Հայոց ցեղասպանություն

Ցեղասպանությունը մեր անցյալն է, բայց ոչ երբեք ապագան․ Արցախի ԱԺ նախագահ

Ցեղասպանությունը մեր անցյալն է, բայց ոչ երբեք ապագան․ Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել Հայոց Մեծ եղեռնի 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց Մեծ եղեռնը 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների ծրագրած և իրագործած ցեղասպանությունն է: Ամեն տարի այս օրերին առաջադեմ մարդկությունն ու աշխարհասփյուռ հայությունը հիշում և դատապարտում է հրեշավոր ոճրագործությունը,ոգեկոչում անմեղ զոհերի հիշատակը: Պետականորեն կազմակերպված, այլատյացության ծնունդ այդ հանցագործությունը մեծ հաշվով առայսօր մնում է անպատիժ: Ամենաթողությունը ոճրագործին մղել է նոր հանցավոր գործելաոճի: Ավելի քան մեկ դար անց Թուրքիայի հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի ղեկավարությունը Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ցեղասպանական նոր ծրագիր է մշակել: Այդ գաղափարախոսության վերածննդի վկայությունն են ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները: 2020թ. Արցախյան 3-րդ պատերազմը, բազմահազար անմեղ զոհերը, հայրենի երկրի զգալի մասի կորուստը, հետպատերազմյան շրջանում հայկական ազգային, քրիստոնեական հուշարձանների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը նորից և նորից հուշում են, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց քաղաքական օրակարգից հայասպանության ծրագիրը չեն հանել: Ժամանակը նոր մարտահրավերներ է առաջ քաշում: Ադրբեջանական քարոզչամեքենան այսօր շարունակում է հայատյացության իր որդեգրած գործելաոճը՝ մոտ 4,5 ամիս Արցախը պահելով լիակատար շրջափակման մեջ: Այս պայմաններում մենք այլ ելք չունենք, եթե ոչ՝ լինել առավելագույնս միասնական, կենսունակ ու հայրենապաշտ: Մենք շատ դժվարություններ ենք տեսել ու հաղթահարել պատվով։ Համոզված եմ, որ կհաղթահարենք նաև այս անգամ: Եվ օրվա խորհուրդը մեզ մի բան կարող է հուշել՝ միայն համայն հայության միասնականությամբ կարող ենք կանխել նոր ցեղասպանությունն Արցախում: Հայոց Մեծ եղեռնի 108-րդ տարելիցը վկայում է, որ վերածնված ժողովուրդը երբեք չի մոռանում, թե ինչ է թողել ետևում, բայց վստահությամբ նայում է առաջ: Ցեղասպանությունը մեր անցյալն է, բայց ոչ երբեք ապագան»։
11:24 - 24 ապրիլի, 2023
Անպատժելիության մթնոլորտն է հենց հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը. Հունաստանում ՀՀ դեսպան

Անպատժելիության մթնոլորտն է հենց հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը. Հունաստանում ՀՀ դեսպան

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ուղերձը  է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ. «20-րդ դարասկզբի մեծ ողբերգությունից 108 տարի անց, հայերս և ողջ առաջադեմ մարդկությունը այսօր խնկարկում են Ցեղասպանության սրբադասված նահատակներին: Հիշատակի այս օրը հատուկ խորհուրդ ունի հատկապես այստեղ՝ բարեկամ մի երկրում, որի հայկական գաղթօջախի մի ստվար հատված ձևավորվել է ցեղասպանությունից փրկվածների, մեկ այլ մասն էլ՝ ցեղասպան քաղաքականության շարունակությունը հանդիսացող Փոքրասիական աղետի հետևանքով: Երկիր, ուր հայերը գտան ապահով ապաստան ոչ միայն ֆիզիկական բնաջնջման վտանգից, այլև փրկություն՝ ինքնության, մշակույթի և դավանանքի դեմ ուղղված ցեղասպան գործողություններից: Անուրանալի երախտիքն այս, ինչպես նաև մեր ճակատագրի ծանր մյուս դրվագներում զորակցության և սատարումի առթիվ, հայ-հունական ամուր բարեկամության հիմքում են: Աղետի օրերին հայերիս մեկնած օգնության ձեռքն էր, որ դարձավ փրկօղակ՝ հնարավոր դարձնելով ազգային վերածնունդը՝ ըստ էության ձախողելով Ցեղասպանությունը ծրագրողների և իրագործողների նպատակադրումը: Չնայած դրան, Ցեղասպանության հիշողությունը շարունակում է մեր հավաքական իքնագիտակցության չսպիացող վերքը մնալ նախ այն պատճառով, որ չի արժանացել արդարացի գնահատականի և զղջումի, բայց նաև այն պատճառով, որ շարունակում է հայերիս և մարդկության դեմ նորանոր հանցանքների հիմք հանդիսանալ: Ամեն տարի մենք նշում ենք այս խնդրի մասին։ Իրականում ժխտողականության շարունակությունը էլ ավելի է մեծացնում մեր ցավը։ Ավելին, մեր օրերում Թուրքիայում և Ադրբեջանում ականատեսն ենք լինում Ցեղասպանությունը գործած հանցագործների մեծարման և հերոսացման, ինչը, ցավոք, ողբերգությունից շուրջ մեկ դար և մեկ տասնամյակ անց ահազանգ է, որ այսօր էլ հայը վտանգված է իր բնօրրանում: Ժխտողականության շարունակությունը մեծացնում է ցեղասպանության կրկնության հավանականությունը։ Ժխտողականությունը ուղիղ կապ ունի անպատժելիության հետ։ Անպատժելիության մթնոլորտն է հենց հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը, դրա արդարացման համար տարատեսակ պատրվակներ հորինելուն, իչպես նաև գործած հանցանքները ամբողջ աշխարհի աչքերին նայելով հերքելուն, իսկ հանցագործությունը գործածներին, այսպես կոչված, «հայրենասիրության» համար հերոսացնելուն։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի շուջ 120 հազար հայեր, այդ թվում՝ 30 հազար մանուկներ, պաշարված են իրենց հայրենիքում՝ զուրկ կեցության տարրական պայմաններից: Սննդի, դեղորայքի, որակյալ բուժսպասարկման և էներգիայի սղությունը միակ զրկանքները չեն, որ այսօր կրում են Արցախի մեր հայրենակիցները: Ադրբեջանական զինված ուժերի պարբերական սադրանքները, որոնք ուղեկցվում են այդ երկրի ամենաբարձր ղեկավարության կողմից հայատյաց հռետորաբանությամբ, ուղղված են արցախցիներին ահաբեկելու և ընկրնելու միջոցով սեփական հողից ու բնակավայրից դուրս մղելուն, հայկական հետքը Հայկական լեռնաշխարհի այդ հատվածից ջնջելուն: Ճնշումներն ուղեկցվում են նաև պարբերական բնույթ կրող ռազմական սադրանքներով, ինչպես, օրինակ՝ մարտի 5-ի իրադարձությունները, որոնց զոհ դարձան արցախցի երեք ոստիկաններ: Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ հրազենից և տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ էին բացել բանակցելու նպատակով իրենց մոտեցած հայ զինծառայողների ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվեցին չորս հայորդիներ, կան նաև վիրավորներ:Տարածաշրջանում առկա լարվածությունը թոթափելու հայկական կողմի բոլոր փորձերը ի դերև են ելնում՝ բախվելով օրեցօր ավելի ու ավելի անկաշկանդ դարձող հայատյացության քարոզին: Ադրբեջանի նախագահն իր հրապարակային ելույթներում ընդունում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրված ագրեսիայի փաստը, անթաքույց կերպով բացահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու մտադրությունը։ Տարածաշրջանում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին կայուն և տևական կարգավորումներ փնտրելու փոխարեն՝ Ադրբեջանն ուժի և ուժի սպառնալիքի միջոցով փորձում է առաջ մղել իր առավելապաշտական նկրտումները։ Հայկական կողմը բազմիցս ահազանգել է Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականության՝ իրավիճակն ապակայունացնող հեռանկարների մասին։ Սակայն կա գիտակցում, որ աշխարհաքաղաքական արդի անկայունության պայմաններում զուտ միջազգային իրավունքին և միջազգային զսպող մեխանիզմներին ապավինելը ինքնապաշտպանության երաշխիք այսօր հանդիսանալ չի կարող: Այս իմաստով թերևս տեղին է կրկին ընդգծել, որ մեր ինքնության պաշտպանության, գոյության հարատևության ապահովման միակ գրավականը մեր և մեր բարեկամների ներուժի կատարյալ համախմբումը և թիրախային ուղղորդումը միայն կարող է լինել, ինչի կարիքն այսօր Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ունեն առավել քան երբևէ»:
11:16 - 24 ապրիլի, 2023
Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչումը ոչ միայն ինքնիշխան Արցախի վրա շիրմաքարի զետեղում պիտի լինի, այլև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ախորժակի առավել սրում․ Արամ Ա

Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչումը ոչ միայն ինքնիշխան Արցախի վրա շիրմաքարի զետեղում պիտի լինի, այլև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ախորժակի առավել սրում․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը միջոցառման ընթացքում ուղերձ հղեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ։ «Ճակատագրական է ներկա հանգրվանը մեր ազգի պատմության։ Մութ ամպերով է ծածկված երկնակամարը հայ կյանքի, անորոշ է Հայաստանի ու Արցախի առջև բացված հորիզոնը:Հնարավոր չէ այլ կերպ բնութագրել մեր ազգի կյանքին պարզած ներկա տխուր պատկերը։ Գիտենք՝ իրապաշտությունը երբեմն հուսահատության կարող է առաջնորդել, սակայն հավատքով զինված, կամքով փրկված ու միասնական ոգով գոտեպնդված՝ որպես ազգ կոչված ենք խոհեմությամբ ու համախոհությամբ դիմագրավել մեզ շրջապատող ներքին և արտաքին բազմազան ու այլազան տագնապները։ Անհրաժեշտ է , որ մեր մոտեցումները լինեն իրատես ու հայեցակետերը համապարփակ, որպեսզի հնարավոր լինի խնդիրները ճիշտ տեսնել, կացությունները ճիշտ ըմբռնել և մեր շուրջը տեղի ունեցող զարգացումները ճիշտ կերպով գնահատել աշխարհաքաղաքական հարափոփոխ պայմանների լույսի տակ։ Ապրիլի 24-ը մեր պահանջատիրական պայքարին իր ռազմավարական ու մարտավարական տարածքներով, վերաշեշտման ու միաժամանակ վերարժևորման հիշեցում է։ Ապրիլ 24-ը, նաև այսօր, առավել, քան երբեք ազգային միասնականության ամրապնդման մարտահրավեր է: Ադրբեջանն իր սուրն ազատորեն շարունակում է ճոճել Հայաստանի և Արցախի ուղղությամբ։  Արցախը տակավին կմնա շրջափակված ու հայաթափման վտանգի առջև: Բարոյական աջակցությունից զատ, որևէ պետություն չուզեց միջամտել՝ վերջ տալու այս ցեղասպանությանը: Վտանգված են Հայաստանի սահմանները ու նույնիսկ գերիշխանությունը: Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչումը ոչ միայն ինքնիշխան Արցախի վրա շիրմաքարի զետեղում պիտի լինի, այլ նաև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ախորժակի առավել սրում: Աննախատեսելի հետևանքներով հղի այս վտանգալից կացության դիմաց Արցախի անվտանգությունը ապահովելու կոչված Հայաստանի ռազմավարական գործընկերը կմնա սոսկ դիտողի կրավորական վիճակի մեջ կամ հետևելով անորոշ քաղաքականությանը: Հայաստանն առանձին է, և Արցախը փաստորեն լքված է, սակայն փառք ու պատիվ Արցախի ժողովրդին, որ իր իրավունքների պաշտպանության պատնեշի վրա կմնա ամուր, նույն պաշտնեշի վրա ողջ Սփյուռքը Արցախի կողքին և Արցախի նման կմնա ամուր։ Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիասնություն գործակցությունը փաստորեն դարձել է մակերեսային, հետզհետե իրարից հեռանում են, ամենուր նոր ճեղքեր են առաջանում, ամեն տեղ շրջապատված ենք փոխադարձ մեղադրանքներ ու ատելություն սերմանող լոզունգներով ու կեցվածքներով։ Հայաստանն ու Արցախը գտնվում են ճակատագրական խաչմերուկի առջև։ Եթե կարծում են, թե տարածաշրջանում համապարփակ խաղաղության համար զիջումներ կատարելով Հայաստանի համար կարելի կդառնա մնայուն խաղաղություն ու տնտեսական զարգացում ապահովելը, պետք է լինել զգույշ, հազար անգամ զգույշ։ Թուրքիայի և Ադրբեջանի առջև Հայաստանի դռները լայնորեբ բացելով կարող է վտանգվել նրա ամբողջականությունը, անվտանգությունն ու անկախությունը, և Արցախը կարող է անհետանալ հայ կյանքի քարտեզից։ Հետևաբար, ընդունելի չէ Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության համաձայնություն գոյանա՝ ի հեճուկս Արցախի ինքնորոշման իրավունքի, ոչ էլ ընդունելի չէ Թուրքիայի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների հաստատում՝ ի հեճուկս մեր պատմական իրավունքների, ցեղասպանության ճանաչման ու հատուցման»,- իր ուղերձում ասաց Արամ Ա-ն։
11:06 - 24 ապրիլի, 2023
Ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը, երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ Արցախում․ Արմեն Սարգսյան

Ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը, երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ Արցախում․ Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես ասվում է․ «Այսօր ոգեկոչում ենք 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակը: Ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային կորստի ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը, երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ Արցախում: Խոնարհվում եմ ցեղասպանությանը զոհ գնացած մեր Սուրբ նահատակների հիշատակի առաջ: Մենք՝ որպես ժողովուրդ և պետություն, պետք է կարողանանք առաջ շարժվել և մաս կազմել այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին՝ առանց նահանջելու մեր ինքնությունից, պատմությունից ու արդարացի պահանջներից»:
11:03 - 24 ապրիլի, 2023
Ֆրանսիան հայ ժողովրդի կողքին է․ ֆրանսիացի սենատոր |hy.armradio.am|

Ֆրանսիան հայ ժողովրդի կողքին է․ ֆրանսիացի սենատոր |hy.armradio.am|

hy.armradio.am: Նախօրեին Սյունիքի մարզի Տեղ համայնքում էին Ֆրանսիայի սենատի պատգամավորները։ Վանդեի սենատոր, հանրապետականների խմբակցության նախագահ Բրունո Ռետայոն «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է, որ իրենք հենց ապրիլի 24-ին են եկել Հայաստան, որ հարգանքի տուրք մատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Մենք եկել ենք հայ ժողովրդի հետ հարգանք տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերին։ Մեր սենատում 2000թ․-ին, երբ նախագահը Ժակ Շիրակն էր, Ֆրանսիան առաջինը ճանաչեց ու ընդունեց Հայերի Ցեղասպանության փաստը։ Խոսում ենք ապրիլի 24-ի մասին, որը պատմություն է, բայց կարծես այդ պատմությունը չի ավարտվում։ Հայերն ու ֆրանսիացիներն ունեն երկար դարերի պատմություն։ Բացի այդ պատմությունից՝ ես նորից կրկնում եմ՝ մենք այստեղ ենք, որ թույլ չտանք՝ ցեղասպանությունը ևս մեկ անգամ կրկնվի։ Մենք այստեղ ենք, որովհետև հասկանում ենք, որ այն, ինչ անում է Ադրբեջանը Հայաստանի և Արցախի ժողովուրդների դեմ, նույն ցեղասպան քաղաքականության շարունակությունն է։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ դա չկրկնվի։ Ֆրանսիան հայ ժողովրդի կողքին է ցանկացած պարագայում։ Մենք իրար հետ պիտի լինենք միշտ»,- ասել է Ֆրանսիայի սենատի պատգամավոր Բրունո Ռետայոն։
10:53 - 24 ապրիլի, 2023
Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առաջին քայլ․ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր |armenpress.am|

Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առաջին քայլ․ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, ԵԱՀԿ-ում Շվեդիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Բյորն Սյոդերը կարծում է, որ որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առաջին քայլ՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Շվեդ պատգամավորը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ «Թուրքիան պետք է ճանաչի տեղի ունեցածը։ Դա կլինի առաջին քայլը հարևան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Հարկավոր է ճանաչել անցյալը, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել»,- ասաց Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը։ Նրա խոսքով մարդկության պատմությունը չափազանց մթագնում են  բռնի գործողությունները, հակամարտությունները և մարդկության դեմ հանցագործությունները։ «Ցանկացած առանձին քննարկում կամ գործողություն, որի նպատակն է կանխել կամ խուսափել նման գործողություններից, ներդրում է բոլորիս խաղաղ ապագայի համար»,- նշում է Սյոդերը։
10:31 - 24 ապրիլի, 2023
Փարիզի Հաղթանակի կամարի Հավերժական կրակի բորբոքման արարողություն՝ ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի |hy.armradio.am|

Փարիզի Հաղթանակի կամարի Հավերժական կրակի բորբոքման արարողություն՝ ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի |hy.armradio.am|

hy.armradio.am: Ապրիլի 23-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանի, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավիե Բերտրանի, Սենատի նախագահին ներկայացնող «Ցենտրիստական միություն» խմբի նախագահ Էրվե Մարսելի, խորհրդարանականների, Փարիզի շրջանի քաղաքապետերի և հարյուրավոր ֆրանսահայերի ու ֆրանսիացիների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթանակի կամար, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն՝ տասնյակ պետական հաստատությունների, պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների անունից։ Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի է ունեցել Հայաստանի դեսպանի կողմից Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի բորբոքման արարողությունը՝ ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք ոն մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին:
10:27 - 24 ապրիլի, 2023
Այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը․ ՀՀ ԱԳՆ ուղերձը

Այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը․ ՀՀ ԱԳՆ ուղերձը

Այսօր՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայ ժողովուրդը ոգեկոչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Ծրագրված և իր ծավալներով նախադեպը չունեցող մարդկության դեմ ուղղված այս հանցագործության հետևանքով 1915-1923թթ․ ընթացքում սպանվեց 1,5 մլն հայ, հարյուր հազարավորները ենթարկվեցին բռնության ու բռնի տեղահանության՝ զրկվելով հայրենիքում սեփական ինքնության պահպանման հնարավորությունից: Այս ոճրագործությունը, որն իրականացվեց մի ողջ ժողովրդի դեմ նրա ազգային պատկանելիության՝ հայ լինելու պատճառով, հետագայում հիմք դարձավ ցեղասպանության հանցանքի սահմանման համար և արտացոլվեց «Ցեղասպանության կանխարգելման և դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայում: Ավելի քան մեկ դար անց կարելի է արձանագրել, որ ցեղասպանության ոճրագործության դատապարտման և ճանաչման գործում միջազգային հանրության ցուցաբերած համերաշխության դրսևորումն է շուրջ երեք տասնյակ երկրի կողմից պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև մի շարք միջազգային կառույցների կողմից համապատասխան բանաձևերի ու հռչակագրերի ընդունումը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ՀՀ կողմից հեղինակվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևերի միաձայն ընդունումը: Ցեղասպանության միջազգային ճանաչումը միտված է աշխարհի որևէ այլ անկյունում մարդկության դեմ նմանատիպ հանցագործության կրկնությունը կանխելուն, այդ թվում՝ նոր էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքների զսպմանը. անտարբերությունը, թողտվությունը և անպատժելիությունն են, որ հնարավոր են դարձնում այդ զանգվածային ոճրագործության իրականացումը։ Ցավոք այսօր էլ, ինչպես և մեկ դար առաջ, աշխարհի տարբեր անկյուններում շոշափելի է ցեղասպան քաղաքականության վտանգը։ Այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, հայատյաց հռետորաբանությունը, սեփական հայրենիքից զրկելուն, հայկական հետքը վերացնելուն ուղղված գործողությունները ոչ այլ ինչ են, քան ցեղասպան մտադրությունների դրսևորում: Այսօր վերստին գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և որպես ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջ մղման առաջամարտիկ՝ վերահաստատում ենք մեր հանձնառությունն արդարության, ճշմարտության ճանաչման, նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին»,- ասվում է ԱԳՆ ուղերձում։
09:58 - 24 ապրիլի, 2023
210 եղևնի՝ 41 պետությունների ներկայացուցիչներից. Հայոց ցեղասպանության թանգարանի եղևնիների պուրակն ընդարձակվում է |armenpress.am|

210 եղևնի՝ 41 պետությունների ներկայացուցիչներից. Հայոց ցեղասպանության թանգարանի եղևնիների պուրակն ընդարձակվում է |armenpress.am|

armenpress.am: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եղևնիների պուրակն ընդարձակվում է: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության օժանդակությամբ գումար է հատկացվել, աշխատանքներ են տարվել և պուրակի համար 640 քմ մակերեսով 2 տեղամաս է ավելացվել: Հիշողության կամ եղևնիների պուրակը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի չորս հիմնական մասերից մեկն է: Հայաստան եկած բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր հուշահամալիր այցելության ընթացքում հիշողության պուրակում եղևնիներ տնկելու հնարավորթյուն ունեն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանագարան-ինստիտուտի տնօրենՀարություն Մարությանը նշեց, որ այդպես նրանք ոչ միայն ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերին, այլ նաև Ցեղասպանության հիշողության պահպանման և փոխանցման յուրօրինակ առաքելություն են իրականացնում: «Ծառը, բույսը կյանքի հարատևության նշան է։ Քանի որ այն նվիրված է ոգեկոչմանը, ապա իր գործառույթը կատարում է այնքան ժամանակ, քանի դեռ ծառը կենդանի է, շնչում է։ Այստեղ ընտրվել են ծառեր, արծաթափայլ եղևնիներ, որոնք ամբողջ տարվա ընթացքում են կանաչ։ Խորհուրդն այն է, որ Ցեղասպանության զոհերի հիշատակը ամբողջ տարի է վառ պահվում։ Այն, որ տարբեր երկրների ներկայացուցիչները ծառ են տնկում, նշանակում է նրանց համար նույնպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը անժամկետ է»,-ասաց թանգարան-ինստիտուտի տնօրենը։ Հուշահամալիրի պուրակ ունենալու գաղափարը սկսել է կյանքի  կոչել թանգարանի առաջին տնօրեն Լավրենտի Բարսեղյանը։ Հիշողության կամ եղևնիների պուրակը հիմնադրվել է 1997 թվականին՝ դառնալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անբաժան մաս: Պուրակում առաջին թվագրված ծառը 1997 թվականով է, որը տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոլը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած, ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի: «Այստեղ եղևնիներ են տնկում բազմաթիվ պետությունների ղեկավարներ, կառավարության անդամներ, պատգամավորներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Այստեղ կա 210 եղևնի, տնկվել են 41 պետությունների պաշտոնական և ոչ պաշտոնական ներկայացուցիչներ: Եկավ ժամանակը և տեսանք, որ տարածքը չի բավարարում, այն ընդարձակելու անհրաժեշտություն կա, ինչն էլ և արվում է»,-ասաց Հարություն Մարությանը: Եղեևնիների խնամքը բարդ ու մեծ ջանքեր ու ռեսուրսներ պահանջող գործընթաց է։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն Սմբատ Մանուկյանի խոսքով՝ տեղանքն այդքան էլ բարնպաստ չէ  եղևնիների համար։ Տարածքի բավական քարքարոտ լինելը խնդիրներ է առաջացնում։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:54 - 24 ապրիլի, 2023
Քաղաքակրթության վերջին փուլեր թևակոխող դարում ցեղասպանության հավանականությունը, ցավոք, վերացած չէ․ Ալեն Սիմոնյան

Քաղաքակրթության վերջին փուլեր թևակոխող դարում ցեղասպանության հավանականությունը, ցավոք, վերացած չէ․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «1915 թվականին, երբ հայ ժողովրդի պատմության անիվը խափանվեց, երբ հայաթափման ոճիրն իր գագաթնակետին հասավ ու հավերժական լռություն ճանապարհվեց արևմտահայ մտավորականության ձայնը, երկրագնդի անտարբերությունը ճեղքեցին հայտնի մարդասերները: Նրանք աղաղակում էին հայասպան քաղաքականության դեմ բոլոր հնարավոր միջոցներով, նրանք արձանագրում էին անարդարությունը՝ ուշադրություն հրավիրելով մեկուկես միլիոն հայերի կոտորածին: Ջարդերի օրերին է, երբ Գերմանիայի կանցլերը նամակ է ստանում իր երկրի դեսպանից, որը բառացի ասում է՝ բնաջնջելով հայ ազգին և լուծելով «Հայկական հարցը»՝ թուրքական կառավարությունը մերժում է ընդունել Գերմանիայի ներկայացուցիչներին, ամերիկացիներին, Պապի պատվիրակությանը, մերժում է լսել աշխարհի մեկ երրորդը ներկայացնող արևմտյան հասարակության կարծիքը: Դրանից շատ տարիներ անց առաջավոր աշխարհը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում, իսկ Ցեղասպանության զոհերը Պապի կողմից սրբադասվում են: Այսօր էլ մեր երկրին պատուհասած վտանգի ու հայաթափման քաղաքականության ականատեսն ենք, երբ դաժանաբար փորձում են ջնջել հայկական հետքը, վերացնել մեր մշակույթը: Քաղաքակրթության վերջին փուլեր թևակոխող դարում ցեղասպանության հավանականությունը, ցավոք, վերացած չէ: Աշխարհը միակամորեն պետք է մերժի ու բացառի ցեղասպանությունների կրկնությունը՝ հանուն զարգացման ու առաջընթացի, հանուն նոր աշխարհի նոր քաղաքացու: Խաղաղություն մեր անմեղ զոհերի հոգիներին, ապրենք ու ապրեցնենք մեր երկիրը»:
09:48 - 24 ապրիլի, 2023
Ինչպես երեկ, այնպես էլ այսօր խախտվում է ուժի և իրավունքի հավասարակշռությունը՝ հօգուտ ուժի․ Սերժ Սարգսյանի ուղերձը

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր խախտվում է ուժի և իրավունքի հավասարակշռությունը՝ հօգուտ ուժի․ Սերժ Սարգսյանի ուղերձը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։  Ուղերձում, մասնավորապես ասվում է․ «Պատմությունը ջնջելու կամ նենգափոխելու փորձերը բոլոր ժամանակներում նպատակ ունեն հանցանքը պարտակելու և հանցագործներին արդարացնելու: Կարևոր առիթներով ես մշտապես կրում եմ ցեղասպանության դեմ պայքարի խորհրդանիշ դարձած անմոռուկը: Այն շատ հստակ խորհուրդ և պատգամ ունի. մեր ժողովրդի հետ ավելի քան մեկ դար առաջ կատարված ոճրագործությունը երբեք չի կարելի մոռանալ: Օսմանյան կայսրությունը, 1915 թվականին իրագործելով Հայոց ցեղասպանությունը, մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված մեծագույն հանցանք կատարեց, որը թուրքական կառավարությունները տասնամյակներ շարունակ փորձում են ամեն գնով մոռացության մատնել և, հաջողության չհասնելով, այժմ էլ ջանքեր են գործադրում յուրօրինակ ցինիզմով փոխատեղելու զոհին և դահճին, գլխիվայր շրջելու ողջ իրականությունը, վերացնելու հայկական հետքը Արևմտյան Հայաստանից: Ժխտողականությունը պետական քաղաքականություն դարձրած թուրքական կառավարությունը թշնամաբար է տրամադրվում անցյալ դարասկզբի առաջին ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող երկրների նկատմամբ: Թուրքիայում հալածանքների են ենթարկվում Հայոց ցեղասպանության անհերքելի իրողությունն ընդունող, ճշմարտության դեմ չմեղանչող մտավորականները: Եվ որքան այդ երկիրը ջանք է թափում պարտակելու հանցանքը, այնքան ավելի է մեղսակից դառնում 108 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությանը: Ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ այսօր քաղաքակիրթ մարդկության աչքի առջև թուրքական ազգայնական կառավարությունը փորձում է հարևան ժողովուրդների և պետությունների հաշվին իրագործել իր նախնիների վաղեմի երազանքը՝ պանթյուրքիզմի ծրագիրը, որը տարփողում է անգամ պետական մակարդակով: Խաղաղասիրության ու մարդասիրության կեղծ քողի տակ, հաճախ նաև անթաքույց շարունակում է նախնիների կիսատ թողած գործը: Ինչո՞ւ հնարավոր դարձավ Հայոց ցեղասպանությունը. դավաճանությունը հանդուրժելու, թշնամուն անհիմն հավատ ընծայելու, մեղսավոր անգործության ու հուսահատության, մեր անխոհեմության ու անտարբերության, իրավիճակի հետ համակերպվելու, համախմբված պայքարից հրաժարվելու, պայքարողներին չաջակցելու, պառակտվածության, մեր բոլոր ռեսուրսները՝ մտավոր, ֆիզիկական և այլ, չմիավորելու հետևանքով: Կարո՞ղ էր արդյոք այն կանխվել: Կարող էր: Նույն պատճառով այսօր էլ վտանգի տակ է մեր սերունդների ապագան ու մեր Հայրենիքի վերջին կտորը: Բայրաքթար դարձած արնածոր յաթաղանը կրկին կախված է մեր ժողովրդի գլխին, որը եթե հլու-հնազանդ դնենք դահճի առջև, նա չի հապաղի անել իր սև գործը: Իրավունքի ուժը ըստ պատեհության և հարմարության է գործում անգամ 21-րդ դար մտած աշխարհում. աշխարհաքաղաքական շահերի պայքարում, ցավոք, ինչպես երեկ, այնպես էլ այսօր խախտվում է ուժի և իրավունքի հավասարակշռությունը՝ հօգուտ ուժի: Բոլորիս աչքի առաջ միջազգային իրավունքն ընկրկում է հաճախ անողջամիտ ու ցինիկաբար իր գերակայությունը ցուցադրող ուժի իրավունքի առաջ: Մենք պիտի գիտակցենք, որ աշխարհում, այլ ժողովուրդների կողքին հավասարապես, Աստծու տված մեր բնօրրանում խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքը մերն է: Եթե անգամ մեր ուժն այսօր դեռևս բավարար չէ այն տմարդիաբար մսխողների պատճառով, միևնույն է, չպիտի զիջենք մեր իրավունքը և պիտի ձգտենք հզորանալ: ՀԻՇԵ՛Լ պատմությունը, դասե՛ր քաղել նրանից, ՊԱՀԱՆՋԵ՛Լ պատմության հետ առերեսում այն նենգափոխողներից՝ ներսում թե դրսում, պայքարե՛լ սեփական իրավունքների համար, ամեն գնով հզորանա՛լ և տեր կանգնել մեր ապագային: Սա՛ է ապրելու մեր բանաձևը: Եվ սա՛ պիտի դառնա մեր հավատամքը»։
09:33 - 24 ապրիլի, 2023
Մեկ և կես միլիոն հայորդիք իրենց կյանքի գնով վկայեցին հավատարմությունը աստվածաշնորհ մեր հայրենիքին ու հավատքին․ Գարեգին Բ

Մեկ և կես միլիոն հայորդիք իրենց կյանքի գնով վկայեցին հավատարմությունը աստվածաշնորհ մեր հայրենիքին ու հավատքին․ Գարեգին Բ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առթիվ, փոխանցում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Ուղերձում, մասնավորապես ասվում է․ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Հարյուր և ավելի տարիներ առաջ մեկ և կես միլիոն հայորդիք իրենց կյանքի գնով վկայեցին հավատարմությունը աստվածաշնորհ մեր հայրենիքին ու հավատքին՝ մերժելով ուրացությունն ու ուծացումը։ Նրանք կենդանի պահեցին իրենց հավատն ու հույսը մեր ժողովրդի վերածննդի հանդեպ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշում է այդ վերածնունդը, որն իրականություն դարձավ հայրենիքի մի փոքր հատվածում անկախ պետականության վերակերտումով, ինչպես և աշխարհի տարբեր երկրներում ցեղասպանությունից փրկված հայորդյաց նոր կյանքի վերընձյուղումով։ Այսօր Հայաստանում ու Արցախում և ի սփյուռս աշխարհի, ազգովի համախմբված եկեղեցիներում, հուշակոթողների առջև, աղոթք ենք բարձրացնում առ Աստված՝ խնդրելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որպեսզի միաբան ու աննկուն կամքով կարողանանք դիմագրավել արհավիրքներին ու սպառնալիքներին, պայքարել հայոց արդար դատի հաղթանակի համար և նպաստել մեր ժողովրդի կյանքում ու աշխարհում ցեղասպան եղեռնագործությունների ու ոճիրների կանխմանը։ Թող Երկնավոր Տերը խաղաղություն ու բարօրություն պարգևի Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, և թող հարուցյալ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկնային շնորհները և սերը բաշխվեն համայն մեր ժողովրդին ու ողջ մարդկությանը այսօր և միշտ. ամեն»։
09:19 - 24 ապրիլի, 2023
Միայն զարգացած և ինքնիշխան պետությունն է ի վիճակի ապահովել մեր ժողովրդի լինելիությունն ու անվտանգությունը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Միայն զարգացած և ինքնիշխան պետությունն է ի վիճակի ապահովել մեր ժողովրդի լինելիությունն ու անվտանգությունը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 108-րդ տարելիցի կապակցությամբ․ «Սիրելի՛ ժողովուրդ, Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք 20-րդ դարասկզբում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը, և տասնյակ հազարավոր քաղաքացիներ այսօր հարգանքի, հիշատակի և խոկումի երթ կիրականացնեն դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ապրիլքսանչորսյան երթը, թերևս, մեր իրականությունը կանխորոշած ու կանխորոշող ամենաազդեցիկ երևույթն է, մեր պատմության, անցյալի և ապագայի մասին մտածելու մի բացառիկ օր: Ի՞նչ են մտածում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հաճախ մանկահասակ երեխաների ձեռքերը բռնած քայլող երիտասարդ ծնողները, կամ կյանքի ավելի մեծ փորձառություն ունեցող տատիկներն ու պապիկները: Նրանք, թերևս, խորհում են երկու հարցի շուրջ. ինչո՞ւ Մեծ Եղեռնը տեղի ունեցավ և ի՞նչ է պետք անել դրա կրկնությունը բացառելու համար: Հայոց ցեղասպանության պատճառների մասին հարյուրավոր ու հազարավոր աշխատություններ են գրվել, ի հայտ են բերվել բազմաթիվ պատճառներ և շարժառիթներ: Ինչ վերաբերվում է նման ոճիրի կրկնությունը բացառելու մեթոդաբանությանը, դա մեծապես կախված է «պետություն» և «տարածաշրջան» հասկացությունների մեր ընկալումներից: Պետությունը, միայն զարգացած և ինքնիշխան պետությունն է ի վիճակի ապահովել մեր ժողովրդի լինելիությունն ու անվտանգությունը, իսկ պետության կայացման գործում յուրաքանչյուրն ունի անելիք՝ կրթությամբ, աշխատանքով, քաղաքացիական պատասխանատվությամբ ու օրինապահությամբ: Տարածաշրջանի վերաբերյալ մեր ռազմավարական ընտրությունը հետևյալն է. արդյոք մենք մեր տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու կամք ու կարողություն ունենք՝ անկախ այն բանից կամ առավելևս այն պարագայում, երբ մեր շուրջ առկա անվտանգային սպառնալիքներն ահագնանում են տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային պատճառներով: Բոլոր դժվարություններն ու բարդությունները գիտակցելով՝ մեր կառավարությունը որոշել է գնալ այդ հարցին դրական պատասխան գտնելու ճանապարհով, որովհետև միայն այդ ճանապարհն է, որ կարող է երաշխավորել անվտանգություն և բարեկեցություն: Սիրելի՛ ժողովուրդ, Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի առաջ և խորհում ենք անցյալի, ներկայի և ապագայի մասին: Եվ սա անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է»։
09:14 - 24 ապրիլի, 2023
Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ․ երթի մասնակիցները այրեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները

Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ․ երթի մասնակիցները այրեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները

Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ։ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա ջահերով երթն այս տարի կրում է «Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ՝ պայքար» խորագիրը։ Երթի մեկնարկից առաջ իր ելույթում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Վերջին տարիներին ջահերով երթին մասնակցում ենք ոչ սովորական հույզերով ու ապրումներով․ 2020 թվականի պատերազմը, Արցախի մեծագույն մասին հանձնումը թշնամուն, մեր հազարավոր հայորդիների նահատակությունը և երկրի առջև կանգնած ներկա մարտահրավերները արմատապես փոխել են իրավիճակը։ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց ՀՀ իշխանությունները, կատարելով թուրք-ադրբեջանական նախապայմանները ցանկանում է հրաժարվել մեր համահայկական պայքարից՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և իրավունքների պաշտպանության սահմանադրական իր հանձնառությունից։ Հրաժարվում են Արցախից ու հայրենիքի դարպասները բացելով թշնամու առաջ՝ խաղաղության անվան տակ ժողովրդին տանում նոր ցեղասպանության»։ Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները:
20:48 - 23 ապրիլի, 2023
Կստեղծվի Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազա |armenpress.am|

Կստեղծվի Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կստեղծվի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ու Ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազա, որտեղ իմի կբերվի Ցեղասպանության զոհերի անունները՝ կենսագրական տվյալներով: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց  Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։ «Էլեկտրոնային բազայի ստեղծումը կարևորագույն խնդիրներից է, որի գլխավոր նպատակն է իմի բերել Ցեղասպանությունը վերապրածների և Ցեղասպանության զոհերի անունները՝ կենսագրական տվյալներով»,-ասաց Մարությանը: Նրա խոսքով՝ նախաձեռնությունն իրականացվում է պետական աջակցությամբ։ Համապատասխան գրավոր երաշխիքները թանգարանի ղեկավարությունը ստացել է ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունից, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Թանգարան-ինստիտուտը դիմել է Գիտության պետական կոմիտե՝ հետագա քայլերի համար: Մարությանը նշեց, որ այս գործընթացը կարող է 10-15 տարի տևել: Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների համար Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության դասընթացի ներդրման ուղղությամբ: Անցյալ տարի այս թեմայով կայացել է «Հայոց Ցեղասպանության թեմայի դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» գիտաժողովը, որից հետո ՀՑԹԻ ղեկավարությունը դիմել է  ԿԳՄՍՆ: Ստեղծվել է 18 հոգուց բաղկացած հանձնաժողով, որը զբաղվել է ծրագրի մշակմամբ, ինչից հետո այն կրկին ուղարկվել է ԿԳՄՍՆ։ Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների համար Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության դասընթացի ներդրման ուղղությամբ: Անցյալ տարի այս թեմայով կայացել է «Հայոց Ցեղասպանության թեմայի դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» գիտաժողովը, որից հետո ՀՑԹԻ ղեկավարությունը դիմել է  ԿԳՄՍՆ: Ստեղծվել է 18 հոգուց բաղկացած հանձնաժողով, որը զբաղվել է ծրագրի մշակմամբ, ինչից հետո այն կրկին ուղարկվել է ԿԳՄՍՆ։ «Գիտաժողովի և հանդիպումների ընթացքում շատ քննարկվում էր, որ  Հայոց ցեղասպանության թեման պետք է դասավանդել, բայց ամբողջ հարցն այն է, թե ինչպե՞ս և  ի՞նչ պետք է դասավանդվի: Կա համաշխարհային փորձ, որը պետք է պարզապես տեղայնացնել և կիրառել: Գործընթացը ամեն դեպքում սկսված է և իր հունով առաջ է գնում»,- պարզաբանեց Մարությանը:   Անդրադառնալով դպրոցական կրթությանը՝ Մարությանը նշեց, որ անցյալ տարի թանգարան-ինստիտուտում դպրոցականների համար կազմակերպված 48 դասախոսություններից 14-ը «Նեմեսիս» գործողության թեմայով են եղել: Նրա խոսքով՝ դասախոսությունների թեման դպրոցականներն իրենք են ընտրում։ Մարությանը դա ցուցանիշային է համարում, քանի որ այսօր երիտասարդներին հետաքրքրում է դրականը, պայքարը, այն փաստը, որ հայ ժողովուրդը, անկախ ամեն ինչից, փորձել է հասնել արդարության: Անցյալ տարի դասախոսություններին մասնակցել է 1200 աշակերտներ: ՀՑԹԻ տնօրենը կարծում է, որ որակական փոփոխություններ են անհրաժեշտ պատմության մեջ ցավալի տարեթվի ընկալման հարցում: Նրա խոսքով՝ վերջին 100 տարվա ընթացքում հայ ժողովուրդը ուշադրությունը սևեռում է վշտի վրա՝ ինչ-որ առումով արժանին չմատուցելով ողջ մնացածներին, այդ թվում՝ զինված դիմադրության շնորհիվ ողջ մնացածներին։ Մարությանը կարևոր է համարում զոհերի հիշատակը հարգելու հետ մեկտեղ ցույց տալը, որ հայ ժողովուրդը կարողացել է գոյատևել, նոր կյանք կառուցել: ՀՑԹԻ տնօրենն ընդգծեց, որ Ցեղասպանության խնդրով այսօր հետաքրքրվում են նաև երիտասարդները, որոնք, մասնավորապես, ուզում են հասկանալ՝ ինչով կարող են օգտակար լինել այդ ուղղությամբ:  Նա ընդգծեց, որ 2022 թվականին թանգարան-ինստիտուտը ունեցել  է չորս ժամանակավոր ցուցադրություն: «Քովիդից և պատերազմից հետո թանգարանի այցելուների թիվը պակասել էր: 2019 թվականին շուրջ 95 հազար այցելություն կար թանգարան և հուշահամալիր, իսկ  անցյալ տարի՝ 2022 թվականին, շուրջ 60 հազար այցելու կար, որից  42 հազարը՝ օտարերկրացիներ: Մենք նկատել ենք, որ թանգարանի այցելությունների գերակշռող մասը օտարերկրացիներ են: Հայերը շատ քիչ են այցելում թանգարան, հայաստանցիների մի զգալի մասը նույնիսկ թանգարանի տեղը չգիտի, և, իհարկե, սա շատ վատ է: Անցյալ տարի թանգարան և հուշահամալիր այցելել է 788 օտարերկրյա պատվիրակություն, որը պատմական թիվ է»,- նշեց թանգարան-ինստիտուտի տնօրենը: Ինչ վերաբերում է ՀՑԹԻ առաջիկա ծրագրերին, Մարությանը նշեց, որ ընթացիկ տարում երկու գիտաժողով կանցկացվի (մայիս և սեպտեմբեր ամիսներին) երեխաների բռնի տեղահանման և ճամբարներում ապակենտրոնացված կյանքի թեմայով: Նա նշեց, որ 2023 թվականի հուլիսին կսկսվեն ՀՑԹԻ վարչական շենքի և թանգարանի, 2024 թվականի հուլիսին՝ բուն հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները։ Կառավարությունն այդ աշխատանքների համար արդեն հատկացրել է ավելի քան 800 մլն դրամ (մոտ 2 մլն դոլար)։
17:37 - 21 ապրիլի, 2023