Վահրամ Դումանյան

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

Ծնվել է 1962 թ․ սեպտեմբերի 9-ին Երեւանում:

1979-1984 թթ. սովորել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
1989 թ. ավարտել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։

1984-1986 թթ. գիտահետազոտական աշխատանք է կատարել ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում։
1990-2020 թթ. աշխատել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
2000-2020 թթ. եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան:
2020 թ. նոյեմբերի 23-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

2001 թ.-ից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրենն է։
2007 թ.-ից ՀՀ դպրոցականների ինֆորմատիկայի առարկայական օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահն է։
2008-2019 թթ. եղել է ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի «Մաթեմատիկական կիբեռնետիկա» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը։
Բազմաթիվ գիտական եւ ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ է։
Գիտահետազոտական աշխատանք է կատարել նաեւ Մ.Վ․Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Ս. Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում (Վարշավա), Թրիրի եւ Պադերբորնի համալսարաններում (Գերմանիա)։
Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ է։
Պարգեւատրվել է ԵՊՀ եւ ԿԳՆ ոսկե մեդալներով։

Ամուսնացած է, ունի դուստր եւ որդի։

Արցախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շուտափույթ առաքելությունը կենսական է. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալին

Արցախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շուտափույթ առաքելությունը կենսական է. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալին

ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակի միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։    Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:   Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Էռնեստո Օտտոնեին հանդիպման, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական և շարունակական արդյունավետ համագործակցության համար: Նախարարը վստահություն է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշակույթի ոլորտում առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի ընդլայնվել և կնպաստի նոր նախաձեռնությունների և գաղափարների իրականացմանը։     «Հայաստանը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ, կշարունակի նպաստել Կազմակերպության ռազմա­վարության ձևավորմանը և դրա արդյունավետ կյանքի կոչմանը: Մենք հավատարիմ ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատին՝ առաջ մղելու համամարդկային արժեքները՝ խրախուսելով խաղաղության մշակույթը և ամրապնդելով հանդուրժողականությունն ու համերաշխությունը»,- նշել է Վահրամ Դումանյանը:   Հանդիպման ընթացքում նախարար Վահրամ Դումանյանն Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում առկա համագործակցության համատեքստում անդրադարձել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցին:   «Հայաստանն ի սկզբանե իր աջակցությունն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի նախա­ձեռնությանը՝ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ փորձագիտական ​​առաքելություն ուղարկե­լու առնչությամբ և այս ընթացքում կառուցողական կերպով ներգրավված է եղել այդ առաքելության հնարավորինս արագ գործուղման գործընթացում։ Մենք լիահույս ենք, որ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելությունը կիրականացվի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակում և շա­հագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչ­պես նաև այ­ցելության ընթացքում հավասար թվաքանակով հայ­կական և ադրբեջանական մշակութային հուշար­ձաններ այցելելու պայմանի պահպանմամբ։ Ցավոք սրտի, մինչ օրս մենք ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող վայրագություններին և հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացմանը, վանդալիզմի, բարեկարգման կամ այլ ձևակերպումների անվան տակ կոթողների այլափոխման նորանոր դեպքերին: Նման իրավիճակում առաքելության շուտափույթ իրականացումը դառնում է առավել կենսական»,- ասել  է Վահրամ Դումանյանը:   Ի պատասխան՝ Էռնեստո Օտտոնեն նշել է, որ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում:   Նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է նաև, որ հայկական կողմը մեծ ակնկալիքներ ունի սեպտեմբերին Մեքսիկայում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության և կայուն զար­գացման համաշխարհային համաժողովից (MONDIACULT), որին վստահաբար հայկական կողմն իր մասնակցությունը կունենա։   «Հիրավի խորհրդանշական է, որ 40 տարվա ընդմիջումից հետո MONDIACULT-ը կրկին տեղի կունենա Մեխիկոյում։ Հավատացած ենք, որ այդ համաժողովը կընձեռի ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ»,- ընդգծել է նախարարը:   Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ իրականացվող համատեղ ծրագրերին, ինչի վերաբերյալ նախարարը հույս է հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական՝ միասին հասնելով նոր արդյունքների:   Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Էռնեստո Օտտոնեին է նվիրել Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի հրատարակությամբ «Ալեքսանդր Սպենդիարյան» երկլեզու պատկերագիրքը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հրատարակված, և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հրատարակած «Արցախի ձեռագրական ժառանգությունը» անգլերեն պատկերագիրքը: Նախարարն այդ գրքերից մեկական օրինակ էլ խնդրել է փոխանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին:   Նշենք, որ հոբելյանական միջոցառման կապակցությամբ հունիսի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում տեղի կունենա հոբելյանական համերգ։ Համերգային ծրագրում հանդես կգան ֆրանսահայ հանրահայտ կատարողներ Պատրիկ Ֆիորին և Անդրե Մանուկյանը, ինչպես նաև հայաստանյան երաժիշտներ Արթուր Գրիգորյանը, Արմեն Պուչինյանը, Անի Մելիքյանը։
20:14 - 07 հունիսի, 2022
Վերջին դասի ղողանջները նոր ձեռքբերումների, հաջողությունների և մարտահրավերների շրջան են ազդարարում. Վահրամ Դումանյան

Վերջին դասի ղողանջները նոր ձեռքբերումների, հաջողությունների և մարտահրավերների շրջան են ազդարարում. Վահրամ Դումանյան

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է հանրակրթական դպրոցների շրջանավարտներին:   Շնորհավորական ուղերձում ասված է.   «Սիրելի՛ շրջանավարտներ,   Շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի արժանահիշատակ իրադարձություններից մեկի կապակցությամբ: Այսօր վերջին դասի ղողանջները նոր ձեռքբերումների, հաջողությունների և մարտահրավերների շրջան են ազդարարում ձեր կյանքում:   Դուք եք մեր պետության գալիք հենասյուները և անկյունաքարերը, ձեզ է վստահվելու մեր երկրի զարգացման հետագա ապահովումը, դուք եք լինելու Հայաստանի բարօրության երաշխիքը, ձեզնով են հպարտանալու ձեր ծնողները և ուսուցիչները, դուք եք նոր ավյուն և ուժ հաղորդելու մեր հազարամյա պատմության ընթացքին:   Զինվե՛ք համբերությամբ, ջանասիրությամբ և հավատով ձեր ուժերի նկատմամբ, որպեսզի արդարացնեք ձեր ծնողների և ուսուցիչների հույսերը, արժանի լինեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու կոչմանը:   Դու՛ք եք մեր ապագան:   Սիրելի՛ շրջանավարտներ,   Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին և ուսուցիչներին: Մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ ձեր ապագա ուսանողական և աշխատանքային կյանքում:   Թո՛ղ իրականանան ձեր բոլոր նպատակները, թո՛ղ հաջողությունն ուղեկցի ձեզ ձեր ողջ կյանքի ընթացքում: Աստվա՛ծ պահապան բոլորիդ»:
11:52 - 03 հունիսի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է մի խումբ պատանիների

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է մի խումբ պատանիների

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են 2021-2022 թթ. մշակույթի, կրթության և սպորտի ոլորտներում նշանակալի հաջողություն արձանագրած մի խումբ պատանիներ: Այս մասին հայտնում է նախագահի կայքը։ «Երեխաները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել շենքի պատմությանը: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ միասին ողջունել և շնորհավորել են պատանիներին: «Մաղթում եմ ձեզ նշանակալի հաջողություններ ուսման բնագավառում, ստեղծագործական նորանոր հորիզոններ։ Պետք է մշտապես ձգտեք գիտելիքներ ստանալ, կատարելագործվել, մայրենի լեզվի, հայրենի պատմության և աշխարհագրության իմացությունը խորացնել: Իսկ մենք կանենք ամեն ինչ խաղաղ երկինքն ու կայունությունը ապահովելու, ձեր իրավունքները պաշտպանելու համար»,-նշել է նախագահ Խաչատուրյանը։ Ջերմ և անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը պատասխանել է նաև երեխաներին հետաքրքրող հարցերին: Այնուհետև նախագահական նստավայրի մեծ դահլիճում երեխաները կատարել են հայտնի, ինչպես նաև իրենց հեղինակած ստեղծագործություններից մի քանիսը»,- նշված է կայքում:
17:32 - 01 հունիսի, 2022
Մանկական անհոգ թոթովանքն ու լուսապայծառ ժպիտը յուրաքանչյուր հայ ընտանիքի հիմքն են. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Մանկական անհոգ թոթովանքն ու լուսապայծառ ժպիտը յուրաքանչյուր հայ ընտանիքի հիմքն են. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այն ներկայացնում ենք ստորև.   «Սիրելի՛ երեխաներ,  Սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ծնողներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:  Երեխաները մարդկության մշտնջենական պարգևն են ՝ գոյատևման առհավատչյան: Մանկական անհոգ թոթովանքն ու լուսապայծառ ժպիտը յուրաքանչյուր հայ ընտանիքի հիմքն են և ազգի շարունակական առաջընթացի գրավականը:  Ազգի և մարդկության համար առողջ և խելացի անձ, պատասխանատու և օրինապահ, ազնիվ և բարեպաշտ քաղաքացի դաստիարակելը ոչ միայն ծնողների պարտքն է, այլև պետության կարևորագույն առաքելություններից մեկը:  Հայրենի պետությունը և իր համապատասխան կառույցներն ամուր պատվար են ձեր իրավունքների պաշտպանության համար և երաշխավոր՝ ապագայի անխաթար կերտման գործում:  Պետությունն անսասան է ձեր՝ կրթության, մշակույթի և սպորտի ասպարեզներում զարգացման համար բոլոր անհրաժեշտ և պատշաճ պայմաններ ստեղծելու, իր գործառույթներն իրականացնելու առումով:  Սիրելի՛ երեխաներ,  Կրկին շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում առողջ, խանդավառ մանկություն, խաղաղ, անամպ երկինք և լուսավոր ապագա»։
10:38 - 01 հունիսի, 2022
Խորանաշատ վանական համալիրում հիմնադրման 800-ամյակի առթիվ հնգամյա ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել

Խորանաշատ վանական համալիրում հիմնադրման 800-ամյակի առթիվ հնգամյա ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել

Խորանաշատ վանական համալիրում հիմնադրման 800-ամյակի առթիվ հնգամյա ընդմիջումից հետո եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «Շուրջ հինգ տարի առաջ էր, որ Խորանաշատում առաջին անգամ՝ հարյուրամյակների ընդհատումից հետո, եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել։ Մայիսի 28-ին այն հնչել է կրկին. առիթը հիմնադրման 800-ամյակն է: Խորանաշատում՝ ադրբեջանական դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ պատարագ է մատուցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից և մարզերից: Պատարագին հաջորդել է Անդաստանի արարողությունը՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը: Այն Չինարիի համայնքապետարանի հարակից տարածքում կատարվել է Սուրբ խաչով և «Խորանաշատի Ավետարան»-ով։ Նշվում է, որ «Խորանաշատի Ավետարան»-ը (1224 թ.) Չինարի էր բերվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից՝ հատուկ այս արարողակարգն իրականացնելու համար: Արարողությունն ամփոփվել է հոգևոր երաժշտությամբ․ երեկոյան Չինարի գյուղի Մշակույթի տանը ներկաներն ունկնդրել են Երևանի պետական կամերային երգչախմբի կատարումները:
12:08 - 29 մայիսի, 2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում հանդիպել է դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում հանդիպել է դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ են ունեցել կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ:   Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Մայիսի 25-ին Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանը հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ԱԳՆ և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ: «Մեծ Բրիտանիայում՝ ՀՀ դեսպանատանը, հայկական պատվիրակությունը հանդիպել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի գործադիր տնօրեն Ջասթին Մըք Քենզի Սմիթի, Օտարերկրյա համագործակցության և զարգացման հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռեբեկա Էտկինսոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի առաջնահերթություններին, հնարավոր համագործակցության եղանակներին ու մշակութային ժառանգությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդեհ Հովասափյանը: Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտում ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը հանդիպել են պրոֆեսորադասախոսական կազմի և միջազգային համագործակցության ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկել կրթության բարեփոխման հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն  կատարած այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանն այցելել է Դարթֆորդի դպրոց: Շրջայցի ընթացքում ԿԳՄՍ փոխնախարարը դպրոցի տնօրենի և աշխատակազմի հետ քննարկել է դպրոցի ներքին վերահսկողության համակարգի, կառավարման մոդելների, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման և խրախուսման համակարգերին վերաբերող մի շարք հարցեր:
21:16 - 26 մայիսի, 2022
Վահրամ Դումանյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ

Վահրամ Դումանյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ են ունեցել կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ: Մայիսի 25-ին Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանը հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ԱԳՆ և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ: Մեծ Բրիտանիայում՝ ՀՀ դեսպանատանը, հայկական պատվիրակությունը հանդիպել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի գործադիր տնօրեն Ջասթին Մըք Քենզի Սմիթի, Օտարերկրյա համագործակցության և զարգացման հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռեբեկա Էտկինսոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի առաջնահերթություններին, հնարավոր համագործակցության եղանակներին ու մշակութային ժառանգությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդեհ Հովասափյանը: Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտում ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը հանդիպել են պրոֆեսորադասախոսական կազմի և միջազգային համագործակցության ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկել կրթության բարեփոխման հնարավորությունները: Հավելենք, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանն այցելել է Դարթֆորդի դպրոց: Շրջայցի ընթացքում ԿԳՄՍ փոխնախարարը դպրոցի տնօրենի և աշխատակազմի հետ քննարկել է դպրոցի ներքին վերահսկողության համակարգի, կառավարման մոդելների, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման և խրախուսման համակարգերին վերաբերող մի շարք հարցեր:
13:07 - 26 մայիսի, 2022
Թանգարանների առաքելությունը միտված է ազգային և համամարդկային մշակույթի պահպանմանն ու տարածմանը. Վահրամ Դումանյան

Թանգարանների առաքելությունը միտված է ազգային և համամարդկային մշակույթի պահպանմանն ու տարածմանը. Վահրամ Դումանյան

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ( ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում մասնավորապես նշված է. «Սիրելի՛ թանգարանագետներ, թանգարանային գործի նվիրյալ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Թանգարանները կարևորագույն հաստատություններ են, որոնց առաքելությունը միտված է ազգային և համամարդկային մշակույթի պահպանմանն ու տարածմանը: 1977 թվականից Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունն այդ մարտահրավերների դիմագրավման և թանգարանների կարևորագույն դերի, հնարավորությունների ուղղությամբ: 2022 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն առաջարկում է բացահայտել թանգարանների ուժը երեք առանցքային միտումների համատեքստում՝ կայուն զարգացում,  նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն և շարունակական կրթություն, որոնք կարևորագույն գործոններ են համայնքների զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման գործում: Պահպանելով հիմնական առաքելությունը՝ հավաքչություն, պահպանություն, կրթություն,  հետազոտություն, ցուցադրություն, հաղորդակցում, թանգարաններն այսօր վերափոխվում են՝ դառնալով միջգիտակարգային հանգույցներ, որոնք ավելի ինտերակտիվ են, ճկուն և համայնքակենտրոն: Ընդլայնելով իրենց դերը որպես մշակութային-կրթական կենտրոններ՝ թանգարանները թիրախավորում և հասցեագրում են արդի խնդիրները՝ վերարժևորելով իրենց հավաքածուները և ժառանգությունը, ստեղծելով ավանդույթներ, որոնք նորովի են ներկայացնում մեր անցյալը և փոխանցում նոր գաղափարներ՝ կառուցելու ավելի լուսավոր և կայուն ապագա: Անառարկելի է թանգարանների դերն ազգի պատմության հանրահռչակման, քաղաքացիական և ազգային դաստիարակության, և այս համատեքստում՝ թանգարանային ոլորտի աշխատակիցների մասնագիտական ներդրումը և անձնական նվիրումը թանգարանների զարգացման և կայացման գործում: Կրկին շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ, մաղթում բեղուն աշխատանքային գործունեություն, լավատեսություն և նորանոր ձեռքբերումներ»:
13:02 - 18 մայիսի, 2022
Վարչապետը ծանոթացել է «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին

Վարչապետը ծանոթացել է «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ծանոթացել է Երևան-Սևան ճանապարհահատվածում գտնվող «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Կառավարության ղեկավարին ուղեկցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Կառավարությունը «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման համար, համապատասխանաբար, հատկացրել էր 178 և 62,5 մլն դրամ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է արձանների և նրանց հարակից տարածքների պատշաճ պահպանության ուղղությամբ վերահսկողության իրականացումը: Ընդգծվել է, որ պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները շարունակելու են գտնվել կառավարության ուշադրության ներքո:
20:06 - 14 մայիսի, 2022
ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին. Վահրամ Դումանյանը՝ ՌԴ սպորտի նախարարին

ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին. Վահրամ Դումանյանը՝ ՌԴ սպորտի նախարարին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին: Ռուսական կողմի պատվիրակության կազմում են եղել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը, նախագահի օգնական Մաքսիմ Կոզինը, ՌԴ սպորտի նախարարի օգնական Անտոն Բարանովը, ՌԴ սպորտի նախարարության կրթության, գիտության և միջազգային հարաբերությունների վարչության պետ Ալեքսեյ Գորբունովը և ՀՀ-ում ՌԴ դեսպանության երկրորդ քարտուղար Մարիա Կորոտինան: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության շրջանակները շատ լայն են` սկսած կրթությունից և գիտությունից մինչև մշակույթ և սպորտ. «Հայ-ռուսական հարաբերություններն իսկապես շատ խորը հիմքերի վրա են դրված նաև մարզական ասպարեզում: Ուրախ ենք ողջունել Ձեզ մեր երկրում և պատրաստ ենք շարունակել ձևավորված ավանդույթները՝ խորացնելով բարիդրացիական հարաբերությունները: Վստահ ենք՝ մեր թիմերի համատեղ մարզումներն ու ուսումնամարզական հավաքները կնպաստեն երկուստեք մասնագիտական որակների բարելավմանը: Ինչ վերաբերում է ՌԴ-ում անցկացվող մրցաշարերին, ապա Հայաստանը մշտապես կլինի դրանց ակտիվ մասնակիցը՝ ձգտելով գրանցել լավագույն արդյունքներ»: ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը բարձր է գնահատել հայկական կողմի՝ ռուս մարզիկներին ցուցաբերած աջակցությունը, մասնավորապես Հայաստանում ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հնարավորություն ընձեռելու հարցում: ՌԴ սպորտի նախարարի խոսքով՝ Հայաստանն իր մարզական կարիերայում կարևոր դերակատարություն է ունեցել, քանի որ ինքը ժամանակին զբաղվել է սեղանի թենիսով և հենց մեր երկրում է լրացրել ԽՍՀՄ սպորտի վարպետի նորման: Նշենք, որ ռուսական պատվիրակությունն այսօր այցելել է «Դինամո» մարզադահլիճ, ինչպես նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: ««Դինամո» մարզադահլիճում բազմաթիվ մրցաշարերի եմ մասնակցել, հիանալի հիշողություններ ունեմ: Ինչ վերաբերում է Մարզահամերգային համալիրին, ապա այն իսկապես հրաշալի կառույց է: Վստահ եմ, բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը հիանալի կընթանա»,- ասել է Օլեգ Մատիցինն ու հաջողություն մաղթել հայկական կողմին: Վահրամ Դումանյանն առանձնակի ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին և անում է հնարավոր ամեն բան՝ դրա զարգացմանն ու մասսայականացմանը նպաստելու համար: Նախարարի խոսքով՝ պատահական չէ, որ մեկ շաբաթից Երևանում մեկնարկելու է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, իսկ մեկ տարի անց ընդունելու ենք նաև ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. «ՀՀ վարչապետի անմիջական հանձնարարականով մեծ տեղ է հատկացվում նաև մասսայական սպորտին: Վաղը Պարզ լճի տարածքում դպրոցականները մրցելու են թիմային խճուղավազք մարզաձևում, իսկ մայիսի 28-ին մեծահասակները Սևանա լճի տարածքում անցկացնելու են սիրողական հեծանվավազքի մրցաշարը: Այս մրցաշարերը կրում են «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռուս գործընկերոջը նաև պատմել է Գյումրիում կառուցվող նոր մարզաբազայի մասին, որն անվանակոչվելու է օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանի պատվին: Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են սպորտի ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները՝ մարզիկների և մարզիչների փոխանակման ծրագրերի միջոցով, սպորտային բժշկությանն ուղղված համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև համատեղ մարզումային միջոցառումներ կազմակերպելու հեռանկարները:
18:10 - 13 մայիսի, 2022
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդներ |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին ժամանել է Նիդերլանդների Թագավորություն: Վարչապետը Նիդերլանդներում է երկօրյա պաշտոնական այցով: Սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդներ: Հայաստանն ու Նիդերլանդներն այս տարի նշում են երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Խրոնինգենի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորեցին Դրենթե նահանգում թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը, Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ արարողակարգի ղեկավար Դոմինիկ Քրուլինգը: ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Մայիսի 11-ին նախատեսվում է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի հետ: Մայիսի 10-ին վարչապետ Փաշինյանը Դրենցի թանգարանում ներկա կգտնվի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը: Պաշտոնական այցի շրջանականում Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Հաագայի Խաղաղության պալատ (Արդարադատության միջազգային դատարանի կենտրոնակայան և Մշտական միջնորդ դատարանի նստավայր), Նիդերլանդների խորհրդարանում կհանդիպի Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:
19:35 - 10 մայիսի, 2022
«Նպատակը ոգեշնչելն է»․ STARMUS փառատոնի շրջանակում Հայաստան կայցելեն Նոբելյան մրցանակակիրներ ու հայտնի երաժիշտներ

«Նպատակը ոգեշնչելն է»․ STARMUS փառատոնի շրջանակում Հայաստան կայցելեն Նոբելյան մրցանակակիրներ ու հայտնի երաժիշտներ

Այս տարվա սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կանցկացվի գիտության, կրթության, արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը, որը կկրի «50 տարի Մարսի վրա» խորագիրը։ Նախկինում այն անցկացվել է եվրոպական տարբեր երկրներում, փառատոնին մասնակցել են հայտնի գիտնականներ, երաժիշտներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ։ Փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ 6-րդ STARMUS-ին մասնակցելու նպատակով Հայաստան են գալու Նոբելյան մրցանակի 8 դափնեկիրներ, հայտնի երաժիշտներ։ STARMUS-ին մասնակցելու համար Հայաստան կգա Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի բիոքմիկոս Թիմ Հանտը, հայտնի տիեզերագնաց Քրիզ Հադֆիլդը։ Փառատոնին կմասնակցեն ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը, հայտնի ռոք երաժիշտներ Սերժ Թանկյանը,  Ռիք Վեյքմանը, Sons of Apollօ խումբը։ «Այնպիսի մարդիկ են հետաքրքված STARMUS-ին մասնակցելով, ինչպես Բրայան Մեյը, Փիթեր Գեբը, ու ես համոզված եմ, որ մասնակցելու են։ Շատ մեծ հետաքրքրություն կա Իլոն Մասկի, Բեզոսի գալու վերաբերյալ, ինչպես ասում են` Աստված տա, ամեն ինչ լավ լինի, որ իրենք էլ գան»,-ասաց Գարիկ Իսրայելյանը՝ հավելելով, որ առաջիկայում՝ որոշ պարբերականությամբ նաև մյուս հյուրերի անունները կհրապարակեն։STARMUS-ի նպատակը ոգեշնչելն էԳարիկ Իսրայելյանը պատմեց, որ STARMUS փառատոնի գաղափարը Queen ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյինն ու իրենն է եղել․ «Մենք միասին գաղափարը սինթեզեցինք ու 10 տարի տևեց, մինչև եկանք այն գաղափարին, որ պետք է ստեղծել այսպիսի փառատոն։ STARMUS-ի ամենակարևոր նպատակը ոգեշնչելն էր՝ ոգեշնչել մարդկանց, առաջին հերթին երիտասարդներին, որ գիտությունը շատ կարևոր է, առանց գիտության, առանց տեխնոլոգիաների ու առանց արվեստի մարդկության իմաստը գոյություն չունի»։ Աստղաֆիզիկոսը նշեց՝ իրենք ցանկանում են, որ գիտության և հասարակության միջև եղած անջրպետը նվազի․ «Եգիպտոսի քրմերը գաղտնի էին պահում, թե ինչպես են հաշվում Լուսնի և արևի խավարումները, այսինքն՝ գիտությունը գաղտնիք է եղել նույնիսկ հասարակությունից։ Այդ անջրպետը  շատ անգամ արհեստականորեն է պահվել, իսկ հետո  գիտությունը այնքան բարդացավ, որ սկսեցին զարգանալ քվանտային ֆիզիկան, բիոտեխնոլոգիաները, ու այդ բարդությունը սկսեց այդ անջրպետը ստեղծել գիտության ու հասարակության միջև։ Եթե հասարակությունը չհասկանա, թե գիտությունը ինչի համար է պետք, այն չի գնահատվի  ու գիտությունը կմահանա։ Մարդիկ պետք է անպայման հասկանան դրա կարևորությունը։ Ես չեմ ասում, որ նրանք հասկանան քվանտային մեխանիկան, բայց կարևոր է իմանալ  հիմնական գիտական բազան․ ինչու է արվում է, ինչպես է արվում,  ինչ է գիտական մեթոդիկան»։Նա նշեց, որ STARMUS-ում փորձել են ներգրավել այն արվեստագետներին, ովքեր ուզում են գիտնականների հետ աշխատել, ովքեր ուզում են ստեղծագործել, ովքեր ուզում են համագործակցել ու ովքեր ուզում են աջակցել, որպեսզի գիտությունը հասանելի լինի հանրությանը․ «Պարզվեց, որ այդպիսի արվեստագետները շատ են, կան արվեստագետներ, որոնք պատրաստ են ձեռք մեկնել գիտնականներին, օգնել իրենց, որպեսզի գիտության հարգանքը, գիտության պոպուլյարիզացիան հասարակության մեջ մեծանա»։ Ինչո՞ւ  Հայաստանում  Աստղաֆիզիկոսն ասաց՝ STARMUS-ը որոշել են անցկացնել Հայաստանում, որովհետև այստեղ վերջին 30 տարում գրեթե ոչինչ չի արվել գիտության մասսայականացման համար․  «Զրոյական աշխատանք է կատարվել, որպեսզի գիտությունը հասցվի հասարակությանը։ Հիմա ես գիտեմ, որ թե՛ ԿԳՄՍ նախարարությունը, թե Գիտության կոմիտեն առաջին անգամ  սկսել են քայլեր տանել այդ ուղղությամբ, որի վառ օրինակն է STARMUS փառատոնը Հայաստան բերելը։ Հայաստանում եղել է շատ լավ գիտություն, շատ մեծ գիտնականներ են եղել, շատ տրադիցիաներ են եղել  թե՛ գիտության, թե արտադրության, թե՛ տեխնոլոգիաների։ Ցավոք, այդ ամեն ինչը շատ թուլացել էր, և փորձելու ենք վերականգնել դա»։ Գարիկ Իսրայելյանը նաև պարզաբանեց, թե ինչու է փառատոնն այս անգամ կրում «50 տարի Մարսի վրա» խորագիրը․ «Հիմա մենք սկսել ենք ուրիշ դարաշրջան, որի տեխնոլոգիաները գնալու են մարդկությանը դեպի Մարս հասցնելը, բայց որը փոխելու է ամբողջ մարդկությանը։ Ինչպես 60-70 թվականները փոխեց մարդկությանը, այնպես էլ այդ խնդիրները, որ մեզ պետք է փորձեն հասցնել Մարս, էլի փոխելու են մարդկությանը, ու շատ են փոխելու։ Մեր փառատոնին կխոսենք այդ մասին․ ինչպես կլիմայի դեմ պայքարել, ինչպես նոր տեխնոլոգիաները արվելու են միայն նրա համար, որ մարդը կարողանա Մարսի վրա քաղաքներ ստեղծել, դա ազդելու է երկրագնդի կյանքի վրա, լավացնելու է կյանքը, բոլոր տեղական խնդիրները լուծվելու են դրա ուղղությամբ»։Փառատոնը նվիրված է Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի վայրէջքի 50-ամյակին։ Մարս 3-ը դեպի կարմիր մոլորակ է տեղափոխվել հայ հայտնի ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M ռոբոտը։ Գարիկ Իսրայելյանը   Ի՞նչ է սպասվում փառատոնի ընթացքումԳիտնականի կարծիքով՝ Հայաստանում արտակարգ երիտասարդություն կա, և իրենց նպատակն է լինելու ոգեշնչել դպրոցականներին, ուսանողներին, հասարակությանը։  Փառատոնի շրջանակներում գիտնականները դասախոսություններ կկարդան դպրոցներում ու բուհերում, հանդիպումներ կլինեն Նոբելյան մրցանակակիրների, աստղագնացների,  նորարարների հետ։ Հանդիպումներ կլինեն գիտական համայնքի հետ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի միջոցով․ «Փորձելու ենք համագործակցության ընդհանուր եզրեր գտնել,  դրա համար դիալոգ է պետք։ Ի տարբերություն այլ գիտական փառատոնների, մենք չենք թաքցնելու մեր գիտնականներին կամ ինեժեներներին ժողովրդից։ Մեր փառատոնը փակ չի լինելու, մենք չենք փակվելու համալիրում, այնտեղ սկսենք ու այնտեղ էլ վերջանա, STARMUS-ը բացվելու է ու նույնիսկ պլաններ կան թե՛ Գյումրիի, թե՛ Լոռիի հետ կապված, այսինքն՝ կփորձենք մաքսիմում բացել, որ ամբողջ Հայաստանում հետաքրքիր բաներ լինեն»։Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ասաց՝ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել STARMUS փառատոնը․ «Միջոցառումն իր յուրահատկությամբ հնարավորություն կընձեռի նաև խթանելու գիտության և արվեստի զարգացումը Հայաստանում և ստեղծելու հզոր գիտական համայնք՝ համատեղելով տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող արդյունաբերությունը, ուսումնական կենտրոնները և գիտական հաստատությունները։Փառատոնի կազմակերպումը կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում, այն հարթակ կհանդիսանա երիտասարդ գիտնականների կարողությունների զարգացման համար, կխրախուսի նրանց ներգրավվածությունը գիտական կյանքում և նախաձեռնողականությունը»։Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն էլ ասաց, որ նախարարությունը կարևորում է Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը․ «STARMUS փառատոնը այն միջոցառումներից է, որը հնարավորություն կտա մեր ծրագրերին սկիզբ տալու համար։ STARMUS փառատոնի անցկացումը Հայաստանում գալիս է մեկ անգամ ևս փատելու, որ Հայաստանը գիտության, տեխնոլոգիաների, երաժշտության և արվեստի բնագավառում կարևոր դերակատարություն է ունեցել։ Վիկտոր Համբարձումյան, Ալեքսանդր Քեմուրջյան, Սերգեյ Մերգելյան, Գրիգոր Գուրզադյան, Արամ Խաչատրյան, Կոմիտաս․ այս և շատ այլ անուններ հայտնի են աշխարհի բոլոր անկյուններում, իսկ նրանց թողած գիտական ու մշակութային ժառանգությունը դարձել է համամարդկային արժեք»։  Նանե Ավետիսյան
18:47 - 06 մայիսի, 2022
«Քաղաքացու օրը նշում ենք ի արձանագրումն այն բանի, որ ՀՀ-ում և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իշխանության աղբյուրը ժողովուրդն է». Փաշինյանն ընդունել է աշակերտներին

«Քաղաքացու օրը նշում ենք ի արձանագրումն այն բանի, որ ՀՀ-ում և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իշխանության աղբյուրը ժողովուրդն է». Փաշինյանն ընդունել է աշակերտներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Քաղաքացու օրվա առթիվ հանդիպում է ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներին, որոնք ներկայացնում են հանրապետության տարբեր դպրոցների 8-11-րդ դասարանները: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Հանդիպման ընթացքում վարչապետը աշակերտների հետ զրուցել է ժողովրդավարական պետության կայացման և զարգացման գործում քաղաքացու կարևոր դերակատարման, Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո քաղաքացու՝ որպես իշխանության հաստատման խորհրդանիշ դառնալու և մի շարք այլ հարցերի մասին: Շնորհավորելով բոլորին Քաղաքացու օրվա առթիվ, վարչապետը նշել է. «Սա նաև լավ առիթ է, որպեսզի մտածենք և քննարկենք մի շարք հասկացություններ, մասնավորապես, «մարդ», «քաղաքացի», «ժողովուրդ», «ազգ», «հայրենիք», «երկիր», «պետություն», «իրավունքներ», «պարտականություններ», «ազատություններ», «օրենք», «օրինականություն»»: Վարչապետի խոսքով, այս հասկացությունների նկատմամբ վերաբերմունքը, այլ ոչ թե ճիշտ և սխալ ընկալումներն են, որ ստեղծում է իրականություն, որովհետև աշխարհում կան տարբեր մոդելներ և տարբեր արդյունքներ, և ամեն ժողովուրդ, պետություն ինքն է որոշում, թե որն է իր համար ճիշտ հանգրվանը: Խոսելով «քաղաքացի», «հպատակ» հասկացությունների մասին՝ վարչապետը նշել է, որ այդ հասկացությունների զարգացումների մեջ շատ կարևոր քաղաքական իմաստ կա. «Ո՞րն է այդ քաղաքական իմաստը: Ես խոսեցի իրավունքի, պետության մասին, պետությունը չի լինում առանց իշխանության և հետևաբար՝ այստեղ հիմնարար հարցը հետևյալն է. եթե մենք վերցնենք «հպատակ» և «քաղաքացի» բառերի, այսպես ասած, ամպլիտուդից, ապա հիմնական հարցը հետևյալն է՝ ի վերջո ո՞վ է իշխանության աղբյուրը, այսինքն՝ որտեղի՞ց է բխում իշխանության աղբյուրը: Այն ժամանակներում, երբ կար հպատակ հասկացությունը, ընդունված էր համարել, որ իշխանությունը բխում է միապետից կամ Աստծուց և միապետից: Հետագայում արդեն փոխվեց իրադրությունը, երբ քաղաքացիներն սկսեցին քաղաքականությամբ զբաղվել և տեղի ունեցան հեղափոխություններ: Համոզված եմ, որ կարդացել եք Անգլիայում տեղի ունեցած Կրոմվելի հեղափոխության և հետագա հեղափոխությունների մասին: Այս առումով, ամենահիմնարար նշանակությունն ունեցել է Ֆրանսիական հեղափոխությունը: Այդ ժամանակներից իշխանության աղբյուրը փոխվեց: Եվ իշխանության աղբյուր դարձան քաղաքացիները: Բայց եղավ նաև այնպես, որ քաղաքացիներից բխած իշխանությունը հպատակեցրեց հենց քաղաքացիներին: Այսինքն՝ թվում էր, թե նրանք հպատակից դարձան քաղաքացի՝ դառնալով իշխանության աղբյուր: Հենց նույն ֆրանսիական հեղափոխության ժամանակ. նրանք հեղափոխությամբ իշխանության բերեցին մարդկանց, որից հետո իշխանությունը, ըստ էության, նորից հպատակեցրեց քաղաքացիներին, որից հետո՝ հեղափոխությունից հետո, նորից ունեցան կայսր՝ ի դեմս Նապոլեոն Բոնապարտի»: Վարչապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում, նույնիսկ այն երկրներում, որտեղ միապետություն է, շատ դեպքերում հենց քաղաքացին է շարունակում մնալ իշխանության աղբյուր, այնքանով, որ ընտրում է իշխանություններին։ Բայց քանի որ ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է, այդ տրամաբանության մեջ էլ ծնվում են ավտորիտար և բռնապետական երկրներ։ Վարչապետի խոսքով, ժամանակակից իրավապաշտպան կազմակերպությունների կողմից դրանք կոչվում են հիբրիդային ռեժիմներ, քանի որ Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը ձևավորվում է ազատ ընտրություններով, բայց իրականում այդքան էլ ազատ ընտրություններ չեն տեղի ունենում՝ երբեմն ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ են կազմակերպվում կամ դե ֆակտո, ընդհանրապես, ընտրություններ տեղի չեն ունենում։ Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, թե ինչու Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց Քաղաքացու օրը. «Մի պարզ պատճառով՝ մենք Քաղաքացու օրը նշում ենք ի արձանագրումն այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ 2018 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, և 2018 թվականի դեկտեմբերին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, միջազգային բոլոր կազմակերպությունները դրանք գնահատեցին որպես ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող։ Սա Հայաստանում միջազգային դիտորդության ենթարկված առաջին ընտրությունն էր, որ այսպիսի բարձր գնահատականի արժանացավ։ Բայց այն ժամանակ կար այսպիսի ընկալում, որ դա հետհեղափոխական ոգևորության ալիքի վրա տեղի ունեցած ընտրություններ են, և սկզբունքորեն այդ պահին գործող իշխանությունն ընտրությունները կեղծելու կարիք չուներ էլ։ Հետևաբար՝ եթե չուներ կարիք, իմաստ էլ չկար կեղծելու ընտրությունները։ Հետևաբար, այո, ճիշտ է, ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ, բայց սկզբունքորեն դեռ պարզ չէ, եթե իշխանության, այսպես ասած, իրավիճակն այլ լինի, արդյոք այդ նույն իշխանությունն այդ նույն կամքը կցուցաբերի և ազատ ընտրություններ կանցկացնի»։ Այս համատեքստում վարչապետը նշել է՝ 2021 թվականին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին, որ դրանք նույնպես համապատասխանում են ժողովրդավարության չափանիշներին: «2021-ին անցկացրեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ և, ինչպես ասել եմ 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո, այդ ընտրությունների արդյունքում էական չէ՝ որ քաղաքական ուժն ինչքան ձայն հավաքեց և ընտրությունների արդյունքներով ով ստացավ մեծամասնություն, որովհետև ժողովրդավարական ընտրությունների ամենաառանցքային իմաստն այն է, որ այնտեղ միշտ հաղթում է ժողովուրդը, այսինքն` քաղաքացին, այնքանով, որքանով ինքը տեսնում է, զգում է, գիտի, որ իշխանությունը և ընտրությունների արդյունքները ձևավորվել են իր քվեի արդյունքում։ Իհարկե, հաջորդ հարցը հետևյալն է` ինչքանո՞վ է այդ քվեն եղել օրինական, ինչքանո՞վ են ապահովվել օրինական պայմաններ ընտրությունների համար: Այստեղ էլ մենք սովորաբար հղում ենք անում միջազգային դիտորդներին, որոնք 2021-ի ընտրությունների մասին ասացին, որ դրանք համապատասխանում են ժողովրդավարության չափանիշներին։ Միակ դիտողությունը, ըստ էության, այն էր, որ ատելության խոսքը մեծ չափաբաժին է ունեցել նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչը ճիշտ էր և ինչը լավ չէր։ Բայց նաև այդ ժամանակ ունեինք այն, ինչ ունեինք: Ե՛վ ընդդիմությունը, և՛ իշխանությունը ներքաշվել էին այդ պրոցեսի մեջ, բայց արդյունքում կարևորն այն է, որ ընտրություններում որոշումը կայացրել է ժողովուրդը։ Ահա, Քաղաքացու օրը, հենց այսօր արձանագրվում է և արժևորվում է դրանով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքն ունի հնարավորություն բոլոր մակարդակներում իշխանություն ընտրելու՝ և՛ համապետական, և՛ տեղական ինքնակառավարման, ինչը չի նշանակում, թե մեր ընտրությունները կատարյալ են և անթերի։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մենք տեսանք մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են մի փոքր այլ կարգավորումների, բայց, ընդհանուր առմամբ, պիտի արձանագրենք, որ այո՛, Քաղաքացու օրը ոչ միայն օրացուցային օր է, այլ նաև ունի նշանակություն, ունի խորհուրդ հենց այս հանգամանքի բերումով»։ Կառավարության ղեկավարը նաև նշել է. «Իհարկե, սա ամենը չէ, որովհետև կարծում եմ, որ մեծագույն խնդիրը մեզ համար՝ որպես պետություն, որպես ժողովուրդ և որպես քաղաքացի, մեր հարաբերությունները պարզելն է սկզբում իմ նշած հասկացությունների հետ՝ «հայրենիք», «երկիր», «պետություն», «մարդ», «քաղաքացի», «ազգ» - «ժողովուրդը» այս պարագայում ես հանեցի, որովհետև քաղաքացիների ամբողջությունը մեր Սահմանադրությամբ կոչվում է «ժողովուրդ» - «իրավունք», «պարտականություն», «օրինականություն»: Եվ երբ մենք կկարողանանք ճիշտ դիրքավորվել այս հասկացությունների նկատմամբ, կունենանք հաջողություն, երբ մենք չկարողանանք ճիշտ դիրքավորվել այս հասկացությունների նկատմամբ, չենք ունենա հաջողություն: Քաղաքականությունը մեծ հաշվով հենց սրա մասին է: Իսկ ինչպե՞ս որոշել՝ որ դիրքավորումն է ճիշտ, իսկ որ դիրքավորումն է սխալ: Սրա համար էլ ստեղծվել է հենց ժողովրդավորությունը, որպեսզի քաղաքական տարբեր ուժեր ներկայանան իրենց մեկնաբանությամբ և ժողովուրդն ընտրությունների ժամանակ որոշի, թե այդ դիրքավորումներից որն է ճիշտ և այդ կայացված որոշումներին էլ հաջորդեն հետագա գործողությունները»: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է խոսքի ազատության կարևորությունը. «Նաև ուզում եմ ընդգծել հետևյալը, որ, իհարկե, ընտրություն, իհարկե ժողովրդավարություն, բայց այդ ամենը չի կարող գոյություն ունենալ առանց խոսքի արտահայտվելու ազատության, չի կարող տեղի ունենալ առանց հավաքների ազատության, արտահայտվելու ազատության, տեղաշարժի ազատության և մի շարք ազատությունների: Եվ մեր խնդիրն է՝ ապահովել այդ բոլոր ազատություններն այնպես, որ դրանք նպաստեն օրինականությանը, իրավունքների պաշտպանությանը»: Վարչապետի խոսքով, ժողովրդավարության թերությունն այն է, որ ժողովրդավարական հարուստ ավանդույթներ չունեցող երկրներում, նաև հետխորհրդային տարածքի մարդկանց ընկալումներում ազատությունների երաշխավորումը երբեմն ընկալվում է որպես իշխանության թուլություն. «Բայց ես ուզում եմ ընդգծել նաև, որ իմ ասածի համատեքստում շատ կարևոր է ժողովրդավարական երկրների համար, որպեսզի ինստիտուտները կայանան: Այդ ինստիտուտներն են օրենքը, օրինականությունը, դատական համակարգը, օրենսդիր իշխանությունը, գործադիր իշխանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և, իհարկե, ինստիտուտներից ամենակարևորագունը՝ քաղաքացին, քաղաքացու ինստիտուտը, որը մեզ համար շատ մեծ առանցքային նշանակություն ունի, որովհետև, ինչպես արդեն ասացի, մենք բոլորս՝ որպես քաղաքացի ունենք և՛ իրավունքներ, և՛ պարտականություններ: Եվ իրավունքներն ու պարտականությունները պետք է լինեն ճիշտ հավասարակշռության մեջ»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրավունքների և պարտականությունների նժարների հավասարակշռությունը նշանակում է, որ իսկապես հաջողվել է լուծել ինստիտուցիոնալ խնդիր, և ընդգծել, որ Հայաստանն այդ ճանապարհի վրա է: Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է աշակերտների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են  «հայրենասիրություն» հասկացությանը, կրթության ոլորտի զարգացմանը, հասարակական, քաղաքական կյանքում կանանց ներգրավվածությանը և այլ թեմաների:
18:58 - 30 ապրիլի, 2022
Վահրամ Դումանյանը Պարի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի նվիրյալներին

Վահրամ Դումանյանը Պարի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի նվիրյալներին

Ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր: Տոնի խորհրդի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է պարարվեստի ոլորտի նվիրյալների հետ, շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ:    «Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ստեղծագործական նոր ներշնչանքներ, բազում բեմեր, լեփ-լեցուն դահլիճներ և ծափերի տեղատարափ»,- ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նշել է Վահրամ Դումանյանը՝ կարևորելով պարարվեստի անզուգական դերակատարումը մարդու կյանքում: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ պարարվեստի ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության համար Ելենա Պավլիդին (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի փորձավար), Նարեկ Հարությունյանը  (Հայաստանի պարի պետական անսամբլի պարող), Փայլակ Սարգսյանը    (Մայր Աթոռ Սբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի  հայորդյաց տան «Նարեկ» պարային դպրոցի հիմնադիր, բալետմայստեր) պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության Ոսկե մեդալով: Պարգևը հանձնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Ներկաները շնորհակալություն են հայտնել բարեմաղթանքների, ոլորտի առաջնահերթությունը կարևորելու և  գնահատանքի համար:
17:16 - 29 ապրիլի, 2022
Հակոբ Արշակյանը մասնակցել է ԳԱԱ 2021 թ. գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ժողովին

Հակոբ Արշակյանը մասնակցել է ԳԱԱ 2021 թ. գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ժողովին

2021 թ. ՀՀ ԳԱԱ-ն գործունեությունն իրականացրել է հանրապետության առջև ծառացած նոր մարտահրավերների ու խնդիրների պայմաններում. ապրիլի 29-ին տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ 2021 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Ժողովին մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ակադեմիկոսներ, գիտնականներ, արտասահմանյան պատվիրակության անդամներ: Աշոտ Սաղյանն անդրադարձել է ակադեմիայի կարգավիճակին, առանձնահատկություններին, գիտական ներուժի համալրմանը, գիտության երիտասարդացմանն ուղղված պետական քաղաքականությանը: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ 2021 թ. գիտակազմակերպական գործունեությունը: Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՄՀՄԻ-ի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, Մենդելեևի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը հանդես է եկել «Պարբերական աղյուսակի նոր տարրեր» զեկույցով: 
16:09 - 29 ապրիլի, 2022