Պետական վերահսկողական ծառայություն - ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող վարչապետին ենթակա մարմին է, որի առաքելությունը կայանում է  «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններն իրականացնելու մեջ:

Պետական վերահսկողական ծառայության գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումն ապահովելն է:

Պետական վերահսկողական ծառայությունը կանխարգելիչ միջոցառումների շրջանակում նոր մեխանիզմներ է ներդրել

Պետական վերահսկողական ծառայությունը կանխարգելիչ միջոցառումների շրջանակում նոր մեխանիզմներ է ներդրել

Ազգային ժողովում 2022թ. պետական բյուջեի հաստատման գործընթացին զուգահեռ Պետական վերահսկողական ծառայությունում արդեն իսկ ակտիվորեն իրականացվում են բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների նկատմամբ մշտադիտարկման նախապատրաստական աշխատանքներ: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են, որ առկա տեղեկատվական շտեմարանների միջոցով ՊՎԾ-ն իրականացնելու է 2022թ. բյուջետային բոլոր միջոցառումների ժամանակին և որակով կատարման նկատմամբ ընթացիկ դիտարկում՝ առանց կատարող մարմնի աշխատանքներին միջամտելու: ՊՎԾ կողմից առավել ռիսկային գնահատված միջոցառումների պատշաճ կատարման նկատմամբ կիրականացվի առավել ինտենսիվ մշտադիտարկում: Այս գործընթացի նպատակն է հնարավորինս վաղ փուլում հայտնաբերել միջոցառումների իրականացման ժամկետային և որակական թերացումները և վարչապետին ներկայացնել առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ: ՊՎԾ-ն կանխարգելիչ գործառույթների իրականացման ընթացքում ըստ անհրաժեշտության ակտիվորեն համագործակցելու է զանգվածային լրատվամիջոցների, քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների հետ:
12:26 - 30 նոյեմբերի, 2021
Դեկտեմբերի 1-ից վերահսկողության տակ են առնվում 1 միլիարդ ՀՀ դրամ և ավել պայմանագրային արժեքով շինարարական աշխատանքները. ՊՎԾ

Դեկտեմբերի 1-ից վերահսկողության տակ են առնվում 1 միլիարդ ՀՀ դրամ և ավել պայմանագրային արժեքով շինարարական աշխատանքները. ՊՎԾ

Հաշվի առնելով շինարարական աշխատանքների սպասվող աճը, ինչպես նաև՝ պետական բյուջեի կառուցվածքում նշյալ ոլորտի ծախսերի ռիսկայնության գնահատման, օրինականության և արդյունավետության կարևորությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի հանձնարարությամբ ՊՎԾ-ն 2021թ. դեկտեմբերի 1-ից վերահսկողության տակ է առնում 1 մլրդ դրամ և ավել պայմանագրային արժեքով բոլոր շինարարական աշխատանքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՎԾ-ն: «Իրավական և այլ անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար պետական կառավարման համակարգի հսկողական լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց և կապալառու ընկերություններին հորդորում ենք պատշաճ իրականացնել իրենց պարտականությունները և զերծ մնալ պետական միջոցների վատնմանն ուղղված վարքագիծ դրսևորելուց։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը կարևորում է նախնական փուլում ռիսկերի բացահայտման, կանխարգելման և դրանց լուծումներ տալուն ուղղված աշխատանքները՝ ապահովելով ծրագրերի անխափան և արդյունավետ իրականացումը»,- նշված է հաղորդագրության մեջ:  
13:59 - 10 նոյեմբերի, 2021
Վերականգնվել է պետությանը հասցված 33․7 մլն դրամի վնասը. ՊՎԾ

Վերականգնվել է պետությանը հասցված 33․7 մլն դրամի վնասը. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա, 2021 թվականի առաջին կիսամյակում, ՀՀ ՊՎԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտում պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ Պետական վերահսկողության ծառայությունից։ «Ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով դրանց առնչվող փաստաթղթերը տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտեին, որից հետո ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Արդյունավետ ուսումնասիրության, քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքում հիմնավորվել է Դատական դեպարտամենտի 9 աշխատակիցների՝ համապատասխան օրերին գործուղման վայրերում չգտնվելու հանգամանքները, որի դիմաց ՀՀ պետական միջոցներից ստացած՝ 33 689 200 ՀՀ դրամի չափով, գումարները նախաքննության ընթացքում վերականգնվել են: Նշվում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետամուտ է շարունակելու ուսումնասիրությունների իրականացումը Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում՝ պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով»,- նշված է ՊՎԾ հաղորդագրության մեջ։
11:56 - 09 նոյեմբերի, 2021
ՊՎԾ ղեկավարի տեղակալն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՊՎԾ ղեկավարի տեղակալն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանն աշխատանքից ազատվելու մասին գրառում է արել ֆեյսբուքյան էջում․ «Տեղեկացնում եմ, որ սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ Վարչապետ  Նիկոլ Փաշինյանին դիմում եմ ներկայացրել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավելի քան 2.5 տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, քանզի այս պաշտոնում նշանակվել եմ Ծառայության ձևավորման սկզբնական շրջանում՝ ժամանակահատված, երբ անհրաժեշտ էր սեղմ ժամկետներում կազմավորել պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր և արդյունավետորեն իրացնել ու ապահովել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Վարչապետին վերապահված վերահսկողական լիազորությունները: Առանձնահատուկ շնորահակալություն եմ հայտնում Ծառայության նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ Ծառայության համար փորձություններով լի ժամանակահատվածում  համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ինչպես նաև Ծառայության աշխատակիցներին՝ ցուցաբերած բարձր ցուցանիշների, պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության և անբասիր ծառայության համար: Հայտնում եմ, որ աշխատանքային գործունեությունս շարունակելու եմ պետական կառավարման համակարգում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի»:
17:15 - 08 սեպտեմբերի, 2021
Վայքի համայնքապետարանը գնումներ է իրականացրել համայնքապետի եղբորը պատկանող ընկերությունից

Վայքի համայնքապետարանը գնումներ է իրականացրել համայնքապետի եղբորը պատկանող ընկերությունից

2017-ի մարտին և 2018-ի ապրիլին Վայքի համայնքապետարանը գնումներ է իրականացրել «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ից։ 2017-ին «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ի հետ ստորագրած շրջանակային համաձայնագրի արժեքը 1 800 000 դրամ է։ Վայքի համայնքապետարանն այս համաձայնագրով ընկերությունից ձեռք է բերել սեղմված բնական գազ։  Համայնքապետարանի հայտարարած մրցույթին մասնակցած միակ ընկերությունը «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ն է, որն էլ հաղթել էր մրցույթում։ 2018-ին ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի արժեքը 1 799 900 դրամ է։ Այս պայմանագրով ևս ընկերությունից ձեռք է բերվել սեղմված բնական գազ։ Երկրորդ գնումն իրականացվել է գնանշման հարցում ընթացակարգով, որը գնման ոչ մրցութային ընթացակարգ է։ Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի տվյալների՝ «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասերի սեփականատերը և գործադիր տնօրենը Սարգիս Սիմոնի Ավետյանն է։ Մինչև 2006 թվականը ընկերության բաժնետեր է եղել նաև Սամվել Ավետյանը։ Ե՛վ Սարգիս Ավետյանը և՛ Սամվել Ավետյանը գրանցված են Վայք քաղաքում։ 2016-ից Վայքի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է Թարո Սիմոնի Ավետյանը։ Թարո Սիմոնի Ավետյանը և Սարգիս Սիմոնի Ավետյանը հարազատ եղբայրներ են։  Սամվել Ավետյանը, որը եղել է ընկերության բաժնետեր, Թարո և Սարգիս Ավետյանների հարազատ եղբայրը չէ, բայց, ամենայն հավանականությամբ, վերջիններիս հետ ազգակցական կապ ունի։ Այսպիսով, Վայքի համայնքապետարանը երկու անգամ ավելի քան մեկ միլիոն դրամի պետական գնում է իրականացրել մի ընկերությունից, որի տնօրենն ու 100% բաժնեմասերի սեփականատերը համայնքապետ Թարո Ավետյանի հարազատ եղբայրն է։ Gnumner.am հարթակից տեղեկանում ենք, որ «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ից գնում է իրականացրել նաև «Վայք համայնքի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կամզակերպությունը (ՀՈԱԿ)։  Ավելին, gnumner.am կայքում հրապարակված մեկ այլ պայմանագրից տեղեկանում ենք, որ նույն ՀՈԱԿ-ը գնում է իրականացրել «Վարդան Սարգիսի Ավետյան» անհատ ձեռներեցից։ Վարդան Ավետյանը Վայքի համայքնապետ Թարո Ավետյանի եղբոր և «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Ավետյանի որդին է։ Դեռևս 2019-ին Պետական վերահսկողության ծառայությունն ուսումնասիրություններ էր իրականացրել Վայքի համայնքապետարանում և հայտնաբերել 80 մլն դրամի խախտումներ։ Ի թիվս այլնի՝ ՊՎԾ-ն պարզել էր, որ համայնքապետարանը կազմակերպել է գնման ընթացակարգեր՝ խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները։ ՊՎԾ-ն ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկել էր դատախազություն։ ՀՀ գլխավոր դատախազությունից, Infocom-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՊՎԾ-ի տեղեկանքը: «Ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 25.02.2020թ. հարուցվել է քրեական գործ՝ Վայքի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից կեղծ փաստաթղթերի կազմմամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ 4 422 740 ՀՀ դրամ վատնելու դեպքի առթիվ: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի՝ Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, և կատարվում է նախաքննություն: Որևէ անձ քրեական գործով չունի մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ»,- ասված է դատախազության պատասխանում։ Համաձայն դատախազության փոխանցած տեղեկությունների՝ նախաքննության ընթացքում նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատահաշվապահական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Քրեական գործով վերականգնված վնասի չափը կազմում է 1 832 371 ՀՀ դրամ: Այսպիսով, չենք կարող ասել՝ արդյոք ՊՎԾ-ն ուսումնասիրե՞լ է Վայքի համայնքապետի եղբորը պատկանող ընկերությունից իրականացված գնումները, թե՞ ոչ։ Քանի որ հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է, պարզ չէ նաև այն, թե կոնկրետ ինչ խախտումների համար է քրեական գործ հարուցվել, և հասցված ինչ վնասների վերականգնման մասին է խոսքը։ Աննա Սահակյան
13:02 - 04 օգոստոսի, 2021
Վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով Նիկոլ Փաշինյանը ՊՎԾ պետին գործուղել է Սյունիք

Վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով Նիկոլ Փաշինյանը ՊՎԾ պետին գործուղել է Սյունիք

Վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով ՊՎԾ ղեկավար Տիգրան Ուլիխանյանը մարտի 27-31-ը ներառյալ կգործուղվի Սյունիքի մարզ: Այդ մասին ասված է Փաշինյանի որոշման մեջ: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանին 2021 թվականի մարտի 27-31-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (Սիսիան, Գորիս, Մեղրի և Կապան)։ 2. Տիգրան Ուլիխանյանի գործուղման գիշերակացի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Պետական վերահսկողական ծառայության պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն», - նշված է որոշման մեջ:
10:49 - 29 մարտի, 2021
Դիմում եմ ներկայացրել վարչապետին, որ ինձ ազատի ՊՎԾ ղեկավարի պաշտոնից. Դավիթ Սանասարյան

Դիմում եմ ներկայացրել վարչապետին, որ ինձ ազատի ՊՎԾ ղեկավարի պաշտոնից. Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Պետական վերահսկողկան ծառայության ղեկավարի պաշտոնից ազատվելու համար: «Սիրելի՛ հայրենակիցներ, շուրջ երկու տարի է, ինչ ապօրինի քրեական գործի հետևանքով հեռացված եմ որպես ՊՎԾ ղեկավար ձեզ ծառայելու հնարավորությունից, և ամբաստանյալի կարգավիճակով մասնակցում եմ ինձ հետ, ըստ էության, կապ չունեցող դատական գործընթացին, ինչը թույլ չէր տալիս իրականացնել երկիրը կոռուպցիայից մաքրելու իմ հանձնառությունը։  Վաղուց կայացրել եմ ինձ համար դժվար մի որոշում, բայց հաշվի եմ առել հետպատերազմյա ցնցումներից բխող վտանգները և հետաձգել եմ այն, որպեսզի չմեծացնեմ նախորդ ռեժիմի ներկայացուցիչների վերադառնալու հնարավորությունները։ Անկախ այն բանից, որ իմ հանդեպ սխալ է արվել, չեմ արել մի քայլ, որ իմ պատճառով ձախողվի հեղափոխության արդյունքում ձևավորված և ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը։Ավելին՝ լեգիտիմ իշխանությանը ճգնաժամային իրավիճակներում միշտ սատարել եմ։ Սակայն ինձ համար անհասկանալի պատճառներով այս ընթացքում չի հաջողվել հանդիպել վարչապետի հետ և ներկայացնել տարբեր հարցերում տեսակետներս, անհամաձայնություններս, որի փորձն արել եմ նաև հրադադարից անմիջապես հետո։  Ուստի այսօր դիմում եմ ներկայացրել վարչապետ Փաշինյանին, որ ինձ ազատի Պետական վերահսկողկան ծառայության ղեկավարի պաշտոնից։Հայրենակիցնե՛ր, պատերազմից հետո ստեղծված կառավարման և քաղաքական ճգնաժամերից դուրս գալու հիմնականում երկու արհեստական ընտրության առաջ եք կանգնած. սատարել փողոցում բողոքի ակցիաներ իրականացնող նախկին ռեժիմի ներկայացուցիչներին (որոնց մեծ մասին մերժել ենք միասնականորեն) և ներկա կառավարությանը, որն այդպես էլ տարբեր պատճառներով չկարողացավ իրականացնել հեղափոխության, ապաև՝ ընտրությունների ժամանակ տված խոստումների մեծ մասը։Ձեր մեծամասնությունը, ներկա իշխանություններից դժգոհ լինելով հանդերձ, չի մասնակցել նախկինների կազմակերպած փողոցային պայքարին, կամ սատարում է ներկա կառավարությանը միայն նրա համար, որ չմեծացնի նախորդների ռևանշի շանսերը։ Իսկ քաղաքական այսպիսի ստատուս քվոն հղի է պետության անվտանգության սպառնալիքներով և հանդիսանում է զարգացման իրական խոչընդոտ։  Ուստի, հայտարարում եմ, որ համախոհ ընկերների հետ նախաձեռնում ենք նոր քաղաքական գործընթաց և առաջիկայում կներկայացնենք ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու և Հայաստանի զարգացման ու հզորացման մեր բանաձևերը։ Ծառայել եմ, ծառայում եմ և ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է Սանասարյանը։       
21:31 - 13 հունվարի, 2021