Հայաստան

Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելուն. Պեսկով

 |armenpress.am|

Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելուն. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակը դադարեցնելու եւ խնդրի կարգավորման քաղաքական և դիվանագիտական գործընթացը սկսելու վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Պեսկովն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում տեսել են գործարարներից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումները ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին միջամտելու և դրանք դադարեցնելու խնդրանքով: «Զեկուցվել է բոլոր դիմումների մասին, և հասկանալի է այդ դիմումների հուզական ֆոնը, քանի դեռ իրավիճակը դեգրադացվում է, շարունակում են մարդիկ զոհվել, ինչը բացարձակապես անընդունելի է : Դուք գիտեք, թե ինչ է եղել, նախ, երեք նախագահների (խմբ. Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի) համատեղ հայտարարությունը, այնուհետև արտգործնախարարների համատեղ հայտարարությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը:  
20:08 - 06 հոկտեմբերի, 2020
Թեհրանը սպառնում է կոշտ քայլերի դիմել, եթե առաջիկայում էլ ռումբեր ընկնեն Իրանի տարածք |azatutyun.am|

Թեհրանը սպառնում է կոշտ քայլերի դիմել, եթե առաջիկայում էլ ռումբեր ընկնեն Իրանի տարածք |azatutyun.am|

azatutyun.am: Թեհրանը սպառնում է կոշտ քայլերի դիմել ղարաբաղյան հակամարտության կողմերի դեմ, եթե ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվող ռումբերն առաջիկայում էլ ընկնեն Իրանի տարածք։ «Մեր սահմանների անվտանգությունը կենսական կարևորություն ունի մեզ համար», - այսօր հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամին՝ հավելելով, - «Ցանկացած տիպի հարձակում մեզ համար անընդունելի է, և եթե այդ քայլերը կրկնվեն, մենք զգուշացումներից բացի կանցնենք առավել կոշտ միջոցների»։ Տեղական լրատվամիջոցները երեկ հաղորդել էին, թե երեկ Իրանի տարածքում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից նահանգում մի քանի ռումբ է ընկել, ինչի հետևանքով վեց տարեկան մի երեխա վնասվածքներ է ստացել, տուժել են որոշ բնակելի տներ ու գյուղատնտեսական տարածքներ։
18:54 - 06 հոկտեմբերի, 2020
ՆԱՏՕ-ն մտահոգված է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից. Ստոլտենբերգ |armenpress.am|

ՆԱՏՕ-ն մտահոգված է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից. Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն մտահոգված Է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից եւ դաշինքի անդամ երկրներին կոչ Է անում համտեղ հակազդելու դրան: Հոկտեմբերի 6-ին այդ մասին դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ կառավարության ղեկավարի նստավայում կայացած հանդիպումից հետո: Հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել Է Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը Հունաստանի Կաստելորիզո կղզու մերձակայքում սեյսմիկ հետախուզության համար ռազմանավերի խմբի ուղեկցությամբ Oruc Reis հետազոտական նավի առաքման պատճառով եւ ՆԱՏՕ-ում ստեղծվող մեխանիզմն Արեւելյան Միջերկրականում մայցամաքային ափամերձ ծանծաղուտի պատկանելության շուրջը հակամարտության լուծման համար: «Մենք նաեւ քննարկեցինք մտահոգությունները Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայության պատճառով: Դա հետեւանքներ ունի մեր սեփական անվտանգության համար եւ, հետեւաբար, մենք պետք Է համատեղ հակազդենք դրան»,- ասել Է Ստորտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:40 - 06 հոկտեմբերի, 2020
Կարճաժամկետ հատվածում և‘ տնտեսությունը, և‘ ֆինանսական համակարգը կայունություն կցուցաբերեն․ Տնտեսագետ |hetq.am|

Կարճաժամկետ հատվածում և‘ տնտեսությունը, և‘ ֆինանսական համակարգը կայունություն կցուցաբերեն․ Տնտեսագետ |hetq.am|

hetq.am: Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերը չեն ազդել Հայաստանի ֆինանսական համակարգի վրա, եւ առաջիկայում համակարգի կայունությունը վտանգված չէ, ավանդատուներն էլ մտահոգվելու կարիք չունեն: Նման տեսակետ հայտնեց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագետ Հայկ Մնացականյանը: Պրն Մնացականյան, Հայաստանի ֆինանսական համակարգն ինչպե՞ս է արձագանքում պատերազմական այս իրավիճակին: Գլոբալ առումով ցանկացած երկրի համար ցանկացած պատերազմ  խնդիրներ է ստեղծում: Եվ նշանակություն չունի, թե տնտեսությունը որքանով է դիվերսիֆիկացված՝ չնայած ամեն ինչ իր դերն է խաղում: Սակայն, Հայաստանում առաջնահերթ խնդիրները կարճաժամկետ հատվածում, ըստ էության, չեն զգացվի, բայց հետագայում ՝ երկարաժամկետ հատվածում, տնտեսության վերականգնման և զարգացման համատեքստում կարող են որոշակի խնդիրներ ի հայտ գալ: Հայաստանի ֆինանսական համակարգը բավականին կայուն է և բավականին կապիտալիզացված: Ակտիվներով ֆինանսական համակարգում մեծ տեսակարար կշիռ ունեցող բանկային համակարգը կապիտալով համալրված է: Կարճաժամկետ հատվածում թե' տնտեսությունը, թե' ֆինանսական համակարգը կայունություն կցուցաբերեն:  Երկարաժամկետ հատվածում, բնականաբար, կարող են որոշակի խնդիրներ ի հայտ գալ՝ կապված վարկերի վերադարձի և տնտեսության կառուցվածքից բխող խնդիրների հետ:  Այս կայունությունը հիմք տալի՞ս է ենթադրելու, որ ավանդների վերադարձելիության խնդիրներ չեն լինի: Հայաստանում ավանդներն ապահովագրված են: Այս անգամ էլ խնդիր չի կարող լինել ավանդների վերադարձի առումով:  Նախորդ ճգնաժամի ժամանակ, որն, իհարկե, պատերազմական իրավիճակներում չէր, փորձը ցույց տվեց, որ բանկային համակարգն իր կայունությամբ հիմնարար դեր է խաղում տնտեսության համար, և մարդիկ գումարները ավանդ դրեցին բանկերում:   Շարունակությունը՝ hetq.am-ում
18:46 - 05 հոկտեմբերի, 2020
Թուրքիան անպայման պետք է ներկա լինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում․ Թուրքիա |azatutyun.am|

Թուրքիան անպայման պետք է ներկա լինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում․ Թուրքիա |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան անպայման պետք է ներկա լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական TRT Haber հեռուստաընկերության հետ զրույցում: «Թուրքիան ուժեղ պետություն է, մեծ պոտենցիալով, մեր հարևանը, Հայաստանի հարևանը, Հարավային Կովկասի հարևանը։ Այդ իսկ պատճառով, բնականաբար, Թուրքիան պետք է ակտիվ լինի այդ գործերում։ Հետագա խաղաղ գործընթացում Թուրքիան անպայման պետք է ներկա լինի»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ խաղաղ գործընթաց կսկսի. - «Եվ որքան շուտ, այնքան լավ, պատերազմը չի կարող հարատև լինել»,- նաև հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը: Միջազգային կառույցներն ու խնդրի կարգավորմամբ զբաղվող երկրները հրադադարի կնքման օրվանից մինչ օրս պնդում են, որ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ միակ և ընդունելի ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:
18:37 - 05 հոկտեմբերի, 2020
Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը՝ ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում. վարչապետի հարցազրույցը «Բիլդ»-ին

Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը՝ ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում. վարչապետի հարցազրույցը «Բիլդ»-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական առաջատար «ԲԻԼԴ» պարբերականին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին և Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Հարցազրույցի մասին հոդվածը ներկայացվում է ստորև. «Վարչապետը լարված տեսք ունի, երբ շաբաթ երեկոյան ընդունում է «ԲԻԼԴ»-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ իր նստավայրում։  Նիկոլ Փաշինյանը գրեթե չի քնում, պարբերաբար նոր սարսափելի տեղեկատվություն է ստացվում տուժածների, հերթական էսկալացիայի մասին։  Զոհերի թիվը հստակ չէ, անկախ տեղեկատվություն չկա: Բայց ակնհայտ է երևում, որ կորուստները շատ ավելին են, քան նախորդ էսկալացիաների դեպքում։  Մեկ շաբաթ է՝ մոլեգնում է պատերազմը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ, որի համար արդեն տասնամյակներ շարունակ վեճեր և բախումներ են տեղի ունենում։ 1992 թվականից ի վեր ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն փորձում են միջնորդել. այժմ իրավիճակն ամբողջովին սրվել է, քանի որ Ադրբեջանը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի աջակցությամբ ցանկանում է վերցնել տարածքը։  «Հենց նոր տիկին կանցլերի հետ հեռախոսազրույց ունեցա», – ներս մտնելիս ասում է Փաշինյանը։ Հայաստանը Եվրոպայից ակնկալում է ավելի շատ աջակցություն, ավելի հստակ հայտարարություններ։  «ԲԻԼԴ»-ը հարցնում է վարչապետին – Պարոն վարչապետ, Հայաստանի մասին խոսելու փոխարեն աշխարհը խոսում է Դոնալդ Թրամփի և կորոնավիրուսով նրա վարակվածության մասին։ Դա Ձեզ տխրեցնո՞ւմ է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները բավարար չափով ուշադրության արժանանում են միջազգային հանրության կողմից։ Գուցե նաև այն պատճառով, որ ղարաբաղյան հակամարտության գոտում են հայտնվել վարձկաններ և ահաբեկիչներ Սիրիայից։ «Բիլդ» պարբերական – Որտեղի՞ց գիտեք այդ մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նրանք հավաքագրվել և տեղափոխվել են Թուրքիայի կողմից՝ Ադրբեջանի օգտին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմելու նպատակով: Ես կարծում եմ, որ հիմա այլևս այս իրավիճակը միայն տեղային անվտանգային հարց չէ և գլոբալ օրակարգի անբաժանելի մասն է։ Որովհետև, ըստ էության, այն, ինչ տեղի է ունենում, միջազգային առումով 3 պատճառով է շատ կարևոր. Առաջինը, որովհետև արդեն ասացի, որ Սիրիայից ահաբեկիչներ են Թուրքիայի կողմից հավաքագրվել և տեղափոխվել՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ կռվելու: Երկրորդը՝ Թուրքիայի զորքերը ներգրավված են այս գործընթացի մեջ, և դա Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտությունն է։ Դրանք թուրքական կայսրությունը վերականգնելու գործողություններ են, որոնք մտնում են մի շարքի մեջ Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում, Լիբիայում Թուրքիայի ծավալած գործողությունների հետ: Եվ երրորդը՝ կարծում եմ, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջան՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու համար, որը տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում:  «ԲԻԼԴ» պարբերական –Դուք հեռախոսազրույց եք ունեցել Թրամփի վարչակազմի ներկայացուցչի հետ՝ լարված իրավիճակի առնչությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան –  Ես հեռախոսային խոսակցություն եմ ունեցել նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական պարոն Օբրայենի հետ։ Եվ այդ օրը երեկոյան էր, որ լսեցինք պարոն Թրամփի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին լուրը։ Բայց ամեն դեպքում մենք կապի մեջ ենք ամերիկյան գործընկերների հետ, որովհետև Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որն զբաղվում է Ղարաբաղի հարցի կարգավորմամբ: «ԲԻԼԴ» պարբերական – Միջազգային վերաբերմունքը հետևյալն է. «Ըստ միջազգային իրավունքի՝ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, նաև ըստ ՄԱԿ-ի»… Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իրականում դա տարօրինակ հայտարարություն է։ Եթե նայենք պատմությունը, կտեսնենք, որ Խորհրդային Միության ձևավորման ժամանակաշրջանում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայտնվել է Խորհրդային Ադրբեջանի կազմում, և ընդ որում՝ Ստալինի կողմից կայացված կամայական որոշման հետևանքով, Խորհրդային Միության ձևավորման փուլում: Իսկ եթե վերադառնանք Խորհրդային Միության փլուզման փուլին, կտեսնենք, որ այնպես, ինչպես Ադրբեջանը, լինելով Խորհրդային Միության մաս, անկախություն է ստացել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, կրկին լինելով Խորհրդային Միության մաս, անկախություն է ստացել Ադրբեջանից՝ ընդ որում, օգտվելով Խորհրդային Միության օրենքներով և Սահմանադրությամբ առկա իրավունքից: Եվ, հետևաբար, ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանը կարող էր Խորհրդային Միությունից անկախ դառնալ, իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը չէր կարող Խորհրդային Միությունից անկախ դառնալ: Շատերը կարող են ասել՝ բայց չէ՞ որ Խորհրդային Միությունն այլևս գոյություն չունի կամ գոյություն չուներ։ Միևնույն ժամանակ գոյություն չուներ նաև Խորհրդային Ադրբեջանը, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն անկախություն էր ստանում: Եվ, հետևաբար, եթե Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, ուրեմն Ադրբեջանն էլ պատկանում է Խորհրդային Միությանը: «ԲԻԼԴ» պարբերական – Ինչո՞ւ է Էրդողանն աջակցում Ադրբեջանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես արդեն ասացի, որ դա Թուրքիայի և Էրդողանի կայսերապաշտական քաղաքականության հետևանք է։ Եվ կարծում եմ, որ մեծ հավանականությամբ խնդիր է դրված, որպեսզի Ադրբեջան անկախ պետությունը գոյություն չունենա, և այն ամբողջապես կլանվի Թուրքիայի կողմից։ Այդպիսով նաև, երբ ես խոսում եմ հայերի նկատմամբ ցեղասպանության քաղաքականության մասին, ցանկանում եմ ընդգծել, որ դա ընդամենը միայն պատմական ատելության արտահայտություն չէ հայերի նկատմամբ: Խնդիրն  այն է, որ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք ծավալվելու համար։ Որովհետև Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը շատ ավելի հեռուն է գնում, քան Հարավային Կովկասը: Եկեք տեսնենք Թուրքիայի գործունեությունը Միջերկրական ծովում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում, Իրաքում, Սիրիայում։ Եվ ես ցանկանում եմ ընդգծել, որ, իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն այսօր գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Եվ եթե միջազգային հանրությունն այս փաստը պատշաճ արձագանքի չարժանացնի, ուրեմն անհրաժեշտ է Թուրքիային սպասել Վիեննայի մոտակայքում: «ԲԻԼԴ» պարբերական – Արդյոք Գերմանիան իրեն հեռո՞ւ է պահում, զսպվածություն է դրսևորո՞ւմ՝ զգուշանալով Էրդողանի արձագանքից։  Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իմ խնդիրը չէ՝ մեկնաբանել Գերմանիայի քաղաքական գործիչների դիրքորոշումները: Ես պարզապես, օգտվելով այս առիթից, ցանկանում եմ ներկայացնել այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որ գուցե նաև Գերմանիայի քաղաքական գործիչներին անհրաժեշտ է պատշաճ արձագանքել: «ԲԻԼԴ» պարբերական – Ի՞նչ պետք է անի Գերմանիան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ եվրոպական երկրները պետք է հստակ դատապարտեն բռնությունը, բռնությունների մեկնարկը և Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների համատեղ հարձակումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վրա: «ԲԻԼԴ» պարբերական – Կարո՞ղ է կանցլեր Մերկելն աջակցել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ, որ նման լիդերների ձայնը՝ ճշմարտությունից բխող, կարող է մեծ ազդեցություն ունենալ իրականության վրա: Գիտեք, ես կարող եմ ասել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  շատ հստակ արձանագրել է, որ Ադրբեջանն է եղել հարձակման հեղինակը։ Նա շատ հստակ արձանագրել է, որ Թուրքիան է քաջալերել Ադրբեջանի հարձակումն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի։ Նա շատ հստակ արձանագրել է, որ կան Սիրիայից վարձված վարձկաններ, որոնք Թուրքիայի կողմից տեղափոխվել են հակամարտության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմելու: Ըստ էության, նույն բանը շատ հստակ՝ վարձկանների և նաև Թուրքիայի գործունեության մասով արձանագրել է Ռուսաստանը, թեկուզ ոչ այդպես շատ ուղիղ և միանշանակ։ Եվ, ըստ էության, վարձկանների մասով արձանագրում արել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը: Սա շատ կարևոր է: «ԲԻԼԴ» պարբերական – Գերմանիայում քննադատաբար են մոտենում նրան, որ Ռուսաստանը ձեր դաշնակիցն է, և Պուտինը պատերազմ է մղում Սիրիայում և Ուկրաինայում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես Ձեր հարցի գնահատականները կթողնեմ առանց մեկնաբանության, որովհետև ամենատարբեր իրադարձությունները տարբեր կողմերից, տարբեր երկրներից և տարբեր տեսանկյուններից տարբեր կերպ են երևում: «ԲԻԼԴ» պարբերական – Հնարավո՞ր է՝ ռուսական բանակն օգնի ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հայաստանում ներկա է ռուսական 102-րդ ռազմաբազան, և մենք ունենք հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ, որի շուրջ պայմանագիրը հստակ ձևակերպում է, թե որ դեպքերում կարող է այդ զինուժն օգտագործվել նաև Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: «ԲԻԼԴ» պարբերական – Ո՞ր դեպքում դա կարող է տեղի ունենալ։  Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա պայմանագրով նախատեսված կոնկրետ դեպքեր են, և համոզված եմ, որ եթե այդ դեպքերը վրա հասնեն, Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները կկատարի: «ԲԻԼԴ» պարբերական – Հնարավո՞ր համարում եք Էրդողանի հետ խաղաղ բանակցությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես տեղի ունեցածը համարում եմ ահաբեկչական հարձակում։ Եվ երբ տեղի է ունենում ահաբեկչական հարձակում, բնականաբար, ցանկացած երկրի համար առաջինը սեփական անվտանգությունը պաշտպանելուն ուղղված գործողություններ կատարելն է։ Մենք հիմա զբաղված ենք դրանով: «ԲԻԼԴ» պարբերական – Դուք հնարավորություն ունե՞ք դիմակայելու ընդդեմ բարձր տեխնոլոգիական զենքերի, որոնք կիրառում է Ադրբեջանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ՝ Հայաստանը և հայ ժողովուրդն իրենց պաշտպանելու վճռականություն ունեն։ Մենք նույնպես ունենք սեփական արտադրության բարձր տեխնոլոգիական ապրանքներ, որոնք գուցե այդքան արտադրական հզորություններ չունեն։ Բայց մենք մտադրված ենք մեզ պաշտպանելու համար նաև զարգացնել տեխնոլոգիաները: «ԲԻԼԴ» պարբերական – Ի՞նչ կարող է հիմա անել Գերմանիան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք՝ ես արդեն ասզցի, որ հստակ դիրքորոշումներ եմ ակնկալում։ Եվ ասացի, որ եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի այս իրավիճակի աշխարհաքաղաքական նշանակությունը, ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում: «ԲԻԼԴ» պարբերական – Այսինքն՝ գերմանական կառավարությունը, ինչպես և Էմանուել Մակրոնը, պետք է հստակ արձանագրի՞, թե ով է սկսել այս պատերազմը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո՛։ Եվ պետք է գնահատական տա տարածաշրջանում և հակամարտության մեջ ահաբեկիչների և վարձկանների ներգրավմանը Թուրքիայի կողմից, որոնք վարձվել են Սիրիայում: «Բիլդ» պարբերական – Շնորհակալություն, պարոն վարչապետ:
19:18 - 04 հոկտեմբերի, 2020
Հայաստանի հետ խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով, բայց դրա համար պետք է հիմք լինի․ Իլհամ Ալիև |civilnet.am|

Հայաստանի հետ խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով, բայց դրա համար պետք է հիմք լինի․ Իլհամ Ալիև |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ Արաբիա» հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանի հետ հակամարտության լուծումը պետք է ընթանա երկխոսության միջոցով, սակայն պետք է բանակցությունների հիմք լինի: «Մենք համաձայն ենք այդ տեսակետի հետ, որ Հայաստանի հետ խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով, բայց դրա համար պետք է հիմք լինի։ Հայաստանի վարչապետը պետք է հայտարարի, որ հավատարիմ է նախկին պայմանավորվածություններին, որոնց համաձայն Լեռնային Ղարաբաղի տարածքները ճանաչվել են ադրբեջանական օկուպացված տարածքներ», - ասել Է նա արաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա նշել է, որ Բաքվի ռազմական գործողությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետը ներողություն խնդրի, որը «ադրբեջանական օկուպացված հողերը անվանել է Հայաստան»:
19:02 - 04 հոկտեմբերի, 2020
ԵԽ հույն պատգամավորները քայլեր են ձեռնարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ուղղությամբ |hetq.am|

ԵԽ հույն պատգամավորները քայլեր են ձեռնարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ուղղությամբ |hetq.am|

hetq.am: Եվրոպական խորհրդարանի հույն պատգամավորները հանդես են գալիս նախաձեռնություններով, որոնք միտված են Եվրոպական խորհրդարանում՝ ցույց տալու Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան։ Աջ կենտրոնամետ «Նոր ժողովրդավարական ուղի» կուսակցությունից եվրապատգամավոր ընտրված Ստելիոս Կիմպուրոպուլոսը, Եվրոպական խորհրդարանի 24 այլ պատգամավորների հետ միասին, հանդես է եկել նախաձեռնությամբ, որը դատապարտում է հայերի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան։ Նախաձեռնության մասնակիցներն առաջարկում են քննարկման դնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։ «Ադրբեջանական ագրեսիան և Կովկասում բռնկված հակամարտությունը ցնցել են մեզ և ամոթի զգացում առաջացրել. հատկապես քաղաքացիական բնակչության դեմ կիրառվող բռնությունները և Թուրքիայի սադրիչ միջամտությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կիմպուրոպուլոսը։ «Հակամարտության բռնկման առաջին պահից սկսած, ես ինձ վրա պարտավորություն եմ վերցրել ցույց տալու ադրբեջանական ագրեսիան և խաղաղության վերականգնման համար ընդգծել եվրոպական միջամտության անհրաժեշտությունը»,- հավելել է նա։ Շարունակությունը՝ hetq.am-ում
18:40 - 04 հոկտեմբերի, 2020
Մարտերի օրերին սփյուռքից Հայաստան վերադառնալ ցանկացողները The Guradian-ի ուշադրության կենտրոնում են |armenpress.am|

Մարտերի օրերին սփյուռքից Հայաստան վերադառնալ ցանկացողները The Guradian-ի ուշադրության կենտրոնում են |armenpress.am|

armenpress.am: Հեղինակավոր The Guradian-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Արցախի հարցը, այս անգամ պարբերականն անդրադարձել է հայկական սփյուռքին, որի ներկայացուցիչներից  շատերը Ադրբեջանի կողմից սանձազերծված այս ռազմական գործողությունների ընթացքում մոբիլիզացվել և վերադառնում են հայրենիք: Ծավալուն հոդվածում The Guradian-ը նկատել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողությունների ֆոնին մի խումբ աշխարհահռչակ մարդիկ՝ Քիմ Քարդաշյանը, իր ամուսին Քանյե Ուեսթը, Ալեքսիս Օհանյանը, Սերժ Թանկյանը, Հենրիխ Մխիթարյանը և այլք սոցիալական ցանցերի իրենց էջերում այս թեմայի վերաբերյալ ակտիվ հրապարակումներ են արել: Լրատվամիջոցը նկատել է, որ այդ հայտնիներից շատերը հայկական սփյուռքից են: «Հայաստանում բնակվում է շուրջ 3 միլիոն մարդ: Բայց նրա սփյուռքը կենտրոնացած է ԱՄՆ – ում, Լիբանանում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլ երկրներում»,-գրել է The Guradian-ը: Լրատվամիջոցը նկատել է, որ սեպտեմբերի 27-ի մարտերի բռնկումից ի վեր, ինչը, ըստ շատ վերլուծաբանների, կարծես թե սանձազերծել է Ադրբեջանը, հայկական լոբբիստական խմբերը բողոքի ցույցեր են անցկացնում ՝ ամերիկահայերին խնդրելով լոբբինգ անել: «Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը ակտիվացրել է ջանքերը `համոզելու սփյուռքին գալ ու վերաբնակվել հայրենիքում: Birthright Armenia-ն 2003 թվականից ի վեր օգնում է վճարել սփյուռքահայ երիտասարդների համար, որպեսզի նրանք ապրեն ու աշխատեն հայրենիքում»,-նկատել է The Guradian-ը: Լրատվամիջոցը նկատել է, որ տարբեր ժամանակներում սփյուռքից հայրենադարձություններ եղել են: Ըստ Repat Armenia-ի, որն աջակցում է վերաբնակեցմանը, 1991 թվականից ի վեր շուրջ 50 000 սփյուռքահայեր տեղափոխվել են Հայաստան: Ըստ գնահատումներից մեկի՝ այդ թվերը աճել են 15 000-ով 2018-ի թավշյա հեղափոխությունից ի վեր: Սիրիական պատերազմով պայմանավորված՝ շուրջ 22 000 սիրիահայեր ևս վերադարձել է հայրենիք, նրանցից շատերը հաստատվել են Լեռնային Ղարաբաղում: Լրատվամիջոցը նշել է՝ այս շաբաթվա մարտերը սփյուռքահայ շատ երիտասարդների վերադարձի վերջին խթանն են: « Մենք այս պահին սպասում էինք մեր ամբողջ կյանքում», - ասել է Բեյրութում ծնված և մեծացած  ուսանող Գևորգ Արբաջյանը, որը հաջորդ շաբաթ գալու է Հայաստան: Նա նշել է՝ հայրենիքի համար կռվելու գաղափարը շատ ռոմանտիկ է, այդ գաղափարով է մեծացել: «Եթե ցեղասպանությունը կատարողները վերադարձել են, մենք պետք է վերադառնանք ռազմի դաշտ, այլընտրանք չունենք»,-ասել է նա:
18:36 - 03 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի իշխանությունը բացահայտ պատերազմի քարոզչություն է անում. Փայլանը խաղաղության կոչ է անում |armenpress.am|

Թուրքիայի իշխանությունը բացահայտ պատերազմի քարոզչություն է անում. Փայլանը խաղաղության կոչ է անում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը նկատում է, որ Թուրքիայի իշխանությունները բացահայտորեն անում են պատերազմի քարոզչություն, ինչը մեծ հանցանք է: Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ իր տարածած հաղորդագրությամբ Փայլանը խաղաղության կոչ է անում: «Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով շարունակվող լարվածությունը, դժբախտաբար, վերջին օրերին գնում է դեպի պատերազմ։ Հակառակ ողջ աշխարհի հակամարտության դադարեցման ու հրադադարի կոչերին՝ ԱՔՓ-ՄՀՓ դաշինքը (Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցություն և ազգայնամոլ Ազգայնական շարժում կուսակցություն –խմբ.) բացահայտորեն ռազմատենչ պահվածք է որդեգրել՝ մեր երկրի հարևաններ հանդիսացող Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա լարվածության նկատմամբ։ Իշխանությունը բացահայտորեն պատերազմի քարոզչություն է իրականացնում՝ իր ռազմատենչ ընթացքով, Հայաստանի դեմ բացահայտ թշնամական հայտարարություններով և նեցուկ լինելով պատերազմին՝ փոխանակ երկրներին հրադադարի ու բանակցության կոչ ուղղելու»,-նշել է Փայլանը: Նա շեշտել է, որ ՄԱԿ-ի քաղաքացիական ու քաղաքական իրավունքի համաձայնագրի 20-րդ հոդվածի, որը ստորագրել է նաեւ Թուրքիան, և որը Սահմանադրության 90/4 հոդվածի համաձայն գերակա է ներքին իրավունքին, պատերազմի որեւէ քարոզչություն արգելված է օրենքով։ Փայլանը շեշտել է, որ Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները հանցանք են գործում՝ իրականացնելով պատերազմի քարոզչություն։ Փայլանը նշել է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն ու դրա ներկայացուցիչները մշտապես պաշտպանել են խաղաղությունը: «Իմ ընկերներն ու ես կյանքի ու քաղաքականության բոլոր ոլորտներում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ, ընդդիմանալով պատերազմին, տևապես պաշտպանել ենք խաղաղությունը և պիտի շարունակենք պաշտպանել։ Այն բոլոր հարցերում, որոնց շուրջ իշխանությունները կողմ էին հակամարտության, բռնության եւ ռազմի քաղաքականությանը, ինչպես Էգեականի հարցը, Քրդական հարցը, Ղարաբաղյան հարցը, միշտ կողմ ենք եղել խաղաղ լուծման։ Հակամարտության առաջին պահից իսկ, ջանք թափեցի փոխելու Թուրքիայի դիրքը այս պատերազմի նկատմամբ, որի հետևանքով հայ ու ադրբեջանական ժողովուրդները պիտի մեծ կորուստներ ունենան»,-նշել է նա: Փայլանը նկատել է, որ թուրքական իշխանությունը ռազմական քաղաքականությամբ ողջ երկիրն ու ողջ տարածաշրջանը դեպի խավար է առաջնորդում։ «Նրանք, որոնք պատերազմի կոչ են հնչեցնում, կփորձեն լռեցնել խաղաղության ձայն բարձրացնել փորձողներին։ Ինչ, որ անենք ես ու ընկերներս, պիտի շարունակենք «խաղաղություն» գոչել։ Որովհետեւ պատերազմը չունի հաղթող, իսկ խաղաղությունը՝ պարտվող»,-ասել է նա: Փայլանը նկատել է, որ ինչ-որ շրջանակներ փորձում են լռեցնել իրեն: «Շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում այս հայտարարությունը: Հակառակ այս իրողության՝ չեմ նահանջելու պատասխանատվություն ստանձնել՝ պատերազմները կանխելու համար։ Անձիս դեմ հավանական բոլոր հարձակումների պատասխանատուն, իշխանությունների չափ, ԱՍԱՄ եւ նման կազմակերպություններն են, որոնք անցյալի ատելության հարձակումների պատասխանատուներն էլ էին»,-գրել է Փայլանն ու կոչ արել բոլոր անհատներին ու կազմակերպություններին, որոնք հավատում են խաղաղությանը, որպեսզի խաղաղությունը պաշտպանելու համար բարձրացնեն իրենց ձայնը՝ ընդդեմ պատերազմի։
14:54 - 03 հոկտեմբերի, 2020
Վրաստանը պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները |azatutyun.am|

Վրաստանը պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ պատրաստ է միջնորդել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները ցանկացած ձևաչափով կազմակերպելու հարցում: «Ես դիմում եմ երկու երկրների ղեկավարներին հնարավորինս արագ կրակը դադարեցնելու և երկխոսությունը վերականգնելու կոչով: Թբիլիսին կարող է դառնալ ցանկացած տարբերակով բանակցություններ անցկացնելու վայրը, մենք պատրաստ ենք անել այն, ինչ կցանկանան կողմերը», - Վրաստանի անվտանգության խորհրդի նիստից հետո ասել է նախագահը: Սալոմե Զուրաբիշվիլին նաև դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ընդգծելով նրանց հատուկ առաքելությունը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու խնդրում: Վրաստանի նախագահը Եվրոպական միությանը կոչ է արել աջակցել կրակի դադարեցմանը, քանի որ անդրկովկասյան բոլոր երեք երկրները ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակիցներ են: «Մեր կայունությունը, այս տարածաշրջանում անդորրը խիստ անհրաժեշտ են Եվրոպական միությանը, որը պետք է բոլոր ջանքեր գործադրի հանուն խաղաղության և լարվածության թուլացման», - ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:
14:02 - 03 հոկտեմբերի, 2020
Վրաստանը պաշտոնական հայտարարություն է տարածել ռազմական բեռներ տեղափոխելու վերաբերյալ |aliq.ge|

Վրաստանը պաշտոնական հայտարարություն է տարածել ռազմական բեռներ տեղափոխելու վերաբերյալ |aliq.ge|

aliq.ge: Հայ-ադրբեջանական հակամարտության առիթով Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել, որի քննարկման հիմնական թեման հայ-ադրբեջանական հակամարտությունն է եղել: Նիստից հետո մի քանի հարցերի վերաբերյալ հայտարարություններ են արվել: «Վրացական կողմը տարիներ շարունակ մշտապես կատարել է իր միջազգային պարտավորությունները, այդ թվում` հարևան Ադրբեջանի և Հայաստանի հանդեպ: Մասնավորապես, Վրաստանի տարանցիկ երկրի գործառույթը կարևոր գործոն է երկու երկրների զարգացման համար: Այսօր նույնպես Վրաստանի տարածքով քաղաքացիական նշանակության բեռնափոխադրումները անխափան և անվտանգ իրականացվում են ցանկացած, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի ուղղությամբ: Հատկանշական է, որ հակամարտության սրացման պահից Վրաստանի կողմից քաղաքացիական օդային բեռնափոխադրումների նպատակով որևէ տեսակի սահմանափակում չի սահմանվել և չի սահմանվի: Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող ռազմական գործողությունների պատճառով, Վրաստանի կառավարությունը, էսկալացիայի սկսվելուն պես, ժամանակավորապես դադարեցրել է ռազմական բեռներ տեղափոխելու համար թույլտվությունների տրամադրումը սեփական ՝ օդային և ցամաքային տարածքով երկու երկրների ուղղությամբ: Այս մասին կողմերը տեղեկացված են եղել: Վրացական կողմը ցանկացած այլ միջազգային տարանցիկ բեռների հետ կապված ամբողջությամբ կատարում է իր միջազգային պարտավորությունները: Մեր ընդհանուր շահն է արագ ավարտել ռազմական բախումները և վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում», — ասվում է խորհրդի տարածած հայտարարության մեջ։
13:09 - 03 հոկտեմբերի, 2020
Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խումբը մտահոգություն է հայտնել Արցախում կատարվողի վերաբերյալ

Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խումբը մտահոգություն է հայտնել Արցախում կատարվողի վերաբերյալ

Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահության՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել: «Խմբի համանախագահները խստորեն դատապարտում են 2020թ. սեպտեմբերի 27-ին` կիրակի առավոտյան, ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զինադադարի գծի ողջ երկայնքով իրականացված պլանավորված լայնածավալ հարձակումը՝ ցամաքային, օդային և հրթիռային միջոցների կիրառմամբ։ Դիմելով Դաշնային խորհրդին՝ խնդրում են անմիջապես միջամտել անհապաղ կանգնեցնելու համար այս հարձակումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքների և հատկապես քաղաքացիական բնակչության դեմ, որոնց շրջանում արդեն իսկ կան զոհեր։ Այս հարձակումները մեզ վերադարձնում են պատերազմի ամենադաժան շրջանը, երբ 1991-1992 թվականներին ադրբեջանական ուժերը ռմբակոծում էին Ստեփանակերտը։ Ադրբեջանը հարձակվեց նաև Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և պատճառելով զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։ Կեսօրից հետո, ռազմական հարձակում գրանցվեց անմիջականորեն Թուրքիայի կողմից, որը, խախտելով Հայաստանի օդային տարածքը, խոցեց հայկական բանակի ինքնաթիռ հենց Հայաստանի տարածքում, ինչը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն։ Մեր խմբի համանախագահությունը խստորեն դատապարտում է այս գործողությունը, որը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։ Խմբի համանախագահությունը սատարում է ԵԱՀԿ-ի ջանքերին, որի անդամ է հանդիսանում նաև Շվեյցարիան, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք ներառում են ինքնորոշման իրավունքը, սահմանների անձեռնմխելիությունը և հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծումը։ Ուժի կիրառումը, հատկապես քաղաքացիական անձանց նկատմամբ, անընդունելի է և պետք է խստորեն դատապարտվի։ Համանախագահությունը մեծապես մտահոգված է նաև այս հակամարտությանը Թուրքիայի աճող դերակատարմամբ, ինչը ոչ միայն ավելին է, քան պարզ եղբայրական փոխհարաբերությունների դրսևորում Ադրբեջանի հետ, այլև հանգեցնում է միջազգային իրավունքի կոպիտ խախտմանն ու ողջ տարածաշրջանի ապակայունացմանը»,- ասված է հաղորդագրությունում: Հայտարարությունը ստորագրվել է Շվեյցարիայի պառլամենտի ստորին պալատի նախագահ Իզաբել Մորեի կողմից։
14:29 - 02 հոկտեմբերի, 2020