Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Արմեն Սարգսյանը որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից

Արմեն Սարգսյանը որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնել է, որ որոշել է հրաժարական տալ իր պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Հայտարարության մեջ նշված է. «1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների հետևանքով մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն ընձեռվեց ստեղծել իր անկախ պետությունը: Մեր առաքելությունը ոչ թե մի դրոշը մեկ ուրիշով փոխարինելն էր, այլ՝ կառուցել երկիր, որը դարեր անց վերստին կապահովի հայերի անվտանգությունը, առաջընթացը և բարգավաճումը: Ընդգծում եմ՝ անկախ պետության գոյության հիմնական իմաստը պատասխանատվություն ստանձնելու ու կրելու կարողությունն է, երբ ինքներս ենք գիտակցում, որ միայն մենք ենք, որպես մեկ միասնական մարմին, սեփական հաղթանակներ կերտողը և սեփական պարտությունների մեղավորը: Նման պատմական հնարավորությամբ ոգևորված՝ ես, ինչպես և իմ շատ հայրենակիցներ, նվիրվեցի այդ առաքելությանը: Տարբեր պատճառներով այս կամ այն փուլերում իմ մասնակցության ակտիվությունը փոխվում էր, բայց ես չէի դադարում հավատալ մեր վերջնական համազգային հաջողությանը: Եվ հենց դա էր Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկությանը համաձայնելու իմ գլխավոր շարժառիթը: Ընդունելով այդ կարևոր որոշումը՝ ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի՝ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, Սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար: Որոշ ժամանակ անց տեղի ունեցան 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները...Կարող է հարց ծագել՝ ինչու՞ ես հրաժարական չտվեցի այդ պահին: Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ես պարտավոր էի անել ինձնից կախված ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումը, հնարավոր բախումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների: Ես նաև ձգտում էի իմ երկարամյա աշխատանքի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը և իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ և կայուն պետականության կառուցմանը: Կրկին կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ Նախագահը չկարողացավ ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի: Պատճառը կրկին ակնհայտ է՝ համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտոնյայի օժտում է բացառապես մեկ փաստաթուղթ՝ Սահմանադրությունը: Հենց գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները: Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն: Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժվար է խոսել նշանակալից ձեռքբերումների մասին, քանի որ առաջընթացի և հաջողության հնարավոր է հասնել միայն կանխատեսելի և ներդաշնակ համակարգի պայմաններում:Ուրախ եմ, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը: Ես հույս ունեմ, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, և հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում: Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա: Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար: Իրականություն, երբ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ: Իրականություն, որտեղ Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման: Իրականություն, որտեղ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն Նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին: Իրականություն, որտեղ պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից: Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա: Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից:Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա: Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից: Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք: Վերջում ցանկանում եմ առանձնակի երախտագիտություն հայտնել մեր քաղաքացիներին և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ երկրի համար այս բարդ ժամանակներում հաստատակամություն, տոկունություն, համբերատարություն և արիություն ցուցաբերելու համար: Առանձնահատուկ շնորհակալություն մեր քաջարի բանակի զինվորներին և սպաներին, խոնարհումս մեր Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների ընտանիքներին: Շնորհակալ եմ նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին և պետական կառույցների իմ գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար»:
20:15 - 23 հունվարի, 2022
Մեծածավալ նախագծեր ու ներդրումներ վերականգնվող էներգետիկայի ոլորտում. ՀՀ նախագահի այցն ԱՄԷ

Մեծածավալ նախագծեր ու ներդրումներ վերականգնվող էներգետիկայի ոլորտում. ՀՀ նախագահի այցն ԱՄԷ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ նշանավորվել է մի շարք գործնական պայմանավորվածություններով: Խոսքը մասնավորապես վերաբերում է վերականգնվող էներգետիկայի ոլորտին: ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ էմիրաթական «Մասդար» ընկերությունը, որը վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջազգային առաջատար ընկերություններից մեկն է, արդեն իսկ սկսել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ 200 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման «Այգ-1» ծրագիրը, որի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2019թ. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում: Դեռևս այն ժամանակ Արմեն Սարգսյանը նշել էր, որ այս ծրագիրը մեծ ճանապարհորդության միայն սկիզբն է, և միասին հնարավոր է շատ ավելին անել։ Հայաստանի նախագահն օրերս ԱՄԷ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպելով «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահի հետ՝ պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանում ևս մեկ 200 մեգավատտ հզորության արևային ֆոտովոլտային կայանի կառուցման վերաբերյալ: Հայաստանում 400 մեգավատտ ընդհանուր հզորությամբ արևային կայանների ծրագրերը ենթադրում են մեծածավալ ներդրումներ: Դրանք ունեն նաև կարևոր ռազմավարական նշանակություն՝ երկրի էներգետիկ համակարգի անվտանգության և անկախության մակարդակի բարձրացման, ինչպես նաև էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման տեսանկյունից: Այս ծրագրերը կնպաստեն նաև Հայաստանն ավելի կանաչ դարձնելուն: Նախագահն ԱՄԷ այցի ընթացքում «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ քննարկել է նաև հողմային էներգետիկայի ոլորտում մեծածավալ ներդրումներ կատարելու հնարավորությունները, մասնավորապես խոսվել է լրացուցիչ 500 մեգավատտ հզորությամբ կայանի հնարավոր կառուցման մասին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ունի մաքուր էներգիայի ռեսուրսների հսկայական ներուժ: Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան: Ընդհանուր առմամբ, Հանրապետության նախագահի աշխատանքային այցն ԱՄԷ ևս մեկ գործնական քայլ է արաբական աշխարհի հետ հարաբերությունն ավելի սերտացնելու և համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ:
12:29 - 22 հունվարի, 2022
«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

 «Աբու Դաբի կայունության շաբաթ» (ADSW) միջազգային հեղինակավոր ֆորումի՝ «ADSW Talks»-ի հարցազրույցների շարքում հրապարակվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը՝ կայունության կարևորության, Հայաստանի կողմից կլիմայական փոփոխությունների խնդրի առնչությամբ իրականացվող քայլերի, կայուն ապագայի և այլ հարցերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Հարցազրույթի հայերեն թարգմանությունը ներկայացվում է ստորև. Հարց - Ինչու՞ է կայունությունն այդքան կարևոր: - Կայունությունը ենթադրում է կանխատեսելիություն, հաստատունություն, աճ, ապագայի կերտում: Շատերը կարծում են, որ COVID-ի պատճառով է աշխարհը փոխվել, սակայն ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Աշխարհը փոխվել է, և ա՛յդ պատճառով է, որ COVID ունենք: Աշխարհը փոխվել է, և ա՛յդ պատճառով է, որ մենք ունենք պոպուլիզմ: Աշխարհը փոխվել է, և ա՛յդ պատճառով է, որ մենք այսօր ունենք քաղաքական գործիչներ, որոնք փոխկապակցված են զվարճանքի (entertainment) հետ: Աշխարհը փոխվել է և այդպես շարունակ... Աշխարհի փոփոխության արդյունքում անկանխատեսելիության, անկայունության զգացում է առաջացել: Հարց - Հայաստանի Հանրապետությունն ինչպիսի՞ հիմնարար քայլեր է ձեռնարկում կլիմայական փոփոխությունների խնդրի առնչությամբ: - Հայաստանը «Մասդար»-ի հետ համագործակցությամբ արդեն իսկ կառուցում է առաջին արևային էլեկտրակայանը, և, հույս ունենք, ապագայում կկառուցի երկրորդը՝ ընդհանուր առմամբ 400 մեգավատտ հզորությամբ: Մենք մտածում ենք նույնիսկ մեկ այլ ՝500 մեգավատտ հզորությամբ կայանի մասին, որը Հայաստանի նման փոքր երկրի համար հսկայական է: Հարց - Ինչպիսի՞ լուծումներ է հնարավոր գտնել՝ կլիմայական փոփոխությունները հաղթահարելու համար: - Մենք բոլորս ապրում ենք նույն մոլորակի վրա, և կապ չունի, թե կլիմայական փոփոխության հետ կապված ինչպիսի դրական գործունեություն ես ծավալում, քանի որ եթե թեկուզ մեկ ծառ ես տնկում, ապա այն թթվածին է արտազատում ամբողջ մոլորակի համար: Այդպիսով՝ քո և՛ բացասական, և՛ դրական գործունեությունը կարող է գլոբալ մակարդակով ազդեցություն ունենալ: Ուստի, ես հանդես եկա առաջարկությամբ, Հայաստանում մենք մշակել ենք մաթեմատիկական և ֆինանսական մոդելները: Հայերս լավ մաթեմատիկոսներ և ֆիզիկոսներ ենք. ի դեպ, ես այն քիչ նախագահներից եմ, որը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր է: Մենք մշակել ենք ձևը, թե ինչպես կարելի է բացասականը վերափոխել դրականի, թե ինչպես կարող ես լինելով փոքր երկիր՝ մեծ երկրի նկատմամբ ունեցած ֆինանսական պարտքդ վերափոխել ի նպաստ կլիմայի: Ավելի պարզ ասած՝ եթե ես փոքր երկիրն եմ և քեզ պարտք եմ, իսկ դու՝ մեծ երկիր ես և պետք է միջազգային հանրությանը վճարես կլիմայի փոփոխության մասով քո պարտավորությունը: Քեզ ժամանակ է հարկավոր քո արտազատած ածխաթթու գազն էկոլոգիապես ավելի մաքուրի վերափոխելու համար: Այս պարագայում ես իմ աջակցությունն եմ առաջարկում. եթե ես քեզ 100 միլիոն դոլար եմ պարտք, իսկ դու փնտրտուքի մեջ ես, ինչպես կատարել միջազգային հանրության առջև կլիմայի փոփոխության մասով քո պարտավորություն, ես քեզ առաջարկում եմ 100 միլիոն դոլար պարտքը վճարելու փոխարեն այդ գումարին համարժեք ծառ տնկել Հայաստանում: Կլիմայի փոփոխության ոլորտում իրականացված այդ 100 միլիոն դոլարին համարժեք իմ դրական գործունեությունը ես տալիս եմ քեզ, որը դու կարող ես ներկայացնել միջազգային քո պարտավորությունների շրջանակում: Ես այդ գործունեության կարիքը չունեմ, որովհետև CO2 չեմ արտանետում մթնոլորտ: Այդպիսով՝ մենք փոխանակում ենք կատարում՝ գումար տալու փոխարեն ես քեզ տալիս եմ կրեդիտ: Հարց - Ինչպե՞ս է «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ը (ADSW) նպաստում կայունության վերաբերյալ միջազգային համագործակցության խորացմանը: - Շատ կարևոր էր, որ այս շաբաթվա ընթացքում հնարավորություն էր ընձեռվել մեր մոլորակն ավելի կայուն և կանխատեսելի դարձնելու ուղիներ փնտրել ու գաղափարներ հղանալ: Այդ իսկ պատճառով է, որ, եթե չեմ սխալվում, արդեն երկրորդ կամ երրորդ անգամն եմ մասնակցում այս համաժողովին՝ իմ փոքր ներդրումն ունենալով հատկապես երիտասարդ սերնդին աջակցելու գործում՝ ավելի լավ, կանխատեսելի, կայուն աշխարհ կառուցելու համար: Հարց - Ինչպիսի՞ ուղերձ կհղեք երիտասարդ սերնդին կլիմայական փոփոխությունների վերաբերյալ: - Շատ աշխատեք, ավելի շատ սովորեք, երիտասարդ եղեք ձեզ ամբողջ կյանքի ընթացքում: Երիտասարդ լինել նշանակում է ամեն օր նոր բան սովորել: Կարող ես 90 տարեկան լինել, սակայն եթե ամեն օր խանդավառությամբ նոր բան ես սովորում, ապա երիտասարդ ես: Կարող ես լինել 20 տարեկան, սակայն եթե հետաքրքրություն չցուցաբերս քո շուրջը կատարվողի նկատմամբ, պատրաստ չլինես սովորել, ապա երիտասարդ չես լինի: Մշտապես մնացեք երիտասարդ: Ամեն օր նոր բան սովորեք և եղեք ազատ: Երբեք ամեն ինչ մի ընդունեք այնպես ինչպես կա, մշտապես հարցեր տվեք և գտեք ձեր պատասխանները: Միշտ հիշեք, որ բոլոր լուծումները թեև տեխնոլոգիաների, գիտության միջոցով են, սակայն մեր հիմնական գործիքն ուղեղն է: Ինչպե՞ս ստացվեց, որ ավելի քան 100 տարի առաջ հանճարեղ գիտնականները կարողացան լուծել տարրական մասնիկների վարքագծի հետ կապված խնդիրները: Նրանք բոլորը շփոթված էին: Նյուտոնի տեսությունը չէր աշխատում էլեկտրոնների և պրոտոնների դեպքում: Ինչպե՞ս նրանք լուծեցին այդ խնդիրը: Նրանք փոխեցին իրենց դատողությունը, տրամաբանությունը, մոտեցումները և տեսլականը: Նրանք նույն խնդիրը դիտարկեցին բոլորովին այլ տեսանկյունից: Երբեմն դու պետք է փոխես քո դատողությունը, քո տրամաբանության սկզբունքները, և այդ դեպքում հնարավոր է ինչ-որ բանի հասնել: Եղեք ազատ, մի վախեցեք դիմագրավել մարտահրավերներին և փոփոխություններին: Հարց - Երբ խոսվում է կայունության մասին, ո՞րն է Ձեր ցանկությունը ապագայի համար: - Իմ անունը Արմեն Սարգսյան է, և ես արդեն իսկ անցել եմ կյանքի չորս փուլերով: Առաջին փուլում գիտնական էի, մաթեմատիկայի և ֆիզիկայի պրոֆեսոր: Երկրորդում ես դիվանագետ էի, այնուհետև՝ վարչապետ: Երրորդ փուլում ազատ մարդ էի, բիզնես գործունեություն էի ծավալում և իմ ակադեմիական կենտրոնն էի կառավարում: Իմ կյանքի չորրորդ փուլում ես ժամանակավոր՝ 7 տարով Հայաստանի նախագահն եմ և սպասում եմ թևակոխելու հինգերորդ փուլ: Իմ կյանքի այս բոլոր փուլերում մշտապես հանձնառու եմ եղել այս մոլորակն ավելի լավը, մաքուր, կանաչ դարձնել և կշարունակեմ այդպես անել իմ կյանքի հաջորդող փուլերում: Հաջողություններ եմ մաղթում բոլորին:
18:44 - 21 հունվարի, 2022
Հույս ունեմ, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել. Արմեն Սարգսյան

Հույս ունեմ, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը, որում մասնավորապես անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:    Նշելով, որ դեպի կայուն ապագա տանող ճանապարհը բանակցություններն են՝ նախագահն ասել է. «Հույս ունեմ, որ այս անգամ Հայաստանը և Ադրբեջանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել: Սակայն դա հեշտ չի լինի»: Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ նախագահ Սարգսյանը նշել է, որ պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են հարևանների հետ նորմալ հարաբերություններ, և չկա ուրիշ ճանապարհ՝ բացի երկխոսելը: Միևնույն ժամանակ, նախագահի խոսքով, հնարավոր չէ անտեսել պատմական իրողությունները, առաջ շարժվել առանց Սփյուռքի աջակցությունն ունենալու, որը մեծապես ձևավորվել է ցեղասպանության հետևանքով: Հայաստանը փոքր երկիր է, բայց հայերն աշխարհասփյուռ ազգ են:  «Հույս ունեմ, որ մի օր հայերն ու թուրքերը հաջողություններ կունենան այս հարցում, սակայն դա անելու համար չենք կարող անտեսել պատմական իրողությունները: Հաջողելու համար մենք պետք է պրագմատիկ լինենք, որպեսզի կարողանանք Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև տարածաշրջանում կայուն ու հաստատուն հարաբերություններ կառուցել»,- նշել է նախագահ Սարգսյանը:
12:36 - 21 հունվարի, 2022
Արմեն Սարգսյանը ԱՄԷ պետնախարարի հետ քննարկել է գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Արմեն Սարգսյանը ԱՄԷ պետնախարարի հետ քննարկել է գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄԷ առաջատար տեխնոլոգիաների և գիտության հարցերով պետական նախարար Սառա Ալ Ամիրիի հետ։ Նախարարը նաև ԱՄԷ տիեզերական գործակալության և ԱՄԷ գիտնականների խորհրդի նախագահն է, նա համակարգում է նաև ԱՄԷ տնտեսության զարգացման մեջ գիտության և առաջատար տեխնոլոգիաների ներդրման հարցերը:Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, հանդիպմանը քննարկել են գիտության, տեխնոլոգիաների, ինչպես նաև տիեզերագիտության ոլորտներում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Նախարար Ալ Ամիրին ներկայացրել է հիմնարար գիտությունների, տիեզերագիտության ոլորտներում Միացյալ Էմիրությունների կողմից իրականացվող աշխատանքները, մասնավորապես անդրադարձել ԱՄԷ-ի «Հույսի զոնդ» արբանյակի պատմական ճանապարհորդությանը դեպի Մարս։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նման հավակնոտ ծրագրերը ներդրում են ոչ միայն հանուն ապագայի, այլև երիտասարդների համար գիտությամբ զբաղվելու ոգեշնչման աղբյուր են: Նախագահ Սարգսյանը ԱՄԷ պետնախարարին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերին Հայաստանում նախատեսվող՝ գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին, որի նպատակներից մեկը նույնպես երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաներ, դեպի ապագա ուղղորդելն է: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ևս մեծ նշանակություն է տալիս գիտության և տեխնոլոգիաների ոլորտներին՝ դրանք առաջնային համարելով մեր երկրի ապագայի տեսանկյունից։ Այս համատեքստում նախագահ Սարգսյանը խոսել է գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության և դրա շրջանակներում հնարավոր փոխգործակցության մասին։ Անդրադարձ է եղել նաև երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրերի և համատեղ հետազոտությունների իրականացման հնարավորություններին։
13:29 - 18 հունվարի, 2022
Քննարկվել են Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները. նախագահը հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրենի հետ

Քննարկվել են Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները. նախագահը հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրենի հետ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։ Mubadala Investment Company-ն խոշոր ներդրումային ընկերություն է, որը կառավարում է ակտիվների և ներդրումների բազմազան պորտֆել Արաբական Միացյալ Էմիրություններում և արտերկրում: Ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում և ներդրումներ կատարում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության ոլորտներում և ներկայացված է աշխարհի 50-ից ավելի երկրներում։ «Մուբադալայի» կողմից կառավարվող ակտիվների ծավալը գնահատվում է 243 ԱՄՆ միլիարդ դոլար, գլխամասային գրասենյակը Աբու Դաբիում է: «Մուբադալան» գրասենյակներ ունի նաև Լոնդոնում, Ռիո դե Ժանեյրոյում, Մոսկվայում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում և Պեկինում: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ իր երախտագիտությունն է հայտնել «Մուբադալա» ներդրումային ընկերության մասնաճյուղ հանդիսացող «Մասդար» ընկերության կողմից Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծերի իրականացման պատրաստակամության համար: Նախագահը բարձր է գնահատել «Այգ-1» ծրագրի իրականացման շուրջ «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի արդյունավետ համագործակցությունը: Հանդիպմանը քննարկվել են այլընտրանքային էներգետիկայի, ինչպես նաև այլ ոլորտներում ծավալուն ներդրումներ կատարելու հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է էմիրաթական ընկերությունների հնարավոր ներկայությամբ մեր երկրի տնտեսության այլ ոլորտներում նույնպես և պատրաստ է երկարատև համագործակցության:
20:13 - 17 հունվարի, 2022
ՀՀ նախագահն ԱՄԷ-ում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացմանը

ՀՀ նախագահն ԱՄԷ-ում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացմանը

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Դուբայում ՝ «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում։   Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, «Աբու Դաբի կայունության շաբաթվա» բացմանը ներկա են եղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումը, Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, տարբեր երկրների կառավարությունների անդամներ, միջազգային կազմակերպությունների և խոշոր կորպորացիաների ղեկավարներ։ «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային ֆորումի բացման շրջանակում տեղի է ունեցել «Զայեդ կայունության մրցանակ»-ի շնորհման արարողությանը: Մրցանակը շնորհվում է առողջապահության, սննդի, էներգետիկայի, կրթության և ջրային տնտեսության ոլորտների այն կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս կայուն զարգացմանը նպաստող նորարար և ոգեշնչող լուծումներով: «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ն անցկացվում է 2008 թվականից: Այն գլոբալ հարթակ է, որը տարբեր միջոցառումների և համաժողովների շրջանակում հյուրընկալում է պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով:
14:14 - 17 հունվարի, 2022
ՀՀ նախագահի՝ ԱՄԷ այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ 200 մեգավատտ հզորության նախագիծ իրականացնելու վերաբերյալ

ՀՀ նախագահի՝ ԱՄԷ այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ 200 մեգավատտ հզորության նախագիծ իրականացնելու վերաբերյալ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Ընդգծելով, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներկայումս «Մասդար» ընկերության հետ իրականացվող 200 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիրը փոխշահավետ գործակցության առաջին քայլն է՝ նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել ևս 200 մեգավատտ հզորության վերաբերյալ այսօր ձեռք բերած պայմանավորվածության առթիվ: Նախագահը նշել է, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծերի իրականացումը լավ հիմք է ստեղծում ավելի լայն գործակցության համար և կարևոր քայլ է մեր երկրի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ: «Ակնկալում եմ, որ այս ծրագրով հիմք կստեղծվի երկարատև համագործակցության համար»,- ասել է նա։ Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել նաև «Այգ-1» ծրագրի իրականացման շուրջ «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոդի արդյունավետ համագործակցության վերաբերյալ։ Հանդիպմանը զրուցակիցները խոսել են նաև Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում նույնպես մեծածավալ ներդրումներ կատարելու հնարավորությունների մասին:
20:05 - 16 հունվարի, 2022
ՀՀ նախագահն ԱՄԷ ԱԳՄՀ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր

ՀՀ նախագահն ԱՄԷ ԱԳՄՀ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ: Հանդիպման օրակարգում առանցքային են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունությանը վերաբերող հարցերը: Հայաստանի նախագահն անդրադարձել է Արցախի հարցին, պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին: «Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Այս հրատապ խնդրի լուծման գործում Հայաստանն ակնկալում է նաև միջազգային գործընկերների գործնական աջակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:   Video Player     Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ կողմերը նշել են, որ ՀՀ-ԱՄԷ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում փոխշահավետ տնտեսական ու ներդրումային համագործակցության համար: Նախագահ Սարգսյանը հայ-էմիրաթական հարաբերությունները կարևորել է նաև Հայաստանի և արաբական երկրների միջև փոխգործակցության համատեքստում: ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարն ընդգծել է Հայաստանի հետ արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու Միացյալ Էմիրությունների շահագրգռությունը: Նա մասնավորապես կարևորել է փոխգործակցության խորացումը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում: Նշվել է, որ երկու երկրների միջև հաստատված օդային նոր կամուրջը Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդմանն ուղղված ևս մեկ հուսալի քայլ է: «Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում էմիրաթական «Մասդար» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրին՝ կարևորելով դրա ընդլայնումը և նոր ներդրումները: Կողմերն ընդգծել են երկկողմ փոխայցելությունների կարևորությունը: Այդ համատեքստում նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում այցելել Հայաստան»,- հյտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Աղբյուրի տեղեկացմամբ՝ համաձայնելով, որ հայ-էմիրաթական հարաբերությունները, փոխգործակցության հիմնական ուղղություններն ու նախագծերը միտված են ապագային՝ զրուցակիցները նշել են. քանի որ առկա է համագործակցության մեծ ներուժ, հնարավորություն և ավելին անելու ցանկություն, պետք է համատեղ ջանքերով հետևողականորեն շարժվել առաջ:
12:32 - 16 հունվարի, 2022
Հակառակորդի կրակոցներից զոհված 3 զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Հակառակորդի կրակոցներից զոհված 3 զինծառայողները հետմահու պարգևատրվել են

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել հունվարի 11-ին Ադրբեջանի զինուժի նախաձեռնած մարտական գործողությունների հետևանքով զոհված երեք հայ զինծառայողներին պարգևատրելու մասին։«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝Ռուդիկ Ռաֆիկի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտՎահան Վաչագանի ԲԱԲԱՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պար-տադիր զինծառայող, շարքայինԱրթուր Արտյոմի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային»,– ասվում է նախագահի հրամանագրում:
17:43 - 14 հունվարի, 2022
Այցի առանցքում կլինեն այլընտրանքային էներգիայի, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր. ՀՀ նախագահը կմեկնի ԱՄԷ

Այցի առանցքում կլինեն այլընտրանքային էներգիայի, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր. ՀՀ նախագահը կմեկնի ԱՄԷ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Սարգսյանի հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն միջպետական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող ընթացիկ և հեռանկարային հարցեր: Անդրադարձ կլինի նաև նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց իրականացումը դանդաղել էր կորոնավիրուսային համավարակի հետևանքով: Հայաստանի նախագահը կայցելի «Մասդար» գիտաարդյունաբերական կենտրոն. նշվում է, որ «Մասդար» ընկերությունը սկսել է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի շրջանակում: Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից համարվող «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ 2019թ. Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի ընթացքում: Նախագահի աշխատակազմից ընդգծում են, որ «Մասդար»-ի կողմից Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում այսօր իրականացվող ներդրումային ծրագիրը փոխշահավետ գործակցության առաջին քայլն է: Հանրապետության նախագահի այս այցի ընթացքում «Մասդար»-ի ղեկավարության հետ կքննարկվեն ծրագրի հաջորդ փուլին և այլընտրանքային էներգիայի ոլորտում նոր ներդրումների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հետ կապված հարցեր: Շարժայի էմիրության ղեկավարության հետ նախագահ Սարգսյանը կքննարկի ավիացիայի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը և ներդրումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև այս տարի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա միջազգային մշակութային փառատոնի շրջանակում Հայաստանի՝ որպես փառատոնի պատվավոր հյուր մասնակցությանը, ինչը բացառիկ հնարավորություն է ներկայացնելու մեր երկրի և ժողովրդի մշակութային հարուստ ժառանգությունը: Հայաստանի նախագահը կմասնակցի նաև «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week 2022) միջազգային հեղինակավոր ֆորումին և դրա շրջանակում կազմակերպվելիք համաժողովներին: «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ն անցկացվում է 2008 թվականից: Այն գլոբալ հարթակ է, որը տարբեր միջոցառումների և համաժողովների շրջանակում հյուրընկալում է պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով: Այս տարի «Աբու Դաբի կայունության շաբաթվա» միջոցառումներին մասնակցելու են Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբը, ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) նախագահ Ալոկ Շարման, Եգիպտոսի արտգործնախարար, COP 27-ի նախագահ Սամեհ Շուքրին, Կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ հանձնակատար Ջոն Քերին, Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ֆրանչեսկո Լա Կամերան, Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահ Ֆերիդ Բելհաջը, ՄԱԿ-ի ութերորդ գլխավոր քարտուղար, Global Green Growth ինստիտուտի խորհրդի նախագահ Բան Կի-Մունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, տարբեր երկրների կառավարությունների անդամներ, միջազգային կազմակերպությունների և խոշոր կորպորացիաների ղեկավարներ: Նախագահ Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես կգա «Աբու Դաբի կայունության շաբաթվա» շրջանակում անցկացվող՝ «Երիտասարդությունը հանուն կայունության» («Youth4Sustainability») համաժողովին, ինչպես նաև կայունության, շրջակա միջավայրի և վերականգնվող էներգիայի խնդիրներին ու դրանցում կանանց ներգրավվածությանը նվիրված թեմատիկ քննարկումներին:
13:20 - 14 հունվարի, 2022