ԿԱՐԴԱԼԻՔ

«Կրթությունը բարձրացնել գիտական կազմակերպությունների հաշվին»․ Էկոկենտրոնի տնօրենը՝ «Ակադեմիական քաղաքի» մասին

«Կրթությունը բարձրացնել գիտական կազմակերպությունների հաշվին»․ Էկոկենտրոնի տնօրենը՝ «Ակադեմիական քաղաքի» մասին

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ նախագծի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։  Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։ Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միանալու իրար և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»:  «Ինֆոքոմը» հարցազրույցների շարք է սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նպատակն է  հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս նախագծի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են պատրաստվում ներկայացնել Կառավարություն։ Մեր առաջին հարցազրույցը Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) տնօրեն, աշխարհագրական գիտությունների թեկծանու Լիլիթ Սահակյանի հետ է։   Կրթություն-գիտություն համագործացկության խնդիրներ Վերջին շրջանի իր հարցազրույցներում, խոսելով Ակադեմիական քաղաքի նպատակներից և բուհերի ու ինստիտուտների միավորումից, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահն առանձնացրել է երկու հիմնական խնդիր՝ գիտական ինստիտուտների՝ երիտասարդ կադրերով համալրում, որակյալ և գիտահեն բարձրագույն կրթության իրականացում։ Այս խնդիրների լուծման համատեքստում էլ դիտարկվում է բուհերի և հետազոտական ինստիտուտների միավորումը։ Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանի կարծիքով կրթության և գիտության միջև տարանջատումն աշխարհագրական հիմք չունի։ Լիլիթ Սահակյանը «Երևանի պետական համալսարանը մեզնից 15 րոպե քայլքի հեռավորության վրա է։ Աշխարհագրորեն որ բերես, նույն հովանոցի տակ դնես, արհեստական է լինելու, չի բերելու ցանկալի արդյունքին»,- ասում է Սահակյանը՝ ավելացնելով, որ գիտական կազմակերպությունները միշտ ավելի բաց են եղել կրթություն-գիտություն համագործակցությանը, իսկ  «կրթական օջախները ավելի փակ են դրսից եկող գիտության առջև»։ Էկոկենտրոնի տնօրենն այս խնդրի հիմքում տեսնում է բուհերի կրթական ծրագրերի ընդհանրական լինելը։ Էկոկենտրոնի մասնագետներն, օրինակ, ավելի հակված են նեղ ոլորտային դասախոսություններ կարդալուն, և հենց դա է պատճառը, որ կենտրոնից շատ քիչ մասնագետեր են այս պահին բուհերում դասավանդում։  Լիլիթ Սահակյանը հիշում է, որ իրենց մասնագետները փորձել են բուհերում մի քանի առարկաներ դասավանդել, բայց տպավորություն են ստացել, որ առարկայական ցանկը կազմված է ֆակուլտետում եղած դասախոսների հնարավորություններով միայն։  Էկոկենտրոնում երիտասարդ կադրերով համալրման հարցը լուծում են հենց տեղում մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերի միջոցով։ Կենտրոնում գործում է ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի բազային ամբիոն, այստեղ մի քանի մագիստրոսական ծրագրեր են ուսուցանվում։  Էկոկենտրոնի տնօրենը նաև մի փաստ է կարևորում․ ոչ բոլոր հետազոտողներն են սիրում դասավանդել և նախընտրում են միայն հետազոտություններ իրականացնել։ «Ես հավատացնում եմ՝ այն գիտնականները, որոնք հիմա միայն գիտնական են, Ակադեմիական քաղաքում կրթական համակարգի մեջ չեն ներգրավվելու, իսկ նրանք, ովքեր հիմա ներգրավված են կրթության մեջ, այնտեղ էլի ներգրավվելու են»,- մեկնաբանում է Սահակյանը։  Ամփոփելով այս թեման՝ Լիլիթ Սահակյանը նշում է՝ գիտական ռեսուրսների մեծամասնությունը հենց ԳԱԱ ինստիտուտներում է, և այս նախագծով փորձ է արվում «կրթությունը բարձրացնել այս գիտական կազմակերպությունների հաշվին»։ «Գիտությունն այս ծրագրով ու հիմա ընդհանրապես դիտվում է որպես կրթությունը սպասարկող մի բան»,- ասում է Լիլիթ Սահակյանը։  Էկոկենտրոնի հետազոտողները և մագիստրոսները   Որ կլաստերում կարող է ներառվել Էկոկենտրոնը Էկոկենտրոնում իրականացնում են հիմնականում շրջակա միջավայրի բնապահպանության, գյուղատնտեսության, սննդի և պարենի անվտանգությանը վերաբերող հետազոտություններ, որոնք ազգային անվտագության բաղադրիչ ունեն։ Լիլիթ Սահակյանի խոսքով իրենց գործունեությոնը ինչ-որ առումով համապատասխանում է Սպայական կլաստերին։ Այս կլաստերն, ըստ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի, ունենալու է երկու բաղադրիչ՝ արտաքին անվտանգային և ներքին անվտանգային։ Մյուս կողմից էլ Էկոկենտրոնի տնօրենը նշում է, որ իրենց գործուներության լայն սպեկտորը և միջառարկայականությունը, ինչպես նաև հայեցակարգի բազմաթիվ անորոշությունները դժվարացնում են առաջարկված կլաստերներից որևէ մեկի ընտրությունը:  Լիլիթ Սահակյանի խոսքով «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հրապարակումից հետո ԳԱԱ-ն դիմեց Էկոկենտրոնին՝ խնդրելով ներկայացնել առաջարկներ հայեցակարգի մասին։ Էկոկենտրոնն էլ ԳԱԱ ուղարկեց հայեցակարգի վերաբերյալ իր կարծիքը, որտեղ վեր են հանվել այն բոլոր խնդիրներն ու մտահոգությունները, որոնք Էկոկենտրոնը նկատել է հայեցակարգում։  Էկոկենտրոնի տնօրենի խոսքով՝ իրենք նշել են, որ սա հավակնոտ ու գրավիչ նախաձեռնություն է, սակայն «հայեցակարգը և դրա հիմնավորումները իրագործելիության առումով հույս չեն ներշնչում»։  Էկոկենտրոնի դիրքորոշումն այն է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հաջողությունը կախված է այն խնդիրների լուծումից, որոնք ներառվել են իրենց առաջարկներում։    Պարզ չէ, թե նախագիծը ֆինանսական ինչ միջոցներով է իրականացվելու Լիլիթ Սահակյանի խոսքով վերջին շրջանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գիտնականների համար աննախադեպ ծրագրային ֆինանսավորում է տրամադրում՝ սահմանելով բարձր չափանիշներ գիտնականներից ստացվող հայտերի  համար։  «Ինչու եմ սա ասում․ այս հայեցակարգի նման նախագիծ որ գրես, ուղարկես Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, կոմիտեն նույնիսկ քո ծրագրին չի նայի. ո՛չ ֆինանս կա գրված, ո՛չ կայունություն, ո՛չ ռիսկեր։ Ծրագրի կայունությունը ֆինանսներից է կախված․ ընդհանրապես չի երևում` ինչ ֆինանսներ են նախագծի տակ ներդրվելո և որտեղիցւ»- ասում է Էկոկենտրոնի տնօրենը։   Նախագծի իրականացման ժամանակացույց Լիլիթ Սահակյանի խոսքով հայեցակարգից պարզ չեն նաև կլաստերների ստեղծման ժամանակացույցը և ակնկալվող չափելի արդյունքները։  Նշենք, որ հայեցակարգում նշվում են միայն Ակադեմիական քաղաքի ձևավորման փուլերը՝ նախագծման, կառուցման և սպասարկման։ Նախագծման փուլը կտևի մինչև 2025-ի սեպտեմբերը․ այս ընթացքում կիրականացվեն նախապատրաստական աշխատանքները, օրինակ՝ կարիքների գնահատում, շահառուների հետ քննարկում, ճարտարապետաշինարարական նախագծի մշակում, ենթակառուցվածքների նախագծում։ Կառուցման փուլը կավարտվի 2029-ի դեկտեմբերին։ Այս փուլում կիրականացվի կլաստերների, դրանց բաղադրիչների և հանգուցային կառույցների փուլային հանձնումը: Այլ մանրամասներ չեն նշվում։ 2030-ի հունվարին էլ կսկսվի վերջին՝ սպասարկման փուլը։ Այլ մանրամասներ չեն նշվում։ Էկոկենտրոնի տնօրենի խոսքով ներկայումս բերված հայեցակարգը ունի շատ անորոշություններ, որոնք դժվարացնում են իրավիճակը:  «Պարզ չէ՝ ակադեմիական քաղաքում ընդգրկվելու պարագայում ինչ է սպասվում ինչպես ընթացիկ աշխատանքների, այնպես էլ զարգացման ռազմավարական ուղղությունների համար ներդրման մասով: Օրինակ, Էկոկենտրոնն ունի Հայաստանի տարբեր շրջաններից 30 տարվա ընթացքում հավաքած և խնամքով պահպանված հողերի նմուշների բացառիկ հավաքածու, որի պահպանման համար ծախսեր են անհրաժեշտ: Հստակ չէ՝ ինչ անել դրանց հետ»,- ասում է Լիլիթ Սահակյանը: Կենտրոնի հողային նմուշների արխիվի մի մասը   Գիտական կազմակերպությունների կարգավիճակն ու դերն ակադեմիական քաղաքում նույնպես հստակ չէ Շարունակելով ներկայացնել Էկոկենտրոնի առանձնացրած խնդիրները՝ Լիլիթ Սահակյանը նշում է՝ հայեցակարգում չի նշվում, թե ինչ կարգավիճակ են ունենալու գիտական ինստիտուտները։ Այս համատեքստում նա հիշում է իր սիրելի անեկդոտներից մեկը․ «Մեկը մահանում է, գնում է վերև, Գաբրիել հրեշտակին ասում է՝ ինձ և՛ դրախտը ցույց տուր, և՛ դժոխքը։ Գաբրիել հրեշտակը դրախտի դուռը բացում, տեսնում է` կանաչ, մարդիկ ժամանակ են անցկացնում, լավ է։ Ասում է՝ դժոխքն էլ տեսնեմ։ Դժոխքի դուռը բացում են, նույն վիճակն է, բայց մի քիչ ավելի ուրախ։ Ասում է՝ Գաբրիե՛լ հրեշտակ, ես դժոխք եմ ուզում։ Գաբրիել հրեշտակը նրան թողնում է դժոխքում, դուռը փակում է, ու մարդը սկսում է կրակների մեջ այրվել։ Դուռը ծեծում է, ասում՝ Գաբրիել հրեշտակ, էս ի՞նչ էր, պատասխանում է՝ այ սա՛ է տուրիստի ու էմիգրանտի տարբերությունը»։ Լիլիթ Սահակյանը նշում է, որ Էկոկենտրոնը՝ որպես ԳԱԱ համակարգի գիտակրթական կենտրոն, ունի ակադեմիական և լիարժեք անկախություն, բայց հիմա իրենց առաջարկում են ընտրել, թե որ կլաստերում են ուզում լինել, որ բուհի հետ միանալ։ «Մենք չգիտենք՝ օրինակ, ընտրեցինք այսինչ բուհը, ի՞նչ կարգավիճակում ենք լինելու, գնացինք մյուս բուհ, այնտե՞ղ ինչ կարգավիճակում ենք լինելու․․․ Մենք որոշյալ լավ-վատ վիճակից պիտի գնանք անորոշ ինչ-որ մի երազանքի հետևից՝ [հույսով] որ լավ է լինելու, ինչպես հիմա էմիգրանտներն են գնում որևէ երկիր, որտեղ լավ է լինելու»,- ասում է Էկոկենտրոնի տնօրենը։ Նրա խոսքով հստակ չեն նաև կազմակերպաիրավական ձևերը, այդ պատճառով դժվար է բովանդակային հարցեր քննարկել։ «Եթե մենք ու որևէ բուh իրար հետ միավորվում ենք, ՊՈԱԿ ենք մնում, սա լրիվ ուրիշ քննարկում է, հիմնադրամ ենք դառնում՝ ուրիշ, միավորվում ենք, գնում ենք ԵՊՀ-ի կազմ՝ լրիվ ուրիշ։ Արդյո՞ք բուհերը մեզ պատրաստ են ընդունել։ Այն կարգավիճակով, որով բուհերը կարող են մեզ ընդունել, մեզ ձեռնտու չէ, որովհետև դա գիտական, ակադեմիական անկախության վերջն է։ Իսկ թե մենք ինչ կարգավիճակում ենք Ակադեմիական քաղաքում հայտնվելու, ես չգիտեմ։ Ընտրության հնարավորությունն է, որը պարտադիր պետք է տալ ինտիտուտներին, որպեսզի ՀՀ ԳԱԱ համակարգում ստեղծված ու պահպանված գիտական դպրոցները չկորցնենք:»,- ավելացնում է Էկոկենտրոնի տնօրենը։ Կենտրոնի լաբորատորիաներից մեկում   Հնարավոր ռիսկեր Լիլիթ Սահակյանը վստահ է, որ Ակադեմիական քաղաքի ստեղծման շուրջ անորոշությունը նաև ռիսկեր է պարունակում։ «Այս անորոշության մեջ լավ կադրերին պահելը շատ դժվար է․ երկրում անորոշ վիճակ է, գիտությունն անորոշ է, որոշումներն անորոշ են․․․ Ունես լավ մասնագետներ, որոնց արտասահմանից ոչ թե կանչում են, այլ «խլում»։ Հայաստանում մասնագետները հատ-հատ ընտրված են։ Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն այդպիսի մասնագետի կորուստն ինչ կարող է դառնալ գիտական դպրոցի համար: Իսկ գիտական դպրոցների ստեղծման համար մեկ-երկու նախագիծ կամ մեկ-երկու տարին բավարար չեն:»,- մտահոգվում է Սահակյանը։ Ինչ է առաջարկում Էկոկենտրոնը Էկոկենտրոնը ԳԱԱ ուղարկած իր կարծիքում կառավությանը ներկայացրել է այս բոլոր մտահոգություններն ու առաջարկել միայն մի բան՝ հնարավորինս հստակեցնել անորոշությունները։ «Որպեսզի մենք մեր դերն իմանանք և իմանանք՝ պետությունը մեր առջև ինչ խնդիր է դրել․ արդյո՞ք այն ուղղությունները, որոնք Էկոկենտրոնում կան, բոլորը մնալու են, արդյո՞ք մեր առաջնահերթություններն էլի մենք ենք սահմանելու։ Այնքան անորոշություններ կան։ Հաջողելու կամ ձախողելու հավանականությունը 50/50 է»,- ասում է նա։  «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգում նշվում է, որ կազմակերպությունների՝ Ակադեմիական քաղաք տեղափոխվելուց հետո Երևանում ազատված անշարժ գույքն «ըստ նպատակահարմարության և հնարավորության՝ ծառայելու է ակադեմիական քաղաքում զարգացման և այլ բնույթի ծրագրերի իրականացման համար»: Էկոկենտրոնի տնօրենի խոսքով ինֆորմացիոն վակումի և անորոշության պայմաններում իրենք մի քանի ամիս բախվել էին խնդրի, երբ գերատեսչություններից մեկը ցանկանում էր ստանալ Էկոկենտրոնի շենքը։ Լիլիթ Սահակյանը նշում է՝ Էկոկենտրոնի անձնակազմը, սակայն, կարողացավ պայքարել ու պահպանել իր շենքը։  Պատասխանելով այն հարցին, որ գիտական ինսիտուտների տնօրենները Ակադեմիական քաղաքին և բուհերի ու ինստիտուտների միավորմանը կարող են դեմ լինել այն պատճառով, որ չեն ուզում իրենց պաշտոնները կորցնել՝ Էկոկենտրոնի տնօրենն ասում է․ «Իմ իմացած երիտասարդ տնօրենները որ օրը դիմեցին, հաջորդ օրը երեք անգամ ավելի բարձր աշխատավարձով, ավելի լավ աշխատանք են գտնելու։ Տնօրենների՝ պաշտոնից կառչելու պահն ամեն դեպքում իմ իմացած տնօրենների մոտ չկա, որովհետև մեծամասնությունը լավ գիտնականներ են, կայացած մարդիկ են և ունեն «ճոխ» կենսագրություն, ուստի նման շահարկումներն ուղղակի զավեշտալի են»։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍՆ) նախարարությունը հուլիսին հայտարարություն  տարածեց՝ հրավիրելով բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին հայեցակարգային առաջարկներ ներկայացնել միավորման գործընթացի վերաբերյալ։ Էկոկենտրոնը դեռևս առաջարկներ չի ներկայացրել, քանի որ հարցը ԳԱԱ-ում դեռ չի քննարկվել։  Ամփոփելով ակադեմիական քաղաքի շուրջ Էկոկենտրոնի մտահոգությունները՝ Լիլիթ Սահակյանը նշում է՝ Բարձրագույն գիտության և կրթության կոմիտեից նշել են, որ  կայցելեն գիտական բոլոր ինստիտուտներ, քննարկումներ կունենան այս թեմայով։ Այժմ Էկոկենտրոնում սպասում են քննարկումներին, որ իրենց հարցերի պատասխանները ստանան։    Գլխավոր լուսանկարը գեներացված է Արհեստական բանականության միջոցով Աննա Սահակյան
19:27 - 07 նոյեմբերի, 2023
Հայաստանը «Գրին քարտի» դիմելիությամբ մի քանի անգամ գերազանցում է Վրաստանին և Ադրբեջանին

Հայաստանը «Գրին քարտի» դիմելիությամբ մի քանի անգամ գերազանցում է Վրաստանին և Ադրբեջանին

Կարինա Տերտերյանն, արդեն չորս տարի է, ինչ մասնակցում է «Գրին քարտի» խաղարկությանը։ Այս տարի նա առաջին անգամ է միայնակ մասնակցում․ նախորդ երեք տարիներին դիմել է ընտանիքի հետ։ Այս տարի Կարինան ամուսնացել է, բայց խաղարկությանը մասնակցում է առանց ամուսնու. վերջինս չի ցանկանում գնալ Հայաստանից։  «Ճիշտն ասած՝ վստահ չեմ [Միացյալ Նահանգներ] գնալու, մշտական բնակություն հաստատելու մասով, բայց համզոված եմ՝ եթե գնամ, այնտեղ Հայաստանից միանշանակ ավելի հեշտ կլինի ապրելը, կարիերա ստեղծելն ու զարգանալը»,- հույս է հայտնում նա։ «Գրին քարտ» շահելու դեպքում մասնագիտությամբ լրագրող Կարինան մտադիր է որոշ ժամանակով մեկնել Միացյալ Նահանգներ և այնտեղ զբաղվել հանրային կապերով, սոցիալական մեդիայի մարքեթինգով (SMM) կամ բիզնեսի զարգացմամբ։ Իսկ կմնա ԱՄՆ-ում, թե կվերադառնա Հայաստան՝ նա դեռ չի որոշել։ Կարինան նշում է, որ իր ընտանիքն այս տարի ևս մասնակցել է խաղարկությանը և ԱՄՆ տեղափոխվելու, երկարաժամկետ բնակվելու մտքեր ունի։  «Եղբայրս փոքր է, ուզում են ամեն ինչ այնտեղ զրոյից սկսել»,- բացատրում է Կարինան։ Լուսանկարչական ծառայություններ մատուցող մի քանի ստուդիաներում «Ինֆոքոմը» զրուցեց «Գրին քարտի» համար լուսանկարահանվողների՝ այս տարվա միտումների մասին։ Լուսանկարիչները նույնպես հավաստում էին, որ 2020 թ․ պատերազմից հետո «Գրին քարտի» համար լուսանկարվողների մեծ մասն, իրենց գնահատմամբ, փոքր տարիքի տղա երեխա ունեցողներն են։ «Գրին քարտը» կամ ժամանակավոր բնակության քարտը հնարավորություն է տալիս ապրել և աշխատել Միացյալ Նահանգներում։  1990 թ. ԱՄՆ-ում ընդունվել է ներգաղթի մասին օրենք, որով սահմանվել է Բազմազանության վիզաների (DV) խաղարկային ծրագիրը։ Այս ծրագրով, 1995 թ. սկսած, ամեն տարի խաղարկվում է 55 հազար ներգաղթային վիզա:  «Այս խաղարկությունը նպատակ ունի դիվերսիֆիկացնելու ներգաղթը դեպի ԱՄՆ՝ ներգաղթի հնարավորություն ընձեռելով հատկապես այն երկրներին, որոնք վերջին 5 տարիների ընթացքում ԱՄՆ ներգաղթողների ցածր ցուցանիշ են ունեցել»,- նշվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքում: Ստատիկ ինֆագրաֆիկան՝ այստեղ «Ինֆոքոմը» վերլուծել է վերջին 15 տարիներին Հայաստանից «Գրին քարտի» խաղարկությանը դիմողների թիվը՝ համեմատելով այն տարածաշրջանի մյուս երկրների հետ։  Բոլոր տարիներին, բնակչության թվի հետ համեմատությամբ, Հայաստանից «Գրին քարտի» դիմողների տոկոսը գերազանցել է Վրաստանից և Ադրբեջանից դիմողների թվին։ Վերջին տարիներին Հայաստանից դիմելիությունը մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան հարևան երկրներից։   Ստատիկ ինֆագրաֆիկան՝ այստեղ   Աննա Սահակյան
14:45 - 06 նոյեմբերի, 2023
3762 ընտանիք օգտվել է 2020-ին Արցախի շրջաններից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրից

3762 ընտանիք օգտվել է 2020-ին Արցախի շրջաններից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրից

Հայաստանում Արցախից բռնի տեղահանված մոտ 100 հազար մարդ այժմ սպասում է երկարաժամկետ կացության ապահովմանն ուղղված կառավարության ծրագրերին։ Նախորդ ամիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացնելու, այդ թվում՝ բնակարանային ապահովմանը, սահմանամերձ գյուղերում տներ կառուցելուն ուղղված, «որպեսզի Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները շարունակեն ապրել Հայաստանում»։ Կառավարությունը բնակարանային ապահովման նույն խնդրի առաջ էր կանգնել դեռ 3 տարի առաջ՝ 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի առանձին շրջաններից տեղահանված անձինք Հայաստանում բնակություն հաստատելու կարիք ունեին։ Նրանց կացության հարցը լուծելու համար հաստատվեց 2020 թվականին տեղահանված արցախցիներին բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։   «Ինֆոքոմը» վերլուծել է 2020 թվականին Արցախի շրջաններից տեղահանված և պետական աջակցությամբ բնակարան կամ տուն ձեռք բերած ընտանիքների վերաբերյալ տվյալները՝ հասկանալու, թե որ մարզերում են նրանք նախընտրել հաստատվել և ինչպես է կառավարությունը կարգավորել բնակչության բաշխվածությունը։  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարոության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ Արցախի առանձին շրջաններից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է 3 762 ընտանիք։ Ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտել է 1 696 ընտանիք։ Նրանցից  1 686-ը ընտանիք ձեռք է բերել բնակարան, իսկ 10-ը ստացել է կառուցապատման վարկ։ 1 696 ընտանիքներից ընդամենը 11-ն են անշարժ գույք ձեռք բերել Արցախում։ Հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտած ընտանիքների շուրջ 74%-ը անշարժ գույք ձեռք է բերել Երևանին մոտ և անվտանգային տեսանկյունից պակաս խոցելի մարզերում՝ Կոտայք, Արագածոտն, Արարատ, Արմավիր, Լոռի, Շիրակ։ 14 ընտանիք անշարժ գույք է ձեռք բերել Երևանում, 71 ընտանիք՝ Գեղարքունիքի մարզում, 91-ը՝ Վայոց ձորի մարզում, 14-ը՝ Տավուշի մարզում, իսկ 246-ը՝ Սյունիքի մարզում։ 2020-ին Արցախի շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրից կարող էին օգտվել Արցախի առանձին շրջաններից տեղահանված այն ընտանիքները, որոնք 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ փաստացի բնակված կամ հաշվառված էին այդ տարածքներում։ Աջակցությունը տրամադրվել է հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու, ինչպես նաև անհատական բնակելի տուն կառուցելու համար։ Տրամադրված գումարն  ուղղվել է հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների մարմանը։ Հաստատվելուց հետո ծրագիրը մի քանի անգամ փոփոխվել է։ Ծրագրի նախնական տարբերակում աջակցությունը հատկացվում էր երեք ուղղություններով՝ Երևանում, ՀՀ մարզերում և Արցախում անշարժ գույք ձեռք բերելու համար. Երևանում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար հատկացվում էր մինչև 8 մլն դրամ։ Ընդ որում, մայրաքաղաքում տուն կամ բնակարան կարող էին գնել միայն այն անձինք, որոնք նախքան Արցախում բնակվելն ունեցել են Երևանի հաշվառում։ Հայաստանի մարզային բնակավայրերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով հատկացվում էր մինչև 10 մլն դրամ։ Մարզերում անշարժ գույք կարող էին ձեռք բերել միայն այն անձինք, որոնք նախքան Արցախում բնակվելը հաշվառված են եղել Հայաստանում։ Մնացած բոլոր դեպքերում 12 մլն դրամ աջակցություն էր տրամադրվում  Արցախում անշարժ գույք ձեռք բերելուն կամ կառուցելուն։  2022 թվականի հոկտեմբերին փոփոխվեց ՀՀ մարզային բնակավայրերում տուն ձեռք բերելու պահանջը։ Եթե նախորդ որոշմամբ պարտադիր էր մինչև Արցախում բնակվելը Հայաստանում հաշվառված լինելը, ապա նոր փոփոխությամբ քաղաքացիները պետք է նախքան Արցախում բնակվելը հաշվառված չլինեին Արցախի Հանրապետությունում։ Այս փոփոխությամբ տարանջատվեցին նաև սահմանամերձ բնակավայրերը՝ նախնական կիրառվող երեք ուղղություններին ավելացնելով ևս երկուսը. Սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար տրամադրվում էր մինչև 14 մլն դրամ։  Սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում՝ 16 մլն դրամ։ Այս տարվա փետրվարին ևս մեկ փոփոխությամբ ընդլայնվեց ծրագրի կիրառությունը։ Շահառուներն արդեն հնարավորություն էին ստանում բազմաբնակարան շենքից բնակարան գնելու։ Այս տարվա փետրվարի դրությամբ՝ ծրագրի հաստատումից մեկ տարի անց, անշարժ գույք ձեռք բերելու հավաստագիր էր ստացել 3423 ընտանիք, որոնցից շուրջ 300-ն արդեն այն ձեռք էր բերել կամ հիփոթեքային վարկավորման գործընթացը գտնվում էր ավարտական փուլում։  Ծրագրի վերջին փոփոխությունները կատարվեցին այս տարվա հունիսին։ Սահմանվեցին Հայաստանի առանձին գյուղական բնակավայրեր, որտեղ տուն ձեռք բերելու համար շահառուներին կհատկացվեր մինչև 12 մլն դրամ՝ նախկին 10 մլն-ի փոխարեն։ Վերջին փոփոխությամբ երկարաձգվեց նաև հավաստագրերի գործողության ժամկետը՝ մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը։  Կառավարությունը դեռ քննարկում է մոտ 100 հազար արցախցու երկարաժամկետ բնակարանային ապահովման հարցը։ Չնայած նրան, որ այս հարցով դեռևս նախագիծ չկա, վարչապետի տարբեր ելույթներից կարելի է ենթադրել, որ Կառավարությունը խրախուսելու է սահմանամերձ բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու գործընթացը։ Լյուսի Մանվելյան Գլխավոր լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի
09:46 - 04 նոյեմբերի, 2023
Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը մեղադրանքը չի ընդունում․ հրապարակվեց 18 զինծառայողի զոհվելու գործով մեղադրական եզրակացությունը

Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը մեղադրանքը չի ընդունում․ հրապարակվեց 18 զինծառայողի զոհվելու գործով մեղադրական եզրակացությունը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Իշխանաձոր գյուղի տարածքում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու հանգամանքների վերաբերյալ քրեական գործի քննությունը։ 2020 թ․–ին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, այժմ՝ ՊՆ N զորամասի շտաբի պետ,  փոխգնդապետ  Անդրանիկ Վերանյանը մեղադրվում է  ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Այս քրեական գործը դատարանում է 2021 թ․–ի հունիսից։ Այն նախ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ապա՝ տեղափոխվել Երեւան եւ մակարգվել Երեւանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին։ Վերջինիս նախագահությամբ շուրջ 2 տարվա դատական քննությունը ավարտական փուլում էր, երբ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին։ Այժմ Սուրեն Խաչատրյանը 4-րդ դատավորն է, ում մակագրվել է այս գործը։ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ դատավորի փոխարինումից հետո դատական վարույթը վերսկսվում է, որպեսզի նոր դատավորը անմիջականորեն հետազոտի բոլոր ապացույցներն ու նյութերը։ Այնուհանդերձ, դատական պրակտիկայում պատահել են նաեւ դեպքեր, երբ արդարադատության շահով պայմանավորված՝ գործի քննությունը շարունակվել է ընդհատված տեղից՝ այն ողջամիտ ժամկետներում ավարտելու համար։ Տուժող կողմը միջնորդեց գործի քննությունը շարունակել ընդհատված կետից Նիստի սկզբում զոհված զինծառայող Արման Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը, դատարանին միջնորդեց գործի քննությունը ոչ թե սկսել սկզբից, այլ շարունակել ընդհատված տեղից․ «Ես բոլոր ծնողների անունից եմ միջնորդում, անցած դատերը ձայնագրվել են, խնդրում ենք, որ դատարանը ուսումնասիրի, եւ եթե հնարավոր է, շարունակի դատական նիստերը ընդհատված տեղից, որովհետեւ մենք հասել ենք էն փուլին, որ դատավորը գրեթե բոլոր վկաներին լսել էր․․․ Եթե հնարավոր է, շարունակենք, քանի որ 2 տարի է՝ սրա միջով անընդհատ անցնում ենք»,– ասաց տուժողի իրավահաջորդը։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը նշեց՝ հաշվի առնելով տուժող կողմի դիրքորոշումը եւ գործի ողջամիտ ժամկետում քննության սկզբունքը՝ միանում է միջնորդությանը։ Նրա խոսքով՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ դատակոչի ցուցակում ներառված բոլոր վկաներին, որոշներին նույնիսկ 2-3 անգամ հարցաքննել են, հետազոտել մի շարք փաստաթղթեր։ Պաշտպան Նորիկ Նորիկյանը Ամբաստանյալ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նորիկ Նորիկյանն էլ ասաց, որ մեծ ուրախությամբ կկիսեին տուժողների դիրքորոշումը, սակայն այդպիսով կվտագեն արդարադատության բուն էությունը, քանի որ օրենսդրությունը նման հնարավորություն չի տալիս․ «Մենք,  իսկապես, միասին անցել ենք այս ճանապարհը, եւ ամեն անգամ ես ինքս տեսել եմ տուժողների ցավը, ողբերգությունը, ուղղակի այստեղ կվտանգենք արդարադատության բուն էությունը, որովհետեւ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը մեզ հնարավորություն չի տալիս․․․ Մի կողմից ունենք 18 երեխայի ողբերգական մահ, մյուս կողմից՝ Վերանյանի ճակատագրի հետ կապված խնդիր․․․ Ես պարզապես խնդրում եմ, որ փորձենք հնարավորինս արագ անել այս պրոցեսը»,– ասաց պաշտպանը։ Մեղադրողն արձագանքեց՝ Քրեական դատավարության նոր օրենսգրքում, այո, առկա է գործի քննությունը «սկսվում է նորից» ձեւակերպումը, սակայն հաշվի առնելով, որ այս քրեական գործը դատարան է ուղարկել նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց առաջ՝ այն պետք է քննվի համաձայն Քրեական դատավարության հին օրենսգրքի, որում նշված է «վերսկսվում է» ձեւակերպումը։ Դա, ըստ մեղադրողի, նշանակում է, որ օրենքն իրենց չի արգելում շարունակել քննությունը ընդհատված տեղից։  Դատավոր Սուրեն Խաչատրյանը Լսելով կողմերին՝ դատավոր Սուրեն Խաչատրյանն ասաց, որ ամբողջությամբ ընկալելի է տուժող կողմի՝ գործի քննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու ակնկալիքը, սակայն դատարանը կայացրել է գործի քննությունը վերսկսելու որոշում, ինչը ենթադրում է, որ այն պետք է սկսվի սկզբից։ Ըստ դատավորի՝ որքան էլ ինքը կասկածի տակ չդնի այլ դատարաններում գործի քննության որակը, միեւնույն է, առանց անմիջական հետազոտման եւ այլ դատարաններում հետազոտված ապացույցների հիման վրա կայացված դատավճիռը չի կարող արդարացիության համոզմունք առաջացնել։ Ուստի դատարանը մերժեց միջնորդությունը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ միջոցներ կձեռնարկվեն գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու համար։ Հրապարակվեց Անդրանիկ Վերանյանի մեղադրական եզրակակցությունը Հաջորդիվ հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Ըստ այդմ, պարզ դարձավ, որ Վերանյանը 2020 հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացել է զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորական վաշտի (այսուհետ՝ ԻՍՎ) անձնակազմի ժամանակավոր տեղակայման վայրից՝ Արցախի Արծվաշեն գյուղից Ջաբրայիլի տարածք տեղափոխելու հրաման, նույն հրամանի համաձայն՝ պատասխանատու եղել ենթակարգից որեւէ մեկի դուրս չմնալու եւ հետ չընկնելու համար։ Իշխանաձոր գյուղի տարածքում նկատելով, որ ԻՍՎ-ի անձնակազմին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում՝ Վերանյանն իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին եւ հարցրել, թե ինչու անձնակազմը չի տեղաշարժվում։ Վերջինս պատասխանել է՝ պատճառն այն է, որ օդում լսվում է անօդաչու թռչող սարքի (այսուհետ՝ ԱԹՍ) ձայն։ Ըստ մեղադրանքի՝ Վերանյանը, անձամբ լսելով ԱԹՍ–ի ձայնը, տրված հրամանը ժամանակին կատարելու, ինչպես նաեւ ոչ մեկին ենթակարգից դուրս չթողնելու, իր առջեւ դրված խնդիրը կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Տարոն Նիկողոսյանին հրամայել է ԱԹՍ–ից պատսպարված անձնակազմին ամեն դեպքում նստեցնել մեքենա եւ շարունակել երթը։ Վաշտի հրամանատարը կատարել է հրամանը։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը 10-15 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից դրանում գտնվող 18 զինծառայողները զոհվել են։ Նրանք են կապիտան Տարոն Նիկողոսյանը, ավագ լեյտենանտ Ասատուր Շահնազարյանը, պայմանագրային սերժանտ Հայկ Մկրտչյանը, կրտսեր սերժանտ Էդգար Հայրապետյանը, շարքայիններ Արման Օհանյանը, Հրաչ Մահտեսյանը, Պավել Սահակյանը, Մանվել Ըռքոյանը, Արթուր Խաչատրյանը, Գեւորգ Ղուղանյանը, Արթուր Տիգրանյսն, Փայլակ Ղազարյանը, Արեն Կիրակոսյան, Արծրուն Առաքելյան, Սլավիկ Ազարյանը, Արման Հովակիմյանը, Արտաշես Խալաթյանը, Զավեն Հակոբյանը, զոհվել են։ Զինծառայողներից 1-ը՝ Արմեն Հակոբյանը, ստացել է մարմնական վնասվածքներ։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ԻՍՎ ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ հիշյալ տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանը։  Ըստ մեղադրանքի՝ ավտոմեքենայի եւ դրանում եղած զենքերի այրման եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետեւանքով պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս: Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո Անդրանիկ Վերանյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Դատարանը սկսեց ապացույցների հետազոտումը Լսելով կողմերի կարծիքները՝ դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հետեւյալ հաջորդականությունը․ նախ կուսումնասիրվեն գործում առկա գրավոր ապացույցները, այնուհետեւ կհարցաքննվեն տուժողները, նրանցից հետո՝ վկաները, եւ վերջում՝ ամբաստանյալը, եթե ցանկանա։ Քրեական գործի 6 հատորից 3-ի գրավոր ապացույցներն այսօր հետազոտվեցին։ Ի թիվս մի շարք որոշումների ու արձանագրությունների, դրանց թվում էր պաշտպանի կողմից ներկայացված մի քաղվածք՝ Մարտական կանոնադրությունից։ Դրանում մեջբերված էր Կանոնադրության հետեւյալ նորմը․ «Շարասյան վրա հակառակորդի օդուժի հարձակվելու դեպքում, որպես կանոն, երթը շարունակվում է»։ Մեղադրող Հայկ Մարգարյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այս նորմին․ «Հստակ գրված է՝ երթը որպես կանոն է շարունակվում։ Հայերենի եթե ոչ տարրական, ապա որոշակի իմացության պայմաններում բառերը պետք է մեկնաբանել այնպես, որ միանշանակ երթը շարունակելու մասին ուղիղ նշում չլինի, այսինքն՝ «որպես կանոն»–ը ենթադրում է որոշակի դեպքերում երթը չշարունակելու հնարավորություն»,– ասաց նա։ Պաշտպան Նորիկ Նորիկյանը հայտնեց, որ այս հարցը նախորդ դատարանում հանգամանալից վերլուծվել է, իրենք դրան կանդրադառնան դատաքննության հետագա փուլում։ Ավելի ուշ դատարանը հրապարակեց ՊՆ N զորամասի հրամանատարից քննիչին ուղարկված մի գրություն, որում դարձյալ մեջբերված էր Կանոնադրության հիշյալ նորմը, սակայն արդեն առանց «որպես կանոն» կապակցության։ Մեղադրողն ընդգծեց՝ գրությունը ուղիղ չի ցիտում Կանոնադրությունը։ Պատասխանելով քննիչի մի շարք հարցերի՝ նույն գրությամբ զորամասի հրամանատարը հայտնել է նաեւ, որ հոկտեմբերի 9–ի երթ կատարելու հրամանը տրվել է բանավոր՝ ժամանակի սղության եւ մարտական գործողությունների դինամիկայի արագ փոփոխության պատճառով։ Երթը կատարվել է հակառակորդի հետ մարտի մեջ մտնելու կանխատեսմամբ եւ մարտական իրադրության տվյալ պահին ու ժամանակին նշված տեղամասում պաշտպանության անցնելու համար։ Ըստ զորամասի հրամանատարի՝ երթի կատարման համար պատասխանատուն գնդի հրամանատարն է, որի կողմից կատարվել են պատսպարման գործողություններ, տեսանելիության սահմաններում իրականացվել է օդային դիտարկում, շարասյան շարժման ուղղության քողարկման եւ  հնարավոր  հարվածների ազդեցության նվազեցման համար մեծացվել է ստորաբաժանումների եւ մեքենաների միջեւ հեռավորությունը եւ այլն։ Ստացված գրության մեջ նշված էր նաեւ, որ հակառակորդի կողմից ԱԹՍ–ներ կիրառվել են ինչպես առաջնագծում, այնպես էլ խորքում։ Հիմանականում կիրառվել են իսրայելական եւ թուրքական արտադրության հետախուզական, հարվածային եւ հետախուզահարվածային ԱԹՍ–ներ։ Տվյալ օրը Իշխանաձորի երկնքում ԱԹՍ–ի հավանական կիրառման զեկույց տրվել է ԻՍՎ–ի մեքենայի խոցվելուց հետո։ Հարված հասցրած միջոցի վերաբերյալ կոնկրետ տվյալներ չկան, այն կարող է լինել ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզահարվածային։ «Տեղի ունեցածի առնչությամբ տվյալ պահին ծառայողական քննություն չի իրականացվել մարտական ակտիվ գործողությունների պառճառով, իսկ հետագայում դա դարձել է անհնար, քանի որ տվյալ տարածքը եւ մեքենան  մնացել են հակառակորդի հսկողության տակ»,– ընթերցեց դատավորը։ Հետազոտված ապացույցներում նաեւ պաշտպանական կողմի միջնորդությունն էր՝ ռազմագիտական, պայթյունատեխնիկական եւ հրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ։ Դեռ նախաքննության փուլում այդ փորձաքննությամբ պաշտպանն ակնկալում էր ստանալ մի շարք հարցերի պատասխաններ․  տվյալ իրադրության պայմաններում ո՞ր իրավական ակտի վրա կոնկրետ ի՞նչ այլ հրաման պետք է տար Անդրանիկ Վերանյանը, նրա տված հրամանը հակասո՞ւմ է արդյոք Մարտական կանոնադրության նորմերին, հրաման տալու պահին արդյո՞ք զինծառայողները չեն գտնվել առավել վտանգավոր տեղանքում, եւ արդյո՞ք Վերանյանի գործողությունները միտված չեն եղել նրանց անվտանգությունը ապահովելուն։  Միաժամանակ պաշտպանը հետաքրքրվել է՝ թշնամու կողմից ՀՀ ԶՈՒ վերահսկողության ներքո գտնվող տարածքներ ուղարկվող ԱԹՍ–ները գտնվե՞լ են համապատասխան ստորաբաժանումների տեսադաշտում, արդյոք դրանք կարո՞ղ էին ոչնչացվել, եթե այո, ապա կոնկրետ ո՞ր ստորաբաժանման պարտականությունն է եղել դա, հրաման տալու պահին որքա՞ն է եղել ԱԹՍ–ի ձայնի լսելիությունը, եթե անգամ լսելի է եղել, անձնակազմը պե՞տք է ցրված լիներ շրջակայքում թե՞ ոչ, ինչպե՞ս պետք է բացազատված լիներ։ Մի շարք հարցեր էլ կապված էին մեքենայի թափքում բենզինի հավանական առկայության հետ։ Ապացույցի հրապարակումից հետո պաշտպան Նորիկ Նորիկյանն ասաց, որ այս հարցերի գերակշիռ մեծամասնության պատասխանները քրեական գործի նյութերում բացակայում են, եւ իրենք ակնկալում են, որ դատարանում կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները դրանք ստանալու համար։ Դատարանը հրապարակեց նաեւ Անդրանիկ Վերանյանի անձը բնութագրող փաստաթղթերը, որոնց թվում էին «Անբասիր ծառայության համար» երկրորդ եւ առաջին աստիճանի մեդալների, «Ծովակալ Իսակով» մեդալի, «Գարեգին Նժդեհ» մեդալի, «Մարտական ծառայության» մեդալի, «Զինված ուժեր 20 տարի հոբելյանական» մեդալի, «Վազգեն Սարգսյան» մեդալի, «Մայրական երախտագիտության» հուշամեդալի, «Հայրենիքի պաշտպանության համար ասպետաց Մեծն Տիգրան» մեդալի վկայականների պատճենները։ Վերանյանը ծնվել է 1982 թ․ հունվարի 18–ին, միայն ՀՀ քաղաքացի է, ստացել է բարձրագույն զինվորական կրթություն, ամուսնացած է, խնամքին ունի երկու անչափահաս երեխա, նախկինում դատված չի եղել։ Ապացույցների հետազումը կշարունակվի նոյեմբերի 17-ին։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան  
22:01 - 03 նոյեմբերի, 2023
«Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ». պատերազմում զոհված Վահագնին ընտանիքը երկու անգամ է հուղարկավորել

«Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ». պատերազմում զոհված Վահագնին ընտանիքը երկու անգամ է հուղարկավորել

44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանին ծնողները երկու անգամ են հուղարկավորել։ Նրա մի մասունքը ընտանիքին է հասել հայտնաբերվելուց ամիսներ, իսկ մարմինը՝ տարիներ հետո։  Խաչատրյանի մասունքը հայտնաբերվել է 2021 թ․ հունվարի 15-ի որոնողական աշխատանքների ժամանակ, ընտանիքին փոխանցվել՝ միայն 5 ամիս անց՝ նույն տարվա հունիսին, իսկ մարմինը, որն Ադրբեջանը հայկական կողմին էր վերադարձրել ավելի վաղ՝ դեռ 2020 թ․ նոյեմբերի 23-ին, ընտանիքը ստացել է 2․5 տարի անց՝ այս տարվա մայիսին միայն: Խաչատրյանի մայրը՝ Ալինա Գրիգորյանը, տեղի ունեցածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնվել է քրեական վարույթ պաշտոնեական անփութության հատկանիշներով։  Վահագն Խաչատրյանը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի այն զինծառայողներից է, որոնց, չնայած նորակոչիկ լինելուն, 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ուղարկել են Հադրութին հարակից Խուռհատ սար՝ մարտական առաջադրանքի։ Մեկ այլ քրեական վարույթ էլ՝ կապված այդ առաջադրանքի հետ, այժմ քննվում է դատարանում։ Ըստ մեղադրանքի՝ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը, դրսեւորելով իշխանության անգործություն, իր թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միակ միջոցը։ Դրանից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով անձնակազմը կիսվել է․ որոշները այլ սպաների հետ կարողացել են դուրս գալ շրջափակումից, մեծ մասին, սակայն, դա չի հաջողվել։ Իրադարձությունների այս շղթայում կոնկրետ երբ, որտեղ եւ ինչպես է զոհվել Վահագնը՝ ընտանիքին առ այսօր հայտնի չէ։ «Վահագնը տան շարժիչ ուժն էր» Վահագն Խաչատրյանը ծնվել է 2001 թ․-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ քաղաքում, 7 տարեկանում ծնողները որոշել են վերադառնալ հայրենիք, որ երկու որդիները այստեղ մեծանան։ Մոր՝ Ալինա Գրիգորյանի խոսքով՝ որդին մաքուր հայերեն գիտեր, քանի որ տանը միշտ հայերեն էին խոսում․ «Շատ խելացի էր, շատ լուսավոր, հոգատար, բարի, էներգիան՝ անսպառ, մեր տան շարժիչ ուժն էր Վահագը, եթե Արթուրը (կրտսեր եղբայրն է,-հեղ․) տանն է, լռություն է, բայց Վահագը՝ ցեց։ Ասում-խոսում էր, կատակներ անում, սեր կար նրա մեջ բոլորի հանդեպ, անսպառ սեր, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր»,- վերհիշում է մայրը։ Վահագնը՝ ծնողների հետ Որդու հետաքրքրություններից մայրը դժվարանում է մեկն առանձնացնել․ սկաուտիզմ, լող, բռնցքամարտ, նետաձգություն, խոհարարություն, ամեն ինչ ուզում էր փորձել, նրա համար անհնարին ոչինչ չկար․ «Միշտ ասում էր՝ գնամ–գամ, որ տան հարցը լուծեմ, հիմա ասում եմ՝ քո տան հարցը լուծեցիր, մերը մնաց։ Բոլորն ասում են՝ Վահագի երազանքը պիտի իրականացնեք․ ամենամեծ բանը իր համար դա էր»,- նշում է մայրը։ Վահագնը սովորում էր Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի քոլեջում՝ «Կապեր եւ կոմունիկացիա» բաժնում, չափազանց սիրում էր կարդալ։ Տիկին Ալինան հիշում է՝ վերջին գիրքը, որ որդին կարդում էր, ճապոնացի մտածող, ռազմագետ Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը» աշխատությունն էր․ «Չգիտեմ էլ՝ հասցրել է ավարտել թե չէ։ Փորձեցի ինքս կարդամ, չկարողացա, մի քիչ բարդ էր ինձ համար, չհասկացա՝ իրեն ինչն էր էդտեղ հետաքրքրում»,- ասում է մայրն ու անկեղծանում, որ իրեն մեկ-մեկ թվում է՝ տղաները կանխազգացել են ամեն ինչ․ «Հեռուստացույցով նայում էր՝ մարդիկ ոնց են անտառներում ողջ մնում, ոնց են դուրս գալիս այդ իրավիճակներից, հարցնում էի՝ ինչի՞ ես նայում, ասում էր՝ դե, հետաքրքիր է․․․ Պատերազմից հետո, երբ իրենից լուր չունեինք, սկզբում ասում էին՝ անտառներում են, մտածում էի՝ երեւի դրա համար էր էդ ամենը պետք, հիմա իրեն անտառներում օգտակար կլինի, դուրս կգա։ Չէինք պատկերացնի, որ նման փաստի առաջ կկանգնեինք, ամենավատ երազում նման բան չէինք տեսնի»,– ասում է մայրը։ «Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ․․․» Վահագն Խաչատրյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 8-ին՝ որպես նռնականետի օգնական։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ ամսից ավելի Մարտունիում կարանտինի մեջ է եղել, սեպտեմբերի սկզբին՝ տեղափոխվել Ջրական։ Մինչ պատերազմը կրակային պատրաստություն 1-2 անգամ է հասցրել անցնել։ Ծառայության այդ երկու ամիսներին Վահագնը ոչնչից չի դժգոհել, միայն աչքերի խնդիր է ունեցել, բուժզննում անցել, հոսպիտալացվել․ «Պատերազմի նախորդ օրը խոսում էինք, ասաց՝ աչքերս էլի լավ չեն, բորբոքվել են, կամ էլի կպառկեցնեն, կամ գուցե ուղարկեն Ստեփանակերտ կամ Երեւան՝ զննման։ Ու կիրակի պատերազմը սկսվեց, ու ինքը ակնոցը չէր հասցրել վերցնել, էդ բորբոքված աչքերով էլ․․․»,– պատմում է տիկին Ալինան, բայց արցունքները չեն թողնում շարունակել։ Պատերազմի մեկնարկից հետո ընտանիքը որդուց երկու օր լուր չի ունեցել, սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 8-ը 2-3 օրը մեկ զանգել է, սակայն մանրամասներ չի հայտնել․ «Ինչքան զանգել է, հարցրել ենք՝ որտե՞ղ ես, ասել է՝ տենց հարցեր մի՛ տվեք, իր սիրած բառն էր՝ պա՛պ, սաղ լավ ա, սաղ կայֆոտ ա, մի՛ մտածեք, դուք լավ եղեք»,– հիշում է հայրը՝ Վաչիկ Խաչատրյանը։  «Մենակ վերջին զանգին՝ հոկտեմբերի 8–ին, ասաց՝ մեզ տանում են վերեւ, դե, որ արդեն գիտեինք՝ չի ասելու, թե որտեղ, մայրը հարցրեց՝ Վահա՛գ ջան, վերեւն ապահո՞վ տեղ է, թե՞․․․ Ջղայնացավ, ասաց՝ թե, մա՛մ․․․ Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ»,- պատմում է հայրը։ «Գնացին վերեւ»,– հազիվ լսելի ձայնով շարունակում է տիկին Ալինան ու հիշում, որ Պաշտպանության նախարարությունից իրենց այդ նույն ժամանակ ասում էին, որ նորակոչիկները բունկերներում են, նորակոչիկներն ապահով են․ «Մի օր հեռախոսազրույցը ընդհատեց, գոռաց՝ թո՛ղ, էդ մեր զենքերն են, խոսեցինք, վերջացրինք, նոր սկսեցի մտածել՝ եթե բունկերում են, ի՞նչ զենքից էր խոսում։ Հոկտեմբերի 6-ին էլ ասացի՝ ուր որ է կկանգնի պատերազմը, տղե՛ս, պինդ եղեք, էս մի հատ մեծ փորձություն էր․․․ Ասաց՝ էսքան տեսածից հետո էլ ի՞նչ նեղվենք։ Խոսեցինք, վերջացրինք, նորից մտածում եմ՝ էս էրեխեն ի՞նչ տեսածի մասին է խոսում։ Հիմա գիտեմ՝ ինչ է տեսել, ես էդ ամեն դատին մեռնում եմ, որ լսում եմ՝ ինչերի միջով են անցել»։ Վահագնի հետ վերջին հեռախոսազրույցից հետո ծնողների օրերը սկսել են անցնել նախարարությունների, հոսպիտալների ու զորամասերի առաջ, քանի որդու հրամանատարներից որևէ մեկին չեն ճանաչել, անմիջական կապ որևէ մեկի հետ հաստատել չեն կարողացել։ Այդ ընթացքում Պն–ի հորդորով Վահագնի ծնողները ԴՆԹ են հանձնել՝ հույս ունենալով բացառել զոհվածների հետ համընկնումը։ Բոլոր գերատեսչություններից ծնողներին ասել են, որ իրենք աշխատում են, ամեն ինչ անում են, պետք է սպասել։ ԱԱԾ–ից նրանց հայտնել են, որ որդին անհետ կորածների ցանկում է․ «Պետությանն էինք տվել էրեխուն, գնացել էր պետության համար պարտքը կատարելու, ուրիշ ո՞ւմ հավատայինք»,– ասում է մայրը, բայց եւ նշում՝ պետության ներկայացուցիչներից ոչ ոք իր տուն չեկավ, որդու պարգեւատրումն անգամ մի զինծառայողի միջոցով են ուղարկել։ Արցախի նախագահի հրամանագրով Վահագն Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Վահագնի վերջին լուսանկարը Ջրականում, սեպտեմբերի 29, 2020 թ․ «Մեկը գա, ասի՝ ինչի՞ց զոհվեց, ո՞նց զոհվեց» Աբովյանի դիահերձարանի նկուղում զինծառայողների մարմիններ պահելու դեպքի հայտնի դառնալուց հետո Վահագնի ծնողները որոշել են այլեւս չսպասել, այլ անձամբ հետաքրքրվել իրենց որդու ճակատագրով։ Այդ ժամանակ էլ, ցավոք, պարզել են, որ ԴՆԹ համընկնում կա։  «Քննիչի համարը վերցրի, ասաց՝ ես կնայեմ, կասեմ։ 2-3 օր զանգեցի, չպատասխանեց, ասացի՝ վեր կենամ, գամ, բա չէ, ես կզանգեմ։ Զանգեց, ասաց՝ էս պահի դրությամբ ոչ մի բան չունեք։ Ասացի՝ մի տեսակ լավ չասացիր, ո՞նց էս պահի դրությամբ։ Անջատեցի, տաքսի կանչեցի, գնացի քննչական։ Վայ, բա ինչի՞ եք եկել, ասացի՝ եկել եմ՝ աչքերիս մեջ նայես, նոր ասես։ Ասաց՝ լավ, որ եկել եք, եկեք՝ ասեմ՝ համընկնում ունեք, բայց էնքան քիչ տոկոս է, հերքվող տոկոս։ Երբ դեռ չես խորացել դրա մեջ, լուրջ ես ընդունում, բայց իրականում ԴՆԹ համընկնում կա՛մ ունես, կա՛մ չունես, քիչ տոկոս հասկացություն չկա»,– նշում է տիկին Ալինան։  Դրանից հետո կրկնակի փորձաքննություն են պահանջել, եւ հաստատվել է․ հուլիսի 26-ին հուղարկավորել են որդու մասունքը, որ նոյեմբերի 9-ի հրադադարից 2 ամիս անց էր հայտնաբերվել Հադրութի շրջանի Տյաք գյուղից։ Վահագնի մասունքը այդ օրը նշված վայրից հայտնաբերված միակ մասունքն է եղել, ինչն ավելի է խորացրել ծնողների անորոշությունն ու ավելացրել անպատասխան հարցերը. «Մեկը գա, ասի՝ ինչի՞ց զոհվեց, ո՞նց զոհվեց, ընկավ, ոչ մեկը չօգնեց, խփեցին, կրակեցին, ի՞նչ արեցին, ինչի՞ է առանձին։ Դատերին, որ անդադար ասում էին՝ օդային հարձակում չի եղել, արդեն հասկանում էի, որ դա ԱԹՍ–ից չէ, ուրեմն՝ պիտի լիներ մարմինը, չէր կարող ոչ մի բան չլինել»,– ասում է մայրը։ «Ոչ մի կառույց պատշաճ չի աշխատել» Որդու հուղարկավորությունից հետո՝ 2021 թ․-ի ընթացքում, մեկ-երկու անգամ գնացել են «Դատաբժշկական գիտագործական կենտրոն» ՊՈԱԿ (հայտնի է որպես Հերացի), հետաքրքրվել, հետո մտածել, որ եթե նոր մի բան հայտնաբերվի, իրենց անձամբ կտեղեկացնեն։ Մի օր էլ, երբ իմացել են, որ որդեկորույս մեկ այլ ծնող պատահական զանգահարել է Հերացի եւ պարզել, որ համընկնում կա, որոշել են դարձյալ զանգահարել․   «Զանգեցի Հերացի, ասացին՝ կա, վերեւի հատվածն է՝ կրծքավանդակի, իրենք էլ չգիտեին, հետո որ գնում են Մեծամորից բերելու, նոր տեսնում են, որ ամբողջ մարմինն է։ Իրենք գնացել են փոքր ավտոյով, որ մասունք վերցնեն, մեկ էլ երեկոյան Էլենը (ՊՈԱԿ-ի աշխատակիցն է,-հեղ․) զանգել է, զգում եմ ձայնից, որ չի կարողանում խոսել, ասում է՝ գիտեք, ոնց որ թե ամբողջ մարմինն է, էլի ոնց որ թե․․․ Քննիչի հետ են գնացել, որ բերեն, հետո Արտյոմը (քննիչն է,-հեղ․) ասում է՝ իմ ավտոյով էի գնացել, դե ասում էին՝ մասունք․․․ Որ չբերեցին, ասացի՝ լավ չե՞ք, դե ավտո կանչեք, ծնողին էլ պատասխան կտաք, ես սրա տակ չեմ մտնի, դուք գրել եք մասունք, բերել եք ամբողջական մարմին, ես սրա պատասխանը չեմ կարող տալ»,- պատմում է մայրը։ Պարզվել է՝ 2020 թ․ նոյեմբերի 23-ին Ադրբեջանը 13 մարմին է փոխանակել, այդ թվում՝ Վահագնի մարմինը։ Այն Արցախից տեղափոխել են Կապան, որտեղ, ըստ ծնողների, դատաբժիշկը պատշաճ չի աշխատել, քանի որ ամբողջական մարմինը եւ անձին որոշակիորեն նույնականացնող դաջվածքը նկարելու փոխարեն կրծքավանդակի մի հատվածն է լուսանկարել, այն էլ՝ հագուստով։ Դրանից հետո Վահագնի մարմինն ուղարկել են Գորիս, որտեղ այն մնացել է 2 տարի։ Վահագնի դաջվածքից են նմուշ վերցրել, որով ԴՆԹ համընկնում չի եղել։ Ոտքից վերցված ԴՆԹ նմուշով, սակայն, ինքնությունը հաստատվել է։ 2022 թ․ սեպտեմբերին Վահագնի մարմինը տեղափոխել են Մեծամոր եւ դրանով սահմանափակվել։ «Հերացին ինֆորմացիան փոխանցում է քննչականին, գրում՝ մասունք, քննչականն էլ մտածում է՝ դե, հերթական մասունքն է, կարող է էլի լինի, ծնողներին քիչ–քիչ սթրեսի չենթարկենք։ Քանի որ քննիչը չունի բժշկական կրթություն, չի հասկացել, բայց դե, ում էլ ասես մասունք, կտոր է պատկերացնում։ Ասում են՝ եթե թաթն էլ չլինի, ամբողջ մարմինը գրվում է մասունք, բժշկական տեսանկյունից կարգը էդպես է։ Բայց լավ, փակագծում գոնե գրեք՝ ինչ մասունք Է՝ թեւ է, ոտք է, գլուխ է, մարմին է։ Ուզեիր մտածել, թե ոնց սթրեսի ենթարկեիր, երեւի չկարողանայիր այսպես սթրեսի ենթարկել»,– վրդովված ասում է հայրը։ Վաչիկ Խաչատրյանի համոզմամբ՝ խնդիրը սկսվել է Կապանից, սակայն դրանից հետո որ կառույցում էլ  եղել է որդու մարմինը, պատշաճ աշխատանք չի կատարվել․ «Իրերը գրպանում էին, հեռախոսը մոտն էր, մի հատ միացնեիք․․․ Թեւին մի ամբողջ նախադասություն էր, փոքր խաչ չէր ծալքերի մեջ, որ ասեինք՝ բոլորի մոտ կլինի, մի ամբողջ նախադասություն էր դաջված, էդ մի նախադասությունով ինչքան շուտ նրան կգտնեինք»,– ասում է նա։ Վահագնի թեւին դաջված էր Esse quam videri լատիներեն արտահայտությունը, որ թարգմանաբար նշանակում է «Լինել, այլ ոչ թվալ»․ «Որ եկավ, ասաց՝ ուզում եմ դաջվածք անել, հարցրի՝ հիմա դու կա՞ս, թե՞ քեզ թվում է, որ կաս։ Ասաց՝ պա՛պ, ես կամ, ասացի՝ դե ուրեմն գնա, արա, բայց պատասխանատու եղիր գրածիդ համար»,– հիշում է հայրը։ Որդու գրպանում հեռախոսի հետ նաեւ լիցքավորիչ է եղել, մկրատ, ծխախոտ, դատարկ նոթատետր, փամփուշտներ և համրիչներ (թզբեխ)։ Դրանք հիմա խնամքով շարված են տանը Վահագնին նվիրված անկյունում՝ նկարների կողքին։ «Հիմա կա Արցախի արիության մեդալ, բայց չկա Արցախ» Այս տարվա մայիսի 11-ին Վահագնին Եռաբլուրում երկրորդ անգամ են հուղարկավորել․ «Մարմինը որ գտանք, էնքան շոկի մեջ էինք, մի ուրիշ ձեւի ապրումներ էին։ Մինչ էդ էլ նենց չէ, որ մեծ հույսեր ունեի, բայց էն որ ծանր դռներ կան է, որ դրմփում-փակվում են, այդ ձեւի զգացողություն էր, որ վերջնական այդ դուռը փակվեց։ Ավելի ծանր էր, գուցե այն ցավն էր, որ որդիս 2 տարի այդ վիճակում է մնացել»,– հուզվում է տիկին Ալինան։  «Եթե ես չզանգեի, ես ուղղակի զանգել եմ, եթե էդ ուղղակի զանգը չլիներ․․․ Սա հասարակ գողություն չէ, սպանություն չէ, սա դրանցից էն կողմ է, սա անփույթ աշխատանք է․ զոհված զինվորին ուղղակի դրել եք մի կողմ ու ոչ մի աշխատանք չեք արել, ոչ մի ջանք չեք գործադրել, որ գտնեք տիրոջը։ Տերն էլ ցավով տապակվում է, գտել է մի բան, ուրիշների նման երանի է տալիս, ասում՝ լավ է՝ գոնե էս էլ ունենք։ Վերջին հաշվով պատերազմում են զոհվել, կռվել են մինչեւ վերջին շունչը, ուրեմն՝ արժանի են, որ պատվով ճանապարհեք, ոչ թե թողնեք սառնարաններում, ասեք՝ գերի են, գալու են»,- ասում է նա։ Ալինա Գրիգորյանի համար ամենացավալին այն է, որ մեղավորները չեն պատժվում։ Նրա խոսքով՝ գումարտակի հրամանատարին քանի տարով էլ դատապարտեն, իրեն դա ոչինչ չի տա, բայց սպասում է, որ ամենախիստ ձեւով պատժեն՝ գոնե թե այն հույսով, որ դա դաս լինի մյուս հրամանատարներին․ «էս էրեխեքը մնացին անտեր, դրա համար տուն չեկան։ Եթե լիներ խելացի հրամանատար, թեկուզ այդ սարն էլ բարձրանային, ամեն ձեւի նահանջ էլ կանեին։ Մարդիկ կան՝ ասում են՝ հոկտեմբերի 25–ին դուրս ենք եկել Հադրութից, իրենք 25-ին կարողացան դուրս գալ, էրեխեքը հոկտեմբերի 10-ին մի հատ սարից չկարողացա՞ն նահանջ անել։ Որովհետեւ մենակ էին, ի՞նչ պիտի իմանային 2 ամսվա զինծառայողները»,- ասում է տիկին Ալինան։ Այսօր Արցախի կորուստը մայրն իր անձնական կորուստն է համարում․ «Եթե այն ժամանակ ես մտքերով մենակ Հադրութում էի փնտրում որդուս մարմինը, ասում՝ ոտքս Արցախ ընկնի, հիմա, երբ Արցախն էլ մերը չէ, ես կխելագարվեի, [եթե նրան գտած չլինեի]։ Հիմա կա Արցախի արիության մեդալ, բայց չկա Արցախ, էլ ի՞նչ արժեք ունի այս մեդալը»,– ասում է Ալինա Գրիգորյանը՝ հայացքն ուղղելով որդու նկարին։    Միլենա Խաչիկյան
22:15 - 02 նոյեմբերի, 2023
ՊՆ թեժ գիծը սխալ տեղեկություն է հաղորդել. ՈՄԱ-ի վերաբերյալ քրեական վարույթ չկա

ՊՆ թեժ գիծը սխալ տեղեկություն է հաղորդել. ՈՄԱ-ի վերաբերյալ քրեական վարույթ չկա

44-օրյա պատերազմից հետո «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) ռազմահասարակական կազմակերպությունն իրականացնում է ԳՄԲԵԹ կրակակետերի կառուցման աշխատանքներ, որոնց նպատակն է ամրապնդել պաշտպանության երկրորդ գիծը։ Ամրաշինական այդ կառույցների ստեղծման համար կազմակերպությունն իրականացնում է հանրային դրամահավաքներ՝ ինչպես բանկային եւ քարտային փոխանցումների, այնպես էլ SMS հաղորդագրությունների միջոցով, որոնց արժեքը 500 դրամ է։ ԳՄԲԵԹ-ների կառուցման թեման ակտիվ քննարկվում է համացանցում. մարդիկ հետաքրքրվում են՝ արդյո՞ք այդ աշխատանքները համաձայնեցված են Պաշտպանության նախարարության հետ, թե ոչ։ Որոշ քաղաքացիներ անձամբ են ՊՆ-ից հետաքրքրվել ՈՄԱ-ի այս նախաձեռնության մասին, եւ, ստանալով տարակուսելի պատասխան, դիմել են «Ինֆոքոմին»։  Մեր ընթերցողները պատմում են, որ ԳՄԲԵԹ ամրաշինական կառույցների վերաբերյալ տեղեկություն ճշտելիս ՊՆ թեժ գծի աշխատակիցը նրանց խորհուրդ է տվել կազմակերպությանը գումար չփոխանցել, քանի որ «ՈՄԱ-ի դեմ քրեական գործ կա հարուցված»։  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊՆ-ն քննչական մարմին չէ եւ քրեական վարույթների մասին տեղեկություններ հաղորդելը նրա լիազորությունը չէ, «Ինֆոքոմը» որոշեց ստուգել այս տեղեկությունների իսկությունը։  Հոկտեմբերի 5-ին գրավոր հարցմամբ դիմեցինք Գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք ՈՄԱ կազմակերպության կամ հենց ԳՄԲԵԹ կրակակետերի կառուցման նախագծի առնչությամբ քրեական վարույթ կա, եւ եթե այո, ապա ո՞ր հոդվածով։ Դատախազությունը մեր հարցմանը պատասխանել է միայն հոկտեմբերի 23-ին՝ նշելով. «ՈՄԱ կազմակերպության եւ ԳՄԲԵԹ նախագծի առնչությամբ վարույթների վերաբերյալ տեղեկություն առկա չէ՝ համաձայն Դատախազության ստորաբաժանումներից ստացած տվյալների»։ Ճշգրտելով, որ նախաձեռնված քրեական վարույթ չկա, «Ինֆոքոմի» լրագրողն անձամբ զանգահարեց ՀՀ ՊՆ կայքում տեղադրված քաղաքային հեռախոսահամարով՝ հնչեցնելով այն նույն հարցերը, որոնք մեզ դիմած քաղաքացիներն էին ուղղել ՊՆ-ին։ Զարմանալիորեն մենք նույնպես ստացանք հետեւյալ պատասխանը. «ՊՆ-ն դրա հետ կապ չունի, ավելին՝ խորհուրդ կտանք գումար չփոխանցել, որովհետեւ գործ կա հարուցված, ավելին ասել չենք կարող»։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից փորձեցինք այս դրվագի վերաբերյալ բանավոր մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս առաջարկեց հարցերն ուղարկել գրավոր։ Հոկտեմբերի 25-ին գրավոր հարցմամբ դիմեցինք նախարարությանը՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչո՞ւ են պետական երկու գերատեսչություններ միմյանց հակասող տեղեկություն տրամադրում քաղաքացիներին։ Նաեւ խնդրեցինք պարզաբանել՝ եթե, ըստ ՊՆ-ի, ՈՄԱ-ի կամ դրա նախագծի վերաբերյալ կա նախաձեռնված քրեական վարույթ, ապա ինչո՞ւ ՊՆ-ն հրապարակային չի զգուշացնում հանրությանն այդ նախագծի հնարավոր վտանգների մասին։ Նոյեմբերի 1-ին ՊՆ-ն գրավոր պատասխանեց մեր հարցադրմանը՝ նշելով. «ՊՆ որեւէ պաշտոնատար անձ քաղաքացիների հետ զրույցում կամ այլ միջոցով նման տեղեկություն չի փոխանցել»,- գրված է ՊՆ պատասխանում։  ՊՆ-ից ավելացրել են նաև, որ ՈՄԱ կազմակերպության այդ նախաձեռնության և առհասարակ որեւէ դրամահավաք ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված չէ. «Պաշտպանական գերատեսչությունը ՈՄԱ հասարակական կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել եւ կազմակերպությունը ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել եւ չի կատարում։ ՀՀ ՊՆ-ն Հայաստանի Հանրապետության սահմանային եւ թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական եւ ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է, եւ այն իրականացնելու ընթացքում նյութական եւ ֆինանսական աջակցության կարիք չունի. ՀՀ պետական բյուջեից պաշտանության նախարարությանն այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցները լիովին բավարար են նշված աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար»,- նշված է ՊՆ-ի պատասխանում: Գոյություն չունեցող քրեական վարույթի վերաբերյալ ՊՆ աշխատակցի հայտնած տեղեկությունը և դրամական փոխանցում չանելու հորդորը կարող էր անտեղյակության կամ անփութության հետևանք լինել, եթե այդ նույն տեղեկությունը ՊՆ պաշտոնական հեռախոսահամարին պատասխանած մի քանի աշխատակիցներ չպնդեին և չհաստատեին։ Այնինչ, թե դիմած քաղաքացիները, և թե մենք իրականությանը չհամապատասխանող այդ տեղեկությունը ստացել ենք տարբեր օրերի՝ տարբեր աշխատակիցների կողմից։ Այստեղից կարելի է ենթադրել, որ ՊՆ-ն ՈՄԱ ՀԿ-ի վերաբերյալ քաղաքացիներին սխալ տեղեկություններ տրամադրելու որոշում ունի։ Այսպիսով, ՊՆ-ի նման գործելակերպն անհասկանալի և չպարզաբանված է մնում։ Մենք խոսեցինք նաև ՈՄԱ կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Անգին Խաչատրյանի հետ, որը ՊՆ թեժ գծի զանգերին պատասխանող աշխատակիցների պնդումները զրպարտություն որակեց՝ նշելով, որ իրենք երբեւէ որեւէ քրեական վարույթի մասին ծանուցում չեն ստացել․ «Մենք 2014թ․-ից բաց ու թափանցիկ աշխատում ենք։ Մինչ օրս մեր վերաբերյալ որեւէ քրեական գործ չի եղել։ Մենք չենք հասկանում՝ ՊՆ թեժ գծի նման աշխատանքը, եթե դա աշխատանք կարելի է համարել, պարզապես զբաղված են կեղծ լուրերի տարածմամբ ու վարկաբեկմամբ՝ առանց փաստի ու հիմքի։ Ինչպես դատախազությունը, այնպես էլ մենք, հերքում ենք, որ մեր վերաբերյալ քրեական գործ կա»,- նշեց Խաչատրյանը։  Չնայած դրան՝ ՈՄԱ հանրային կապերի պատասխանատուն նշեց, որ այս առնչությամբ իրենք ՊՆ-ից պարզաբանում չեն պահանջել․ «Մենք գործեր ունենք անելու երկրորդ, երրորդ գծերում։ Եվ պետք չէ Թուրքիայի ու Ադրբեջանի՝ մեր դեմ գործի ջրաղացին ջուր լցնել, ուղղակի պետք է լինել միասնական եւ թիկունք լինել, ինչպես մենք ենք թիկունք, եւ աշխատել ոչ թե մեր դեմ, այլ մեր օգտին»,- ասաց Անգին Խաչատրյանը։ Հարցին, թե ինչ համագործակցություն կա ՈՄԱ-ի եւ ՊՆ-ի միջեւ, Խաչատրյանը պատասխանեց, որ իրենք ամրաշինական կառույցներ սարքում են պաշտպանական երկրորդ եւ երրորդ գծերում՝ մասնավոր տարածքներում, իսկ դրա, ինչպես նաեւ դրամահավաք իրականացնելու համար ՊՆ-ի թույլտվության կարիքը չկա։ Ըստ Խաչատրյանի՝ ՈՄԱ-ն ՊՆ-ի հետ համագործակցում է միայն պատերազմների ժամանակ՝ մասնակցելով զորահավաքին, եւ 25-օրյա հավաքների ժամանակ՝ որպես պահեստազորային։ Լուսանկարը՝ ՈՄԱ-ի ֆեյսբուքյան էջից, ԳՄԲԵԹ կրակակետ Հայարփի Բաղդասարյան
17:44 - 02 նոյեմբերի, 2023
Ինչպես է ծախսվել տեղահանվածների աջակցության ծրագրերով պետբյուջեից հատկացված 15 միլիարդ դրամը

Ինչպես է ծախսվել տեղահանվածների աջակցության ծրագրերով պետբյուջեից հատկացված 15 միլիարդ դրամը

Հոկտեմբերի 20-ի դրությամբ ՀՀ կառավարությունը շուրջ 15 մլրդ դրամ է հատկացրել Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի իրականացման նպատակով։ Այս մասին «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Ըստ նախարարության՝ այլ երկրների կառավարությունների, միջազգային կառույցների եւ այլ աղբյուրների կողմից Հայաստանին տրամադրված ֆինանսական աջակցության չափը դեռեւս հստակեցման փուլում է, ուստի սեպտեմբերի 19-ից մինչ օրս բոլոր ծախսերը կատարվել են միայն ՀՀ 2023թ. պետական բյուջեից։  15 մլրդ դրամն ուղղվել է տարածքային կառավարման եւ  ենթակառուցվածքների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների աշխատանքներին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրվել է ընդհանուր առմամբ 2 մլրդ 839 մլն դրամ, որից 100 մլն դրամը հատկացվել է Արցախից Հայաստան տեղափոխված անձանց՝ Սյունիքի մարզում կեցության ապահովմանը): Այս գումարը տրամադրվել է «ՀՀ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին»՝ կեցության ապահովման գործառույթն իրականացնելու նպատակով։  ՏԿԵՆ-ին տրամադրված գումարից 360 մլն դրամը Կառավարության սեպտեմբերի 28-ի որոշմամբ հատկացվել է Արցախից Հայաստան տեղափոխված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման եւ ծախսերի փոխհատուցման համար։ Այդ գումարից 50-ական մլն դրամ ուղղվել է Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի, իսկ 30-ական մլն՝ մյուս բոլոր  մարզպետարաններին։   Կառավարության հոկտեմբերի 5-ի որոշմամբ մարզպետարաններին նույն նպատակով հատկացվել է 600 մլն դրամ։ Արցախից բռնի տեղահանված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման եւ հյուրանոցային ծախսերի փոխհատուցման համար Արագածոտնի եւ Շիրակի մարզպետարաններին տրամադրվել է 30 մլն, Լոռիին՝ 40 մլն, Տավուշին՝ 45 մլն, Արմավիրին, Գեղարքունիքին եւ Վայոց Ձորին՝ 50 մլն, Սյունիքին՝ 65 մլն, Արարատին՝ 100 մլն, իսկ Կոտայքի մարզպետարանին՝ 140 մլն դրամ։ Նույն նպատակի համար Կոտայքի մարզեպատարանին Կառավարության հոկտեմբերի 12-ի որոշմամբ ուղղվել է եւս 300 մլն դրամ։ Կառավարության հոկտեմբերի 17-ի որոշմամբ մարզպետարանների աշխատակազմերին եւս 1 մլրդ դրամ է հատկացվել՝ դարձյալ բռնի տեղահանված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման եւ հյուրանոցային ծախսերի փոխհատուցման համար։ Մեկ այլ՝ հոկտեմբերի 19-ի որոշմամբ շուրջ 479 մլն տրամադրվել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին՝ բռնի տեղահանված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման, հյուրանոցային, տրանսպորտային, վարձակալության եւ այլ ծառայությունների ծախսերի փոխհատուցման նպատակով։ Ընդհանուր շուրջ 15 մլրդ դրամից ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվել է 30 մլն դրամ։ Մասնավորապես, Կառավարության օգոստոսի 11-ի  որոշմամբ, այդ գումարը հատկացվել է առաջին օգնության ապրանքներ տրամադրող 6 իրավաբանական անձանց՝ որպես Արցախի բնակչության օգնության ծախսերի փոխհատուցում։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվել է ընդհանուր առմամբ  12 մլրդ 472 մլն 285 հազար դրամ, որից 234 մլն 697 հազար դրամը Կառավարության օգոստոսի 11-ի որոշմամբ հատկացվել է 5 իրավաբանական անձանցից կենցաղային եւ հանրային սննդի համար (մանկական սնունդ, կաթի փոշի, ալյուր, մակարոն եւ այլն) ձեռքբերմանը։ Կառավարության սեպտեմբերի 22-ի որոշմամբ էլ 15 մլն 911 հազար դրամ է հատկացվել «ԱՍ ԹԻՄ» ՍՊԸ-ին ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում Հումանիտար կայանը հիմնելու համար։  221 մլն 676 հազար դրամ էլ սեպտեմբերի 28-ի որոշմամբ հատկացվել է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի՝ Արցախի բնակիչներին ժամանակավոր հյուրընկալելու եւ կացության կազմակերպման ծառայություններն իրականացելու համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրված ընդհանուր գումարից 10 մլրդն ուղղվել է բռնի տեղահանված անձանց միանվագ դրամական աջակցությանը՝ համաձայն կառավարության հոկտեմբերի 5-ի եւ հոկտեմբերի 17-ի որոշումների։ Առաջին որոշմամբ 8 մլրդ դրամ բաշխվել է 80 հազար շահառուի՝ մեկ անձի հաշվով 100 հազար դրամ, իսկ երկրորդով՝ 2 մլրդ դրամ բաշխվել է 20 հազար շահառուի։ Կառավարության հոկտեմբերի 19-ի որոշմամբ եւս 2 մլրդ դրամ է հատկացվել նախարարությանը՝ որպես բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու եւ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցություն։ Այս գումարը բաշխվել է 40 հազար շահառուների միջեւ՝ յուրաքանչյուրին 50 հազար դրամ։ Ֆինանսների նախարարությունից տեղեկացրել են նաեւ, որ շուրջ 30 մլրդ դրամ նախատեսվում է տրամադրել շահառուներին 6 ամսվա կտրվածքով՝ 2023թ.-ի հոկտեմբերից մինչեւ 2024թ.-ի մարտը ներառյալ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու եւ կոմունալ ծառայությունների ծախսերի փոխհատուցման նպատակով: Հայարփի Բաղդասարյան
21:34 - 01 նոյեմբերի, 2023
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի հրապարակել մի շարք հաշվետվություններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի հրապարակել մի շարք հաշվետվություններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2019 և 2020 թվականներին չի հրապարակել իր գործունեության մասին կիսամյակային և տարեկան հաղորդումներն ու բարեվարքության համակարգի վիճակի մասին տարեկան հաղորդումը, որոնք պահանջվում են օրենքով։ Իսկ 2021 և 2022 թվականներին հրապարակվել է այս հաշվետվությունների միայն մի մասը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով) Հայաստանում կոռուպիայի կանխարգելան կարևորագույն ինստիտուցիոնալ դերակատարներից է։ Հանձնաժողովն է հետևում բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների, շահերի բախման կարգավորումների պահպանմանը, կանոնակարգում հայտարարագրման գործընթացը, ստուգում ներկայացված հայտարարագրերը, մասնակցում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մշակմանը։  Հանձնաժողովը նաև եզրակացություն է տալիս Բարձրագույն դատական խորհրդի անդամների, Սահմանադրական դատարանի դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների, դատախազի թեկնածուների, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ։ 2020-ից Հանձնաժողովը հնարավորություն ստացավ հայտարարագրերի վերլուծության ընթացքում նաև բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու։ 2022-ից Հանձնաժողովի գործառույթներից է նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ կուսակցությունների տարեկան հաշվետվություններում առկա տեղեկությունների և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգումը։ Հանձնաժողովի գործառույթների նման լայն շրջանակի առկայության պարագայում առանձնակի մեծանում է հանձնաժողովի հաշվետվողականության ու թափանցիկության կարևորությունը։    Ինչպե՞ս պիտի ապահովվեն Հանձնաժողովի հաշվետվողականությունը և թափանցիկությունը Հանձնաժողովի հաշվետվողականությանը և թափանցիկությանը վերաբերող հարցերը կարգավորվում են «Կոռուպիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 6-րդ հոդվածով։ Օրենքն, ըստ էության, պահանջում է ներկայացնել 3 տեսակի հաշվետվություններ։ Առաջինը կիսամյակային հաղորդումներն են, որոնք կիսամյակի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, պետք է տեղադրվեն Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Երկրորդը Ազգային ժողով ներկայացվող տարեկան հաղորդումներն են, որոնք պետք է ներկայացվեն հաշվետու տարվան հաջորդող տարվա առաջին եռամսյակի ընթացքում։ Երրորդը բարեվարքության համակարգի վիճակի վերաբերյալ հաղորդումներն են, որոնք պետք է Հանձնաժողովի կայքում տեղադրվեն հաշվետու տարվան հաջորդող տարվա չորրորդ-հինգերորդ ամիսներին։ Հաղորդումը պետք է շոշափի հանրային ծառայողների բարեվարքության ընդհանուր մակարդակին առնչվող հարցեր։  Բացի վերոնշյալ 3 հաշվետվություններից՝ Հանձնաժողովը պարտավոր է իր պաշտոնական կայքէջում հրապարակել իր ընդունած որոշումները և եզրակացությունները, ինչպես նաև իր ներկայացրած առաջարկությունները։ «Ինֆոքոմ»-ն ուսումնասիրել է, թե ինչպես է Հանձնաժողովն ապահովել օրենքով պահանջված հաշվետվողականությունը։   2019 և 2020 թվականներ․ 0 հաշվետվություն Ինչպես վերը նշեցինք, օրենքը Հանձնաժողովի հաշվետվողականության և թափանցիկության 4  ուղղություն է սահմանում՝ կիսամյակային և տարեկան հաղորդումներ, որոշումների հրապարակում և բարեվարքության համակարգի վիճակի վերաբերյալ հաղորդում։ 2019 և 2020 թվականներին, սակայն, Հանձնաժողովը ո՛չ տարեկան հաղորդում է ներկայացրել խորհրդարանին, ո՛չ էլ պահանջվող կիսամյակային հաշվետվություններն ու բարեվարքության մասին տարեկան հաղորդումն է հրապարակվել։  Եթե դրանք ներկայացված լինեին, ապա օրենքի պահանջով պետք է  տեղադրված լինեին Հանձնաժողովի կայքում։ Սակայն կայքում այս հաշվետվությունները չկան։   Փաստացի, 2019 և 2020 թվականներին Հանձնաժողովն իր հաշվետվողականության շրջանակում հրապարակել է միայն որոշումներն ու եզրակացությունները։ 2019-ին հրապարակվել է ընդամենը 1 որոշում և 1 եզրակացություն։ 2020-ին Հանձնաժողովը հրապարակել է 4 եզրակացություն և 8 որոշում։  2019 և 2020 թվականների տարեկան հաղորդումների բացակայությունը հնարավորություն չի տալիս հասկանալու Հանձնաժողովի գործունեության արդյունքները և դրանք համեմատության մեջ դնելու հաջորդող տարիների արդյունքների հետ։ «Ինֆոքոմը» Հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանին հարց ուղղեց այն մասին, թե ինչու Հանձնաժողովը չի ներկայացրել 2019 և 2020 թվականների տարեկան հաղորդումները։ Վերջինս առաջարկեց հարցը գրավոր ձևակերպել։ «Ճիշտ կլինի գրավոր դիմում գրել, համապատասխան մասնագետները պատասխանեն։ Իրավասու չեմ պատասխանել․ դա իմ կոմպետենցիաների մեջ չէ։ Որ բացեք իմ լիազորությունները, կտեսնեք, որ ինֆորմացիա չեմ կարող տալ հաշվետվության մասին»,- ասաց նա։  Հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Արամայիս Փաշինյանը, կասկած հայտնեց, որ հաշվետվությունները կարող են կայքի այլ բաժիններում լինել, քանի որ կայքում փոփոխություններ են եղել։ Նա խոստացավ հարցը կոմունիկացնել Հանձնաժողովի աշխատակազմի հետ՝ պարզելու, թե  որտեղ են Հանձնաժողովի երկու տարվա տարեկան հաշվետվությունները։ Ավելի ուշ Փաշինյանը փոխանցեց, որ հարցի պատասխանը հնարավոր է ստանալ միայն գրավոր հարցման միջոցով։  Մենք գրավոր հարցմամբ կդիմենք հանձնաժողովին և պատասխան ստանալու դեպքում այն ևս կներկայացնենք։   2021-2022-ի հաշվետվությունները՝ կիսատ 2021 թվականի համար Հանձնաժողովը  ներկայացրել է տարեկան հաղորդում։ Բացի այդ՝ Հանձնաժողովը հրապարակել է նաև այդ տարվա առաջին կիսամյակի ամփոփ հաշվետվություն։ 6 էջից բաղկացած կիսամյակային հաշվետվությունը ներառում է բացառապես կատարված ուսումնասիրությունների ու վարույթների վերաբերյալ քանակական տվյալներ պարունակող աղյուսակներ և ինֆոգրաֆիկաներ։ Ընդ որում, հաշվետվությունը հրապարակվել է 2021-ի նոյեմբերին, թեպետ օրենքը պահանջում էր այն հրապարակել մինչև հուլիսի 10-ը։ Հանձնաժողովի՝ 2021-ի երկրորդ կիսամյակի հաշվետվությունը բացակայում է։ Բացակայում է նաև 2021-ի համար բարեվարքության համակարգի վիճակի վերաբերյալ հաղորդումը։ Հանձնաժողովը 2021-ին հրապարակել է նաև տեղեկանք՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված մեդիա հրապարակումների ուսումնասիրության մասին։ Բացառությամբ 2021-ի սեպտեմբերի՝ Հանձնաժողովը նմանատիպ տեղեկանք չի հրապարակել։  2021-ին Հանձնաժողովը հրապարակել է ընդամենը 13 որոշում և 3 եզրակացություն։  2022-ի համար ևս Հանձնաժողովը ներկայացրել է տարեկան հաղորդումն ու առաջին կիսամյակի հաշվետվությունը։ Վերջինը, ինչպես և նախորդ տարի, հրապարակվել է հրապարակման՝ օրենքով սահմանված ժամկետի ուշացմամբ։ 2022-ի համար ևս Հանձնաժողովը չի հրապարակել երկրորդ կիսամյակի հաղորդումը  և բարեվարքության համակարգի վիճակի վերաբերյալ հաղորդումը։  2021-ին Հանձնաժողովը հրապարակել է ավելի քան 130 որոշում և եզրակացություն։ 2023-ին Հանձնաժողովն արդեն ներկայացրել է Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ առաջին կիսամյակի հաշվետվությունը, այս անգամ՝ հրապարակման ժամկետների պահպանմամբ։ 2023 թվականին հանձնաժողովն արդեն հրապարակել է 46 որոշում և եզրակացություն։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում ասաց՝ Հանձնաժողովի հաշվետվողականության մասով խնդիրներ կան։ «Առկա հաշվետվությունները հեռու են բավարար լինելուց։ Հանձնաժողովը թերանում է այս հարցում․ թե՛ խնդրահարույց է հաշվետվությունների բովանդակությունը,  թե՛, առհասարակ, խնդիրներ կան որոշ հաշվետվությունների առկայության հետ»,- նշեց նա։     Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան
15:44 - 01 նոյեմբերի, 2023
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործողությունները՝ հիմնված Ինֆոքոմի հրապարակումների վրա

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործողությունները՝ հիմնված Ինֆոքոմի հրապարակումների վրա

Հայաստանում հակակոռուպցիոն մարմինների պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերում արձանագրված խնդիրների, ենթադրյալ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ «Ինֆոքոմը» նախորդ ամիսներին հրապարակել էր մի շարք հոդվածներ։ Դրանցում առկա որոշ փաստեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (Հանձնաժողով) կողմից ընթացք են ստացել։  Այդ մասին հոկտեմբերի 3-ին տեղեկացրել են Հանձնաժողովից՝ պատասխանելով այն հարցին, թե այդ հրապարակումների մասով Հանձնաժողովն ինչ  գործընթացներ է նախաձեռնել։ Ստորև ներկայացնում ենք այդ հրապարակումներով արձանագրված խնդիրներն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արձագանքը։   Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյան Այս տարվա մարտին «Ինֆոքոմ»-ը գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը «Բյուրեղ» բնակելի համալիրում իր հարևաններից էականորեն ցածր գնով բնակարան է ձեռք բերել։ Մասնավորապես, Սասուն Խաչատրյանի ձեռք բերած բնակարանի մեկ քառակուսի մետրի գինն ավելի ցածր է եղել, քան նույն մասնաշենքում նույն ամսում բնակարան գնած 3 այլ քաղաքացիների դեպքում։ Բնակարանի գնման գործարքում, ըստ էության, Խաչատրյանին կառուցապատողի տրամադրած ընդհանուր «զեղչը» կազմել էր մոտ 28.5 մլն դրամ։ «Բյուրեղ»-ի կառուցապատողը գործարար Աշոտ Արսենյանին ու նրա ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ն էր։  Հակակոռուպցիոն կոմիտեում մինչ այս գործարքը քննվում էր մի գործ, որն առնչվում էր Վայոց ձորում 2017-ի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք բաժանելուն․ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13 միլիոն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և 1300 ձայն ապահովելու նպատակով։ Ոստիկանությունում հարուցված քրեական գործը փոխանցվել էր Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հատուկ քննչական ծառայությանը։   Արդյունքում այս քրեական գործով ամբաստանյալի աթոռին հայտնվեց Մալիշկայի համայնքապետը, իսկ Արսենյանին առնչվող դրվագով նախաքննությունը կասեցվեց։ Այս գործընթացները նախորդել էին բնակարանի առքուվաճառքին։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ի պատասխան մեր հարցմանը, տեղեկացրել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչով սահմանված պաշտոնների ցանկում է, և հանձնաժողովն իրականացնում է Սասուն Խաչատրյանի ու նրա ընտանիքի անդամների 2021-2022 թթ հայտարարագրերի վերլուծություն, և դրա համատեքստում այս հրապարակումը ևս կներառվի։  Հատկանշական է, որ նշված հոդվածի հրապարակման հաջորդ օրը Հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էին, որ ուսումնասիրում են Սասուն Խաչատրյանի վերաբերյալ հոդվածը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետն ասել էր՝ թե ինչ որոշում կընդունեն, կախված կլինի նաև Սասուն Խաչատրյանի պարզաբանումից։ «Ներկայացված պարզաբանումը գնահատելուց հետո հանձնաժողովը արդեն համապատասխան որոշման հիման վրա կա՛մ ավարտում է տվյալ վերլուծության ընթացքը, կա՛մ հիմքերի առկայության դեպքում հարուցում է համապատասխան վարույթ, կա՛մ առավել քրեական տարրեր պարունակող հանգամանքների առկայության դեպքում գործերն ուղարկում է Գլխավոր դատախազություն»,- ասել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչ Կարեն Հակոբյանը։ Թե ինչպես է ավարտվել այս ուսումնասիրությունը, Հանձնաժողովը մեր հարցման պատասխանում չի նշել։   Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյան Այս տարվա մայիսին գրել էինք, որ Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը և քույրը երկու տարի շարունակ՝ 2020, 2021 թվականներին, չեն ներկայացրել պահանջվող հայտարարագրերը։  Հանձնաժողովը Հայկուհի Հարությունյանի ընտանիքին ծանուցել էր հայտարարագրման պարտականության մասին, սակայն մեկ ամիս անց ծանուցագրերը վերադարձվել էին։ Հետագայում ծանուցագրերը նրանց հասցեագրելու այլ փորձեր չէին ձեռնարկվել, ինչը Հանձնաժողովը հիմնավորում էր հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգի կառուցմամբ պայմանավորված սահմանափակումներով։ Փաստացի ստացվում էր, որ Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամները 2 տարի շարունակ գույքի, եկամուտների ու ծախսերի հայտարարագիր չէին ներկայացրել, սակայն դա որևէ հետևանք չէր առաջացրել նրանց համար։ Սա այն դեպքում, որ հենց Հանձնաժողովն է, որ պետք է կանոնակարգի հայտարարագրման գործընթացը, ստանա, ստուգի և վերլուծի ներկայացված հայտարարագրերը։ 2023-ի մայիսի 22-ի նիստում Հանձնաժողովը  քննարկել էր «Ինֆոքոմ»-ի այս հոդվածն ու որոշել իրականացնել Հանձնաժողովի բոլոր անդամների հայտարարագրերի համալիր վերլուծություն։  Սեպտեմբերի 25-ին, պատասխանելով այդ վերլուծության արդյունքների վերաբերյալ հարցմանը, Հանձնաժողովից տեղեկացրել են․ «Հանձնաժողովն իրականացրել է Հանձնաժողովի անդամների հայտարարագրերի վերլուծությունները, սակայն գործընթացն այս պահին ավարտված չէ, քանի որ արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ Հանձնաժողովի նախագահի ընտանիքի անդամների պարզաբանումները դեռևս չեն ստացվել։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի անդամների և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերի վերլուծության արդյունքները կհրապարակվեն Հանձնաժողովի նախագահի ընտանիքի անդամներից ստացված պարզաբանումների գնահատման աշխատանքներն ավարտելուց հետո»։   Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյան Օգոստոսի 31-ին գրել էինք Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի հայտարարագրում առկա խնդիրների մասին։  Ղազարյանի 2021-ի հայտարարագրից պարզ է դառնում, որ դատարանի նախագահը տարվա ընթացում 65.4 միլիոն դրամ այնպես է ծախսել, որ չի առաջացել դրանք հայտարարագրելու անհրաժեշտություն։  Հարցին, թե ինչի վրա է ծախսվել 64.5 մլն դրամը, Ղազարյանն պատասխանել է, որ դրա մեծ մասը ներդրվել է բանկում որպես ավանդ հաշվետու տարվա ընթացքում։ Նրա այս պատասխանը նոր հարցեր է առաջ բերում, քանի որ, ըստ հայտարարագրի, Ղազարյանն ավանդն ունեցել է տարվա սկզբի՝ հունվարի 1-ի դրությամբ, իսկ եկամուտները նա ստացել է տարվա ընթացքում։  Հակակոռուպցիոն դատարանի նախագահը նշել է, որ ավանդը ներդրվել է տարվա ընթացքում, և  տարեսկզբին առկա ավանդի վերաբերյալ նշումը վրիպակ է։ 2021-ի հայտարարագրի եկամուտների բաժնում Խաչիկ Ղազարյանը նաև չի հայտարարագրել Lexus մակնիշի մեքենայի վաճառքից ստացված գումարը։ Հարցին, թե ինչու եկամուտը չի արտացոլվել հայտարարագրում, Խաչիկ Ղազարյանը պատասխանել է, որ դա տեխնիկական վրիպակ է։ Հանձնաժողովն, անդրադառնալով Ղազարյանի հայտարարագրի այս դրվագներին, հայտնել է, որ 2022-ի հունվարին Հանձնաժողովը Ղազարյանի վերաբերյալ իրականացրել է բարեվարքության ուսումնասիրություն, ինչի արյունքում կատարվել է վերջինիս գույքային դրության ուսումնասիրություն, և «դուրս են բերվել որոշակի անհամապատասխանություններ, որոնք արձանագրվել են բարեվարքության խորհրդատվական եզրակացությունում»։  Հանձնաժողովից նաև հայտնել են, որ ներկա օրենսդրական կարգավորումներով բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությամբ հայտնի դարձած տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։ Մայիսին նաև գրել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի կինը՝ Արմինե Պետրոսյանը, Հանձնաժողով չի ներկայացրել 2021-ի տարեկան հայտարարագիրը, ինչպես նաև 2022-ին ամուսնու կողմից պաշտոնի ստանձնման հանգամանքով պայմանավորված պահանջվող հայտարարագիրը։   Հանձնաժողովից «Ինֆոքոմ»-ին տեղեկացրել են, որ 2023 թ․ հոկտեմբերի 2-ի դրությամբ Արմինե Պետրոսյանը չի ներկայացրել միայն 2021 թ․ տարեկան հայտարարագիրը, ինչի վերաբերյալ վերջինիս ուղարկվել է թղթային ծանուցում։  Այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի դրությամբ տարեկան հայտարարագիրը  ներկայացված է։   Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազ Գևորգ Քոչարյան Ապրիլի 10-ին գրել էինք, որ Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազ Գևորգ Քոչարյանը պաշտոնավարում է՝ տարբեր առևտրային ընկերություններում տնօրեն լինելուն զուգահեռ։  Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ դատախազը տնօրեն է «Ժայռ» ՍՊԸ-ում և «Ջի էքս պի գերազանցության կենտրոն» ՍՊԸ-ում։  Դատախազը վստահեցրել էր՝ վաղուց էր դիմել ռեգիստր՝ տնօրենի լիազորությունները դադարեցնելու համար և չգիտի՝ ինչու այդ տվյալները թարմացված չեն։ Հանձնաժողովը հայտնել է, որ հիմք ընդունելով մեր հարցումը՝ Հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողական վարչությունում կնախաձեռնվի ուսումնասիրություն։    Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Վահե Խաչատրյան Այս տարվա օգոստոսին անդրադարձել էինք Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Վահե Խաչատրյանի հայտարարագրերում առկա ուշագրավ տվյալներին։  Խաչատրյանն, օրինակ, 2019-ի հայտարարագրում՝ տարվա սկզբին առկա տրանսպորտային միջոցների բաժնում, չի հայտարարագրել Infiniti FX 35 մակնիշի ավտոմեքենա, հայտարարագրում առկա չեն նաև տարվա ընթացքում ձեռք բերված INFINITI FX 35 մակնիշի ավտոմեքենայի մասին նշումներ, բայց նույն հայտարարագրում ներկայացրել է, որ վաճառել է այդ մեքենան։  2020 թվականի տարեկան հայտարարագրից էլ պարզ է դառնում, որ Վահե Խաչատրյանը ևս մեկ ավտոմեքենա է վաճառել արդեն 2020 թ․ ընթացքում 19 միլիոն դրամով։ Վաճառված Toyota Avalon մակնիշի ավտոմեքենան, սակայն, ինչպես նախորդ դեպքում, առկա չէ տարեսկզբի դրությամբ։ 2020 թ․ հայտարարագրում նաև առկա չեն տարվա ընթացքում ձեռք բերված Toyota Avalon մակնիշի ավտոմեքենայի մասին նշումներ։  Ստացվում է, որ Վահե Խաչատրյանը վաճառել է ավտոմեքենաներ, որոնք չի ունեցել։ Վահե Խաչատրյանի և նրա կնոջ՝ Նաիրուհի Խաչատրյանի հայտարարագրում որոշակի անհամապատասխանություններ էին առկա 2017 թվականի տարեվերջի ու 2018 թվականի տարեսկզբի դրությամբ առկա դրամական միջոցների մասով։  Վահե Խաչատրյանի կնոջ՝ Նաիրուհի Խաչատրյանի 2017 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ տարվա վերջի (դեկտեմբերի 31) դրությամբ նա ունեցել է 4500 դոլար և 700 000 դրամ։ 2018-ի տարեսկզբին (դա 2018-ի հունվարի 1-ն է), սակայն, նրա այս միջոցներն ամբողջությամբ զրոյացել են։ Առհասարակ, Նաիրուհի Խաչատրյանի 2018-ի հայտարարագրից տպավորություն է, որ այն ձևական է ներկայացված, քանի որ հայտարարագրի գրեթե ոչ մի տողում գրառումներ առկա չեն։  Նմանատիպ իրավիճակ է նաև Վահե Խաչատրյանի 2017 և 2018 թվականների հայտարարագրերում։։  Հանձնաժողովը հայտնել է, որ «Ինֆոքոմ»-ի այս հոդվածում նշված անձանց վերաբերյալ կիրականացնի ուսումնասիրություն, ինչի արդյունքում, ըստ անհրաժեշտության, կկատարի հայտարարագրերի վերլուծություն։   Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Արտակ Թադևոսյան 2023-ի հունիսին անդրադարձել էինք Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Արտակ Թադևոսյանի հայտարարագրերին։ Գրել էինք, որ Թադևոսյանի՝ 2021-ին կատարած 40 մլն դրամի ծախսերը որևէ կերպ հայտարարագրում չեն արտացոլվում։ Թադևոսյանը «Ինֆոքոմ»-ին տեղեկացրել էր, որ հայտարարագրի առնչությամբ հաշվետու է միայն Հանձնաժողովին։ Հանձնաժողովը հայտնել է, որ Թադևոսյանի վերաբերյալ ևս կիրականացնի ուսումնասիրություն և ըստ անհրաժեշտության՝ կվերլուծի հայտարարագրերը։    Հրապարակումների հիման վրա ուսումնասիրության իրականացումը Հանձնաժողովի գործառույթներից է լրատվամիջոցների՝ հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող հրապարակումների հիման վրա հայտարարագրերի վերլուծությունը իրականացնելը։ Վերոնշյալ բոլոր հոդվածները «Ինֆոքոմը» հրապարակել է 2023 թվականի մարտ-օգոստոս ամիսներին։ Որոշ հրապարակումներից անցել է արդեն 6-7 ամիս, որոշ հրապարակումներից՝ 2-3, սակայն դրանցից միայն երկուսի հիման վրա է Հանձնաժողովը գործողություններ ձեռնարկել․  Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամների՝ հայտարարագիր չներկայանելու մասին հոդվածի քննարկման արդյունքում նախաձեռնվել և իրականացվել է Հանձնաժողովի բոլոր անդամների հայտարարագրերի համալիր վերլուծություն, սակայն այս գործընթացն էլ այս պահին դեռևս ավարտված չէ, Խաչիկ Ղազարյանի կնոջը՝ Արմինե Պետրոսյանին, ուղարկվել է թղթային ծանուցում։ Միայն մեր հարցումից հետո Հանձնաժողովը նշել է, որ ևս 4 պաշտոնատար անձանց վերաբերյալ կնախաձեռնվեն ուսումնասիրություններ կամ հրապարակումը կներառվի իրականացվող վերլուծությունում։   Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան
21:20 - 31 հոկտեմբերի, 2023
Ինչպե՞ս կընտրվեն ԿԿՀ նոր անդամները․ ընտրության կարգն ու քաղաքական մեծամասնության ազդեցությունը 

Ինչպե՞ս կընտրվեն ԿԿՀ նոր անդամները․ ընտրության կարգն ու քաղաքական մեծամասնության ազդեցությունը 

2023 թ․ նոյեմբերի 19-ին լրանում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (Հանձնաժողով) նախագահ Հայկուհի Հարությունյանի և Հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետները, և առաջիկայում պետք է ընտրվեն Հանձնաժողովի նոր անդամներ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն ինստիտուցիոնալ դերակատարներից է։ Հանձնաժողովն է հետևում բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների, շահերի բախման կարգավորումների պահպանմանը, կանոնակարգում հայտարարագրման գործընթացը, ստուգում ներկայացված հայտարարագրերը, մասնակցում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մշակմանը։  Հանձնաժողովը նաև եզրակացություն է տալիս Բարձրագույն դատական խորհրդի անդամների, Սահմանադրական դատարանի դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների, դատախազի թեկնածուների,  Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ։ 2020-ից Հանձնաժողովը հնարավորություն ստացավ հայտարարագրերի վերլուծության ընթացքում նաև բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու։ 2022-ից Հանձնաժողովի գործառույթներից է նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ կուսակցությունների տարեկան հաշվետվություններում առկա տեղեկությունների և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգումը։ Հանձնաժողովի գործառույթների նման լայն շրջանակի առկայության պարագայում չափազանց մեծ նշանակություն է ստանում հարցը, թե ովքեր և ինչպես կարող են դառնալ Հանձնաժողովի անդամ։   Հանձնաժողովի անդամի ընտրության կարգի փոփոխությունները Վերջին 4 տարում Հանձնաժողովի անդամների ընտրության կարգը 2 անգամ փոփոխվել է։  2017 թվականին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով սահմանվում էր, որ Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձևավորում է Մրցութային խորհուրդ (Խորհուրդ), որը պետք է կազմված լինի Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հանրային խորհրդի, Փաստաբանների պալատի և Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների (կոնսենսուսով) նշանակված մեկական անդամներից։ Ձևավորված Խորհուրդը կազմակերպելու և անցկացնելու էր Հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության մրցույթ։ Մրցույթը պետք է անցկացվեր երեք փուլով․ առաջինը՝ փաստաթղթային ստուգման, երկրորդը՝ թեստավորման, իսկ երրորդը հարցազրույցի փուլն էր։ Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո Խորհուրդը մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը պետք է ներկայացներ Ազգային ժողովի նախագահին, որից հետո Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ պետք է ընտրեր կամ չընտրեր թեկնածուներին։ 2018 թ. իշխանափոխությունից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման գործընթացը կաթվածահար եղավ։ Չնայած նրան, որ 2018 թ․ կար ձևավորված Մրցութային խորհուրդ, այնուամենայնիվ Հանձնաժողովի ձևավորման գործընթացն այդպես էլ առաջ չգնաց։  Արդյունքում Հանձնաժովի անդամ ընտրելու կարգը հիմնարար փոփոխության ենթարկվեց։ 2019-ի աշնանը Ազգային ժողովն ընդունեց Արարատ Միրզոյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով փոփոխվում էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը։ Այս փոփոխությամբ վերացվում էր Մրցութային խորհրդի միջոցով Հանձնաժողովի անդամի թեկնածուների ընտրության մրցութային կարգը, և Հանձնաժողովի անդամի պաշտոնի թեկնածուի ուղիղ առաջադրման հնարավորություն էր տրվում Կառավարությանը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններից յուրաքանչյուրին և ԲԴԽ-ին։  Ընդ որում, այս փոփոխությամբ Հանձնաժողովի առաջին կազմի անդամների համար սահմանվում էր պաշտոնավարման 3 տարբեր ժամկետ․ Կառավարության և Ազգային ժողովի կառավարող խմբակցության առաջադրած թեկնածուները նշանակվում էին 6 տարի ժամկետով, ընդդիմադիր խմբակցությունների առաջադրածները՝ 4 տարի ժամկետով, իսկ Բարձրագույն դատական խորհրդինը՝ 3 տարի ժամկետով։ Այս կարգով 2019-ի նոյեմբերին Ազգային ժողովը Հանձնաժողովի անդամ ընտրեց Կառավարության կողմից առաջադրված Լիլիթ Ալեքսանյանին (6 տարի ժամկետով), «Իմ քայլը» խմբակցության կողմից՝ Էդգար Շաթիրյանին (6 տարի), «Բարգավաճ Հայաստանի» կողմից՝ Նարեկ Համբարձումյանին (4 տարի), «Լուսավոր Հայաստանի» կողմից՝ Հայկուհի Հարությունյանին (4 տարի), Բարձրագույն դատական խորհրդի կողմից՝ Արամայիս Փաշինյանին (3 տարի)։ «Լուսավոր Հայաստանի» առաջադրած Հայկուհի Հարությունյանը նորաստեղծ Հանձնաժողովի առաջին նիստում ընտրվեց Հանձնաժողովի նախագահ, իսկ «Իմ քայլը» խմբակցության առաջադրած Էդգար Շաթիրյանը նույն օրը հրաժարվեց հանձնաժողովի անդամի պաշտոնից։ Հանձնաժողովի ձևավորումից ընդամենը 4 ամիս անց Կառավարությունը Ազգային ժողով բերեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նոր նախագիծ, որն էլ 2020 թ․ մարտի 25-ին ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Այս նախագծով, կարելի է ասել, վերադարձ էր կատարվում 2017 թվականին ընդունված օրենքով սահմանված՝ Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության կարգին։ Մասնավորապես, նշվում էր, որ Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձևավորում է մրցութային խորհուրդ։ Այս դեպքում, սակայն, մասնակի փոփոխվել էր Խորհրդի անդամներին նշանակող կառույցների ցանկը։ Ինչպես 2017 թ․ կարգավորմամբ էր, Խորհրդի անդամի թեկնածուներ կարող էին առաջադրել Մարդու իրավունքների պաշտպանը և Փաստաբանների պալատը, իսկ Սահմանադրական դատարանի նախագահի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների (կոնսենսուսով) և Հանրային խորհրդի փոխարեն Խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման լիազորություն էր տրվում Բարձրագույն դատական խորհրդին, Ազգային ժողովին (բոլոր խմբակցությունների կոնսենսուսով) և Կառավարությանը։ Ստացվում է, որ եթե խորհրդարանական կառավարման պայմաններում կառավարող ուժը և նրա ձևավորած կառավարությունը 2017 թ․ կարգավորմամբ որևէ կերպ չէին մասնակցում Խորհրդի ձևավորմանը, ապա հիմա Խորհրդի մեկ անդամի նշանակում է Կառավարությունը, իսկ կառավարող ուժը հնարավորություն ունի ազդելու Ազգային ժողովի կողմից մեկ այլ անդամի նշանակման գործընթացի վրա։   Մրցութային խորհուրդների ձևավորումն ու Հանձնաժողովի անդամի ընտրությունները «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում 2020 թ․ կատարված փոփոխությունից ավելի քան 1 տարի անց՝ 2021 թ․ փետրվարի 19-ին, ձևավորվեց Մրցութային խորհուրդը, որում Կառավարությունը նշանակել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանին, Ազգային Ժողովը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին, ԲԴԽ-ն՝ Արմեն Հարությունյանին, ՄԻՊ-ը՝ Միքայել Խաչատրյանին, Փաստաբանների պալատը՝ Իրինա Փիլոյանին։ Այս Խորհուրդը իր կողմից անցկացված մրցույթի հիման վրա 2021-ի մայիսի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրեց Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը: Վերջինս, սակայն, Ազգային ժողովի՝ հունիսի 4-ի փակ գաղտնի քվեարկությամբ չընտրվեց Հանձնաժողովի անդամ: Եվս մեկ մրցույթի անցկացման արդյունքում 2021 թ․ սեպտեմբերին Խորհուրդը Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջաջադեց Մարիամ Գալստյանին։ Վերջինս Ազգային Ժողովի կողմից ընտրվեց Հանձնաժողովի անդամ։ 2022 թ․ նոյեմբերի 19-ին լրացավ Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի պաշտոնավարման ժամկետը։ Քանի որ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվում է նոր Խորհուրդ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթը կազմակերպվում է Հանձնաժողովի մեկից ավելի անդամների պաշտոններում թեկնածուներ ընտրելու նպատակով, 2022 թ․ դեկտեմբերի 20-ին ձևավորվեց նոր Խորհուրդ։ Խորհրդի կազմում Կառավարությունը նշանակել էր Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանին, Ազգային Ժողովը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին, ԲԴԽ-ն՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանին, ՄԻՊ-ը՝ ՄԻՊ խորհրդական Ազգանուշ Թոթոլյանին, իսկ Փաստաբանների պալատը՝ Պալատի խորհրդի անդամ Մանե Կարապետյանին։ Խորհուրդը 2023 թ․ մարտի 23-ին մրցույթի հաղթող ճանաչեց Արամայիս Փաշինյանին։ Ապրիլի 12-ին Ազգային ժողովը վերջինիս կրկին ընտրեց Հանձնաժողովի անդամ։ 2023 թ․ նոյեմբերի 19-ին լրանում են Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի և Հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետները։  Քանի որ նույն անձը անընդմեջ կարող է մինչև երկու անգամ նշանակվել Հանձնաժողովի անդամ, նրանք ևս կարող են մասնակցել Հանձնաժողովի անդամի թեկնածուի մրցույթին։ Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը, ի թիվս այլ անհրաժեշտ փաստաթղթերի, ներկայացնում է նաև բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ, որում ներկայացված տվյալները ստուգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Այսինքն, կարող է լինել մի իրավիճակ, որ Հանձնաժողովը ստուգի մրցույթին մասնակցող իր ներկա կամ նախկին անդամների հարցաթերթիկները։ Ազգային Ժողովի նախագահի կարգադրությամբ 2023 թ․ սեպտեմբերի 8-ին արդեն ձևավորվել է Մրցութային խորհուրդ։    Ովքե՞ր են այժմյան մրցութային խորհրդում Ձևավորված նոր Խորհրդում Կառավարությունը կրկին առաջադրել է Վարչապետի աշխատակազի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանին։ Վերջինս շուրջ 15 տարի պաշտոնավարել է Պետեկամուտների կոմիտեի համակարգում։ 2019-2021-ին եղել է ԿԳՄՍ նախարարի խորհրդական։ Այդ ժամանակահատվածում նա հիմնականում աշխատել է Արայիկ Հարությունյանի հետ։ 2021-ին, երբ Հարությունյանը դարձավ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հովսեփյանը նշանակվեց նրա տեղակալ։  Ազգային ժողովը  Խորհրդում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին։ Նա 2005-2013 թթ. եղել է ՀՊՃՀ, 2007-2009 թթ.՝ Տնտեսագիտության և իրավագիտության համալսարանի դասախոս, 2014-2018 թթ. աշխատել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ մի շարք ծրագրերում, 2015-2018 թթ. եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանական թիմի անդամ և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ մի շարք ծրագրերի իրավաբան։ Ջուլհակյանը 2019-ից ԱԺ կառավարող խմբակցության անդամ է, իսկ դրանից առաջ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր։  Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է Արմինե Թումասյանին։ Թումասյանը ներկայումս Դատական դեպարամենտի դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության պետի պաշտոնակատարն է։ Դրանից առաջ նա եղել է Դատական դեպարտամենտի՝ Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստերի նախապատրաստ­ման և որոշումների նախագծերի մշակման բաժնի պետ։  Մարդու իրավունքների պաշտպանը առաջադրել է ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանին։ 2016-ի հոկտեմբերից մինչև 2019-ի ապրիլը Փիրումյանը եղել է ՄԻՊ խորհրդական։ Դրանից հետո եղել է Սահմանադրական դատարանում ՄԻՊ-ի ներկայացուցիչ և Պաշտպանի աշխատակազմի Հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար, նաև աշխատել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմում։ 2015 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում և Արդարադատության ակադեմիայում։ Փիրումյանը ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար է այս տարվա մայիսից։  Փաստաբանների պալատն էլ առաջադրել է պալատի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանին։ Վերջինս այդ պաշտոնին է  2021-ից։    Որոշողը, այնուամենայնիվ, քաղաքական մեծամասնությունն է Ինչպես և նախորդ երկու Խորհուրդների դեպքում, այս դեպքում ևս Ազգային ժողովն առաջադրել է իշխող խմբակցության պատգամավորի։ Եվս մեկ անդամի առաջադրել է կառավարող ուժի ձևավորած Կառավարությունը։ Ստացվում է, որ անկախ Խորհրդի ձևավորմանը մասնակցող այլ մարմինների առաջադրած՝ Խորհրդի անդամների վրա ազդեցության առկայությունից կամ բացակայությունից՝ Խորհրդի այս երկու անդամները անմիջականորեն կրում են կառավարող քաղաքական ուժի ազդեցությունը։ Բացի այդ, չնայած Մրցութային  խորհրդի գոյությանը, Հանձնաժողովի անդամի ընտրությունն ունի քաղաքական բաղադրիչ, և եթե կայացվի որոշում, քաղաքական մեծամասնությունը կարող է չընտրել թեկնածուին։ Նման նախադեպ արդեն եղել է․ ինչպես արդեն նշել ենք, 2021 թվականի մայիսին մրցութային խորհուրդը անցկացված մրցույթի հաղթող էր ճանաչել Տաթևիկ Բարսեղյանին, սակայն Ազգային ժողովը նրան չընտրեց հանձնաժողովի անդամ։  Հետևաբար, Խորհրդի կազմավորման, նրա միջոցով մրցութային եղանակով թեկնածուի առաջադրման ներկա կարգը չի նվազեցնում Հանձնաժողովի անդամ ընտրելու հարցում քաղաքական մեծամասնության հայեցողականությունը։ Ավելին՝ ձևավորման այս կարգով և լիազորությունների այս շրջանակով Խորհրդի առկայությունը որոշակիորեն կարող է նվազեցնել  քաղաքական ուժերի քաղաքական պատասխանատվությունը իրենց կողմից ընտրված Հանձնաժողովի անդամի գործողությունների համար ։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի կարծիքով, անկախ Հանձնաժողովի անդամի ընտրության մրցութային կարգից, քաղաքական մեծամասնությունը կրում է այդ ընտրության համար պատասխանատվություն։ «Միևնույն է, մեծամասնությունն է կրում պատասխանատվությունը, քանի որ թեկնածուի ընտրության ամենավերջում հենց ինքն է իր քվեարկությամբ ընտրում կամ մերժում Հանձաժողովի անդամի թեկնածուին։ Բացի սրանից՝ կառավարությունն ունի  հակակոռուպցիոն քաղաքականություն, և Հանձնաժողովն այդ քաղաքականության կատարող օղակ է, ու անկախ հանգամանքից՝ մրցութայինո՞վ է ընտրված Հանձնաժողովի անդամը, թե՞ քաղաքական ուժի կողմից, նա իրականացնելու է այդ պահի հակակոռուպցիոն ռազմավարությունը»,- նշում է Այվազյանը։  Վերջինիս համոզմամբ Հանձնաժողովի անդամի ընտրության մրցութային մեխանիզմը սկզբունքորեն ճիշտ ճանապարհ է․ այլ հարց է, թե որքանով է այս մեխանիզմը աշխատում։  «Օրինակ, մարդիկ կարող են չդիմել՝ ելնելով այն կարծրատիպից, որ ընտրվելու է այն մարդը, որին պաշտպանում է ՔՊ-ն, որը կապեր ունի ՔՊ-ի հետ։ Սա կանխարգելում է, որ իրական մրցույթ լինի։ Մրցութային եղանակի մեջ ես սխալ բան չեմ տեսնում․ միգուցե մրցույթը լավ չանցկացվի, լինեն բացթողումներ, բայց մրցույթը բերում է մրցակցություն, կարողունակությունների համեմատություն, ու այն, որ դա այսօր չի աշխատում, չի նշանակում, որ մրցութային կարգը սկզբունքորեն ճիշտ չէ»,- ասում է Սոնա Այվազյանը։    ԿԿՀ անդամին ներկայացվող պահանջները նվազեցվել են 2019 թվականին իրականացված փոփոխություններով նվազեցվել են նաև Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները։ 2017-ին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով Հանձնաժողովի անդամին ներկայացվում էին այն պահանջները, ինչ ԱԺ պատգամավորին։ Սա նշանակում է, որ Հանձնաժողովի անդամ կարող էին դառնալ 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում մշտապես ՀՀ-ում բնակվող, ընտրելու իրավունք ունեցող, հայերենին տիրապետող անձինք։  Բացի այդ՝ Հանձնաժողովի անդամը պետք է ունենար բարձրագույն կրթություն, առնվազն տասը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և ճանաչում: 2019-ին արված փոփոխություններով նախ դուրս է եկել Հանձնաժողովի անդամի՝ 25 տարին լրացած լինելու մասին պահանջը, ինչպես նաև վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու ու 4 տարի մշտապես ՀՀ-ում բնակվելու պահանջները։ Պահպանվել է ՀՀ քաղաքացի լինելու պահանջը։ Բացի այդ՝ 10 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժի փոխարեն այժմ բավարար է ունենալ 5 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 3 տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից): 2019-ի փոփոխություններով նաև սահմանվեց, որ Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է լինի բարձրագույն իրավաբանական կրթությամբ, իսկ մյուսը՝ բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ։  Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը,  որը դատապարտվել է հանցագործության կատարման համար՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից,  որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում,  որն ունի Կառավարության սահմանած ցանկով նախատեսված՝ դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն: Նշված սահմանափակումները փոփոխության չեն ենթարկվել։   Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան
11:28 - 31 հոկտեմբերի, 2023
Որպես եկամուտ չհայտարարագրված վարկեր, վրիպակներ՝ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատախազի հայտարարագրում

Որպես եկամուտ չհայտարարագրված վարկեր, վրիպակներ՝ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատախազի հայտարարագրում

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Միհրան Բուլղադարյանի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերում առկա են վարկերից, գույքի օտարումից ստացված, բայց որպես եկամուտ չհայտարարագրված գումարներ։ Բուլղադարյանը այս պաշտոնին նշանակվել է 2020 թվականի վերջին։ Մինչ այդ նա աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Բուլղադարյանը հայցվոր է հանդես գալիս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման այնպիսի գործերով, ինչպիսիք են Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանի, ՊԵԿ նախկին պաշտոնյա Վահրամ Գուրողլյանի գույքերին առնչվող գործերը։    Վարկեր, որոնք չեն հայտարարագրվել որպես եկամուտ Միհրան Բուլղադարյանի 2022 թվականի տարեկան հայտարարագրում տեսնում ենք, որ դատախազը «Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնում հայտարարագրել է 2 վարկերի մայր գումարների մնացորդներ։ Դրանցից մեկը 16.8 մլն դրամ է՝ բնակարանի ձեռքբերման համար, իսկ մյուսը` 187 հազար դրամ։ Նախորդ տարվա՝ 2021 թվականի տարեկան հայատարարագրում, սակայն, որևէ վարկի կամ փոխառության մայր գումարի մնացորդ լրացված չէ, ինչից հետևում է, որ նշված վարկերը ստացվել են 2022 թվականի ընթացքում։ Հաշվետու տարվա ընթացքում ստացված վարկերի գումարը Բուլղադարյանը պարտավոր էր հայտարարագրել հայտարարագրի եկամուտների բաժնում, այնինչ դա բացակայում է։ Նմանատիպ իրավիճակ է նաև դատախազի հոր՝ Արթուր Բուլղադարյանի հայտարարագրում։ Վերջինս 2022-ին հայտարարագրել է երկու վարկի մայր գումարի մնացորդ․ մեկը՝ 16.8 մլն դրամի չափով, մյուսը` 17.5 մլն դրամի չափով։ 2021 թվականի հայտարարագրում, սակայն, Արթուր Բուլղադարյանը հայտարարագրել է 5․3 մլն դրամի վարկի մայր գումարի մնացորդ՝ երկու վարկերից։ Հետևաբար, ստացվում է, որ 2022 թվականին մայր գումարի մնացորդ ունեցող երկու վարկերը ստացվել են հենց 2022 թվականի ընթացքում, և ստացված գումարը պետք է արտացոլվեր հայտարարագրի եկամուտների բաժնում, ինչը չի կատարվել։ «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցին պատասխանելով՝ դատախազը տեղեկացրել է, որ եկամուտների բաժնում դա չարտացոլելը եղել է տեխնիկական բացթողման արդյունք։    ԿԿՀ ներկայացված դիմում՝ վրիպակի ուղղման համար Միհրան Բուլղադարյանի հոր՝ Արթուր Բուլղադարյանի 2022 թվականի հայտարարագրում արտացոլված երկրորդ վարկի մայր գումարի մնացորդի՝ 17․5 միլիոն դրամի չափով գումար արտացոլված է նաև դատախազի մոր և եղբոր 2022 թվականի տարեկան հայտարարագրերում։  Միհրան Բուլղադարյանից հարցրել էինք՝ արդյո՞ք սա համատեղ վարկ է, թե՞ 3 առանձին վարկեր են, և ինչ նպատակով են օգտագործել ստացված գումարները։ Վերջինս պատասխանել է, որ նշված վարկը ստացվել է եղբոր՝ Մովսես Բուլղադարյանի բնակարանի գնման համար։ Միհրան Բուլղադարյանը նշել է նաև, որ այս վարկի համավարկառու են ոչ միայն իր հայրը, մայրը և եղբայրը, այլ նաև ինքը։  Պատասխանում նշվում է, որ թեև նշված վարկը դատախազի հայտարարագրում չի արտացոլվել, սակայն նշված վրիպակն ուղղելու համար դեռևս 2023 թվականի հունիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացվել է համապատասխան դիմում։  Նշենք, որ վրիպակն այս պահին դեռևս ուղղված չէ։   Անշարժ գույք՝  հանրային ծառայողներին բնակարանով ապահովելու ծրագրով Ե՛վ Միհրան Բուլղադարյանի, և՛ նրա հոր՝ Արթուր Բուլղադարյանի 2022 թվականի հայտարարագրերում առկա է հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդ նույն՝ շուրջ 16․8 միլիոն դրամի չափով, ինչպես նաև երկուսի՝ նույն տարվա հայտարարագրերում էլ առկա են տարվա ընթացքում կառուցապատող «Օրդ դեվելոփմենթ» ՍՊԸ-ին հանձնված փոխառություններ։ Միհրան Բուլղադարյանից հարցրել էինք, թե արդյո՞ք դրանք մեկ բնակարանի համար վճարված գումարներ են, թե՞ ձեռք են բերվել երկու առանձին բնակարաններ։  Քանի որ «Օրդ դեվելոփմենթ» ՍՊԸ-ն Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի կառուցապատողն է, հարցրել էինք նաև, թե արդյո՞ք բնակարանը ձեռք է բերվում այդ ծրագրի շրջանակներում։ Միհրան Բուլղադարյանը պատասխանել է, որ 2022 թվականի ընթացքում իր, հոր և մոր կողմից Հանրային ծառայողներին բնակարանով ապահովման ծրագրի շրջանակում վիճակահանությամբ նշված ընկերությունից ձեռք է բերվել բնակարան, որի ձեռքբերման համար ստացվել է հիփոթեքային վարկ։ Միհրան Բուլղադարյանը 2021 թվականին նույն «Օրդ դեվելոփմենթ» ընկերությանը  հանձնել է 3.6 մլն դրամի փոխառություն։ Դատախազը պատասխանել է, որ այս փոխառությունն ուղղված է եղել ավտոհանգրվանի ձեռքբերմանը, որը չի սպասարկվել հիփոթեքային վարկի միջոցով, և պայմանագիրը եղել է տարաժամկետ վճարման պայմանով։  Միհրան Բուլղադարյանի 2022 թվականի հայտարարագրում նշված է նաև, որ նա 2022 թվականի ընթացքում Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում համասեփականությամբ ձեռք է բերել անհատական բնակելի տուն։ Սա, հավանաբար, այն գույքն է, որ ընտանիքի անդամների համավարկառությամբ ձեռք է բերել դատախազի եղբայրը։ Բացի վերոնշյալներից՝ Միհրան Բուլղադարյանն ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում։   Չհայտարարագրված եկամուտ Ըստ 2022 թվականի տարեկան հայտարարագրի՝ Միհրան Բուլղադարյանի հայրը՝ Արթուր Բուլղադարյանը, 2022 թվականին 5.5 մլն դրամով վաճառել է իրեն պատկանող Honda մակնիշի մեքենան։ Թեպետ գործարքից ստացված գումարը պետք է արտացոլվեր հայտարարագրի եկամուտների բաժնում, այն բացակայում է։ «Ինֆոքոմ»-ի հարցին, թե ինչու է այս տվյալը բացակայում, Բուլղադարյանը չի պատասխանել։  «Ինֆոքոմ»-ը հարցում էր ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տեղեկանալու, թե արդյո՞ք հանձնաժողովն իրականացրել է դատախազի 2021 և 2022 թականների հայտարարագրերի վերլուծություն։ Հանձնաժողովը տեղեկացրել է, որ Բուլղադարյանի հայտարարագրերի վերլուծություն դեռևս չի իրականացրել։    Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան
21:30 - 30 հոկտեմբերի, 2023
Հաշվետու եմ միայն ԿԿՀ-ին․ Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը՝ իր հայտարարագրում առկա խնդրահարույց կետերի մասին

Հաշվետու եմ միայն ԿԿՀ-ին․ Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը՝ իր հայտարարագրում առկա խնդրահարույց կետերի մասին

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ Գարեգին Բեգոյանի գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի հայտարարագրերում կան մի շարք խնդրահարույց կետեր ու անհամապատասխանություններ։ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյան, սակայն, դրանց վերաբերյալ մեկնաբանություններ չի տալիս. ասում է՝ հաշվետու է միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։  Գարեգին Բեգոյանը եղել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ)՝ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչ, ՀՔԾ պետին առընթեր՝ հատկապես կարևոր գործերով քննիչ, Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնակատար, ապա՝ պետ։ Մինչ ՀՔԾ և Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխվելը Բեգոյանը եղել է ոստիկանության քննչական վարչության աշխատակից։    Փոխառություն «Յունիբանկ»-ին Գարեգին Բեգոյանը 2017 թականին Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր՝ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պարտականությունները ստանձնելու հայտարարագրում պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հանձնած փոխառություններ չի հայտարարագրել։ 2017 և 2018 թվականների տարեկան հայտարարագրերում ևս հարկային տարում հանձնած փոխառություններ չեն հայտարարագրվել։ Սակայն արդեն 2019-ի տարեկան հայտարարագրում տեսնում ենք, որ տարվա սկզբի դրությամբ Բեգոյանը հայտարարագրել է «Յունիբանկ»-ին հանձնած մոտ 12.3 մլն դրամի փոխառություն։ 2019 թվականի տարեկան հայտարարագրի «Հանձնված և վերադարձված փոխառություններ» բաժին Բանկին հանձնած վերոնշյալ փոխառության գումարը հետզհետե նվազել է՝ 2020-ի տարեվերջին կազմելով 10.6 մլն դրամ։  2020 թվականի տարեկան հայտարարագրի «Հանձնված և վերադարձված փոխառություններ» բաժին Ըստ Բեգոյանի 2021-ի տարեկան հայտարարագրի՝ 2021-ի տարեսկզբին հանձնած այս փոխառությունն ընդհանրապես անհետացել է։ Եթե փոխառությունը վերադարձվել է Բեգոյանին, ապա այն պետք է արտացոլվեր հայտարարագրի «Հանձնված և վերադարձված փոխառություններ» բաժնում, ինչպես նաև վերադարձված գումարի չափով փոփոխություն մտցներ հայտարարագրի այլ բաժիններում, ինչը տեղի չի ունեցել։ «Ինֆոքոմը» Գարեգին Բեգոյանին ուղղել էր հետևյալ հարցերը՝ Ե՞րբ է այս փոխառությունը հանձնվել «Յունիբանկ»-ին, և որքա՞ն է կազմել դրա սկզբնական գումարը։ Արդյո՞ք այս փոխառությունը վերադարձվել է։ Եթե այո, ապա ինչո՞ւ դա չի արտացոլվել հայտարարագրում։ Եթե չի վերադարձվել, ինչո՞ւ այն հայտարարագրված չէ։  Եթե վերադարձվել է, ի՞նչ ուղղություններով են ծախսվել փոխառության վերադարձված գումարները։ Բեգոյանը այս հարցերին չի պատասխանել։   Անհամապատասխանություններ 2017 թվականի երկու հայտարարագրերում Անհամապատասխանություն է առկա նաև Բեգոյանի 2017-ի երկու հայտարարագրերում։ Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր՝ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պարտականությունները ստանձնելու հայտարարագրի եկամուտների բաժնում պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Բեգոյանը հայտարարագրել է 13.5 միլիոն դրամի ստացված փոխառություն։  Պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի եկամուտների բաժին Այնինչ, նույն տարվա տարեկան հայտարարագրում նման գումարով եկամուտ հայտարարագրված չէ․ կա միայն 700 000  դրամի ստացված փոխառության մասին նշում։  2017 թվականի տարեկան հայտարարագրի եկամուտների բաժին Գարեգին Բեգոյանին հարց էինք ուղղել նաև այս մասին, թե ինչով է պայմանավորված տարեկան հայտարարագրում այս եկամուտը չարտացոլելը։ Վերջինս այս հարցին ևս չի պատասխանել։    Ավտոմեքենայի վաճառք՝ առանց գոյացած եկամուտի հայտարարագրման Գարեգին Բեգոյանը 2021-ին 5․7 մլն դրամով վաճառել է իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենան։ Գործարքի մյուս կողմը եղել է Նիկոլայ Ադլոյանը։ Տրանսպորտային միջոցի օտարումից ստացված եկամուտը, սակայն, չի արտացոլվել Բեգոյանի՝ հաշվետու տարվա եկամուտներում։  Այս մասին ևս հարց էինք ուղել Բեգոյանին, սակայն այն ևս մնացել էր անպատասխան։ Հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության ղեկավարը, պատասխանելով հայտարարագրում առկա տվյալների վերաբերյալ մեր հարցմանը, նշել էր, որ ներկայացրած տվյալների առնչությամբ հաշվետու է միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։    Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան
18:27 - 29 հոկտեմբերի, 2023
Բացակայող տվյալներ և վրիպակներ Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման վարչության պետի հայտարարագրերում

Բացակայող տվյալներ և վրիպակներ Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման վարչության պետի հայտարարագրերում

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետ Սիրո Ամիրխանյանի և նրա ընտանիքի անդամների՝ Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում առկա են մի շարք բացակայող տվյալներ, անհամապատասխանություններ և վրիպակներ։ Մինչ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետ դառնալը Սիրո Ամիրխանյանը եղել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ։    Տարեկան հայտարարագրում չհայտարարագրված եկամուտ Սիրո Ամիրխանյանը 2019-ին Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնական պարտականությունները ստանձնելու հայտարարագրում նշել է, որ տարվա սկզբից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ունեցել է 12.6 միլիոն դրամի եկամուտ՝ ստացված գույքի օտարումից։  Պաշտոնական պարտականությունները ստանձնելու հայտարարագրի ստացված եկամուտների բաժինը Նույն տարվա տարեկան հայտարարագրում, սակայն, Ամիրխանյանի՝  գույքի օտարումից ստացված 12.6 մլն դրամի եկամուտը արտացոլված չէ, փոխարենը արտացոլված է գույքի օտարումից ստացված 4 մլն դրամի եկամուտ։ 2019թ․ տարեկան հայտարարագրի եկամուտների բաժինը Եթե ավելի պարզ ներկայացնենք, պաշտոնը ստանձնելու պահին դատախազ Ամիրխանյանը ունեցել է գույքի օտարումից ստացված 12.6 մլն դրամի եկամուտ, որը պետք է արտացոլվեր նաև նրա տարեկան հայտարարագրում, բայց չի արտացոլվել։ Ամիրխանյանից հետաքրքրվել էինք՝ ինչ գույք է օտարել և օտարումից գոյացած միջոցներն ինչու չի արտացոլել 2019-ի տարեկան հայտարարագրում։ Ի պատասխան՝ նա տեղեկացրել է՝ 12․6 միլիոն դրամի չափով եկամուտ է ստացել գույքի օտարումից, որը հանդիսանում է գյուղատնտեսական գործունեությունից ստացված խնձոր և սալոր մրգերի վաճառքից ստացված գումար, որի մասին նշում է կատարվել հայտարարագրում, սակայն քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի հրապարակում հայտարարագրերի ամբողջական տարբերակը, այն չի երևում հրապարակված հայտարարագրից։  «Նշված եկամուտը գոյացել է 2018-ին ստացված բերքը մինչև պաշտոնը ստանձնելու օրը վաճառելու արդյունքում։ Միաժամանակ, 2019 թվականին վաճառվել է նաև այդ տարվա սալորի բերքը, որից ստացվել է 4 մլն դրամի եկամուտ։ 2019 թվականին ներկայացված հայտարարագրում նշվել է 4 մլն դրամ եկամուտ ստանալու մասին այն տրամաբանությամբ, որ արդեն իսկ 12.6 մլն դրամը նշվել է պաշտոնը ստանձնելու հայտարարագրում»,- բացատրել է Ամիրխանյանը։  Սակայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանվում է, որ տարեկան հայտարարագիրը ներկայացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար: Հետևաբար, անկախ նրանից՝ տվյալ տարվա ընթացքում ստացված եկամուտը հայտարարագրվել է մեկ այլ, տվյալ դեպքում՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում, թե ոչ, այն պետք է արտացոլված լինի տարեկան հայտարարագրում։    Հայտարարագրի «Հանձնած և վերադարձված փոխառություններ»  բաժնի սխալ լրացում Ո՛չ 2019 թվականին ներկայացված՝ պաշտոնի ստանձման հայտարարագրի «Հանձնած փոխառություններ» բաժնում, ո՛չ 2019 թվականի տարեկան հայտարարագրի «Հանձնած փոխառություններ» բաժնում (ո՛չ տարեսկզբի, ո՛չ էլ տարեվերջի դրությամբ) Սիրո Ամիրխանյանը չի հայտարարագրել հանձնած փոխառություններ։  Սակայն 2020 թվականի տարեկան հայտարարագրում տարեսկզբի դրությամբ հայտարարագրել է 58 միլիոն դրամի հանձնած փոխառություն։ Փոխառությունը ստացողը եղել է Լուսինե Այվազյանը։   2020թ․ տարեկան հայտարարագրի «Հանձնած և վերադարձված» փոխառությունների բաժինը «Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է, որ տարեկան հայտարարագրերում ներկայացվող տվյալները վերաբերվում են հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածին, հետևաբար տարվա վերջը դեկտեմբերի 31-ն է, իսկ տարվա սկիզբը՝ հունվարի 1-ը։ Նշվածից կարելի էր ենթադրել, որ Ամիրխանյանի հանձնած 58 միլիոն դրամի փոխառության գումարը ձևավորվել է 1 օրում՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից 2020 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում, քանի որ այս ընթացքում Ամիրխանյանի գույքի, դրամական միջոցների էական փոփոխություններ չեն եղել։ Պատասխանելով հանձնած փոխառության մասին հարցին՝ դատախազն ասել է, որ 58 միլիոն դրամի չափով փոխառության առկայությունը գրվել է «Տվյալ տարվա սկզբում առկա փոխառության գումարը և արժույթը» բաժնում, քանի որ նշված դաշտում լրացվում է, թե որքան գումար է տրվել հայտարարատու տարվա ընթացքում, և որքան՝ վերադարձվել։ Հայտարարագրի լրացվող տարբերակում այլ դաշտեր չեն եղել, որպեսզի ներկայացվեն տրված փոխառության վերաբերյալ տվյալները։ Սակայն 2020 թ․ հայտարարագրի «Հանձնած և վերադարձված փոխառություններ» բաժնում հստակ նշված են երկու սյուներ, որոնցից մեկում պետք է արտացոլվեր տվյալ տարվա սկզբում առկա փոխառության գումարը, որն, ըստ Սիրո Ամիրխանյանի պատասխանի, 0 է եղել, իսկ մյուսում՝ տարվա վերջում առկա փոխառության գումարը։ Ամիրխանյանը նաև փոխանցել է, որ փոխառությունը տրամադրվել է 2020-ի հունիսին։ Փոխառություն ստացողը՝ Լուսինե Այվազյանը, նրա ընկերոջ կինն է։  Սիրո Ամիրխանյանը 2020 թվականի ընթացքում ունեցել է շուրջ 47․7 միլիոն դրամի եկամուտ, որից 33 միլիոն դրամը նվիրատվություն է՝ ստացված հորից՝ Հրաչ Ամիրխանյանից։ Տարվա ընթացքում շուրջ 20․4 միլիոն դրամով էլ նվազել են Սիրո Ամիրխանյանի առկա դրամական միջոցները։ Եկամուտների և դրամական միջոցների դիտարկումից ստացվում է, որ նա տարվա ընթացքում ծախսել է 68․1 միլիոն դրամ։  Մենք Ամիրխանյանին հարց էինք ուղղել, թե ինչ ուղղություններով է ծախսվել նշված գումարը, եթե այն չի դարձել գույք, հանձնած փոխառություն, ավանդ, կամ դրանով չեն համալրվել առկա դրամական միջոցները։ Նա պատասխանել է, որ 2020 թվականի ընթացքում 58 միլիոն դրամի չափով տրամադրվել է փոխառություն, իսկ մնացած ծախսերը կրել են մանր կենցաղային բնույթ։ Այսպիսով, հանձնված 58 միլիոն դրամի փոխառության գումարը հիմնավորված է օրինական եկամուտներով, բայց պետք է արտացոլվեր միայն տարավերջի դրությամբ, իսկ տարեսկզբին այն պետք է լիներ 0 դրամ։   Հանձնած փոխառություն կամ անշարժ գույք, որը չի հայտարարագրվել Ըստ 2022 թվականի տարեկան հայտարարագրի՝ 2022 թվականին Սիրո Ամիրխանյանի եկամուտները կազմել են 72.5 մլն դրամ։ Դրանից շուրջ 10.7 մլն դրամը եղել է աշխատավարձ, 49.3 մլն դրամը՝ վարկ «Ամերիաբանկ»-ից, 3 միլիոն դրամը՝ տրանսպորտային միջոցի օտարումից ստացված եկամուտ, 1.4 մլն դրամը ստացվել է Ֆինանսների նախարարությունից (սա հավանաբար եկամտահարկի վերադարձի գումար է), 5 հազար ԱՄՆ դոլարը փոխառության դիմաց ստացած տոկոսներ են, և 14․5 հազար ԱՄՆ դոլար Սիրո Ամիրխանյանը կրկին նվիրատվություն է ստացել հորից՝ Հրաչ Ամիրխանյանից։   2022 թ․ տարեսկզբին Ամիրխանյանը ունեցել է ավելի քան 118 հազար ԱՄՆ դոլարի ավանդ, որը տարեվերջի դրությամբ դարձել է կանխիկ։ Բացի այդ՝ տարեսկզբին ունեցել է 28 միլիոն դրամի կանխիկ։ Այս 28 միլիոն դրամից և տարվա ընթացքում ստացած 72․5 միլիոն դրամի եկամուտներից  առավելագույնը 18․1 միլիոն դրամը դարձել է կանխիկ ԱՄՆ դոլար (35 017 ԱՄՆ դոլար), 0․3 միլիոնն ուղղվել է բանկային հաշվում առկա դրամական միջոցների համալրմանը, 12․8 միլիոնն ուղղվել է վարկի մարմանն ուղղված վճարումներին, մոտ 5․6 միլիոնն ուղղվել է անշարժ գույքի ձեռքբերմանը։ Արդյունքում ստացվում է, որ 2020 թվականի ընթացքում Սիրո Ամիրխանյանն ունեցել է շուրջ 63․6 միլիոն դրամի ծախս, որը որևէ կերպ արտացոլված չէ հայտարարագրում։  Ամիրխանյանից հարցրել էինք, թե ինչ ուղղություններով են իրականացվել այս ծախսերը, և արդյո՞ք դրանք չեն իրականացվել հայտարարագրման ենթակա ուղղություններով և չափերով։ Պատասխանում նա հայտնել է, որ բացի մեր նշած ծախսերից՝ 14․5 հազար դոլարի (5.6 միլիոն դրամ) նվիրատվություն է տվել իր հորը՝ Հրաչ Ամիրխանյանին։ Միաժամանակ նա նշել է, որ եկամտի մեջ ներառված է նաև անշարժ գույքի գնման իրավունքի ձեռքբերման նպատակով ստացված վարկը՝ շուրջ 49․3 միլիոն դրամի չափով, որը բանկը փոխանցել է կառուցապատող ընկերությանը, այսինքն՝ այդ գումարը նույնպես ծախսվել է։ Սիրո Ամիրխանյանը նաև հավելել է, որ նշվածից բացի՝ կատարված ծախսերը եղել են կենցաղային բնույթի և չեն գերազանցել 2 միլիոն դրամը (միանվագ)։ Այստեղ կարևոր է նշել, որ անշարժ գույքի գնման նպատակով կառուցապատող ընկերությանը փոխանցված գումար պետք է արտացոլված լիներ հանձնված փոխառությունների բաժնում, եթե կառուցապատողը դեռևս գույքը չի հանձնել գնորդին։ Եթե գույքը արդեն հանձնվել է գնորդին, ապա դրա մասին նշում պետք է լիներ անշարժ գույքի բաժնում։ Նշված երկու բաժիններից ոչ մեկում այս գործարքի մասին նշումներ առկա չեն։   Կանխիկով պահվող խոշոր դրամական միջոցներ Սիրո Ամիրխանյանը իր դրամական միջոցների մեծ մասը պահում է կանխիկ եղանակով։ 2019 թվականին նա հայտարարագրել են 24․5 միլիոն դրամի կանխիկ, 2021-ին՝ 28 միլիոն դրամի, 2022-ին՝ ավելի քան 156 հազար դոլարի։  Կանխիկ դրամական միջոցներ պահելու նախասիրություն ունեն նաև Սիրո Ամիրխանյանի ընտանիքի անդամները։ Նրա հայրը՝ Հրաչ Ամիրխանյանը, 2019 թվականին հայտարարագրել է 30 միլիոն դրամի կանխիկ, 2021 թվականին՝ 26 միլիոն դրամի։ Ամիրխանյանի ընտանիքի անդամներից Թագուհի Պողոսյանը 2021 թվականին հայտարարագրել է 24 միլիոն դրամի կանխիկ։ Այսպիսով, չնայած նրան, որ ՀՀ կառավարությունը տևական ժամանակ է որդեգրել է կանխիկի շրջանառությունը սահմանափակող և անկանխիկ գործառնությունները խրախուսող քաղաքականություն, պետական պաշտոնյան և նրա ընտանիքի անդամը շարունակում են իրենց դրամական միջոցների մեծ մասը պահել կանխիկ։ Բացի այդ՝ դրամական միջոցները կանխիկ պահելը և շրջանառելը կարող է էականորեն նվազեցնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հնարավորությունները հայտարարագրերի ստուգման ու վերլուծության համատեքստում։    Բացակայող տվյալներ՝ ընտանիքի անդամների հայտարարագրերում Սիրո Ամիրխանյանի ընտանիքի անդամների հայտարարագրերում ևս որոշ վրիպակներ են առկա։  Թագուհի Պողոսյանը 2019-ի տարեվերջի դրությամբ հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 1 առանձնատուն Դավիթաշեն վարչակա շրջանում և 3 հողամաս Արագյուղում։  2020-ի տարեսկզբին, սակայն, այս գույքերից մնացել են միայն Արագյուղի 2 հողամասերը։ Հայտարարագրում նշումներ չկան՝ մյուս երկու գույքը ինչ ճակատագրի են արժանացել՝ վաճառվե՞լ են, նվիրաբերվե՞լ, եթե վաճառվել են, ի՞նչ գնով։ Սիրո Ամիրխանյանի հայրը՝ Հրաչ Ամիրխանյանը, 2021 թվականին 5 մլն դրամով վաճառել է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա։ Այս գործարքից ստացված եկամուտը, սակայն, հայտարարագրի եկամուտների բաժնում արտացոլված չէ։ Անդրադառնալով ընտանիքի անդամների հայտարարագրերի այս բացթողումներին՝ Ամիրխանյանը նշել է, որ  դրանք ներկայացվել են նրանց կողմից, և հետևաբար՝ նշված հարցերի պարզաբանման նպատակով հարկավոր է դիմել նրանց։   Հեղինակ՝ Մկրտիչ ԿարապետյանՏվյալների լրագրող՝ Կատյա Մամյան
16:59 - 29 հոկտեմբերի, 2023
«Խիղճս չտվեց՝ իրենց մենակ թողնեմ». 25 հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց Արցախից Հայաստան տեղափոխած բուժքույրը

«Խիղճս չտվեց՝ իրենց մենակ թողնեմ». 25 հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց Արցախից Հայաստան տեղափոխած բուժքույրը

Բուժքույր Նուբար Աթայանը Արցախի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժում ստացող 25 անձանց Ստեփանակերտից ավտոբուսով միայնակ տեղափոխել է Գորիս։  Ադրբեջանական հարձակման երրորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին, Նուբարի (բուժառուները նրան Նունե են անվանում) հերթապահության օրն է եղել. «Այդ օրը թուրքերը նորից սկսեցին կրակել Կրկժանից, ձայները լսվում էին հիվանդանոցում։ Հիվանդները, իրենց մահճակալներից բռնված, վախենում էին ու դողում։ Ճաշի ժամանակ կանչում էի, որ գան ճաշը ուտեն, մի կերպ էինք բերում ճաշարան, չէին ուզում։ Ժամը չորսի կողմերը մի քիչ խախանդվեց․․.»,- պատմում է տիկին Նունեն։   Արցախում հոգեկան առողջության մեկ կենտրոն էր գործում՝ Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերը, որտեղ հարձակման պահին բուժվում էին 31 անձ։ Ըստ բուժքրոջ՝ կենտրոնի բուժառուներից ոչ բոլորն ունեին հոգեկան առողջության ծանր խնդիրներ. նրանցից ոմանք ընկալում էին իրավիճակը, հետևում նորություններին, հարցուփորձ անում ռազմական գործողությունների մասին։  Սեպտեմբերի 25-ին տիկին Նունեն կրկին գնացել է հերթապահության ու գլխավոր բժշկից իմացել, որ այդ օրը գուցե հնարավոր լինի բուժառուների համար ավտոբուս գտնել և տեղափախել Հայաստան․ «2020 թվականի հոկտեմբերի 4-ին էլի իմ հերթապահության օրն էր, որ հիվանդներին տեղափոխեցինք Սևանի հոգեբուժարան։ Էս անգամ էլ էլի նույն հիվանդներն էին, որ մեկ անգամ արդեն անցել էին էդ ամենի միջով։ Երևի ճակատիս գրված ա․․․»։  Բուժառուների տեղափոխումը, սակայն, հետաձգվել է, որովհետև այդ օրը պայթել է Ստեփանակերտի վառելիքի պահեստը, հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել։ Պատկան մարմինների ողջ ուշադրությունը կենտրոնացած է եղել նոր աղետի հետևանքները կառավարելու վրա։ Այդ ընթացքում հոգեկան առողջության կենտրոնի տնօրենն ու բուժաշխատողները տարբեր պատճառներով լքել էին հաստատությունը, և այնտեղ մնացել էին տիկին Նունեն, 72-ամյա սանիտարը և 31 բուժառուները։  Նուբար Աթայանը «Սանիտարի սիրտը վիրահատած էր, դեղերը չէր բերել, արդեն զգացի, որ լավ չի, հիվանդներին ասեցի՝ տեսնո՞ւմ եք, որ լավ չի զգում, դուք պիտի ինձ օգնեք, որ էստեղի գործը անենք»,- հիշում է տիկին Նունեն և ավելացնում, որ բուժառուներն օգնում էին իրեն մաքրել հաստատությունը, ուտելիք պատրաստել, մեկը մյուսի նկատմամբ հոգ տանել։  Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, տիկին Նունեն սանիտարին խնդրել է տուն գնալ, իսկ ինքը բուժառուների հետ մնացել է մենակ։ Հետո սկսել է կապ հաստատել բուժառուների հարազատների հետ, խնդրել, որ ով հնարավորության ունի, իր հարազատին տանի հաստատությունից։ 6 բուժառուներ Արցախից դուրս են եկել հարազատների ուղեկցությամբ, իսկ հիվանդանոցում մնացած 25-ին Հայաստան պետք է ուղեկցեր տիկին Նունեն։  «Շատ անհանգիստ վիճակում գտնվող հիվանդ ունեինք, թույլ, փորլուծությամբ հիվանդներ․․․ Էդ կարգավիճակում ամսի 25-ի առավոտյան հերթապահությունս ընդունել եմ, ու մինչև սեպտեմբերի 27-ի ժամը հինգը խիղճս թույլ չտվեց, որ իրենց մենակ թողնեմ։ Մնացի մոտները։ Ասում էի, որ ինձ ջղայնացնեք, կթողնեմ, դուրս կգամ, գալիս էին, գրկում՝ չէ՜, մնա մոտներս, հույս տուր մեզ, մնա մոտներս։ Մնացի, ի՞նչ անեմ, մնացի իրենց կողքին»,- պատմում է բուժքույրը։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան հաստատության գլխավոր բժիշկը զանգել է տիկին Նունեին ու ասել, որ պատրաստվեն, կես ժամից մեքենա կգա իրենց հետևից։ Տիկին Նունեն երեք կաթսա ճաշ է պատրասել ու հավաքել դեղերը, բուժառուների վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, հագուստ ու անհրաժեշտ պարագաներ։  «Ավտոն եկավ, շոֆերը որ տեսավ ինձ, ասեց՝ դու մենակո՞վ պիտի գաս էսքան հիվանդի հետ։ Ասեցի՝ հա, ինքն էլ, թե՝ չէ, մեղկ ես, դու էլ ես մեղկ, ես էլ եմ մեղկ, դժվար կլինի մեզ համար»,- պատմում է տիկին Նունեն։  Վարորդը նրան խորհուրդ է տվել գնալ Հանրապետական հիվանդանոց, խնդրել, որ ավտոբուսն ուղեկցող շտապօգնության մեքենաներ տրամադրեն, որ հնարավորինս արագ հասնեն Գորիս։ Հանրապետական հիվանդանոցում, սակայն, տիկին Նունեին ասել են, որ շտապօգնության մեքենաները հաջորդ օրն են ուղևորվելու Գորիս, իսկ մեկ օր ավել սպասել հնարավոր չէր։  Հիվանդանոցում տիկին Նունեին է մոտեցել նաև Արցախի առողջապահության նախարարը. «Մեր նախարարը մոտեցավ, ներկայացա, ասեց՝ մենք էլ ուզում էինք տեսնել՝ բա դուք որտեղ եք, ինչ եք արել, ինչ չեք արել, ես էլ ասում եմ՝ էս հոգեբուժարանում բա ոնց են արել, ինչ են արել, լավ ա, որ եկել հասել ես»։ Այրվածքներ ստացած քաղաքացիներին տեղափոխելու համար ժամանած ուղղաթիռների վայրէջքի հետևանքով հոգեկան առողջության կենտրոնի ապակիներն ու հայելիները կոտրվել էին, ու բուժառուների այնտեղ մնալն արդեն վտանգավոր էր։  «Ահավոր վիճակում նայեցի կողքերս, տեսա՝ Կարմիր խաչի աշխատողները էնտեղ կանգնած են։ Վազելով հասա նրանց մոտ, չոքեցի, խնդրեցի, աղաչեցի մեզ օգնել։ Կարմիր խաչի աշխատողը գրկեց, բարձրացրեց, քանի անգամ գլխուս պաչում ա, ասում ա՝ վայ, ինչի ես էդպես բան անում, քեզ անպայման կօգնենք»,- պատմում է տիկին Նունեն։  Կարմիր խաչի աշխատակիցները խնդրել են բուժառուների ցանկը, այնուհետև կապ հաստատել Ադրբեջանի գործընկերների հետ ու համաձայնեցրել բուժառուների տեղափոխումը՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ։  «25 հիվանդ էր, մարդ կար, որ պիտի պառկեր։ Ավտոբուսում տեղը քիչ էր, մտածեցի՝ դոշակ դնեմ գետնին, որ մի քանիսը նստեն, բայց չէ, էն լավ վիճակում գտնվող հիվանդները հերթափոխով կանգնեցին, երեք ժամում եկանք հասանք Գորիս»,- պատմում է բուժքույրը։ Տիկին Նունեն հիշում է, որ բուժառուներին խնդրել էր լսել իրեն, չխանգարել, փոխարենը խոստացել էր, որ Հայաստան հասնելուն պես ինչ ցանկանան, կգնի․ «Հարցնում էին՝ բա որ հասնենք Գորիս, մեզ համար ի՞նչ ես առնելու։ Բլոկադայի ժամանակ շատ բաներ չկային։ Տղամարդիկ ծխախոտ էին շատ ուզում, հիվանդ կա՝ խնդրել էր մառոժնի առնեմ իր համար։ Որ հասանք, երկու հոգու 2000-ական դրամ տվեցի, ասեցի՝ հենց տեղ հասնեք, կառնեք ձեր ուզածը»։  Գորիսի հիվանդանոցից  շտապօգնության 6 մեքենաներով բուժառուներին տեղափոխել են Ավանի, Նուբարաշենի ու Սևանի հոգեկան առողջության կենտրոններ։  Գորիսում տիկին Նունեն հրաժեշտ է տվել բուժառուներին, բայց նրանց հետ շարունակում է կապ պահել։ Բուժառուներից մի քանիսն ամեն օր զանգում են, պատմում՝ ինչպես է անցնում իրենց օրը, ու անպայման հարցնում, թե երբ է այցելելու իրենց։  Զրույցի ընթացքում տիկին Նունեին առաջարկեցի միասին այցելել Ավանի հոգեկան առողջության կենտրոն՝ այնտեղ գտնվող բուժառուներին տեսության։ Այդ մտքից նրա դեմքին ոգևորություն հայտնվեց։ Օրեր անց տիկին Նունեի հետ ուղևորվեցինք դեպի Ավանի հոգեկան առողջության կենտրոն։  Տիկին Նունեն խնդրեց առանձին զրուցել բուժառուներից մի քանիսի հետ, իսկ մյուսներից հետաքրքրվում էր, թե հարմարվել են արդյոք նոր պայմաններին, ինչպես են իրենց զգում։  Ավանի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Արա Երեմյանը տեղեկացրեց, որ Արցախից իրենց մոտ տեղափոխված բուժառուների մեծ մասն առանց անձը հաստատող փաստաթղթի է բերվել։ Տիկին Նունեն նրանց փաստաթղթերին հասանելիություն չի ունեցել։ Նրանք կենտրոնում կմնան այնքան ժամանակ, մինչև հստակեցվի ախտորոշումը, հիվանդության ծանրությունը և բուժման վարման հետագա ընթացքը։ Ավելի ուշ՝ նրանցից որոշները գուցե տեղափոխվեն այլ հոգեկան առողջության կենտրոններ, որոշներն էլ ուղղորդվեն ամբուլատոր բուժման։  Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերում հաշվառված է եղել 2000-ից ավելի բուժառու՝ հոգեկան առողջության և ալկոհոլային կախվածության խնդիրներով։ Նրանցից մոտ 40-ը ստանում էին ստացիոնար բուժում։ ՀՀ Առողջապահության նախարարությունից ստացած տվյալների համաձայն՝ իրենց ենթակայության հոգեկան  առողջության կենտրոններ Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերից տեղափոխվել է 25 բուժառու, որից 8-ը՝ կին, 17-ը՝ տղամարդ։ Նրանք 25-80 տարեկան են։  Նախարարությունից հայտնում են նաև, որ հոկտեմբերի 13-ի դրությամբ ՀՀ հոգեկան առողջության կենտրոններում հաշվառվել և բժշկական սպասարկում են ստանում Արցախից բռնի տեղահանված 69 բուժառու։ Նրանցից 27-ը բուժվում է Ավանի, 24-ը՝ Սևանի հոգեկան առողջության կենտրոններում, իսկ 18-ը՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում: Նուբար Աթայանը Ավանի հոգեկան առողջության կենտրոնում   Որտեղ է ապրում տիկին Նունեն հիմա Նուբար Աթայանը ծնվել է Շուշիում, արցախյան առաջին պատերազմի ժամանակ կորցրել են տունն ու տեղափովել Ստեփանակերտ, նոր կյանք սկսել։ 90-ականներին՝ Շուշիի ազատագրումից հետո, վերադարձել են իրենց տուն և վերականգնել այն։ Երբ տիկին Նունեն ամուսնացել է, տեղափոխվել է Մարտակերտ, ապա՝ Ստեփանակերտ։ Հոգեթմրաբանական դիսպանսերում նա աշխատել է շուրջ 27 տարի։ 2003 թվականին՝ ամուսնու մահից հետո, միայնակ մեծացրել է դստրերին, խնամել ամուսնու ծնողներին։  2023-ի սեպտեմբերին՝ Հայաստան տեղափոխվելուց հետո, նա պահում է կապը հարևանների հետ, հաճախ են զրուցում, հիշում շրջափակման օրերը, երբ չնայած դժվարություններին՝ մարդիկ ջերմ ու հոգատար էին միմյանց հանդեպ. «Մեկ-մեկ հարևանները զանգում են, ասում են՝ էնքան կուզեինք, որ էն մթնում լինեինք, հացի հերթում լինեինք, բայց մեր տանը լինեինք, շատ ենք կարոտում…»։ Գորիսից բուժառուներին ճանապարհելուց հետո տիկին Նունեն այցելել է Սիսիանում ապրող դստերն ու թոռներին, հետո փոքր աղջկա և քրոջ տղայի ընտանիքի հետ տեղափոխվել Մասիս քաղաք։ Վարձել են 2 սենյականոց բնակարան, ամսական վարձը՝ 200 հազար դրամ։ Նախապես ստիպված են եղել վճարել 600 հազար դրամ կանխավճար։ Այդ տանը տիկին Նունեն ապրում է դստեր, մոր, քրոջ տղայի, նրա կնոջ ու չորս անչափահաս երեխաների հետ։ Նրա քույրն ապրում է Ռուսաստանում, հարցրի՝ ուզու՞մ են մնալ Հայաստանում. «Եթե տունը ճարենք, գործ ճարենք, պիտի մնանք, բա ինչ պիտի անենք, պիտի մնանք»,- պատասխանեց նա։  Տեղահանության օրերին Արցախից կարողացրել են վերցնել միայն հագուստ, ամուսնու և քրոջ զոհված որդու լուսանկարները։  Տիկին Նունեն շատ է կարոտում իր տունը, բայց ավելի շատ տխրում է, որ ամուսնու ու հարազատների գերեզմաններն Արցախում մնացին. «էն եքա տնից երկու նկար, մի քանի շոր ենք վերցրել։ Վերջ։ Տունը էլի կսարքենք, բայց մեր գերեզմանները մնացին։ Իրենց մենակ թողեցինք․․․»։ Լյուսի Մանվելյան
19:36 - 26 հոկտեմբերի, 2023
Ի՞նչ է սպասվում Արցախի կալանավորներին և դատապարտյալներին. իրավապահները խուսափում են մեկնաբանել, իրավաբանները՝ լուծումներ փնտրում

Ի՞նչ է սպասվում Արցախի կալանավորներին և դատապարտյալներին. իրավապահները խուսափում են մեկնաբանել, իրավաբանները՝ լուծումներ փնտրում

Բռնի տեղահանման օրերին Արցախի Հանրապետության կալանավորների եւ դատապարտյալների ազատ արձակվելու եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու վերաբերյալ մի շարք հարցեր դեռեւս մնում են չպարզված։ Թե իրավական ինչ ընթացակարգերի շրջանակում են անձինք ազատվել, պատկան մարմինները պաշտոնապես չեն մանրամասնում։ Մեզ հայտնի է, որ որոշներն ազատվել են Արցախի իրավապահ մարմինների որոշումներով, որոշները, ըստ մամուլի հրապարակումների՝ դատարանի որոշումներով, մյուսները՝ առանց որեւէ իրավական հիմքի։ Բոլոր դեպքերում խնդիրն ունի երկու դիտանկյուն․ մի կողմից հասկանալի է, որ ստեղծված արտակարգ իրադրությամբ պայմանավորված՝ հնարավոր չէր Արցախում շարունակել անձանց անազատության մեջ պահել, մյուս կողմից նրանց՝ Հայաստանում ազատության մեջ գտնվելը կարող է հասարակական եւ ազգային անվտանգության տեսանկյունից խնդրահարույց լինել։ Հիշեցնենք, որ ազատ արձակված անձանց շրջանում կան պետական դավաճանության մեջ մեղադրվող եւ մեղավոր ճանաչված անձինք։  Եթե կալանավորների պարագայում գործում է անմեղության կանխավարկածը, եւ նրանց անազատության մեջ պահելը պայմանավորված է քրեական գործերի քննության շահով, ապա դատապարտյալների դեպքում իրավիճակն այլ է․ վերջիններս դատարանի վճռով մեղավոր են ճանաչվել հանցանք կատարելու մեջ եւ դատապարտվել ազատազրկման նաեւ հանրության համար վտանգ ներկայացնելու պատճառով։ Հետեւաբար պետք է հասկանալ, թե ինչպես են Հայաստանում շարունակվելու հիշյալ անձանց վերաբերյալ քրեական վարույթները եւ պատժի կրումները կամ ընդհանրապես դրանք շարունակելու հնարավորություն կա՞, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ գործ ունենք երկու տարբեր պետությունների եւ երկու տարբեր օրենսդրությունների հետ։ «Ինֆոքոմ»-ը փորձել է պատասխանատու կառույցներից եւ մասնագետներից ստանալ թեմային վերաբերող հարցերի պատասխաններ։ ՀՀ ՔԿՀ-ներում պահվում են Արցախի միայն 3 կալանավոր եւ 17 դատապարտյալ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության (ՀՀ ԱՆ ՔԿԾ) փոխանցմամբ՝ 2022 թ․ դեկտեմբերից մինչ օրս Արցախից Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ) կալանավորված կամ դատապարտված անձինք չեն տեղափոխվել, այդպիսիք Արցախի տարածքում եղել են, թե ոչ՝ ՔԿԾ-ից նշել են՝ տեղեկություններ չունեն։ ՔԿԾ-ից տեղեկություններ էինք խնդրել նաեւ 2022 թ․ դեկտեմբերին՝ Լաչինի միջանցքի շրջափակմանը նախորդած ժամանակաշրջանի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում կորսվել է Արցախի միակ՝ Շուշիի ՔԿՀ-ն։ Ի պատասխան հայտնել են, որ 2020 թ․ հոկտեմբերից մինչեւ 2022 թ․ դեկտեմբեր Արցախի ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանից եւ քրեակատարողական հիմնարկից Հայաստան է տեղափոխվել 81 ազատազրկված անձ, որոնցից 17-ը՝ դատապարտյալ, 64-ը՝ կալանավորված անձ։ Նրանք պահվել են ՀՀ ԱՆ «Գորիս», «Նուբարաշեն», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց» եւ «Սեւան» ՔԿՀ-ներում։ Ներկայում, ըստ ՔԿԾ-ի, Հայաստանում շարունակվում են պահվել հիշյալ 17 դատապարտյալները եւ կալանավորներից միայն 3-ը․ թե երբ եւ ինչ հանգուցալուծում են ստացել մնացած 61 կալանավորների վերաբերյալ վարույթները, ՔԿԾ-ից չեն մանրամասնել։ Միայն նշել են, որ մինչեւ 2022թ. դեկտեմբերը հիշյալ կալանավորները Արցախի ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման կողմից պարբերաբար տեղափոխվել են Արցախի դատարաններ՝ դատական նիստերին մասնակցելու նպատակով: Ենթադրվում է, որ հետագայում կա՛մ նրանց խափանման միջոցները փոփոխվել են, կա՛մ գործերի քննությունն ավարտվել է, եւ նրանք մնացել են Արցախում։ Արցախից Հայաստան տեղափոխված անձանց պահման համար ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ հատկացումներ չեն արվել, նրանց պահման հետ կապված ծախսերը կատարվել են ՀՀ ԱՆ ՔԿԾ՝ 2022-2023 թթ հատկացված միջոցների հաշվին: ՀՀ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը խուսափում են տեղեկություններ տրամադրել Թեմային առնչվող գրավոր հարցումներ էինք ուղարկել նաեւ Ազգային անվտանգության ծառայությանն ու ՆԳՆ ոստիկանությանը։ Մասնավորապես, նախ հետաքրքրվել ենք՝ տեղեկացվա՞ծ են արդյոք 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Արցախում պահվող կալանավորների եւ դատապարտյալների ազատ արձակվելու եւ Հայաստան մուտք գործելու վերաբերյալ։ Եթե այո, խնդրել էինք տրամադրել այդ անձանց թվի եւ մեղսագրվող հանցանքների վերաբերյալ տեղեկություններ։ Դրանից բացի, խնդրել էինք տրամադրել տվյալներ նաեւ 2020-2022 թթ ընթացքում Հայաստան տեղափոխված կալանավորների եւ դատապարտյալների վերաբերյալ։ ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը խնդրել էինք նաեւ գնահատել այդ անձանց ազատումները համապատասխանաբար ազգային անվտանգության եւ հասարակական անվտանգության տեսանկյունից եւ մանրամասնել, թե ինչ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։ ԱԱԾ-ից պատասխանել են, որ հարցմամբ պահանջվող տեղեկատվության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն, իսկ Ոստիկանությունից առաջարկել են դիմել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ հավելելով, որ պահանջվող տեղեկությունների տրամադրումը դուրս է իրենց լիազորությունների շրջանակից։  Մինչդեռ հիշյալ անձանց՝ Արցախից Հայաստան տեղափոխման վերաբերյալ տեղեկություններ չունենալու դեպքում անգամ խնդիրը դուրս չէ ո՛չ ԱԱԾ-ի եւ ո՛չ էլ Ոստիկանության լիազորությունների շրջանակից, որովհետեւ անձի, հասարակության ու պետության անվտանգությունն ապահովելը ԱԱԾ-ի՝ օրենքով նախատեսված պոզիտիվ պարտականությունն է, իսկ հասարակակական անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը՝ Ոստիկանության պարտականությունը։ Ուստի ՀՀ քաղաքացին կարող է ողջամտորեն ակնկալել տեղեկություն, թե ստեղծված իրավիճակում ինչ քայլեր են վերջիններս ձեռնարկում իր անվտանգության պահպանման ուղղությամբ։ Ընդ որում, երկու կառույցներին հարցեր էինք հղել նաեւ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) մասին, որոնց հասցեատերը դարձյալ իրենք են։ Այս համակարգում են ներառվում այն անձանց տվյալները, որոնց տարբեր քրեական վարույթների շրջանակում արգելվում է բացակայել Հայաստանից։ Ըստ Կառավարության որոշման՝ ԱԱԾ-ն համակարգի շահագործումն ու սպասարկումն իրականացնող մարմինն է, Ոստիկանությունը՝ տվյալներ տրամադրող աղբյուրներից մեկը։ Հետեւաբար երկու կառույցներից հետաքրքրվել էինք՝ մինչեւ 2023 թ. սեպտեմբերի 19-ը ՍԷԿՏ համակարգում ներառվե՞լ են այն անձանց տվյալները, որոնց նկատմամբ Արցախի իրավապահ մարմիններն ընտրել են բացակայելու արգելք խափանման միջոցը։ Խնդրել էինք նաեւ հայտնել՝ ներկայում Արցախի՝ ազատ արձակված կալանավորների եւ դատապարտյալների ելքը ՀՀ-ից շարունակո՞ւմ է լինել փակ, թե՞ ոչ։ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը, սակայն, այս հարցը նույնպես թողել են անպատասխան։ Մեր տեղեկություններով՝ այդ անձանց ելքը ՀՀ-ից նախկինում փակվել է, բայց թե ինչ իրավիճակ է բռնի տեղահանումից հետո, հայտնի չէ։ ՀՀ ՄԻՊ-ը հարցումներ է հասցեագրել իրավասու կառույցներին Դիմել էինք նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատակազմին՝ հետաքրքրվելով, թե ՀՀ ՄԻՊ-ը ինչ տեղեկություններ եւ դիրքորոշում ունի Արցախի կալանավորների եւ դատապարտյալների ազատ արձակման եւ Հայաստան տեղափոխման գործընթացի վերաբերյալ՝ հաշվի առնելով թե՛ այդ անձանց իրավունքների եւ ազատությունների, թե՛ հասարակական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ ՄԻՊ հանրային կապերի բաժնի ղեկավար Արթուր Ասլանյանը տեղեկացրել է՝ բարձրացված հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո․ «Հարցի առնչությամբ համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին»,- ասել է Ասլանյանը՝ նշելով, որ այս պահին հրապարակման ենթակա այլ տեղեկություններ չկան։ Քրեական օրենսգրքով որոշակի լուծումներ սահմանված են, բայց կան քննարկման ենթակա մի շարք հարցեր. միջազգային իրավունքի մասնագետ Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ՀՀ քրեական օրենսգրքով (ՔՕ) սահմանված որոշակի լուծումներ տեսնում է, բայց նաեւ շեշտում, որ բացարձակ հետեւություններ կատարելուց առաջ պայմանները պետք է ուշադրությամբ գնահատվեն։ Սահակյանը մատնանշում է ՔՕ 12-րդ հոդվածը, որի 1-ին մասը սահմանում է, որ քրեական օրենքով նախատեսված արարքը ՀՀ տարածքից դուրս կատարած ՀՀ քաղաքացիների քրեական պատասխանատվության հարցը լուծվում է ՀՀ ՔՕ-ով, եթե նրանց կատարած արարքը հանցանք է համարվում դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, եւ եթե նրանք այդ արարքի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել:  Իսկ եթե հանցանքը նշված անձանց կողմից կատարվել է որեւէ պետության չպատկանող տարածքում, ապա նրանք ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ ՔՕ-ով, եթե կատարված արարքի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում: Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ տվյալ դեպքում քննարկման հարց է՝ համարում ենք, որ գործ ունենք պետությա՞ն հետ, թե՞ որեւէ պետության չպատկանող տարածքի։ Եթե Արցախը համարում ենք առանձին պետություն, արդյո՞ք միջպետական որեւէ համաձայնագրով սահմանված են քրեական վարույթների փոխանցման ընթացակարգեր (առնվազն հրապարակայնորեն նման համաձայնագիր հայտնի չէ), իսկ եթե համարում ենք որեւէ պետությանը չպատկանող տարածք, այստեղ կարող է վիճելիություն ծագել Արցախում բնակվող անձանց՝ ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ։ Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ նրանց տրվել է հատուկ քաղաքացիություն, նրանք ՀՀ լիարժեք քաղաքացիներ չեն, քանի որ ՀՀ-ում ընտրելու իրավունք չեն ունեցել։ Արցախում մարդու իրավունքների հարցերով միջազգայնորեն պատասխանատուն Հայաստանն է Սիրանուշ Սահակյանը հիշեցնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ այս պահին ուժի մեջ եղած դիրքորոշումն այն է, որ Հայաստանն արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի եւ հարակից տարածքների նկատմամբ, ըստ այդմ, ԼՂ-ի վրա տարածվում է Հայաստանի իրավազորությունը, եւ ԼՂ-ում մարդու իրավունքների հարցերով Հայաստանն է միջազգայնորեն պատասխանատու (CASE OF CHIRAGOV AND OTHERS v. ARMENIA)։ Հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմից հետո իրադրության եւ փաստակազմի փոփոխություն է տեղի ունեցել՝ Սահակյանը տեսնում է հնարավորություն, որ ՄԻԵԴ-ը կարող է վերագնահատել նոր իրավիճակը եւ նոր եզրահանգման գալ, բայց ինչպիսին էլ լինի այդ եզրահանումը, միջազգային պատասխանատվության տեսակետից մարդիկ չեն կարող հայտնվել իրավական վակուումում, եւ տվյալ տարածաշրջանում վերահսկողության տարրեր իրականացնող ճանաչված պետությունները պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։ Տվյալ դեպքում, ըստ Սահակյանի, պետք է նկատի ունենալ մի քանի հանգամանք․ «Նախ, ԼՂՀ տարածքները արդեն իսկ 2020 թ․-ին օկուպացվել են եւ արդյունավետ վերահսկվել Ադբեջանի կողմից, եւ երկրորդը, ի հայտ է եկել ռուս խաղաղապահ կոնտինգենտը, որը եւս սուվերենության տարրեր իրականացրել է, եւ նման պայմաններում ՀՀ իշխանությունների արդյունավետ վերահսկողությունը ԼՂՀ-ում կարող էր փոփոխության ենթարկվել»,- ասում է մասնագետն ու հավելում՝ յուրաքանչյուր դեպքի փաստական հանգամանքները գնահատելով՝ պետք է հասկանալ, թե ով է պատասխանատուն՝ Հայաստ՞անը, Ռուսաստա՞նը, թե՞ Ադրբեջանը։ Ինչ վերաբերում է իրավունքների հնարավոր խախտումներին, դրանք պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ տուժողների եւ ամբաստանյալների/դատապարտյալների․ «Մենք ունենք մարդու իրավունքների համընդհանուր ստանդարտներ, որոնք արգելում են կյանքի իրավունքի ծանր խախտումների կամ խոշտանգումների գործերով անպատժելիությունը ցանկացած ձեւով, այդ թվում՝ ներումների եւ համաներումների տեսքով պատժի դատապարտված անձանց, եւ եթե օրենքով նախատեսված որոշակի սահմանափակ գործիքներից զատ նրանք այլ ձեւով ազատ են արձակվում, կարող ենք խոսել տուժողների կյանքի իրավունքի կամ խոշտանգումների արգելքի խախտման մասին՝ դատավարական ասպեկտով»,- նշում է Սահակյանն ու հիշեցնում՝ թույլատրելի գործիքները, որոնց միջոցով անձինք կարող են պատժից ազատվել, պետք է կիրառվեն դատական ներգրավվածությամբ։ Հայաստանի դատարանները, ըստ Սահակյանի, այդ դեպքում կհամարվեն օրենքի հիման վրա ստեղծված, եթե միայն լինի հստակ բացատրություն, թե Արցախի դատարանների կողմից քննված եւ լուծված պատժի հարցը հետագայում իրավական ինչ հիմքով է ընդդատյա դառնում ՀՀ դատարանին։ Մյուս հարցն էլ վերաբերում է ամբաստանյալների եւ դատապարտյալների իրավունքների հնարավոր խախտումներին, ինչն ուղղակիորեն կապված է Արցախի ինքնալուծարման հրամանագրի հետ։ Սահակյանը նախ ընդգծում է՝ քաղաքական առումով այդ ակտը մեծ ազդեցություն ունի, քանի որ այն կայացվել է Ադրբեջանի հարկադրանքի ներքո եւ նաեւ մարդասիրական խնդիրներ լուծելու համար։ Բացի դրանից, Ադրբեջանն ընդունել է ԱՀ լուծարման ակտի լեգիտիմությունը, ինչն ինքնին Արցախի պետականության իրավիճակային ճանաչում է․  «Բայց եթե քննարկում ենք դրա իրավական մասը, կարծում եմ՝ գործ ունենք առոչինչ իրավական ակտի հետ, քանի որ ինքնալուծարման ակտի հնարավորություն սահմանադրորեն նախատեսված չէ, եւ առավել եւս, վերապահված չէ Արցախի նախագահին։ Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ այս առոչինչ ակտն էլ պետք է վիճարկվի սահմանված ընթացակարգով, բայց քանի դեռ վիճարկված չէ եւ փաստացի իրավական հետեւանքներ է առաջացնում, ինքնալուծարումը ազդեցություն է ունենում դատական ակտերի կատարման գործընթացի վրա․ չկա պետականություն, չկան այդ պետության կողմից ընդունված ակտերի՝ հարկադիր կատարումը ապահովող մեխանիզմներ, եւ ավելին, եթե անգամ այդ պետության ակտերը պետք է մեկ այլ պետությունում ճանաչվեն, նորից միջազգային համագործակցության դաշտ ենք տեղափոխվում, դրանք մեկ այլ երկրում ավտոնոմ կատարման ենթակա չեն, իրավական համաձայնագրերի պայմաններում ֆորմալ գործընթաց է տեղի ունենում, որով ճանաչվում է ակտը, եւ նոր այդ ճանաչման ուժով մյուս պետությունը կարող է հարկադիր կատարման ենթարկել նաեւ օտարերկրյա պետության դատական ակտերը»,- մանրամասնում է միջազգային իրավունքի մասնագետը։  Առանց այդ գործընթացների անձանց անազատության մեջ պահելը, ըստ Սահակյանի, կհանգեցնի Սահմանադրությամբ եւ Եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ ազատությունից զրկելու կամայականության արգելքի խախտման։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ բացառություն կարող են համարվել միայն զինվորական գործերը, քանի որ միջպետական համաձայնագրի հիման վրա ՀՀ դատախազության կայազորները տեղակայցված են եղել ԼՂՀ-ում, եւ զինվորականների հետ կապված գործերը ընդդատյա են եղել ոչ թե Արցախին, այլ Հայաստանին, ինչը ընդունված մոդել է նաեւ ԱՄՆ-ում, ՌԴ-ում։  Նշենք, որ մենք գրավոր հարցմամբ դիմել էինք ՀՀ գլխավոր դատախազությանը՝ խնդրելով տրամադրել դատախազությունների միջեւ համագործակցության եւ փոխօգնության 2008 թ․-ի համաձայնագիրը, որը Արցախի դատախազության պաշտոնական կայքում հրապարակված է եղել, սակայն այժմ հասանելի չէ։ Տեղեկություն տրամադրելու՝ օրենքով սահմանված 5 օրը լրացել է, սակայն Դատախազությունից մինչ այս պահը պատասխան չենք ստացել։ Դիմել էինք նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով տրամադրել երկու երկրների կառավարությունների միջեւ ռազմական համագործակցության մասին 1994 թ․-ի համաձայնագիրը, որով սահմանված են ԼՂՀ-ում ծառայող ՀՀ զինծառայողների եւ ՀՀ-ում ծառայող ԼՂՀ զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների քննության առանձնահատկությունները։ Նախարարությունը, սակայն, տեղեկության տրամադրումը մերժել է՝ պետական գաղտնիքի հիմքով։ Հատկանշական է, որ այդ համաձայնագրի մի քանի դրույթ ներառված է ՄԻԵԴ-ի՝ տարիներ առաջ կայացված վճռում, որը համացանցում հրապարակված է: Խնդիրը պետք է դիտարկել Հայաստանի եւ Արցախի իրավասու մարմինների համագործակցության շրջանակում. Արծվիկ Մինասյան Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ օրենսդիրից, սակայն Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մի քանի օր այդպես էլ ժամանակ չգտավ հարցազրույցի համար, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց՝ խմբակցության օրակարգում այս թեմայով քննարկում կամ օրենսդրական նախաձեռնության հարց չկա։ Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ խնդիրը պետք է դիտարկել Հայաստանի եւ Արցախի իրավասու մարմինների համագործակցության եւ կնքված համաձայնագրերի շրջանակում, որոնք նմանատիպ հարցերը կարգավորում են, իսկ օրենսդրությունները գրեթե նույնական են, եւ էական առանձնահատկություններ, հատկապես՝ քրեական արդարադատության ոլորտում եւ քրեական արարքների տեսակետից, չեն լինի։ Ըստ Մինասյանի՝ եթե ազատ արձակումները տեղի են ունեցել Արցախի իրավասու մարմինների որոշումների հիման վրա, ապա դա օրինական է կամ եթե նրանց վերաբերյալ վարույթները կարճվել են, խնդիրը լուծվել է, իսկ եթե չկան համապատասխան որոշումներ, եւ վարույթներն էլ չեն կարճվել, ապա Արցախի պետական մարմինները, առնվազն նրանք, որոնք էական նշանակություն ունեն պետականության գործունեության կազմակերպման համար, պետք է շարունակեն գործել Հայաստանում, ունենան հստակ իրավասություններ, որոնք պետք է ճանաչվեն Հայաստանի պետական մարմինների կողմից։  ՀՀ քրեական օրենսգիրքը Հայաստանի տարածքից դուրս հանցանք կատարած անձին ՀՀ-ում պատասխանատվության ենթարկելու համար, ի թիվս այլ պայմանների, սահմանում է, որ արարքը պետք է ուղղված լինի ՀՀ շահի դեմ։ Տվյալ դեպքում, ըստ Արծվիկ Մինասյանի, Հայաստանի եւ Արցախի պետական շահերը պետք է նույնանան․ «Անկախ նրանից, թե Հայաստանի քաղաքական իշխանությունը ինչ հայտարարություն է անում, շարունակում է գործել ՀՀ-ի՝ Արցախի Հանրապետության անվտանգության եւ պաշտպանության իրավազորությունը, իրավական այդ պարտավորությունը ամրագրված է»,- ասում է նա՝ հավելելով, որ ՀՀ իրավասու մարմինները, անձանց իրավունքներով ու օրինական շահերով առաջնորդվելով, պետք է ապահովեն համադրություն եւ հավասարակշռված պաշտպանություն պետական շահերի հետ։ Մինասյանի համոզմամբ եւս՝ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը իրավաբանական ուժ չունի եւ պետք է վիճարկվի, բայց առնվազն մինչեւ 2024 թ․ հունվարի 1-ը քրեական գործերի ընթացքավորումը անհրաժեշտություն է։ Հավելենք, որ օրեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Արցախի որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ դատավորները եւ գլխավոր դատախազը, շարունակելու են հասարակական հիմունքներով պաշտոնավարել Հայաստանում եւ հոկտեմբերի 1-ից Արցախի Հանրապետության անունից նրանց տված փաստաթղթերը համարվելու են վավեր։   Միլենա Խաչիկյան
18:46 - 26 հոկտեմբերի, 2023
«Ոչ դիրք ունեմ արդեն, ոչ պատիվ, ես ո՞ւմ պիտի խոչընդոտեմ»․ Մատաղիսի զորամասի հրամանատար

«Ոչ դիրք ունեմ արդեն, ոչ պատիվ, ես ո՞ւմ պիտի խոչընդոտեմ»․ Մատաղիսի զորամասի հրամանատար

«Ոչ դիրք ունեմ արդեն, ոչ պատիվ ունեմ, ես ո՞ւմ պիտի գնամ, խոչընդոտեմ»,– այս խոսքերով այսօր սկսեց իր ելույթը Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանը, երբ դատարանում քննվում էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման երկարաձգման հարցը․ «Դիրք չունեմ, որովհետեւ ինչ դիրքում եղել եմ, էլ չկա, պատիվ չունեմ, որովհետեւ հորս գերեզմանը թուրքի մոտ ա, Պաշտպանության բանակը չկա»։ Աբրահամյանի կալանավորումը երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը։ Աբրահամյանը կալանքի տակ է 1 տարուց ավելի, նա մեղադրվում է մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Ծանր հետեւանքը քննչական մարմինը համարել է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Թալիշ եւ Մատաղիս գյուղերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը։ Քրեական գործի դատարան ուղարկվելուց 10 ամիս անց՝ այսօր, պետք է սկսվեր ապացույցների հետազոտումը։ Ըստ նախապես որոշված հաջորդականության՝ սկզբում պետք է հետազոտվեին մեղադրանքի հիմքում դրված ապացույցները։ Դրանցում, սակայն, ներառված է 16 փաստաթուղթ, որ, գաղտնիությամբ պայմանավորված, գործի նյութերին չի կցվել, եւ դատարանը ավելի վաղ բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը, հանձնարարել մեղադրողին Քննչական կոմիտեից ստանալ դրանք։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը Դատական նիստի մեկնարկին, սակայն, դրանք դեռեւս ճանապարհին էին, դատարան չէին բերվել, ուստի պաշտպանական կողմը հայտարարեց, որ առանց այդ ապացույցներին ծանոթանալու հիմնական դատալսումները չեն կարող տեղի ունենալ․ «Ամեն ապացույց հետազոտելիս մենք պետք է դիրքորոշում հայտնենք, այդ դիրքորոշումը բխելու է նաեւ այդ գաղտնի փաստաթղթերի բովանդակությունից, հիմա մենք, փաստացի, դրանից զրկված ենք»,– ասաց պաշտպան Արման Թամրազյանը։ Մեղադրող Վազգեն Վարդանյանը առարկեց՝ նշելով, թե պաշտպանական կողմը զրկված չի եղել քննչական մարմնում այդ ապացույցներին ծանոթանալու հնարավորությունից․ «Այն նյութերը, որ հանդիսանում են գաղտնի փաստաթուղթ, գտնվում են քննչական մարմնի համապատասխան ստորաբաժանումում, եւ նախաքննության ավարտական փուլում պաշտպանական կողմը դրանց ծանոթանալու իրավունք, ժամանակ, տեղ ունեցել է, բայց այդ փաստաթղթերը չեն կարող նրանց ձեռքի տակ լինել այն պարզ պատճառով, որ գաղտնի փաստաթղթեր են, դրանց պատճենը տրամադրել ուղղակի անհնար է»։ Մինչդեռ պաշտպանական կողմի գնահատմամբ՝ առանց ձեռքի տակ ունենալու, միայն նշումներ անելով՝ հնարավոր չէ հարյուրավոր էջերից բաղկացած փաստաթղթերին պատշաճ ծանոթանալ եւ լիարժեք պաշտպանվել․ դա կլինի առնվազն ոչ արդար դատաքննություն․ «Ես պիտի ասեմ, օրինակ, այս կարգադրությունը Մարտական կանոնադրությունից չի բխում, ո՞նց հիմնավորեմ, եթե չունեմ այդ Կանոնադրությունը, եւ բացի դրանից, օրենքը դրա համար կարգ է նախատեսել․ մարդուն նախազգուշացնում են պետական գաղտնիքի հրապարակման անթույլատրելիության մասին, եւ եթե հրապարակում է, քրեական պատասխանատվության է ենթարկվում, այդ ի՞նչ նոր բան եք ասում»,– նշեց պաշտպանը։ Ի վերջո, նախքան այդ ապացույցները կբերվեին դատարան, նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց, որ նպատակահարմար չէ մյուս՝ ոչ գաղտնի ապացույցների հետազոտումը սկսելը, առաջարկեց մինչ դա քննարկել խափանման միջոց կալանավորման երկարաձգման հարցը, քանի որ դրա ժամկետը մոտենում էր ավարտին։ Ըստ դատախազի՝ Սեւակ Աբրահամյանին կալանքից ազատելու հիմքեր չկան, ըստ պաշտպանի՝ կալանքի տակ պահելու  Մեղադրող Վազգեն Վարդանյանը դիրքորոշում հայտնեց, որ կալանավորման նախորդ երկարաձգումից հետո ի հայտ չի եկել որեւէ հանգամանք, որը հիմք կծառայի խափանման միջոցը փոփոխելու համար․ «Ինչպես նաեւ շարունակում են առկա լինել այն ռիկսերը, որոնք նշվել են կալանավորումը կիրառելու ընթացքում, հետեւաբար գտնում եմ, որ այն պետք է երկարաձգվի եւս 3 ամսով»,– ասաց մեղադրողը։ Մինչդեռ պաշտպանը առարկեց՝ ոչ թե պիտի նոր հանգամանք ի հայտ գա, որ կալանքը դադարի, այլ պիտի նոր հանգամանք ի հայտ գա, որ կալանքը շարունակական լինի։ Պաշտպան Արման Թամրազյանը, ամբաստանյալ Սեւակ Աբրահամյանը Նա հիշեցրեց, որ իրենք հարցում են կատարել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն եւ ստացել պատասխան, ըստ որի՝ Մարտակերտի շրջանը՝ Մատաղիս եւ Թալիշ գյուղերը, չեն մտնում ՀՀ–ի մեջ, մտնում են Արցախի Հանրապետության մեջ, իսկ Հայաստանի եւ Արցախի սահմանները չեն նույնանում։ Այս հանգամանքը, ըստ նրա, կարեւոր է՝ հասկանալու համար՝ արդյո՞ք Աբրահամյանի նկատմամբ կիրառելի է  ՀՀ քրեական օրենսգիրքը թե ոչ։ Բանն այն է, որ Քրեական օրենսգրքի համաձայն՝ ՀՀ տարածքից դուրս հանցանք կատարած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ ՀՀ–ում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը ճանաչված է հանցագործություն դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, եւ եթե նրանք չեն դատապարտվել այլ պետությունում: Սեւակ Աբրահամյանը, պաշտպանի խոսքով, ՀՀ–ում մշտապես չի բնակվել, քաղաքացիություն չունեցող անձ չէ, բնակվել է ԼՂՀ–ում եւ հանդիսացել է ԼՂՀ–ի, այլ ոչ թե ՀՀ–ի քաղաքացի․ «Ի հավաստումն իմ ասածի՝ դատարանին ներկայացնում եմ  ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիութհան ծառայության անձնագրային եւ վիզաների վարչությունից ստացված պատասխան, ըստ որի՝ բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական պահոցում Սեւակ Խորենի Աբրահամյանի (ծնված 24․10․1979 թ․) անհատական տվյալներով անձի ՀՀ քաղաքացիության վերաբերյալ տվյալներ առկա չեն, սա ապացույց, որ  Սեւակ Աբրահամյանը ՀՀ քաղաքացի չէ, եթե ՀՀ քաղաքացի չէ, հանցանքը կատարվել է ՀՀ–ից դուրս, ՀՀ ՔՕ–ն նրա վրա չի կարող տարածվել»,– ասաց պաշտպանը՝ հիշեցնելով նաեւ, որ առաջադրված մեղադրանքի հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում հենց ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կանոնները խախտելու համար, մինչդեռ Աբրահամյանը, պաշտպանել է ԼՂՀ սահմանները։ Մեղադրող Վազգեն Վարդանյանը դարձյալ հակադարձեց՝ ՆԳՆ–ից ստացված պատասխանում նշված է՝ տվյալներ առկա չեն, սակայն քրեական գործի նյութերում առկա է ՀՀ քաղաքացու վերաբերյալ անձնագիր, որտեղ գրված է Սեւակ Աբրահամյան․ «Այդ անձնագիրը տրված է Սեւակ Աբրահամյանին՝ որպես ՀՀ քաղաքացու»,– ասաց նա։ Հաջորդիվ պաշտպանը հիշեցրեց, որ այսօր Հայաստանը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ ԼՂՀ–ն՝ հղում անելով Ալմա–Աթայի՝ 1991 թ․ հռչակագրին․ «Հիմա Սեւակ Աբրահամյանին մեղադրանք եք առաջադրել, որ Թալիշ ու Մատաղիս գյուղերը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, պատասխանեք, խնդրում եմ, եթե Թալիշ ու Մատաղիս գյուղերը պատկանել են Ադրբեջանին եւ անցել են Ադրբեջանին, ի՞նչ հետեւանք է դրանով պատճառվել ՀՀ–ին, էս հետեւանքի համա՞ր եք դատում, սրա համար կարող է Ադրբեջանը դատել, օրինակ, ասել՝ խի՞ մեր գյուղերը մեզ շուտ չես տվել․․․ Եվ եթե դա հանցագործություն է ու մինչ օրս շարունակում է լինել, հիմա ամբողջ ԼՂ տարածքը հանձնվել է Ադրբեջանին, մեր քննչական մարմինները գործ հարուցե՞լ են, որ ՀՀ–ին վնաս է պատճառվել, հանցանք դիտարկե՞լ են թե՞ ոչ, իհարկե չի դիտարկվել եւ չի կարող դիտարկվել»։ Արձագանքելով՝ դատախազն ասաց՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք գործերով, երբ անձանց մեղսագրվել է ՀՀ ՔՕ–ի հոդվածների կատարում, հաստատել է, որ ՀՀ իրավազորությունը տարածվում է ԼՂՀ նկատմամբ, այսինքն՝ ԼՂՀ տարածքում տեղի ունեցած հանցագործությունների քննությունը ՀՀ–ում իրականացնելը ամբողջովին իրավաչափ է։ Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը Պաշտպանը դատարանին ներկայացրեց նաեւ տեղեկանք Աբրահամյանի՝ վերջերս անցած բուժզննման վերաբերյալ, հիշեցրեց նրա առողջական խնդիրների մասին։ Մեղադրողն էլ նշեց՝ եթե կարծում են, որ Աբրահամյանի առողջական վիճակը համապատասխանում է կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկին, կարող են միջնորդություն ներկայացնել համապատասխան փորձաքննություն նշանակելու համար։ Պաշտպանի խոսքով՝ ամենալավ ցանկության դեպքում էլ իր պաշտպանյալն ապացուցման գործընթացի վրա չի կարող ազդել, քանի որ ամեն ինչ փաստագրված է․ տեսանկարահանող սարքերի տեսագրությունները կան, դրանց զննությունները կան, հետախուզական տեղեկագրերը կան։ Ինչ վերաբերում է վկաների վրա ազդեցություն գործադրելուն, պաշտպանը դա զավեշտ որակեց։ Սեւակ Աբրահամյանի խոսքով՝ ինքը ոչ մի վկայի հետ խոսելու բան չունի Աբրահամյանը պնդեց, որ ինքը ոչ մի վկայի հետ խոսելու բան չունի․ «51 վկա եք նշանակել, շնորհակալություն, լավ ա՝ 1846 վկա չի, ինչո՞ւ եմ այդ թիվն ասում, զորամասի անձնակազմի քանակը այդքան ա եղել, մարդիկ իմ հետ կապ չունեն, գործի նյութերում Աբրահամյան Սեւակի մասին բան չեն ասել, մի քանի անձ ա, որ իմ հետ կապ ունի, անց ենք կացրել առերեսում, մարդիկ արտահայտվել են»։ Աբրահամյանի խոսքով՝ 51 վկայից 12-ը իր վերադաս շտաբներում են ծառայել, եղել են գեներալներ․ «Աբրահամյան Սեւակը պիտի գնա, գեներալներին խոչընդոտի՞, ուրախ եմ, որ գեներալ եմ տեսնում, մի հատ էլ պիտի խոչընդոտեմ, ընդ որում, նրանցից 2–ը՝ ԳՇ ու ՊԲ նախկին պետերը, զորացրված են»,– ասաց նա՝ հավելելով, որ իր գործողություններին գնահատական տվողները մեծամասամբ վերադասներն են եղել, ոչ ենթակաները, որոնք  վկաների մեջ 34-ն են․ «Մարդ ցուցմունք է տվել, Աստված իր հետ, կգա, տրիբունայի մոտ կկանգնի, կբացատրի՝ ինչ է ասել, ես չեմ ասում՝ մարդը ճիշտ է ասել–ճիշտ չի ասել, որովհետեւ կյանքում չեմ կարող էդքան գիտելիք ունենալ, որ իմ վերադասին գնահատական տամ, որովհետեւ ես իր տեղը չեմ եղել, իր խնդիրը չեմ ստացել, իր տեղը գործողություն չեմ կատարել»։ Պաշտպանը միջնորդեց խափանման միջոցի հիմքերը չվերացած համարելու պարագայում դիտարկել այլընտրանքային խափանման միջոցների՝ գրավի, վարչական հսկողության, բացակայելու արգելքի, այդ թվում՝ դրանց համակցության հնարավորությունը․ «Սեւակ Աբրահամյանի ընտանիքը, որ բնակվել է ԼՂ–ում, բռնագաղթվել է, եկել է ՀՀ, տուն են վարձակալել, բնակվում են այնտեղ, մարդկային տեսանկյունից պատկերացրեք՝ որդին, որ ծառայության մեջ է եղել, հրաշքով է ողջ մնացել, եղբայրները դահլիճում են, մեկն էլ վիրավորվել է մարտական գործողության ընթացքում, էս մարդուն պահել ՔԿՀ–ում, ընտանիքն էլ առանձին ապրի վարձով, մտածի՝ Սեւակ Աբրահամյանի հոգսը ոնց հոգա, Աբրահամյանը մտածի՝ ընտանիքի հոգսը ոնց հոգա, սա ոչ մարդկային վերաբերմունք է»։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց բավարարել մեղադրողի միջնորդությունը․ Աբրահամյանի կալանավորումը երկարաձգվեց եւս 3 ամսով՝ մինչ 2024 թ․ հունվարի 29։ – Լյոխ լավ ա լինելու,– Աբրահամյանին դիմելով՝ նիստերի դահլիճը լքելիս ասացին նրա հարազատները։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 27-ին։   Միլենա Խաչիկյան
21:05 - 20 հոկտեմբերի, 2023