Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։   Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ և բուք է) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։   Ջերմուկ քաղաքում, Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում, Ելփինի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Բավրա, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:13 - 23 դեկտեմբերի, 2023
Վարդան Ղուկասյանի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ, հարազատների ներգրավմամբ փողերի լվացում կատարելու բազմադրվագ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վարդան Ղուկասյանի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ, հարազատների ներգրավմամբ փողերի լվացում կատարելու բազմադրվագ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Գյումրու համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով Գյումրի համայնքում գտնվող երկու տասնյակից ավելի անշարժ գույք օտարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Վ․ Ղուկասյանը, 1999 թ․ նոյեմբերից մինչև 2012 թ․ հոկտեմբերը հանդիսանալով Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, մի շարք պաշտոնատար անձանց օժանդակությամբ, 2006-2011 թթ․ ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ոչ ենթակա՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, տարբեր հասցեներում գտնվող 24 անշարժ գույք, այդ թվում՝ ընդհանուր օգտագործման կանաչ գոտի (զբոսայգի) հանդիսացող քաղաքային զբոսայգու հողամասեր՝ տվյալ ժամանակ գնահատված ընդհանուր 35.690.403 ՀՀ դրամ կադաստրային արժեքով։ Հիշյալ անշարժ գույքերն օտարվելուց հետո կեղծ բովանդակությամբ տեղեկանքներ են ներկայացվել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանում, և դրանց հիման վրա հիշյալ անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է տարբեր ՍՊԸ-ների և անձանց սեփականության իրավունքը։ Բացի այդ, ձևական առուվաճառքի և անհատույց օգտագործման պայմանագրեր կնքելու, նվիրատվություններ կատարելու եղանակով օրինական ճանապարհով գույքի ձեռքբերման պատրանք ստեղծելու, այդ կերպ՝ իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից խուսափելուն օժանդակելու հարցերի շուրջ նախնական համաձայնության գալով մի շարք անձանց, այդ թվում՝ եղբոր և որդու հետ, Գյումրի համայնքից հանցավոր եղանակով ստացված գույքի ծագման աղբյուրը խեղաթյուրելու, պատկանելիությունը թաքցնելու նպատակով, օրինականացրել է վերը նշված հանցավոր ճանապարհով ստացված անշարժ գույքերից 4-ը՝ 16.060.815 ՀՀ դրամ կադաստրային արժեքով: Մասնավորապես, Վարդան Ղուկասյանի մտերմների միջև կնքվել են անշարժ գույքն օտարելու վերաբերյալ ձևական առուվաճառքի պայմանագրեր, որոնց հիմքով գույքերի նկատմամբ գրանցվել է նրանց սեփականության իրավունքը։ Այնուհետև հիշյալ գույքերն անհատույց օգտագործման նպատակով Վ.Ղուկասյանին հանձնելու վերաբերյալ կնքված պայմանագրերի հիմքով կատարվել է պետական գրանցում, իսկ դրանից հետո կնքված նվիրատվության պայմանագրերի համաձայն՝ գույքերը նվիրվել են Վ․ Ղուկասյանի որդուն կամ եղբորը։ Այդ հիմքով կատարվել են պետական գրանցումներ, տրամադրվել են վկայականներ։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գյումրու համայնքի նախկին ղեկավար Վ․ Ղուկասյանին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական կեղծիք կատարելու (24 դրվագ), պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (26 դրվագ), հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) (4 դրվագ) համար։ Վերջինիս եղբորը, որդուն և երկու մտերիմներին մեղադրանք է ներկայացվել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) համար։ Քրեական վարույթով համայնքապետարանի նախկին պաշտոնատար 5 անձանց նկատմամբ, ոչ արդարացնող՝ վաղեմությունն անցնելու հիմքերով քրեական հետապնդումները դադարեցվել են։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։ Արգելանքներ են կիրառվել առերևույթ հանցավոր ճանապարհով օտարված գույքերի վրա: Վ․ Ղուկասյանի մտերիմներից մեկի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և այդ հիմքով նախաքննությունը կասեցվել է»,- նշված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:34 - 18 դեկտեմբերի, 2023
Գյումրիի նոր փոխքաղաքապետեր նշանակելու հարցը քննարկման փուլում է
 |armenpress.am|

Գյումրիի նոր փոխքաղաքապետեր նշանակելու հարցը քննարկման փուլում է |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Գյումրիի քաղաքապետի տեղակալների պաշտոններից հրաժարվելուց հետո նոր փոխքաղաքապետերի նշանակման հարցը դեռ քննարկման փուլում է․ այդ պաշտոններում թեկնածուների անուններ դեռ չեն շոշափվում։ Դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը: «Այս պահին պաշտոնները թափուր են ու ողջ աշխատանքն իմ ուսերին է»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարությունից հետո «Բալասանյան դաշինքի» օրակարգում չկա Գյումրիի ավագանու այլ խմբակցության հետ միանալու և կոալիցիա կազմելու հարցը։Խոսելով իր հրաժարականի լուրերի մասին՝ քաղաքապետը նշեց, որ իր ընտրողներն են տվել քվեն ու միայն նրանք կարող են այն հետ վերցնել: Սամսոնյանը վստահեցրեց, որ իր վրա այդ հարցով ճնշումներ չեն գործադրվում։ «Մեն տրամադրված ենք աշխատելու ու էլ ավելի շատ ենք աշխատելու»,- ասաց Վարդգես Սամսոնյանը։ Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Գյումրիում միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ 2021թ․ հոկտեմբերի 30-ին ստորագրած «Համագործակցության մասին» հուշագիրը: Հայտարարությունից հետո հրաժարական տվեցին Գյումրու երկու փոխքաղաքապետերը, որոնք ՔՊ-ի ներկայացուցիչներ էին:
17:04 - 13 դեկտեմբերի, 2023
102-րդ բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում անձ է ձերբակալել. Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ՀՔԱՎ դիմումին
 |factor.am|

102-րդ բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում անձ է ձերբակալել. Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ՀՔԱՎ դիմումին |factor.am|

factor.am: Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «Հելսինկյան ասաբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության դիմումին։ Այս մասին FactorTV-ին հայտնեցին Դատախազությունից։ 2023 թվականի դեկտեմբերի 8-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգ էր ստացել, որ ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովը 2023 թվականի դեկտեմբերի 6 կամ 7-ին ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ձերբակալվել է 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ռուսական ռազմական բազայի տարածք։ Ըստ ՀՔԱՎ-ի՝ Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովի նկատմամբ հարուցված է քրեական գործ ՌԴ 519 ռազմաքննչական բաժնի կողմից՝ ՌԴ-ի քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մասով, որի հիման վրա նա ենթարկվել է կալանավորման 27 օրով և պահվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։ «ՀՀ տարածքում անձի անձնական ազատությունը կարող է սահմանափակվել միայն ՀՀ իրավապահ մարմինների կողմից, իսկ ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները չունեն որևէ իրավասություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ ՀՀ տարածքում, որոնք ոտնձգություն են ՀՀ-ի ինքնիշխանության և իրավական համակարգի հանդեպ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատապարտում է Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ ռազմական ոստիկանության կողմից ՀՀ փաստացի իրավական պաշտպանության ներքո գտնվող անձի առևանգումը և նրա նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը»,- նշվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։ ՀՔԱՎ-ը հայտարարությանը կից պահանջ էր ներկայացրել ՀՀ կառավարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանը և այլ իրավապահ մարմիններից՝ գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովին ՀՀ իրավական պաշտպանության ներքո վերադարձնելու և քրեական հետապնդման վարույթ հարուցելու ՌԴ ռազմական ոստիկանության ապօրինի գործողությունների հիմքով, որպեսզի կասեցվի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովի հնարավոր տեղափոխումը ՀՀ տարածքից դուրս։
17:26 - 11 դեկտեմբերի, 2023
Գյումրու մաքսակետում կայանման թանկացումը հիմնավորված չէ. պատգամավորները դժգոհ են |armeniasputnik.am|

Գյումրու մաքսակետում կայանման թանկացումը հիմնավորված չէ. պատգամավորները դժգոհ են |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ ԱԺ պատգամավորները մաքսային մարմին կողմից տրանսպորտային միջոցների կայանման համար դրույքաչափերը միջինում 3 անգամ թանկացնելը հիմնավորված չեն համարում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագծով առաջարկվում է ավտոտրասնպորտային միջոցների համար դրույքաչափերը վերանայել՝ մարդատար ավտոմեքենայի համար գանձել 5000 դրամ գործող 1600 դրամի փոխարեն։ Նշվում է, որ նախատեսվում է սահմանել ավելի բարձր դրույքաչափ, որպեսզի ավտոներկրողները տարածքները որպես ուղղակի կայանման վայր չօգտագործեն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նշեց, որ հակասություններ կան նախագծում։ «Դուք ասում եք, թե օրական 500 մեքենա հնարավոր է սպասարկել, մաքսային ծառայությունն էլ իր աշխատանքը պատշաճ կատարում է, այդ դեպքում մեքենաների պահպանման տուրքն ինչո՞ւ է բարձրացվում։ Դրա պատճառով շատանալու են այն անձինք, որոնք կցանկանան արագ մաքսազերծում անել։ Ինքներդ ձեզ հակասում եք, եթե ձեր նպատակը ֆիսկալ չէ։ Ավտոներկրողների համար ֆինանսական բեռն ավելացնում եք, բայց պատճառը չհիմնավորված է։ Գյումրու մաքսակետից 1,5 մլրդ ավելի փող եք ուզում ստանալ, «ստայանկի» գնի թանկացումը հիմնավորված չէ»,– նշեց Մինասյանը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ի պատասխան շեշտեց, որ այսօր մինչև 160 մեքենա է գալիս Հայաստան, բայց 130-ն է ներկայացվում մաքսազերծման, ինչից էլ կուտակումներ են առաջանում։ Փոխնախարարի խոսքով՝ հնարավորություն կա 500 մեքենա սպասարկելու, բայց դիմողները չեն գալիս, հետևաբար իր ասածն ու նախագիծը միմյանց չեն հակասում։ Մանուկյանը նաև նշեց, որ այժմ Գյումրու մաքսատանը, որը նախատեսված է 2300 մեքենայի համար, մոտ 1300 մեքենա կա։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն էլ հետաքրքրվեց՝ եթե Գյումրու մաքսայինում հերթ չկա, ապա մեքենաների կայանման գինն ինչու են 1600 դրամից նախատեսում դարձնել 5000 դրամ։ «Ձեզ մոտ հերթեր են գոյանում, որովհետև դուք չեք կարողանում ժամանակին սպասարկել։ Ձեր գործը լավ չեք անում, ավտոներկրողներն էլ ստիպված օրական 5000 դրամ պետք է վճարեն»,– ասաց Ավետիսյանը։ Քննադատությանն արձագանքելով՝ Մանուկյանը նշեց, որ այսօր Գյումրու մաքսատանը հերթեր չկան, սպասարկումն իրականացվում է պատշաճ կերպով՝ չնայած հոսքի ավելացմանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ ընդգծեց, որ շատ վատ և ժամանակավրեպ օրենք է։ «Այսօր մոտ 50%–ով է ծանրաբեռնված այդ կայանատեղին, հետևաբար խնդիր չկա։ Թաքուն կարելի է մտածել, քանի որ կիսով չափ է ծանրաբեռնված, ուզում եք 1600 դրամը դարձնել 5000 դրամ, որպեսզի լիքը եղած ժամանակվա գումարը լրացնեք։ Կոչ եմ անում հնարավորինս լավարկել այս օրինագիծը»,– ասաց Աղազարյանը։ ՔՊ–ական պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ ընդգծեց, որ մեքենա ներկրող, սակայն չմաքսազերծող քաղաքացիները դրանք սեփական օգտագործման համար չեն բերում, այլ վերավաճառելու։ Հնարավոր է նաև, որ ներկրողը մեքենան սեփական օգտագործման համար է բերել, բայց այդ պահին մաքսազերծելու համար գումար չունի։ Նա առաջարկեց ավելի մեղմացուցիչ դրույթներ սահմանել՝ ավելի երկար ժամանակով թույլ տալ, որ մեքենաները կայանեն անվճար կամ վերանայեն տուրքի չափը։ Նախագծում նշվում է, որ առաջարկվող փոփոխությունների շնորհիվ տարածքների առումով խնդիրները կպակասեն, մաքսային մարմինների կողմից վարչարարության արդյունավետությունն էլ կբարձրանա։ Մաքսակետում կայանելու սակագներն այժմ ավելի ցածր են, քան մոտակա կայանատեղիներում, այդ պատճառով էլ մարդիկ չեն շտապում դուրս բերել մեքենաները:
12:22 - 11 դեկտեմբերի, 2023
Շուրջ 2 տասնյակ ուսանողներից կաշառք ստանալու համար մեղադրվող՝ Շիրակի համալսարանի ամբիոնի վարիչի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Շուրջ 2 տասնյակ ուսանողներից կաշառք ստանալու համար մեղադրվող՝ Շիրակի համալսարանի ամբիոնի վարիչի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Մ.-ն, 2022 թվականի օգոստոսի 23-ից հանդիսանալով «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2022-2023 թվականներին մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից որպես կաշառք ստացել է ընդհանուր ավելի քան 900 հազար ՀՀ դրամ: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված համալսարանի երեք ուսանողների մագիստրոսական թեզը գրելու, ինչպես նաև հետագա նախապաշտպանությունը բարեհաջող անցկացնելու համար Ա. Մ.-ն նրանցից պահանջել և ստացել է ընդհանուր  450․000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո հիշյալ ուսանողները մագիստրոսական թեզը հանձնել և ստացել են բարձր միավորներ:  Բացի այդ, Ա. Մ.-ն, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նույն համալսարանի մի շարք այլ ուսանողների՝ 2022-2023 թվականների ուսումնական կիսամյակի քննությունները դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց  դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար նրանցից յուրաքանչուրից ստացել է 20.000-ական, ընդհանուր՝ 340.000 ՀՀ դրամ կաշառք: Քրեական վարույթով հիմնավորվել է նաև, որ ևս երկու ուսանողի կուրսային աշխատանքներն ու վերահանձնման ենթակա առարկաների քննությունները դրական գնահատելու համար Ա. Մ.-ն նրանցից որպես կաշառք պահանջել և ստացել է 60.000-ական ՀՀ դրամ: 19 ուսանողից տարբեր չափերի կաշառք պահանջելու և ստանալու համար Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք: Ա. Մ.-ին կաշառք տված ուսանողների նկատմամբ էլ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել՝ գործուն զղջալու հիմքով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
18:37 - 10 նոյեմբերի, 2023
Գյումրիում շունը հարձակվել է 74 տարեկան կնոջ վրա
 |armenpress.am|

Գյումրիում շունը հարձակվել է 74 տարեկան կնոջ վրա |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում շունը հարձակվել է 74-ամյա Ցողիկ Գրիգորյանի վրա։ Կինը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին՝ Գյումրու Անի թաղամասում, Պ.Սեւակի փողոցում գտնվող ոստիկանության շենքի հարեւանությամբ։ Ներկայացնելով տարեց կնոջ վիճակը՝ նրա թոռնուհին՝ Ասպրամ Գրիգորյանը տեղեկացրեց, որ  կինն ունի  ակնափոսի կոտրվածք ու խորը բաց վերքեր։ Կինը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ «Բժիշկների հսկողության տակ է հիմա, վիճակը դեռ պարզ չէ՝ կոտրված է ակնափոսը․ եթե թարախակալվի, այսօր կամ վաղը վիրահատելու են, իսկ դա կնշանակի ոսկորի հեռացում։ Ճիշտ է, գիտակցություն ունի, բայց ցավերը շատ են, այլ վնասվածքներ ևս ունի»,- պատմեց կնոջ թոռնուհին՝ տեղեկացնելով, որ մի քանի ամիս առաջ էլ նույն թաղամասում շները իր տատիկի ոտքն էին վնասել։ «Ուզում եմ այնպես անել, որ ի վերջո քաղաքապետարանը իմանա ինչ է կատարվում ու սկսի զբաղվել այս հարցով»,-հավելեց Ասպրամ Գրիգորյանը:
11:27 - 04 նոյեմբերի, 2023
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային նոր կենտրոնի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային նոր կենտրոնի բացման արարողությանը

Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնն այսուհետ նոր շենքային պայմաններում մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի շուրջ 55 հազար շահառուի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում այսօր մասնակցել է նոր կենտրոնի բացման արարողությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել է կառույցում, ծանոթացել շենքային պայմաններին, ծառայությունների մատուցման հնարավորություններին։ Կենտրոնի հիմնումը, որի համար ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է շուրջ 392 մլն դրամ, բնակիչներին հնարավորություն կտա մեկ հարկի ներքո օգտվել զբաղվածության, սոցիալական ապահովության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից։ Տարածքային կենտրոնի շինաշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի փետրվար ամսից։
10:03 - 07 սեպտեմբերի, 2023
Գործարկվել է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը, ուղևորության տևողությունը՝ 1 ժամ 32 րոպե

Գործարկվել է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը, ուղևորության տևողությունը՝ 1 ժամ 32 րոպե

Այսօրվանից գործարկվեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզի աշխատակազմից: Նորաբաց ուղերթի առաջին ուղևորների թվում են եղել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ Նրանց Վանաձորի կայարանում դիմավորել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, պաշտոնատար այլ անձինք։ «Ուրախալի է, որ 13 տարի ընդմիջումից հետո համատեղ քննարկումներից հետո գործարկվեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի երթուղին, այն, կարծում եմ՝ կարևոր է թե՛ Շիրակի, թե՛ Լոռու մարզի բնակիչների համար։ Լիահույս եմ՝ «Հարավկովկասյան երկաթուղին» միջոցներ կձեռնարկի գնացքների արդիականացման, ուղևորությունների հարմարավետության բարձրացման համար»,- նշել է Շիրակի մարզպետը։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական գործարկվող ուղերթը կաշխատի ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից։ Գյումրիից Վանաձոր ուղևորության տևողությունը 1 ժամ 32 րոպե է: Գնացքը Գյումրու կառամատույցից մեկնելու է ժամը 07:30-ին՝ Վանաձորի կայարան ժամանելով 09։00-ին: էլեկտրագնացքը Վանաձորի կայարանից հակառակ ուղղությամբ կշարժվի 17:15-ին, Գյումրի կհասնի ժամը 18:47-ին:
12:33 - 01 սեպտեմբերի, 2023
12  օր է՝ Հելեն Դադայանի աճյունը Գորիսում է. հարազատները սպասում են խաղաղապահների պատասխանին |news.am|

12 օր է՝ Հելեն Դադայանի աճյունը Գորիսում է. հարազատները սպասում են խաղաղապահների պատասխանին |news.am|

news.am: Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարի հետեւանքով  զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունը արդեն 12 օր է, ինչ շարունակում է մնալ Գորիսում, ասել է Հելեն Դադայանի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը՝ նշելով, որ Արցախի կառավարությունը միջնորդագիր է ներկայացրել ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը՝ աճյունը տեղափոխելու խնդրանքով, իրենք դեռ սպասում են պատասխանի:«Դեռ սպասում ենք խաղաղապահների որոշմանը, Կարմիր Խաչին էլ չի հաջողվում տեղափոխել, Ադրբեջանը չի թույլատրում: Ծնողները չեն ցանկանում իրենք գալ Հայաստան եւ այստեղ հուղարկավորեն, նրանք ցանկանում են Ճարտարում հուղարկավորել իրենց երեխային: Հույս ունեմ, որ մի արդյունքի կհասնենք, մի տարբերակ կգտնեն»,- ասել է նա։
12:32 - 26 օգոստոսի, 2023
Լանջիկի ավտովթարի հետևանքով տուժածներից երկուսը շարունակում են մնալ Գյումրու բժշկական կենտրոնում
 |armenpress.am|

Լանջիկի ավտովթարի հետևանքով տուժածներից երկուսը շարունակում են մնալ Գյումրու բժշկական կենտրոնում |armenpress.am|

armenpress.am: Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով  Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված տուժածներից երկուսը շարունակում են մնալ բուժհաստատությունում։ Մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր, երկուսն էլ տղամարդ են։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։ Օգոստոսի 14-ի ժամը 00:30-ի սահմաններում Լանջիկի մոտ բեռնատարին բախված  միկրոավտոբուսի 17 ուղևորներից 11 մահացել էր, 6`-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել Գյումրու ԲԿ։ «Այս  պահին քննարկում ենք երկուսին Երևան տեղափոխելու  հարցը»- «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Օգոստոսի 14-ի ժամը 00:30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Վիրավորվել է նաեւ «ZIL»–ի վարորդը։ Ողբերգական վթարի ենթարկված ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ մեկ տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծանր է: Դեպքի վայրից «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածի առողջական վիճակը գնահատվել է թեթև: Նրանք հետազոտվել են, ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել: Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։
18:34 - 14 օգոստոսի, 2023
Գյումրին հռչակվել է ԱՊՀ երկրների 2024 թվականի սպորտային մայրաքաղաք
 |armenpress.am|

Գյումրին հռչակվել է ԱՊՀ երկրների 2024 թվականի սպորտային մայրաքաղաք |armenpress.am|

armenpress.am: Գյումրին ճանաչվել է ԱՊՀ երկրների 2024 թվականի սպորտային մայրաքաղաք, որտեղ կանցկացվի նաև ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը: Նման որոշում կայացավել է Մինսկում կայացած ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստում: Բացի այդ՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նախագահ է ընտրվել Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ,  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «ԱՊՀ երկրների համագործակցության շրջանակներում մեծ տեղ է տրվում սպորտին: Կամաց-կամաց շատ ավելի սերտ են դառնում հարաբերությունները, միջոցառումներն էլ՝ շատ ավելի հեղինակավոր: Կարևոր էր նաև սպորտային մայրաքաղաք ճանաչելու հարցը: 2024 թվականին սպորտային մայրաքաղաք կլինի Գյումրին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Վերջինիս խոսքով` սպորտային մայրաքաղաք լինելուց զատ, Գյումրիում կանցկացվեն նաև համաժողովներ: «Սպորտային մայրաքաղաքի ընտրության մի քանի տարբերակ կար, բայց ներկայացրեցինք Գյումրին, ներկայացրել ենք, թե ինչ հաջողությունների են հասել գյումրեցի մարզիկները։ Քանի որ այժմ Գյումրիում կառավարության աջակցությամբ կառուցվում է մեծ սպորտային համալիր` Արթուր Ալեքսանյանի անվան համալիրը, ցանկացանք, որ նրանք էլ իրենց աչքերով տեսնեն, որ սպորտը Հայաստանի կառավարության կողմից լուրջ ուշադրության է արժանանում»,-ասաց նա: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի ղեկավարումը կընդունի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:
11:24 - 08 օգոստոսի, 2023