ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյան։ ԿԸՀ նախագահի տեղակալ՝ Լաուրա Գալստյան։ ԿԸՀ քարտուղար՝ Արմեն Սմբատյան։ ԿԸՀ անդամներ՝ Գեորգի Մարտիրոսյան, Սիլվա Մարկոսյան, Նունե Հովհաննիսյան, Սեյրան Շահսուվարյան։

Ղազախստանի ԿԸՀ ներկայացուցիչները ցանկանում են որպես այցելուներ ներգրավվել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ

Ղազախստանի ԿԸՀ ներկայացուցիչները ցանկանում են որպես այցելուներ ներգրավվել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ

Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը սեպտեմբերի 7-ին հյուրընկալվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։  Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Ալիխան Ախմետովը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Դաուրեն Սարիբաևը։ Հյուրերին ընդունել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։ Դեսպան Իմանբաևը շնորհակալություն է հայտնել ԿԸՀ նախագահին Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ժամանակ գտնելու համար և կարևորել է Հայաստանի ու Ղազախստանի ԿԸՀ-ների հետագա համագործակցությունը։ Դեսպանն ընդգծել է՝ ՀՀ ԿԸՀ-ն միշտ պատրաստակամ է եղել և դիտորդական առաքելություն է իրականացրել Ղազախստանի Հանրապետության տարբեր ընտրությունների ժամանակ։ Դեսպանը հույս է հայտնել, որ այդ բարի ավանդույթը կշարունակվի նաև հետագայում։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին և վստահեցրել, որ ՀՀ-ի և Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ-ների համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում։ Կողմերը քննարկել են նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ ներկայացուցիչների ներգրավումը որպես այցելուներ։
16:26 - 07 սեպտեմբերի, 2023
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցություններ ու դաշինքներ շրջեցին վարչական շրջաններում

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցություններ ու դաշինքներ շրջեցին վարչական շրջաններում

Այսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցություններ ու դաշինքներ քարոզարշավի ժամանակ շրջեցին քաղաքի վարչական շրջաններում։  «Քաղաքացիական պայմանագիր»-ը Մալաթիա-Սեբաստիայում էր։ Տիգրան Ավինյանը սուտ որակեց մեղադրանքները, թե «իրեն է ծառայեցնում ոստիկանությանը, թաղայիններին՝  քարոզարշավի մասնակիցներ հավաքելու համար»։ «Մեզ բոլոր վարչական շրջաններում շատ դրական են ընդունում»,- ասաց Ավինյանը։ «Արդար Հայաստան» կուսակցությունը Նուբարաշենում էր։ Կուսակցության ցուցակը գլխավորող Նորայր Նորիկյանն ասաց` ուզում են ներդնել 24-ժամյա կառավարման համակարգ կամ «գիշերային քաղաքապետի» ինստիտուտ․ «Մենք կկարողանանք 24 ժամ շարունակ Երևան քաղաքի բնակիչներին մատուցել որակյալ ծառայություններ»։ «Հանրապետություն» կուսակցությունը Նոր Նորքում էր։ Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց՝ իրենք համարում են, որ Հայաստանը պիտի դառնա եվրոպական, արևմտյան ընտանիքի անդամ, սկսի համագործակցել ՆԱՏՕ-ի հետ և դուրս գա ՀԱՊԿ-ից։ «ԵԱՏՄ-ն էն տնտեսական կառույցը չէ, որում հնարավոր է զարգացում ունենալ իր հին տեխնոլոգիաներով և կոռումպացված համակարգով։ Մենք պիտի ստորագրենք ասոցացման համաձայնագիր և մաս դառնանք եվրոպական շուկայի։ Մենք տեսնում ենք, որ տնտեսության նման զարգացումն է, որ Երևանի բյուջեին լրացուցիչ մուտքեր կապահովի»,- ասաց նա։ «Լուսավոր Հայաստանը» Հույսի Ավան Թաղամասում էր։ Կուսակցության առաջին համար Դավիթ Խաժակյանը բնակիչների հետ խոսեց թաղամասի խնդիրների մասին։ «Մայր Հայաստան» դաշինքն Էրեբունի վարչական շրջանում էր։ Դաշինքի ցուցակը գլխավորող Անդրանիկ Թևանյանն ասաց, որ իրենք ընտրություններին մասնակցում են ամբողջական իշխանափոխություն իրականացնելու ծրագրով։ «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գլխավոր հնարավորություններից մեկը Երևանի ավագանու ընտրություններում Երևանում իշխանափոխություն իրականացնելն է»,- նշեց նա։  
17:49 - 26 օգոստոսի, 2023
Ավագանու անդամի 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Ավագանու անդամի 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Երևանի ավագանու ընտրություններում գրանցված «Ուժը հայրենյաց» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ավագանու անդամի երեք թեկնածու ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԿԸՀ։ ԿԸՀ-ից հայտնում են, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության (ղեկավարը՝ Տիգրան Արզաքանցյան)  ընտրական ցուցակում ընդգրկված Սոնա Խարբերտյանի և Եկատերինա Վալեանուի ինքնաբացարկի դիմումները սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել, հետևաբար վերջիններիս ներկայությունը պարտադիր չի եղել նիստին։ Իսկ ինքնաբացարկի դիմում ներկայացրած ավագանու անդամի մյուս թեկնածու կուսակցությունից («Ազգային առաջընթաց» կուսակցությունից, քաղաքապետի թեկնածուն՝ Հայկ Մարության) Էլինա Ավետիսյանն անձամբ է դիմումը փոխանցել հանձնաժողովին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, քանի որ դիմումը չի պարունակել նոտարական վավերացում»,- ասված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։  
16:30 - 24 օգոստոսի, 2023
Հոկտեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

Հոկտեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն: Թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2023 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև սեպտեմբերի 29-ը՝ մինչև ժամը 18:00-ն: Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 4-ը՝ մինչև ժամը 18:00-ն: Մեծամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների 2023 թվականի հոկտեմբերի 29-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:
12:07 - 24 օգոստոսի, 2023
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը սկսվում է օգոստոսի 23-ին, ավարտվում՝ սեպտեմբերի 15-ին. ԿԸՀ

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը սկսվում է օգոստոսի 23-ին, ավարտվում՝ սեպտեմբերի 15-ին. ԿԸՀ

Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է 2023 թվականի օգոստոսի 23-ին և ավարտվում 2023 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 24։00-ին: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ Այս ժամանակահատվածում նախընտրական քարոզչությունը պետք է իրականացվի Ընտրական օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգի պահպանմամբ։ Թեկնածու հանդիսացող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք, բացառությամբ քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների, 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 17-ն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները: Այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ որոնք ղեկավարվում են կուսակցությունների կողմից, ընտրությունների նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում չեն կարող բարեգործություն իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Կազմակերպությունը համարվում է կուսակցության կողմից ղեկավարվող, եթե կազմակերպության ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ։ Նշված արգելքը տարածվում է նաև այն կազմակերպությունների վրա, որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու։ Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն` 1) հատուկ այդ նպատակով առանձնացված տեղերում, վճարովի գովազդային վահանակներում, ընտրական շտաբների վրա. 2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա: Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են առանց սահմանափակման փակցվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ` այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը միջոցառման ավարտից հետո հանվում են համապատասխան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից: Նախընտրական քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք առանց սահմանափակման կարող են կրել քարոզչական նյութեր: Արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև բաշխվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 19.08.2023թ. N 46-Ա որոշմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա ընտրություններին մասնակցող կուսակցությունն արտաքին գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության հետ կնքում է պայմանագիր` քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութ փակցնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից պայմանագիր չկնքվելու դեպքում գովազդային վահանակը տնօրինողն ազատ է կնքելու այլ պայմանագիր՝ այդ վահանակն այլ նպատակներով օգտագործելու: Հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում: Նախապես չբաշխված արտաքին գովազդային վահանակում փակցրած քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը պետք է հանվեն։ Արգելվում են քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ որևէ այլ եղանակով վնասելը: Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:  Արգելվում է անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով արգելվում է։ Արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը` 1) հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս. 2) պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս. 3) դատավորներին, դատախազներին, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներին, զինծառայողներին, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննչական մարմինների ղեկավարներ և ղեկավարների տեղակալներ, քննիչներ). 4) ընտրական հանձնաժողովների անդամներին. 5) բարեգործական և կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին. 6) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին, քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ այն դեպքերին, երբ նշված անձինք ունեն ընտրական իրավունք. 7) Մարդու իրավունքների պաշտպանին. 8) Կենտրոնական բանկի նախագահին և խորհրդի անդամներին. 9) Հաշվեքննիչ պալատի անդամներին. 10) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին. 11) ինքնավար մարմինների անդամներին. 12) Բարձրագույն դատական խորհրդի անդամներին. 13) Հանրապետության նախագահին․ 14) դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպություններին և դիտորդներին։ Ազգային ժողովի պատգամավորին և անմիջականորեն ընտրողների կողմից ընտրված համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին չի արգելվում քարոզչություն կատարելը կամ քարոզչական նյութ տարածելը` բացառելով վարչական ռեսուրսների օգտագործումը: Հանրային ծառայության մեջ գտնվող թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են հետևյալ սահմանափակումների հաշվառմամբ. 1) արգելվում է թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը, կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար. 2) արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։ Եթե իրականացվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակում ընդգրկված հանրային ծառայության մեջ գտնվող թեկնածուի այլ գործունեության լուսաբանում, ապա վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող զանգվածային լրատվության միջոցն այն հաշվի է առնում մյուս թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների գործունեությունը լուսաբանելիս` լուսաբանման հավասարության ոչ խտրական սկզբունքը պահպանելու համար:
19:27 - 22 օգոստոսի, 2023
Հայտնի է՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժերը որ համարի ներքո են հանդես գալու

Հայտնի է՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժերը որ համարի ներքո են հանդես գալու

ԿԸՀ արտահերթ նիստում Երևանի ավագանու ընտրությունների համար գրանցված կուսակցություններին տրամադրվեցին համարներ, որի ներքո նրանք հանդես են գալու ընտրություններին: Ըստ այդմ՝   «Ուժը հայրենյաց» կուսակցություն - 5 «Հանրային ձայն» կուսակցություն - 1 «Արդար Հայաստան» կուսակցություն - 3 «Հայաստանի եվրոպական» կուսակցություն-6 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն-12 «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն- 8 «Ազգային առաջընթաց» կուսակցություն - 7 «Ապրելու երկիր» կուսակցություն- 13 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 2 «Միացյալ Հայաստան» կուսակցություն- 10 «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք -14 «Հաղթանակ» կուսակցություն- 4 «Հանրապետություն» կուսակցություն- 9 «Լուսավոր Հայաստան» կուսակցություն -11
12:05 - 19 օգոստոսի, 2023
ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 14 ուժերին
 |armenpress.am|

ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 14 ուժերին |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 18-ին քննարկեց Երևանի ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած ուժերի գրանցման հարցը։ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրվել են 13 կուսակցություն և 1 դաշինք։  ԿԸՀ-ն արձանագրեց, որ առաջադրված բոլոր քաղաքական ուժերի փաստաթղթերը համապատասխանում են ընտրական օրենսգրքի պահանջներին։   Այսպիսով՝  «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների և «Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքի ընտրական ցուցակները համարվում են գրանցված։ Գրանցումից հետո եռօրյա ժամկետում՝ մինչև օգոստոսի 21-ը, ընտրական ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ համացանցային կայքում՝ elections.am։ Կուսակցությունների, ինչպես նաև ավագանու անդամների թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ են ներկայացվելու օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 23-ը։  Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին  և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Քվեարկության նախորդ օրը՝ սեպտեմբերի 16-ին, ինչպես նաև քվեարկության օրը, քարոզչությունն արգելվում է։
16:55 - 18 օգոստոսի, 2023
Երևանի ավագանու ընտրություններին առաջադրվել է 13 կուսակցություն և մեկ դաշինք

Երևանի ավագանու ընտրություններին առաջադրվել է 13 կուսակցություն և մեկ դաշինք

2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրվել է 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք։ Ըստ ԿԸՀ հաղորդագրության՝ դրանք են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։ Առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի գրանցումն իրականացվելու է մինչև օգոստոսի 18-ը։ Գրանցումից հետո եռօրյա ժամկետում՝ մինչև օգոստոսի 21-ը, ընտրական ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ համացանցային կայքում՝ elections.am։ Կուսակցությունների, ինչպես նաև ավագանու անդամների թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ են ներկայացվելու օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 23-ը։  Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին շարունակվելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Քվեարկության նախորդ օրը՝ սեպտեմբերի 16-ին, ինչպես նաև քվեարկության օրը քարոզչությունն արգելվում է։
18:26 - 13 օգոստոսի, 2023
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջին հայտը
 |armenpress.am|

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջին հայտը |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 10-ին ստացել է Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջին հայտը: Մասնակցության հայտ է ներկայացրել Հայաստանի եվրոպական կուսակցությունը: Այս մասին օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: «Այս պահին մուտք են արվում Հայաստանի եվրոպական կուսակցության փաստաթղթերը»,- ասաց նա: Անդրադառնալով այն փաստին, որ մի շարք կուսակցություններ հատնել են մասնակցության մասին, սակայն դեռ առաջադրումներ չեն արել՝ Հովակիմյանն ընդգծեց՝ ավանդույթի համաձայն առաջադրումները լինում են հայտերի ընդունման նախավերջին կամ վերջին օրը: «Իրականում դրա պատճառները պրագմատիկ են. կուսակցությունները մինչև վերջին օրը փաստաթղթերը ձևավորելու, ճշգրտելու փուլում են: Սպասում են, որ փաթեթն ամբողջանա, նոր ներկայացնեն»,-ասաց Հովակիմյանը: ԿԸՀ նախագահի համոզմամբ՝ առաջադրումների մեծ մասը կլինի օգոստոսի 12-13-ին: Ավելի վաղ ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունից ստացած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում պաշտոնապես գործող 117 կուսակցությունից 71-ի կանոնադրությունը դեռ համապատասխանեցված չէ կուսակցությունների մասին օրենքին: Հովակիմյանը շեշտեց՝ այս ընթացքում բոլորին իրազեկել են, որ կանոնադրությունները համապատասխանեցնեն օրենքին: «Գիտեմ քաղաքական դաշտում հայտնի կուսակցություններ, որոնք ապրիլի դրությամբ չէին համապատասխանեցրել: Այն քաղաքական ուժերը, որոնք լրագրողների փոխանցմամբ հավակնել են, կարծում եմ՝ այս ընթացքում այդ թղթաբանությունն արել են: Ես ՀՀ արդարադատության նախարարի հետ կապի մեջ եմ ու նրան խնդրել եմ հանձնարարել պետռեգիստրին մինչև օգոստոսի 13-ն արտակարգ ռեժիմով աշխատել, այսինքն՝ եթե որևէ կուսակցություն փաստաթղթերը տանի կանոնադրությանը համապատասխանեցնելու, արտահերթ իրականացնեն այդ աշխատանքները, որ օպերատիվ լինի»,-ասաց Վահագն Հովակիմյանը: Օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները:Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 18:00-ն: Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
13:45 - 10 օգոստոսի, 2023