Լեհաստան

Լեհաստան, պաշտոնական անվանումը՝ Rzeczpospolita Polska (Ժեչպոսպոլիտա Պոլսկա), պետություն է Կենտրոնական Եվրոպայում։

Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս-արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։

Մայրաքաղաքն է Վարշավան, իսկ մյուս մեծ քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը։

Հայաստանն ու Լեհաստանը քննարկում են առևտրաշրջանառությունն ընդլայնելու հնարավորությունները

Հայաստանն ու Լեհաստանը քննարկում են առևտրաշրջանառությունն ընդլայնելու հնարավորությունները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում հանդիպել են նաև Լեհաստանի փոխվարչապետ, գյուղատնտեսության զարգացման նախարար Հենրիկ Կովալչիկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:    Երկուստեք կարևորվել են հայ-լեհական հարաբերությունները՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում առկա զարգացման մեծ ներուժն ու հեռանկարները:   Այս համատեքստում առանձնացվել են ՀՀ-ում լեհական ներդրումների ակտիվացման, Հայաստանի և Լեհաստանի առևտրաշրջանառության՝ մասնավորապես գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալների աճի հնարավորությունը:   Անդրադարձ է կատարվել առաջիկայում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կարևորությանը։
15:37 - 24 հունվարի, 2023
Գերմանիան Լեհաստանին չի խոչընդոտի Կիևին գերմանական տանկեր մատակարարելու հարցում |armenpress.am|

Գերմանիան Լեհաստանին չի խոչընդոտի Կիևին գերմանական տանկեր մատակարարելու հարցում |armenpress.am|

armenpress.am: Եթե Լեհաստանը դիմի գերմանական Leopard-2 տանկեր Ուկրաինային մատակարարելու թույլտվության համար, ապա կստանա այն, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից: «Նման հարցում չի ստացվել: Եթե լիներ, մենք որևէ խոչընդոտ չէինք հարուցի»,- ասել է Բերբոքը ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում: Գերմանական օրենսդրության համաձայն՝ այն երկրները, որոնց սպառազինության մեջ գերմանական արտադրության զենք կա, իրավունք չունեն դրանք վերաարտահանել մարտական գործողությունների գոտի՝ առանց Գերմանիայի կառավարության համաձայնության։ Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել էր, որ Վարշավան պարզապես կարող է անտեսել գերմանական արտադրության տանկերի վերաարտահանման վերաբերյալ գերմանական ցանկացած սահմանափակում։ «Համաձայնությունը երկրորդական հարց է: Կա՛մ մենք կստանանք այդ համաձայնությունը, կա՛մ մենք ինքներս կանենք այն, ինչ պետք է արվի», - ասել է Մորավիեցկին: Միևնույն ժամանակ, Գերմանիայի պաշտպանության նոր նախարար Բորիս Պիստորիուսն անցյալ շաբաթ հայտարարել էր, թե չի կարելի բացառել, որ Գերմանիան ինքը կմատակարարի Leopard տանկեր կամ դրանք Ուկրաինա վերաարտահանելու թույլտվություն կտա այն երկրներին, որոնք զինված են այդ տանկերով։ Սակայն, ինչպես հաղորդվում է, Բեռլինը դեռ որոշում չի ընդունել տանկերի մատակարարման շուրջ և դրանք վերաարտահանելու թույլտվություն չի տվել։ ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Գերմանիան պատրաստ է գնալ այդ քայլին այն պայմանով, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրի իր M1 Abrams տանկերը։
12:32 - 23 հունվարի, 2023
Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները

Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:  Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:  Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումն ու առկա հումանիտար բնույթի խնդիրների հասցեագրումը հայկական կողմի համար հանդիսանում են առաջնահերթություններ: Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունը Հայաստանում՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի լարվածության նվազմանն ու կայունության հաստատմանը:   Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության հասնելու վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։
15:14 - 02 դեկտեմբերի, 2022
Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի հետ

Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի հետ

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լեհական Լոձ քաղաքում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լոյի հետ:Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մտքեր փոխանակել միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության շուրջ:Զրուցակցիների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր:Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները` ընդգծելով Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողությունների ու ՀՀ ինքնիշխան տարածնքերի նկատմամբ իրականացվող ագրեսիաների անընդունելիությունը: Հայկական կողմն շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման և հումանիտար խնդիրների հասցեագրման հրամայականը: Երկուստեք կարևորվել է հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման անհրաժեշտությունը։
16:40 - 01 դեկտեմբերի, 2022
Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի վարչապետները հաստատել են Կիևին ռազմական և ֆինանսական օգնության ավելացման անհրաժեշտությունը |1lurer.am|

Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի վարչապետները հաստատել են Կիևին ռազմական և ֆինանսական օգնության ավելացման անհրաժեշտությունը |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի վարչապետներ Դենիս Շմիհալը, Մատեուշ Մորավեցկին և Ինգրիդա Շիմոնիտեն Կիևում հայտարարություն են ստորագրել, հաստատել Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնության ավելացման, ինչպես նաև ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի քննարկումն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը։ Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ընդգծվել է «Լյուբլինի եռանկյունու» (Ուկրաինա, Լեհաստան և Լիտվա) նշանակալի դերը Կիևին միջազգային աջակցության համախմբման գործում: Հայտարարության մեջ ասվում է, որ Լիտվան և Լեհաստանը հաստատել են հետագա մասնակցությունն Ուկրաինայի վերականգնմանը և պատրաստակամություն են հայտնել գործընկերների հետ բարձրացնել երկրին ռազմական տեխնիկայով ապահովելու հարցը: Ճեպազրույցի ժամանակ Լիտվայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ հատվածին 2 մլն եվրո հատկացնելու մտադրության մասին: Կիև է ժամանել նաև Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոն: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ սկսում է նրա հետ բանակցությունները: Հունգարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զելենսկու հրավերով Կիև է ժամանել նաև Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը:
17:28 - 26 նոյեմբերի, 2022
ՀԱՊԿ ԱԳ նախարարները անհամաձայնություն են հայտնել ԵԱՀԿ նախագահության որոշմանը, որով նախարարների նիստին ՌԴ ԱԳ նախարարի պատվիրակության մասնակցությունը անհնարին է դարձել

ՀԱՊԿ ԱԳ նախարարները անհամաձայնություն են հայտնել ԵԱՀԿ նախագահության որոշմանը, որով նախարարների նիստին ՌԴ ԱԳ նախարարի պատվիրակության մասնակցությունը անհնարին է դարձել

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով իրենց անհամաձայնությունն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահության որոշմանը, որը անհնարին է դարձրել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի պատվիրակության մասնակցությունը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 29-րդ նիստին։ «Մենք՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներս, դրսևորելով համերաշխություն, մեր անհամաձայնությունն ենք հայտնում ԵԱՀԿ գործող նախագահության աննախադեպ որոշմանը, որն անհնարին դարձրեց Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակության մասնակցությունը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 29-րդ նիստին։  Մենք նշում ենք, որ նման գործողությունները խախտում են ԵԱՀԿ նորմերը, ընթացակարգը և նրա որոշումներ կայացնող մարմինների որոշումները, մասնավորապես՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ Պորտոյի որոշումը (2002 թ.) գործող նախագահության դերի վերաբերյալ, ըստ որի՝ նա պարտավոր է թույլ չտալ, որ իր գործողությունները չհամապատասխանեն բոլոր մասնակից պետությունների կողմից համաձայնեցված դիրքորոշումներին, և ապահովել, որ հաշվի առնվի մասնակից պետությունների տեսակետների ողջ շրջանակը։ Հայտարարում ենք, որ, ոտնահարելով ռուսական պատվիրակության իրավունքները, Լեհաստանի նախագահությունը չի կատարել իր պարտավորությունները ԵԱՀԿ-ի հանդեպ, որը ներկայումս անվտանգության և համագործակցության առավել ներկայացուցչական համաեվրոպական կազմակերպությունն է։ Ընդունող երկրի ազգային օրենսդրության դրույթները և տարբեր ինտեգրացիոն միավորումների կանոնակարգերը ԵԱՀԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններից վեր դասելը կազմակերպության ոգուն անհամապատասխան ենք համարում։ Գործող նախագահության նման քայլերը վնասում են ԵԱՀԿ գործունեությանը։ Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում ԵԱՀԿ գործող նախագահության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու հրավեր չուղարկելու որոշմանը, որով խախտվել է երկարամյա պրակտիկան։ Մենք ԵԱՀԿ գործող նախագահությանը կոչ ենք անում ապահովել ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունների՝ առանց բացառության, հավասար և ներառական ներկայացվածությունը, ինչպես նաև կոչ ենք անում ԵԱՀԿ ինստիտուտներում և կառույցներում ապագա նախագահություններին՝ կառուցողականորեն մոտենալ իրենց դերին, ապահովել իրենց մանդատների և կազմակերպության բոլոր անդամների մասնակցության պրակտիկան՝ ԵԱՀԿ բոլոր պետությունների երկխոսության և համագործակցության հասնելու համար»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։  Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը հայտարարել էր, որ ռուսական կողմին հրավեր է ուղարկել դեկտեմբերի 1-2-ը Լեհաստանի Լոձ քաղաքում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին, քանի որ դրանք ուղարկվել են ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների պատվիրակություններին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Լեհաստանի ԱԳՆ-ն մերժել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության մուտքը Լեհաստանի հանրապետություն։ ՌԴ ԱԳՆ-ից այս որոշումն անվանել են աննախադեպ ու սադրիչ։ ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորի ԵԱՀԿ-ում մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։  
17:42 - 25 նոյեմբերի, 2022
ՌԴ ԱԳՆ-ն աննախադեպ և սադրիչ է անվանել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդին Լավրովի մասնակցությունը մերժելու Լեհաստանի որոշումը |news.am|

ՌԴ ԱԳՆ-ն աննախադեպ և սադրիչ է անվանել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդին Լավրովի մասնակցությունը մերժելու Լեհաստանի որոշումը |news.am|

news.am: Դեկտեմբերի 1-2-ը Լոձ քաղաքում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդին Լավրովի մասնակցությունը մերժելու Լեհաստանի որոշումն աննախադեպ և սադրիչ է։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։ «Դա անհամատեղելի է մի կազմակերպության նախագահի կարգավիճակի հետ, որին որպես ինքնիշխան և անկախ պետություններ մասնակցում են 57 երկրներ՝ լիակատար հավասարության պայմաններում։ Խախտվել են ԵԱՀԿ-ի կանոնակարգերը և նրա դիրեկտիվ մարմինների որոշումները, մասնավորապես՝ Պորտուում ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշումը (2002 թ.) գործող նախագահության աշխատանքի սկզբունքների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ նոյեմբերի 18-ին նման գործողությունների անթույլատրելիության մասին հարցում է ուղարկվել ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին։ «Համոզված ենք, որ բոլոր ողջամիտ քաղաքական գործիչները կիսում են ռուսական կողմի դիրքորոշումը նման գործողությունների անթույլատրելիության վերաբերյալ և դրանց սկզբունքային գնահատական կտան»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։ ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորի ԵԱՀԿ-ում մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը հայտարարել էր, որ ռուսական կողմին հրավեր է ուղարկել դեկտեմբերի 1-2-ը Լեհաստանի Լոձ քաղաքում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին, քանի որ դրանք ուղարկվել են ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների պատվիրակություններին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Լեհաստանի ԱԳՆ-ն մերժել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության մուտքը Լեհաստանի հանրապետություն։
19:17 - 19 նոյեմբերի, 2022
Լեհաստանի նախագահը հավանական է համարել, որ երկրի տարածք Ուկրաինայի ՀՕՊ-ն է հրթիռ արձակել

Լեհաստանի նախագահը հավանական է համարել, որ երկրի տարածք Ուկրաինայի ՀՕՊ-ն է հրթիռ արձակել

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները արտահերթ բանակցություններ են անցկացրել չորեքշաբթի օրը՝ քննարկելու Լեհաստան ընկած հրթիռի թեման։ Այս մասին գրում է Reuters-ը։ «Մեր և մեր դաշնակիցների ունեցած տեղեկության համաձայն՝ դա Սովետական Միությունում ստեղծված C-300 հրթիռ էր, հին հրթիռ էր, և որևէ վկայություն չկա, որ այն ուղարկվել է ռուսական կողմից»,- այս մասին ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ հավելելով, որ «շատ մեծ է հավանականությունը, որ այն արձակել է Ուկրաինայի ՀՕՊ-ը»։ Նշենք, որ հին C-300 հրթիռներ օգտագործել էին և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան։ Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի ղեկավարը ասել է, որ ոչ թե Ուկրաինան, այլ ՌԴ-ն է շարունակում մեղավոր մնալ պատերազմ սկսելով փետրվարյան ներխուժումով և երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 15-ին, մեծաքանակ հրթիռների արձակումով, ինչն էլ հանգեցրել է Ուկրաինայի պաշտպանությանը։ «Սա Ուկրաինայի մեղքը չէ։ Ռուսաստանն է կրում հիմնական պատասխանատվությունը՝ շարունակելով իր ապօրինի պատերազմը Ուկրաինայի դեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Յենս Ստոլտենբերգը։ Ստոլտենբերգը նաև նշել է, որ հավանական  է, որ հրթիռը պատկանած լինի Ուկրաինայի օդուժին։
11:13 - 17 նոյեմբերի, 2022
Ուկրաինան և Լեհաստանը փորձել են ուղղակի բախում հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
 |tert.am|

Ուկրաինան և Լեհաստանը փորձել են ուղղակի բախում հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Ուկրաինան և Լեհաստանը, օգտագործելով սահմանին հրթիռների անկման հետ կապված իրավիճակը, փորձել են ուղղակի բախում հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Եթե հանդիպումը նախատեսված չլիներ, ապա այն պետք է հրավիրվեր՝ քննարկելու Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախում հրահրելու Ուկրաինայի և Լեհաստանի փորձերը: Այս երկու պետությունների ղեկավարության կողմից արված բացարձակ անպատասխանատու հայտարարությունները չեն կարող այլ կերպ ընկալվել», - ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:Նեբենզյան ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեղադրելով Ռուսաստանին, չի կարող չիմանալ, որ Ուկրաինայի կողմից արձակված հրթիռները հարվածել են Լեհաստանի տարածքին։«Դա նշանակում է, որ սա ոչ միայն կանխամտածված ապատեղեկատվություն է, այլ նաև գիտակցված փորձ՝ Ուկրաինայում Ռուսաստանի հետ պրոքսի պատերազմ մղող ՆԱՏՕ-ին մեր երկրի հետ անմիջական բախման մեջ ներքաշելու»,- հավելել է մշտական ներկայացուցիչը։  Հիշեցնենք, որ Լեհաստանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ հրթիռները, որոնք ընկել են երկրի տարածք ու երկու մարդու մահվան պատճառ դարձել, ռուսական արտադրության են։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ, ըստ հրթիռի հետագծի, «քիչ հավանական է, որ այն Ռուսաստանից արձակված լինի», սակայն դեռ պետք է քննել։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուս մասնագետներրը ուսումնասիրել են լեհական կողմի հրապարակած լուսանկարները և նույնականացրել են, որ բեկորները Ուկրաինայի օդուժին պատկանող С-300 զենիթային կառավարվող հրթիռի տարրեր են։  Associated Press լրատվական գործակալությունը նախ հղում էր արել ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի՝ գրելով, որ ռուսական հրթիռներն են պայթել Լեհաստանում։ Ավելի ուշ գործակալությունը մեջբերել է այլ ամերիկացի պաշտոնյաներին, որոնք ասում էին, թե նախնական բացահայտումներն այժմ փաստում են, որ պայթյունն առաջացել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռներից:
10:50 - 17 նոյեմբերի, 2022
ՆԱՏՕ-ն նիստ կգումարի լեհ-ուկրաինական սահմանի մոտ հրթիռներ ընկնելու կապակցությամբ

ՆԱՏՕ-ն նիստ կգումարի լեհ-ուկրաինական սահմանի մոտ հրթիռներ ընկնելու կապակցությամբ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կգլխավորի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը։ Այս մասին նշված է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում։Նիստին անդրադարձ է կատարվելու նախօրեին Արևելյան Լեհաստանում՝ Ուկրաինայի հետ սահմանին մոտ տեղի ունեցած պայթյունին: Հիշեցնենք, որ Լեհաստանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ հրթիռները, որոնք ընկել են երկրի տարածք ու երկու մարդու մահվան պատճառ դարձել, ռուսական արտադրության են։ Այնուամենայնիվ, դեռևս ոչ մի կողմից չկա փաստահեն հայտարարություն, թե ով է արձակել Լեհաստան ընկած հրթիռները։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ, ըստ հրթիռի հետագծի, «քիչ հավանական է, որ այն Ռուսաստանից արձակված լինի», սակայն դեռ պետք է քննել։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուս մասնագետներրը ուսումնասիրել են լեհական կողմի հրապարակած լուսանկարները և նույնականացրել են, որ բեկորները Ուկրաինայի օդուժին պատկանող С-300 զենիթային կառավարվող հրթիռի տարրեր են։ Ա Associated Press լրատվական գործակալությունը նախ հղում էր արել ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի՝ գրելով, որ ռուսական հրթիռներն են պայթել Լեհաստանում։ Ավելի ուշ գործակալությունը մեջբերել է այլ ամերիկացի պաշտոնյաներին, որոնք ասում էին, թե նախնական բացահայտումներն այժմ փաստում են, որ պայթյունն առաջացել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռներից:  
14:22 - 16 նոյեմբերի, 2022