ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Գրանցված վարձու աշխատողների 20 տոկոսն է հանդիսանում կառավարության 8-րդ միջոցառման շահառու․ ծրագիրը կատարվել է 71․4 տոկոսով

Գրանցված վարձու աշխատողների 20 տոկոսն է հանդիսանում կառավարության 8-րդ միջոցառման շահառու․ ծրագիրը կատարվել է 71․4 տոկոսով

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելուց մոտ մեկ շաբաթ անց կառավարությունը սկսեց կորոնավիրուսի տնտեսական եւ սոցիալական հետեւանքների չեզոքացման միջոցառումներ, այդ թվում՝ կորոնավիրուսի տարածման հետեւանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին եւ անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաեւ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողներին դրամական աջակցության տրամադրում։ Սոցիալական գործիքներից ամենաշատ շահառու ունեցողը հենց այս՝ 8-րդ փաթեթն է․ ընդգրկում է շուրջ 100 հազար շահառու, որոնք բոլորը գրանցված աշխատողներ են։ Միջոցառման գործարկման սկզբում քննարկվում էր հարցը, թե արդյոք այն քաղաքացիները, որոնց աշխատանքային պայմանագրերը քաղաքացիաիրավական են, կարող են հանդիսանալ կորոնավիրուսի սոցիալական հետեւանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու։ Ապրիլի 30-ին՝ կառավարության հերթական նիստի ժամանակ, որոշվեց, որ նշյալ միջոցառման շահառուների շրջանակն ընլայնվելու է մոտ 36․000-ով։ Որոշման համաձայն՝ քաղիրավական պայմանագրով աշխատողները եւս ներառվեցին այս ծրագրի մեջ։ Ծրագիրը նախատեսված է գործունեության 5 տեսակների համար։ Դրանք են․  1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,  2) հանրային սննդի ծառայություններ, 3) զբոսաշրջային ծառայություններ, 4) վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ, 5) մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն։ Այսպիսով, կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 8-րդ միջոցառմամբ նախատեսված աջակցությունից կարող են օգտվել վերոնշյալ ոլորտների այն աշխատակիցները, որոնք պայմանագրերից գոնե մի տեսակով գրանցված են (եղել)։  Infocom-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ 2020 թվականի փետրվարի դրությամբ Հայաստանում քաղիրավական պայմանագրով աշխատող 49․188 անձ կա, իսկ հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող՝ 622․805։ Սրանք բոլորը հաշվարկված են 50․549 գործատուների ներկայացրած տվյալների համաձայն։ Ընդհանուր առմամբ, ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն, ունենք 665․476 հիմնական եւ քաղիրավական պայմանագրով աշխատող քաղաքացիներ։ Սակայն քաղիրավական պայմանագրերով եւ հիմնական պայմանագրերով աշխատողների հանրագումարը 665․476-ից ավելի է։ Բանն այն է, որ առկա են դեպքեր, երբ միեւնույն անձը միաժամանակ ներգրավված է հիմնական աշխատանքային եւ քաղիրավական պայմանագրերի շրջանակներում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացանք, որ այս տարվա մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել թվով 94828 հիմնական աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողի, եւ  2411 քաղաքացիաիրավական անշխատանքային պայմանագրով վարձու աշխատողի: Ստացվում է, որ մայիսի 21-ի դրությամբ՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 8-րդ միջոցառումը ներառել է հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատողների 15,22 տոկոսին, քաղիրավական պայմանագրով աշխատողների՝ 4,9 տոկոսը։  Նախնականում պլանավորվում էր սպասարկել 100․000 շահառուի, հետագայում շահառուների շրջանակն ընդլայնվեց 36․000-ով։ Եթե վերցնենք ծրագրով նախատեսված թիվը, ապա ստացվում է, որ փոխհատուցում ստանալու էր հիմնական եւ քաղիրավական պայմանագրերով աշխատողների մոտավորապես 20 տոկոսը։ Փաստացի, մայիսի 21-ի դրությամբ ծրագիրը կատարվել է 71,4 տոկոսով՝ ըստ Սոցիալական հարցերի նախարարությունից ստացած տվյալների։
22:06 - 26 մայիսի, 2020
Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետը կրճատվում է․ ՊԵԿ

Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետը կրճատվում է․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն, կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն  ուղղված միջոցառումների ծրագրի շրջանակում, խնդիր է դրել տնտեսավարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման նպատակով առավել կրճատել ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետները: Այսպես` 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով միասնական հաշվին մուտքագրման ենթակա` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների (այդ թվում` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների) գծով միասնական հաշվին մուտքագրման ուսումնասիրության դիմումների ստացման ամսաթվից մինչև դրանց միասնական հաշվին մուտքագրման միջին ժամանակահատվածը կրճատվել է շուրջ 9 օրացուցային օրով:Տարեցտարի մեծանում է նաև ԱԱՀ վճարող հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների համար ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի չափը, ինչը հիմնավորվում է նաև թվային ցուցանիշներով: Այսպես` 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին միասնական հաշվին է մուտքագրվել (հարկ վճարողներին է վերադարձվել) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար` 41,8 մլրդ դրամ գումարի չափով: 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նույն ցուցանիշը կազմել է 36,1 մլրդ դրամ: Այսինքն, 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ միասնական հաշվին ավել է մուտքագրվել ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար շուրջ 5,7 մլրդ դրամի չափով, կամ աճը կազմել է 15,8%:  Մասնավորապես`   - 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին է մուտքագրվել (վերադարձվել) 24,4 մլրդ դրամ: 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նույն ցուցանիշը կազմել է 24,1 մլրդ դրամ: 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին ավել է մուտքագրվել շուրջ 334 մլն դրամի չափով գումար, կամ աճը կազմել է 1,4%:    - 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին միասնական հաշվին է մուտքագրվել (վերադարձվել) հաշվետու եռամսյակին (կիսամյակին) հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող (բյուջեից հաշվանցման ենթակա) դեբետային գումար` 17,4 մլրդ դրամի չափով: 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին միասնական հաշվին մուտքագրված ԱԱՀ-ի փոխհատուցվող դեբետային գումարը կազմել է 12 մլրդ դրամ: Այսինքն, 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ ԱԱՀ-ի  փոխհատուցվող դեբետային գումարների մասով միասնական հաշվին ավել է մուտքագրվել շուրջ 5,4 մլրդ դրամի չափով գումար, կամ աճը կազմել է 44,6%:   Փոխհատուցվող ակցիզային հարկի գումարի մասով արձանագրվել է հետևյալը. 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով միասնական հաշվին է մուտքագրվել (վերադարձվել) 69,1 մլն դրամ: 2019 թվականի համադրելի ժամանակահատվածում ակցիզային հարկի մասով միասնական հաշվին գումար չի մուտքագրվել: 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ակնհայտ աճ է արձանագրվել նաև հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների մասով: Այսպես` 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին վարկառուներին (համավարկառուներին) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված վճարման հանձնարարականներում ներառված (վերադարձված) եկամտային հարկի գումարը կազմել է 3,4 մլրդ դրամ:  2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նույն ցուցանիշը կազմել է 2 մլրդ դրամ: Այսինքն, 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ վարկառուներին (համավարկառուներին) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված վճարման հանձնարարականներում ներառված (վերադարձված) եկամտային հարկի գումարը ավել է կազմել շուրջ 1,4 մլրդ դրամ, կամ աճը կազմել է 71,4%:  
14:03 - 25 մայիսի, 2020
ՊԵԿ-ը ներդրել է ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ինքնիշխան լրացման համակարգ

ՊԵԿ-ը ներդրել է ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ինքնիշխան լրացման համակարգ

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է կատարելագործել էլեկտրոնային կառավարման  համակարգերը: Դեռևս 2018 թվականից ՊԵԿ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» ներդրվել է «Շրջանառության հարկի հաշվարկի» ինքնաշխատ լրացման համակարգը, իսկ 2020 թվականից արդեն  հարկ վճարողները հնարավորություն ունեն նաև «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ»ը նույնպես լրացնել ինքնաշխատ եղանակով: Այս համակարգերի ներդրումը հարկ վճարողին հնարավորություն է ընձեռում համադրել հարկային մարմնի տվյալների շտեմարանում առկա և հարկ վճարողի հաշվապահական հաշվառման տվյալները:  Հաշվարկում ինքնաշխատ լրացվում են հաշվետու ամսվա ընթացքում ստացված եկամուտները և կատարված ծախսերը՝ օգտվելով ՊԵԿ տեղեկատվական համակարգում առկա դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի դարանից, ՀԴՄ կտրոնների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ստացված հաշվարկային փաստաթղթերի,  ինչպես նաև ներմուծման հայտարարագրերի, այդ թվում` ԵԱՏՄ-ին վերաբերող տվյալներից։  Ինքնաշխատ լրացման համակարգը նվազեցնում է նաև սխալվելու հավանակությունը: Հաշվարկում տարին և ամիսը ընտրելուց հետո համակարգը հաղորդագրություն է ցուցադրում, որ տվյալները կարող են թարմացվել։ Հարկ վճարողն անհրաժեշտության դեպքում կարող է խմբագրել ինքնաշխատ լրացված տվյալները։ Իսկ այն դեպքերում, երբ հարկ վճարողի հաշվարկը տեղեկատվական համակարգում լրացված տվյալների հիման վրա ամբողջական է  և փոփոխելու կարիք չկա, ապա նա ուղղակի ստորագրում է հաշվետվությունը և ուղարկում Պետական եկամուտների կոմիտե:
12:10 - 22 մայիսի, 2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումն ավարտվել է․ շահառուներին փոխանցվել է շուրջ 294 մլն. դրամ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումն ավարտվել է․ շահառուներին փոխանցվել է շուրջ 294 մլն. դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումն ավարտվել է: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն էր: Միջոցառման շրջանակում կոմիտեի կողմից ուսումնասիրվել են միջոցառման պայմաններին բավարարող սուբյեկտների տվյալները, որոնց արդյունքում ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 6161 սուբյեկտ:  2020թ. մայիսի 21-ի դրությամբ աջակցություն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 87.4 %-ը կամ 5387-ը: ՊԵԿ-ն ընթացք  է տվել բոլոր դիմումներին: Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ 294 մլն. դրամ: Միջոցառման շահառու հանդիսացած և աջակցություն ստացած սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունն՝ այստեղ:  
18:03 - 21 մայիսի, 2020
ՊԵԿ պարզաբանումը ՀՀ-ից ծխախոտի արտահանման վերաբերյալ

ՊԵԿ պարզաբանումը ՀՀ-ից ծխախոտի արտահանման վերաբերյալ

Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանից Վորոնեժ՝ իբր «մաքսանենգ» ծխախոտի արտահանման դեպքին, ինչի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ Երևանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման վերաբերյալ տեղեկատվության ՀՀ ՊԵԿ-ը չի տիրապետում, քանի որ ՀՀ ՊԵԿ-ում տվյալ պահին ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի արտահանման մաքսային ձևակերպումների հետ կապված մաքսային կանոնների խախտման դեպքերով վարույթներ չեն իրականացվում:  Կոմիտեն հայտնում է, որ 29.05.2014 թ.-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 25-րդ հոդվածի համաձայն՝ Անդամ պետությունների Մաքսային միության շրջանակում գործում է ապրանքների ներքին շուկա և իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ պայմանագրով նախատեսված դեպքերի: Պայմանագրի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Ներքին շուկան ընդգրկում է տնտեսական տարածք, որում, սույն Պայմանագրի դրույթների համաձայն, ապահովվում է ապրանքների, անձանց, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը»։ Իսկ համաձայն պայմանգրի 29-րդ հոդվածի. «Ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետություններն իրավունք ունեն կիրառելու սահմանափակումներ (պայմանով, որ այդ միջոցներն անհիմն խտրականության միջոց կամ առևտրի քողարկված սահմանափակում չլինեն), եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են`1) մարդու կյանքի և առողջության պահպանման,2) հասարակական բարոյականության և իրավակարգի պաշտպանության,3) շրջակա միջավայրի պահպանության,4) կենդանիների և բույսերի, մշակութային արժեքների պաշտպանության,5) միջազգային պարտավորությունների կատարման,6) երկրի պաշտպանության և անդամ պետության անվտանգության ապահովման համար»: Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն` Միության ապրանքները Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար ենթակա են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման` բացառությամբ Միության այդպիսի ապրանքների փոխադրման  (տրանսպորտային փոխադրման)` սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Միության ապրանքները ենթակա չեն «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման, եթե դրանք փոխադրվում են Միության անդամ մի երկրից մյուս երկիր Միության ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)` օդային տրանսպորտով` համապատասխանաբար առանց Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի վայրէջք կատարելու: Սա նշանակում է, որ նման դեպքերում մաքսային մարմիններն իրավասու չեն այդ ապրանքների նկատմամբ որևէ գործառնություն (այդ թվում՝ մաքսային հսկողություն) իրականացնել։ Հաշվի առնելով վերոգրյալը` տեղեկացվում է, որ միության ապրանքի կարգավիճակ ունեցող և օդային տրանսպորտով միության անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքները ենթակա են ազատ տեղաշարժման, մաքսային մարմիններում մաքսային ձևակերպումներ չեն ստանում և չեն հսկվում մաքսային մարմինների կողմից: Միաժամանակ, հայտնում ենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն դեպքով մաքսային մարմնի գործողությունները բխել են գործող օրենսդրության պահանջներից` մաքսային ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայում են: 
15:35 - 21 մայիսի, 2020
Մարտունիում առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման դեպք է բացահայտվել

Մարտունիում առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման դեպք է բացահայտվել

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման հերթական դեպքը, այս անգամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։  Մասնավորապես, վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Մարտունի քաղաքում գործող բանկերից մեկի հարակից տարածքում, ֆիզիկական անձի կողմից իրականացվում են առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի  առքուվաճառքի  գործարքներ։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ՊԵԿ աշխատակիցների վերահսկողության ներքո, արտարժույթի առքուվաճառաք իրականացնելուց անմիջապես հետո, բռնվել և բերման է ենթարկվել Մարտունի քաղաքի բնակիչ: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակությամբ դրամական միջոցներ, այդ թվում՝ արտարժույթ։  Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ  ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:  ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ևս մեկ անգամ  հորդորում  է քաղաքացիներին զերծ մնալ  առանց համապատասխան  թույլտվության  արտարժույթի առուվաճառքի գործարքներ կատարելուց։  Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
10:21 - 21 մայիսի, 2020
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել հիմնադրամի գործունեության մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգի վերաբերյալ

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել հիմնադրամի գործունեության մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ««Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (ՀՕ-176-Ն) ՀՀ օրենքի համաձայն, ՊԵԿ նախագահի հրամանով փոփոխություն է կատարվել հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգում:  Օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված՝ հիմնադրամներն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություններն այսուհետ կհրապարակեն ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգում և դրանք այլևս թղթային տարբերակով չեն ներկայացնի ՊԵԿ։  Փոփոխվել է նաև հաշվետվության հրապարակման ժամկետը. հիմնադրամների կողմից հրապարակվող տարեկան գործունեության հաշվետվության վերջնաժամկետ է սահմանվել հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ը։ Կոմիտեն, միաժամանակ, տեղեկացնում է, որ 2020 թվականի մայիսի 18-ից հիմնադրամների տարեկան գործունեության մասին հաշվետվության լրացման և հրապարակման էլեկտրոնային ձևը հասանելի է ՀՀ ՊԵԿ hաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf (Հաշվետվական ձև՝ 242. Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվություն)։
17:03 - 20 մայիսի, 2020
ՊԵԿ-ը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման  շահառուներին հորդորում է դրամաշնորհ ստանալու դիմումները ներկայացնել այսօր

ՊԵԿ-ը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շահառուներին հորդորում է դրամաշնորհ ստանալու դիմումները ներկայացնել այսօր

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ: Հաշվի առնելով վերոգրյալը` ՊԵԿ-ը հորդորում է այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում` 10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից, միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները ներկայացնել այսօր: Միաժամանակ ՊԵԿ-ն առաջարկում է դիմումները լրացնելիս, մինչև ուղարկելը, ևս մեկ անգամ ստուգել լրացված տվյալների ճշտությունը:
15:22 - 20 մայիսի, 2020
Հայաստանում գրանցված բեռնատարներով Իրանից ներմուծվող ապրանքների համար ժամանակավորապես Մեղրիի մաքսային-կետ բաժնում կլրացվեն տարանցիկ հայտարարագրեր

Հայաստանում գրանցված բեռնատարներով Իրանից ներմուծվող ապրանքների համար ժամանակավորապես Մեղրիի մաքսային-կետ բաժնում կլրացվեն տարանցիկ հայտարարագրեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված և առկա սահմանափակումներից ելնելով` Իրանից Հայաստան բեռների ներմուծումն իրականացվել է փոխաբեռնման միջոցով՝ օրական կատարելով 70-80 ավտոմեքենայի վերաբարձում: Իսկ դեպի ՀՀ այլ վայրեր բեռնափոխադրումներն իրականացվել են ոստիկանության աշխատակիցների ուղեկցմամբ` օրական 80-100 ավտոմեքենայով։ Իրանից ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսակետի տարածք, սակայն, օրական մուտք է գործում 150-180 բեռնատար, ինչն աննախադեպ է մաքսակետի բնականոն գործունեության համար: Ստեղծված իրավիճակում մաքսակետի թողունակության առանձնահատկությունից ելնելով առաջացել են հերթեր: Չնայած յուրաքանչյուր հերթափոխ աշխատում է առանց դադարի և հանգստի, կուտակումներն անխուսափելի են: Հերթերի պատճառ են նաև ներկայացված թերի փաստաթղթերը, հայտարարատուի կողմից բանկային վճարումների ուշացումը, ինչպես նաև բեռի քաշի, քանակի, անվան անհամապատասխանությունը և այլն։Բեռնափոխադրումներն անխափան իրականանցնելու նպատակով օրեր առաջ ՀՀ վարորդներին թույլատրվել է մուտք գործել ԻԻՀ տարածք՝ Նորդուզի մաքսակետում վերաբարձում իրականացնելու նպատակով: Այս պահի դրությամբ Նորդուզի մաքսակետը նույնպես աշխատում է գերծանրաբեռնված։ Այնտեղ ևս խցանումներ են. մոտ 300 բեռնատարներ հերթի մեջ են։ Ստեղծված իրավիճակում Մեղրիի մաքսային կետ-բաժնի և Նորդուզի մաքսակետի ղեկավարներն ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով քննարկումներ են ունենում խնդիրների և դրանց լուծմանն ուղղված հարցերի շուրջ։Մեղրիի սահմանային անցակետի ծանրաբեռնվածությունը որոշ չափով թեթևացնելու նպատակով, ՊԵԿ-ի կողմից որոշում է կայացվել, որ Հայաստանում գրանցված բեռնատարներով Իրանից ներմուծվող ապրանքների համար ժամանակավորապես Մեղրիի մաքսային-կետ բաժնում կլրացվեն տարանցիկ հայտարարագրեր, այդ ապրանքները կուղարկվեն ՀՀ այլ մաքսային մարմիններ և տերմինալներ, որտեղ և կիրականացվեն վերջնական մաքսային ձևակերպումներն ու բացթողումը։Պետական եկամուտների կոմիտեն Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնափոխադրումներ իրականացնող և Մեղրիի սահմանային անցակետից օգտվող վարորդներին, անհատ ձեռնարկատերերին, կազմակերպություններին և նրանց կողմից մաքսային մարմիններում հանդես եկող լիազորված անձանց, հատկապես արտակարգ դրության պայմաններում, կոչ է անում դրսևորել զսպվածություն և լինել կարգապահ, և քանի դեռ չի իրականացվում ԻԻՀ-ից ժամանող տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը ՀՀ տարածքում` ըմբռնումով մոտենալ ծագող բոլոր խնդիրներին։
17:44 - 19 մայիսի, 2020
Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը

Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը (կարգը սահմանված է ՀՀ կառավարության 14.05.2020թ. թիվ 730-Լ որոշմամբ): 18-րդ միջոցառման նպատակն է օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը: Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն սուբյեկտները, որոնց. 2020 թվականի ապրիլ ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար և մարտ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը, և. 2020 թվականի ապրիլ ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար և մարտ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը: Հարկ է նկատի ունենալ, որ 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսների աշխատողների թվաքանակը և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվելու է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով արտացոլված տվյալների հիման վրա: Ընդ որում.1) 2020 թվականի փետրվար ամսվա հաշվարկ է համարվելու` 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:2) 2020 թվականի մարտ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:3) 2020 թվականի ապրիլ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը: Հաշվարկված եկամուտներ են համարվելու վերոնշյալ հաշվարկներով արտացոլված հետևյալ եկամուտների հանրագումարը.1) Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումները (1.6 սյունակ)2) Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրությունը (1.7 սյունակ)3) Այլ հարկման բազան (բացի նպաստներից) (1.8 սյունակ)4) Հարկման բազայի նվազեցման գումար (1.9 սյունակ) Աշխատողների թվաքանակը որոշվելու է թվարկված եկամուտները (զրոյից մեծ) ապահոված աշխատողների թվաքանակով:  Վերը նշված պայմաններին բավարարող և շահառու համարված հարկ վճարողները`  2020 թվականի ապրիլ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին կստանան ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ: Ծանուցումը ստացած հարկ վճարողները կարող են նույն համակարգի միջոցով մինչև 2020թ. հունիսի 10-ը ներառյալ ներկայացնել դիմում (կոդ «cu»)`  միանվագ դրամաշնորհ ստանալու համար (դրամաշնորհի հաշվարկման բանաձևը սահմանված է ՀՀ կառավարության 12.05.2020թ. թիվ 726-Լ որոշմամբ և հաշվարկը կատարվելու է 2020թ. մարտ ամսվա տվյալների հիման վրա): Գումարները ժամանակին ստանալու նպատակով` Կոմիտեն առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալին.1) Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:2) Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:3) Դիմումներն ուղարկելուց առաջ ևս մեկ անգամ ստուգել բանկային հաշվեհամարի (նիշերի)  ճշտությունը:
12:22 - 15 մայիսի, 2020
Հարկերը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում տույժերի` իջեցված տոկոսադրույքով հաշվարկելու ծրագրային ապահովումն ավարտվել է

Հարկերը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում տույժերի` իջեցված տոկոսադրույքով հաշվարկելու ծրագրային ապահովումն ավարտվել է

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 22․04․2020թ․-ի ՀՕ-220-Ն օրենքի և «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» 22․04․2020թ․-ի ՀՕ-221-Ն օրենքի համաձայն` 2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.04%-ի չափով՝ 0․075%-ի փոխարեն։ Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը:Տույժերի հաշվարկը նոր տոկոսադրույքով իրականացնելու նպատակով անձնական հաշվի քարտերի և հարակից այլ համակարգերում կատարվել են փոփոխություններ։ՊԵԿ-ը հայտնում է, որ ծրագրային ապահովումն ավարտվել է 12․05․20թ․-ին, և հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում 21․04․20թ․-ից սկսած տույժերի մասով կատարվել են վերահաշվարկներ։
12:33 - 13 մայիսի, 2020
ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման արդյունքները

ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման արդյունքները

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումն ավարտվել է: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 10-ն էր: Միջոցառման շրջանակում կոմիտեի կողմից ուսումնասիրվել են 52 606 հարկ վճարողի եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ: Հունվար և փետրվար ամիսների հարկային հաշվարկների տվյալներով ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 25 071-ը, ովքեր ունեին 2-50 աշխատատեղ: Վերջիններիս մարտ ամսվա հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 14 964-ը կամ շուրջ 60%-ը: 2020թ. մայիսի 12-ի դրությամբ աջակցությունն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 93.3 %-ը կամ 13 956-ը: ՊԵԿ-ն ընթացք  է տվել բոլոր դիմումներին: Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ 2.2 մլրդ դրամ: Միջոցառման շահառու հանդիսացած և աջակցություն ստացած սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը կցվում է:
17:13 - 12 մայիսի, 2020
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է սևահողի ապօրինի վաճառքի դեպքեր

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է սևահողի ապօրինի վաճառքի դեպքեր

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է օրենքով արգելված գործունեության դեպքեր։  Մասնավորապես, վարչությանն Ազգային անվտանգության ծառայությունից օպերատիվ տվյալներ  էին փոխանցվել, որ Արագածոտնի մարզի երկու բնակիչ զբաղվում են հողի բերրի շերտի վաճառքով։ Իրացնելով տեղեկությունները, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի երկու բնակիչ, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, Քուչակ, Վարդենիս և Լուսագյուղ համայնքների տարածքներից իրականացրել են սևահողի բերրի շերտի ապօրինի դուրսբերում: Այնուհետև ապօրինի հանույթը նրանք իրացրել են Երևանում՝ տարբեր ֆիզիկական անձանց։    Դեպքերի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում Հարկային օրենսգրքի 409-րդ հոդվածի հատկանիշներով՝ 20 մլն դրամ գումարի չափով  կազմվել են  արձանագրություններ, հարուցվել վարչական վարույթներ։    ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ ՀՀ օրենսդրությամբ արգելված, լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ ծանուցման իրականացնելուց, ինչպես նաև առանց թույլտվության կամ լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելուց: 
11:14 - 12 մայիսի, 2020