#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Այսօր Երևանի դատարաններն ընտրողներից դիմումներ չեն ստացել |hetq.am|

Այսօր Երևանի դատարաններն ընտրողներից դիմումներ չեն ստացել |hetq.am|

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, որևէ ընտրող, քաղաքական ուժի ներկայացուցիչ չի դիմել դատարան՝ վերականգնելու Երևանի ավագանու ընտրություններում իր ընտրելու կամ խախտված իրավունքը։ Այդ մասին «Հետք»-ին փոխանցեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։ Ընտրատեղամասերում շրջելիս արձանագրել ենք, որ մի քանի ընտրող, հասնելով ընտրատեղամաս, պարզել են, որ իրենց անունն ընտրացուցակներում չկա։ Նմանատիպ իրավիճակի ականատես եղանք նաև թիվ 10/17 ընտրատեղամասում։ Երկու տարեց կանայք եկան տեղամաս, սարքի գործադրմամբ պարզվեց, որ նրանցից մեկը չի կարող ընտրել, քանի որ անունը ցուցակներում չկա։ Հանձնաժողովի անդամները խորհուրդ տվեցին դիմել դատարան։ Սակայն տարեց կինը հրաժարվեց գնալ դատարան։ «Երևի արդեն մեծ եմ, էլ չեմ կարող ընտրել»,- հայտարարեց նա ու հեռացավ։ Ընտրական օրենսգրքով նախատեսված են մի շարք իրավիճակներ, երբ ընտրողների, թեկնածուների իրավունքների պաշտպանությունը վերապահված է դատարանին: Դրանցից մեկը վերաբերում է ընտրացուցակներում անունը չլինելուն։ Այդ իրավունքի պաշտպանությունից կարող են օգտվել նաև հենց քվեարկության օրը: Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
22:16 - 17 սեպտեմբերի, 2023
Քվեարկության օրն արձանագրվել է ընտրողների ցուցակներին առնչվող 38 անճշտության դեպք․ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Քվեարկության օրն արձանագրվել է ընտրողների ցուցակներին առնչվող 38 անճշտության դեպք․ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կազմել և հրապարակել է Երևանի ավագանու հերթական ընտրությունների ընտրողների նախնական ու վերջնական ցուցակները: Ըստ վերջնական ցուցակների՝ ՏԻՄ ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 824 250 անձինք: Քվեարկության օրը՝ սեպտեմբերի 17-ին, արձանագրվել է ընտրողների ցուցակներին առնչվող 38 անճշտության դեպք: 31-ի պարագայում ընտրողների՝ ընտրացուցակից դուրս մնալու պատճառը եղել է անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի լրացած լինելը՝ 6 ամիս և ավել ժամանակահատվածով: Մնացած 7 դեպքերում արձանագրվել են տեխնիկական անճշտություններ, որոնք ուղղվել են: Բոլոր դեպքերով անձանց ընտրական իրավունքը վերականգնվել է, և վերջիններս իրացրել են իրենց սահմանադրական իրավունքը:Օրվա ընթացքում ամենահաճախը հնչած հարցերի առնչությամբ ներկայացնում ենք պարզաբանումներ: 🔶 Ինչո՞ւ է մահացած անձի տվյալը պահպանվում բնակչության ռեգիստրում և փոխանցվում ընտրական ցուցակ:🔹 Մահացած անձի տվյալները բնակչության պետական ռեգիստրից կարող են հանված չլինել և հայտնվել ընտրական ցուցակներում այն դեպքում, երբ անձը մահացել է օտարերկրյա պետությունում, և նշված փաստի վերաբերյալ ՀՀ պատկան մարմիններին պատշաճ տեղեկություն չի տրամադրվել: Այսօր արձանագրվել է նմանօրինակ մեկ դեպք: 🔶 Առավելագույնը քանի՞ անձ կարող է հաշվառված լինել միևնույն հասցեում:🔹 Հաշվառմանն առնչվող իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքով և Բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին Կառավարության 2005 թվականի 1231-Ն որոշմամբ, որոնցով բնակելի տարածության նկատմամբ հաշվառվող անձանց քանակի վերաբերյալ սահմանափակում առկա չէ: 🔶 Կարո՞ղ են բնակելի տարածությունում առանց դրա սեփականատիրոջ համաձայնության հաշվառված լինել քաղաքացիներ:🔹 Եթե հաշվառվող անձը չի հանդիսանում տվյալ տարածքի սեփականատեր և չի ներկայացնում սեփականատիրոջ համաձայնությունը վերջինիս պատկանող բնակելի տարածությունում հաշվառվելու վերաբերյալ, ապա անձի` դիմումում նշված հասցեում բնակվելու փաստն ստուգվում է ոստիկանության կողմից: Վերջինս տեղական ռեգիստր է ուղարկվում փաստացի բնակվելու փաստը հավաստող կամ հերքող տեղեկատվություն: Նշված դեպքերում բնակելի տարածության սեփականատիրոջ համաձայնությունը չի պահանջվում։ Սեփականատիրոջ առարկության դեպքում հաշվառում չի իրականացվում:
22:05 - 17 սեպտեմբերի, 2023
ՄԻՊ աշխատանքային խումբը ևս ահազանգեր է ստացել տեղամասային կենտրոնների վերաբերյալ ծանուցված չլինելու մասին

ՄԻՊ աշխատանքային խումբը ևս ահազանգեր է ստացել տեղամասային կենտրոնների վերաբերյալ ծանուցված չլինելու մասին

ՄԻՊ գրասենյակը մարդու ընտրական իրավունքների երաշխավորումն ապահովելու նպատակով աշխատանքային խումբ էր ստեղծել։ Խմբի ղեկավար Արամ Մինասյանը ԿԸՀ-ում ասուլիսի ժամանակ ասաց, որ ՄԻՊ աշխատակազմը ստացել է 72 հեռախոսազանգ, մանդատին վերաբերելի 23 խնդիր ստացել է դրական լուծում։ Պաշտպանի հատուկ հրամանով ստեղծված մշտադիտարկման խումբը ընտրությունների հնարավոր խախտումների վերաբերյալ արձանագրել է հետեւյալ խնդիրները՝ խնդիրները հիմնականում վերաբերել են տեղամասային կենտրոնների վերաբերյալ ծանուցված չլինելուն, նման ահազանգերը գերակշռող մաս են կազմել, հաջորդ խնդիրը վերաբերել է անձնագիր չունենալուն, վավերականության ժամկետը լրացած լինելուն, հաջորդ խնդիրը վերաբերել է տեղամասերում կողմնակի անձանց ներկայությանը, քվեախցիկների պատշաճ կահավորմանը, տեխնիկական սարքերի առերեւեւյթ խնդիրներին, դրանց մասով սերտ համագործակցություն է եղել ԿԸՀ-ի հետ, բողոքներն ու ահազանգերի մեծ մասն ունեցել են դրական լուծում, ստացվել են բողոքներ տեղամասերում կահավորանքի եւ տեղամասերի մատչելիության հետ կապված, օրինակ՝ բացակայել է թեքահարթակը, եւ այլն։
21:56 - 17 սեպտեմբերի, 2023
Քարոզարշավի եւ քվեարկության ընթացքում ստացվել է 10 հաղորդում, վարույթ նախաձեռնվել՝ 8-ով․ ՔԿ

Քարոզարշավի եւ քվեարկության ընթացքում ստացվել է 10 հաղորդում, վարույթ նախաձեռնվել՝ 8-ով․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2023թ․ սեպտեմբերի 17-ին անցկացված Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի և քվեարկության ողջ ժամանակահատվածում, առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մինչև ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում ստացված հաղորդումների քրեաիրավական շարժընթացը և այդ կապակցությամբ կատարված աշխատանքները։Ըստ այդմ՝ Երևան քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, այսինքն՝ 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած շրջանում, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն և վարչական շրջանների քննչական բաժիններ ստացվել և ուսումնասիրվել է ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ 8 հաղորդում։ Նշված բոլոր հաղորդումների առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Մասնավորապես դրանցից՝ 4-ը նախաձեռնվել են ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը), որոնք առնչվում են ընտրություններին մասնակցող քաղաքական տարբեր ուժերի պաստառները կամ այլ գույքը վնասելով քարոզչությանը խոչընդոտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով (գույք ոչնչացնելը կամ վնասելը),  որը վերաբերում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի նախընտրական պաստառը վնասելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-րդ մասով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, կամ ընտրությանը, կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների, կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը), որը վերաբերում է այլ անձանց կողմից դիտորդի՝ իր դիտորդական աշխատանքների իրականացմանն առերևույթ խոչընդոտելուն, 1-ը՝  ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (оրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), որն առնչվում է քարոզչական երթերին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռմամբ անձանց հավաքագրմանը, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 195-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ներգործությունը), որը վերաբերում է նախընտրական շրջանում Երևան քաղաքի Կուրղինյան փողոցում մի խումբ անձանց միջև առերևույթ միմյանց հարվածներ հասցնելով ուղեկցված միջադեպին։ Վերոնշյալ բոլոր քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։2023թ․  սեպտեմբերի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն ստացել է քվեարկության ընթացքում, այսինքն՝ ժամը 8:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, ընտրական կամ ընտրությունների հետ կապված այլ բնույթի հանցագործությունների մասին 2 հաղորդում։ Նյութերի ուսումնասիրության արդյունքում կազմվել է դրանց առթիվ քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն։Հաղորդումներից մեկը վերաբերել է առերևույթ  քաղաքացու կողմից մեկից ավելի անգամ քվեարկելուն, որով պարզվել է, որ կրկնաքվերակությունը նույնականացման քարտը սարքավորման մեջ անցկացնելու հետ կապված տեխնիկական խնդրի արդյունք է։ Երկրորդ հաղորդումը վերաբերել է այլ բնույթի արարքի։Առերևույթ հանցագործությունների վերաբերյալ նոր տվյալներ ստացվելու դեպքում ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար հանրությանը տեղեկատվություն կտրամադրի դրանց, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության արդյունքների վերաբերյալ։     
21:46 - 17 սեպտեմբերի, 2023
ԿԸՀ նախագահը չի կարծում, որ ոչ բոլոր ընտրողներին ծանուցում ուղարկելն ազդել է ընտրությունների արդյունքների վրա

ԿԸՀ նախագահը չի կարծում, որ ոչ բոլոր ընտրողներին ծանուցում ուղարկելն ազդել է ընտրությունների արդյունքների վրա

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին, թե արդյոք խախտո՞ւմ է այն, որ ոչ բոլոր ընտրողներն են ծանուցվել քվեարկության տեղի, ժամի վերաբերյալ։ «Կա՞ն նախնական տվյալներ, թե քանի քաղաքացի չի ծանուցվել, ի՞նչ եք կարծում, արդյոք նաև սա՞ է պատճառը, որ համեմատաբար պասիվ են եղել այս ընտրությունները»,- հետաքրքրվեց լրագրողը։ ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ տեղյակ է ծանուցման խնդրին։ «Ինչպես գիտեք, ծանուցման գործընթացը կազմակերպում է ՆԳՆ-ն՝ «Հայփոստ» ընկերության միջոցով։ Ողջ օրը մեր թեժ գծերը քաղաքացիներին անընդհատ իրազեկել են, պարզաբանումներ են տրամադրել, այսինքն՝ այստեղ խնդիր լինել չէր կարող։ Ավելին՝ ԿԸՀ կայքում ինտերակտիվ քարտեզով տեղամասերի հասցեները, ողջ տվյալները տեղադրված են, ընտրողը հա՛մ իր տվյալները կարող է հայտնաբերել, հա՛մ իր տեղամասի տվյալները։ ՆԳՆ մեր գործընկերները պետք է որ «Հայփոստից» ստանան ծանուցում, թե քանի ծանուցում չի առաքվել, որպեսզի բյուջեից վճարումը լինի ըստ այդմ։ Եթե մենք ունենք փաստ, որ ծանուցումը ֆիզիկապես չի առաքվել, պետք է պարզենք, որպեսզի չմատուցված ծառայության համար պետությունը չվճարի»,- ասաց Վահագն Հովակիմյանը։ ԿԸՀ նախագահն ասաց՝ ինքը չի համարում, որ գործ ունենք մի գործընթացի հետ, որը կարող էր ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա․ «Բայց գործ ունենք նրա հետ, որ պետության պատվիրած ծառայությունը չի մատուցվել, բողոքներ կան, և էդ բողոքների գնահատակը պիտի տրվի»
21:42 - 17 սեպտեմբերի, 2023
Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28,46 %-ը

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28,46 %-ը

Երևանի ավագանու հերթական ընտրություններն ավարտված են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց, որ բոլոր 475 տեղամասերը 20:00-ին փակվել են, ներկայում ընթանում է քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը։ Ընտրություններին մասնակցության ցուցանիշն այս տարի ցածր է նախորդ տարիներից․ նախնական տվյալներով 824 հազար 250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234 հազար 553-ը կամ 28,46 %-ը։ 2018-ի ավագանու րտահերթ ընտրություններին, հիշեցնենք, քվեարկությանը մասնակցել էր ընտրողների 43.65%-ը։ ԿԸՀ նախագահը նաև ներկայացրեց պատկերն՝ ըստ վարչական շրջանների՝ Աջափնյակ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունեցող 83 հազ․ 14 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 23 հազ․ 229 ընտրող՝ 27.98%, Ավան վարչական շրջանում ընտրելու իրավունք ունեցող 39 հազ․ 30 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 12 հազ․ 575 ընտրող՝ 32,22%, Արաբկիր վարչական շրջանում 94 հազ․ 537-ից ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 29 հազ․ 301 ընտրող՝ 30,99%, Դավթաշենում 33 հազ․ 484-ից քվեարկությանը մասնակցել է 10 հազ․ 709 ընտրող՝ 31,98%, Էրեբունիում 89 հազ․ 206-ից քվեարկությանը մասնակցել է 21 հազ․ 719 ընտրող՝ 24,35%, Կենտրոնում 94 հազ․ 922-ից քվեարկությանը մասնակցել է 28 հազ․ 714 ընտրող՝ 30,25%, Մալաթիա-Սեբաստիայում 106 հազ․ 317-ից քվեարկությանը մասնակցել է 27 հազ․ 490 ընտրող՝ 25,86%, Նոր-Նորքում 97 հազ․ 497-ից քվեարկությանը մասնակցել է 28 հազ․ 889 ընտրող՝ 29,63%, Նորք-Մարաշում 10 հազ․ 667-ից քվեարկությանը մասնակցել է 3314-ը՝ 31,07%, Նուբարաշենում 8065-ից քվեարկությանը մասնակցել է 2250-ը՝ 27,9%, Շենգավիթում 110 հազ․ 780-ից քվեարկությանը մասնակցել է 29 հազ․ 357-ը՝ 26,5%, Քանաքեռ-Զեյթունում 56 հազ․ 731-ից քվեարկությանը մասնակցել է 17 հազ․ 6 ընտրող՝ 29,98%: ԿԸՀ նախագահը նշեց, որ մանսակցության այս ցուցանիշը մայրաքաղաքի համար ամենացածրն է․ «Ես չեմ հիշում նման ցածր ցուցանիշ, բայց կարող եմ ասել, որ վերջին ընտրությունների դինամիկան անընդհատ գնացել է դեպի նվազում․ սա ընտրողների որոշումն է։ Նկատի ունեմ՝ ընտրողն ազատ է, և բոլոր 475 տեղամասերից երեկվանից սկսված է իրական ժամանակում հեռարձակում, այսինքն՝ մարդիկ ազատ պայմաններում քվեարկում են, և ինչպես քվեարկելն է ընտրողի իրավունքը, այնպես էլ չքվեարկելը։ Կարող եմ որպես ընտրական գործընթացներին մասնագիտորեն տիրապետող անձ ասել, որ ամբողջ աշխարհում ազատ և ժողովրդավարական ընտրություններն ունեն մասնակցության ցածր մակարդակ, որովհետև ինչպես ընտրողին կարող է հետաքրքրել մասնակցելը, կարող է նաև չմասնակցել»։
21:16 - 17 սեպտեմբերի, 2023
ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծը 20:00-ի դրությամբ ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ

ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծը 20:00-ի դրությամբ ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ: ՄԻՊ մանդատին վերաբերելի 23 խնդիր Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։   Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՄԻՊ–ը։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․   Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված 1586 հրապարակում։   Աշխատանքային խմբի կողմից վեր հանված խնդիրները հիմնականում վերաբերել են տեղամասային կենտրոնների վերաբերյալ ծանուցված չլինելուն, այլ հասցեում հաշվառում ունենալուն, սակայն ընտրության օրն իրենց նախընտրած վայրում ընտրական իրավունքն իրացնելու խնդրին, անձնագիր չունենալու, դրա վավերականության ժամկետը լրացած լինելու պարագայում այլ փաստաթղթով ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, կացության կարգավիճակ ունենալու դեպքում ընտրացուցակներում տվյալների բացակայության պատճառով ընտրական իրավունքն իրացնել չկարողանալուն, տեղամասային ընտրական կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող (անկողնային հիվանդ, ինքնուրույն տեղաշարժվելու խնդիր ունեցող) անձանց ընտրական իրավունքի իրացմանը, Երևանում 6 ամսից պակաս հաշվառում չունենալու դեպքում ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկված լինելուն, քվեարկության կարգին և ընտրատեղամասի մատչելիությանը։   Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են նաև տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, քվեախցիկների պատշաճ կահավորման, նույնականացման սարքերի տեխնիկական վիճակի հետ կապված առերևույթ խնդիրներ։   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել է լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը, վերջիններիս գործունեությանը խոչընդոտելու առերևույթ դեպքերը։   Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքներ են ներկայացվել նաև ընտրատեղամասերի մատչելիության հետ կապված։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում մշտադիտարկում են իրականացրել Երևանի մի շարք ընտրատեղամասերում՝ ուսումնասիրելով դրանց մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար։   Արձանագրվել են մատչելիությանը վերաբերելի միջազգային չափանիշների տեսանկյունից մի շարք խնդիրներ՝ • ընտրատեղամասերից մեկում մուտքի մոտ բացակայում էր թեքահարթակը, թեև ըստ ԿԸՀ համապատասխան ցուցակի, տվյալ տեղամասը համարվում է մատչելի և պետք է առկա լիներ թեքահարթակ, • մշտադիտարկման ենթարկված ընտրատեղամասերում թեքահարթակները, որպես կանոն՝ կրել են ձևական բնույթ։ Ընտրատարածքների մուտքն ու ելքն ապահովող թեքահարթակները թեև առկա են եղել, սակայն շենքային պայմանները հարմարեցված չեն եղել հաշմանադամություն ունեցող անձանց կարիքներին՝ վերելակի, տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար հատուկ գծանմուշների և այլ հարմարեցումների բացակայության առումով, • որոշ ընտրական տեղամասերում արձանագրվել են լուսավորության հետ կապված խնդիրներ, ինչն ակնհայտ խոչընդոտ է երեկոյան ժամերին տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ընտրական իրավունքը իրացնելու տեսանկյունից, • որոշ ընտրատեղամասերում սայլակով տեղաշարժվող անձանց համար սեղանների բարձրությունն ու հեռավորությունը պատշաճ ապահովված չէր և այլն:   Օրվա ընթացքում արձանագրված խնդիրները կամփոփվեն և գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին:
21:01 - 17 սեպտեմբերի, 2023
Այս ընտրությունների ընթացքում գրեթե չեն եղել ահազանգեր, որ որևէ դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի իրավունք սահմանափակվել է. ԿԸՀ փոխնախագահ |1lurer.am|

Այս ընտրությունների ընթացքում գրեթե չեն եղել ահազանգեր, որ որևէ դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի իրավունք սահմանափակվել է. ԿԸՀ փոխնախագահ |1lurer.am|

Ինչ բնույթի ահազանգեր են ստացվել սեպտեմբերի 17-ին` Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում: «Լուրերի» հետ զրույցում այս հարցին անդրադարձավ ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ 20:00-ի դրությամբ բոլոր տեղամասային կենտրոնները փակվել են, այժմ ամփոփման նիստերն են, մինչև քվեարկության սկիզբը ունեցել են տեխնիկական մի քանի խնդիր, որոոնք անհապաղ լուծումներ են ստացել: Հովհաննիսյանի խոսքով` եղել է դեպք, երբ տեղամասային կենտրոններից մեկը բացվել է մի փոքր ուշացումով, բայց որևէ ընտրողի ընտրելու կամ քվեարկելու իրավունքի իրացումը չի խախտվել: Նա ահազանգերը մի քանի մասի դասակարգեց` ծանուցումների հետ կապված, տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի հետ կապված, ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի կամ առանձին միջադեպերի հետ կապված ահազանգեր, ու նաև` ընտրական գործընթացում ներգրավված , տեղամասում ներկա գտնվելու իրավունք ունեցող այլ սուբյեկտների (ԶԼՄ ներկայացուցիչ, վստահված անձ, դիտորդ) իրավունքների ու պարտականությունների հետ կապված: Հովհաննիսյանը հայտնեց, որ այս ընտրությունների ընթացքում գրեթե չեն եղել ահազանգեր, որ որևէ դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի իրավունք սահմանափակվել է, մասնավոր թեթև միջադեպեր են եղել, որոնք արագ տեղում կարգավորվել են: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
20:55 - 17 սեպտեմբերի, 2023
«Հայփոստ»–ը ոչ բոլոր ընտրողներին է ծանուցել քվեարկության օրվա, ընտրատեղամասի հասցեի մասին |azatutyun.am|

«Հայփոստ»–ը ոչ բոլոր ընտրողներին է ծանուցել քվեարկության օրվա, ընտրատեղամասի հասցեի մասին |azatutyun.am|

«Հայփոստ» ընկերությունը Երևանի ավագանու ընտրությունից առաջ ոչ բոլոր ընտրողներին է նամակով ծանուցել քվեարկության օրվա, ընտրատեղամասի համարի ու տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին, մինչդեռ դա Ընտրական օրենսգրքի պահանջ է։ Այս պահին պարզ չէ, թե ընտրողների որ մասն է ստացել, և քանիսը չեն ստացել ծանուցում, սակայն «Ազատության» հետ զրույցում բազմաթիվ քաղաքացիներ հայտնել են, որ չեն ծանուցվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, իր հերթին, ահազանգեր է ստացել տարբեր քաղաքացիներից, որոնք հայտնել են, որ չգիտեն, թե որտեղ պետք է քվեարկեն։ Ըստ քաղաքացիների անձնական տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն)՝ ընտրատեղամասերի համարները և գտնվելու վայրերը տեղադրված են elections.am կայքում, սակայն դա էլեկտրոնային ռեսուրս է, և բոլոր ընտրողները չէ, որ գիտեն ընտրողների ռեգիստրի մասին և կարողանում են դրանից օգտվել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
20:52 - 17 սեպտեմբերի, 2023
Արաբկիրի 4/40 ընտրատեղամասում երեկոյան իրավիճակը մի պահ լարվել է

Արաբկիրի 4/40 ընտրատեղամասում երեկոյան իրավիճակը մի պահ լարվել է

Արաբկիր վարչական շրջանի 4/40 ընտրատեղամասում երեկոյան իրավիճակը մի պահ լարվել է տեղում առաքելություն իրականացնող դիտորդների եւ հանձնաժողովի անդամների միջեւ։ Արձանագրությունների գրքույկում հանձնաժողովի անդամները գրել են, որ առավոտյան 7-ից «Անկախ դիտորդ» առաքելության դիտորդները «պարբերաբար, դիտմամբ սադրիչ գործողությունների միջոցով անընդհատ խանգարել են հանձնաժողովի աշխատանքին»։ «Այս ամենի մեջ մենք տեսնում ենք միտումնավոր քայլ, քանի որ ստեղծում էին այնպիսի իրավիճակներ, երբ անընդհատ վիրավորում էին հանձնաժողովի նախագահին, անում սուտ արտահայտություններ։ [...] Այս ամենի նպատակն էր մտնել տեղամաս և մատյանում արձանագրություն կազմել՝ հորինածու և անհիմն պատճառներով: [․․․]»,- նշված էր արձանագրության մեջ, սակայն, միեւնույն ժամանակ, դիտորդների մեկնաբանությունները գրքույկում արձանագրված չէին։ Ուստի եւ կապ հաստատեցինք «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հետ՝ հասկանալու՝ ըստ դիտորդների ինչ է տեղի ունեցել։ Իոաննիսյանն ասաց, որ այս տեղամասում դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել, բայց հանձնաժողովի նախագահը հրաժարվել է այդ խախտումների վերաբերյալ պատշաճ վարչարարություն իրականացնել, կատարել իր պարտականությունները, ինչպես նաեւ հրաժարվել է արձանագրել խախտումները։ Մեր դիտարկմանը, որ դիտորդների արձանագրությունները մատյանից բացակայում են, Իոաննիսյանն ասաց, որ հանձնաժողովի նախագահը չի թույլատրել, որ դիտորդները գրանցամատյանում գրառում անեն, ինչպես նաեւ ծանոթանան գրանցամատյանի գրառումներին եւ լուսանկարեն այն։ Ինչ վերաբերում է խախտումներին, ապա դրանք վերաբերել են տեղամասում գտնվող անձի՝ վկայականը տեսանելի վայրում փակցրած չլինելուն, դրոշմանիշերի պատասխանատու անձի կողմից ընթացակարգի խախտումներին եւ այլն։ Գրանցամատյանում երեկոյան յոթին մենք նկատեցինք չորս արձանագրություն, որոնցից մեկը վերը հիշատակցվածն է, մեկն այն մասին է, որ «Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդը նշել է, որ տեղամասի տեսախցիկները չեն ֆիքսում մատնահետքերի սարքերի դիրքը, այսինքն՝ տեսախցիկը սխալ է տեղադրված։ Մյուս արձանագրությունն այն մասին է, որ «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչն առավոտյան նկատել է, որ դրոշմանշի պատասխանատու անձի կողմից իրականացվել է խախտում, նա, մասնավորապես, տեղամաս մտած առաջին երկու ընտրողների քվեածրարները կնքել է, որի լիազորությունը չի ունեցել, մյուսն էլ այն մասին է, որ «Անկախ դիտորդի» մյուս ներկայացուցիչը հանձնաժողովի նախագահին է դիմել առ այն, որ տեղամասում գտնվող անձանցից մեկին դժվար է նույնականացնել, քանի որ նա իր վկայականը տեսանելի վայրում չի փակցրել․ «Հանձնաժողովի նախագահի կողմից բողոքին ի պատասխան՝ նշվել է, որ իր համար տեսանելի է, եւ դիտորդի պնդմանը, որ բեյջն ուղղակի դիտորդի ձեռքին է եւ հնարավոր չէ նույնականացնել, հանձնաժողովի նախագահը դիտորդին ասել է, որ վստահված անձի հետ դիտորդը գնա, խոսի։ Տվյալ հանգամանքը արձանագրելու պահանջը հան․․․»,- այսպես է արձանագրված մատյանում՝ վերջում կիսատ մնացած մտքով։  Գրանցամատյանի մյուս էջին հանդիպում ենք գրառում այն մասին, որ «Ուժը հայրենյանց» կուսակցության վստահված անձ Մարինե Մկրտչյանը գրել է, որ «մեղադրվել է բեյջ չունենալու մեջ, որը սուտ է»։ Նա նշել է, որ դա փաստում են հանձնաժողովի անդամները, դիտորդները, վստահված անձինք, ինչպես նաեւ տեսագրությունները։ Հայարփի Բաղդասարյան
20:42 - 17 սեպտեմբերի, 2023
ՀՀԿ–ն չի ուղղորդել. Շարմազանովը՝ համախոհների կողմից քվեաթերթիկներն անվավեր դարձնելու մասին |armeniasputnik.am|

ՀՀԿ–ն չի ուղղորդել. Շարմազանովը՝ համախոհների կողմից քվեաթերթիկներն անվավեր դարձնելու մասին |armeniasputnik.am|

ՀՀԿ–ականների կողմից համացանցում հրապարակված անվավեր քվեաթերթիկներն ու ընդհանրապես քվեաթերթիկն անվաներ դարձնելը յուրաքանչյուրի քաղաքական դիրքորոշումն է և որևէ ուղղորդում չունի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։   Նշենք, որ համացանցում Հանրապետական կուսակցության համախոհները հրապարակում են իրենց անվավեր քվեաթերթիկները` տարբեր գրություններով։ Դրանցից մն քանիսն իր էջում հրապարկել է նաև Շարմազանովը։ Անվավեր դարձած քվեաթերթիկների վրա գրված է «Աշոտյան, քաղբանտարկյալ», «Նիկոլ, դավաճան»։   Ինքը` Շարմազանովը, Երևանի գրանցում չունի, հետևաբար նաև չի կարող մասնակցել ընտրությանը, սակայն իրենց համախոհների կողմից ընտրությանը մասնակցելը և քվեաթերթիկն անվավեր դարձնելն էլ սխալ չի համարում։   «Մեր կուսակցության որոշ ընկերներ նման ձև են ընտրել, բայց պնդել, որ դա արել են միայն հանրապետականները, ես չէի ասի։ Մարդկանց իրավունքն է` ինչպես քվեարկել։ Մարդիկ իրենց քաղաքական դիրքորոշումն են հայտնում։ Մեկը գրում է` «թուրք, դավաճան», մեկը գրում է «Աշոտյան, քաղբանտարկյալ»... Նմանատիպ դեպքեր միշտ են եղել մեր ընտրությունների ժամանակ, միշտ ինչ-որ մեկը գրել է քվեաթերթիկի վրա։ Եթե մտածում եք` սա ուղղորդված է` ոչ, ուղղորդված չէ։ Եթե գտնում եք՝ բոլոր անվավեր քվեաթերթիկները հանրապետականներն են արել, ես այդ կարծիքին չեմ»,–ասաց ՀՀԿ–ական գործիչը։   Շարունակությունը՝ armeniasputnik.am–ում
20:41 - 17 սեպտեմբերի, 2023
«Հայաքվե»–ն հրապարակել է ընտրատեղամասերում իր արձանագրած խախտումները

«Հայաքվե»–ն հրապարակել է ընտրատեղամասերում իր արձանագրած խախտումները

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է այսօր իր արձանագրած խախտումները։ Դրանք ներկայացնում ենք ստորեւ․ • 85 հոգի գրանցված է Ոստիկանական ակադեմիայի տարածքում /շենքում/: Հասցեն որոնելով google համակարգով՝ բերում է Ոստիկանական ակադեմիայի հարակից տարածք, որը, սակայն, բնակելի չէ: • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում /Խանջյան 27/ գրանցված է 86 հոգի: • Մեկ այլ տարածքում, որը պատկանում է Ֆուտբոլի ֆեդերացիային, գրանցված է 48 հոգի: • Մալյան նրբանցք 4-34 հասցեում, որը Նորքի գերեզմանատունն է, գրանցված է 159 ընտրող: • Շիրակի օժանդակ տնտեսության 447-ում, որը բնակության ոչ ենթակա տարածք է, գրանցված է 171 քաղաքացի: • Օդանավակայան 50 հասցեում, որը բնակության ոչ ենթակա տարածք է, գրանցված է 66 քաղաքացի: • Թաիրովի 46 հասցեում՝ ոչ բնակելի տարածքում, գրանցված է 172 քաղաքացի: • Բազմաթիվ տեղամասերում քվեատուփերի վրա 4 փոքրիկ անցքեր կան. դրանք պետք է փակ լինեն: • 4/12 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանն անմիջապես ընտրությունների օրն են բերել ընտրատեղամաս, ինչը նշանակում է, որ քվեաթերթիկներն այնտեղ չեն պահվել։ • 6/30 տեղամասում գրանցման սարքերն ունեն անձնագրային ճանաչելիության խնդիր։ • 6/11 տեղամասում ընտրողը մոտեցել է այլ ընտրողի, որ օգնի քվեարկել, սակայն նախագահի զգուշացումից հետո հեռացել է քվեախցիկից: • 2/25 տեղամաս /Նոր Նորքի 7-րդ զանգված/ քաղաքացին ահազանգել է, որ իրենց տան հասցեում գրանցված են մարդիկ, որոնց նա չի ճանաչում /5 հոգի/: • Ընտրատեղամասեր են մոտենում անձինք նոր ստացած անձնագրերով, որոնց վեց ամիսը լրացած չէ։ • 8/60 տեղամասում հանձնաժողովի նախագահը ծրարը պատռել և նետել է աղբարկղը՝ հիմնավորելով դա նրանով, որ ծրարը խոտանված է։ • Մի քանի տեղամասերում առանց մատնահետքի ճանաչման՝ կտրոն տրամադրելու դեպքեր են արձանագրվել: • Մի քանի տեղամասերում նկատվել են ազգությամբ ռուսներ և հնդիկներ, որոնք խմբերով էին ժամանում: Որպես կանոն, նրանք չեն տիրապետել հայոց լեզվին: • Երևանում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հնդկաստանի քաղաքացիների թիվը 89-ն է, մինչդեռ անզեն աչքով երևում է, որ տարբեր տեղամասերում ազգությամբ հնդիկ ընտրողների թիվը շատ ավելին է: • 6/13 տեղամասում /տնակում տեղակայված թիվ 43 մանկապարտեզ/ մեծ թվով երիտասարդ տղաներ կան, որոնք անհասկանալի ակտիվություն են դրսևորում: • 9/42 ընտրատեղամաս մի քաղաքացի մոտեցավ՝ հայտնելով, որ Գերմանիայում բնակվող իր ընկերուհին՝ Աստղիկ Մութաֆյանը, խնդրել է իրեն գալ ընտրատեղամաս և արձանագրել, որ իրենք երկրում չեն, և իրենց փոխարեն ոչ ոք չքվեարկի։ • 2/29 տեղամասում մի ծերունի փորձել է հանձնաժողովի ձեռքի տակ առկա ցուցակները նայել: Նրան հորդորել են նայել դրսում փակցված ընտրացուցակները, վեճ է հրահրել: • 4/33 տեղամասի մոտ՝ 50 մետրից պակաս հեռավորությամբ, փակցված է Տիգրան Ավինյանի մեծադիր պաստառը։ • 4/53 տեղամասից 47 մետրի վրա ՔՊ շտաբն ու պաստառն են: • 1/3 ընտրատեղամասում քվեախցիկում գրիչով նշված է եղել N2 /ՔՊ-ի քվեաթերթիկի համարը/: • Ժամը 11:30-ից 12։30-ը՝ մեկ ժամ շարունակ, elections.am կայքը չի գործել, հետևաբար՝ 475 ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումը մեկ ժամով դադարեցվել է: • 6/12 տեղամասում տարեց մարդը, չենթարկվելով հանձնաժողովի նախագահի հրահանգին, փորձել է բաց քվեարկել: Դեպքն արձանագրելուց հետո անծանոթ օգնականի օգնությամբ կատարել է քվեարկություն: • 6/12 տեղամասում լուսանկարել են քվեաթերթիկը, դա արձանագրել է հանձնաժողովի նախագահը և ոստիկան հրավիրել: • 10/11 տեղամասում վստահված անձին թույլ չեն տվել նայել սարքավորման թվերը: • 1/15 տեղամասի առցանց ուղիղ հեռարձակումը ԿԸՀ կայքում բացակայել է: • 3/10 տեղամասում անթույլատրելի հեռավորության վրա փակցված են քարոզչական պաստառներ և նյութեր: • 4/51 տեղամասում մի ընտանիք հայտարարել է, որ իրենց տանը գրանցված են այլ մարդիկ, ում այդ ընտանիքի անդամները չեն ճանաչում /առկա է տեսանյութ/: • 4/40 տեղամասում «Անկախ դիտորդ» ՀԿ-ից 3 հոգի սադրանք են հրահրել, խնդիրներ ստեղծել: Նրանք առանց գրանցվելու մոտեցել և պահանջել են գրանցամատյանը՝ լուսանկարելու համար: Դիտորդներից մեկը պահանջել է սպասել, մինչև քարտուղարը մոտենա և գրանցի նրանց: • 8/60 ընտրատեղամասում քաղաքացին պայուսակով է ներս մտել, երկար մնացել քվեախցում, այնուհետև հեռախոսով նկարել իր քվեաթերթիկը: • 2/36 տեղամասում 13:17-ի դրությամբ տեսախցիկը սխալ է տեղադրված: • 10/15 տեղամասում բաց քվեարկության դեպք է արձանագրվել, հանձնաժողովի նախագահը դեպքն անուշադրության է մատնել, վստահված անձը զգուշացրել է, սակայն անգամ դրանից հետո նրան թույլ են տվել ծրարը գցել քվեատուփի մեջ: • 2/47 տեղամասում սարքով գրանցող 2 հանձնաժողովականը առցանց հեռարձակման մեջ չեն երևում: • 9/31 տեղամասը Մեսրոպ Մաշտոց համալսարանից օրվա ընթացքում տեղափոխվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան: • 6/7 տեղամասում հանձնաժողովի նախագահն ուղղորդել է ընտրողին, որ քվեաթերթիկը ծալված դնի ծրարի մեջ: • Մեծ քանակությամբ անորակ ծրարներ են թողարկվել: Երբեմն հնարավոր չէ քվեաթերթիկն ուղիղ դնել դրա մեջ։ Նման դեպքերում քվեաթերթիկները դեֆորմացվում են։ • 2/31 ընտրատեղամասում ՔՊ-ական Մխիթար Հայրապետյանն ուղղորդել է ընտրողներին: • 6/12 տեղամասում մի կին ասել է, որ իր տանը գրանցված է իրեն անծանոթ երկու մարդ: • 7/33 ընտրատեղամասից մոտ 30 մետր հեռավորությամբ ՔՊ-ի շտաբն է՝ պաստառներով: • 3/10 ընտրատեղամասի մոտ՝ 50 մետրից պակաս հեռավորությամբ, ՔՊ-ի նախընտրական շտաբն է՝ քարոզչական պաստառներով և կուսակցական ակտիվի կուտակումներով։ • 2/25 ընտրատեղամասում ընտրողը հայտնաբերել է, որ ընտրությունների օրով իրենց տան հասցեում ավելացել է Հովակիմյան ազգանվամբ չորս անձ, որոնց ինքը չի ճանաչում, և որոնք իր հետ որևէ կապ չունեն։ • 10/12-ում հանձնաժողովի նախագահը վերցրել է խախտումների գրանցամատյանը և թույլ չի տվել գրանցում անել։ • Հայաքվեի թեժ գծին ահազանգած տասնյակ քաղաքացիներ տեղեկացրել են, որ իրենց քվեարկության վայրը փոխել են՝ այդ մասին իրենց նախապես չտեղեկացնելով։ • Քաղաքացի Սամվել Սողոմոնյանը տեղեկացրել է, որ ընտրացուցակները դիտարկելիս պարզել է, որ իր բնակավայրի շենքերից մեկի նկուղում Հնդկաստանի շատ քաղաքացիներ կան գրանցված, այն պարագայում, երբ նկուղը ոչ բնակելի տարածք է համարում։ • 6/6-ում էլեկտրոնային սարքավորման աշխատակիցը գաղտնի տեսանկարահանել է դիտորդների աշխատանքը։ • 10/3 ընտրատեղամասում ՔՊ կուսակցության անդամները բացեիբաց ուղղորդել են ընտրողներին։ • 1/3 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահն ընտրողներին ուղղորդել է՝ քվեաթերթիկը ծրարում դնել ծալված ձևով։ Հանձնաժողովի նախագահն իրեն պահել է ոչ կոռեկտ, ձայնը բարձրացրել է, սադրանքներ հրահրել։ • 10/15 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձն անդադար ներսուդուրս է արել տեղամասից, մարդկանց դիմավորել, իսկ հանձնաժողովի նախագահը չի թողել արձանագրել կատարվողը։ • Անդրեյ Իլիասովիչ ներկայացած քաղաքացին ահազանգել է, որ իրեն անծանոթ մարդկանց է հայտնաբերել՝ գրանցված իր բնակարանում: • 2/1 տեղամասի դիմաց կայանված ամենագնաց մեքենայի միջից ուղղորդել են մարդկանց՝ քվեարկելու ՔՊ կուսակցության օգտին։ • 7/26 տեղամասի դիմաց մի խումբ երիտասարդ տղաներ են խմբված, ՔՊ վստահված անձինք և հանձնաժողովի նախագահը պարբերաբար դուրս են եկել և հանդիպել այդ անձանց։ • 9/40 տեղամասի դիմաց խմբված մի խումբ կասկածելի երիտասարդ տղաներ ուշադիր զննել են տեղամաս մտնող և դուրս եկող քաղաքացիներին։ • 9/39 տեղամասում քաղաքացին հայտնաբերել է իր հասցեում գրանցված, իրեն անծանոթ անձանց։ • Տասնյակ տեղամասերում քվեաթերթիկների տրցակների մոտ դրված է եղել «Քվեաթերթիկ 2» գրությամբ թուղթ, որը կարող է կողմնորոշել և ուղղորդել ընտրողներին։ • Մի քանի տեղամասերում հանձնաժողովների նախագահները հրաժարվել են դիտորդներին հայտնել այդ պահի դրությամբ քվեարկած քաղաքացիների թիվը։ • 1/15 տեղամասում տեխնիկական սխալի պատճառով կտրոնը տպվել է երկու անգամ, և քաղաքացուն արգելել են քվեարկել։ • 1/2 տեղամասում 7 հոգանոց ընտանիքն իր անունները չի հայտնաբերել ընտրացուցակներում, այն դեպքում, երբ 4 ամիս առաջ է փոխել գրանցումը, և վերագրանցումը պիտի արտացոլվեր ընտրացուցակում։ • 10/9 տեղամասում ՔՊ վստահված անձը փորձել է թաքցնել վկայականը /բեյջը/, և երբ Հայաքվեի դիտորդները պահանջել են ցուցադրել այն, լքել է տեղամասի տարածքը։ • 10/9 տեղամասում անձը քվեաթերթիկը քվեատուփն է նետել առանց դրոշմանիշի, ապա քվեարկել երկրորդ անգամ՝ արդեն դրոշմանիշով։ • 7/26 տեղամասում ընտրողը կորցրել է կտրոնը, բայց ծրարը մարվել է։ • 8/48-ում ընտրողը երկու քվեաթերթիկ է դրել մեկ ծրարի մեջ և նետել քվեատուփը։ • 4/27 տեղամասում ընտրողներից մի քանիսը հայտնաբերել են իրենց տներում գրանցված և իրենց անծանոթ տասնյակ անձանց։ • 6/6 տեղամասում սպառնացել են Հայաքվեի դիտորդին և փորձ արել ջնջելու նկարահանածը։ • 6/6 տեղամասում ընտրողը ծրարի մեջ քվեաթերթիկ չի դրել և չի ցանկացել քվեարկել։ Ծրարը մարվել է։ • Հայաքվեի շապիկներով անհայտ անձինք մուտք են գործել մի քանի տեղամասեր, ներկայացել որպես Հայաքվեի դիտորդներ և ասել, թե կփոխարինեն գործող դիտորդներին։ Հայաքվե դիտորդական առաքելությունը կշարունակի իր աշխատանքը նաև ձայների հաշվարկի փուլի ժամանակ՝ արձանագրելով բոլոր ընտրախախտումները։
20:23 - 17 սեպտեմբերի, 2023
Ասում ա` «Ձեր թաղում դվիժենի արա, գան մասնակցեն». ՔՊ-ի վստահված անձի հեռախոսային խոսակցությունը ընտրատեղամասի դիմաց  |factor.am|

Ասում ա` «Ձեր թաղում դվիժենի արա, գան մասնակցեն». ՔՊ-ի վստահված անձի հեռախոսային խոսակցությունը ընտրատեղամասի դիմաց |factor.am|

Factor TV-ի լրագրողը քիչ առաջ թիվ 6/21 ընտրական տեղամասի դիմաց պատահաբար լսել է քաղաքացիներից մեկի հեռախոսային խոսակցությունը: «Ասում ա` Ձեր թաղում «դվժենի» արա, գան, մասնակցեն»,- ասաց քաղաքացին, ապա խոսեց «մեկ ժամում 30% խփելու մասին»: Հեռախոսային խոսակցության ավարտից հետո փորձեցինք պարզել, թե ով է քաղաքացին և ով էր նրան ասել, որ իրենց թաղում, իր խոսքով ասած, «դվիժենի անի»: Քաղաքացին, սակայն, չներկայացավ, պնդեց, որ մենք խախտում ենք իր անձնական կյանքի իրավունքը, որ ինքը կարող էր խոսելիս լինել կնոջ հետ, և մենք իրավունք չունեինք լսել իր խոսակցությունը: Քաղաքացու հագուստին անցաթուղթ կար ամրացված, որը, սակայն շրջված էր, ու դրա վրա նշումները չէին երևում: Շուտով անցաթուղթը շրջվեց ու պարզ դարձավ, որ վերջինս «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» վստահված անձ Աշոտ Միրզոյանն է:Ամբողջական հոդվածը` factor.am-ում
20:21 - 17 սեպտեմբերի, 2023
«Ականատես» դիտորդական առաքելության արձանագրած ընտրախախտումները՝ 08։00-14։00 ժամանակահատվածում

«Ականատես» դիտորդական առաքելության արձանագրած ընտրախախտումները՝ 08։00-14։00 ժամանակահատվածում

«Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացնում են քվեարկության առաջին կեսին՝ 08:00-14:00 ժամանակահատվածում արձանագրված էական միջադեպերը։   Քվեարկության ժամանակահատվածի առաջին կեսը՝ 08:00-14:00 ժամանակահատվածն ընդհանուր առմամբ անցել է խաղաղ, միևնույն ժամանակ ընտրողների զգալի պասիվության պայմաններում։   Ընտրատեղամաս դիտորդների մուտքը խոչընդոտելու վերաբերյալ արձանագրվել է մեկ դեպք:   - 8/35 տեղամասում որոշակիորեն խոչընդոտվել է «Ականատես»-ի երկու դիտորդների միաժամանակյա ներկայությունը՝ հանձնաժողովի քարտուղարի և նախագահի կողմից երկու դիտորդի ներկա գտնվելու իրավաչափության վերաբերյալ հստակ դիրքորոշում չունենալու հետևանքով։ ԸԸՀ-ի հետ մի քանի անգամ կապ հաստատելուց հետո (այդ թվում՝ «Ականատես»-ի կողմից) խնդիրը կարգավորվել է մոտ 20 րոպե անց։   Ընտրողների ընտրելու իրավունքը իրացնելու հետ կապված արձանագրվել է երեք դեպք երկու տեղամասում։   - 6/06 ընտրողների ցուցակում ներառված երկու անձի տվյալները, ըստ սարքի ազդանշանի, առկա չեն եղել տեխնիկական սարքում։ Անձանցից մեկը այնուհետև կարողացել է մասնակցել քվեարկության՝ նույնականացման քարտը տեխնիկական սարքի ընթերցելուց հետո: Մյուսին չի թույլատրվել քվեարկել և առաջարկվել է ներկայացնել անձը հաստատող այլ փաստաթուղթ, չնայած, որ նա ունեցել է վավեր անձը հաստատող փաստաթուղթ։   - 10/02 տեղամասում ընտրողների ցուցակում ներառված անձի տվյալները բացակայել են տեխնիկական սարքում, ինչի արդյունքում անձին չի թույլատրվել քվեարկել վավեր փաստաթղթի առկայության պայմաններում։ Անձին վերադաս ընտրական հանձնաժողովից ուղղորդել են լրացուցիչ տեղեկանք վերցնելու։ Երկու դեպքերն էլ արձանագրվել են գրանցամատյանում։   Հանձնաժողովի անդամների աշխատանքների և քվեաթերթիկների տրամադրման հետ կապված արձանագրվել է երեք խնդիր։ - 5/2 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը ընտրողներին չի տրամադրել 12 համարի քաղաքական ուժի քվեաթերթիկները։ Հանձնաժողովի նախագահի նկատողությունից հետո իրավիճակը շտկվել է:   - Նույն 5/2 ընտրատեղամասում գրանցամատյանում գրանցումները հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից իրականացվել են մատիտով։ Դիտորդի նկատառումից հետո խնդիրը կարգավորվել է։   - 7/60 ընտրատեղամասում հարաբերականորեն պակաս են եղել 4-րդ և 14-րդ համարի քվեաթերթիկները։ Դիտորդի կողմից բացահայտվելուց և բարձրաձայնվելուց հետո հանձնաժողովի նախագահը լրացրել է 4-րդ համարի քվեաթերթիկների տրցակը։ Արձանագրվել է տեղամասային կենտրոնների պատշաճ կահավորման և քվեատուփի փակմանն ու կնքմանն առնչվող պահանջների հետ կապված չորս խնդիր։   - 1/01 ընտրատեղամասում սենյակը այնպես է կահավորված, որ լիարժեք չի կարող երաշխավորվել ընտրողների գաղտնիության իրավունքը՝ քվեախցիկների կողքին առկա է դուռ, որով ելումուտ են անում հանձնաժողովի անդամները։ Դիտորդների՝ վերակահավորելու վերաբերյալ առաջարկը մերժվել է։ - 8/38 ընտրատեղամասում չեն պահպանվել քվեատուփը փակելու և կնքելու օրենքով և ԿԸՀ որոշմամբ սահմանված պահանջները, մասնավորապես, քվեատուփը կնքված չի եղել։   - 10/12 տեղամասում քվեախցիկների կողքին առկա է դուռ, որը փակված չէ, կարող է օգտագործվել հանձնաժողովի անդամների կողմից։ Դուռը փակելու համար տնօրենի կողմից բանալի չի տրամադրվել հանձնաժողովի նախագահին։   Ընտրատեղամասում և դրանց հարակից տարածքներում նկատվել է կողմնակի անձանց ներկայության 6 դեպք, որոնցից որոշ դեպքերում՝ ընտրողների մասնակցության ենթադրյալ վերահսկողության նպատակով։ - 2/04 տեղամասային կենտրոնից 50 մետր շառավղով տարածքից դուրս, սակայն մեկուկես ժամ շարունակ, գտնվել է մեկ անձ մի քանի այլ անձանց հետ միասին, որոնք պարբերաբար փոփոխվել են։ Տվյալ անձը պարբերաբար դիմավորել է տեղամաս գնացող անձանց և խոսել նրանց հետ: Նա ընտրատեղամասում գրանցված է եղել որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ։ Հեռանալու մասին մի շարք հորդորներին նա բացասական է արձագանքել՝ պատճառաբանելով, որ գտնվում է իր բակում։ Հանձնաժողովի նախագահի հետ զրույցի արդյունքում նա ի վերջո հեռացել է։   - 2/30 տեղամասում նույն անձը տեղամաս է այցելել երկու անգամ, մեկ անգամ մի տղամարդու, երկրորդ անգամ՝ մի քանի կանանց հետ։ Դիտորդի լուսանկարելուց հետո տվյալ անձը լքել է տեղամասային կենտրոնը։ - 6/18 և 6/19 ընտրատեղամասերի դիմաց ներկա են եղել երեք անձիք, ովքեր զանգեր են կատարել՝ ընտրությունների մասնակիցների թվերը ճշգրտելու նպատակով: Դիտորդի կողմից դեպքը արձանագրելուց և նկարահանելուց հետո նրանք հեռացել են տեղամասային կենտրոնի տարածքից։ Այնուհետև, նշված անձինք նկատվել են նաև այլ՝ թիվ 6/32 տեղամասային կենտրոնի մոտ, որտեղ կարճատև հանդիպում են ունեցել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձի հետ։   - 8/40 տեղամասային կենտրոնում և դրան հարակից տարածքում շուրջ 30 րոպե ներկա է գտնվել տվյալ շենքում տեղակայված թիվ 75 դպրոցի տնօրենը՝ առաջարկելով իր օգնությունը աշխատանքները կազմակերպելու հարցում։ Հանձնաժողովի նախագահի միջնորդությամբ դպրոցի տնօրենը հեռացել է տեղամասային կենտրոնից:   - 9/22 ընտրատեղամասում արձանագրվել է կողմնակի անձի՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Մարինե Մալխասյանի ներկայությունը։ Արձանագրվել են նաև հանձնաժողովի աշխատանքներին տվյալ անձի կողմից միջամտելու փորձեր։ Նա քվեարկության սենյակում գտնվել է շուրջ 40 րոպե։ Դիտորդների կողմից հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո, վերջինս փորձել է դուրս հրավիրել թեկնածուին, սակայն նա անմիջապես չի հեռացել և դրսևորել է ագրեսիվ վարք։ Ի վերջո, թեկնածուն հեռացվել է ոստիկանության միջամտությամբ։   - 10/28 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը կատարել է զանգեր, նշումներ հեռախոսում, պարբերաբար հաղորդակցվել է ընտրողների հետ։ Դիտորդի արձանագրումից հետո վստահված անձը պարզաբանել է, որ մարդիկ իրեն բարևում են կամ մոտենում են, քանի որ ճանաչում են իրեն։
19:00 - 17 սեպտեմբերի, 2023