Չեխիա

Միրզոյանը չեխ գործընկերոջ հետ հանդիպմանը շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ դուրսբերման հրամայականը

Միրզոյանը չեխ գործընկերոջ հետ հանդիպմանը շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ դուրսբերման հրամայականը

Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:  Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերաբար անցկացվող խորհրդակցությունների կապակցությամբ, քաղաքական երկխոսության ակտիվացման առումով կարևորել բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը:  Նախարար Միրզոյանն իր չեխ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները:  Անդրադառնալով սեպտեմբեր 13-14 Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ դուրսբերման հրամայականը: Ընդգծվել է Ադրբեջանի կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման և ոչ կառուցողական մոտեցումների անընդունելիությունը։ Արարատ Միրզոյանը և Յան Լիպավսկին մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԵՄ առաքելության գործունեության դերը կայունության ապահովման համատեքստում։
10:07 - 01 դեկտեմբերի, 2022
ԵՄ-ն համաձայնեցրել է պատժամիջոցների նոր փաթեթը. ՌԴ-ի համար կսահմանափակվի նավթի արտահանումը և տեխնոլոգիաների հասանելիությունը

 |factor.am|

ԵՄ-ն համաձայնեցրել է պատժամիջոցների նոր փաթեթը. ՌԴ-ի համար կսահմանափակվի նավթի արտահանումը և տեխնոլոգիաների հասանելիությունը |factor.am|

factor.am: ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն հոկտեմբերի 5-ին համաձայնության է եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ։ Այս մասին հայտնել է ԵՄ-ում Չեխիայի նախագահությունը, գրում է Korrespondent-ը։ Մասնավորապես, պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է դեպի Ռուսաստանի Դաշնություն բարձր տեխնոլոգիական արտադրանքի մատակարարման արգելքը, ռուսական կառույցներին ՏՏ, ինժեներական, իրավագիտական ծառայությունների տրամադրում։ Պատժամիջոցները նաև նախատեսում են «ծովային ճանապարհով երրորդ երկրներ սահմանված գինը գերազանցող գնով ռուսական նավթի փոխադրելու, ինչպես նաև դրան վերաբերող հարակից ծառայությունների արգելք»։ ԵՄ սահմանափակումները կանդրադառնան նաև Ռուսաստանից պողպատի արտադրանքի, փայտանյութի, թղթի, սարքավորումների և կենցաղային տեխնիկայի, քիմիական նյութերի, պլաստիկի, ծխախոտի ներմուծմանը։ Բացի այդ, կընդլայնվի անձնական սահմանափակումների պատժամիջոցների ցանկը, ինչպես նաև կսահմանվեն գործող պատժամիջոցները շրջանցելու չափանիշներ։ ԵՄ-ում Լիտվայի մշտական ներկայացուցիչ Առնոլդաս Պրանկևիչյուսը նշել է, որ պատժամիջոցների ցանկում ներառվելու են 35 նոր անձինք և ընկերություններ, որոնք ներգրավված են պատերազմի, կեղծ հանրաքվեների և քարոզչության մեջ։ «Մշտական ներկայացուցիչների կոմիտեում նոր է հաստատվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը, որը ներառում է նավթի գների սահմանափակում, պողպատի, փայտի, մեքենաների, ավիացիայի, պլաստիկի, քիմիական նյութերի ներկրման և արտահանման նոր արգելքներ։ 7 միլիարդ եվրո, տարբեր ծառայությունների արգելք, 35 նոր դեմքեր և ընկերություններ, որոնք ներգրավված են պատերազմում, կեղծ հանրաքվեներին և քարոզչությունը։ Ես ողջունում եմ անդամ երկրների այսօրվա համաձայնությունը պատժամիջոցների ութերորդ փաթեթի վերաբերյալ: Մենք գործեցինք արագ և վճռական: Մենք երբեք չենք ընդունի Պուտինի կեղծ հանրաքվեն կամ Ուկրաինայի որևէ տարածքի բռնակցում: Մենք վճռական ենք շարունակել Կրեմլին ստիպել վճարել այդ ամենի համար»,- գրել է Պրանկևիչուսը Twitter-ում:  
16:16 - 05 հոկտեմբերի, 2022
Եվրոպական 9 երկրների նախագահներ աջակցել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը |hetq.am|

Եվրոպական 9 երկրների նախագահներ աջակցել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը |hetq.am|

hetq.am: Լեհաստանի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Ռումինիայի և Սլովակիայի նախագահները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Ուկրաինայի անդամակցությանը։ Փաստաթուղթը հրապարակվել է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։ «Մենք հաստատակամորեն աջակցում ենք 2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշմանը Ուկրաինայի ապագա անդամակցության վերաբերյալ»,- նշվում է հայտարարության մեջ։ Այդ գագաթնաժողովի ժամանակ Դաշինքը «համաձայնել էր, որ Ուկրաինան ու Վրաստանը դառնան ՆԱՏՕ-ի անդամներ» և աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրին միանալու նրանց հայտին։  Նախագահները նաև Ռուսաստանից պահանջել են անմիջապես հեռանալ բռնազավթված բոլոր տարածքներից և կոչ արել բոլոր դաշնակիցներին էականորեն մեծացնել Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
20:12 - 02 հոկտեմբերի, 2022
Խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև. քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև. քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, չեխականը՝ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի վարչության պետ էվա Դվորժակովան: Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակ։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և այն պահպանելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ինչպես նաև՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններին ԵՄ-ում չեխական նախագահության համատեքստում։ Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Արա Մարգարյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիան՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունների դատապարտման ուղղությամբ:
18:17 - 29 սեպտեմբերի, 2022
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Թանգարանների միջազգային խորհրդի 26-րդ վեհաժողովին

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Թանգարանների միջազգային խորհրդի 26-րդ վեհաժողովին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում օգոստոսի 20-28-ը «Թանգարանների ուժը» խորագրի ներքո անցկացվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) 26-րդ վեհաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի պատվիրակության անդամներին՝ քննարկելու վեհաժողովի արդյունքները և ձեռք բերված համագործակցության հեռանկարները: Փոխնախարարը ողջունել է պատվիրակության անդամներին՝ կարևորելով նմանօրինակ կարևորագույն միջազգային հարթակին Հայաստանի մասնակցությունը: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարանների 18 ներկայացուցիչներ (Հայաստանի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Ռուսական արվեստի թանգարան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, Մատենադարան, Երևանի պատմության թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարան): Պատվիրակության անդամների տեղեկացմամբ՝ քննարկվել են առնվազն 4 միջազգային կոմիտեների տարեկան վեհաժողովները Հայաստանում հյուրընկալելու հեռանկարները: Դրանք են՝ գրական և կոմպոզիտորների թանգարանների, ցուցադրությունների փոխանակման, երաժշտական գործիքների և երաժշտական թանգարանների, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեները: Քննարկվել է նաև 2028 թ. վեհաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը՝ ակնկալելով պետության հովանավորությունն ու աջակցությունը: Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ասել է, որ պետությունն անում է ամեն ինչ՝ ոլորտի ակտիվությունը բարձրացնելու, աշխատողներին խրախուսելու, ինչպես նաև հնարավոր ուղիներով բարձր ֆինանսավորում ապահովելու նպատակով: Վեհաժողովի հայաստանյան ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ԻԿՕՄ-ի վտանգների կառավարման և ռազմական թանգարանների միջազգային կոմիտեների կազմակերպած համատեղ նիստին ԻԿՕՄ Ադրբեջանի նախագահը ներկայացրել է հակահայ զեկույց, ինչին ի պատասխան՝ ԻԿՕՄ Հայաստանի նախագահ Հայկ Մկրտչյանը կազմակերպիչ կոմիտեներին հանձնել է Հայաստանի պատվիրակների պատրաստած և ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցրած բողոք-նամակը՝ ընդգծելով, որ պրոֆեսիոնալ հարթակը չպետք է վերածվի քաղաքականի: Ներկայացվել է նաև Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների՝ մշակութային ժառանգության ոչնչացման  վերաբերյալ զեկույցը:  ԻԿՕՄ-ի վեհաժողովներն անցկացվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ և համարվում թանգարանային ոլորտի ամենակարևոր մասնագիտական իրադարձությունը: Գլխավոր համաժողովները փորձի փոխանակման, ոլորտի նորարար գաղափարներն ու հեռանկարները քննարկելու, ինչպես նաև նոր կապերի հաստատման համար եզակի հնարավորություն են: Վեհաժողովին մասնակցել են 115 երկրների թանգարանային ոլորտի շուրջ 3000 ներկայացուցիչներ: Այս առումով վեհաժողովի հայաստանյան ներկայացուցիչներն այցը գնահատել են դրական. ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Վեհաժողովի ընթացքում ԻԿՕՄ-ի կողմից հաստատվել է «թանգարան» եզրույթի նոր սահմանումը, որի օգտին քվեարկել են նաև հայ պատվիրակները: 
17:39 - 12 սեպտեմբերի, 2022
Չեխիան եւ ԱՄՆ-ն բանակցություններ են վարում պաշտպանության ոլորտում համաձայնագրի կնքման շուրջ |armenpress.am|

Չեխիան եւ ԱՄՆ-ն բանակցություններ են վարում պաշտպանության ոլորտում համաձայնագրի կնքման շուրջ |armenpress.am|

armenpress.am: Չեխիան եւ ԱՄՆ-ը բանակցություններ են վարում պաշտպանության ոլորտում համաձայնագրի կնքման շուրջ, այդ փաստաթուղթը շուտով պետք Է ստորագրվի: Սեպտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան՝ ամփոփելով Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ բանակցությունների արդյունքները, որն աշխատանքային այցով գտնվում Է հանրապետությունում: «Մենք բանակցություններ ենք վարում պաշտպանության բնագավառում համաձայնագրի կնքման շուրջ,- նշել Է նա:- Սույն փաստաթուղթը մեզ հնարավորություն կընձեռի ապահովելու ավելի սերտ փոխգործակցություն մեր զինված ուժերի միջեւ»: Օսթինը, նախարարի խոսքով՝ իրեն հավաստիացրել Է, որ համաձայնագիրը մոտ ժամանակներս կստորագրվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:39 - 09 սեպտեմբերի, 2022
Եվրամիությունը կքննարկի ՌԴ և Բելառուսի քաղաքացիներին վիզաների պարզեցված տրամադրումից հրաժարումը
 |hetq.am|

Եվրամիությունը կքննարկի ՌԴ և Բելառուսի քաղաքացիներին վիզաների պարզեցված տրամադրումից հրաժարումը |hetq.am|

hetq.am: Չեխիան Եվրամիության երկրներին կառաջարկի ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար շենգենյան վիզաների պարզեցված կարգով տրամադրումից։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկուն։ Առաջարկը կքննարկվի հաջորդ շաբաթ Պրահայում Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Այդ միջոցի կիրառման պարագայում փաստաթղթերի քանակը, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջային վիզայի համար, կմեծանա, հյուպատոսական վճարը 35 եվրոյից կհասնի 80 եվրոյի, իսկ հայտերն ավելի երկար կդիտարկվեն։ Bloomberg-ն առաջարկն անվանել է «փոխզիջումային որոշում»։ ՌԴ հետ սահմանակից ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում՝ էստոնիան և Ֆինլանդիան, առաջարկում են ընդհանրապես դադարեցնել ռուսաստանցիներին վիզայի տրամադրումը։ Ընդ որում, Էստոնիան արդեն իսկ արգելել է էստոնական վիզաներով ռուսաստանցիների մուտքն այդ երկիր, բացառությամբ որոշակի դեպքերի։ Մյուս երկրները, այդ թվում՝ Գերմանիան և Հունգարիան, դեմ են այդպիսի սահմանափակումներին։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ԵՄ մի շարք երկրներ դադարեցրել կամ սահմանափակել են ռուսաստանցիներին վիզայի տրամադրումը։ Եվրամիությունը ևս չեղարկել է ռուսաստանցի դիվանագետներին և գործարարներին պարզեցված կարգով վիզայի տրամադրումը։
12:03 - 26 օգոստոսի, 2022
Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է դրել հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի մոտ

Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է դրել հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի մոտ

Աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 27-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա֊Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել հայ֊չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի մոտ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 26-ից աշխատանքային այցով գտնվում է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի և Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ: Այցի շրջանակներում քննարկվել են հայ-չեխական կապերի ընդլայնմանը, ժողովրդավարության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:
17:17 - 27 հուլիսի, 2022
Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահի հետ

Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահի հետ

Հուլիսի 26-ին աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-չեխական միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ այս առումով կարևորելով նաև խորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակական ամրապնդումը։ Գոհունակությամբ արձանագրվել է վերջին շրջանում միջխորհրդարանական բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես ձևավորված հարուստ երկխոսությունը հետևողականորեն խորացնելու երկկողմ պատրաստակամության կարևոր ցուցիչ։  Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հետևողականորեն առաջ մղվող բարեփոխումների օրակարգը, որոնք ուղղված են երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։  Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիության կապերի ամրապնդմանը և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հարավային Կովկասում  ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել  խաղաղության համար։ Անդրադարձ կատարելով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հրատապ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում համամարդկային ժառանգության մաս կազմող հայկական հուշարձանների պահպանման և վանդալիզմի շարունակվող դեպքերի կանխման անհրաժեշտությունը: Հումանիտար խնդիրների համատեքստում չեխական կողմն ընդգծել է, որ միջազգային իրավունքի և Ժնևի կովնեցիաների դրույթները պետք է պահպանվեն։
11:03 - 27 հուլիսի, 2022
Չեխիան աջակցում է Շառլ Միշելի միջնորդությանը`ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը. Չեխիայի արտգործնախարար
 |armenpress.am|

Չեխիան աջակցում է Շառլ Միշելի միջնորդությանը`ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը. Չեխիայի արտգործնախարար |armenpress.am|

armenpress.am: Չեխիայի Հանրապետությունը խստորեն հարգում է միջազգային մարդասիրական իրավունքն ու Ժնևի կոնվենցիաները և նույնը ակնկալում է նաև այլ երկրներից: Այդ մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Չեխիայի Հանրապետության արտգործնախարար Յան Լիպավսկին՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է անում Չեխիան, որպես մարդու իրավունքները և մարդասիրական արժեքները խրախուսող երկիր, մինչ օրս Ադրբեջանում ապօրինաբար պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների վերադարձը դյուրացնելու համար: Լիպավսկին նաև հավելեց, որ Չեխիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին՝ ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: «Ցանկացած բազմակողմ կամ երկկողմ հանդիպման ժամանակ մենք ընդգծում ենք, որ միջազգային մարդասիրական իրավունքը և Ժնևի կոնվենցիաները պետք է հարգվեն: Չեխիայի Հանրապետությունը խստորեն հարգում է դրանք և նույնը ակնկալում է նաև այլ երկրներից: Խոսելով մասնավորապես Ձեր նշած խնդրի մասին՝ Չեխիայի Հանրապետությունը աջակցում է [Եվրոպական խորհրդի նախագահ] Շառլ Միշելի միջնորդությանը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը, և կարծում եմ՝ նա շատ կարևոր դեր է խաղում», - հայտնեց Չեխիայի ԱԳ նախարարը:
21:51 - 26 հուլիսի, 2022
Ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության համար. Արարատ Միրզոյան

Ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության համար. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ հանդիպման արդյունքներով ելույթ է ունեցել, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին: «Հարգելի՛ պարոն նախարար, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Յան Լիպավսկիին ջերմ ընդունելության համար։ Առիթից օգտվելով ցանկանում եմ նաև շնորհավորել Չեխիային Եվրամիության խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։ Սա իմ առաջին այցն է Չեխիա՝ երկիր, որը պաշտոնապես ստանձնել է Վացլավ Հավելի ժառանգությունն առաջ մղելու ուղին՝ կարևորելով մարդու իրավունքները, ժողովրդավարական զարգացումը, ամուր քաղաքացիական հասարակությունը և բազմակողմ համագործակցությունը: Ներկայումս Հայաստանի կառավարությունն իրականացնում է ժողովրդավարական բարեփոխումների և վերափոխումների իր հավակնոտ օրակարգը, և Չեխիան այս առումով մեր վստահելի գործընկերն է։ Մենք մեծապես արժևորում ենք Չեխիայի հետ մեր հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և պատմական բարեկամության վրա, և պատրաստակամ ենք որակապես նոր մակարդակի հասցնելու հայ-չեխական քաղաքական երկխոսությունը և միջպետական հարաբերությունները, այդ թվում՝ բարձր մակարդակի փոխայցելությունների, արտաքին գործերի նախարարությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների և միջխորհրդարանական ակտիվ շփումների միջոցով։  Մեր քննարկումների ընթացքում ես և իմ գործընկերը պայմանավորվել ենք առավելագույն ջանքեր գործադրել տնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում ներուժի իրացման, ինչպես նաև միջմշակութային փոխանակումների և մարդկանց միջև շփումների խթանման ուղղությամբ։ Հայաստանն ու Չեխիան փոխշահավետ համագործակցություն ունեն նաև բազմակողմ ձևաչափերում՝ ներառյալ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում։ Սա մեծապես լրացվում է Հայաստան-Եվրամիություն համագործակցությամբ՝ իր հիմնաքարային՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով: Մենք բարձր ենք գնահատում Չեխիայի ակտիվ դերը նաև Արևելյան գործընկերության ձևաչափի խթանման գործում և պատրաստ ենք միավորել ջանքերը համագործակցության այս հարթակը փոխըմբռնման, ներառականության և արժանիքների վրա հիմնված սկզբունքով  պահպանելու համար։ Հարգելի՛ ընկերներ, Այսօր մենք մանրամասն քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին։ Նախարար Լիպավսկիին ներկայացրել եմ Հայաստանի դիրքորոշումն ու ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը առանցքային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման հասնելու գործում։ Այս կապակցությամբ իմ երախտագիտությունն եմ հայտնում չեխական կողմին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և դերակատարությանը շարունակական աջակցության համար։ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից մոտ երկու տարի անց հումանիտար խնդիրները մնում են չլուծված։ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ օգտագործելով նրանց որպես քաղաքական գործիք։ Խիստ մտահոգիչ է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման քաղաքականությունը։ Այս առումով միջազգային հանրությունից ակնկալում ենք հասցեական արձագանք և գործնական քայլեր։ Հարգելի՛ գործընկերներ, Ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանը բազմիցս հայտարարել է նախապայմաններից և ռազմատենչ հռետորաբանությունից զերծ կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին՝ հանուն մեր տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման։ Այսքանով կեզրափակեմ խոսքս։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ, պարո՛ն Լիպավսկի,  Ձեր հյուրընկալության համար, և խնդրում եմ, ընդունեք իմ հրավերը՝ այցելելու Հայաստան»,- իր ելույթում ասել է ՀՀ արտգործնախարարը: Հարց․ Ի՞նչ ազդեցություն ունեն Ռուսաստանի դեմ  պատժամիջոցները Հայաստանի վրա: Պատասխան. Իհարկե, Ռուսաստանի դեմ  պատժամիջոցներն իրենց ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի վրա: Ուստի մենք փորձում ենք գտնել կարճաժամկետ և միջնաժամկետ լուծումներ և մեխանիզմներ՝ այս մարտահրավերները հասցեագրելու և, հնարավորության դեպքում, չեզոքացնելու համար: Հուսով եմ, որ մենք  կհաջողենք այս գործընթացում:
20:38 - 26 հուլիսի, 2022
Չեխիան և Ադրբեջանը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում
 |azatutyun.am|

Չեխիան և Ադրբեջանը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում |azatutyun.am|

azatutyun.am: Չեխիան շահագրգռված է էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությամբ: Այս մասին Բաքվում հայտարարել է Չեխիայի դեսպան Միլան Սեդլաչեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Դիվանագետը նշել է, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հատուկ հանձնարարականներ է տվել։ Իր հերթին, Ալիևը հայտարարել է, որ երկու երկրները համագործակցությունն ընդլայնելու ներուժ ունեն՝ այդ թվում էներգետիկ ոլորտում: Ուկրաինայի դեմ ռազմական հարձակման ֆոնին Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով Եվրամիությունում 12 պետություն ամբողջովին կամ մասամբ զրկվել է ռուսական գազից։ Բրյուսելը փորձում է ռուսական էներգակիրներին այլընտրանք գտնել՝ դիտարկելով այդ թվում ադրբեջանական գազն ու նավթը:
14:00 - 13 հուլիսի, 2022