ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

Դատական համակարգում կատարված հսկայածավալ բարեփոխումների արդյունքները քաղաքացիները կզգան 2024 թ․ առաջին ամիսներից․ Կարեն Անդրեասյանն ընդունել է ԵՄ դեսպանին

Դատական համակարգում կատարված հսկայածավալ բարեփոխումների արդյունքները քաղաքացիները կզգան 2024 թ․ առաջին ամիսներից․ Կարեն Անդրեասյանն ընդունել է ԵՄ դեսպանին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։  Հանդիպման ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Եվրոպական Միության դեսպանին է ներկայացրել վերջին մեկ տարում դատական համակարգում կատարված հսկայածավալ բարեփոխումներն ու արձանագրված  ձեռքբերումները, որոնց դրական հետևանքները քաղաքացիներն իրենց կյանքում կզգան արդեն 2024 թվականի առաջին ամիսներից: Կարեն Անդրեասյանն անդրադարձել է ինչպես Հայաստանում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարում դատարանների ունեցած մեծ դերին, այնպես էլ հենց դատական համակարգի ներսում կոռուպցիոն երևույթների դեմ տարվող աշխատանքներին: Խորհրդի նախագահը կարևորել է դատավորների հեղինակության, ինչպես նաև դատարանների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ուղղված կատարվող աշխատանքները: Կարեն Անդրեասյանը հատկանշական է համարել, որ Բարձրագույն դատական խորհրդի համար առաջնային է Եվրոպական Միության հետ համագործակցությունը, որի դրական արդյունքներից մեկն է ավարտական փուլում գտնվող քաղաքացիական դատավարության թվայնացումը, ինչը լինելու է և՛ ի շահ քաղաքացու, և՛ ի շահ պետության, քանի որ փոփոխության արդյունքում կթոթափվի դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչն էլ կհանգեցնի դատական գործերի քննության ժամկետների էական նվազման: ԵՄ դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության ընթացքում գրանցած ձեռքբերումների համար, առանցքային է համարել դատական իշխանության անկախության ապահովումը և պատրաստակամություն հայտնել ամրապնդելու փոխգործակցությունը՝ կարևորելով ՀՀ դատական իշխանության և Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի միջև համագործակցության ամրապնդումը։  Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առկա համագործակցությունն առավել խորացնելու՝ փորձի փոխանակման, դատաիրավական համակարգի քաղաքականության մշակման հարցում փոխգործակցության, դատարանների շենքային պայմանների բարելավմանն ուղղված հայեցակարգերի մշակման և կառուցակարգային այլ հարցերին առնչվող ծրագրերի իրագործման վերաբերյալ:
15:13 - 30 հոկտեմբերի, 2023
ԲԴԽ-ն անդրադարձել է տեղեկություններին, թե «տղամարդ դատավորների սափրված լինելու մասին» նախագիծ է շրջանառվել

ԲԴԽ-ն անդրադարձել է տեղեկություններին, թե «տղամարդ դատավորների սափրված լինելու մասին» նախագիծ է շրջանառվել

Մամուլում տարածված և շահարկված այն տեղեկություններին ի պատասխան, թե Բարձրագույն դատական խորհրդի կողմից շրջանառվել է նախագիծ «տղամարդ դատավորների սափրված լինելու մասին» խորհրդից պարզաբանում են տարածել: Պարզաբանման մեջ ասվում է. «Մի խումբ դատավորների կողմից  մշակվել և Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացվել դատավորների ներքին կարգապահական կանոնների վերաբերյալ նախագիծ՝ որն ուղղված է դատարանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, դատավորների ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարմանը և դատավորների աշխատանքային կարգապահության ապահովմանը։ Հատկանշական է, որ նախագիծը դեռևս գտնվում է ամենավաղ նախնական քննարկումների,  առաջարկների, դիտարկումների և վերամշակման փուլում: Դատական դեպարտամենտի, դատավորիների և ԲԴԽ անդամների կողմից քննարկումների ավարտից, նախագծի վերաբերյալ առաջարկությունների, դիտարկումերի հավաքագրումից և դրանցից ընդունելիներն իրացնելուց հետո՝  այն կստանա արդեն վերջնական, մշակված տեսք, որից հետո արդեն ԲԴԽ-ի կողմից կքննարկվի այն ընդունելու հարցը: Թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով՝ ստորև ձեզ ենք ներկայացնում դատավորների շրջանում շրջանառված նախագիծն այս պահի լրամշակմամբ,  որտեղ բացակայում են մի քանի լրագրողներին չափազանց անհանգստացրած՝ սափրվելու սուր թեման»։
15:28 - 25 հոկտեմբերի, 2023
Դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել ԲԴԽ-ի որոշումները և վերականգնել դադարեցված լիազորությունները |armenpress.am|

Դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել ԲԴԽ-ի որոշումները և վերականգնել դադարեցված լիազորությունները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել Բարձրագույն դատական ​​խորհրդի որոշումները և վերականգնել նախկինում դադարեցված լիազորությունները։ Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ «Նախագծի նպատակն է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման իրավական հնարավորության նախատեսումը։ Նախագծի ընդունումը բխում է ԳՐԵԿՈ-ի 2015 թվականի գնահատման զեկույցում տեղ գտած և 2021 թվականի միջանկյալ զեկույցում վերահաստատված հանձնարարականից, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դեռևս հնարավոր չէ բողոքարկել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումները և եզրակացրել է, որ այս մասով իր հանձնարարականը մնում է չկատարված։ Նախագծով առաջարկվող լուծումները այս պահին միակ հնարավոր լուծումներն են՝ հաշվի առնելով մեր սահմանադրական կարգավորումները, ինչի մասին նշել է նաև Վենետիկի հանձնաժողովն իր համապատասխան կարծիքում»,- ասաց Մինասյանը։ Նախարարը հիշեցրեց, որ նախագծով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունն իրականացնելու է Բարձրագույն դատական խորհրդի 4 անդամ ընդգրկող կազմը։ Նրա խոսքով՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությամբ զբաղվող ԲԴԽ նշված կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր և ընդգրկելու է դատավորներին ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական թեկնածուներ։ « Դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացնելու է ԲԴԽ-ն, տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկած անդամների կազմով։ Բողոքի քննության համար նախատեսվել է երկամսյա ժամկետ»,- նշեց Մինասյանը։ Միևնույն ժամանակ, նախարարը հայտնեց, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո կառավարության կողմից ներկայացվել են գրավոր առաջարկներ, որոնք հաստատվել են Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, և նախագիծը լրամշակվել է։  
11:42 - 24 հոկտեմբերի, 2023
Այսօր Երևանի դատարաններն ընտրողներից դիմումներ չեն ստացել |hetq.am|

Այսօր Երևանի դատարաններն ընտրողներից դիմումներ չեն ստացել |hetq.am|

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, որևէ ընտրող, քաղաքական ուժի ներկայացուցիչ չի դիմել դատարան՝ վերականգնելու Երևանի ավագանու ընտրություններում իր ընտրելու կամ խախտված իրավունքը։ Այդ մասին «Հետք»-ին փոխանցեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։ Ընտրատեղամասերում շրջելիս արձանագրել ենք, որ մի քանի ընտրող, հասնելով ընտրատեղամաս, պարզել են, որ իրենց անունն ընտրացուցակներում չկա։ Նմանատիպ իրավիճակի ականատես եղանք նաև թիվ 10/17 ընտրատեղամասում։ Երկու տարեց կանայք եկան տեղամաս, սարքի գործադրմամբ պարզվեց, որ նրանցից մեկը չի կարող ընտրել, քանի որ անունը ցուցակներում չկա։ Հանձնաժողովի անդամները խորհուրդ տվեցին դիմել դատարան։ Սակայն տարեց կինը հրաժարվեց գնալ դատարան։ «Երևի արդեն մեծ եմ, էլ չեմ կարող ընտրել»,- հայտարարեց նա ու հեռացավ։ Ընտրական օրենսգրքով նախատեսված են մի շարք իրավիճակներ, երբ ընտրողների, թեկնածուների իրավունքների պաշտպանությունը վերապահված է դատարանին: Դրանցից մեկը վերաբերում է ընտրացուցակներում անունը չլինելուն։ Այդ իրավունքի պաշտպանությունից կարող են օգտվել նաև հենց քվեարկության օրը: Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
22:16 - 17 սեպտեմբերի, 2023
ԲԴԽ նախագահը և Իրանի դեսպանն անդրադարձել են դատական իշխանությունների միջև սերտ կապի ամրապնդմանը

ԲԴԽ նախագահը և Իրանի դեսպանն անդրադարձել են դատական իշխանությունների միջև սերտ կապի ամրապնդմանը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին: ԲԴԽ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ողջունել երկկողմ ներդրվող ջանքերը բազմադարյա հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու գործում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացման, դատական իշխանությունների միջև սերտ կապի ամրապնդման, դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված հնարավոր փոխգործակցության և աջակցության վերաբերյալ հացերին: Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ և պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ:  
14:54 - 15 սեպտեմբերի, 2023
ԲԴԽ-ն դատավոր Գ. Բալյանին նկատողություն է հայտարարել. նա որդեգրման վճիռը կայացրել էր անհրաժեշտ օրենսդրական հիմքերի բացակայությամբ

ԲԴԽ-ն դատավոր Գ. Բալյանին նկատողություն է հայտարարել. նա որդեգրման վճիռը կայացրել էր անհրաժեշտ օրենսդրական հիմքերի բացակայությամբ

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն և դատավոր Գևորգ Բալյանին հայտարարել նկատողություն։ Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից։   «Դատավորը թույլ էր տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես, վճռով հաստատել էր դիմողների կողմից երեխայի որդեգրման փաստը՝ անտեսելով այն հանգամանքը, որ դիմողները, հաշվառված չլինելով որպես որդեգրել ցանկացող անձինք, չեն ունեցել երեխա որդեգրելու իրավունք, իսկ երեխան, ներառված չլինելով որդեգրման ենթակա երեխաների ցուցակում, չի հանդիսացել որդեգրման ենթակա երեխա։ Բացի այդ, դատավորը որդեգրման վճիռը կայացրել է երեխա որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի բացակայությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
12:25 - 04 սեպտեմբերի, 2023
Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքի մեկնարկից մեկ տարի անց դրա գործերը, չնայած օրենքի պահանջին, Datalex-ում դեռ հասանելի չեն

Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքի մեկնարկից մեկ տարի անց դրա գործերը, չնայած օրենքի պահանջին, Datalex-ում դեռ հասանելի չեն

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությունը պահանջում է դատական համակարգի նկատմամբ հանրային բարձր վստահություն, ինչը առկա պայմաններում բացակայում է։ Ի թիվս մի շարք այլ փաստարկների, իշխանությունները նաեւ այսպես էին հիմնավորում ՀՀ-ում նոր՝ Հակակոռուպցիոն դատարան ստեղծելու անհրաժեշտությունը։ Օրերս լրացավ այդ դատարանի գործունեության մեկ տարին, եւ ենթադրվում էր, որ գոնե այդ մեկ տարվա ընթացքում պիտի լուծված լինեին դատարանի գործունեության հետ կապված այն խնդիրները, որ նախապես լուծում չէին ստացել, սակայն կարեւոր խնդիրներից մեկը, որ առնչվում է վարույթի հրապարակայնությանը, մինչ օրս մնում է առկախված։ Դատարանների նկատմամբ հանրության վստահության համատեքստում հրապարակայնությունն առանձնահատուկ տեղ ունի, քանի որ այն ժողովրդավար հասարակություններում արդարադատության իրականացումը տեսանելի դարձնելու հիմնական միջոցն է, որ թույլ է տալիս հասարակական հսկողության տակ պահել դատարանների աշխատանքը։ Ինչպես ռուս իրավաբան Միխայիլ Դուխովսկին է նշել՝ արդարադատությունը հանրային աշխատանք է եւ իրականացվում է՝ հանրային շահերից ելնելով, իսկ այդպիսի ցանկացած գործունեություն իր էությամբ պետք է լինի հրապարակային՝ հասարակական կարծիքի եւ մամուլի հսկողության ներքո։ Այս տրամաբանությամբ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ամրագրված է, որ դատարանում գործերի քննությունն իրականացվում է դռնբաց (բացառությամբ դռնփակ նիստ անցկացնելու՝ օրենքով սահմանված հիմքերի), իսկ դրանց վերաբերյալ մի շարք տեղեկություններ ենթակա են հրապարակման Դատական տեղեկատվական համակարգում՝ Datalex.am-ում (այսուհետ՝ նաեւ Համակարգ): Հակակոռուպցիոն դատարանում, որը քննում է կոռուպցիոն հանցագործությունները եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերը (պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության եւ ապօրինի գույքի բռնագանձման հայցերը), թեեւ դռնբաց քննություն իրականացվում է, սակայն հրապարակման ենթակա ողջ տեղեկությունները չեն հրապարակվում: Պատճառը Datalex.am-ում Հակակոռուպցիոն դատարանի ենթաբաժնի շարունակական բացակայությունն է։ Infocom-ը դեռ ամիսներ առաջ՝ մարտին էր անդրադարձել այս խնդրին՝ պատասխանատու կառույցներից փորձելով հասկանալ, թե որն է դրա պատճառը, եւ ինչ քայլեր են ձեռնարկվում օրենքի պահանջն ապահովելու համար։ Datalex․am-ը սպասարկող ընկերությունից, լսելով խնդրի մասին, զարմացել էին՝ խոստանալով շտկել այն, իսկ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը՝ Դատական դեպարտամենը, խնդիրը պայմանավորել էր տեխնիկական եւ ծրագրային համապատասխան աշխատանքների անհրաժեշտությամբ՝ նշելով, որ իրականացվում են Համակարգում համապատասխան գործիքակազմի նախատեսում եւ քննվող գործերի ենթաբաժնի ստեղծում, որոնցով դրանց ընթացքի վերաբերյալ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում առկա տեղեկությունները կլինեն հասանելի։ Այսինքն՝ դատարանների գործավարությունն ապահովող համակարգչային ծրագրում նորաստեղծ դատարանը ներդրված էր, տվյալները էլեկտրոնային եղանակով մուտքագրվում էին, սակայն  Datalex.am չէին փոխանցվում եւ չէին հրապարակայնացվում։  Ըստ Դեպարտամենտի՝ ծրագրային լուծումները թեստավորման փուլում են Օգոստոսի 16-ին դարձյալ գրավոր հարցում ենք ուղարկել Դատական դեպարտամենտին՝ խնդրելով հայտնել՝ մեր նախորդ հարցումից հետո ի վերջո նախատեսվե՞լ է համապատասխան գործիքակազմ, եւ ստեղծվե՞լ է համապատասխան ենթաբաժին։ Ի պատասխան՝ Դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Նաիրի Գալստյանը հայտնել է՝ նախատեսվել է ինչպես գործիքակազմը, այնպես էլ ենթաբաժինը, սակայն աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Հարցին, թե ինչով է պայմանավորված հապաղումը, կոնկրետ պատասխան չի տրվել։  Դատական դեպարտամենտի եւ Համակարգը սպասարկող «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության միջեւ այս տարվա հունվար եւ մարտ ամիսներին կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնցով, ի թիվս այլնի, սահմանվել է, որ անհրաժեշտ է կատարել մի շարք փոփոխություններ եւ ծրագրային ապահովումներ, այդ թվում՝ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) բազայից տվյալների պարբերաբար, անխափան եւ ավտոմատ փոխանցման ապահովումը Datalex համակարգի սերվեր։ Գրավոր հարցմամբ հետաքրքրվել ենք՝ եթե այս աշխատանքները կատարվել են, եւ Ծրագրի բազայից Հակակոռուպցիոն դատարանի վերաբերյալ տվյալները փոխանցվում են Համակարգի սերվեր, ո՞րն է պատճառը, որ դրանք հրապարակային չեն դառնում։ Միաժամանակ նշել ենք, որ հիշյալ պայմանագրերում առկա են Հակակոռուպցիոն դատարանին, նաեւ դրա վերադաս ատյաններին վերաբերող այլ դրույթներ եւս, ուստի խնդրել ենք հայտնել՝ եթե դրանցից ոչ մեկը վերաբերելի չէ հրապարակման ենթակա տեղեկությունները Համակարգում հասանելի (հրապարակային) դարձնելուն ուղղված կոնկրետ ծրագրային աշխատանքներին, ապա ի՞նչ պատճառաբանությամբ նույն կամ որեւէ այլ պայմանագրով չեն նախատեսվել հենց այդ աշխատանքները։ Ի պատասխան՝ Դեպարտամենտից կրկնել են, որ հիշյալ պայմանագրերում նախատեսվել են կատարվել մի շարք փոփոխություններ եւ ծրագրային ապահովումներ, ներառյալ Ծրագրի բազայից տվյալների պարբերաբար, անխափան եւ ավտոմատ փոխանցման ապահովումը Datalex համակարգի սերվեր․ «Ձեր կողմից նշված տեղեկությունների հասանելիության ապահովմանն ուղղված ծրագրային լուծումները թեստավորման փուլում են»,- ասված է պատասխանում։ Ըստ Դեպարտամենտի՝ տեղեկությունները ամբողջապես հասանելի դարձնելուն պես Համակարգում ինքնաբերաբար հասանելի են լինելու Հակակոռուպցիոն դատարանի բոլոր ատյանների տեղեկությունները։ Նշենք, որ 2023 թ․ հունիսի 15-ից գործում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (մինչ այդ Վերաքննիչ քրեական դատարանում գործում էին կոռուպցիոն գործեր քննող առանձին դատավորներ), իսկ 2022 թ․ հուլիսի 1-ից՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը։ Հարցին, թե մոտավորապես ինչ ժամկետներում պետք է ակնկալել հրապարակման ենթակա տեղեկությունների հասանելիությունը Համակարգում, Դեպարտամենտից պատասխանել են հետեւյալը․ «Դատական գործերի հրապարակայնության սկզբունքի հաշվառմամբ՝ Դատական դեպարտամենտը շարունակում է հետեւողականորեն ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները հրապարակման ենթակա տեղեկությունների հասանելիությունը Համակարգում հնարավոր սեղմ ժամկետում ապահովելու նպատակով։ Ավելին, ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում մեկշաբաթյա պարբերականությամբ հրապարակվում է Հակակոռուպցիոն դատարանի դատավորների վարույթներում քննվող դատական գործերի վերաբերյալ տեղեկատվություն»։ Նշենք, սակայն, որ ԲԴԽ կայքում հրապարակվող տեղեկությունները օրենքով սահմանված հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկի չնչին, մեծամասամբ՝ տեխնիկական մասն են միայն։ Datalex-ը սպասարկող ընկերության ղեկավարի խոսքով՝ իրենք ծանրաբեռնված են մեկ այլ համակարգի աշխատանքներով Datalex-ը սպասարկող «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության ղեկավար Արմեն Մանուկյանը մեր զրույցում հայտնեց, որ մեր բարձրացրած խնդրի ուղղությամբ աշխատանքներ, այո, տարվում են, սակայն շատ մեծ աշխատանք է տարվում մեկ այլ համակարգի հետ կապված, որն էլ խլում է իրենց ողջ ռեսուրսը․  «Չգիտեմ՝ տեղյակ եք թե չէ, շատ մեծ աշխատանք է կատարվում քաղդատավարության հետ կապված, քաղդատավարության մեջ բոլոր քաղաքացիներին տալիս ենք էլեկտրոնային կաբինետներ, եւ դրանով ցանկացած քաղաքացի միանգամից տեսնելու է՝ եթե ինքը ինչ-որ առնչություն ունի ցանկացած գործի հետ,  կարողանալու է դատավարական գործողություններ կատարել կամ դիմելու է փաստաբանի, որպեսզի նա կատարի» (խոսքը Քաղաքացիական դատավարության թվայնացման ծառայությունների ծրագրի մասին է, որը նախատեսված է ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թթ ռազմավարությամբ): Դիտարկմանը, որ հարցը կոնկրետ Հակակոռուպցիոն դատարանի մասին է, արդյո՞ք դրա վարույթում եղած գործերը Datalex-ում հասանելի դարձնելու խնդիր իրենց առաջ դրված է, Մանուկյանը պատասխանեց․ «Գլոբալ այդ խնդիրը, իհարկե, դրված է, կոնկրետ աշխատանքներ տարվում են, բայց քանի որ քաղդատավարության մասում ժամկետ է սահմանված, եւ առաջնահերթությունը շատ բարձր է դրված, դրա համար․․․ Դա էլ է կատարվում, բայց հիմնական ամբողջ աշխատանքը շեղվել է, գնացել է էս ուղղությամբ, մոտավորապես մեկ տարի է՝ աշխատանքները կատարվում են, կարելի է ասել՝ ավարտական փուլում են, ամբողջ համակարգը կառուցվել է, եւ մեկնարկման ընթացքի մեջ ենք, հենց մեկնարկեցինք, ամբողջ ուժերը դնելու ենք Ձեր ասած ուղղության մեջ»։ Դիտարկմանը, որ ուժերը նոր չպիտի դրվեն, քանի որ Հակակոռուպցիոն դատարանը մեկ տարի է՝ արդեն գործում է, եւ պետք է հասկանալ, թե ինչու է ձգձգվում, Մանուկյանն արձագանքեց՝ ասելով, որ դա գալիս է Արդարադատության նախարարությունից․ «Հարցը հետեւյան է․ մենք մասնավոր ընկերություն ենք, ունենք պայմանագիր, ըստ պայմանագրի՝ պիտի հանձնենք քաղդատավարության համակարգը, բայց նախարարությունը պերեստռախովկա է անում,  ստուգումներ է անում, որպեսզի համոզված լինի, որ ծրագիրը իդեալական է, մեծ ուժեր են դրել, ստուգում են, ստուգում են, այսինքն՝  մենք զբաղված ենք այդ քաղդատավարության ծրագրի ստուգելով, իրենք ստուգում են, մենք ստուգում ենք»։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե այդ դեպքում Հակակոռուպցիոն դատարանի մասով վերջնաժամկետ չունեն արդյոք։ Այս հարցը ծագում է՝ պայմանավորված նաեւ նրանով, որ վերոհիշյալ պայմանագրերում սահմանված է, որ դրանք ուժի մեջ են մտնում ստորագրման պահից եւ գործում են մինչեւ կողմերի ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը, ինչը, իհարկե, անորոշ ձեւակերպում է։ «Անընդհատ այդ հարցը բարձրացվում է, բայց նախարարության կողմից էդպեսի ժամկետ չունենք սահմանված։ Դեպարտամենտը իր կողմից իր աշխատանքները կատարում է, բայց էս մասով հիմնականում նախարարության հետ է մեր շփումը, էդ համակարգերը որ կառուցվում են, որը որից հետո կառուցվի, ոնց կառուցվի, էդ ամեն ինչը նախարարությունն է անում»։ Նկատենք, սակայն, որ վերոհիշյալ պայմանագրերի կողմերը «Մեյսիս Ինֆորմեյշըն Սիսթեմս» ընկերությունն ու Դատական դեպարտամենտն են, եւ դրանցով, ինչպես վերը նշեցինք, հստակ սահմանված է, որ անհրաժեշտ է ապահովել «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի բազայից տվյալների պարբերաբար, անխափան եւ ավտոմատ փոխանցումը Datalex համակարգի սերվեր։ «Մեզ խանգարողն այն է եղել, որ ստուգումներն այնքան շատ են, որ․․․ Ստուգում-ստուգում-ստուգում, առավոտից իրիկուն զբաղված ենք ստուգելով, իսկ էդ մյուս մասով հստակ խնդիր չկա դրված, Դեպարտամենտը, հասկանալով, որ մենք հիմա ստուգումների մեջ ենք․․․ Դրանք էլ վտանագավոր են, էդ քաղդատավարության պայմանագիրը, որ կնքել ենք, կարող է բռնեն, ընդհատեն, մենք մեր աշխատանքը կատարում ենք, իրենք էլ ստուգում են»։ Ի պատասխան հարցին՝ իրենց գնահատմամբ օրինաչա՞փ են այդ ստուգումները, ասաց, որ չափից շատ են։ Հարցին՝ դրա մասին իրենց մտահոգությունները բարձրաձայնում են Նախարարության մոտ, ասաց․ «Դե, իհարկե, բայց դե, Նախարարությունն է, ամեն ինչ մանրակրկիտ, մինչեւ վերջին տառը ստուգում է, մի տեղ որ շահում ես, մի տեղ կորցնում ես, չէ՞։ Մյուս հարցին՝ արդյո՞ք Դեպարտամենտը դժգոհություն չի հայտնում, որ իրենց ողջ ռեսուրսներն այդ ուղղությամբ են գնում, ասաց․ «Դե, ի՞նչ անի Դատական դեպարտամենտը»։ Թե երբ նոր համակարգը կհանձնվի շահագործման, եւ երբ կանցնեն Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքներին, Մանուկյանը դժվարացավ հստակ ասել, նշեց՝ շահագործման հանձնելը միայն իրենցից չէ կախված, այլ փոխկապակցված մյուս կողմերից եւս։ Հարցազրույցի վերջում նա խնդրեց նախքան նյութի հրապարակումը այն ուղարկել իրեն, իսկ երբ մերժեցինք՝ նշելով, որ նախապես նման պայմանավորվածություն չենք ունեցել եւ նման պրակտիկա էլ չունենք, ասաց՝ համարենք, որ այդ դեպքում ոչինչ էլ մեզ չի ասել։ Նշենք, սակայն, որ ողջամիտ չէ զրույցի ինչ–որ պահից պայմաններ առաջ քաշել եւ ետ վերցնել խոսքերը, հատկապես, երբ լրագրողը նախապես տեղեկացրել է պատրաստվող նյութի թեմայի մասին՝ ստանալով ձայնագրման համաձայնություն։ Լրագրողի խոսքով՝ Datalex-ում տեղեկությունների բացակայությունը խոչընդոտում է իր աշխատանքը Hetq.am լրատվական կայքի լրագրող Գրիշա Բալասանյանը մեր զրույցում փաստեց՝ ոլորտով զբաղվող լրագրողները օրվա ընթացքում առնվազն մի քանի անգամ օգտվում են Datalex-ից, եւ Հակակոռուպցիոն դատարանի գործերի բացակայությունը լուրջ դժվարություններ է առաջ բերում․ «Ինչքան էլ ԲԴԽ կայքում հրապարակվում են տեղեկություններ, օրինակ՝ նիստերի վերաբերյալ կամ վերջնական դատական ակտեր, դրանք շատ քիչ ու սահմանափակ են լրագրողի համար տվյալ գործի հետ կապված ինֆորմացիա ստանալու առումով, քանի որ չեն ապահովում հրապարակայնություն՝ բովանդակային առումով։ Ինչո՞ւ, որովհետեւ կան գործեր, որ անվերջ ձգվում են կամ անհարկի ձգձգվում, եւ մենք չունենք տեղեկություն, թե քանի անգամ է նիստ նշանակվել, ինչ պատճառով է հետաձգվել, մինչդեռ Datalex-ում այլ գործերով որոշակի տեղեկություն հրապարակվում է, օրինակ՝ դատավորի արձակուրդի մեջ գտնվելու պատճառով, կողմի միջնորդությամբ եւ այլն, եւ հետեւաբար, եթե լրագրողը ուզում է խորքային նյութ պատրաստել կոնկրետ թեմայով, զրկված է լինում այդ տեղեկություններից»։  Մյուս խնդիրը, ըստ լրագրողի, այն է, որ ԲԴԽ կայքում ժամանակացույցը հրապարակվում է շաբաթական մեկ անգամ եւ ինտերակտիվ չէ․ «Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նախապես չեմ իմացել, որ նիստը լինելու է երկուշաբթի (ԲԴԽ կայքում ժամանակացույցը, որպես կանոն, հրապարակվում է հենց երկուշաբթի օրերին,-հեղ․), ու չեմ կարողացել գնալ, որովհետեւ նախապես չեմ կարողացել գործերս այնպես դասավորել, որ գնամ, մինչդեռ եթե Datalex-ում լիներ, կտեսնեի, որ օրինակ, մեկ շաբաթ հետո նիստ է լինելու, ու այնպես կդասավորեի գործերս, որ գնայի։ Բացի այդ, ժամանակացույցը ինտերակտիվ չէ, որ կարողանաս դրանից ինչ-որ բան հասկանալ, հենց զուտ այն, որ շաբաթվա կտրվածքով մի անգամ հրապարակվում է ու վերջ, ընթացքում ինչ-որ բան լինում է-չի լինում, փոխվում է-չի փոխվում, հասանելի չի դառնում, մինչդեռ Datalex-ում այդ տեղեկությունները թարմացվում են եւ հնարավոր է տեսնել»։ Հրապարակման ենթակա տեղեկությունների բացակայությունը ծրագրային եւ տեխնիկական պատճառներով պայմանավորելը, ըստ լրագրողի, ընդունելի չէ․ «Հակակոռուպցիոն դատարանը մեկ օրում չի ստեղծվել, նախագիծ է շրջանառվել, քննարկվել, այսինքն՝ որոշակի ժամանակ է անցել, մինչեւ դա դարձել է օրենք, եւ ստեղծվել են դատարանները, հետեւաբար դա ողջամտորեն կարող է հիմք ստեղծել մեզ մոտ՝ մտածելու, որ այդ աշխատանքները կարող էին մեկնարկել ավելի վաղ»։ Ընդ որում, հարկ է նշել նաեւ, որ դատարանն էլ է իր գործունեությունը ուշ սկսել․ նախատեսված 2021 թ․-ի փոխարեն՝ 2022 թ․ օգոստոսին․ «Բացի այդ, տեխնիկայի դարաշրջան է, մարդիկ այդ ամիսների ընթացքում քաղաքներ են սարքում, մինչդեռ մեզ մոտ մեկ տարի է՝ չեն կարողանում Datalex-ի հարց լուծել, դա, անկեղծ ասած, դպրոցական մակարդակի պատճառաբանություն է, այն, որ երեխան ուշանում է դասից, հազար պատճառաբանություն է բերում, նույն ոճով պարզաբանում են, թե դեռ ընթացքի մեջ է, լավ, ընթացքը վերջ չունի՞, դա էլ է պայմանագրային հարաբերություն, ընկերության հետ ունես պայմանագրային հարաբերություններ, վերջը ե՞րբ է»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ պարզապես չկա խնդիրը արագ լուծելու ցանկություն․ «Խնդիը անլուծելի չէ, տեխնիկական հարց է, եւ նոր համակարգ չպետք է սարքել, Datalex-ը գոյություն ունի, բազային տվյալները կան, դետալային բաներ պիտի ավելացվեն, որ եւս մեկ դատարան կարողանա իր վարույթում եղած գործերով տեղեկությունները հրապարակել, պարզապես չեն ցանկանում հրապարակայնությունն ամբողջ ծավալով ապահովել, միայն դա է առաջինն իմ մտքում, թե իրականում ինչ ցանկություններվ են առաջնորդվում, չեմ կարող ասել։ Ինչո՞ւ եմ շեշտը դնում հրապարակայնության վրա․ որովհետեւ ոչ միայն տեղեկությունների հրապարակումն է խնդրահարույց, այլեւ նույն դատարանի դատավորները, այսինքն՝ կարծես այդ դատարանը ստեղծվել է հենց նրա համար, որ բոլոր հնարավոր տարբերակներով ինֆորմացիայի հոսքը հնարավորինս կանխվի»,- նշեց Բալասանյանը՝ մանրամասնելով, որ Հակակոռուպցիոն դատարանում լրագրողները պարբերաբար խոչընդոտների են բախվում, երբ դատավորները կողմերից մեկի առարկության դեպքում ամբողջությամբ են արգելում տեսա կամ լուսանկարահանումը, այլ ոչ թե առարկող կողմի մասով, ինչպես այլ դատարաններում է սովորաբար արվում, կամ երբ նիստի մեկնարկից րոպեներ անց ներկայանալու դեպքում ուշացման պատճառաբանությամբ թույլ չեն տալիս լրագրողին նիստի տեսա եւ լուսանկարահանման խնդրանքով դիմել (ըստ օրենքի՝ դրա համար լրագրողը պետք է ստանա դատարանի թույլտվությունը,-հեղ․)․ «Այսինքն՝ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե տեխնիկական լուծումներն են կամ դրա դժվարությունները, այլ ցանկության բացակայությունը, որ տեղեկությունը հնարավորինս քիչ հրապարակվի»։ Այսպիսով, Հակակոռուպցիոն դատարանի գործունեության մեկնարկից մեկ տարի անց շարունակվում է խախտվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, քանի որ չեն հրապարակայնացվում դատարանի վարույթում եղած գործերի վերաբերյալ հրապարակման ենթակա բոլոր տեղեկությունները, ինչը նաեւ գործնական խոչընդոտներ է ստեղծում ոլորտով զբաղվող կամ հետաքրքրվող քաղաքացիների համար, իսկ պատասխանատու կողմերն էլ կամ չեն պարզաբանում հապաղման պատճառները՝ հերթական անգամ նշելով, որ ծրագրային աշխատանքներն ընթացքի մեջ են, կամ դա պայմանավորում են աշխատանքային այլ ծանրաբեռնվածությամբ։   Միլենա Խաչիկյան
17:16 - 31 օգոստոսի, 2023
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Դավիթ Տոնոյանը կմնա կալանավորված: Հակակոռուպցիոն դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։  Հիշեցնենք, որ Տոնոյանը մեղադրվում է իր պաշտոնավարման ընթացքում գերատեսչության ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով: ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանն ու գործարար Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան  մեղադրանքը չի ընդունում։
11:01 - 30 օգոստոսի, 2023
Դատարանին ներկայացվել են նոր փաստեր առ այն, որ Դավիթ Գալստյանը, հայտնվելով ազատության մեջ, փորձել է խոչընդոտել գործի քննությանը․ ԲԴԽ

Դատարանին ներկայացվել են նոր փաստեր առ այն, որ Դավիթ Գալստյանը, հայտնվելով ազատության մեջ, փորձել է խոչընդոտել գործի քննությանը․ ԲԴԽ

Դատարանին ներկայացվել են նոր փաստեր առ այն, որ Դավիթ Գալստյանը, հայտնվելով ազատության մեջ, փորձել է խոչընդոտել գործի քննությանը։ Այս մասին հայտնում են ԲԴԽ մամուլի ծառայությունից։  Ի պատասխան բազմաթիվ հարցադրումների՝ «Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ նախորդ ամիս առաջին ատյանի դատարանի կողմից գրավի դիմաց արձակված գործարար, զենքերի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից կրկին կալանավորվել է, քանի որ մեղադրանքի կողմը դատարանին ներկայացրել է նոր փաստեր առ այն, որ ամբաստանյալը, հայտնվելով ազատության մեջ, փորձել է խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով։  
15:27 - 02 օգոստոսի, 2023