Ադրբեջանը ցանկանում է դելիմիտացիային զուգահեռ պահպանել ռազմական լարվածությունը սահմանին Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներն արդարացնելու և նոր նկրտումներ ձևակերպելու համար, ի վերջո, ընկալված է միջազգային հանրության կողմից, բայց նաև մենք արդեն վտանգավոր մի գծի էինք հասել, երբ զորքերի հայելային ետքաշման առաջարկը կարող էր ընկալվել որպես իրադրությունը փակուղի մտցնելու քաղաքականություն»:  Ինչպես տեսնում ենք, Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ սահմանազատման մեկնարկի նախապայման է ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից։ Ըստ ամենայնի՝ սահմանազատման գործընթացը շուտով կմեկնարկի։ Իսկ դատելով Մարիա Կարապետյանի հայտարարությունից, որով նա ադրբեջանական զորքերի՝ ՀՀ սուվերեն տարածքից դուրս գալը համարում է «ավելի փոքր շահ»՝ Հայաստանը հրաժարվել է նաև այդ նախապայմանից։ Ամփոփելով նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններում կառավարությունը միանշանակ չէ․ սկզբում նշվում էր,  թե այդ գործընթացը պետք է հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի մաս կազմի, հետո ասվում էր, որ այդ երկու գործընթացները միմյանցից անջատ են, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստան, սահմանազատման գործընթաց սկսելու նախապայման էր ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ տարածքից, իսկ այժմ ոչ միան այդ նախապայմանի մասին չի խոսվում, այլև այն համարվում է «ավելի փոքր շահ»։ Մեր նախորդ հոդվածներից մեկում էլ անդրադարձել էինք այն հարցին, թե ինչպես է մեկուկես տարվա ընթացքում փոխվել կառավարող ուժի դիրքորոշումը՝ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ։ Աննա Սահակյան
18:05 - 18 մայիսի, 2022
Սեռը փոխելու համար բժշկական միջամտությունն օրինական դարձնելու օրենքի նախագիծ գոյություն չունի

Սեռը փոխելու համար բժշկական միջամտությունն օրինական դարձնելու օրենքի նախագիծ գոյություն չունի

Ընդդիմության՝ մայիսի 15-ի հանրահավաքի ընթացքում Սերժ Սրապիոնյանն իր ելույթում հայտարարեց, թե մի նախագիծ է շրջանառվում, ըստ որի, իբր, մարդը կարող է որոշել իր սեռը փոխել, և պետությունն այդ վիրահատության համար նրան տրամադրելու է 25 հազար դոլար․ «Արդեն քանի օր մամուլում շրջանառվում է մի լուր, թե պատրաստված է նախագիծ սեռափոխության մասին, որտեղ թույլ են տալու, որ նույնասեռ մարդիկ ամուսնան, և դա գրանցվելու է պետականորեն գրանցման սեղաններում։ Թույլ են տալու, որ մարդը որոշի իր սեռը փոխել, և պետությունը այդ վիրահատության համար տալու է 25 հազար դոլար, որպեսզի մարդը փոխի իր սեռը։ Թույլ են տալու, որ այդ մարդը այդ դեղերը ընդունի և ստանա 2 մլն դրամ դրա համար»։ Նրա ելույթը տարածել են 24․news.am, mediahub.am, bavnews.am, zham.am և այլ կայքեր (արխիվացված հղումներ՝ 1, 2, 3, 4)։ Սերժ Սրապիոնյանի տեղեկության աղբյուրը yerevan.today կայքն է։ Սակայն կայքի տարածած տեղեկությունները պաշտոնապես հերքվել են։ Այսպիսով, կայքը մայիսի 11-ին գրել է․ «Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որում հստակ, սևով սպիտակի վրա գրված է՝ ՀՀ Կառավարությանն առաջարկվում է  նույնասեռական տղամարկանց առնվազն երեք ոլորտներում արտոնել նոր իրավունքներով՝ ընդհուպ սեռափոխության անվճար վիրահատություն, հետևաբար ամուսնության և նույնասեռականներին զագսավորելու փաստաթղթային խնդիրները լուծել» (արխիվացված հղումը)։ Ըստ Yerevan.Today-ի տեղեկությունների՝ փետրվար-մարտ ամիսներից Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ պետական համակարգի ներքին օղակներում փակ քննարկվում է Հայաստանում սեռը փոխելու բժշկական միջամտությունը օրինական դարձնելու օրենքի նախագիծ․ «Նույն օրենքով հեղինակները նախատեսում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչին աղջիկ կամ տղա դառնալու վիրահատությունն իրականացնել լրիվ անվճար սկզբունքով՝ պետպատվերի շրջանակներում»: Ինչպես տեսնում ենք, Yerevan.Today-ի հրապարակման մեջ ոչինչ չկա «25 հազար դոլար վճարելու» մասին, չնայած Սերժ Սրապիոնյանն իր ելույթում նշում է այդ թիվը։ Առողջապահության նախարարությունը դեռ մայիսի 12-ին հերքել էր լուրը, թե Արդարադատության, Առողջապահության նախարարությունների և ՄԻՊ գրասենյակի հետ «փակ քննարկվում է Հայաստանում տրանսգենդերների համար սեռը փոխելու բժշկական միջամտությունը օրինական դարձնելու օրենքի նախագիծը»։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրանսենյակից հայտնել են, որ գրասենյակը նման որևէ նախագծի կամ նախաձեռնության քննարկմանը ներգրավված չէ։ Արդարադատության նախարարի խոսնակն էլ, մեկնաբանելով նախագծի մասին տեղեկությունը, նշեց, որ այն «բացարձակ սուտ է»։ Այսպիսով, լրատվամիջոցները տարածում են Սերժ Սրապիոնյանի հայտարարությունը՝ հիմնված Yerevan.Today-ի հրապարակման վրա, որը պաշտոնապես հերքում են Առողջապահության և Արդարադատության նախարարություններն ու ՄԻՊ գրասենյակը։ Աննա Սահակյան
13:24 - 17 մայիսի, 2022
Իրավական տեսանկյունից թույլատրելի է մի քրեական գործի շրջանակում հայտնաբերված  հանցագործության հատկանիշներով երկրորդը հարուցել․ Մինասյանի պնդումը սխալ է

Իրավական տեսանկյունից թույլատրելի է մի քրեական գործի շրջանակում հայտնաբերված հանցագործության հատկանիշներով երկրորդը հարուցել․ Մինասյանի պնդումը սխալ է

«Հայաստան» խմբակցության քարտուղար, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ Արծվիկ Մինասյանը Tert.am-ին տված հարցազրույցում օրերս ոչ ճշգրիտ պնդումներ է արել։ Մասնավորապես, խոսելով Հակակոռուպցիոն կոմիտեի վերջերս տարածած հաղորդագրությունից, ըստ որի՝ ՀՅԴ-ն Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների 2021 թվականի ընտրությունների ընթացքում ընտրակաշառք է բաժանել՝ ասել է․ «Իրավական տեսակետից անթույլատրելի է, երբ դու, օրինակ, հավաքների հրահրման, նյութական շահագրգռվածության հոդվածով փորձում ես իբր գործընթաց իրականացնել, բայց հետո մի հատ այլ գործ ես սկսում, որտեղ հիմքը, որն ինքնին արդեն ապօրինի է, չի կարող հիմք դառնալ երկրորդ գործողության համար»։  Արծվիկ Մինասյանը, ըստ ամենայնի, նկատի ունի երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հատկանիշներով մայիսի 6-ին Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը, որի շրջանակում խուզարկություն է իրանացվել գործով մեղադրյալ ներգրավված անձանց բնակարաններում, ինչի արդյունքում հայտնաբերվել են ձեռագիր նշումներով նոթատետրեր։ Դրանց վերաբերյալ ավելի ուշ հաղորդագրություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն՝ նշելով, որ ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ.-ի բնակության վայրում հայտնաբերված նոթատետրերը բովանդակում են 2021 թ․ տեղի ունեցած ԱԺ եւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ․ «Ընտրակաշառք տալու, ստանալու եւ ընտրակաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ»,- ասված է հաղորդագրության մեջ։  Այսինքն՝ Մինասյանը, հավաքներին առնչվող քրեական գործը (եւ/կամ իրականացված խուզարկությունը) որակելով ապօրինի, ասում է, թե իրավական տեսանկյունից անթույլատրելի է դրա շրջանակում երկրորդ գործողությունն իրականացնել (երկրորդ քրեական գործը հարուցել)։ Իրականում, սակայն, դա այդպես չէ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածը սահմանում է քրեական գործ հարուցելու առիթները։ Ըստ այդ հոդվածի 3-րդ մասի՝ քրեական գործ հարուցելու առիթ է իր լիազորություններն իրականացնելիս քննիչի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետևանքների հայտնաբերումը։ Այսինքն՝ բոլոր այդ դեպքերում, երբ իր լիազորություններն իրականացնելով՝ քննիչը հայտնաբերում է որեւէ հետք կամ տվյալ, որն առերեւույթ վկայում է նոր հանցագործության մասին, ապա դա առիթ է նոր քրեական գործ հարուցելու համար։ Ավելին, նույն օրենսգրքի 27-րդ հոդվածը սահմանում է, որ դա քննիչի պարտականությունն է։ Մասնավորապես, ըստ այդ հոդվածի 1-ին մասի՝ քննիչը պարտավոր է իր իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար: Իսկ այն հանգամանքը, որ տվյալ դեպքում ոչ թե Քննչական կոմիտեի քննիչն է հարուցել նոր քրեական գործը, այլ հայտնաբերված նյութերը փոխանցել է Հակակոռուպցիոն կոմիտեին, որտեղ էլ այն հարուցվել է, պայմանավորված է նրանով, որ ընտրակաշառքի դեպքերին առնչվող գործերի քննությունը, համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի, իրականացնում են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները։ Հետեւաբար, անկախ այն հանգամանքից, որ պայմանականորեն ասած, առաջին քրեական գործը պատգամավորը համարում է ապօրինի, իրավական տեսանկյունից թույլատրելի է դրա շրջանակում հայտնաբերված հանցագործության հատկանիշներով երկրորդ քրեական գործը հարուցել։ Ինչ վերաբերում է խուզարկության օրինականությանը, Քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն՝ բնակարանի խուզարկությունն իրականացվում է միայն դատարանի որոշմամբ։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ տվյալ դեպքում դատարանի թույլտվությունն առկա է եղել, եւ խուզարկությունն իրականացվել է դրա հիման վրա։ Նույն հարցազրույցում խոսելով «Դիմադրություն» շարժման նկատմամբ իշխանությանը սատարող որոշ շրջանակների դրսեւորած վերաբերմունքից՝ Արծվիկ Մինասյանն ասում է․ «Փորձում են կուրորեն ցեխհարձակումներ իրականացնել «Դիմադրություն» շարժման կամ դրա ներկայացուցիչների նկատմամբ, էն երիտասարդ գործիչների, որոնք այս օրերին «Դիմադրություն» շարժման շրջանակում ներկայանում են հանրությանը, ասենք, չգիտեմ, կարող են վերցնել Իշխան Սաղաթելյանին, Աննա Գրիգորյանին, Արամ Վարդեւանյանին եւ պիտակավորել նախկիններ, արտահայտությունը անհասկանալի է, Աննա Գրիգորյանի կամ Արամ Վարդեւանյանի նախկինը ո՞րն է, երբ այդ մարդիկ որեւէ պետական պաշտոն անգամ չեն ունեցել»։ Մինչդեռ Արամ Վարդեւանյանի կենսագրությունն ուսունասիրելով՝ պարզ է դառնում, որ նա տարիներ շարունակ աշխատել է պետական համակարգում՝ զբաղեցնելով նաեւ պետական պաշտոններ։ Մասնավորապես, 2011-2012 թվականներին Վարդեւանյանը եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական իրավունքների վարչության մասնագետ, 2012 թ. մարտ-դեկտեմբեր ամիսներին՝ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, առաջատար մասնագետ, 2012-2014 թթ.՝ ՄԻՊ աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ եւ ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ: 2014-2016 թթ. Վարդեւանյանը եղել է ՀՀ ՍԴ նախագահի խորհրդական, 2016-2017 թթ.՝ ՀՀ վարչապետի օգնական, իսկ  2017- 2018 թթ.՝ ՀՀ վարչապետի ավագ օգնական: Այդ ժամանակ գործող «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ վարչապետի օգնականի պաշտոնները ներառված են պետական հայեցողական պաշտոնների շարքում։ Նշենք նաեւ, որ գործող օրենքի համաձայն էլ, ի թիվս այլնի, դրանց շարքում են ներառվել նաեւ ՍԴ նախագահի խորհրդականի, ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի պաշտոնները։ Այսպիսով, Արծվիկ Մինասյանի այդ պնդումը եւս, թե Արամ Վարդեւանյանը նախկինում որեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել, իրականությանը չի համապատասխանում։   Միլենա Խաչիկյան
18:24 - 12 մայիսի, 2022
ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողները պարտավոր են վարձը վճարել մինչև թեզի նախապաշտպանությունը․ oragir.news-ը սխալվում է

ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողները պարտավոր են վարձը վճարել մինչև թեզի նախապաշտպանությունը․ oragir.news-ը սխալվում է

Մայիսի 3-ին oragir.news կայքում հրապարակվել է «ԵՊՀ-ն նոր ձև է գտել ուսանողներին ցույցերից հեռու պահելու համար․ ռեկտորի ապօրինի «հրամանը»» վերտառությամբ հոդված (արխիվացված հղումը)։ Հոդվածում նշվում է, որ Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի երկրորդ կուրսում սովորող ուսանողներն իրենց էլեկտրոնային հասցեներին դեկանատներից հաղորդագրություններ են ստացել, որ ռեկտորի որոշման համաձայն՝ նրանց չի թույլատրվում մասնակցել թեզի պաշտպանությանը, քանի որ չեն վճարել ուսման վարձը։  «Ուսանողները տարակուսանքի մեջ են։ Բանն այն է, որ ռեկտորի համապատասխան հրամանը պետք է հրապարակված լինի ԵՊՀ-ի կայքում, այնինչ այդ մասին որևէ գրառում չկա։ Նկատենք նաև, որ դեկանատներից ուսանողներին ուղարկված հաղորդագրության մեջ ևս չի նշվում հիշատակված հրամանի համարը։ Ակնհայտ է, որ ԵՊՀ ռեկտորը նոր ձև է գտել ուսանողությանը բողոքի ակցիաներից հեռու պահելու համար, քանի որ նախորդ օրերին ԵՊՀ-ում դասապրոցեսը խաթարվել է։ Նշենք, որ ԵՊՀ-ում ուսանողները կարող են ուսման վարձը վճարել մաս-մաս, իսկ մագիստրատուրայի ավարտական կուրսում՝ ուսման վարձի վճարումը հետաձգել մինչև մագիստրոսական թեզի պաշտպանության նախորդ օրը»,- նշվում է հոդվածում։ ԵՊՀ-ից, «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են հետևյալը․ «Համաձայն Երևանի պետական համալսարանի և մագիստրանտի միջև 2020թ. կնքված «Առկա ուսուցման ձևով մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության կազմակերպման պայմանների վերաբերյալ» պայմանագրի 3.2.7 կետի՝ ավարտական կուրսի ուսանողը պարտավոր է ուսումնառության վերջին կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարն ամբողջությամբ վճարել մինչև մագիստրոսական թեզի նախապաշտպանությունը: Ուսման վարձավճարը ժամանակին չվճարելու դեպքում ուսանողը կարող է հեռացվել ԵՊՀ-ից»:  Oragir.news-ը նաև պնդում է, թե ուսանողներին ուղարկված նամակում նշված հրամանը պետք է հրապարակված լինի համալսարանի կայքում, բայց «այդ մասին որևէ գրառում չկա»։ Խոսքը վերաբերում է ԵՊՀ ռեկտորի՝ «Ուսման վարձավճարի ամսական վճարման կարգը սահմանելու մասին» հրամանին, որը հրապարակված է Պետհամալսարանի փաստաթղթերի համար նախատեսված կայքում։ Այս հրամանով սահմանվում է, որ ուսանողները և՛ առաջին, և՛ երկրորդ կիսամյակում կարող են ուսման վարձը բաժանել 4 մասի՝ ամեն ամիս վճարելով դրա մի մասը։ Սակայն ավարտական կուսերի ուսանողները պարտավոր են ուսումնառության վերջին կիսամյակի համար սահմանված վարձավճարը վճարել մինչև ավարտական աշխատանքի կամ մաիգիստրոսական թեզի նախապաշտպանությունը։ ԵՊՀ-ին նաև խնդրել էինք հայտնել, թե ուսանողներն ինչ ընթացակարգով են տեղեկանում այն մասին, որ վարձը չվճարած կամ թերի վճարած լինելու դեպքում չեն կարող մասնակցել թեզի պաշտպանությանը։ Պետհամալսարանից մեզ հայտնել են, որ ուսանողներն ուսումնառության վերաբերյալ տեղեկությունները կարող են ստանալ համալսարանի պաշտոնական կայքից, իսկ անհատապես նրանց վերաբերող տեղեկությունը ֆակուլտետների դեկանատներն ուղարկում են համալսարանական էլեկտրոնային փոստի հասցեներին։ Այսպիսով, oragir.news-ի պնդումը, թե ԵՊՀ մագիստրատուրայի ավարտական կուրսում ուսանողները կարող են ուսման վարձի վճարումը հետաձգել մինչև մագիստրոսական թեզի պաշտպանության նախորդ օրը, կեղծ է, քանի որ ըստ ռեկտորի հրամանի և ուսանողների հետ կնքված պայմանագրի՝ ուսանողները վարձը պետք է մուծեն մինչև թեզի նախապաշտպանությունը։ Աննա Սահակյան
21:38 - 05 մայիսի, 2022
Լրտեսության դեպքեր բանակում 2018 թ․-ից առաջ էլ կային․ Ռոբերտ Քոչարյանի պնդումը սխալ է

Լրտեսության դեպքեր բանակում 2018 թ․-ից առաջ էլ կային․ Ռոբերտ Քոչարյանի պնդումը սխալ է

Ապրիլի 29-ին՝ Սարդարապատից  քայլերթով Երեւան եկող խմբի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ի թիվս այլնի, անդրադարձավ անվտանգային մի շարք հարցերի։ Խոսելով, մասնավորապես, բանակի մասին՝ նա ասաց․ «Սկսել են այդ քայքայիչ, ավերիչ գործունեությունը 2018 թվականից հետո, տռուսիկ, մայկա, ելակ, տուշոնկա եւ այլն, եւ այլն, եւ ստացանք այն, ինչ օրինաչափ ձեւով նման քաղաքականության պարագայում պետք է ստանայինք։ Իմ հաշվարկով՝ առնվազն 3 տարի պետք է բանակի վերականգնման համար, եթե վատ աշխատես՝ 3-5 տարի, այդ 3 տարուց 1․5 տարին արդեն կորսված են, բայց ես համոզված եմ, որ 3 տարում, այո, ի վիճակի ենք բավականին լուրջ անվտանգային համակարգ ձեւավորել։ Նայեք, այս վերջերս հայտնաբերված 300-400 դոլարանոց գործակալների, ադրբեջանական, սենց ասենք, շպիոնների առկայությունը ինչի՞ մասին է խոսում։ Բարոյահոգեբանական վիճակը բանակում այնպիսինն է, որ այդ երեւույթը․․․ Ուղղակի չկային այդպիսի բաներ»։ Քոչարյանը, ըստ ամենայնի, նկատի ունի  Ազգային անվտանգության ծառայության կողմից ապրիլի  20-ին բացահայտված դեպքը, ըստ որի՝ Զինված ուժերի կոչումով սպա զինծառայող ՀՀ քաղաքացին, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, վարձատրության դիմաց (ընդ որում՝ ոչ թե 300-400, այլ ընդհանուր 1400 ԱՄՆ դոլարի) նրանց է հանձնել պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող մի շարք տեղեկություններ։  Ամեն դեպքում, վերջերս բացահայտված որ դեպքն էլ նկատի ունեցած լինի նա, ինքնին պնդումը, թե նախկինում «այդպիսի բաներ» բանակում չկային, սխալ է։ Դա են վկայում ինչպես մեր հարցմանն ի պատասխան ոստիկանության վերջերս հայտնած տեղեկությունները, այնպես էլ մամուլի մի շարք հրապարակումներ ու Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգում առկա տվյալները։ Մասնավորապես, Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից նախորդ ամիս հայտնել են, որ 2009, 2011, 2015 թվականներին ՀՀ-ում արձանագրվել են լրտեսության 1-ական դեպքեր, իսկ 2009, 2013, 2014, 2015 թվականներին՝ պետական դավաճանության 1-ական դեպքեր։ Պետական դավաճանության 2 դեպք էլ արձանագրվել է 2011 թվականին։ Այսինքն՝ մինչեւ 2018 թվականը հիշյալ տարիներին արձանագրվել է լրտեսության եւ պետական դավաճանության ընդհանուր առմամբ 9 դեպք։ Քանի որ այս դեպքերի վերաբերյալ նույնականացնող բավարար տվյալներ Ոստիկանությունը չի հայտնել, իսկ Դատալեքսում տեսանելի այդ թվականների գործերը մեծամասամբ փակ են, հնարավոր չէ այսքանով միայն պնդել, թե այդ բոլորը կատարվել են ԶՈՒ ծառայողների կողմից կամ վերաբերել են հենց բանակին կամ որ այդ բոլորով հանցագործություններն ի վերջո հաստատված են համարվել։ Սակայն մամուլում եւ Դատալեքսում առկա են նաեւ մի շարք բաց տեղեկություններ՝ ՀՀ եւ ԼՂ քաղաքացիների, այդ թվում՝ ԶՈՒ ծառայողների մասնակցությամբ լրտեսության եւ լրտեսության ձեւով պետական դավաճանության իրականացման, դրանց առթիվ հարուցված քրեական գործերի, ինչպես նաեւ՝ այդ գործերով կայացված դատավճիռների վերաբերյալ։ Օրինակ՝ 2013 թ․-ին ԱԱԾ-ն հայտնել է, որ լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի 31-ամյա բնակչուհի Մանե Մովսիսյանը, որը հետագայում մեղավոր է ճանաչվել: Ըստ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի կայացրած դատավճռի՝ զորամասում աշխատելու ընթացքում Մովսիսյանը համացանցի միջոցով Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցներին է փոխանցել ծառայության ընթացքում իրեն հայտնի դարձած ռազմական բնագավառի պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ինչպես նաեւ՝ այնպիսի տեղեկություններ, որոնք կարող էին օգտագործվել ՀՀ-ն եւ ՀՀ Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով: Ըստ Դատալեքսի՝ Մովսիսյանի վերաբերյալ դատավճիռը հետագայում չի բողոքարկվել՝ մտնելով օրինական ուժի մեջ։ Դարձյալ 2013 թ․-ին լրտեսության եւ պետական դավաճանության մեջ մեղավոր են ճանաչվել ԼՂ երկու քաղաքացիներ Դավիթ Բարսեղյանն ու Ռաֆայել Ավագյանը։ Վերջինս հանդիսացել է Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող։ Ըստ մեղադրանքի՝ ծանոթանալով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բնակվող, սփյուռքահայ կազմակերպության անդամ ներկայացած ոմն Սամվել Ազատյանի հետ՝ ԼՂ քաղաքացիները իբր բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով նրան են փոխանցել արտակարգ պատահարների ժամանակ զոհվածների եւ վիրավորվածների, բժշկական սպասարկման, սննդի, շինությունների վիճակի եւ ՊԲ-ի մասին մի շարք այլ տեղեկություններ, ինչի դիմաց վարձատրվել են գումարով ու նվերներով։ Դավիթ Բարսեղյանն ու Ռաֆայել Ավագյանը դատապարտվել են համապատասխանաբար 10 եւ 11 տարի ազատազրկման։ Ժամանակին այդ գործով պաշտպանություն իրականացրած փաստաբան Էրիկ Բեգլարյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ, ապա նաեւ՝ Գերագույն դատարան, սակայն արդյունքում, մնացել է անփոփոխ՝ մտնելով օրինական ուժի մեջ։ 2015 թ․-ին հայտնի է դարձել վարձատրության դիմաց պետական դավաճանության մեկ այլ դեպք, ըստ որի՝ պահեստզորի մայոր Գարիկ Մարությանը, 1997-2014 թթ. զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը, 2015թ. հուլիս ամսի սկզբներից, համացանցի միջոցով հայտնվել է Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, ինչպես նաեւ՝ ծանոթ զինծառայողներից հայթայթած, այդ թվում եւ գաղտնի տեղեկություններ՝ ՀՀ ՊՆ զորամասերի սպառազինության, դիրքերի, դիտակետերի, զինծառայողների վերաբերյալ։ Մարությանի վերաբերյալ գործը Դատալեքսում փակ է, այդ իսկ պատճառով կապ հաստատեցինք այդ ժամանակ նրա պաշտպանությունն իրականացրած, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանի հետ, որը մեր զրույցում տեղեկացրեց, որ Մարությանը դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 14 տարի ազատազրկման։ Դատավճիռը հետագայում բողոքարկվել է, սակայն Վերաքննիչ դատարանը այն թողել է անփոփոխ։ Մեկ այլ օրինակ է պահեստազորի փոխգնդապետ, նախկին զինծառայող Գեւորգ Հայրապետյանին եւ նրա ու ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ կապն ապահոված Իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերինի վերաբերյալ 2009 թ․-ին հարուցված քրեական գործը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Մարտիրոս Կարապետյանի կայացրած դատավճռով նրանք մեղավոր են ճանաչվել՝ դատապարտվելով 12 եւ 10 տարի ազատազրկման։ Այդ տարիներին Հայրապետյանի պաշտպանությունն իրականացրած փաստաբան Սեդա Սաֆարյանը մեր զրույցում հայտնեց, որ բողոքարկման արդյունքում Վերաքննիչ դատարանը դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքն առհասարակ վարույթ չի ընդունել, ինչի արդյունքում այն մտել է օրինական ուժի մեջ։ Այնուհանդերձ, նշենք նաեւ, որ Հայրապետյանի գործով 2011 թ․ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը նախորդ տարի՝ 2021 թ․-ի դեկտեմբերին ճանաչել է նրա արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը՝ ընդգծելով հատկապես այն, որ դռնփակ դատաքննությունը հիմնավոր չի եղել։ Սաֆարյանի խոսքով՝ ՄԻԵԴ որոշումից հետո Հայրապետյանը առողջական խնդիրների եւ դատական համակարգի բարեփոխված չլինելու պատճառներով չի ցանկացել վերաբացման վարույթ հարուցելու միջնորդությամբ հանդես գալ, այսինքն՝ ներպետական ատյաններում նրա դատավճիռը այդպես էլ չի բեկանվել։ Ինչ վերաբերում է Իրանի քաղաքացուն, նրա մասով դատավճիռը եւս մնացել է ուժի մեջ։ Նշենք նաեւ, որ բանակի մասին տեղեկությունների փոխանցման գործընթացում միշտ չէ, որ անձամբ ԶՈՒ ներկայացուցիչներ կամ զինծառայողներն են ներգրավված եղել։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում հասանելի է, օրինակ, 2011 թ․-ի մի գործ, որի շրջանակում քաղաքացիներ Կարեն Մեհրաբյանը եւ Ռոմիկ Ավետիսյանը դատապարտվել են գումարի դիմաց լրտեսության տեսքով դավաճանություն կատարելու, իսկ Աշոտ Չրտկյանը՝ նրանց օժանդակելու մեջ։ Այս դեպքի շրջանակում քաղաքացիները, ի թիվս այլնի, փորձել են ծանոթների, ինչպես նաեւ՝ ՀՀ ՊՆ աշխատակիցների եւ ԼՂ քաղաքացիների ներգրավմամբ Ադրբեջանին փոխանցել բանակի անձնակազմի, զենք-զինամթերքի, զինտեխնիկայի քանակի, տեսակի, զորամասերի եւ ՊԲ-ին վերաբերող այլ տեղեկություններ։ Բողոքարկման արդյունքում դատավճիռը մնացել է անփոփոխ։ 2014 թ․-ին բացահայտված պետական դավաճանության մեկ այլ գործով մեղադրյալի կարգավիճում է եղել ոստիկանության նախկին աշխատակից, գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանը։ Ըստ մեղադրանքի՝ վերջինս ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով 2013թ․-ին սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ՝ առաջարկելով իր ծառայությունները: Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 11 տարի ազատազրկան։ Դատավճիռը հետագայում չի բողոքարկվել՝ մտնելով օրինական ուժի մեջ։ Իսկ 2016թ․-ին պետական դավաճանության մեկ այլ գործով էլ մեղավոր են ճանաչվել քաղաքացիներ Ռաֆիկ Պապոյանը եւ Կարինե Ղումաշյանը։ Ըստ դատավճռի՝ նրանք, հավաքագրվելով ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ի թիվս այլնի, համոզել են իրենց որդիներին փոխանցել ծառայության ընթացքում իրենց հայտնի դարձած տեղեկությունները։ Բողոքարկման արդյունքում նրանց դատավճիռը եւս մնացել է օրինական ուժի մեջ։ Այսպիսով, մամուլում եւ Դատալեքսում առկա բաց տեղեկությունների հիման վրա կարող ենք եզրակացնել, որ 2018 թ․-ին նախորդած տարիներին կատարվել է լրտեսության ձեւով պետական դավաճանության առնվազն 7 դեպք, ուստի Քոչարյանի պնդումը, թե «այդպիսի բաներ» բանակում չկային, իրականությանը չի համապատասխանում։ Նշենք նաեւ, որ որոնում իրականացնելիս ակնհայտ է դառնում, որ Դատալեքսում ոչ բոլոր գործերն են առհասարակ տեսանելի, քանի որ տեսանալի (այդ թվում՝ ե՛ւ բաց, ե՛ւ փակ) գործերի թիվը պակաս է Ոստիկանության հայտնած դատարան ուղարկված գործերի թվից։ Ամեն դեպքում, հիշեցնենք նաեւ, որ 44-օրյա պատերազմից հետո պետական դավաճանության եւ լրտեսության առթիվ ՀՀ-ում հարուցվել է այնքան քրեական գործ, որքան նախորդ 13 տարիների ընթացքում։   Միլենա Խաչիկյան
12:32 - 05 մայիսի, 2022
Վանեցյանը հանրահավաքի ժամանակ Քոչարյանի ունեցվածքի մասին չի խոսել․ FreeNews-ը կեղծում է

Վանեցյանը հանրահավաքի ժամանակ Քոչարյանի ունեցվածքի մասին չի խոսել․ FreeNews-ը կեղծում է

Կառավարող ուժի քարոզչամեքենայի մաս կազմող FreeNews.am լրատվականը, որն ունի վերգետնյա հեռարձակման իրավունք, այսօր հրապարակել է «Վանեցյանը հանրահավաքին՝ Քոչարյանի միլիոնների մասին» վերտառությամբ մի տեսանյութ, որում երեւում են ընդդիմադիրների վերջին հանրահավաքներից տարբեր կադրեր, ֆոնին էլ հնչում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը։  Տեսանյութում, մասնավորապես, ցուցադրվում է ընդդիմադիրների հանրահավաքներից մեկին «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, ապա Արթուր Վանեցյանի մասնակցության դրվագը, իսկ կադրում զուգահեռաբար վերջինիս հայտարարությունն է լսվում Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին․ «Ունենք ցուցմունք, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստատեսությամբ հանդես է գալիս եւ ասում՝ մենք ոչ մի բան չունենք, փաստերով, փաստերով կխոսենք եւ կհրապարակեմ՝ ով ինչ ունի եւ ոնց ա ձեռք բերել, ոնց ա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում, եւ մնացած այլ-այլ ունեցվածքները։ Մի խոսքով՝ ունենք՝ սխեման ոնց ա գալիս եւ հասնում, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը վերջում դառնում սեփականատեր, եւ ունենք էդ գումարը ոնց փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին, խոսքը գնում ա հարյուրմիլիոնավոր դոլարների մասին, մի մասը՝ դրսի բանկերում, մի մասը՝ ստեղի բանկերում»։  Վանեցյանը, սակայն, այս հայտարարությունը չի արել ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ, ինչպես փորձ է արել ներկայացնել լրատվականը։ Այն, իրականում, գրեթե չորս տարվա վաղեմություն ունի․ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին, երբ Վանեցյանը դեռ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն էր, Քոչարյանի ունեցվածքին վերաբերող այդ տեղեկությունները հրապարակեց իր ու այդ ժամանակ Հատուկ քննչական ծառայության, այժմ Հակակոռուպցիոն կոմիտեի պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հայտնի հեռախոսազրույցի հրապարակումից (որի ժամանակ վերջիններս «Մարտի 1»-ի գործն էին քննարկում) հետո հրավիրված ասուլիսի ընթացքում։ FreeNews-ը Վանեցյանի այդ հայտարարությունից վերցրել է ձայնն ու փորձել սինխրոնացնել հանրահավքներից մեկի ժամանակ ելույթ ունեցող Վանեցյանի շուրթերի շարժումներին, սակայ տեսանյութը փոքր-ինչ ուշադիր նայելիս ակնհայտ է դառնում, որ նրա արտաբերած բառերն ու հնչող ձայնը համապատասխան չեն։ Կադրը, որտեղ Վանեցյանն, իբր, Քոչարյանի ունեցվածքի մասին է խոսել, մայիսի 2-ին Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթից է, որտեղ Վանեցյանը լրիվ այլ բանի մասին է խոսում, իսկ ավելի կոնկրետ՝ օրվա կառավարող ուժին կոչ է անում հեռանալ՝ պնդելով, որ վերջինս ձախողել է բոլոր ուղղություններով։ Իսկ մյուս կադրը, որտեղ Քոչարյանն է երեւում՝ հայացքը ուղղված Ֆրանսիայի հրապարակում տեղադրված բեմահարթակին, դարձյալ նույն օրվա հանրահավաքից է, սակայն այդ դրվագի ժամանակ ելույթ էր ունենում ոչ թե Վանեցյանը, այլ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը, եւ Քոչարյանի հայացքը ուղղված էր նրան։  Այսպիսով, FreeNews լրատվական կայքը, որի գլխավոր խմբագիրը եւ տնօրենը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է, հրապարակել է տեսանյութ, որտեղ հնչող հայտարարությունը, թեեւ իրականությանը համապատասխանում է, սակայն այն ժամանակագրական կեղծիք է պարունակում․ Արթուր Վանեցյանն ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում Քոչարյանի ունեցվածքի մասին չի խոսել։ Այդ հայտարարությունն արվել է, երբ Վանեցյանը ԱԱԾ տնօրենն էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ։ Հայարփի Բաղդասարյան
16:04 - 04 մայիսի, 2022