Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ
 |1lurer.am|

ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշել է, որ բեռի հիմնական հատվածը ալյուր է և այն, ինչ անհրաժեշտ է հաց թխելու համար: Ամատունին նաև հավելել է, որ երեկ կազմակերպության միջոցով 9 վիրավոր տեղափոխել է ԼՂ տեղական հիվանդանոցներ: Ռազմական գործողություններից հետո սա առաջին անգամն է, որ մեր կազմակերպությունը կարողացել է հասցնել սննդային պարագաներ տեղի բնակչությանը: Միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ մեր թիմերն աշխատում են՝ նաև որոշում կայացնողերի հետ քննարկելով տարբեր կարիքները և հնարավորությունը կրկնելու նման աջակցությունը, ինչպես նաև այլ հարցերով փորձել ենք մարդասիրական առաքելությունը իրականացնել»,- ասել է Զառա Ամատունին։
18:59 - 23 սեպտեմբերի, 2023
Ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված մարդիկ դեռ օգնության կարիք ունեն․ ԿԽՄԿ

Ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված մարդիկ դեռ օգնության կարիք ունեն․ ԿԽՄԿ

Սեպտեմբերի 22-ին մեր թիմերը տարհանել են վերջին ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված ինը քաղաքացու: Այս մասին հայտնում են ԿԽՄԿ հայաստան գրասենյակից։ Թեև սեպտեմբերի 20-ին զինադադար է հայտարարվել, ռազմական գործողությունները թողել են զգալի հետևանքներ: Համայնքները տեղահանվել են, հարազատները կորցրել են միմյանց հետ կապը, իսկ ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված մարդիկ դեռ օգնության կարիք ունեն։ Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ-ն առաջին անգամ կազմակերպեց ցորենի ալյուրի և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների բեռների միաժամանակյա փոխադրում Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով: Այդ ժամանակից ի վեր ԿԽՄԿ-ն իրականացրել է հետևյալ մարդասիրական աշխատանքը. Շաբաթվա ընթացքում` ներառյալ սեպտեմբերի 22-ին, բժշկական պարագաներ են տրամադրվել ռազմական և քաղաքացիական հիվանդանոցներին, 28 հազար մանկական տակդիր է բաժանվել, 200 տաք ծածկոց է տրամադրվել ներքին տեղահանվածների ապաստարանին, 1000 լիտր դիզելային վառելիք է նվիրաբերվել ամենամեծ բժշկական կենտրոնին` գեներատորների անխափան աշխատանքը ապահովելու համար, 500 լիտր դիզելային վառելիք է տրամադրվել Ջրային կոմիտեին` քաղաքի ջրամատակարարումը էլեկտրական գեներատորների միջոցով կազմակերպելու համար: Մեր թիմերը սկսել են նաև գրանցել այն մարդկանց, որոնք փնտրում են իրենց երեխաներին կամ կորցրել են կապը հարազատների հետ: Բնակիչները նաև դիմել են ԿԽՄԿ՝ մահացած հարազատների մարմինները տարհանելու խնդրանքով:Տարածաշրջանում հումանիտար իրավիճակը վերջին ամիսներին ծանր է եղել՝ առաջնային նշանակության սննդամթերքն ու առողջապահական ծառայությունները գրեթե անհասանելի են եղել: ԿԽՄԿ-ն նախատեսում է մեծացնել իր աջակցության ծավալները և բանակցություններ է վարում որոշում կայացնողների հետ` սննդի և հիգիենայի պարագաների մատակարարման վերաբերյալ:
12:40 - 23 սեպտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը շեշտել է 9-ամսյա շրջափակման, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ հարձակման հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերների հասցեագրման հրամայականը: Այս համատեսքտում կարևորվել է միջազգային համապատասխան կառույցների հումանիտար հասանելիության ապահովումը Լեռնային Ղարաբաղ և մասնավորապես ԿԽՄԿ անխոչընդոտ գործունեությունը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով բեռների և անձանց անխափան տեղաշարժի ապահովման միջոցով:
09:57 - 23 սեպտեմբերի, 2023
Կարմիր Խաչն Արցախի երկու հիվանդանոցներին անհրաժեշտ պարագաներ է փոխանցել․ Զառա Ամատունի |hy.armradio.am|

Կարմիր Խաչն Արցախի երկու հիվանդանոցներին անհրաժեշտ պարագաներ է փոխանցել․ Զառա Ամատունի |hy.armradio.am|

Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին «Ռադիոլուրին» փոխանցել է, որ երեկ Արցախի երկու հիվանդանոցներին բժշկական անհրաժեշտ պարագաներ են հասցրել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հանդես է եկել նաև հայտարարությամբ՝ կոչ անելով ապահովել ԿԽՄԿ կանոնավոր և անարգել հասանելիությունը բոլոր նրանց համար, ովքեր ունեն իրենց օգնության կարիքը։ Կարմիր Խաչը կոչ է անում ռազմական իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ երաշխավորելով, որ քաղաքացիական բնակչության կյանքն ու քաղաքացիական ենթակառուցվածքները հարգված ու պաշտպանված են բոլոր ժամանակներում՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի իրենց պարտավորությունների։ Զառա Ամատունին  ընդգծում է, որ վերջին ամիսներին վատթարացած իրավիճակը հանգեցրել է առաջնային նշանակության սննդամթերքի սակավությանն ու որոշակի մթերքի իսպառ բացակայությանը, առողջապահական ծառայությունների հասանելիությանը նվազել է։ Նա նաև փոխանցում է, որ անհրաժեշտ բժշկական պարագաները բուժհիմնարկներին տրամադրվել են Արցախի գրասենյակի պահեստում եղած միջոցներից, նոր խմբաքանակ Հայաստանից կամ այլ ճանապարհով Արցախ չեն հասցրել, բայց ըստ անհրաժեշտության կդիտարկեն կարիքները։ Ըստ Ամատունու՝ շատ կարևոր է կողմերի համաձայնությունը, որ կարողանան անհրաժեշտ պարագաները անվտանգ Արցախ հասցնել։ «Փորձում ենք կապը պահել, երկխոսության ընթացքում հասկանալ կարիքները։ Այս պահի դրությամբ կարողացանաք տրամադրել միայն այս փոքր աջակցությունը»,– ասում է Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
11:45 - 20 սեպտեմբերի, 2023
ԿԽՄԿ-ն կոչ է արել պաշտպանել քաղաքացիների կյանքը և քաղաքացիական ենթակառուցվածքները
 |1lurer.am|

ԿԽՄԿ-ն կոչ է արել պաշտպանել քաղաքացիների կյանքը և քաղաքացիական ենթակառուցվածքները |1lurer.am|

1lurer.am: ԿԽՄԿ-ն բոլոր ռազմական իշխանություններին կոչ է անում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու քաղաքացիների կյանքը և որ քաղաքացիական ենթակառուցվածքները հարգվեն և պաշտպանվեն՝ միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իրենց պարտավորություններին համապատասխան: «Մենք պատրաստ ենք արձագանքել բնակչության ցանկացած աճող մարդասիրական կարիքի և շարունակել մեր աշխատանքը տարածաշրջանում: Մենք կոչ ենք անում բոլոր ռազմական իշխանություններին անել առավելագույնը՝ քաղաքացիական կյանքը պաշտպանելու և տարբերակման, համաչափության և նախազգուշականության սկզբունքները հարգելու համար»,- ասել է ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիանե Բաուերը: ԿԽՄԿ-ի թիմերն այսօր բժշկական պարագաներ են տրամադրել երկու հիվանդանոցի, նախատեսվում են նաև այլ մատակարարումներ: «Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ-ն Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով կարիքավոր մարդկանց մատակարարեց ցորենի ալյուրի և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների անհրաժեշտ բեռները: Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ապահովել կանոնավոր և անարգել մուտք՝ շարունակելու հասնել առավել կարիքավորներին»,- նշված է ԿԽՄԿ հայտարարությունում: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն անհանգստացած է, որ Լեռնային Ղարաբաղում էսկալացիան ավելի կխորացնի հումանիտար իրավիճակը և խաղաղ բնակիչների տառապանքները:
22:50 - 19 սեպտեմբերի, 2023
Կարմիր խաչի միջոցով 7 բուժառու Արցախից Հայաստան է տեղափոխվել

Կարմիր խաչի միջոցով 7 բուժառու Արցախից Հայաստան է տեղափոխվել

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 7 բուժառու՝ ուղեկցողների հետ, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից։   «Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուի՝ ուղեկցողների հետ, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ՝ բուժում ստանալու համար։   «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 6-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:    «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 67 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
12:32 - 19 սեպտեմբերի, 2023
ԵՄ-ն ընդգծում է Ալիևի վարչակազմի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկի կարևորությունը
 |azatutyun.am|

ԵՄ-ն ընդգծում է Ալիևի վարչակազմի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկի կարևորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով բեռների մատակարարումները Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և կոչ արել կարգավորել այդ գործընթացը։ Եվրամիության պաշտոնյան նաև կարևորել է Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը։ «Նաև կարևոր է բանակցություններ սկսել Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև՝ իրավունքների և անվտանգության հարցով, Եվրամիությունը պատրաստ է աջակցել»,- X-ում գրել է Միշելը։ Այսօր Կարմիր Խաչի բեռնատարները միաժամանակ մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ Լաչինի և Աղդամի ճանապարհներով։ Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ Լաչինի միջանցքով Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Աղդամով՝ ռուսական, շվեյցարական արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։ Շտաբի փոխանցմամբ, մի քանի օր հետո կրկին նույն ուղղություններով Ռուսաստանի Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով:
16:58 - 18 սեպտեմբերի, 2023
ԿԽՄԿ-ն հույս է հայտնել, որ ճանապարհների բացմամբ կանոնավոր մատակարարումները կվերականգնվեն |aravot.am|

ԿԽՄԿ-ն հույս է հայտնել, որ ճանապարհների բացմամբ կանոնավոր մատակարարումները կվերականգնվեն |aravot.am|

aravot.am: Որոշումներ կայացնողների միջև մարդասիրական կոնսենսուս գտնելու ուղղությամբ շարունակական դիվանագիտական ջանքերի արդյունքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) այսօր Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ցորենի ալյուրի և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների բեռներ է տանում կարիքավոր մարդկանց: Այս մասին ասվում է ԿԽՄԿ տարածած հաղորդագրության մեջ: «Մենք չափազանց թեթևացած ենք, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր ապավինում են հումանիտար օգնությանը, վերջապես կստանան անհրաժեշտ աջակցություն առաջիկա օրերին»,- ասել է ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիանե Բաուերը:  Նրա խոսքով առողջապահական կառույցները բժշկական պարագաների պակաս ունեն․ «Մարդիկ ժամերով հերթ են կանգնում հացի համար. նրանք կարիք ունեն շուտափույթ օգնության՝ կանոնավոր մարդասիրական առաքումների միջոցով: Այս փոխհամաձայնությունը թույլ է տվել մեր թիմերին վերսկսել այս կյանքեր փրկող աշխատանքը»: Վերջին շաբաթների ընթացքում ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարել որոշում կայացնողների հետ տարբեր ուղիներով, այդ թվում՝ Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով այդ տարածք օգնություն հասցնելու տարբերակների շուրջ: Այսօրվա գործողությունը ներառում էր երկու բեռնատար, որոնք միաժամանակ ապրանքներ էին տեղափոխում ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Աղդամի ճանապարհով։ «Հուսով եմ, որ այս փոխհամաձայնությունը թույլ կտա մեր խիստ հումանիտար շարասյուններին վերսկսել [մատակարարումները] ոչ միայն այսօր, այլ հաջորդ շաբաթներին, որպեսզի մենք կարողանանք կանոնավոր օգնություն հասցնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասել է Բաուերը՝ հավելելով, որ իրենց նպատակն է հասնել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն՝ համաձայն չեզոքության, անկողմնակալության և անկախության մեր հիմնարար սկզբունքներին:
11:35 - 18 սեպտեմբերի, 2023
Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռներ կտեղափոխվեն. Արցախի իշխանության որոշումը

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռներ կտեղափոխվեն. Արցախի իշխանության որոշումը

Արցախի իշխանությունները որոշում են կայացրել թույլ տալու Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ Շեշտվում է, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։ «Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը»,- նշված է հաղորդագրության մեջ։
15:26 - 17 սեպտեմբերի, 2023