ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Ուկրաինայում ռազմական գործողությունը կավարտվի, երբ իրագործվեն նրա նպատակները․ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյա

Ուկրաինայում ռազմական գործողությունը կավարտվի, երբ իրագործվեն նրա նպատակները․ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյա

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կներկայացնի Ուկրաինայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ իր բանաձեւի նախագիծը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Մենք կներկայացնենք մեր [բանաձեւի] նախագիծը, որը հումանիտար է․ դրա տեքստը շուտով հասանելի կլինի, և կտեսնենք, թե արդյո՞ք Անվտանգության խորհուրդը կկարողանա կատարել իր առաքելությունը՝ ընդունելով Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ բանաձևը»,- ասել է նա։  Ինչպես նշել է ՌԴ դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը, բանաձեւի տեքստը կպարունակի դրույթներ հրադադարի ռեժիմի, խաղաղ բնակչության տարհանման, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների հարգման և խաղաղ բնակչության վրա հարձակումների դատապարտման վերաբերյալ։ Ռազմական գործողություն Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ իրագործվեն նրա նպատակները, ասել է ​​ներկայացուցիչը։ Պատասխանելով հարցին, թե երբ է հայտարարվելու ընդհանուր զինադադարը, Նեբենզիան նշել է, որ «հրադադարն ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ իրականացվեն Ռուսաստանի կողմից առաջադրված պայմանները»։ «Այդ պայմաններն են Ուկրաինայի ապառազմականացումը, ապանացիստականացումը, որպեսզի Ուկրաինայի տարածքից Ռուսաստանին սպառնացող չլինի և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարումը»,- հավելել է Նեբենզյան։ Իրավիճակի գնահատում Ռուսաստանը մտահոգված է, թե ինչպես են ՄԱԿ-ի պաշտոնյաները, այդ թվում՝ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, վերաբերվում Ուկրաինայի իրավիճակին, ասել է Նեբենզյան։ «Մենք շատ անհանգստացած ենք, թե ինչպես են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, այդ թվում՝ բարձր մակարդակով, ինչպես գլխավոր քարտուղարը, այնպես էլ նրա տեղակալ Դի Կարլոն, գնահատում են իրավիճակը Ուկրաինայում՝ մեղադրելով Ռուսաստանին անկանոն հարձակումների մեջ»,- ասել է նա։  
18:42 - 15 մարտի, 2022
Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների. Արարատ Միրզոյան |armenpress.am|

Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների. Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Նախարարը հիշեցնում է, որ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ: Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել է Ադրբեջանը, ներկայացրել է դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից երեկ հրապարակվեց, ըստ իրենց, Հայաստանին փոխանցված խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները։ Արդյո՞ք հենց դա է Հայաստանին փոխանցված փաստաթուղթը։ Այո, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանրայնացրել է Հայաստանին փոխանցված առաջարկները։ Ի դեպ, ուշագրավ է, որ փետրվարի 21-ով թվագրված նամակը հայկական կողմին փոխանցվել է միայն մարտի 10-ին։ Ինչպիսի՞ն է հայկական կողմի դիրքորոշումը նշյալ առաջարկների վերաբերյալ։ Նախ կարևոր է ընդգծել, որ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։ Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։ Հարկ է նկատել նաև, որ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական առաջարկին՝ համահունչ նշված դիրքորոշմանը։ Ադրբեջանի կողմից հնչեցված առաջարկներում անդրադարձ է կատարվում նաև երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Ինչպե՞ս են ընթանում այս գործընթացները։ Մենք համարում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն, և մենք շարունակում ենք հետևողական լինել այս ուղղությամբ։ Ինչպես գիտեք, մենք նույնիսկ հանդես ենք եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես օրինակ զորքերի հայելային հետքաշմամբ և միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկը, որոնք սակայն ադրբեջանական կողմը մերժել է։ Ի՞նչ ձևաչափում եք տեսնում խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունները։ Ավելի վաղ արդեն իսկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։
10:46 - 15 մարտի, 2022
ՄԱԿ ներկայացուցիչը մտահոգիչ է որակել ռուսների դեմ բռնության կոչ պարունակող գրառումների թույլատրման որոշումը

ՄԱԿ ներկայացուցիչը մտահոգիչ է որակել ռուսների դեմ բռնության կոչ պարունակող գրառումների թույլատրման որոշումը

Միավորված ազգերի կազմակերպության՝ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Թրոսելը մտահոգիչ է որակել Meta Platforms-ի որոշումը, ըստ որի՝ կթույլատրվի ռուսների դեմ բռնության կոչ պարունակող գրառումների հրապարակումը։ «Ես խոսել եմ գործընկերների հետ, ովքեր զբաղվում են այս թեմաներով: Եվ նրանք ասում են, որ այս հարցը կքննարկեն Մետայի հետ՝ ավելին հասկանալու համար», - «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ՝ ասել է նա: Թրոսելը ուշադրություն է հրավիրել հստակության բացակայության վրա՝ նկատի ունենալով, որ նման որոշումը կարող է հանգեցնել ընդհանուր առմամբ բոլոր ռուսների նկատմամբ ատելության խոսքի․ «Դա շատ մեծ մտահոգություն կառաջացնի», - հավելել է նա: Ավելի վաղ հայտնել ենք, որ Meta Platforms-ը, որի մեջ են մտնում Facebook և Instagram սոցիալական ցանցերը, որոշ երկրների օգտատերերին թույլ կտա բռնության կոչ անել ռուսաստանցիների և ռուս զինվորականների հասցեին՝ Ուկրաինա ներխուժման համատեքստում։ «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ՝ բռնության հրահրման ժամանակավոր թույլտվությունը վերաբերում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, ինչպես նաև՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Հունգարիան, Ռումինիան և Սլովակիան։   Լուսանկարում՝ Էլիզաբեթ Թրոսելը
15:41 - 11 մարտի, 2022
Ստեղծված տնտեսական իրավիճակին դիմակայելու համար ՄԱԿ-ը պատրաստ է հակաճգնաժամային աջակցություն տրամադրել Հայաստանին

Ստեղծված տնտեսական իրավիճակին դիմակայելու համար ՄԱԿ-ը պատրաստ է հակաճգնաժամային աջակցություն տրամադրել Հայաստանին

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Լիլա Փիթրս Յահիայի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, Տիգրան Խաչատրյանը ՄԱԿ համակարգողին է ներկայացրել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների համատեքստում հայաստանյան տնտեսության վրա ունեցած ազդեցությունը: Նախարարն իր խոսքում  կարեւորել եւ բարձր է գնահատել  ՄԱԿ-ի եւ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական սերտ համագործակցությունը` Հայաստանում տնտեսության ամրապնդման, ինչպես նաեւ՝ կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ: Տիկին Փիթրս Յահիան իր հերթին եւս ընդգծել է՝ Հայաստանը ոչ միայն Միավորված ազգերի ընտանիքի մաս է, այլեւ՝ շատ ակտիվ անդամ: Նրա փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը պատրաստ է իր հետագա հակաճգնաժամային աջակցությունը տրամադրել Հայաստանին ստեղծված  տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար:
14:56 - 11 մարտի, 2022
Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ նիստ է պահանջել՝ Ուկրաինայում «ԱՄՆ կենսաբանական ծրագրերի» առնչությամբ

Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ նիստ է պահանջել՝ Ուկրաինայում «ԱՄՆ կենսաբանական ծրագրերի» առնչությամբ

Ռուսաստանը պահանջել է այսօր՝ մարտի 11-ին, ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստ անցկացնել Ուկրաինայում «ԱՄՆ ռազմակենսաբանական ծրագրերի» առնչությամբ, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկու խոսքերը։ «Ռուսական առաքելությունը մարտի 11-ին նիստ անցկացնելու խնդրանքով դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ Ուկրաինայի տարածքում ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեության քննարկման համար», - գրել է նա Թվիթերում։ Ավելի վաղ Ռուսաստանի Զինված ուժերի ճառագայթման, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը հայտարարել էր, որ Ուկրաինայում «հատուկ գործողության ընթացքում բացահայտվել է ավելի քան 30 կենսալաբորատորիաների գործունեությունը, որոնք աշխատել են ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը կից Սպառնալիքի կրճատման գործակալության պատվերով»։ Նրա խոսքով փետրվարի 24-ին դրանք Ուկրաինայի առողջապահության նախարարությունից հրահանգ են ստացել ամբողջությամբ ոչնչացնել այնտեղ գտնվող «կենսաբանական ագենտները»։   Նորա Վանյան
10:36 - 11 մարտի, 2022
ԵԽ նոր բանաձևի նախագիծը կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը

 |armenpress.am|

ԵԽ նոր բանաձևի նախագիծը կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանում շրջանառության մեջ է դրվել բանաձևի նախագիծ, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև՝ կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը: Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից հարձակման են ենթարկվել բազմաթիվ կրոնական վայրեր։ Ըստ բանաձևի՝ սա վկայում է հայկական մշակութային ժառանգության հնարավոր ճակատագրի մասին նաև Լեռնային Ղարաբաղում, քանի որ Ադրբեջանի իշխանությունները հերքում են Նախիջևանի շրջանում հայկական մշակութային վայրերի առկայությունը: Բանաձևում շեշտվում է՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևի համաձայն՝ ապօրինի հարձակումները կրոնի, կրթության, արվեստի, գիտության, ինչպես նաև պատմական հուշարձանների վրա կարող են ռազմական հանցագործություն լինել, և նման հարձակումների հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Այսպիսով՝ բանաձևը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ին  ևս բանաձևը կոչ է անում ամբողջությամբ գնահատել Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության վիճակը Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում և հետևել բոլոր կողմերի համապատասխան առաջարկություններին, կոչ է անում ԵՄ-ին ցուցաբերել համապատասխան աջակցություն: Բանաձևը հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին լիովին համագործակցել միջազգային հետաքննությունների հետ և կատարել իրենց պարտականությունները՝ 1954թ. Հաագայի կոնվենցիայի համաձայն: Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևը կոչ է անում համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ ապահովելու փաստահավաք առաքելությանն անարգել մուտքը: Բանաձևը կոչ է անում Ադրբեջանին նաև պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում՝ ամբողջությամբ կատարելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, մասնավորապես՝ զերծ մնալ հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց կամ հայկական պատմական մշակութային ներկայությունը վերացնելուց կամ հայերի մուտքն արգելելուց և այլն: Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին բանաձևով կոչ է արվում, միջազգային հանրության աջակցությամբ, ապահովել միջազգային իրավունքի խախտման բոլոր մեղադրանքների արդյունավետ հետաքննությունը, այդ թվում՝ մշակութային ժառանգության պաշտպանության  հարցով և այնպիսի հարձակումների, ինչպիսին է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հարձակումը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի վրա: Բանաձևը նաև հորդորում է երկու երկրների, հատկապես Ադրբեջանի կառավարություններին դադարեցնել ատելության և ռասայական խտրականության քարոզչությունը դասագրքերի, սոցիալական ցանցերի և, Ադրբեջանի, այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» միջոցով և աշխատել երկու հասարակությունների միջև վստահության և միմյանց մշակույթի նկատմամբ հարգանքի վերականգնման ուղղությամբ։ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևում հորդորում է նաև նոր ջանքեր գործադրել՝ երկու երկրի միջև վստահություն ձևավորելու և կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար:  
17:51 - 09 մարտի, 2022
Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին ՌԴ նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ուկրաինայի հայցի առաջին լսումները

Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին ՌԴ նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ուկրաինայի հայցի առաջին լսումները

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին Ռուսաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ուկրաինայի հայցի առաջին լսումները։ Այս մասին հաղորդում է TACC-ը։ Նիստի ավարտին դատավոր Ջոան Դոնոխյուն հայտնեց, որ դատարանը մտադիր է հնարավորինս շուտ որոշում կայացնել միջանկյալ միջոցների մասին։ Նա նաև խնդրեց հայցվոր կողմին (Ուկրաինայի ներկայացուցիչներին) կապի մեջ մնալ դատարանի հետ՝ հաշվի առնելով, որ գուցե անհրաժեշտություն առաջանա գործի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու։ Հիշեցնենք, որ լսումները, որ պլանավորված են մարտի 7-8-ը, նվիրված են միջանկյալ միջոցներին, որոնք դատարանը կարող է կիրառել քննության ընթացքում, որպեսզի կանխի ռուս-ուկրաինական հակամարտության սրացումը։ Ռուսական կողմի խոսքը պետք է ներկայացվի մարտի 8-ին։ Այսօր Ռուսաստանի ներկայացուցիչները Հաագայում չէին մասնակցում ՄԱԿ-ի դատարանի նիստին։
17:17 - 07 մարտի, 2022
Ռուսաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայի դեմ Կիեւի հայցի քննությանը ՄԱԿ-ի դատարանում

Ռուսաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայի դեմ Կիեւի հայցի քննությանը ՄԱԿ-ի դատարանում

Ռուսաստանի ներկայացուցիչները Հաագայում չեն մասնակցում ՄԱԿ-ի դատարանի նիստին, որտեղ մեկնարկել է ընդդեմ Մոսկվայի Կիեւի հայցի քննությունը։ Այս մասին նիստի բացման ժամանակ հաղորդել է դատավոր Ջոն Դոնահյուն։ Նա նշել է, որ «ցավում է ՌԴ ներկայացուցիչների բացակայության համար»։ Դատարանի դահլիճում ռուսների տեղերը դատարկ են։ Հեռարձակումը ցուցադրվում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի կայքում։ Չնայած պատասխանողի բացակայությանը՝ դատարանը որոշեց շարունակել քննությունը եւ խոսքը փոխանցեց ուկրաինական կողմի ներկայացուցիչ Անտոն Կորնիեւիչին։ Նա դատարանին կոչ արեց ՌԴ-ի վերաբերյալ միջանկյալ միջոցներ կիրառել։ Նրա վստահեցմամբ՝ Կիեւի՝ ցեղասպանություն գործելու մասին Մոսկվայի հնչեցրած մեղադրանքները «ամբողջությամբ անհիմն են». «Ուկրաինան ամենակտրուկ ձեւով հերքում է այդ մեղադրանքներն ու կապացուցի դրանց անհիմն լինելը։ Եթե ՌԴ-ն չվերադառնա միջազգային օրենքների կատարմանը, ապա դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի»,- ասաց նա։ Լսումները, որ պլանավորված են մարտի 7-8-ը, նվիրված են միջանկյալ միջոցներին, որոնք դատարանը կարող է կիրառել քննության ընթացքում, որպեսզի կանխի հակամարտության սրացումը։ Ռուսական կողմի խոսքը պետք է ներկայացվի մարտի 8-ին։
14:46 - 07 մարտի, 2022
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հերթական նիստը տեղի կունենա Երևանում

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հերթական նիստը տեղի կունենա Երևանում

2022 թվականի հունիսի 1-3-ը Երևանում տեղի կունենա ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը՝ տեղեկացնում են Զբոսաշրջության կոմիտեից: Անցյալ տարի Աթենքում կայացած ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 66-րդ նիստի ընթացքում որոշում է կայացվել 67-րդ նիստը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ։ Այն հնարավորություն կընձեռի Եվրոպայի տարածաշրջանի շուրջ 40 անդամ պետությունների զբոսաշրջության լիազոր մարմինների ներկայացուցիչներից անմիջապես տեղեկանալ իրենց երկրներում զբոսաշրջության ոլորտում տիրող իրավիճակի, նախաձեռնվող քայլերի վերաբերյալ։ Նիստի Հայաստանում կազմակերպումը էապես կնպաստի ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցության ընդլայնմանը, առաջիկա տարիներին կազմակերպության գործունեությանն ակտիվ մասնակցությանը և նոր հնարավորությունների ստեղծմանը, ինչն էլ կնպաստի Եվրոպայի տարածաշրջանում Հայաստանի դիրքի բարելավմանը, ճանաչելիության բարձրացմանն ու ՄԱԿ ԶՀԿ այլ անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդմանը։
11:24 - 07 մարտի, 2022