Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Վեհափառ Հայրապետը օրհնել է, այլ ոչ թե առաջնորդում է շարժումը. Բագրատ Սրբազան
 |news.am|

Վեհափառ Հայրապետը օրհնել է, այլ ոչ թե առաջնորդում է շարժումը. Բագրատ Սրբազան |news.am|

news.am: Ամենայն հայոց հայրապետը օրհնել է շարժումը, ոչ թե առաջնորդում է այն. Էս մարդիկ այլեւս սուտ էլ չեն խոսում, ինչ ուզում՝ ասում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը: «Էս մարդիկ սկսել ոչ միայն ժողովրդին խաբել, այլ նաեւ իրենց խաբել, իրենք իրենց սուտ ասել ու էդ ստերին հավատալ, այդ փուլին ենք հասել: Հիմա ինչ ուզում՝ ասում են, դուք ուզում եք, որ մենք բոլոր բաներին պատասխանե՞նք: Չեղած բանը ո՞նց մեկնաբանեմ»,-ասաց նա: Տեղեկություններին, որ ճնշումներ են սկսվել Մայր Աթոռի բարձրաստիճան հոգեւորականների նկատմամբ, ԱԱԾ են հրավիրվում, բագրատ Սրբազանն ասաց. «Սովետական շրջանում էլ են ճնշումներ արել, ի՞նչ եղավ Սովետի հետ: Եթե հիմա էլ են ուզում անել, ոչ մի բանով չի տարբերվում: Այդ ժամանակ եկեղեցուն ի՞նչ եղավ, ոչ մի բան: Թվերը մի քիչ նվազեցին, բայց Սովետական Միություն չկա ու չի էլ լինելու»:
14:42 - 08 մայիսի, 2024
Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյան
 |armenpress.am|

Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ է համարում, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Փաշինյանը նման դիրքորոշում հայտնեց մայիսի 7-ի ասուլիսի ժամանակ։ «Կառավարությունը չպետք է միջամատի եկեղեցու գործերին: Հայ Առաքելական եկեղեցին ունի գործունեության իր կանոնները, իր կանոնակարգը: Բայց ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում: Դա շատ ակնհայտ է: Իսկ ինչո՞ւ պետք է կաթողիկոսն առաջնորդի քաղաքական շարժում»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ պարզ է նաև շարժման նպատակը: Փաշինյանը հավելեց՝ շարժման նպատակը նախորդ իշխանություններին Հայաստանում իշխանության բերելն է: Ըստ նրա՝ 2021 թվականի ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքի ղեկավարն էր այդ սցենարը ներկայացրել, թե ինչպես պետք է եկեղեցու միջոցով իրականացնել իշխանափոխություն: «Ի՞նչ է նշանակում օրհնել. նշանակում է առաջնորդել, որովհետև հոգևորականը չի կարող առանց Ամենայն Հայոց կաթողիկոսի թույլտվության քաղաքական տեքստ ասել: Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդը Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Հրապարակային հայտարարություններով դա ապացուցված փաստ է»,-ասաց վարչապետը: Նա ընդգծեց, որ կան հոգևորականներ, որոնք համաձայն չեն իր դիրքորոշման հետ, այդ մասին ասել են 2018 թվականից: Փաշինյանը կրկնեց՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ: «Բայց իմ կարծիքը մեծ հաշվով հետևանք չունեցող կարծիք է: Եթե նույնիսկ այդպես է, ոչ ոք չի խանգարում ինձ առնչվել Աստվածաշնչի, Աստծո հետ: Իմ խնդիրն ուրիշ է. պետք է հոգևոր կյանքը Հայաստանում ակտիվ լինի, զարգանա, բայց ակտիվ չի, չի զարգանում, ինչն ինձ մտահոգում է, բայց ոչ մի միլիմետր ավելի»,- ասաց նա:
16:20 - 07 մայիսի, 2024
Վեհափառ հայրապետները վերաշեշտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ամուր պահելու հրամայականը

Վեհափառ հայրապետները վերաշեշտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ամուր պահելու հրամայականը

Հեռախոսազրույց են ունեցել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը: Այս մասին հայտնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանը: Այսօր՝ Երեքշաբթի, 30 Ապրիլ 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին միջեւ տեղի ունեցաւ հեռաձայնային հաղորդակցութիւն մը, որուն ընթացքին անոնք խորհրդակցեցան Հայաստանը յուզող ներկայ խնդիրներուն ու տագնապներուն շուրջ: Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը ամուր պահելու հրամայականը եւ այս ուղղութեամբ հայ եկեղեցւոյ անխախտ յանձնառութիւնը: Միաժամանակ, Հայրապետները ընդգծեցին մեր ժողովուրդին ներքին միասնականութիւնը ամրապնդելու անհրաժեշտութիւնը, յատկապէս ներկայ տագնապալից օրերուն:Նորին Սրբութիւն Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց Նորին Սրբութիւն Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին եւ ընդհանրապէս Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռին՝ հայրենանուէր կեցուածքներուն եւ կատարած աշխատանքներուն համար:
20:58 - 30 ապրիլի, 2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն

Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, այդ առիթով հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Իր քարոզում Սրբազան Հայրն, անդրադառնալով 20-րդ դարասկզբի պատմական իրադարձություններին ու Հայոց ցեղասպանությանը, ի մասնավորի նշեց. «Աստված օրհնեց մեր ժողովրդին և վերականգնեց հայոց պետականությունը պատմական Հայաստանի արևելյան հատվածում, մեր ժողովուրդը կարողացավ պահպանել իր պատմական հողերի այս մի հատվածը, և ամոքել իր վերքերը։ Ինչո՞ւ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը․ մենք դրա մասին պիտի մտածենք, խորհենք, որպեսզի ապագայում կարողանանք խուսափել նման իրավիճակներից և թույլ չտանք օտարներին մեր հայրենիքում ենթարկելու մեզ ցեղասպանության․․․ Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով։ Չվախենանք երբեք և շարունակենք ապրել Քրիստոսով, որովհետև Նա հաղթեց ու մենք էլ հաղթելու ենք»։ Վերջում Վազգեն Սրբազանը պատգամեց հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել իմաստությամբ օժտվեն մեր առաջնորդները, որ հայ ժողովուրդը լցվի սիրով, համերաշխությամբ և կարողանա պահել ու պահպանել Հայաստան աշխարհը։ Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով Սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
16:30 - 24 ապրիլի, 2024
Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ

Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով․ «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Վերստին աղոթքով և խոնարհումով հիշատակում ենք Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր ամուր պահելով իրենց հավատքը, սերն ու նվիրումը առ ազգն ու հայրենին՝ մարտիրոսության պսակն ընդունեցին։ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների և անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման: Հայրենի Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից և Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում։ Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի, նախանձախնդիր լինել հայոց անկախ պետականության զորացմանը և որպես սրբազան մասունք պահպանել մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը։ Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով, չարի ու չարիքի դեմ պայքարի վճռականությամբ և նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները, առկա բարդ իրադրությունից ջանքերի մեկտեղումով ելքի ուղիներ գտնի և կերտի իր հաղթական ապագան։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս նվիրական օրը միասիրտ աղոթքով հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ հարուցյալ Քրիստոսի շնորհների և օրհնության ներքո խաղաղ, անվտանգ ու բարօր լինեն մեր հայրենիքն ու ազգը, և մենք հավատով ու հույսով հաստատենք մեր ընթացքը ապահովության ու առաջընթացի շավիղներում: Թող Տիրոջ սերն ու խնամքը հովանի լինեն մեր hայրենիքին ու համայն մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն»։
09:31 - 24 ապրիլի, 2024
Աշխարհասփյուռ հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Աշխարհասփյուռ հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ապրիլի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի։   Իր հայրական օրհնությունը փոխանցելով միության ներկայացուցիչներին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ վերջիններիս այցը հայոց հոգևոր կենտրոն վկայությունն է Հայ Եկեղեցու հանդեպ որդիական սիրո և հավատարմության։   Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց երիտասարդներին ամեն տարի ապրիլի 23-ին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ջահերով երթի կազմակերպման համար, որով բազում հայորդիներ, առաջնորդությամբ նաև եկեղեցականների, իրենց հարգանքն ու խոնարհումն են բերում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։   Նորին Սրբությունը նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասմամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նոր խորհուրդ է ստացել, դարձել հայ ժողովրդի հոգու, մտքի, գիտակցության պայծառակերպության սրբավայր, հոգևոր ուժի և զորության ակունք։ Եվ այս նվիրական վայրում այլևս հայցում ենք մեր նահատակների բարեխոսությունը, որպեսզի առ Աստված հավատքով և ապավինությամբ կարողանանք միասնաբար դիմակայել հայրենիքի և մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, իրականություն դարձնել համազգային մեր նվիրական իղձերը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև կարևոր համարեց, որ աշխարհասփյուռ հայժողովուրդն ամենուր շարունակի համախումբ ջանքեր գործադրել հանուն Հայոց ցեղասպանության դատապարտման, աշխարհում ցեղասպան նոր ոճրագործությունների կանխարգելման և արդարության հաղթանակի։Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, անվտանգային սպառնալիքներին։ Հայոց Հայրապետն ընդգծեց, որ տիրող ծանր իրավիճակից հնարավոր է դուրս գալ միմիայն հայրենիքի ապագայի տեսլականի շուրջ համազգային միաբանության հաստատման ճանապարհով՝ հեռացնելով մեր կյանքից ատելությունն ու թշնամանքը, հատվածական շահերի նկրտումները։ Առկա իրադրության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրամայական նկատեց հոգևոր վերարթնությունը՝ հորդորելով երիտասարդներին ակտիվորեն ներգրավվել հոգևոր-եկեղեցական կյանքում՝ միշտ ամուր պահելով հավատքն առ Աստված, սերն ու նախանձախնդրությունը ազգային ու հոգևոր արժեքների, նախնյաց ավանդների ու ժառանգության նկատմամբ։ Հանդիպմանը Հայոց Հայրապետը պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու հոգեխնամ և ազգապահպան առաքելությանը, հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված Մայր Աթոռի ջանքերին, Եկեղեցի-պետություն հարաբերություններին։ Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունը բաշխեց հայորդիներին՝ աղոթելով, որ Հարուցյալ Տիրոջ ամենախնամ Սուրբ Աջը հովանի լինի մեր հայրենիքին և ողջ հայոց ազգին։
20:46 - 21 ապրիլի, 2024
Կաթողիկոսը ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին մտահոգություն է հայտնել սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ

Կաթողիկոսը ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին մտահոգություն է հայտնել սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ

Ապրիլի 16-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Մարկուս Ռիտերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ նշելով, որ այս հանդիպումը պատեհ առիթ է ծանոթանալու ԵՄ դիտորդական առաքելության առջև դրված խնդիրներին։ Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության և սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ոտնձգություններն ու առաջադրվող պահանջները նոր անվտանգային մարտահրավերների առջև են կանգնեցնում Հայաստանին, նաև վտանգում խաղաղության հաստատման բանակցային գործընթացը։ Նորին Սրբությունը գնահատեց բոլոր այն ջանքերը, որ տիրող դժվարին իրավիճակում բարեկամ երկրների և միջազգային կառույցների աջակցությամբ ուղղվում են ի նպաստ տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման։ Իր հերթին ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ փոխանցեց դիտորդական առաքելության գործունեության և սահմանային իրավիճակի վերաբերյալ՝ վստահեցնելով, որ կարելին ի գործ կդրվի առաքելության կողմից՝ նպաստելու սահմանային լարվածության նվազեցմանն ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը։           
16:46 - 16 ապրիլի, 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին

Ապրիլի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին (նստավայրը՝ Մոսկվա)։ Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ շնորհակալությամբ ընդգծելով, որ Ավստրալիան մշտապես զորավիգ է եղել հայ ժողովրդին, նաև դժվարին այս շրջանում իր կարևոր աջակցությունը բերել հայրենազրկված արցախահայությանը։ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Ավստրալիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի առնչությամբ, ինչի ականատեսն է եղել հովվապետական այցերի ընթացքում:Դեսպան Ջոն Գիրինգը հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման և խորացման համար: Դեսպանը շեշտեց նաև Ավստրալիայում հաջողություններ արձանագրած հայ համայնքի կյանքում Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությունը: Զրույցի ընթացքում խոսվեց բռնի տեղահանված արցախցիների և պատանդառված ռազմագերիների իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակությաին ժառանգության պահպանությանն առնչված խնդիրների, ինչպես և Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի մասին:
13:38 - 13 ապրիլի, 2024
Վեհափառը ցավակցել է ավտովթարի հետևանքով զոհված զիծառայողների ընտանիքներին

Վեհափառը ցավակցել է ավտովթարի հետևանքով զոհված զիծառայողների ընտանիքներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին։ «Խոր ցավով տեղեկացանք Մեղրիում ավտովթարի հետևանքով զոհված 4 զինծառայողների և 20 վիրավորների մասին։ Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին՝ հայցելով Սուրբ Հոգու մխիթարությունը նրանց վշտացյալ սրտերին։ Աղոթում ենք առ Ողորմածն Աստված, որ Իր անբավ գթությամբ երկնային լուսեղեն օթևաններում խաղաղության ու հանգստության մեջ ընդունի նրանց հոգիները։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներ մեր զավակներին՝ հայցելով Տիրոջ Սուրբ Աջի հովանին և զորակցությունը Հայոց բանակին, մեր հայրենիքին և մեր ողջ ժողովրդին»,- ասվում է ցավակացական ուղերձում։ Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 12-ին, ՊՆ զինծառայողների տեղափոխող «Ուրալ»-ը վթարի էր ենթարկվել Սյունիքի մարզում՝ հայտնվելով հարակից ձորակի տարածքում։ ՊՆ-ն հայտնել է 4 զոհի, 20 վիրավորի մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելու հոդվածով:
10:36 - 13 ապրիլի, 2024
Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար

Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար

Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Բուշ-դյու-Ռոնի Դեպարտամենտային խորհրդի նախագահ տիկին  Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Վեհափառ Հայրապետը ողջունելով հյուրերին և անդրադառնալով հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը՝ իր գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին Հայոց Ցեղասպանությունը վերապրած ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ հոգածու վերաբերմունքի, ինչպես նաև այս դժվարին օրերին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար։ Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը անդրադարձ կատարեց Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, Արցախի բռնազավթման ու հայաթափման, մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ այդ ուղղությամբ կարևորելով բարեկամ երկրների և միջազգային հանրության գործուն քայլերի ձեռնարկումը։ Իր հերթին Դեպարտամենտային խորհրդի նախագահ Մարտին Վասալն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց պատվիրակության անդամներին: Շեշտելով Հայաստան և հայոց հոգևոր կենտրոն կատարած իրենց այցի կարևորությունը` Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց պատվիրակության առաքելության ու ծրագրեի վերաբերյալ, որոնք միտված են երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանը և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
18:55 - 07 ապրիլի, 2024
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով:   Ուղերձում ասվում է.   «Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին, ի մասնավորի բոլոր տիկնանց, օրիորդներին և մայրության բերկրանքին սպասող կանանց՝ Սուրբ Աստվածածնի Ավետման հոգենորոգ տոնի առիթով:   Աստվածամայրը իր առաքինի կերպարով, հեզությամբ ու աստվածսիրությամբ բարի օրինակ է բոլոր մայրերին ու օրիորդներին, ովքեր գովելի ջանքեր ու նվիրում են բերում իրենց ընտանիքների բարօրությանը և մեր ժողովրդի առաջընթաց կյանքին:   Սիրելինե՛ր, փորձություններով ուղեկցվող այս օրերին, երբ ազգային մեր սպասումներում մշտարթուն ակնկալությունը ունենք Տիրոջ օգնականության, Սուրբ Կույսին ուղղված հրեշտակի խաղաղեցնող ավետիսը հնչում է նաև ձեզ համար. «Աստված ձեզ հետ է»: Ձեր սրտերում ամուր պահեք առ Աստված հավատարմությունը, զորացյալ մնացեք հավատի, հույսի ու սիրո մեջ, որպեսզի Աստծուն ապավինած ու միմյանց աջակից՝ կարող լինեք դիմակայել բոլոր մարտահրավերներին և դեպի վերելք առաջնորդեք ձեր կյանքը:   Սիրելի մայրեր և քույրեր, Միածնաէջ Տաճարի Սուրբ Խորանի առջև աղոթում ենք, որ Աստվածամոր բարեխոսությամբ Բարձրյալն Աստված Իր օրհնության և խնամքի ներքո պահի ձեզ և ձեր ընտանյաց անդամներին, որպեսզի ձեր սրտերում տեղ չգտնեն հուսահատությունը, ցավն ու տրտմությունը: Թող Տերը Իր գթառատ սիրով խաղաղ ու բարօր կյանք պարգևի մեր ժողովրդին՝ ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի»:
11:34 - 07 ապրիլի, 2024
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Արցախի թեմի առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Արցախի թեմի առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին

Ապրիլի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի թեմի թեմական խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Հանդիպմանը քննարկվեցին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական կացության և բարոյա-հոգեբանական վիճակին առնչված հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև Եկեղեցու կողմից իրականացվող աջակցության ծրագրերին։ Հայոց Հայրապետը հորդորեց թեմակալ առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին, որպեսզի շարունակեն Մայր Աթոռի համապատասխան կառույցների և սփյուռքի թեմերի հետ համագործակցաբար հնարավոր բոլոր միջոցները գործադրել միջազգային ու միջեկեղեցական կառույցների առջև բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների ապահովման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Անհրաժեշտ նկատելով թեմական կառույցների պահպանությունը՝ Նորին Սրբությունը կարևորեց նաև արցախահայերի համախմբման, ոգու զորացման և ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շարունակականությունը։
13:12 - 06 ապրիլի, 2024
Անընկճելի կամքով ու ոգով վերհառնել կարող է ոչ միայն անհատը, այլև ազգն ու պետությունը․ Գարեգին Բ

Անընկճելի կամքով ու ոգով վերհառնել կարող է ոչ միայն անհատը, այլև ազգն ու պետությունը․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։«Զսուրբ եւ զհրաշալի եւ զյաղթող զյարութիւնդ Քո օրհնեմք եւ փառաւորեմք» (Ժամագիրք):Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսն է հնչում այսօր մեր եկեղեցիների սուրբ խորաններից։ Սքանչելախորհուրդ ավետիսը հույսով ու հոգենորոգ զգացումներով է պարուրում հայրենիքի ու ազգային կյանքի ցավերով ու կորուստներով դառնացած մեր սրտերը։ Կյանքը հաղթանակել է, մահը պարտվել ու խորտակվել։ Հավատքով ու առ Աստված ապավինությամբ միասնաբար օրհնաբանենք Տիրոջը ժամասացի խոսքերով. «Սուրբ և հրաշալի և հաղթող Քո Հարությունը օրհնում ենք և փառավորում»։ Քրիստոս Իր Հարությամբ մարդկությանը ազատել է չարի իշխանությունից, ցույց տվել ներման և սիրո ճանապարհը, հաշտություն հաստատել մարդու և Աստծո միջև և ընծայել հավիտենական կյանքի հույսն ու շնորհը։ Աստվածորդու ողորմածությամբ կյանքի արշալույսն է տարածվել մահվան խավարի վրա։ Կենարար խաչը, որի վրա հեղվեց Տիրոջ Սուրբ Արյունը, մահվան հանդեպ հաղթության նշան է դարձել, Հարության հավատը՝ չարին պարտության մատնելու երկնապարգև ուժ։ Այո, սիրելիներ, հաղթող է, սուրբ և հրաշալի Քրիստոսի Հարությունը։ Աշխարհի հարափոփոխ իրադարձությունների և հատկապես բարդ ու դժվարին իրավիճակների մեջ Հարության շնորհներով հավատացյալները զորանում են՝ վեր հառնելու փորձություններից, մերժելու կորստաբեր երևույթներն ու կործանարար մտածումներն ու գործերը, հաղթահարելու աղետաբեր պատերազմների արհավիրքները, նորոգվելու Տիրոջով, ինչպես որ Սուրբ Գիրքն է վկայում. «Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է» (Բ Կորնթ. 5.17)։ Համայն մարդկությանն այսօր էլ հնչում է հրավերը առաջնորդվելու աստվածադիր պատվիրաններով, մահվան հանդիման կերտելու կյանքի հաղթանակը, անվեհեր պաշտպանը լինելու ճշմարտության ու արդարության և առանց Աստծո մեռյալ գոյությունը փոխարինելու Տիրոջ հետ հարուցյալ կյանքի։ Այս կոչին ականջալուր, «վասն հավատո, վասն հայրենյաց» սրբազան ուխտով միաբանված՝ պատմության հոլովույթներում դիմակայել ենք բազում դժվարությունների ու փորձությունների։ Հարության հավատի վկայությունը նաև մեր օրերում հռչակումն է մեր ժողովրդի դավանանքի և ազգային սրբազան արժեքներին հավատարմության, որոնք դարեր շարունակ երաշխիքն են եղել հայոց ազգի ինքնության ու լինելության, դպրության ու գիտության զարգացման։ Հարկ է այս արժեքներով սերունդներ կրթել և անաղարտ ու անկորուստ պահպանել մարդկության գիտամշակութային գանձարանը հարստացրած մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը։Սիրելի բարեպաշտ զավակներ ի Հայաստան և ի սփյուռս, Տիրոջ Սուրբ և Հրաշափառ Հարությունը գոտեպնդող խրախույս է ամենքիս հույսով ու արիությամբ դիմագրավելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ հատկապես հետպատերազմյան այս ծանր շրջանում, երբ բռնազավթված ու հայաթափված է Արցախը, և չեն դադարում Ադրբեջանի ծավալապաշտական ու սադրիչ գործողությունները նորանոր պահանջներով, որոնք անմիջական սպառնալիքներ են ստեղծում մեր պետության անվտանգությանը։ Հանցագործ դրսևորումներով շարունակվում են Արցախի պատանդառված քաղաքական ղեկավարության և անօրինաբար գերության մեջ պահվող մեր զավակների նվաստացումները, ինչպես և արցախահայության իրավունքների անտեսման, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման ու ոչնչացման անթաքույց քաղաքականությունը։ Դատապարտելի այս իրողությունների հանդիման մեր ժողովրդի սեպուհ պարտքն է հաղթահարել ներազգային տարաձայնություններն ու անմիաբանությունը, լծվել ծանր կորուստներ կրած մեր ազգի վերքերի ամոքմանը և կարողությունների մեկտեղմամբ հայրենիքի հզորացմանը։ Հարուցյալ կյանքը, հիրավի, սկսվում է քրիստոսավանդ պատգամներով ապրելու վճռականությամբ, արհավիրքներից ու տառապանքներից դեպի կենսանորոգ ձեռքբերումներ առաջին քայլից։ Այս գիտակցությունը, այս ոգին պիտի աննկուն պահենք մեզանում, չընկրկենք մեզ պատուհասած փորձությունների դիմաց, չգործենք պարտվողական հոգեբանությամբ և չվերածվենք վհատված ու տկար ազգի՝ վտանգելով մեր հայրենիքի ապագան և անկախ պետականությունը։ Մեր ընթացքը չի վերջանում մեր մարտիրոսների ու քաջորդիների նահատակության վայրերում և ոչ էլ Արցախում թողնված շիրիմների մոտ։ Չարի կողմից մեզ համար փորված գերեզմանը բոլոր ժամանակներում թափուր է մնալու, քանզի մենք Քրիստոսի հետ նեղությունները հաղթահարող և ամեն գողգոթայից հարության հավատքով հառնող ժողովուրդ ենք։ Արդարև, մեր ապագայի վերաբերյալ վճիռը խավարինն ու մահվանը չէ, այլ կյանքինն ու հարությանը։ Աստծո հետ հզոր հավատքով, անընկճելի կամքով ու ոգով վերհառնել կարող է ոչ միայն անհատը, այլև ազգն ու պետությունը։ Մեր ժողովրդի համար ներկա բարդ պայմաններում կենսական և հրամայական է մեր երկրի հզորացումը, կենսական է ապրել ու գործել անսակարկ հայրենասիրությամբ ու ազգանվիրումով։ Այս հաստատակամ ընթացքով կարող պիտի լինենք կերտելու նոր հորիզոնները մեր պատմության և վերազարթոնքը պետական, ազգային-եկեղեցական մեր արժանապատիվ կյանքի։ Այսպես իրականություն պիտի լինի առաքյալի բացականչությունը նաև մեր ժողովրդի համար. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը» (Ա Կորնթ. 15.55): Արդ, վառ պահենք մեր սրտերում առ հարուցյալ Քրիստոս մեր հավատը, հույսն ու սերը, գալիքի բարի ակնկալությունը։ Աստված մեզ կոչում է հարության, ուստի, թոթափենք մեզանից երկյուղն ու հուսահատությունը, հեռացնենք մեզանից ատելությունն ու թշնամանքը, պիղատոսյան ու հուդայական գործելակերպը, մեր աչքերը հառենք հարուցյալ Փրկչին և ընթանանք միմիայն հարության հաղթական ճանապարհով։ Այս մաղթանքով և Սուրբ Հարության ավետիսով ողջունում ենք մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ հայցելով Ամենակալ Աստծո զորակցությունը իրենց առաքելության արդյունավորման մեջ։ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և հավատավոր համայն Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։ Սիրելիներ, Սուրբ և Հրաշափառ Հարության տոնի այս լուսառատ օրը մեր սրտերից աղոթք բարձրացնենք առ Ամենակալն Աստված, որ աշխարհին պարգևի խաղաղություն ու բարօրություն, Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանին տարածյալ պահի մեր հայրենիքի վրա և օրհնի ու երկնահեղ շնորհներով պայծառացնի ազգս հայոց՝ ապրելու ապահով ու անվտանգ կյանքով և փառավորելու Ամենասուրբ Երրորդությանը այժմ և միշտ և հավիտյանս. ամեն։ Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի
12:56 - 31 մարտի, 2024