Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Կարևոր է, որ աջակցությունը րոպե առաջ հասնի մարդուն. Վարչապետը հանձնարարականներ տվեց |armenpress.am|

Կարևոր է, որ աջակցությունը րոպե առաջ հասնի մարդուն. Վարչապետը հանձնարարականներ տվեց |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ կարդացել է Ֆեյսբուքի միջոցով իրեն ուղղված նամակները և պարզել, որ կառավարության աջակցության ծրագրերից օգտվելու համար մարդիկ տեղեկատվության պակաս ունեն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ հեռախոսով իրենց մասնագետներն աջակցում են քաղաքացիներին, թե այդ ծրագրերից օգտվելու համար որ դաշտում ինչ տվյալներ պետք է լրացնել օնլայն համակարգում: Նրա խոսքով՝ կան քաղաքացիներ, որ շատ պարզ տեղեկատվության կարիք ունեն, օրինակ, ինչ է ՀԾՀ-ն, սոցիալական քարտը և այլն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրոդովվեց, որ ինքն էլ չգիտի՝ ինչ է ՀԾՀ-ն, ինչո՞ւ մատչելի չեն հրապարակում տեղեկատվությունը: «Դե տեսնում եք, դա նշանակում է, որ մեր լրատավական համակարգը չի աշխատում: Եթե այդ ՀԾՀ կոչվածը սկզբունքային նշանակություն ունի այն հարցում, որ մարդը կկարողանա ճիշտ լրացնել դիմումը, ինչո՞ւ չի բացատրվում: Հիմա, կներեք, բայց ես չգիտեմ՝ ՀԾՀ-ն ի՞նչ է, ասեք՝ ի՞նչ է, ներկաներից ո՞վ գիտի: Եթե միջոցառում ենք անում, որտեղ ՀԾՀ-ի բացվածքն իմանալը սկզբունքորեն կարևոր է, ուրմեն մենք պետք է ուրիշ բանով չզբաղվենք»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր քաղաքացու պետք է պարզաբանել ՀԾՀ-ն ինչ է, ՀՎՀ-ն ինչ է:  Միջոցառումները կառավարությունն ընդունել է՝ նպատակ ունենալով օգնել քաղաքացիներին տարբեր հարցերով: Բայց այսօր խնդիր կա այդ օգնությունը ժամանակին և արդյունավետ տեղ հասցնելու գործում: «Հետևաբար, բոլոր ուժերը պետք է կենտրոնանան՝ տեղեկատվական համակարգը, սոցիալական ապահովության, տեխնոլոգիական համակարգերը: Կարևոր է, որ այդ աջակցությունը րոպե առաջ հասնի մարդուն:Եվ մենք հիմա արդեն ստիպված ենք հրապարակային սա քննարկել, աշխատանքային ռեժիմով արդեն 5-6 անգամ քննարկել ենք այս հարցը»,- ասաց նա: Վարչապետը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին  հանձնարարեց, որպեզի անձամբ նա երկու ժամը մեկ ստուգի, թե ինչպես է աշխատում համակարգը, ինչ է արվում այս հանձնարարականները կատարելու ուղղությամբ: «Այո օգնությունների ծրագրերը մենք չենք ընդունում,  որ ուղիղ եթերում հայտարարենք այդ մասին, որ՝ վայ, մարդկանց օգնեցինք: Դա նրա համար է, որ այդ օգնությունը գնա ու մարդկանց տեղ հասնի րոպե առաջ: Հետևաբար, ամբողջ պետական համակարգը պետք է ծառայի այդ մարդկանց, որ օգնությունը մարդուն տեղ հասնի րոպե առաջ»,- նշեց վարչապետը: 
16:08 - 16 ապրիլի, 2020
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներեքերորդ միջոցառումը

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներեքերորդ միջոցառումը

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներեքերորդ միջոցառումը։  Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներեքերորդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած սոցիալապես անապահով ընտանիքներին:  Միջոցառման շահառու են 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները:   Աջակցությունը տրամադրվում է սույն Միջոցառման 2-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50% -ի չափով, որի 70%-ը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին,  70%-ը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, 30%-ը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար, իսկ շահառուի բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարը տրամադրվում է շահառուին սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ձևով:   Սույն Միջոցառման 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գումարը յուրաքանչյուր բաժանորդ հանդիսացող նպաստառու ընտանիքի անվամբ փոխանցվում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը: Ընդ որում՝ շահառուի պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:
11:46 - 16 ապրիլի, 2020
ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել կենսաթոշակների՝ ամբողջությամբ անկանխիկ վճարման անցնելու հարցը |armenpress.am|

ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել կենսաթոշակների՝ ամբողջությամբ անկանխիկ վճարման անցնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ամբողջությամբ անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի՝ սահմանելով բացառություններ: Փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը: «Պետական կենսաթոշակների մասին» գործող օրենքում սահմանված է, որ կենսաթոշակը կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ քաղաքացու ընտրությամբ: Գործող օրենսդրությամբ անձը հնարավորություն ունի ընտրություն կատարելու կենսաթոշակի վճարման եղանակի համար: «Փաթեթով առաջարկվում է ամբողջությամբ անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի: Իհարկե, օրենքով սահմանված են առանձնահատկություններ՝ առանձին կատեգորիայի անձանց համար: Մասնավորապես, նշված է, որ եթե կենսաթոշակառուի 75 տարին լրացել է կամ կենսաթոշակառուն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ է, կամ, այլ կերպ ասած, քաղաքացին ունի շարժունակության խնդիր, ապա նրա դիմումի հիման վրա կենսաթոշակը կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով»,-ասաց Սաիյանը: Միաժամանակ հաշվի առնելով բանկային ենթակառուցվածքի հասանելիությունը հանրապետության տարածքում՝ կառավարությունն առաջարկում է անցման փուլային տարբերակ: Առաջարկվում է առաջին փուլում՝ 2020 թվականի հուլիսի 1-ից այս կանոնը տարածել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Դրանից հետո աստիճանաբար կտարածվի մնացած քաղաքներում, մեծ գյուղերում: Եվ 2023 թվականից այն արդեն կգործի նաև գյուղական այն բնակավայրերում, որտեղ կա 1000-ից պակաս բնակչություն:  Փոխնախարարը նշեց, որ կենսաթոշակների կանխիկ վճարումը անամեմատ ավելի թանկ է պետության համար, քան անկանխիկ վճարումը: 2020 թվականի մարտ ամսվա դրությամբ արդեն իսկ անկանխիկ եղանակով վճարվում է ընդհանուր կենսաթոշակների 53 տոկոսը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը նկատեց, որ օրինագիծը կարևոր է, սակայն մտահգություն հայտնեց, որ այն որոշակի դժվարություններ է ստեղծելու թոշակառուների համար: «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ չի տեսել որևէ գյուղ, որտեղ բանկոմատ լինի, կամ դրանք եզակի են: Պատգամավորը նկատեց՝ սա ենթադրում է, որ պետությունը պետք  բանկերի առջև դնի պարտավորություն, որ բոլոր համայնքներն ապահովեն բանկոմատներով, որպեսզի մարդը մի գյուղից մյուսը չգնա՝ բանկային ենթակառուցվածքից օգտվելու համար:
17:12 - 15 ապրիլի, 2020
7-րդ աջակցման ծրագրի շահառու կլինեն նաև այն հղի կանայք, որոնց ամուսիններն ընդհանրապես չեն աշխատել մարտի 30-ի դրությամբ․ Զարուհի Բաթոյան

7-րդ աջակցման ծրագրի շահառու կլինեն նաև այն հղի կանայք, որոնց ամուսիններն ընդհանրապես չեն աշխատել մարտի 30-ի դրությամբ․ Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ այս պահին սոցիալական աջակցության 4-րդ ծրագիրը, որը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող և աշխատանքից ազատված անձանց, ընթացքի մեջ է։ Ծրագրի համար դիմելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է մուտք գործել ssa.am կայք, մուտքագրել տվյալները և տեսնել՝ ծրագրի շահառու հանդիսանո՞ւմ են, թե՞ ոչ։ Հանդիսանալու դեպքում վճարումներն իրականացվում են բանկում։  «6-րդ ծրագրի փոխանցումներն իրականացված են, շահառուները 6723-ն են։ 7-րդ ծրագիրի շրջանանկն ընդլայնել ենք։ Այս ծրագրի շահառու կհանդիսանան ոչ միայն այն կանայք, որոնք չեն աշխատում, և իրենց ամուսինն ազատված է մարտի 13-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում, այլ նաև այն հղի կանայք, որոնց ամուսիններն ընդհանրապես չեն աշխատել մարտի 30-ի դրությամբ։ Այս ծրագրի շահառու են այս պահին 5957 քաղաքացիներ, բայց ցանկը թարմացվում է»,- նշեց նա։ Նախարարի փոխանցմամբ՝ 8-րդ ծրագիրը, որը վերաբերում էր տուժած ոլորտների գրանցված  աշխատակիցներ, մեկնարկել է երեկ։ «Երեկ՝ մի քանի ժամվա ընթացքում, մենք ստացել ենք ավելի քան 45 հազար դիմում ֆիզիկական անձանցից, որոնցից 27 հազարը հաստատվել է, այս 27 հազար հոգին ընդհանուր 1,8 միլիարդ դրամի չափով աջակցություն կկարողանա ստանալ արդեն այսօր բանկերի կամ իրենց անձնական հաշիվների միջոցով»,- նշեց նա։   Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ 9-րդ ծրագիրի դիմումների ընդունումը ևս երեկ մեկնարկել է։ Այս ծրագրի շահառուների ցանկը դեռևս կազմվում է։ Նա նշեց, որ 8-րդ և 9-րդ ծրագրերի դեպքում նաև հրապարակվելու է շահառուների ցանկը, և միայն այս երկու ծրագրի դեպքում է, որ անհրաժեշտություն կա դիմում գրելու։  Նախարարն անդրադարձավ նաև սննդի փաթեթների, տեխնիկական, մաքրող միջոցների կարիքների մասին բնակիչներից ստացվող զանգերին։ Նա հայտնեց, որ այս կարիքներին համապատասխան աշխատում են մարզպետարանները ՀԿ-ների և կամավորական խմբերի հետ համատեղ։  «Մենք նաև աջակցում ենք սոցիալական տարբեր խմբերի թիրախավորելու, նրանց գտնելու, նրանց հասցեական օգնությունը հասցնելու ուղղությամբ։ Ավելի շատ համակարգում ենք և տեղեկություն ենք փոխանակում, բայց այս ամբողջ գործընթացն իրականացվում է քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, միջազգային մեր գործընկերների միջոցով։ Պետք է հորդորեմ, որ այս աջակցության համար դիմեն համայնքներին, քաղաքապետարաններին, մարզպեարաններին։ Գործընթացը շատ կազմակերպված ձևով իրականացվում է»,- նշեց նա։ 
12:55 - 14 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ հղի կանանց ուղղված ծրագրով վճարումները սկսված են

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ հղի կանանց ուղղված ծրագրով վճարումները սկսված են

Այսօրվանից մեկնարկել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շահառուների համար վճարումների գործընթացը: Սա նշանակում է, որ ծրագրի շահառուներն արդեն այսօրվանից կարող են անձը հաստատող փաստաթղթով մոտենալ բանկեր և ստանալ իրենց հասանելիք գումարը: Ծրագրի շահառու կարող է դառնալ այն հղի կինը (առնվազն 12 շաբաթական և ոչ ավելի, քան 34 շաբաթական հղիություն), որը 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չի աշխատում և ում ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք` վարձու աշխատող չէ և չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ, հանդիսանալու դեպքում, 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ նրա գործունեությունը կասեցվել է: Աջակցություն կարող է ստանալ նաև այն հղի կինը, ով միայնակ է՝ չունի ՔԿԱԳ-ում գրանցված ամուսնություն, ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է, և 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չի աշխատում: Ընդ որում՝ այս որոշման իրականացման կարգի իմաստով քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատող կամ ծառայություն մատուցող անձը չի համարվում վարձու աշխատող: Ստուգելու համար՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք աջակցության այս ծրագրի շահառու, մուտք գործեք online.ssa.am կայք, ընտրեք Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներ պատուհանը, այնուհետև՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառում պատուհանը, այնուհետև՝ սեղմեք Ծրագրի շահառուներ կոճակը: Լրացրեք Ձեր անունը, ազգանունը, ՀԾՀ (սոցքարտ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը: Եթե շահառու եք, ապա որոնման արդյունքում կնշվի այն բանկի անունը, որին փոխանցվել է գումարը: Անձը հաստատող փաստաթղթով կարող եք մոտենալ նշված բանկի յուրաքանչյուր մասնաճյուղ՝ գումարը ստանալու համար: Գումարը վճարվելու է բանկի միջոցով՝ առձեռն, միանվագ: Այն չի կարող արգելանքի տակ դրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել՝ շահառու դրամական պարտավորությունների դիմաց: Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե: Նշենք, որ շահառուների ցանկն ամբողջական չէ և պարբերաբար համալրվում է, ուստի, դրանում Ձեր անունը չգտնելու դեպքում, փորձեք որոշ ժամանակ անց:
17:49 - 10 ապրիլի, 2020
Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա իր աջակցությունը ստանալ․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան

Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա իր աջակցությունը ստանալ․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ ունենք 10 հաստատված աջակցման  միջոցառումներ, որոնցից 6-ն արդեն լիարժեք ուժի մեջ են։ «Երեկվա դրությամբ ամփոփեցինք արդեն ուժի մեջ իմպլեմենտացված միջոցառումների ընթացքը։ Միջոցառումներով հասանելի գումարների ընդհանուր չափը երեկվա դրությամբ կազմել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ։ Մենք համարում ենք, որ սա վատ արդյունք չէ, ըստ էության՝ սա երկու օրվա արդյունք է»,- նշեց նա։ Փոխվարչապետն ասաց, որ այսօր ևս մեկ միջոցառում հաստատվեց, որը վերաբերում է միկրոբիզնեսին՝ ձեռնարկատերերին, որոնք գրանցված չեն որպես ԱՁ կամ իրավաբանական անձ։ Ըստ փոխվարչապետի՝ այս միջոցառման իմպլեմենտացիոն գործընթացը շատ արագ կիրականացվի, որովհետև թիրախը հստակ է, և շտեմարանները, որոնցով պետք է աշխատել, բավականին պարզ են։  «Մենք շտեմարանների ինտենսիվ մշակման փուլում ենք և ճշգրտման աշխատանքներ ենք իրականացնում 7-րդ, 8-րդ և 9-րդ միջոցառումների մասով։ 7-րդ միջոցառման սկիզբը մենք վաղը կհայտարարենք, մնացած միջոցառումների՝ 8-րդի, 9-րդի և 10-րդի փաստացի իրականացման գործընթացը ծրագրել ենք սկսել երկուշաբթի օրվանից»,- նշեց նա։  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ արդեն հասանելի է 4-րդ և 6-րդ աջակցման ծրագրերի ֆինանսավուրումը, 2 օր է՝ քաղաքացիները, որոնք այս ծրագրերի շահառու են, կարողանում են ստանալ գումարը։ «4-րդ ծրագիրը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն անձանց, որոնք ազատվել են աշխատանքից մարտի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, և 6-րդ ծրագիրը նույն ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց մասին է, որոնք երեխաներ չունեն»,- նշեց նա։  Նախարաը հիշեցրեց, որ քաղաքացին իր՝ ծրագրերի շահառու լինել/չլինելը կարող է ստուգել արդեն գործարկված օնլայն ssa.am կայքում՝ մուտքագրելով իր տվյալները։ Կայքում նշված է նաև այն բանկը, որտեղ քաղաքացին կարող է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և ստանալ միանվագ աջակցությունը։ Զարուհի Բաթոյանը հավելեց, որ 4-րդ ծրագրի դեպքում ցանկն անընդհատ թարմացվում է։ Եթե մարդը տվյալ պահին իր անունը չի գտնում,  պետք է փորձի ավելի ուշ։  «Վաղը սկսվի ֆինանսավորումը 7-րդ ծրագրի, որը վերաբերում է հղի կանանց, որոնց ամուսիններն ազատվել են աշխատանքից, կամ իրենք չեն աշխատում։ ՄԵնք ստացել ենք շուրջ 15 հազար հղի կնոջ մասին տվյալներ։ Այդ տվյալները մենք պետք է համադրենք մեր մյուս բազաների հետ՝ ՊԵԿ-ի, Բնակչության պետական ռեգիստրի և այլնի, և պետք է հասկանանք՝ այս խմբից ովքեր են ծրագրի շահառուները։ Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա արդեն իր աջակցությունը ստանալ։ Սա այն թիվն է, որ այս պահին իդենտիֆիկացված է»,- ասաց նախարարը։   Նա նշեց, որ 8-րդ և 9-րդ ծրագրերը դիմումի հիման վրա են իրականացվելու։ Նախորդ ծրագրերը  դիմումի անհրաժեշտություն չունեն։ 
13:05 - 09 ապրիլի, 2020
Միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցողները մեկ ամիս սննդի ու հիգիենիկ պարագաների կարիք չեն ունենա |armtimes.com|

Միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցողները մեկ ամիս սննդի ու հիգիենիկ պարագաների կարիք չեն ունենա |armtimes.com|

armtimes.com: Նախորդ ամսից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է աջակցություն տրամադրել Հայաստանում սոցիալապես անապահով եւ թիրախային առաջին խմբում գտնվող անձանց: Գործընթացը շարունակվում է: Խմբերը, որոնց աջակցություն է տրամադրվել եւ շարունակվելու է, նախարարության կողմից դասակարգվել են ըստ խոցելիության աստիճանի: Առաջին երկու թիրախային խմբում միայնակ տարեցներն ու հաշմանդամություն եւ տեղաշարժման խնդիր ունեցող անձինք են: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ նախարարությունն այս աշխատանքներն ավելի արդյունավետ ու հասցեկան դարձնելու համար համագործակցում է պարետատան հետ: Պարենային եւ ոչ պարենային պաշարներն անընդհատ ավելացվում են ըստ կարիքի: Այս պահին Երեւանում եւ բոլոր մարզերում գործում են առանձնացված պահեստներ, որտեղ հավաքագրվում եւ տեսակավորվում են սննդամթերքի փաթեթները: Բացի բարեգործական մի շարք կազմակերպությունների աշխատակիցներից, ձեւավորվել է կամավորների հսկայական բանակ, ովքեր ցանկություն են հայտնել աջակցել եւ բարի գործ կատարել: Պարենային եւ ոչ պարենային պաշարներն անընդհատ ավելացվում են ըստ կարիքի: Սոնա Մարտիրոսյանը նկատեց՝ բոլորին տրվող փաթեթները միանման են, այսինքն լավի-վատի տարբերակում չի կարող լինեն: Դրանք նախատեսված են ոչ միայն աղքատության մինիմալ զամբյուղի չափով, այլեւ առողջապահական տեսանկյունից էլ պիտի բավարարեն, այսինքն լինեն բազմազան եւ վիտամիններով հարուստ սննդամթերքով: Փաթեթները միայնակ տարեցներին եւ հաշմանդամություն ունեցողներին բաժանվել է մեկամսյա  եւ երկամսյա ժամկետով՝ ըստ կարիքի: Դրանց մեջ եղել են ամենաանհրաժեշտ սննդի տեսակներ եւ հիգիենայի պարագաներ: Նախարարության խոսնակը դժվարացավ ասել, թե օրինակ տարեց կնոջը տրվող փաթեթում կոնկրետ ինչ մթերք կարող էր լինել: «Արտակարգ դրության առաջին իսկ օրերին մի շարք կազմակերպություններ ինքնակազմակերպվեցին եւ դիմեցին մեր աջակցությանը, որպեսզի կարողանայինք համակարգել բնամթերքի, սննդամթերքի, հիգիենիկ պարագաների հավաքագրումն ու մարդկանց տեղ հասցնումը: Աջակցությունն ուղղված է եղել այն քաղաքացիներին, ովքեր այս օրերին տրամաբանորեն կարող էին տնից դուրս գալու խնդիր ունենալ»,- ասաց Մարտիրոսյանը: Նաեւ նշեց, որ այն բոլոր ցերեկային աջակցությունները, որոնք նախկինում խնամքի կենտրոներն ու բարեգործական ճաշարանները մատուցվում էին միայնակ տարեցներին, արտակարգ դրություն հայտարարելուց հետո սկսեցին փոխել իրենց աշխատանքի բնույթը: «Այժմ միայնակ տարեցները չեն գնում ճաշարան իրենց ուտելիքը վերցնելու, այլ այն սնունդը, որը նախատեսված է նրանց համար, ճաշարանը տեղափոխում եւ մատակարարում է նրանց բնակարաններում»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը: Շարունակությունը՝ armtimes.com կայքում։
22:50 - 08 ապրիլի, 2020
Գործարկվել է կայք, որով կարող եք տեղեկանալ՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերի շահառո՞ւ եք, թե՞ ոչ

Գործարկվել է կայք, որով կարող եք տեղեկանալ՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերի շահառո՞ւ եք, թե՞ ոչ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ գործարկել է online.ssa.am կայքը, որի միջոցով կարող եք տեղեկանալ՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե` ոչ: Կայքի համապատասխան դաշտում հայատառ մուտքագրելով ձեր տվյալները՝ կարող է տեղեկանալ աջակցության ծրագրի տվյալ ցուցակում ներառված լինել կամ չլինելու մասին։ Ծրագրերի շահառու հանդիսանալու դեպքում կտեսնեք նաև այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվել է ձեզ համար նախատեսված գումարը: Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ տվյալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ միանվագ աջակցությունը: Նշենք, որ գումարը բանկում հասանելի կլինի երեք ամիս, եթե այդ ընթացքում գումարի նկատմամբ պահանջ չառաջադրեք, այն հետ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե: Նշենք, որ ‹‹Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն» (4-րդ միջոցառում) ծրագրի շահառուների ցանկը, ամբողջական չէ և պարբերաբար թարմացվում է: Ուստի, Ձեր տվյալները ցանկում չգտնելու պարագայում, փորձեք դրանք վերստուգել որոշ ժամանակ անց:
10:31 - 07 ապրիլի, 2020
Արտակարգ դրությամբ պայմանավորված` ԱԱՏՄ լիազորությունները կարող են ընդլայնվել. Զարուհի Բաթոյան |armenpress.am|

Արտակարգ դրությամբ պայմանավորված` ԱԱՏՄ լիազորությունները կարող են ընդլայնվել. Զարուհի Բաթոյան |armenpress.am|

armenpress.am: Արտակարգ դրության ժամանակահատվածում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ունենալու է լիազորություն՝ ստացված բողոքների հիման վրա աշխատանքային օրենսդրության խախտումների մասով վերահսկողություն իրականացնել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ հրատապ ռեժիմով նախաձեռնվել է «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխությունների նախագծի մշակում:-Տիկին Բաթոյան, երկրում ստեղծված ճգնաժամով պայմանավորված` հաճախ բարձրաձայնվում է աշխատանքային իրավունքների ոտնահարման հարցը։ Այս ամենի համատեքստում առաջ է քաշվում աշխատանքի տեսչություն ունենալու կամ գործող Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին հավելյալ լիազորություններ տալու անհրաժեշտությունը։ Այս ուղղությամբ նախարարությունում կային քննարկումներ, ասացեք խնդրեմ` ի՞նչ փուլում են:-Այո, ճիշտ եք: Անհրաժեշտությունը կա, և մենք բազմիցս բարձրաձայնել ենք այդ մասին: Կարող եմ ասել, որ 2019 թ․ Աշխատանքային օրենսգրքի համապատասխան փոփոխությունների արդյունքում ընդամենը 1 տարի հետո Հայաստանում կրկին կներդրվի աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողության համակարգ։-Հաշվի առնելով այն, որ այս պահին ո՛չ նախարարությունը, ո՛չ տեսչական մարմինը լիազորություններ չունեն միջամտելու աշխատանքային հարաբերություններին, հնարավոր է արագացված կարգով նախագիծ դրվի շրջանառության մեջ` գործող տեսչական մարմնի լիազորություններն ավելացնելու համար։-Այո, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրատապ ռեժիմով նախաձեռնել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծի մշակում, որում, ի թիվս այլ կարգավորումների, նախատեսվում է նաև ամրագրել, որ արտակարգ դրության ժամանակահատվածում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ունենալու է լիազորություն՝ ստացված բողոքների հիման վրա աշխատանքային օրենսդրության խախտումների մասով վերահսկողություն իրականացնել:Ավելին՝ armenpress.am-ում
12:59 - 06 ապրիլի, 2020
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը։ Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը. երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում. երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և նրանցից մեկը չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում. երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել  ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է28.01-ից. երեխայի միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում. երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել: Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր  երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով: Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա: Սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների  տվյալները հրապարակվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում: Սույն միջոցառման իմաստով ընտանիքը կարող է հանդիսանալ շահառու, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գնտվել են Հայաստանում: Սույն միջոցառման իմաստով ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի, կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը: Անկախ սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված նույնականացման կանոններից, սույն միջոցառման շահառու են հանդիսանում նաև բոլոր այն ծնողները կամ  ընտանիքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 358 Լ և մարտի 30-ի թիվ 410 Լ, 411 Լ, 412 Լ որոշումներով հաստատված միջոցառումներից մեկի շահառու, սակայն սույն միջոցառմամբ սահմանված կարգով ՝ յուրաքանչյուր  երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն ստանալու հաշվարկի դեպքում ստացվում է ավելի մեծ գումար: Այս դեպքում, շահառուն իրավունք ունի հրաժարվել վերոնշյալ որոշումներով հաստատված միջացառման աջակցությունից և դիմել սույն միջոցառմամբ սահմանված չափով աջակցության համար:
11:50 - 02 ապրիլի, 2020