Քրիստինե Գրիգորյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն է՝ 2022թ․ հունվարի 24-ից։

Ծնվել է 1981թ․ օգոստոսի 27-ին Սեւան քաղաքում։

1998-2002 թթ. սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում, 2002-2004թթ.՝ նույն բաժնի մագիստրատուրայում։ 2006-2008թթ․ սովերել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

2004- 2009թթ.  եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության մասնագետ, 2009 մարտ-հոկտեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում որպես թարգամանիչ-իրավաբան, 2009-2011 թթ․ եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ իրավական հարցերով, 2011-2014 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք), 2012-2014 թթ․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական՝ իրավական հարցերով, 2014-2015թթ․ եղել է ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի եւ կանոնակարգերի բարելավման բաղադրիչ)։

2015-2018թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետն է եղել, 2018թ.-2019թթ. առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր), 2019թ. հունվարից մինչեւ 2019 թվականի հուլիսը եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր):

ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2022թ․ հունվարի 24-ին ԱԺ-ն 68 քվեով Գրիգորյանին ընտրել է ՀՀ մարդու իրավունքների 5-րդ պաշտպան։

Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵԽ ԽԿԿ գործադիր քարտուղար Ռեժիս Բրիլլատի հետ

Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵԽ ԽԿԿ գործադիր քարտուղար Ռեժիս Բրիլլատի հետ

Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գործադիր քարտուղար Ռեժիս Բրիլլատի հետ։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար, կարևորել միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և համագործակցությունը։   Գրիգորյանը Ռեժիս Բրիլլատին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ որպես Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությունը, իրականացվող մշտադիտարկումների արդյունքները, վերհանված խնդիրներն ու արձանագրվող հիմնական խախտումները՝ ընդգծելով նաև պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում գրանցած առաջընթացը:   Պաշտպանը անդրադարձել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան և արտահերթ զեկույցներով վերհանված համակարգային խնդիրներին:   Ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից սեպտեմբերի 16-ին հրապարակված արտահերթ զեկույցը՝ Պաշտպանը մատնանշել և հստակ օրինակներով գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինչպես 2020թ. 44-օրյա պատերազմի, այնպես էլ վերջին ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից կյանքի իրավունքի, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքի խախտումները, զոհված զինծառայողների, մասնավորապես՝ կին զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները:   Գործադիր քարտուղար Ռեժիս Բրիլլատը ներկայացրել է Կոմիտեի մանդատի առանձնահատկությունները, մատնանշել Կոմիտեի կողմից Հայաստանին արված առաջակությունների իրականացման նկատմամբ Պաշտպանի հաստատության մշտադիտարկման կարևորությունը: Գործադիր քարտուղարը տեղեկացրել է Պաշտպանին 2023թ. նախատեսվող Հայաստան մոնիթորինգային այցի մասին:
16:45 - 28 սեպտեմբերի, 2022
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ

Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը:   Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Պաշտպանը կարևորել է միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և համագործակցությունը։ Իր խոսքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման կարևորությունը անվտանգության լրջագույն սպառնալիքների համատեքստում:   Գրիգորյանն անդրադարձել է ՄԻԵԴ-ում քննվող գործերով Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես երրորդ կողմ հանդես գալու իրավասությանն ու այդ ուղղությամբ Պաշտպանի հաստատության կողմից տարվող աշխատանքներին:   Գրիգորյանը նաև Դատարանի նախագահին է տրամադրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցը, որում ի թիվս այլնի, վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում արձանագրված խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեպքերը:   Ռոբերտ Սպանոն ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացված գործերի վիճակագրությունը՝ անդրադառնալով արձանագրվող հիմնական խախտումներին և դրանց ուղղությամբ Պետության կողմից ձեռնարկվելիք քայլերին:   ՄԻԵԴ նախագահն ընդգծել է Դատարանի գործունեության շրջանակներում Պաշտպանի հաստատության հետ համագործակցության նշանակությունը, Պաշտպանի կողմից փաստարկված տեղեկատվության հավաքագրումն ու տրամադրումը:
13:46 - 28 սեպտեմբերի, 2022
ՄԻՊ-ը ԵԽ պաշտոնյային է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումները

ՄԻՊ-ը ԵԽ պաշտոնյային է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումները

Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԵԽ Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ:   ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեխաների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումները, անդրադարձել քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղիղ թիրախավորմանը:   Այնուհետ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ԵԽ Ժողովրդավարության գլխավոր տնօրինության մանդատի շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքին ու ձեռքբերումներին առնչվող մանրամասները:   Տիկին Ռուտանենն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Պաշտպանի աշխատակազմին ԵԽ ազգային ու տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում համագործակցության համար և ընդգծել երկու հաստատությունների միջև կայուն փոխգործակցության կարևորությունը: Գրիգորյանը հանդիպել է նաև ԵԽ մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման դեմ պայքարի փորձագիտական խմբի առաջին փոխնագահահ Անտոանետա Վասիլևայի և փորձագիտական խմբի անդամների հետ:   Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման դեմ պայքարի իրավիճակը, անդրադառնալով օրենսդրական կարգավորումներին, մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման դեմ պայքարի ազգային գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին, ինչպես նաև մշակման փուլում գտնվող նոր ԱԳԾ-ին, հանցագործության բացահայտման գործընթացի շրջանակներում իրավապահ համակարգի արձագանքման մեխանիզմներին և այս ոլորտում Պաշտպանի գործունեությանը:  
18:33 - 27 սեպտեմբերի, 2022
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ՄԻՊ-ի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտությունը

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ՄԻՊ-ի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:   Հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ից Հայաստանի վրա սկսված ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասների, միջազգային մարդու իրավունքներով և հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ փաստարկված տեղեկատվությունը։   Գրիգորյանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների ու դրանք ծնող պատճառների՝ ադրբեջանական պետության կողմից վարվող էթնիկ հայատյացության համակարգային քաղաքականության մասին։   Նշված բոլոր փաստերն ամփոփվել են սեպտեմբերի 16-ին հրապարակված Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը անձամբ փոխանցել է Գլխավոր քարտուղարին:   Պաշտպանը, ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է իր գործունեության առաջնահերթությունները, որի շրջանակում բարձր է գնահատել համագործակցությունն ինչպես ԵԽ երևանյան գրասենյակի, այնպես էլ` ԵԽ մասնագիտացված կառույցների և Գլխավոր քարտուղարի գրասենյակի հետ: Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Պաշտպանի գործունեությունը, շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության և զեկույցի համար: Գլխավոր քարտուղարը հստակ ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձնելու անհրաժեշտությունը և վերահաստատել իր հանձնառությունը՝ շարունակելու ջանքերն այս ուղղությամբ:   Գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև Հայաստանի հետ իրականացվող ծրագրային ուղղություններին և ընդգծել շարունակական աջակցության տրամադրման ԵԽ պատրաստակամությունը, այդ թվում ԵԽ-Հայաստան ԳԾ-ի շրջանակներում:   Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի իրականացմանն իր աջակցությունը:   Կողմերը պայմանավորվել են շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:   Լուսանկարները՝ ԵԽ գրասենյակի  
14:24 - 27 սեպտեմբերի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը Անդրեա Վիկտորինին է ներկայացրել հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունները

ՀՀ ՄԻՊ-ը Անդրեա Վիկտորինին է ներկայացրել հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունները

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին և դեսպանատան ներկայացուցիչներին:   Դեսպանը հատուկ շնորհակալություն է հայտնել Պաշտպան Գրիգորյանին ու Պաշտպանի աշխատակազմին այս օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար։   Քրիստիննե Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ սեպտեմբերի 16-ին հրապարակած զեկույցում և զեկույցի փակ հատվածում տեղ գտած փաստերը՝ ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասներ, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքներ։   Գրիգորյանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների մասին:   Պաշտպանի խոսքով՝ զեկույցի հրապարակումից հետո փաստահավաք աշխատանքները շարունակվում են: ՄԻՊ-ի թիմերը սեպտեմբերի 17-ին այցելել են ադրբեջանական հարձակումից տուժած բնակավայրեր՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում:   «Մեզ համար առաջին հերթին կարևոր է հանդիպել և զրուցել ադրբեջանական հարձակումից տուժած անձանց հետ»,- հանդիպման ընթացքում նշել է Պաշտպանը:   Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՄԻՊ-ին փաստերի հավաքման և ավելի վաղ ուղարկված զեկույցների համար, ապա նշել է. «Շատ կարևոր է ունենալ փաստարկված տվյալներ, որ կարողանաք ասել՝ այո, սա փաստ է, սա ճշտված է»:   Պաշտպանը կարևորել է միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և իր շնորհակալությունն է հայտնել դեսպան Անդրեա Վիկտորինին և դեսպանատան ներկայացուցիչներին:   Հանդիպման ավարտին քննարկել են՝ ինչպես կարող են համագործակցության արդյունքում օգնել ադրբեջանական հարձակումներից տուժած անձանց:
16:17 - 22 սեպտեմբերի, 2022
Ցանկացած դեպքում ոստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ և զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից. ՄԻՊ-ը՝ Եռաբլուրում տեղի ունեցածի մասին

Ցանկացած դեպքում ոստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ և զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից. ՄԻՊ-ը՝ Եռաբլուրում տեղի ունեցածի մասին

Այսօր՝ առավոտյան, Եռաբլուր պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողների և այլ քաղաքացիների վարչական ձերբակալման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից իրականացվել է արագ արձագանքում, կապ է հաստատվել Ոստիկանության համապատասխան բաժիններ վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքների իրացումն ապահովելու նպատակով, հաղորդում է ՄԻՊ աշխատակազմը: Պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած դեպքում, և հատկապես նման զգայուն և հուզական գերլարված իրավիճակներում, Ոստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ և զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից։ Հակառակն անընդունելի է։ Տեղի ունեցածի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն, և դրա շրջանակում Պաշտպանը հանգամանալից պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից, այդ թվում առանձին ծառայողների գործողությունների վերաբերյալ։    
17:11 - 21 սեպտեմբերի, 2022
Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին․ Արցախի ՄԻ պաշտպանի ուղերձը

Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին․ Արցախի ՄԻ պաշտպանի ուղերձը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ իր գործընկերոջը՝ Քրիստիննե Գրիգորյանին, ՀՀ անկախության տոնի առթիվ․ «Հարգելի տիկին Գրիգորյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բոլոր անդամներին և համայն հայությանը Մայր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության 31-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հայաստանի անկախությունն ու պետականությունը մեր հազարամյա ժողովրդի երազանքի մարմնավորումն է, արժեք, որ ձեռք է բերվել հարյուրավոր սերունդների մաքառմամբ և սրբագործվել՝ հազարավոր նահատակների զոհողությամբ։ Անկախ Հայաստանի գոյությունն իր հայրենիքում իր իրավունքներն ու ազատությունները լիակատար ու անխոչընդոտ իրացնելու հայ մարդու և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու առանձնաշնորհյալ հնարավորությունն է ու երաշխիքը։ Աներկբա է, որ այդ երաշխիքն ամրացնելու գործում նշանակալի է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հեղինակավոր դերն ու արհեստավարժ գործունեությունը։ Պետականության առաջ ծառացած մարդահրավերներն այսօր էլ շատ են, որոնց հաղթահարումը պահանջում է ներուժի կենտրոնացում և համատեղում, անխոնջ աշխատանք ու անհուն նվիրում։ Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ՝ գոհունակություն և երախտագիտություն եմ հայտնում բոլոր պաշտպանների օրոք երկու ՄԻՊ հաստատությունների միջև ձևավորված և այսօր էլ շարունակվող սերտ ու անխզելի համագործակցության համար։ Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին՝ անսասան պահելու հայոց պետականությունն ու անկախությունը։  
13:48 - 21 սեպտեմբերի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունները

ՀՀ ՄԻՊ-ը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին ու դեսպանատան ներկայացուցիչներին:   Դեսպան Թրեյսին հատուկ շնորհակալություն է հայտնել Պաշտպան Գրիգորյանին ու Պաշտպանի աշխատակազմին այս օրերի ընթացքում կատարած մեծածավալ ու օգտակար աշխատանքի համար։   Քրիստիննե Գրիգորյանը դեսպանին թարմ տեղեկություններ է հայտնել Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ։   Պաշտպանը նաև անդրադարձել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործություններին ու դրանք ծնող պատճառներին՝ ադրբեջանական պետության կողմից վարվող հայատյացության համակարգային քաղաքականությանը։   Գրիգորյանը նաև դեսպանին է փոխանցել սեպտեմբերի 16-ի ՄԻՊ արտահերթ զեկույցի տպագրված տարբերակը, որում վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում և դրա արդյունքում արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերը։   ԱՄՆ դեսպանը հատկապես կարևորել է, որ հարձակման առաջին իսկ օրերին Պաշտպանի հաստատությունը տեղեկություններ է տրամադրել գործընկերներին և պատշաճ ջանք է ներդրել հավաքագրված տվյալների ստուգման ուղղությամբ։   Քրիստիննե Գրիգորյանը նաև ներկայացրել է սեպտեմբերի 17-ին ՄԻՊ փաստահավաք թիմերի կողմից Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի՝ հարձակումից տուժած համայնքներ կատարած այցերի հետևությունները։   Բացի դրանից՝ Պաշտպանը նշել է, որ չափազանց կարևոր է, որ մեր միջազգային գործընկերները տեղում ծանոթանան իրավիճակին, զրուցեն մարդկանց հետ ու պատկերացում կազմեն ադրբեջանական զինված հարձակման՝ մարդկային ու հոգեբանական հետևանքների մասին։   Հանդիպման ավարտին Պաշտպանն իր շնորհակալությունն է հայտնել դեսպանին մշտական արդյունավետ կապի ու համագործակցության բարձր մակարդակի համար:
16:07 - 20 սեպտեմբերի, 2022
ՄԻՊ-ը Human rights watch-ին խնդրել է դիտարկել փաստահավաք առաքելություն իրականացնելու և հատուկ զեկույց ներկայացնելու հնարավորությունը |azatutyun.am|

ՄԻՊ-ը Human rights watch-ին խնդրել է դիտարկել փաստահավաք առաքելություն իրականացնելու և հատուկ զեկույց ներկայացնելու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Սոթք, Կութ, Նորաբակ համայնքները ամենաշատն են տուժել ադրբեջանական վերջին հարձակումից, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Ռազմական վերջին գործողությունների հետևանքով կա 7600 տեղահանված: Նա նշեց, որ այդ անձինք հաղորդակցության միջոցների խնդիրներ լինեն, երբեմն օնլայն հարթակներից չեն կարողանում օգտվել` տեղեկանալու, թե ինչ աջակցություն, կացարան և այլն կարող են ստանալ. «Օնլայն հարթակները շատ լավ է, որ կան, դրանք միգուցե մոտ 10 օր հետո ավելի շատ տեղեկատվություն կարողանան հավաքել, բայց այդ պահին անձանց համար օնլայն հարթակները հասանելի չեն, նաև ի թիվս այլնի հմտությունների բացակայության պատճառով»: ՄԻՊ-ը Human rights watch-ին խնդրել է դիտարկել փաստահավաք առաքելություն իրականացնելու և հատուկ զեկույց ներկայացնելու հնարավորությունը։ Տարբեր պետությունների օմբուդսմենները չունեն այլ երկրի տարածքում փաստահավաք առաքելություն իրականացնելու լիազորություն, ասաց Մարդու իրավունքների պաշտպանը` ի պատասխան հարցի, թե արդյոք կարիքը կա՞, որ այլ երկրների պաշտպանները գան և տեղում ծանոթանան եռօրյա բախումների հետևանքները քաղաքացիական բնակչության համար: «Մեր գործընկեր պաշտպանական հաստատությունների հետ մենք աշխատում ենք այլ բանի համար, մենք իրենց փոխանցում ենք ամբողջական տեղեկատվություն, արտահերթ զեկույցն ենք ուղարկել, պիտի հետևողական շարունակենք իրենց հետ աշխատել, որպեսզի հասնենք հայտարարությունների, որոնք կարվեն այդ ցանցերի կողմից, ոչ թե որ իրենք կգան: Բայց մոնիթորինգի տեսանկյունից սա շատ կարևոր ուղղություն է, որի համար արդեն աշխատում ենք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ: Օրինակ` այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Human rights watch-ի հետ և իմ ներկայացրած փաստերի ուժով իրենց խնդրել եմ դիտարկել փաստահավաք առաքելություն իրականացնելու և հատուկ զեկույց ներկայացնելու հնարավորությունը», - տեղեկացրեց Գրիգորյանը: Ինչ է ներառված արտահերթ զեկույցում ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է ներկայացրել: Ըստ կառույցի ղեկավարի` այնտեղ ներառված են հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգման, վատ վերաբերմունքի դեպքերը, զոհերի մարմինների նկատմամբ արգահատելի կտտանքները, վիրավորանքները, ատելության ամբողջ բառապաշարով ուղեկցող տեսանյութերը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասված վնասը, դրանց թիրախային խափանումը, բուժկետների, առնվազն երկու դպրոցի թիրախավորման դեպքերը: «Արձանագրել ենք նաև լրագրողների թիրախավորում», - նշեց ՄԻ պաշտպանը: «Այս պահին մեր գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում» Օգտատերերը հետաքրքրվել էին` ի՞նչ գործողություններ են կատարվում հայ ռազմագերիներին վերադարձնելու համար, և արդյոք վստա՞հ է, որ պաշտոնական հաստատված ռազմագերիների կյանքին ու կյանքի որակին ոչինչ չի սպառնում: «Անկասկած է, որ որևէ մեկը չի կարող նման վստահություն ունենալ, առնվազն ենթադրություն էլ չենք կարող ունենալ: Ցավալիորեն, մենք տեսանք նաև զինծառայողներ, որոնք վիրավոր էին, և վստահ չենք կարող լինել, որ այդ վիրավորում ստացած անձանց տրամադրվում է բժշկական օգնություն: Մեր գրասենյակ նույնպես հարազատները դիմել են, նույնականացրել ենք ռազմագերիներ, այս մասով տեղեկություններն անմիջապես Կարմիր խաչին ենք ուղարկել, միջազգային իրավական ներկայացուցչի գրասենյակի հետ ենք կիսվել մեր տվյալներով, որպեսզի այդ հրատապ միջոցների համար ՄԻԵԴ դիմի ներկայացուցիչը, այդ տվյալները ներկայացրել ենք ամեն օրվա կտրվածքով: Այս պահին մեր գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում, բայց այս թվերը կարող են շատ արագ փոփոխվել»: «Այդ առանձնահատուկ դաժանությունը պատշաճ կերպով ներկայացվել է բոլոր կոմպետենտ մարմիններին» Հարցին, թե ինչու էր կոչ անում չտարածել տեսանյութը, որում երևում է խոշտանգված զինծառայող կնոջ կտտանքների ենթարկված մարմինը, որի վրա գրված է «յաշմա», և արդյոք իրենք բոլոր ելույթներում հենց այդ դեպքից չպիտի՞ խոսեն, Քրիստիննե Գրիգորյանը պատասխանեց, որ միջոցներ արդեն ձեռնարկել է: «Մասնագիտական բժշկական վերլուծության ենթարկված տեսանյութը արդեն իսկ ուղարկվել է թե ՄԱԿ-ի, թե Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովներին, աշխատանքային խմբերին, և ես հետևողականորեն եմ աշխատելու այս առումով` հետևելով, որ սրան պատշաճ գնահատական տրվի: Կին զինծառայողին թիրախավորել էին, որովհետև ոչ միայն ինքը զինծառայող է, ոչ միայն հայ էր, այլ որովհետև ինքը կին էր, և այդ առանձնահատուկ դաժանությունը պատշաճ կերպով ներկայացվել է բոլոր կոմպետենտ մարմիններին»,- հավելեց նա: Իսկ արդյոք այդ դեպքի մասին հայտնե՞լ է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, ով Հայաստանում էր այցով: ՄԻՊ-ն ասաց, որ խոսնակի հետ հանդիպում չի ունեցել. «Բայց լավագույն ջանքը դրված է եղել, և մեր զեկույցը հասանելի է եղել դիվանագիտական մեր կոլեգաներին, այդ թվում` դեսպանատան անձնակազմին պատշաճ կերպով բարձրաստիճան պատվիրակությանը փաստերը ներկայացնելու համար»:    
15:45 - 19 սեպտեմբերի, 2022
ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել Հայաստանի դեմ ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ

ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել Հայաստանի դեմ ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ։ Պաշտպանն իր զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, փաստագրել տեղահանված անձանց, բժշկական շտապօգնության մեքենաների ու լրագրողների թիրախավորման, երեխայի ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների ապացույցները, ինչպես նաև ներկայացրել քաղաքացիական անձանց ու կենսական ենթակառուցվածքների թիրախավորման, անձանց հասցված գույքային ու շրջակա միջավայրին հասցված վնասների փաստերը։ Հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների կտտանքների փաստերը վերլուծված են զեկույցի ոչ հրապարակման ենթակա հատվածում և պատշաճ կարգով ներկայացվել են միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին։  Զեկույցի անգլերեն տարբերակը՝ ստորև: 
12:06 - 17 սեպտեմբերի, 2022
ՄԻՊ տվյալներով՝ զոհվել է մեկ, վիրավորվել առնվազն վեց քաղաքացի

ՄԻՊ տվյալներով՝ զոհվել է մեկ, վիրավորվել առնվազն վեց քաղաքացի

 Քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ՝ ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիկաան բնակչությունը։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիտինե Գրիգորյանը։ «Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից․ նա որևէ զինված ծառայության մեջ ներգրավված չէ։ Առնվազն մեր հաստատության կողմից արձանագրվել է վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձի տվյալ։ Մենք նույնականացրել ենք այդ անձանց, այցելել ենք նաև, այսինքն՝ կան ապացույցներ։ Եվ այս ամենը ներկայացվել է ԱԳՆ-ին»,- նշեց Գրիգորյանը։  Քրիստինե Գրիգորյանի խոսքով՝ բացի շտապօգնության, տրասնպորտային միջոցներից ու անձնակազմից, թիրախորվել են են նաև լրագրողներ․ դրա վերաբերյալ նույնպես կան ապացույցներ։  «Մենք շարունակում են հավաքագրել, նույնականացնել պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվությունները․ դրանք նույնպես ամփոփվում են»,- եզրափակեց Գրիգորյանը։   Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը լրացնելով Քրիստինե Գրիգորյանին, նշեց․ «մարդու իրավունքների խախտումների, պատերազմական հանցագործությունների, քաղաքացիական օբյեկտների վնասման, ու միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի խախտման դեպքերի հետ կապված արդեն իսկ բոլոր պատկան մարմինների հետ ակտիվ աշխատում ենք։ Վերջին երկու օրվա ընթացքում Եվրոպական դատարան արդեն իսկ ներկայացրել ենք մի քանի իրար համալրող դիմումներ միջանկյալ միջոց կիրառելու առումով։ Նաև արդեն ստացել ենք պատասխաններ։ Խոսքը վերաբերում է թե՛ գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը,  ինչպես նաև այս պահի դրությամբ հավաքագրվում է մնացած ավելի լայնամասշտաբ հասցված վնասի հետ կապված ապացույցները, որոնք մեր ընթացիկ տարբեր միջազգային իրավական գործընթացների շրջանակում (մենք ունենք մի քանի միջպետական գործեր Եվրոպական դատարանում, Արդարադատության միջազգային դատարանում վարույթ) ներկայացնելու ենք»։
11:56 - 16 սեպտեմբերի, 2022
Տարբեր զինտեխնիկայի կիրառումն առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին. ՄԻՊ

Տարբեր զինտեխնիկայի կիրառումն առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ  2022 թվականի  սեպտեմբերի 13-14-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց  ձորի մարզերում քաղաքացիական  բնակչությունը և  կենսական  հանրային  ենթակառուցվածքները, այդ թվում՝ ուսումնական հաստատությունները,  գտնվել են   ադրբեջանական ԶՈՒ չտարբերակված թիրախավորման ներքո՝ խախտելով քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, միջազգային իրավական ակտերով  երաշխավորված մի շարք  իրավունքներ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։ «Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական հարձակման հետևանքով խախտվել են երեխաների կյանքի, առողջության, անվտանգ և ապահով միջավայրում ապրելու, ընտանիքում  և համայնքում ապրելու, անձնային զարգացման ու պաշտպանության և մի շարք իրավունքները: Հատուկ  պետք է ընդգծել, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումը առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների՝ դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին: Ստեղծված իրավիճակում հատկապես տեղահանված համայնքների երեխաները զրկված են կրթության իրավունքի  իրացման հնարավորություններից: Որոշ դեպքերում դպրոցները և մանկապարտեզները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության և թիրախավորման ներքո: Պաշտպանի աշխատակազմի  հավաքագրած տեղակատվությունը վկայում է ուսումնական հաստատությունների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակների կիրառման մասին:  Օրինակ՝ վնասվել է Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ուսումնական հաստատությունը: Այս կապակցությամբ հարկ է արձանագրել, որ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան ուղղակիորեն սահմանում է, որ պատերազմական գործողություններից տուժած երեխաների խնամքի և պաշտպանության համար պետք է կիրառվեն հատուկ միջոցներ: Ընդ որում՝ Կոնվենցիան պահանջում է, որ անդամ պետությունները պարտավորվում են հարգել զինված հակամարտություններում երեխաների իրավունքներին վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքը: Այս համատեքստում կարևոր է ևս մեկ անգամ ընդգծել, որ զինված հակամարտության կամ ռազմական իրավիճակում ռազմական գործողությունների չմասնակցող երեխաների իրավունքները երաշխավորվում են «Քաղաքացիական անձանց մասին» 1949 թ. Ժնևի կոնվենցիայով, 1977 թվականի հունիսի 8-ի թիվ 1 լրացուցիչ արձանագրությամբ: Երեխաների իրավունքների կոմիտեն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Գլխավոր ասամբլեայի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված փաստաթղթերով  կարևորվել է ոչ միայն ռազմական գործողությունների ընթացքում երեխաների իրավունքների խախտման անթույլատրելի լինելը, այլ նաև այն հետևանքների կանխարգելման հրամայականը, որն անհրաժեշտ է երեխաների առօրյա կյանքի, նրանց մտավոր և ֆիզիկական զարգացման երաշխավորման համար:  Այս կառույցների կողմից բազմիցս դատապարտվել է նաև ուսումնական հաստատությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների  վրա հարձակումն ու նրանց թիրախավորումը: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երեխաները հատուկ պաշտպանության ներքո են: Ըստ այդմ՝ Պաշտպանը հրավիրում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ հստակ արձագանքելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում գտնվող երեխաների իրավունքների կոպտագույն խախտումներին և  գործնական քայլեր ձեռնարկել  դրանց հրատապ վերացման ուղղությամբ»,- նշում են ՄԻՊ աշխատակազմից:
14:34 - 15 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը. վիրավորների թիվն այս պահին 4-ն է. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը. վիրավորների թիվն այս պահին 4-ն է. ՀՀ ՄԻՊ

Առավոտից շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ադրբեջանական հարձակման ենթարկվող համայնքներում։   Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը։ Ըստ ՄԻՊ հավաքագրած տվյալների՝ քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, որոնցից երկուսին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում։ Ըստ Պաշտպանի գրասենյակի հավաքագրած տվյալների՝ ադրբեջանական հարձակումից մինչ այս պահը առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ, Այրք, Տրետուք, Կուտակավան, Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Աղիտու, Ակներ, Վերին Շեն համայնքներից։ Տեղահանվածների գերակշիռ մեծամասնությունը կանայք են, երեխաներ, տարեցներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք։   Նշված համայնքների երեխաները, բացի տեղահանմանն ու հոգեբանական դժվար իրավիճակին, զրկված են կրթության իրավունքի իրացման հնարավորությունից։ Ինչպես տեղեկացրել էինք նախորդիվ, Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել էին շտապօգնության տրանսպորտային միջոցների թիրախավորման դեպքեր։     Մեծաթիվ են ապացույցները նաև քաղաքացիական ենթակառուցվածքների՝ անձանց տների, հաղորդակցության, էլեկտրականության ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքների հրետակոծելու, գնդակոծելու և խափանելու վերաբերյալ։   Հատկապես շատ են ավերածությունները Սոթք, Կութ, Քարաշեն, Վերիշեն համայնքներում, համանման փաստեր են հավաքագրվել նաև Գեղամասար, Աղիտու, Սրաշեն ու Նորավան համայնքներում։   Բազմաթիվ են շարունակաբար հարձակման ենթարկվող անձանց նյութական վնասները, մասնավորապես՝ շարժական ու այլ գույքին և ընտանի կենդանիների տեսքով։     Ադրբեջանական հրետակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվել մի շարք համայնքներում, հատկապես՝ Սոթքում և Ջերմուկ քաղաքի անտառային հատվածներում՝ ներառելով ավելի քան 9 հա տարածք։ Փրկարարների աշխատանքն առավելապես բարդացնում է փաստը, որ հրդեհի որոշ օջախներ գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության գոտում, իսկ որոշ դեպքերում այդ հատվածներն ակտիվ հրետակոծվում են։     Ադրբեջանական մեդիա տիրույթում հայատյացության արձանագրված մակարդակը, այդ թվում՝ պետական պաշտոնյաների կողմից, շատ վտանգավոր է, և ըստ նախորդիվ փորձի՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից պատերազմական հանցագործությունների կատարման մեծ ռիսկ է գեներացնում։     Պաշտպանի աշխատակազմում ինտենսիվորեն ստացվող ու վերլուծվող տվյալներն ու ապացույցները՝ միջազգային իրավական հիմնավորումներով գրավոր կերպով ուղարկվում են միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարների։  
14:35 - 14 սեպտեմբերի, 2022