Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ նախկին խոսնակն է։

1997 թվականից ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում։ 2001 թվականին ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ստանալով լեյտենանտի զինվորական կոչում՝ նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար։ 2002 թվականին նույն զորամասում նշանակվել է հակատանկային մարտկոցի հրամանատար։

2004 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ՕՏԱԳ-ի պահպանության վաշտի հրամանատար: 2010 - 2011 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությոuնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին աշխատել է ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։ 2010 - 2012 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան:

2013 թվականի սեպտեմբերից դասախոսում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ հրամանատարաշտաբային դասընթացներում։ 2014 թվականից ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում:

Օրվա ընթացքում երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան

Օրվա ընթացքում երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան

Այսօր՝ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Բացի ռազմաճակատում տիրող մարտական գործողություններից՝ նաև օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրեր, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը՝ հարակից բնակավայրերով, և Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով: Երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան»,- նշեց Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող (ինչպես երեկ արդեն հայտնել էինք) Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի և դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները: «Այս ուղղությամբ կոնկրետ կան հստակ հաջողություններ, մասնավորապես` գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրն իր հարակից անտառներով, որոշ տեղերում, որոշ բնակավայրերի հարակից անտառներում դեռ չեզոքացման աշխատանքները շարունակվում են»,- հավելեց նա։
22:13 - 23 հոկտեմբերի, 2020
Արցախի և Իրանի սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր․ Ադրբեջանի լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող․ Արծրուն Հովհաննիսյան

Արցախի և Իրանի սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր․ Ադրբեջանի լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով․ «Վստահ եմ դա իրենց չի հաջողելու, զորքն ու բնակչությունը միասնական կհաղթեն նաև այս նոր ձևի մարտերում»։ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Արցախի և Իրանի սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր։ «Ադրբեջանի լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող։ Եթե ինչ-որ նեղ տեղամասերում իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, չի նշանակում լիարժեք վերահսկողություն»,- ասաց նա։ Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մերձռազմաճակատային գոտու տարբեր բնակավայրեր և կարողանում են խուճապի մատնել, շատ հաճախ ընդամենը նկարվելու համար, երբեմն բնակավայրերում տներ են այրում, ստեղծում են անկանոն իրավիճակ։ «Խնդրում եմ նման իրավիճակներում լինել սթափ, զգոն և հատկապեա ՏԻՄ-երին, որոնք ԶՈՒ-ի, պահեստազորի, ստորաբաժանումների հետ համագործակցում են, չտրվել խուճապի, լինել կազմակերպված։ Հակառակորդի այդ խմբավորումները շատ փոքր են լինում և մեկ գրագետ հակահարվածից, հակագրոհից հետո փախչում են տվյալ բնակավայրերից և երկար ժամանակ չեն վերադառնում։ Դրա ամենավառ վկայությունները Հադրութը և Ֆիզուլին են»,- ասաց նա։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդն այս մարտավարությունը փորձելու է շարունակել շատ տեղերում, որտեղ կան անտառներ, կիրճեր։ «Փորձելու են առաջ գալ առանց լուրջ զրահատեխնիկայի, առանց լուրջ խոցման միջոցների աջակցության, առանց լուրջ ԱԹՍ-ների աջակցության։ Հետևաբար կազմակերպված մարտական գործողությունների դեպքում շատ հեշտ է լինում իրենց չեզոքացումը»,- ասաց նա։
22:29 - 22 հոկտեմբերի, 2020
Հարավում հակառակորդի տարբեր զորախմբեր փորձել են առաջխաղացում ապահովել․ առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են․ Արծրուն Հովհաննիսյան

Հարավում հակառակորդի տարբեր զորախմբեր փորձել են առաջխաղացում ապահովել․ առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ ողջ օրվա ընթացքում, հակառակորդը Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով։ Ակտիվ են եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունները։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։ Այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ փոքր բնակավայրեր և ճանապարհային, հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են»,- ասաց նա։ Արծրուն  Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հարավում՝ տարբեր կետերում, տարբեր օջախային հատվածներում, հակառակորդի տարբեր զորախմբեր փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք։ Սակայն առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ, այդ թվում՝ զրահատեխնիկայի կորուստներ։ «Հիմնական մարտական գործողությունները ընթանում են համազարկերի, հրետանային միջոցների կիրառմամբ, նվազագույն հետևակի կիրառությամբ, այսօր որոշ հատվածներում ակտիվորեն կիրառվել են օդային հարձակման միջոցները, մասնավորապես, դասական, մարտավարական օդուժ»,- ասաց Հովհաննիսյանը։
22:17 - 22 հոկտեմբերի, 2020
Բժիշկներն առաջնագծում շատ ծանր աշխատանքներ են տանում, որովհետև բեկորային վնասվածքները, վիրավորումները շատ են․ Արծրուն Հովհաննիսյան

Բժիշկներն առաջնագծում շատ ծանր աշխատանքներ են տանում, որովհետև բեկորային վնասվածքները, վիրավորումները շատ են․ Արծրուն Հովհաննիսյան

ՏԻՄ-երը համակարգում են կամավորագրումը, նաև ընդհանրապես զորահավաքը, բայց հիմնական իրականացնող մարմինները զինկոմիսարիատներն են։ Տվյալ մարմինները համատեղ աշխատում են ՏԻՄ-երի հետ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհանիսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես են տեղի ունենում կամավորագրման աշխատանքները։  Հովհաննիսյանի խոսքով ծանրությունը չի դրվում կամավորների վրա, նույնիսկ պահեստազորի վրա չի մնում։ Ծանրությունը մնում է կանոնավոր բանակի վրա։ Թե՛ պահեստազորը, թե՛ կամավորները օգնող, լրացնող ֆունկցիա ունեն։   «Այս պահին չեմ կարող հստակ դեպքեր ասել, բայց վստահ եմ, որ կան դեպքեր, որ սմարթֆոնների կիրառությունից տուժել է զորքը։ Նաև պատժվում են ամենատարբեր ձևերով՝ հրամանատարական պատիժներից մինչ քրեական գործեր։ Բայց ստատիստիկա չեմ կարող ներկայացնել»,- լրագրողների հարցին ի պատասխան ասաց Հովհաննիսյանը։ ՊՆ ներկայացուցիչը կարևորեց ռազմաճակատում գտնվող բժիշկների աշխատանքը, նշելով, որ  բժիշկները առաջնագծում շատ ծանր աշխատանքներ են տանում, որովհետև բեկորային վնասվածքները, վիրավորումները շատ են, քանի որ հրետանին շատ է աշխատում։ «Հաճախ բժիշկները ոչ միայն պայքարում են կյանքեր փրկելու համար, այլև հայտնվում են կրակի տակ։ Հարվածի են ենթարկվում նաև բժշկական մեքենաները, ունենք նման դեպքեր, որ խոցվել են բուժօգնության մեքենաներ․ խոսքը շտապօգնության մեքենաների մասին չէ, որոնք աշխատում են հիվանդանոցից հիվանդանոց, այլ առաջնագծից՝ ռազմաճակատից մինչև առաջիկա բուժօգնության հաստատություն հասնող մեքենաների մասին է»,- եզրափակեց Հովհաննիսյանը։  
22:59 - 21 հոկտեմբերի, 2020
Այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությամբ. այսօր օդուժ շատ չի կիրառվել. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությամբ. այսօր օդուժ շատ չի կիրառվել. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով։ Այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությամբ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասաց ՊՆ նրկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Վերջինս մանրամասնեց, որ հյուսիսում մարտական գործողությունները եղել են հետևյալ բնույթի․հարձակողական մի քանի փորձ են կատարել ադրբեջանական զինված ուժերը, որոնք հետ են մղվել մեր ԶՈւ-ի կողմից՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստ։ Հովհաննիսյանի խոսքով՝ կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք հաջողության չեն հասել։ «Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր, որոնց գործողությունները ՊԲ-ն նաև տեսանյութով հրապարակեց, փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ, մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի։ Եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր։ Հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտերը շարունակվել են։ Ուղղությունը հատկապես թեքվել է դեպի ավելի հարավ՝ ավելի մոտ Արաքսի հունին։ Մի քանի օջախային առանձին տեղերում հակառակորդի՝ առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որևէ խմբավորում որևէ միլիմետր առաջ չի եկել, հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ,- հավելեց ՊՆ ներկայացուցիչը։ Հովհաննիսյանը նշեց, որ այսօր օդուժ շատ չի կիրառվել, չնայած առավոտյան մեր ԶՈւ-ի ՀՕՊ-ի կողմից խոցվել է մեկ ինքնաթիռ, որի մասին պաշտոնապես հաղորդում եղել է։ «Մարտերը շարունակվում են, այդքան թեժ չեն՝ նախորդ օրերի ամենաթեժ մարտերի հետ համեմատած, բայց պահպանում են իրենց աստիճանը։ Կիրառվում են հիմնականում հրետանի, շատ քիչ քանակությամբ զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն խմբեր, գրոհող խմբեր, հետևակ և մասամբ օդուժ»,- եզրափակեց Արծրուն Հովհհանիսյանը։ 
22:17 - 21 հոկտեմբերի, 2020
Եթե այս բնագծից մենք հետ ենք քաշվում մյուսը, որտեղ ավելի հարմար է պաշտպանվելը, չի նշանակում՝ մենք պարտվել ենք․ Արծրուն Հովհաննիսյան

Եթե այս բնագծից մենք հետ ենք քաշվում մյուսը, որտեղ ավելի հարմար է պաշտպանվելը, չի նշանակում՝ մենք պարտվել ենք․ Արծրուն Հովհաննիսյան

Մեր մեկ հաջող հակահարձակողական օպերացիայով ադրբեջանական բանակի ողնաշարը չենք ջարդել, և Ադրբեջանի կապիտուլյացիայի մասին խոսք լինել չի կարող։ Եվ նույնն էլ, եթե այս բնագծից մենք հետ ենք քաշվում մյուս բնագիծ, որտեղ ավելի հարմար է պաշտպանվելը, չի նշանակում՝ մենք պարտվել ենք։ Այս մասին ասել է ՊՆ ներկայացուցիչը Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ։ «Այսօր որոշակի տեղաշարժ է եղել։ Հստակ թվեր չեմ կարող նշել, բայց այսօր օպերացիայի ընթացքում նույնիսկ խոսել եմ հրամանատարներից ոմանց հետ, որոնք այդ պահին գնում էին առաջ ու անցել էին հակահարձակման։ Թե ինչքան ենք հաջողել, չեմ կարող ասել»,- ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ այն տեխնոլոգիաները, որոնք կիրառում են գերտերությունները աշխարհի այս կամ այն կետում, այսօր կիրառվում է Արցախում։ «Դրանք ամենավերջին ԱԹՍ-ներն են, գերճշգրիտ հրթիռներն են, կապի համակարգերն են։ Տեսնում ենք 5-րդ սերնդի պատերազմ, ճիշտ է, ամբողջ գործիքակազմը 5-րդ սերնդի չէ ո՛չ իրենց կողմից, ո՛չ մեր կողմից, բայց իրենց կողմից բարձր տեխնոլոգիական սեգմենտի վրա մեծ ուշադրություն է դարձվել, որոնց առումով իրենք միշտ են ունեցել առավելություն։ Բայց միայն դա հաղթանակ չի ապահովելու։ Երբեք չես կարողանալու միայն ճշգրիտ ու կետային հարվածներով վերջնական արդյունքի հասնել»,- ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը։ ՊՆ ներկայացուցիչը ասել է, որ հակառակորդի հզոր հարձակողական բռունցքները կազմված էին 10․000-ից ավելի մեծ զորախմբերից, միգուցե 20․000-անոց զորախմբերից։ «Ամեն մի բռունցքի մեջ կար մի քանի հազար հատուկ գրոհային, կար 100-ից ավել տանկ, նույնքան այլ զրահատեխնիկա, կար 200ից, 300-ից ավելի հրետանային միջոց, տասնյակների հասնող մեծ տրամաչափի համազարկային կայանքներ՝ սմերչ, պոլոնեզ և այլն։ Եվ այս բռունցքները դասական ամրաշինկաան կառույցներով հագեցած պաշտպանական բնագիծը՝ առաջին երկու խրամատները, չկարողացան հաղթահարել, ճեղքում ապահովել»,- հավելել է նա։ Նրա խոսքով՝ 5-7 օր հակառակորդի մոտ չէր ստացվում ճեղքում ապահովել, փոխեցին մարտավարությունը։ «Ամբողջ ուժերը 3-4 հատվածներից հավաքեցին, տարան մեկ հատված՝ հարավ: Ճեղքման տեղամասերում 12 անգամ առավելություն ունեն, ռազմի պատմությունը նման բան չգիտի կամ շատ եզակի դեպքեր կան։ 12 անգամ մեծ ուժը 7-րդ, 8-րդ օրը օպերացիայի երկրորդ փուլ է իրականացնում․ օրական միջինը 1-2 կմ են առաջ եկել։ Ռազմագիտության տեսանկյունից դա խայտառակություն է»,- ասել է նա։ Հովհաննիսյանը նշել է, որ սեպտեմբերի 27-ին առաջին հարվածը հասցրել են ՀՕՊ-ի կետերին և կառավարման կետերին։ «Գրագետ հարված են հասցրել, բայց իդեալական չեն կարողացել իրականացնել։ Կոնկրետ կառավարման համակարգին գրեթե վնաս չեն կարողացել պատճառել կամ չնչին վնաս են հասցրել մարտավարական մակարդակում։ Բայց ՊԲ կառավարման համակարգի ամբողջության մեջ չեն կարողացել վնասել, ՀՕՊ-ին էլ հասցրել են մասնակի վնաս։ Առաջին հարվածային ալիքի ժամանակ օդում եղել է մոտ 1000 միավոր ԱԹՍ, մեծ տրամաչափի համազարկային կայանքներ, ճշգրիտ հրթռներ, ավիացիոն միջոցներ»,- հավելել է նա։ Հովհաննիսյանը, պատասխանելով հյուսիսային ուղղությամբ իրավիճակի վերաբերյալ հարցին, պատմել է, որ շաբաթ առաջ հյուսիսային կողմում մեկ դիրքի ուղղությամբ 700-800 գրոհային եկավ և չկարողացան ճեղքել․ հետ շպրտվեցին՝ ձորակի մեջ թողնելով 200-300 դիակ։
00:27 - 21 հոկտեմբերի, 2020
170 հոգանոց զինծառայողների խմբի՝ ծուղակից դուրս գալու մասին խոսք չկա․ Արծրուն Հովհաննիսյան

170 հոգանոց զինծառայողների խմբի՝ ծուղակից դուրս գալու մասին խոսք չկա․ Արծրուն Հովհաննիսյան

Լինում են դեպքեր, երբ նախորդ օրերին ինչ-որ տեղ ծուղակում հայտնված, մոլորված խմբեր կամ անհատ զինծառայողներ մեր զորքերի առաջխաղացման ժամանակ կարողանում են դուրս գալ, բայց 170 հոգանոց խմբի մասին խոսք չկա։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Լինում են դեպքեր, երբ մեր ԶՈՒ-երը խոցում են հակառակորդի ԱԹՍ-ներ, բայց դրանք ընկնում են միջդիրքային տարածության մեջ, բայց երբ մեր զորքերը առաջ են գնում, մենք խփված հին սարքերը հրապարակում ենք։ Մեկ տասնյակից ավելի Բայրաքթար է խոցվել»,- ասաց Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ կենտրոնական հատվածներից մենք դիակ հանելու խնդիր չունենք, որովհետեւ որեւէ բնագծից հետ չենք քաշվել, որպեսզի այդ տարածքում նման խնդիր ունենանք։ «Նման խնդիր եղել է հիմնականում հարավում»,- հավելեց ՊՆ ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ պատերազմն ունի դժվար օրեր, զորքերի համար էլ հեշտ չէ նահանջելը։ «Երբեմն նահանջի մասին վերադասի մտահղացումը ստորադասը կամ շարքայինը կարող են չընկալել, կարող է թվալ՝ դա ստորացուցիչ բան է, բայց եթե վերադասն ունի պլան, ապա պետք է նահանջել, հակառակորդին ծուղակի մեջ գցել կամ մի այլ բան»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
22:29 - 20 հոկտեմբերի, 2020
Հակառակորդը վաղուց չբնակեցված մերձռազմաճակատային բնակավայրերը նկարահանում է, ինչը սեփական հանրությանը կերակրելու համար է․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը վաղուց չբնակեցված մերձռազմաճակատային բնակավայրերը նկարահանում է, ինչը սեփական հանրությանը կերակրելու համար է․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական ԶՈՒ-երը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել ե՛ւ հյուսիսային, ե՛ւ հարավային ուղղությամբ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներն ու հետ շպրտել ելման բնագծեր»,- ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ երեկ երեկոյան իրավիճակից սկսած՝ օրվա ընթացքում մեր ՀՕՊ ստորաբաժանումներին մի քանի անգամ հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական արտադրության Բայրաքթար տեսակի ԱԹՍ։  «Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, բայց ոչ այն ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին են լինում»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։ Նա նաև ասաց, որ մարտական այս գործողություններն ունեն հստակ մարտավարություն, որը շատ լավ հասկանում ենք, մեր հրամանատարները շատ լավ պատկերացնում են։ «Ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբերը հաճախ թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր, որոնք ընդհանրապես շատ վաղուց բնակեցված չեն լինում, այնտեղ նկարահանվում են, տարածում են այդ լուրերը, ինչն առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ ազդում է մեր հանրության վրա»,- ընդգծեց Հովհաննիսյանը։ Անդրադառնալով տարածվող տեղեկություններին՝ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ կան բնակավայրեր, որոնք շատ վաղուց՝ տասը-տասնհինգ օր առաջվանից, համարվում են Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից գրավված, համարվում են իրենց ԶՈՒ-ի վերահսկողության տակ, բայց մինչ օրս այդտեղ չկա իրենց վերահսկողությունը։ «Եվ բոլոր մուտք ու ելքերը քիչ թե շատ ստորաբաժանման նմանություն ունեցող զորախմբերով հիմնականում ջախջախվում են հեռահար կրակով կամ մեր ստորաբաժանումների այլ գործողություններով, բայց մինչ օրս իրենց համար համարվում են գրավված տարածքներ։ Ես խնդրում եմ նման լուրերը մեր դաշտ չբերել, չքաննարկել եւ նման լուրերը չտարածել»,- ասաց նա։ Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ իրավիճակը կայուն է, վերահսկելի է, որոշ կուտակումներ կամ դիվերսիոն գործողություններ դեռ չեն նշանակում կոնկրետ զորքերի առաջխաղացում կամ հաջողություն։ «Այս մարտավարությունը որդեգրված է ահաբեկչական խմբավորումներից, միտված են դիմացի պաշտպանությունն ու զգայունությունը թուլացնելուն։ Խնդրում եմ չտրվել նման գործողությունների ազդեցությանը»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։  
22:16 - 20 հոկտեմբերի, 2020
Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել, հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո, հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել։ Այս մասին քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է։ Իսկ կորուստների մասին լրացուցիչ կտեղեկացնեն, կամփոփվեն թվական տվյալները։  Այս պահին Հովհաննիսյանը ադրբեջանական կողմի դիակների հուղարկավորության վերաբերյալ ոչինչ ասել չի կարող, որովհետև դիակները շատ դեպքերում միջդիրքային տարածություններում կամ դիրքերի մեջտեղում են։ ՊՆ ներկայացուցչի պնդմամբ՝ նման բան անելու համար լիարժեք անվտանգ միջավայր է պետք․ «Ընդ որում՝ մենք դրել ենք հստակ պայմաններ՝ միջազգային դիտորդնեի առկայությունը, այլապես չես կարող մոտենալ, որովհետև կրակագոտում ես հայտնվելու»,- շեշտեց նա։ Ասուլիսին ներկա էր նաեւ պատերազմում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։ Նա, դիմելով հայրենակիցներին ու աշխարհասփյուռ հայերին, կոչ արեց, որ բոլորը կանգնեն մեր երկրի, բանակի կողքին և ամեն կերպ օգնել, որպեսզի մեր երեխաները ոչ թե լինեն նահատակված հերոսներ, այլ կենդանի հերոսներ․ «Իմ կոչն այն է, որ բոլոր այն մարդիկ, որոնք կարող են ինչ-որ կերպ աջակցել մեր բանակին, երկրին, հիմնադրամին, անեն դա։ Բարձր հայրենասիրական երաժշտություն լսելով կամ քաղաքում պտտվելով մենք չենք օգնում, չենք ոգևորում մեր զինվորներին։ Բոլորս պարտավոր ենք մեր զինվորների կողքին լինել »,- ասաց Արտակ Հովհհանիսյանը։
22:29 - 19 հոկտեմբերի, 2020
Մի քանի տեղերում ադրբեջանական զորքն իր ծուղակն ընկած վիճակը ներկայացնում է առաջխաղացում․ Արծրուն Հովհաննիսյան

Մի քանի տեղերում ադրբեջանական զորքն իր ծուղակն ընկած վիճակը ներկայացնում է առաջխաղացում․ Արծրուն Հովհաննիսյան

Այն, որ Ադրբեջանը պատրաստ միակողմանի փոխանցել հայկական կողմի զոհերի դիերը, շատ խոսուն է այն իմաստով, որ Ադրբեջանին պետք չեն սեփական դիերը, և թքած ունի սեփական կորուստների վրա: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ես այսօր տեսա նաև այն տեսանյութը, որի մասին տղաներն ասեկոսեներով ասում էին. ճահճուտներում կենդանիներն ինչպես են հոշոտում իրենց դիակները: Այնպես որ զարմանալու ոչ մի բան չեմ տեսնում»,- նշեց նա։ Մեկնաբանելով ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի այն հայտարարությունը, որ զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում ՊԲ-ն պատրաստ է շրջափակված ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել՝ Հովհաննիսյանն ասաց, որ քանի որ մի քանի տեղերում ադրբեջանական զորքն իր ծուղակն ընկած վիճակը ներկայացնում է առաջխաղացում, հետևաբար չի կարող մեկնաբանել, թե կոնկրետ որ հատվածի մասին էր խոսում Վահրամ Պողոսյանը՝ ծուղակ ասելով։ Հովհաննիսյանը, եզրափակելով իր խոսքը, ասաց, որ ծանր պատերազմ է, դժվար մարտեր են ընթանում, մարտի մեջ են ինչպես տղաները, այնպես էլ կին զինծառայողները: «Արդեն որերորդ կնոջ հերոսությունների դրվագների մասին եմ լսում: Ունենք վիրավոր կանայք, ունենք զոհված կանայք»,- ընդգծեց նա։
22:49 - 18 հոկտեմբերի, 2020
Այսօր 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը՝ ՀՀ տարածքում․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը՝ ՀՀ տարածքում․ Արծրուն Հովհաննիսյան

«Համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր ունեն, որոնց մասին շատ են բարձրաձայնում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Բայց թե որ բնագիծը, որ տեղամասը, ինչ հաջողություն, ինչ առաջընթաց... Կանխավ ասեմ, որ, ինչպես ի սկզբանե ներկայացրել էի, այս պատերազմում, որտեղ չափազանց ուժգին, սաստիկ և կրակային մեծ խտություն պարունակող մարտական գործողություններ են, առանձին բնագծերի, հորինված կամ իրական նշաձողերով արտահայտված տեղանքների անուններով, բարձունքներով առաջնորդվելով՝ հաջողությունները ֆիքսելն ընդհանրապես ակտուալ չէ»,- նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հինգերորդ սերնդի պատերազմ է ընթանում՝ բարձր տեխնոլոգիական միջոցներով, մանևրային խմբերով, և ստատիկ բնագծերի պահպանության համար առանձին մարտական գործողություններ չեն վարվում․ «կոնկրետ բնագծեր և հաջողություններ ու նահանջներ չենք նշելու»:  Նրա խոսքով՝ այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, նորից շարունակում է թեժ մնալ հարավային ուղղությունը:  «Օրվա ընթացքում, ակտիվ մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանը նորից կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ, այդ թվում ԱԹՍ-ներ։ Այսօր մինչև 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը՝ ՀՀ տարածքում»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։
22:23 - 18 հոկտեմբերի, 2020
Մեկ ուղղությամբ, ընկնելով հայկական զինուժի հրետանու հուժկու կրակի տակ, հակառակորդը փախուստի է դիմել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա

Մեկ ուղղությամբ, ընկնելով հայկական զինուժի հրետանու հուժկու կրակի տակ, հակառակորդը փախուստի է դիմել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա

Փաստենք, որ Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի կոչը, պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Դեռ վաղ առավոտվանից նորից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուղղություններով»,- նշեց նա՝ հավելելով, որ սկզբում հյուսիսային կողմում հերթական անգամ հարձակման փորձ կատարեցին, ջախջախվեցին, հետ շպրտվեցին՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով: ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ նույն ժամանակ հարավային ուղղությամբ, օպերացիոն ընդհանուր ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակվողական գործողություններ ծավալել: «Մեկ ուղղությամբ, հստակորեն ընկնելով հայկական զինված ուժերի հրետանու հուժկու կրակի տակ, փախուստի են դիմել, հետ են շպրտվել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա, այդ թվում նաև, ինչպես տեսանյութում մենք հրապարակեցինք, մեծաքանակ զինամթերք»,- ընդգծեց Հովհաննիսյանը։ Նա հավելեց, որ այլ ուղղությամբ շարունակել են հարձակողական մարտերը:
22:10 - 18 հոկտեմբերի, 2020
Օրենքով այնպես է, որ եթե ՀՀ քաղաքացի չես, զորակոչել չենք կարող․ Արծրուն Հովհաննիսյան

Օրենքով այնպես է, որ եթե ՀՀ քաղաքացի չես, զորակոչել չենք կարող․ Արծրուն Հովհաննիսյան

Քաղաքում ամեն օր հանդիպում եմ տղաների և աղջիկների, որոնք խնդրում են, որ զինվորագրենք իրենց։ Ժամանակին ոմանք չեն ծառայել տարբեր պատճառներով, բայց հիմա շատ են ուզում և գնում են զինկոմիսարիատներ, իսկ օրենքը թույլ չի տալիս, և նրանք մերժվում են։ Նաև օրենքով այնպես է, որ եթե ՀՀ քաղաքացի չես, զորակոչել չենք կարող։ Չենք կարող այսքանից հետո չհաղթել։ Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ ՀԱՊԿ-ի միջամտությանը դիմելու հարցին Հովհաննիսյանը պատասխանեց․ «Մենք մեր ՀՕՊ-ի հարցերը ինքներս լուծում ենք։ Մենք ինքներս ենք մեր կռիվը մղելու, մեր հայրենիքը պաշտպանելու։ Մեզ կարող են օգնել մեր ընկերները, մեր դաշնակիցները, բայց մեր փոխարեն չեն կռվելու»։ Պն ներկայացուցիչը ասաց, որ հակառակորդին հասցվում են այն հարվածները, որոնք անհրաժեշտ են։ «Ինչո՞ւ է թվում, որ ինչ-որ հարվածից հետո Ադրբեջանը պիտի դադարեցնի։ Մենք շատ հաճախ մտածում ենք մեր չափորոշիչներով, որ եթե մենք ազդենք այս կետի վրա, պատերազմը կավարտվի, բայց դիմացինն այդպես չի մտածում, դիմացինը միգուցե իր  զորքի 99%-ն էլ կորցնի և շատ բաներ կորցնի, բայց, միևնույնն է, հանուն իր սեփական իշխանության՝ կանգ չառնի, հանուն սեփական փառասիրության՝ կանգ չառնի, այնպես որ, միշտ չէ, որ մեր ուզածով կարող են զարգանալ սցենարները»,- ավելացրեց նա։  
22:34 - 17 հոկտեմբերի, 2020
Հակառակորդը որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում․ Արծրուն Հովհաննիսյան

Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց, որ այսօր՝ վաղ առավոտյան, հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները նույն ուղղություններով․ առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ։ Ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, ուղղություններից մեկում կոնկրետ մոտ 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, և հակառակորդը ստիպված է եղել նահանջել։  «Հյուսիսային ուղղությամբ այսօր այնքան թեժ չի եղել, որքան նախորդ երկու օրերին։ Որոշ ուղղություններում մարտերը այս պահին էլ շարունակվում են»,- ավելացրեց նա։  Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդը որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում, կիրառվել են օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ։
22:06 - 17 հոկտեմբերի, 2020
Հադրութում իրավիճակը չի փոխվել․ Արծրուն Հովհաննիսյան

Հադրութում իրավիճակը չի փոխվել․ Արծրուն Հովհաննիսյան

Առանձին ուղղություններում, եթե մեր զորքերը նահանջում են, եթե աջուձախ են քաշվում, վերախմբավորում են անում, պետք չէ այդ առանձին ուղղությունների վրա ֆիքսվել առանձին իրավիճակներ պարզաբանել: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մեր զորքերը հերոսական ու շատ ծանր պայքար են մղում: Երբեմն դա չի երևում, բայց իրոք մարտերը շատ ծանր են, մեր դեմ կանգնած է շատ ուժեղ թշնամի, որին հեշտ չէ հաղթելը, բայց պիտի հաղթենք ու հաղթելու ենք»,- ասաց նա։ Պատասխանելով Հադրութի վերաբերյալ հարցին՝ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ իրավիճակը չի փոխվել Հադրութում: «Վերջին երկու-երեք օրերի ընթացքում իրավիճակը, որպես կանոն, նույնն է»,- հավելեց նա։ Հովհաննիսյանը կոչ արեց, որ զինված ուժերի կազմ մտնող ստորաբաժանումների, զինատեսակների, զորատեսակների համալրումների մասին հնարավորինս քիչ հրապարակումներ իրականացնենք, որովհետև դա թույլ կտա այդ միջոցները, այդ ստորաբաժանումներն ավելի գրագետ օգտագործել և հասնել հաջողության:   
22:35 - 16 հոկտեմբերի, 2020