ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Մարգարայի անցակետի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ |news.am|

Մարգարայի անցակետի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ |news.am|

news.am: Հայկական կողմը շտապել է նորոգել Մարգարայի անցակետը, քանի որ թուրքական կողմի հետ կար պայմանավորվածություն, որ անցակետը պետք է գործի երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Մենք ստեղծել ենք պայմաններ, որը բավարար է նշված խմբի մարդկանց հոսքը սպասարկելու համար»,-  ասաց նա: ՊԵԿ նախագահը անցակետի գործել-չգործելու և այլ պայմանավորվածությունների վերաբերյալ մանրամասներ չհայտնեց, խորհուրդ տվեց դիմել ԱԳՆ։ Հարցին՝ անցակետում աշխատելու են միայն հայ աշխատակիցնե՞ր, թե՞ թուրքական կողմից ևս լինելու են ներկայացուցիչներ՝ Բադասյանն պատասխանեց, թե բացառված է նման բան.  «ՀՀ տարածքում մաքսային հսկողություն իրականացնում են միայն Հայաստանի մաքսային մարմինները»,- ասաց նա։ Ռուստամ Բադասյանը հայտնեց նաև, որ Մարգարայի անցակետի նորոգման համար ծախսվել է նախնական մոտ 800 միլիոն դրամ։ «Նախնական պլանավորում էինք 800 միլիոն դրամ, սակայն վերջնական ծախսերը կազմել են 1 միլիարդ դրամից մի փոքր ավելի»,- ասաց Բադասյանը։
13:32 - 04 նոյեմբերի, 2024
Ռուստամ Բադասյանը Հայաստանում բացառում է հարկային «տեռորը» |armenpress.am|

Ռուստամ Բադասյանը Հայաստանում բացառում է հարկային «տեռորը» |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հարկային «տեռոր» չկա, իսկ վարչարարությունը միտված է հարկ վճարողների համար բարենպաստ պայմաններ ապահովելուն։ Այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ: «Հայաստանում հարկային «տեռոր» չկա։ Ընդհակառակը, մեր վարչարարությունը միտված է լավ պայմաններ ապահովել հարկ վճարողների համար։ Մենք շատ գործընկերային ենք աշխատում Հայաստանի բոլոր հարկ վճարողների հետ»,- ասաց Բադասյանը։ ՊԵԿ նախագահը նշեց, որ հազարավոր հարկ վճարողների համար մաքսային ընթացակարգերը պարզեցվել են։ Մասնավորապես, նախնական հայտարարագրման գործընթացն արագացվել է, ինչը զգալիորեն նվազեցնում է մաքսազերծման ժամանակը։  «Եթե նախկինում տնտեսվարողները ստիպված էին մի քանի օր հատկացնել այս գործընթացին, ապա այժմ գործընթացը տևում է ընդամենը 15 րոպեից մինչև մի քանի ժամ»,-եզրափակեց Բադասյանը։  
12:05 - 04 նոյեմբերի, 2024
Պետությունը մի քանի աղբյուրից հաշվարկված սոցիալական վճարների գծով 747 մլն դրամ է վերադարձրել քաղաքացիներին |armenpress.am|

Պետությունը մի քանի աղբյուրից հաշվարկված սոցիալական վճարների գծով 747 մլն դրամ է վերադարձրել քաղաքացիներին |armenpress.am|

armenpress.am: Պետությունը մի քանի աղբյուրից հաշվարկված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարների գծով շուրջ 747 մլն դրամ է վերադարձրել ֆիզիկական անձանց:   Այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:  Անդրադառնալով 2024 թվականի ապրիլից գործարկված՝ մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարների՝ ֆիզիկականց անձանց վերդարձման գործընթացին, ՊԵԿ նախագահը նշեց․«Դրա արդյունքում 23 հազար 681 քաղաքացու վերադարձվել է շուրջ 747 մլն դրամ գումար: Քանի որ երկու կամ ավելի գործատու է եղել, նույն սոցիալական վճարը պահել են մի քանի գործատուներ, և 747 մլն–ով ավելի շատ էին վճարել: Մենք մեկ էլեկտրոնային համակարգի ներդրմամբ, ամբողջությամբ ինքնաշխատ ավտոմատ համակարգով այդ գումարը վերադարձրել ենք մեր քաղաքացիներին»: Սոցիալական վճարների վերադարձից կարող են օգտվել մի քանի գործատուի մոտ որպես վարձու աշխատող ֆիզիկական անձինք, որի արդյունքում նրանց համար հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված առավելագույն չափը: Սոցիալական վճարի գումարները վերադարձվում են, եթե մի քանի աղբյուրից ստացված ընդհանուր եկամուտը գերազանցում է ամսական 1 մլն 125 հազար դրամը կամ տարեկան 13 մլն 500 հազար դրամը:   
11:16 - 04 նոյեմբերի, 2024
Սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված. ՊԵԿ

Սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ։ Օրերս ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացի Ս․Պ․-ն մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն է ներմուծելու թմրամիջոց։ Վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն, իրացնելով ստացված տվյալները, հսկողություն են սահմանել Հայաստան ներմուծվող առաքանիների նկատմամբ: Պարզվել է  ներմուծվող սուրհանդակային առաքանու ՀՀ տարածք մուտք գործելու օրը և բեռնափոխադրող կազմակերպության անվանումը։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցները համատեղ մաքսային զննման են ենթարկել «Տրանս շիփինգ» ՍՊԸ միջոցով ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Առաքանիում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել է պլաստմասսայե տարա, որը լցված է եղել  330 գրամ քաշով «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող սուր հոտով, դեղին զանգվածով:   Որոշում է կայացվել իրականացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևանի Ավան Նարեկացի թաղամասի շենքերից մեկի մոտից թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և  ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ Ս․Պ․-ն և Մ․Ա․-ն: Վերջիններս ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում քաղաքացիները ձերբակալվել են։ Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու նպատակով:  Համապատասխան որոշումների հիման վրա կատարվել են խուզարկություններ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:33 - 01 նոյեմբերի, 2024
ՊԵԿ-ում ինֆլյուենսերների հետ քննարկվել է սոցիալական հարթակներում գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող հարկման համակարգը

ՊԵԿ-ում ինֆլյուենսերների հետ քննարկվել է սոցիալական հարթակներում գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող հարկման համակարգը

Պետական եկամուտների կոմիտեի և ԱԺ մի խումբ պատգամավորների համատեղ նախաձեռնությամբ կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ինֆլյուենսերների մասնակցությամբ՝ քննարկելու սոցիալական հարթակներում գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող հարկման համակարգը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ «ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կարևորել է հատկապես բլոգերների ներգրավվածությունը և դերը կամավոր հարկային կարգապահության բարձրացման գործում։ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ կամավոր կարգապահությունն այլընտրանք չունի և ոլորտի բոլոր մասնակիցների համար կգործեն հավասար պայմաններ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հարկման գործող մեխանիզմներին և 2025 թվականից նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։ Քննարկվել են բիզնեսին մատուցվող ծառայությունների դեպքում փաստաթղթավորման խնդիրները։ Կարևորվել է ոլորտի մասնակիցների համար նաև ինքնազբաղված անձանց ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա հարկերի վճարման գործընթացը կազմակերպել առավել հարմարավետ և պարզեցված մեխանիզմով։ Համացանցի հայաստանյան տիրույթում գովազդային շուկայի կայուն աճին զուգընթաց ՊԵԿ-ի կողմից մշակվել են ինֆլյուենսերների կամավոր կարգապահությանն ուղղված միջոցառումներ: 2024 թ․ հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում 44 ինֆլյուենսերների անձնական գրասենյակների էջին էլեկտրոնային եղանակով ուղարկվել են 57 ծանուցագրեր իրացման շրջանառության թերհայտարարարգրման հնարավոր ռիսկերի վերաբերյալ՝ ծանուցագրում նշելով յուրաքանչյուր չփաստաթղթավորված գործարքը։ Իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում 2024 թ․ հունիսի համեմատ՝ նշված հարկ վճարողների մասով իրացման շրջանառությունը հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աճել է համապատասխանաբար՝ 119%, 41% և 101%-ով։ Ինչպես նաև 2023 թ․ հունվարից սեպտեմբեր ամիսների համեմատ՝ 2024 թ․ հունվարից սեպտեմբեր ամիսներին, ընդհանուր առմամբ, իրացման շրջանառությունն աճել է 28%-ով կամ 153․5 մլն դրամով։ Հանդիպումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել քննարկումները դարձնել շարունակական»,-նշված է հաղորդագրության մեջ։
09:56 - 29 հոկտեմբերի, 2024
ԶՊՄԿ-ն գլխավորում է ցանկը. ովքեր են հունվար-սեպտեմբերին հայտնվել խոշոր հարկատուների տասնյակում
 |hetq.am|

ԶՊՄԿ-ն գլխավորում է ցանկը. ովքեր են հունվար-սեպտեմբերին հայտնվել խոշոր հարկատուների տասնյակում |hetq.am|

hetq.am: Այս տարվա առաջին ինն ամիսների (2024 հունվար-սեպտեմբեր) տվյալներով՝ Հայաստանի խոշորագույն հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է (ԶՊՄԿ)։  Նշված ամիսներին ընկերությունը 83.6 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր է վճարել, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 31.3 մլրդ դրամով կամ մոտ 63%-ով։  Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-սեպտեմբերի խոշոր հարկատուների ցանկը։ 1000 խոշոր հարկատուները 2024-ի հունվար-սեպտեմբերին ընդհանուր առմամբ 1.323 տրլն դրամի հարկեր են վճարել, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 56 մլրդ դրամով կամ 4.4%-ով։  Նկատվում է, որ խոշորների վճարած հարկերի աճը դանդաղում է։ Համեմատության համար՝ 2023-ի հունվար-սեպտեմբերին աճը կազմել է 17%:  Այս տարվա առաջին ինն ամիսների երկրորդ խոշորագույն հարկատուն տեխնիկա ներմուծող, վաճառող և արդեն նախորդ տարվանից արտահանող «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն (Mobile Centre) է։ Ընկերություն վճարել է 49.1 մլրդ դրամի հարկեր, որն աճել է 63%-ով։  Երրորդ տեղում  ծխախոտ արտադրող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն է՝ 39.8 մլրդ դրամի հարկերով և 28% աճով։  Այս անգամ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն 8%-ով նվազեցրել է հարկերը և 36.3 մլրդ դրամով հայտնվել խոշորների ցանկի չորրորդ տեղում։   Հնգյակը եզրափակում է կրկին տեխնիկա ներմուծող, վաճառող և վերաարտահանող  «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն (VESTA)։ Ընկերությունը հունվար-սեպտեմբերին վճարել է մոտ 28 մլրդ դրամի հարկ, որն աճել է 20%-ով։ Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են «Ամերիաբանկը», որի հարկերը նվազել են 10%-ով՝ կազմելով 20.4 մլրդ դրամ։ Հաջորդում է վառելիքի առևտրով զբաղվող «Սի Փի Էս էներջի գրուպ» ՍՊԸ-ն՝ 17.6 մլրդ դրամով և 6% աճով։  Տասնյակում են հայտնվել նաև «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» (14.7 մլրդ դրամ), «Վիվա Արմենիա» (14.5 մլրդ դրամ) և «Սիթի» (13.9 մլրդ դրամ) ընկերությունները։ 
15:20 - 28 հոկտեմբերի, 2024
Փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց ակցիզային մակնշման 68500 տուփ ծխախոտ. ՊԵԿ

Փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց ակցիզային մակնշման 68500 տուփ ծխախոտ. ՊԵԿ

Իրավապահ մարմինների միջև համագործակցության շրջանակում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ էին ստացել առ այն, որ ԻԻՀ-ից ՀՀ տարածք բեռ տեղափոխող բեռնատար ավտոմեքենայում հնարավոր է թաքցված լինի մեծ քանակությամբ ծխախոտային արտադրանք։ Ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված վերլուծության արդյունքում հսկողության տակ էին վերցվել մի շարք տրանսպորտային միջոցներ։ «Օպերատիվ տեղեկությունն իրացնելիս՝ ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն, ԱԱԾ Երևան քաղաքի վարչության և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ, զննման են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ռ․Հ․-ի կողմից շահագործվող բեռնված բեռնատարը: Արդյունքում՝ նշված բեռնատարի կիսակցորդից` ցեմենտի պարկերի տակ թաքցված, հայտնաբերվել է առանց ակցիզային մակնշման 68.500 տուփ ծխախոտ։ ՄԴՊ վարչության ծառայողների նախնական հաշվարկով, վերոնշյալ ծխախոտները թաքցնելու միջոցով ՀՀ տարածք ներմուծելու արդյունքում, չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 22,5 մլն ՀՀ դրամ ակցիզային հարկ, այսինքն՝ քաղաքացու արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող 68.500 տուփ ծխախոտը և բեռնատար ավտոմեքենան վերցվել և ի պահ են հանձնվել «Ագարակ» մաքսային անցման կետում: Ռ․Հ․-ն ձերբակալվել և ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով կազմված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
12:57 - 25 հոկտեմբերի, 2024
Հարկային և մաքսային տեսուչների ստացած նվիրատվությունները հետագծելի չեն. ԿԿՀ-ն նրանց հայտարարագրերը չի ուսումնասիրել

Հարկային և մաքսային տեսուչների ստացած նվիրատվությունները հետագծելի չեն. ԿԿՀ-ն նրանց հայտարարագրերը չի ուսումնասիրել

2023 թվականին Պետական եկամուտների կոմիտեի 77 աշխատակիցներ ստացել են մոտ 478 մլն դրամի 109 նվիրատվություն։ Այս մասին տեղեկանում ենք նրանց գույքի և եկամուտների հայտարարագրերից։ «Ինֆոքոմը» կարողացել է նույնականացնել 109 նվիրատուներից 76-ին և գտել նրանց կապը պաշտոնյաների հետ։ Այսպիսով, ՊԵԿ պաշտոնյաները 2023 թվականին ամենաշատ նվիրատվությունները ստացել են ծնողներից և քույր-եղբայրներից։  478 միլիոնից 416 մլն դրամը ՊԵԿ աշխատակիցները ստացել են գումարի տեսքով, իսկ մոտ 62 մլն դրամը՝ բնամթերային ձևով։ Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունները ՊԵԿ աշխատակիցները ստացել են ծնողներից՝ մոտ 281 մլն դրամ։ Պաշտոնատար անձանց հետ մոտ 90 մլն դրամի նվիրատվություն կատարողների կապը պարզել չի ստացվել։ Ամենամեծ չափով նվիրատվությունը ստացել է ՊԵԿ Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության-վարչության պետ Արմեն Սաֆարյանը։ Նվիրատվությունը ստացել է հորից՝ Գեորգի Սաֆարյանից։ Նվիրատվության չափը կազմել է 58 մլն 200 հազար դրամ։ Գեորգի Սաֆարյանը հայտարարագիր չի լրացնում, քանի որ պաշտոնյայի հետ համատեղ բնակվող անձ չէ, հետևաբար հնարավոր չէ պարզել, թե որտեղից է գոյացել նշված գումարը։ Գրեթե նույնքան՝ 57 մլն 900 հազար դրամ նվիրատվություն ստացել է ՊԵԿ Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Սուրեն Գալստյանը հորից՝ Վալերիկ Գալստյանից։ Վերջինս հայտարարատու անձ չէ, նվիրատվության միջոցների ծագման աղբյուրը տեսանելի չէ։ Պաշտոնյաները նվիրատվություններ ստացել են տարբեր արժույթներով՝ դրամ, ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար և եվրո։ 109 նվիրատուներից 2023թ-ին միայն 7-ն են եղել հայտարարատու։ Մենք ուսումնասիրել ենք պաշտոնյաներին նվիրատվություն արած անձանց հայտարարագրերը և պարզել, որ նվիրատուներից մեկը չի ունեցել այնքան գումար, որքան նվիրաբերել է, իսկ երեք նվիրատու չի հայտարարագրել կատարած նվիրատվությունը։ ՊԵԿ Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կամերալ ուսումնասիրությունների բաժնի գլխավոր հարկային տեսուչ Լիանա Մովսիսյանը 2023 թվականին 30 հազար եվրո նվիրատվություն է ստացել ամուսնուց՝ Սամվել Եղիազարյանից։ Վերջինիս հայտարարագրից երևում է, որ այդքան գումար չի ունեցել նվիրատվություն կատարելու համար։ Սամվել Եղիազարյանը տարվա սկզբում հայտարարագրել է 20 հազար եվրո և 3 մլն դրամ կանխիկ գումար, որոնք տարվա վերջում նվազել են՝ դառնալով 10 հազար եվրո և 2.5 մլն դրամ։ ՊԵԿ հարկային տեսուչի ամուսինն այդ տարի եկամուտ և ծախսեր չի հայտարարագրել, այդ թվում՝ կատարած նվիրատվությունը: ՊԵԿ Ներքին աուդիտի վարչության հարկային մարմնի ներքին աուդիտի բաժնի գլխավոր հարկային տեսուչ Տիգրան Նարիմանյանը 2023 թվականին 7.4 մլն դրամ նվիրատվություն է ստացել մորից՝ Մելանիա Մկրտչյանից։ Մկրտչյանը  թեև ունեցել է կատարված նվիրատվության չափով ֆինանսական միջոցներ, սակայն նվիրատվությունը չի հայտարարագրել ծախսերում։ ՊԵԿ Ներքին աուդիտի վարչության համակարգման և ֆինանսաիրավական ներքին աուդիտի բաժնի պետ Վանյա Ղազարյանը 2023-ին մոտ 11 մլն դրամ նվիրատվություն է ստացել կնոջից՝ Աննա Դրմոյանից։ Վերջինս թեև ունեցել է նվիրատվության չափով միջոցներ, սակայն արված նվիրատվությունը ծախսերի բաժնում չի հայտարարագրել։ ՊԵԿ պաշտոնյաների նվիրատու ընտանիքի անդամները եկամուտներ են ստացել անշարժ գույքի օտարումից, ձեռնարկատիրական գործունեությունից, բանկային ավանդներից, և այլ անձանցից ստացած նվիրատվություններից։   Որոշ պաշտոնյաներ վերջին երկու-երեք տարիներին անընդմեջ նվիրատվություններ են ստացել. նրանցից ոմանք՝ նույն անձանցից «Ինֆոքոմը» ուսումնասիրել է նաև ՊԵԿ պաշտոնյաների 2021 և 2022 թվականների հայտարարագրերը և նկատել հետևյալ օրինաչափությունը. որոշ պաշտոնյաներ նվիրատվություններ են ստացել վերջին երկու կամ երեք տարին անընդմեջ։ ՊԵԿ Համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների թիվ 6 գլխավոր հարկային տեսուչ Խաչատուր Մկրտչյանն արդեն երեք տարի է, ինչ նվիրատվություններ է ստանում հորից՝ Արթուր Մկրտչյանից։ 2021-ին ստացել է 1.5 մլն դրամ, իսկ 2022-ին և 2023-ին՝ 2.5-ական մլն դրամ։ ՊԵԿ Հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության ընթացիկ հարկային հսկողության համակարգման բաժնի գլխավոր հարկային տեսուչ Արսեն Ալեքսանյանը եղբորից նվիրատվություններ է ստացել երեք տարի շարունակ 2021 թվականին՝ 2.6 մլն դրամ, 2022-ին՝ 1.6 մլն դրամ, իսկ 2023-ին՝ 670 հազար դրամ։ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության մաքսային մարմնի ներքին անվտանգության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Արա Սիմոնյանը 2021-ին ստացել է մոտ 977 հազար դրամ, 2022-ին՝ մոտ 1 մլն 45 հազար դրամ, իսկ 2023-ին՝ մոտ 1 մլն 80 հազար դրամ՝ քույրերից։ ՊԵԿ Համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների թիվ 5 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Կարեն Մարգարյանը 2021-ին ստացել է ընդհանուր 2.1 մլն դրամ, 2022-ին՝ ընդհանուր 4.6 մլն դրամ, իսկ 2023-ին՝ ընդհանուր 2.1 մլն դրամ։ Բոլոր տարիներին Կարեն Մարգարյանը նվիրատվությունները ստացել է նույն երկու անձանցից։ Նրանցից մեկը պաշտոնյայի եղբայրն է, մյուսին նույնականացնել չհաջողվեց։ ՊԵԿ Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության փոքր հարկ վճարողների ընթացիկ հսկողության թիվ 7 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Աննա Պողոսյանը 2021-ին հորից ու եղբորից ստացել է ընդհանուր 1.3 մլն դրամ, իսկ 2023-ին՝ մորից ու քրոջից ընդհանուր 2.7 մլն դրամ։ ՊԵԿ Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության փոքր հարկ վճարողների ընթացիկ հսկողության թիվ 7 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Լուսինե Զազյանը 2021 և 2023 թվականներից ստացել է ընդհանուր 711 հազար դրամ նույն անձից, որին նույնականացնել չհաջողվեց։ ՊԵԿ Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության փոքր հարկ վճարողների ընթացիկ հսկողության թիվ 7 բաժնի պետի տեղակալ Հայկազ Կարապետյանը 2021 և 2023 թվականներից ստացել է ընդհանուր 14.7 մլն դրամ հորից։ Ներքին աուդիտի վարչության հարկային մարմնի ներքին աուդիտի բաժնի գլխավոր հարկային տեսուչ Հովհաննես Ժամկոչյանը 2021 և 2022 թվականներին որդիներից ստացել է ընդհանուր մոտ 2 մլն դրամ նվիրատվություն։ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների թիվ 3 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Արմանդ Աբրահամյանը 2021-ին ստացել է 4.2 մլն դրամ անձից, որին նույնականացնել չհաջողվեց, իսկ 2022 թվականին հայտարարագրել է 8.5 մլն դրամ նվիրատվություն` նվիրատուի դաշտում նշելով «ֆիզիկական անձանցից»։ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Արամ Ղուկասյանը 2022-ին ստացել է 23.5 մլն դրամ անձից, որին նույնականացնել չհաջողվեց։ 2023-ին 18.3 մլն դրամ նա ստացել է հորից։  ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության փոքր հարկ վճարողների վերլուծության և մոնիտորինգի բաժնի պետի տեղակալ Զեփյուռ Ալեքսանյանը 2022 և 2023 թվականներին ընդհանուր 2.7 մլն դրամ նվիրատվություններ է ստացել անձանցից, որոնց նույնականացնել չհաջողվեց։ ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության բացթողնման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Արման Հարությունյանը 2022 և 2023 թվականներին հարազատներից ստացել է ընդհանուր 3.1 մլն դրամ նվիրատվություն։ Հայտարարագրերի վերլուծությամբ զբաղվող պետական մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), օրենքով իրավասու է հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից, տվյալ դեպքում՝ նվիրատուներից ըստ անհրաժեշտության պահանջել իրավիճակային հայտարարագիր, եթե անգամ նրանք հայտարարատու չեն։  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքի համաձայն՝ կառույցն իրականացնում է հայտարարագիր լրացնելու և ներկայացնելու պահանջների պահպանման, հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում, հայտարարագրված տվյալների մաթեմատիկական վերլուծություն, ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն, հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումների կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն: Հանձնաժողովին հարցրել էինք՝ արդյոք վերլուծե՞լ են ՊԵԿ պաշտոնյաներից որևէ մեկի հայտարարագիրը կամ նվիրատուներից իրավիճակային հայտարարագրեր հայցե՞լ են։ ԿԿՀ-ից պատասխանել են, որ մեր նշած պաշտոնները ներառված չեն եղել հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչ սահմանելու և դրա հիման վրա պետական պաշտոնների ցանկը հաստատելու մասին որոշումներում, ինչպես նաև նրանց վերաբերյալ հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումներ չեն հայտնաբերվել, անձանց գրավոր դիմումներ նույնպես չեն ստացվել։ Կարճ ասած՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նշված անձանց հայտարարագրերի ստուգում և վերլուծություն չի իրականացրել: Չնայած այն փաստին, որ հարկային և մաքսային վերահսկողություն իրականացնող պաշտոնյաներն ամենաշատ նվիրատվություն ստացողներն են, նրանց նվիրատվությունների աղբյուրը հիմնականում հետագծելի չէ, որևէ գործնական քայլ չի ձեռնարկվել կոռուպցիոն ռիսկերը գտնելու և կանխարգելելու ուղղությամբ։   Լյուսի Մանվելյան
19:36 - 23 հոկտեմբերի, 2024
ՊԵԿ-ը 21 ավտոգազալցակայանում հայտնաբերել է ապրանքային մնա­­ցորդի պակասորդ. առաջադրվել է 4.8 մլրդ դրամ տուգանք

ՊԵԿ-ը 21 ավտոգազալցակայանում հայտնաբերել է ապրանքային մնա­­ցորդի պակասորդ. առաջադրվել է 4.8 մլրդ դրամ տուգանք

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլից սկսած, գնահատելով ավտոգազալցակայանների գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հարկային կարգապահության գծով իրականացված վերլուծությունների և դիտարկումների արդյունքները, ռիսկային գնահատված 21 ավտոգազալցակայանում Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից իրականացված չափագրման ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է ապրանքային մնա­­ցորդի պակասորդ և գանձման է առաջադրվել շուրջ 4.8 մլրդ դրամ տուգանք` ՀՀ հարկային օրենսգրքի 406-րդ հոդվածի համաձայն: «Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ երեք հարկ վճարողի մասով իրականացված նախնական հաշվարկներով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 240 մլն դրամ։ Նյութերը փոխանցվել են հետաքննչական մարմին` քրեաիրավական գնահատական տալու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով: Հսկողական աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ ՊԵԿ-ը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է գործունեություն ծավալել բացառապես օրենսդրության շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ։
11:11 - 23 հոկտեմբերի, 2024
Սեպտեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ.  տուգանքի չափը կազմել է 41.750 մլն դրամ

Սեպտեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ. տուգանքի չափը կազմել է 41.750 մլն դրամ

2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 48 հարկ վճարողի մոտ, տուգանքի չափը կազմել է 41.750 մլն դրամ: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, մանրամասնելով, որ երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 17 դեպքով 17 հարկ վճարող տուգանվել է 32 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում. հագուստի, կոշիկի և գործվածքների արտադրության ոլորտում  1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 16 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք, հանրային սննդի (հանդիսությունների սրահ ունեցող) ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 18 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4.5 մլն դրամ տուգանք, hացի կամ հացաբուլկեղենի արտադրության, մթերային խանութի և հանրային սննդի (հանդիսությունների սրահ չունեցող) ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք, մթերային խանութի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․250 մլն դրամ տուգանք, մսամթերքի արտադրության ոլորտում  1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 18 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4․5 մլն դրամ տուգանք, շինարարության (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 21 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 5.250 մլն դրամ տուգանք, սուրճի և թեյի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 21 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 5.250 մլն դրամ տուգանք, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների  գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք, տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք, այլ ոլորտներում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3.5 մլն դրամ տուգանք:  
14:52 - 18 հոկտեմբերի, 2024
Նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ ապրանքատեսակների մասով ևս կսահմանվի ակցիզային հարկ

Նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ ապրանքատեսակների մասով ևս կսահմանվի ակցիզային հարկ

Գործադիրն առաջարկում է կարգավորել ՀՀ ներմուծվող նավթամթերքի, քսայուղերի, բենզինի, դիզելային վառելիքի և հավելանյութերի ակցիզային հարկով հարկման հարաբերությունները: Հստակեցվում են քսայուղերի, բենզինի և դիզելային վառելիքի անվանումների սահմանումները՝ հետագայում գործնականում խնդիրները բացառելու համար: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում նախատեսվող կարգավորումներն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նոր կարգավորմամբ քսայուղը ներառում է ծանր թորվածքները և քսանյութերը, բացառությամբ ավիայուղի, բենզինը ներառում է թեթև թորվածքները և նյութերը, այդ թվում՝ շարժիչային բենզինը, բացառությամբ ավիաբենզինի, իսկ դիզելային վառելիքը՝ միջին և ծանր թորվածքները, բացառությամբ ավիավառելիքի: Առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 3811 և 3819 ծածկագրերին դասվող ապրանքները սահմանել ակցիզային հարկով հարկման ենթակա: Արթուր Մանուկյանի խոսքով 3811 ծածկագրին դասվող հավելանյութերն ու նյութերը թեպետ բենզին չեն, սակայն որոշակի վերափոխման արդյունքում կարող են օգտագործվել որպես վատ որակի բենզին: Առաջարկվում է այս ապրանքների դեպքում ևս սահմանել նույնչափ ակցիզային հարկ, որքան բենզինի պարագայում է: «Սահմանել ենք բենզինի համար գոյություն ունեցող կանոնը. երբ ակցիզային հարկը մեկ տոննայի հաշվով կհաշվարկվի, և ԱԱՀ-ն հանրագումարային 135 հազար դրամից պակաս կլինի, ապա ակզիզային հարկը պետք է ավելացվի այնքան, որ նվազագույնն այդ 135.000 դրամն ապահովվի»,- պարզաբանել է զեկուցողը: Հաջորդը 3819 ծածկագրերին դասվող արգելակման, հիդրավլիկ և այլ հեղուկներ՝ պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70 տոկոս զանգվածային բաժնից պակաս՝ բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերքներ չպարունակող կամ պարունակող ապրանքներն են: Դրանք կարող են օգտագործվել որպես քսայուղեր: Առաջարկվում է այս խմբի համար ևս սահմանել ակցիզային հարկ, ինչը, ըստ ՊԵԿ փոխնախագահի, կվերացնի տարբեր մոտեցումները և նմանատիպ ապրանքների ակցիզային հարկով հարկման հավասար դաշտ կստեղծի: ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան՝ Արթուր Մանուկյանը տեղեկացրել է, որ անցած տարի բենզինի հավելում օկտան տեսակի շուրջ 4,5 հազար տոննա հեղուկ է ներմուծվել, իսկ այս տարի՝ մոտ 3 տոննա: Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը կարծիք է հայտնել, որ այս փոփոխությունը կատարվում է ոչ թե հարկային մուտքեր ավելացնելու կամ տուգանելու, այլ անորակ բենզինով մեքենաները վնասելու ռիսկից վարորդներին պաշտպանելու համար: Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
15:47 - 17 հոկտեմբերի, 2024
Առանց մաքսավճարի էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան սպառվել է․ ՊԵԿ

Առանց մաքսավճարի էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան սպառվել է․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտան հոկտեմբերի 16-ին սպառվել է։ Այս տարվա համար նախապես սահմանված 7 400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում` ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ ներմուծման սակագնային քվոտան ավելացվել էր ևս 600-ով, որից հետո հոկտեմբերի 11-ից մինչև 16-ը ընկած ժամանակահատվածում արտոնությամբ ձևակերպվել է 600 էլեկտրական մեքենա: «2025-ի համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար: 2025-ի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 2025-ի հունվարի 1-ից սկսած»,- հայտնում է ՊԵԿ-ը։
10:11 - 17 հոկտեմբերի, 2024
Սեպտեմբերին 249 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 131 մլն դրամ

Սեպտեմբերին 249 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 131 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 249 դեպք և շուրջ 131 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 11 դեպքով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 65.6 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում. առևտրի իրականացման վայրի կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2․56 մլն դրամ տուգանք,կացության կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․07 մլն դրամ տուգանք, հանրային սնունդ (չունի հանդիսությունների սրահ) 1 դեպքով արձանագրվել է 2․08 մլն դրամ տուգանք, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, այլ ոլորտներում 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոգազալցակայանի ոլորտներում 1 դեպքով արձանագրվել է 22․68 մլն դրամ տուգանք, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման, ավտոպահեստամասերի առևտրի ոլորտներում 1 դեպքով արձանագրվել է շուրջ 7․8 մլն դրամ տուգանք, մթերային խանութում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է շուրջ 6.95 մլն դրամ տուգանք, այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․46 մլն դրամ տուգանք։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 11 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների, կցվում է:
11:40 - 16 հոկտեմբերի, 2024
Էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատ

Էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 14-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատ։ Հիշեցնենք, որ նախապես սահմանված 7400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում` ՀՀ կառավարության 10.10.2024թ. թիվ 1589-Ն որոշմամբ՝ ներմուծման սակագնային քվոտան ավելացվել էր ևս 600 հատով, որից հետո հոկտեմբերի 11-ից մինչև 12-ի կեսօրը ընկած ժամանակահատվածում արտոնությամբ ձևակերպվել և բաց է թողնվել ևս 283 էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցներ։ 2025 թվականի համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար: 2025 թվականի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 01.01.2025 թվականից սկսած:  
11:41 - 14 հոկտեմբերի, 2024