Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հայաստանում քրեական հետապնդում է հարուցվել՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ |pastinfo.am|

Հայաստանում քրեական հետապնդում է հարուցվել՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ |pastinfo.am|

pastinfo.am: Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ Այսպես, «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել՝ պարզելու, թե 2020թ․ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ հրահրված պատերազմի վերաբերյալ քրեական վարույթների շրջանակներում Ադրբեջանի քաղաքացիների, այդ թվում՝ Ադրբեջանի ռազաքաղաքական ղեկավարության քանի ներկայացուցչի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել, արդյո՞ք հետախուզում հայտարարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի, ԳՇ պետ Քերիմ Վելիևի նկատմամբ՝ պատերազմական հանցավորությունների համար, գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց, զինվորականների սպանությունների, խոշտանգումների քանի դեպք է արձանագրվել և արդյո՞ք այդ դրվագներով ևս որևէ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվել է։ «ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ-ում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիկան բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․ խմբագրության հեղ․ ) 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (ահաբեկչության), 217․1 -րդ հոդվածի 2-րդ մասի (ահաբեկչության ֆինանսավորման), 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով), 384-րդ հոդվածի 2-րդ մասի (ագրեսիվ պատերազմ սանձազերծելը), 389-րդ հոդվածի (Միջազգային ահաբեկչությունը), 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի (Զինված ընդհարումների ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող կամ պաշտպանության միջոցներից զրկված անձանց, վիրավորների, հիվանդների, բժշկական կամ հոգևոր անձնակազմի, սանիտարական զորամասերի կամ սանիտարական տրանսպորտային միջոցների, ռազմագերիների, քաղաքացիական անձանց, քաղաքացիական բնակչության, փախստականների, հովանավորվող անձանց կամ ռազմական գործողությունների ժամանակ պաշտպանությունից օգտվող այլ անձանց սպանության և խոշտամգման), 390-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի (վերոնշյալ անձանց առողջությանը վնաս պատճառելը և գույքն անօրինական, կամայական, մեծ չափերով ոչնչացնելը կամ յուրացնելը), 390-րդ հոդվածի 3-րդ մասի (քաղաքացիական բնակչության կամ առանձին քաղաքացիական անձանց վրա հարձակումը), 395-րդ հոդվածի 1-ին մասի (վարձկանների հավաքագրումը) 397,1-րդ հոդվածի 1-ին մասի (Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը) հատկանիշներով հարուցված թիվ 69108320 քրեական վարույթի նախաքննությունը»,-«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ից՝ նշելով, որ նշված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈՒ շուրջ 20 ներկայացուցիչների, այդ թվում՝ «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովի նկատմամբ։   
09:33 - 07 նոյեմբերի, 2023
Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը մեղադրանքը չի ընդունում․ հրապարակվեց 18 զինծառայողի զոհվելու գործով մեղադրական եզրակացությունը

Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը մեղադրանքը չի ընդունում․ հրապարակվեց 18 զինծառայողի զոհվելու գործով մեղադրական եզրակացությունը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Իշխանաձոր գյուղի տարածքում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու հանգամանքների վերաբերյալ քրեական գործի քննությունը։ 2020 թ․–ին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, այժմ՝ ՊՆ N զորամասի շտաբի պետ,  փոխգնդապետ  Անդրանիկ Վերանյանը մեղադրվում է  ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Այս քրեական գործը դատարանում է 2021 թ․–ի հունիսից։ Այն նախ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ապա՝ տեղափոխվել Երեւան եւ մակարգվել Երեւանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին։ Վերջինիս նախագահությամբ շուրջ 2 տարվա դատական քննությունը ավարտական փուլում էր, երբ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին։ Այժմ Սուրեն Խաչատրյանը 4-րդ դատավորն է, ում մակագրվել է այս գործը։ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ դատավորի փոխարինումից հետո դատական վարույթը վերսկսվում է, որպեսզի նոր դատավորը անմիջականորեն հետազոտի բոլոր ապացույցներն ու նյութերը։ Այնուհանդերձ, դատական պրակտիկայում պատահել են նաեւ դեպքեր, երբ արդարադատության շահով պայմանավորված՝ գործի քննությունը շարունակվել է ընդհատված տեղից՝ այն ողջամիտ ժամկետներում ավարտելու համար։ Տուժող կողմը միջնորդեց գործի քննությունը շարունակել ընդհատված կետից Նիստի սկզբում զոհված զինծառայող Արման Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը, դատարանին միջնորդեց գործի քննությունը ոչ թե սկսել սկզբից, այլ շարունակել ընդհատված տեղից․ «Ես բոլոր ծնողների անունից եմ միջնորդում, անցած դատերը ձայնագրվել են, խնդրում ենք, որ դատարանը ուսումնասիրի, եւ եթե հնարավոր է, շարունակի դատական նիստերը ընդհատված տեղից, որովհետեւ մենք հասել ենք էն փուլին, որ դատավորը գրեթե բոլոր վկաներին լսել էր․․․ Եթե հնարավոր է, շարունակենք, քանի որ 2 տարի է՝ սրա միջով անընդհատ անցնում ենք»,– ասաց տուժողի իրավահաջորդը։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը նշեց՝ հաշվի առնելով տուժող կողմի դիրքորոշումը եւ գործի ողջամիտ ժամկետում քննության սկզբունքը՝ միանում է միջնորդությանը։ Նրա խոսքով՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ դատակոչի ցուցակում ներառված բոլոր վկաներին, որոշներին նույնիսկ 2-3 անգամ հարցաքննել են, հետազոտել մի շարք փաստաթղթեր։ Պաշտպան Նորիկ Նորիկյանը Ամբաստանյալ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նորիկ Նորիկյանն էլ ասաց, որ մեծ ուրախությամբ կկիսեին տուժողների դիրքորոշումը, սակայն այդպիսով կվտագեն արդարադատության բուն էությունը, քանի որ օրենսդրությունը նման հնարավորություն չի տալիս․ «Մենք,  իսկապես, միասին անցել ենք այս ճանապարհը, եւ ամեն անգամ ես ինքս տեսել եմ տուժողների ցավը, ողբերգությունը, ուղղակի այստեղ կվտանգենք արդարադատության բուն էությունը, որովհետեւ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը մեզ հնարավորություն չի տալիս․․․ Մի կողմից ունենք 18 երեխայի ողբերգական մահ, մյուս կողմից՝ Վերանյանի ճակատագրի հետ կապված խնդիր․․․ Ես պարզապես խնդրում եմ, որ փորձենք հնարավորինս արագ անել այս պրոցեսը»,– ասաց պաշտպանը։ Մեղադրողն արձագանքեց՝ Քրեական դատավարության նոր օրենսգրքում, այո, առկա է գործի քննությունը «սկսվում է նորից» ձեւակերպումը, սակայն հաշվի առնելով, որ այս քրեական գործը դատարան է ուղարկել նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց առաջ՝ այն պետք է քննվի համաձայն Քրեական դատավարության հին օրենսգրքի, որում նշված է «վերսկսվում է» ձեւակերպումը։ Դա, ըստ մեղադրողի, նշանակում է, որ օրենքն իրենց չի արգելում շարունակել քննությունը ընդհատված տեղից։  Դատավոր Սուրեն Խաչատրյանը Լսելով կողմերին՝ դատավոր Սուրեն Խաչատրյանն ասաց, որ ամբողջությամբ ընկալելի է տուժող կողմի՝ գործի քննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու ակնկալիքը, սակայն դատարանը կայացրել է գործի քննությունը վերսկսելու որոշում, ինչը ենթադրում է, որ այն պետք է սկսվի սկզբից։ Ըստ դատավորի՝ որքան էլ ինքը կասկածի տակ չդնի այլ դատարաններում գործի քննության որակը, միեւնույն է, առանց անմիջական հետազոտման եւ այլ դատարաններում հետազոտված ապացույցների հիման վրա կայացված դատավճիռը չի կարող արդարացիության համոզմունք առաջացնել։ Ուստի դատարանը մերժեց միջնորդությունը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ միջոցներ կձեռնարկվեն գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու համար։ Հրապարակվեց Անդրանիկ Վերանյանի մեղադրական եզրակակցությունը Հաջորդիվ հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Ըստ այդմ, պարզ դարձավ, որ Վերանյանը 2020 հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացել է զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորական վաշտի (այսուհետ՝ ԻՍՎ) անձնակազմի ժամանակավոր տեղակայման վայրից՝ Արցախի Արծվաշեն գյուղից Ջաբրայիլի տարածք տեղափոխելու հրաման, նույն հրամանի համաձայն՝ պատասխանատու եղել ենթակարգից որեւէ մեկի դուրս չմնալու եւ հետ չընկնելու համար։ Իշխանաձոր գյուղի տարածքում նկատելով, որ ԻՍՎ-ի անձնակազմին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում՝ Վերանյանն իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին եւ հարցրել, թե ինչու անձնակազմը չի տեղաշարժվում։ Վերջինս պատասխանել է՝ պատճառն այն է, որ օդում լսվում է անօդաչու թռչող սարքի (այսուհետ՝ ԱԹՍ) ձայն։ Ըստ մեղադրանքի՝ Վերանյանը, անձամբ լսելով ԱԹՍ–ի ձայնը, տրված հրամանը ժամանակին կատարելու, ինչպես նաեւ ոչ մեկին ենթակարգից դուրս չթողնելու, իր առջեւ դրված խնդիրը կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Տարոն Նիկողոսյանին հրամայել է ԱԹՍ–ից պատսպարված անձնակազմին ամեն դեպքում նստեցնել մեքենա եւ շարունակել երթը։ Վաշտի հրամանատարը կատարել է հրամանը։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը 10-15 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից դրանում գտնվող 18 զինծառայողները զոհվել են։ Նրանք են կապիտան Տարոն Նիկողոսյանը, ավագ լեյտենանտ Ասատուր Շահնազարյանը, պայմանագրային սերժանտ Հայկ Մկրտչյանը, կրտսեր սերժանտ Էդգար Հայրապետյանը, շարքայիններ Արման Օհանյանը, Հրաչ Մահտեսյանը, Պավել Սահակյանը, Մանվել Ըռքոյանը, Արթուր Խաչատրյանը, Գեւորգ Ղուղանյանը, Արթուր Տիգրանյսն, Փայլակ Ղազարյանը, Արեն Կիրակոսյան, Արծրուն Առաքելյան, Սլավիկ Ազարյանը, Արման Հովակիմյանը, Արտաշես Խալաթյանը, Զավեն Հակոբյանը, զոհվել են։ Զինծառայողներից 1-ը՝ Արմեն Հակոբյանը, ստացել է մարմնական վնասվածքներ։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ԻՍՎ ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ հիշյալ տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանը։  Ըստ մեղադրանքի՝ ավտոմեքենայի եւ դրանում եղած զենքերի այրման եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետեւանքով պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս: Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո Անդրանիկ Վերանյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Դատարանը սկսեց ապացույցների հետազոտումը Լսելով կողմերի կարծիքները՝ դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հետեւյալ հաջորդականությունը․ նախ կուսումնասիրվեն գործում առկա գրավոր ապացույցները, այնուհետեւ կհարցաքննվեն տուժողները, նրանցից հետո՝ վկաները, եւ վերջում՝ ամբաստանյալը, եթե ցանկանա։ Քրեական գործի 6 հատորից 3-ի գրավոր ապացույցներն այսօր հետազոտվեցին։ Ի թիվս մի շարք որոշումների ու արձանագրությունների, դրանց թվում էր պաշտպանի կողմից ներկայացված մի քաղվածք՝ Մարտական կանոնադրությունից։ Դրանում մեջբերված էր Կանոնադրության հետեւյալ նորմը․ «Շարասյան վրա հակառակորդի օդուժի հարձակվելու դեպքում, որպես կանոն, երթը շարունակվում է»։ Մեղադրող Հայկ Մարգարյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այս նորմին․ «Հստակ գրված է՝ երթը որպես կանոն է շարունակվում։ Հայերենի եթե ոչ տարրական, ապա որոշակի իմացության պայմաններում բառերը պետք է մեկնաբանել այնպես, որ միանշանակ երթը շարունակելու մասին ուղիղ նշում չլինի, այսինքն՝ «որպես կանոն»–ը ենթադրում է որոշակի դեպքերում երթը չշարունակելու հնարավորություն»,– ասաց նա։ Պաշտպան Նորիկ Նորիկյանը հայտնեց, որ այս հարցը նախորդ դատարանում հանգամանալից վերլուծվել է, իրենք դրան կանդրադառնան դատաքննության հետագա փուլում։ Ավելի ուշ դատարանը հրապարակեց ՊՆ N զորամասի հրամանատարից քննիչին ուղարկված մի գրություն, որում դարձյալ մեջբերված էր Կանոնադրության հիշյալ նորմը, սակայն արդեն առանց «որպես կանոն» կապակցության։ Մեղադրողն ընդգծեց՝ գրությունը ուղիղ չի ցիտում Կանոնադրությունը։ Պատասխանելով քննիչի մի շարք հարցերի՝ նույն գրությամբ զորամասի հրամանատարը հայտնել է նաեւ, որ հոկտեմբերի 9–ի երթ կատարելու հրամանը տրվել է բանավոր՝ ժամանակի սղության եւ մարտական գործողությունների դինամիկայի արագ փոփոխության պատճառով։ Երթը կատարվել է հակառակորդի հետ մարտի մեջ մտնելու կանխատեսմամբ եւ մարտական իրադրության տվյալ պահին ու ժամանակին նշված տեղամասում պաշտպանության անցնելու համար։ Ըստ զորամասի հրամանատարի՝ երթի կատարման համար պատասխանատուն գնդի հրամանատարն է, որի կողմից կատարվել են պատսպարման գործողություններ, տեսանելիության սահմաններում իրականացվել է օդային դիտարկում, շարասյան շարժման ուղղության քողարկման եւ  հնարավոր  հարվածների ազդեցության նվազեցման համար մեծացվել է ստորաբաժանումների եւ մեքենաների միջեւ հեռավորությունը եւ այլն։ Ստացված գրության մեջ նշված էր նաեւ, որ հակառակորդի կողմից ԱԹՍ–ներ կիրառվել են ինչպես առաջնագծում, այնպես էլ խորքում։ Հիմանականում կիրառվել են իսրայելական եւ թուրքական արտադրության հետախուզական, հարվածային եւ հետախուզահարվածային ԱԹՍ–ներ։ Տվյալ օրը Իշխանաձորի երկնքում ԱԹՍ–ի հավանական կիրառման զեկույց տրվել է ԻՍՎ–ի մեքենայի խոցվելուց հետո։ Հարված հասցրած միջոցի վերաբերյալ կոնկրետ տվյալներ չկան, այն կարող է լինել ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզահարվածային։ «Տեղի ունեցածի առնչությամբ տվյալ պահին ծառայողական քննություն չի իրականացվել մարտական ակտիվ գործողությունների պառճառով, իսկ հետագայում դա դարձել է անհնար, քանի որ տվյալ տարածքը եւ մեքենան  մնացել են հակառակորդի հսկողության տակ»,– ընթերցեց դատավորը։ Հետազոտված ապացույցներում նաեւ պաշտպանական կողմի միջնորդությունն էր՝ ռազմագիտական, պայթյունատեխնիկական եւ հրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ։ Դեռ նախաքննության փուլում այդ փորձաքննությամբ պաշտպանն ակնկալում էր ստանալ մի շարք հարցերի պատասխաններ․  տվյալ իրադրության պայմաններում ո՞ր իրավական ակտի վրա կոնկրետ ի՞նչ այլ հրաման պետք է տար Անդրանիկ Վերանյանը, նրա տված հրամանը հակասո՞ւմ է արդյոք Մարտական կանոնադրության նորմերին, հրաման տալու պահին արդյո՞ք զինծառայողները չեն գտնվել առավել վտանգավոր տեղանքում, եւ արդյո՞ք Վերանյանի գործողությունները միտված չեն եղել նրանց անվտանգությունը ապահովելուն։  Միաժամանակ պաշտպանը հետաքրքրվել է՝ թշնամու կողմից ՀՀ ԶՈՒ վերահսկողության ներքո գտնվող տարածքներ ուղարկվող ԱԹՍ–ները գտնվե՞լ են համապատասխան ստորաբաժանումների տեսադաշտում, արդյոք դրանք կարո՞ղ էին ոչնչացվել, եթե այո, ապա կոնկրետ ո՞ր ստորաբաժանման պարտականությունն է եղել դա, հրաման տալու պահին որքա՞ն է եղել ԱԹՍ–ի ձայնի լսելիությունը, եթե անգամ լսելի է եղել, անձնակազմը պե՞տք է ցրված լիներ շրջակայքում թե՞ ոչ, ինչպե՞ս պետք է բացազատված լիներ։ Մի շարք հարցեր էլ կապված էին մեքենայի թափքում բենզինի հավանական առկայության հետ։ Ապացույցի հրապարակումից հետո պաշտպան Նորիկ Նորիկյանն ասաց, որ այս հարցերի գերակշիռ մեծամասնության պատասխանները քրեական գործի նյութերում բացակայում են, եւ իրենք ակնկալում են, որ դատարանում կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները դրանք ստանալու համար։ Դատարանը հրապարակեց նաեւ Անդրանիկ Վերանյանի անձը բնութագրող փաստաթղթերը, որոնց թվում էին «Անբասիր ծառայության համար» երկրորդ եւ առաջին աստիճանի մեդալների, «Ծովակալ Իսակով» մեդալի, «Գարեգին Նժդեհ» մեդալի, «Մարտական ծառայության» մեդալի, «Զինված ուժեր 20 տարի հոբելյանական» մեդալի, «Վազգեն Սարգսյան» մեդալի, «Մայրական երախտագիտության» հուշամեդալի, «Հայրենիքի պաշտպանության համար ասպետաց Մեծն Տիգրան» մեդալի վկայականների պատճենները։ Վերանյանը ծնվել է 1982 թ․ հունվարի 18–ին, միայն ՀՀ քաղաքացի է, ստացել է բարձրագույն զինվորական կրթություն, ամուսնացած է, խնամքին ունի երկու անչափահաս երեխա, նախկինում դատված չի եղել։ Ապացույցների հետազումը կշարունակվի նոյեմբերի 17-ին։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան  
22:01 - 03 նոյեմբերի, 2023
«Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ». պատերազմում զոհված Վահագնին ընտանիքը երկու անգամ է հուղարկավորել

«Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ». պատերազմում զոհված Վահագնին ընտանիքը երկու անգամ է հուղարկավորել

44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանին ծնողները երկու անգամ են հուղարկավորել։ Նրա մի մասունքը ընտանիքին է հասել հայտնաբերվելուց ամիսներ, իսկ մարմինը՝ տարիներ հետո։  Խաչատրյանի մասունքը հայտնաբերվել է 2021 թ․ հունվարի 15-ի որոնողական աշխատանքների ժամանակ, ընտանիքին փոխանցվել՝ միայն 5 ամիս անց՝ նույն տարվա հունիսին, իսկ մարմինը, որն Ադրբեջանը հայկական կողմին էր վերադարձրել ավելի վաղ՝ դեռ 2020 թ․ նոյեմբերի 23-ին, ընտանիքը ստացել է 2․5 տարի անց՝ այս տարվա մայիսին միայն: Խաչատրյանի մայրը՝ Ալինա Գրիգորյանը, տեղի ունեցածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնվել է քրեական վարույթ պաշտոնեական անփութության հատկանիշներով։  Վահագն Խաչատրյանը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի այն զինծառայողներից է, որոնց, չնայած նորակոչիկ լինելուն, 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ուղարկել են Հադրութին հարակից Խուռհատ սար՝ մարտական առաջադրանքի։ Մեկ այլ քրեական վարույթ էլ՝ կապված այդ առաջադրանքի հետ, այժմ քննվում է դատարանում։ Ըստ մեղադրանքի՝ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը, դրսեւորելով իշխանության անգործություն, իր թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միակ միջոցը։ Դրանից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով անձնակազմը կիսվել է․ որոշները այլ սպաների հետ կարողացել են դուրս գալ շրջափակումից, մեծ մասին, սակայն, դա չի հաջողվել։ Իրադարձությունների այս շղթայում կոնկրետ երբ, որտեղ եւ ինչպես է զոհվել Վահագնը՝ ընտանիքին առ այսօր հայտնի չէ։ «Վահագնը տան շարժիչ ուժն էր» Վահագն Խաչատրյանը ծնվել է 2001 թ․-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ քաղաքում, 7 տարեկանում ծնողները որոշել են վերադառնալ հայրենիք, որ երկու որդիները այստեղ մեծանան։ Մոր՝ Ալինա Գրիգորյանի խոսքով՝ որդին մաքուր հայերեն գիտեր, քանի որ տանը միշտ հայերեն էին խոսում․ «Շատ խելացի էր, շատ լուսավոր, հոգատար, բարի, էներգիան՝ անսպառ, մեր տան շարժիչ ուժն էր Վահագը, եթե Արթուրը (կրտսեր եղբայրն է,-հեղ․) տանն է, լռություն է, բայց Վահագը՝ ցեց։ Ասում-խոսում էր, կատակներ անում, սեր կար նրա մեջ բոլորի հանդեպ, անսպառ սեր, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր»,- վերհիշում է մայրը։ Վահագնը՝ ծնողների հետ Որդու հետաքրքրություններից մայրը դժվարանում է մեկն առանձնացնել․ սկաուտիզմ, լող, բռնցքամարտ, նետաձգություն, խոհարարություն, ամեն ինչ ուզում էր փորձել, նրա համար անհնարին ոչինչ չկար․ «Միշտ ասում էր՝ գնամ–գամ, որ տան հարցը լուծեմ, հիմա ասում եմ՝ քո տան հարցը լուծեցիր, մերը մնաց։ Բոլորն ասում են՝ Վահագի երազանքը պիտի իրականացնեք․ ամենամեծ բանը իր համար դա էր»,- նշում է մայրը։ Վահագնը սովորում էր Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի քոլեջում՝ «Կապեր եւ կոմունիկացիա» բաժնում, չափազանց սիրում էր կարդալ։ Տիկին Ալինան հիշում է՝ վերջին գիրքը, որ որդին կարդում էր, ճապոնացի մտածող, ռազմագետ Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը» աշխատությունն էր․ «Չգիտեմ էլ՝ հասցրել է ավարտել թե չէ։ Փորձեցի ինքս կարդամ, չկարողացա, մի քիչ բարդ էր ինձ համար, չհասկացա՝ իրեն ինչն էր էդտեղ հետաքրքրում»,- ասում է մայրն ու անկեղծանում, որ իրեն մեկ-մեկ թվում է՝ տղաները կանխազգացել են ամեն ինչ․ «Հեռուստացույցով նայում էր՝ մարդիկ ոնց են անտառներում ողջ մնում, ոնց են դուրս գալիս այդ իրավիճակներից, հարցնում էի՝ ինչի՞ ես նայում, ասում էր՝ դե, հետաքրքիր է․․․ Պատերազմից հետո, երբ իրենից լուր չունեինք, սկզբում ասում էին՝ անտառներում են, մտածում էի՝ երեւի դրա համար էր էդ ամենը պետք, հիմա իրեն անտառներում օգտակար կլինի, դուրս կգա։ Չէինք պատկերացնի, որ նման փաստի առաջ կկանգնեինք, ամենավատ երազում նման բան չէինք տեսնի»,– ասում է մայրը։ «Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ․․․» Վահագն Խաչատրյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 8-ին՝ որպես նռնականետի օգնական։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ ամսից ավելի Մարտունիում կարանտինի մեջ է եղել, սեպտեմբերի սկզբին՝ տեղափոխվել Ջրական։ Մինչ պատերազմը կրակային պատրաստություն 1-2 անգամ է հասցրել անցնել։ Ծառայության այդ երկու ամիսներին Վահագնը ոչնչից չի դժգոհել, միայն աչքերի խնդիր է ունեցել, բուժզննում անցել, հոսպիտալացվել․ «Պատերազմի նախորդ օրը խոսում էինք, ասաց՝ աչքերս էլի լավ չեն, բորբոքվել են, կամ էլի կպառկեցնեն, կամ գուցե ուղարկեն Ստեփանակերտ կամ Երեւան՝ զննման։ Ու կիրակի պատերազմը սկսվեց, ու ինքը ակնոցը չէր հասցրել վերցնել, էդ բորբոքված աչքերով էլ․․․»,– պատմում է տիկին Ալինան, բայց արցունքները չեն թողնում շարունակել։ Պատերազմի մեկնարկից հետո ընտանիքը որդուց երկու օր լուր չի ունեցել, սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 8-ը 2-3 օրը մեկ զանգել է, սակայն մանրամասներ չի հայտնել․ «Ինչքան զանգել է, հարցրել ենք՝ որտե՞ղ ես, ասել է՝ տենց հարցեր մի՛ տվեք, իր սիրած բառն էր՝ պա՛պ, սաղ լավ ա, սաղ կայֆոտ ա, մի՛ մտածեք, դուք լավ եղեք»,– հիշում է հայրը՝ Վաչիկ Խաչատրյանը։  «Մենակ վերջին զանգին՝ հոկտեմբերի 8–ին, ասաց՝ մեզ տանում են վերեւ, դե, որ արդեն գիտեինք՝ չի ասելու, թե որտեղ, մայրը հարցրեց՝ Վահա՛գ ջան, վերեւն ապահո՞վ տեղ է, թե՞․․․ Ջղայնացավ, ասաց՝ թե, մա՛մ․․․ Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ»,- պատմում է հայրը։ «Գնացին վերեւ»,– հազիվ լսելի ձայնով շարունակում է տիկին Ալինան ու հիշում, որ Պաշտպանության նախարարությունից իրենց այդ նույն ժամանակ ասում էին, որ նորակոչիկները բունկերներում են, նորակոչիկներն ապահով են․ «Մի օր հեռախոսազրույցը ընդհատեց, գոռաց՝ թո՛ղ, էդ մեր զենքերն են, խոսեցինք, վերջացրինք, նոր սկսեցի մտածել՝ եթե բունկերում են, ի՞նչ զենքից էր խոսում։ Հոկտեմբերի 6-ին էլ ասացի՝ ուր որ է կկանգնի պատերազմը, տղե՛ս, պինդ եղեք, էս մի հատ մեծ փորձություն էր․․․ Ասաց՝ էսքան տեսածից հետո էլ ի՞նչ նեղվենք։ Խոսեցինք, վերջացրինք, նորից մտածում եմ՝ էս էրեխեն ի՞նչ տեսածի մասին է խոսում։ Հիմա գիտեմ՝ ինչ է տեսել, ես էդ ամեն դատին մեռնում եմ, որ լսում եմ՝ ինչերի միջով են անցել»։ Վահագնի հետ վերջին հեռախոսազրույցից հետո ծնողների օրերը սկսել են անցնել նախարարությունների, հոսպիտալների ու զորամասերի առաջ, քանի որդու հրամանատարներից որևէ մեկին չեն ճանաչել, անմիջական կապ որևէ մեկի հետ հաստատել չեն կարողացել։ Այդ ընթացքում Պն–ի հորդորով Վահագնի ծնողները ԴՆԹ են հանձնել՝ հույս ունենալով բացառել զոհվածների հետ համընկնումը։ Բոլոր գերատեսչություններից ծնողներին ասել են, որ իրենք աշխատում են, ամեն ինչ անում են, պետք է սպասել։ ԱԱԾ–ից նրանց հայտնել են, որ որդին անհետ կորածների ցանկում է․ «Պետությանն էինք տվել էրեխուն, գնացել էր պետության համար պարտքը կատարելու, ուրիշ ո՞ւմ հավատայինք»,– ասում է մայրը, բայց եւ նշում՝ պետության ներկայացուցիչներից ոչ ոք իր տուն չեկավ, որդու պարգեւատրումն անգամ մի զինծառայողի միջոցով են ուղարկել։ Արցախի նախագահի հրամանագրով Վահագն Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Վահագնի վերջին լուսանկարը Ջրականում, սեպտեմբերի 29, 2020 թ․ «Մեկը գա, ասի՝ ինչի՞ց զոհվեց, ո՞նց զոհվեց» Աբովյանի դիահերձարանի նկուղում զինծառայողների մարմիններ պահելու դեպքի հայտնի դառնալուց հետո Վահագնի ծնողները որոշել են այլեւս չսպասել, այլ անձամբ հետաքրքրվել իրենց որդու ճակատագրով։ Այդ ժամանակ էլ, ցավոք, պարզել են, որ ԴՆԹ համընկնում կա։  «Քննիչի համարը վերցրի, ասաց՝ ես կնայեմ, կասեմ։ 2-3 օր զանգեցի, չպատասխանեց, ասացի՝ վեր կենամ, գամ, բա չէ, ես կզանգեմ։ Զանգեց, ասաց՝ էս պահի դրությամբ ոչ մի բան չունեք։ Ասացի՝ մի տեսակ լավ չասացիր, ո՞նց էս պահի դրությամբ։ Անջատեցի, տաքսի կանչեցի, գնացի քննչական։ Վայ, բա ինչի՞ եք եկել, ասացի՝ եկել եմ՝ աչքերիս մեջ նայես, նոր ասես։ Ասաց՝ լավ, որ եկել եք, եկեք՝ ասեմ՝ համընկնում ունեք, բայց էնքան քիչ տոկոս է, հերքվող տոկոս։ Երբ դեռ չես խորացել դրա մեջ, լուրջ ես ընդունում, բայց իրականում ԴՆԹ համընկնում կա՛մ ունես, կա՛մ չունես, քիչ տոկոս հասկացություն չկա»,– նշում է տիկին Ալինան։  Դրանից հետո կրկնակի փորձաքննություն են պահանջել, եւ հաստատվել է․ հուլիսի 26-ին հուղարկավորել են որդու մասունքը, որ նոյեմբերի 9-ի հրադադարից 2 ամիս անց էր հայտնաբերվել Հադրութի շրջանի Տյաք գյուղից։ Վահագնի մասունքը այդ օրը նշված վայրից հայտնաբերված միակ մասունքն է եղել, ինչն ավելի է խորացրել ծնողների անորոշությունն ու ավելացրել անպատասխան հարցերը. «Մեկը գա, ասի՝ ինչի՞ց զոհվեց, ո՞նց զոհվեց, ընկավ, ոչ մեկը չօգնեց, խփեցին, կրակեցին, ի՞նչ արեցին, ինչի՞ է առանձին։ Դատերին, որ անդադար ասում էին՝ օդային հարձակում չի եղել, արդեն հասկանում էի, որ դա ԱԹՍ–ից չէ, ուրեմն՝ պիտի լիներ մարմինը, չէր կարող ոչ մի բան չլինել»,– ասում է մայրը։ «Ոչ մի կառույց պատշաճ չի աշխատել» Որդու հուղարկավորությունից հետո՝ 2021 թ․-ի ընթացքում, մեկ-երկու անգամ գնացել են «Դատաբժշկական գիտագործական կենտրոն» ՊՈԱԿ (հայտնի է որպես Հերացի), հետաքրքրվել, հետո մտածել, որ եթե նոր մի բան հայտնաբերվի, իրենց անձամբ կտեղեկացնեն։ Մի օր էլ, երբ իմացել են, որ որդեկորույս մեկ այլ ծնող պատահական զանգահարել է Հերացի եւ պարզել, որ համընկնում կա, որոշել են դարձյալ զանգահարել․   «Զանգեցի Հերացի, ասացին՝ կա, վերեւի հատվածն է՝ կրծքավանդակի, իրենք էլ չգիտեին, հետո որ գնում են Մեծամորից բերելու, նոր տեսնում են, որ ամբողջ մարմինն է։ Իրենք գնացել են փոքր ավտոյով, որ մասունք վերցնեն, մեկ էլ երեկոյան Էլենը (ՊՈԱԿ-ի աշխատակիցն է,-հեղ․) զանգել է, զգում եմ ձայնից, որ չի կարողանում խոսել, ասում է՝ գիտեք, ոնց որ թե ամբողջ մարմինն է, էլի ոնց որ թե․․․ Քննիչի հետ են գնացել, որ բերեն, հետո Արտյոմը (քննիչն է,-հեղ․) ասում է՝ իմ ավտոյով էի գնացել, դե ասում էին՝ մասունք․․․ Որ չբերեցին, ասացի՝ լավ չե՞ք, դե ավտո կանչեք, ծնողին էլ պատասխան կտաք, ես սրա տակ չեմ մտնի, դուք գրել եք մասունք, բերել եք ամբողջական մարմին, ես սրա պատասխանը չեմ կարող տալ»,- պատմում է մայրը։ Պարզվել է՝ 2020 թ․ նոյեմբերի 23-ին Ադրբեջանը 13 մարմին է փոխանակել, այդ թվում՝ Վահագնի մարմինը։ Այն Արցախից տեղափոխել են Կապան, որտեղ, ըստ ծնողների, դատաբժիշկը պատշաճ չի աշխատել, քանի որ ամբողջական մարմինը եւ անձին որոշակիորեն նույնականացնող դաջվածքը նկարելու փոխարեն կրծքավանդակի մի հատվածն է լուսանկարել, այն էլ՝ հագուստով։ Դրանից հետո Վահագնի մարմինն ուղարկել են Գորիս, որտեղ այն մնացել է 2 տարի։ Վահագնի դաջվածքից են նմուշ վերցրել, որով ԴՆԹ համընկնում չի եղել։ Ոտքից վերցված ԴՆԹ նմուշով, սակայն, ինքնությունը հաստատվել է։ 2022 թ․ սեպտեմբերին Վահագնի մարմինը տեղափոխել են Մեծամոր եւ դրանով սահմանափակվել։ «Հերացին ինֆորմացիան փոխանցում է քննչականին, գրում՝ մասունք, քննչականն էլ մտածում է՝ դե, հերթական մասունքն է, կարող է էլի լինի, ծնողներին քիչ–քիչ սթրեսի չենթարկենք։ Քանի որ քննիչը չունի բժշկական կրթություն, չի հասկացել, բայց դե, ում էլ ասես մասունք, կտոր է պատկերացնում։ Ասում են՝ եթե թաթն էլ չլինի, ամբողջ մարմինը գրվում է մասունք, բժշկական տեսանկյունից կարգը էդպես է։ Բայց լավ, փակագծում գոնե գրեք՝ ինչ մասունք Է՝ թեւ է, ոտք է, գլուխ է, մարմին է։ Ուզեիր մտածել, թե ոնց սթրեսի ենթարկեիր, երեւի չկարողանայիր այսպես սթրեսի ենթարկել»,– վրդովված ասում է հայրը։ Վաչիկ Խաչատրյանի համոզմամբ՝ խնդիրը սկսվել է Կապանից, սակայն դրանից հետո որ կառույցում էլ  եղել է որդու մարմինը, պատշաճ աշխատանք չի կատարվել․ «Իրերը գրպանում էին, հեռախոսը մոտն էր, մի հատ միացնեիք․․․ Թեւին մի ամբողջ նախադասություն էր, փոքր խաչ չէր ծալքերի մեջ, որ ասեինք՝ բոլորի մոտ կլինի, մի ամբողջ նախադասություն էր դաջված, էդ մի նախադասությունով ինչքան շուտ նրան կգտնեինք»,– ասում է նա։ Վահագնի թեւին դաջված էր Esse quam videri լատիներեն արտահայտությունը, որ թարգմանաբար նշանակում է «Լինել, այլ ոչ թվալ»․ «Որ եկավ, ասաց՝ ուզում եմ դաջվածք անել, հարցրի՝ հիմա դու կա՞ս, թե՞ քեզ թվում է, որ կաս։ Ասաց՝ պա՛պ, ես կամ, ասացի՝ դե ուրեմն գնա, արա, բայց պատասխանատու եղիր գրածիդ համար»,– հիշում է հայրը։ Որդու գրպանում հեռախոսի հետ նաեւ լիցքավորիչ է եղել, մկրատ, ծխախոտ, դատարկ նոթատետր, փամփուշտներ և համրիչներ (թզբեխ)։ Դրանք հիմա խնամքով շարված են տանը Վահագնին նվիրված անկյունում՝ նկարների կողքին։ «Հիմա կա Արցախի արիության մեդալ, բայց չկա Արցախ» Այս տարվա մայիսի 11-ին Վահագնին Եռաբլուրում երկրորդ անգամ են հուղարկավորել․ «Մարմինը որ գտանք, էնքան շոկի մեջ էինք, մի ուրիշ ձեւի ապրումներ էին։ Մինչ էդ էլ նենց չէ, որ մեծ հույսեր ունեի, բայց էն որ ծանր դռներ կան է, որ դրմփում-փակվում են, այդ ձեւի զգացողություն էր, որ վերջնական այդ դուռը փակվեց։ Ավելի ծանր էր, գուցե այն ցավն էր, որ որդիս 2 տարի այդ վիճակում է մնացել»,– հուզվում է տիկին Ալինան։  «Եթե ես չզանգեի, ես ուղղակի զանգել եմ, եթե էդ ուղղակի զանգը չլիներ․․․ Սա հասարակ գողություն չէ, սպանություն չէ, սա դրանցից էն կողմ է, սա անփույթ աշխատանք է․ զոհված զինվորին ուղղակի դրել եք մի կողմ ու ոչ մի աշխատանք չեք արել, ոչ մի ջանք չեք գործադրել, որ գտնեք տիրոջը։ Տերն էլ ցավով տապակվում է, գտել է մի բան, ուրիշների նման երանի է տալիս, ասում՝ լավ է՝ գոնե էս էլ ունենք։ Վերջին հաշվով պատերազմում են զոհվել, կռվել են մինչեւ վերջին շունչը, ուրեմն՝ արժանի են, որ պատվով ճանապարհեք, ոչ թե թողնեք սառնարաններում, ասեք՝ գերի են, գալու են»,- ասում է նա։ Ալինա Գրիգորյանի համար ամենացավալին այն է, որ մեղավորները չեն պատժվում։ Նրա խոսքով՝ գումարտակի հրամանատարին քանի տարով էլ դատապարտեն, իրեն դա ոչինչ չի տա, բայց սպասում է, որ ամենախիստ ձեւով պատժեն՝ գոնե թե այն հույսով, որ դա դաս լինի մյուս հրամանատարներին․ «էս էրեխեքը մնացին անտեր, դրա համար տուն չեկան։ Եթե լիներ խելացի հրամանատար, թեկուզ այդ սարն էլ բարձրանային, ամեն ձեւի նահանջ էլ կանեին։ Մարդիկ կան՝ ասում են՝ հոկտեմբերի 25–ին դուրս ենք եկել Հադրութից, իրենք 25-ին կարողացան դուրս գալ, էրեխեքը հոկտեմբերի 10-ին մի հատ սարից չկարողացա՞ն նահանջ անել։ Որովհետեւ մենակ էին, ի՞նչ պիտի իմանային 2 ամսվա զինծառայողները»,- ասում է տիկին Ալինան։ Այսօր Արցախի կորուստը մայրն իր անձնական կորուստն է համարում․ «Եթե այն ժամանակ ես մտքերով մենակ Հադրութում էի փնտրում որդուս մարմինը, ասում՝ ոտքս Արցախ ընկնի, հիմա, երբ Արցախն էլ մերը չէ, ես կխելագարվեի, [եթե նրան գտած չլինեի]։ Հիմա կա Արցախի արիության մեդալ, բայց չկա Արցախ, էլ ի՞նչ արժեք ունի այս մեդալը»,– ասում է Ալինա Գրիգորյանը՝ հայացքն ուղղելով որդու նկարին։    Միլենա Խաչիկյան
22:15 - 02 նոյեմբերի, 2023
Գարիկ Գալեյանի նկատմամբ խափաման միջոց են ընտրվել տնային կալանքն ու գրավը

Գարիկ Գալեյանի նկատմամբ խափաման միջոց են ընտրվել տնային կալանքն ու գրավը

44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ազատ կարձակվի։  Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ, այսօր որոշեց վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ փոխարինելով այն տնային կալանքով եւ գրավով։  Այս մասին «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը` հավելելով, որ դատարանի որոշմամբ գրավի չափ է ընտրվել 2 միլիոն ՀՀ դրամը։ Հիշեցնենք՝ Գարիկ Գալեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվկանի հունիսի 30-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց, խմբի կազմում կատարել է խուլիգանություն եւ առանց իրացնելու նպատակի՝ անձնական օգտագործման նպատակով, ապօրինի ձեռք է բերել ևա պահել զգալի չափ հանդիսացող՝ ընդհանուր 3 գրամ Մարիխուանա տեսակի թմրամիջոց: Քրեական գործը դատարան է ուղարկվել հոկտեմբերի 20-ին, այսօր նշանակված էին գործով նախնական դատալսումները։
17:51 - 02 նոյեմբերի, 2023
Դատարանը որոշեց դռնփակ հետազոտել Մատաղիսի զորամասի հրամանատարի գործով գաղտնի փաստաթղթերը

Դատարանը որոշեց դռնփակ հետազոտել Մատաղիսի զորամասի հրամանատարի գործով գաղտնի փաստաթղթերը

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր սկսվեց Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի գործով ապացույցների հետազոտումը։ Նիստի սկզբում հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը դռնփակ քննություն իրականացնելու միջնորդություն ներկայացրեց․ «Փակ ծրարով դատարան ներկայացված փաստաթղթերը ներառում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, ուստի միջնորդում եմ, որ այդ փաստաղթերը հետազոտվեն դռնփակ ռեժիմով»,– դիմելով դատարանին՝ ասաց նա։ Հիշեցնենք՝ խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում, սակայն ըստ մեղադրողի՝ իրենց գաղտնիությամբ պայմանավորված քրեական գործի նյութերի հետ դատարան չեն ուղարկվել, եւ դատարանը մեղադրողից պահանջել է Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից ստանալ դրանք։ Նախորդ դատական նիստին 16 փաստաթուղթ փակ ծրարով բերվել էր դատարան, սակայն պաշտպանական կողմը հայտարարել էր, որ նախաքննության ժամանակ իրենց լիարժեք հնարավորություն չի տրվել՝ դրանց ծանոթանալու։ Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը Այսօրվա նիստին դիրքորոշում հայտնելով՝ Սեւակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանն ասաց, որ ինքը դեմ է թե՛ ապացույցների հետազոտությունը, թե՛ ընդհանրապես, դատաքննությունը դռնփակ անելուն․ «Քրեական գործի նյութերում կան էլի փաստաթղթեր, որոնք գաղտնի են, նորմատիվ իրավական ակտեր են՝ գաղտնի գրիֆով, հիմա եթե այդ ապացույցը գաղտնի ենք հետազոտում, վկաների ցուցմունքներում հղումներ կան այդ փաստաթղթերին, վկաներին հարցեր են տրվելու այդ փաստաթղթերի վերաբերյալ, այսինքն՝ ամբողջ դատաքննության ապացույցների հետազոտման փուլը պետք է գաղտնի իրականացվի»։ Այնուհանդերձ, նա ընդգծեց՝ գործը ուղարկել է դատարան ոչ գաղտնի գրիֆով, իսկ նման պրակտիկա կա․ վարույթ իրականացնող մարմինները գործին գաղտնի գրիֆ են տալիս, եւ բոլոր փաստաթղթերը համարվում են գաղտնի․ «Գործը առանց գաղտնի գրիֆի ուղարկվել է դատարան, դատարանում այդ գործին ծանոթանալու հնարավորություն ունեցել են դատավորը, դատավորի օգնականը, քարտուղարը, ցանկացած անձ, որ կարող էր դա բացել, այսինքն՝ մենք այդ գաղտնիությունը ի սկզբանե չենք էլ պահել, պետությունն էլ շահագրգռված չի եղել, հիմա ասենք, որ այդ նորմատիվ իրավական ակտերը ուղղակի գաղտնի են, ոչ մեկը չպիտի մասնակցի դրանց քննությանը, երկակի մոտեցում է»,– նշեց նա՝ վերջնական որոշումը թողնելով դատարանի հայեցողությանը։ Սեւակ Աբրահամյանն էլ հայտարարեց՝ իրենք պահելու ոչինչ չունեն, եւ ուզում են, որ հնարավորության սահմաններում ամեն ինչ բաց լինի․ «Թող բոլորը իմանան՝ ինչ է եղել, ինչ չի եղել, որովհետեւ նենց հարցեր կան, որ․․․ Մարդու պատիվը սարքել են եսիմինչ, ինչեր ասել, հորինել են, ինչեր ասես, պառակտել են, մենք ոչ մի ձեւ չենք արձագանքել ո՛չ ֆեյսբուքներում, ո՛չ լրատվականներին, որ չասեն՝ խոչընդոտում ենք՝ հույս ունենալով, որ հանրությունն իրականությունը կիմանա դատավարությունում»,– նշեց նա։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը Լսելով կողմերին՝ դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, որոշեց բավարարել մեղադրողի միջնորդությունը եւ այսօրվա դատական նիստն անցկացնել դռնփակ՝ հաշվի առնելով, որ հետազոտման ենթակա ապացույցներում առկա են ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ։   Սեւակ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա խախտել է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով, «Մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման կանոնադրությամբ» եւ «Մարտական կանոնադրությամբ» սահմանված՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինչի հետեւանքով ժամանակին չի հայտնաբերվել եւ չի կասեցվել պետության դեմ հարձակումը։ Սեպտեմբերի 27-ին հարձակում գործելով՝ հակառակորդը հնարավորություն է ունեցել ժամերի ընթացքում ճեղքել պաշտպանության շրջանի ձախաթեւյան մի շարք դիտակետերի պաշտպանությունը եւ մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի հետաւքնով հոկտեմբերի 2-ին Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սեւակ Աբրահամյանը 1 տարուց ավելի է՝ կալանավորված է։ Նա մեղադրանքը չի ընդունում։   Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ պաշտպան Արման Թամրազյանը, ամբաստանյալ Սեւակ Աբրահամյանը Միլենա Խաչիկյան
17:07 - 27 հոկտեմբերի, 2023
Դատախազը հաստատել է Գարիկ Գալեյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել դատարան
 |1lurer.am|

Դատախազը հաստատել է Գարիկ Գալեյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել դատարան |1lurer.am|

1lurer.am: 2023 թվականի հոկտեմբերի 20-ին դատախազը հաստատել է Գարիկ Գալեյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել դատարան: «Լուրերի» հարցին ի պատասխան՝ այդ մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 17-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գարիկ Գալեյանի նկատմամբ այն արարքի համար, որ  նա 2022 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց, խմբի կազմում կատարել է խուլիգանություն և առանց իրացնելու նպատակի՝ անձնական օգտագործման նպատակով, ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափ հանդիսացող՝ ընդհանուր 3 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շորթումը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը):
15:32 - 23 հոկտեմբերի, 2023
«Ոչ դիրք ունեմ արդեն, ոչ պատիվ, ես ո՞ւմ պիտի խոչընդոտեմ»․ Մատաղիսի զորամասի հրամանատար

«Ոչ դիրք ունեմ արդեն, ոչ պատիվ, ես ո՞ւմ պիտի խոչընդոտեմ»․ Մատաղիսի զորամասի հրամանատար

«Ոչ դիրք ունեմ արդեն, ոչ պատիվ ունեմ, ես ո՞ւմ պիտի գնամ, խոչընդոտեմ»,– այս խոսքերով այսօր սկսեց իր ելույթը Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանը, երբ դատարանում քննվում էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման երկարաձգման հարցը․ «Դիրք չունեմ, որովհետեւ ինչ դիրքում եղել եմ, էլ չկա, պատիվ չունեմ, որովհետեւ հորս գերեզմանը թուրքի մոտ ա, Պաշտպանության բանակը չկա»։ Աբրահամյանի կալանավորումը երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը։ Աբրահամյանը կալանքի տակ է 1 տարուց ավելի, նա մեղադրվում է մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Ծանր հետեւանքը քննչական մարմինը համարել է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Թալիշ եւ Մատաղիս գյուղերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը։ Քրեական գործի դատարան ուղարկվելուց 10 ամիս անց՝ այսօր, պետք է սկսվեր ապացույցների հետազոտումը։ Ըստ նախապես որոշված հաջորդականության՝ սկզբում պետք է հետազոտվեին մեղադրանքի հիմքում դրված ապացույցները։ Դրանցում, սակայն, ներառված է 16 փաստաթուղթ, որ, գաղտնիությամբ պայմանավորված, գործի նյութերին չի կցվել, եւ դատարանը ավելի վաղ բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը, հանձնարարել մեղադրողին Քննչական կոմիտեից ստանալ դրանք։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը Դատական նիստի մեկնարկին, սակայն, դրանք դեռեւս ճանապարհին էին, դատարան չէին բերվել, ուստի պաշտպանական կողմը հայտարարեց, որ առանց այդ ապացույցներին ծանոթանալու հիմնական դատալսումները չեն կարող տեղի ունենալ․ «Ամեն ապացույց հետազոտելիս մենք պետք է դիրքորոշում հայտնենք, այդ դիրքորոշումը բխելու է նաեւ այդ գաղտնի փաստաթղթերի բովանդակությունից, հիմա մենք, փաստացի, դրանից զրկված ենք»,– ասաց պաշտպան Արման Թամրազյանը։ Մեղադրող Վազգեն Վարդանյանը առարկեց՝ նշելով, թե պաշտպանական կողմը զրկված չի եղել քննչական մարմնում այդ ապացույցներին ծանոթանալու հնարավորությունից․ «Այն նյութերը, որ հանդիսանում են գաղտնի փաստաթուղթ, գտնվում են քննչական մարմնի համապատասխան ստորաբաժանումում, եւ նախաքննության ավարտական փուլում պաշտպանական կողմը դրանց ծանոթանալու իրավունք, ժամանակ, տեղ ունեցել է, բայց այդ փաստաթղթերը չեն կարող նրանց ձեռքի տակ լինել այն պարզ պատճառով, որ գաղտնի փաստաթղթեր են, դրանց պատճենը տրամադրել ուղղակի անհնար է»։ Մինչդեռ պաշտպանական կողմի գնահատմամբ՝ առանց ձեռքի տակ ունենալու, միայն նշումներ անելով՝ հնարավոր չէ հարյուրավոր էջերից բաղկացած փաստաթղթերին պատշաճ ծանոթանալ եւ լիարժեք պաշտպանվել․ դա կլինի առնվազն ոչ արդար դատաքննություն․ «Ես պիտի ասեմ, օրինակ, այս կարգադրությունը Մարտական կանոնադրությունից չի բխում, ո՞նց հիմնավորեմ, եթե չունեմ այդ Կանոնադրությունը, եւ բացի դրանից, օրենքը դրա համար կարգ է նախատեսել․ մարդուն նախազգուշացնում են պետական գաղտնիքի հրապարակման անթույլատրելիության մասին, եւ եթե հրապարակում է, քրեական պատասխանատվության է ենթարկվում, այդ ի՞նչ նոր բան եք ասում»,– նշեց պաշտպանը։ Ի վերջո, նախքան այդ ապացույցները կբերվեին դատարան, նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց, որ նպատակահարմար չէ մյուս՝ ոչ գաղտնի ապացույցների հետազոտումը սկսելը, առաջարկեց մինչ դա քննարկել խափանման միջոց կալանավորման երկարաձգման հարցը, քանի որ դրա ժամկետը մոտենում էր ավարտին։ Ըստ դատախազի՝ Սեւակ Աբրահամյանին կալանքից ազատելու հիմքեր չկան, ըստ պաշտպանի՝ կալանքի տակ պահելու  Մեղադրող Վազգեն Վարդանյանը դիրքորոշում հայտնեց, որ կալանավորման նախորդ երկարաձգումից հետո ի հայտ չի եկել որեւէ հանգամանք, որը հիմք կծառայի խափանման միջոցը փոփոխելու համար․ «Ինչպես նաեւ շարունակում են առկա լինել այն ռիկսերը, որոնք նշվել են կալանավորումը կիրառելու ընթացքում, հետեւաբար գտնում եմ, որ այն պետք է երկարաձգվի եւս 3 ամսով»,– ասաց մեղադրողը։ Մինչդեռ պաշտպանը առարկեց՝ ոչ թե պիտի նոր հանգամանք ի հայտ գա, որ կալանքը դադարի, այլ պիտի նոր հանգամանք ի հայտ գա, որ կալանքը շարունակական լինի։ Պաշտպան Արման Թամրազյանը, ամբաստանյալ Սեւակ Աբրահամյանը Նա հիշեցրեց, որ իրենք հարցում են կատարել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն եւ ստացել պատասխան, ըստ որի՝ Մարտակերտի շրջանը՝ Մատաղիս եւ Թալիշ գյուղերը, չեն մտնում ՀՀ–ի մեջ, մտնում են Արցախի Հանրապետության մեջ, իսկ Հայաստանի եւ Արցախի սահմանները չեն նույնանում։ Այս հանգամանքը, ըստ նրա, կարեւոր է՝ հասկանալու համար՝ արդյո՞ք Աբրահամյանի նկատմամբ կիրառելի է  ՀՀ քրեական օրենսգիրքը թե ոչ։ Բանն այն է, որ Քրեական օրենսգրքի համաձայն՝ ՀՀ տարածքից դուրս հանցանք կատարած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ ՀՀ–ում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը ճանաչված է հանցագործություն դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, եւ եթե նրանք չեն դատապարտվել այլ պետությունում: Սեւակ Աբրահամյանը, պաշտպանի խոսքով, ՀՀ–ում մշտապես չի բնակվել, քաղաքացիություն չունեցող անձ չէ, բնակվել է ԼՂՀ–ում եւ հանդիսացել է ԼՂՀ–ի, այլ ոչ թե ՀՀ–ի քաղաքացի․ «Ի հավաստումն իմ ասածի՝ դատարանին ներկայացնում եմ  ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիութհան ծառայության անձնագրային եւ վիզաների վարչությունից ստացված պատասխան, ըստ որի՝ բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական պահոցում Սեւակ Խորենի Աբրահամյանի (ծնված 24․10․1979 թ․) անհատական տվյալներով անձի ՀՀ քաղաքացիության վերաբերյալ տվյալներ առկա չեն, սա ապացույց, որ  Սեւակ Աբրահամյանը ՀՀ քաղաքացի չէ, եթե ՀՀ քաղաքացի չէ, հանցանքը կատարվել է ՀՀ–ից դուրս, ՀՀ ՔՕ–ն նրա վրա չի կարող տարածվել»,– ասաց պաշտպանը՝ հիշեցնելով նաեւ, որ առաջադրված մեղադրանքի հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում հենց ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կանոնները խախտելու համար, մինչդեռ Աբրահամյանը, պաշտպանել է ԼՂՀ սահմանները։ Մեղադրող Վազգեն Վարդանյանը դարձյալ հակադարձեց՝ ՆԳՆ–ից ստացված պատասխանում նշված է՝ տվյալներ առկա չեն, սակայն քրեական գործի նյութերում առկա է ՀՀ քաղաքացու վերաբերյալ անձնագիր, որտեղ գրված է Սեւակ Աբրահամյան․ «Այդ անձնագիրը տրված է Սեւակ Աբրահամյանին՝ որպես ՀՀ քաղաքացու»,– ասաց նա։ Հաջորդիվ պաշտպանը հիշեցրեց, որ այսօր Հայաստանը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ ԼՂՀ–ն՝ հղում անելով Ալմա–Աթայի՝ 1991 թ․ հռչակագրին․ «Հիմա Սեւակ Աբրահամյանին մեղադրանք եք առաջադրել, որ Թալիշ ու Մատաղիս գյուղերը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, պատասխանեք, խնդրում եմ, եթե Թալիշ ու Մատաղիս գյուղերը պատկանել են Ադրբեջանին եւ անցել են Ադրբեջանին, ի՞նչ հետեւանք է դրանով պատճառվել ՀՀ–ին, էս հետեւանքի համա՞ր եք դատում, սրա համար կարող է Ադրբեջանը դատել, օրինակ, ասել՝ խի՞ մեր գյուղերը մեզ շուտ չես տվել․․․ Եվ եթե դա հանցագործություն է ու մինչ օրս շարունակում է լինել, հիմա ամբողջ ԼՂ տարածքը հանձնվել է Ադրբեջանին, մեր քննչական մարմինները գործ հարուցե՞լ են, որ ՀՀ–ին վնաս է պատճառվել, հանցանք դիտարկե՞լ են թե՞ ոչ, իհարկե չի դիտարկվել եւ չի կարող դիտարկվել»։ Արձագանքելով՝ դատախազն ասաց՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք գործերով, երբ անձանց մեղսագրվել է ՀՀ ՔՕ–ի հոդվածների կատարում, հաստատել է, որ ՀՀ իրավազորությունը տարածվում է ԼՂՀ նկատմամբ, այսինքն՝ ԼՂՀ տարածքում տեղի ունեցած հանցագործությունների քննությունը ՀՀ–ում իրականացնելը ամբողջովին իրավաչափ է։ Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը Պաշտպանը դատարանին ներկայացրեց նաեւ տեղեկանք Աբրահամյանի՝ վերջերս անցած բուժզննման վերաբերյալ, հիշեցրեց նրա առողջական խնդիրների մասին։ Մեղադրողն էլ նշեց՝ եթե կարծում են, որ Աբրահամյանի առողջական վիճակը համապատասխանում է կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկին, կարող են միջնորդություն ներկայացնել համապատասխան փորձաքննություն նշանակելու համար։ Պաշտպանի խոսքով՝ ամենալավ ցանկության դեպքում էլ իր պաշտպանյալն ապացուցման գործընթացի վրա չի կարող ազդել, քանի որ ամեն ինչ փաստագրված է․ տեսանկարահանող սարքերի տեսագրությունները կան, դրանց զննությունները կան, հետախուզական տեղեկագրերը կան։ Ինչ վերաբերում է վկաների վրա ազդեցություն գործադրելուն, պաշտպանը դա զավեշտ որակեց։ Սեւակ Աբրահամյանի խոսքով՝ ինքը ոչ մի վկայի հետ խոսելու բան չունի Աբրահամյանը պնդեց, որ ինքը ոչ մի վկայի հետ խոսելու բան չունի․ «51 վկա եք նշանակել, շնորհակալություն, լավ ա՝ 1846 վկա չի, ինչո՞ւ եմ այդ թիվն ասում, զորամասի անձնակազմի քանակը այդքան ա եղել, մարդիկ իմ հետ կապ չունեն, գործի նյութերում Աբրահամյան Սեւակի մասին բան չեն ասել, մի քանի անձ ա, որ իմ հետ կապ ունի, անց ենք կացրել առերեսում, մարդիկ արտահայտվել են»։ Աբրահամյանի խոսքով՝ 51 վկայից 12-ը իր վերադաս շտաբներում են ծառայել, եղել են գեներալներ․ «Աբրահամյան Սեւակը պիտի գնա, գեներալներին խոչընդոտի՞, ուրախ եմ, որ գեներալ եմ տեսնում, մի հատ էլ պիտի խոչընդոտեմ, ընդ որում, նրանցից 2–ը՝ ԳՇ ու ՊԲ նախկին պետերը, զորացրված են»,– ասաց նա՝ հավելելով, որ իր գործողություններին գնահատական տվողները մեծամասամբ վերադասներն են եղել, ոչ ենթակաները, որոնք  վկաների մեջ 34-ն են․ «Մարդ ցուցմունք է տվել, Աստված իր հետ, կգա, տրիբունայի մոտ կկանգնի, կբացատրի՝ ինչ է ասել, ես չեմ ասում՝ մարդը ճիշտ է ասել–ճիշտ չի ասել, որովհետեւ կյանքում չեմ կարող էդքան գիտելիք ունենալ, որ իմ վերադասին գնահատական տամ, որովհետեւ ես իր տեղը չեմ եղել, իր խնդիրը չեմ ստացել, իր տեղը գործողություն չեմ կատարել»։ Պաշտպանը միջնորդեց խափանման միջոցի հիմքերը չվերացած համարելու պարագայում դիտարկել այլընտրանքային խափանման միջոցների՝ գրավի, վարչական հսկողության, բացակայելու արգելքի, այդ թվում՝ դրանց համակցության հնարավորությունը․ «Սեւակ Աբրահամյանի ընտանիքը, որ բնակվել է ԼՂ–ում, բռնագաղթվել է, եկել է ՀՀ, տուն են վարձակալել, բնակվում են այնտեղ, մարդկային տեսանկյունից պատկերացրեք՝ որդին, որ ծառայության մեջ է եղել, հրաշքով է ողջ մնացել, եղբայրները դահլիճում են, մեկն էլ վիրավորվել է մարտական գործողության ընթացքում, էս մարդուն պահել ՔԿՀ–ում, ընտանիքն էլ առանձին ապրի վարձով, մտածի՝ Սեւակ Աբրահամյանի հոգսը ոնց հոգա, Աբրահամյանը մտածի՝ ընտանիքի հոգսը ոնց հոգա, սա ոչ մարդկային վերաբերմունք է»։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց բավարարել մեղադրողի միջնորդությունը․ Աբրահամյանի կալանավորումը երկարաձգվեց եւս 3 ամսով՝ մինչ 2024 թ․ հունվարի 29։ – Լյոխ լավ ա լինելու,– Աբրահամյանին դիմելով՝ նիստերի դահլիճը լքելիս ասացին նրա հարազատները։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 27-ին։   Միլենա Խաչիկյան
21:05 - 20 հոկտեմբերի, 2023
Պարտադիր ժամկետային 3 զինծառայող հրաժարվել է մասնակցել մարտական գործողություններին. դատախազը գործերն ուղարկել է դատարան

Պարտադիր ժամկետային 3 զինծառայող հրաժարվել է մասնակցել մարտական գործողություններին. դատախազը գործերն ուղարկել է դատարան

Պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վ.Հ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 21-ին, Կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել է կատարել մարտական դիրքեր մեկնելու, N զորամասի պահպանության տեղամասում պաշտպանություն իրականացնելու պարտականությունները: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Վ.Հ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 364-րդ հոդված 3-րդ մասով (ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը): Պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ` շարքայիններ Ա.Պ.-ն և Ա.Ե.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, Կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել են մասնակցել մարտական գործողություններին: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Ա.Ե.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը): Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 17-ին հաստատել է մեղադրական եզրակացությունները և վարույթների նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
11:29 - 20 հոկտեմբերի, 2023
Գարիկ Գալեյանը կմնա կալանքի տակ

Գարիկ Գալեյանը կմնա կալանքի տակ

Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝  Գարիկ Գալեյանը, կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է փաստաբանի բողոքը։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։  Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը կալանավորվել է երկու ամսով սեպտեմբերի 9-ին։  Գարիկ Գալեյանի դեմ նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կամ դրանք ապօրինի իրացնելը) 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
17:51 - 09 հոկտեմբերի, 2023
Հայկ Ալումյան․ «Կառավարությունն ընդամենը պետք է չխանգարեր, որպեսզի իրականացնեինք գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների պաշտպանությունը»
 |hetq.am|

Հայկ Ալումյան․ «Կառավարությունն ընդամենը պետք է չխանգարեր, որպեսզի իրականացնեինք գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների պաշտպանությունը» |hetq.am|

hetq.am:  2020 թ․–ի արցախյան պատերազմի հետևանքով Ադրբեջանի բանտերում մեծ թվով հայ գերիներ կան, սակայն նրանց շահերը պաշտպանող և՛ անհատ փաստաբանները, և՛ Հայաստանի կառավարությունը միջնորդավորված հաղորդակցություն են ապահովում միայն ՄԻԵԴ-ի միջոցով։ Սա միա՞կ գործողությունն է, որ պետք է իրականացնի Հայաստանի կառավարությունը, և արդյոք դա բավարար է իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։  Երեք նշանավոր փաստաբաններ՝ Ռուբեն Սահակյանը, Ռուբեն Ռշտունին և Ռուսաստանում հայտնի փաստաբան Պոլինա Շապոշնիկովան, 1988–90թթ․–ին Բաքու և Սումգայիթ քաղաքներում պաշտպանում էին այդ քաղաքներում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի զոհ դարձած հայ ընտանիքների շահերը։ Ինչո՞ւ նույնը չի արվում հիմա. այդ մասին է մեր զրույցը փաստաբան Հայկ Ալումյանի հետ։ Պրն Ալումյան, ՄԻԵԴ-ի միջոցով գերիների միայն ողջ լինելու վերաբերյալ հավաստիացումներ ստանալը, կարծես Ձեզ էլ չի գոհացնում։ Ֆեյսբուքի Ձեր էջում գրել եք, որ յուրաքանչյուր հայ գերու հետեւից Հայաստանից փաստաբան պետք է գնա։ Ինչո՞ւ այսօր տեղի չի ունենում այն, ինչը հնարավոր եղավ 1988–ին։ 2020թ․ պատերազմի ժամանակ և դրան հաջորդող ժամանակահատվածում ունեցանք իրավիճակ, երբ մեր բազմաթիվ հայրենակիցներ հայտնվեցին Բաքվի բանտերում։ Երբ համացանցում տեսանյութեր տարածվեցին, որտեղ երևում էր, որ մեր հայրենակցին ադրբեջանցիները գերեվարել են, միանգամից դիմումներ ներկայացվեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Եվրոպական դատարանը միջանկյալ որոշում կայացրեց՝ Ադրբեջանից պահանջելով երաշխավորել այդ անձանց կյանքի իրավունքը։ Ում վերաբերյալ հաստատված ապացույցներ կան, որ կենդանի վիճակում հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերի կամ պաշտոնական մարմինների ձեռքում, ժամանակին և ճիշտ գործողություններ իրականացնելու արդյունքում այդ մարդկանց կյանքի իրավունքը ՄԻԵԴ-ի կայացրած որոշումներով ապահովվեց։ ՄԻԵԴ–ը փաստեց, որ այդ մարդիկ Ադրբեջանի տրամադրության տակ են եղել, ողջ են եղել և պարտավորեցրեց ապահովել նրանց կյանքը։ Այն ժամանակ դա արվեց անհատ փաստաբանի նախաձեռնությամբ։ Ով իր կյանքում բանտարկված է եղել կամ շփվել է բանտարկված անձի հետ, լավ է հասկանում, որ նրա համար թիվ մեկ կարիքը նույնիսկ սնունդը չէ, այլ՝ փաստաբանի հետ զրուցելը, որովհետև մինչ այդ նրա մոտ կատարյալ անորոշություն է։ Այդպիսի իրավիճակում փաստաբանի հետ չշփվելն ինքնին դաժան վերաբերմունք է, եթե ոչ՝ խոշտանգում։  2021թ․ հունվարին ես Փաստաբանների պալատի նախագահին առաջարկ եմ ուղարկել, որում հայտնել եմ, որ պարտավոր ենք ապահովել Բաքվի բանտերում գտնվող գերիների պաշտպանությունը և առաջարկել եմ Հայաստանից փաստաբաններ մեկնեն Բաքու։ Անհրաժեշտ էր պարզել հայ գերյալների վիճակը, որոնք ոչ միայն կալանավորված են, ոչ միայն թշնամական շրջապատում են գտնվում, այլև կատարյալ անորոշության, անհուսության և անտեղյակության մեջ են։ Ադրբեջանցի փաստաբաններ նշանակվել են պետության կողմից, բայց հասկանալի է նաև, թե նրանք ինչ վերաբերմունք ունեն իրենց հայ պաշտպանյալների նկատմամբ, անկախ նրանից՝ բաց տեքստով կարտահայտվե՞ն, թե՝ ոչ։ Քանի որ իրենց հասարակության մոտ արտահայտված ատելություն կա հայերի հանդեպ, նույնիսկ եթե փաստաբանը բարեխիղճ է, միևնույն է, կալանավորված անձի ընկալման տեսանկյունից շատ մեծ տարբերություն կա, թե ով կլինի նրա փաստաբանը։ Այդ իրավիճակում ամենակարևոր բանը, որ մենք պարտավոր էինք անել՝ Հայաստանից փաստաբաններ պետք է գնային Բաքու և հանդիպեին նրանց։ Նրանք էլ պետք է տեսնեին, որ իրենց մասին մտածող կա, մարդիկ կան, որ պատրաստ են պաշտպանել իրենց շահերը։ Գերության մեջ գտնվող մարդիկ պատերազմի ժամանակ մեզ էին պաշտպանում, իսկ երբ հայտնվեցին գերության մեջ, մենք նրանց չպաշտպանեցինք։  Ո՞րն էր պատճառը, Հայաստանի կառավարությունն ի՞նչ է անում գերեվարված և առևանգված իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։  Սկզբում այս հարցի շուրջ քննարկումները ծավալվել են Փաստաբանների պալատում (ՓՊ)։ Երկար բանավեճ տեղի ունեցավ՝ արդյոք Ադրբեջանը թույլ կտա՞ տեսակցել, թե՝ ոչ։ Բոլորը հասկանում էին, որ Ադրբեջանի օրենսդրությունը մեզ թույլ չի տալու այնտեղ վարույթի մասնակցել, բայց հարցը չի ավարտվում Ադրբեջանի ներպետական օրենսդրությամբ։ Կա Եվրոպական կոնվենցիա, որին միացել է նաև Ադրբեջանը, և եթե մեկն ուզում է դիմել Եվրոպական դատարան, Կոնվենցիայի 34-րդ հոդվածն այդ պետությանը պարտավորեցնում է անհրաժեշտ պայմաններ ստեղծել դրա համար։ Անհրաժեշտ պայմանների մեջ մտնում են իր ցանկալի անձի հետ անարգել շփումները։ ԵԴ–ն այս հարցի վերաբերյալ մեծ թվով վճիռներ ունի, այդ իրավունքի ապահովումը շեշտված ընդգծել է նաև «Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում։ ՄԻԵԴ-ը հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի ցանկացած երկրում, ԵԽ ցանկացած այլ երկրի փաստաբան իրավունք ունի տեսակցել անձի հետ՝ ՄԻԵԴ դիմելու և այդ ընթացքում նաև խորհրդակցելու հետ կապված։ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ երկիր է, հետևաբար ԵԽ–ի ցանկացած այլ երկրի փաստաբան իրավունք ունի անարգել տեսակցել Ադրբեջանի տարածքում գտնվող անձի հետ, եթե տեսակցելու նպատակը Եվրոպական դատարան դիմելն է։ Իսկ եթե արդեն դիմել է, հետագայում այդ դիմումի շուրջ քննարկումներ ծավալելու համար։ Ճիշտ է, երբ Ադրբեջանում իմացան այդ մասին, նրանց փաստաբանական կառույցի ղեկավարը հայտարարություն տարածեց՝ իբրև իրենց օրենսդրությունը թույլ չի տալիս։ Դա, հավանաբար, պայմանավորված էր նրանով, որ նա հարցը այլ տեսանկյունից էր դիտարկում։ Հավանաբար մտածում էր, որ մենք պատրաստվում ենք այնտեղի քրեական գործերով պաշտպանություն իրականացնել։ Այնինչ, մենք նպատակ ունեինք գերիներից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին հանդիպել՝ պարզելու համար, թե արդյոք Եվրոպական կոնվենցիայի խախտում չկա նրանց նկատմամբ։  Առնվազն պետք էր պարզել, թե Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտում կա՞։ Այսինքն, հիմքեր կա՞ն մարդուն շարունակական կալանքի տակ պահելու համար։ Երկրորդ՝ նրա նկատմամբ խոշտանգում կամ այլ անմարդկային, դաժան վերաբերմունք տեղի չի՞ ունեցել։ Մեր նպատակն էր՝ Բաքու գնալ այդ հարցերի համար և քննարկել ՄԻԵԴ դիմելու հարցը, և Ադրբեջանը պարտավոր էր դա անարգել թույլ տալ մեզ։  Իսկ եթե թույլ չտար։ Ֆեյսբուքի Ձեր էջում գրել էիք, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել փաստաբանի եւ ազատությունից զրկվածի անարգել շփումը, ինչպես նաեւ՝ փաստաբանի անձնական անվտանգությունը։ Դա լինում է այն դեպքում, երբ միջազգային կառույցները հետևողական են լինում, և պատժվելու սպառնալիքը կա։ Հայությանը վերաբերող հարցերում, ինչպես տեսնում ենք, միջազգային կառույցները նույն սկզբունքայնությունը չեն դրսևորում։ ԵԴ–ից համապատասխան ազդակ ստանալուց հետո էլ, եթե Ադրբեջանը խոչընդոտեր հայ փաստաբանների աշխատանքը կամ չերաշխավորեր նրանց անվտանգությունը,  կճանաչվեր 34-րդ հոդվածը խախտող։ Դրանից բացի, նաև անուղղակի կերպով կհաստատվեին բոլոր այն պնդումները, որ այնտեղ առկա են վատ վերաբերմունքի, ազատությունից անօրինական զրկելու դեպքեր և այլն։ Միգուցե հնարավոր կլիներ կասկածի տակ դնել նաև ամբողջ դատավարությունը։ Դատավարության ընթացքն էլ է պաշտպանվում Եվրոպական կոնվենցիայի 6–րդ հոդվածով։ Կարելի էր դատավարությանը վերաբերող մասով էլ այնտեղ հետազոտություն իրականացնել՝ հասկանալու համար՝ չի՞ խախտվում, արդյոք, մեր հայրենակիցների արդար դատաքննության իրավունքը։ Եթե հաստատվեր, որ խախտվում է, հետևանքն այն կլիներ, որ դատավարությունները կամ դրանց մի մասը կճանաչվեին Կոնվենցիային հակասող։  Դա հոյակապ հնարավորություն էր, անհրաժեշտ էր այդ հնարավորությունն օգտագործել, բայց չօգտագործվեց, թեև ՓՊ–ը, անձամբ ես և մի խումբ այլ փաստաբաններ մեզնից կախված ամեն ինչ արեցինք։ Մի քանի անգամ հանդիպումներ ունեցանք կառավարության ներկայացուցիչների հետ։ Նրանք ամեն անգամ գալիս էին ինչ–որ հակափաստարկներ պատրաստած, բայց ամեն անգամ համոզվում էին, որ մենք ճիշտ ենք, որ իրավունքը մեր կողմն է, որ միանշանակ իրավունք ունենք գնալու և գնալն ուղղակի անհրաժեշտ է։ Երբ հանդիպումներն ավարտվում էին, համոզվում էինք, որ ամեն ինչ նորմալ է, արդեն կստացվի, սակայն հաջորդ օրը տեղեկանում էինք, որ արգելքներ են առաջացել։ Մեզ պետք չէր, որ Կառավարությունը մեզ աջակցեր, մեզ ընդամենը պետք էր, որ Կառավարությունը մեզ չխանգարեր, որպեսզի իրականացնեինք գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների պաշտպանությունը։   Շարունակությունը՝ սկզբանղբյուր կայքում
09:46 - 04 հոկտեմբերի, 2023
Զորակոչել են որպես խոհարար, մարտական առաջադրանքի ուղարկել՝ որպես հետախույզ․ «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողի հարցաքննությունը

Զորակոչել են որպես խոհարար, մարտական առաջադրանքի ուղարկել՝ որպես հետախույզ․ «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողի հարցաքննությունը

44-օրյա պատերազմի ժամանակ պահեստազորայինների կազմով որպես խոհարար զորակոչված Ալեքսանդր Բաբայանին մարտական առաջադրանքի են ուղարկել որպես հետախույզ։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր հայտնեց ինքը՝ Բաբայանը։ Նա «Քիմիկների զորամաս»–ի անվանումը ստացած քրեական գործով տուժողներից է, սակայն՝ ոչ հենց Քիմիկների զորամասից (խոսքը ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի մասին է)․ 2020 թ․ սեպտեմբերի վերջից ծառայության է անցել Կապանի զորամասում, իսկ հոկտեմբերի 21-ին 11 այլ պահեստազորայինների հետ կցվել է Քիմիկների զորամասի՝ Մեղրիից Կապան ժամանած անձնակազմին եւ մեկնել առաջադրանքի։ Այդ օրը, հիշեցնենք, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի հրամանով 62–հոգանոց անձնակազմը մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կովսական քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք եւ «Սանրում» գործողության կատարման եղանակով հայտնաբերել եւ ոչնչացնել  հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Սակայն Մակարյանը, ըստ քրեական գործի, ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման հարցը, եւ դրա, ինչպես նաեւ զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով խումբը «Կիրի հանք» հասնելու նպատակով Արցախի Հանրապետության Կովսականի շրջանի Կերեն գյուղի վարչական տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի զինծառայողների հետ բռնվել անհավասար մարտի: 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Գործի շրջանակում մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ՊՆ ՌՔԿՊ զորքերի պատրաստության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, 2020 թ․ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Ըստ տուժողի՝ իրենք չեն տեղեկացվել, թե ով է իրենց անմիջական հրամանատարը Դատարանում ցուցմունք տալով՝ Ալեքսանդր Բաբայանը հայտնեց, որ ամբաստանյալներից ոչ մեկն իր հրամանատարը չի եղել, նրանց քրեական գործից առաջ չի էլ ճանաչել։ Իր հրամանատարը եղել է մայոր Արտակ Վարդանյանը, որն էլ հենց հայտնել է մարտական առաջադրանքի մասին՝ ասելով՝ Զանգելանը մերն է, չթողնեն՝ գրավեն։ Ըստ Բաբայանի՝ հրամանատարը ասել է, որ Կովսականում 8 հոգու շարժ են նկատել, պետք է որպես հետախույզ գնան՝ «սանրման» աշխատանքների։ Հանրային մեղադրողներ Դավիթ Նավասարդյանը, Արշակ Մարտիրոսյանը Դատավարության մասնակիցները այս դրվագի վերաբերյալ մի շարք հարցեր ուղղեցին տուժողին․ – Ե՞րբ դարձաք հետախույզ։ – Այդ օրը։ – Ինչի՞ց եք ենթադրել, որ հետախույզ եք։ – Եկան, էդպես ներկայացրին, ասացին՝ 12 հոգի որպես հետախույզ գնալու ենք, «չիստկա» անեք, շարժի մասին զեկույցներ անեք, իսկ որ բոյ եղավ, մնացածը քիմիկներն են անելու։ – Ի՞նչ է նշանակում «սանրման» աշխատանք։ – Ես չգիտեմ, ես չեմ էլ պատկերացնում, կյանքումս հետախույզ չեմ եղել, որ ինձ ներգրավել են,– ասաց Բաբայանը, որ ժամկետային զինծառայության ժամանակ հրաձիգ է եղել։ – Հարց ուղղեցի՞ք Ձեր վերադասին։ – Ոչ, մեր վերադասը դաժը քարտեզ․․․ Տարածքին չի ծանոթացրել, թե ուր ենք գնացել։ Ես կյանքիս մեջ Կապան չէի եղել, չեմ էլ պատկերացրել Կապանն ինչ է կամ Զանգելանը որտեղ է․․․ Ես նենց եմ հասկանում, որ էդ [«սանրման» աշխատանքը] «չիստկա» է, բարբառով ասած․․․ – Բա Ձեր մեջ հարց չառաջացա՞վ, որ Դուք, որպես հետախույզ, որեւէ դասընթաց էլ չեք անցել․․․ – Չէ, որովհետեւ էդ խառը վիճակը տեսնելով՝ ոչ մի բան կոնկրետ ինձ չէր հետարքրքում։ – Իսկ որ գնայիք, իջնեիք ավտոբուսներից, ի՞նչ պիտի անեիք։ – Կարողա մեկը հրահանգավորեր էդ ժամանակ, չեմ կարող ասել։ Հրամանատարը՝ Արտակ Վարդանյանը, զորքի հետ չի մեկնել։ Թե ինչու, տուժողին հայտնի չէր։ Միեւնույն ժամանակ նա պաշտոնատար այլ անձի անուն, ըստ տուժողի, չի տվել, չի հայտնել, թե ով է լինելու իրենց անմիջական հրամանատարը առաջադրանքի ժամանակ, ասել է միայն՝ այ սենց՝ ժպիտը դեմքներիդ, հետ գաք, տղե՛րք։ Ըստ տուժողի՝ իրենց տրամադրվել է զրահաբաճկոն, սաղավարտ, մեկական նռնակ եւ ԱԿԱ-74 տեսակի հրաձիգ՝ իր 4 փամփուշտատուփերով։ Կապի միջոցներ չեն եղել։ Լուսադեմին տագնապով շարվել են, ճանապարհ ընկել։  Թե ինչպես է ստացվել, որ իրենց զրահաբաճկոն տվել են, Քիմիկների զորամասի անձնակազմին՝ ոչ, տուժողը չգիտեր, ասաց՝ նրանց չեն ճանաչել, շատ չեն էլ շփվել։ Տուժողի խոսքով՝ առջեւից գնացել է վիլիսը (ըստ ամենայնի, ուղեկցողների մեքենան–հեղ․), որից հետո՝ 3 ավտոբուսները, յուրաքանչյուրում՝ մոտ 20-21 հոգի։ Ինքը եղել է առաջին ավտոբուսում, որտեղ նաեւ քիմիկների մի մայոր է եղել։ Թե ով, Բաբայանը չգիտեր։ Բաբայանի խոսքով՝ հակառակորդի հարձակումն անակնկալ է եղել, թվակազմը՝ զգալիորեն մեծ Ալեքսանդր Բաբայանը պատմեց, որ երբ հակառակորդը անակնկալ հարձակվել է, ավտոբուսը դեռ ընթացքի մեջ է եղել, մինչդեռ նախորդ նիստին հարցաքննված տուժողը՝ Արտակ Անդրեասյանը, ասել էր, որ ավտոբուսներից հանգիստ պայմաններում իջել են, մի քանի րոպե անց նոր՝ հարձակման ենթարկվել։ Այս հակասությունը Բաբայանը դժվարացավ պարզաբանել, ասաց՝ ինքն առաջին ավտոբուսում է եղել, մյուսներից տեղյակ չէ։ «Սարերի վրա շարժ նկատեցինք, սկսեցին կրակել, մի քանի հոգի տեսանք, ասեցինք՝ տղե՛րք, իրենք են, ու  զենքերը զարիժատ արեցինք, հենց սկսեցին ավտոբուսի վրա կրակել, կոպիտ ասած, շունը տիրոջը չէր ճանաչում, ով ոնց հասցրեց, իջավ»։ Մեղադրողի հարցին՝ մարտական առաջադրանքը, որ իրենք ստացել են, բովանդակային առումով ներառե՞լ է այն իրավիճակը, որին իրենք փաստացի ականատես են եղել, տուժողը բացասական պատասխան տվեց։ Մյուս հարցին՝ կռվի ժամանակ գործողությունների հրահանգավորում եղե՞լ է, նա դարձյալ բացասական պատասխանեց՝ նշելով, որ հիշյալ մայորն ասել է միայն՝ ինչքան կարողանում եք, շատ կրակեք, մեր վրա են գալիս։ Նրա խոսքով՝ 6-7 հոգով թաքնվել են ինչ–որ պատի հետեւում, իր կողքին եղել է իր համաքաղաքացի, մասիսցի Դավիթ Կատանյանը։ Մարտը տեւել է մոտ 1 ժամ․ «Բոյի ժամանակ, երբ էլ չէինք կարողանում դիմադրել, սկսեցինք նահանջել, մեքենա արդեն չենք նկատել․․․ Դեմից ավտոմատով էին կրակում, մենք 1 հատ նռնակ էինք շպրտում, իրենք 100 հատ էին շպրտում, զգալի շատ էին․․․ Նռնակը որ շպրտել են, ընկել եմ քարերի վրա, կոտրվածք եմ ստացել, դրանից հետո բան չեմ հիշում․․․ Հիշում եմ, որ տղերքը ինձ քարշ տվեցին, հանեցին, հետո մի հատ գետ էինք անցնում, էդտեղ էլի ընկա, գետից օգնեցին, հանեցին, էդ տղուն ասեցի՝  թող գնա, պետք չի՝ իմ պատճառով մարդ մեռնի, ստիպեցի, որ գնա, գնաց»,– ասաց տուժողը։ Դահլիճում գտնվող ծնողները հուշեցին՝ խոսքը Գեւորգ Եդիգարյանի մասին է։ «Քայլել ընդհանրապես չէի կարողանում, 10 օր սողեսող գետին հակառակ նահանջել եմ,  հոկտեմբերի 31–ին Որոտանի ափին ինձ գտել են ու գերեվարել»,– պատմեց տուժողը։ Նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը Կիրի հանք տեղանքը, որտեղ էլ հենց պիտի մեկներ անձնակազմը, նրան ծանոթ չէր, դրա մասին խոսակցություններ, կոնկրետ առաջադրանքներ չէր լսել։ Ճանապարհին ոստիկանական հենակետ նկատել էր, ասաց՝ վիլիսն էլ, իրենց ավտոբուսն էլ այնտեղ կանգնել են, բայց թե ինչ նպատակով, դարձյալ չգիտեր։ Դա հենց այն հենակետն էր, որտեղ, ըստ առաջադրանքի, անձնակազմը պիտի իջներ ավտոբուսներից։ Թե ինչու չեն իջել, ինչու են խորացել դեպի Կովսական, տուժողին հայտնի չէր, ասաց՝ հայրենադարձվելուց հետո՝ քննիչի մոտ է իմացել, որ իրենք այդտեղ պիտի իջնեին․ «Քննիչն ասել է՝ ձեզ առաջադրանք է տրվել, որ հանքը պահեք, ինչի՞ եք մտել Զանգելան, ասել եմ՝ գնա, հրամանատարներին այդ հարցը տուր, ես զինվոր եմ»։ Ալեքսանդր Բաբայանը խուսափեց հստակ որեւէ մեկին որպես մեղավոր նշել Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հետաքրքրվեց, թե ի վերջո, իր գնահատմամբ, կատարվածն ում մեղավորությունն է․ – Ես չեմ կարող որոշում կայացնել կամ ինչ–որ մեկին մեղադրել, եղածը եղած է, ինձ էլ ճիշտ հասկացեք, ես դնեմ ասեմ՝ Պողոսն է մեղավոր․․․–ասաց տուժողը։ – Դու պրծել ես, ուրեմն՝ եղածը եղա՞ծ է,– լսվեց ծնողներից մեկի ձայնը։ Մեղադրողը վերաձեւակերպեց հարցը․ – Ի՞նչ պատճառով այս ամենը տեղի ունեցավ․ մարտական խնդրի կազմակերպմա՞ն գործընթացքում կար որեւէ մեկի սխալը, իրագործմա՞ն ընթացքում կար, չպիտի՞ հայտնվեիք այդտեղ, պատճառները կարող են տարբեր լինել։ – Իրագործման ընթացքում, ավելի ճիշտ, քանի որ էստեղ ենք իմանում, որ Կիրի հանք պիտի պահեինք, բայց մեզ մտցրել են Զանգելան։ Էդ անփութության պատճառով է էդ ամենը եղել։ – Իսկ ո՞վ պիտի դա համակարգեր,– հարցրեց մեղադրողը։ – Ո՞ւմ էին հրամանատար նշանակել, ես չեմ պարզել, չեմ էլ ուզում, ես ունեի մի հրամանատար, հրամանը տվել էր, հասել էի էդտեղ,– ասաց տուժողը։ Տուժողների իրավահաջորդները Այս եւ նմանատիպ հարցերին ի պատասխան նա ամեն կերպ խուսափեց ամբաստանյալներից որեւէ մեկին որպես մեղավոր նշել՝ պատճառաբանելով, որ նրանց չի ճանաչել, այնտեղ չի տեսել։ Դահլիճում գտնվող տուժողների իրավահաջորդներից Հայկ Եղիազարյանը, դիմելով նրան, հարցրեց․ – Եթե կան նախորդող օրերի տեսանյութեր, որտեղ Ադրբեջանը ցուցադրում է, որ Զանգելանը գրավել է, եթե կա Ադրբեջանի նախագահի տեսանյութ, որ պաշտոնապես հայտնում է, որ Զանգելանը Ադրբեջան է, էն փաստը, որ Դուք խոհարար եք եղել, բայց Ձեզ տարել են հետախույզ, էն փաստը, որ դուք չունեք ձեր գլխին հրամանատար մարտի դաշտում, ճանապարհին, որ ձեզ հրահանգ, խորհուրդներ տա, էդ ամեն ինչը ձեզ մոտ կասկած չի՞ առաջացնում, քանի՞ հատ հանգամանք բերեցի, դրանից ավելի էլ ի՞նչ պիտի լինի։ – Դե, Դուք փաստեր ունեք, բայց ես էդ փաստերից տեղյակ չեմ եղել։ – Դուք պատկերացնում եք 8 հոգի, գնացել եք, 500 հոգի է եղել, այսինքն՝ ռազվետկեն ձեզ ոչ հավաստի տեղեկություն է տվել, չէ՞, ձեզ տարել են, որ փուռը տա՞ն, կոպիտ ասած։ – Բա տվել են, էլ ի՞նչ են արել,–պատասխանեց տուժողը։ Ամբաստանյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Վահան Հովհաննիսյանը Թե ով, նա դարձյալ չնշեց։ Արսեն Աբգարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի հարցին ի պատասխան էլ՝ կարծիք հայտնեց, որ Աբգարյանն իր գերեվարության մեջ մեղավոր չէ, քանի որ ինքը նրան չի ճանաչում, այնտեղ չի տեսել։ Ի պատասխան դատախազի հարցին՝ նշեց՝ ամեն դեպքում, եթե կոնկրետ այդ կրակոցների վայր չհասնեին, իրավիճակը կարող էր այլ լինել։ – Մարտի դաշտում Աբգարյանն է եղել ձեր հրամանատարը, ծանոթացեք,– ասաց դահլիճում գտնվող իրավահաջորդներից մեկը։ Արձագանքելով սրան՝ Աբգարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե տուժողները մոլորության մեջ են․ «Դատական գործի նախապատրաստական մասում, եթե հիշում եք, դրա շուրջ որոշակի քննարկում տեղի ունեցավ, որ մենք հրապարակենք քրեական գործում առկա բոլոր փաստաթղթերը, որպեսզի հնարավորություն ունենանք տուժողներին հարցեր տալ, հիմա մենք չենք հրապարակել, եւ անում են արտահայտություն, որ ձեր հրամանատարը մարտի դաշտում եղել է Արսեն Աբգարյանը։ Եթե հրապարակեինք այդ նյութերը, պարզ կլիներ, որ Աբգարյանը չի եղել Արտակ Վարդանյանի հրամանատարը, եւ տուժողները մոլորության մեջ են, այ դրա համար էի ասում, հիմա ես ինչպե՞ս հարց ուղղեմ տուժողին,– դիմելով դատարանին՝ ասաց պաշտպանը։ Նշենք, որ դատակոչված անձանց կողմերը կարող են հարցեր տալ միայն դատարանում արդեն իսկ հետազոտված ապացույցների վերաբերյալ։ Պաշտպանի կողմից հիշատակված ապացույցները դեռ չեն հետազոտվել, դատարանը դրանց անդրադառնալու է տուժողների եւ վկաների հարցաքննությունների ավարտից հետո։ Դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ Բաբայանի հարցաքննությունն այսօր մնաց անավարտ։ Այն կշարունակվի հոկտեմբերի 6-ին։   Միլենա Խաչիկյան
22:50 - 02 հոկտեմբերի, 2023
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «3 տարի առաջ այս օրն Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեց իր հայրենիքում ապրող Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի նկատմամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, իրականացնելով զանգվածային ռազմական հանցագործություններ: Այս կործանարար գործողությունները մաս էին կազմում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի ծրագրված քաղաքականության։  Չնայած բազմաթիվ ուղերձներին և ջանքերին՝ տարածաշրջանում առկա խնդիրները կարգավորել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ Ադրբեջանը շարունակեց իր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման գործելակերպը՝ խուսափելով միջազգային մեխանիզմի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունից: Այս երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցել է անմարդկային դժվարությունների միջով՝ շարունակաբար ենթարկվելով ռազմական հարձակումների, ահաբեկումների, 10 ամիս շարունակվող շրջափակման և սովամահության։  Միջազգային հանրության կողմից դեռևս երեք տարի առաջ ուժի կիրառման քննադատության և կոշտ արձագանքի բացակայության, 2020թ․ 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված անվտանգային երաշխիքների անարդյունավետության և ԼՂ-ում միջազգային հասանելիության բացակայության պայմաններում Ադրբեջանի հայատյաց գործողություններն ու քաղաքականությունը ոչ միայն չդադարեցին, այլև հասան իրենց նոր դրսևորման՝ սեպտեմբերի 19-ին ձեռնարկած զինված հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զգալի մասի՝ փաստացի բռնի տեղահանման, էթնիկ զտման: Այսօր Հայաստանի Հանրապետությունը ոգեկոչում է 2020թ․ 44-օրյա պատերազմում և դրան հաջորդող շրջանում զոհված մեր բոլոր հայրենակիցների հիշատակը։ Այսօր մենք ընդգծում ենք տարածաշրջանում ուժի կիրառման դատապարտման, հերթական զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը»:
22:42 - 27 սեպտեմբերի, 2023
Ռուսաստանը մտադիր է շարունակել անհրաժեշտ ջանքերը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
 |armenpress.am|

Ռուսաստանը մտադիր է շարունակել անհրաժեշտ ջանքերը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը մտադիր է շարունակել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև գոյություն ունեցող եռակողմ համաձայնության հիման վրա տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան  տարածած հայտարարության մեջ: «2020 թվականի ողբերգական իրադարձությունների սկզբի հիշատակի օրը մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք զոհերի համար, մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- նշել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից՝ հավելելով, որ  ռուսական կողմի, այդ թվում՝ ռուս խաղաղապահ զորակազմի  գործունեության ուշադրության կենտրոնում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հումանիտար հրատապ խնդիրները։
20:52 - 27 սեպտեմբերի, 2023
«Սկոռին պիտի վիրավոր զինվորին տաներ, բայց Վահանյանն իր վերքը պոկել է, նստել, փախել»․ Խուռհատ սարի գործով տուժողի իրավահաջորդ

«Սկոռին պիտի վիրավոր զինվորին տաներ, բայց Վահանյանն իր վերքը պոկել է, նստել, փախել»․ Խուռհատ սարի գործով տուժողի իրավահաջորդ

2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ շտապօգնության մեքենան եկել է՝ վիրավորներին տանելու, սակայն Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, իր վերքը պոկելով, անձամբ է նստել մեքենան եւ հեռացել։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր ասաց Սուսաննա Համբարձումյանը, որը նույն գումարտակի՝ այդ ժամանակ ժամկետային զինծառայող Էրիկ Մարտիրոսյանի տատն է։  Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին մեկնել է Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, սակայն հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Գումարտակի հրամանատարի ենթադրյալ փախուստից հետո չկանոնակարգված նահանջի արդյունքում անձնակազմը կիսվել է․ մի մասին հաջողվել է փրկվել, մյուսին՝ ոչ․ որոշ զինծառայողներ, տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել են այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել, որոշներին էլ միայն ժամանակավորապես է հաջողվել թաքնվել անտառներում եւ հարակից գյուղերում։ Սուսաննա Համբարձումյանի թոռը՝ Էրիկ Մարտիրոսյանը, Վանք գյուղի տներից մեկում թաքնված, պատերազմի ավարտից հետո հայտնաբերված եւ սպանված զինծառայողներից է։ Դատավոր Ջոն Հայրապետյանը Համբարձումյանը, որ դատարան էր ներկայացել Լոռու մարզի Ալավերդի քաղաքից, Վահանյանին տեսնելով, հուզվեց․ – Ինչի՞ էս լավ մարդկանց մեջ հանդիպեցի, նրանց խաթր չեմ կարողանում քեզ արժանի բառեր գտնել,– արտասվելով ասաց նա։ Դատավոր Ջոն Հայրապետյանը փորձեց հանգստացնել տուժողի իրավահաջորդին, բացատրել, որ դահլիճում գտնվող բոլոր ծնողներն էլ իրենց վիշտն ունեն․ – Մարդ կա՝ երկու որդի է կորցրել, պատկերացրեք՝ իր վիշտը ինչքան է։ – Ես էլ 6-ն եմ կորցրել,– ասաց Համբարձումյանը՝ նկատի ունենալով իր թոռանն ու նրա հետ շրջափակման մեջ զոհված 5 տղաներին։ Սուսաննա Համբարձումյանը թոռան հետ կապի մեջ է եղել մինչ հոկտեմբերի 16-ը Սուսաննա Համբարձումյանը պատմեց, որ իր թոռը Ջրական է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 20-ին, սակայն կարանտինով պայմանավորված՝ սկզբում Մարտունիում է եղել․ «Իմ էրեխեն սկզբում հեռախոս չուներ, զանգեց ուրիշի համարից, թե լավ է, կնքվեցինք, տատի՛ ջան, սաղ ասավ՝ գումարտակի հրամանատար, սերժանտներ․․․ Հրամանատարը՝ Վազգեն Վարդանյանը (վաշտի հրամանատարն է,–հեղ․), էն ինչ մի բարի անձնավորություն էր, որ մեռնեմ էլ, սրտումս դաջվածք կանեմ էդ անունը, իր հեռախոսով զանգեց, ինքն էլ խոսաց, ասաց՝ տա՛տ ջան, ան, թոռիդ հետ խոսի, ասաց՝ կորոնայի ժամանակ որ գաք, կպատժվեք․․․ Իրիկունն էլ զանգում էր, թոռնիկիդ հետ խոսի, էդ ինչ յուրահատուկ մատուցում էր անում, թոռանս անունը «Խելոք» էր դրել, ասում էր ՝ Խելո՛ք, արի՛, ասում էի՝ խի՞ ես Խելոք ասում, ասում էր՝ էնքան խելոք ա, Խելոք ջան եմ ասում, ասեցի՝ ես էլ քեզ ջան կասեմ, Վազգեն ջան»։ Համբարձումյանը հայտնեց՝ հոկտեմբեր ամսին, երբ իր թոռն արդեն Հադրութում է եղել, հոսպիտալում տեսակցել է Վարդանյանին․ «Ասաց՝ ինձ գտաք, Էրոյին գտե՞լ եք, ասեցի՝ Վազգեն ջան, որտե՞ղ գտնեմ, դու էիր մեզ միջնորդը, ասաց՝ երնեկ ման գաք, գտնեք Խելոքիս»։ Դահլիճում գտնվող այլ ծնողներ, սակայն, հայտնեցին, որ Վազգեն Վարդանյանը վիրավորում չի ստացել։ Նշենք, որ նա նահանջի ժամանակ զորքի մի մասի հետ ճիշտ ուղղությամբ գնացած եւ փրկված սպաներից է։ Դատաքննության սկզբում Վարդանյանը ներկայացել է դատարան եւ պատմել նահանջի եւ դրան նախորդած իրադարձությունների մասին։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Համբարձումյանի խոսքով՝ ինքը թոռան հետ կապի մեջ է եղել մինչ հոկտեմբերի 16-ը, օրական 3-4 անգամ խոսել են․ «Որ հարցրի՝ ինչի՞ եք անտառներում քայքայված․․․ Որովհետեւ․․․ [Վահանյանը] իջել է ներքեւ, որ սկոռուն բերի, վիրավոր տանի, սկոռին եկել է, թե չէ, վերքը պոկել է, նստել, գնացել է․․․ Ադոյան Դավիթին պիտի էդ սկոռին տաներ, ինքն է նստել, փախել, իմ բալեն է ասել»։ Դրա պատճառով, ըստ տիկին Սուսաննայի, զորքը ընկել է շրջափակման մեջ։ Իր թոռն ու համածառայակիցները, չցանկանալով լքել իրենց վիրավոր ընկերոջը, ողջ ընթացքում նրան իրենց հետ տեղափոխել են, մինչեւ վերջին րոպեն կողքին եղել։ Համբարձումյանն էլ այդ օրերին հեռախոսով կապի մեջ է եղել․ «Միամիտ էրեխեք էին՝ 2-3 ամսվա զինծառայող, մի ամիս հույս էինք տալիս, լույս էինք տալիս, մթնեց․․․ Ամբողջ գիշեր ես հեռախոսակապով էդ էրեխի (նկատի ունի՝ Դավիթ Ադոյանին,–հեղ․) տնքոցը լսեի, չքնեի․․․» Այդ գիշերը, ըստ տիկին Սուսաննայի, Ադոյանի վերջին գիշերն է եղել (նրա մոր հարցաքննությունը՝ այստեղ), 5 ծառայակիցները նրան հուղարկավորել են, դրանից հետո իրենք են հայտնաբերվել թշնամու կողմից․ «Իմ էրեխեն ասավ՝ տատ, [կամ] 6-ս պիտի ապրենք, [կամ] 6-ս պիտի մեռնենք»,– թոռան խոսքերը հիշելով՝ հուզված պատմեց Համբարձումյանը։ Ըստ Արմեն Ագանեսյանի՝ նորակոչիկներին առաջնագիծ տանող բոլոր պատասխանատուներն էլ մեղավոր են Այսօր հարցաքննված մյուս վկան Արմեն Ագանեսյանն էր՝ զոհված Հայկ Ագանեսյանի հայրը։ Վերջինս չէր ճանաչում Իշխան Վահանյանին, կատարվածի մասին շատ տեղեկություններ չուներ․ «էրեխուն մի ամիս չկար՝ ուղարկել էինք, չկա էրեխեն, վերջ, ես էլ ի՞նչ պատմեմ, ի՞նչ ասեմ, ասում են՝ հրամանատարները լրիվ էրեխեքին առաջին գծում թողել են, իրենք փախել են, էդքան բան գիտեմ ես»,– ասաց նա։                                                   Ագանեսյանի որդին եւս Ջրականում է ծառայել, սակայն կարանտինով պայմանավորված՝ ծնողները նրան չեն կարողացել այցելել, հստակ չգիտեն էլ՝ զինվորական երդում տվել է թե չէ։ Ձախից՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը, տուժողի իրավահաջորդ Արմեն Ագանեսյանը Պատերազմի մեկնարկից հետո որդու հետ հեռախոսակապի մեջ են եղել, թե մինչեւ երբ, հայրը դժվարացավ հիշել․ «Խոսացել ենք մի քանի անգամ․․․ Ջաբրայիլը որ գմփացրին, իմացանք ստեղից–էնտեղից, որ էրեխեքին տարել են Հադրութ՝ բունկեր․․․ Բայց ոչ մի բունկեր էլ չեն տարել, գիտեմ, որ ինչ–որ դպրոց են եղել, էնտեղից էլ հանել, տարել են դիրքեր․․․ Ինքը մեզ ասել է՝ բունկերում ենք, պապ ջան, արխային եղի, ի՞նչ բունկեր, առաջին գիծ են եղել, սաղ սուտ էր․․․ Սպաներից մեկը վիրավորվել է թե խփել են, ուրիշ սպա են բան արել էդ ժամանակ, դա էրեխեքին թողել, փախել է, գնացել, կորել են, մտել են մի տուն, տան մեջ մնացել, ես այլ մանրամասներ չգիտեմ»։ Կատարվածի համար հայրը բոլոր պատասխանատուներին է մեղավոր համարում․ «Սաղ թողել, փախել են, ով կա–չկա, սաղ էլ մեղավոր են, որ էդ էրեխեն ավտոմատ բռնել չգիտեր, բայց գնացել է պոստ, կրակել գիտե՞ր էդ էրեխեն, որ տարել են պոստ, բոլորը մեղավոր են, բոլորը՝ Փաշինյանից բռնած»,– ասաց նա։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 26-ին։   Գլխավոր լուսանկարում՝ Սուսաննա Համբարձումյանը Միլենա Խաչիկյան
22:56 - 22 սեպտեմբերի, 2023
Զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուրում են՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը

Զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուրում են՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը

Զոհված զինծառայողների ծնողները օրը փոխվելուն պես Եռաբլուր զինվորական պանթեոնում են՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը։ Վաղ առավոտյան այնտեղ են ժամանել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը։  Իրադրությունը լարվել է նրանց գալուց հետո։ Ծնողները նրանց թույլ չեն տվել մտնել պանթեոն։ Վիճաբանություն է սկսվել նրանց միջև։ Տեղում իրավիճակը փորձում էին հանդարտեցնել Ռազմական ոստիկանության ծառայողները։ Լրագրողի հարցին, թե ինչու են այսօր մենակ եկել, միշտ Նիկոլ Փաշինյանի հետ են գալիս, Աղազարյանը պատասխանեց․ «Կոնկրետ ես շատ բաներ անում եմ իմ խղճին համաձայն»։ Հիշեցնենք, որ 2022 թ․ սեպտեմբերի 21-ին, երբ մի շարք ծնողներ որոշել էին թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Անկախության տոնի առիթով այցը «Եռաբլուր» զինվորական պանթեոն, Ոստիկանության ծառայողների եւ որդեկորույս ծնողների մասնակցությամբ միջադեպ էր տեղի էր ունեցել։ Վաղ առավոտից այնտեղ հավաքված մեծաթիվ ոստիկաննները բերման էին ենթարկել ծնողներին՝ ինչպես հետագայում պարզվեց, մարմնական վնասվածքներ հասցնելով։ Դեպքի առթիվ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր նշանակվել, իսկ ավելի ուշ՝ Քննչական կոմիտեում քրեական վարույթ նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով):
09:07 - 21 սեպտեմբերի, 2023