Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Բայդենը վստահեցնում է՝ ժողովրդավար պետություններն ուժեղանում են ավտորիտարների դեմ պայքարում
 |azatutyun.am|

Բայդենը վստահեցնում է՝ ժողովրդավար պետություններն ուժեղանում են ավտորիտարների դեմ պայքարում |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի համոզմամբ՝ միջազգային հանրությունն ականատեսն է կարևորագույն փոփոխությունների, որոնք կհանգեցնեն ժողովրդավարության տարածմանն աշխարհով մեկ։ Ելույթ ունենալով իր նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովում, Սպիտակ տան ղեկավարը վստահեցրել է՝ ժողովրդավար պետությունները դառնում են ավելի ուժեղ, այլ ոչ թե թուլանում՝ ավտորիտարների դեմ պայքարում: «Ինչպես ես հաճախ ասում եմ՝ մենք գտնվում ենք պատմության շրջադարձային փուլում, երբ այսօր կայացվող որոշումներն ազդում են աշխարհի զարգացման ընթացքի վրա՝ առաջիկա մի քանի տասնամյակների կտրվածքով», - ընդգծել է նախագահ Բայդենը, խոստովանելով՝ ժողովրդավարություն կերտելն ու զարգացնելը մեծ ջանքեր է պահանջում։ «Ժողովրդավարության զարգացման ուղղությամբ աշխատանքը երբեք չի ավարտվում», - շեշտել է Բայդենը և դիմելով գագաթնաժողովի 120 հրավիրյալներին՝ հորդորել զարգացնել ձեռք բերած առաջընթացը աշխարհով մեկ ժողովրդավարության տարածման հարցում։ Այդ նպատակի համար Միացյալ Նահանգների կառավարությունն այս տարի 690 միլիոն դոլար է հատկացրել։ Ըստ Սպիտակ տան՝ այդ գումարը կուղղվի մասնավորապես անկախ լրատվամիջոցներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարական բարեփոխումներին, արդար ընտրություններին աջակցությանը։ Բացի այդ, Միացյալ Նահանգների առաջնորդն օտարերկրյա գործընկերներին հորդորեց միանալ մասնավոր լրտեսական ծրագրերի դեմ պայքարին՝ պաշտպանելու այլախոհներին, ակտիվիստներին, լրագրողներին կիբեր սպառնալիքներից, հետապնդումներից: Արդեն երկրորդ անգամ անցկացվող այս հավաքը Բայդենի նախընտրական խոստումներից է՝ ավտոկրատ կառավարությունների վերելքի ֆոնին փորձելու վերականգնել և ամրապնդել ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում։ Հրավիրյալների ցանկում այս տարի ևս չկան Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը, Հունգարիան, փոխարենը՝ գագաթնաժողովին առաջին անգամ մասնակցում են 8 երկրներ՝ Բոսնիա և Հերցեգովինան, Լիխտենշտեյնը, Կոտ դ'Իվուարը, աֆրիկյան մի շարք երկրներ։ 120 հրավիրյալ երկրներից մեկն էր Հայաստանը։ Վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի 3,5 րոպեանոց ելույթի մեծ մասը Լաչինի միջանցքի շրջափակման, Արցախի ու Հայաստանի անվտանգության մասին էր։
11:04 - 30 մարտի, 2023
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի լիագումար նիստում ընդունված հռչակագրին Հայաստանը միացել է վերապահումով

Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի լիագումար նիստում ընդունված հռչակագրին Հայաստանը միացել է վերապահումով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Գագաթնաժողովն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով: Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունվել է Հռչակագիր, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է վերապահումով: Ստորև ներկայացվում է վերապահման տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ է մնում հետևյալ պարբերությունից. «Մենք վերահաստատում ենք մեր ամուր վճռականությունը՝ աջակցելու աշխարհի այն երկրներին և ժողովուրդներին, որոնք հավատարիմ են ազատության և ժողովրդավարության արժեքներին՝ ընդդեմ դրանք խարխլելու ուղղակի կամ անուղղակի փորձերի կամ սպառնալիքների: Մենք ընդունում ենք ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, համաձայն որոնց բոլոր պետություններն իրենց միջազգային հարաբերություններում պետք է զերծ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից և իրենց միջազգային վեճերը կարգավորեն խաղաղ միջոցներով: Մենք ընդունում ենք պետությունների անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածի: Մենք ընդգծում ենք Ուկրաինայում հնարավորինս շուտ համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հասնելու անհրաժեշտությունը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան: Մենք ցավում ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած մարդու իրավունքների և մարդասիրական սարսափելի հետևանքների համար, ներառյալ ողջ Ուկրաինայում կրիտիկական ենթակառուցվածքների դեմ շարունակական հարձակումները, որոնք ավերիչ հետևանքներ ունեն խաղաղ բնակչության համար, և մեր խորը մտահոգությունն ենք հայտնում քաղաքացիական զոհերի մեծ թվի կապակցությամբ, ներառյալ կանանց և երեխաների, մարդասիրական օգնության կարիք ունեցող ներքին տեղահանված անձանց և փախստականների թվի, ինչպես նաև երեխաների նկատմամբ կատարված խախտումների ու բռնությունների կապակցությամբ: Մենք խորապես մտահոգված ենք համաշխարհային պարենային անվտանգության, էներգետիկայի, միջուկային անվտանգության և ապահովության, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա պատերազմի անբարենպաստ ազդեցությամբ: Մենք պահանջում ենք, որ Ռուսաստանը անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերի իր բոլոր ռազմական ուժերը միջազգայնորեն ճանաչված սահմաններով Ուկրաինայի տարածքից և կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Մենք նաև կոչ ենք անում զինված հակամարտության կողմերին հավատարիմ մնալ միջազգային իրավունքով, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորություններին: Մենք նաև կոչ ենք անում ամբողջությամբ փոխանակել ռազմագերիներին, ազատ արձակել բոլոր ապօրինի ձերբակալվածներին և վերադարձնել բոլոր ներկալվածներին և բռնի տեղափոխված և արտաքսված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաներին։ Մենք վճռականորեն աջակցում ենք Ուկրաինայի տարածքում միջազգային իրավունքով լրջագույն հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելը՝ ազգային կամ միջազգային մակարդակով պատշաճ, արդար և անկախ հետաքննությունների և քրեական հետապնդումների միջոցով, ինչպես նաև բոլոր զոհերի համար արդարադատության ապահովումը և ապագա հանցագործությունների կանխարգելումը», քանի որ սույն պարբերությունը համապարփակ և ընդգրկուն կերպով չի արտացոլում բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը և չի անդրադառնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին»։
08:43 - 30 մարտի, 2023
Չնայած մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը. Փաշինյան

Չնայած մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող Հանուն ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Հայաստանի վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեծարգո նախագահ Բայդեն, Պետությունների հարգարժան առաջնորդներ, Տիկնայք և պարոնայք, Ինձ համար պատիվ ու հաճույք է Հայաստանի Հանրապետության անունից ելույթ ունենալ Հանուն ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին։ Չնայած համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանը հետևողականորեն շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։ Դրա արդյունքում մեր երկիրը բարելավել է իր դիրքերը համաշխարհային տարբեր վարկանիշներում։ Freedom House-ը Հայաստանին դասել է որպես «ազատ» երկիր «Ինտերնետի ազատության» իր տարեկան զեկույցում: Հայաստանն աննախադեպ առաջընթաց է գրանցել նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից հրապարակված 2022 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում՝ բարելավելով իր դիրքերը 12 կետով։ Անցած տարի Հայաստանը 7 կետով բարելավել է իր դիրքերը Economist Intelligence Unit-ի կողմից հրապարակված ժողովրդավարության ինդեքսում։ Հայաստանի Կառավարությունը շարունակում է պայքարել կլիմայի փոփոխության դեմ՝ ցածր արտանետումներով էներգետիկ ոլորտ և կենսունակ կանաչ տնտեսություն կառուցելու համար: Մենք առաջընթաց ենք գրանցել Energy Trilemma Index 2021 էներգետիկական միջազգային վարկանիշում՝ զբաղեցնելով 53-րդ տեղը 127 երկրների շարքում։ Մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը զուգընթաց, մենք 2022 թվականի սեպտեմբերին ստիպված էինք բախվել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ ագրեսիայի, ինչը հանգեցրեց Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածքի մի մասի օկուպացմանը։ Դեռևս սեպտեմբերին մենք զգացինք ժողովրդավարական երկրների միասնականությունը և նրանց կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի հստակ դատապարտումը։ Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և մեր երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգներին և մյուս գործընկերներին, որոնք դիվանագիտական միջոցներով օգնեցին մեզ կասեցնել հետագա ներխուժումը։ Հայաստանը խստորեն դատապարտում է մարդու իրավունքների խախտումներն ամբողջ աշխարհում, և մենք շատ բան պետք է անենք միասին՝ կանխելու ցեղասպանությունները, էթնիկ զտումները և վայրագությունները: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով ծառացած հումանիտար ճգնաժամը, միանշանակ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է։ Եվ մենք չենք կարող աչք փակել դրա վրա։ Միևնույն ժամանակ, ես կրկնում եմ, որ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանի խաղաղ զարգացումն այլընտրանք չունի, և որ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալը կօգնի մեզ գտնել ճանապարհ դեպի խաղաղություն։ Տիկնայք և պարոնայք, Ժողովրդավարությունը շարունակական աշխատանք է, և մենք կշարունակենք ստանձնել նոր պարտավորություններ՝ Հայաստանի համար նոր նշաձող սահմանելով համաշխարհային ժողովրդավարական վարկանիշային աղյուսակում։ Ես հավատում եմ ժողովրդավարության ուժին՝ հանուն խաղաղության, հանուն ազատության, հանուն երջանկության։ Շնորհակալություն»:
17:09 - 29 մարտի, 2023
Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը այլոց դասեր տալու փորձ է․ Պեսկով
 |azatutyun.am|

Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը այլոց դասեր տալու փորձ է․ Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը այլոց դասեր տալու փորձ է, և երկրների ինքնիշխան գործն է մասնակցել այդ դասին։ Լրագրողները հիշեցրել են, որ արդեն երկրորդ անգամ համաժողովին մասնակցում են «Ռուսաստանին մոտ համարվող երկրներ, օրինակ Հայաստանը»: «Միացյալ Նահանգները, չնայելով որևէ բանի, դեռ հավակնում է լինել այսպես կոչված ժողովրդավարության համաշխարհային ուսուցիչը: Եվ ահա այժմ երկրորդ փորձն է անում որպես ուսանողների համախմբելու մի շարք երկրների՝ այնտեղ բարոյականության դասեր տալու համար։ Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել այս դասին, իրենց ինքնիշխան գործն է: Այնուամենայնիվ, պետությունները առաջին և երկրորդ կարգի բաժանելու փորձերն այժմ շատերի կողմից ժպիտով են ընկալվում», - ասել է Պեսկովը, շեշտելով՝ Մոսկվան այդ համաժողովը լուրջ իրադարձություն չի համարում։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցում է ԱՄՆ-ի հովանու ներքո անցկացվող «Հանուն ժողովրդավարության» երկրորդ հեռավար գագաթաժողովին։
15:58 - 29 մարտի, 2023
Վարչապետը մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի բացմանը

Վարչապետը մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նիստին: Գագաթնաժողովն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին մասնակցում են 100-ից ավելի երկրների առաջնորդներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային ժողովրդավարական ինստիտուտների ներկայացուցիչներ: Միջոցառումը համահյուրընկալող երկրներն են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կոստա Ռիկան, Նիդերլանդները, Կորեայի և Զամբիայի Հանրապետությունները: Լիագումար նիստը մեկնարկել է այս երկրների ղեկավարների ողջույնի ուղերձներով: Բացման խոսքով է հանդես եկել նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Գագաթնաժողովի օրակարգի շրջանակում նախատեսվում են թեմատիկ պանելային քննարկումներ՝ 2021թ. Հանուն Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովի հանձնառությունների կատարման, ժողովրդավարությանը սպառնացող մարտահրավերների, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների՝ կառավարման հաշվետվողականության ապահովման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, մամուլի ազատության, ներառական տնտեսական աճի և այլ թեմաների շուրջ:
15:22 - 29 մարտի, 2023
Բայդենը մտահոգություն է հայտնել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու ՌԴ հայտարարության առնչությամբ
 |armenpress.am|

Բայդենը մտահոգություն է հայտնել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու ՌԴ հայտարարության առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտահոգված է Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղադրելու Մոսկվայի հայտարարությունների առնչությամբ: Այս մասին ԱՄՆ առաջնորդը լրագրողներին հայտնել է Հյուսիսային Կարոլինայից Վաշինգտոն վերադառնալուց հետո: Ջո Բայդենը նաև շեշտել է, որ Ռուսաստանն առայժմ նման քայլի չի դիմել: «Նրանք այդպիսի բան դեռ չեն արել, եթե իհարկե, դա տեղի չի ունեցել, մինչ ես ուղղաթիռում էի», - ասել է Սպիտակ տան ղեկավարը: Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը միջուկային զենքի տեղակայման մասին՝ Բայդենը նշել է. «Նա վտանգավոր ուղերձ է հղում, և դա անհանգստացնող է»: Ավելի վաղ Սպիտակ տանն առընթեր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ Միացյալ Նահանգները դեռևս չի տեսել Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենքի տեղակայման ապացույցներ և մտադիր չէ հիպոթետիկ սցենարներ դիտարկել, թե ինչ կլինի նման զինատեսակների տեղակայման դեպքում։ Մարտի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը բելառուսական կողմի խնդրանքով կտեղակայի իր մարտավարական միջուկային զենքը Բելառուսում, ինչպես Միացյալ Նահանգները վաղուց անում է իր դաշնակիցների տարածքում։ ՌԴ նախագահի խոսքով՝ դա կարվի առանց միջուկային զենքի չտարածման ռեժիմը խախտելու: Պուտինը վստահեցրել է, որ Մինսկը չի ստանա վերահսկողություն միջուկային լիցքերի նկատմամբ: ՌԴ նախագահն այս որոշման պատճառ է անվանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի հայտարարությունն Ուկրաինային աղքատացված ուրանով հրետանային արկեր մատակարարելու պլանների մասին։ Մոսկվան արդեն Մինսկին է հանձնել «Իսկանդեր» համալիրը, որը կարող է միջուկային զենք կրել։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի պահեստարանի շինարարությունը կավարտվի հուլիսի 1-ին։
10:25 - 29 մարտի, 2023
Զանգվածային հրաձգություն ԱՄՆ-ի տարրական դպրոցներից մեկում. կա 6 զոհ |armenpress.am|

Զանգվածային հրաձգություն ԱՄՆ-ի տարրական դպրոցներից մեկում. կա 6 զոհ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Թենեսի նահանգի Նաշվիլ քաղաքի մասնավոր տարրական դպրոցներից մեկում զանգվածային հրաձգության զոհ է դարձել 3 իննամյա երեխա և 3 չափահաս, որոնցից երկուսը դպրոցի աշխատակիցներ էին: Հրաձիգը Նաշվիլի 28-ամյա բնակիչ էր, որը սպանվել է իրավապահների կողմից: Այս մասին հաղորդում է CNN-ը։  Իրավապահները հայտնել են, որ չարագործը հանգամանորեն պլանավորել էր հարձակումը. նրա մոտ գտել են դպրոցի մանրամասն հատակագծերը, ինչպես նաև տարբեր գրություններ, որոնք այժմ ուսումնասիրվում են: Հրաձգությունն իրականացրած Օդրի Հեյլը ժամանակին եղել էր այդ դպրոցի աշակերտ: Նա անցյալ տարի ավարտել էր Նաշվիլի Արվեստի և դիզայնի քոլեջը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրահանգել է իջեցնել Սպիտակ տան և բոլոր դաշնային շենքերի դրոշները՝ ի հիշատակ Նաշվիլի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի: Այս կարգադրությունը ուժի մեջ կմնա մինչև ուրբաթ: Բայդենը Նաշվիլի դպրոցի հրաձգության մասին խոսելիս դարձյալ զենքի մասին օրենքում փոփոխությունների կոչ է արել: Նա նշել է, որ հարկավոր է արգելել հարձակողական զենքերը: Ըստ Gun Violence Archive կազմակերպության տվյալների՝ 2023 թ.-ին ԱՄՆ-ում արդեն տեղի է ունեցել առնվազն 130 զանգվածային հրաձգություն:
10:01 - 28 մարտի, 2023
ԱՄՆ հետախուզությանը հանձնարարվել է կորոնավիրուսի ծագման մասին տեղեկություններ գաղտնազերծել |azatutyun.am|

ԱՄՆ հետախուզությանը հանձնարարվել է կորոնավիրուսի ծագման մասին տեղեկություններ գաղտնազերծել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ օրենք է ստորագրել, ըստ որի՝ Ազգային հետախուզությանը հանձնարարվում է գաղտնազերծել կորոնավիրուսի ծագման մասին որոշ տեղեկություններ, հաղորդում է Սպիտակ տունը։ «Մենք պետք է ամեն ինչ պարզենք՝ համոզվելու համար, որ կարող ենք ավելի լավ կանխել համաճարակներն ապագայում: Իմ վարչակազմը կշարունակի ուսումնասիրել կորոնավիրուսի ծագման հետ կապված բոլոր գաղտնի տեղեկությունները՝ ներառյալ այն վարկածը, որ վիրուսը կապված է Ուհանի Վիրուսաբանության ինստիտուտի հետ», - ընդգծել է Բայդենը։ Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը քվեարկել էին COVID-19-ի ծագման վերաբերյալ ամերիկյան հետախուզության տվյալները գաղտնազերծելու օգտին, ինչից հետո օրինագիծն ուղարկվել էր նախագահ Բայդենին՝ ստորագրման։
10:49 - 21 մարտի, 2023
Նեթանյահուն և Բայդենը հեռախոսազրույց են ունեցել ու քննարկել են «իրանական սպառնալիքը»

Նեթանյահուն և Բայդենը հեռախոսազրույց են ունեցել ու քննարկել են «իրանական սպառնալիքը»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Զրույցի հիմնական թեման է եղել «իրանական սպառնալիքը»։ Այս մասին նշված է Իսրայելի վարչապետի գրասենյակի թվիթերյան միկրոբլոգի գրառման մեջ։ Գրասենյակից հավելում են, որ Իսրայելի վարչապետը հայտնել է ԱՄՆ նախագահին, որ Թել Ավիվը շարունակելու է ամենուր գործողություններ ձեռնարկել ահաբեկիչների և ահաբեկչություններ կազմակերպողների դեմ։ «Զրույցը կենտրոնացած էր իրանական սպառնալիքի ու խաղաղության շրջանակի ընդլայնման վրա»,- ընդգծված է գրառման մեջ։ Նեթանյահուն անդրադարձել է նաև դատաիրավական բարեփոխումներին՝ ընդգծելով, որ Իսրայելը «եղել է և կմնա հզոր ու դինամիկ ժողովրդավարությամբ» երկիր։ Բացի այդ՝ նա նաև շնորհակալություն է հայտնել Բայդենին «Իսրայելի անվտանգությանը նրա նվիրվածության համար»։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցում ողջունել է իսրայելա-պաղեստինյան պայմանավորվածությունները Արևմտյան ափում լարվածությունը թուլացնելու համար և օգնություն առաջարկել հրեական պետության ներքաղաքական հակասությունները լուծելու հարցում։ Շուրջ երեք ամիս Իսրայելում հազարավոր մարդիկ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ ընդդեմ Նեթանյահուի կոալիցիայի կողմից իրականացվող իրավական բարեփոխումների: «Բայդենը ողջունել է Իսրայելի, Պաղեստինի, Եգիպտոսի, Հորդանանի և ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումը, որը տեղի է ունեցել մարտի 19-ին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում՝ նպատակ ունենալով թուլացնելու լարվածությունը։ Նախագահն ընդգծել է բոլոր կողմերի կողմից հրատապ հավաքական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ուղղված անվտանգության համակարգումն ուժեղացնելուն, ահաբեկչության բոլոր գործողությունները դատապարտելուն և երկու պետությունների որոշման կենսունակության պահպանմանը»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում։
10:12 - 20 մարտի, 2023
Բայդենն ու Շոլցը պատրաստակամություն են հայտնել շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի դեմ |1lurer.am|

Բայդենն ու Շոլցը պատրաստակամություն են հայտնել շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի դեմ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Սպիտակ տանը կայացած բանակցությունների ժամանակ պատրաստակամություն են հայտնել շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի դեմ այնքան, որքան անհրաժեշտ է: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: «ԱՄՆ և Գերմանիայի ղեկավարները քննարկել են Ուկրաինային անվտանգության, հումանիտար, տնտեսական և քաղաքական օգնության ապահովման ընթացիկ ջանքերը և Ուկրաինայի ժողովրդի հետ գլոբալ համերաշխության պահպանման կարևորությունը»,- հայտնել են Սպիտակ տնից: Բայդենն ու Շոլցը նաև վերահաստատել են Միացյալ Նահանգների և Գերմանիայի միջև ամուր երկկողմ հարաբերությունները, մտքեր են փոխանակել այլ գլոբալ հարցերի շուրջ։
13:12 - 04 մարտի, 2023
ԱՄՆ-ից, ՌԴ-ից ու Ուկրաինայից արձագանքել են պատերազմի դադարեցման վերաբերյալ Չինաստանի 12 կետանոց ծրագրին

ԱՄՆ-ից, ՌԴ-ից ու Ուկրաինայից արձագանքել են պատերազմի դադարեցման վերաբերյալ Չինաստանի 12 կետանոց ծրագրին

Չինաստանը փետրվարի 24-ին հրապարակել է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ իր ծրագիրը։ Փաստաթղթի տեքստը ներառում է 12 կետ։ Չինաստանի ծրագիրը կոչ է անում խաղաղ բանակցություններ սկսել և հարգել երկրների ինքնիշխանությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ծրագրում է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի դադարեցման վերաբերյալ Պեկինի առաջարկները: Այս մասին հայտնում է BBC-ն: Զելենսկին ասել է, որ առաջարկն ազդանշան է, որ Չինաստանը ներգրավված է խաղաղության որոնման գործընթացում: «Ես իսկապես ուզում եմ հավատալ, որ Չինաստանը զենք չի մատակարարի Ռուսաստանին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Մինչդեռ Չինաստանի իշխանությունները մինչ այժմ հրապարակայնորեն չեն արձագանքել նախագահի հետ հանդիպում ունենալու Զելենսկու ցանկությանը։ Ռուսաստանը իր հերթին ողջունել է Չինաստանի խաղաղության առաջարկները։ «Մենք կիսում ենք Պեկինի տեսակետները», - ասվում է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ: ՌԴ ԱԳՆ-ից նշել են․ «Ուկրաինայում խաղաղ կարգավորման հիմնական խոչընդոտն այն է, որ Վլադիմիր Զելենսկին 2022 թ․ սեպտեմբերի 30-ին ընդունած հրամանագրով ամրագրել է Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների անհնարինությունը: Բանակցությունները նաև անհնար են, քանի որ Կիևը պահանջում է դուրս բերել ռուսական զորքերը ռուսական նոր տարածքներից՝ Դոնբասից, Ղրիմից, Զապորոժիեից և Խերսոնից»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։   Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC News-ին տված հարցազրույցում, պատասխանելով չինական ծրագրի մասին հարցին, ասել է․ «Ես ծրագրում ոչինչ չեմ տեսել, որը ցույց տա, որ կա մի բան, որը ձեռնտու կլինի որևէ մեկին, բացի Ռուսաստանից»: Իսկ ավելի վաղ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մեկնաբանել էր չինական ծրագիրը և նշել՝ «Չինաստանը կարող է կանգ առնել առաջին կետի վրա․ այն է՝ հարգանք բոլոր ազգերի ինքնիշխանության նկատմամբ»:   
16:20 - 25 փետրվարի, 2023
Դժվար օրեր, շաբաթներ և տարիներ են սպասվում. Պուտինի նպատակը Ուկրաինան քարտեզից ջնջելն է. Բայդենը՝ Կիևում
 |tert.am|

Դժվար օրեր, շաբաթներ և տարիներ են սպասվում. Պուտինի նպատակը Ուկրաինան քարտեզից ջնջելն է. Բայդենը՝ Կիևում |tert.am|

tert.am: Պատերազմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը ուկրաինական պետության լիակատար ոչնչացումն է։ Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 20-ին Կիևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում է korrespondent.net-ը։ «Մենք գիտենք, որ առջևում դժվար օրեր, շաբաթներ և տարիներ են սպասվում: Պուտինի նպատակը Ուկրաինան քարտեզից ջնջելն է»,- ասել է Բայդենը։Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմական արշավը ձախողվում է. նա կորցրել է սկզբանե գրաված տարածքների կեսը և մեծ մարդկային կորուստներ է կրում։«Ռուսական տնտեսությունը անկում է ապրում, այն մեկուսացված է և դժվարությունների է բախվում»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Նախկինում Ուկրաինան թույլ էր, իսկ Արևմուտքը մասնատված էր, ասել է Բայդենը, և Պուտինը հույսը դրել է դրա վրա։ «Նա (Պուտինը – խմբ.) կարծում էր, որ մեզանից ավելի երկար կդիմանա, չեմ կարծում, որ հիմա այդպես է կարծում»,- ասել է ԱՄՆ նախագահը և ևս մեկ անգամ խոստացել աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններում ասել է, որ ամերիկացի առաջնորդի Կիև այցի արդյունքը շոշափելի կլինի ռազմի դաշտում՝ Ռուսաստանի դեմ պայքարում։Այս մասին, ըստ UNIAN-ի թղթակցի, Զելենսկին ասել է Կիևում Բայդենի հետ համատեղ ճեպազրույցում։«Այս շաբաթ արդեն լրանում է մեր անպարտելիության, ռուսական ագրեսիայի դեմ պայքարի տարին: Եվ շատ խորհրդանշական է, որ մենք ամրապնդում ենք մեր դիմադրողականությունը պարոն նախագահի հետ երկու հանդիպումներով՝ իմ ու մեր թիմի այցով Վշաինգտոն: Այս այցերի արդյունքները, անշուշտ, շոշափելի կլինեն մարտի դաշտում, մեր զինվորների հզորացման և մեր տարածքների ազատագրման գործում»,- ընդգծել է Զելենսկին։Նրա խոսքով՝ Ուկրաինային M1 Abrams տանկեր տրամադրելու ԱՄՆ որոշումը արդեն հիմք է դրել «տանկային կոալիցիայի» ստեղծմանը։
16:40 - 20 փետրվարի, 2023