«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործունեության հիմնական առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է:

Հիմնադրամի գործադիր տնօրենն է Ստեփան Մաչյանը։  

Նախկնում «Ճանապարհային դեպարտամենտը» պետական ոչ առևտրային կազմակերպություն էր (ՊՈԱԿ)։ ՀՀ կառավարության 6 օգոստոսի 2021թ. թիվ 1298-Ա որոշմամբ ՊՈԱԿ-ը վերակազմակերպվեց որպես «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։

 

Արագածի, Սպիտակի, Սևանի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Արագածի, Սպիտակի, Սևանի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Սևանի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Անիի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում՝ անձրև։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով», - ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։ Ըստ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
09:25 - 17 նոյեմբերի, 2023
Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության փաստաթուղթը լրամշակման վերջնական փուլում է
 |armenpress.am|

Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության փաստաթուղթը լրամշակման վերջնական փուլում է |armenpress.am|

armenpress.am: ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի կարծիքով՝ կառավարության ընդհանուր քաղաքականությունը բնականաբար ուղղված է ճանապարհների անվտանգ երթևեկության ապահովմանը։ Այս պահին ճանապարհային դեպարտամենտի կողմից կատարվում են որոշակի փոփոխություններ Հայաստանի ճանապարհային ցանցում, որոնք շուտով կընդունվեն կառավարության կողմից։ Ղալեչյանը «Հայաստանում ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարություն՝ անվտանգ համակարգի մոտեցումը։ Հայաստանում ճանապարհային անվտանգության մարտահրավերները» թեմայով աշխատաժողովում ներկայացրեց Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության փաստաթղթի հիմնական դրույթները։  «Ճանապարհային ենթակառուցվածքների ամբողջությունը մենք դիտարկում ենք որպես անվտանգ, կայուն, հասանելի, թվային և հուսալի համակարգ։ Առհասարակ մեր տեսլականը համահունչ է ՄԱԿ-ի կայուն զարգացման ծրագրի թիրախներին։ Անվտանգ ճանապարհներ ունենալու համար նախ և առաջ հանգամանորեն ուսումնասիրել ենք վիճակագրությունը։ Ռազմավարության մեջ ներառվել են մանրամասն վերլուծություններ և դետալացված նյութեր։ Վերջին տարիներին ավտոմեքենաների թվաքանակի աճի պատճառով հատկապես Երևանում բարձրացել է երթևեկության ծանրաբեռնվածությունը, ինչի արդյունքում ավելացել է ՃՏՊ-ների քանակը»,- տեղեկացրեց Ղալեչյանը։ Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները թույլ են տալու ավելի թիրախային քաղաքականություն վարել և առաջնահերթ ուշադրություն դարձնել ՃՏՊ-ների կանխարգելման աշխատանքներին։ Ռազմավարության տեսլականը ենթադրում է մինչև 2050 թվականը գրեթե զրոյացնել մահացությունների քանակը։ Հայաստանը միացել է նաև ստոկհոլմյան հռչակագրին, որով նախատեսված է մինչև 2030 թվականը հիսուն տոկոսով կրճատել մահացությունների թիվը։ Ըստ Ղալեչյանի՝ հենց սա է լինելու ռազմավարության գլխավոր թիրախը։ «Որպես ելակետ՝ ընտրվել է 2021 թվականին արձանագրված պատահարների վիճակագրությունը։ Ռազմավարությունը հիմնված է նաև «անվտանգ համակարգ» մոտեցման վրա, որում ներառված են ՄԱԿ-ի հինգ հիմնական նպատակներին համահունչ սկզբունքներ, այսպես կոչված՝ հենասյուներ։ Դրանք են ճանապարհային անվտանգության կառավարումը, անվտանգ ճանապարհները, անվտանգ երթևեկության մասնակիցները, ավելի անվտանգ մեքենաները և հետվթարային արձագանքը։ Այս ուղղություններով իրականացվող միջոցառումները մեզ օգնելու են հասնել թիրախային նպատակներին։ Երթևեկության անվտանգ համակարգը պետք է արտացոլվի նաև օրենսդրության մեջ համապատասխան բարեփոխումների տեսքով»,- ասաց Ղալեչյանը։ Նրա խոսքով՝ երթևեկության մասնակիցների վարքաբանական փոփոխությունն ամենաշատ քննարկվող թեման է։ Հիմնախնդիրների ընկալումը, վերահսկողության հետագա խստացումը նույնպես կարևոր ուղենիշներ են։ «Կառավարության կողմից իրականացվում են հսկայական ծրագրեր՝ ճանապարհային ցանցն ավելի բարվոք դարձնելու և անվտանգության ավելի արդյունավետ տարրեր ներդնելու ուղղությամբ։ Անվտանգության միջոցառումները պետք է ունենան բավարար և կայուն ֆինանսավորում՝ բացառելով ծախսերի կրճատումներն անվտանգության հաշվին։ Ճանապարհատրանսպորտային տվյալների հավաքագրման ու հաշվառման վերլուծական համակարգի արդիականացումը նույնպես առաջնային թիրախ է, որին միանալու է ճանապարհային դեպարտամենտը՝ տվյալների հիման վրա մշակելով հստակ քաղաքականություն»,- մանրամասնեց ՏԿԵ փոխնախարարը։ Ղալեչյանի փոխանցմամբ՝ նախատեսվում է մինչև 2030 թվականը վերացնել ճանապարհների վթարավտանգ հատվածները և յուրաքանչյուր փուլում իրականացնել ճանապարհային անվտանգության աուդիտ և ռիսկերի գնահատում, ինչի արդյունքում մեր ճանապարհները կունենան բարձր վարկանիշավորում։ Ըստ էության՝ նոր կոնցեպտուալ բնույթ է ստանալու «հանդուրժող ճանապարհային միջավայր» հասկացությունը։ Թիրախներից են նաև անվտանգ տրասնպորտային միջոցների ավտոպարկի թարմացումն ու տեխզննման համակարգի բարելավումը, ինչպեսև իրազեկման նպատակով կրթական ծրագրերի իրականացումը։ Կարևորելով վերջին բաղադրիչը՝ Ղալեչյանն ասաց, որ ճանապարհային երթևեկության կանոնները հանրակրթական դպրոցներում կդառնան մշտական ուսուցման առարկա, ինչն իրականացվելու է հանրային իրազեկման արշավ կազմակերպելու օրակարգի շրջանակում։ «Ռազմավարության հիմքում կարևոր նշանակություն ունի հետվթարային ծառայությունների բարելավման գործընթացը, որպեսզի կարիքավորներին հնարավորինս արագ հասցվի առաջին օգնությունը։ Բոլոր ուղղություններով ունենք հանգամանորեն մշակված միջոցառումների և գործողությունների ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչվեն տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների կողմից»,- եզրափակեց ՏԿԵ փոխնախարարը։ «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Պողոս Շահինյանն էլ ընդգծեց, որ առաջարկվող ռազմավարությունը նախորդից տարբերվում է իր հեղափոխական մոտեցումներով։ «ԵՄ գրեթե բոլոր երկրներն անցել են տվյալների հավաքագրման նոր համակարգի, ինչը թույլ է տալիս կատարել ամփոփ վերլուծություն բոլոր ոլորտներում, որոնք վերաբերում են ճանապարհային անվտանգությանը։ Մասնավորապես կարևորվում են ԿԱԴԱՍ համակարգի չորս փոփոխականները, որոնք առնչվում են վթարների մասին տվյալների հավաքագրմանը, ճանապարհներին, տրանսպորտային միջոցին և հետիոտնին։ Համաշխարհային բանկը կատարել է ուսումնասիրություն՝ մեր համակարգը համեմատելով ԿԱԴԱՍ համակարգի հետ, ինչը ցույց է տալիս, թե ինչպիսի բացթողումներ ենք ունեցել նախկինում։ 2022 թվականին մեր ճանապարհային ոստիկանությունը կատարել է փոփոխություններ տվյալների հավաքագրման բազայում և մոտեցումներում, ինչի շնորհիվ արդեն ունենք ավելի բարվոք իրավիճակ։ Այդուհանդերձ դեռ կա զարգացման տեղ, առավել ևս, որ ռազմավարության մեջ ընդգրկված են կոնկրետ թիրախներ»,- ասաց Շահինյանը։  
18:03 - 15 նոյեմբերի, 2023
Ստորագրվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի շինաշխատանքների տեխհսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը

Ստորագրվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի շինաշխատանքների տեխհսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը

Ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը։ Պայմանագիրը ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) («ԻՆՍՏԻՏՈՒՏ ԻԳԽ» Քաղաքացիական ճարտարագիտության հետազոտությունների և զարգացման բաժնետիրական ընկերության) տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:   «ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն իր խոսքում ընդգծեց Հյուսիս-հարավի կառուցման կարևորությունը։ Փոխնախարարը հույս հայտնեց‚ որ IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) IGH-ն իր մասնագիտական կարողություններն արդյունավետորեն կներդնի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ընթացքում։ Նա նշեց‚ որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը մշտապես հասանելի ու պատրաստ կլինի աջակցելու ընկերությանն իրականացվելիք աշխատանքների ընթացքում։   «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը կարևորեց ստորագրվող պայմանագիրը։ Նա հույս հայտնեց‚ որ խորվաթական կազմակերպության հետ համագործակցությունը դրական արդյունք կտա ու կլինի շարունակական։ Արդեն եկող շաբաթ տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունը շինարարի հետ կսկսի նախապատրաստական աշխատանքները շինհրապարակում։   Պարոն Ավետիսյանը նույնպես պատրաստակամություն հայտնեց աջակցելու խորհրդատուին՝ շինարարության ընթացքում իրականացվելիք տեխնիկական հսկողությունը լավագույնս ու արդյունավետությամբ իրականացնելու գործում։   Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) IGH-ի տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ ընդգծելով‚ որ ուրախ են Հայաստանի ճանապարհաշինության ոլորտում իրենց մասնագիտական ներդրումն ունենալու հնարավորության համար։ Նա նշեց‚ որ կազմակերպությունը‚ որ պետք է աշխատանքներ ծավալի Հայաստանում‚ հայտնի է իր մեծածավալ գործունեությամբ‚ այն‚ տեխհսկողությունից բացի‚ իրականացնում է շինարարության հետ կապված մի շարք այլ գործընթացներ նույնպես՝ նախագծում‚ լաբորատոր ուսումնասիրություններ և այլն։   Պարոն Պետրոսյանը շեշտեց‚ որ գիտակցում են ծրագրի կարևորությունը‚ և վստահեցրեց‚ որ անելու են առավելագույնը լավագույն արդյունքի համար։   Հիշեցնենք‚ որ նոր կառուցվելիք Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհն ունենալու է 5 նոր փոխհատում, 6 նոր ուղեանց, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
10:36 - 15 նոյեմբերի, 2023
Կկիրառվեն տույժ-տուգանքներ․ ՏԿԵ նախարարը՝ ավտոճանապարհները սպասարկող կապալառու կազմակերպությունների ղեկավարներին

Կկիրառվեն տույժ-տուգանքներ․ ՏԿԵ նախարարը՝ ավտոճանապարհները սպասարկող կապալառու կազմակերպությունների ղեկավարներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կապալառու կազմակերպությունների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։  Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։ Նախարարն անդրադարձել է ճանապարհների սպասարկման ոլորտում արձանագրված խնդիրներին, թերություններին, կատարվող աշխատանքների որակին։ Նախարարը դժգոհել է ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման որակից՝ մատնանշելով բազմաթիվ թերություններ՝ կապված ճանապարհների կահավորանքի, ճանապարհային նշանների բացակայության, փոսալցման աշխատանքների, գծանշումների, ճանապարհների եզրերի սպասարկման և այլ խնդիրների հետ։ Նախարարը նկատել է, որ մինչ օրս սպասարկող կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրները լուծումներ են ստացել և՛ նախարարության, և՛ «Ճանապարհային դեպարտամենտի» կողմից, և ներկայում սպասարկման աշխատանքները պատշաճ կատարելու համար որևէ խանգարող հանգամանք չկա։ Նախարար Սանոսյանը պահանջել է պատշաճ ուշադրություն դարձնել բարձրացված խնդիրներին՝ ընդգծելով՝ հակառակ դեպքում կլինի շատ խիստ վերաբերմունք՝ կկիրառվեն տույժ-տուգանքներ, ընդհուպ կխզվեն ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։ Սպասարկող կազմակերպությունները հավաստիացրել են՝ թերությունները հրատապ կարգով կշտկվեն, իսկ առաջիկայում դրանց կրկնությունը կբացառվի։
18:46 - 09 օգոստոսի, 2023
Երևան-Գյումրի ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես կգործի շրջանցիկ ճանապարհով

Երևան-Գյումրի ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես կգործի շրջանցիկ ճանապարհով

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի երթևեկության կազմակերպման պլանում կատարվել է ժամանակավոր փոփոխություն կմ 35+450-կմ 37+200 հատվածում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից;   Հուլիսի 27-ից նախատեսվում է կազմակերպել շրջանցիկ ճանապարհի միացման հատվածների ասֆալտապատման աշխատանքները։ Լծորդման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 3 օրվա ընթացքում։   Գյումրի-Երևան ուղղության երթևեկությունը կապահովվի ներկայում գոյություն ունեցող ճանապարհով, իսկ հակառակ՝ Երևան-Գյումրի ուղղությունը նախատեսվում է շրջանցիկ ճանապարհով։   Լծորդումների իրականացման աշխատանքների ժամանակ երթևեկության անվտանգությունը կապահովվի դրոշակակիրների և համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման միջոցով։   Շրջանցիկ ճանապարհի լծորդման հատվածներում երթևեկության բաժանարար հատվածներում կտեղադրվեն կոներ՝ լուսանդրադարձման բարձր հատկություններով։ Այդ հատվածում լրացուցիչ անվտանգությունը կապահովվի դրոշակակիրների օգնությամբ։
18:25 - 26 հուլիսի, 2023