ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

ԵԱՀԿ ԽՎ նախագահը դատապարտել է հարձակումը ՀՀ ԱԺ խոսնակի վրա |azatutyun.am|

ԵԱՀԿ ԽՎ նախագահը դատապարտել է հարձակումը ՀՀ ԱԺ խոսնակի վրա |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Գեորգե Ծերեթելին հայությանը հասցեագրված հատուկ ուղերձով մեկնաբանել է ղարաբաղյան պատերազմն ավարտելու ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ համաձայնությունը: Նա հույս է հայտնել, որ այդ փաստաթղթով կհաջողվի վերջապես դադարեցնել արյունահեղությունը: Նա ափսոսանք է հայտնել ռազմական գործողությունների ընթացքում մարդկային կորստի համար: Ծերեթելին նաև կողմերին հորդորել է առանց ձգձգելու սկսել գերիների, ձերբակալվածների և զոհվածների աճյունների փոխանակումը: «Ճանապարհը դեպի հարատև խաղաղություն շատ հաճախ ավելի բարդ է, քան բուն պատերազմը, կոչ եմ անում բոլոր կողմերին բարի կամքով սկսել բանակցությունները, ապահովել տեղահանվածների և փախստականների անվտանգ վերադարձը, հասնել համապարփակ կարգավորման և վերջապես միասին կառուցել ապագան», - ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը: Գեորգե Ծերեթելին արձագանքել է համաձայնագրի հրապարակմանը Երևանում հաջորդած անկարգություններին: Նա խորը մտահոգություն է հայտնել ամբոխի կողմից խորհրդարանի և կառավարության շենքերը գրավելու, ինչպես նաև Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի նկատմամբ գործադրված բռնության կապակցությամբ: «Ես վրդովված եմ բողոքի ակցիաների որոշ մասնակիցների կողմից խոսնակ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու փաստից: Կասկած չկա, որ դա շատ ցավալի և զգացական օր է հայ ժողովրդի համար, բայց ես կոչ եմ անում պահպանել վստահությունը դեմոկրատական ճանապարհով ընտրված իշխանության հանդեպ, քանի որ այդ իշխանությունը պետք է ղեկավարի Հայաստանը մարտահրավերներով լի այս դժվար ժամանակներում», - ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը:
10:15 - 11 նոյեմբերի, 2020
ԵԱՀԿ ՄԽ-ի փոխարեն երկկողմ ձևաչափի ստեղծման մասին ՌԴ ԱԳՆ-ին դեռ ոչինչ հայտնի չէ. Պոպով |24news.am|

ԵԱՀԿ ՄԽ-ի փոխարեն երկկողմ ձևաչափի ստեղծման մասին ՌԴ ԱԳՆ-ին դեռ ոչինչ հայտնի չէ. Պոպով |24news.am|

24news.am: ՌԴ ԱԳ նախարարությունը ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի մեկնաբանությունը ԼՂ խնդրի կարգավորման հարցով նոր աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկի վերաբերյալ: Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ գործող, ԼՂ հակամարտության կարգավորման հարցով նոր աշխատանքային խմբի ստեղծման մասին` Պոպովն առաջարկել է նախագահների զրույցի մանրամասների համար դիմել հենց իրենց` զրույցի անմիջական մասնակիցներին: «Սակայն, ԵԱՀԿ ՄԽ-ի փոխարեն ինչ-որ երկկողմ ձևաչափերի ստեղծման մասին ՌԴ ԱԳՆ-ին դեռ ոչինչ հայտնի չէ: Մենք շարունակում ենք ելնել ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման հարցում մեծ ավանդ ներդրած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների չեզոք դերակատարումից: Այդ սկզբունքներն են ընկած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` նոյեմբերի 9-ի հայտարարության հիմքում: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ ձեռք բերված համաձայնությունները կստեղծեն անհրաժեշտ պայմաններ` ԼՂ շուրջ ճգնաժամի երկարաժամկետ և ամբողջական կարգավորման համար` արդարացիության հիմքով և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների շահերի շրջանակներում»,- ասել է նա:
21:51 - 10 նոյեմբերի, 2020
Փոխվարչապետը վերահաստատել է` ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագությունն է |armenpress.am|

Փոխվարչապետը վերահաստատել է` ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագությունն է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱՊՀ անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: «Ադրբեջանական կողմի հայտարարությունների հետ կապված՝ պետք է հիշեցնեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձևաչափը, որն օժտված է միջազգային հանրության մանդատով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է` Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների տեսքով»,- ասել է Գրիգորյանը: Փոխվարչապետը նշել է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Ադրբեջանը հրթիռակոծում և ռմբակոծում է Արցախի բոլոր քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտն ու մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին, քաղաքացիական ենթակառուցվածքները, բժշկական հաստատությունները, դպրոցները, մանկապարտեզները, կրթաշմակութային և կրոնական հուշարձանները: «Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, բազմաթիվ երկրների ղեկավարների ու միջազգայն հեղինակավոր կազմակերպությունների կոչերին, Ադրբեջանը բազմաթիվ անգամ խախտել է և շարունակում է խախտել կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշել է փոխվարչապետը:
16:16 - 06 նոյեմբերի, 2020
ՀՀ-ն կանոնավոր կերպով շարունակում է աշխատանքը եվրասիական տնտեսական և ռազմաքաղաքական կառույցների հետ

 |armenpress.am|

ՀՀ-ն կանոնավոր կերպով շարունակում է աշխատանքը եվրասիական տնտեսական և ռազմաքաղաքական կառույցների հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը պատերազմական իրավիճակում կանոնավոր կերպով շարունակում է աշխատանքները եվրասիական տնտեսական, ռազմաքաղաքական կառույցների, նաև հաևան Վրաստանի և Իրանի հետ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Այս ժամանակահատվածում կանոնավոր շարունակվել է աշխատանքը եվրասիական ուղղությամբ, եվրասիական կառույցների հետ՝ լինի տնտեսական կառույցը՝ ԵԱՏՄ-ն, թե ռազաքաղաքական՝ ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն: Նույնը վերաբերում է մեր հարևաններին՝ Վրաստանին, Իրանին»,- ասաց Քոչարյանը: Նա շեշտեց, որ, բնականաբար, այս իրավիճակը չի կարող չանհանգստացնել Հայաստանի հարևաններին: Իրանին չի կարող չանհանգստացնել այն հանգամանքը, որ ահաբեկիչները հայտնվել են Իրանի սահմանի մոտ, նրանք դրա մասին բացահայտ խոսում են և ստիպված որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարում: «Նրանք (իրանցիները-խմբ.) այդ ահաբեկիչների դեմ կռվում էին Մերձավոր Արևելքում, հիմա հայտնվել են իրենց հարևանությամբ: Այդ վտանգը հստակ զգում է նաև ՌԴ-ն, քանի որ այդ վտանգը փաստացի մոտենում է Հյուսիսային Կովկասին և ընդհանուր առմամբ ամողջ ԱՊՀ տարածքին, այդ վտանգից զերծ չի մնում նաև Կենտրոնական Ասիան: Այնպես որ, ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որը մտահոգում, անհանգստացնում է բազմաթիվ պետությունների, որոնց հետ ունենք այս կամ այն աստիճանի խորացված հարաբերություններ»,- ասաց ԱԳ փոխնախարարը:
16:24 - 05 նոյեմբերի, 2020
Ժնեւում կողմերը վերահաստատեցին բացառապես ՄԽ համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շարունակականությունը

Ժնեւում կողմերը վերահաստատեցին բացառապես ՄԽ համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շարունակականությունը

Հոկտեմբերի 30-ին Ժնեւում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվեց ս.թ. հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ կրակի դադարեցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Նախարար Մնացականյանն ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ միջնորդությամբ ձեռքբերված կրակի դադարեցման շուրջ համաձայնությունների անվերապահ կատարման եւ կայուն հրադադարի անհապաղ հաստատման անհրաժեշտությունը: Նախարար Մնացականյանը ընդգծեց վերիֆիկացիոն մեխանիզմների դերը հրադադարի հաստատման ու պահպանման գործում:ՀՀ ԱԳՆ ղեկավարն առանձնահատուկ շեշտեց նաեւ Արցախի խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման անթույլատրելիությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շարունակականությունը։ Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
09:25 - 31 հոկտեմբերի, 2020
Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի հայտարարությունը հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են հայեցողական եւ մանիպուլյատիվ

Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի հայտարարությունը հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են հայեցողական եւ մանիպուլյատիվ

Հայկական որոշ լրատվական կայքեր՝ այդ թվում News.am-ը, Politik.am-ը եւ AraratNews.am-ը, այսօր տարածել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Մշտական խորհրդում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Նեյլ Բուշի հայտարարությունը՝ գրելով, թե «Մեծ Բրիտանիան վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական շրջանների հրետակոծումը»։  Սակայն Բուշի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղին առնչվող որեւէ տող չկա։ Տեքստում հստակորեն երեւում է, որ քաղաքացիական բնակավայրերի շարունակական հրթիռակոծությունները ՄԹ-ն դատապարտում է ընդհանուր առմամբ, եւ ոչ թե մասնավորապես Արցախում։ Նշված հայտարարությունը տարածել են նաեւ ադրբեջանական որոշ կայքեր՝ իրենք էլ ներկայացնելով, թե ՄԹ-ն դատապարտում է Ադրբեջանական Բարդա քաղաքի բնակավայրերի հրթիռակոծումները։ Իսկ իրականում Բուշի հայտարարության մեջ չի հիշատակվում նաեւ ադրբեջանական որեւէ քաղաք։  Փաստորեն, ԵԱՀԿ Մշտական խորհրդում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Նեյլ Բուշի՝ ըստ էության չեզոք հայտարարությունը ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական լրատվական կայքերը ներկայացրել են հայեցողական մեկնաբանությամբ եւ մանիպուլյատիվ վերնագրերով։ Նեյլ Բուշի հայտարարությունն ամբողջությամբ եւ բառացի թարգմանությամբ՝ ստորեւ․ «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ. ՄԹ-ի հայտարարությունը Միացյալ Թագավորությունը ողջունել է մարդասիրական վերջին զինադադարը, եւ մենք եւս մեկ անգամ խոր հիասթափված ենք՝ տեսնելով, որ այն չի պահպանվում: Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքացիական բնակավայրերի շարունակական հրթիռակոծությունները: Քաղաքացիական անմեղ անձանց վրա հակամարտության ունեցած ազդեցության մասին են վկայում քաղաքացիական զոհերի վերաբերյալ շարունակական հաղորդումները։ Մեր դիրքորոշումը պարզ է. քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը ցավալի է: Մենք ցավակցում ենք բոլոր նրանց, որոնք կորցրել են իրենց սիրելիներին: Մեր մտքերը բոլոր նրանց հետ են, որոնք տեղահանվել են եւ որոնց կյանքի վրա ազդում է այս իրավիճակը: Մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ հարգել հրադադարի ռեժիմը եւ արագ վերադառնալ բանակցությունների սեղան՝ ընդունելով այն փաստը, որ շարունակվող բռնությունները զգալի ազդեցություն են ունենում քաղաքացիների վրա: Մենք կոչ ենք անում կողմերին՝ թույլատրել Կարմիր Խաչի անհապաղ մուտքը, քանի որ նրանք ձգտում են հեշտացնել ռազմագերիների եւ զոհվածների մարմինների վերադարձը: Միջազգային հանրությունը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակը ռազմական լուծում ունենալ չի կարող: Մենք երկու կողմերին հորդորում ենք վերադառնալ առարկայական բանակցությունների՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մինսկի խումբը գլխավոր ձեւաչափն է, որի միջոցով պետք է հասնել կարգավորման: Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել Միացյալ Թագավորությունների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների միջնորդի:  Շնորհակալություն» Նարեկ Մարտիրոսյան
18:35 - 30 հոկտեմբերի, 2020
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին

Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին: Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը երեք անգամ կոպտագույն կերպով խախտել է հումանիտար հրադադարի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռքբերված պայմանավորվածությունները։ ԱԽ քարտուղարը ընգծել է, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով, մասնավորապես՝ պարբերաբար քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծմամբ ու հրթիռակոծմամբ: Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա Թուրքիայի բացասաբար աճող ներգրավվածությանը, տարածաշրջանը ահաբեկչական կազմավորումների ներկայությամբ ապակայունացնելու և  հրադադարի ռեժիմը չպահպանելուն ուղղված Թուրքիայի սադրիչ քաղաքականությանը՝ ԱԽ քարտուղարը շեշտել է, որ այն սպառնալիք է ոչ միայն Արցախի ժողովրդի գոյութենական լինելիությանը, այլև տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգությանը։ Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին կարևորեց կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:
14:26 - 30 հոկտեմբերի, 2020
ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Ստեփանակերտի բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածների վերաբերյալ

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Ստեփանակերտի բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածների վերաբերյալ

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ Ստեփանակերտի բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածների վերաբերյալ, որտեղ, մասնավորապես` ընդգծվում է, որ՝ «Քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես՝ Մարտունիի, Մարտակերտի և Ստեփանակերտի բժշկական հաստատությունների, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վրա կանխամտածված հարձակումները, ինչպես նաև հայ գերիների ցուցադրական դաժան սպանությունները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ ուղղված լայնամասշտաբ և կանոնավոր հանցագործությունների շարքի դրվագներ են: Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրագործվող բռնության ակտերը որևէ արդարացում չունեն և պետք է արժանանան միջազգային խիստ դատապարտման՝ ապագայում դրանց կրկնությունը կանխարգելելու նպատակով: Ստեփանակերտի բժշկական համալիրի կանխամտածված հրետակոծումը, ըստ էության, դարձավ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության լկտի պատասխանը Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների խաղաղարար ջանքերին՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանը և լարվածության նվազեցմանը: Կրկին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, ինչպես նաև Ադրբեջանի և նրա ռազմաքաղաքական ղեկավարության դեմ խիստ պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի կողմից իրականացվող մարդկության դեմ ուղղված հանցագործություններին վերջ դնելու օպտիմալ և արդյունավետ ոչ ռազմական միջոցներն են»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն։
17:36 - 29 հոկտեմբերի, 2020
ԼՂ հայությունն իր կյանքն ինքնուրույն կազմակերպելու որոշում է կայացրել, իսկ այդ իրավունքն առեւտրով ձեռք չի բերվում․ Միքայել Նահապետյան

ԼՂ հայությունն իր կյանքն ինքնուրույն կազմակերպելու որոշում է կայացրել, իսկ այդ իրավունքն առեւտրով ձեռք չի բերվում․ Միքայել Նահապետյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները վաղը՝ հոկտեմբերի 29-ին, հանդիպելու են Ժնեւում՝ քննարկելու արցախյան հակամարտության կարգավորման հարցը։ Համանախագահների համատեղ հայտարարությունում նշված է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ժամանակացույցին համապատասխան բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու համար, որոնք կբերեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ընդունած հիմնական սկզբունքներին համապատասխան: Այս ժամանակցույց ասվածը, ըստ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի, կարող է վերաբերել մի շարք հարցերի, այդ թվում՝ երբ է հաստատվում հումանիտար հրադադար, երբ է հաստատվում հիմնական հրադադար, ինչ ժամկետներում են կրառվում վերիֆիկացիոն մեխանիզմներ, որոնք թույլ կտան պարզել՝ ագրեսիան ով է սանձազերծում եւ այլն։ Նրա խոսքով՝ համանախագահ երկրներն, ըստ էության, ընդունել են, որ ադրբեջանական կողմն է սանձազերծել ագրեսիան, եւ դա արել են ի հեճուկս այն բանի, որ Ադրբեջանը տորպեդահարել է 2016-ին ձեռք բերված՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն ու թույլ չի տվել, որ նաեւ իր համար ընդունելի ներկայությամբ դա պարզվի։  Ժնեւում տեղի ունենալիք հանդիպման ու բանակցություններում հայկական կողմի ասելիքի մասին զրուցել ենք Միքայել Նահապետյանի հետ - Պարո՛ն Նահապետյան, համանախագահների հաղորդագրության մեջ խոսվում է ժամանակացույցին համապատասխան քննարկման մասին։ Այս ժամանակացույցը ակնարկ է խնդրի լուծման փուլայի՞ն տարբերակի։ - Հիմա բանակցություններում ներգրավված երկու կողմերն էլ որոշակի ժամկետային ակնկալիքներ եւ պահանջներ ունեն։ Ինչ վերաբերում է հայկական կողմին՝ ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ մենք ակնկալում ենք հրադադարի, վերիֆիկացիոն մեխանիզմների ժամանակացույց, ակնկալում ենք սկբունքներ կամ ժամանակային որոշակի ընկալումներ, թե երբ է ի վերջո հստակեցվելու Արցախի կարգավիճակը։ Իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ ինքն ակնկալում է զորքերի դուրսբերման ժամանակացույց։ Այս ամենը քննարկման առարկա է, բայց եթե խոսում ենք փուլային տարբերակի մասին, ապա այս պահին առնվազն երկու փուլ է տեսանելի՝ բանակցային միջավայրի վերականգնման եւ բուն բանակցությունների։ Բուն բակացությունների փուլում կոնֆլիկտի հաղթահարման ինչպիսի՞ լուծումներ կորդեգրվեն, դրանք կլինեն մեկ հանդիպման ընթացքում այսպես կոչված փաթեթայի՞նը, թե՞ կլինեն փուլ առ փուլ՝ խոշոր հաշվով քննարկման հարց է, թեեւ թերահավատորեն եմ վերաբերում, որ այդպիսի փուլային կարգավորման՝ բուն առեւտրական բանակցությունների տարբերակը որեւէ կերպ կարող է արյդունավետ լինել կամ բխել հայկական երկու պետությունների միասնական շահերից։ - Ադրբեջանն այս մեկ ամսում երեք անգամ խախտեց հրադադարի պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետությունների ղեկավարների միջնորդությամբ։ Ալիեւն էլ բազմիցս հայտարարեց, որ գնալու է մինչեւ վերջ, Ադրբեջանի պատկերացնումներում էլ այդ վերջը, ինչպես արձանագրեց վարչապետ Փաշինյանը, Արցախի կապիտուլյացիան է։ Այս իրավիճակում, երբ Ադրբեջանն ըստ էության շարունակում է հրթիռահրետակոծութուններն ու հարձակումները, ի՞նչ իմաստ ունեն Ժնեւում տեղի ունենալիք բանակցությունները։ - Իմ ընկալմամբ՝ երբ Ադրբեջանը տապալում է համանախագահող երեք երկրների ջանքերը, դրան պետք է հետեւի պատժի մեխանիզմ։ Ինչպիսին դա կլինի՝ գործիքակազմը բազմազան է, ամենաէականն այն է, որ աշխարհի տարբեր բեւեռներ եւ տարբեր շահեր ներկայացնող համանախագահներն ունենան կոնսենսուս, որ այդպես լինել չի կարող։ Այդ կոնսենսուսի առկայության պարագայում պատժի հազարավոր մեխանիզմներ կան՝ սկսած նրանից, որ կարող են միակողմանիորեն ճանաչել Արցախի կարգավիճակը, վերջացրած, որ կարող են մեր զինված ուժերին այնպիսի աջակցություն ցուցաբերել, որը բեկում կմտցնի, եւ խոսքը զինված ներկայության մասին չէ, այլ, պայմանականորեն, տեղեկությունների տրամադրման մասին է։ - Կոնկրետ վաղը ի՞նչ պիտի քննարկի Հայաստանն այս հռետորաբանությունը որդեգրած Ադրբեջանի հետ։  - «Քաղաքացու որոշում» կուսակցության դիրքորոշումն էականորեն տարբերվում է այն մոտեցումներից, որոնք որդեգրված են բանակցային գործընթացում։ Նախ, մենք պնդում ենք, որ տարածքների հարցը պետք է առանձնացված լինի կարգավիճակի հարցից՝ այն նկատառմամբ, որ ԼՂ հայությունն իր կյանքն ինքնուրույն կազմակերպելու որոշում է կայացրել։ Այդ որոշումը կայացվել է գոյաբանական սպառնալիքի պայմաններում, երբ այդպիսի որոշում չկայացնելը ուղիղ նշանակելու էր ֆիզիկական գոյության ոչնչացում։ Աշխարհի ցանկացած պետություն իր անկախությունը հռչակել է որեւէ այնպիսի պայմաններում, երբ ինչ-որ մեկը դրա հետ համաձայն չի եղել, եւ հասել են անկախության։ Աշխարհի քաղաքական քարտեզի վրա բոլոր պետություններն ունեն խրթին պայմաններում անկախանալու ինչ-ինչ պատմություն, եւ նրանց այդ իրավունքը ճանաչվել է։ Ի՞նչ պիտի զիջի Արցախը կամ Հայաստանը, որպեսզի այդ իրավունքը ճանաչվի։ Բնական իրավունքը արդյոք միջազգային հանրությունը դարձնում է սակարկության եւ առեւտրի առարկա՞։ Երբ խոսվում է այլ պետությունների տարածքային ամբողջականության մասին՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, նրանք ունեն իրավունք՝ իրենց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը պաշտպանելու, իրենք ի՞նչ են զիջում, որ այդ իրավունքը ճանաչվի, չէ՞ որ խոսքը բնական իրավունքի մասին է։ Հիմա տարածքներ կան կամ չկան, ենթադրենք՝ պատերազմն ավարտվել էր այնպես, որ վիճելի տարածքներ գոյություն չունեին, այդ իրավիճակում ի՞նչ էր լինելու, ի՞նչ պիտի զիջեինք, որ մեր իրավունքը ճանաչվեր։ Իրավունքն առեւտրով ձեռք չի բերվում, եւ ես կարծում եմ՝ դա բխում է հենց այն արժեքներից, որոնք սերմանում են միջազգային հարաբերությունների այդ դերակատարները։ Իրավունքները կամ լինում են կամ չեն լինում, դրանք սակարկության կամ առեւտրի առարկա չեն։ Եւ ճանաչման հարցը կապել տարածքների վերադարձի հետ՝ կտրականապես ոչ արժեքային, ոչ սկզբունքային մոտեցում է, չի համապատասխանում այդ պետությունների քարոզած արժեքներին։ Հայաստանն այս հարցերը պիտի պնդի։  Միջազգային անվտանգության եւ կայունության համար չարիք է վիճակը, երբ որեւէ կողմ ունի հստակ երաշխիքներ, որ եթե ինքը հարձակվի ու նույնիսկ կորցնի տարածքներ, տարածքային ամբողջականությունը պատճառ բերելով՝ այդ տարածքները հետ կստանա։ Սկզբունքը, որ հարձակվողը, անկախ տարածքային կորուստներից, պիտի հետ ստանա դրանք, դառնում է խրախուսանքի մեխանիզմ՝ այդ արարքը կրկնելու համար։ Աշխարհում ցանկացած հարաբերություններում երկու սուբյեկտի մեջ գոյություն ունեն պատժի եւ խրախուսանքի մեխանիզմներ, եթե արարքը չի պատժվում, ըստ էության, նշանակում է, որ խրախուսվում է։ Այս կոնֆլիկտը լուծելիս պետք է այնպես լուծել, որ հստակ արձանագրվի, թե պատժի ինչպիսի մեխանիզմ ներդրվեց իր ճակատագիրը տնօրինել փորձող ժողովրդի դեմ Ադրբեջանի՝ արդեն երրորդ ագրեսիայի համար, հակառակ դեպքում՝ կասկածելի է, որ այս տարածաշրջանում կայնություն կլինի, իսկ աշխարհի նոր կետերում կոնֆլիկտների ծագումն այդ փաստարկով չի բացառվում։ - Դուք Ձեր հրապարակումներից մեկում շեշտել եք՝ Հայաստանի՝ բանակցային հին տրամաբանությանը վերադառնալը ճակատագրական սխալ կլինի ներկա իրավիճակում եւ կհանգեցնի նոր պատերազմի։ Հիմա մեր բանակցային դիրքերն այնպիսին են, ինչպիսին այս մարտական գործողություններից առա՞ջ։ Եթե ամփոփ՝ մենք ի՞նչ թեզերով պիտի խոսենք բանակցություններում։  - Մենք բանակցային դիրքերի փոփոխություններ ենք ունեցել․ դրանք էական մասով դրական փոփոխություններ են, որոշ մասերում՝ բացասական։ Բացասականն այն է, որ մեր հանրության համար այս պահին ծանր է ասել՝ ինչքան պետք լինի՝ այդքան կպատերազմենք, հետեւաբար շուտափույթ խաղաղության հաստատման մեր հակումը մեծ է։ Այլ հարց է, որ Ալիեւն ու իր վարչակազմը թքած ունեն իրենց քաղաքացիների կյանքի ու ճակատագրի վրա ու հայտարարում են՝ ինչքան պետք լինի՝ կպատերազմեն։ Մեզ համար մեր քաղաքացիների կյանքը թանկ է, եւ դա մեր մեջ սերմանում է ձգտում՝ շուտափույթ խաղաղություն հաստատելու։ Բայց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւս հայտնել է, որ այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ։ Հաշվի առնելով, որ մեր հակառակորդը ծայրահեղական ու մաքսիմալիստական ձգտումներով Ադրբեջանն է, սա կարելի է դիրքերի որոշակի վատթարացում համարել, բայց եթե մենք ապրեինք նորմալ աշխարհում եւ գոնե թշնամու հարցում մեր բախտը մի քիչ բերած լիներ, չեմ կարծում, թե շատ վատ է, երբ կողմերը ձգտում են շուտափույթ եւ արժանապատիվ խաղաղություն հաստատելու։ Մյուս կողմից՝ աշխարհի տարբեր սուբյեկտներ էականորեն փոխել են իրենց մոտեցումն Արցախի կարգավիճակի մասով․ եթե առաջ կտրականապես կմերժեին կարգավիճակի ճանաչման որեւէ հեռանկար, այսօր դա այդպես չէ։ Մեր դիքրերը բարելավվել են, որ կողմերը հասակցել են, որ առանց պատժիչ մեխանիզմների՝ Ադրբեջանն անընդհատ ագրեսիվ քաղաքականություն է վարելու, անընդհատ խուսափելու է բանակցային գործընթացից, կողմերը հստակ հասկացել են այն վտանգները, որոնք կարող են լինել Թուրքիայի՝ այս տարածաշրջանում ապակայունարար գործառույթ իրականացնելու բերումով, եւ այլ շատ փաստարկներ, թե ինչու են մեր դիվանագիտական դիրքերը բարելավվել։ Սրանից կարելի է լավագույնս օգտվել՝ հաշվի առնելով, որ մենք չենք պատերազմում մի սուբյեկտի հետ, որը հակված է կանոններ պահելու, այլ որը բոլոր հնարավոր կանոնները խախտում է, բոլոր հնարավոր պայմանավորվածությունները ձախողում է եւ միշտ հակում ունի ապակայունացում մտցնելու։ Հետւաբար, նրա նկատմամբ պատժիչ մեխանիզմների ներդրումը հրամանայական է, եւ այս առումով մենք կարող ենք ունենալ առավել արմատական դիրքավորում։ - Իսկ այդ դիրքավորման ամրապնդման համար Հայաստանը պիտի՞ ճանաչի Արցախը կամ հստակ դնի միացման հարցը։ - Ըստ իս՝ չի կարելի առանց Արցախի կարգավիճակի առումով հստակություն մտցնելու՝ վերադառնալ բանակցությունների։ Ես գիտեմ, որ Հայաստանի կառավարող, դիվանագիտական շրջանակներում կան խոսակցություններ այս մասին, ե՛ի միացման, ե՛ւ ճանաչման տարբերակներն ունեն լավ փաստարկներ, ռիսկերի մասին եւս ուժեղ փաստարկներ կան, բայց, կարծում եմ, այս երկու տարբերակները մի կողմում ավելի լավ են, քան հին վիճակին վերադառնալը՝ մյուս կողմում։ Մենք պիտի կարողանանք դասեր քաղել մեր ոչ վաղ անցյալի պատմությունից, ինչն այն մասին է, որ երբ բանակցային սեղանին փաստարկ ես դնում, որ դու պատաստ ես տարածքային զիջումների, եւ Ադրբեջանը չի բերում հակադարձ պնդում, որ ինքն էլ պատրաստ է Արցախի՝ իրենից դուրս որեւէ կարգավիճակ հանդուրժելու, բանակցային գործընթացը հանգում է նոր պատերազմի։ Վարչապետն ուղիղ ասել է, որ այս պատերազմը հնարավոր կլիներ կանխել հինգ շրջանների՝ առանց որեւէ նախապայմանի Ադրբեջանին հանձնելու ճանապարհով, առանց որեւէ նախապայմանի, երաշխիքի ու փոխադարձ ինչ-որ բան ստանալու։ Վերադարձ բանակցային սեղան՝ նույն այդ խոսքերով, հաջորդ պատերազմը սնելու ճանապարհն է։ Հայարփի Բաղդասարյան
19:34 - 28 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը որևէ նպատակ չունի խաղաղ երկխոսությունը վերսկսելու և հասկացնել է տալիս, որ շարունակելու է ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ․ Արայիկ Հարությունյան

Ադրբեջանը որևէ նպատակ չունի խաղաղ երկխոսությունը վերսկսելու և հասկացնել է տալիս, որ շարունակելու է ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հումանիտար հրադադար հաստատելուն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել և խախտել այդ նպատակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Ինչպես և նախորդ անգամները, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը վերահաստատում էր Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և Փարիզում հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարը կյանքի կոչելու և պահպանելու կողմերի հանձնառությունը, այսօր կրկին կոպտորեն խախտվել է պաշտոնական Բաքվի կողմից: Հատկապես օրվա երկրորդ կեսին Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ հրթիռահրետանային միջոցների կիրառմամբ: Այս ամենը հաստատում է, որ Ադրբեջանի իշխանությունները, ունենալով Թուրքիայի իշխանությունների անվերապահ հովանավորությունը և վարձկան-ահաբեկիչների աջակցությունը, որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու և բացահայտ կերպով հասկացնել են տալիս, որ շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ: Ուստի, մեր համազգային խնդիրն է պայքարել հանուն սեփական հայրենիքում արցախահայության անվտանգ ու արժանապատիվ գոյության: Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և այդ հարցում մեր վճռականությունը վեր է բոլոր տեսակի հանգամանքներից ու ցանկություններից»։
18:54 - 26 հոկտեմբերի, 2020
Զ․ Մնացականյանը և ՄԽ համանախագահները վերահաստատել են վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի անհապաղ հաստատումը

Զ․ Մնացականյանը և ՄԽ համանախագահները վերահաստատել են վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի անհապաղ հաստատումը

Հոկտեմբերի 23-ին, աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում  օպերատիվ իրադրությանը: Նախարար Մնացականյանը խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից՝ հոկտեմբերի 10-ին և 17-ին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունների տապալման առնչությամբ և ընդգծեց, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նկրտումները մարտահրավեր են ողջ տարածաշրջանի համար: Կողմերը վերահաստատեցին ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի անհապաղ հաստատումը: Ընդգծվեց բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:
20:28 - 24 հոկտեմբերի, 2020
Ելիսեյան պալատում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները

Ելիսեյան պալատում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները

Ելիսեյան պալատում տեղի է ունցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:Զրույցի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում:Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ:Նախագահները համակարծիք են եղել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և կարևորել են հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:
11:57 - 23 հոկտեմբերի, 2020