Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գործող քարտուղար, ռազմական, քաղաքական գործիչ։

Ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ասկերանում։ 1977-1979 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1990 թվականին ավարտել է Երևանի կոոպերատիվ առևտրի տեխնիկումը, 2011 թվականին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976 թվականին՝ որպես Ասկերանի շրջանի հասարակական սննդի հիմնարկ-ձեռնարկության տաղավարի վարիչ, ապա՝ արտադրության պետ-փոխտնօրեն։

1990 թվականին ընտրվել է Ասկերանի շրջանի Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար։ 1991 թվականին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992 թվականի օգոստոսին նշանակվել է ԼՂՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, 1996-1998 թվականներին՝ հանդիսացել զորամիավորման հրամանատար, 1998-1999 թթ.՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, 1999 թ. սեպտեմբերից՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ 2000 թվականի մարտին Վիտալի Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

2005 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Պատգամավորական գործունեությունն իրականացրել է «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության կազմում։ 2007-2010 թվականներին եղել է ԼՂՀ նախագահի խորհրդական։ 2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։ 2012 թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին մասնակցելու համար հեռացվել է «Դաշնակցություն» խմբակցությունից և դարձել անկախ պատգամավոր։ Անկուսակցական է։

2020թ․ դեկտեմբերի 2-ին նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհդրի քարտուղարի պաշտոնում։

Պահանջում եմ Արցախի նախագահից՝ ձևավորել ազգային համաձայնության նոր կառավարություն, որտեղ ընդգրկված կլինեն մասնագիտական և բարոյական բարձր արժանիքներ ունեցող անձիք. Վիտալի Բալասանյան

Պահանջում եմ Արցախի նախագահից՝ ձևավորել ազգային համաձայնության նոր կառավարություն, որտեղ ընդգրկված կլինեն մասնագիտական և բարոյական բարձր արժանիքներ ունեցող անձիք. Վիտալի Բալասանյան

Արցախում անհրաժեշտ է վերանայել իշխանության բոլոր օղակները։ Սա պարտադիր պայման է։ Եվ մենք պետք է իմանանք, որ պարտվել է այդ իշխանությունը, ոչ թե բանակը, ոչ թե հայը, և պարտությունը պետք է դառնա դաս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցաքխի «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ 1988 թվականի փետրվարին իմ կողմից արձակված առաջին փամփուշտն հայ ժողովրդի անվտանգության համար էր արձակվել: Այնուհետև, իմ և իմ մարտական ընկերների անմիջական նախաձեռնությամբ, զրոյական վիճակից, շնորհիվ և ի փառս մեր հայրենիքի, ստեղծվեց կանոնավոր բանակ, որը 27 տարի շարունակ փառքով կատարեց իր առջև դրված բոլոր խնդիրները: Նույնը եղավ 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին՝ Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում: Սակայն քաղաքական մասի պատասխանատուների անկազմակերպ, իսկ երբեմն անպատասխանատու ղեկավարման արդյունքում ունեցանք մի իրողություն, ինչի հետևանքով մենք այսօր մեկը մյուսի հետևից հանձնեցինք հայ քաջորդիների արյունով ողողված հողերը, 27 տարի կառուցած մարդկանց օջախները, դպրոցները, պետական կառույցները: Այս ամենը անպատասխան մնալ չի կարող: Այսպես շարունակելը հանցագործություն է: Մենք պետք է հստակ գիտակցենք, որ հին Արցախը չկա, Ղարաբաղյան խնդրի հին բովանդակությունը չկա, հին պատկերացումների և հաշվարկների ճնշող մեծամասնությունը այլևս չկա։ Այս փուլից պետք է սկսել հայկական մեծ վերափոխման ժամանակաշրջանը, որի մեջ ներառվում է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը, Սփյուռքը, մեր հարևանները, մեր դաշնակիցները, մեր հակառակորդները, մեր շահերն ու ռեսուրսները։ Ընտրելով համահայկական ողբի ճանապարհը, մենք կկորցնենք հայկական պետականությունը։ Ուրեմն, պետք է հետևություններ անել ու աշխատել. Ինչ պետք է անենք. ա/ Արցախում անհրաժեշտ է վերանայել իշխանության բոլոր օղակները։ Սա պարտադիր պայման է։ Եվ մենք պետք է իմանանք, որ պարտվել է այդ իշխանությունը, ոչ թե բանակը, ոչ թե հայը, և պարտությունը պետք է դառնա դաս։ բ/ Նոր ձևավորված պետական մարմինները պետք է ունենան կարողություն և բարոյական իրավունք՝ աշխատանքի անցնել առանց պարտվողի հոգեբանության։ գ/ Անհրաժեշտ է զինված ուժերի նոր որակական վերակառուցում։ դ/ Անհրաժեշտ է ձևավորել համահայկական նոր օրակարգ՝ Սփյուռքի և Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքի նոր ձևաչափեր և նոր բովանդակություն։ Վերափոխված իշխանությունը ինտենսիվ և լրիվ այլ տրամաբանությամբ պետք է սկսի աշխատել Սփյուռքի հետ։ Ելնելով վերոգրյալից, անկախ իմ քաղաքական հայացքներից և իմ վերաբերմունքից Արցախի Հանրապետության ներկայիս իշխանությունների նկատմամբ. - ԱՀ ԱԺ-ից պահանջում և հորդորում եմ իրականացնել Աժ նախագահի, Աժ նախագահի տեղակալի, մշտական գործող ԱԺ հանձնաժողովների կազմերի փոփոխություն, - ԱՀ նախագահից՝ ձևավորել ԱՀ ազգային համաձայնության նոր կառավարություն, որտեղ ընդգրկված կլինեն մասնագիտական և բարոյական բարձր արժանիքներ ունեցող անձիք՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից և Սփյուռքից: Դիմում եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին՝ եթե Դուք նույնպես կիսում եք իմ մտահոգությունները և համամիտ եք իմ առաջարկություններին, ապա այս պարագայում, ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում լծվել պետականաշինության գործին: Ծառայում եմ Հայրենիքիս Սիրով՝ Ձեր գեներալ Վիտալի Բալասանյան Ք. Ստեփանակերտ, 01.12.2020թ.»,- գրել է Բալասանյանը:
00:04 - 02 դեկտեմբերի, 2020
Վիտալի Բալասանյանը չի աջակցի երկրորդ փուլ անցած թեկնածուներից ոչ մեկին |panarmenian.net|

Վիտալի Բալասանյանը չի աջակցի երկրորդ փուլ անցած թեկնածուներից ոչ մեկին |panarmenian.net|

panarmenian.net: Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ուղերձ է հղել Արցախի քաղաքացիներին` հայտարարելով, որ ինքն ու իր թիմը երկրորդ փուլում չեն աջակցի թեկնածուներից ոչ մեկին։ Բալասանյանը նշել է, որ ինքը, որպես նախագահի թեկնածու, և «Արդարություն» կուսակցությունը շնորհակալություն են հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր «չտրվեցին փողի գայթակղությանը, անտեսեցին վարչական ռեսուրսի կիրառումը, ինչպես նաև չընկան արկածախնդրության և դրսից հրահրվող կասկածելի գործընթացների հորձանուտի մեջ՝ քվեարկելով հանուն անվտանգության և արդարության ապահովման»։ Բալասանյանը նշել է նաև, որ կարևորում է իրեն և «Արդարություն» կուսակցությանը տված ամեն մի քվեի արժեքը։ «Մեր ստացած հազարավոր ձայները պարտավորեցնող են։ Մենք ընտրություններին մասնակցում էինք «Հաղթանակը չի՛ վաճառվում» կարգախոսով։ Ես և իմ թիմը, սիրելի՛ արցախցիներ, հավաստիացնում ենք ձեզ, որ ձեր տված քվեին մենք տեր ենք կանգնելու և՛ որպես խորհրդարանական խմբակցություն, և՛ որպես քաղաքական դաշտում իր զգալի տեղն ունեցող քաղաքական ուժ։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին, քանզի նրանց հետ գաղափարական տարաձայնություններն ու տեսակային տարբերություններն ակնհայտ են։ Իմ անցած ուղին և մեզ քվե վստահած ընտրողի պատգամն այլ բան չեն էլ ենթադրում»,- ասվում է ուղերձում։
12:19 - 03 ապրիլի, 2020
Արցախում նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններ են. բացվել են տեղամասերը |armenpress.am|

Արցախում նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններ են. բացվել են տեղամասերը |armenpress.am|

armenpress.am:  Արցախի Հանրապետությունում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։ Մարտի 31-ի ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։ Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։ Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ.  1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն 2. «Միասնական հայրենիք» կուսակցություն  3. «Անկախության սերունդ» կուսակցություն  4. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն  5. Արցախի հեղափոխական կուսակցություն 6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք  7. Արցախի «Արդարություն» կուսակցություն 8. Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն 9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն 10. Արցախի Պահպանողական կուսակցություն 11. Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցություն 12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։
09:08 - 31 մարտի, 2020
Արցախում այսօր լռության օր է |news.am|

Արցախում այսօր լռության օր է |news.am|

news.am: Արցախում նախընտրական քարոզչության՝ օրենքով նախատեսված ժամանակն ավարտվել է։ Քվեարկության  նախորդող օրը թեկնածուները լուռ են, հանգստանում։ Մարտի 31-ի համապետական ընտրություններին մասնակցելու են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ եւ 2 կուսակցությունների դաշինքներ: Արցախի նախագահի հավակնորդների առաջատարներն են Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը եւ Վիտալի Բալասանյանը: Նախօրեին կայացել է հեռուստատեսային բանավեճ թեկնածուների միջեւ, որին չի մասնակցել Մասիս Մայիլյանը: Արցախի ԿԸՀ-ն սահմանել է Արցախի Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի ընտրությունների քվեաթերթիկների նմուշները. Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը կլինի վարդագույն, իսկ Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկը կունենա սպիտակ գույն՝ երկու գույնի հատուկ ջրաներկի պաշտպանմամբ: Մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունները լուսաբանելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են գրեթե 4 տասնյակ լրատվամիջոցների 200-ից ավելի ներկայացուցիչներ: Նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքից ելնելով, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի մամուլի ասուլիսը, որը նախատեսված էր քվեարկության օրվա նախօրեին՝ մարտի 30-ին, հավատարմագրված լրատվամիջոցների եւ դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կկազմակերպվի առցանց: Ասուլիսը կսկսվի մարտի 30-ին՝ ժամը 14:00-ին եւ ուղիղ կհեռարձակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջի միջոցով:
09:51 - 30 մարտի, 2020
Վիտալի Բալասանյանը, խախտելով զինծառայողների շրջանում օրենքով սահմանված կարգով քարոզչություն իրականացնելու պահանջները, բաժանել է քարոզչական բուկլետներ․ ԱՀ ՊՆ

Վիտալի Բալասանյանը, խախտելով զինծառայողների շրջանում օրենքով սահմանված կարգով քարոզչություն իրականացնելու պահանջները, բաժանել է քարոզչական բուկլետներ․ ԱՀ ՊՆ

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Ի պատասխան Արցախի Հանրապետության նախագահի թեկանածու Վիտալի Բալասանյանի ս. թ. մարտի 29-ի ֆեյսբուքյան գրառման, որում նշվում է, թե բանակի հրամանատարությունը խոչընդոտել է իր նախընտրական քարոզչության իրականացմանը բանակի ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատություններից մեկում (Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան)՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դեռ մարտի 5-ին հանդես է եկել հրապարակավ  հայտարարությամբ՝ կոչ անելով բոլորին ձեռնպահ մնալ օրենքով չնախատեսված քայլերով բանակը քաղաքական գործընթացներում ներգրավվելուց: Ավելին՝ բանակի հրամանատարի մի շարք որոշումներով և կարգադրություններով արգելվել է զինծառայողներին, նամանավանդ ծառայություն կրելու ընթացքում, մասնակիցը լինել այս կամ այն թեկնածուի օգտին տարվող նախընտրական գործընթացներին: Ուզում ենք հատուկ շեշտել, որ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը, խախտելով զինծառայողների շրջանում օրենքով սահմանված կարգով քարոզչություն իրականացնելու պահանջները, մոտեցել է ծառայողական պարտականությունների կատարման վայրում գտնվող պայմանագրային զինծառայողներին, բաժանել է քարոզչական բուկլետներ՝ միաժամանակ իրականացնելով նախընտրական քարոզչություն, ինչը վերոնշյալ անձնակազմին շեղել է իրենց ծառայողական պարտականությունները անթերի կատարելուց: Ելնելով կատարվածից, ինչպես նաև բանակում նոր տեսակի կրոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ ՊԲ հրամանատարի հրամանի պահանջները չկատարելու համար (քաղաքացիական անձանց հետ զինծառայողների շփումները բացառելը, ինչպես զորամասում, այնպես էլ զորամասին մերձակա տարածքներում) Պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բանակը ապաղաքականացված կառույց է, զերծ՝ որևէ քաղաքական կողմնորոշումից և, իչնչպես միշտ,  այսուհետ ևս պատվով կատարելու է իր հիմնական առաքելությունը, այն է՝ ապահովել Հայրենիքի սահմանների պաշտպանությունը  արտաքին թշնամուց: Իսկ ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին զինվորականության մասնակցությանը, ապա յուրաքանչյուր զինծառայող ազատ է իր ընտրության մեջ»:
16:40 - 29 մարտի, 2020
Մեզ անհրաժեշտ են ոչ թե հզոր ցնցումներ, այլ՝ հզոր Արցախ. Վիտալի Բալասանյանի ուղերձը՝ Արցախում կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու վերաբերյալ

Մեզ անհրաժեշտ են ոչ թե հզոր ցնցումներ, այլ՝ հզոր Արցախ. Վիտալի Բալասանյանի ուղերձը՝ Արցախում կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու վերաբերյալ

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն արցախցիներին ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ արցախցիներ Քույրեր և եղբայրներ Ինչպես գիտեք, մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով, հետևելով աշխարհի բազմաթիվ պետությունների օրինակին, արտակարգ դրություն հայտարարեց։ Այդ որոշումն ուշացած էր, բայց՝ ճիշտ։ Արցախն ու Հայաստանն իրարից մեկուսացած տարածքներ չեն: Մեր քաղաքացիներն ակտիվ շփման մեջ են։ Իհարկե, Արցախում առայժմ չկան հաստատված վիրուսակիրներ, սակայն, եթե մենք գործուն ջանքերի չդիմենք, ապա չենք կարող երաշխավորել, որ մեզ մոտ էլ այս վարակը չի տարածվի: Հենց դա է պատճառը, որ ես դեռևս տաս օր առաջ կոչ եմ արել երկրում հատուկ դրություն հայտարարել, իսկ երեկ երկրի նախագահին տրամադրել եմ իմ իրավաբանական թիմի կողմից կազմված տեղեկանք, որում ներկայացված են բավարար հիմքեր արտակարգ դրություն հայտարարելու իրավաչափ լինելու մասին, և այս առումով գործադիր և օրենսդիր իշխանություններն ունեն կոնկրետ գործառույթներ և պետք է հստակ որոշում կայացնեն։ Անցանկալի զարգացումների դեպքում հենց նրանք են կրելու ողջ պատասխանատվությունը։ Մյուս կողմից պատասխանատվության զգացում պետք է ունենան նաև այն շրջանակները, որոնք օտար ուժերի օժանդակությամբ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ և ապակայունացնել ներքաղաքական իրավիճակն Արցախում։Ես մեկ անգամ չէ, որ նշել եմ՝ եթե օտար ուժերի կողմից ուղղորդված խժդժություններ լինեն ու ցնցումներ հրահրվեն, ապա դրանից կարող է օգտվել մեր թշնամին, ինչն անթույլատրելի է։ Արցախը սովորական պետություն չէ։ Այն, ցավոք, դեռ միջազգայնորեն ճանաչված չէ և պատերազմի վտանգը միշտ առկա է: Ցանկացած ներքին ցնցում ավելացնելու է այդ ռիսկերը: Հարգելի՛ հայրենակիցներ Մեզ անհրաժեշտ են ոչ թե հզոր ցնցումներ, այլ՝ հզոր Արցախ:Համոզված եղեք, որ մենք միասին ու միակամ կերտելու ենք բոլորիս երազանքների պետությունը։ Հաղթանակը չի՛ վաճառվում»։
17:53 - 27 մարտի, 2020
Արցախի նախագահի 14 թեկնածուները և նրանց ունեցվածքը |civilnet.am|

Արցախի նախագահի 14 թեկնածուները և նրանց ունեցվածքը |civilnet.am|

civilnet.am: Մարտի 31-ին կայանալիք Արցախի նախագահական (միաժամանակ՝ խորհրդարանական) ընտրություններում գրանցված 14 թեկնածուները սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել գույքի և եկամուտների մասին հայտարարագրեր: Քրիստին Բալայանը քվեաթերթիկում թիվ 1-ն է: Հայաստանի և Արցախի պատմության մեջ նա առաջին կին թեկնածուն է, որը հայտարարեց և որպես թեկնածու մասնակցում է նախագահական ընտրություններին: 41-ամյա Քրիստինը ծնվել է Բաքվում, ամուսնացած է, չի աշխատում: Ստեփանակերտում ունի 59 քառակուսի մետր տարածքով բնակարան, ինչպես նաև՝ 100 հազար դրամ և 200-ական դոլար ու եվրո գումար խնայողություն:  Նախագահի թեկնածուներից ևս մեկը կին է՝ Բելլա Լալայանը: Քվեաթերթիկում նա 5-րդն է: 52-ամյա Լալայանը բնակվում է Ստեփանակերտում, ամուսնալուծված է, չի աշխատում: Ունի 40 քառակուսի մետր ոչ բնակելի տարածք, 1 450 քառակուսի մետր հողատարածք, 2004թ․ արտադրության Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենա: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը քվեաթերթիկում 2-րդն է: Նախորդ՝ 2012թ. նախագահական ընտրություններում, նա ստացել է քվեների մոտ մեկ երրորդը և զբաղեցրել երկրորդ տեղը գործող նախագահ Բակո Սահակյանից հետո: 61-ամյա Բալասանյանը բնակվում է Ասկերան քաղաքում, ամուսնացած է, չի աշխատում: Նա Ասկերանում 540 մետր տարածքով տան համասեփականատեր է, ունի 2 միլիոն դրամ խնայողություն: Սերգեյ Ամիրյանը քվեաթերթիկում 3-րդն է: 42-ամյա Ամիրյանը բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: Ստեփանակերտում ունի կիսակառույց, 257 քառակուսի մետր տարածքով առանձնատուն, 2005թ․ արտադրության ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենա, 10 միլիոն դրամ խնայողություն: Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 46-ամյա Դավիթ Բաբայանը քվեաթերթիկում 4-րդն է: Բնակվում է Ստեփանակերտում, երկու երեխաների հայր է: Ունի 63 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, 92 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, որպես համասեփականատեր, երկու հողամաս Ստեփանակերտում՝ համապատասխանաբար 60 և 328 քառակուսի մետր, 48 քառակուսի մետր տարածքով բնակարան Երևանում, 75,5 քառակուսի մետր տարածքով նկուղային տարածք Ստեփանակերտում: Որպես ավանդ Արցախբանկում ունի 18,3 միլիոն դրամ և 4 000 դոլար ավանդ Ամերիաբանկում:  Նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը քվեաթերթիկում 6-րդն է: 46-ամյա Հարությունյանը ամուսնացած է, ունի 68 քառակուսի մետր տարածքով բնակարան, 68,5 քառակուսի մետր տարածքով արտադրամաս, 48,5 քառակուսի մետր տարածքով գրասենյակ, 120 քառակուսի մետր տարածքով հողամաս, բոլորը՝ Ստեփանակերտում, 136 քառակուսի մետր տարածքով վարձակալված հող Ուղտասար համայնքում և 30 հեկտար վարձակալված հող Վարդաձոր համայնքում: Հարությունյանը ունի 2013թ․ արտադրության Nisan Leaf մակնիշի ավտոմեքենա, 96 միլիոն դրամ խնայողություն: Գյուղատնտեսությունից որպես եկամուտ նա ստացել է մոտ 45 միլիոն դրամ:  Արցախի ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը քվեաթերթիկում 7-րդն է: Ծնվել է Իջևանում, գրանցված է և բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: 35-ամյա Խանումյանը 61 քառակուսի մետր տարածքով բնակարանի համասեփականատեր է Ստեփանակերտում, ունի 200 հազար դրամ խնայողություն:  ՀՅԴ-ն ներկայացնող Դավիթ Իշխանյանը քվեաթերթիկում 8-րդն է: 51-ամյա Իշխանյանը ԱԺ պատգամավոր է, բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: Ունի 152 քառակուսի մետր տարածքով սեփական տուն և 1 200 քառակուսի մետր հողամաս Մարտունու Աշան գյուղում, 172 քառակուսի մետր տարածքով բնակարան, կես հեկտար հող, 33 քառակուսի մետր տարածքով ավտոտնակ Ստեփանակերտում, համատեղ սեփականությամբ 3,5 հեկտար հող Աշան գյուղում և 1,8 հեկտար սեփական հողամաս Ստեփանակերտում, 180 քառակուսի մետր տարածքով անասնաֆերմա Աշանում, 2000թ․ արտադրության Honda-CRV ավտոմեքենա, 1992թ․ արտադրության Нива-ВА32121 ավտոմեքենա: Ունի 5 միլիոն դրամ և 8 000 դոլար խնայողություն:  «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, Հադրութ ալրաղաց ՍՊԸ-ի տնօրեն, 51-ամյա Վահան Բադասյանը քվեաթերթիկում 9-րդն է: Ունի բնակարան Հադրութում՝ 140 քառակուսի մետր և 200 քառակուսի մետր հողամաս, բնակարան Խանձաձոր գյուղում՝ 120 քառակուսի մետր և 1500 քառակուսի մետր հողամաս, Հադրութի շրջանում ալրաղաց՝ 2 800 քառակուսի մետր տարածքով և 1,5 հեկտար հող: Բադասյանը ունի 2004 և 2006 թվականների արտադրության երկու Տոյոտա, 1999թ. բեռնատար Ֆորդ, 1989թ. Կամազ-քարշակ, 43 միլիոն դրամ արժողությամբ հատիկահնձիչ կոմբայն, ալրաղացի սարքավորումներ, հացաթխման սարքեր, տրակտորներ, գործարարությունից ստացել է 25 միլիոն դրամ շահույթ, ինչպես նաև ունի 4,8 միլիոն դրամ խնայողություն:  Արտգործնախարար Մասիս Մայիլյանը 2007թ. մասնակցել է նախագահական ընտրություններին, ստացել քվեների մոտ 12 տոկոսը, զբաղեցրել երկրորդ հորիզոնականը գործող նախագահ Բակո Սահակյանից հետ: 52-ամյա Մայիլյանը քվեաթերթիկում 10-րդն է: Ամուսնացած է, ունի 130 քառակուսի մետր տարածքով բնակարան և 1 150 քառակուսի մետր հողամաս Ստեփանակերտում, 1977թ. արտադրության ՈՒԱԶ 469 B և 2004թ․ արտադրության «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև՝ 9 միլիոն դրամ խնայողություն:  Ազգային ժողովի նախագահ, 54-ամյա Աշոտ Ղուլյանը քվեաթերթիկում 11-րդն է: Ամուսնացած է, ունի 76 քառակուսի մետր տարածքով համատեղ սեփականությամբ բնակարան Ստեփանակերտում և շուրջ 1,1 միլիոն դրամ խնայողություն:  Ազգային ժողովի անկախ պատգամավոր, 58-ամյա Ռուսլան Իսրայելյանը քվեաթերթիկում 12-րդն է: Ամուսնացած է, ունի 256 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, 250 քառակուսի մետր տարածքով առևտրի սրահ, ավտոտնակ և ավտոկայանատեղ, 4 միավոր հողամաս Ստեփանակերտում, 2013 թվականի արտադրության Մերսեդես ավտոմեքենա, 100 տոկոսանոց բաժնետեր է երեք ընկերություններում և մեկ այլ ընկերությունում՝ 20 տոկոս: Ունի 35 միլիոն դրամ, 20 հազար դոլար և 200 հազար ռուսական ռուբլի խնայողություն: Վեց տարբեր ընկերություններից ստացել է շուրջ 66 միլիոն դրամ եկամուտ: Շարունակությունը՝ civilnet.am-ում
14:43 - 09 մարտի, 2020
«Ընտրություն՝ հանուն Արցախի, ընտրություն՝ հանուն հաղթանակի». մեկնարկել է Վիտալի Բալասանյանի նախընտրական քարոզարշավը

«Ընտրություն՝ հանուն Արցախի, ընտրություն՝ հանուն հաղթանակի». մեկնարկել է Վիտալի Բալասանյանի նախընտրական քարոզարշավը

Արցախի Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցությունը փետրվարի 26-ին, Ստեփանակերտի «Մենք ենք մեր լեռները» (Տատիկ Պապիկ) հուշակոթողի մոտ մեկնարկեցին նախընտրական քարոզարշավը։ Հանդիսավոր այս արարողությանը մասնակցում էին բազմաթիվ ընտրողներ, որոնց շարքերում՝ շատ երիտասարդներ։ Այս մասին տեղեկացնում է Վիտալի Բալասանյանի գրասենյակը: «Մարտի 31-ն արցախցիների համար կարեւորագույն օր է՝ նախորդ շրջանին գնահատականներ տալու և երկրի զարգացման հետագա նոր ուղենիշները սահմանելու համար: Ողջունելով հավաքվածներին՝ Վ. Բալասանյանը մասնավորապես նշել է. «Անարդարության մթնոլորտը և սոցիալական բևեռացումը հասարակությունում առաջացրել են հիասթափություն և հոռետեսություն, ինչը դրդում է մեր հայրենակիցներին հեռանալ երկրից: Այս վիճակն անընդունելի է և պահանջում է փոփոխություններ»: Ինքը պատրաստ է համախմբելու բոլոր առողջ ուժերին՝ իրականացնելու «բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ մշակված ծրագրերը՝ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու համար»»: Քարոզարշավի առաջիկա օրերին Բալասանյանն առիթ կունենա ընտրողներին մանրամասն ներկայացնել Արցախի անվտանգության համակարգի արդյունավետության բարձրացման, գործարար գրավիչ միջավայրի ու աշխատատեղերի ստեղծման, կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ պայքարի, արցախցիների սոցիալական բարեկեցության իր թիմի ծրագրերը։ «Փառահեղ հաղթանակներին զուգընթաց, չկարողացանք կյանքի կոչել նույնանման հաղթանակներ մեր թիկունքում, այն է` սոցիալական արդարության, տնտեսության, կրթության, առողջապահության, գյուղական համայնքների շենացման, Արցախի հանրապետության ողջ տարածքի համաչափ զարգացման, երիտասարդության ամբողջ ներուժի օգտագործման և այլ հարցերում,- ասել է Բալասանյանն՝ ընդգծելով,- Մենք տեր ենք կանգնելու մեր հաղթանակին, թույլ չենք տալու մեր ժողովրդի պառակտում և ապահովելու ենք բարեկեցիկ կյանք։ Սուրը պատյանից հանելու առիթ թող չլին, իսկ Խաչն էլ մեզ առաջնորդող»։
12:15 - 27 փետրվարի, 2020
Վիտալի Բալասանյանը հայտարարել է «Հանուն Արցախի» համազգային շարժման մեկնարկի մասին |news.am|

Վիտալի Բալասանյանը հայտարարել է «Հանուն Արցախի» համազգային շարժման մեկնարկի մասին |news.am|

news.am։ Արցախի ազգային անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կարեւորությանը:Նրա հայտարարությունում, մասնավորապես ասվում է.«Այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ – ՍՓՅՈՒՌՔ եռամիասնության ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր դիմակայել մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին, հետամուտ լինել Միացյալ եւ հզոր Հայաստանի ստեղծմանը:Հազարամյակների ընթացքում մեր ժողովուրդը հաճախ է պարտադրված եղել ցուցադրել ապրելու, հարատեւելու իր իրավունքն ու կենսունակությունը, արժանապատվությամբ անցնել անկանխատեսելի փորձությունների քուրայով, որպեսզի այսօր աշխարհին կարողանանք ներկայանալ ավելի թրծված ու բյուրեղացած:Միջազգային հանրության աչալուրջ հայացքի ներքո, 2016 թվականի ապրիլին, երբ նորից հայտնվեցինք փորձության շեմին, ՀԱՅԱՍՏԱՆ- ԱՐՑԱԽ - ՍՓՅՈՒՌՔ եռամիասնությունը հերթական անգամ աշխարհին ապացուցեց իր ամրակայությունն ու հաստատակամությունը:Այսօր ես ներքին անհանգստությամբ եմ արձանագրում, որ ոչ բոլոր հասարակական-քաղաքական ուժերը, հեղինակություն վայելող անհատներն են գիտակցում հայկական պետականության շուրջ ստեղծված իրավիճակի լրջությունն ու դրանից բխող վտանգավոր հետեւանքները: Որոշ խմբեր եւ քաղաքական ուժեր, շահարկելով մարդկանց հայրենասիրական զգացմունքները, առաջ են քաշում ժամանակավրեպ լոզունգներ՝ քողարկելով շահադիտական իրենց նպատակները, ինչը ես որակում եմ որպես անհանդուրժելի, հայության նպատակների տառին ու ոգուն անհարիր, ապազգային վտանգավոր երեւույթ: Համոզված եմ, որ օրվա հրամայականն է ուղիներ որոնել մեր ազգի հնարավորությունները լիարժեք եւ նպատակային օգտագործելու համար:Նկատի ունենալով այս ամենը, ես որոշում եմ կայացրել հանդես գալ նախաձեռնությամբ եւ հայտարարում եմ«ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ» համազգային շարժման մեկնարկի մասին, որի նպատակն է Միացյալ եւ Հզոր Հայաստանի ստեղծումը՝ հետեւյալ խնդիրների լուծմամբ.-Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում.-Հայաստանի եւ Արցախի անվտանգության ամրապնդում.-Սփյուռքի հետ համագործակցության սերտացում եւ ազգային արժեքների պահպանություն:Շարժմանը կարող են միանալ հասարակական, քաղաքական, մարդասիրական եւ այլ կազմակերպություններ ու անհատներ:Սիրելի հայրենակիցներ, միանալով «ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ» համազգային շարժմանը, Ձեր ազգանվեր գաղափարներով ու առաջարկներով Դուք գործուն մասնակցություն կունենաք մեր գերնպատակի իրագործմանը»:
06:59 - 31 մայիսի, 2019
Ոստիկաններն ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով փորձել են զննել Վիտալի Բալասանյանի մեքենան |tert.am|

Ոստիկաններն ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով փորձել են զննել Վիտալի Բալասանյանի մեքենան |tert.am|

tert.am: Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Երևան եկող՝ ԱՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան ապօրինի զենք լինելու կասկածով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ով այս պահին դեպքի վայրում է՝ Վիտալի Բալասանյանի մոտ: «Մեքենան ցանկանում էին խուզարկել, սակայն որևէ փաստաթուղթ կամ թույլտվություն չունեին, դրա համար Բալասանյանը չի թույլատրել խուզարկել, և սպասում ենք, մինչև թույլտվությունը կբերեն խուզարկելու»,-ասաց նա:Հրանտ Մելիք-Շահնազարյանը տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունենում «Հարսնաքար» ռեստորանային ճանապարհի մոտ: Վիտալի Բալասանյանը ևս տեղեկացրեց, որ մի կես ժամ է՝ սպասում են: «Ոստիկանները ասել են, որ ինֆորմացիա ունենք, որ ապօրինի զենք ու զինամթերք կա, սպասում ենք համապատասխան գրությանը, ովքեր են հանձնել ինչի համար, որ խուզարկեն»,-ասաց նա:Ոստիկանները փորձեցին բանակցել Վիտալի Բալասանյանի հետ, որպեսզի վերջինս թույլ տա զննել մեքենան, սակայն նա չհամաձայնեց:Դեպքի վայր ժամանեց նաև «Հանրապետական» կուսակցության անդամ Դավիթ Շահնազարյանը, ով կոչ արեց ամեն ինչ օրենքով անել: «Զննությունը անօրինական է, գնացեք դատարանի որոշում բերեք»,-ասաց նա:
20:05 - 19 մայիսի, 2019
Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը |artsakhpress.am|

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը |artsakhpress.am|

Արցախպրես։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հանրապետության համայնքներում իր կողմից անցկացվող բոլոր հանդիպումներում անընդհատ խոսում է տարածքային զիջումների և Արցախը մանդատային ինչ-որ անհեթեթ տարածքի վերածելու մասին:Այս մասին ասել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ պարզաբանելով, որ, Ս. Բաբայանի առաջարկով, բացի Քաշաթաղից, որն ընդգրկում է ոչ թե ներկայիս, այլ նախկին Լաչինի շրջանը և Քարվաճառից, մյուս հինգ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Իսկ Արցախը պետք է դառնա որևէ երկրի հովանու ներքո մանդատային տարածք, այն դեպքում, որ հենց Սամվել Բաբայանի կողմից նշվող բոլոր օրինակները, մասնավորապես Պաղեստինի, որտեղ տեղի ունեցող բախումների մասին գրեթե ամեն օր հայտնում է միջազգային մամուլը և այլն, բացի կորուստներից որևէ աննշան հաջողություն չեն ունեցել: «Ժամանակին, երբ Սամվել Բաբայանին Արկադի Ղուկասյանի կողմից ներում շնորհվեց, ու նա տեղափոխվեց Երևան և սկսեց մասնակցել քաղաքական գործընթացների, շատ ակտիվ խոսում էր 5+1+1 բանաձևի մասին և պնդում, որ բացի Լաչինից և Քարվաճառից, մնացած հինգ շրջանները վիճարկելի տարածքներ են: Այսօր նա կրկին հաստատում է այդ հրեշավոր թեզը՝ փորձելով ժողովրդի մեջ առաջացնել վախի և անվստահության մթնոլորտ սեփական ուժերի նկատմամբ»,- ասել է Վ. Բալասանյանը: ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված վիճարկելի տարածքներ չկան և ամոթ է, երբ հաղթանակած բանակի հրամանատարը գիշեր ու զօր քարոզչություն է տանում թշնամու բանակի ամենազորության և մեր բանակի տկարության մասին: «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չկա այդպիսի բան, և սրանք խոսքեր են մի մարդու, ով ուղղակի չի տիրապետում հայկական զինուժի հզոր արսենալին: Դրանում մենք համոզվեցինք նաև ապրիլյան պատերազմին նրա կողմից տրված թյուր գնահատականից: Ասեմ ավելին, եթե թշնամին վստահ եղավ, որ իր այդ երևակայական զենք-զինամթերքով, որի մասին այդքան վախեցած խոսում է Սամվել Բաբայանը, կարող է մեզ հաղթել, վաղուց դա արած կլիներ: Ոչ ոքի, առավել ևս Արցախի հերոսի բարձագույն կոչումը կրող մարդուն, վայել չէ այդօրինակ նահանջող պահվածքը, այդ թվում՝ կեղծ տեղեկությունների տարածումը, թե իբր բանակցությունների ժամանակ Արցախի իշխանությունները խոսում են հողերը զիջելու մասին և այլն: Նախ Արցախի իշխանությունները բանակցային գործընթացին չեն մասնակցում, երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթաց, որպես այդպիսին, արդեն մի քանի տարի է՝ գոյություն չունի: Եվ այս թեման անընդհատ շահարկել ու արդարացնել սեփական զիջողական կեցվածքը, թե իբր ինքը ավելի քիչ է հանձնելու, որևէ առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- ընդգծել է Բալասանյանը:
08:32 - 17 մայիսի, 2019