«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծվել է 2021 թ․ մայիսի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ձեւավորել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորով։

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Խնդիրը շատ հստակ է՝ անցակետ չպետք է լինի, ու վերջ. Աբրահամյան

Խնդիրը շատ հստակ է՝ անցակետ չպետք է լինի, ու վերջ. Աբրահամյան

Այն քննարկումները, որոնք ընթանում են ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման շուրջ, որևէ ձևով չեն արտացոլում հայկական շահը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Խնդիրը շատ հստակ է՝ անցակետ չպետք է լինի ու վերջ: Այդպես է գրված նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում: Իսկ քննարկումներն այն մասին, թե անցակետում ինչպես պետք է բաշխվի ռուսական և ադրբեջանական գործառույթները, ով, որ դեպքում ինչպես պետք է գործի, առհասարակ հայկական կողմի համար չարիք են: Այդ թեմայով բանակցելու բան չկա: Միգուցե այլ թեմաներում փոխզիջման հնարավորություն կա, սակայն կոնկրետ անցակետի հարցում պետք է լինել անզիջում, որովհետև եթե այն սկսեց գործել, ապա ամեն ինչ արագ կավարտվի»,- գրել է Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։
10:18 - 26 ապրիլի, 2023
Պատգամավորը ԵՄ քաղաքականության փոփոխություն է ակնկալում ՀՀ-ում տեղակայված դիտորդների զեկույցների արդյունքում
 |armenpress.am|

Պատգամավորը ԵՄ քաղաքականության փոփոխություն է ակնկալում ՀՀ-ում տեղակայված դիտորդների զեկույցների արդյունքում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ընդգծում է, որ ԵՄ քաղաքականության որոշումը պետք է իրագործվի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տրված զեկույցների հիման վրա: Մամիջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ ապրիլի 11-ին ադրբեջանական ուժերի հերթական սադրանքի պահին Հայաստանում տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները տեղում չեն եղել: «Որևէ մեկի մոտ տպավորություն թող չստեղծվի, թե ես դեմ եմ ԵՄ դիտորդական առաքելությանը, բացարձակապես ոչ, ես կողմ եմ ցանկացած միջազգային երաշխիքի, որը Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության մակարդակը բարձրացնում է»,-ասաց Մամիջանյանը: Սակայն նա ընդգծեց, որ նախորդ անգամ ԵՄ՝ 2-ամսյա դիտորդական առաքելության ընթացքում եղել են 15-ից ավելի հրադադարի ռեժիմի խախտումներ: «Դրանց արտացոլումը կամ արձանագրումը մենք չենք տեսել որևէ հրապարակային փաստաթղթում: Դրա արդյունքում քաղաքականության փոփոխություն մենք չենք տեսել»,-ասաց պատգամավորը: Եվ հենց այդ պատճառով ՀՀ ԱԺ-ի և Եվրոպական խորհրդարանի միջխորհրդարանական ձևաչափի ընդունած հայտարարության մեջ Մամիջանյանի առաջարկով ներառվել է հետևյալ կետը, որ ԵՄ քաղաքականության որոշումը պետք է իրագործվի դիտորդական առաքելության տրված զեկույցների հիման վրա: «Եթե այդ զեկույցները հրապարակային չեն, ապա մենք առնվազն պետք է տեսնեինք, որ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այլևս չի գովաբանի Ադրբեջանի իշխանություններին: Եվրոպական Միության որոշում կայացնողները, քաղաքական պաշտոնյաներն առնվազն իրենց բանավոր խոսքի և քաղաքականության մշակման մեջ կարտացոլեն այն փաստը, որ իրենց իսկ դիտորդական առաքելության արձանագրմամբ՝ ադրբեջանական կողմը, ինչպես նաև նախորդ 30 տարիների ընթացքում, հանդիսանում է ագրեսոր»,-նշեց Մամիջանյանը:
14:44 - 14 ապրիլի, 2023
Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը հյուրընկալվել է «Պատիվ ունեմ» խմբակցությունում

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը հյուրընկալվել է «Պատիվ ունեմ» խմբակցությունում

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ապրիլի 6-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ: ԱԺ հաղորդագրության համաձայն՝ Հայկ Մամիջանյանը, ողջունելով դեսպանին, կարեւորել է հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, համագործակցությունը միջազգային հարթակներում: «Խմբակցության ղեկավարն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված հումանիտար եւ անվտանգային խնդիրներին: Նշվել է, որ ադրբեջանական սադրանքներն ապացուցում են` Արցախը երբեւէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու հարցում հայ խորհրդարանականները կարեւորել են միջազգային գործընկերների դերակատարությունը: Խոսելով արցախահայերի անվտանգային խնդիրների մասին` խմբակցության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է նմանատիպ հանդիպումներն ընդդիմադիր գործընկերների հետ, որոնց ընթացքում հնարավորություն է լինում տեղեկանալու ներքաղաքական եւ տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ նրանց տեսակետներին: Հանդիպմանն անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ:
09:38 - 07 ապրիլի, 2023
Բաքու գնալն ուղղակի կնշանակի Արցախի եղած այս խախուտ սուբյեկտայնության վերացում․ Տիգրան Աբրահամյան
 |azatutyun.am|

Բաքու գնալն ուղղակի կնշանակի Արցախի եղած այս խախուտ սուբյեկտայնության վերացում․ Տիգրան Աբրահամյան |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի կողմից Բաքու գնալն ուղղակի կնշանակի Արցախի եղած այս խախուտ սուբյեկտայնության վերացում, նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին՝ գուցե Ադրբեջանի կոշտ դիրքրոշման հակառակը Բաքվի հետ երկխոսություն սկսելն է: Ադրբեջանի գերակայության պայմաններում համարել, որ Արցախը կարող է գնալ և հավասարը հավասարի հետ նստել բանակցել, ըստ ընդդիմադիր պատգամավորի, պարզապես տրամաբանական չէ։ Աբրահամյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ «Ազատություն»․ - Պարոն Աբրահամյան, Ադրբեջանը կոշտացնում է դիրքորոշումը, և գուցե դրա հակառակը երկխոսությունը սկսե՞լն է․ արդեն երկրորդ անգամ են Բաքու հրավիրում արցախյան պատվիրակությանը։ Աբրահամյան․ - Արցախի կողմից Բաքու գնալն ուղղակի կնշանակի Արցախի եղած այս խախուտ սուբյեկտայնության վերացում։ «Ազատություն»․ - Թե՞ հակառակը՝ գնալու են կլոր սեղանի շուրջ նստեն որպես սուբյեկ բանակցեն, ո՞ւմ հետ են բանակցելու, Արցախի իշխանությունների։ Աբրահամյան․ - Եղած պայմաններում՝ Ադրբեջանի գերակայության պայմաններում, համարել, որ Արցախը կարող է գնալ և հավասարը հավասարի հետ նստել, բանակցել, պարզապես տրամաբանական չէ։ Ավելին՝ այն օրակարգը, որ Ադրբեջանն է առաջ քաշում, դա որևէ ձևով չի խոսում Արցախի սուբյեկտայնության մասին, որովհետև Ադրբեջանը պարզ լեզվով նաև Հայաստանի հետ բանակցություններում ասում է, որ «Արցախի հետ կա քննարկելու մեկ հարց, դա Արցախի ադրբեջանացումն է», այսինքն՝ ինտեգրացիա ասվածը, հենց Արցախի ադրբեջանացմանն է վերաբերում, և պարզորոշ ձևով նշվում է, որ Արցախի հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում։ Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է Բաքվում մեծ շոու կազմակերպել և իր հայտարարությունները փորձելու է փաթաթել արցախյան պատվիրակության վզին, և այստեղ ես պատահական չեմ համարում, որ արցախցիներն ամեն գնով դիմադրում են և փորձում են թույլ չտալ որևէ ձևի հանդիպում կամ ֆորմատ, որը կարող է տեղի ունենալ Բաքվում։ «Ազատություն»․ - Ուղղակի հակառակի՝ որևէ միջազգային աջակցությունն էլ չկա, հայկական կողմը, Դուք տեսնում եք, չի ստանում այդպիսի աջակցություն, էլ չեմ ասում ինքնորոշման իրավունք և այլն, այսինքն՝ աստեղ փակուղի է մտնում գործընթացը։ Աբրահամյան․ - Մեկ բան է, որ Հայաստանը չի ստանում, կամ հայ ժողովուրդը չի ստանում հավաքական առումով, մեկ այլ բան է հարցադրումը՝ թե իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը, որպեսզի այն, ինչ-որ ակնկալում ենք, որոշակի առումով բավարարվի։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
12:00 - 06 ապրիլի, 2023
Դատախազից պահանջելու ենք քրեաիրավական գնահատական՝ ՔՊ պատգամավորների հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ. Թագուհի Թովմասյան

Դատախազից պահանջելու ենք քրեաիրավական գնահատական՝ ՔՊ պատգամավորների հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ. Թագուհի Թովմասյան

Ընդդիմադիրները գրություն են ուղարկելու դատախազին երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տալու համար։ Այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ կոնկրետ Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ, և նա պետք է պատժվի։ Նա նշեց, որ երկրորդ քայլով միջազգային գործընկերներին է ուղարկելու նիստի սղագրությունը։ Իսկ Էթիկայի հանձնաժողովի հարցով դեռևս քննարկումներ կան, սակայն նպատակահարմարություն չկա, քանի որ Էթիկայի հանձնաժողովի ձևավորումը կախված է ՔՊ պատգամավորների քվեարկությունից։ Հիշեցնենք՝ երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ-ին ՄԻՊ թեկնածու առաջարկելու հարցը։ Ընդդիմության միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն էր, իսկ ՔՊ առաջադրած թեկնածուն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։ Էդգար Ղազարյանն իր ելույթի ժամանակ քննադատում էր իշխանությանը՝ նրանց անվանելով «հանցավոր ռեժիմ», «խուլիգանական խմբակ», ինչի հետևանքով նիստին ներկա ՔՊ պատգամավորները աղմուկ էին բարձրացնում ու կոչ անում Թագուհի Թովմասյանին թույլ չտալու նման արտահայտություններ անել։ Վերջինս միայն իշխանական պատգամավորների խոսքերից հետո, Ղազարյանին դիմելով, կոչ էր անում որակավորումներ չտալու։ Ղազարյանի եզարափակիչ ելույթի ժամանակ ՔՊ պատգամավորները դուրս եկան նիստերի սենյակից ու վերադարձան ելույթների ժամանակ։ Այնուհետև ՔՊ-ն առաջադրեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում առաջարկելու համար, ինչը դրական եզրակացություն ստացավ։ Էդգար Ղազարյանի թեկնածության կողմ քվեարկեց միայն Թագուհի Թովմասյանը։ Ընդդիմադիր այլ պատգամավոր նիստին ներկա չէր։
13:28 - 05 ապրիլի, 2023
Ղազարյանը 2018-ի իրադարձություններն անվանեց «ադրբեջանաթուրքական հեղափոխություն», ՔՊ-ն կոչ արեց ներողություն խնդրելու

Ղազարյանը 2018-ի իրադարձություններն անվանեց «ադրբեջանաթուրքական հեղափոխություն», ՔՊ-ն կոչ արեց ներողություն խնդրելու

Ինչպես արդեն հայտնել ենք, ընթանում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին թեկնածու առաջարկելու մասին հարցը։ Այն քննարկվում է հատուկ ընթացակարգով։ Հիշեցնենք, որ ՔՊ-ն առաջադրել է Անահիտ Մանասարյանի թեկնածությունը, իսկ ընդդիմության միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն է։  Էդգար Ղազարյանը իր ելույթի ժամանակ ՔՊ-ին անվանեց «հանցավոր ռեժիմ», ինչը վրդովվեցրեց ՔՊ պատգամավորներին։ Վերջիններս կոչ արեցին Թագուհի Թովմասյանին ապահովելու նիստի բնականոն ընթացքը և թույլ չտալու նման որակավորումներ տալ։ Ելույթը մոտ տասը րոպե ընդհատվեց։ Թովմասյանը նշում էր, որ եթե Ղազարյանի ելույթում ՔՊ-ի համար վիրավորական արտահայտություն է եղել, պետք է դիմել դատարան։ Երբ Ղազարյանին հնարավորություն տրվեց շարունակելու ելույթը, նա ասաց․ «Գիտեմ, որ ԱԺ-ն ինստիտուցիոնալ մակարդակով է ղեկավարվում խուլիգանական վարքագիծ դրսևորող մարդկանց կողմից․․․»։ Ինչից հետո ՔՊ պատգամավորները դարձյալ միջամտեցին։ Նրանց բողոքը ուղղված էր Թովմասյանին, քանի որ վերջինս չէր ընդհատում Ղազարյանի ելույթը, երբ վերջինս, ըստ իրենց, վիրավորում էր ՔՊ խմբակցությունը։ Թովմասյանը կոչ արեց Ղազարյանին որակավորումներ չտալու։ Ղազարյանը, դարձյալ սկսելով իր ելույթը, նշեց․ «Հիմա մենք ուղղակի ականատեսն ենք անհավասարակշիռ պահվածք դրսևորող խմբի դրսևորման․․․»։ Ելույթը դարձյալ ընդհատվեց, Արթուր Հովհաննիսյանը նշեց․ ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ծաղրում են մարդու իրավունքները մեր երկրում՝ ուղարկելով ԱԺ այս ծաղրածուին»։ «Այս իրողությունը, որը ստեղծվել է մեր երկրում՝ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների ակնհայտ անկման, տեղի է ունեցել 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքով»։ Նման հայտարարություն արեց ընդդիմության միասնական թեկնածու Էդգար Ղազարյանը՝ ավարտելով իր ելույթը, որտեղ ներկայացրեց, իր խոսքով, մի շարք ապօրինությունները, որոնք իրականացրել է իշխանությունը։ Նիստին ներկա իշխանական բոլոր պատգամավորները աղմուկ բարձրացրին՝ կոչ անելով Ղազարյանին ներողություն խնդրելու ժողովրդից։ «Լեզուն կկտրենք նրա, ով կհամարձակվի մեր ժողովրդին անվանել ադրբեջանաթուրքական ինչ-որ խումբ»,- հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը։ Էդգար Ղազարյանը բացատրեց իր հայտարարությունը․ «2018թ․-ին տեղի ունեցած իրադարձությունները ադրբեջանաթուրքական հեղափոխություն որակելը նկատի չունեմ հայ ժողովրդի վարքագիծը, ես նկատի ունեմ շահառուներին, ովքեր շահել են այդ իրադարձությունների արդյունքում։ 2018թ․-ին տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների իրավունքների զանգվածային ոտնահարում, այսինքն՝ մի խումբ մարդիկ, որոնց մի մասը ներկայացված են այստեղ, տիրացել են մեր ժողովրդի օրինական իշխանությանը, այնուհետև այդ իշխանությունը շարունակում են պահել ապօրինական գործողությունների, բռնություններին, ինչպես ականատեսն ենք նաև, նման խուլիգանական վարքագծի հետևանքով, որը ծառայեցնում են հայ ժողովրդի թշնամիների շահերին ու իրենց անձնական բարեկեցությանը։ Հետևաբար այդ զանգվածային խաբեությունը ես համարում եմ ՄԻՊ ընտրվելու իմ հիմնական առաքելություններից մեկը»։ Ապա Ղազարյանը նշեց, որ հենց մարդու իրավունքների պաշտպանը պետք է պարզի «5000 մարդու մահվան պատճառը», ինչին ի պատասխան՝ ՔՊ-ից հորդորեցին զոհերի թիվը չավելացնել, ապա որոշեցին դուրս գալ նիստերի սենյակից, մինչ Ղազարյանը կավարտի իր ելույթը։ ՔՊ պատգամավորների դուրս գալուց հետո Ղազարյանը ասաց․ «Ինձ հաջողվեց անել այն, ինչ երազում էր ամբողջ ժողովուրդը՝ Ազգային ժողովից վռնդել իշխանական ամբողջ թիմին միանգամից, մի փաթեթով, և դա տեղի ունեցավ ընդամենը 20 րոպեի ընթացքում։ Ահա թե ինչ է նշանակում պայքար հանցախմբի դեմ»։
12:09 - 04 ապրիլի, 2023
Ընդդիմությունից միայն Թագուհի Թովմասյանն է ներկա Էդգար Ղազարյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելու նիստին

Ընդդիմությունից միայն Թագուհի Թովմասյանն է ներկա Էդգար Ղազարյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելու նիստին

«Ո՞ւր է ընդդիմությունը»,- նման հարց ուղղեց Թագուհի Թովմասյանին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին թեկնածու առաջարկելու մասին հարցը։ Այն քննարկվում է հատուկ ընթացակարգով։  Թագուհի Թովմասյանն ընթերցեց ընդդիմության միակ թեկնածուի՝ Էդգար Ղազարյանի կենսագրությունը, ինչից հետո էլ հարց ուղղեց Արթուր Հովհաննիսյանը։ Հարցին ի պատասխան՝ Թովմասյանն ասաց, որ ընդդիմությունն ԱԺ-ում է, իր տեղում է, և եթե ՔՊ խմբակցության կեսը տվյալ դահլիճում է, որևէ լավ բանի մասին չի խոսում։ Արթուր Հովհաննիսյանն էլ պատասխանեց, որ ՔՊ խմբակցությունում 71 պատգամավոր կա, բայց կեսը այդ սենյակում չէ։ Նա խայտառակություն որակեց այն, որ ընդդիմությունը ներկա չէ նիստին։ Գևորգ Պապոյանն էլ հարց ուղղեց, թե ով է գրել կենսագրության տեքստը։ Թովմասյանն ասաց, որ այն գրել է Էդգար Ղազարյանը, Պապոյանն էլ ասաց, որ իրա համար պարզ էր, քանի որ «նարցիզիզմով տառապող մարդու տեքստ էր դա, իսկ այս սենյակում, իր տպավորությամբ այդ հոգեվիճակում գտնվող մեկ մարդ կա»։ Այս արտահայտությանը տեղից արձագանքեց Էդգար Ղազարյանը, ինչը վրդովվեցրեց Արթուր Հովհաննիսյանին, և նա Թովմասյանին կոչ արեց «հավաքելու իրենց թեկնածուին», ինչից հետո լեզվակռիվ սկսվեց Թովմասյանի ու Հովհաննիսյանի միջև։ ՔՊ խմբակցության պատգամավորները, մասնավորապես, համաձայն չէին այն պնդման հետ, որ Ղազարյանին քաղաքական հայացքների համար հեռացրել են բուհից։ Հարց հնչեց, թե հնարավո՞ր է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորների բացակայությունն այն պատճառով է, քանի որ կոնսենսուս չկա՝ Էդգար Ղազարյանի թեկնածության շուրջ։ Թովմասյանը պատասխանեց, որը Զեմֆիրա Միրզոևան ԱՄՆ-ում է՝ գործուղման, իսկ Արեգնազ Մանուկյանը երեկ էլ ներկա չէր, գուցե հիվանդ է։
11:46 - 04 ապրիլի, 2023
ՀՀ ԱԺ ընդդիմադիր և Արցախի ԱԺ պատգամավորները հեռավար քննարկել են ստեղծված իրավիճակը և մարտահրավերները

ՀՀ ԱԺ ընդդիմադիր և Արցախի ԱԺ պատգամավորները հեռավար քննարկել են ստեղծված իրավիճակը և մարտահրավերները

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի եւ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի մասնակցությամբ մարտի 31-ին տեղի է ունեցել հեռավար քննարկում Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ-ն։ Հեռավար քննարկմանը մասնակցել են Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը, ԱԺ «Արցախի ժողովրդավարական» կուսակցություն խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը, «Արցախի ժողովրդավարական» կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը: Քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակին եւ առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր:
12:18 - 01 ապրիլի, 2023
Ադրբեջանը պլացդարմ է ձեւավորել հետագայում պլանավորվելիք գործողությունների համար. Տիգրան Աբրահամյան
 |news.am|

Ադրբեջանը պլացդարմ է ձեւավորել հետագայում պլանավորվելիք գործողությունների համար. Տիգրան Աբրահամյան |news.am|

news.am: Վերջին օրերին Սյունիքի հետ կապված մի կողմից բավական հակասական տեղեկատվություններ կան, մյուս կողմից իշխանությունը փորձում էր իրականությունը խեղաթյուրել. Ըստ էության, ապրիլի 1-ից տեղի է ունենալու Արցախը Հայաստանին կապող ճանապարհի երթուղու փոփոխություն: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Եթե 44-օրյա պատերազմից հետո Արցախից Հայաստան մուտքը Տեղ գյուղից էր, եւ այնտեղ 5 կմ-անոց միջանցքային տրամաբանությամբ բուֆերային գոտի էր ձեւավորված, որտեղ ադրբեջանական կողմը դիրքեր չուներ, նաեւ հայկական կողմը դիրքեր չուներ, ապա Կոռնիձորով ճանապարհի պարագայում Ադրբեջանը ժամկետից 2-3 օր առաջ եկել է եւ մեկնարկային առումով առավելություններ ստանալով դիրքավորվում է»,-ասաց նա: Անդրադառնալով նրան, որ ադրբեջանական կողմը սահմանագծի հատվածում դեպի Հայաստան 100-300 մետր առաջ է եկել, Աբրահամյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը ոչ թե խնդիր է դրել 100 կամ 200 մետր մխրճում ապահովել, այլ եկել դիրքավորվել է այն հատվածներում, որն իր համար բարենպաստ է եւ իրեն հնարավորություն է տալու ինչպես ընթացիկ մարտական հերթապահության իրականացման,  այնպես էլ մարտական այլ խնդիրների իրականացման համար, այսինքն՝ հնարավոր պլացդարմ ձեւավորել հետագայում պլանավորվելիք գործողությունների համար: Ադրբեջանը դաշտ է նախապատրաստում բոլոր սցերաների համար: Այստեղ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ ՀՀ իշխանությունները, պարզապես հղում անելով Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածություններին, սպասել են մինչեւ ապրիլի 1-ին, որ կարողանան իրար հետ ձեւավորել առաջնագիծը: Սա այն դեպքում, երբ հայտնի է, որ Ադրբեջանը նույնիսկ իր գրավոր պարտավորությունները չի կատարում: Օբյեկտիվ առումով որեւէ իշխանություն չէր կարող վստահություն ունենալ, որ Ադրբեջանը բանավոր պայմանավորվածությունը կկատարեր»:
14:43 - 31 մարտի, 2023
«Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր»․ Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ հաղորդագրության մասին

«Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր»․ Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ հաղորդագրության մասին

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը վտանգավոր է համարում Սյունիքում ստեղծված իրավիճակի, մասնավորապես Կոռնիձոր-Տեղ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական տեղակայումների վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն երեկ հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: «Նախ ԱԱԾ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը 5 կետերում եկել և դիրքավորվել է սահմանագծի հայկական հատվածում` 100-300 մետր խորքում: Երկրորդ, ԱԱԾ-ն նշում է, թե «որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ»: Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր: Անլրջության ինչպիսի մակարդակ, թե բա` Ադրբեջանը չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին... Ադրբեջանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները չի կատարվում, ուր մնաց բանավոր զրույցները հիմք ունի: Երկրի անվտանգության համար պատասխանատու կառույցները փաստորեն Ադրբեջանի բանավոր խոստումներով են առաջնորդվել, որի հետևանքով ՀՀ-ն հերթական անգամ տարածքային կորուստներ է ունենում, իսկ Ադրբեջանը դիրքավորվում իր համար նախընտրելի ու բարենպաստ հատվածներում: ԱԱԾ-ն նաև նշել է, թե «հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ», իսկ այս սկզբունքի պտուղները 44-օրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը տեսել է` ՀՀ-ի դեմ հարձակումներ, տարածքային ու մարդկային հսկայական կորուստներ: Քաղաքական որոշումների կամ դրանց բացակայության պայմաններում ՀՀ-ն տարածքային ու դիրքային կորուստներ է ունեցել, ինչը ՆՈՐՄԱԼ երկրների պարագայում իրավական համապատասխան գործընթացների կբերեր, բարձրագույն պաշտոններում գտնվողներն էլ կթռչեին իրենց պաշտոններից»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ, համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով: 
11:39 - 31 մարտի, 2023
Էդգար Ղազարյանը ցանկանում է հանդիպել ՔՊ-ական պատգամավորների հետ

Էդգար Ղազարյանը ցանկանում է հանդիպել ՔՊ-ական պատգամավորների հետ

Այսօր, որպես Ազգային ժողովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված միասնական թեկնածու, պաշտոնապես դիմել եմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին (նաև քարտուղարին, ով հանդիսանում է նաև ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ)` կազմակերպելու համար իմ հանդիպումը խմբակցության պատգամավորների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Էդգար Ղազարյանը։  «Իմ կողմից առաջարկվել է հանդիպման բաց և հրապարակային ձևաչափը` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ` ուղիղ եթերով հեռարձակման հնարավորությամբ։ Միաժամանակ ընդունելի է համարվել իրենց կողմից առաջարկվող այլ ձևաչափով հանդիպման հնարավորությունը»,- նշել է Ղազարյանը։  Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ՄԻՊ պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը:
12:42 - 30 մարտի, 2023
Ադրբեջանը տարածաշրջանում նոր ագրեսիա է նախապատրաստում․ Տիգրան Աբրահամյանը ՀԱՊԿ-ից ակնկալում է կոնկրետ քայլեր

Ադրբեջանը տարածաշրջանում նոր ագրեսիա է նախապատրաստում․ Տիգրան Աբրահամյանը ՀԱՊԿ-ից ակնկալում է կոնկրետ քայլեր

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում` Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկմանը: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար հանձնաժողովի ուշադրությունն է հրավիրել ՀԱՊԿ կենսական շահերի գոտում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին։ «Ինչպես գիտեք, Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում ՀԱՊԿ հիմնադիր անդամ Հայաստանի նկատմամբ, որի չբավարարման դեպքում Ադրբեջանն, ըստ էության, սպառնում է նոր պատերազմով։ Ալիևն ուղիղ տեքստով է ասում, որ եթե Հայաստանն ուզում է խաղաղ ապրել, ապա պետք է Ադրբեջանի պայմաններով սահմանների դելիմիտացիա իրականացնի։ Իսկ դա նշանակում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի լայնածավալ տարածքների և բազում բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական ուղիղ վերահսկողություն։ Ալիևի այս սպառնալիքներն ուղեկցվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողություններով։ Այսպես, վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սադրանքներից մեկի ընթացքում, ցավոք, հայ զինծառայող է զոհվել։ Իսկ մեկ այլ դեպքով ադրբեջանցիները կրակ են բացել ռուս զինվորականների մեքենայի վրա, ինչի արդյունքում նրանցից երկուսը հոսպիտալացվել են»,- նշել է Աբրահամյանը։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ «Լեռնային Ղարաբաղում վիճակը շատ ավելի ծանր է։ Վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրվել են կրակահերթեր խաղաղ բնակիչների ուղղությամբ, շփման գծի հայկական հատվածում ընթացող ոստիկանական մեքենային թիրախավորում, որի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Տեղի է ունեցել նաև 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկ այլ կոպիտ խախտում՝ ադրբեջանցիները հատել են շփման գիծը և առաջխաղացում ապահովել այնպիսի հատվածում, որով խափանում են Արցախի կարևոր ենթակառուցվածքներից մեկի՝ միջբնակավայրային ճանապարհի ֆունկցիոնալությունը։ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը ջանքեր է գործադրում իրավիճակը վերահսկելու և հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ, սակայն խնդիրը քաղաքական լուծումներ է պահանջում։ Ադրբեջանը ոչ միայն խախտում է 44-օրյա պատերազմից հետո հրադադարը հաստատող Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ փաստաթղթերը, դրան հաջորդած ժամանակաշրջանում տարբեր ձևաչափերով տեղի ունեցած հանդիպումների պայմանավորվածությունները, այլև հանդես է գալիս նոր առավելապաշտական պահանջներով՝ վտանգելով ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Աբրահամյանը։ Ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի՝ վերջին շրջանի զարգացումների դինամիկան ցույց է տալիս, որ Ադրբեջանը տարածաշրջանում նոր ագրեսիա է նախապատրաստում, իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ։ «Ուզում եմ հիշեցնել 2016 թվականի հոկտեմբերի 14-ի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որում ամրագրված է Արցախի հարցի համատեքստում ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Կարծում եմ՝ մեր բոլորիս խնդիրն է կանխել դեպքերի նման ընթացքը և կոնկրետ քայլերով ստիպել Ադրբեջանին ետ կանգնել նման մտահղացումներից»,- եզրափակել է Աբրահամյանը։
17:49 - 29 մարտի, 2023
Էդգար Ղազարյանը՝ ՄԻՊ թեկնածու. ընդդիմությունը միասնական որոշում է կայացրել

Էդգար Ղազարյանը՝ ՄԻՊ թեկնածու. ընդդիմությունը միասնական որոշում է կայացրել

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտնում է. «Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ.Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը՝ Նկատի ունենալով, որ մի շարք հասարակական նախաձեռնություններ և իրավապաշտպաններ երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա վիճակը գնահատել են խիստ մտահոգիչ, իսկ լուծման ուղղությամբ գործող իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը՝ ձևախեղված։ Նրանք Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններին առաջարկել են Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը, Կարևորելով հասարակական և մասնագիտական նախաձեռնությունների հետ համագործակցության շրջանակներում խորհրդարանական ընդդիմության համախորհուրդ գործելակերպը, Խրախուսելի համարելով նման կարևորության հարցերում թեկնածուների ինքնառաջադրման և պատրաստակամության կամահայտնությունը, Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 145-րդ հոդվածը, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների համատեղ քննարկումների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները։ Այսպիսով, այս պահի դրությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պաշտոնապես ստացել է մեկ թեկնածուի առաջադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, որոնք առնչվում են բացառապես Էդգար Ղազարյանին։ Իսկ Անահիտ Մանասյանի վերաբերյալ քաղաքական հայտարարությունները դեռ իրավական որևէ գործողության չեն վերածվել, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչ այս պահը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին որևէ թեկնածու չի առաջադրել։
09:25 - 28 մարտի, 2023
Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում թշնամու ներթափանցումը կկանխվեր․ Տիգրան Աբրահամյան

Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում թշնամու ներթափանցումը կկանխվեր․ Տիգրան Աբրահամյան

Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում, մեծ թվով հարցեր կլուծվեր, թշնամու ներթափանցումը կկանխվեր: Ներկայումս ՊԲ-ն ունի այդ համակարգը, սակայն դրա կիրառման արդյունավետությունը բարձրացնելու և վերահսկողական գործառույթը պատշաճ մակարդակի հասցնելու առումով մեծ անելիքներ կա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Արդեն հեռավոր թվացող 2015 թվականին, երբ մեկնարկեց արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեսադիտարկման համակարգերի տեղակայումն, այն ուներ կոնկրետ հաշվարկ: Ո՞ր հատվածում տեղադրել, ինչ տեսախցիկ դնել, ի՞նչ պարամետրերով առաջնորդվել և այլն: Գլխավոր խնդիրն այն էր, որ անկախ աշխարհագրական դիրքից, տեղանքից շփման գծում` նվազագույնը մինչև 10 կմ թշնամու թիկունք չվերահսկվող տարածք չլինի: Հետագայում դիտարկման հնարավորությունները կտրուկ մեծացվեցին, առհասարակ համակարգը մի քանի փուլով արդիականացում անցավ, ինչը ոչ միայն մեծ արդյունավետություն էր ապահովում թշնամու հնարավոր շարժերն ու առաջխաղացումը կանխելու, այլ ինչպես հարկն է հետախուզում իրականացնելու համար: Դեռ չեմ խոսում, որ հրետանավորներն այդ համակարգի միջոցով արագ հաշվարկ և խոցում էին իրականացնում: Ասելիքս այն է, որ Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում, մեծ թվով հարցեր կլուծվեր, թշնամու ներթափանցումը կկանխվեր: Ներկայումս ՊԲ-ն ունի այդ համակարգը, սակայն դրա կիրառման արդյունավետությունը բարձրացնելու և վերահսկողական գործառույթը պատշաճ մակարդակի հասցնելու առումով մեծ անելիքներ կա: Եղած ռեսուրսներն ու միջոցները ճիշտ ուղղությամբ` ըստ առաջնահերթությունների, օգտագործելու պայմաններում հնարավոր կլինի նվազագույնի հասցնել մարդկային և տարածքային կորուստները», - գրել է նա:
10:19 - 27 մարտի, 2023
Մարտական գործողություների վերսկսման հավանականությունը կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով․ Տիգրան Աբրահամյան |armenpress.am|

Մարտական գործողություների վերսկսման հավանականությունը կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով․ Տիգրան Աբրահամյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը նման է փակուղայինի, ինչն էլ մեծացնում է մարտական գործողությունների հավանականությունը: Ընդդիմադիր պատգամավորը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում: Աբրահամյանը նկատեց՝ իշխանության կողմից կա արձանագրում, որ էսկալացիայի հավանականությունը բավականին բարձր է, դրան զուգահեռ նաև բավականին շատ են շրջանառվող լուրերն այն մասին, որ առաջնագծում կան ակտիվացումներ, շարժեր, կուտակումներ: «Այն, որ հրադադարի ռեժիմի խախտումներն ավելացել են, հատկապես ավելացել են Արցախի շփման գծի ուղղությամբ, ակնհայտ է: Ընդ որում, Արցախում այդ հրադադարի ռեժիմի խախտումներն արտահայտվում են քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակահերթերով: Այս փուլում գյուղատնտեսական աշխատանքներ են ընթանում, այս պայմաններում Ադրբեջանը, վտանգելով խաղաղ բնակիչների անվտանգությունը, փորձում է խոչընդոտել գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը՝ ըստ էության խնդիրներ ստեղծելով պարենային անվտանգության տեսանկյունից»,- ասաց Աբրահամյանը: Պատգամավորը հիշեցրեց նաև Հայաստանում նախորդ օրը Երասխի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի մասին, ադրբեջանցիների կողմից ռուս զինծառայողների ուղղությամբ նպատակաուղղված կրակոցի մասին: Նա կարևորեց, որ տեղաշարժերի, կուտակումների հանգամանքը շատ ավելի խորը ուսումնասիրության ենթարկվի, որ ավելի հասկանալի լինի, թե դրանք ինչպիսի վտանգավորություն են ներկայացնում Հայաստանի կամ Արցախի համար, և, թե ինչ նպատակներ են հետապնդում: «Միայն շարժերի իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում: Շարժերի ծավալից, ուղղություններից, շատ ավելի խորը վերլուծությունից է միայն հնարավոր հասկանալ, թե ինչ նպատակ է դա հետպանդում»,- ասաց Աբրահամյանը: Պատգամավորը նաև ընդգծեց՝ 44-օրյա պատերազմից հետ Հայաստանի և Արցախի ուղղությամբ տեղի ունեցած հարձակումները ցույց են տվել, որ այդ շարժերի համար երկար ժամանակ պետք չէ: Ըստ նրա՝ հաշվի առնելով առաջնագծի բավականին խտացված լինելը՝ բավականին կարճ ժամանակում զորքերի տեղաշարժի, համապատասխան խնդիրների առաջադրման և միանգամից իրավիճակը թեժացնելու հնարավորություն կա: «Այս պահին առաջնագծում մարտական գործողություների վերսկսման հավանականությունն առաջին հերթին կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով, մասնավորապես ՀՀ իշխանության կողմից հայտարարած այն մոտեցմամբ, որ Ադրբեջանը հետ է կանգնել վերջին շրջանում ձեռք բերված պայմանավորվածություններից և առաջարկել է այնպիսի պայմաններ, որի դեպքում այլևս բանակցելու հնարավորություն չկա՝ այն տեսանկյունից, որ հատվում են Հայաստանի համար բոլոր կարմիր գծերը: Իմ կարծիքով՝ դրանք բավականին վաղ էին արդեն հատվել, բայց իրավիճակն է շատ նման փակուղայինի, ինչը բնականաբար այս դեպքում մեծացնում է հնարավոր մարտական գործողությունների հավանականությունը»,- ասաց Աբրահամյանը:
13:51 - 23 մարտի, 2023
Սպառվում է սահմանված եռամսյա ժամկետը, բայց ՄԻՊ-ի թեկնածու չունենք ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից. Թովմասյան
 |news.am|

Սպառվում է սահմանված եռամսյա ժամկետը, բայց ՄԻՊ-ի թեկնածու չունենք ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից. Թովմասյան |news.am|

news.am: Շուտով սպառվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրելու եռամսյա ժամկետը, սակայն մինչ օրս չունենք թեկնածու ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «ՄԻՊ-ի առաջադրման համար եռամսյա ժամկետ է սահմանված ԱԺ կանոնակարգ օրենքով եւ ՀՀ Սահմանադրությամբ, որից հետո ՀՀ նախագահը կարող է ցանկացած մեկին նշանակել Մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր պաշտոնակատար: Ես չգիտեմ, թե ժամանակավոր պաշտոնակատարը որքան կարող է պաշտոնավարել: Այստեղ կա մի խնդիր, որ ժպ-ի գործառույթները հստակեցված չեն, բացերը շատ են այս մասով: Ես չեմ կարող ասել, թե ինչ հանգուցալուծում կունենանք: Կա եւս մեկ խնդիր. ՄԻՊ-ի մասին օրենքում նախատեսված է Պաշտպանի ընտրությունը մեկ ամսվա ընթացքում, իսկ ԱԺ կանոնակարգ  օրենքով եւ սահմանադրությամբ 3-ամսյա ժամկետում: Բայց շուտով նաեւ եռամսյա ժամկետն է սպառվում»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից Քրիստիննե Գրիգորյանը հրաժարական էր տվել այս տարվա հունվարին:
13:37 - 17 մարտի, 2023