Հնդկաստան

Մենք շարունակում ենք նոր հնարավորություններ գտնել Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացման համար. Վահագն Խաչատուրյան

Մենք շարունակում ենք նոր հնարավորություններ գտնել Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացման համար. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է. «Մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի և Հայաստանի անկախացումից հետո մենք շարունակելով այդ ավանդույթը և դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Հնդկաստանի հետ, ամեն ինչ արել ենք, որպեսզի մեր հարաբերությունները դինամիկ զարգացում ունենան:  Անցած տարում մենք նշեցինք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և հիմա էլ մենք շարունակում ենք նոր հնարավորություններ գտնել մեր հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման համար և այս առումով ևս Ձեր այցը կարևոր նշանակություն ունի»: Գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա սերտ համագործակցության հետագա զարգացման ուղղություններն ու ոլորտները: Շեշտվել է բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, գյուղատնտեսության, պաշտպանական և այլ բնագավառներում առկա փոխգործակցության մեծ ներուժի իրականացման կարևորությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմական կրթության ոլորտում փորձի փոխանակման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր իրողություններին ինչի կապակցությամբ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է կայուն և հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշման մեջ և շարժվում է այդ ուղղությամբ:
11:17 - 31 օգոստոսի, 2023
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Պաշտպանության նախարարը ողջունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային և Հնդկաստանն ու այլ գործընկեր երկրները ներկայացնող ունկնդիրներին։ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան այցելության նախաձեռնությունը` հաշվի առնելով պաշտպանական բնագավառում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման ներկայիս ընթացքը: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է բանակում մեկնարկած բարեփոխումները և պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև պատասխանել է պաշտպանական քոլեջի պատվիրակության՝ վերոնշյալ ոլորտներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին:  
14:42 - 30 օգոստոսի, 2023
Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի վարչապետի խորհրդականին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը

Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի վարչապետի խորհրդականին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը

Օգոստոսի 29-ին Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: «Շնորհավորել եմ «Չանդրայաան 3» առաքելության լուսնի վրա կատարած բարեհաջող վայրէջքի առիթով: Վերոնշյալի շրջանակներում քննարկել ենք տիեզերական արդյունաբերության ոլորտում հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը: Զրուցակցիս հետ քննարկել ենք տարածաշրջանային անվտանգային զարգացումներին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը և կարևորել դրա հաղթահարման համար միջազգային համայնքի ներգրավվածությունը: Գոհունակությամբ ընդգծել ենք հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը և քննարկել մի շարք ոլորտներում հարաբերությունները զարգացնելու հեռանկարները»,- գրել է Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում։
14:50 - 29 օգոստոսի, 2023
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության հետ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության հետ

Օգոստոսի 27-31-ը Հայաստանի Հանրապետությունում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը, որը գլխավորում է քոլեջի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ Դահիյան: Պատվիրակությունը կազմված է Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Նիգերիայի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչներից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ այցի շրջանակում` օգոստոսի 28-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Ավելի ուշ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ, ինչպես նաև այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի պաշտպանական քաղաքականությանը, զինված ուժերի բարեփոխմանը, ռազմական կրթությանը և ռազմական գիտությանն առնչվող հարցերի շրջանակ: Այցի ընթացքում նախատեսվում է նաև պատվիրակության հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի հետ:
16:20 - 28 օգոստոսի, 2023
Հնդկաստանի տիզերանավը բարեհաջող վայրէջք կատարեց Լուսնի վրա
 |azatutyun.am|

Հնդկաստանի տիզերանավը բարեհաջող վայրէջք կատարեց Լուսնի վրա |azatutyun.am|

azatutyun.am:  Այսօր Հնդկաստանի համար պատմական օր է՝ Լուսնի վրա բարեհաջող վայրէջք կատարեց հնդկական տիզերանավը։ Այսպիսով Հնդկաստանը դարձավ լուսնային առաքելություն իրականացրած չորրորդ երկիրը՝ ԱՄՆ-ից, նախկին ԽՍՀՄ-ից ու Չինաստանից հետո և առաջինը, որը տիեզերանավ իջեցրեց Լուսնի մինչ այժմ չհետազոտված մասում՝ հարավային բևեռի մոտ։ Մի քանի օր առաջ Ռուսաստանի նմանատիպ փորձը ձախողվել էր։ Ռուսական ապարատը ջարդուխուրդ էր եղել ընկնելով Լուսնի վրա։ Անկախ Ռուսաստանի պատմության ընթացքում դա Լուսին հասնելու առաջին փորձն էր։ Աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող Հնդկաստանում մարդիկ ոգևորված ու անհանգիստ խմբվել էին հեռուստացույցների դիմաց՝ տներում, գրասենյակներում, ռեստորաններում, ու խանութներում։ Երեկվանից հազարավոր մարդիկ Հնդկաստանի սրբավայրերում ու գետերի մոտ աղոթում էին լուսնային առաքելության հաջողության համար։ «Չանդրայան-3» լուսնային առաքելության թռիչքը մեկնարկել էր հուլիսի 14-ին։
17:42 - 23 օգոստոսի, 2023
Հնդկաստանում առնվազն 17 մարդ է զոհվել կամրջի փլուզման հետևանքով
 |armenpress.am|

Հնդկաստանում առնվազն 17 մարդ է զոհվել կամրջի փլուզման հետևանքով |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանի Միզորամ նահանգում Այզալ քաղաքից ոչ հեռու կառուցվող երկաթգծային կամրջի փլուզման հետևանքով զոհվել է 17 բանվոր։ Այդ մասին գրել է Միզորամի գլխավոր նախարարն իր X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։ «Այսօր Սայրանգում՝ Այզալից ոչ հեռու, փլուզվել է կառուցվող երկաթգծային կամուրջը։ Առնվազն 17 աշխատող մահացել է. փրկարարական աշխատանքները շարունակվում են», - հայտնել է նահանգի գլխավոր նախարարը։ Ոստիկանության տվյալներով՝ զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ ոչ բոլոր մարմիններն են դուրս բերվել փլատակներից։ Միջադեպի պատճառների մասին չի հաղորդվում։ Երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի աշխատակազմում խոստացել են 200 հազարական ռուփի (2200 եվրո) վճարել զոհվածների մերձավորներին և 50 հազարական ռուփի (550 եվրո)՝ վթարի հետևանքով տուժածներին:
14:52 - 23 օգոստոսի, 2023
ՀՀ-ում Չինաստանի դեսպանը խոսել է Հնդկաստանի և Իրանի երթուղուն Պեկինի միանալու մասին
 |armeniasputnik.am|

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը խոսել է Հնդկաստանի և Իրանի երթուղուն Պեկինի միանալու մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v class="article__header"> Չինական ընկերությունը մասնակցում է Հայաստանում «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցմանը, սակայն ապագայում ապրանքների տեղափոխման համար Պեկինի կողմից դրա օգտագործման հեռանկարները մշուշոտ են:   Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ ձևավորվող մուլտիմոդալ երթուղուն ՉԺՀ-ի միանալու հնարավորությունը։ Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել էին, որ Երևանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի հետ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ։ Ավելին, արդեն մշակվել է «առանց կար» միջանցքի իրականացման ճանապարհային քարտեզը։   Չինաստանի դեսպանի խոսքով՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհը դեռ կառուցման փուլում է։ Չինական ընկերությունն իր մասում կառուցել է երեք հատվածից երկուսը։ Խոսքը Թալին-Գյումրի հատվածի մասին է։ Նախատեսվում է այս նախագիծն ամբողջությամբ ավարտել մինչև տարեվերջ։   «Ինչպես արդեն ասել է պարոն Փաշինյանը, այն Հայաստանի լավագույն կառուցված է ճանապարհներից մեկն է, և կարծում եմ՝ դա շատ լավ հիմք է մեր երկկողմ համագործակցության համար»,-ասաց Ֆան Յոնգը։ Ինչ վերաբերում է Պեկինի՝ երթուղուն ուղղակիորեն միանալուն և ապրանքների տեղափոխման համար դրա օգտագործմանը, ապա այս հարցին, ըստ Ֆան Յոնգի, այս պահին դժվար է պատասխանել:   «Չեմ կարող հստակ պատասխանել, բայց կարծում եմ, որ նախագիծը, որի իրականացմանը մասնակցում է չինական ընկերությունը, շատ ձեռնտու է Հայաստանին։ Եվ ես հույս ունեմ, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում բազմաթիվ նման ծրագրեր կլինեն, որոնք ավելի մեծ օգուտ կբերեն Հայաստանին»,-ասաց Ֆան Յոնգը։   Ընդ որում, դիվանագետի կարծիքով, դրա համար զգալի աշխատանքն ու ջանքեր են հարկավոր երկու կողմից։ Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի մի քանի հատվածների շինարարությամբ զբաղվում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերությունը: «Հյուսիս-Հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային նախագծերից մեկն է։ Այս ճանապարհը կկրճատի ճանապարհը Հայաստան-Իրան սահմանից մինչև Հայաստան-Վրաստան սահմանը (550-ից հասցնելով 490 կմ-ի), ինչպես նաև կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար:
20:10 - 19 օգոստոսի, 2023
Տարածաշրջանային հարցերում Հայաստանի և Հնդկաստանի դիրքորոշումները համընկնում են՝ նպաստելով միջպետական կապերի ամրապնդմանը. ՀՀ նախագահ

Տարածաշրջանային հարցերում Հայաստանի և Հնդկաստանի դիրքորոշումները համընկնում են՝ նպաստելով միջպետական կապերի ամրապնդմանը. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հնդկաստանը պատմականորեն ապացուցել է ժողովրդավարական համակարգի կարևորությունը պետության կայացման և ազգի քաղաքակրթական արժեհամակարգի պահպանման գործում: Հնդկաստանի նորագույն պատմության մեջ նշանակալի դերակատարում ունեցած Մահաթմա Գանդիի կերպարն առ այսօր շատ ազգերի համար անարդարության դեմ պայքարի վառ օրինակ է: Դարերի պատմություն ունեցող հայ-հնդկական բարեկամությունը խարսխված է փոխադարձ հարգանքի, վստահության և համընդհանուր արժեքների վրա: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ տարածաշրջանային և երկուստեք կարևորության հարցերում Հայաստանի և Հնդկաստանի դիրքորոշումները համընկնում են՝ առավել նպաստելով միջպետական կապերի և ավանդական բարեկամության ամրապնդմանը»: 
10:26 - 15 օգոստոսի, 2023
Համոզված եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների փոխգործակցությունն առավել կամրապնդվի. Նիկոլ Փաշինյանը՝ Հնդկաստանի վարչապետին

Համոզված եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների փոխգործակցությունն առավել կամրապնդվի. Նիկոլ Փաշինյանը՝ Հնդկաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Դարեր շարունակ անկախության համար մղվող՝ հնդիկ ժողովրդի պայքարը փաստում է ինքնիշխան և ժողովրդավար պետություն ունենալու գերակա արժեքի մասին, արժեք, որը մեր երկու ժողովուրդների ավանդական բարեկամական կապերի և փոխադարձ հարգանքի հիմքում է ընկած: Մեր վերջին հանդիպման ժամանակ հանձնառություն ստանձնեցինք լավագույնս իրացնելու ամենատարբեր ոլորտներում Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա ներուժը, և այժմ կարող ենք հպարտությամբ արձանագրել, որ հայ-հնդկական դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր փուլ, ինչի վկայությունն է մեր երկրների միջև երկկողմ օրակարգի և երկխոսության ակտիվացումը: Մենք կարևորում ենք ժողովրդավարական արժեքների կրող Հնդկաստանի դերակա­տարության բարձրացումը գլոբալ քաղաքականության մեջ և սատարում միջազգային ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգի առաջմղման գործում Հնդկաստանի ջանքերին: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր երկրների փոխգործակցությունն առավել կամրապնդվի, ինչին էապես կնպաստեն կողմերի միջև բարձրաստիճան փոխայցելությունները: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ձեզ հարմար ժամանակահատվածում Հայաստան այցելելու իմ հրավերը:  Ձերդ գերազանցություն, օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ ամենայն բարիք և բարօրություն»:
10:24 - 15 օգոստոսի, 2023
ՀՀ ՆԳ նախարարը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր

ՀՀ ՆԳ նախարարը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր

Օգոստոսի 4-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ-ն։   Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և բարձր գնահատել Հնդկաստանի դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը։ Վահե Ղազարյանը, խոսելով Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների մասին, մանրամասնել է հատկապես ենթակա ծառայություններում իրականացվող աշխատանքները։   Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նույնպես ընդգծել է առկա սերտ հարաբերություններն ու համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։   Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հետագա ուղղությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
12:02 - 05 օգոստոսի, 2023
Համահայկական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակիցներ կլինեն Չիլիից, Սաուդյան Արաբիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Ղազախստանից
 |armenpress.am|

Համահայկական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակիցներ կլինեն Չիլիից, Սաուդյան Արաբիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Ղազախստանից |armenpress.am|

armenpress.am: Գյումրիի  «Շիրակ» մարզադաշտում  օգոստոսի 5-ին, ժամը 21:00-ին կտրվի Համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկը։ Խաղերի նպատակով Գյումրի կժամանի ավելի քան 11 հազար մարդ: Միայն  19 մարզաձևերում մասնակից մարզիկների  ու մարզուհիների թիվը 7161 է: Համահայկական խաղերի անցկացմանն աջակցելու համար հայտագրվել է մոտ 2000 կամավոր։ Խաղերի բացման հանդիսավոր միջոցառման համար կառուցվել է մեծ բեմահարթակ, տեղադրվել է լուսաձայնային ժամանակակից տեխնիկա։ Հաշվի առնելով միջոցառման բացման պաշտոնական արարողությանը հետևելու ցանկություն հայտնած մարդկանց մեծ թիվը՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղադրվել է  նաև մեծ  էկրան: «Արդեն 8-րդ տարին անցկացվող խաղերն այս տարի աննախադեպ են լինելու ինչպես մասնակից երկրների աշխարագրությամբ, այնպես էլ մասնակիցների թվով. Մասնակցիցներ են լինելու 41 երկրի 179 քաղաքներից»,- տեղեկացրել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Աննա Վարդանյանը՝ հավելելով, որ այս տարի առաջին անգամ մասնակիցներ են լինելու նաև Չիլիից, Ղազախստանից, Բելառուսից, Սաուդիան Արաբիայից ու Հնդկաստանից:
11:45 - 05 օգոստոսի, 2023
Գնել Սանոսյանը և Հնդկաստանի նորանշանակ դեսպանն անդրադարձել են համագործակցության խնդիրներին

Գնել Սանոսյանը և Հնդկաստանի նորանշանակ դեսպանն անդրադարձել են համագործակցության խնդիրներին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Նախարարն ընդգծել է՝ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և ներկայում, տարբեր ոլորտներում այդ հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով, առկա է էլ ավելի մեծ ներուժ․ «Հայաստանում շատ բարձ է գնահատվում Հնդկաստանի հետ հարաբերությունները զարգացնելու այս բարձր տեմպը։ Ինչպես ՀՀ Կառավարությունը, այնպես էլ ՏԿԵ նախարարությունը պատրաստ են մեծ ներդրում, մասնակցություն ունենալ այս գործընթացում»,- ասել է Սանոսյանը։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ իր հերթին ընդգծելով հայ-հնդկական ջերմ հարաբերությունների, փոխգործակցության զարգացման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում առկա համագործակցության վերաբերյալ հարցերի։ Կարևորվել է հայաստանյան տարբեր շինարարական մրցույթներում հնդկական ընկերությունների ներգրավման անհրաժեշտությունը։  
16:26 - 31 հուլիսի, 2023
Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս
 |armenpress.am|

Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել էին Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր, որտեղ կանգնած են Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնությամբ բենռված բեռնատարները։ Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Դիվանագետները շրջել են տեղանքում, ծանոթացել ստեղծված իրավիճակին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրանց մանրամասներ է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ։  Դիվանագիտական պատվիրակության կազմում Կոռնիձոր են այցելել հետևյալ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների անդամները․   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բելառուս Բուլղարիա Իսպանիա Իտալիա Իրան Իրաք Լեհաստան Լիտվա Հնդկաստան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն Շվեյցարիա Ռումինիա Ռուսաստանի Դաշնություն Սերբիա Ուկրաինա Ֆրանսիա ԿԽՄԿ ՄԱԿ։
11:36 - 29 հուլիսի, 2023