Հայ դատի հանձնախումբ

Հայ դատը ՀՅԴ կուսակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հասարակական աշխատանքների եւ կառավարական հարաբերությունների ազգային հանձնախումբն է։ Պաշտպանում է հայ ժողովրդի պահանջներն ու ազգային ձգտումները, ներկայացնում հայության հավաքական տեսակետը բոլոր մակարդակներով։ ԱՄՆ-ում ունի երկու հիմնական բաժանմունք՝ արեւելյան եւ արեւմտյան։ Հայ դատը գրասենյակներ ունի Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, հանձնախմբեր՝ ԱՄՆ-ի մյուս հայաշատ քաղաքներում։

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին |armenpress.am|

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին |armenpress.am|

armenpress.am: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է ԱՄՆ կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթիի՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարությունը, որը վերջինս փետրվարի 3-ին արել էր ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում:   Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սումգայիթյան ջարդերի  34-րդ տարելիցին նվիրված իր ելույթում Կրիշնամուրթին նշել է, որ ջարդերի դատապարտումն այսօր թույլ կտա կանխարգելել ադրբեջանական կողմի վերսկսած ագրեսիան հայերի դեմ: Նա վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ հասնելու Արցախյան հակամարտության տևական, խաղաղ ու ժողովրդավար լուծման: Խոսելով 1988-1990 թվականներին Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի դեմ իրականացված տեղահանումների, բռնությունների ու ջարդերի մասին՝ կոնգրեսականը փաստել է, որ դրանց հաջորդած տասնամյակների ընթացքում Ադրբեջանը չդադարեց բռնություն կիրառել հայերի դեմ: «2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, ռմբակոծեց Արցախի Հանրապետությունը՝ թիրախավորելով հայկական դպրոցներն ու կրոնական վայրերը, սպանելով անմեղ քաղաքացիների: Այդ դեպքերից շուրջ մեկ տարի անց Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել ու տանջել 2020 թվականի հայ ռազմագերիներին՝ ի հեճուկս ստորագրած համատեղ հայտարարության, որը պահանջում էր ազատ արձակել բոլոր գերեվարվածներին: Սումգայիթյան ջարդերի 34-րդ տարելիցին ես ցանկանում եմ շեշտել մարդկության դեմ իրականացված հանցագործությունները հիշելու կարևորությունը: Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանն ընդունել, որ նման կոտորածներ տեղի են ունեցել»,- նշել է կոնգրեսականը՝ հորդորելով պատժել բոլոր պատասխանատուներին, ովքեր նման սարսափելի հանցանքներ են իրականացրել և խուսափել ապագայում նմանօրինակ ողբերգությունների կրկնությունից: «Ես դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիան  և կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց»,- նշել է կոնգրեսականը:
13:47 - 05 փետրվարի, 2022
Երևանում մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը

Երևանում մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը

Երևանում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների հերթական խորհրդաժողովը: Խորհրդաժողովի մասնակիցները կենտրոնացել են 2020-ի պատերազմից հետո Արցախի հիմնախնդրի շուրջ և ընդհանուր տարածաշրջանում ձևավորված նոր իրավիճակի և այն նոր մարտահրավերների վրա, որոնց առերեսվել է հայ ժողովուրդը անվտանգության և արտաքին քաղաքականության համատեքստում: Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը իր բացման խոսքում ցավով արձանագրեց, որ Հայաստանն ու հայությունը վերջին պատերազմում կրած պարտությունից հետո կորցրել են անխոցելիության այն զգացումը, որ ձեռք էին բերել Հայաստանի անկախացման և Արցախի ազատագրմանը հանգեցրած 1988-ի Արցախյան համազգային շարժումից հետո: «Դրանք ընդհանուր խանդավառության տարիներ էին: Բոլորս էլ լծվեցինք աշխատանքի: Դուք դրա ոչ միայն ականատեսներն եք, այլև գործի կիրարկման մասնագետները: Եվ այդ ուղղությամբ աշխարհով մեկ մենք ունեցանք այդ զգացումը, թե հայկական դարաշրջան է բացվում մեր առջև: Այդ պատճառով էլ, անշուշտ, ծանր էր Արցախյան երկրորդ պատերազմի ահավոր ցավը, վիշտը, որովհետև մենք հեռացանք այդ անխոցելիության զգացումից: Բնական է, որ այս կացության մեջ մենք՝ Հայ Դատի հանձնախմբի այս ցանցը, անմիջապես հավաքվեցինք և քննեցինք, թե այս պատերազմի ընթացքում և պատերազմից հետո ի՞նչ հատուկ մարտավարական ճշգրտումներ են հարկավոր, որպեսզի առաջ տանենք մեր աշխատանքը: Թափը չկասեցվեց: Դուք շատ լավ գիտեք, որ պատերազմի ընթացքում Դաշնակցությունը տրամադրեց իր ամբողջ ներուժը պետությանը», - հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: Տեր-Խաչատուրյանի խոսքով՝ Հայ Դատի հանձնախմբերի գործունեության հիմնական ոլորտները չորսն են: Առաջին ոլորտը Հայրենիքի իրազեկման աշխատանքներն են, դրսում Հայաստանի պետականության ամրապնդման լոբբինգի աշխատանքներն են, ինչպես նաև Արցախի ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչման աշխատանքներն են: Երկրորդը դասական Հայ Դատի ոլորտն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա հետևանքների վերացման թղթածրարը: Երրորդը հայության իրավունքների պաշտպանության խնդիրն է հայրենի հողի վրա և ամբողջ աշխարհում՝ որտեղ էլ որ լինեն: Եվ չորրորդը սփյուռքահայության մեջ հայ երիտասարդության քաղաքականացման խնդիրն է: «Բնականաբար, սգո և հուսահատության էջը մեզ համար վաղուց փակված է, աշխատանքը երբեք չի ընդհատվել, և հիմա հավելյալ թափով կնետվենք առաջ», - հավելեց Դաշնակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչը: ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանն էլ փաստեց, որ Քառասունչորսօրյա պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները զգալիորեն փոխել են ռազմաքաղաքական ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում, և ստեղծված վիճակը պահանջում է Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ամբողջական վերագնահատում կատարել և դրա վրա կառուցել առաջիկա բոլոր ծրագրերն ու անելիքները: Ռուստամյանի գնահատմամբ՝ այսօր Հայաստանին ու Արցախին սպառնացող անմիջական վտանգը Մեծ Թուրանի գաղափարով թուրքական երկրները համախմբելու և հնարավորինս արագ այս պատերազմից առավելագույնը ստանալու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնություններն են: Հետևաբար, մեր գլխավոր խնդիրը պետք է լինի դա բացառելը: «Եթե մինչև այս պատերազմը հայության և մասնավորապես Հայ դատի գլխավոր խնդիրը ազատամարտում արձանագրված հաղթանակի արդյունքների ամրագրումն էր, ապա հիմա դա այս պատերազմում կրած պարտության և դրա հետևանքների չեզոքացումն ու առաջացած նոր մարտահրավերների հաղթահարումն է: Այսօր հրատապ խնդիր է կասեցնել դեպի նորանոր պարտությունների տանող երկրի գահավիժող ընթացքը՝ մատնանշելով այն կարմիր գիծը, որից այն կողմ կատարված որևէ նահանջ ու զիջում, ըստ էության, հանգեցնելու է հայ տեսակի ու պետականության կորստի», - հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
15:23 - 29 նոյեմբերի, 2021
Հանգիստ չեմ լինի, մինչև տուն չվերադարձնենք բազմաթիվ հայ գերիներին. Ադամ Շիֆ |armenpress.am|

Հանգիստ չեմ լինի, մինչև տուն չվերադարձնենք բազմաթիվ հայ գերիներին. Ադամ Շիֆ |armenpress.am|

armenpress.am: Հայ դատի ամերիկյան հանձնախմբերի խորհրդաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարեց, որ ներկայումս հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում շարունակում են ապրել իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում: «Ճիշտ հենց հիմա հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում ապրում են իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում, միաժամանակ սգալով անթիվ անդամների կորուստը` իրենց հարևանների, ընտանիքի անդամների, սիրած մարդկանց, ովքեր սպանվում են, գերեվարվում, տեղահանվում, խոշտանգվում և ապօրինաբար ձերբակալվում: Որպես Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ ես հանգիստ չեմ լինի մինչև մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ գերիներին, մինչև փախստականները չվերադառնան իրենց տները և տարածաշրջան չբերենք վերջնական ու արդար խաղաղություն»,-  ընդգծեց Շիֆը: Նա նշեց, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հետ շարունակելու են համագործակցել` աջակցելու ու ուժեղացնելու ժողովրդավարությունը Հայաստանում և Արցախում և խորացնելու ԱՄՆ-ի և Հայաստանի ժողովուրդների միջև կապերը: «Ես միշտ կլինեմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»-, եզրափակեց Շիֆը:
12:40 - 29 նոյեմբերի, 2021
Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում կգումարվի Հայ Դատի խորհրդաժողով

Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում կգումարվի Հայ Դատի խորհրդաժողով

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կազմակերպմամբ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում կգումարվի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակները խորհրդաժողով։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ գրասենյակից, մանրամասնելով, որ խորհրդաժողովին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից և  գրասենյակներից, ինչպես նաեւ՝ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ։ Նշվում է, որ խորհրդաժողովի օրակարգը վերաբերում է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքի բոլոր ոլորտներին՝ ստեղծված իրավիճակում Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծմանը հասնելու ուղղություններից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիա-Ադրբեջանի հակահայ գործունեությանը հակազդեցություն և այլն։ Կքննարկվեն նախորդ շրջանի աշխատանքները և առաջիկա անելիքները։ Ըստ անհրաժեշտության՝ կկատարվեն մարտավարական ճշգրտումներ։ Նոյեմբերի 29-ին Երևանում կկայանա խորհրդաժողովի պաշտոնական բացումը։ Նոյեմբերի 30-ից խորհրդաժողովն իր աշխատանքները կշարունակի Գորիսում, իսկ դեկտեմբերի 2-ից՝ Արցախի Հանրապետությունում։
17:01 - 26 նոյեմբերի, 2021
Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու և պատերազմական հանցագործությունների հետաքննության հարցը քննարկվել է ԱՄՆ Սենատում

Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու և պատերազմական հանցագործությունների հետաքննության հարցը քննարկվել է ԱՄՆ Սենատում

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերով ԱՄՆ Սենատում «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումների ընթացքում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլան ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների երեք առաջարկներ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակից։ Դրանցից մեկով նախատեսվում է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հովածի (առավել հայտնի որպես «907-րդ բանաձև») պահանջների կատարումը, որը արգելանք է դնում Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության վրա։ Մյուս երկու նախագծերն ուղղված են Պետդեպարտամենտին և Պաշտպանության դեպարտամենտին՝ պահանջելով տեղեկատվություն տրամադրել «Բայրակթար» անօդաչուներում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ՝ այն համատեքստում, որ այդ տեխնոլոգիաների օգտագործումը երրորդ երկրի կողմից արդյո՞ք ամերիկյան օրենսդրության խախտում չէ։ Օրենսդրական փոփոխության երրորդ առաջարկով, որը ներկայացրել է սենատոր Ալեքս Պադիլան,  Պետդեպարտամենտից և Պաշտպանության դեպարտամենտից պահանջվում է համատեղ զեկույց ներկայացնել՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ ներառյալ հարձակումների ժամանակ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը, սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի օգտագործումը, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների ներգրավումը։ Օրենսդրական փոփոխությունների առաջարկները Սենատի քվեարկությանը կարող են ներկայացվել արդեն հաջորդ շաբաթ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է աշխատանքներն Ամերիկյան ռազմական օժանդակության բոլոր տեսակներից Ադրբեջանին զրկելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի վերջին կողմ էր քվեարկել այլ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք նույնպես ենթադրում են Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության արգելք։ 2021թ․ հուլիսին էլ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր իր կոմպետենտության սահմաններում Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և ռազմակրթական օժանդակության դադարեցման վերաբերյալ օրենսդրական փոփոխություն։ Սենատում ներկայացված օրենսդրական փոփոխությունների առթիվ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է․ «Մենք շնորհակալ ենք սենատորներ Մենենդեսին և Պադիլային` Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու հարցում իրենց սկզբունքայնության համար: Մենք աշխատում ենք Վաշինգտոնում և հիսուն նահանգից յուրաքանչյուրում՝ ապահովելու 907-րդ հոդվածի կիրառումը երաշխավորող, ադրբեջանական ռազմական հանցագործությունները հետաքննող, թուրքական անօդաչու թռչող սարքերում հայտնաբերված տեխնոլոգիաների վերաբերյալ հետաքննություն ենթադրող օրենդրական այս փոփոխությունների ընդունումը»:
12:14 - 05 նոյեմբերի, 2021
Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է երկրի դեսպանի այցը Ադրբեջանի կողմից գրավված Շուշի

Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է երկրի դեսպանի այցը Ադրբեջանի կողմից գրավված Շուշի

Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը երկրի արտաքին գործերի նախարարին նամակ է հղել, որով դատապարտել է 2021թ. հուլիսի 9-10-ը Ադրբեջանում մի շարք երկրների դեսպանների և դիվանագետների այցը Լեռնային Ղարաբաղ, մասնավորապես՝ գրավված հայկական Շուշի քաղաք, որին մաս է կազմել նաև Շվեդիայի դեսպան Կամիլ Քրիստիանը: Այս մասին տեղեկանում ենք Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարությունից։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Նամակի մէջ Հայ Դատի յանձնախումբը նշել է, որ՝ «Ադրբեջանի կառավարութեան կողմից կազմակերպւած այս քարոզչական շրջագայութեանը միանալու շւեդ դիւանագէտի որոշումը ցաւալի արարք է: «Հայ Դատի յանձնախումբը այն կարծիքի է, որ Շւեդիայի պետութիւնն այս ակտի միջոցով հաստատում է Լեռնային Ղարաբաղի, Արցախի եւ Շուշիի օկուպացիան եւ այդպիսով օրինականացնում այդ տարածքներում տեղական հայ բնակչութեան դէմ Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնները»,- գրւած է նամակում:Նամակի մէջ յատուկ շեշտւել է, որ Թուրքիայի Զինւած ուժերով եւ սիրիացի վարձկան ահաբեկիչներով՝ Ադրբեջանի Զինւած ուժերը 2020 թւականի աշնանը այսպէս կոչւած «44-օրեայ պատերազմի» ընթացքում դիտաւորեալ ոչնչացրին Շուշիի քաղաքացիական ենթակառոյցները եւ երկու անգամ ռմբակոծեցին քաղաքի Մայր տաճարը:«Այս կործանարար պատերազմի արդիւնքում թուրք-ադրբեջանական պետութիւնների կողմից տանդեմում, դարաւոր հայկական Շուշի քաղաքն այժմ ենթարկւել է էթնիկական ամբողջական զտումների եւ զրկւել իր բնակչութիւնից՝ հայերից»: Շւեդիայի Հայ Դատի յանձնախմբի նամակում շեշտաւորւելով այն հարցը, որ ԵԱՀԿ-ի կողմից տարւող բանակցութիւնների երկու հիմնարար սկզբունքներից՝ ուժ չկիրառելը եւ մարդու ինքնորոշման իրաւունքը խախտւել են Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում, նշւել է, որ «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահութիւնը՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դեսպանները Բաքւում հրաժարւեցին մասնակցել այս ուղեւորութեանը՝ յստակ պատգամ փոխանցելով, որ Ղարաբաղեան հակամարտութիւնը դեռ լուծւած չէ»: Նամակում նշւել է, որ ըստ երեւոյթին Շւեդիան, որը նախագահում է ԵԱՀԿ-ն, ընդունելով Շուշի ուղեւորութեան հրաւէրը դարձաւ հակամարտութեան կողմ՝ Ադրբեջանի աւտորիտար ռեժիմի քարոզչական արշաւի մասնակիցը, եւ նոյն երկրի դեսպանը ամբողջովին անտեսեց հետեւեալ երկու հիմնական փաստերն ու խարխլեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը՝ գտնելու Ղարաբաղեան հակամարտութեան տեւական, խաղաղ եւ արդար լուծում:Հետեւեալ երկու հիմնական փատերն են՝ 1-Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով պահել աւելի քան 200 հայ ռազմագերիների: Այս բանտարկեալները խոշտանգումների են ենթարկւել եւ օգտագործւել որպէս քաղաքական սակարկութեան առարկայ, որը հակասում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ստորագրւած 2020 նոյեմբերի եռակողմ զինադադարի հռչակագրում նշւած կէտերին: 2-Ադրբեջանը շարունակում է հրաժարւել միջազգային կազմակերպութիւնների պահանջից, ինչպէս ԻՒՆԵՍԿՕ-իպարագային, թոյլ տալ այցելել Լեռնային Ղարաբաղի հայկական կրօնական յուշարձանները: Մինչդեռ հայկական կրօնական յուշարձանների պղծման եւ ամբողջական ոչնչացման ապացոյցեր են ի յայտ եկել: «Վերջապէս ոչ պակաս կարեւոր է 2021 թւականի մայիսից ի վեր ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքում գտնւող Սիւնիքի եւ Գեղարքունիքի մարզեր ներխուժման փաստը, առեւանգելով հայ զինւորականներին եւ բռնութիւններ հրահրելով խաղաղ բնակչութեան նկատմամբ: Շւեդիայի հայերը վրդովւած են եւ բացատրութիւն են պահանջում, թէ ինչու Բաքւում Շւեդիայի դեսպանը մասնակցեց Շուշի կազմակերպւած այցին», գրւած է նամակի վերջում:Շւեդիայի արտաքին գործերի նախարարին Հայ Դատի յանձնախմբի կողմից յղած բողոք-նամակին պատասխանել է նոյն նախարարութեան նամակագրութեան բաժնի համակարգող Վիկտորիա Փիիրէնէն՝ մի նամակով, որի մէջ նշւած է, որ «Շւեդիան այս այցին մաս կազմեց պետական մակարդակով եւ այցը տեղի ունեցաւ այն շրջաններում, որ միջազգային օրէնքի հիման վրայ պատկանում է Ադրբեջանին»:Նամակի մի այլ բաժնում նշելով, որ Շւեդիան իր կատարեալ աջակցութիւնն է յայտնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին՝ կողմերի միջեւ խաղաղ եւ կայուն կարգավիճակ եւ փոխվստահութեան մթնոլորտ իրականացնելու գործընթացին, յստակեցւած է՝«Արտաքին գործերի նախարարութիւնը բազմիցս շեշտել է մարդասիրական իրաւունքի հասանելիութեան եւ բանտարկեալների ազատ արձակման կարեւորութիւնը»: Մարդկային իրաւունքների եւ ժողովրդավարութեան ջատակով հանդիսացող եւրոպայի կարեւոր ներկայացուցիչը անտեսում է ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը, պատերազմի հետեւանքով գերեվարւածների ճակատագիրը եւ մարդկային տարրական իրաւունքը՝ բնակւել այն հողում ուր մարդիկ ծնւել, ապրել ու արարել են:Շւեդիայի ԱԳ նախարարութիւնը աչք է փակում նաեւ այն իրողութիւնը, որ Շուշին երբեւէ չի եղել Ադրբեջան կոչւող պետութեան տարածքում:Շուշին մշատպէս եղել է նախկին ԼՂԻՄ-ի, ապա նաեւ՝ Արցախի Հանրապետութեան կազմում:Իսկ Արցախի Հանրապետութեան ապագայ կարգավիճակի հարցը եղել եւ շարունակում է մնալ աւելի քան 20 տարի, ԼՂ հակամարտութեան վերաբերեալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքոյ անց կացւող բանակցութիւնների օրակարգի կարեւորագոյն հարցերից մէկը»։ 
17:32 - 01 օգոստոսի, 2021
Արման Թաթոյանն Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորներին է ներկայացրել սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը

Արման Թաթոյանն Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորներին է ներկայացրել սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը

Արման Թաթոյանն Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորներին է ներկայացրել սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը. Հայ դատի հանձնախմբի կազմակերպած երկխոսությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ․   Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբն երկրի խորհրդարանի անդամների հետ հուլիսի 26-ին կազմակերպել է քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մասնակցությամբ ադրբեջանական պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկիչների ներգրավմամբ, սահմանային բնակիչների իրավունքների և գերիների ազատ արձակման թեմաներով։   Արման Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը: Մասնավորապես, Պաշտպանը ներկայացրել է ապացույցներ, որոնք հիմնավորում են, որ Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն: Նրանց ներկայությունն ինքնին կյանքի իրավունքի խախտում է: Ադրբեջանական զինծառայողները պարբերաբար առաջացնում են բերքահավաք և խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ, կատարում են կենդանիների գողություններ, հնչեցնում են բնակիչների նկատմամբ սպառնալիքներ և այլն: Ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն:   Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ներկայացրել է մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ: Ընդ որում, միջազգային մարդասիրական իրավունքի ու գերիների իրավունքների կոպիտ խախտում է նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» ներկայացնելը, քանի որ խոսքը գնում է շարունակվող զինված հակամարտության մասին: Նա նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:   Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:   Արման Թաթոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է իր այն եզրակացությունը, որ Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու համատարած վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը, դաժանությունները վկայում են Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական քաղաքականության մասին, որը շարունակվում է մինչ օրս:   Պաշտպանը նշել է, որ Բաքվում պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է:   Նա նաև ընդգծել է, որ դա մարդկային տառապանքների թանգարան է, որը նպատակ ունի ատելություն առաջացնել էթնիկ հայի նկատմամբ և նվաստացնել մարդկային արժանապատվությունը:   Հայ դատի հանձնախումբը և Ավստրալիայի խորհրդարանի անդամները կարևորել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը պատերազմի ժամանակ և դրանից հետո մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու հարցում: Միջոցառմանն Արման Թաթոյանի զեկույցին հաջորդել է քննարկում Պաշտպանի և խորհրդարանականների միջև:
22:24 - 26 հուլիսի, 2021
Երկրները չպետք է մոռանան մարդկային արժանապատվության մասին. Ժոզեպ Բորելը՝ ռազմական ավարի «պուրակի» մասին |1lurer.am|

Երկրները չպետք է մոռանան մարդկային արժանապատվության մասին. Ժոզեպ Բորելը՝ ռազմական ավարի «պուրակի» մասին |1lurer.am|

1lurer.am: Եվրախորհրդարանի պատգամավոր Մավրիդես Կոստասի հարցին, թե՝ Եվրամիությունն ի՞նչ դիրքորոշում ունի և ի՞նչ գործողություններ է իրականացնելու Ադրբեջանում ստեղծված այսպես կոչված ռազմական ավարի «պուրակի» դեմ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պատասխանել է, որ Ադրբեջանը «պետք է խուսափի թշնամանք ու ատելություն սերմանելուց»: Այս մասին Թվիթերում գրառում է արել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը: «Եվրամիության կարծիքով՝ մարդկության պատմության ընկալման ընթացքում պետությունները պետք է չմոռանան մարդկային արժանապատվության և բարիդրացիական հարաբերությունների մասին և պետք է ձգտեն հաշտեցման խթանմանը և խուսափեն թշնամանք և ատելություն սերմանելուց»,- նշել է Բորելը:
11:03 - 26 հունիսի, 2021
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում իշխանություններին դադարեցնել որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին |armenpress.am|

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում իշխանություններին դադարեցնել որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի տասնյակ անդամներ միացել են Դևիդ Վալադաոյի՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ուղղված կոչին՝ հորդորելով դադարեցրել ԱՄՆ որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Մայիսի 24-ին կոնգրեսականների հղած նամակում նաև կոչ է արվում Բայդենին հրատապ կերպով վերանայել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը սահմանափակող «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշումը: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: «Ամերիկյան հարկերից գանձված անգամ մեկ դոլար չպետք է ուղարկվի՝ զինելու նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանի զինված ուժերին՝ մի երկիր, որը Արցախը էթնիկ զտման ենթարկեց, շարունակում է պահել հայ ռազմագերիներին, իսկ հիմա օկուպացրել է տարածք Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է Վալադաոն:  Նա ընդգծել է, որ եթե Բայդենն ուժի մեջ չթողնի 907-րդ ուղղումը, ապա ԱՄՆ Կոնգրեսը պետք է օրենքով արգելի Ալիևի ռեժիմին որևէ տեսակի զենքի կամ աջակցության ցուցաբերումը: Կոնգրեսականների նամակում նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է ապակայունացնող դերակատարում ունենալ տարածաշրջանում, հարձակում է գործում հայերի դեմ՝ նրանց իսկ հայրենիքում, ինչպես նաև տապալում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ որևէ տեսակի ռազմական կամ անվտանգային աջակցությունն Ադրբեջանին»,- նշվում է նամակի եզրափակիչ հատվածում:
14:37 - 25 մայիսի, 2021
Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական Խորհրդարանի հրատապ բանաձևը

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական Խորհրդարանի հրատապ բանաձևը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական Խորհրդարանի հրատապ բանաձևը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերիներին, որոնք ապօրինի պահվում են Ադրբեջանի կողմից։ Այս մասին տեղեկացրին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակից։ «Միջկուսակցական միասնական բանաձևը, որը ստորագրել են ԵԽ հինգ ամենամեծ քաղաքական խմբերը ներկայացնող պատգամավորներ, ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է այսօր։ Բանաձևի քվեարկությունը տեղի ունեցավ լիագումար նիստից հետո, երբ բազում եվրախորհրդարանականներ վճռականորեն դատապարտեցին հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական բարբարոսական պահվածքը և ԵՄ-ին կոչ արեցին ակտիվորեն մասնակցել նրանց ազատման գործընթացին։Բանաձևով, Եվրախորհրդարանը խորը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից բազմաթիվ հայ գերիների պահման ստորացուցիչ պայմանների, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների վերաբերյալ: Ավելին, Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին խստորեն հարգել միջազգային մարդասիրական իրավունքը, համաձայն որի՝ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքը ռազմական հանցագործություն է:Խորհրդարանը բարձրացնում է այն հարցը, որ Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը։ Եվրախորհրդարանն Ադրբեջանին հորդորում է դադարեցնել հայ ռազմագերիների մոտ այդ կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավաբանների, մարդու իրավունքների պաշտպանների և բժիշկների մուտքի արգելքը։ Բացի այդ, բանաձևը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը լիարժեք համագործակցել ՄԻԵԴ-ի հետ՝ տրամադրելով գերության մեջ գտնվող բոլոր անձանց ամբողջական ցուցակը և մանրամասն տեղեկություններ նրանց պահման պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ: Որպես Եվրոպայի խորհրդի անդամ, Ադրբեջանը պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցների կիրառումը, ինչը չի անում։Հայ ռազմագերիների հարցից բացի, բանաձևը քննադատում է Ադրբեջանի զինված ուժերի վերջին ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք՝ դա դիտելով որպես Հայաստանի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի խախտումը:Եվրախորհրդարանը նաև ցավում է, որ Ադրբեջանում ատելության խոսքը և հայատյացությունը բարցրացվել են պետական քաղաքականության մակարդակի։ Մասնավորապես անդրադարձ է կատարվում Բաքվում այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացմանը՝ կոչ անելով անհապաղ փակել այն:Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց մանդատին ԵԱՀԿ 2009թ․ հիմնարար սկզբունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա գտնել հակամարտության կայուն և խաղաղ լուծում։ Ամփոփելով, բանաձևը նաև ընդգծում է Արցախ հումանիտար օժանդակություն ուղարկելու, տեղի հայ բնակչության և վերջինիս մշակութային ժառանգության անվտանգությունն ապահովելու հրատապ անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի, մեկնաբանելով բանաձևը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատում է. «Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևով Եվրահանձնաժողովը և Արտաքին քաղաքականության եվրոպական ծառայությունն իրենց ձեռքում ունեն լրացուցիչ ուժեղ գործիք ավելի կոնկրետ գործելու և իրենց բոլոր քաղաքական ու դիվանագիտական լծակները օգտագործելու բոլոր հայ գերիներին վերադարձնելու համար։ Բացարձակ խայտառակություն է, որ Ադրբեջանի իշխանությունները օգտագործում են այս հումանիտար հարցը որպես սակարկության առարկա՝ աշխարհաքաղաքական կամ տարածքային շահերի համար: Հայ ռազմագերիների` մարդկայնորեն վերաբերվելու և նրանց կալանքից ազատ արձակվելու իրավունքները երաշխավորված են նաև Ադրբեջանի կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաներով: Պատերազմի ավարտից ի վեր Ադրբեջանը խախտում է դրանք»:«Կարևոր է նաև, որ բանաձևով Եվրախորհրդարանը հստակ քննադատում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շարունակական ոտնահարումը: Ադրբեջանի ներխուժումը պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից», - եզրափակում է Կարապետյանը:
20:54 - 20 մայիսի, 2021
Կանադան հավելյալ 1 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում հումանիտար աշխատանքների իրականացման համար
 |shantnews.am|

Կանադան հավելյալ 1 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում հումանիտար աշխատանքների իրականացման համար |shantnews.am|

shantnews.am:  Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն և Միջազգային զարգացման նախարար Կարինա Գուլդը հայտարարել են, որ Կանադան շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերին և խորապես հանձնառու է դրա հումանիտար հետևանքների վերացման գործին: Տեղեկացնում է ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը։ Հիմք ընդունելով 2020 թ. պատերազմական գործողություններից անմիջապես հետո Կանադայի կողմից տրամադրված ֆինանսական օժանդակությունը, պաշտոնական Օտտավան լրացուցիչ 1 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին աջակցելու համար։ Ըստ հայտարարության՝ Կանադան շարունակում է աջակցել ԵԱՀԿ-ին՝ հակամարտության մշտական կարգավորմանը հասնելու հարցում և խրախուսում Հայաստանին ու Ադրբեջանին՝ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Կանադական կողմը նաև պատրաստակամություն է հայտնում շարունակել աշխատել ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար։
20:46 - 19 մայիսի, 2021
Պետքարտուղարության արձագանքը՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի պահանջներին
 |1lurer.am|

Պետքարտուղարության արձագանքը՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի պահանջներին |1lurer.am|

1lurer.am:  ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է Կոնգրեսի հայկական հարցերով երկկուսակցական հանձնախմբի նամակին: Էնթոնի Բլինքենի ղեկավարած կառույցը չի արձագանքել Կոնգրեսի ավելի քան 100 անդամի բարձրացրած վեց հատուկ քաղաքական առաջնահերթություններին: Պետքարտուղարությունը չի անդրադարձել ավելի քան 200 հայ ռազմագերիների վիճակին, որոնց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել անազատության մեջ, Հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): ԱՄՆ նախագահի վարչակազմի նամակում անուշադրության են մատնվել հետևյալ վեց առաջնահերթությունները՝ 1) Ռազմագերիներ. երկկուսակցական հայկական հարցերով հանձնախմբի նամակում շեշտվում է, որ Ադրբեջանը հրաժարվել է ազատել հայ ռազմագերիներին և բերման է ենթարկել խաղաղ բնակիչներին: Պետքարտուղարության նամակում անդրադարձ չկա Կոնգրեսի մտահոգությունը հայ ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ և չի նշվում նրանց վերաբերյալ խնդրի մասին: Պետքարտուղարության պատասխանում նշվում է, որ Միացյալ Նահանգները ողջունում է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ զինված գործողությունների դադարեցումը: Կառույցը նշել է, որ Վաշինգտոնը կարևոր է համարում ԼՂ հակամարտության խաղաղ, կայուն և բանակցված քաղաքական կարգավորումը, ինչպես նաև հակամարտության հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների լուծումը:  Ըստ ԱՄՆ արտաքին գերատեսչության՝  Կովկասում Վաշինգտոնի համապարփակ արտաքին քաղաքականությունը ներառում է ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքը և ժողովրդավարական արժեքների արտացոլումը:  Ըստ կոնգրեսականներին ուղղված պատասխան նամակի՝ Բայդեն-Հարիս վարչակազմը պաշտպանում է այն գաղափարը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանգուցային դերակատարում  ունի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: ԱՄՆ-ն կողմերին կրկին հորդորել է վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափ և բանակցել հակամարտության համապարփակ հանգուցալուծման ուղղությամբ, որը հիմնված կլինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի կիրառման կամ դրա կիրառման սպառնալիքի բացառում, մասնակից երկրների տարածքային ամբողջականության պաշտպանություն և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքի հարգում:  2) Ադրբեջանական և թուրքական ագրեսիա. հայկական հարցերով հանձնախմբի նամակում նշվում էր, որ ադրբեջանական և թուրքական ուժերն են նախաձեռնել 2020 թ. սեպտեմբերի 27-ի հարձակումը, ինչի հետևանքով զոհվեց մոտ 5000 մարդ, իսկ ավելի քան 100000 հայ բռնի տեղահանվեց Արցախից: Պետքարտուղարությունը Բաքուն և Անկարան չի ճանաչել որպես ագրեսորներ: Պատասխան նամակում նշվում է. «Վարչակազմը քննադատում է Թուրքիայի կառավարության պահվածքը, որը մտահոգություն է առաջացնում, և Թուրքիային կոչ անում համապատասխանեցնել գործողությունները սեփական օրենսդրության և միջազգային պարտավորությունների հետ՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից: Վարչակազմը երկկողմ օրակարգ է վերադարձնում մարդու իրավունքների և օրենքի գերիշխանության հարցերը: Միաժամանակ Միացյալ Նահանգների և Թուրքիայի հետաքրքրությունը համընկնում է ահաբեկչության դեմ պայքարում, Սիրիայի հակամարտության հանգուցալուծման և տարածաշրջանային խաղաղության ապահովման հարցում»: Պետքարտուղարությունը նամակում կարևոր է համարել «Թուրքիային խարսխված պահել անդրատլանտյան համագործակցությանը և ՆԱՏՕ-ի հետ դաշինքին, այլ ոչ թե ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք նրան ավելի մոտ կմղեն դեպի Ռուսաստան և Չինաստան»:  3) ԱՄՆ-ի մարդասիրական օգնություն. հայկական հարցերով հանձնախմբի նամակում կոչ էր արել ԱՄՆ-ին «լուրջ պարտավորություններ ստանձնել» Արցախի բնակչությանն անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում, օգնել նրանց վերականգնելու իրենց համայնքներն ու կյանքը: Հայկական հարցերով հանձնախմբի հաջորդ նամակում կոչ է արվում տրամադրել առնվազն 100 մլն Պետքարտուղարությունը Կոնգրեսի կոչերին ի պատասխան առաջարկել է 5 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն՝ հայ և ադրբեջանցի տուժած բնակչությանն աջակցելու համար: 4) 907-րդ  բանաձև.  հայկական հարցերով հանձնախումբը նամակում աջակցել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ կետի կիրառմանը, որով արգելք է սահմանվում Ադրբեջանին զենքի վաճառքի հանդեպ, եթե վերջինը հավատարիմ չէ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Կոնգրեսականները նամակում կոչ են արել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Պետքարտուղարությունը չի նշել, որ Սպիտակ տունը պաշտոնապես հրաժարվել է կիրառել 907-րդ բանաձևը, նաև չի պատասխանել Կոնգրեսի մտահոգություններին՝ Բաքվին ԱՄՆ օգնությունը դադարեցնելու վերաբերյալ: 5) Թուրքական անօդաչու թռչող սարքեր և արգելված զինամթերք. հայկական հարցերով հանձնախմբի նամակում մատնանշվում է, որ Ադրբեջանն օգտագործել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր՝ ամերիկյան բաղադրիչներով և տեխնոլոգիաներով, ինչպես նաև Բաքվի կողմից կասետային և սպիտակ ֆոսֆորի զինամթերքի ապօրինի օգտագործումը: Պետքարտուղարության պատասխան նամակում  անդրադարձ չի կատարվել Կոնգրեսի մտահոգությանը Ադրբեջանի կողմից կասետային և սպիտակ ֆոսֆորական զինամթերքի ապօրինի օգտագործման կապակցությամբ և չի արձագանքել ամերիկյան բաղադրիչներով և տեխնոլոգիաներով թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ օրենսդիրների մտահոգությանը: 6) Օտարերկրյա վարձկաններ. հայկական հարցերով հանձնախմբի նամակը նշում է Թուրքիայի աջակցությունը ստացող օտարերկրյա վարձկաններին՝ Ադրբեջանում տեղավորելուն: Նրանց մեծ մասը կապ ունի միջազգայնորեն ճանաչված ահաբեկչական խմբավորումների հետ: Պետքարտուղարության նամակում չի անդրադարձել նաև Կոնգրեսի այդ մտահոգություններին: 2021 թվականի մայիսի 6-ի պետքարտուղարության նամակը ստորագրել է ԱՄՆ պետքարտուղարի օրենսդրական հարցերով օգնականի պաշտոնակատար Նազ Դուրակօղլուն: 
19:07 - 12 մայիսի, 2021