Նիդերլանդներ

ՄԻՊ-ն ատելության խոսքի դեմ պայքարում ջանքերը համատեղելու մասին համագործակցության հուշագիր է ստորագրել

ՄԻՊ-ն ատելության խոսքի դեմ պայքարում ջանքերը համատեղելու մասին համագործակցության հուշագիր է ստորագրել

Նոյեմբերի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Տաթևիկ Մատինյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, ըստ որի պայմանավորել են իրականացնել «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Նիդերլանդների Թագավորության կառավարության կողմից։ ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ՝ հուշագրի ստորագրմանը ներկա է եղել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը:  Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում անհանգստացնող արագությամբ ատելության խոսքի ծավալման փաստը, ներառյալ՝ մեդիայով ու համացանցային այլ ռեսուրսներով: Կողմերը համաձայնել են, որ ատելության խոսքը կարող է ունենալ չափազանց ծանր հետևանքներ նման խոսքով թիրախավորված անձանց, խմբերի ու ընդհանուր առմամբ հասարակության համար:  Պաշտպան Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սխերմերսին համագործակցության համար:
17:52 - 04 նոյեմբերի, 2022
Նիկարագուան խզել է դիվանագիտական հարաբերությունները Նիդերլանդների հետ
 |hetq.am|

Նիկարագուան խզել է դիվանագիտական հարաբերությունները Նիդերլանդների հետ |hetq.am|

hetq.am: Նիկարագուան խզել է դիվանագիտական հարաբերությունները Նիդերլանդների հետ։ Պաշտոնական Մանագուայի պնդմամբ՝ պատճառը Ամստերդամի «ինտերվենցիոնիստական և նեոգաղութային քաղաքականությունն է»։ Տեղական el19digital պորտալը, հղում անելով այդ երկրի ԱԳՆ-ին, գրում է, որ Նիդերլանդների իշխանությունները «սպառնալիքներով և հանրային աշխատանքների չեղարկմամբ, օրինակ, տեղական բնակիչների և աֆրիկացիների համայնքների հիվանդանոցներում, վիրավորում և շարունակում են վիրավորել Նիկարագուայի ընտանիքներին»։ «Կայսրությունները և գաղութարարները մեզ հայտնի են, ոչինչ և որևէ մեկը չի կարող ստիպել մոռանալ մարդկության դեմ նրանց հանցագործությունների մասին»,- հայտնել են Նիկարագուայի ԱԳՆ-ում։ Նախօրեին, շքերթի ժամանակ, Նիդերլանդների հասցեին քննադատությամբ հանդես էր եկել Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան։ Նա հայտնել էր, որ եվրոպական երկիրը մի քանի տարի առաջ ցանկացել է ոչ մեծ հիվանդանոց բացել Նիկարագուայում, սակայն սեպտեմբերի վերջին հոլանդացի դիվանագետը Նիկարագուայի ԱԳՆ ղեկավար Դենիս Մոնկադային հայտնել է շինարարության դադարեցման մասին։ Օրտեգայի խոսքով՝ հիվանդանոցի շինարարության գործընթացը նույնիսկ չի էլ սկսվել։ «Դեսպանը եկել էր նիկարագուացիների հետ խոսեր այնպես, կարծես Նիկարագուան հոլանդական գաղութ է»,- ընդգծել էր Օրտեգան՝ չնշելով հոլանդացի դիվանագետի անունը։ Չորեքշաբթի օրը Reuters գործակակությունը հայտնել էր, որ Նիկարագուայի իշխանությունները Եվրամիության դեսպանին հայտնել էին «պերսոնա նոն գրատա» («անցանկալի անձ»)՝ հավելելով, որ չեն ընդունի նաև ԱՄՆ նոր դեսպանին։
12:10 - 01 հոկտեմբերի, 2022
Հայաստանում կբացվի Նիդերլանդա-հայկական առևտրի պալատ


 |armenpress.am|

Հայաստանում կբացվի Նիդերլանդա-հայկական առևտրի պալատ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հուլիսի 6-8-ը կանցկացվեն Նիդերլանդա-հայկական գործարարության օրեր: Միջոցառումը կազմակերպում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը՝ հիբրիդային հարթակի շրջանակում: Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը նշեց, որ Նիդերլանդա-հայկական գործարարության օրերի շրջանակում մի շարք ծրագրեր են նախատեսված՝ շեշտադրելով գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: «Քանի որ դեսպանությունը Հայաստանում նոր է, մեկ ու կես տարի է գործունեություն ծավալում, հետևաբար, մենք առաջինը ներկայացնելու ենք մեր տնտեսական առաջնահերթությունները: Այն ճանաչողական բնույթ ունի: Նախ, հասարակությունն իմանա, որ Հայաստանում կա Նիդերլանդների դեսպանություն, այն ունի տնտեսական բաժին: Մեր առաջնահերթությունը լինելու է հենց տնտեսական համագործակցությունը զարգացնելն ու խորացնելը: Կխոսենք ֆինանսավորման մեխանիզմների մասին, կներկայացվեն աջակցության գործիքակազմերը:  Բիզնեսների համար շատ լավ աջակցության ծրագիր ունենք, անվճար փորձագետներ ենք տրամադրում փոքր և միջին ձեռնարկատերերին»,-ասաց Լարիսա Հարությունյանը: Ակնկալվում է, որ միջոցառմանը Նիդերլանդներից գործարարների այց կլինի Հայաստան: Դրանից բացի, գործարարների մի խումբ էլ կմիանա առցանց: Առանձնացված ոլորտներն են գյուղատնտեսությունը՝ հիմնական առանցքում ջերմոցային տնտեսությունն է, տեղեկատվական տեխնոլոգիաները: Միջոցառման շրջանակում նախատեսվում է Հայաստանում Նիդերլանդա-հայկական առևտրի պալատի հանդիսավոր բացումը, որից հետո Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը հուշագիր կստորագրի Նիդերլանդա-հայկական առևտրի պալատի հետ: Նպատակն է՝ խթանել գործարար կապերի ամրապնդումը, ներգրավել ներդրումներ, զարգացնել երկկողմ առևտրային հարաբերությունները, բազմապրոֆիլ օժանդակություն ցուցաբերել պալատի անդամներին: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել, կարող են գրանցվել՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը նամակ ուղարկելով [email protected] էլ-հասցեին, հստակ նշելով  հետաքրքրող ոլորտն ու օրը: Օրակարգը կտրամադրվի գրանցվելուց հետո։ Մասնակցությունն անվճար է։ Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:15 - 23 հունիսի, 2022
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Վոբկե Հոկստրայի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Վոբկե Հոկստրայի հետ

Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոբկե Հոկստրայի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա դրական դինամիկայի, տարբեր ոլորտներում սերտ համագործակցության, ինչպես նաև բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելությունների ակտիվության առնչությամբ։ Այս համատեքստում զրուցակիցները առանձնահատուկ ընդգծել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդներ կատարած այցի շրջանակներում ձեռբերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։ Նախարար Միրզոյանը կարևորել է Նիդերլանդների ցուցաբերած աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների լայն օրակարգին, և հույս հայտնել, որ կողմերի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը շարունակական բնույթ կունենա։ Վոբկե Հոկստրան իր հերթին բարձր է գնահատելժ ողովրդավարական զարգացման հարցում Հայաստանի գրանցած զգալի առաջընթացը: Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական համագործակցության զարգացման համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը, համատեղ ծրագրերի իրականացումը։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի։ Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի դատապարտման վերաբերյալ Նիդերլանդների խորհրդարանի կողմից շուրջ երկու տասնյակ բանաձևերի ընդունումը: Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Երկու երկրների արտգործնախարարներն ընդգծել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անպահաղ հայրենադարձման հրամայականը: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակությային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ Նախարար Միրզոյանը իր գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
21:27 - 17 հունիսի, 2022
Եվրոպան ավելացրել է հարավաֆրիկյան ածխի ներմուծումը՝ փորձելով այլընտրանք գտնել ռուսականին․ Reuters

Եվրոպան ավելացրել է հարավաֆրիկյան ածխի ներմուծումը՝ փորձելով այլընտրանք գտնել ռուսականին․ Reuters

Եվրոպական երկրները, որոնք փորձում են այլընտրանք գտնել ռուսական ածխին, այս տարվա առաջին հինգ ամսում 40%-ով ավելի շատ ածուխ են ներկրել հարավաֆրիկյան արտահանման գլխավոր հանգույցից, քան 2021 թ-ին, հայտնում է Reuters-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Այս տարվա մայիսի վերջի տվյալներով՝ Ռիչարդս Բեյ հարավաֆրիկյան ածխային տերմինալը (RBCT) 3 մլն 240 հազար 752 տոննա ածուխ է արտահանել եվրոպական երկրներ, որը կազմում է RBCT-ի արտահանման ընդհանուր ծավալի 15%-ը, 2021 թ-ին այն կազմել է 2 մլն 321 հազար 190 տոննա (4%)։ Օգոստոսի երկրորդ կեսից սկսած՝ Եվրամիությունն արգելելու է ռուսական ածխի ներկրումը, դա Մոսկվայի դեմ լայնամասշտաբ պատժամիջոցների մի մասն է։ RBCT-ն դեռ չի պատասխանել մեկնաբանություն տալու հարցմանը։ Այն սովորաբար ցուցանիշները ներկայացնում է տարեկան կտրվածքով և արտահանման ուղղությունների վերաբերյալ մանրամասն տվյալներ չի տրամադրում։ Այս տարի RBCT-ից ածուխ են գնել Նիդերլանդներն, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Դանիան, Լեհաստանը, Գերմանիան և Ուկրաինան։ Նրանցից ոմանք սկսել են ածուխ ներկրել RBCT-իц միայն փետրվարի 24-ից հետո, երբ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ Նիդերլանդները RBCT-ից ածուխ չի գնել այս տարվա հունվարին և փետրվարին, սակայն 1,27 մլն տոննա ներկրել է մարտին, ապրիլին և մայիսին, ընդ որում՝ ծավալներն ավելանում են յուրաքանչյուր ամիս։ RBCT-ից ածխի ներկրման ծավալներով այն չորրորդն է, նրան բաժին է ընկել տերմինալի արտահանման ընդհանուր ծավալի 5,76%-ը։ Ֆրանսիան RBCT-ից յոթնապատիկ ավելի շատ ածուխ է գնել այս տարի՝ 464 հազար 432 տոննա՝ ի տարբերություն անցյալ տարվա 68 հազար 5 տոննայի։ Իսպանիան, Լեհաստանն ու Գերմանիան անցյալ տարի նույնպես ածուխ չեն ներկրել տերմինալից։ Այս տարվա առաջին հինգ ամսվա ընթացքում Իսպանիան գնել է 355 հազար 250 տոննա ածուխ, Լեհաստանը՝ 181 հազար 515 տոննա, Գերմանիան՝ 157 հազար 383 տոննա։ Ճապոնիան, որը նույնպես հայտարարել է, որ արգելելու է ռուսական ածխի ներկրումը, հունվարից ի վեր RBCT-ից գնել է 388 հազար 249 տոննա ածուխ, ինչը գրեթե կրկնակի ավելին է նախորդ տարվա ցուցանիշից։ Չինաստանը՝ 2021 թ-ին RBCT-ից ամենաշատ ածուխ ներկրած երրորդ երկիրը (6,09 մլն տոննա), այս տարի տերմինալից ածուխ չի գնել, սակայն ավելացրել է ռուսական ածխի ներկրման ծավալները։ Եվրոպական երկրներ արտահանման աճը տեղի է ունեցել՝ չնայած RBCT-ի աշխատանքի ցածր ցուցանիշներին։ Տեխնիկական վատ սպասարկումը, գնացքաքարշերի պակասն ու պղնձե մալուխների գողությունը խաթարել են հարավաֆրիկյան պետական երկաթուղային բեռնափոխադրումները, որոնց միջոցով ածուխը տեղափոխվում էր RBCT և մյուս տերմինալներ։ Որոշ հանքափորներ ածուխը տեղափոխում են բեռնատարներով։ 2022 թ-ի հինգ ամսում RBCT-ն արտահանել է 22 մլն 057 հազար 587 տոննա ածուխ։ Այս տեմպերով տերմինալում կրկին կգրանցվի տարեկան արտահանման անկում այն դեպքում, երբ 2021 թ-ին արտահանման ծավալներն ամենացածրն են եղել 1996 թ-ից ի վեր»։   Նորա Վանյան
20:28 - 15 հունիսի, 2022
Ռուսաստանն էներգակիրների արտահանումից $98 միլիարդ է «վաստակել» ուկրաինական պատերազմի 100 օրվա ընթացքում․ զեկույց

Ռուսաստանն էներգակիրների արտահանումից $98 միլիարդ է «վաստակել» ուկրաինական պատերազմի 100 օրվա ընթացքում․ զեկույց

Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտման ֆիննական կենտրոնն (CREA) զեկույց է հրապարակել, որում նշել է, որ էներգակիրների արտահանման հաշվին Ռուսաստանն $98 միլիարդ է վաստակել Ուկրաինայի դեմ պատերազմի 100 օրվա ընթացքում։ Ընդ որում, այդ էներգակիրների խոշորագույն ներկրողը Եվրամիությունն է։ Al Jazeera-ն անդրադարձել է զեկույցին, հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «CREA ֆիննական անկախ կենտրոնի այսօրվա զեկույցը հրապարակվել է այն շրջանում, երբ ռուսական զորքերը շարունակում են դանդաղ, բայց հաստատուն առաջընթացն՝ Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնբասի շրջանի ամբողջական գրավման արշավի շրջանակում։ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն Ուկրաինային զենք և գումար են տրամադրել, որպեսզի օգնեն նրան դիմակայել Ռուսաստանի գրոհին, ինչպես նաև Մոսկվային պատժել են աննախադեպ տնտեսական պատժամիջոցներով։ Սակայն Կիևն արևմտյան երկրների կոչ է արել խզել Մոսկվայի հետ բոլոր առևտրային կապերը՝ հույս ունենալով, որ դա կխլի նրանից ֆինանսական այդ փրկօղակը փետրվարի 24-ի ներխուժումից հետո։ Պատերազմից առաջ Ռուսաստանը Եվրամիությանը գազ էր մատակարարում նրա պահանջարկի 40%-ի չափով, և նավթ՝ 27%-ի չափով։ Այս ամիս ավելի վաղ ԵՄ-ն համաձայնության է եկել ռուսական նավթի մեծ մասի ներկրումից հրաժարվելու շուրջ և մտադիր է այս տարվա ընթացքում երկու երրորդով նվազեցնել գազի ներկրումը։ CREA-ի հաշվետվության համաձայն՝ պատերազմի առաջին 100 օրվա ընթացքոմ Եվրամիությանը բաժին է ընկել ռուսական էներգակիրների արտահանման 61%-ը, որը համարժեք է $60 միլիարդին։ Ընդհանուր առմամբ, առաջատար ներկրողներն են եղել Չինաստանն՝ էներգակիրների դիմաց վճարելով $13.2 միլիարդ, Գերմանիան՝ $12.7 մլրդ, Իտալիան՝ $8.2 մլրդ, Նիդերլանդները՝ $8.4 մլրդ, Թուրքիան՝ $7 մլրդ, Լեհաստանը՝ $4.6 մլրդ, Ֆրանսիան՝ $4,5 մլրդ և Հնդկաստանը՝ $3,6 մլրդ։ Հանածո վառելիքից Ռուսաստանի եկամուտները ստացվում են, նախևառաջ, անմշակ նավթի վաճառքից ($48.2 մլրդ), այնուհետև՝ խողովակաշարով մատակարարվող գազից ($25.1 մլրդ), նավթամթերքից ($13.6 մլրդ), հեղուկ բնական գազից ($5.3 մլրդ) և ածխից ($4.8 մլրդ)։ Անգամ չնայած այն բանին, որ մայիսին ռուսական էներգակիրների արտահանումը կտրուկ կրճատվել է, իսկ շատ երկրներ և ընկերությունները հրաժարվել են մատակարարումներից պատերազմի պատճառով, հանածո վառելիքի համաշխարհային գների աճը շարունակել է համալրել Կրեմլի գանձարանը, իսկ արտահանումից ստացված եկամուտները ռեկորդային բարձր մակարդակի են հասել։ CREA-ի տվյալներով՝ արտահանման միջին գները Ռուսաստանում մոտ 60%-ով ավելի բարձր են եղել, քան նախորդ տարի։ Որոշ երկրներ էլ ավելացրել են Ռուսաստանից էներգակիրների ներկրման ծավալները։ Նրանց թվում են Չինաստանը, Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Ֆրանսիան, ասված է զեկույցում։ «Հնդկաստանը ռուսական անմշակ նավթի խոշոր ներկրող է դարձել՝ ձեռք բերելով արտահանված ապրանքի 18%-ը», - նշել է CREA-ն՝ հավելելով, որ «դրա զգալի մասը վերաարտահանվում է զտված նավթամթերքի տեսքով», այդ թվում՝ ԱՄՆ և եվրոպական երկրներ։ «Մինչ ԵՄ-ն դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հավանականությունը, Ֆրանսիան ավելացրել է ներկրումն ու դարձել հեղուկ բնական գազի խոշորագույն ներկրողն աշխարհում», - ասել է CREA-ի վերլուծաբաններից մեկը»։   Նորա Վանյան  
17:01 - 14 հունիսի, 2022
Նիդերլանդների գործարարների խումբ կգա Հայաստան.Քերոբյանն ամփոփել է Հաագայում գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները

 |armenpress.am|

Նիդերլանդների գործարարների խումբ կգա Հայաստան.Քերոբյանն ամփոփել է Հաագայում գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արդեն իրականացված նիդերլանդական ներդրումները՝ գործող բիզնեսներն ընդլայնելու, նոր բիզնեսներ հիմնելու հնարավորություններ կան: Հայաստան արդեն հաջորդ շաբաթ կժամանի Նիդերլանդների գործարարների խումբ՝ կոնկրետ բիզնես ծրագրերով: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝  խոսելով Հաագայում Նիդերլանդների գործարար համայնքի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության հանդիպման արդյունքներից: «Հանդիպեցինք գործարարների հետ, որոնք արդեն գործունեություն են ծավալում Հայաստանում կամ նախատեսում են շատ շուտով սկսել գործունեություն: Խոսեցինք նոր բիզնես հնարավորությունների և եղած բիզնեսներն ընդլայնելու, ավելի լավացնելու մասին»,-ասաց նախարարը: Քերոբյանը Նիդերլանդների գործարարներին ներկայացրել է կառավարության այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել: «Մասնավորապես պատմեցի մեր տնտեսության արդիականացման ծրագրի մասին, որի ներքո կառավարությունը սուբսիդավորում է նոր սարքավորումների և նոր հոսքագծերի ձեռքբերման վարկերի տոկոսները, որն իհարկե շատ հետաքրքրեց մեր գործընկերներին, ինչպես նաև գյուղատնտեսության աջակցության ծրագրերի՝ ջերմոցների, անասնապահական ֆերմաների, ինտենսիվ այգիների սուբսիդավորման և քեշբեքի գործիքների մասին, որը ևս շատ հետաքրքիր է իրենց համար»,-ասաց նախարարը: Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Նիդերլանդների գործարար համայնքին ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության վիճակը: «Ներկայացրեցի, որ չնայած այսպիսի տուրբուլենտ ժամանակաշրջանին՝ 2022 թվականի առաջին եռամսյակին աճել է 9.6 տոկոսով, նաև նախորդ տարվա ներդրումային ցուցանիշը՝ 1 տրլն 370 մլրդ ներդրումներ, որը աննախադեպ բարձր էր Հայաստանի համար»,-ասաց Քերոբյանը: Իսկ թե Հայաստանի տնտեսությունում ո՞ր ոլորտներն են հատկապես հետաքրքրում Նիդերլանդների ներդրողներին՝ նախարարն առանձնացրեց՝ ամենամեծ ներդրումները գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում են: «Գիտենք, որ Նիդերլանդներում գրանցված բազմաթիվ ընկերություններ ունեն գիտահետազոտական կենտրոններ Հայաստանում: Նիդերլանդական ընկերությունները նաև բավականին ակտիվ են բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության ոլորտում, որտեղ հանդիսանում են թե ներդրողներ, թե մատակարարներ: Մենք տեսնում ենք, որ ընդլայնելու մեծ հնարավորություններ կան»,-ասաց Քերոբյանը: Հաջորդ շաբաթ Նիդերլանդների գործարարների մեծ խումբ կլինի Հայաստանում՝ արդեն կոնկրետ բիզնես ծրագրերով: Հայաստան եկող գործարարների թվում կլինեն նաև հանդիպման մասնակից գործարարներից: «Մենք հնարավորություն կունենանք նստել, յուրաքանչյուրի հետ քննարկել բիզնես ծրագրերը և փորձել օգնել յուրաքանչյուրին՝ ընդլայնելու իրենց բիզնեսը Հայաստանում կամ ստեղծելու նոր բիզնես»,-ասաց նախարարը:
18:50 - 12 մայիսի, 2022
Ում հանդիպեց Փաշինյանը Նիդերլանդներում եւ ինչ հայտարարություններ արեց

Ում հանդիպեց Փաշինյանը Նիդերլանդներում եւ ինչ հայտարարություններ արեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 10-11-ը պաշտոնական այց կատարեց Նիդերլանդների Թագավորություն։ Պատվիրակության կազմում էին արտաքին գործերի նախար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Վարչապետն իր այցը սկսել է Ասեն քաղաքից, Դրենցի թանգարանում նա մասնակցել է  «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը։ Այնուհետև Փաշինյանը այցելել է Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել տեղի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:Փաշինյանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող բարեփոխումները, այդ թվում` բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ։  Փաշինյանը հաջորդիվ եղել է Հաագայի Խաղաղության պալատում և մասնակցել  հայկական խաչքարի բացման արարողությանը։ Հայաստանի կառավարությունն այժմ անում է հնարավորը` տարածաշրջանում խաղաղության օրակարգը խթանելու համար՝ չնայած այն գոյաբանական սպառնալիքներին, որոնց մինչ այժմ առերեսվում է հայ ազգը․ «Հազարամյակներով Հայաստանը և հայերը ձգտել են խաղաղության՝ որպես իրենց Հայրենիքում ապրելու և արարելու գերագույն նպատակ։ Մեր կառավարությունն այժմ անում է հնարավորը` տարածաշրջանում խաղաղության օրակարգը խթանելու համար՝ չնայած այն գոյաբանական սպառնալիքներին, որոնց մինչ այժմ առերեսվում է իմ ազգը» ,-հանդիպման ընթացքում հայտարարել է Փաշինյանը։  Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում Փաշինյանը խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, տարածաշրջանում տիրող իրավիճակի, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մասին․     «Մինչև այսօր մեր առնվազն 38 գերեվարված անձինք շարունակում են մնալ Ադրբեջանում: Փորձ է արվում անընդհատ տարբեր թեմաներով առևտրի առարկա դարձնել այդ գործընթացը:  Ի միջիայլոց, վերջին անգամ հենց ԵԽ նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խումբ ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել: Ադրբեջանը ներկայացրեց իր պատկերացումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, որտեղ հինգ հիմնական կետ կա: Մենք լրացրեցինք այդ օրակարգը, որտեղ ներառվում է ԼՂ հայության անվտանգության, իրավունքների և ԼՂ վերջնական կարգավիճակի խնդիրը: Վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք ենք բերել Բրյուսելում:  Այսօր պիտի վերահաստատեմ իմ այն դիրքորոշումը, որ նշված սկզբունքների հիման վրա պատրաստ ենք բանակցությունների, չնայած, այն պրոցեսում,  որը պլանավորվել է, որևէ բան չի փոխվել։  Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը սահմանազատման, սահմանագծման հարցում, տեղի կունենա արտաքին գործերի նախարարների հանդիպումը: 2020 թ․-ի Ղարաբաղյան պատերազմն իրականում ոչ մի կապ չունի Հայաստանի ժողովրդավարական լինելու հետ:  Պետք է հաջողությամբ իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որպեսզի Ադրբեջանի հետ մեր երկաթուղիները, ճանապարհները աշխատեն:Մենք խոսակցություն ենք սկսել Թուրքիայի հետ, համաձայնել ենք առանց նախապայմանների սկսել հարաբերությունների կարգավորման փորձ: Առանց միջազգային հանրության ակտիվ ու անկեղծ աջակցության մենք հաջողության հասնելու ավելի քիչ հնարավորություններ կունենանք։ Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը լսի մեր ձայնը, միջազգային հանրությունը տեսնի մարդկանց, որոնք այսօր ապրում են Լեռնային Ղարաբաղում, որոնք ամեն օր՝ ի հեճուկս բազմաթիվ գործոնների, պայքարում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար։ Կոռուպցիայի դեմ պայքարի կամ կոռուպցիայի ընկալման համաթվերում վերջին տարիներին, վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանը հսկայական առաջընթաց է արձանագրել: Եվ այո՛, պետք է նաև բարձր հայտարարություն անեմ՝ ասելով, որ Հայաստանից համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված: Հեղափոխությունից առաջ, տարիներ առաջ, մեր քրեակատարողական հիմնարկները բոլորը գերբեռնված էին:Այսօր բանտային բնակչության ծանրաբեռնվածության առումով ՀՀ-ն Եվրոպայի մասշտաբներով գրավում է երկրորդ տեղը: Այսինքն՝ ամենաթերի բեռնված երկրների շարքում է և պետք է ասեմ, որ այդ ցուցանիշով մենք զիջում ենք միայն Մոնակոյին: Մնացած բոլոր երկրների նկատմամբ բանտային բնակչության բեռնվածության առումով մենք շատ լավ դիրքերում ենք»։  Ապա Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Փաշինյանը նշել է, որ առաջին դեպքն է, երբ ՀՀ ղեկավարը պաշտոնական այց է կատարում Նիդերլանդների թագավորություն և հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ գործընկերությանը։  Փաշինյանը պաշտոնական այցն ավարտել է Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հետ հադիպմամբ։  Երկու երկրների կառավարության ղեկավարները համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
14:57 - 12 մայիսի, 2022
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Ռուտեի հադիպումը. երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Ռուտեի հադիպումը. երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով

Հաագայում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հադիպումը: Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ Մարկ Ռուտեն կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ և երկու երկրների միջև փոխգործակցության զարգացումը բոլոր ոլորտներում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին: Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով: Մարկ Ռուտեն, մասնավորաապես նշել է. «Շատ շնորհակալ եմ: Ինձ համար մեծ հաճույք է Նիկոլ Փաշինյանին և իր կառավարության մի քանի անդամներին այստեղ ողջունել և ընդունել: Նիդերլանդները և Հայաստանը աշխարհագրական առումով մի քանի հազար կիլոմետր հեռու են իրարից, բայց մնացած առումներով տարածութունը մեր երկրների միջև փոքր է: Մենք մշակութային արժեքների գնահատողն ենք. Դրենցի թանգարանում ցուցահանդես է երեկ բացվել, և հուսով եմ շուտով կայցելեմ այնտեղ: Մենք նաև հիանալի դիվանագիտական հարաբերություններ ունենք, որոնք արդեն 30 տարի է գոյություն ունեն: Նիդերլանդների դեսպանության բացումը տեղի ունեցավ Երևանում, որը հաստատում է մեր երկկողմանի հիանալի հարաբերությունները: Վարչապետ Փաշինյանի այցը շատ ճիշտ պահին է տեղի ունենում, քանի որ Հայաստանի կառավարությունն անցած տարվա ընտրություններից հետո, շատ մեծ պլաններ ունի. շատ թեմաներ ունենք խոսելու, շատ մեծ պլաններ կան: Հայաստանը մեծ ներդրումներ է արել և գնում է ժողովրդավարության ճանապարհով, չնայած երբեմն լինում են բարդ իրավիճակներ և պայմաններ: Վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ թավշյա հեղափոխությունից հետո շատ մեծ փոփոխություններ են իրականացվել, կոռուպցիայի և շատ այլ խնդիրների դեմ պայքար է իրականացվել: Ես մեծապես համոզված եմ, որ բարեփոխումները լինելու են շատ արդյունավետ, և բոլոր հայերը դրանից օգուտ են ստանալու: Ես մեծ գնահատական եմ տալիս պարոն Փաշինյանին, շատ եմ գնահատում իր կառավարության գործունեությունը և իրեն խոստացել եմ, որ կօժանդակենք ամեն կերպ: Չնայած շատ դրական ձեռքբերումներ կան, ցավոք, աղետալի պատերազմն Ուկրաինայում բոլորին վշտացնում է: Իհարկե, այդ մասին մենք այսօր խոսել ենք: Մեր դիրքորոշումը շատ պարզ է՝ այդ ահավոր պատերազմը պետք է դադարի, և բոլոր կողմերը պետք է սեղանի շուրջ նստեն և բանակցություններ սկսեն դրա վերաբերյալ: Միայն դա կարող է հանգեցնել մշտական խաղաղության: Ցավոք, Հայաստանը շատ լավ գիտակցում է՝ ինչ է նշանակում պատերազմը, և այդ իսկ պատճառով էլ այդքան կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերջերս սկսել են բանակցություններ վարել, որպեսզի շուտով իրականանա Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնությունը: Մենք շեշտում ենք դրա կարևորությունը և Մինսկի խմբի համանախագահներին օժանդակում ենք: Շատ բարդ խոսակցություն է այդքան վշտից հետո: Պարոն Փաշինյանն այդ մասին պառլամենտում շատ պարզ խոսքեր արտահայտեց: Ես իմ հարգանքն արտահայտեցի դրա վերաբերյալ, Հայաստանի կառավարության ջանքերն այդ առումով, մենք սրտանց ողջունում ենք և շարունակելու ենք ողջունել: Դեռ չենք ավարտել, իհարկե, մեր խոսակցությունները, շուտով նստելու ենք սեղանի շուրջ, բայց ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել պարոն Փաշինյանին և նախարարներին այցի համար: Այս այցի ժամանակ նորից հաստատեցինք, թե ինչն է միավորում մեր ազգերին: Դա խոստանում է շատ լավ և դրական համագործակցություն ապագայում: Անձնապես շատ եմ ողջունում այդ բոլորը, նորից շնորհակալություն եմ հայտնում, և հուսով եմ՝ նորից կհանդիպենք»: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և պաշտոնական այցով հրավիրելու համար: Պետք է արձանագրեմ, որ սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդների Թագավորություն: Եվ ես այսօր մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ փաստը, որ այս ժամանակում տեղի է ունենում այս պաշտոնական այցը , ես գնահատում եմ ոչ միայն մեր հարուստ պատմական հարաբերությունների և առևտրատնտեսական բավական զարգացած հարաբերությունների արտահայտություն, այլև Նիդերլանդների և անձամբ Ձեր, պարոն վարչապետ, աջակցությունը հայկական ժողովրդավարությանը, մեր կառավարության որդեգրած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: Առաջին անգամ եմ ընդհանրապես Նիդերլադներում գտնվում և շատ տպավորված եմ Ձեր հիասքանչ և գեղեցիկ երկրով: Եվ, իհարկե, դա լրացուցիչ խթան է և ոգևորում է մեզ, որպեսզի մենք հետագայում զարգացնենք հարաբերությունները բոլոր ոլորտներում և քաջալերենք նաև մարդկային, մշակութային, տնտեսական կապերի հետագա զարգացումը մեր երկրների միջև: Պիտի արտահայտեմ նաև իմ շնորհակալությունը Ձեզ, պարոն վարչապետ, Ձեր արտահայտած դիրքորոշումների վերաբերյալ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և այն բանի համար, որ Դուք հստակ աջակցում եք ՀՀ կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին: Պետք է ասեմ, որ այո՛, մենք խաղաղության օրակարգ որդեգրելու և իրականացնելու մանդատ ենք ստացել մեր ժողովրդից նախորդ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ միջազգային հանրության կողմից միանշանակ գնահատվել է որպես ազատ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը չափազանց հարուստ է, և մենք հույս ունենք բոլոր ուղղություններով առաջ ընթանալ: Մենք շատ հետաքրքրված ենք և այսօր մի քանի առիթներով քննարկել ենք, մասնավորապես, Հայաստանում գյուղատնտեսական տեխնոլոգիաների ավելի լայնածավալ կիրառման հարցը: Մենք գիտենք, որ Նիդերլանդները ամենազարգացած գյուղատնտեսական և տեխնոլոգիական երկիր է, և մենք ուրախ ենք և շնորհակալ, որ և կառավարությունը, և բիզնեսը, որի հետ այսօր հանդիպում ունեցանք, հետաքրքրված են այդ ուղղություններով հետագա զարգացումների համար: Ժողովրդավարական բարեփոխումների աջակցման գործում մեծ է Նիդերլանդների Թագավորության և Ձեր կառավարության դերը: Իհարկե, մեր հիմնական համագործակցության գործընկերը Եվրամիությունն է այս հարցում, և իհարկե, Եվրամիության անդամ երկրների աջակցությունը կարևոր է: Պիտի արձանագրեմ, որ 2021 թվականին ուժի մեջ մտավ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնաված գործընկերության համաձայնագիրը, որը, ըստ էության, հենց ժողովրդավարական բարեփոխումների համատեղ օրակարգն է: Եվ մենք վճռական ենք այդ օրակարգը լիարժեք իրականացնելու, վճռական ենք մեր երկրի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու առումով: Մենք քննարկեցինք նաև այն պրոցեսները, որ տեղի են ունենում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Հայաստան- Ադրբեջան հարաբերություններում: Եվ պետք է ուրախությամբ նշեմ, որ ըստ էության, արձանագրում ենք, որ մենք ընդհանուր պատկերացումներ ունենք այդ պրոցեսների վերաբերյալ և ընդհանուր պատկերացում ունենք, որ խաղաղության օրակարգն իսկապես պետք է իրագործվի: Բայց նաև, մենք բոլորս գիտենք, որ առանց միջազգային հանրության աջակցության դա հնարավոր չէ, և ուրախ ենք, որ միջազգային մեր գործընկերների շրջանում այդ օրակարգն ըմբռնում է գտնում: Կրկին անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս ջերմ ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ այցի արդյունքներով մեր հարաբերությունների հետագա զարգացման նոր խթան կտրվի: Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն պատասխանել են լրագրողների հարցերին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն ավարտվել է:
09:34 - 12 մայիսի, 2022
Հաագայում մեկնարկել է Հայաստանի և Նիդերլանդների վարչապետների հանդիպումը


 |armenpress.am|

Հաագայում մեկնարկել է Հայաստանի և Նիդերլանդների վարչապետների հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների Թագավորության վարչապետի նստավայրում՝ Բինենհոֆում հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեն: Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներում է երկօրյա (մայիսի 10-11) պաշտոնական այցով: Սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդների Թագավորություն: Հանդիպումից հետո վարչապետները հանդես կգան մամուլի ասուլիսով: Պաշտոնական այցի շրջանակում մայիսի 11-ին Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, շրջայց կատարել Խաղաղության պալատում, մասնակցել պալատին Հայաստանի նվիրած խաչքարի բացման արարողությանը: Վարչապետը Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում հանդես է եկել «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ, պատասխանել ներկաների հարցերին:
20:46 - 11 մայիսի, 2022
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում և պատասխանել միջոցառման մասնակիցների հարցերին

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում և պատասխանել միջոցառման մասնակիցների հարցերին

Հաագայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: Վարչապետին դիմավորել է Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտի տնօրեն Ռոն Թոնը՝ ողջունելով նրա այցն ինստիտուտ: Վարչապետը ինստիտուտում հանդես է եկել ելույթուվ, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխումներին, Հարավային Կովկասում, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: «Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով պաշտոնական այց ունի Նիդերլանդների Թագավորություն: Այս այցը ոչ միայն դիտարկում եմ հայ-հոլանդական ավանդական պատմական կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, այլև` Հայաստանի ժողովրդավարության համատեքստում: Պետք է ընդգծեմ, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մենք զգացել ենք Հոլանդիայի՝ Նիդերլանդների Թագավորության աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործում: Ընդհանրապես Հայաստանում ես հիմա ավելի հաճախ ասում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության հիմնական բրենդն է, որով այս օրերին մեր երկրին ճանաչում է միջազգային հանրությունը, մասնավորապես՝ Եվրոպայում, Եվրամիությունում: Պետք է ընդգծեմ, որ սա ընդամենն իմ գնահատականը չէ, որովհետև միջազգային այն ինստիտուտները, որոնք զբաղվում են ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, մամուլի, խոսքի ազատության գլոբալ հետազոտություններով, արձանագրում են այդ իրողությունը: Պետք է արձանագրեմ, որ 2021 թվականին առաջին անգամ Հայաստանը միջազգային ժողովրդավարական ինստիտուտների կողմից դասակարգվել է ընտրական ժողովրդավարություններ ունեցող երկրների շարքը, և սա համարում եմ կարևոր ձեռքբերում: Կոռուպցիայի դեմ պայքարի կամ կոռուպցիայի ընկալման համաթվերում վերջին տարիներին, վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանը հսկայական առաջընթաց է արձանագրել: Եվ այո՛, պետք է նաև բարձր հայտարարություն անեմ՝ ասելով, որ Հայաստանից համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված: Չնայած կան նաև կոռուպցիոն երևույթներ, որոնց դեմ մենք հետևողական պայքարում ենք, և դա տեսանելի է: 2021 թվականի արդյունքներով մենք նաև, չնայած հետպատերազմական ճգնաժամային տարուն, հսկայական առաջընթաց ենք արձանագրել խոսքի և մամուլի ազատության ոլորտում: Վերջին հրապարակված ինդեքսներով Հայաստանն աշխարհում 51-րդն է»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը վճռական է երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու գործում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում փակվել են այնպիսի էջեր, ինչպիսին, օրինակ, ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային կասկածն է, կամ ընտրություններ կեղծելու պրակտիկան. «Ես կարող եմ վստահաբար ասել, որ հետճանապարհ Հայաստանը չունի, որովհետև այդ բարեփոխումների պրոցեսի աղբյուրը ոչ թե կառավարությունն է, այլ այդ բարեփոխումների աղբյուրը ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր հստակ, հաստատակամ, իրենց պատասխանատվությունն են համարում ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը և օրենքի գերակայությունը: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ինստիտուցիոնալ կայացման առումով շատ երկար ճանապարհ դեռ ունենք անցնելու. անկախ դատական համակարգ ունենալու ոլորտում, ցավոք, չեմ կարող շատ մեծ արդյունքներ ներկայացնել: Կարող եմ ասել ընդամենը, որ դա ամենակարևոր խնդիրներից է, որին այսօր առերեսվում է Հայաստանը: Եվ ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք նաև առաջատար փորձն այդ ոլորտի ուսումնասիրելով տեսնում ենք, որ այդտեղ փորձարկված բանաձևեր չկան: Մենք տեսնում ենք, որ նույնիսկ շատ եվրոպական երկրներում նույն պրոցեսներն են տեղի ունենում, երբ կա պայքար և դժվար է տարբերակել՝ ով է ճիշտ, ով է սխալ անկախ դատական համակարգի համար մղվող պայքարում: Դրա համար մենք այս առումով ավելի շատ նախընտրում ենք առաջ գնալ չվնասելու ճանապարհով, որովհետև խոսքն այստեղ մարդկանց ազատությունների և իրավունքների երաշխավորման մեջ է»: Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է քրեակատարողական հիմնարկներում իրականացվող բարեփոխումներին: «Պետք է մի ցուցանիշ նույնպես ընդգծեմ, որը կապ ունի և՛ ժողովրդավարության, և՛ օրենքի գերակայության, և՛ մարդու իրավունքների պաշտպանության, և՛ անկախ դատական համակարգի հետ: Հեղափոխությունից առաջ, տարիներ առաջ, մեր քրեակատարողական հիմնարկները բոլորը գերբեռնված էին: Այսինքն՝ այնտեղ մենք նույնիսկ ունեինք իրավիճակ, երբ կալանավորված և դատապարտված անձինք քնելու տեղ չունեին և ստիպված հերթով են քնել: Իհարկե, իմ բախտը բերել է, երբ ես քաղբանտարկյալ եմ եղել, այդպիսի պրոբլեմի հետ չեմ առերեսվել, բայց դա հանրային պրոբլեմ էր Հայաստանի Հանրապետությունում: Այսօր բանտային բնակչության ծանրաբեռնվածության առումով Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի մասշտաբներով գրավում է երկրորդ տեղը: Այսինքն՝ ամենաթերի բեռնված երկրների շարքում է և պետք է ասեմ, որ այդ ցուցանիշով մենք զիջում ենք միայն Մոնակոյին: Մնացած բոլոր երկրների նկատմամբ բանտային բնակչության բեռնվածության առումով մենք շատ լավ դիրքերում ենք: Սա նույնպես կարևոր ցուցանիշ է: Վերջերս մեր ընդդիմադիրների քննադատությանն արձագանքելով, բնականաբար, ժողովրդավարական երկրում կա ընդդիմություն, կա ուժեղ քննադատություն, երբեմն արմատական քննադատություն, ես խորհրդարանում ելույթ ունենալիս հենց այդ ցուցանիշը բերեցի, որովհետև ոմանք փորձում են ցույց տալ, թե մենք շեղվում ենք ժողովրդավարական չափանիշներից, հետապնդումների ենք ենթարկում մեր քաղաքական ընդդիմախոսներին: Ես ասացի, որ այն երկրները, որոնք շեղվում են ժողովրդավարական ճանապարհներից և բռնաճնշումների ճանապարհով են գնում, այդ երկրներում սովորաբար բանտերը բացվում են և ոչ թե փակվում, իսկ մեր երկրում այս ընթացքում մեր կառավարման շրջանում երկու, ըստ էության, ամենախոշոր բանտերը փակվել են»,- ասել է վարչապետ Փաշինյանը: ՀՀ կառավարության ղեկավարը կրկին անդրադարձել է երկրում կոռուպցիայի դեմ տարվող պայքարին և ընգծել. «Պիտի արձանագրեմ, իհարկե, մեծ տխրությամբ և մի քիչ էլ տհաճությամբ, որ կոռուպցիայի դեմ պայքարում այսօր մեղադրյալի կարգավիճակում են ոչ միայն նախկին պաշտոնյաներ, այլ պաշտոնյաներ, ովքեր նախարար են նշանակվել իմ կողմից, իմ կառավարության անդամներ են եղել և բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել»: Անդրադառնալով 44 օրյա պատերազմին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կա կարծիք, որ Հայաստանում ժողովրդավարությունն է, որ բերեց երկրում 2020 թվականի 44-օրյա պատերազմին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմին: Գլխավոր հարցը, որ այսօր կախված է Հայաստանի մթնոլորտում, հետևյալն է՝ ինչքանով է ժողովրդավարությունն ի վիճակի ապահովել երկրի անվտանգությունը: Սա իսկապես չափազանց կարևոր հարց է և դրա վերաբերյալ ուզում եմ իմ մեկնաբանությունները ներկայացնել: 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմն իրականում ոչ մի կապ չունի Հայաստանի ժողովրդավարական լինելու հետ: Այստեղ իրավիճակն ավելի լուրջ է, և ես պիտի ձեզ մի այսպիսի զուգահեռ ներկայացնեմ. ընդհանրապես ընդունված է կարծել կամ այդպիսի կարծիք գոնե 90-ականների սկզբին կար նաև Եվրոպայում, որ 1988 թվականին մեկնարկած, սկսած Ղարաբաղյան շարժումն է, որ հետագայում հանգեցրեց Խորհրդային միության կամ փլուզման կամ աշխարհակարգի փոփոխության: Իմ խորը հավատը և համոզմունքն է նաև այն, որ իրականում 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը, 44-օրյա պատերազմն, ըստ էության, մի հերթական նշանն էր այն բանի, որ մեզ սպասում են գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ և աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունենալու: Իրականում պատերազմի պատճառները երկուսն էին, առաջինը՝ գլոբալ և ռեգիոնալ ուժերի հարաբերակցության փոփոխությունը, որ երկար տարիներ տեղի են ունեցել և այս ֆոնի վրա Ադրբեջանի վարած հետևյալ բանակցային քաղաքականությունը, որ տվեք մեզ այն ինչ մենք ուզում ենք ստանալ, այլապես մենք այն կստանանք պատերազմով: Այս իմաստով ակնհայտ է և միանշանակ, որ պատերազմն այս համատեքստում անխուսափելի էր: Իհարկե, այն դաժան փորձություն էր Լեռնային Ղարաբաղի հայության համար, Արցախի համար, Հայաստանի Հանրապետության համար և Հայաստանի ժողովրդավարության համար: Պիտի արձանագրեմ, որ, այնուամենայնիվ, մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց լարված և ըստ էության պատճառները, որոնց մասին խոսում եմ՝ չեն փոխվել: Հետպատերազմական իրավիճակին, որը հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և որի արդյունքում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր մուտք գործեցին Լեռնային Ղարաբաղ, ես ուզում եմ ուղիղ և հասկանալի պատկեր տալ, որպեսզի բոլորի, նաև ոչ փորձագետների համար պարզ լինի, թե ինչումն է և որտեղ է պրոբլեմը: Պատերազմից հետո կամ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցն այլևս լուծված է, բայց սա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլև, ըստ էության, գագաթն է և կուլմինացիան պատկերացումների, որ Ղարաբաղյան հարցի լուծման մասին ուներ և շարունակում է ունենալ Ադրբեջանը: Եթե մեկ բառով ձևակերպելու լինենք այդ քաղաքականությունը, այդ քաղաքականությունը հետևյալն է՝ Ղարաբաղն առանց հայերի: Եվ սրանում ոչ մի չափազանցություն չկա: Հիմա ես կոնկրետ օրինակներով ցույց կտամ, որ հենց այդպիսին է քաղաքականությունը: Օրինակ, այս գարնանը մենք ունեցանք հետևյալ երևույթը, երբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերի մոտակայքում բարձրախոսներով հայտարարություններ էին տարածում՝ նրանց զգուշացնելով հեռանալ իրենց տներից, այլապես ուժի կիրառմամբ նրանք կհեռացվեն: Մեկ ուրիշ կարևոր հանգամանք. գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Ղարաբաղի հայկական գյուղերի տները և բարձրախոսներով ազան էին միացնում, դա մուսուլմանական աղոթքի հրավեր է: Մենք, իհարկե, հայ ժողովուրդը մեծ հարգանք և պատկառանք ունի մուսուլմանական մշակույթի և կրոնի նկատմամբ, բայց պիտի արձանագրեմ, որ սա, ըստ էության, կրոնական ահաբեկչության մի պարզ օրինակ է: Նաև Ադրբեջանը երկար տարիներ փորձում է Ղարաբաղի հիմնախնդրին տալ կրոնական ենթատեքստ, ինչը նրան չի հաջողվում, որովհետև մենք բազմաթիվ մահմեդական երկրների հետ ունենք ջերմ, բարեկամական, եղբայրական հարաբերություններ, բայց ահա հերթական անգամ փորձ է արվում այս գործոնը նորից ներմուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Հաջորդ հանգամանքը, որ կուզենայի նշել, հետևյալն է. Լեռնային Ղարաբաղն ընդհանարապես տաք տարածաշրջան է, այս տարվա մարտին, սակայն, այնտեղ աննախադեպ քանակի ձյուն տեղաց՝ մարտի 7-11 ընկած ժամանակահատվածում և աննախադեպ ցրտեր սկսվեցին: Եվ հենց այդ օրերին մենք տեսանք Ղարաբաղին ապահովող գազամուղի պայթեցում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Դրա նորոգումը շատ երկար տևեց և նորոգումից հետո էլ Ադրբեջանը խողովակի վրա փական է տեղադրել՝ փորձ անելով դա օգտագործել որպես քաղաքական, բարոյական, սոցիալական ճնշման միջոց: Նկատի ունեմ՝ ամեն ինչ արվում է, որպեսզի հայությունն Արցախում, Լեռնային Ղարաբաղում իր ներկայությունը համարի անհնարին: Եվ սա ասելով է նկատի առնվում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, սա ասելով նկատի է առնվում, որ Լեռնային Ղարաբաղում հայ չի լինելու, Լեռնային Ղարաբաղի հայությունը ոչ մի իրավունք չի ունենալու, Լեռնային Ղարաբաղի հայության ինքնությունը ոչնչացվելու է և արմատախիլ է արվելու: Ասածիս մեջ ամենևին չափազանցություն չկա: Տեսեք, բոլորովին վերջերս տեղի ունեցավ մի այսպիսի տարօրինակ հայտարարություն Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից. նրանք հայտարարեցին, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, իրենց ասելով՝ «հայկական համարվող եկեղեցիների վրայից կեղծ գրառումները, արձանագրումները վերացնելու և ջնջելու համար»: Իսկ դրանից մի քանի ամիս առաջ Ադրբեջանի նախագահը, այցելելով Ադրբեջանի հսկողության տակ գտնվող մի տարածք, որտեղ կա հինավուրց հայկական եկեղեցի, բառացիորեն հայտարարել էր հետևյալը՝ «արձանագրությունները կեղծ են և այդ կեղծիքը պետք է վերացվի»: Սա բայց ամենևին էլ մշակութային ակցիա չէ պատմական հուշարձանների նկատմամբ: Չնայած, նույնիսկ եթե այդպես լիներ միայն, արդեն իսկ աղաղակող և անթույլատրելի փաստ է: Այս քաղաքական նպատակը, երբ դնում ենք Ադրբեջանից հնչող այլ հայտարարությունների շարքում, հետևյալ է՝ արձանագրել, որ Ղարաբաղի հայությունը բոլորովին վերջերս և այլ հանգամանքներում են հայտնվել Լեռնային Ղարաբաղում, հետևաբար նրանք այնտեղ ապրելու լեգիտիմ իրավունք չունեն: Եվ սա է այսօր Ադրբեջանի կողմից որդեգրվող քաղաքականությունը: Մինչդեռ, մեր ընկալումը բոլորովին այլ է, մեր ընկալումը հետևյալն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ամենևին էլ հողային հարց չէ ինչպես փորձ էր անում ներկայացնել Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը իրավունքի հարց է, և մենք, մեր քաղաքականությունը և մեր ուղերձը միջազգային հանրությանը հենց դա է, որ մենք պիտի աշխատենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները լինեն պաշտպանված: Եվ նաև այս համատեքստում է, որ մենք, չնայած այս ամբողջ նեգատիվին, որդեգրել ենք խաղաղության օրակարգ: Սա հեշտ չէր մի իրավիճակում, երբ տեղի է ունեցել պատերազմ, երբ ունեցել ենք զոհեր: Մենք ասել ենք, որ անկախ ամեն ինչից մեր կառավարության հանձնառությունն ու մանդատն է՝ անել ամեն ինչ մեր տարածաշրջանում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում հասնել խաղաղության, ամեն ինչ անել խաղաղության համար, և ոչ թե ուղղակի ամեն ինչ անել, այլ հասնել խաղաղությանը, առաջադրել խնդիրը և լուծել: Դուք երևի նկատեցիք այստեղ գալուց առաջ երկու ցույց ունեինք՝ մեկն ի պաշտպանություն մեր կառավարության, մեկն՝ ընդդեմ մեր կառավարության կամ անձամբ ինձ: Այստեղից էր բխում այդ ամենը, որովհետև շատ մարդիկ, շատ հայրենակիցներ մտածում են, որ խաղաղության օրակարգի մասին խոսելով մենք դավաճանում ենք մեր ազգային ինքնությունը, մենք դավաճանում ենք մեր երկրի շահերը, մենք դավաճանում ենք Լեռնային Ղարաբաղի հայությանը, Լեռնային Ղարաբաղին, մենք նրանց անպաշտպան ենք թողնում: Բայց մեր համոզմունքը հակառակն է: Մենք լսում ենք այդ քննադատությունը, մենք վերլուծում ենք այդ քննադատությունը, մենք փորձում ենք հասկանալ այդ քննադատությունը: Նույնիսկ տեղ-տեղ և ընդհանուր առմամբ հասկանում ենք, բայց հենց քաղաքական գործչի և քաղաքական թիմի և ժողովրդի կողմից ընտրված կառավարության ամենամեծ խնդիրն է գնալ դժվարին ճանապարհով, որովհետև հեշտ ճանապարհները չեն տանում դեպի լավ արդյունքների: Իսկ արդյունքը, որ մենք ակնկալում ենք, հետևյալն է՝ խաղաղ զարգացման դարաշրջան մեր երկրի և մեր տարածաշրջանի համար: Դրա համար մեզ պետք է հաջողությամբ իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որպեսզի Ադրբեջանի հետ մեր երկաթուղիները, ճանապարհները աշխատեն, բաց լինեն»: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին. «Մենք խոսակցություն ենք սկսել Թուրքիայի հետ և համաձայնել ենք առանց նախապայմանների սկսել հարաբերությունների կարգավորման փորձ և հասկանալի է, որ մի իրավիճակում, երբ կա շատ մեծ նեգատիվ պատմական ժառանգություն, սա հեշտ չի անել: Եվ ես ինչու եմ այստեղ այս մասին խոսում, որովհետև իմ համոզմունքն է, որ առանց միջազգային հանրության ակտիվ և անկեղծ աջակցության մենք հաջողության հասնելու ավելի քիչ հնարավորություններ կունենանք: Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը լսի մեր ձայնը, մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը տեսնի մարդկանց, ովքեր այսօր ապրում են Լեռնային Ղարաբաղում, ովքեր ամեն օր, ի հեճուկս բազմաթիվ գործոնների, ամեն օր պայքարում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար, բայց մյուս կողմից նաև ունեն տարօրինակ մի փաստ, որ ըստ էության, այդ մարդիկ կտրված են միջազգային հանրության հետ լիարժեք հաղորդակցություն իրականացնելու հնարավորությունից: Այսօր բազմաթիվ միջազգային կառույցներ, գործակալություններ՝ ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, նույնիսկ ԵԱՀԿ, զրկված են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությունից, որովհետև Ադրբեջանն արգելափակում է այդ հնարավորությունը, բայց այս գործելակերպն, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ, որովհետև եթե չկա իրականությունն այլակերպելու ցանկություն և կանխավարկած, այդ մուտքը սահմանափակելու քաղաքականությունն այնքան էլ հասկանալի չէ»: Վարչապետը մեկ անգամ ևս անդրադարձել է խաղաղության օրակարգին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և նշել. «Մենք հստակ ասել ենք, որ այո՛, խաղաղության օրակարգը որդեգրում ենք, մենք պիտի գնանք Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ճանապարհով, պայմանականորեն ասած՝ խաղաղության բանակցությունների մեկնարկ պետք է տեղի ունենա: Ես ուզում եմ այս կապակցությամբ շատ կարևոր մի պարզաբանում անել. Ադրբեջանը փետրվարին, մարտին մեզ ներկայացրեց իր պատկերացումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, որտեղ հինգ հիմնական կետ կա: Խոսքը վերաբերում է միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելուն, սահմանների դեմարկացիային, կոմունիկացիաների բացմանը, միմյանցից տարածքային պահանջների բացակայությանը: Եվ մենք, դիտարկելով այդ առաջարկները, տեսանք, որ մեզ համար անընդունելի ոչինչ դրանցում չկա, սակայն մենք արձանագրեցինք, որ այդ կետերը չեն հասցեագրում մեր հարաբերությունների ամբողջ օրակարգը: Եվ մենք լրացրեցինք այդ հարաբերությունների օրակարգը, որտեղ ներառվում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության իրավունքների և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդիրը: Երբ ապրիլի 6-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ հանդիպում տեղի ունեցավ, մենք քննարկեցինք այդ հարցն Ադրբեջանի նախագահի հետ, և ես ասացի, որ մեզ համար իրենց առաջարկած կետերի մեջ անընդունելի ոչինչ չկա և եթե ադրբեջանական կողմը համաձայն է, որ մեր երկու պատկերացումները միացնենք իրար և այդ հենքի վրա սկսենք բանակցություններ, մենք պատրաստ ենք դրան: Բրյուսելից վերադառնալով ես ասացի, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, ըստ էության, ադրբեջանական կողմն էլ հայտարարեց դրա մասին: Բայց այս վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք փորձ են անում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որ մենք ձեռք ենք բերել Բրյուսելում և պետք է արձանագրեմ, վերահաստատեմ իմ դիրքորոշումն այսօր նաև հրապարակային, նաև պաշտոնապես, նաև ձեր առաջ, որ մենք նշված սկզբունքների հիման վրա և օրակարգի հիման վրա պատրաստ ենք բանակցությունների: Չնայած, ըստ էության, այն պրոցեսը, որը պլանավորվել է, այն պրոցեսի մեջ որևէ բան չի փոխվել: Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը և՛ սահմանազատման, սահմանագծման հարցով, և՛ Արտաքին գործերի նախարարները հանդիպում կունենան: Եվ պետք է մի բան ասեմ նաև որպես ամփոփում. գիտեք, մենք շատ դաժան փորձությունների միջով ենք անցել վերջին երկու տարիներին, բայց ես այսօր կարող եմ ասել, որ ունեմ խորը համոզմունք, որ մենք ճիշտ ճանապարհով ենք ընթանում: Դա խաղաղության օրակարգի առաջ մղման ճանապարհն է, մենք գիտենք, որ շատ դժվար է լինելու, բայց պատրաստ ենք մեր վրա վերցնել այդ քաղաքական պատասխանատվությունը, որովհետև մենք զգում ենք, տեսնում ենք, կրում ենք պատասխանատվությունը մեր երկրի, մեր տարածաշրջանի և ընդհանրապես, գլոբալ խաղաղություն հաստատելու գործում վճռական ներդրում ունենալու համար, և ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը, մեր գործընկերները, Նիդերլանդների Թագավորությունը, բոլոր գործընկերները մեզ կաջակցեն այս ջանքերում»: Վարչապետը պատասխանել է նաև ներկանների՝ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների և ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, Հարավային Կովկասում, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, հասարակական և քաղաքական կյանքում կանանց դերի մեծացմանը և այլն:
20:18 - 11 մայիսի, 2022
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունին և Ներկայացուցիչների պալատի նախագահին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունին և Ներկայացուցիչների պալատի նախագահին

Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Վերջիններս ողջունել են ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում: Նրանք ընդգծել են Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնելու իրենց երկրի շահագրգռվածությունը` շեշտելով հայ ժողովրդի նկատմամբ երկրում առկա ջերմ մթնոլորտը: Մասնավորապես, նշվել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման փաստը: Յան Անտոնի Բրաունը և Վերա Բերգկամպը ողջունել են մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող հետևողական քայլերը և հավելել, որ Նիդերլանդներն իր փորձով պատրաստ է օժանդակել դրանց արդյունավետ կյանքի կոչմանը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ առաջին դեպքն է, երբ Հայաստանի Հանրապետության ղեկավարը պաշտոնական այց է կատարում Նիդերլանդների թագավորություն և հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ գործընկերությանը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել, որ գործադիրը շարունակելու է հետևողականորեն առաջ մղել բարեփոխումների օրակարգը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարներին` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման և Լեռնային Ղարաբաղի հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար: Այնուհետև վարչապետը հանդիպել է Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամներին, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի: Դրանք վերաբերել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Հարավային Կովկասում ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:  
19:56 - 11 մայիսի, 2022
Ադրբեջանը տպավորություն է ստեղծում, թե սեղանին լինելու են միայն իր առաջարկները, դա չի համապատասխանում Բրյուսելի պայմանավորվածություններին. վարչապետ

 |armenpress.am|

Ադրբեջանը տպավորություն է ստեղծում, թե սեղանին լինելու են միայն իր առաջարկները, դա չի համապատասխանում Բրյուսելի պայմանավորվածություններին. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտում «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը: Մասնավորապես, նա մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի իրավունքներն ու վերջին շրջանում ունեցած դժվարությունները: «Պետք է հաջողությամբ իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որպեսզի Ադրբեջանի հետ մեր երկաթուղիները, ճանապարհները աշխատեն: Մենք խոսակցություն ենք սկսել Թուրքիայի հետ, համաձայնել ենք առանց նախապայմանների սկսել հարաբերությունների կարգավորման փորձ: Առանց միջազգային հանրության ակտիվ ու անկեղծ աջակցության մենք հաջողության հասնելու ավելի քիչ հնարավորություններ կունենանք: Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը լսի մեր ձայնը, միջազգային հանրությունը տեսնի մարդկանց, որոնք այսօր ապրում են Լեռնային Ղարաբաղում, որոնք ամեն օր՝ ի հեճուկս բազմաթիվ գործոնների, պայքարում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար: Մյուս կողմից ունենք տարօրինակ մի փաստ, որ այդ մարդիկ կտրված են միջազգային հանրության հետ հաղորդակցություն իրականացնելու հնարավորությունից: Այսօր բազմաթիվ միջազգային կառույցներ, գործակալություններ՝ ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, ԵԱՀԿ, զրկված են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությունից, որովհետև Ադրբեջանը արգելափակում է: Եթե չկա իրականությունն այլակերպելու ցանկություն և կանխավարկած, ապա այդ քաղաքականությունն այնքան էլ հասկանալի չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգը, գնում է Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ճանապարհով: Նա պարզաբանում ներկայացրեց, պայմանականորեն ասած, խաղաղության բանակցությունների մեկնարկի վերաբերյալ: «Ադրբեջանը ներկայացրեց իր պատկերացումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, որտեղ հինգ հիմնական կետ կա: Խոսքը վերաբերում է միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելուն, սահմանների դեմարկացիային, դելիմիտացիային, միմյանցից տարածքային պահանջների բացակայությանը: Մենք, դիտարկելով այդ առաջարկները, տեսանք, որ մեզ համար, ըստ էության, դրանցում անընդունելի ոչինչ չկա, սակայն արձանագրեցինք, որ  այդ կետերը չեն հասցեագրում հարաբերությունների ամբողջ օրակարգը: Լրացրեցինք այդ օրակարգը, որտեղ ներառվում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդիրը: Ապրիլի 6-ին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, երբ հանդիպում տեղի ունեցավ, մենք քննարկեցինք այդ հարցը Ադրբեջանի նախագահի հետ: Ասացի, որ մեզ համար իրենց առաջարկած կետերի մեջ ոչինչ անընդունելի չկա: Եթե ադրբեջանական կողմը համաձայն է երկու պատկերացումները միացնել իրար ու այդ հենքի վրա սկսել բանակցություններ, ապա մենք պատրաստ ենք դրան: Թեպետ, պետք է նշեմ, որ վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք ենք բերել Բրյուսելում:  Այսօր պիտի վերահաստատեմ իմ այն դիրքորոշումը, որ նշված սկզբունքների հիման վրա պատրաստ ենք բանակցությունների, չնայած, այն պրոցեսում,  որը պլանավորվել է, որևէ բան չի փոխվել: Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը սահմանազատման, սահմանագծման հարցում, տեղի կունենա արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Մենք շատ դաժան փորձությունների միջով ենք անցել, բայց այսօր կարող եմ ասել, որ ունեմ խորը համոզմունք, որ մենք ճիշտ ճանապարհով ենք ընթանում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:  
17:35 - 11 մայիսի, 2022