ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Հայտնի են ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների՝ ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների անունները
 |armenpress.am|

Հայտնի են ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների՝ ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների անունները |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 28-րդ կետը, հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ փաստաթղթային ստուգման արդյունքներով ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների (այսուհետ` Հավակնորդներ) ցուցակը: Ինչպես տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ցուցակի կազմը հետևյալն է. 1․       Ալումյան Հայկ 2․       Գրիգորյան Լիզա 3․       Գրիգորյան Վահե 4․       Կարապետյան Նորա 5․       Մազմանյան Արմեն 6․       Մարգարյան Աննա 7․       Քոչարյան Վիգեն։ Հարցազրույցը կանցկացվի 2024 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 14։00-ից և ապրիլի 5-ին՝ ժամը 10։00-ից, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վարչական շենքում։ Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 50-րդ կետի համաձայն՝ զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել ընտրության հարցազրույցի փուլին, եթե հարցազրույցի օրվանից առնվազն երկու աշխատանքային  օր առաջ (ս.թ. ապրիլի 1-ը ներառյալ) համապատասխան դիմում են ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ [email protected] էլ. փոստին (ներկայացված դիմումի մեջ անհրաժեշտ է նշել զանգվածային լրատվական միջոցի և հասարակական կազմակերպության մինչև երկու ներկայացուցչի անուն, ազգանուն և ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով)։
18:57 - 20 մարտի, 2024
Փաշինյանը 3 տարի առաջ «ձեռքը կկտրեր», հիմա կողմ է հանձնելուն. ինչ է սպասվում Տավուշում.

 |factor.am|

Փաշինյանը 3 տարի առաջ «ձեռքը կկտրեր», հիմա կողմ է հանձնելուն. ինչ է սպասվում Տավուշում. |factor.am|

factor.am: Մեծաթիվ անվտանգության աշխատակիցներով ու թիմակիցներով Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր իր ծննդավայր Տավուշ, որ ասի՝ Ադրբեջանին են հանձնելու Ալիևի պահանջած չորս գյուղերը։ Փաշինյանն իր հետ Ոսկեպար ու Կիրանց էր տարել Հայաստանի տարածքի մանրակերտն ու կրկնել, որ այս սահմաններից դուրս Հայաստան չկա։ Ուշագրավ է, որ ի տարբերություն իր վերջին ասուլիսի ընթացքում ցուցադրած մանրակերտի, որտեղ նաև Արծվաշենն էր, Տավուշում արդեն Արծվաշենը չկար։  Այս կապակցությամբ ամբողջ օրվա ընթացքում չհաջողվեց կառավարությունից պարզաբանում ստանալ։  Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Ոսկեպարում Փաշինյանն ասաց՝ եթե հիմա գնանք այստեղից, ասենք՝ ոչ, շաբաթվա վերջում պատերազմ կսկսվի։  Ինչպե՞ս Տավուշի մարզի գյուղերը հայտնվեցին Ադրբեջանին հանձնվող տարածքների ցանկում։  2020 թվականի նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան, մինչ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի ստորագրությամբ ընդունված վերջնական հայտարարությունը, որով պատերազմը դադարում էր Արցախում, մամուլում հրապարակվեց եռակողմ այդ փաստաթղթի նախնական տարբերակը։ Այդ փաստաթղթի 2-րդ կետով նախատեսվում էր Ադրբեջանին հանձնել Ղազախի շրջանի գյուղերը։ Արդեն հաջորդ օրը կառավարության պաշտոնական կայքում հրապարակված տարբերակում այդ կետը չկար։ Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու՝ նախնական  փաստաթղթի շրջանառությունից շուրջ կես տարի անց՝ 2021 թվականի հունիսի 4-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ իրեն ստիպում էին, որ ստորագրեր, հանձներ, բայց ավելի շուտ ձեռքերը կկտրեր, քան նման բան կաներ։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից շուրջ երեք տարի անց ձեռքերը կտրելու ցանկությունը փոխարինվել է նոր զիջումների գնալու որոշումներով։ Քարտեզագիր Ռուբեն Գալչյանի խոսքով՝ չկա որևէ փաստաթուղթ, որն ապացուցում է ՀՀ-ում ադրբեջանական գյուղերի առկայություն։ Եթե այս գյուղերն անցնեն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, ապա Հայաստանը ռազմավարական նշանակության ճանապարհների կորուստ է ունենալու։ Հայաստան-Վրաստան մայրուղու մի հատվածն անցնում է այն տարածքներով, որը Փաշինյանն առաջարկում է հանձնել Ադրբեջանին։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
22:03 - 19 մարտի, 2024
«Մեր ռազմավարական նպատակն Արցախ վերադառնալն է». Արտակ Բեգլարյան
 |news.am|

«Մեր ռազմավարական նպատակն Արցախ վերադառնալն է». Արտակ Բեգլարյան |news.am|

news.am: «Օրակարգում արցախցիների կոլեկտիվ իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ Արցախ վերադարձի իրավունքի հարցն է, դա մեր ռազմավարական նպատակն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: Ըստ Բեգլարյանի՝ մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն այդ օրակարգը: «Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանի իշխանությունները փակեն այդ հարցը: Այն պետք է լինի Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանին: Առանց Հայաստանի իշխանությունների հստակ դիրքորոշման մենք արդյունքի չենք հասնի: Նրանք պետք է ընդգծեն, որ դա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չէ: Միջազգային դատարանը համապատասխան որոշում է ընդունել արցախցիների վերադարձի իրավունքի մասին»,- նշել է Բեգլարյանը: Արցախցիների ամենասուր սոցիալական խնդիրը, նախկին պետնախարարի խոսքով, բնակարանային հարցն է։ «Ելնելով պատճառներից՝ արցախցիներին սխալ է համեմատել Հայաստանի՝ կացարանից զրկված բնակիչների հետ: Արցախցիները բռնի տեղահանվածներ են դարձել ցեղասպանության արդյունքում, ինչպես նաև Հայաստանի ստանձնած պարտավորությունների ձախողման պատճառով: Ձախողել են նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը և, ընդհանուր առմամբ, ամբողջ միջազգային հանրությունը: Դրանից բացի, Հայաստանը փախստականի կարգավիճակ ունեցողների նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ ունի: Մեր դեպքում տարբերվում է նաև ֆինանսավորման աղբյուրը: Հայաստանը պետք է միջազգային հանրությունից խոշոր գումարներ պահանջի արցախցիների սոցիալական խնդիրների համար: Դրա փոխարեն Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե արդյունավետորեն լուծում են այդ խնդիրները՝ միջազգային հանրությանը ազդարարելով, որ նրանց աջակցության կարիքը չկա»,- ընդգծել է նախկին պետնախարարը: Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
21:55 - 19 մարտի, 2024
Վարչապետի՝ Տավուշ այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ

Վարչապետի՝ Տավուշ այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Ոսկեպարում վարչապետը հանդիպել է տեղի, ինչպես նաև Բաղանիսի բնակիչներին, այնուհետև եղել Կիրանցում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Ոսկեպարում ունեցած իր խոսքում վարչապետը նշել է. «Ինչպես նախկինում պայմանավորվել էինք, ասել էի, երբ ձեր բնակավայրի հետ կապված գործնական խնդիրներ կլինեն լուծելու՝ կգամ և անձամբ ձեզ հետ կքննարկեմ և կզրուցեմ: Ի՞նչ գործնական հարց եմ եկել ձեզ հետ քննարկելու: Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ: Ի՞նչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում ընդհանրապես, և կոնկրետ Հայաստանի Հանրապետության դեպքում: Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում Հայաստանի Հանրապետությունը: Բոլորս գիտենք, դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսում կամ որտեղ է ավարտվում, դա նույն բանն է, նայած որ կողմից նայես Հայաստանի Հանրապետությունը»: Վարչապետը ներկաներին ցույց է տվել Հայաստանի ուրվագիծը և նշել, որ այն մեր իմացած Հայաստանի Հանրապետությունն է: «Սահմանազատման և սահմանագծման գործընթացը հետևյալն է. սահմանագծման հանձնաժողովները պետք է գնան և տեղում որոշեն, թե որտեղ է սկսում Հայաստանի Հանրապետությունը, և դա պետք է դառնա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև պետական սահման: Ինչո՞ւ ենք այս հատվածին անդրադառնում և ինչո՞ւ ենք հիմա եկել կոնկրետ Ոսկեպարի հետ այս հարցը քննարկում, որովհետև կան որոշ խնդիրներ, որոնց հետ կապված քննարկում կիրականացնենք: Արձանագրումը հետևյալն է. տեսնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման իրական գործընթաց կարող ենք սկսել այս՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում: Ի՞նչ առանձնահատկություն կա այստեղ: Գիտեք, որ Ադրբեջանը բարձրաձայնում է 4 գյուղերի մասին, 4 ոչ անկլավային գյուղերի մասին ենք դեռ խոսում: Գիտեք, որ մենք բարձրաձայնում ենք 31 գյուղերի մասին: Մենք բարձրացնում ենք այդ հարցը, իրենք բարձրացնում են այն հարցը: Եվ երբ մենք ուզում ենք այս քննարկումներում առաջ գնալ, անգամ եթե հենվում ենք այն տրամաբանության վրա, որ մենք 31 բնակավայր ունենք խնդրահարույց վիճակում, իրենք դրանից պակաս, Ադրբեջանն օգտագործում է մի այսպիսի փաստարկ, որ Հայաստանի Հանրապետության բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, այսինքն՝ գյուղի բնակելի տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ չէ: Իրենք ի՞նչ են ասում, ասում են՝ եկեք փոխադարձաբար բնակավայրերի բուն տարածքներն ազատենք, հետո քննարկենք, խոսենք գյուղերի, բնակավայրերի կենսական նշանակության տարածքների մասին: Իհարկե մենք հակադարձում ենք, ասում ենք, որ գյուղը միայն գյուղապետարանը չէ, գյուղը նաև նրա կենսական տարածքներն են, նկատի ունեմ այդ քննարկումների ժամանակ մենք բոլոր փաստարկները բերում ենք, և այդ փաստարկներն արդարացի են: Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք, մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում: Եվ այս է նաև պատճառը, որ որոշել ենք գնալ այս հատվածներում Հայաստանի Հանրապետության սահմանի ճշգրտման ու դա անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- նշել է վարչապետը: Հաջորդիվ վարչապետը պատասխանել է բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են սահմանազատմանն ու սահմանագծմանը, ենթակառուցվածքներին, հնարավոր խնդիրներին ու դրանց լուծումներին: Վարչապետը նշել է, որ հնչեցված բոլոր հարցերն ու նկատառումները հաշվի կառնվեն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ՝ գործընթացի մասին տեղեկատվությունը կիսելու և առկա հարցերը քննարկելու նպատակով: Տավուշի մարզպետարանում վարչապետի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բնակչության հետ հանդիպումներում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ հետագա քայլերը: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ընդգծելով ենթակառուցվածքների ու այլ խնդիրների լիարժեք լուծման անհրաժեշտությունը:
23:35 - 18 մարտի, 2024
«Ո՞նց ենք զորքն անցնելու, գնալու հող մշակելու». տավուշցիները՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո
 |azatutyun.am|

«Ո՞նց ենք զորքն անցնելու, գնալու հող մշակելու». տավուշցիները՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի երկու գյուղում՝ Ոսկեպարում ու Կիրանցում է եղել, հանդիպել բնակիչների հետ։ Մասնակիցներից շատերը հրաժարվեցին հարցազրույցից, բայց ոմանք նշեցին, որ նախապես հայտարարված է եղել հանդիպման մասին։ Նրանց խոսքով՝ գրեթե բոլոր տներից գոնե մեկ անդամ հնարավորություն ունեցել է ներկա լինելու, կարողացել են իրենց հարցերն ուղղել։ «Ազատության» զրուցակիցներից շատերը չպատմեցին թե կոնկրետ ինչ են խոսել, ինչ է ասվել, բայց իրենց մտահոգությունները փարատված չէին համարում։ Տավուշցիներից մեկի խոսքով՝ Կիրանցի հարակից Խեյրիմլի ադրբեջանական նախկին գյուղից այն կողմ ինքը վարելահող է մշակել, մտահոգված էր՝ ի՞նչ կլինի դրա ճակատագիրը, եթե վերջնական որոշում լինի հանձնել այն։ Այդ դեպքում ստացվում է, որ ինքը ստիպված է լինելու ադրբեջանական տարածքով անցնել իր վարելահողին հասնելու համար։ Բնակիչներից մեկն էլ ասում է, որ վարչապետի ցուցադրած քարտեզի մակետի համաձայն՝ իր տան մի մասը նման սահմանագծման պարագայում անցնում է Ադրբեջանին։ Հարցրել է վարչապետին՝ ի՞նչ կլինի իր տան ճակատագիրը։ Նիկոլ Փաշինյանը, ըստ մասնակիցների, հստակ պատասխաններ չի տվել, բայց խոստացել է՝ բոլոր մտահոգությունները հաշվի կառնվեն, հավելել է, որ բանակցությունները վերջնական չեն։ Նա ասել է, որ վերջնական որոշման դեպքում ևս մեկ անգամ կհանդիպի տավուշցիների հետ։ «Ասաց՝ մինչև վերջնական բան լինի, նոր կգամ, կգամ, ձեզ հետ նորից կզրուցեմ։ Վերջնական ոչ մի բան չասաց։ Մենք ասել ենք, որ այնտեղ մեզ հող ունենք, ասաց՝ դա մեր քարտեզի մեջ է, մեր տարածքն է։ Լավ, մեր տարածքն է, բայց եթե ինքը եկավ, իրենց զորքը եկավ, էդտեղ նստեց, մենք ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք։ Ո՞նց կարա ինքը մեզ ապահովի, որ մենք գնանք այնտեղ, հող մշակենք», - ասաց Կիրանցի բնակիչ Հարութ Ավալյանը։ «Նույն Ղարաբաղի բանը գալու է այստեղ էլի։ Մենակ դուրս ենք գալու, գնանք մի տեղ, բռնելու են, տանեն, էդպես պիտի լինի էլի։ Չենք կարողանալու գնանք մեր հողը, երեխուն չենք կարալու թողնել՝ մենակ գնա դպրոց», - նշեց նա։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
21:59 - 18 մարտի, 2024
2023 թվականի սեպտեմբերից Հայաստանը լքած 7 825 արցախցիներ չեն վերադարձել. նոր տվյալներ |armeniasputnik.am|

2023 թվականի սեպտեմբերից Հայաստանը լքած 7 825 արցախցիներ չեն վերադարձել. նոր տվյալներ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Գրեթե հինգ ամսվա ընթացքում Հայաստանից մեկնել և չի վերադարձել Լեռնային Ղարաբաղում հաշվառված 7 825 քաղաքացի։ Այս մասին են վկայում Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարությունում ներկայացրած տվյալները։ Այսպես, 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի մարտի 4-ը Հայաստանից հեռացել է ղարաբաղյան գրանցմամբ 13 619 քաղաքացի, նրանցից վերադարձել է միայն 5794-ը։ Հայաստանում գրանցված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 101 848 մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Մարզերում բնակվում է 72 626 տեղահանված անձ, մնացածը՝ Երևանում։ Կառավարությունից նաև պարզաբանել են, որ քննարկում են բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու հարցը: Օրինակ՝ տների կառուցման կամ բնակարանի ձեռքբերման հարցում աջակցությունը, սոցիալական բնակարանների տրամադրում այն անձանց, որոնք օբյեկտիվ պատճառներով նման հնարավորություն չունեն։ Կառավարության տվյալներով՝ 8277 արցախցի ընտանիք Հայաստանում բնակարան ունի։
09:31 - 18 մարտի, 2024
Կառավարության կարևորագույն խնդիրներից է նպաստել տնտեսական պոտենցիալի մեծացմանը և դրա իրացման հնարավորություններ ստեղծելուն. ՀՀ վարչապետ
 |armenpress.am|

Կառավարության կարևորագույն խնդիրներից է նպաստել տնտեսական պոտենցիալի մեծացմանը և դրա իրացման հնարավորություններ ստեղծելուն. ՀՀ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Վերջին տարիներին Հայաստանի գրանցած տնտեսական աճը մեծացնում է նաև ՀՀ տնտեսական պոտենցիալը: Այդ մասին ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն, ընդգծելով, որ այժմ, ՀՀ կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն է քաղաքականություններն ուղղել այդ տնտեսական պոտենցիալի մեծացմանը և դրա իրացման հնարավորություններ ստեղծելուն: «Գիտեք, որ 2023 թվականի արդյունքներով ՀՀ-ում արձանագրվել է ավելի քան 8 տոկոս տնտեսական աճ: Մեր նախորդ հանդիպումների ժամանակ էլ խոսել ենք տնտեսության աճի, տնտեսության պոտենցիալի մասին: Ընդհանրապես, տնտեսագետները կարծում են, որ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին իր պոտենցիալից ավելին է անում կամ ավելի մեծ արդյունքներ է արձանագրում: Բայց մյուս կողմից տնտեսագետները համաձայն են նաև այն պնդմանը, որ տնտեսական աճն իր հերթին մեծացնում է նաև մեր տնտեսական պոտենցիալը: Եվ հիմա Կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն է քաղաքականություններն ուղղել այդ տնտեսական պոտենցիալի մեծացմանը և մեծացած տնտեսական պոտենցիալի իրացման հնարավորություններ ստեղծելուն: Մենք ունենք այս խնդիրը և՛ կարճաժամկետում, և՛ միջնաժամկետում, և՛ երկարաժամկետում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: Նա շեշտեց, որ տնտեսական պոտենցիալի մեծացման և առաջացած պոտենցիալի իրացման համար առանցքային նշանակություն ունի կրթությունը: «Կրթությունը չպետք է հատվածական ընկալենք: Նախակրթարանից կամ մանկապարտեզից մինչև բուհ և հետբուհական կրթություն պետք է նայենք մի ռազմավարության, մեկ ռազմավարական տրամաբանության մեջ: Ուզում եմ անդրադառնամ մի քանի հարցերի, որոնց վերաբերյալ, իմ կարծիքով, պետք է ռազմավարական մոտեցումներ արձանագրենք: Նույն 3-5 տարեկան երեխաների վերաբերյալ որոշակի թիրախ ենք նախանշել, որին հասնելու հավանականությունը շատ մեծ է մինչև 2026 թվականը: Բայց երկարաժամկետում պետք է նաև որոշակի քաղաքականություն և ռազմավարություն որդեգրենք 1-3 տարեկան երեխաների մասին կամ, եթե կոռեկտ է ասել, 0-3 տարեկան երեխաների մասին, որովհետև սա տնտեսական պոտենցիալի մասին է երկու կտրվածքով»,- մատնանշեց Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ կառավարությունները պետք է որոշակի քաղաքականություն որդեգրեն անգամ ամենափոքր տարիքի երեխաների վերաբերյալ, քանի որ ակնհայտ է՝ 0 կամ 1 տարեկանից երեխաները ստանում են կրթություն, նույնիսկ, լեզուներ են սովորում:
19:37 - 16 մարտի, 2024
Մեկնարկել է տվյալների և ծառայությունների կատալոգների մշակման գործընթացը. վարչապետին է ներկայացվել Տեղեկատվական համակարգերի գործակալության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Մեկնարկել է տվյալների և ծառայությունների կատալոգների մշակման գործընթացը. վարչապետին է ներկայացվել Տեղեկատվական համակարգերի գործակալության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տեղեկատվական համակարգերի գործակալություն՝ վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը և գործակալության ներկայացուցիչները զեկուցել են թվային հասարակության և տնտեսության ձևավորման առաքելության իրագործման շրջանակներում իրականացրած աշխատանքները: Նշվել է, որ հաշվետու տարում կառավարության որոշմամբ ներդրվել է «ԵսԵմ» ազգային թվային նույնականացման հարթակը` ապահովելով թվային ծառայություններ մուտք գործելու անվտանգ հնարավորություն օգտատերերի համար։ Ի կատարումն Կառավարության որոշման՝ հանրային ծառայություններն արդեն հասանելի են մեկ մուտքի այս հարթակի միջոցով։ Գործակալության կողմից մշակվել և գործարկվել է Ծառայությունների ազգային հարթակի փորձնական տարբերակը։ Այն միտված է բարելավելու օգտատիրոջ փորձառությունը հանրային ծառայություններից օգտվելիս՝ պարունակելով դրանց վերաբերյալ հեշտ ընկալելի և մանրամասն ուղեցույցներ։ Իրականացվում են «Կյանքի իրադարձությունների» պիլոտային ծրագրերը, որոնց տրամաբանության ներքո ոչ թե թվայնացվում են գերատեսչական գործառույթները, այլ վերանախագծվում է ծառայությունը ստանալու ճանապարհն օգտատիրոջ հարմարավետության և հասանելիության տեսանկյունից: Մասնավորապես՝ «Երեխայի ծնունդ», «Բիզնեսի գրանցում և իրավունքների պաշտպանություն», «Ավտոմեքենայի և վարորդական իրավունքի ձեռքբերում» իրադարձությունների համար գործընկեր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել են թվային բարեփոխումների ճանապարհային քարտեզներ։ Պետական կայքերի համար ստեղծվում են միասնական չափանիշներով տեխնիկական նկարագիր, դիզայնի տարրեր և կառուցվածք։ Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է՝ Ծառայությունների ազգային հարթակը միայն պետական ծառայությունների մասի՞ն է, թե՞ այդտեղ կարող են ներառվել նաև, օրինակ՝ բանկային կամ մասնավոր հատվածի կողմից մատուցվող այլ ծառայություններ. «Ինչպե՞ս է այդ հարցն աշխատում կամ ինչպե՞ս ենք մենք պատկերացնում»։ Պատասխանատուները նշել են, որ նպատակ ունեն նաև մասնավոր ծառայությունները ներառել հարթակում՝ որոշ ֆիլտր անցնելուց հետո, որպեսզի հավաստիանան, որ վստահելի ծառայություններ են մատուցվելու։ «Հայեցակարգային մակարդակում մենք չենք ասում, որ այս էջում միայն պետական ծառայություններ են, կարող են լինել նաև ոչ պետական ծառայություններ։ Ինչպե՞ս, հետո կմտածենք և կտեսնեք, բայց հայեցակարգն այն է, որ հանրային ծառայությունների այս հարթակը միայն պետական ծառայությունների համար չէ, կամ մենք առնվազն բաց ենք այդ գաղափարը քննարկելու և հասկանալու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկացվել է, որ մեկնարկել են տվյալը «միայն մեկ անգամ», «ամպայինն առաջին» սկզբունքներով աշխատող գործնական լուծումներ, որոնք կիրառվել են պետական մի քանի համակարգերում։ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի որոշմամբ՝ հաստատվել է տվյալների քարտեզագրման և դասակարգման մեթոդաբանությունը։ Դրա հիման վրա արդեն իսկ քարտեզագրվել և նկարագրվել են պետական 18 գերատեսչությունների 100-ից ավելի համակարգեր։ Այդ թվում քարտեզագրվել են պետական մոտ 500 ծառայություններ, ձևավորվել են դրանց նկարագրերը և դասակարգվել ըստ կյանքի իրադարձությունների։ Մեկնարկել է տվյալների և ծառայությունների կատալոգների մշակման գործընթացը, որոնց ներդրումը հիմքեր կստեղծի ծառայությունների սահուն և տվյալահենք կառավարման, ինչպես նաև Ծառայությունների ազգային հարթակի անխափան աշխատանքի համար։Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նախարարություններում առկա բազմաթիվ տվյալներին, որոնք թղթի վրա են։ «Ես հասկացա, որ մենք պետք է երկու գործունեություն անենք։ Կան տվյալներ, որոնք տարբեր տեղերում են։ Մարդը գնաց անձնագիրը փոխեց, այդ տվյալը կարող է մի տեղ փոխվի, մնացած տեղերում՝ չփոխվի: Ընդ որում՝ մարդը կարող է երեք անգամ այդ ընթացքում անձնագիր փոխի, և երեք տեղում լինի մի անձնագրի տվյալ, երկու տեղում՝ մի տվյալ, չորս՝ տեղում մի տվյալ։ Հիմա մենք խնդիր ունենք լուծելու երկու հարցում: Մեկը` ամեն տվյալն ունենա մի սեփականատեր, այսինքն, օրինակ՝ անձնագրի տվյալը մի տեղ` Հանրապետությունում ուրիշ գերատեսչություն չկա, որ այդ տվյալի տերն է և իրավունք ունի որևէ բան փոխել այդտեղ։ Եվ երկրորդը, կան տվյալներ, իհարկե, որ արդեն իսկ թվայնացված են, բայց կան տվյալներ, որոնք թվայնացված չեն։ Հիմա թվայնացնելու պրոցեսը ինչպես է կազմակերպվում»,- հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանը:Ներսես Երիցյանը նշել է, որ մեթոդաբանությունը գրված է, օրենսդրական հիմքն էլ կա, որպեսզի գործընթացն ակտիվանա, ըստ օրենքի՝ բոլոր փաստաթղթերը պետք է լինեն մեքենայական, ընթեռնելի։ «Դա նշանակում է` փաստաթուղթը կոդ է»,- ասել է Երիցյանը:Նշվել է, որ այդ տրամաբանությամբ նաև ստանդարտ է սահմանվում։ «Այսինքն՝ օրենքով է սահմանվելու, թե որ տվյալի սեփականատերն ով է, ու տվյալը չի կարող երկու սեփականատեր ունենալ, տվյալի սեփականատերը մեկն է։ Այսինքն` ցանկացած փոփոխություն, որ այդ տվյալի մեջ արվի, կամ լրացում, կամ թարմացում, արվելու է միայն ու միայն այդ սեփականատիրոջ կողմից, և օրենքով դա հստակ սահմանվելու է»,- ասել է վարչապետը:Նշվել է, որ Ներքին գործերի նախարարության առաջնորդմամբ մեկնարկել է նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի մրցութային գործընթացը։ Մասնավոր հատվածը, մասնավորապես՝ 10 բանկ և 3 տելեկոմ ընկերություններ միավորել է ջանքերը՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան ազգային նույնականացման և հավաստագրման ծառայություններ ներդնելու ուղղությամբ։ Տեղեկացվել է, որ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջնորդմամբ մշակվել և շրջանառության մեջ են դրվել տվյալների քաղաքականությունն ինստիտուցիոնալացնող առանցքային օրենքների նախագծերը, մասնավորապես՝ «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկատվության մասին» և «Բնակչության պետական ռեգիստրի մասին»։ Ներդրվում են թվային նույնականացման միջազգային լավագույն ստանդարտները եվրոպական eIDAS 2.0 կանոնակարգին համապատասխան էլեկտրոնային ինքնության բաց էկոհամակարգի ստեղծման ուղղությամբ: Արդյունքում հավաստագրված ցանկացած կազմակերպություն կարող է առաջարկել վստահության և ինքնության ծառայություններ ՀՀ տարածքում, իսկ կառավարությունը կիրականացնի կարգավորման և վերահսկման իր գործառույթը՝ առանց մրցակցելու մասնավոր հատվածի հետ: Նշանակալի առաջընթաց է արձանագրվել միջազգային կարողություններով համալրված կիբեռանվտանգության ազգային թիմի ստեղծման ուղղությամբ՝ համապատասխան կառուցակարգերի և միջազգային չափանիշների ներդրմամբ: Նախորդ տարի մեկնարկել է կիբեռանվտանգության ազգային համակարգման և կիբեռմիջադեպերի արձագանքման կենտրոնի միջազգային հավաստագրումը, ինչի արդյունքում Հայաստանը կդառնա համաշխարհային կիբեռանվտանգության մասնագիտական համայնքի անդամ: Կրիտիկական ազգային ենթակառուցվածքներին սպառնացող կիբեռմիջադեպերին արդյունավետորեն դիմակայելու նպատակով ձևավորվել է դրանց բացահայտման, կանխարգելման, արձագանքման և պաշտպանության ժամանակակից գործիքակազմ: Մեկնարկել են կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռդիմակայության բարձրացման ծրագրեր տարբեր ոլորտներում՝ կիրառելով առկա կիբեռանվտանգության խոր մասնագիտական կարողությունները:
20:42 - 15 մարտի, 2024
Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ
 |1lurer.am|

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ |1lurer.am|

1lurer.am: Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ: Այդ մասին ծրագիրը Կառավարության հումանիտար կենտրոնում ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Առաջին բաղադրիչի համար նախատեսված է, որ պետությունը տրամադրում է ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ, յուրաքանչյուրի համար՝ 50-հազարական դրամ: Ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս, որից հետո աշխատանքային պայմանագիր է կնքվում առնվազն 3 ամսով, և պետությունը գործատուին փոխհատուցում է մինչև 50 հազար դրամի չափով եկամտային հարկ և այլ պահումներ: Երկրորդ բաղադրիչով մինչև 3 ամիս տևողությամբ յուրաքանչյուր ամիս 165 հազար դրամի չափով աշխատավարձի գումար է փոխհատուցվում գործատուին, որի մեջ ներառված են հարկերը, որից հետո ևս 3 ամիս պետությունը փոխհատուցում է եկամտային հարկի՝ մինչև 50 հազար դրամը՝ ևս 3 ամիս: Այս պարագայում նվազագույն աշխատանքային պայմանագրի տևողությունը առնվազն 6 ամիս է: Երրորդ բաղադրիչն առաջին և երկրորդ բաղադրիչների համադրությունն է, այսինքն՝ առկա է մասնագիտական ուսուցման բաղադրիչ, աշխատանքային փորձի և հարկերի փոխհատուցման: «Ծրագրով հետաքրքրվողների թիվը 1000-ից ավելի է, առկա պայմանագրերի թիվը՝ 133»,- ասաց նախարարի տեղակալը:
17:05 - 15 մարտի, 2024
Եկան, ասացին՝ վատ լուր, ազատեք տարածքը. Կոմիտասի շուկայի վաճառողները անելանելի վիճակում են
 |armeniasputnik.am|

Եկան, ասացին՝ վատ լուր, ազատեք տարածքը. Կոմիտասի շուկայի վաճառողները անելանելի վիճակում են |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մարտի 8-ի նախօրեին Կոմիտասի շուկայի վաճառողներին «անակնկալ» են արել` հայտնելով, որ պետք է 1 ամսվա ընթացքում ազատեն շուկայի տարածքը։ Աշխատողներն անելանելի վիճակում են հայտնվել, չգիտեն` ինչ անել, ուր գնալ։ «Եկան, ասեցին` վատ լուր. մինչև մարտի 15-ը պետք է ազատեք տարածքը։ Բոլորը խառնվեցին իրար, նոր ասացին` մի 25 օր ժամանակ ենք տալիս, ձեր ապրանքի ու ձեզ համար տեղ գտեք»,- Sputnik Արմենիային պատմում է շուկայի վաճառողներից Նունե Դեմիրճյանը։ Նրանք պահանջ - խնդրանք ունեն` մինչև տարվա վերջ ժամանակը երկարացնեն։ Ասում են` ցրտին կանգնել, սառել են, հիմա ցանկանում են գոնե սեզոնային մրգերն ու բանջարեղենը կարողալ վաճառել։ Վաճառողները շուկայում օրվա վճար են տալիս` 2000-3000 դրամ։ Սա այնքանով է ձեռնտու նրանց, որ հարկային դաշտի հետ կապ չունեն, իսկ խանութներում վաճառելու համար պետք է և՛ խանութին վարձավճար տան, և՛ ՊԵԿ-ին։ «էդ քանի՞ տոկոս օգուտ ունենք, որ 5 տոկոս տանք հարկայինին, 10 տոկոս տանք խանութի վարձ, մեզ աշխատացնում են «ռաբի» պես, ամբողջը տանք սրան- նրան։ Ո՞նց անենք, որտե՞ղ ծախենք»,-դժգոհում է մեկ այլ աշխատակից։  
15:15 - 15 մարտի, 2024
ՀՀ կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը բացարձակ առաջնահերթություն է․ Փաշինյանը՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

ՀՀ կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը բացարձակ առաջնահերթություն է․ Փաշինյանը՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային: Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացմանն ու կայունության պահպանման: Զրուցակիցները քննարկել են բարեփոխումները` հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման ուղղություններով: Ընդգծվել է 2023 թվականի արդյունքներով Հայաստանում գրանցված մակրոտնտեսական դրական ցուցանիշների փաստը և կարևորվել բարեփոխումների շարունակականությունը՝ տնտեսական ակտիվության պահպանման նպատակով: Վարչապետը շեշտել է, որ ՀՀ կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը բացարձակ առաջնահերթություն է և այդ ուղղությամբ քայլերն ու բարեփոխումները կրելու են հետևողական բնույթ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված քայլերին: Այդ համատեքստում, վարչապետը շեշտել է միջազգային հանրության օժանդակության շարունակականության կարևորությունը:
18:37 - 14 մարտի, 2024
Դատախազությունը պետությանը վերադարձրեց Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 20000 քմ մակերեսով անտառային տարածքը

Դատախազությունը պետությանը վերադարձրեց Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 20000 քմ մակերեսով անտառային տարածքը

Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերից մեկով՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 20000 քմ մակերեսով հողամասն (սկզբնական նպատակային նշանակությունը՝ անտառային տարածք) ամրացվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 6-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով պահանջվում էր՝ Անվավեր ճանաչել 2007 թվականի մայիսի 26-ի աճուրդը. Որպես հետևանք՝ անվավեր ճանաչել այդ ժամանակ Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Կավալենկո Շահգալդյանի և Սամվել Մայրապետյանի միջև 2007 թվականի մայիսի 31-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող մոտ 20000 քմ հողամասի նկատմամբ Սամվել Մայրապետյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը: 37 մլն 593 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով շուրջ 20000 քմ մակերեսով «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասի (անտառային տարածքի) նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
15:41 - 14 մարտի, 2024
Կառավարության որոշմամբ՝ ստեղծվեց Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն
 |armenpress.am|

Կառավարության որոշմամբ՝ ստեղծվեց Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն |armenpress.am|

armenpress.am: Կառավարության որոշմամբ՝ ստեղծվեց Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն։ Համապատասխան նախագիծը ներառված էր Կառավարության մարտի 14-ի նիստի օրակարգում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված նախագծի հիմնավորման մեջ նշում է, որ տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելու համար նախագծով առաջարկվում է ստեղծել Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն, որը համագործակցելով տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմնի հետ՝ կիրականացնի  պետական մարմիններում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգության ապահովման նորմերի մշակումը, համապատասխան մեթոդական ուղեցույցների կազմումը, ինչպես նաև կկազմակերպի մասնագիտական դասընթացներ, կիրականացնի համապատասխան մասնագետների որակավորման բարձրացման աշխատանքները, կմշակի տեխնիկական, ծրագրաապարատային նոր լուծումների: «Բացի այդ, կազմակերպությունը կիրականացնի տեղեկատվական անվտանգության բնագավառում հետազոտական, գիտահետազոտական աշխատանքներ, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում իր իրավասությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կհամագործակցի պետական մարմինների, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանք­ների իրականացումը համակարգող լիազոր մարմնի և ոլորտային կազմակեր­պությունների հետ: Կենտրոնի կառավարումն իրականացնող պետական մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը կազմակերպության հետ կապված բոլոր որոշումները համաձայնեցնում է տեղեկատվության պաշտպանության ոլորտի լիազոր մարմնի հետ»,- ասված է հիմնավորման մեջ։ Կենտրոնը համալրված կլինի համապատասխան ստուգում անցած մասնագիտական գիտելիքների և փորձառություն ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներով և կստանձնի Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերում պահպանվող, մշակվող և փոխանցվող տեղեկատվության պաշտպանության, պաշտպանված փոխանցման նպատակով համապատասխան լուծումների (ծրագրային, ծրագրաապարատային և այլն) մշակումը: «Կենտրոնը կիրականացնի տեղեկատվական անվտանգության ոլորտում հետազոտական, գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ՝ ուղղված համապատասխան ծրագրային, ծրագրաապարատային լուծումների ստացմանը, գոյություն ունեցող համակարգերի կառավարման, անվտանգության բարձրացման, տեղեկատվության պաշտպանվածության և պաշտպանված փոխանցման հուսալիության բարձրացմանը»,- ասված է հիմնավորման մեջ։
12:16 - 14 մարտի, 2024
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի ժամկետը երկարաձգվեց
 |armeniasputnik.am|

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի ժամկետը երկարաձգվեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև 2026 թվականը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ 2020 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել 9 464 շահառու, որոնց վճարվել է շուրջ 6 մլրդ 668 մլն դրամ` 1530-ը` միանվագ դրամական աջակցության ծրագրով, 2 769-ը` կանխավճարի ապահովագրության ծրագրով, 5165-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով։ Փոխնախարարի խոսքով` ծրագրերի իրականացման 4 տարվա ընթացքում արձանագրվել է դիմումների թվի աննախադեպ աճ։ «Նախագծով նաև առաջարկվում է սահմանել արտոնություններ և խրախուսել այն ընտանիքներին, որոնք անշարժ գույք ձեռք կբերեն կամ անհատական բնակելի տուն կկառուցեն այն առանձին բնակավայրերում (թվով 48), որտեղ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն իսկ կառուցված են և/կամ հիմնանորոգվում կամ կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերում։ Միաժամանակ կխրախուսվեն այն ընտանիքները, որոնք հիփոթեքային վարկով անշարժ գույքը ձեռք են բերել կամ անհատական բնակելի տունը կառուցել կամ կառուցում են վերոնշյալ բնակավայրերում և վարկի գործողության ընթացքում ընտանիքում ծնվում է նոր երեխա»,– նշեց Խաչատրյանը։ Նա ավելացրեց, որ 2024 թ. ծրագրի իրականացման համար կպահանջվի շուրջ 1 մլրդ 281 մլն դրամ, որից 606 մլն դրամը նախատեսված է 2024 թ. պետական բյուջեով, իսկ 675 մլն դրամը նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ կառավարության շահառուն այս դեպքում երեխան է. երեխան ծնվեց` նա պետք է ստանա ՀՀ կառավարության աջակցությունը։
12:15 - 14 մարտի, 2024
ԵԱՏՄ-ում մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը հավանության արժանացավ
 |armeniasputnik.am|

ԵԱՏՄ-ում մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը հավանության արժանացավ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ երկրների և երրորդ երկրների ապրանքների համար մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի ստորագրմանը: Համաձայնագիրը թույլ կտա ստեղծել մաքսային հայտարարագրերի միասնական համակարգ, համընդհանուր համակարգի կիրառում անվտանգության մաքսային վճարների համար (օրինակ՝ ալկոհոլի համար), հարկերի և այլ տուրքերի վճարման, լիազորված մաքսային օպերատորների համար մաքսային հսկողության պարզեցված ռեժիմների օգտագործման, ինչպես նաև բեռների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման համար։ Այսպիսով, ընկերությունները կկարողանան անցնել նույն ընթացակարգերն ու օգտվել նույն արտոնություններից ոչ միայն իրենց երկրում, այլև ԵԱՏՄ ողջ տարածքում։ Նշվում է, որ համաձայնագրի նախագիծը մշակվել է մինչև 2025 թ. Եվրասիական տնտեսական ինտեգրացիոն զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման գործողությունների ծրագրի շրջանակներում։ Կառավարությունում հաստատվելուց հետո համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարան և Ազգային ժողով` քննարկման:
11:43 - 14 մարտի, 2024
Եվրախորհրդարանի բանաձևը ևս մեկ առիթ է՝ քննարկելու ՀՀ ապագայի տեսլականը. հանրային քննարկման կարիք կա. Փաշինյան
 |news.am|

Եվրախորհրդարանի բանաձևը ևս մեկ առիթ է՝ քննարկելու ՀՀ ապագայի տեսլականը. հանրային քննարկման կարիք կա. Փաշինյան |news.am|

news.am: Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ավելի սերտ կապերի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին» բանաձեւը: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բոլոր խմբակցությունների աջակցությունն ստացած այս փաստաթուղթը ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով: Բանաձեւը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է արտահայտում Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ անկախությանը: Նաեւ աջակցություն է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ջանքերին: Այս բանաձեւով եվրախորհրդարանն արձանագրել է Հայաստանիձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչը չափազանց կարեւոր է մեր երկրի միջազգային ընկալման համար: Բանաձեւը մեջբերել է անցած տարի հոկտեմբերի 17-ին  Եվրոպական խորհրդարանի ամբիոնից իմ արած հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է այնգան մոտ լինել ԵՄ-ին, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի ՝ արձանագրելով, որ եթե Հայաստանը կցանկանա ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, ԵՄ ինստիտուտները պետք է աջակցեն»,-ասաց նա: Փաշինայնը ողջունելով Եվրոպական խորհրարանի բանաձեւը կարծիք հայտնեց, որ այն Հայաստանում քննարկման առարկա պետք է դառնա. «Սա եւս մեկ առիթ է քննարկելու ՀՀ-ի ապագայի տեսլականը եւ հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, ՀԿ-ները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետեւ նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը: Միաժամանակ պետք է արտահայտեմ ՀՀ կառավարության կամքը՝ շարունակելու աշխատանքները Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման եւ զարգացման ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը:
11:29 - 14 մարտի, 2024