Հայաստան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
 |armenpress.am|

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել |armenpress.am|

armenpress.am:   ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանից Իգոր Պոպով, Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտի և Ամերիկայի Միացյալ Նահանգներից Էնդրյու Շոֆեր) տարածաշրջանային այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտարարության մեջ ասված է.   «Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին և ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը մեկնել են Բաքու դեկտեմբերի 12-ին և 13-ին, Երևան՝ դեկտեմբերի 13-ին և 14-ին: Բաքվում նրանց ընդունել է Նախագահ Ալիևը։ Հանդիպել են արտգործնախարար Բայրամովի հետ: Երեւանում նրանց ընդունել է վարչապետ Փաշինյանը, հանդիպել են արտգործնախարար Այվազյանի հետ: Ռուս համանախագահ Իգոր Պոպովի՝ ճանապարհորդելու անկարողության պատճառով, Ռուսաստանի Դաշնությունը Բաքվում ներկայացնում էր ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, իսկ Երևանում` Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը: Համանախագահները հանդիպել են նաև տարածաշրջանում գործող ԿԽՄԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների հետ: Գրասենյակի նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը նույնպես մասնակցում էր բոլոր հանդիպումներին:   Երկու մայրաքաղաքներում էլ կողմերը ներկայացրեցին իրավիճակի գնահատականը և հայտնեցին  գալիք տարում համանախագահների հետ համագործակցության վերաբերյալ իրենց ակնկալիքները: Հաշվի առնելով նոր իրողությունները ՝ համանախագահները հաստատեցին իրենց շարունակական նվիրվածությունը ՝ կողմերի հետ կառուցողականորեն համագործակցելու տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում խթանելու և առկա խնդիրները լուծելու համար:   Համանախագահները պարտավորվել են նաև կոնկրետ առաջարկներ ներկայացնել կողմերի հետագա քննարկումների համար հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ»։
00:23 - 15 դեկտեմբերի, 2020
Վերադարձվել են նաեւ մինչ պատերազմը գերեվարված մեր հայրենակիցները. Զեյնալյանը մանրամասներ է հայտնում

Վերադարձվել են նաեւ մինչ պատերազմը գերեվարված մեր հայրենակիցները. Զեյնալյանը մանրամասներ է հայտնում

Ուրախությամբ տեղեկացնում ենք Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասի վերադարձի մասին: Գործընթացի շրջանակներում հայրենիք են վերադարձել ինչպես 27.09.2020թ. լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողներ և քաղաքացիական անձինք, այնպես էլ մինչև պատերազմը գերեվարված անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը մենք ևս հանձնառել էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Արտակ Զեյնալյանը՝ հավելելով. «Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարանին: Նրանց իրավունքների լիարժեք վերականգմանն ուղղված մեր հետագա քայլերի մասին դեռ կտեղեկացնենք հանրությանը: Միաժամանակ, վերահաստատում ենք դեռևս Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր հետևողական քայլերի շարունակականությունը»:
23:32 - 14 դեկտեմբերի, 2020
Ադրբեջան են վերադարձվել դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը |hetq.am|

Ադրբեջան են վերադարձվել դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը |hetq.am|

hetq.am: Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը, որոնք 2014 թվականին ներթափանցել էին Արցախի Քարվաճառ քաղաք և սպանել երկու հայի, վերադարձվել են Ադրբեջան։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը։ Ըստ հանձնաժողովի տարածած հաղորդագրության՝ վերադարձվել են նաև Ադրբեջանի այլ քաղաքացիներ։  Հիշեցնենք, որ 2014 թվականի ամռանը ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներ Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևն ու Հասան Հասանովը ներխուժել էին Արցախի Քարվաճառ քաղաք, սպանել էին Արցախի Հանրապետության քաղաքացի, 17-ամյա Սմբատ Ցականյանին, ՀՀ քաղաքացի, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին, ինչպես նաև վիրավորել ՀՀ մեկ այլ քաղաքացու՝ Կարինե Դավթյանին: Դիվերսիոն խմբի անդամների ձերբակալման պահին Հասան Հասանովը դիմադրություն էր ցույց տվել և սպանվել: ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը Ասկերովին դատապատել էր ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման:  
20:50 - 14 դեկտեմբերի, 2020
Իրանցի պատգամավորն իր երկրի արտաքին քաղաքականության մեջ կարևոր սկզբունք է համարում Հայաստանին աջակցելը |armenpress.am|

Իրանցի պատգամավորն իր երկրի արտաքին քաղաքականության մեջ կարևոր սկզբունք է համարում Հայաստանին աջակցելը |armenpress.am|

armenpress.am: Իրանի Շազանդ քաղաքի պատգամավոր, Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը Իրանի ապագա արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներ է համարում Հայաստանին աջակցելը, ապագա հնարավոր իրադարձությունների դեպքում Ադրբեջանի տարածքները հայրենի Իրանին վերադարձնելը և Թուրքիայի դեմ միջազգային պատժամիջոցները  ողջունելը: Այդ մասին պատգամավորը խոսել է դեկտեմբերի 13-ին Մեջլիսի հերթական նիստին: «Ժամանակն է, որ ուղղենք մեր արտաքին քաղաքականության՝ գնացքի ռելսերից դուրս եկած ընթացքը, և ուղղել կարողանալու համար հետևենք մի քանի կարևոր սկզբունքների. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեզ պետք էր մի կողմ դնել դիվանագիտական քաղաքավարությունները և աջակցել Հայաստանին՝ ի շահ ուժերի հավասարակշռության, ըստ պատմական իրական ու վավերական փաստաթղթերի, ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը և Հարավային Կովկասի տարածաշրջանի որոշ հատվածները՝ իրանական հայրենի երկրի մի մասն են, և եթե ապագայում ինչ-որ բան պատահի, այդ շրջանները պետք է վերադարձվեն իրենց հայրենիք Իրանին և վերջապես Իրանը անվերապահ պիտի ողջունի եվրոպական և ամերիկյան պատժամիջոցները Թուրքիայի դեմ»,-շեշտել է պատգամավորը: Մահմուդ Ահմադի Բիղաշն անդրադարձել է նաև Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արտասանած բանաստեղծությանն ու նշել. «Վերջին տարիներին Էրդողանի բազմաթիվ ծայրահեղությունները պատճառ են դարձել, որ Իրանի պատմական որոշ տարածքները, որոնք անվանում են Հարավային Կովկաս, դառնան Իսրայելի չար ղեկավարի տեղակայանը՝ օգտագործելու Իրանի աշխարհագրական տարածքը՝ հենց Իրանի ազգային անվտանգության դեմ: Մենք չենք համարում քո դերը ավելի պակաս իրանական միջուկային գիտնականների, հատկապես՝ նահատակ Ֆախրիզադեի սպանության գործում, քան Նեթանյահուի դերը: Հարգելի պատգամավորներ, Էլեկտրոնային պատերազմները և անվտանգության քողարկված կետերը կարճաժամկետ առումով ամենամեծ սպառնալիքն են Իրանի համար: Մահմուդ Ահմադ Բիղաշի խոսքով՝ Իրանը կանգնած է բազմաթիվ սպառնալիքների առաջ, որոնց հետ երկրի ներսի որոշ վախկոտներ ակամա համաձայն են ու համակիր, և իրենց վախկոտությամբ պատճառ են հանդիսանում կամ նպատակ ունեն՝ Իրանը տարածաշրջանում և աշխարհում ազդեցիկ դերակատարից վերածելու անպիտան ու պասիվ դերակատարի՝ տարածաշրջանի որոշ երկրների նման: Նա հավելել է, որ բալկանացման և իրաքացման վտանգավոր սցենարը շարունակում է սպառնալ տարածաշրջանին և Իրանի տարածքային ամբողջականությանը: «Այս առումով Էրդողանի հայհոյանքանման ելույթին Իրանի արտաքին գործերի նախարարի պատասխանը լավն էր, բայց ոչ մի դեպքում բավարար և զսպող չէր: Մեր մահացու անփութության, մեր Մեջլիսի ադրբեջանախոս պատգամավորների նյարդայնացնող լռության և Մեջլիսի նախագահության լիակատար անխոհեմության պայմաններում Թուրքիայի հիվանդ նախագահը Իրանի հանդեպ որդեգրել է անջատողական վարքագիծ: Էրդողանը, որը տարածաշրջանում արևմտյան կեղտոտ քաղաքականության միակ գործակալն է և որի ձեռքերը ներկված են հազարավոր իրաքցիների, սիրիացիների, քրդերի և հայերի արյունով, ինչպես իր նախնիները, որոնց ձեռքերը նույնպես ներկված էին միլիոնավոր ասորիների, հույների, հայերի արյունով և նրանց ցեղասպանությամբ, ինչը պատմության մեջ պարզ է և անթաքույց, անցյալ շաբաթ պաշտոնապես հայտարարեց Օսմանյան կայսրության հաջորդ դերակատարության մասին»,-շեշտել է պատգամավորը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանում կազմակերպված հաղթական շքերթի ժամանակ Էրդողանը բանաստեղծություն է արտասանել Արաքս գետի մասին: «Այդ բանաստեղծության մեջ Իրանի Ատրպատական նահանգների (Արևելյան և Արևմտյան Ադրբեջան նահանգներ-խմբ.) ժողովրդին ուղղված խոսքը հետևյալն էր, որ մենք ձեզանից չենք տարանջատվել, այլ մեզ բռնի ձևով անջատել են: Եվ ավելացրեց, որ Արաքսը շուտով իր ուժը կվերականգնի: Հարգելի՛ պատգամավորներ, որտե՞ղ են Իրանի Ատրպատական նահանգների պատգամավորները մեր Մեջլիսում: Պարոն Մեջլիսի նախագահ, գիտե՞ք, որ Էրդողանը անցյալ շաբաթ Բաքվում անցկացված զորահանդեսին արտասանեց «Արաքս, Արաքս» բանաստեղծությունից մի պատառիկ, որը որոշ պատեհապաշտների համար Արաքսի երկկողմանի տարանջատման խորհրդանիշն է և Իրանի կազմաքանդման գաղտնաբառը: Պարոնայք, դուք, որ պարոն անդաստիարակ Էրդողանի դեմ 2016 թվականի ռազմական հեղաշրջման ժամանակ գիշերը չքնեցիք, ձեր մեջ չկա՞ մեկը, որ մի «ախ»-ի չափով գոնե պատասխան տա այդ հղփացածին, որը երկարացրել է իր լեզուն՝ մեր հերոս Արաքսի, Սահանդի, Սաբալանի և Թավրիզի վերաբերյալ»,-ընդգծել է  Մեջլիսի պատգամավորը: Դիմելով Էրդողանին՝ Ահմադի Բիղաշը շեշտել  է, որ Իրանը իր տարածքի մի թիզն անգամ չի նվիրի Էրդողանի հիմար աղմուկներին: Ըստ Բիղաշի՝ Էրդողանի սուտ քաղաքականությունը կհանգեցնի ոչ թե Իրանի քայքայմանը, այլ Թուրքիայի փլուզմանը: «Կոչ եմ անում Թուրքիայի մտավորականությանը, էլիտային ու ժողովրդին դեմ կանգնել Էրդողանի կեղտոտ քաղաքականությանը և թույլ չտալ, որ Թուրքիան իր վտանգավոր գործողություններով ենթարկվի Սիրիայի ճակատագրին: Իրանի պատգամավորներ և պատվախնդիր ժողովուրդ, Էրդողանի մարտակոչը մեր Իրան-հայրենիքի դեմ մեր անփութության հետևանքն ու գինն են»,-եզրափակել է նա:
16:20 - 14 դեկտեմբերի, 2020
Վերականգնվել է Հայաստանից Արցախ հասնող էլեկտրականության օդային գիծը |armenpress.am|

Վերականգնվել է Հայաստանից Արցախ հասնող էլեկտրականության օդային գիծը |armenpress.am|

armenpress.am: Վերականգնված է Հայաստանի Հանրապետությունից Քաշաթաղի շրջանի տարածքով Արցախ մուտք գործող էլեկտրամատակարարման օդային գիծը: Այս մասին տեղեկացրեց Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանը՝ հավելելով, որ պատերազմի ընթացքում վնասված էլեկտրամատակարարման գծերի վերականգնման աշխատանքներ են նախատեսվում հանրապետության ողջ տարածքում: «Հարկ է նշել, որ մինչև պատերազմը Արցախի էլեկտրաէներգետիկ ցանցը Հայաստանից սնվում էր երկշղթա: Երկրորդ գիծն անցնում էր Շահումյանի շրջանով: Ներկայումս ՀՀ-ից եկող էլեկտրամատակարարման միաշղթա գիծը միանում է Արցախի ընդհանուր ցանցին և մոտ 80 տոկոսով ապահովում է անհրաժեշտ էլեկտրաէնեգիայով: Պահանջվող ևս 20 տոկոս էլեկտրաէներգիայի ծավալն ապահովում են արցախյան ՀԷԿ-երը: Արցախի 36 ՀԷԿ-երից 30-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ներկայումս էլեկտրամատակարարման ցանցին միացված են միայն 6-ը»,-մանրամասնեց Թովմասյանը: Անդրադառնալով Մարտունու շրջանի կանոնավոր էլեկտրամատակարարման վերականգնմանը՝ նախարարը տեղեկացրեց, որ էլեկտրական օդային նախկին գծերը մնացել են հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ներկայում պահանջվում է շուրջ 40 կլիոմետր երկարությամբ նոր գծի անցկացում: «Այժմ Մարտունիում էլեկտրաէներգիա մատակարարվում է 1 մեգավատ հզորությամբ, ինչը, սակայն չի բավարարում մշտական էլեկտրականություն ունենալու համար: Մարտունու շրջանի էլեկտրամատակարարման ապահովման նաև այլ տարբերակները կան: Այդ ուղղությամբ շուտով քայլեր կձեռնարկվեն»,-մանրամասնեց գերատեսչության ղեկավարը: Խոսելով Արցախի կառավարության կողմից բնակչության սպառած էլեկտրաէներգիայի փոխհատուցման ծրագրի մասին, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ փոխհատուցման չափերը՝ ըստ տարվա եղանակների տարբեր են: «Մասնավորապես ձմեռային ժամանակահատվածում կառավարությունը փոխհատուցելու է շուրջ 500 կիլովատ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց: Նշված ծավալը գերազանցելու դեպքում բնակիչ բաժանորդները վճարելու են գործող սակագներով»,-պարզաբանեց Թովմասյանը:
14:07 - 14 դեկտեմբերի, 2020
Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանի հետ համատեղ եռամյա ծրագրի գնահատման երրորդ փուլի արդյունքները |1lurer.am|

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանի հետ համատեղ եռամյա ծրագրի գնահատման երրորդ փուլի արդյունքները |1lurer.am|

1lurer.am: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ համատեղ եռամյա ծրագրի գնահատման երրորդ փուլի արդյունքները, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել 25․714 միլիոն ՀՓԻ (շուրջ 36․7 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ։ Համատեղ ծրագրի ներքո հատկացվել են 231․657 մլն ՀՓԻ (շուրջ 315 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր ծավալով վարկային միջոցներ։ Այս մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:«ԱՄՀ գնահատմամբ՝ դրամավարկային քաղաքականությունը եղել է ըստ անհրաժեշտության ընդլայնողական՝ աջակցելով տնտեսությանը և պահպանելով բանկային համակարգի իրացվելիությունը, իսկ գնաճը պահպանվել է ցածր մակարդակում։Այնուամենայնիվ, ՀՀ կենտրոնական բանկը պետք է ուշադիր հետևի շուկաների զարգացումներին և պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում ճշգրտել դրամավարկային քաղաքականությունը մակրոտնտեսական կայունությունը ապահովելու համար՝ պահպանելով փոխարժեքի ճկունությունը գնաճի նպատակադրման շրջանակներում ցնցումները կլանելու համար։Չնայած ֆինանսական համակարգը սթրեսի նշաններ ցույց չի տվել, Կենտրոնական բանկը պետք է շարունակի բացահայտել ֆինանսական համակարգում առկա պոտենցիալ խոցելիություններն ու ռիսկերը և պատրաստ լինի ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ ֆինանսական կայունությունը ապահովելու համար:ԱՄՀ խորհրդի անդամները դրական են արձագանքել այն հանգամանքին, որ սոցիալ-տնտեսական ցնցումները նշանակալի բացասական ազդեցություն չեն թողել ֆինանսական համակարգի վրա։ Վերջիններիս դիտարկմամբ՝ ֆինանսական ոլորտի բարեփոխումները, որոնց մի մասը դեռևս ընթացքի մեջ են, կնպաստեն տնտեսական վերականգնմանը և երկարաժամկետ աճին»,- գրված է հայտարարությունում:
10:52 - 14 դեկտեմբերի, 2020
Google GPS-ի հիման վրա ՀՀ պետական սահմանների սահմանազատում իրականացվել չի կարող. ՀՀ ՄԻՊ

Google GPS-ի հիման վրա ՀՀ պետական սահմանների սահմանազատում իրականացվել չի կարող. ՀՀ ՄԻՊ

Գուգլ քարտեզի (Google Map) կամ գուգլ գլոբալ տեղորոշման համակարգի (Google GPS)-ի հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Գուգլ քարտեզի (Google Map) կամ գուգլ գլոբալ տեղորոշման համակարգի (Google GPS) հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող: Անհասկանալի է` գուգլ քարտեզի ո՞ր տարբերակն է հիմք ընդունվում, երբ գուգլն ինքն է նշում, որ առկա են աշխարհի առցանց քարտեզների բազմաթիվ տարբերակներ: Կամ արդյոք պարզել ենք` ալգորիթմային ի՞նչ համակարգեր կամ տեղորոշման ի՞նչ մեխանիզմ է դրվել առցանց քարտեզի կոնկրետ տարբերակի հիմքում: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու դիտակումները սահմանային բնակավայրերում հաստատում են, որ այդ մոտեցումը լրջորեն վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության սահմանադրական իրավունքները: Խոսքը մեր պետության սահմանների պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է: Սահմանազատումների կամ սահմանագծումների հարցում անհրաժեշտ են մասնագիտական մոտեցումներ, գիտական հետազոտությունների արդյունքներ, տեղում մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրավական հիմքեր և այլն: Այս հարցը պետք է լինի մեր երկրի բացառիկ գերակայությունների թվում, բոլորի առաջնահերթ ուշադրության կենտրոնում»:
09:22 - 14 դեկտեմբերի, 2020
Հունաստանը Հայաստանին մարդասիրական օժանդակություն կտրամադրի. Greek City Times |tert.am|

Հունաստանը Հայաստանին մարդասիրական օժանդակություն կտրամադրի. Greek City Times |tert.am|

tert.am:  Այսօր` դեկտեմբերի 12-ին, Հայաստանին մարդասիրական օժանդակություն կտրամադրվի Հունաստանի կողմից` տեղի հայկական կազմակերպությունների խնդրանքից հետո: Այս մասին գրում է Greek City Times-ը, նշելով` Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային զարգացման համագործակցության ծառայությունը, իր մարդասիրական առաքելության շրջանակներում, օգնությունը կհասցնի Հայաստան: Մասնավորապես, Հայ օգնության միությունը, Հայ կապույտ խաչը և Ողորմության խաչ Մակեդոնիա-Թրակիան, Աթենքում Հայաստանի դեսպանության աջակցությամբ, մարդասիրական օգնություն են հավաքել Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժմամբ պխայմանավորված:Տրանսպորտային ինքնաթիռ տրամադրած Ազգային պաշտպանության նախարարության համագործակցությամբ հենց այսօր նախատեսվում է բեռների առաքումն ու տեղափոխումը Հայաստան: Մարդասիրական օգնությունը ներառում է բժշկական պարագաներ և սնունդ` արցախցի փախստականների համար: Նախաձեռնությունը պատկանում է թե՛ տեղի հայկական համայնքին, թե՛ հույներին:
13:51 - 12 դեկտեմբերի, 2020
Լավրովը պարզաբանել է, թե ինչու Ղարաբաղի վերաբերյալ Իրանի պլանին ուշադրություն չի դարձվել |armenpress.am|

Լավրովը պարզաբանել է, թե ինչու Ղարաբաղի վերաբերյալ Իրանի պլանին ուշադրություն չի դարձվել |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը որոշելու իրավունքը եղել է Հայաստանինն ու Ադրբեջանինը, դրանով է պայմանավորված հայտարարության մասնակիցների ընտրությունը և այն, որ Իրանի առաջարկած խաղաղ կարգավորման պլանին ուշադրություն չի դարձվել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հիմա պետք չէ մտածել այն մասին, թե ով, երբ է հասցրել կամ չի հասցրել աջակցել կարգավորմանը: Ընդգծեմ ևս մեկ անգամ` ձևաչափի ընտրության իրավունքը եղել է Ադրբեջանինն ու Հայաստանինը: Հենց դրանով է պայմանավորվել հայտարարության մասնակիցների կազմը: Իրանի կամ Թուրքիայի հաշվին որևէ բան անելու փորձ չի եղել և չէր կարող լինել»,- իրանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Լավրովը: Նա նշել է, որ հիմա կարևոր է ավարտին հասցնել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, և տարածաշրջանը դարձնել համագործակցության և բարիդրացիության տարածաշրջան:
13:29 - 12 դեկտեմբերի, 2020