Բելառուս

ՄԱԿ-ն ուշադիր հետևում է Բելառուսի զարգացումներին |azatutyun.am|

ՄԱԿ-ն ուշադիր հետևում է Բելառուսի զարգացումներին |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն ասել է, որ կազմակերպությունն ուշադիր հետևում է Բելառուսում տիրող իրավիճակին: «Մենք շատ լավ տեղյակ ենք այս երկրում տեղի ունեցող ցույցերի և իրադարձությունների մասին: Գլխավոր քարտուղարը կարծում է, որ պետք է լսել մարդկանց բողոքները, և որ բռնաճնշումները չեն կարող պատասխան լինել», - հայտարարել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան: Ըստ Դյուժարիկի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն «ուշադիր հետևում է երկրում իրադարձությունների զարգացմանը և ընդգծում բոլոր բելառուսցիներին իրենց քաղաքացիական և քաղաքական իրավունքներն իրացնելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությունը»: ՄԱԿ-ում շեշտում են, որ պաշտոնական Մինսկը պետք է զսպվածություն ցուցաբերի ցուցարարների նկատմամբ: Բողոքի ցույցերը Բելառուսում հաջորդեցին օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններին, որոնց պաշտոնական արդյունքներով՝ քվեների ավելի քան 80 տոկոսով վերընտրվել է երկիրն արդեն շուրջ քառորդ դար ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն: Իրավապահները բռնություն են գործադրում ցուցարարների նկատմամբ, մեկ մարդ զոհվել է, կան հազարավոր ձերբակալվածներ: Եվրամիությունը չի ճանաչում Բելառուսի ընտրությունները:
11:15 - 18 օգոստոսի, 2020
Բելառուսի ակցիաներին աջակցություն հայտնած դեսպանը հրաժարականի դիմում է ներկայացրել |tert.am|

Բելառուսի ակցիաներին աջակցություն հայտնած դեսպանը հրաժարականի դիմում է ներկայացրել |tert.am|

tert.am: Սլովակիայում Բելառուսի դեսպան, նախագահի նախկին օգնական Իգոր Լեշչենյան հրաժարականի դիմում է ներկայացրել։ Դրանից մի քանի օր առաջ նա տեսաուղերձ էր հղել, որում աջակցություն էր հայտնել հայրենիքում բողոքի ակցիաների մասնակիցներին, գրում է tut.by-ն։ «Ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել։ Դա տրամաբանական քայլ է, քանի որ որպես դեսպան՝ ես նշանակվել եմ գործող նախագահի կողմից, և ենթադրվում է, որ պետք է գործեմ նրա սահմանած քաղաքականության շրջանակում։ ԱԳՆ-ն կարծում է, որ իմ հայտարարության մեջ արտահայտված քաղաքացիական դիրքորոշումը դուրս է այդ շրջանակներից»,- նշել է դեսպանը։ ԱԳՆ-ում պարզաբանել են, որ արտակարգ և լիազոր դեսպանի հրաժարականի մասին որոշումն ընդունում է այն անձը, որը նրան նշանակել է, այսինքն՝ պետության ղեկավարը: Oրերս Սլովակիայում Բելառուսի դեսպան Իգոր Լեշչենյան տեսաուղերձ էր հղել, որում աջակցություն էր հայտնել հայրենիքում բողոքի ակցիաների մասնակիցներին: 
10:52 - 18 օգոստոսի, 2020
Բելառուսի պետական հեռուստատեսության աշխատակիցները միացել են գործադուլին |factor.am|

Բելառուսի պետական հեռուստատեսության աշխատակիցները միացել են գործադուլին |factor.am|

factor.am: Բելառուսի պետական հեռուստատեսության աշխատակիցները միացել են գործադուլավորներին, հայտնում է BBC-ին: Հեռուստաընկերությունները ստիպված են եղել հեռարձակել հաղորդումների կրկնությունները այն բանից հետո, երբ իրենց աշխատակիցները դուրս են եկել փողոց՝ գրաքննության և նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու: Ակնկալվում է, որ գործադուլավորների թիվը կավելանա օրվա ընթացքում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր Բելառուսում համազգային գործադուլ է մեկնարկել, որին մասնակցում են տարբեր ձեռնարկությունների աշխատակիցներ, այդ թվում՝ Մինսկի տրակտորի գործարանի, Բելառուսի ավտոմոբիլային գործարանի՝ «ԲելԱԶ»-ի, պարարտանյութեր արտադրող «Բելառուսկալիա»-ի աշխատակիցները: Այսօրվա գործադուլի մասին հայտարարվել էր նախօրեին տեղի ունեցած ցույցի ժամանակ, որը Բելառուսի պատմության մեջ ամենազանգվածայինն էր: Ըստ որոշ աղբյուրների` ցույցին մասնակցել է ավելի քան 200 000 քաղաքացի։
14:49 - 17 օգոստոսի, 2020
«Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի»․ Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է գործադուլի մասնակիցների մոտ՝ հայտարարելով, որ երկրում նոր ընտրություններ չեն անցկացվի |tert.am|

«Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի»․ Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է գործադուլի մասնակիցների մոտ՝ հայտարարելով, որ երկրում նոր ընտրություններ չեն անցկացվի |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղղաթիռը վայրէջք է կատարել Մինսկի անվային քարշակների գործարանի տարածքում, որտեղ վերջինս հանդիպել է գործադուլավորների հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ավտոմեքենաների երթևեկությունը գործարանի տարածքում սահմանափակված չէ։ Ուղղաթիռը վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը 10։00-ի սահմաններում։ Լուկաշենկոն Մինսկի անվային քարշակների գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրում նոր ընտրություններ չեն անցկացվի: «Երբևէ չսպասեք, թե ճնշման տակ ինչ-որ բան կարող եմ անել։ Նրանք չեն գա իշխանության գլուխ։ Քանի որ չի լինի ո՛չ Մինսկի անվային քարշակների գործարանը, ո՛չ Մինսկի ավտոմոբիլային գործարանը, և ո՛չ էլ Բելառուսի ավտոմոբիլային գործարանը․ կես տարվա ընթացքում կոչնչացվի ամեն ինչ»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։ «Դուք խոսում եք անարդար ընտրությունների մասին և ցանկանում եք անցկացնել արդար ընտրություննե՞ր», - հարցրել է նախագահը: «Ես պատասխանում եմ այս հարցին. մենք ընտրություններ անցկացրել ենք: Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի»,- հավելել է նա: Նա կոչ է արել իշխանական լիազորությունների վերաբաշխում իրականացնել սահմանադրական գործընթացի միջոցով, այլ ոչ թե փողոցային ակցիաների միջոցով։ Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ հավելյալ աշխատատեղեր է բացել, որպեսզի մարդկանց առանց ապրուստի միջոցի չթողնի։ ««Վատ» նախագահը հավելյալ աշխատատեղեր էր բացել, որպեսզի մարդկանց փողոցում չթողներ։ Ով ուզում է աշխատել, թող աշխատի։ Չեն ուզում աշխատել, դե ինչ, մենք նրանց չենք ստիպի»,- ասել է Լուկաշենկոն։ Ավելին՝ tert.am-ում
13:40 - 17 օգոստոսի, 2020
Մեծ Բրիտանիան չի ընդունում Բելառուսի ընտրությունների արդյունքները

Մեծ Բրիտանիան չի ընդունում Բելառուսի ընտրությունների արդյունքները

Հետևելով օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունենացած նախագահական ընտրություններին ու երկրի իշխանությունների իրականացրած բռնություններին՝ ճնշելու խաղաղ ցուցարարներին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Դոմինիկ Ռաաբը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ․  «Աշխարհը սարսափած հետևում էր բռնություններին, որոնք կիրառել են Բելառուսի իշխանությունները՝ ճնշելու խախտումներով անցկացված նախագահական ընտրություններին հաջորդած խաղաղ բողոքի ակցիաները։ Մեծ Բրիտանիան չի ընդունում ընտրությունների արդյունքները։ Անհրաժեշտ է շուտափույթ անցկացնել անկախ հետաքննություն ԵԱՀԿ-ի միջոցով, որը կբահայատի տեղ գտած խախտումները, ինչպես նաև դրանց հետևած ահասարսուռ ճնշումները։ Մեծ Բրիտանիան կաշխատի իր միջազգային գործընկերների հետ՝ պատժամիջոցներ սահմանելու պատասխանատուների նկատամամբ և պատասխանատվության կանչելու Բելառուսի իշխանություններին»։
13:05 - 17 օգոստոսի, 2020
Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որին մասնակցում են «արդյունաբերական հսկաների» աշխատակիցները |tert.am|

Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որին մասնակցում են «արդյունաբերական հսկաների» աշխատակիցները |tert.am|

tert.am: Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որը նախօրեին «խոստացել» էին իրականացնել ցուցարարները, այս մասին հայտնում է NEXTA Live տելեգրամյան ալիքը։  Հրապարակված տեսանյութերում և լուսանկարներում երևում է, որ ամբողջ Բելառուսով տարբեր ձեռնարկությունների աշխատակիցներ աշխատանքի չեն գնացել և դրա փոխարեն հավաքվել ու բողոքի ցույց են անցկացնում։ Մասնավորապես՝ գործադուլ են անում Բելառուսի ավտոմոբիլային գործարանի՝ «ԲելԱԶ»-ի, կալիումային պարարտանյութեր արտադրող «Բելառուսկալիյ»-ի, Մինսկի տրակտորի գործարանի, «Բելկարդ»-ի և այլ խոշոր գործարանների աշխատակիցները։ Ինչպես հայտնում է Tut.by կայքը, նրանք պահանջում են դադարեցնել ուժայինների կողմից ցուցարարների նկատմամբ բռնությունը, մեղավորներին պատասխանատվության ենթարկել, նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, նոր ընտրություններ անցկացնել, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
12:43 - 17 օգոստոսի, 2020
Սլովակիայում Բելառուսի դեսպանը գործող բելառուս դեսպաններից առաջինն է դարձել՝ աջակցություն հայտնելով իր հայրենիքում բողոքի ակցիաների մասնակիցներին |tert.am|

Սլովակիայում Բելառուսի դեսպանը գործող բելառուս դեսպաններից առաջինն է դարձել՝ աջակցություն հայտնելով իր հայրենիքում բողոքի ակցիաների մասնակիցներին |tert.am|

tert.am: Սլովակիայում Բելառուսի դեսպան Իգոր Լեշչենյան տեսաուղերձ է հղել, որում աջակցություն է հայտնել հայրենիքում բողոքի ակցիաների մասնակիցներին: Լեշչենյան առաջին գործող բելառուս դեսպանն է, որն իր աջակցությունն է հայտնել բողոքի ակցիաների մասնակիցներին, գրում է tvrain.ru-ն։ Հայրենակիցներին հղած տեսաուղերձում Լեշչենյան հայտարարել է, որ ցնցված է իր համաքաղաքացիների «կտտանքների և ծեծի մասին պատմություններից»: «Իմ հարյուրավոր հայրենակիցներն իրենց վրա են զգացել, որ իրավապահ մարմինների մի շարք ներկայացուցիչներ 21-րդ դարի հանդուրժող եվրոպական Բելառուսում լիովին վերականգնել են ՆԳԺԿ (ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) ավանդույթները»,- ասել է Լեշչենյան: Նրա խոսքով՝ ուժայինները «փորձում են կանխել դրսից երկրի ներքին գործերին միջամտությունը», սակայն «համախմբված, ուժեղ և արտաքին ազդեցություններին չենթարկվող պետության առանցքային բաղկացուցիչները ժողովրդի կամքի, լեզվի, պատմության և մշակույթի հանդեպ հարգանքն են»։ «Սլովակիայում ես ներկայացնում եմ Բելառուսը և բելառուս ժողովրդին, որը, Սահմանադրության համաձայն, մեր երկրում իշխանության միակ աղբյուրն է։ Ես իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր դուրս են եկել բելառուսական քաղաքների փողոցներ խաղաղ երթերով, որպեսզի լսելի դարձնեն իրենց ձայնը»,- նշել է դեսպանը՝ հույս հայտնելով, որ «իր երկրի ապագան հիմնված կլինի հասարակության բոլոր շերտերի և տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների դիրքորոշումները հաշվի առնելու վրա»: Լեշչենյան նաև նշել է, որ ձերբակալված ցուցարարների լուսանկարներից մեկում ճանաչել է իր դստեր համադասարանցուն, որը «հաստատ խռովարարի համբավ չի ունեցել»: Իգոր Լեշչենյան Սլովակիայում Բելառուսի դեսպանն է 2016 թվականից:
10:22 - 17 օգոստոսի, 2020
«Նույնիսկ մեռած չեմ տա երկիրը». Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ է ունեցել աջակիցների հանրահավաքին |hetq.am|

«Նույնիսկ մեռած չեմ տա երկիրը». Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ է ունեցել աջակիցների հանրահավաքին |hetq.am|

hetq.am: Մինսկի Անկախության հրապարակում՝ կառավարության տան մոտ, տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի։ Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Հանրահավաքին մասնակցել է նաև Ալեքսանդր Լուկաշենկոն։  Հանրահավաքի ժամանակ իր ելույթում Լուկաշենկոն հայտարարել է, որ փողոցային ակցիաների կողմնակից չէ, սակայն հիմա ստիպված է մարդկանց կանչել օգնության. «Ես ժամանակին երդվել եմ երկրում թույլ չտալ հրապարակներ… իմ մեղքը չէ, որ ստիպված եմ ձեզ կանչել օգնության»,- հայտարարել է նա։ Լուկաշենկոն ընդդիմությանը սպառնացել է ձեռք չտալ բժիշկներին և լրագրողների՝ հակառակ դեպքում այդ անձինք պատասխան կտան։ Նա դիմել է բոլոր նրանց, որոնք «մոլորվել» կամ «ապակողմնորոշված» են։ «Ի՞նչ եք դուք ուզում։ Ազատություն եք ուզո՞ւմ։ Ինչպիսի՞։ Փոփոխություններ եք ուզո՞ւմ։ Ինչպիսի՞։ Բարեփոխումնե՞ր։ Ասեք, վաղը սկսենք։ Ուղղաթիռայի՞ն փողեր։ Բայց դուք գիտեք, որ ուղղաթիռային փողեր չեն լինում։ Փողերը պետք է աշխատել ոչ թե հրապարակներում, այլ գործարաններում և ֆաբրիկաներում»։ Լուկաշենկոն կարծում է, որ Բելառուսը կմեռնի, եթե կրկնակի ընտրություններ լինեն՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կոչ են անում կազմակերպել նոր ընտրություններ, ինչը, ըստ նրա, կործանարար է երկրի համար։ Լուկաշենկոն հայտարարել է, որ իշխանությունից կառչած չէ, սակայն հավելել, որ թույլ չի տա «հանձնել երկիրը», անգամ եթե մահանա։ «Բոլոր դժվարություններից անկախ մենք կառուցել ենք հիանալի երկիր։ Ո՞ւմ եք որոշել այն տալ։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հանձնել երկիրը, եթե ես նույնիսկ մահացած լինեմ, թույլ չեմ տա»։ Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ եթե ժողովուրդը «նեղացնի» իրեն՝ առաջին նախագահին, ապա դա կլինի վերջի սկիզբը։ Նրա խոսքերով՝ Արևմուտքի երկրները ուժ են կուտակում երկրի սահմաններին, իսկ տանկերն ու ինքնաթիռները գտնվում են մի քանի կիլոմետր հեռավորության վրա։   Շարունակությունը` hetq.am-ում։
21:59 - 16 օգոստոսի, 2020
Հարյուր հազարավոր մարդիկ Մինսկում դուրս են եկել բողոքի ցույցի |hetq.am|

Հարյուր հազարավոր մարդիկ Մինսկում դուրս են եկել բողոքի ցույցի |hetq.am|

hetq.am: «Հերոս քաղաք Մինսկ» հուշարձան-համալիրի մոտ հավաքված ցուցարարների թիվն անցնում է մի քանի հարյուր հազարը։ Այդ մասին հայտնում են բելառուսական լրատվամիջոցները և տելեգրամյան ալիքները։ «Բողոքի ցույցին, մեր հաշվարկներով, մասնակցում է մի քանի հարյուր հազար մարդ։ Տեսանյութը չի արտացոլում ամբողջ պատկերը։ Հուշարձան-համալիրի մոտ փաստացի կանգնելու տեղ չկա, մարդիկ նորանոր տարածքներ են զբաղեցնում, որոնք չեն երևում կադրում»,- հայտնել է «Tut.by»-ը։ Ցուցարարները վանկարկում են «Հեռացի՜ր»։     Բողոքի ակցիայի մասնակիցների թվի մասին պաշտոնական տվյալներ դեռ չկան։ Համացանցում տարածվող տեսանյութերից պարզ է դառնում, որ «Հերոս քաղաք Մինսկ» հուշարձան-համալիրի մոտ գտնվող հրապարակը, որտեղ մայիսի 9-ին կայացել էր զինվորական շքերթը, ամբողջությամբ լցված է մարդկանցով։ Ամեն րոպե ավելանում է ցույցի մասնակիցների թիվը։ Ականատեսները փաստում են, որ Մինսկում երբեք նման քանակությամբ զանգվածային բողոքի ցույց տեղի չի ունեցել։ Բողոքի ցույցի մասնակիցները չեն ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները, որի արդյունքում, ըստ Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, ձայների 80 %-ով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ցուցարարները բողոքում են նաև ուժային կառույցների գործողությունների դեմ, որոնք վերջին օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ բիրտ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ։ Բողոքի ցույցերի մասնակիցները գտնվում են հուշարձան-համալիրի մոտ առկա խաչմերուկի բոլոր չորս կողմերում։ Նրանք պարզել են սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներ, ծաղիկներ, փուչիկներ։ ԶԼՄ-ների տվյալներով՝ բողոքի ցույցի տարածքում գրեթե բացակայում է բջջային կապը։ Բողոքի ցույցերի հատվածում չեն աշխատում նաև լուսակիրները, չկան ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ։ Ե՛վ հետիոտները, և՛ վարորդներն իրենք են կարգավորում երթևեկությունը։ Մարդիկ մի քանի րոպե տալիս են մեքենաներին անցնելու համար, այնուհետ իրենք են անցնում փողոցը։ Բողոքի ցույցին մասնակցում են նաև Բաբարիկոյի շտաբի ղեկավարը և Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Մարիա Կոլեսնիկովան։ Նա հայտարարել է, որ Լուկաշենկոն ոչ միայն բելառուս ժողովրդի, այլև երկրի գլխավոր սպառնալիքն է։     Շարունակությունը՝ hetq.am-ում։
21:06 - 16 օգոստոսի, 2020