Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Հաջողության բանալին մեր պետությունների առաջին դեմքերի արդյունավետ երկխոսությունն է. Ալեն Սիմոնյանը՝ Ալեքսեյ Գորդեեւին

Հաջողության բանալին մեր պետությունների առաջին դեմքերի արդյունավետ երկխոսությունն է. Ալեն Սիմոնյանը՝ Ալեքսեյ Գորդեեւին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 28-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեեւի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ-ից հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ համարժեք աշխատանքներ են տարվում տարբեր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը կայուն ռազմավարական բնույթ է կրում, եւ հաջողության բանալին մեր պետությունների առաջին դեմքերի արդյունավետ երկխոսությունն է: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցությունը եւ չընդհատվող օրակարգերի առկայությունը: Կողմերը փաստել են, որ մտադիր են զարկ տալ երկրների փոխգործակցության դինամիկային` հաշվի առնելով տարածաշրջանի եւ միջազգային այլ հարթակների քաղաքական իրադարձությունները: Հանդիպմանը քննարկվել է գլոբալ ինտեգրացիոն գործընթացների պայմաններում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների կարեւորությունը՝ առանձնակի անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության հեռանկարներին:
11:38 - 28 հունիսի, 2022
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ավստրիացի խորհրդարանականների հետ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ավստրիացի խորհրդարանականների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննա պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին գործերի կոմիտեի և Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի անդամների հետ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանն այսօր առաջ է քաշում տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման օրակարգ: Նա շնորհակալություն է հայտնել Ավստրիայի խորհրդարանի գործընկերներին՝ 2020 թ. աշնանն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Արցախի դեմ ագրեսիան դատապարտող քննարկումների և հայտարարությունների, ինչպես նաև Ազգային խորհրդի կողմից միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ» բանաձևի համար: Կողմերը քննարկել են օրակարգային առաջնահերթություններ ունեցող մի շարք հարցեր՝ ի նպաստ երկու երկրների բազմոլորտ համագործակցության խթանման: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Երևանում ADA-ի (Ավստրիական զարգացման գործակալության) լիարժեք համակարգող գրասենյակի բացմանը՝ գնահատելով դրա կարևորությունը: Ալեն Սիմոնյանը գործընկերներին հավաստիացրել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել ավստրիական ընկերություններին, որոնք կցանկանան մուտք գործել հայկական շուկա: Երկուստեք բարձրաձայնվել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելու շահագրգռվածությունը՝ առաջնահերթ նշանակություն տալով միջխորհրդարանական կապերի և շփումների ամրապնդմանն ուղղված երկկողմ ջանքերին: Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ հայկական կողմն ակնկալում է ավստրիացի խորհրդարանականների ակտիվ մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո ծագած հումանիտար հարցերի լուծմանը: «Այս հարցերը ներառում են առնվազն 4 տասնյակ հայ ռազմագերիների և այլ ձերբակալվածների ազատ արձակումը, մշակութային ժառանգության պաշտպանությունը: Դա կդառնա զինված հակամարտություններում մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանությանն Ավստրիայի ազգային նվիրվածության վառ արտացոլումը և կցուցադրի Ավստրիայի ներդրումը հակամարտությունների գոտիներում անհետացման վտանգի տակ գտնվող մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված միջազգային ջանքերում»,- եզրափակել է նա: Գործընկերներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և այդ կապակցությամբ իրականացվելիք միջոցառումներին: 
17:59 - 25 հունիսի, 2022
Կարող եք Ավստրիան դիտարկել որպես հուսալի գործընկեր. Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

Կարող եք Ավստրիան դիտարկել որպես հուսալի գործընկեր. Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

Պաշտոնական այցով Ավստրիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հունիսի 23-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի նախագահ Քրիստին Շվարց-Ֆուքսը: ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջ հետ զրույցում նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Ավստրիայի միջև քաղաքական հարթակում նկատվում է երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկա. տեղի են ունեցել ակտիվ փոխայցելություններ, հանդիպումներ նախագահների, վարչապետների, արտգործնախարարների մակարդակով: Նա հավելել է, որ անհրաժեշտ է համագործակցություն հաստատել Հայաստանի խորհրդարանի և Ավստրիայի խորհրդարանի վերին պալատի միջև, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունը զգալի դեր է խաղում հայ-ավստրիական երկկողմ օրակարգի գործում ինչպես դաշնային, այնպես էլ ապակենտրոնացված մակարդակով: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու և խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հետագա ամրապնդմանը: Այս իմաստով ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը շրջադարձային պահ է, որը նոր հեռանկարներ կբացի Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման համար: Զրույցի ընթացքում ելակետային են եղել Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման, Ավստրիայի՝ Հայաստանում Ավստրիայի Հանրապետության դեսպանություն բացելու, Երևանում ավստրիական վիզային ծառայությունների բացման վերաբերյալ հարցերը: Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և դրա հետևանքով առաջացած բազում խնդիրներին՝ Ալեն Սիմոնյանը եւս մեկ անգամ ողջունել է Ավստրիայի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը, տարածաշրջանային համագործակցության զարգացմանը: Կողմերն անդրադարձել են նաև Ավստրիայի բազմադարյա հայ համայնքի կարևորությանը, որը հուսալի կամուրջ է երկու երկրների միջև: Քրիստին Շվարց-Ֆուքսը հպարտորեն ընդգծել է հայերի մեծ ներդրումն իրենց երկրի մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքում: Հանդիպման ավարտին ԱՀ Դաշնային խորհրդի նախագահը կարևորել է ՀՀ ԱԺ նախագահի այցը՝ նշելով, որ այն նոր հնարավորություններ կընձեռի Հայաստանի և Ավստրիայի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման համար: «Մենք շահագրգռված ենք, որ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար բարենպաստ իրավիճակ լինի: Այս իմաստով կարող եք Ավստրիան դիտարկել որպես հուսալի գործընկեր»,- նշել է Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի նախագահ Քրիստին Շվարց-Ֆուքսը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
20:16 - 23 հունիսի, 2022
Մի խումբ պատգամավորներից բաղկացած պատվիրակություն է մեկնել Ստամբուլ

Մի խումբ պատգամավորներից բաղկացած պատվիրակություն է մեկնել Ստամբուլ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 15-ին կարգադրություն է ստորագրել, որով պատվիրակություն է գործուղել Ստամբուլ: Կարգադրության մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ. 1. Միջխորհրդարանական միության՝ միգրացիայի հարցերին նվիրված համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի հունիսի 19-22-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Հասմիկ Հակոբյանին, Ծովինար Վարդանյանին եւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանին: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
13:01 - 21 հունիսի, 2022
Ալեն Սիմոնյանը և ԻԻՀ արտգործնախարարը քննարկել են Սյունիքում իրանական կողմից դրսևորվող ներդրումային հետաքրքրությունները

Ալեն Սիմոնյանը և ԻԻՀ արտգործնախարարը քննարկել են Սյունիքում իրանական կողմից դրսևորվող ներդրումային հետաքրքրությունները

Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 16-ին հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Ողջույնների փոխանակումից հետո կողմերը խոսել են մեր պետությունների միջև 30 տարվա դիվանագիտական հարաբերություններից, ինչը սկիզբ է դրել հայ-իրանական միջպետական համագործակցության զարգացման գործընթացին, որի հիմքը դեռևս հարյուրամյակներ առաջ էր ստեղծված: Ալեն Սիմոնյանը նշել է, որ բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Իրանը ոչ միայն հարևան պետություն է, այլ նաև առևտրային կարևոր, հուսալի և վստահելի գործընկեր մեզ համար։ Նա երկուստեք կարևորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը՝ համաձայնելով, որ խորհրդարանների շփումների ակտիվացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով նպաստում է փոխըմբռնման և փոխվստահության ամրապնդմանը, միասնական տեսակետների շրջանակի ընդլայնմանը և երկրների միջև համագործակցության զարգացմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ տարբեր հարթակներում Հայաստանը, մշտապես հաշվի առնելով բարեկամ Իրանի շահերը, հնարավորինս աջակցել է նրա դիրքորոշմանը և ակնկալում է համապատասխան վերաբերմունք Իրանից՝ հավելելով, որ հայ-իրանական համագործակցությունը միշտ նպաստել և նպաստելու է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը: Կողմերն անդրադարձել են ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմին և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին ու չլուծված բազմաթիվ հումանիտար խնդիրներին, մասնավորապես, ռազմագերիների վերադարձի հարցին: «Կարծում եմ, որ Իրանի՝ բարեկամ պետության անաչառ մոտեցումը միջազգային և տարածաշրջանային հարթակներում շրջանառվող ադրբեջանամետ նախաձեռնությունների վերաբերյալ լուրջ ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը մեծապես կարևորվել է Իրանի հետ ռազմավարական երկխոսությունը և ակնկալվել դրա արդյունքում երկկողմ հարաբերությունների հնարավոր էական առաջընթացը բոլոր ուղղություններով: Քննարկմանը կողմերը խոսել են ՀՀ Սյունիքի մարզում իրանական կողմից դրսևորվող ներդրումային հետաքրքրություններից: Այս առումով ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը, ինչպես նաև, փոխադարձաբար, Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն բացելու անհրաժեշտությունը: ԻԻՀ արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական փոխգործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի և պատրաստ է աջակցելու Հայաստան-Իրան փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների:
19:07 - 16 հունիսի, 2022
Մենք մեր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. Իրանի նախագահ Ռայիսին՝ Ալեն Սիմոնյանին

Մենք մեր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. Իրանի նախագահ Ռայիսին՝ Ալեն Սիմոնյանին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին: Հանդիպմանը զրույցն ընթացել է Հայաստան-Իրան բազմակողմանի համագործակցության շուրջ, ինչը խարսխվում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, պատմական ու մշակութային սերտ առնչությունների վրա: Նախանշելով համագործակցության խթանման ուղիները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել  համատեղ ջանքերով շարունակելու երկխոսությունը եւ առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը: Նախագահ Ռայիսին կարեւորել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա ջերմ հարաբերությունների ամրապնդման գործում օրենսդիր մարմինների համագործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական հարաբերություններին եւ ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնց զարգացման նախադրյալները շատ են: Հայկական կողմը մեծապես կարեւորում  է  էներգետիկ եւ տրանսպորտի բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների արձանագրումը: «Պետք է նշեմ նաեւ, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության երկաթուղային կապի հաստատումը մեր օրակարգային կարեւորագույն հարցերի շարքում է»,- ասել է Ալեն Սիմոնյանը: ՀՀ ԱԺ նախագահն Իրանի նախագահին է ներկայացրել ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված հետպատերազմյան իրավիճակը, հումանիտար խնդիրները եւ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային արժեքների պահպանության հարցը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է արժեքավոր ժառանգությունը, եւ Իրանը կարող է օրինակ ծառայել Ադրբեջանին այս հարցում: Հանդիպմանը կարեւորվել են տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետեւողական ջանքերը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը, եզրափակելով խոսքը, համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական փոխհամագործակցությունը զարգացման ու ընդլայման մեծ ներուժ ունի եւ պատրաստ  է  աջակցելու Հայաստան-Իրան փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ երկու բարեկամ  ժողովուրդների: «Մենք մեր բոլոր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. դրանով ենք առաջնորդվում: Ուրախ օրերին յուրաքանչյուրը կարող է լինել յուրաքանչյուրի կողքին, բայց իրական ընկերությունն ու բարեկամությունը ցուցաբերվում են դժվարությունների ժամանակ»,- նշել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին: ՀՀ ԱԺ նախագահը փոխանցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները եւ Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը: Ալեն Սիմոնյանը նաեւ տեղեկացրել է նախագահին, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հայաստան-Իրան օրակարգի համատեղ աշխատանքների իրականացմանն առնչվող օրենսդրության պարզեցման մասով: Նախագահը նշել է, որ համապատասխան հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին՝ Հայաստանի հետ առավել սերտ կապերի հաստատման գործում ելակետային առաջարկություններ ներկայացնելու համար:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
10:01 - 16 հունիսի, 2022
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն

Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն

Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Իրանում է: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահին: ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով հանդիպման և ծանոթության համար, նշել է, որ իր առաջին այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն` հավելելով, որ փոխայցերը շարունակական կլինեն: Նա իր գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երևան: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործընկերոջն ասել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Երևանում հյուրընկալած ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի հետ արդյունավետ քննարկումներ են եղել, և դրանց շարունակական բնույթը երկու խորհրդարանների համար համատեղ ծրագրերի իրականացման կարևոր հիմք է: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը հիշատակել է օրերս Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է  նաև Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը: Նա նշել է, որ նիստից հետո Իրանի խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել Ազգային ժողովում, և հնարավորություն է ընձեռվել քննարկելու երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: Իրանի Մեջլիսի նախագահը ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Իրան՝ նշելով, որ Հայաստան-Իրան միջխորհրդարանական հարաբերությունների կիզակետում պետք է լինեն այսօրվա առանձնազրույցի օրակարգային կետերը: Ըստ նրա՝ շատ են համատեղ անելիքները խորհրդարանական մակարդակում, այդ թվում՝ տնտեսական կապերի խթանման, օրենսդրական համագործակցության զարգացման, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ու բարեփոխման հարցում: Նրա գնահատմամբ՝ խորհրդարանները պետք է օրենսդրական մակարդակում աջակցեն Իրան-Հայաստան երկաթուղային և ավտոտրանսպորտային ճանապարհների բացման ու ենթակառուցվածքների ստեղծման գործընթացներին: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է իր դիրքորոշումը՝ ընդգծելով երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանումն ու տևական խաղաղության հաստատումը: Երկկողմ հանդիպմանը հաջորդել է երկու երկրների խորհրդարանների ղեկավարների մամուլի ասուլիսը: Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ նախագահը, մասնավորապես, նշել է. «Մեծարգո՛ պարոն Ղալիբաֆ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին՝ իմ գործընկերոջը և լավ բարեկամին, հրավերի, ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների, բանակցությունների համար: Բարեկամության և փոխվստահության մթնոլորտում նախագահ Ղալիբաֆի հետ ունեցած մեր քննարկումների ընթացքում  գոհունակություն ենք հայտնել հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի և միջխորհրդարանական սերտ կապերի առնչությամբ: Ընդգծել ենք, որ մեր գործընկերությունը հիմնված է հազարամյակների բարեկամության և դրացիության վրա, երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել բոլոր ուղղություններով մեր գործընկերությունը խորացնելու առնչությամբ: Հանգամանորեն քննարկել ենք տարածաշրջանային զարգացումները: Բնականաբար, ես անդրադարձել եմ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիային և դրա հետևանքներին: Նշել եմ, որ բազմաթիվ հումանիտար խնդիրներ են մնացել պատերազմից հետո, մասնավորապես, ռազմագերիների վերադարձը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր արժեքների պահպանումը: Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը: Իհարկե, մեր այսօրվա հանդիպման կարևոր թեմաներից էին նաև տրանսպորտային տարանցման վերջին մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Մեծարգո պարոն նախագահի հետ խոսել ենք նաև տնտեսական մեր համատեղ ծրագրերը շարունակելու և ավարտին հասցնելու վերաբերյալ: Կրկին ուզում եմ նշել` ինչպես պարոն նախագահը եւս հավաստեց, երկու երկրների քաղաքական ղեկավարությունները հաստատակամ են՝ լիարժեք և գործընկերային կերպով զարգացնելու մեր հարաբերությունները և խորացնելու դրանք: Կրկին շնորհակալ եմ հրավերի համար, հարգելի՛ պարոն նախագահ, և սիրով սպասում եմ Ձեզ Երևանում: Շնորհակալություն»,-խոսքը եզրափակել է Ալեն Սիմոնյանը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
14:54 - 15 հունիսի, 2022
Ով ամենամատչելի գինն է տվել, նա էլ շահել է․ Գնել Սանոսյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության՝ մրցույթներ շահելու մասին |news.am|

Ով ամենամատչելի գինն է տվել, նա էլ շահել է․ Գնել Սանոսյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության՝ մրցույթներ շահելու մասին |news.am|

news.am: Այդ ինչպես է լինում, որ 1,7 մլրդ դրամ արժողությամբ ասֆալտապատման մրցույթում ընդամենը 500 հազար դրամ պակաս արժեք առաջարկած եւ հաղթած ընկերությունը «պատահականորեն» այն ընկերությունն է, որտեղ տնօրենը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրն է: Այս մասին լրագրողները ԱԺ-ում հարց ուղղեցին ՏԿԵ նխարար Գնել Սանոսյանին: Ի պատասխան նա ասաց. «Այնքան ուրախ եմ, որ այս հարցը տալիս եք, այնքան հեշտ է այս հարցին պատասխանել: Մենք բոլորս ուզում ենք, որ մեր երկիրն ուժեղ լինի, հարուստ լինի, մեր երկրի գումարները տեղին ծախսվեն: Հիմա հայտարարվել է մրցույթ, որին մասնակցել են 7-8 ընկերություն, որոնցից ով ամենամատչելի  գինն է տվել, նա էլ շահել է: Մեր երկրի օրենսդրությամբ, ով ամենացածր գին է տալիս, շահում է: Խնդիր կա՞ էստեղ: Կարծում եմ՝ չկա: Նախնական արժեքը եղել է 1,5 մլրդ դրամ, Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը իջել է մինչեւ 493 մլն դրամ: Դուք վերցնում եք, նայում եք, որ առաջին եւ երկրորդ տեղի ընկերությունների միջեւ տարբերությունը 500 հազար դրամ է: Դուք վերցրեք տեսեք, թե մրցույթը քանիսով էր հայտարարված եւ քանիսով են շահել: Գնացեք շնորհակալություն հայտնեք այդ ընկերությանը»: Գնել Սանոսյանն առաջարկեց լրագրողներին գալ նխարարություն եւ դիտել այդ մրցույթի բանակցային փուլը, որը տեսագրվել է. «Մեր նախարարությունում կան գեղեցիկ սեւ աթոռներ, մարդիկ գալիս նստում են եւ դա կոչվում է մրցույթի բանակցային փուլ: Ասում ենք, որ այս  մրցույթի նախագիծն արժե 1,5 մլրդ դրամ: 8 ընկերություն են մասնակցել: Այն ընկերությունը, որը բանակցության արդյունքում ամենացածր գինը կառաջարկի, ն կհամարվի հաղթող: Մի ընկերություն ասում է՝ ես կառաջարկեմ 1,4 մլրդ, մեկն ասում է՝ 1,3 մլրդ, իջնում դառնում է, որ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը»: Հարցին, թե բացառո՞ւմ եք, որ որեւէ մեկը նախարարությունից զանգում է բարձրաստիճան պաշտոնյայի եղբորը եւ ասում՝ գիտե՞ս, Քոչարյանի խնամու հետ փոխկապակցված ընկերությունն այսքան է առաջարկել, դու 500 հազար դրամով պակաս առաջարկի, որ շահես, ՏԿԵ նախարարն արձագանքեց. «Մարդիկ նստում են իրար դիմաց, ընկերություններն սկսում են գնային առաջարկներ անել: Որը ցածր գին է առաջարկում, նա էլ հաղթում է»:   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
13:10 - 15 հունիսի, 2022
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։ «Դուք Հայաստանի համար հուսալի գործընկեր եք, ում հետ ջերմ համագործակցություն հաստատվել է դեռեւս մինչեւ Ձեր՝ որպես ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար ընտրվելը: Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված Ձեր գործունեությունը»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը: Կողմերը համակարծիք են եղել Եվրոպայի խորհրդի ծրագրային համագործակցության կարեւորություն շուրջ, ինչը մեծ նշանակություն ունի նաեւ Հայաստանի կառավարության մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացման տեսանկյունից: Այս համատեքստում մասնավորեցվել են ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությունը, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ 2019-2022 թթ. գործողությունների ծրագիրը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը եւ 2020-2022 թթ. գործողությունների ծրագիրը, ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ. ռազմավարությունը եւ գործողությունների ծրագիրը: Անդրադառնալով Արցախում հետպատերազմյան իրավիճակին՝ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման հարցը:  Անդրադարձ է եղել միջազգային մասնագիտացված կառույցների ահազանգող զեկույցներին: Քննարկվել է վերջերս Human rights watch-ի հրապարակած զեկույցը, ուր զետեղված են փաստեր ադրբեջանական բանտերում հայ ռազմագերիների պահման անմարդկային պայմանների եւ այդ մարդկանց հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների մասին: Ալեն Սիմոնյանն ափսոսանք է հայտնել 2021 թ. հունվարին Դունյա Միյատովիչի՝ Հայաստան եւ Արցախ նախատեսված այցի չեղարկման վերաբերյալ: Նա  մեծապես կարեւորել  է տիկնոջ այն դիրքորոշումը, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է մուտք ունենա ԵԽ անդամ պետություններն ընդգրկող ամբողջ տարածքը, ներառյալ՝ հակամարտության, այսպես կոչված, «գորշ գոտիներ»: Նա նկատել է, որ Արցախը Եվրոպայի խորհրդի աշխարհագրական տարածք է, որտեղ ապրում են եվրոպացիներ, եւ Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները: Կողմերն ընդգծել են Արցախի դեմ պատերազմի հումանիտար ավերիչ հետեւանքների լուծման գործում ԵԽ դերի կարեւորությունը: 
16:36 - 11 հունիսի, 2022
Հայ գերիների վերադարձի հարցը՝ Ալեն Սիմոնյանի և Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հանդիպման օրակարգում

Հայ գերիների վերադարձի հարցը՝ Ալեն Սիմոնյանի և Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հանդիպման օրակարգում

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 10-ին հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին: Կողմերը խոսել են նախորդ հանդիպմանը բարձրաձայնված որոշ հարցերի լուծման ընթացքի մասին: Մասնավորապես, քննարկման առանցքում է եղել ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի 2019-2022 թթ. իրականացումը: ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ այն հաջողությամբ է իրագործվում՝ գոհունակությամբ հիշեցնելով, որ նման գնահատական է տվել նաև ԵԽ քարտուղարությունը 2022 թ. մարտի 2-ին Երևանում կայացած ԵԽ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստին: Կողմերը խոսել են Գործողությունների ծրագրի անհրաժեշտ շարունակականության մասին: Ալեն Սիմոնյանն առանձնացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող համատեղ օրակարգային առաջնահերթությունները՝ բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի առանցքային աջակցությունը՝ իր ինստիտուտներով և մոնիթորինգային մեխանիզմներով: Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին ԵԽԽՎ բանաձևին, որով Վեհաժողովը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման գործընթացում Հայաստանի առաջընթացը: Հանդիպման օրակարգային հարցերից են եղել 2020 թ. Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով մինչ օրս առկա, չլուծված հումանիտար խնդիրները, այդ թվում՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցը: Ալեն Սիմոնյանն արձանագրել է, որ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ նախորդ հանդիպումից ի վեր մեծ չէ առաջընթացը ռազմագերիների վերադարձի հարցում, և անհագստացնող են միջազգային մասնագիտացված կառույցների կողմից զեկույցները հայ ռազմագերիների պահման անմարդկային պայմանների ու այդ մարդկանց հիմնարար իրավունքների կոպտագույն խախտման մասին: Նա շնորհակալություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին այս խնդիրներին բազմակի անդրադարձի համար՝ կարևորելով տիկնոջ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին: Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ընդգծել է Մինսկի խմբի համանախագահության նշանակությունը և կարևորությունը:
17:16 - 10 հունիսի, 2022
Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին

Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 9-ին Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսին: Նա բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և ԵԽԽՎ-ի առանցքային դերը և գործունեության արդյունավետ շարունակականությունը՝ որպես ժողովրդավարական անվտանգության հիմնասյուն, մարդու իրավունքների և օրենքի գերակայության երաշխավոր, իրական բազմակողմանիության և արդյունավետ երկխոսության հարթակ: Կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ԵԽԽՎ դերակատարությանը, մասնավորապես, Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքին վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը ցավով փաստել է, որ 44-օրյա պատերազմից հետո կան բազմաթիվ չլուծված հարցեր, որոնցից ամենահրատապը հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման հարցն է: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու այս փորձը հակասում է ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության հանձնառությանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով` ԵԽԽՎ-ն պետք է հետամուտ լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ իր բանաձևին («Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan/Nagorno-Karabakh conflict», 2021 թ. սեպտեմբերի 27), որն անդրադառնում է հայ ռազմագերիների, Արցախի հումանիտար հասանելիության, հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին, սահմանների վրա իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումներին և բազմաթիվ այլ հրատապ հարցերին: Նա ևս մեկ անգամ փաստել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության հաստատման և այդ ուղղությամբ իրական ջանքեր գործադրելու մասին, ինչը չի կարելի ասել ադրբեջանական իշխանությունների վերաբերյալ, որոնք մինչ օրս վարում են հայատյաց և Հայաստանի Հանրապետության դեմ ռազմատենչ քաղաքականություն:
17:03 - 09 հունիսի, 2022
Հակոբ Արշակյանն ընդունել է ԻԻՀ պատվիրակությանը. կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ միջանցքի կառուցմանն ու շահագործմանը

Հակոբ Արշակյանն ընդունել է ԻԻՀ պատվիրակությանը. կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ միջանցքի կառուցմանն ու շահագործմանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Աբբաս Մոքթադայի Խորասհանիի գլխավորած պատվիրակության հետ: Հակոբ Արշակյանը, ողջունելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակության անդամներին, նշել է, որ միջխորհրդարանական ձևաչափը լավագույն հարթակն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար: ԱԺ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: «Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջև երկխոսության օրակարգով առաջնորդվող երկու երկրների համար»,- ասել է Հակոբ Արշակյանը: 2022 թ. նշանավորվում է նաև ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով: ԱԺ փոխնախագահը նշել է, որ երկու երկրների միջև գրեթե բոլոր ոլորտներում առկա է փոխհարաբերությունների բարձր մակարդակ: «Հայաստանն Իրանը դիտարկում է որպես վստահելի գործընկեր և լավ հարևան: Իրանի հետ հարաբերությունները մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը: Նա անդրադարձել է ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնության անթաքույց դրսևորումներով, որոնք վտանգում են ամբողջ տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը: «Տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումն ու ներուժն ակնհայտ է, և դրա վառ դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ԻԻՀ արտահայտած հստակ հայտարարությունը»,- ասել է Հակոբ Արշակյանը: Նա նշել է, որ հայ համայնքն Իրանում ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Աբբաս Մոքթադայի Խորասհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Իրանը մշտապես կարևորել է երկրների տարածքային ամբողջականությունը: Իրանը մեծ պետություն է և հարևան է մոտավորապես 15 երկրի հետ: Հայաստանը Իրանի համար յուրահատուկ և ռազմավարական հարևան է»,- նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահը:Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման առումով կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որն էական դերակատարում ունի երկու երկրների փոխըմբռնման և փոխվստահության գործում: Նա տեղեկացրել է, որ 2022 թ. առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է շուրջ 40 տոկոսով: Բարեկամական խմբի ղեկավարի դիտարկմամբ՝ առաջիկայում մի քանի խոշոր ծրագրերի իրականացումը կնպաստի ցուցանիշի բարելավմանը: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-իրանական առևտրաշրջանառության զարգացման ու ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանն ու շահագործմանը: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, էներգետիկ, արևային էներգետիկայի, բնապահպանության, ջրային ռեսուրսներին առնչվող ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:
16:33 - 07 հունիսի, 2022
Ալեն Սիմոնյանը ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել

Ալեն Սիմոնյանը ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել

Հայաստանի  Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակում Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը: Առանձնազրույցից հետո նրանք միացել են ընդլայնված կազմով հանդիպմանը: Ինչպես հայտնում են ԱԺ-ից, կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի եւ Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ: Երկուստեք արձանագրվել է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխանող պատշաճ մակարդակով նախատեսված միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել անցած տարիների ընթացքում հայ-ռուսական միջպետական, դաշնակցային փոխգործակցության շուրջ: Հատկապես կարեւորվել են ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությունը, իրավապայմանագրային լայն բազայի հետեւողական կատարելագործումը, առեւտրատնտեսական, միջտարածաշրջանային եւ հումանիտար ոլորտներում հաջող գործընկերությունը: Զրույցի ընթացքում ռազմավարական հարաբերությունների շատ կարեւոր բաղադրիչ է դիտվել խորհրդարանական երկկողմ ձեւաչափը, ինչը նպաստում է համատեղ ակտիվ եւ կառուցողական աշխատանքին: ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը հիշեցրել է, որ հայկական կողմը նախատեսում է հրատարակել «Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցություն 1992-2021 թթ.» փաստաթղթերի ժողովածուն: Վյաչեսլավ Վոլոդինի համոզմամբ՝ միջխորհրդարանական ձեւաչափը լավագույն հարթակն է մի շարք ոլորտների համատեղ օրենսդրական կարգավորման, այդ թվում` ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահը գոհունակություն է հայտնել, որ համավարակից հետո հնարավորություն է ընձեռվել հրաժեշտ տալ առցանց շփումներին եւ հանդիպել ավանդական եղանակով ու քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել  ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ եւ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովների եւ այլ միջազգային հարթակներում հայ-ռուսական փոխգործակցության մակարդակի վերաբերյալ: Կարեւորվել է  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պրոֆիլային մշտական հանձնաժողովների եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի եւ Դաշնության խորհրդի մշտական հանձնաժողովների պարբերական համատեղ նիստերի անցկացման արդեն ավանդական դարձած պրակտիկան: Գործընկերները քննարկել են այսօր տեղի ունենալիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի որոշ մանրամասներ՝ հույս հայտնելով, որ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստն իր ներդրումը կունենա եւ նոր լիցք կհաղորդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության ընդլայնման հեռանկարներին: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը նշել է, որ Վյաչեսլավ Վոլոդինին պաշտոնական այցով սպասում է Հայաստանում:
14:35 - 06 հունիսի, 2022
ԼՂ հիմնախնդիրը ոչ թե տարածքային վեճ է, այլ տեղաբնակ հայ բնակչության իրավունքների հարց. Ալեն Սիմոնյանը՝ Ղազախ գործընկերոջը

ԼՂ հիմնախնդիրը ոչ թե տարածքային վեճ է, այլ տեղաբնակ հայ բնակչության իրավունքների հարց. Ալեն Սիմոնյանը՝ Ղազախ գործընկերոջը

Հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով գործընկերոջը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նրան՝ Ղազախստանի Հանրապետության համար վճռորոշ օրերին Հայաստանում գտնվելու համար: «Երեկ Ձեր երկրում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրն էր, և այդ կարևոր իրադարձությունից հետո Երևան մեկնելը գնահատելի է»,- նշել է խորհրդարանի ղեկավարը: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության, կայունության օրակարգին: Նա շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը շարունակում է Հայաստանի համար կենսական նշանակություն ունենալ, և այն բնավ տարածքային վեճ չէ, ինչպես ներկայացնում է Բաքվի ղեկավարությունը, այլ տեղաբնակ հայ բնակչության իրավունքների հարց է: Ալեն Սիմոնյանը խնդրել է ղազախ գործընկերոջն իր ներդրումն ունենալ ԼՂ-ին վերաբերող մարդասիրական և խաղաղարար հարցերի լուծման գործում: Կողմերը դրական են գնահատել ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա հիմնված հայ-ղազախական բազմակողմ հարաբերությունների մակարդակը: Նրանք ընդգծել են Հայաստանի և Ղազախստանի օրենսդիր մարմինների առանձնահատուկ դերը՝ հաշվի առնելով, որ հայ-ղազախական քաղաքական հարաբերությունները շարունակում են զարգանալ աճող տեմպերով: Երկուստեք կարևորվել են միջազգային ասպարեզում փոխգործակցությունը և միջազգային կազմակերպություններում ակտիվ մասնակցությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մաժիլիսի նախագահը նշել է, որ Խորհրդային Միության տարիներին Հայաստանում է անցել իր զինվորական ծառայությունը՝ հավելելով, որ հարազատ վայրեր է վերադարձել, այստեղ իրեն ամեն ինչ ծանոթ է, և երբեք չի մոռանա Արարատ լեռը: Երլան Կոշանովը ներկայացրել է Ղազախստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ նշելով, որ դա մեկ քայլ առաջ էր ժողովրդավարության ճանապարհին: Նա շնորհակալություն է հայտնել սահմանադրական հանրաքվեին Հայաստանի կողմից գործուղված դիտորդական առաքելության համար: Մաժիլիսի նախագահը գոհունակություն է հայտնել, որ ընտրվելուց հետո իր առաջին միջպետական այցը եղել է հենց Հայաստան: Ղազախ գործընկերն ընդգծել է, որ Հայաստանի և Ղազախստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացին նոր հնարավորություններ է բացում առևտրատնտեսական համագործակցության համար՝ արձանագրելով, որ այսօրվա ցուցանիշները չեն արտացոլում իրական հնարավորությունները, առավել եւս, որ և՛ Հայաստանում, և՛ Ղազախստանում կան հեռանկարային փոխընդունելի նախագծեր, որոնք կարելի է փոխշահավետ իրականացնել: Երլան Կոշանովը Ալեն Սիմոնյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան: Կողմերը խոսել են առարկայական պայմանավորվածություններ ձեռք բերելու անհրաժեշտությունից, ինչին կանդրադառնան այսօրվա ՀԱՊԿ ԽՎ նիստից հետո: Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ղազախ պատվիրակները շրջել են ԱԺ շենքում, եղել նիստերի դահլիճում:
12:48 - 06 հունիսի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 3-ին ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, նախագահը ողջույնի խոսքում գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի՝ կրթության եւ գիտության հարցերով զբաղվող համանման հանձնաժողովների միջեւ ձեւավորված սերտ համագործակցության կապակցությամբ: ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ այդ փոխգործակցության հիմքում կրթության ոլորտի զարգացմանը, հումանիտար հարցերի լուծմանը, օրենսդրական բարեփոխումներին, պատերազմի հետեւանքով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային եւ հոգեւոր արժեքների  պաշտպանությանը, Արցախի ՏՏ ոլորտում իրականացվող կրթական ծրագրերին վերաբերող հարցերն են: Կարեւորելով Արցախի գործընկերների հետ պարբերական հանդիպումները՝ Ալեն Սիմոնյանը հիշատակել է վերջին համատեղ քննարկման որոշ մանրամասներ, որոնց համաձայն՝ այսօր Ադրբեջանը փորձում է վերացնել հայկական արձանագրությունների հետքերը պատմաճարտարապետական հուշարձաններից: Օրենսդիր մարմնի ղեկավարը հավելել է, որ մեծ աշխատանք պետք է իրականացվի այս խնդիրը համաշխարհային հանրությանը ներկայացնելու առումով: Ալեն Սիմոնյանը ներկա իրավիճակում կարեւորել է կրթության դերն ու նշանակությունը, ինչի վերաբերյալ էլ ծավալվել է հետագա քննարկումը: Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Անահիտ Հակոբյանն արժեւորել է երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում, հատկապես՝ կրթության ռազմավարության ծրագրի մշակման, ոլորտի օրենսդրական բարեփոխումների, մշակութային փոխգործակցության առումով: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու հանձնաժողովի անդամներ, ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը: 
15:47 - 03 հունիսի, 2022