Կապան

Կապան՝ քաղաք Հայաստանում, Սյունիքի մարզի մարզկենտրոնը։ 2017թ․ նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է Կապան խոշորացված համայնք: Գտնվում է երկրի հարավ-արեւելքում, Երեւանից 320 կմ հարավ-արեւելք, Ողջի գետի ափին, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, 910 մ բարձրության վրա, մշտական բնակչությունը 2011 թվականանի մարդահամարի արդյունքներով կազմել է 43190 մարդ, 2015 թվականի դրությամբ՝ 42 700։ Քաղաքի անունը ծագում է «կապան» հասարակ անունից, որ նշանակում է «կիրճ, նեղ անցք երկու լեռների միջեւ», նաեւ՝ «կիրճի նեղ մասում եղած ամուր դուռ»:

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվեց Հրազդանին. ԿԳՄՍՆ

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվեց Հրազդանին. ԿԳՄՍՆ

Կապանը հրաժեշտ է տալիս երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակին․ դեկտեմբերի 12-ին Կապանի մշակույթի տանը տեղի ունեցած փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ ամփոփվել են ‹‹ՀՀ 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի շրջանակում Կապանում կատարված աշխատանքները։ Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվել է Հրազդանին։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն: ‹‹Կապանի երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը, Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը, Հրազդան քաղաքի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանի գլխավորությամբ, Կապանի համայնքային իշխանության տարբեր պատասխանատուներ, երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ‹‹Երիտասարդական մայրաքաղաք› ծրագրի շրջանակում Կապանում իրականացվել են բազմաշերտ և արդյունավետ աշխատանքներ։ Որպես երիտասարդական մայրաքաղաք՝ Կապանն ընտրվել էր 2020 թվականին, սակայն համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ծրագիրը չիրագործվեց. այն տեղափոխվեց 2021 թվական։ ‹‹Խնդիր էինք դրել աշխուժություն մտցնելու համայնքի երիտասարդական և մշակութային կյանքում։ Կարծում ենք, որ ամբողջական գնահատականը պետք է տան կապանցիները․ մենք մեր կողմից կարող ենք արձանագրել, որ ծրագիրը հաջողվել է, ինչին մեծապես նպաստել է Կապանի քաղաքային իշխանությունների, տեղի երիտասարդական կառույցների և ԿԳՄՍ նախարարության համագործակցված աշխատանքը››,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Կապանի քաղաքապետարանին և ‹‹Երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի միջոցառումներում ներգրավված մշակութային ու երիտասարդական կազմակերպություններին։ Նախարարի տեղակալի խոսքով՝ Կապանի՝ ‹‹Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք›› ընտրելու ծրագրի մեկնարկը տրվել է ընթացիկ տարվա մայիսի 1-ից։ ‹‹Բաղաբուրջ›› համալիրում հիշատակի տուրք է մատուցվել արցախյան պատերազմների զոհերի հիշատակին, կազմակերպվել է Կապանի երիտասարդ գեղանկարիչների նկարների ցուցահանդես, տեղի է ունեցել հեծանվավազք, համերգային մի քանի ծրագիր է անցկացվել։ ԿԳՄՍ նախարարության առաջարկով 2021 թվականի հոկտեմբերին երիտասարդական մայրաքաղաք Կապանում անցկացվել են ԱՊՀ մասնակից պետությունների՝ երիտասարդության հարցերով խորհրդի նիստն ու «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլը։ Միջոցառումներին մասնակցելու նպատակով Կապանը հյուրընկալել էր ԱՊՀ անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Տաջիկստանի պաշտոնական պատվիրակություններին, ներկայացուցիչներին։ ‹‹Հատկապես հետպատերազմյան շրջանում Կապանի՝ որպես երիտասարդական մայրաքաղաքի՝ ԱՊՀ գործընկերներին պատճաշ ներկայանալը, վստահաբար, ուներ հատուկ նշանակություն։ ԱՊՀ շրջանակում միջազգային տեսանելիության բարձրացումը և Կապանի սահմանած բարձր նշաձողը մեզ թույլ են տալիս հայտ ներկայացնել ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք մրցույթին, որն անցկացվելու է գալիք տարի››,- նշել է նախարարի տեղակալը։   Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է Հրազդան քաղաքին 2022 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ՝ նշելով, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու Հրազդանի քաղաքային իշխանությանը՝ ծրագիրն իրագործելու հարցում։   ‹‹Որպես քաղաքականություն մշակող մարմին՝ կարևորում ենք երիտասարդական մայրաքաղաքների տարածքային և մարզային ընդգրկվածության ընդլայնումը։ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակին հավակնելու համար կարևոր են տվյալ համայնքի երիտասարդական ներուժը, քաղաքային ենթակառուցվածքների առկայությունը և քաղաքային իշխանության հանձնառությունը՝ բոլոր ծրագրերը պատշաճ մակարդակով իրագործելու համար։ Հրազդանը մրցույթին ներկայացել էր շատ լավ պատրաստված և հաղթեց բարձր մրցակցության պայմաններում››,- նշել է նա՝ ավելացնելով, որ Կապանը սահմանել է բարձր նշաձող, որը պահելը մեծ պատասխանատվություն և ջանքեր է պահանջում։ Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը փաստել է, որ «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Կապանում մշակութային, մարզական, երիտասարդական և միջազգային կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։ ‹‹Ավարտվում է ‹‹Կապանը՝ երիտասարդական մայրաքաղաք›› ծրագիրը, բայց մենք շարունակելու ենք մեր գործունեությունը կրթական, մշակութային և մարզական ոլորտներում՝ առավել բարձրացնելով ունեցած արդյունքները։ Կապանը հերոսական քաղաք է, և մեր երիտասարդները բազմիցս ապացուցել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են զենք վերցնելու և պաշտպանելու հայրենիքը։ Վստահ ենք, որ մեր հերոս երիտասարդները շարունակելու են մեզ զարմացնել իրենց կրթական, մշակութային, սպորտային և այլ ձեռքբերումներով››,- նշել է Գոռ Թադևոսյանը՝ շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ գործընկերներին արդյունավետ համագործակցության և համայնքին աջակցելու համար, ինչպես նաև շնորհավորելով և հաջողություն մաղթելով Հրազդանի գործընկերներին։ Այնուհետև Գոռ Թադևոսյանը երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանձնել է Հրազդան համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանին։ ‹‹Հրազդանի հանրային կյանքի բոլոր ոլորտներում այսօր տեսանելի աշխատանքներ են կատարվում։ Անմասն չեն նաև երիտասարդության, սպորտի, կրթության և մշակույթի ոլորտները։ Մենք ուզում ենք նոր եռանդ տալ մեր երիտասարդներին, որոնք մեր քաղաքի և պետության զարգացման առաջնային ռեսուրսն են։ Մեզ համար ուսանելի և օգտակար է Կապան քաղաքի փորձը, որից մենք անպայման կօգտվենք՝ նպատակ ունենալով այն զարգացնելու և առնվազն մեկ քայլով առաջ անցնելու››,- նշել է Վարուժան Սաֆարյանը։ Միջոցառման ընթացքում ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր են հանձնվել ‹‹Կապանը՝ երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի միջոցառումներում արդյունավետ գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների և համայնքային կառույցների ներկայացուցիչներին։
12:58 - 13 դեկտեմբերի, 2021
Բնակիչները Փելա սարի տեղամասում կարող են գտնվել խիստ անհրաժեշտության դեպքերում՝ միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների ուղեկցությամբ

Բնակիչները Փելա սարի տեղամասում կարող են գտնվել խիստ անհրաժեշտության դեպքերում՝ միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների ուղեկցությամբ

Այս տարվա հոկտեմբերի 18-ին մամուլում շրջանառվում էր Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի հաստատած այն տեղեկությունը, որ Կապանի Փելա սար կոչվող տարածքն ամբողջությամբ անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Նույն օրը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքեց այդ լուրերը՝ պնդելով, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, եւ որ ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։ Այս հերքումով, սակայն, Փելա սարի կորստի մասին տեղեկությունները չդադարեցին տարածվել։ Հենց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 19-ին, Գեւորգ Փարսյանը քարտեզի վրա ավելի մանրամասն մեկնաբանեց, թե որ հատվածն է անցել հակառակորդի վերահսկողության տակ։ Նա, խոսելով ԱԱԾ տարածած հաղորդագրության այն տողի մասին, թե դիրքային փոփոխություն չի եղել, ասաց, որ ոչ թե դիրքային փոփոխությունների մասին է խոսքը, այլ ուղղակի տարածքն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու։ Կապանի քաղաքապետի փոխանցմամբ՝ այդ հատվածում գոյություն ունի նաեւ մի ճանապարհ, որը ադրբեջանական արգելափակոցի պատճառով տեղացիների համար խոչընդոտներ է ստեղծել վառելափայտ հայթայթելու եւ նաեւ Կապան գնալու առումով։ Հայտարարության հաջորդ օրը գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ հասկանալու՝ արդյոք երկու օրերի ընթացքում Փայլասարի հատվածում իրադրության փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ ստացանք գրություն, ըստ որի՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքը գտնվում է հայկական վերահսկողության ներքո, դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել: Իսկ թե Փայլասարի լեռնաշղթայի որ բարձունքներն են հայկական վերահսկողության ներքո, որոնք՝ ադրբեջանական, ԱԱԾ-ն տեղեկություն չտրամադրեց՝ մեկնաբանելով, որ հայցվածը գաղտնիք է պարունակում։ Օրեր անց եւս մեկ հարցմամբ դիմեցինք ԱԱԾ-ին՝ կցելով նաեւ Գեւորգ Փարսյանի՝ հարցազրույցում ներկայացրած քարտեզը։ Գերատեսչությանը խնդրեցինք պարզաբանել՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ագարակ, Ուժանիս, Եղվարդ, Խդրանց համայնքների բնակիչները ստորեւ բերվող քարտեզի վրա դեղին սլաքներով ցույց տրվող ճանապարհով Փայլասարի լեռներ եւ Փելա սար գնալու հնարավորություն ունե՞ն, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ կառույցից նշեցին, որ հիշատակված բնակավայրերի բնակիչները ներկայացված ճանապարհով դեպի Փայլասար գնալու հնարավորություն չունեն, բայց չհստակեցրին՝ հատկապես ինչու։ ԱԱԾ-ից նշեցին, որ 2020 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսից հետո Փայլասարի ճանապարհով դրան հարակից բնակավայրերի բնակիչները դեպի Կապան գնալու համար օգտագործում են Ագարակ-Խդրանց-Վարդավանք-Կապան ավտոճանապարհը։ Իսկ ինչ վերաբերում է Փարսյանի ցուցադրած ճանապարհահատվածին, որտեղով բնակիչները նախկինում վառելափայտ էին հայթայթում, իսկ հիմա, նրա պնդմամբ, այդ հնարավորությունը չունեն, ԱԱԾ-ն մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ այդ մյուս՝ ոչ հիմնական ճանապարհով (ստորեւ բերվող քարտեզում՝ դեղին սլաքով) նշված ճանապարհով Ագարակ, Խդրանց, Եղվարդ, Ուժանիս համայնքների բնակիչները Փայլասարի լեռներ և Փելա սար գնալու հնարավորություն ունեն, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փայլասարի լեռնաշղթայի երկայնքով ծառայություն են իրականացնում մեր կողմից՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, հարակից տարածքում՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերը՝ անվտանգության նկատառումներից ելնելով բնակիչները տվյալ տեղամասում կարող են գտնվել խիստ անհրաժեշտության դեպքերում՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների ուղեկցությամբ: Քարտեզի նկարները՝ Զանգեզուր TV-ի տեսանյութից։ Առաջին նկարում՝ Փելա սարով անցնող, դեպի Կապան գնացող հիմնական ճանապարհը, երկրորդ նկարում՝ վառելափայտ հայթայթելու ճանապարհը Լուսանկարները՝ Google Maps-ից, կարմիր սլաքով ցուցադրված է Փարսյանի հիշատակած՝ նախկինում վառելափայտի համար օգտագործված ճանապարհը Ի դեպ, մենք գրավոր հարցմամբ Կապանի քաղաքապետին խնդրել էինք հստակեցնել՝ երբ հարցազրույցում նշում է, որ Ագարակ, Ուժանիս եւ մյուս գյուղեր գնալու հիմնական ճանապարհն արդեն ամբողջությամբ հակառակորդի վերահսկողության տակ է, նկատի ունի դեռ 2020-ի դեկտեմբերի՞ց է հակառակորդի վերահսկողության տակ, թե՞ Փելա սարի հատվածում հոկտեմբերի զարգացումներից հետո։ Ի պատասխան՝ Փարսյանը գրավոր տեղեկացրել էր, որ ճանապարհը հակառակորդի վերահսկողության տակ է 2020 թ․-ի դեկտեմբերից։ Մեր հարցմանը կցած քարտեզի վրա համայնքապետը հստակեցրել էր նաեւ ճանապարհահատվածը, որը եւ ադրբեջանական հսկողության ներքո է։ Այդ ճանապարհահատվածը կարող եք տեսնել ստորեւ ներկայացվող քարտեզի վրա։ Կապանի համայնքապետի մամուլի խոսնակը մեր զրույցում հստակեցրեց, որ այժմ բնակիչները Սյունիք համայնքից միայն Դիցմայրի կարող են գնալ, իսկ Ագարակ գնալու համար օգտագործում են Վարդավանքի ճանապարhը։ Այսինքն՝ ճանապարհը Փելա սարով անցնող հատվածից մինչեւ Դիցմայրին Սյունիք գյուղի հետ կապող հատվածը հակառակորդի վերահսկողության տակ է։  Նախկինում Դիցմայրիից Ագարակ գնալու ճանապարհը 14 կմ էր, իսկ այժմ Դիցմայրիից Վարդավանքով Ագարակ գնացող ճանապարհը 20 կմ է՝ ժամանակային առումով՝ մոտ 30 րոպեի տարբերությամբ։ Ինչ վերաբերում է Փայլասարի լեռներով անցնող ճանապարհի որեւէ հատվածում ադրբեջանցիների տեղադրած հնարավոր արգելափակոցի մասին Փարսյանի պնդմանը, ԱԱԾ-ն հրաժարվեց տեղեկություն տրամադրել՝ դարձյալ մեկնաբանելով, թե այն գաղտնիք է պարունակում։ Ճանապարհը, որ անցնում է լեռներով, երեւում է վերը ներկայացված քարտեզում, դեղին սլաքով նշված է Փարսյանի հիշատակած արգելափակոցի մոտավոր վայրը Նկարում՝ Google քարտեզը, որտեղ դեղին սլաքով դարձյալ նշված է Փարսյանի հիշատակած արգելափակոցի մոտավոր վայրը ԱԱԾ-ից տեղեկություն էինք խնդրել նաեւ Փարսյանի՝ հարցազրույցի ժամանակ հնչեցրած մյուս հայտարարությունների իսկության վերաբերյալ՝ կցելով նաեւ «Զանգեզուր» TV-ի մոտ 7-րոպեանոց համապատասխան տեսանյութը, սակայն ԱԱԾ-ից պատասխանել էին, որ անհրաժեշտ է կոնկրետ հարցադրում ներկայացնել Փարսյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ: Ուստի երրորդ հարցումն ուղարկեցինք՝ այս անգամ վայրկյան առ վայրկյան նշելով հարցազրույցում հնչեցված մտքերն ու յուրաքանչյուրի համար առանձին-առանձին հարցնելով՝ պնդումն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Անտեսելով Փարսյանի մի քանի հայտարարություններ՝ ԱԱԾ-ից անդրադարձան միայն համայնքապետի՝ ռուս սահմանապահների հեռանալու մասին պնդմանը․  «Երկու օր առաջվա դրությամբ (հոկտեմբերի 17-ի,- հեղ․) տեղակայված են եղել ռուս սահմանապահ զորքերից մի խումբ, հիմա ներկա դրությամբ տեղափոխվել եւ տեղակայվել են այ էս հատվածում (ստորեւ քարտեզի վրա տեղափոխման ուղղությունը ցուցադրված է դեղին սլաքով,- հեղ․)»,- մասնավորապես ասել էր Փարսյանը։ ԱԱԾ-ից ստացած հարցման պատասխանում ասված է, թե այդ տարածքում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները դուրս չեն եկել, այլ կենցաղային անհրաժեշտությամբ պայմանակորված վերատեղադրել են իրենց կեցավայր վագոն-տնակը։ ԱԱԾ-ն, ինչպես երեւում է պատասխանից, համարում է, որ դա ոչ թե տարածքը լքել է, այլ միայն կեցավայր վագոն-տնակի՝ կենցաղային անհրաժեշտությամբ պայմանավորված վերատեղադրում։ Փարսյանի մյուս պնդումը, թե «ռուսների բացակայության պատճառով տարածքն ամբողջովին անցավ ադրբեջանցիների վերահսկողության տակ․․․», ԱԱԾ-ն ոչ հաստատել է, ոչ հերքել։ Վերադառնալով Փայլասար գնալու ճանապարհի թեմային՝ վերջին հարցմամբ ԱԱԾ-ին խնդրել էինք հստակեցնել նաեւ՝ ինչո՞ւ են Ագարակ, Ուժանիս, Եղվարդ, Խդրանց համայնքների բնակիչներն այժմ օգտագործում Ագարակ-Խդրանց-Վարդավանք-Կապան ավտոճանապարհը։ Այս անգամ պատասխան ստացանք, որ նշված հարցազրույցի ընթացքում ցուցադրված քարտեզն էականորեն տարբերվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից կիրառվող տեղագրական (գաղտնի դրոշմակնիքով) քարտեզների տեղորոշիչ կոորդինատներից, հետեւաբար մեր հարցադրումներին հնարավոր չէ պատասխանել՝ անճշտություններից խուսափելու համար։ Բացի սրանից՝ ԱԱԾ-ն կրկին համարում է, որ հայցվող տեղեկությունը գաղտնիք է պարունակում, ուստի մեզ տեղեկություն չի տրամադրի՝ Սահմանապահ զորքերի զբաղեցրած դիրքերի տեղորոշման կոորդինատները չբացահայտելու համար: Հարկ է նշել, որ ե՛ւ նախորդ, ե՛ւ վերջին հարցմանը կցել էինք Փարսյանի ցուցադրած նույն քարտեզը՝ ճանապարհի նշումներով։ Եւ, փաստորեն, մի դեպքում ԱԱԾ-ն չի համարել, որ այդ քարտեզը տարբերվում է սահմանապահների ունեցած քարտեզից ու հաստատել է, որ բնակիչներն այլեւս այդ ճանապարհը չեն օգտագործում, մյուս դեպքում լրիվ այլ պատասխան է տվել։ Միաժամանակ, ԱԱԾ-ից ստացած պատասխանում հիշատակված է հոկտեմբերի 18-ին տեղադրված հաղորդագրությունը, ըստ որի Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել: Այսպիսով, Ագարակ, Ուժանիս, Եղվարդ, Խդրանց համայնքների բնակիչները Փելա սարով անցնող՝ նախկինում օգտագործվող ճանապարհով դեպի Կապան գնալու հնարավորություն չունեն 2020թ․ դեկտեմբերի կեսից, սակայն ԱԱԾ-ն չի մեկնաբանում՝ ինչու։ Այժմ բնակիչները դեպի Կապան գնալու համար օգտագործում են Ագարակ-Խդրանց-Վարդավանք-Կապան ավտոճանապարհը։ Սա իր հարցազրույցում ասել էր նաեւ Գեւորգ Փարսյանը, սակայն, փաստորեն, ոչ թե դեկտեմբերին, այլ միայն տասը ամիս անց՝ հոկտեմբերին։ Իրականություն է Փարսյանի այն հայտարարությունը նաեւ, ըստ որի՝ ռուս խաղաղապահները փոխել են իրենց տեղակայման վայրը։ Միայն թե ԱԱԾ-ն մեկնաբանում է, որ խաղաղապահները ոչ թե հեռացել են դիրքից, այլ կենցաղային անհրաժեշտությամբ պայմանակորված վերատեղադրել են իրենց կեցավայր վագոն-տնակը։ Իսկ ինչ վերաբերում է Փարսյանի ցուցադրած ճանապարհահատվածին, որտեղով բնակիչները նախկինում վառելափայտ էին հայթայթում, ԱԱԾ-ն նշում է, որ բնակիչներն այդ տեղամասում կարող են գտնվել խիստ անհրաժեշտության դեպքերում միայն՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների ուղեկցությամբ: Ռուսների բացակայության պատճառով հիշատակված տարածքն ամբողջովին ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելու, նախկինում Ագարակ, Եղվարդ, Ուժանիս հասնելու համար հիմնական ճանապարհի վրա հայկական կողմի վերահսկողության բացակայության մասին Փարսյանի պնդումներն ԱԱԾ-ն առհասարակ չի մեկնաբանել, ոչ հերքել է, ոչ հաստատել, նշել է միայն, որ խնդրո առարկա հատվածում դիրքային փոփոխություն չի եղել։ Հայարփի Բաղդասարյան
12:30 - 10 դեկտեմբերի, 2021
ՊԵԿ նախագահը Սյունիքի մաքսային հսկողության տարածքում ծանոթացել է ապրանքների պահպանման հնարավորություններին

ՊԵԿ նախագահը Սյունիքի մաքսային հսկողության տարածքում ծանոթացել է ապրանքների պահպանման հնարավորություններին

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչություն և Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող Կապան քաղաքի մաքսային հսկողության տարածք: Այցի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձրել տրանսպորտային միջոցների և բեռների մաքսային հսկողության կազմակերպման գործընթացներին, որի շրջանակներում կարևորել է մաքսային ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական ջանքերը՝ կարևորելով աշխատանքներն արագ և որակով իրականացնելու անհրաժեշտությունը: Բադասյանը մաքսային հսկողության տարածքի շրջայցի ընթացքում ծանոթացել է տարածքում ապրանքների պահպանման հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը։
19:04 - 07 դեկտեմբերի, 2021
Ինձ համար ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունների նպատակն է ապաշրջափակման մասին հայտարարությունների ներքո մեր գյուղերում էլ ավելի մեծ խնդիրներ ստեղծել․ ՄԻՊ |tert.am|

Ինձ համար ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունների նպատակն է ապաշրջափակման մասին հայտարարությունների ներքո մեր գյուղերում էլ ավելի մեծ խնդիրներ ստեղծել․ ՄԻՊ |tert.am|

tert.am: Ինձ համար ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունների նպատակն է ապաշրջափակման մասին հայտարարությունների ներքո մեր գյուղերում էլ ավելի մեծ խնդիրներ ստեղծել։ Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Մեր՝ Սյունիք կատարած այցը նպատակ ուներ ուսումնասիրել Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները փակվելու՝ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդկանց վրա ազդեցությունը՝ մարդու իրավունքների տեսանկյունից։ Ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով առաջացել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ։ Ճանապարհների դիտարկելիության, վիճակի, անվտանգության լուրջ խնդիրներ կան։ Երկու ճանապարհն էլ՝ այլընտրանքայինը, որ առաջարկվում է կառուցել, թե՛ Կապանից Ճակատեն և մյուս  գյուղեր, թե՛ դեպի Որոտան, Բարձրավան, Շուռնուխ, Նոր Առաջաձոր տանող ճանապարհները մարդու անվտանգության լրջագույն սպառնալիքի տակ են, կյանքի իրավունքը ոտնահարված է»,-ասել է Թաթոյանը՝ նշելով, թե երկու ճանապարհներն էլ ուղիղ դիտարկվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից։ «Ի՞նչ ազդեցություն ունեն այլընտրանքային ճանապարհները, երբ նույն կերպ դիտարկվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Ադրբեջանն ամեն օր ատելություն է տարածում ու խրախուսում»,-նշել է ՄԻՊ-ը։ Ավելին՝ tert.am-ում
12:29 - 02 դեկտեմբերի, 2021
Թումո կենտրոնը կտեղակայվի Կապանի կայարանի պատմական շենքում

Թումո կենտրոնը կտեղակայվի Կապանի կայարանի պատմական շենքում

1932 թվականին կառուցված Կապանի երկաթուղային կայարանի պատմական շենքը շուտով կվերածնվի` որպես Թումո կենտրոն: Հավատարիմ մնալով իր մոտեցումներին` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը շարունակում է ընդլայնել իր ծրագիրը չշահագործվող, սակայն պատմական արժեք ունեցող շենքերում: Այս մասին հայտարարություն է տարածել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ «Խորհրդանշական է, որ կենտրոնը կառուցվելու է ճարտարապետական արժեք և հատուկ պատմություն ունեցող շենքում: Իհարկե, շատ ավելի հեշտ է կառուցել նորը, քան վերանորոգել հինը, սակայն շատ կարևոր է մեզ ժառանգություն հասած հին կառույցին նոր ոգի, նոր կյանք տալը»,- նշում է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը: Շենքի վերակառուցման ու նախապատրաստական աշխատանքները ծրագրված է ավարտել 2023 թվականին, ինչից հետո կենտրոնն իր դռները կբացի Կապանում ու հարևան համայնքներում բնակվող ավելի քան 1000 պատանիների առջև: Թումոյի կրթական ծրագիրը կհասնի Սյունիք մինչ շենքի վերանորոգման աշխատանքների ավարտը․ մոտակա շաբաթներին Կապանում տեղադրվելու է Թումո տուփ, որը կենտրոնի շահագործումից հետո կտեղափոխվի մարզի այլ համայնք: Սյունիքի մարզի բոլոր համայնքներում ապրող պատանիներին Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելու համար «Թումո Հայաստան» նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է բացել ևս մեկ կենտրոն` Սիսիան քաղաքում, ինչպես նաև 6 Թումո տուփ` Գորիս, Քաջարան, Մեղրի քաղաքներում և Շաքի, Շինուհայր, Տեղ գյուղերում: Կապանի Թումոյին միացված կլինեն Քաջարանի և Մեղրիի տուփերը, իսկ Սիսիանին` Գորիսի, Շաքիի, Շինուհայրի, Տեղի Թումո տուփերը: Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն կտա տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել շաբաթական շուրջ 320 պատանիների, որոնք ինքնուսուցման փուլը տուփում անցնելուց հետո կմեկնեն Կապանի կամ Սիսիանի կենտրոններ` գործնական դասընթացներին և հատուկ աշխատարաններին մասնակցելու: Այսպիսով, առաջիկա տարիներին երկու Թումո կենտրոնները ու վեց տուփերը միասին կկազմեն կրթական ցանց Սյունիքի մարզում` պատանիներին տալով որակյալ կրթություն համաշխարհային շուկայում պահանջված բնագավառներում: Հարգելի գործընկերներ, մամուլի հաղորդագրության անգլերեն տարբերակը և նկարները կարող եք ներբեռնել` սեղմելով ներքևի կոճակը։
17:42 - 01 դեկտեմբերի, 2021
ՊԵԿ աշխատակիցներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին. Բադասյան |armenpress.am|

ՊԵԿ աշխատակիցներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին. Բադասյան |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները արդեն ծառայություն  են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Մաքսային բուն գործառույթներին դեռ հարցը չի հասել, դա կլինի այն դեպքում, երբ համապատասխան որևէ մեքենա հատի ՀՀ սահմանը և մաքսային հսկողություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա: Այս պահին որոշակի աշխատանքներ են տարվում՝ մաքսային ծառայողների համար հավելյալ աշխատանքային պայմաններ ապահովելու համար»,- ասաց Բադասյանը: Հարցին՝ թե արդյոք Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն այս ընթացքում մաքսային գործառույթ իրականացրել են, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ այն, որ նրանք տեղակայված են ավտոճանապարհին, արդեն նշանակում է, որ իրականացնում են մաքսային գործառույթ:
12:07 - 01 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանցի զինծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել նաև Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը. ՄԻՊ

Ադրբեջանցի զինծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել նաև Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը. ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կապանից դեպի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից, հետևաբար՝ բացի դժվարանցանելիությունից ու դրա հետևանքով հումանիտար խնդիրներից, բնակիչների իրավունքների ոտնահարումներից մարդկանց կյանքի իրավունքի և անվտանգության երաշխավորման խնդիրը մնալու է չլուծված։ Ուստի, անհրաժեշտ է վերացնել խախտման աղբյուրը՝ խնդիրների իրական պատճառը: Երեկ և այսօր ուսումնասիրել ենք այս պահին շահագործվող այլընտրանքային ճանապարհի դիտարկվող հատվածները (կից լուսանկարներում դիտարկվող ոչ բոլոր մասերն են)։ Ուսումնասիրություններ ենք արել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի (Gevorg Parsyan) և նրա անձնակազմի հետ: Գյուղերում բնակիչները նաև վկայեցին, որ երբ 90-ական թվականներին այդ այլընտրանքային ճանապարհը ստիպված են եղել շահագործել, ադրբեջանական զինված ծառայողների դիտարկելու պատճառով՝ եղել են նրանց կողմից քաղաքացիական տներ ու մարդկանց հրազենով, այդ թվում՝ դիպուկահար կրակոցներով, թիրախավորելու դեպքեր։ Փաստերն ակնհայտ են հաստատում, որ հայատյացության պետական հովանավորչությունն ու խրախուսումն Ադրբեջանի իշխանությունների կողմից այս տարիների ընթացքում միմիայն խորացել է և նոր՝ ծայրահեղ դրսևորումներ է ստացել՝ հասնելով ֆաշիզմի։ Իսկ վերջին պատերազմի ընթացքում դրսևորվել է դաժանություններով ու մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումներով: Հետևաբար, նման դեպքերի կրկնությունը չի բացառվում։ Ընդ որում, այս ճանապարհի դեպքում տեղանքի առանձնահատկությունն այն է, որ շատ մասեր հատկապես ձմռան ամիսներին կդառնան պարզապես անանցանելի: Այս մասին վկայել են նաև գյուղերի բնակիչները՝ հիշելով, որ 90-ական թթ. ճանապարհը շահագործելու ժամանակ բախվել են նույն խնդիրների: Սա իր հերթին ավելի կխորացնի գյուղերի գյուղերի մեկուսացման աստիճանը։ Հարկ եմ համարում հատուկ նշել, որ ինքներս ենք տեսել, թե ինչպես են համայնքային, մարզպետարանի մարմինները, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը կամ պարզապես հարակից համայնքների բնակիչներ ջանք ու եռանդ ներդնում՝ ճանապարհն անցանելի դարձնելու, մարդկանց օգնելու համար: Մարդկանց չարչարանքը միմիայն գնահատելի է, բայց, ինչպես արդեն ասել եմ, հարցն այստեղ բոլորովին այլ է: Լուծված չէ ամենագլխավորը՝ երաշխավորված չեն մարդկանց կյանքի իրավունքը, անվտանգությունն ու ազատ տեղաշարժի իրավունքը, մյուս կենսական իրավունքները: Այսինքն՝ որպես այլընտրանքային շահագործվող ճանապարհն օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն զանգվածային խախտումները վերացնելու հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգություն, բնականոն կյանքի վերականգնում և այլն): Ուստի, անհրաժեշտ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը: Սա ամբողջությամբ բխում է միջազգային փորձից ու չափանիշներից: Ոչ ոք իրավունք չունի անտեսել մարդու իրավունքների և հումանիտար խնդիրները սահմանների որոշման հետ կապված գործընթացում և վերջ: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցները կներկայացնեմ միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին»:
11:05 - 01 դեկտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սյունիքի մարզի Կապան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորայք, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարներին, ինչպես նաև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին: Նախքան մարզին վերաբերող հարցերի քննարկումը վարչապետը շնորհավորել է հանրապետության բոլոր համայնքների նորընտիր ղեկավարներին: «Ուրախ եմ արձանագրել, որ ընտրական ինստիտուտի նկատմամբ հետևողական և շարունակական կերպով մեր հանրության վստահությունը մեծանում է: Սա եղել է մեր քաղաքական թիմի և Կառավարության կարևոր հանձնառությունը, և մենք այդ ճանապարհով գնալու ենք: Իհարկե, մեր ընտրական համակարգը կատարյալ չէ, աշխարհում չկա էլ կատարյալ ընտրական համակարգ, բայց կարևոր է արձանագրվի՝ քաղաքացին վստահ լինի, որ իր ընտրությունն է որոշիչը: Անկախ նրանից, թե որ դեպքում ինչքան դա դուր կգա իշխանությանը, ինչքան դուր կգա ընդդիմությանը, ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը որոշիչ ուժ է, և սա չափազանց կարևոր գործոն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:Կառավարության ղեկավարն ընդգծել է նման ձևաչափերով հանդիպումների անցկացման կարևորությունը՝ նաև համայնքների խոշորացման գործընթացի համատեքստում: «Գուցե ընդհանրապես ընդհանրական ձևաչափի մասին մտածենք, որպեսզի կարողանանք կառավարության և տեղական ինքնակառավարման ինստիտուտի գործակցությունն ավելի համակարգված իրականացնել»,- նշել է վարչապետ Փաշինյանը: Անդրադառնալով Սյունիքի մարզի խնդիրներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք Կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Այդ առումով վարչապետը կարևորել է պաշտոնական՝ առաջին աղբյուրից տեղեկատվություն տրամադրելու գործընթացի պատշաճ իրականացումը: «Անհրաժեշտ է տրամադրել ամբողջական ինֆորմացիա՝ ինչ է կատարվում, ինչու է կատարվում, ինչ սպասել, ինչ չսպասել: Գիտեք, ցավոք, տեղեկատվական դաշտում միշտ չէ, որ ճիշտ տեղեկատվություն է շրջանառվում: Պետք է բոլորս կարողանանք իրողությունները հստակ գնահատել, կարողանանք տարբերել կեղծ տեղեկատվությունը ճիշտ տեղեկատվությունից»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ, ընդհանրապես, և՛ ներքին, և՛ արտաքին բազմաթիվ հարցերում Հայաստանի բոլոր պետական և ինքնակառավարման մարմինները պետք է գործեն համաժամանակյա, որովհետև խոսքը պետական և ազգային շահերի պաշտպանության մասին է: Այնուհետև հանդիպմանը քննարկվել են Կառավարություն-տեղական ինքնակառավարման մարմիններ համագործակցությանը, Սյունիքի համայնքներում Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին, այդ թվում՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Կարևորվել է Կառավարության հնգամյա ծրագրի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում նախատեսվող լայնածավալ ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչն էապես կնպաստի մարզի և համայնքների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Վարչապետն անդրադարձել է նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման, ինչպես նաև սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելու հնարավորություններին:
15:16 - 24 նոյեմբերի, 2021
Կապանի համայնքապետարանը հայտնել է նոյեմբերի 24-ից երկու նոր երթուղու գործարկման մասին

Կապանի համայնքապետարանը հայտնել է նոյեմբերի 24-ից երկու նոր երթուղու գործարկման մասին

Կապանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ից գործելու է երկու երթուղի՝ Կապան-Ճակատեն-Կապան և Կապան-Մեղրի-Ներքին Հանդ-Ճակատեն-Կապան։ Նոր երթուղիների սպասարկումն իրականացվելու է ամեն օր՝ հետևյալ ժամանակացույցով: Կապան-Ճակատեն-Կապան երթուղի Ժամը 8։00– Ճակատեն-Երկաթուղայինների 5-րդ նրբանցք (թունելի մոտ)Ժամը 10։00– Երկաթուղայինների 5-րդ նրբանցք (թունելի մոտ)–ՃակատենԺամը 12։00–Ճակատեն-Երկաթուղայինների 5-րդ նրբանցք (թունելի մոտ)Ժամը 14։00–Երկաթուղայինների 5-րդ նրբանցք (թունելի մոտ)–ՃակատենԺամը 16։00–Ճակատեն-Երկաթուղայինների 5-րդ նրբանցք (թունելի մոտ)Ժամը 18։00–Երկաթուղայինների 5-րդ նրբանցք (թունելի մոտ)–Ճակատեն Կապան-Մեղրի-Ներքին Հանդ-Ճակատեն-Կապան երթուղի Ժամը 7։30– Կապան(5 համարի կանգառ)-Ճակատեն (վարչական շենքի մոտ)Ժամը 10։30– Ճակատեն (վարչական շենքի մոտ)–Կապան(5 համարի կանգառ)
10:07 - 24 նոյեմբերի, 2021
Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ Կապան-Տաթև ճանապարհին՝ Աղվանի գյուղից վերև, տեղադրվել է տաքացման կետ. ԱԻՆ

Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ Կապան-Տաթև ճանապարհին՝ Աղվանի գյուղից վերև, տեղադրվել է տաքացման կետ. ԱԻՆ

Հաշվի առնելով եղանակային պայմանները, դրանց հետևանքով հնարավոր պատահարներն ու արտակարգ դեպքերը՝ Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից Կապան-Տաթև ճանապարհի 39կմ-ին՝ Աղվանի գյուղից վերև, տեղադրվել է տաքացման կետ: Ճանապարհին մնացած, տուժած քաղաքացիներին առաջին օգնություն կցուցաբերվի կահավորված և հարմարեցված այս կետում: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:  Շարունակում է գործել Շուռնուխում բացազատված կետը, իսկ առաջիկայում տաքացման կետեր կտեղադրվեն նաև Վերին Խոտանանում և Երևան–Գորիս ճանապարհի Տաթև տանող խաչմերուկում: Տեղանքի առանձնահատկություններից ելնելով՝ տաքացման նոր կետերի տեղորոշմանը և կահավորմանն առնչվող խնդիրների լուծման նպատակով տեղում աշխատել են ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանը: Տեղեկացնենք նաև, որ անբարենպաստ եղանակի հետևանքով դժվարանցանելի ճանապարհներին հայտնված, կամ այլ պատճառներով օգնության կարիք ունեցող քաղաքացիները կարող են զանգել 911 հեռախոսահամարին:
16:52 - 17 նոյեմբերի, 2021
Կապան խոշորացված համայնքի բնակավայրերը բնակչության բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն

Կապան խոշորացված համայնքի բնակավայրերը բնակչության բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն

Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում անցակետի տեղակայման հետևանքով Կապան խոշորացված համայնքի  Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը բնակչության բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մարզում բուժօգնության հասանելիությունն ապահովելու նպատակով Նորաշեկնիկի առողջության առաջնային պահպանման կենտրոնը, որը սպասարկում է նշված բնակավայրերը, կուժեղացվի բարձր անցողունակությամբ լրացուցիչ սանիտարական տրանսպորտով: Փոխնախարար Արմեն Նազարյանն այցելել է Սյունիքի մարզ, տեղում գնահատել իրավիճակը, ծանոթացել գյուղերի բուժակ-մանկաբարձական կետերի շենքային պայմաններին, ինչպես նաև նախաբժշկական օգնության համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցներին»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:
16:40 - 17 նոյեմբերի, 2021
Արյան պաշարների հետ կապված խիստ հաշվառում է իրականացվում. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

Արյան պաշարների հետ կապված խիստ հաշվառում է իրականացվում. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Արյան պաշարների հետ կապված՝ Հայաստանում խնդիր չկա, դրանք համալրված են, համալրվում են։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ արյան դոնորների հավաքագրումն ընթացիկ գործընթաց է, և արյան պաշարների հետ կապված խիստ հաշվառում է իրականացվում։  «Առողջապահության նախարարության մեր թիմն իմ տեղակալի գլխավորությամբ երեկ եղել է Սյունիքում և Վայոց ձորում։ Ե՛վ Կապանի, և՛ Գորիսի բժշկական կենտրոնները կունենան հավելյալ շտապօգնության ամենագնաց մեքենաներ: Տվյալ համայնքների բնակիչների առողջական խնդիրների լուծման ապահովումը կկազմակերպվի»,- ասել է նա՝ հավելելով, որ երեկվա ադրբեջանական սադրանքների հետևանքով վիրավորների մասին տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է հետևել ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրություններին։
12:58 - 17 նոյեմբերի, 2021
Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք արդարացնում են ադրբեջանական անցակետերը․ ՄԻՊ

Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք արդարացնում են ադրբեջանական անցակետերը․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք, անտեսելով մարդկանց սահմանադրական իրավունքները, արդարացնում են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական անցակետերը, իսկ տեղակայումները հիմնավորում են՝ ասելով, թե դրանք այն տարածքներում են, որոնք Ադրբեջանի Հանրապետություն են: Անընդհատ հղումներ են արվում ինչ որ այլընտրանքային ճանապարհների ու ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ քարտեզների: Դուք հասկանու՞մ եք, որ ձեր այդ հայտարարություններով օրինականացվում են ադրբեջանական զինված [ու իրավապահ] ծառայողների անօրինական տեղակայումները, որտեղից էլ նրանք անօրինականություններ են կատարում, հանցանքներ են գործում ՀՀ բնակչության նկատմամբ: Որքա՞ն կարելի է խոսել այլընտրանքային ճանապարհներից: Այդ, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները չեն վերացնում ՀՀ բնակչության ավտանգության սպառնալիքներն ու սահմանադրական իրավունքների խախտումները, չեն կարող լինել լիարժեք լուծումներ: Դուք գիտակցու՞մ եք, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման և հումանիտար խնդիրներ առաջացնելու նպատակային քաղաքականություն: Դուք ինքներդ ինչպե՞ս եք պատկերացնում ադրբեջանական այս արարքներից ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ու՞մ դիմել, ի՞նչ ընթացակարգով: Դուք գիտե՞ք, որ պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները միայն խորացրել են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը: Դուք գիտակցու՞մ եք, որ մեր գյուղերի մոտ, Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք դաժանաբար խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել: Երկու երկրների միջև տեղի չի ունեցել դելիմիտացիա կամ դեմարկացիա, ի՞նչ հիմքով եք դուք ինչ որ տարածքներ համարում ադրբեջանական կամ ոչ ադրբեջանական: Ի՞նչ իրավական ակտով է ձեզ իրավունք վերապահված անել ՀՀ քաղաքացիների սահմանադրական և միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող հայտարարություններ: Սույն հայտարարությունը արվում է հրապարակային՝ հաշվի առնելով, որ նշված վտանգավոր շեշտադրումները ստանում են լայն տարածում ՀՀ տարբեր, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում ու հետևաբար՝ առկա է դրանց կանխարգելման հրատապ անհրաժեշտություն: Պետք է բացառվեն տարբեր պաշտոնյաների հակասական ու մարդու իրավունքները ոտնահարող կամ վտանգող հայտարարությունները, որոնք խորացնում են անորոշությունը հասարակությունում: Իրականում, պետության ռազմավարությունը պետք է սահմանային անվտանգության հարցերում հաշվի առնի մարդու իրավունքների հետ կապը, ինչպես նաև այն, որ պետությունն ունի իր քաղաքացիների իրավունքների պաշտանության պոզիտիվ պարտավորություն»:
14:08 - 16 նոյեմբերի, 2021
Ըստ էության՝ այսօր Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո․ Սեյրան Օհանյան |tert.am|

Ըստ էության՝ այսօր Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: 2020-ի պատերազմում կրած պարտությունից հետո սահմանային լարվածությունը ՀՀ հատկապես Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում շարունակվում է։ Այս ամենն առաջին  հերթին այն բանի հետևանքն է, որ ՀՀ այսօրվա իշխանությունները պարտվելուց հետո համակերպվել են պարտվողական քաղաքականության հետ, և թուրքը հայտնվել է ՀՀ սահմաններում։ Այս մասին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Հակառակորդը շարունակում է ճնշումները պարտված իշխանության վրա, որովհետև միջազգային փորձն է ցույց տալիս, որ իրականում պարտված իշխանությունները թե՛ հակառակորդի, թե՛ միջազգային հարթակում գտնվում են պարտադրանքի, թելադրանքի ներքո»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հակառակորդի հայատյաց հռետորաբանությունը շարունակվում է, և կոնկրետ գործողություններով փորձում են էլ ավելի խորությամբ հայտնվել ՀՀ սահմաններում։ «Դա ակնհայտ է հատկապես Սյունիքի հատվածում՝ Կապան-Գորիս ճանապարհին նոր մաքսակետերի, նոր իրադրության ձևավորմամբ, նաև Իշխանասարից մինչև Ջերմուկ ընկած տարածքում դիրքերի առաջխաղացմամբ։ Ըստ էության, այսօր Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների կողմից վերահսկողության ներքո»,-ասաց նա։ Ըստ Օհանյանի՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները՝ ճանապարհների և ենթակառուցվածքների շրջափակման վերաբերյալ, Թուրքիայի և Ադրբեջանի համար մնում են որպես հիմք՝ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարն առաջ տանելու համար։ «Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է ՀՀ-ի և Արցախի՝ ավելի խորը շրջափակման, տնտեսական ճնշման, ժողովրդագրական պատկերի փոփոխության»,-ասաց նա՝ նշելով, թե այս ամենից ՀՀ իշխանությունները որևէ հետևություն չեն անում։ Ավելին՝ tert.am-ում
12:05 - 16 նոյեմբերի, 2021
Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների վերաբերյալ Անվտանգության խորհրդի այսօրվա հայտարարությունը խախտում է ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային պահանջները․ ՄԻՊ

Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների վերաբերյալ Անվտանգության խորհրդի այսօրվա հայտարարությունը խախտում է ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային պահանջները․ ՄԻՊ

ՀՀ անվտանգության խորհրդի (ԱԽ) այսօրվա հայտարարությունը՝ կապված Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների հետ, խախտում է ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային պահանջները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։   «1) Մասնավորապես, ԱԽ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը հղում է անում ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ քարտեզների ու նշում, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող հատվածները ՀՀ տարածքում չեն գտնվում: Այնուհետև, ԱԽ հայտարարությունը խոսում է այլընտրանքային ճանապարհների ցանցի ստեղծման մասին ու դրանով իսկ, ըստ էության, թույլատրելի է համարում ադրբեջանական վերահսկողությունը նշված ճանապարհների նկատմամբ:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վստահ համոզմամբ՝ ԱԽ-ի այս հայտարարությամբ ամբողջությամբ անտեսված են մարդու իրավունքների պահանջները, անտեսված է այն, որ ադրբեջանական վերահսկողությունը նշված ճանապարհների նկատմամբ ոտնահարում է Հայաստանի բնակչության՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված և միջազգայնորեն ճանաչված կենսական իրավունքները:   2) Նախ, ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ «1.Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: 2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: 3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:   Սահմանադրության 2-րդ գլուխը երաշխավորում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները:   ՀՀ Սահմանադրության 191-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը:   Սահմանադրության 52-րդ հոդվածն ամրագրում է նշված մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքների և ազատությունների խախտման դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուր անձի բացարձակ սահմանադրական իրավունքը:   ԱԽ-ի հայտարարությունը միջազգային պահանջների թվում անտեսել է ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի 2021թ. ուղեցույցը միջազգային սահմաններին մարդու իրավունքների վերաբերյալ և այլն: Այս ակտերն ամրագրում են մարդու իրավունքները՝ որպես սահմանային ցանկացած գործընթացի պարտադիր բաղադրատարր:   3) Խնդիրն այն է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո մինչ օրս, այդ թվում՝ կապված 2021թ. նոյեմբերի 10-ին և 14-ին հայտարարված համապատասխանաբար Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային հսկողության անցակետեր սահմանելու հետ, տեղում այցերով և մշտադիտարկմամբ, Պաշտպանին հասցեագրված անհատական ու կոլեկտիվ կոնկրետ բողոքների քննությամբ ձեռք է բերել հավաստի փաստեր այն մասին, որ այդ ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելու պահից խախտված են Հայաստանի քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգության, ազատ տեղաշարժի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, տնտեսական գործունեության ազատության իրավունքները, երեխայի շահերը և այլն: Չկան այս իրավունքների պաշտպանության, խախտում կատարողներին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ և այլն:   Մասնավորապես, Գորիս-Կապան ճանապարհին արձանագրվել են ՀՀ բնակչության իրավունքները խախտող ադրբեջանական արարքների այնպիսի փաստեր, ինչպիսիք են՝ ճանապարհը Որոտանի և Դավիթ Բեկի հատվածներում օգոստոսի 25-27-ը դիտավորությամբ կամայական փակելը, դրանով ՀՀ Նոր Առաջաձոր, Բարձրավան, Որոտան, Շուռնուխ բնակավայրեր մեկուսացման և հումանիտար ճգնաժամի առաջ դիտավորյալ կանգնեցնելը, քաղաքացիական մեքենաների ուղղությամբ քարեր նետելը, մայթեզրին՝ ադրբեջանական դիրքերի հարևանությամբ կանգնելու փորձ կատարող քաղաքացիական մեքենաներին զենքով սպառնալը, ահաբեկելու նպատակով ավտոբուսով երեխաների կանգնեցնելը, ՀՀ-ում օրինական հիմունքներով գտնվող Իրանի քաղաղացիներից անօրինական վճարներ գանձելը, նրանցից մեքենայի վառելիք տրամադրելու և այլ անօրինական պահանջներ ներկայացնելը և այլն:   Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական, այսպես կոչված, անցակետի պատճառով հումանիտար լրջագույն խնդիրների վտանգի առաջ է կանգնում Կապան համայնքի 6 գյուղի՝ Ճակատենի, Շիկահողի, Սրաշենի, Ծավի, Ներքին Հանդի, Շիշկերտի բնակչությունը: Դրանից բացի, փաստերը հաստատում են, որ պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն այդ ճանապարհի տարբեր հատվածներում ինքնին խաթարել է նշված բնակավայրերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը, արձանագրվել են ճանապարհի մայթեզրին նրանց զենքով ու դիմակավորված հայտնվելու փաստեր (այդ թվում՝ նոյեմբերի 14-ին): Պետք է հիշել, որ 2021թ. փետրվարի 26-ին այս ճանապարհը մի քանի ժամով փակվել էր ադրբեջանական զինված ծառայողների սադրանքի պատճառով:   Եվս մեկ կարևոր հանգամանք՝ այլընտրանքային ճանապարհների կառուցում չի նշանակում, թե դրանով վերացվում է Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ներկա ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողներից բխող իրական սպառնալիքները ՀՀ բնակչության ու հատկապես նրանց տեղակայման դիրքերի հարևանությամբ գտնվող համայնքների բնակիչների կյանքին ու անվտանգությանը:   Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք պատերազմի ընթացքում խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել:   Պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները խորացրել հայատյացությունն ու թշնամանքի քարոզը: Ադրբեջանական զինված ծառայողներն այդ ճանապարհներին են հայտնվել պատերազմի սպառնալիքի ու ցեղասպան քաղաքականության արդյունքում (այս փաստերը հաստատվում են ապացույցներով):   Երկու երկրների միջև տեղի չի ունեցել դելիմիտացիա կամ դեմարկացիա: Ուստի, ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ինքնին մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին ՀՀ բնակչության իրավունքների խախտում է:   ՀՀ հանրային իշխանության ցանկացած մարմին, այդ թվում՝ ՀՀ անվտանգության խորհուրդը պարտավոր է իր գործունեության մեջ, նաև հրապարակային հայտարարություններում ղեկավարվել մարդու իրավունքների պահանջներով և չի կարող անել այնպիսի հայտարարություններ, որոնք անհնար են դարձնում կամ վտանգում են մարդու իրավունքները»,-ասված է ՄԻՊ գրառման մեջ։ 
20:11 - 15 նոյեմբերի, 2021
Դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը առաջին հերթին պետք է Հայաստանին. ԱԺ նախագահ |armenpress.am|

Դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը առաջին հերթին պետք է Հայաստանին. ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Սահմանազատման և սահմանագծման գործընթացի պարագայում եթե պարզվի, որ ինչ-որ հատվածներից Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ գնան, նրանք միանշանակ հետ կգնան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ հիմքով են Սյունիքի մարզի որոշ տարածքներ անցել Ադրբեջանին, եթե դեռևս դեմարկացիոն և դելիմիտացիոն աշխատանքներ չեն իրականացվել: «Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ նույնպես նշվում է մեր կողմից, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի  գործընթացը պետք է սկսվի: Պետք է հասկանանք, որ այն ինչ-որ այսօր կատարվում է, դա իր հետքը թողելու է բոլոր տեսակի բանակցությունների վրա, որովհետև այն գործունեությունը, որն այսօր Ադրբեջանը ծավալում է, չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությունից: Դրա մասին բարձր ասվել է և մենք մեր բոլոր միջազգային գործընկերների, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության հետ այս հարցը նույնպես քննարկել են և քննարկում ենք»,- ընդգծեց Սիմոնյանը: Նրա խոսքով` դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը, սահմանների ճշտումը առաջին հերթին պետք է Հայաստանի Հանրապետությանը:  «Մենք պետք է ֆիքսենք՝ Հայաստանը որտեղ է սկսվում և որտեղ է ավարտվում, որպեսզի շահարկումներ չլինեն, որպեսզի չփորձեն դրա հիման վրա ներքին և արտաքին քաղաքական ազդեցություններ ունենալ, որից կարող են օգտվել նաև մեր հակառակորդները»,- եզրափակեց Սիմոնյանը:
18:05 - 15 նոյեմբերի, 2021