«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Հայհոյանքն ապաքրեականացնելու նախագիծն ընդդիմությունը համարել է առաջնահերթ. այն ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգ |armenpress.am|

Հայհոյանքն ապաքրեականացնելու նախագիծն ընդդիմությունը համարել է առաջնահերթ. այն ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգ |armenpress.am|

armenpress.am:  Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնելու վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախագիծը, որին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն, ընդգրկվել է լիագումար նիստերի օրակարգ, քանի որ խմբակցությունը նախագիծը համարել է առաջնահերթ: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծեր փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը: Վարդանյանը հիշեցրեց, որ նախորդ գումարման ԱԺ-ն հուլիսին ընդունել է իշխանական պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը ծանր վիրավորանքի՝ հայհոյանքի քրեականացման վերաբերյալ, որն արդեն գործում է: Ըստ պատգամավորի՝ այդ օրենքն ունի լրջագույն խնդիրներ Սահմանադրության և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ: «Հայհոյանքի քրեականացումը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել, իրականում ունեցել է մեկ նպատակ՝ քրեաիրավական միջոցների և ընթացակարգերի գործադրման սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը՝ հատկապես հանրային պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում»,- ասաց Վարդանյանը: Պատգամավորը հիշեցրեց, որ ՄԻՊ-ն այս օրենքի սահմանադրականությունը վիճարկել է ՍԴ-ում: «Այս օրենքն իր նպատակին չի ծառայելու: Մերժելով հայհոյանքը, հայհոյախոսությունը՝ մենք պետք է ոչ թե սպառնալիքով, քրեական հետևանքներով փորձենք սա դադարեցնել, այլ պետք է փորձենք օրինակ ծառայել: Ինչպես երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն են իրենց պահում, հասարակությունն էլ այդպես է պահելու»,- ասաց պատգամավորը: Այսպիսով, Վարդանյանն առաջարկում է օրենքից հանել 137.1 հոդվածը, որով քրեականացվել էր անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ, լկտի եղանակով վիրավորելը: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՔՊ անդամ Վահագն Հովակիմյանը խնդրեց պարզաբանել, թե ինչ կապ ունի հայհոյանքը խոսքի ազատության հետ: Նա հիշեցրեց, որ նախագիծը քննարկվել է հանձնաժողվում և ստացել բացասական եզրակացություն: «Բայց խորհրդարանի լիագումար նիստում մենք քննարկում ենք այն, քանի որ «Հայաստան» խմբակցության որոշմամբ՝ համարվել է առաջնահերթ»,- ասաց նա: Այդ գործիքից ընդդիմությունը կարող է օգտվել, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: «Հաշվի առնելով, որ մեր ընդդիմադիր գործընկերներն այս գործիքից օգտվել են հենց այս նախագծի հետ կապված, կարել է համարել, որ իրենց համար այսօրվա մեր քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը հենց այս խնդիրն է: Անդրադառնալով Վարդանյանի մտահոգությանը, թե այդ օրենքն ընդունվել է մեկ մարդու համար՝ Հովակիմյանը նշեց, որ 137.1 հոդվածով քննություն իրականացվել է 106 դեպքում: Անձի պաշտոնական դիրքով, ծառայությամբ պայմանավորված ծանր վիրավորանքի հարցով եղել է դրանցից ընդամենը 18-ը: «Այսինքն՝ 88 դեպքում քաղաքացիները, օգտվելով օրենքով իրենց տրված հնարավորությունից, դիմել են իրավապահներին: Հիմա օրենքն աշխատո՞ւմ է, թե՞ չի աշխատում, արդյոք մեկ անձի համա՞ր է աշխատում»,-ասաց Հովակիմյանը: Նախագծի առնչությամբ պատգամավորները ակտիվ և սուր ելույթներ են ունենում:
13:31 - 09 դեկտեմբերի, 2021
Պետբյուջեի նախագծում Ամուլսարի հանքի հնարավոր գործարկումը ներկայացվել է որպես դրական ռիսկ |armenpress.am|

Պետբյուջեի նախագծում Ամուլսարի հանքի հնարավոր գործարկումը ներկայացվել է որպես դրական ռիսկ |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում տարվա ընթացքում Ամուլսարի հնարավոր գործարկումը ներկայացվել է որպես դրական ռիսկ: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը Խաչատրյանից հետաքրքրվեց, թե բյուջեում  կանխատեսում կա՞ Ամուլսարի հետ կապված, հետարքրքվեց, թե կառավարությունն ի՞նչ մոտեցում ունի հանքի հետ կապված, այն կգործարկվի՞, թե՞ ոչ: ««Պետական բյուջեի մասին» օրենքում մենք ներկայացրել ենք որպես դրական ռիսկ, եթե Ամուլսարը տարվա ընթացքում գործարկվի: Այնուամենայնիվ, պետք է գիտենալ, որ մեկնարկի պահից 12-ամսյա ժամանակահատվածում դեռևս այն նախապատրաստական աշխատանքներն են կատարվելու, որոնք պետք է հասցնեն հանքի շահագործմանը»,-ասաց նախարարը: Իսկ գործարկման հետ կապված պաշտոնական դիրքորոշման մասով նա հորդորեց դիմել կառավարության իր համապատասխան գործընկերներին:
11:53 - 08 դեկտեմբերի, 2021
Փորձել են 3 հոգու հետ հաշիվ պարզել․ հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու և մի քանի տասնյակ հոգով հարձակվել են․ Սեյրան Օհանյանը՝ ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի մասին |tert.am|

Փորձել են 3 հոգու հետ հաշիվ պարզել․ հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու և մի քանի տասնյակ հոգով հարձակվել են․ Սեյրան Օհանյանը՝ ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի մասին |tert.am|

tert.am: Երեկ Ազգային ժողովի շենքում տեղի է ունեցել խմբակային հերթական խուլիգանությունը՝ հերթական անգամ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների նախաձեռնությամբ և մասնակցությամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում վարման կարգով ելույթ ունենալով` ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։ «Փորձել են երեք հոգու հետ հաշիվ պարզել և այդ ամենը տմարդի, ճղճիմ ձևով, հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու և մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել են։ Միջադեպի ժամանակ իրեն կրավորական է պահել շենքում իբր անվտանգություն ապահովող ՊՎԾ–ն»,–ասաց նա և նշեց, որ սա հուշում է, որ խուլիգանությունը հերթական անգամ եղել է ծրագրավորված և այլ շենքից հրահանգված։
11:35 - 08 դեկտեմբերի, 2021
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է գերիների հարազատների մասնակցությամբ ԱԺ-ում լսում անցկացնել |armenpress.am|

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է գերիների հարազատների մասնակցությամբ ԱԺ-ում լսում անցկացնել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է գերիների հարցով լսում անցկացնել՝ հրավիրելով ինչպես գերիների, անհետ կորած համարվող անձանց հարազատներին, այնպես էլ պատկան մարմինների ներկայացուցիչներին: Այս մասին ԱԺ դեկտեմբերի 8-ի նիստում ասաց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: «Նկատի առնելով երեկվանից գերիների, անհետ կորածների հարազատների պահանջներն ու վրդովմունքը, ԱԺ շենքի հարակից տարածքում մեր հայրենակիցների հավաքը՝ առաջարկում ենք կոնսենսուսով որոշում կայացնել այսօր՝ կառավարության հետ հարցուպատասխանից հետո անցկացնել լսում՝ հրավիրելով Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նախարարին, ԱԱԾ տնօրենին, արտաքին գործերի նախարարին, ինչպես նաև հարազատների ներկայացուցիչներին՝ հնչեցվող հարցերին պատասխաններ տալու համար»,- ասաց Մինասյանը: Պատգամավորը նշեց՝ հայրենակիցները բազմաթիվ հարցեր են հնչեցնում, և հիմա դա շատ իրական հնարավորություն է, որ այստեղ բոլոր հարցերին պատասխաններ տրվեն: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտմբերի 7-ին, գերիների ու անհետ կորածների ծնողները հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց և պահանջում էին Ալեն Սիմոնյանի հետ հանդիպում։ Նշենք, որ երեկ մամուլում տարածվել էր տեսանյութ, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի անձի հետ խոսելիս անդրադառնում է գերիների թեմային՝ երկխոսության ընթացքում ասելով․ «Ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք՝ էդ գերիները ովքեր են։ էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի՞ էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։ Որովհետև էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ»։
10:38 - 08 դեկտեմբերի, 2021
«Հայաստան» խմբակցությունը կասեցնում է իր մասնակցությունը միջազգային բոլոր կազմակերպություններին, մինչև  խմբակցության պատգամավորների նկատմամբ կիրառված բոլոր արգելքները և սահմանափակումները չհանվեն

«Հայաստան» խմբակցությունը կասեցնում է իր մասնակցությունը միջազգային բոլոր կազմակերպություններին, մինչև խմբակցության պատգամավորների նկատմամբ կիրառված բոլոր արգելքները և սահմանափակումները չհանվեն

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․   «Օգոստոս ամսից ձևավորվել են Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունները, որոնց մեջ ընդգրված են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Մինչ օրս, ըստ էության, այդ աշխատանքներին ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել: Պատճառը մեր գործընկեր պատգամավորների ակնհայտ ապօրինի կալանավորումն է և այլ պատգամավորների, այդ թվում պատվիրակությունների մեջ ընդգրկված, տեղաշարժի ապօրինի սահմանափակումն է: Փաստացի խոչընդոտված է պատգամավորների սահմանադրական գործունեությունը: Նշված դատավարական գործողություններից յուրաքանչյուրն ունի բացառապես քաղաքական բաղադրիչ, զուրկ է իրավական որևէ հիմքից և պահպանվում է մինչ օրս: Այս իրավիճակն աննախադեպ է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի դեպքում, և վկայում է, որ Հայաստանն այլևս ժողովրդավարական-իրավական պետություն չէ: Նման պայմաններում «Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ չեն կարող լինել փաստացի տարբեր կարգավիճակ ունեցող պատգամավորներ և կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին՝ մինչև «Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ կիրառված բոլոր արգելքները և սահմանափակումները չհանվեն: Նշված որոշման մասին կիրազեկվեն նաև միջազգային համապատասխան կազմակերպությունները»:
16:07 - 07 դեկտեմբերի, 2021
ԱԺ փակ նիստում գերիների հարցով քննարկումը կարճ տևեց. ընդդիմությունը լքել է դահլիճը |armenpress.am|

ԱԺ փակ նիստում գերիների հարցով քննարկումը կարճ տևեց. ընդդիմությունը լքել է դահլիճը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովում փակ նիստում մեկնարկեց և կարճ ժամանակ անց ավարտվեց «Հայաստան» խմբակցության առաջարկած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» թեմայով հրատապ քննարկումը: Քննարկումն ավարտվել է, քանի որ ընդդիմադիր պատգամավորները, չտեսնելով համապատասխան գերատեսչություններից պատշաճ ներկայացվածություն, լքել են դահլիճը: «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ դեռ մեկ շաբաթ առաջ դիմում էր գրել ԱԺ նախագահին՝ ասելով, որ եթե վերջնական որոշում կայացվի քննարկումը փակ ֆորմատով անցկացնել, ապա ռազմագերիների, պահվող անձանց հարազատներից առնվազն 5-ը պետք է ներկա լինեն նիստին, որ անմիջական ինֆորմացիա ստանան: «Մենք պահանջել էինք, որ նիստին ներկայանա Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար, ԱԱԾ ղեկավարը, պաշտպանության նախարարը: Նրանցից որևէ մեկը ներկա չէր այսօրվա նիստին, ավելին՝ գրեթե վարչության պետերի մակարդակով էր ներկայացվածությունը»,- ասաց պատգամավորն ու կարծիք հայտնեց, թե սա քաղաքական ու պետական մոտեցում է այդ խնդրին: «Մենք դուրս ենք եկել՝ հաշվի առնելով, որ ընդամենը վարչության պետի մակարդակներով ներկայացվածություն է եղել, և ըստ էության չէին կարողանա այնպիսի բովանդակային պատասխաններ տալ»,-ասաց Գրիգորյանը: Նա լսել է, որ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ արտախորհրդարանական ուժերի հետ առավոտյան ժամը 10-ից մինչև 19:00-ն քննարկումներ է անցկացրել: «Այսինքն՝ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկման թեմա կա, բայց ԱԺ ներկայանալ և այսքան կարևոր թեմաների մասին խոսելու ժամանակ չունի՞»,- հարցադրում արեց Գրիգորյանը: Փակ նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը և այլք: Նախքան փակ նիստը «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը նշել էր, որ առաջարկել են, որպեսզի քննարկմանը մասնացկի ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը, հետաքրքրվել, թե արդյոք նրանք մասնակցելո՞ւ են: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքել էր՝ տեղեկացրել են կառավարությանն այդ մասին, եթե ժամանակը ների, վարչապետը կմասնակցի: Նա հիշեցրել էր, որ կառավարության անդամների հատ հարցուպատասխանին ողջ կազմը ներկա է լինում, կարող են հետաքրքրող հարցերով դիմել: Արծվիկ Մինասյանն էլ արձագանքել էր՝ այլ բան է հարցուպատախանը, այլ բան է քննարկումը խորհրդարանում: Սիմոնյանն էլ հիշեցրել էր ՀՀ վարչապետի՝ ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպելու առաջարկի մասին, որն ավելի վաղ արվել էր:
15:55 - 07 դեկտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանն արձագանքեց իր հասցեին հնչող մեղադրանքներին և ընդդիմադիրներին կառուցողական լինելու կոչ արեց |armenpress.am|

Ալեն Սիմոնյանն արձագանքեց իր հասցեին հնչող մեղադրանքներին և ընդդիմադիրներին կառուցողական լինելու կոչ արեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդդիմադիր պատգամավորներին կոչ արեց մնալ կառուցողական դաշտում՝ նշելով, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը դատարանում ստիպված կլինի ապացուցել իր հասցեին հնչեցված մեղադրանքները: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ նիստում իր ելույթում: «Դահլիճից դուրս աշխատասենյակում անընդհատ լսում եմ, որ իմ անունն են տալիս: Ասացի՝ գամ, ոչ մի բան բաց չթողնեմ, մեր գործընկերներին ողջունեմ, որոշակի հարցերի հետ կապված լուսաբանեմ»,-ասաց Սիմոնյանը: Նա նկատեց, որ ժողովուրդը հոգնել է կենցաղային և ոչ քաղաքական ելույթներից, հոգնել է, որ պատգամավորները ԱԺ-ում տարբեր ձևերով բզկտում են միմյանց: Նրա խոսքով՝ մարդիկ օրենսդրական նախաձեռնություններ են ցանկանում տեսնել: Անդրադառնալով ընդդիմադիր Արեգնազ Մանուկյանի՝ իր հասցեին հնչեցված մեղադրանքներին՝ Սիմոնյանը հիշեցրեց, որ ինքը բոլոր բարձրացրած հարցերին վաղուց պատասխանել  է: «Երկրորդը՝ տիկին Մանուկյանը դատարանում ստիպված կլինի իր ասածները ապացուցել, հակառակ պարագայում կվճարի գումար և այստեղից կհերքի իր ասածներն իմ անձի վերաբերյալ, քանի որ դրանք կատարյալ սուտ եմ: Ես կրկին կոչ եմ անում մնալ կառուցողական դաշտում, հակառակ պարագայում հերթով, անուն առ անուն, նախադասություն առ նախադասություն կասեմ այն ամենը, ինչը, թերևս, բոլորը գիտեն մեր գլխավոր հերոսների, մեր ընդդիմադիր գործընկերների, մեր քաղաքական գործիչների, նախկին նախագահի պաշտոնը զբաղեցնողների և նրանց շրջապատի մասին: Մի ստիպեք մտնել այդ դաշտ, այդ դաշտում դուք մշտապես, մոտակա 50 տարին պարտված եք լինելու»,-ասաց ԱԺ նախագահը: Արեգնազ Մանուկյանն ավելի վաղ իր ելույթում հիշել էր, որ մի ժամանակ ներկայում գործող իշխանությունը, այդ թվում Ալեն Սիմոնյանը խոսել են պաշտոնյաների բարեկամների հաջողված բիզնեսների մասին՝ նկատելով, որ նրանք պետական միջոցներ են յուրացնում, պետական տենդերներ են հաղթում, թալանում: «2018-ի իշխանափոխությունից անցել է 3 տարի, և ձեր ասածները հաստատող որևէ կոռուպցիոն դեպք չեք բացահայտել: Դա նշանակում է, որ կամ նախկինում ստել եք կոռուպցիայի թեմայով կամ չեք ստել, պարզապես հիմա դուք եք նույն գործով զբաղվում: Ի դեպ, իշխանափոխությունից հետո լավացել են Ալեն Սիմոնյանի շրջապատի, ընտանիքի գործերը: Նրա եղբայրը «Եվրոասֆալտ» ընկերությունում տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, և դրանից հետո այդ կազմակերպությունը երջանիկ պատահականությամբ սկսել է ասֆալտի տենդերներ շահել և պետբյուջեի հաշվին հարստանալ»,-նշել էր Մանուկյանն ու Սիմոնյանի մեղադրել ասֆալտի տենդերներ շահելու, պետբյուջեի հաշվին հարստանալու և պետբյուջեի հաշվին նոր ավտոմեքենա ձեռք բերելու մեջ:
12:46 - 07 դեկտեմբերի, 2021
«Հայաստան» խմբակցությունը նշում է ԱԺ նիստերի օրակարգում ռազմագերիների հարցն ընդգրկելու անհրաժեշտությունը  |armenpress.am|

«Հայաստան» խմբակցությունը նշում է ԱԺ նիստերի օրակարգում ռազմագերիների հարցն ընդգրկելու անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ԱԺ նիստերի օրակարգում ներառել հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման  ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հարցրեց, թե արդյոք կարողացե՞լ են ապահովել, որպեսզի այդ քննարկմանը ներկա լինեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը և Ազգային անվտանգության ծառայության տնօրենը։ Ռուբեն Ռուբինյանը հարցին ի պատասխան նշեց, որ ԱԺ նիստին կառավարության անդամների ներկայությունն ապահովելն իր պարտականությունների տիրույթում չէ. «Դուք մի փոքր թյուր պատկերացում ունեք խորհրդարանականների, ԱԺ նախագահության և կառավարության փոխհարաբերությունների մասին: ԱԺ նախագահության պարտականությունն է ապահովել խորհրդարանի անխափան աշխատանքը և այդ պարտականությունը կատարվում է, իսկ թե կառավարությունից ո՞վ կգա, ո՞վ չի գա քննարկմանը, դա ձեր և կառավարության հարաբերությունների տիրույթում է»,- ասաց Ռուբինյանը։ ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ վարչապետ Փաշինյանը ընդդիմադիրներին առաջարկել է հանդիպել և քննարկել այդ հարցերը, սակայն նրա առաջարկը մերժվել է:
11:43 - 07 դեկտեմբերի, 2021
Կառավարությունն առաջարկում է խմբագրել սեպտեմբերի 27-ը հիշատակի օր դարձնելու մասին օրենքի նախագիծը |hetq.am|

Կառավարությունն առաջարկում է խմբագրել սեպտեմբերի 27-ը հիշատակի օր դարձնելու մասին օրենքի նախագիծը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը և Արմեն Գևորգյանը առաջարկում են «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել։ Ըստ պատգամավորների ներկայացրած նախագծի՝ առաջարկվում է սեպտեմբերի 27-ը սահմանել որպես ադրբեջանական բանակի և միջազգային վարձ­կանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակ­չու­թյան դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր: Այս առաջարկը ներառվել է Կառավարության՝ դեկտեմբերի 2-ին կայանալիք նիստի օրակարգում, չզեկուցվող հարցերի շարքում։ Կառավարությունը նշում է, որ սահմաններին ծավալվող իրադարձություններով, ռազմա­քա­ղաքա­կան և օպերատիվ իրադրությամբ պայմանավորված, ներկա փուլում նպատակա­հարմար չի համարում օրենքի նախագծի այս տեսքով քննարկումը: Առաջարկվում է օրենքի նախագծով լրաց­վող 13.3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Հոդված 13.3. Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր՝  նշվում է սեպտեմբերի 27-ին»։
10:15 - 02 դեկտեմբերի, 2021
«Հայաստան» հիմնադրամի գումարները չարաշահողները բացահայտվելու և պատժի են ենթարկվելու. Արծվիկ Մինասյան |tert.am|

«Հայաստան» հիմնադրամի գումարները չարաշահողները բացահայտվելու և պատժի են ենթարկվելու. Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Եթե քննիչ հանձնաժողովը վերջում եզրակացնի, որ «Հայաստան» հիմնադրամի` բյուջե փոխանցված միջոցները եղել են արդարացված, անկախ քաղաքական տարաձայնություններից, հայտարարելո՞ւ եք,  որ խնդիր գոյություն չի ունեցել և վերականգնել հիմնադրամի հանդեպ վստահությունը։ Այս մասին հարց ուղղելով հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Ի պատասխան| Արծվիկ Մինասյանը նշեց․«Բոլոր այն մարդիկ, ովքեր ակնկալում են այս հանձնաժողովից արդյունավետ աշխատանք, երբեք կասկածներ չպետք է ունենան հանձնաժողովի աշխատանքների հետ կապված։ Այո, ես որպես հանձնաժողովի նախագահ հրապարակային ասում եմ` մեր նպատակը ճշմարտությունը վեր հանելն է, հաստատել կամ հերքելը միջոցների օգտագործման օրինականությունը։  Եթե կան չարաշահումներ, ապա պատշաճ ընթացք ենք տալու մեղավորներին բացահայտելու և պատժի ենթարկելու համապատասխան վարույթներ հարուցելուն, անելու ենք ամեն ինչ, որ  վերականգվեն անարդյունավետ կամ ապօրինի օգտագործված գումարները, ինչպես նաև  ՀՀ խաթարված հեղինակությունը։ Ի վերջո «Հայաստան» հիմնադրամը Հայաստանի անկախության տարիների պատմության մեջ ամենակայացած ինստիտուտներից մեկն է եղել»։
17:41 - 30 նոյեմբերի, 2021
Անդրանիկ Քոչարյանն ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ տվյալները փոխանցել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին   |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանն ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ տվյալները փոխանցել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին |armenpress.am|

armenpress.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Սիրիայից ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ ՀՀ հատուկ ծառայությունները տեղեկացված են եղել նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում: Քոչարյանն այս մասին ասաց` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության Արթուր Ղազինյանի այն դիտարկմանը, թե  չհերքված տեղեկություն կա այն մասին, որ Նախիջևանում Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների կուտակումներ կան: «Այդ տեղեկությունները փոխանցվել են համապատասխան համանախագահող երկրների ղեկավարությանը, վերջին անգամ ես այդ փաթեթը փոխանցել եմ Հայաստանում գտնվող Ստոլտենբերգի  (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ –խմբ.) անվտանգության հարցերով խորհրդականին։ Դա ֆիքսվել է, այն լուրջ փաթեթ է, և կարող եմ ասել, որ մեր հատուկ ծառայությունների ու մեր սփյուռքի շատ լուրջ ձեռքբերումը կարող ենք արձանագրել», - ասաց Քոչարյանը:
15:34 - 30 նոյեմբերի, 2021
Պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնելը կարող է հանգեցնել ընդհուպ աշխատանքից ազատման |armenpress.am|

Պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնելը կարող է հանգեցնել ընդհուպ աշխատանքից ազատման |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, չկատարելու հիմքով ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Փոխնախարարը նախ վստահեցրեց, որ փոփոխությունը միտված է միայն ու միայն աշխատողների hամար առողջ և անվտանգ աշխատանքային միջավայր ապահովելուն: «Գործատուն իրավունք է ստանում չթույլատրել ներկայանալու աշխատանքի վայր, եթե աշխատողը չի ներկայացնում կամ պատվաստման, կամ ՊՇՌ թեստավորման մասին տեղեկանանքները»,- ասաց Սարգսյանը: Այսպիսով, սահմանված դեպքում աշխատանքի չթույլատրվելու հետեւանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ: Կան սահմանված բացառություններ: Բացառություններ են կազմում այն պաշտոնյաները, որոնց պաշտոնն ընտրովի է կամ օրենքի ուժով է, կամ Սահմանադրության հիմքով է նշանակվում և չունի վերադաս կամ ղեկավար, այսինքն՝ ազատելու հիմքերը ղեկավարի միջոցով չեն սահմանվում: Կարգավորումները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա: «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը բոլորին կոչ արեց պատվաստվել, պատգամավորը, ելնելով տարբեր երկրների, օրինակ՝ Շվեդիայի դրական փորձից, համոզված է, որ դա կլուծի խնդիրը: «Սակայն Շվեդիան այս մասով ամենաազատականն է, բայց ամենալավ արդյունքն ունի: Մարդը ոչ թե չի պատվաստվում, որովհետև դուք իրեն չեք պատժել, այլ չի պատվաստվում, որովհետև այդ համոզման չի եկել: Այդ համոզման պետք է մենք իրեն մղենք, դա պետք է լինի բացատրական, կանխարգելիչ աշխատանքներով»,-հարցրեց պատգամավորը: Նախագիծը ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
14:18 - 30 նոյեմբերի, 2021
Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ |1lurer.am|

Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կրկին չընտրեց նախագահի տեղակալ։ «Հայաստան» խմբակցությունը 14-րդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Հարցի քննարկմանը չմասնակցեցին «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների անդամները։ «15-րդ անգամ, ով կներկայացնի տվյալ թեկնածուին, թող անպայման գա, որ պատասխանի մեր հարցերին։ Պարոն Ղազինյանն ասում է, որ սպառվել է իրեն հարցեր տալը, և գնում է ֆեյսբուքյան գրառումներ կատարելու։ Էլ ուրիշ թեկնածու չունե՞ք, ասում եք՝ իշխանության խնդիրն է, բա ձեր խնդիրը ո՞րն է։ Եթե մեր խնդիրն է, մենք էլ չենք ընտրում»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։  Արթուր Ղազինյանն արդեն 14-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
14:05 - 30 նոյեմբերի, 2021
Աղվան Վարդանյանն առաջարկում է անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնել |armenpress.am|

Աղվան Վարդանյանն առաջարկում է անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներից մեկը, որով անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն: «Հայաստան» խմբակցության հեղինակած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը Վարդանյանը ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում: «7-րդ գումարման ԱԺ-ն, ենթադրում եմ շատ հապճեպ, ընդունել է այս օրենքում փոփոխությունների նախագիծ, որով, փաստորեն, քրեականացրել է ծանր վիրավորանքը, զրպարտությունը: Արդեն իսկ ՍԴ-ում վիճարկվում է այդ օրենքների սահմանադրականությունը: Մեր խորին համոզմամբ՝ այս փոփոխությունները լուրջ հակասություն ունեն և´ Սահմանադրության, և´ մարդու իրավունքների, և´ ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ»,- ասաց Աղվան Վարդանյանը: Ըստ պատգամավորի՝ օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը, հատկապես հանրային և հանրային ծառայություն զբաղեցնող անձանց, քաղաքական գործիչների նկատմամբ: Պատգամավորի գնահատմամբ՝ հոդվածում օգտագործվում են անորոշ եզրույթներ, այսպիսով առաջարկում է այդ հոդվածը՝ 137.1 հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը շեշտեց, որ զրպարտությունը, սակայն, ՀՀ-ում ապաքրեականացված է, որևիցե նախագիծ չկա, որով սահմանվում է, թե զրպարտությունը քրեորեն պատժելի է: Աղվան Վարդանյանն արձագանքեց՝ գուցե «զրպարտություն» բառը պատահաբար արտասանել է, ինքը, իհարկե, դեմ է հայհոյանքին. հայհոյանքը քաղաքական վարքագծի նորմ չի կարող լինել: «Ես նույնիսկ մտածում էի մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որով ընդհանրապես հանրային վայրերում կանանց նկատմամբ սեռական բնույթի հայհոյանք տվողներին մենք «կոչումներ» տայինք, Հանրային հեռուստատեսությամբ էլ նրանց անունները «պարգևներով» հրապարակեինք»,- ասաց պատգամավորը: Վլադիմիր Վարդանյանը Աղվան Վարդանյանի խոսքերում հակասություն տեսավ: «Դուք կանանց ներկայությամբ հայհոյանք տվողին պատասխանատվության ենթարկելու մասին եք խոսում, միևնույն ժամանակ բերել եք նախագիծ, որով այդ երևույթի դեմ պայքարող օրենքը ուզում եք չեղարկել: Այս նախագիծը կոչված է պայքարելու ծանր հայհոյանքի և մարդու արժանապատվությունը նսեմացնելու ծայրահեղ դրսևորումների դեմ»,- ասաց հանձնաժողովի նախագահը: Աղվան Վարդանյանը, սակայն, կարծում է, որ ՀՀ-ում առկա են բավարար օրենսդրական կարգավորումներ, լուծումներ, ծայրահեղ վիրավորանքի դեպքում կարելի է սահմանել բարձր տուգանքներ, բայց քրեականացումն ակնհայտորեն հակասում է և´ միջազգային փորձին, և´ ՀՀ-ն այդ առումով «ետ է շպրտում» տարիներով: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը միևնույն ժամանակ հիշեցրեց, որ Հայաստանում 137.1 հոդվածի իրավակարգավորումները չեն նույնանում Քրեական օրենսգրքից ապաքրեականացված իշխանական ներկայացուցչին վիրավորելու ինստիտուտի հետ, քանի որ իրավական պաշտպանության ենթակա անձանց ավելի լայն շրջանակ է ներառված: «137.1 հոդվածով քրեաիրավական պաշտպանության տակ է դրված անձի արժանապատվությունը՝ քննադատության հետ չնույնացող հայհոյանքի կամ այլ տեսակ ծանր վիրավորանքից, իսկ ավելի խիստ պաշտպանության տակ է դրված հանրային գործունեությունը»,-ասաց նա:
13:15 - 30 նոյեմբերի, 2021