#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
ԱՊՀ դիտորդները չեն արձանագրել այնպիսի խախտումներ, որոնք  կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա |armenpress.am|

ԱՊՀ դիտորդները չեն արձանագրել այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա |armenpress.am|

armenpress.am: ԱՊՀ դիտորդական առաքելությունն արձանագրել է, որ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում չեն եղել այնպիսի խախտումներ, որոնք  կարող են ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Այս մասին ասուլիսում ասաց դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը: Նեմատովը հիշեցրեց, որ դիտորդական առաքելության կազմում եղել է 96 անձ: Նա վստահեցրեց, որ կազմում եղել են  փորձառու անձինք, պատգամավորներ, ներկայացուցիչներ՝ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից, ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովից,  ռուս-բելառուսական միությունից: Դիտորդները եղել են 700 ընտրատեղամասում: Նեմատովի գնահատմամբ՝ ընտրությունները սկսվել են առանց իրարանցման, աղմուկի, ընտրատեղամասերը բացվել են ժամանակին՝ 08:00-ին: Դիտորդները միասին պատրաստել են վերջնական փաստաթուղթ՝ արդյունքների վերաբերյալ: «Ընտրությունների գործընթացն անցել է Ընտրական օրենքի պահանջներին համապատասխան: Դիտորդները չեն արձանագրել այնպիսի խախտումներ, որոնք  կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց Նեմատովը: Նա նշեց նաև գործընթացի բարձր կազմակերպչական մակարդակի մասին: Նեմատովի խոսքով՝ ընտրությունները կազմակերպվել, անցկացվել են ՀՀ սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Առաքելության ղեկավարն ամենակարևորը համարեց այն, որ ընտրություններին մասնակցել է 25 քաղաքական ուժ: Ըստ նրա՝ դա Հայաստանի ընտրողներին ընտրության հնարավորություն է տալիս: Դիտորդների խոսքով՝ թերացումներ եղել են, սակայն դրանք համակարգային բնույթ չեն կրել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝  21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:
12:43 - 21 հունիսի, 2021
Հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ նախապատրաստվել է 87 նյութ. ՔԿ

Հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ նախապատրաստվել է 87 նյութ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում և կենտրոնական մարմնում 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ, հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ, ստացվել և նախապատրաստվել է 87 նյութ, ինչպես նաև ստացվել է 2 քրեական գործ: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն: Նշված 89 դեպքերից 64-ը՝  վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձին, 19-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ և 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված՝ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածով նախատեսված՝ տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.1-րդ հոդվածով նախատեսված՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելուն և իրացնելուն: Զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքերով հարուցվել է ընդհանուր 3 քրեական գործ, որոնցից վերջինով 2 անձի տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ, և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Մնացած 86 դեպքերով լրացուցիչ նյութեր են  նախապատրաստվում:
12:25 - 21 հունիսի, 2021
Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա. Կարին Տոնոյանը՝ հետագա անելիքների մասին

Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա. Կարին Տոնոյանը՝ հետագա անելիքների մասին

Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «5165» ազգային պահպանողական շարժում կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը՝ նշելով.  «15,534 մարդու առջև այսօր խոնարում եմ գլուխս- դուք արժանի էիք իմ որդու զոհողությանը, որովհետև հասկացաք, որ միայն բարին է չարին հաղթում, որ միայն սերն է հաղթում ատելությանը և Հայրենիքին անձնազոհ նվիրումն է հաղթում դավաճանությանը: Այսօրվանից սկսում ենք պատրաստվել ՏԵՐ կանգնելու մեր ազգին. սկսում ենք ոլորտային ծրագրերի շարունակական իրագործում. շարունակում ենք սահմանների պաշտպանական վիճակի ուսումնասիրություններն ու աջակցությունները, շարունակում ենք ազգի ինքնաճանաչողական մշակութային ծրագրերի իրականացումը, շարունակում ենք երիտասարդական և մանկական կրթական ծրագրերի իրականացումը, սկսում ենք գյուղ- համայնք հիմնադրամ ծրագրի փորձարկումը և այլն: Առաջիկայում առավել հստակ կհրապարակենք մոտակա անելիքները և կսկսենք այդ աշխատանքներին ցանկացողների ներգրավման համապատասխան հանդիպումներ: «5165 շարժումը» սկսում է իր նպատակային աշխատանքները»: Հիշեցնենք,  «5165» ազգային պահպանողական շարժումն այս ընտրություններում հավաքել էր 1.22 % կամ 15.534 ձայն:
12:17 - 21 հունիսի, 2021
Եվս 5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով

Եվս 5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչներին ընտրակաշառք առաջարկելու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ վերը նշված վարչական շրջանի մի խումբ բնակիչներ նախնական համաձայնությամբ հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով առաջարկել, խոստացել և տրամադրել են կաշառքի տեսքով տարբեր չափի գումարներ: Հիշյալ քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվել են համատեղ բազմածավալ օպերատիվ և քննչական գործողություներ, այդ թվում` խուզարկություններ են կատարվել 12 բնակարաններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են ընտրողներին կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության փաստերը հաստատող, ապացուցողական նշանակություն ունեցող իրեր, ինչպես նաև` առանձնապես խոշոր չափերի գումարներ և ընտրողների ցուցակներ: Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:07 - 21 հունիսի, 2021
Ընտրախախտումների առյուծի բաժինը ընկնում է «Հայաստան» դաշինքի վրա․ Սոնա Այվազյան

Ընտրախախտումների առյուծի բաժինը ընկնում է «Հայաստան» դաշինքի վրա․ Սոնա Այվազյան

Ընդհանուր առմամբ քվեարկության օրվա գործընթացը եղել է կազմակերպված, ընթացել է սահուն կերպով, խաղաղ միջավայրում՝ առանց լայնածավալ, կոպիտ խախտումների։ Այս մասին «Ականատես» դիտորդական առաքելության ասուլիսի ընթացքում ասաց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։ «Այդուհանդերձ, նկատվել է որոշ լարվածություն մի շարք տեղամասերում, և այդ լարվածությունը որպես կանոն պայմանավորված է եղել կողմնակի անձանց ներկայությամբ, ուղղորդումներով և վերահսկվող քվեարկությամբ։ Դա եղել է համատարած, ենթադրաբար նաև Հայաստանի բոլոր տարածքներում։ Ընտրախախտումների, ուղղորդումների, գաղտնիության խախտման, կողմնակի անձանց ներկայության առյուծի բաժինը ընկնում է «Հայաստան» դաշինքի վրա։ Մտածում էինք՝ որքանով ճիշտ կլինի այդպես հայտարարենք կամ ներկայացնենք մի կուսակցության հետ կապված խնդիրները, բայց այդ խախտումները այնքան ծանրակշիռ են, որ մտածեցինք` շատ թերի կլինի, եթե չներկայացնենք, թե ովքեր են եղել»։ Սոնա Այվազյանն ասաց, որ տարբեր տեղամասերում խախտումներ են արձանագրել «Պատիվ ունեմ» դաշինքի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Զարթոնք» ազգային քրիոտոնեական կուսակցության, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ կապված։ «Սակայն, ինչպես նշեցի, մեծածավալ խախտումներ եկել են «Հայաստան» դաշինքի կողմից»։
12:05 - 21 հունիսի, 2021
Միջադեպը հրահրող անձը ՔՊ կուսակցության վստահված անձ էր․ Սուրեն Սահակյան

Միջադեպը հրահրող անձը ՔՊ կուսակցության վստահված անձ էր․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չարաբաստիկ միջադեպի պատճառով առավոտյան նոր տուն հասա։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ միջադեպը հրահրող անձը ՔՊ կուսակցության վստահված անձ էր, որը մինչ այդ արդեն աչքի էր ընկել լկտի վարքով /տեսանյութը մեկնաբանություններում/։ Հայտնում եմ նաև, որ առաջացած հրմշտոցի մեջ կին չեմ նկատել և դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող էր բացի քաշքշուկի անմիջական մասնակիցներից, որևէ մեկը ֆիզիկապես տուժեր դրանից։ Անկախ այս ամենից, ակնհայտ է, որ եթե չլիներ քաշքշուկը, որևէ մեկը ֆիզիկապես չէր տուժի, բացի պետությունից, որի անունից խոսում են օրենքի տարրական նորմերի իմացության բացակայության պայմաններում այն ներկայացնողները։ Սրանք ստվերում են առանց այդ էլ անտանելի անկում ապրած պետական ինստիտուտների հեղինակությունը։ Միջադեպի հետ կապված մանրամասները քննվում են ոստիկանության համապատասխան բաժնում և հուսանք, որ քննության արդար անցկացման հարցում որևէ կասկած չի մնա։ Այնուամենայնիվ, պետք է փորձեմ վաղնևեթ կապի դուրս գալ տուժած կնոջ հետ և նրանից ներողություն խնդրել միջադեպի համար։ Հուսամ, որ նրան հասցված վնասվածքը ուղիղ ինձնից չի եղել, քանի որ իմ տեսադաշտում նա հայտնվել է արդեն միջադեպի ավարտից րոպեներ անց։ Հայաստանում մարտնչող տգիտությունը պետք է պարտվի ամեն քայլափոխի և այնժամ մենք կունենանք առաջ գնալու հնարավորություն»։ Ավելի վաղ ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբից հայտնել էին․ «Քիչ առաջ Երևանի քաղաքի 6/18 տեղամասում խոչընդոտել են ՔՈ ՍԴԿ Գործադիր Մարմնի անդամ, նախընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի մուտքը տեղամաս: Խոչընդոտման մասին տեղեկացրել ենք ԿԸՀ: Նրանք պատասխանել են, որ խոչընդոտելու իրավունք չունեն և տեղեկացրել են տեղամասային հանձնաժողովին՝ թույլ տալ մուտք գործել: Սակայն տեղամասային հանձնաժողովը հրաժարվել է: Առաջացած վիճաբանության արդյունքում Սուրեն Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին:Դատապարտում ենք նման գործելաոճը, որը հստակ ստվեր է գցելու և կասկածի տակ է դնելու ընտրական գործընթացի թափանցիկությունն ու ստացված արդյունքների հավաստիությունը: Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»։
11:42 - 21 հունիսի, 2021
Ապահովվեց քվեարկության ազատությունը. կայացած ընտրությունը ավարտ չէ, այլ սկիզբ. Արման Բաբաջանյան

Ապահովվեց քվեարկության ազատությունը. կայացած ընտրությունը ավարտ չէ, այլ սկիզբ. Արման Բաբաջանյան

Հայաստանում անցկացվեց ժողովրդավարական ընտրություն, որտեղ ապահովվեց քվեարկության ազատությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ դատելով սրանից,  հետընտրական զարգացումներով արդյունքի վերանայման որևէ փորձ կլինի ոտնձգություն Հայաստանի կայունության, պետական վերականգնման հրամայականի, հասարակական համերաշխության դեմ, այլ կերպ ասած՝ կլինի ներքին գրոհ Հայաստանի դեմ: «Անձնապես ինձ համար Ազգային ժողովի՝ նախօրեին կայացած ընտրությունը ավարտ չէ, այլ սկիզբ: Կարևոր է հանդարտ, սառը գնահատել իրավիճակը և պատրաստվել համառ ու հետևողական աշխատանքի, որովհետև քաղաքականությունը չի լինում այլ կերպ, քաղաքականությունը չի կարող լինել երաշխավորված հաջողությունների շղթա, հետևաբար դրանում հաջողություն չի կարող լինել այն ուժի համար, որը պատրաստ չէ անհաջողության ու դրանից համարժեք եզրահանգումների: Այսու, Շնորհակալություն Քրիստոնեա-ժողովրդավարակա կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին համատեղ անցած ճանապարհի համար: Շնորհակալություն կուսակից գործընկերներիս՝ անձնվեր ու անվերապահ օրնիբուն աշխատանքի համար: Շնորհակալ եմ մեր օգտին քվեարկած բոլոր հայրենակիցներին՝ այս դժվար և բարդ ժամանակահատվածում ժողորդավարների մեր դաշինքին աջակցելու համար: Անվիճելի հաղթանակի և համազգային արհարվիրքից հետո Հայաստանում ժողովրդավարական գործընթացները անշրջելի դարձնելու համար շնորհավորում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր գործընկերներիս: Բարի երթ բոլորիս»: Հիշեցնենք,  «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը հավաքել է  1.50 %՝ 19.142 ձայն:
11:28 - 21 հունիսի, 2021
Այսօրվանից «Ռազմական Ժողովրդավարություն», այլ ելք չկա․ Լևոն Շիրինյան

Այսօրվանից «Ռազմական Ժողովրդավարություն», այլ ելք չկա․ Լևոն Շիրինյան

«Քրիստոնեա ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Հայրենակի՛ց. ՔԺԿ ընկերնե՛ր. Դաշինքի մեծահարգ գործընկերնե՛ր: Ձեր սկզբունքային ու հայրենանվեր դիրքորոշումով Հայաստանում ժողովրդավարական տրանզիտը/անցում/ շարունակվում է,քաղաքական ռևերս/հետընթաց/ շարժումը տապալվեց: Չեկիստներն Հայաստանում նորից անհաջողություն ունեցան: Ժողովրդի քաղաքական կրթման իմ և իմ կողքին կանգնած մերձավորների տարիների ջանքերը էական դեր խաղացին երկրի ռազմավարական ուղենիշներն ուվագծելու գործընթացում: Իսկ Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինքը դարձավ այն պատնեշը,որ ստեղծեց նախադրյալներ Գողապետության վախճանի,նրա պարագլուխների կրախի ուղղությամբ: Այսօրվանից. «Ռազմական Ժողովրդավարություն». այլ ելք ՉԿԱ: Դաշինքի ընտրողներինն. նրանք կազմում են Վարչապետին ձայն տվածների շուրջ 15_20%-ը,որոնք Ռևանշիստների ու Գողապետության պարագլուխների վերադարձից սարսափած/հատկապես հանրահավաքի ագրեսիվությունից/ քվեարկեցին Վարչապետի օգտին ,մնալով մեզ հետ խորքի մեջ: Ղարաբաղցիները գնացին Ծովահրեշի կողմ,Արցախահայությունն ու Ջավախահայությունը / մլիցեքը չհաշված/ մնացին մեզ հետ: Հեղափոխության ողջ ընթացքում երկրի կյանքաում բացառիկ բացասական դեր խաղաց միջին, տիտղոսակիր ու ամուլ գորշ «մտավորականությունը»: Շնորհակալություն նրանց,ովքեր հավատարիմ մնացին Հայ հեղափոխությանն ու մեր ազգային իդեալներին, եղան պետականակերտ ուժերի ամուր պատվանդանը»:
11:23 - 21 հունիսի, 2021
Այն, որ ՔՊ-ն կարող էր 680.000 քվե ստանալ, հասկանալի չէ․ Արա Զոհրաբյան

Այն, որ ՔՊ-ն կարող էր 680.000 քվե ստանալ, հասկանալի չէ․ Արա Զոհրաբյան

Այն, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը նորաստեղծ միավոր էր, խիստ սահմանափակ ռեսուրսներով, և շանսերը բարձր չէին այս գերլարված մրցապայքարում, հասկանալի է, բայց որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող էր 680.000 քվե ստանալ, հասկանալի չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Զարթոնք» կուսակցության առաջին համար Արա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ստացվում է, որ «ժողովուրդն» ընտրեց հայհոյանքը, ագրեսիան, թշնամասիրությունը և պարտությունը: Ազգային արժեհամակարգը, ազգային արժանապատվությունը և հայրենիքի անվտանգությունը տեղ չգտան «ժողովրդի» սրտում: Բնական է, որ արժանանալու ենք մեր ընտրության հետևանքներին: 2018թ. ընտրությունը բերեց 2020թ. պատերազմ և պարտություն, իսկ 2021թ. ընտրությունը մեզ բերելու է նվաստացում և կորուստներ: Այս ընտրությունների կազմակերպման ընթացքում ձեռք բերեցի գաղափարական ընկերներ, անշահախնդիր թիմակիցներ, վերաարժևորեցի շրջապատս, և ավելի ու ավելի համոզվեցի, որ պետք է պայքարել, պետք է արթնացնել մեր քնած արժեհամակարգը, ու միայն հետևողական գործունեությամբ կարող ենք վերականգնել մեր ազգային դիմադրողականությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմակիցներին, մեր ընտրողներին և բոլոր այն մարդկանց, որ մեր կողքին մնացին: Հ.Գ. Ընտրախախտումներին կանդրադառնանք լրացուցիչ:
11:16 - 21 հունիսի, 2021
Մանդատների բաշխման ու մյուս գործընթացների մասին հայտնի կդառնա 7 օրից. Մուկուչյանն ամփոփեց արդյունքները |armtimes.com|

Մանդատների բաշխման ու մյուս գործընթացների մասին հայտնի կդառնա 7 օրից. Մուկուչյանն ամփոփեց արդյունքները |armtimes.com|

armtimes.com: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները՝ ամփոփելով դրանք: Նա հրապարակեց ավելի վաղ հայտնի դարձած թվային տվյալները: Այնուհետ, խոսելով հետագա գործընթացների մասին, ԿԸՀ նախագահը հայտնեց, որ ընտրական օրենսգիրքը նախատեսում է պարտադիր ընթացակարգեր: Դրանք են՝ դիմումների ստացում, դրանց քննարկում, դրանցով համապատասխան որոշումների կայացում, եթե կլինեն վերահաշվարկի դիմումներ, դրանց քննարկում: Այսօրվանից սկսած կուսումնասիրվեն ընտրատեղամասերի գրանցամատյաններում նշված ընտրախախտումները, եթե այդպիսին կլինեն: Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է հայտնաբերվեն այնպիսի խախտումներ, որոնք կարող են անդրադառնալ ընտրությունների ելքի վրա, Մուկուչյանը պատասխանեց, թե առայժմ այդ մասին խոսել չի կարող, բայց նման խախտումների մասին ահազանգեր դեռևս չկան: Մուկուչյանը հաստատեց, որ ՔՊ-ն կազմելու է խորհրդարանական մեծամասնություն, իսկ մանդատների քանակի մասին, ըստ նրա, խոսել դեռևս վաղ է, քանի որ, ինչպես նշվեց, կան ընթացակարգեր: Մանդատների բաշխման մասին հայտնի կդառնա արդյունքների հրապարակումից 7 օր անց: Մուկուչյանը պարզաբանեց, որ մեկ քաղաքական ուժի ամբողջական ինքնաբացարկի մասին դժվար է խոսել, եթե լինեն պատգամավորներ, որոնք ինքնաբացարկ հայտնելով կհրաժարվեն իրենց մանդատներից, մանդատ կստանան միայն այն ուժերը, որոնք չեն հրաժարվում ու արդեն հայտնի են: Մուկուչյանը, խոսելով երեկվա ընթացքում գրանցված հոսանքազրկումների մասին, նշեց, որ քվեարկության ընթացքում դա չի խանգարել աշխատանքին, քանի որ տեխնիկական սարքավորումները աշխատում են նաև մարտկոցներով, իսկ ձայների հաշվարկի ժամանակ չի եղել հոսանքազրկում մեկ տեղամասում կամ ինչ-որ մեկի կողմից, այլ եղել է զանգվածային հոսանքազրկում, որի մասին ԿԸՀ-ն վերլուծություններ անել չի կարող:
11:14 - 21 հունիսի, 2021
Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանված կարգով պետք է ստանան դրանք. Մուկուչյան |1lurer.am|

Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանված կարգով պետք է ստանան դրանք. Մուկուչյան |1lurer.am|

1lurer.am: Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները: Նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող՝ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա անդրադարձավ ընտրությունների արդյունքների հաշվարկի ժամանակ մի շարք տեղամասերի հոսանքազրկմանը: «Փորձում էինք համապատասխան ծառայությունների միջոցով առավելագույնս կարճ ժամկետներում իրականացնել վերականգնում: Տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված խափանումներ չենք ունեցել, որովհետև կային համապատասխան մարտկոցներ, որոնք հնարավորություն էին տալիս նույնիսկ հոսանքազրկման դեպքում շարունակել աշխատանքը: Խնդիր էր լինում տեսախցիկների հետ կապված, որոնք անջատվում էին, բայց վերականգնվելու պարագայում դրանք ըստ էության վերականգնվում էին»,- ասաց Մուկուչյանը: Պատահակա՞ն էին արդյոք հոսանքազրկումները՝ Մուկուչյանը նշեց, թե նման դատողություն անելու համար պետք է լուրջ հիմքեր ունենալ:
11:02 - 21 հունիսի, 2021
ԿԸՀ-ն ներկայացրել է 2008 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները

ԿԸՀ-ն ներկայացրել է 2008 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին տեղեկատվությունը, որը ներկայացնում ենք ստորև.    «Արդար Հայաստան» կուսակցություն 3912 ձայն, 0.31 %   «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն 19 647 ձայն, 1.54 %   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 687 251 ձայն, 53.92 %   «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն 4623 ձայն, 0.36 %   «Ազատություն» կուսակցություն 1842 ձայն, 0.14 %   «Պատիվ ունեմ» դաշինք 66 633 ձայն, 5.23 %   «Միասնական Հայրենիք» կուսակցություն 956 ձայն, 0.08 %   «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն 803 ձայն, 0.06 %   «Լուսավոր Հայաստան» կուսակցություն 15 557 ձայն, 1.22 %   «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն 12 162 ձայն, 0.95 %   «Հանրապետություն» կուսակցություն 38 713 ձայն, 3.04 %   «Հայոց Հայրենիք» կուսակցություն 13 115 ձայն, 1.03 %   «Ազատ Հայրենիք» դաշինք 4136 ձայն, 0.32 %   «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 50 416 ձայն, 3.96 %   Հայաստանի դեմոկրատական կուսակցություն 5017 ձայն, 0.39 %   «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն 15 534 ձայն, 1.22 %   «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն - 3771 ձայն, 0.3 %   «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք 19 142 ձայն, 1.5 %   «Ազգային օրակարգ» կուսակցություն 721 ձայն, 0.06 %   «Վերելք» կուսակցություն 1245 ձայն, 0.01 %   «Ազատական» կուսակցություն 14 923 ձայն, 1.17 %   «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն 2786 ձայն, 0.22 %   «Հայաստան» դաշինք 268 165 ձայն, 21.04 %   «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն 18 767 ձայն, 1.47 %   «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն 3558 ձայն, 0.28 %:
09:02 - 21 հունիսի, 2021
Քանի խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները․ հայտարարություն |news.am|

Քանի խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները․ հայտարարություն |news.am|

news.am: Խորհրդարանական ընտրությունների հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում: Այդ մասին ասվում է «Հայաստան» դաշինքի հայտարարությունում: «Դրանք ծայրահեղ հակասության մեջ են մտնում հանրային կյանքի տարբեր դրսևորումների հետ, որոնց ականատեսն ենք եղել անցած 8 ամիսների ընթացքում, հանրային կարծիքի ուսումնասիրության բոլոր արդյունքների հետ՝ այդ թվում միջազգային, վերջապես՝ պարզ բանականության հետ: Քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի խիստ բազմամարդ հավաքները և իշխանության ակնհայտ սակավամարդ միջոցառումները, երկրում առկա վստահության ճգնաժամը մատնացույց էին անում լրիվ այլ հանրային տրամադրությունների առկայությունը: Վստահության պակասի լրջագույն հիմք են հանդիսանում բուն ընտրության օրը տարբեր տեղամասերից եկող հարյուրավոր ահազանգերը, որոնք վկայում են ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Հայաստան» դաշինքը խնդիր է դնում արձանագրված և ենթադրվող խախտումների խորը և փաստարկված ուսումնասիրության, ինչին ձեռնամուխ ենք լինում անմիջապես: Քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, և փարատված չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները», - նշված է հայտարարությունում:
02:35 - 21 հունիսի, 2021