Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար:

Ծնվել է 1967թ.դեկտեմբերի 27-ին։ Մասնագիտությամբ ռազմական դիվանագետ է: Ծառությունը սկսել է 1992թ.-ից` ՀՀ ՆԳՆ կազմակերպված հանցավորդության դեմ պայքարի գլխավոր վարչությունից: 1994-2017 տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում` հասնելով մինչև ՊՆ նախարարի տեղակալի պաշտոնը։ 2017թ.-ին նշանակվել է ՀՀ ԱԻՆ նախարար։

2018թ.-ի մայիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է պաշտպանության նախարար։ 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ արցախա-ադրբեջանական պատերազմի ավարտից տասն օր անց ազատվել է պաշտոնից։

ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով, զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել. Դավիթ Տոնոյան |tert.am|

ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով, զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել. Դավիթ Տոնոյան |tert.am|

tert.am: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը խմբավորել է վերջին շաբաթներին տարբեր լրատվամիջոցներից ստացված հարցերը եւ ներկայացնում է պատասխանները: - Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի տարածք ներխուժած եւ դիրքավորված թշնամանական զորքերի հետքաշումը: - Երկօրյա ռազմական գործողությունների արդյունքում բավականին տարօրինակ իրավիճակ է ստեղծվել՝ երկկողմանի զոհերի եւ վիրավորների քանակը բավականին մեծ է, դիրքային փոփոխությունների պատկերը՝ մտահոգիչ: Հակառակորդը հայտարարում է, որ իր նպատակին հասել է եւ արհամարհում է միջազգային բոլոր արձագանքները: Առերեւույթ ՀՀ զինված ուժերը «կաշկանդվածություն» են դրսեւորում, որը, կարծում եմ, քաղաքական որոշման արդյունք է: Նման «կաշկանդվածության» շարունակությունը ծանր հետեւանքներ է թողնելու զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի եւ, հետեւաբար, մարտունակության վրա: Հարց է առաջանում՝ ո՞րն է այն «կարմիր գիծը», որի հատման պարագայում Զինված ուրեն այլեւս կաշկանդված չեն լինի: Արդյո՞ք քաղաքական իշխանությունը զինված ուժերի գործողությունները գնահատում է բավարար, թե՞ կարծում է, որ դրանք ունակ չեն նշված իրավիճակում պատշաճ գործելու, եւ ցանկացած հանդուգն գործողություն կարող է մեծաթիվ կորուստների պատճառ դառնալ: Այս հարցադրումներին հրապարակային պատասխաններ չեն հնչել: ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու, ժողովրդական լեզվով ասած, «պլստալու», «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով: Զինված ուժերի ղեկավարությունը քաղաքական ղեկավարությունից պետք է պահանջի բանակին անհրաժեշտ միջոցների մատակարարում, իսկ կառավարությունն օր առաջ դա պետք է ապահովի՝ ցանկացած գնով: Կրկնում եմ՝ ցանկացած գնով. եւ՛ ուղիղ, եւ՛ փոխաբերական իմաստով: - Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ Նախիջեւանից ներխուժման վտանգ է տեսնում: Ի՞նչ կարող են անել զինվորականները եւ դիվանագետները այդ վտանգը չեզոքացնելու կամ մեղմելու համար: - Նախիջեւանի ուղղությունը նոր չէ, որ խնդրահարույց է: Ժամանակին բավականին միջոցներ ձեռնարկվել էին այդ ուղղությամբ ռազմական գործողությունների վտանգը չեզոքացնելու համար: Մոտեցումս հետեւյալն է՝ Զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել, որակական փոփոխություն ապահովել հակառակորդի նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի ժամանակակից ռազմական գործողություններ վարել ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով եւ ապահովել ՀՀ պարտավորությունը Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը եւ ինքնորոշվելու իրավունքը երաշխավորելու առումով: - Նենսի Փելոսիի այցից առաջ, դրա ընթացքում եւ դրանից հետո կարծիքներ հնչեցին, որ Հայաստանը պետք է փորձի ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցություն ծավալել Արեւմուտքի հետ: Որքանո՞վ եք իրատեսական համարում նման գաղափարները: - Նման համագործակցություն ծավալելու գաղափարը նոր չէ եւ լիովին իրատեսական է: Գործնական առումով ինձ հայտնի չէ, թե արդյո՞ք արեւմտյան երկրները 2020 թվականի նոյեմբերից հետո հանել են քաղաքական սահմանափակումները Հայաստանին եւ Ադրբեջանին սպառազինություններ մատակարարելու վերաբերյալ: Եթե այդ սահմանափակումները հանվել են, թուլացվել են կամ «անտեսվում են», ապա՝ ի գո՛րծ: ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արեւմուտքից ռազմական գնումներ կատարելու համար, դա արհեստածին միֆ է: Գործել են զուտ վերոհիշյալ սահմանափակումները: Նշեմ նաեւ, որ զենքի եւ զինամթերքի գնումները լռություն են սիրում, այլ ոչ թե հրապարակախոսական ելույթներ։ - Հայաստանի իշխանությունները հանդես են եկել ՀԱՊԿ-ի փաստացի անգործության հրապարակային քննադատությամբ: Ինչպե՞ս եք գնահատում դա: - ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, որպես Ադրբեջանին զսպող գործոն, դարձյալ միֆ է, որի փլուզման ականատեսն ենք հիմա: ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին հետապնդում է անվտանգության ապահովման այլ՝ բազմաշերտ նպատակներ, որոնց փոփոխություն ես չեմ տեսնում: Անկախ ամեն ինչից, ՀԱՊԿ-ը որեւէ կերպ չի խոչընդոտում, որ ՀՀ Զինված ուժերը պաշտպանեն մեր սահմանները։
09:35 - 28 սեպտեմբերի, 2022
Վլադիվոստոկում Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց ՀՀ ԶՈւ-ն՝ կրկին փորձելով 2020թ. պատերազմի արդյունքների պատասխանատվությունը բարդել զինվորականների վրա․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը

Վլադիվոստոկում Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց ՀՀ ԶՈւ-ն՝ կրկին փորձելով 2020թ. պատերազմի արդյունքների պատասխանատվությունը բարդել զինվորականների վրա․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «1. Ցավում եմ, որ զրկված եմ այս օրերին մեր Զինված ուժերին օգտակար լինելու հնարավորությունից: Խոնարհվում եմ կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած եւ Հայոց բանակի պատիվը բարձր պահած զինծառայողների ծնողների առջև։ 2. Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողություններից ընդամենը մի քանի օր առաջ՝ ելույթ ունենալով Վլադիվոստոկում, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ թիրախավորեց ՀՀ Զինված ուժերը՝ կրկին փորձելով 2020թ. պատերազմի արդյունքների ողջ պատասխանատվությունը բարդել զինվորականների վրա։ 3. Սեպտեմբերի 14-ին, երբ ռազմական գործողությունները դեռ ընթանում էին, Ազգային Ժողովի ամբիոնից խոսելով «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի» մասին, վարչապետը նորից ապացուցեց, որ «յուրատեսակ» մոտեցում ունի իր պաշտոնեական պարտականությունների կատարման հանդեպ։ Ինչ վերաբերում է զրահաբաճկոններին եւ սաղավարտներին, այդ թեմային արդեն անդրադարձել եմ 2022թ. ապրիլին եւ ի տարբերություն ոմանց՝ կրկնվելու սովորություն չունեմ։ 4. Հերթական անգամ շեշտում եմ, որ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին վերաբերող որոշումներս, որոնք կայացրել եմ լիազորություններիս սահմաններում, հիմնավորված են եղել։ Դրանցից մեկի՝ ավիացիոն հրիթիռների ԱՆՎՃԱՐ, առանց որևէ պարտավորության զիջման ՀՀ ԶՈՒ պահեստ մուտքագրելու համար, շուրջ մեկ տարի ապօրինի գտնվում եմ անազատության մեջ։ 5. Դատաքննության հրապարակային լինելու մասին Հեռավոր Արեւելքից արված վարչապետի «ցուցումը» կարծես չի ընդունվում Հակակոռուպցիոն դատարանի կողմից: Ուստի, հաշվի առնելով դատաքննության դռնփակ լինելը, Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ այս այլևս չարտահայտվել գործի վերաբերյալ»։
11:19 - 17 սեպտեմբերի, 2022
Հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» են սահմանում. Դավիթ Տոնոյանը՝ 24 միլիոն դրամ վճարելու դեպքում 2 տարվա փոխարեն 4.5 ամիս ծառայելու նախագծի մասին
 |tert.am|

Հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» են սահմանում. Դավիթ Տոնոյանը՝ 24 միլիոն դրամ վճարելու դեպքում 2 տարվա փոխարեն 4.5 ամիս ծառայելու նախագծի մասին |tert.am|

tert.am: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը լրատվամիջոցներից պարբերաբար հարցեր է ստանում։ Եվ այժմ ներկայացրել է Դավիթ Տոնոյանի պատասխանները վերջին շրջանում ստացված հարցերին։- Պարոն Տոնոյան, ինչպե՞ս եք գնահատում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է 24 միլիոն դրամ վճարելու դեպքում ծառայել 4.5 ամիս`2 տարվա փոխարեն։- Ներկայացված նախագիծը համահունչ է կառավարության եւ քաղաքական իշխանության «խաղաղության օրակարգին»։ Անձամբ ես եւ Պաշտպանության նախարարությունը մշտապես դեմ ենք արտահայտվել նմանատիպ նախաձեռնություններին:Ինձ համար նախագծով առաջարկվող կարգավորումներն անընդունելի են։ ՀՀ զինված ուժերում ծառայելը պետք է ողջունել եւ խրախուսել, այլ ոչ թե հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» սահմանել:Հետաքրքիր է՝ պահպանվելու է արդյո՞ք թափանցիկությունն այն անձանց անունների մասով, ովքեր կվճարեն իրենց զավակներին առնվազն 1.5 տարվա զինված ուժերում ծառայության հետ կապված «զրկանքներից» ազատելու համար:- Վերջին շրջանում Դուք եւ Ձեր փաստաբանները բազմիցս դժգոհություն եք հայտնել դատավորի գործողություններից, բայց, կարծես, նա այլեւս չի զբաղվելու ձեր գործով։- Նախեւառաջ նշեմ, որ գործը դատարան մուտքագրվելուց հետո նշանակվել են թվով 7  դատական նիստեր, որոնցից կայացել են ընդամենը 4-ը։ Ընդհանուր առմամբ, անցած 8 ամիսների ընթացքում մոտ 8-9 ժամ դատական նիստ է տեղի ունեցել:Թեեւ մտահոգված չեմ այն կապակցությամբ, որ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան, չեմ կարող չարձանագրել, որ դատավոր Մանվել Շահվերդյանն այդ գործը Հակահոկոռուպցիոն դատարանին ենթակա լինելու մասին տեղյակ է եղել առնվազն 2021թ․ ապրիլից, երբ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում կայացվել է համապատասխան փոփոխությունը։   Շարունակությունը՝ tert.am-ում
11:27 - 29 օգոստոսի, 2022
Դավիթ Տոնոյանը առանց որևէ իրավական հիմքի մնում է կալանքի տակ. Փաստաբանական խմբի հայտարարությունը

Դավիթ Տոնոյանը առանց որևէ իրավական հիմքի մնում է կալանքի տակ. Փաստաբանական խմբի հայտարարությունը

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.  «Մեկ շաբաթից ավել՝ 09.08.2022-ից մինչ օրս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստ չի նշանակվում: Ավելին՝ հայտնի չէ, թե երբ կնշանակվի հաջորդ դատական նիստը և ում կողմից: Արհեստածին Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման հետ կապված խառնաշփոթության արդյունքում, հաշվի առնելով, որ 2022 թ. հունվարից մինչ այս պահը քրեական գործով դատաքննության փուլն այդպես էլ չի սկսվել, դատավոր Մանվել Շահվերդյանը ձեռնպահ է մնում դատական նիստ նշանակելուց, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների՝ իրավասու չէ այլևս հիշյալ քրեական գործը քննելու: Սակայն գործը նաեւ չի ուղարկվում նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարան, ինչի արդյունքում Դավիթ Տոնոյանը շարունակում է առանց որևէ իրավական հիմքի մնալ կալանքի տակ: Իրավական անկատարության և ամենաթողության այս մթնոլորտի պայմաններում սպասելի է, որ դեռ մեկ ամիս, գուցե և ավելի, կոպտորեն խախտելով քրեական վարույթի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության կարևորագույն սկզբունքը, Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ անազատության մեջ, ինչը կլրացնի վերջինիս անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտումների շարքը»:
11:50 - 18 օգոստոսի, 2022
«Խախտվել են Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները»․ փաստաբանական խումբ

«Խախտվել են Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները»․ փաստաբանական խումբ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ խախտվել են նախկին նախարարի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները։ Հայատարարությունում մասնավորապես ասվում է հետևյալը․ «ՀՀ պաշտպանության նախկին նախարարի փաստաբանական խումբն արձանագրում է Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների հերթական եւ կոպիտ խախտումը: Ինչպես արդեն նշել էինք, Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով 27.06.2022թ. նշանակված դատական նիստը հետաձգվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից դեսպանատուն այցելելու պատճառաբանությամբ: Դրանից հետո ակնկալում էինք, որ հաջորդ դատական նիստը պետք է նշանակվի ամենասեղմ ժամկետներում, մինչդեռ պարզվեց, որ դատավոր Մ.Շահվերդյանը այս անգամ էլ մեկնել է ամենամյա արձակուրդի՝ հաջորդ դատական նիստը նշանակելով 2022 թվականի օգոստոսի 8-ին, այսինքն՝ որպես այդպիսին կայացած նախորդ դատական նիստից շուրջ 2 ամիս հետո:  Սա այն ակներև ցուցիչն է, որը խոսում է ողջամիտ ժամկետների անտեսման և Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների հերթական և կոպիտ խախտման մասին: Հավելենք, որ հաջորդ դատակա նիստի ընթացքում Դ.Տոնոյանի փաստաբանական խումբը, բացի դատավոր Մ.Շահվերդյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուց, նաև միջնորդելու է մասնակիորեն վերացնել նրա տեսակցությունների վրա դրված արգելքը՝ թույլատրելով ԶԼՄ ներկայացուցչների հետ տեսակցությունը»:  Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 2021թ․ սեպտեմբերի 30-ից կալանավորված է։ Նա որպես մեղադրյալ է ներգրավված պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարարման չարաշահումներին առնչվող գործով։
10:35 - 06 հուլիսի, 2022
Դատավորը դեսպանատուն այցելելու պատճառաբանությամբ հետաձգեց դատական նիստը, դա արհամարհական վերաբերմունք է․ Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել

Դատավորը դեսպանատուն այցելելու պատճառաբանությամբ հետաձգեց դատական նիստը, դա արհամարհական վերաբերմունք է․ Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով այսօր նշանակված դատական նիստի չկայանալուն։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ  գործով այսօր՝ 27․06․2022 թվականին, նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանը դատական նիստից կես ժամ առաջ պետք է դեսապանատուն այցելեր։ Առաջիկա դատական նիստին  Դավիթ Տոնոյանը դատավորից  պահանջելու է  ինքնաբացարկ հայտնել, քանի որ, խախտելով գործի քննության ողջամիտ ժամկետները, իր ծանրաբեռնվածության, դատական նիստերի դահլիճի ազատ չլինելու, վերապատրաստման  դասընթացներին մասնակցելու, իր և իր ընտանիքի անդամի առողջական խնդիրների, իսկ այս անգամ էլ դեսպանատուն այցելելու պատճառաբանություններով  հետաձգում է դատական նիստերը  և 5 ամիս է՝ չի սկսում դատական քննություն՝  դրանով իսկ արհամարհական վերաբերմունք դրսևորելով կալանքի տակ գտնվող անձանց անձնական ազատության իրավունքի նկատմամբ»։ Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
19:40 - 27 հունիսի, 2022
Հպարտ եմ, որ Կառավարության անդամ լինելով՝ չեմ եղել մի «թիմում», որի անդամներից մեկը Մելքոնյանն է. Դավիթ Տոնոյան

Հպարտ եմ, որ Կառավարության անդամ լինելով՝ չեմ եղել մի «թիմում», որի անդամներից մեկը Մելքոնյանն է. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարությանն այն մասին, որ պաշտպանության նախարարը պետք է պարտադիր Նիկոլ Փաշինյանի թիմակիցը լինի։Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․«Տեղեկացա, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ մեկնաբանելով «Պաշտպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, խոսել է այն մասին, որ պաշտպանության նախարարը պետք է պարտադիր Նիկոլ Փաշինյանի թիմակիցը լինի և բառացի ասել է․ «էս պատերազմի ժամանակ, որ մենք տանուլ տվեցինք, հիմնական խնդիրներից մեկն այդ էր, որ իր թիմից չէին, որ կազմակերպված ձևով, մենք գիտենք ինչ ձևով փախուստներ կազմակերպեցին»:Այս առիթով մի քանի շեշտադրում կանեմ.Այն փաստը, որ Գագիկ Մելքոնյանը նախկինում բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել ՊՆ-ում, ամենևին չի նշանակում, որ նա ունի պաշտպանական ոլորտի կազմակերպման անհրաժեշտ մասնագիտական որակներ պատերազմի արդյունքի մասին եզրակացություններ անելու համար:Հպարտ եմ, որ Կառավարության անդամ լինելով՝ չեմ եղել մի «թիմում», որի անդամներից մեկը Մելքոնյանն է:2022թ. ապրիլին սպառիչ պատասխան եմ տվել այն հարցին, թե ինչու ինձ «քաղաքական թիմի» անդամ չեմ համարել և ինչով էր պայմանավորված իմ որոշումը՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու մասին:Գագիկ Մելքոնյանի հայտարարությունները միայն հաստատում են իմ կասկածները ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին:Իմ խորին համոզմամբ, պաշտպանության նախարարը, հանդիսանալով Կառավարության անդամ և քաղաքական պատասխանատվություն ստանձնելով պաշտպանական ոլորտում Կառավարության ծրագրերի իրականացման համար, այնուամենայնիվ, պետք է դուրս լինի «քաղաքական-կուսակցական թիմի» տրամաբանությունից։Ինչ վերաբերում է Կառավարության կողմից Ազգային ժողով ուղարկված ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, դրա վերաբերյալ իմ մասնագիտական կարծիքը կհայտնեմ հետո մոտ ժամանակներս»։
10:33 - 15 հունիսի, 2022
Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը միջնորդելու է այսօրվա դատական նիստն անցկացնել դռնբաց

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը միջնորդելու է այսօրվա դատական նիստն անցկացնել դռնբաց

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը, ելնելով «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի պահանջներից, այսօր՝ ժամը 15:00-ին, կայանալիք դատական նիստի ընթացքում միջնորդելու է այն անցկացնել դռնբաց ռեժիմով՝ հաշվի առնելով, որ պաշտպանական կողմը մտադիր է դատարան ներկայացնել առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը հաստատող փաստաթղթեր, որոնք որևէ դասակարգում չունեն, այսինքն՝ որևէ գաղտնիք չեն պարունակում, չեն պարունակում նաև ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության շահերին վնասող որևէ ռիսկ, և գոնե այս դատական նիստի անցկացումը դռնփակ ռեժիմով կհանգեցնի դատավարության հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը և կխախտի արդարադատության շահը»։
11:03 - 06 հունիսի, 2022
Ըստ Տոնոյանի փաստաբանական խմբի՝ իրավասու պետական մարմնից ապացույցներ են ստացվել, որ հրթիռները ձեռքբերման ժամանակ շահագործման ժամկետների մեջ են եղել

Ըստ Տոնոյանի փաստաբանական խմբի՝ իրավասու պետական մարմնից ապացույցներ են ստացվել, որ հրթիռները ձեռքբերման ժամանակ շահագործման ժամկետների մեջ են եղել

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ իրավասու պետական մարմնից անհերքելի ապացույցներ են ստացվել, որոնք փաստում են՝ խնդրո առարկա հրթիռները ձեռքբերման ժամանակ շահագործման ժամկետների մեջ են եղել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով պաշտպանության կողմը ձեռք է բերել իրավասու պետական մարմնից ստացված անհերքելի ապացույցներ, որոնք փաստում են խնդրո առարկա հրթիռների ձեռքբերման ժամանակ դրանց շահագործման ժամկետների մեջ լինելը: Այսպես՝ առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Դավիթ Տոնոյանը, 2010-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը և այդ պաշտոնի բերումով տեղեկացված լինելով մատակարարման պահին հիշյալ հրթիռների օրացույցային ժամկետներն անցած լինելու մասին, ձեռնամուխ է եղել այդ՝ պիտանելիության ժամկետները սպառված և տեխնիկական բնութագրին անհամապատասխան հրթիռների ձեռքբերմանը: Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, մի քանի պաշտոնական աղբյուրներից, այդ թվում՝ ներպետական իրավասու մարմնից ստացված պաշտոնական գրությամբ հաստատվել է, որ հիշյալ հրթիռների պիտանելիության ժամկետները սպառված չեն եղել, ավելին՝ հրթիռներն անգամ համապատասխանել են տեխնիկական բոլոր նորմերին: Դատարանում ներկայացնելուց հետո պաշտպանության կողմը նաև կհրապարակի հիշյալ փաստաթղթերը»:
10:30 - 25 մայիսի, 2022
ԱԽ-ն պարզաբանել է Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրն այն կանգնեցնելու անհրաժեշտության մասին է բարձրաձայնել

ԱԽ-ն պարզաբանել է Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրն այն կանգնեցնելու անհրաժեշտության մասին է բարձրաձայնել

ՀՀ անվտանգության խորհուրդը պարզաբանում է տարածել, որտեղ անդրադառնում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ մայիսի 5-ին News.am լրատվական կայքին տված հարցազրույցի ընթացքում կատարած հայտարարությանը: Անվտանգության խորհրդի տարածած պարզաբանումը ներկայացում ենք ստորև. «Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ մայիսի 5-ին News.am լրատվական կայքին տված հարցազրույցի, Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հարցազրույցում հնչած պնդումն,  ըստ որի՝ Օնիկ Գասպարյանն, իբրև, պատերազմի չորրորդ օրը պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին է բարձրաձայնել: Սույն պնդման առնչությամբ ներկայացնում ենք ԱԽ-ի՝ 30.09.2020 թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ (տես՝քաղվածք №1), որոնցում պարոն Գասպարյանը մասնավորապես նշում է. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել ... » ավելացնելով. « ... Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք ... », եզրափակելով իր ելույթը՝ Օնիկ Գասպարյանը նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»: Անվտանգության խորհրդի գրասենյակը մեկ անգամ ևս հրապարակում է ԱԽ 30.09.2020 թվականի նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը, և վերահաստատում, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրվա ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու որևէ առաջարկ չի արել»:  
18:02 - 06 մայիսի, 2022
Օնիկ Գասպարյանի կողմից պատերազմի չորրորդ օրը զեկուցվել է 2-3 օրվա ընթացքում պատերազմի կանգնեցնելու անհրաժեշտության մասին․ Դավիթ Տոնոյան

Օնիկ Գասպարյանի կողմից պատերազմի չորրորդ օրը զեկուցվել է 2-3 օրվա ընթացքում պատերազմի կանգնեցնելու անհրաժեշտության մասին․ Դավիթ Տոնոյան

news.am: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը 2021 թվականի սեպտեմբերի 30-ից կալանավորված է եւ պահվում է Երեւան ՔԿՀ-ում, գրավոր պատասխանել է NEWS.am-ի կողմից ուղղված մի քանի հարցերին։ Պարոն Տոնոյան, ըստ էության, Ձեր վերաբերյալ քրեական գործով գրեթե բոլոր ամբաստանյալներն ազատության մեջ են։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ խնդիր են լուծում իրավապահները՝ Ձեզ կալանքի տակ պահելով։ Քրեական գործով մեղադրանք է առաջադրված նախկին եւ գործող 7 պաշտոնյայի, որոնցից երեքը շարունակում են մնալ կալանքի տակ: Իմ կարծիքով, իրավապահ համակարգը ձեռնպահ է մնում հենց 44-օրյա ռազմական գործողությունների տարելիցի ժամանակահատվածում կատարված ձերբակալումների ժամանակ իր կողմից արված աղմկահարույց հայտարարությունների (ընդ որում՝ դրանք բանսարկու եւ ոլորտային գիտելիքների թերության հիման վրա կառուցված հայտարարություններ էին) պարագայում ինձ կալանքից ազատելու որոշումից, քանի որ կենթարկվի իշխանության պատուհասմանը: Այդ մտավախությունն ունի նաեւ դատարանը, որը շարունակում է նույն գործելաոճը՝ շուրջ 2 ամիս ձեռնպահ մնալով որեւէ դատական նիստ անցկացնելուց՝ քաջ գիտակցելով, որ սկսվող դատաքննությամբ բացահայտվելու են կալանքի տակ գտնվող անձանց ազատ արձակելու, ինչպես նաեւ նրանց մեղսագրվող արարքում արդարացնելու ակնհայտ հիմքեր: Նշվածով պայմանավորված՝ քայլեր ենք ձեռնարկում իրավունքներիս պաշտպանության նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ: Դիտարկումներ կան, որ Ձեզ կալանքի տակ պահելը քաղաքական դրդապատճառներ ունի։ Ձեր հարաբերությունները 44-օրյա պատերազմից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ինչպիսի՞ն են եղել։ Վարչապետի հետ պաշտոնավարմանս ընթացքում մշտապես պահպանել եմ, իմ գնահատմամբ, պաշտոնական եւ շատ ծանր որոշումների կայացման պահին վստահելի հարաբերություններ: Պատերազմից հետո եղած հարաբերությունները բացասական կամ լարված գնահատել չեմ կարող, բայց եւ այնպես ինձ կալանքի տակ պահելն, անշուշտ, քաղաքական շարժառիթ ունի, որի վերաբերյալ ԱԺ ամբիոնից հենց վարչապետն է արտահայտվել: Ստացվեց այնպես, որ «քաղաքականությունն» իմ կամքից, ցանկություններից եւ վարքից անկախ սկսեց զբաղվել ինձանով: Ինչո՞ւ հրաժարական տվեցիք։ Արդյո՞ք ձեր նկատմամբ ճնշումներ եղել են։ Ես հրաժարական չեմ տվել եւ իմ պաշտոնանկության օրը հայտարարել եմ. «Այս պահին պաշտոնավարումս դադարեցնելը կրկնակի դժվար է, քանզի սովորություն չունեմ հեշտ ու ընդունված ճանապարհը բռնելով խուսափելու բարդ իրադրության մեջ հայտնվելուց, եթե նժարին պետությանն ու ժողովրդին ծառայել-չծառայելն է դրված: Նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաեւ 2018 թվականի գարնանը: Բայց ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ»: Այժմ էլ ասվածին ավելացնելու այլ բան չունեմ: 44-օրյա պատերազմից հետո ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ պատերազմի չորրորդ օրն ինքը ԱԽ նիստին զեկուցել է, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել։ Փաշինյանը հերքում է Գասպարյանի այս պնդումը։ Դուք՝ որպես Պաշտպանության նախարար, որը ներկա է եղել այդ նիստին, լսե՞լ եք Օնիկ Գասպարյանի այդ զեկույցը։ Նախկինում նշել եմ, հիմա էլ վերահաստատում եմ, որ վերոհիշյալ հայտարարությունն արվել է, ավելին՝ այն արվել է ոչ միայն Անվտանգության խորհրդի նիստերում, եւ այն ինձ հետ համաձայնեցված է եղել: Այնուհանդերձ, Զինված ուժերը պատրաստակամ են եղել մարտնչելու «ոչ մի քայլ նահանջ» սկզբունքով՝ անկախ ռազմական գործողությունների դադարեցման դիվանագիտական ջանքերից:  
22:37 - 05 մայիսի, 2022
5 օրն անցավ, Գլխավոր դատախազը պետք է իջնի ու պատասխան տա. զոհվածների ծնողները դատախազության մոտ են
 |news.am|

5 օրն անցավ, Գլխավոր դատախազը պետք է իջնի ու պատասխան տա. զոհվածների ծնողները դատախազության մոտ են |news.am|

news.am: 44-օրյա պատերազմում զոհված զինծռայողների ծնողները կրկին հավաքվել են Գլխավոր դատախազության դիմաց: «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը նշեց, որ հավաքվել են եւ սպասում են գլխավոր դատախազի պատասխանին, որը նա խոստացել էր տալ 5 օրում եւ այդ 5 օրը լրացել է: «Նա խոստացավ ասել, թե ինչ են ձեռնարկելու, որ սկսեն գործ հարուցել եւ պատասխանատվության կանչել Նիկոլ Փաշինյանին եւ ապա նրանց, որոնք մեղավոր են պատերազմի այսքան կարուստների համար: Նաեւ եկել ենք շարունակելու մեր միջնորդությունները ներկայացնել, որ մեզ ներգրավեն որպես տուժող կողմ: Ի վերջո, մեզ՝ ծնողներիս, պատասխան տալո՞ւ են, թե ովքեր են մեղավոր, որ պատերազմում մեր երեխաները զոհվեցին այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ բեմից հայտարարում է, որ այո, կարող էին զոհեր չունենալ, եթե կանգնեցնեին պատերազմը, նույն ելքը կունենայինք, բայց առանց զոհերի: Այսինքն խոստովանում է, որ ինքը մեղավորն է 5 հազար զոհերի: Հետեւաբար, մենք պահանջում ենք գլխավոր դատախազից, որ իջնի այստեղ եւ ասի՝ 5 օրն անցավ, ի՞նչ է պատասխանում: Թող ասեն, թե այդ 5 օրում ինչ արեցին, ինչ ընթացքում է գործը, որ մենք էլ հասկանանք, թե ինչի պետք է սպասենք եւ ճշտենք մեր հետագա ան ելիքները»,-ասաց նա: Տոնոյանը վստահեցրեց, որ ծնողները այլեւս ոչ մեկին հանգիստ չեն տալու. «Չի կարող այսպիսի ահռելի հանցագործություն տեղի ունենալ եւ ոչ ոք չպատժվի: Մենք գիտենք, որ տեղի է ունեցել դավաճանություն, եւ պետք է գործ հարուցվի եւ պարզվի՝ դավաճանություն եղել է, թե ոչ: Եթե Նիկոլ  Փաշինյանը մեղավոր չէ, ապա ինչի՞ց է վախենում: Եթե պարզվի, որ ինքը մեղավոր չէ, թող մեզ տան մեղավորներին»:
15:12 - 03 մայիսի, 2022
Դավիթ Տոնոյանը չի սխալվում․ «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը» հաստատում է Կառավարությունը

Դավիթ Տոնոյանը չի սխալվում․ «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը» հաստատում է Կառավարությունը

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանի միջեւ հեռահար բանավեճը, օրերս թյուրըմբռնման տեղիք տվող մի հայտարարություն է արել։ Նախկին եւ ներկա պաշտոնյաների բանավեճը վերաբերում է ՀՀ զինված ուժերի սպառազինության վիճակին։ Ինչպես հայտնի է, օրեր առաջ՝ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը 44-օրյա պատերազմից մի քանի օր անց է իմացել, որ բանակում սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր կա։ Մինչդեռ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, հակադարձելով Փաշինյանի այս հայտարարությանը, ավելի ուշ տարածած հաղորդագրությամբ հայտարարեց, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների եւ զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ: Անդրադառնալով այս թեմային՝ ժամեր անց «Հրապարակ»-ի հետ զրույցում Մովսես Հակոբյանը, ի թիվս այլնի, ասաց, որ ե՛ւ Փաշինյանը, եւ՛ Տոնոյանը ստում են․ «Տոնոյանը՝ որպես պաշտպանության նախարար, պիտի հասկանա, որ Զարգացման պլանը կառավարության նիստում չեն հաստատում, այլ հաստատում են Անվտանգության խորհրդով։ Դա առաջինը թող սովորի, հետո կարող է պաշտպանության նախարար դառնալ»։ Նախ եւ առաջ հարկ է նկատել, որ Դավիթ Տոնոյանն իր հայտարարության մեջ խոսում է «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի» մասին, իսկ Մովես Հակոբյանը պարզապես նշում է զարգացման պլան։ Այս հանգամանքը կարեւոր է այնքանով, որ զարգացման որոշ պլաններ Անվտանգության խորհրդի լիազորությունների տիրույթում են, սակայն կոնկրետ Տոնոյանի կողմից մատնանշված զարգացման ծրագիրը դրանց թվում չէ։ Մասնավորապես, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ ԱԽ-ն, ի թիվս այլնի, հաստատում է զինված ուժերի զարգացման պլանը, այլ զորքերի զարգացման պլանը եւ այլ պլաններ։ Մինչդեռ նույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի հաստատումը ՀՀ կառավարության լիազորությունների ցանկում է։ Ավելին, 2018 թվականի իշխանափոխությունից հետո Կառավարության՝ այդ տարի հաստատված ծրագրի «Զինված ուժերը» ենթաբաժնում նշված է, որ քաղաքական նոր իրողություններից ելնելով՝ անհրաժեշտ է ճշգրտել ՀՀ Զինված ուժերի զարգացման պլանը եւ Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը՝ հաշվի առնելով Զինված ուժերի մարտունակության բարձրացման գերակայությունը եւ ուշադրություն դարձնելով առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին։  Այսինքն՝ իշխանափոխությունից հետո Կառավարությունը իսկապես մտադրված է եղել վերանայել եւ/կամ վերահաստատել «Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը»։ Այնուհանդերձ, հնարավոր չէ ասել, թե ինչ փոփոխություններով եւ երբ է այն ի վերջո վերահաստատվել, քանի որ դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ առկա չեն։ Դա, ըստ ամենայնի, պայմանավորված է ոլորտի գաղտնիությամբ։ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է, որ սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի, մարտական կիրառության հնարավորությունների եւ դրանց վերաբերյալ մի շարք տեղեկություններ կարող են դասվել պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին։ Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի՝ «ՀՀ ՊՆ համակարգի գաղտագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» հրամանով էլ՝  այդ տեղեկությունները դասվել են պետական գաղտնիքի շարքին։ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից «Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի» վերանայման մասին Տոնոյանը խոսել է նաեւ պատերազմից հետո՝ 2021 թվականի հունվարի 25-ին՝ Մեդիամաքսին տված իր հարցազրույցում։ Նա, մասնավորապես, ասել է հետեւյալը․ «․․․ Սակայն ՀՀ նախագահի 2018թ. փետրվարի 17-ի հրամանագրով հաստատված «ՀՀ Զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը», խմբագրված եւ Անվտանգության խորհրդի կողմից 2019 թվականին նորից ընդունված Զինված ուժերի զարգացման պլանը, կառավարության կողմից վերանայվող «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը», նախաձեռնված «Պաշտպանության ռազմավարական վերանայումը» ամբողջ ծավալով չէին իրագործվել։ Մենք չհասցրինք պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ»։  Տոնոյանի այս խոսքից էլ պարզ է դառնում, որ ԶՈՒ զարգացման պլանը խմբագրվել եւ ընդունվել է ԱԽ-ի կողմից, այնինչ «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը» այդ պահի դրությամբ Կառավարության կողմից վերանայման փուլում է եղել։ Հավելենք, որ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով, ի թիվս այլնի, առաջարկվում է «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը» հաստատելու լիազորությունը Կառավարությունից փոխանցել Անվտանգության խորհրդին։ Սակայն սա ընդամենը նախագիծ է, եւ առայժմ իրավական որեւէ ուժ չունի։ Ազգային ժողովի պաշտոնական կայքի «Նախագծեր» բաժնում այն ներառված չէ ո՛չ ամբողջությամբ ընդունվածների, ո՛չ օրակարգում ընդունված նախագծերի, ո՛չ էլ դեռեւս չընդունվածների ցանկում։ Հրապարակված օրակարգերի համաձայն՝ այն դեռեւս չի քննարկվել նաեւ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում եւ Կառավարության նիստերում։ Այսպիսով, Մովսես Հակոբյանի այն հայտարարությունը, թե Դավիթ Տոնոյանը պետք է իմանար, որ զարգացման պլանը հաստատում է ոչ թե Կառավարությունը, այլ ՊՆ-ն, միանշանակ չէ։ Եթե Հակոբյանը նկատի է ունեցել հենց «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը», որի մասին խոսում էր Տոնոյանը, ապա նա սխալ է, որովհետեւ այդ ծրագիրը օրենսդրական գործող կարգավորումների շրջանակում իսկապես Կառավարությունն է հաստատում։ Իսկ եթե Հակոբյանը նկատի է ունեցել ԶՈՒ զարգացման պլանը, ապա նա ճիշտ է, որ դա հաստատում է ԱԽ-ն։ Սակայն այդ պարագայում էլ ճիշտ չէ պնդել, թե Տոնոյանը ստում է, որովհետեւ Տոնոյանը այդ պլանի մասին չէր խոսել։   Միլենա Խաչիկյան
12:30 - 26 ապրիլի, 2022
Պաշտպանության նախարարությունը ղեկավարելու որոշումն ընդունելիս, քաջ գիտակցել եմ՝ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի. Դավիթ Տոնոյան |168.am|

Պաշտպանության նախարարությունը ղեկավարելու որոշումն ընդունելիս, քաջ գիտակցել եմ՝ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի. Դավիթ Տոնոյան |168.am|

168.am: Հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր փաստաբանի միջոցով պատասխանել է մի քանի հարցերի: – Ապրիլի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պատերազմի ժամանակ եղած բացթողումներին, նշել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո բանակում իրենց քաղաքական թիմից որևէ մեկին պաշտոնի չեն նշանակել, և շեշտել է, որ Դուք եղել եք նախկին կառավարության անդամ: Նման միտք Նիկոլ Փաշինյանն արտահայտել էր նաև 2021-ի փետրվարին` Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում: Ի դեպ, երբ Սուրեն Պապիկյանին Պաշտպանության նախարար նշանակեցին, Նիկոլ Փաշինյանն այն հիմնավորեց, որ պաշտպանական և արտաքին քաղաքական պաշտոնները պետք է սեփական քաղաքական թիմի անդամներին վստահել: Ի՞նչ է սա նշանակում`ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ հասկացել է, որ սխալվե՞լ է Ձեր հարցում, թե՞ բավարար չափով չի էլ վստահել երբեք: – Եթե ՀՀ վարչապետը «դիլեմայի» առջև է կանգնած, ապա ՀՀ պաշտպանության նախարարությունը ղեկավարելու նրա առաջարկի ընդունումն իմ կողմից եղել է հաստատակամ որոշում, որը կայացրել եմ տասնամյակների պետական ծառայության ընթացքում ձևավորված պարտքի զգացումի թելադրանքով, ինչպես նաև` բազմաթիվ ընկերներիս և ՀՀ զինված ուժերի զարգացման համար մտահոգ գործընկերների քաջալերման արդյունքում: Այդ որոշումը կայացնելիս քաջ գիտակցել եմ, որ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի՝ հաշվի առնելով իմ հոգեկերտվածքը և անցած ճանապարհը: – Շարունակելով հարցը` գուցե անցումային նախարա՞ր էր պետք Նիկոլ Փաշինյանին: – Այո, վարչապետի խոսքերից կարելի է եզրակացնել, որ նրան և իր քաղաքական թիմին անհրաժեշտ էր «անցումային» պաշտպանության նախարար: Բայց չնայած այդ թիմի առանձին անդամների անդադար ջանքերին, նա ինձ պաշտոնից չհեռացրեց անգամ պատերազմի ընթացքում: Պաշտոնավարել եմ 2.5 տարի, իմ պաշտոնանկությունից հետո անցել է 1.5 տարի, որոնց ընթացքում նշանակվել է պաշտպանության 3 նախարար, ինչը կադրային քաղաքականության որակի խոսուն ցուցիչ է:
14:05 - 25 ապրիլի, 2022
Սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկի ծրագիրը վերահաստատվել է Փաշինյանի օրոք․ Դավիթ Տոնոյանը հերքում է Փաշինյանի՝ Աժ–ում արած հայտարարությունը

Սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկի ծրագիրը վերահաստատվել է Փաշինյանի օրոք․ Դավիթ Տոնոյանը հերքում է Փաշինյանի՝ Աժ–ում արած հայտարարությունը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ, որում ՀՀ վարչապետը նշել է, որ բանակում առկա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդրի մասին առաջին անգամ իմացել է պատերազմից մի քանի օր անց։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին Ազգային Ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր»: Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների եւ զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ: Շարունակելի...»։
09:27 - 18 ապրիլի, 2022
Դավիթ Տոնոյանը վերաքննիչ դատարանում հայտնել է, որ հրթիռների ձեռքբերման վերաբերյալ ճիշտ որոշում է կայացրել․ Փաստաբանական խումբը կալանքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Դավիթ Տոնոյանը վերաքննիչ դատարանում հայտնել է, որ հրթիռների ձեռքբերման վերաբերյալ ճիշտ որոշում է կայացրել․ Փաստաբանական խումբը կալանքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Շարունակում ենք պնդել, որ Դավիթ Տոնոյանը խտրական կերպով պահվում է կալանքի տակ: Դատական նիստերի դռնփակ լինելուն ավելացել է նաև տարբեր տեխնիկական պատճառներով այդ նիստերի անցկացումը 2 ամիսը մեկ անգամ: Ավելին, հաջորդ դատական նիստը նշանակվել է 2022 թվականի մայիսի 2-ին: Փաստացի 3 ամիս է՝ դատարանը անգործության է մատնված: Սա գնահատում ենք որպես հոգեբանական խոշտանգում և պատժի գործադրում կալանավորված անձանց նկատմամբ, որի վերաբերյալ Դ.Տոնոյանը հայտարարել է նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ միաժամանակ պահանջելով հրապարակային քննություն: Նիստը նախագահող դատավոր Մնացական Հարությունյանի այն հարցին, թե որն է, ըստ նրա, դատական նիստերը դռնփակ անցկացնելու նպատակը, Դավիթ Տոնոյանը պատասխանել է՝ որպեսզի հանրությունը չտեսնի առաջադրված մեղադրանքների սին լինելը: Դ. Տոնոյանը վերաքննիչ դատարանում հայտարարել է նաև, որ հրթիռների ձեռքբերման վերաբերյալ ճիշտ որոշում է կայացրել, որն այդ փուլում նպաստել է ՀՀ զինված ուժերի կարողությունների բարձրացմանը, որի վառ ապացույցն է այն, որ ի հեճուկս այն հայտարարություններին, թե իբր ձեռք բերված հրթիռները չեն կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ և ուսումնավարժական պատրաստման ընթացքում, քրեական գործով ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է հակառակը:  Մեկ այլ կարևոր հանգամանք, որն իրական սպառնալիք է ՀՀ զինված ուժերի համալրման և մարտունակության բարձրացման համար. համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում խնդրո առարկա զինամթերքի հետագա շահագործումը ապահովելու, դրա պահպանման միջոցառումներն ապահովելու նպատակով, քանի որ զինամթերքի շահագործման վրա արգելք է դրված»: Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու մեջ: ԱԱԾ-ում քննվող քրեական գործը վերաբերում է ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Նա կալանավորվել է սեպտեմբերի 30-ին:
11:20 - 04 ապրիլի, 2022