Գորիս համայնք

Գորիսը խոշորացված համայնք է Սյունիքի մարզում, ձևավորվել է 2017 թվականին։

Համայնքի կազմում միավորվել են հետևյալ բնակավայրերը․

  • Գորիս,
  • Վերիշեն,
  • Ակներ,
  • Քարահունջ,
  • Հարթաշեն,
  • Խնձորեսկ,
  • Ներքին Խնձորեսկ,
  • Որոտան,
  • Բարձրավան,
  • Շուռնուխ,
  • Աղբուլաղ,
  • Ձորակ,
  • Վանանդ։

2017-ին Գորիսի համայնքապետ է ընտրվել Առուշ Առուշանյանը։ 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին Առուշ Առուշանյանն առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով։

Քանի որ 8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքները սկսվելու ժամանակ Առուշանյանն արդեն կալանավորված էր։

Առուշ Առուշանյանը կալանավորված է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու կասկածանքով։

Իսկ միգուցե դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից․ ՄԻՊ-ը՝ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին

Իսկ միգուցե դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից․ ՄԻՊ-ը՝ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստացվում է՝ ՀՀ-ից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են, որ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից ու օտարերկրացիներից կամ անել իրավունքների այլ միջամտություններ: Բա այդ դեպքում նման հայտարարություն արած պաշտոնյան միգուցե պարզաբանի նաև, թե ադրբեջանական օրենսդրությունը վճարների ու տուրքերի ինչ չափեր է նախատեսում, ինչ իրավունքներ ունեն մարդիկ այդ գանձումների ընթացքում, վճարումները ՀՀ դրամով են արվելու, թե արտարժույթով, որն է բողոքներ ներկայացնելու կարգը ու ինչպես է նա պատրաստվում պաշտպանել քացաքացիների իրավունքները: Կամ ինչպե՞ս է կազմակերպվելու հարակից համայնքների բնակիչների կյանքը, որոնք ստացվում է՝ հայտնվելու են ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողության գոտում: Իսկ միգուցե դելիմիտացիան ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները տալիս են այդ հնարավորությունը»:
15:08 - 11 նոյեմբերի, 2021
Սյունիքի մարզի որևէ համայնք շրջափակման մեջ չէ. ԱԽ քարտուղար |armenpress.am|

Սյունիքի մարզի որևէ համայնք շրջափակման մեջ չէ. ԱԽ քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ Սյունիքի մարզի որևէ համայնք շրջափակման մեջ չէ:  Արմեն Գրիգորյանն այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածում մաքսակետեր դնելուց հետո Սյունիքի մարզի բնակավայրերը չեն հայտնվի շրջափակման մեջ: «Իհարկե, ճանապարհների որակը շատ բարձր մակարդակի չէ, բայց վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են կատարվել ճանապարհները գոնե գրունտային մակարդակում բարեկարգելու համար, այդ աշխատանքները շարունակվում են: Համոզված ենք, որ կունենանք ասֆալտապատ ճանապարհ»,- ասաց Գրիգորյանը: ԱԽ քարտուղարի խոսքով` Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածին հարող բնակավայրերում որևէ կոմունիկացիոն խնդիր չի առաջանալու։
13:38 - 11 նոյեմբերի, 2021
Ադրբեջանն այս պահին տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ |armenpress.am|

Ադրբեջանն այս պահին տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանն այս պահին ամբողջական տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Անդրադառնալով հարցին, թե ո՞ր իրավական հիմքով է Գորիս-Կապան ճանապարհահատվածի որոշ մասն ադրբեջանցիներինը համարվում, ԱԽ քարտուղարն ասաց, որ կա ողջամտություն, և այդ ողջամտության տրամաբանությունը Խորհրդային ժամանակին գոյություն ունեցած սահմաններն են, Կառավարությունը ելնում է այդ տրամաբանությունից։ «Սահմանագծման և սահմանազատման գործընթաց չենք ունեցել, բայց մոտավոր ունենք պատկերացում այդ սահմանի մասին, որի հիմքը 1920-ականների քարտեզն է։ Այդ քարտեզի հիման վրա պատկերացնում ենք ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը»,- նշեց Գրիգորյանը: Հարցին՝ ի՞նչ ընթացակարգով է ՀՀ քաղաքացին անցնելու Գորիս-Կապանի այն ճանապարհահատվածը, որտեղ ադրբեջանցիներն իրենց մաքսակետերն են դրել, ԱԽ քարտուղարը ասաց, որ ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի: «Այս պահին Ադրբեջանը չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները, վճարելով, կարող են անցնել։ Քանի որ ունենք այլընտրանքային ճանապարհ, արդեն կառուցված է, երեկ հայտարարել ենք, որ ճանապարհը բացված է, ապա, բնականաբար, քաղաքացիներին հարմար է, որ այդ ճանապարհից օգտվեն»,- եզրափակեց Գրիգորյանը:
13:21 - 11 նոյեմբերի, 2021
Ինչպե՞ս են իշխանությունները երաշխավորելու Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. ՄԻՊ

Ինչպե՞ս են իշխանությունները երաշխավորելու Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. ՄԻՊ

Մեր զինվորներին պատերազմի ընթացքում դաժան խոշտանգումների են ենթարկել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, որ ստացվում է՝ պետք է Գորիս-Կապան ճանապարհին իրականացնեն սահմանային վերահսկողություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։   «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կովսականում 2020թ. հոկտեմբերի վայրագություններին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջերս հրապարակած զեկույցը փաստերով մանրամասն ցույց է տալիս, որ նրանք խոշտանգել են մարդկանց, ապօրինաբար կյանքից զրկել են, հետո կապել են մեքենաներից ու քաշ տվել: Այդ ամենը լուսանկարել ու տեսանկարահանել են ու հետո էլ բաց դեմքերով (վստահ լինելով, որ չեն պատժվելու), երգ ու պարով իրենց «հաղթանակը» նշել են Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում: ՀՀ այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք իրենց հայտարարություններով լեգիտիմացնում են նրանց ներկայությունն ու արարքները, նրանց հեռացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն, տեղյա՞կ են, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության այդ ներկայացուցիչներից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Այս պայմաններում ինչպե՞ս են պատրաստվում երաշխավորել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: Եվս մեկ անգամ ուզում եմ հստակ նշել, որ խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց որևէ պարագայում չի կարելի մարդկանց իրավունքները դնել զանգվածային խախտումների իրական վտանգների առաջ՝ այն էլ առանց երաշխիքների: Կովսականի դեպքին վերաբերող փաստերը մանրամասն շարադրված են իմ զեկույցում․ առաջարկում եմ մանրամասն ուսումնասիրել»,-գրել է Արման Թաթոյանը։
11:46 - 11 նոյեմբերի, 2021
Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը

Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստն սկսելուց առաջ հայտարարությամբ հանդես եկավ Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ տեղադրելու Ադրբեջանի երեկվա որոշման վերաբերյալ․ «Ս․թ․ օգոստոսից Ադրբեջանն Իրանի բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ իր տարածքով անցնող Էյվազլի-Չայզամի հատվածում։ Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաեւ ՀՀ քաղաքացիների եւ բեռների նկատմամբ։ Ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթեւեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթեւ-Հալիձոր-Շինուհայր M2 ավտոճանապարհ, եւ այստեղով իրականացնել երթեւեկությունը։ Այս ավտոճանապարհի Տաթեւ-Աղվանի հատվածը, որը մի քանի տասնյակ տարի գործնականում անանցանելի է եղել, ասֆալտապատվել, շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ»,- ասաց Փաշինյանն ու նշեց, որ նախորդ հինգշաբթի ինքն այդ ճանապրհով գնացել է Կապան ու վերադարձել եւ կարող է վկայել, որ ստացել են իսկապես որակյալ ճանապարհ, որը որոշակի լավարկումների կարիք ունի կցորդիչով բեռնատարների առավել հարմար անցումն ապահովելու համար․ «Պիտի ասեմ, չնայած, որ Կապան մեկնելիս եւ վերադառնալիս այդ ճանապարհին տեսել եմ մի քանի տասննյակ կցորդիչով բեռնատարներ, այդ թվում՝ Իրանի, որոնք ազատ երթեւեկում էին։ Երեկ, մինչեւ կեսգիշեր եւ դրանից հետո Կապան-Տաթեւ հատվածով անցել է շուրջ 100 կցորդիչով բեռնատար։ Ադրբեջանի երեկվա որոշումից հետո, ի դեպ, իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում, այն տարբերությամբ, որ հիմա նրանք կարող են երթեւեկել Կապան-Տաթեւ ճանապարհով՝ առանց լրացուցիչ մաքսատուրքի։ Ընդգծեմ նաեւ, որ նոր երթուղով Երեւանից Կապան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկության ժամկետը չի ավելանում, մի քիչ էլ կրճատվում է՝ հաշվի առնելով ճանապարհի որակը։ Սրան գումարենք նաեւ այն, որ Երասխ-Գորիս հատվածում այս պահին էլ տեղի է ունենում աննախադեպ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ եւ ճանապարհի որակն էականորեն փոխվում է։ Շեշտեմ, որ այլընտրանքային ճանապարհների շինարարության ծաալում աշխատանքներ են իրականացվում Տաթեւ-Լծեն հատվածում, Շուռնուխի եւ Որոտանի եւ այլ հատվածներում եւս»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ երթեւեկության տրամաբանության փոփոխության արդյունքում որեւէ գյուղ չի կտրվում, չնայած՝ մի քանի գյուղերի պարագայում ճանապարհների որակի բարձրացումն անհրաժեշտություն է։ Փաշինյանը վստահեցրեց, որ այդ հարցը հնարավորինս արագ կլուծեն։ Իսկ թե ինչպես է պետք վերաբվերբել Ադրբեջանի կայացրած որոշմանը՝ վարչապետը նախ ասաց, թե Ադրբեջանականն անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում․ «Հիմա կարող է այլ հարց ծագել․ իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքաիցների եւ բեռների նկատմամբ որեւէ սահմանային հսկողություն չիրականացվեր։ Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչը անընդունելի է մեզ համար։ Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը մշատպես եղել է այն, որ դրանք պետք է վերաբացվեն առանց որեւէ էքստերիտորիալության համատեքստի եւ համապատասխան մաքսային անձնագրային հսկողության։ Այսինքն՝ երբեւէ չենք քննարկել ու չենք քննարկելու որեւէ միջանցքային տրամաբանություն։ Սա ֆիքսված է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ ֆորմատում, այս տրամաբանությունը հրապարակավ հաստատել է նաեւ ՌԴ-ն, եւ թերեւս այս համատեքստում է Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը»։ Փաշինյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ նոյեմբերի 2020-ի 9-ի եւ այս տարվա հունվարի 11-ի հայտարարության դրույթներին՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաներն ապաշրջափակելու մասով։ Նա ասաց, որ դեռ ավելին՝ ՀՀ-ն շահագրգռված է բոլոր կոմունիկացիաներն ապաշրջափակելու հարցում․ «Հույս ունենք՝ առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների՝ եռակողմ աշխատանքային խմբում համաձայնեցված սկզբունքների հիման վրա»։ Վերադառնալով Ադրբեջանի որոշմանը՝ Փաշինյանը նաւե ընդգծեց, որ ՀՀ-ն նույնպես, ըստ անհրաժեշոտւթյան, անցման տեղերում կտեղադրի մաքսային-անձնագրային հսկողության կետեր։ «Այս չափազանց կարեւոր ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ են սառնասրտություն եւ ամուր նյարդեր։ ՀՀ-ի շուրջ նոր միջավայր է ձեւավորվում, եւ մենք պիտի ամեն ինչ անենք, որ այն լինի հնարավորինս համապատասխան մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին, եւ մենք գնում ենք այդ ճանապարհով»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
11:38 - 11 նոյեմբերի, 2021
Ադրբեջանցի զինծառայողների ներկայութունը, նրանց արարքները ՀՀ ճանապարհներին անօրինական են․ պետք է ոչ թե լեգիտիմացնել դա, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու համար․ ՄԻՊ–ը հարցեր է ուղղել ԱԽՔ–ին

Ադրբեջանցի զինծառայողների ներկայութունը, նրանց արարքները ՀՀ ճանապարհներին անօրինական են․ պետք է ոչ թե լեգիտիմացնել դա, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու համար․ ՄԻՊ–ը հարցեր է ուղղել ԱԽՔ–ին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբույքյան գրառում է արել, որում անդրադառնում է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին, որ ադրբեջանական կողմն այսօր գիշերը ժամը 12-ից սկսած` Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի Գորիս - Կապան ճանապարհին։ Գրառման մեջ ասվում է․ Հրապարակային անակնկալով հանդես եկած պաշտոնատար անձը, որպես ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար, պարտավոր է պարզաբանել, թե [առնվազն]՝ 1. ինչպե՞ս է պատկերացնում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության պայմաններում մարդկանց և ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը. 2. արդյոք գիտակցում է, որ այս գործառույթները ենթադրում են ՀՀ բնակիչների իրավունքների սահմանափակումներ ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից. մարդկանց ենթարկել տուգանքների, հարուցել քրեական գործեր, բերման ենթարկել ու ձերբակալել, ենթարկել խուզարկությունների և այլն. 3. ինչպե՞ս են Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ [հարակից գյուղերի] բնակիչները կամ օտարերկացիները պաշտպանելու իրենց իրավունքները (օրինակ՝ ու՞մ և ի՞նչ ընթացակարգերով են դիմելու) և ինչպե՞ս է պատկերացնում ադրբեջանական օրենսդրության կիրառումը նրանց նկատմամբ. 4. ինչպե՞ս է ապահովվելու իրավունքների խախտումներ թույլ տվող ադրբեջանական սահմանային ու մաքսային մարմինների պատասխանատվությունն ու պատիժը: Հ.Գ. Իրականում, ադրբեջանական զինված ծառայողների, իրավապահ մարմինների ներկայութունն ու առավել ևս նրանց արարքները ՀՀ ճանապարհներին անօրինական են (զուրկ են իրավական հիմքերից) ի սկզբանե: Պետք է ոչ թե հայտարարություններով լեգիտիմացնել նրանց ներկայությունն ու արարքները, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու ուղղությամբ:
09:55 - 11 նոյեմբերի, 2021
Գորիսում գործող մշակույթի կենտրոնի տնօրենն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը. Դատախազություն

Գորիսում գործող մշակույթի կենտրոնի տնօրենն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը. Դատախազություն

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանավարի հաղորդման հիման վրա 2021թ. հունիսի 17-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ նույն կենտրոնի տնօրեն Հ. Խ-ն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս համայնքում կազմակերպած նախընտրական քարոզչությանը: «Օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաև նշված կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, այնուհետև ևս՝ 2021թ. հունիսի 15-ին, աշխատանքից ազատելու սպառնալիքով, գրադարանավար Ա. Ա.-ին խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին»,- գրված է ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով: Սյունիքի մարզի դատախազությունից քրեական գործը 2021թ. հուլիսի 2-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու: Դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտման արդյունքում, հաշվի առնելով ամբաստանյալին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության աստիճանը, մեղադրող դատախազի  կողմից միջնորդվել է Հ. Խ.-ի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 5 տարի ժամկետով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով։ 2021թ. հոկտեմբերի 27-ին հրապարակած դատավճռով դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով։ Միաժամանակ, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ դատարանը որոշել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 3 տարի ժամկետով: Դատախազությունից հայտնում են, որ դատական ակտն ստանալու և դատարանի պատճառաբանությունների ու հիմնավորումների վերլուծության արդյունքում կլուծվի պատժի մեղմության առումով անհամաչափության տեսանկյունից այն բողոքարկելու հնարավորության հարցը:
15:52 - 29 հոկտեմբերի, 2021
«Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել են 1-ով, ՔՊ-ի ձայներն ավելացել են 9- ով. ԿԸՀ-ն ավարտել է վերահաշվարկը

«Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել են 1-ով, ՔՊ-ի ձայներն ավելացել են 9- ով. ԿԸՀ-ն ավարտել է վերահաշվարկը

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ին, ժամը 16.00-ին ավարտել է 2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:  Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, մանրամասնելով, որ վերահաշվարկվել է ընդհանուր թվով 9 տեղամասերի քվերակության արդյունքները՝ 7-ը Տաթև համայնքում և մեկական Գորիս և Տեղ համայնքներում։ Նշվում է, որ վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները, քարտուղարները, իսկ առանձին դեպքերում՝ նաև տեղամասային հանձնաժողովների անդամները,  յուրաքանչյուր կուսակցությունից մեկական  վստահված անձինք, երկու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և տեղական դիտորդներ: Վերահաշվարկի արդյունքում հստակեցվել է, որ Գորիս համայնքում «Առուշ Առուշանյան» կուսակցությունների դաշինքի կողմ ձայները պակասել են 1-ով, իսկ անվավեր քվեաթերթիկներն ավելացել են 1-ով։ Տեղ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ ձայները ավելացել են 1-ով, չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը շտկվել է և անճշտությունների չափը պակասել է 100-ով։ Տաթև համայնքում՝ վերահաշվարկ իրակացված բոլոր յոթ տեղամասերի արդյունքների հանրագումարում «Ապրելու երկիր» կուսակցության կողմ ձայները չեն փոփոխվել, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության կողմ ձայները ավելացել են 3-ով և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ ձայները ավելացել են 8-ով: Անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 11-ով, անճշտությունների չափն ավելացել է 3-ով։
18:02 - 20 հոկտեմբերի, 2021
Այս ընտրություններում վարչական ռեսուրս կիրառել են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, որովհետեւ երկուսն էլ ունեն այդ հնարավորությունները․ Վահրամ Թոքմաջյան

Այս ընտրություններում վարչական ռեսուրս կիրառել են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, որովհետեւ երկուսն էլ ունեն այդ հնարավորությունները․ Վահրամ Թոքմաջյան

Նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները բավականին մրցակցային էին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի համակարգող Վարդինե Գրիգորյանը։ Դաշինքի ներկայացուցիչ Վահրամ Թոքմաջյանը, թեեւ համաձայնեց Գրիգորյանի այս դիտարկման հետ, սակայն արձանագրեց, որ քարոզարշավը բավականին թույլ էր՝ հատկապես Գյումրիի պարագայում։ Նրա դիտարկմամբ՝ Գյումրիում առաջադրված հիմնական ուժերն առաջին հայացքից ջանք ու եռանք չեն ներդրել՝ իրենց ծրագրերն ընտրողներին ներկայացնելու հարցում․ «Նախընտրական քարոզչության փուլում արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են վարչական ռեսուրսի կիրառմանը, որը միահյուսվում է աշխատանքային իրավունքին առնչվող խնդիրներին։ Ի տարբերություն 2018-ից առաջ եղած ընտրությունների՝ այս ընտրություններում վարչական ռեսուրս կիրառել են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, որովհետեւ երկուսն էլ ունեն այդ հնարավորությունները՝ մեկ՝ ՏԻՄ մակարդակում, մեկը՝ պետական մակարդակում»,- ասաց Թոքմաջյանը՝ հավելելով, որ շատ մարզերում, քաղաքներում, գյուղերում գործատուները հիմնականում ընդդիմություն ներկայացող կամ ընդդիմության հետ աղերս ունեցող մարդիկ են, որոնք ունեն բիզնեսներ, իսկ այդ հանգամանքը, բանախոսի կարծիքով, դերակատարում ունեցավ Գյումրու, Գորիսի, Մեղրիի պարագայում․ «Վարչական ռեսուրսին, բիզնեսին, աշխատանքային իրավունքին առնչվող խնդիրների սահմանը շատ է խախտվել։ Հետաքրքրական է, որ գործում էր կամավոր-պարտադիր սկզբունքը՝ թե՛ հավաքներին մասնակցելու, թե՛ ընտրելու մասով։ Եթե նախկինում «տասովշիկների» զգալի մասն աշխատում էր մեկ-երկու քաղուժի համար, այս ու նախորդ ընտրություններին նրանք այլեւս ունեն ընտրության հնարավորություն՝ ում համար աշխատել։ Փողը մեծ դերակատարում ունեցավ՝ ոչ ընտրակաշառքի ձեւով․ այն կուսակցությունները կամ դաշինքները հաջողեցին, որոնք ֆինանսապես կայուն էին, կարող էին ռեսուրս դնել, դրա շուրջ կառուցել քարոզարշավ, եւ այլն։ Իսկ այն ուժերը, որոնք փող չունեին կամ փող չդրեցին, հաջողություն չգրանցեցին, եւ, կարծում եմ, ապագայում էլ չեն գրանցի»,- ասաց Վահրամ Թոքմաջյանը՝ շեշտելով, որ եթե արեւմտյան ժողովրդավարական երկրներում առկա մոդելը՝ նաեւ կուսակցությունների դրամահավքաների մասով, չկայանա, այդ կուսակցությունները դարձյալ չեն հաջողելու։
17:47 - 18 հոկտեմբերի, 2021
Ներկա իշխանությունները, Սյունիքում չունենալով հանրային հենարան, դիմում են համատարած խախտումների և ապօրինությունների. «Հայաստան» դաշինք

Ներկա իշխանությունները, Սյունիքում չունենալով հանրային հենարան, դիմում են համատարած խախտումների և ապօրինությունների. «Հայաստան» դաշինք

Այսօր Գորիսում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունները մեկ անգամ ևս ապացույցն են այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում գնալով խորանում է բռնատիրական ռեժիմը, և սեփական իշխանությունը պահելու, քաղաքական նպատակահարմարության հիվանդագին մոլուցքով տարված իշխանությունները պատրաստ են ամեն տեսակի անօրինականությունների։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։ «Գորիս համայնքում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Առուշ Առուշանյան» դաշինքի նկատմամբ իրականացվող բռնաճնշումների, ոստիկանական ուժերի մասշտաբային ներգրավման, վարչական ռեսուրսների համատարած չարաշահման անթաքույց վարքագիծը մեկ անգամ ևս բացահայտում են իշխանության ոչ ժողովրդավարական և ապազգային դեմքը։ Արձանագրվող համատարած խախտումներն ու ապօրինությունները՝ այդ թվում ոստիկանական հոծ ուժերի կողմից «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբի ներխուժումը, արդեն իսկ անազատության մեջ գտնվող Ա․ Առուշանյանի հոր նկատմամբ հետապնդումը գնահատում ենք, որպես քաղաքական ահաբեկչություն, ընտրության բուն ընթացքում համայնքի խաղաղ բնակչության վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու քստմնելի և դատապարտելի վարքագիծ։ Այս և արձանագրված մի շարք խախտումներ, որոնք արձանագրվել էին նաև համապետական ընտրությունների ժամանակ, ինչպես նաև տեղ են գտել այլ համայնքներում գալիս են հաստատելու, որ ներկա իշխանությունները, Սյունիքում չունենալով հանրային հենարան, դիմում են համատարած խախտումների և ապօրինությունների, ձևավորելու իշխանության վարած ապազգային քաղաքական կուրսին հպատակ և հլու տեղական ինքնակառավարման մարմիններ։ Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների, իրավապաշտպան կառույցների ուշադրությունն ենք հրավիրում այս հակասահմանադրական ընթացքի վրա և հայտարարում, որ «Հայաստան» դաշինքը հետևողական է լինելու երկրում սահմանադրականությունը վերականգնելու և իրավունքի գերակայություն հաստատելու հարցում»,- նշված է դաշինքի հաղորդագրության մեջ։
21:43 - 17 հոկտեմբերի, 2021
Գորիսում ՔՊ ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցը վստահեցնում է՝ համայնքի բնակավայրերի անվտանգության ապահովման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ են իրականացնելու

Գորիսում ՔՊ ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցը վստահեցնում է՝ համայնքի բնակավայրերի անվտանգության ապահովման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ են իրականացնելու

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Գորիսում առաջադրվել են «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։ Առաջադրվել էր նաեւ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ, սական տարածքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել կուսակցության ցուցակը՝ օրենքին անհամապատասխանության պատճառով։  Գորիսում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցն Infocom-ի հետ զրույցում ներկայացրեց, որ համայնքում քարոզարշավն ընթանում է բնականոն հունով․ խոչընդոտների չեն բախվել, եւ կարծում է՝ չեն էլ բախվի։ Համայնքապետի թեկնածուի հետ մեր հարց ու պատասխանը՝ ստորեւ․ - Պարոն Աբունց, գաղտնիք չէ, թե ինչ օրհասական խնդիրներ կան համայնքում՝ հատկապես անվտանգային առումով․ մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Ընտրվելու պարագայում ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ձեր քաղաքական ուժը՝ անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ՝ այնքանով, որքանով հնարավոր է Ձեր ընտրվելու եւ թիմի անդամների՝ ավագանու կազմում լինելու դեպքում։  - Շատ ճիշտ հարց եք բարձրացնում․ այո՛, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ծավալված պատերազմից հետո Գորիսի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ, ինչի հետեւանքով պարբերաբար առաջանում են խնդրահարույց եւ լարված իրավիճակներ։ Այս պարագայում մենք նախատեսում ենք սահմանամերձ բնակավայրերի անվտանգության լիարժեք ապահովման համար տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակներում իրագործել համակարգված եւ բազմաբնույթ միջոցառումներ, ցուցաբերելու ենք նաեւ անհրաժեշտ աջակցություն ՀՀ կառավարությանը՝ սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Նպաստելու ենք սահմանամերձ բնակավայրերում ժողովրդագրական խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ այդ համայնքներում բնակարանաշինության եւ վերաբնակեցման ծրագրերով, արտագաղթի կանխմանն ուղղված գործողությունների իրականացմամբ։ - Դուք նշեցիք, որ իրականացնելու եք անվտանգության ապահովման միջոցառումներ, խնդրում եմ մանրամասնեք՝ ինչ միջոցառումների մասին է խոսքը, ինչպե՞ս եք իրականացնելու։ - Մենք ծրագրեր ենք ներկայացնելու կառավարությանը եւ կառավարության հետ համատեղ պետք է հասնենք հաջողության։ Մենք լինելու ենք այն բոլոր գերատեսչական մարմինների կողքին, որոնք հիմնականում զբաղվում են մեր սահմանների անվտանգության հարցերով։ - Պարոն Աբունց, համայնքային ի՞նչ խնդիրներ եք առանձնացնում, որոնց պատրաստվում եք առաջնահերթ լուծում տալ։ - Համայնքային խնդիրներ առանձնացնում ենք տնտեսության ոլորտում, քաղաքաշինության ոլորտում, հանրային տրանսպորտի ոլորտում, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտում, կառավարման բարելավման եւ մարդկային կապիտալի զարգացման ոլորտում։ Մշակել ենք ծրագրերն ու իրականացնելու ենք մեր թիմով։ - Իսկ համայնքային բյուջեն ձեր նախանշած ծրագրերի իրականացման համար բավարա՞ր է։ Եթե ոչ, ապա որտեղի՞ց եք հայթայթելու միջոցներ։ - Չեմ կարծում, թե համայնքի բյուջեն կբավարարի ընդհանուր ծրագրերի համար, բնականաբար, դիմելու ենք կառավարությանը, որպեսզի աջակցություն տրամադրեն՝ մեր ծրագրերն իրականացնելու համար։ Առանց կառավարության աջակցության չենք կարողանա։ - Խնդրում եմ մանրամասնեք՝ ի՞նչ ծրագրեր ունեք, ինչպե՞ս եք լուծելու Ձեր նշած խնդիրները։ - Տնտեսության հետ կապված ներգրավելու ենք ներդրումային ծրագրեր եւ ստեղծելու ենք նոր աշխատատեղեր՝ համայնքի տնտեսական կյանքն աշխուժացնելու, գործազրկությունը հաղթահարելու նպատակով։ Մշակելու ենք, իրականացնելու ենք հյուրանոցների եւ հյուրատների աջակցության ծրագրեր, աջակցելու ենք ՀՀ կառավարության մշակած գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը, իրականացնելու ենք նոր սոցիալական ծրագրեր՝ նաեւ սփյուռքի հետ համագործակցությամբ։ Քաղաքաշինության ոլորտում գույքագրելու ենք համայնքային եւ միջհամայնքային ճանապարհների, փողոցների, բակային տարածքների խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ համապարփակ միջոցառումներ ենք իրականացնելու։ Իրականացնելու ենք զբոսաշրջության գրավչությանն ուղղված միջոցառումներ։ - Օրինակ՝ ի՞նչ միջոցառումներով եք Գորիսում զբոսաշրջությունն ավելի գրավիչ դարձնելու։ - Նպաստելու ենք, որպեսզի զբոսաշրջությունը մեր համայնքում ակտիվանա։ Նախատեսում ենք քաղաքային սանհանգույցներ կառուցել, ավելացնել կանաչապատ տարածքները, իրականացնելու ենք քաղաքի ուրույն ճանրտարապետական տեսքը պահպանելու միջոցառումներ, եւ այլն։ Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ ընտրվելու պարագայում հետեւողականորեն իրականացնելու են իրենց այս խոստումները, իսկ եթե չընտրվեն՝ աջակցելու են համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերին․ «Համայնքը բոլորինս է։ Ծրագրերը պետք է իրականացվեն համայնքի բնակչության համար։ Ես ակնկալում եմ ժողովրդի բարձր աջակցությունը, խնդրում եմ, որ հոկտեմբերի 17-ին բոլորն ակտիվ մասնակցեն ընտրությանը եւ իրենց քվեն տան այն ուժին, որը կարող է համայնքի զարգացմանն ուղղված ճիշտ քայլեր անել»,- եզրափակեց Գորիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն։ Լուսանկարը՝ Վլադիմիր Աբունցի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
12:03 - 04 հոկտեմբերի, 2021