Հայաստան

Բաքվի շքերթը Ադրբեջանի ու Թուրքիայի հերթական սադրանքն է․ «Լազարյան ակումբ»-ի խորհուրդ |1lurer.am|

Բաքվի շքերթը Ադրբեջանի ու Թուրքիայի հերթական սադրանքն է․ «Լազարյան ակումբ»-ի խորհուրդ |1lurer.am|

1lurer.am: «Լազարյան ակումբ»-ի խորհուրդը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի ունեցած շքերթի և Հայաստանի ու Ռուսաստանի հանդեպ անհարգալից պահվածքի վերաբերյալ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «ոսկորների վրա պարերը», որ կազմակերպել էին Բաքվում` անվանելով դա «հաղթական շքերթ», Ադրբեջանի ու Թուրքիայի հերթական սադրանքն է, Հայաստանին ու հայ ժողովրդին հասարակավ նվաստացնելու փորձ։ «Բայց ոչ միայն: Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են: Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներին միավորող միջազգային «Լազարյան ակումբի» խորհուրդը համոզված է՝ նման ագրեսիվ քայլով շքերթի կազմակերպիչները վիրավորել են ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին: Այդ համատեքստում հատկապես անմարդկային են հնչում Ադրբեջանի նախագահի խոսքերը 1945 թվականի ֆաշիզմի դեմ Մեծ hաղթանակի մասին: Կարծում ենք՝ նման պատմական զուգահեռները կեղծ են, վիրավորական և հանցավոր։ Բաքվում երեկ տեղի ունեցած շքերթը ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի նեոօսմանական նկրտումների օրինականացում և տարածաշրջանի պատմությունը վերաշարադրելու փորձ»,- ասվում է հայտարարության մեջ: «Լազարյան ակումբ»-ի խորհուրդը նաև նշում է, որ միջոցառման ժամանակ Թուրքիային նախագահ Էրդողանն անթաքույց հիացմունք է հայտնել Էնվեր փաշային (Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը), իսկ 1918 թ․ թուրքական ներխուժող բանակի համազգեստով զինվորականների շքերթն ուղեկցվել է ծափահարություններով։ «Միայն հայ ժողովուրդը կարող է տնօրինել սեփական ճակատագիրը։ Հայաստանը պետք է հետևություններ անի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ծանր դասերից, միավորվի կորուստների ու հիասթափությունների դառնությունը հաղթահարելու համար: Խորհուրդը համոզված է, որ միայն հայ ժողովուրդն իրավունք ունի որոշելու իր ճակատագիրը: Որքան արագ հայ հասարակությունը գտնի օրինական լուծում և համաձայնության գա, այնքան շուտ կձեռնարկվեն արդյունավետ քայլեր Հայաստանի պաշտպանունակության, տնտեսության վերականգնման և հայ ժողովրդի ոգու վերածննդի ուղղությամբ»,- նշված է Խորհրդի հայտարարության մեջ:
10:43 - 12 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում միջազգային մարմիններին․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում միջազգային մարմիններին․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում միջազգային մարմիններին: Ընդ որում, դարձրել ենք միասնական փաթեթ` սկսած սեպտեմբերի 27-ից: Կարևոր է, որ այս անգամ դրանք միասնական փաթեթով ուղարկվում են նաև այն երկրների քրեական հետապնդման մարմիններին, որոնք ունեն համընդհանուր իրավազորություն (universal jurisdiction): Ապացույցները մեր աշխատակազմում ենթարկվել են իրավական մշակման, թարգմանվել են ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն, իրականացվել է իրավական ամրագրում: Այդ ապացույցներին կից ուղակվում է նաև իրավական վելուծություն, որով ցույց է տրվում, որ ադրբեջանական կողմն արհեստական է ձգձգում գերիների վերադարձն ու զինծառայողների մարմինների փոխանակումը: Ցույց է տրվում նաև կապը դաժանություններին ու էթնիկ պատկանելիության հիմքով պետական աջակցությամբ հայատյացության, այն շարունակելու ադրբեջանական քաղաքականության հետ: Բոլոր նյութերը կուղարկվեն նաև ՀՀ ԱԳՆ, միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկյացուցիչներին, այլ երկրներում հհ դիվանագիտական առաքելություններին, ինչպես նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին»:
14:48 - 11 դեկտեմբերի, 2020
Բաքվում անցակվող շքերթը ագրեսիայի, թուրքական ֆաշիզմի խորացմանն ուղղված «հաղթանակի» շքերթ է. Տաթևիկ Հայրապետյան

Բաքվում անցակվող շքերթը ագրեսիայի, թուրքական ֆաշիզմի խորացմանն ուղղված «հաղթանակի» շքերթ է. Տաթևիկ Հայրապետյան

Բաքվում անցակվող շքերթը ագրեսիայի, մարդկության դեմ գործած հանցագործությունների, տարածաշրջան վարձկան ահաբեկիչներ բերելու և թուրքական ֆաշիզմի խորացմանն ուղղված «հաղթանակի» շքերթ է։  Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հաղթանակին նվիրված ռազմական շքերթին: «Հնչող ռազմատենչ կոչերը, ՀՀ պետական սահմանների նկատմամբ նկրտումների մասին հերթական հայտարարությունները, մարդկության դեմ հանցագործություն իրականացրած մարդասպանների ոգեկոչումը դրա վառ ապացույց են։ Հերթական անգամ համոզվում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են տարածաշրջանում հարցերը լուծել՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը։ Սա իրական սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար»,- ասված է գրառման մեջ։
16:39 - 10 դեկտեմբերի, 2020
Ըստ Պեսկովի՝ Ադրբեջանից ու Հայաստանից բանջարեղենի և մրգերի ներկրման արգելքը Կրեմլի հետ չի համաձայնեցվել |azatutyun.am|

Ըստ Պեսկովի՝ Ադրբեջանից ու Հայաստանից բանջարեղենի և մրգերի ներկրման արգելքը Կրեմլի հետ չի համաձայնեցվել |azatutyun.am|

azatutyun.am: «Ռուսաստանի սպառողական շուկայի վերահսկման ծառայության (Роспотребнадзор) կողմից Հայաստանի մի շարք շրջաններից և Ադրբեջանի ողջ տարածքից մրգերի և բանջարեղենի ներկրումն արգելելու որոշումը նախագահի աշխատակազմի հետ չի համաձայնեցրել», - այսօր Մոսկվայում, լրագրողների հետ զրույցի ընթացքում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ Պուտինի խոսնակի՝ Роспотребнадзор-ը չպետք է նման հարցերը համաձայնեցնի Կրեմլի հետ։ «Այդ ամենն արվում է կառավարության հետ համագործակցության շրջանակներում և կան հստակ չափանիշներ, որոնց համաձայն կայացվում են նման որոշումները», - նշել է Պեսկովը։ Ավելի վաղ, Ռուսաստանի «Գյուղատնտեսության ոլորտի վերահսկողական ծառայությունը» հայտարարել էր, որ Ադրբեջանից ներկրվող լոլիկը և խնձորը ինչպես նաև Հայաստանի Արմավիրի մարզից ներկրվող լոլիկը չեն համապատասխանում երկրում գործող սանիտարական նորմերին։
15:03 - 10 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում են ներքին թշնամանք՝ նպատակ ունենալով ատելություն առաջացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ. ՄԻՊ

Ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում են ներքին թշնամանք՝ նպատակ ունենալով ատելություն առաջացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ. ՄԻՊ

Ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում  են ներքին թշնամանք` նպատակ ունենալով ատելություն առաջացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ: Այս մասին ասվում է ՄԻՊ տարածած հայտարարությունում: «Քիչ առաջ ավարտեցինք հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ադրբեջանցիների ապօրինի տիրանալու ու այդ էջերը կառավարելու վերաբերյալ նոր ապացույցների հետազոտումն ու իրավական ձևակերպումները: Այս անգամ խոսքը վերաբերում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած օբյեկտիվ բնույթի ապացույցների այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում ներքին թշնամանք՝ նպատակ ունենալով ատելություն առաջացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ: Կից նյութերում առկա տեքստի տառացի մեջբերումն է. «հենց թուրքերը հարձակվում են Արցախի վրա էս ղարաբաղցիք էլ հարձակվում են Երևանի վրա»: Տեքստի մյուս մասը պարունակում է քաղաքական բովանդակություն ունեցող թշնամանք, ուստի այն չեմ հրապարակում հասկանալի պատճառներով: Ակնհայտ է, որ հայաստանցի-արցախցի արհեստական թեմայի շահարկումը, այդ հիմքով ատելություն հրահրելը նպատակ ունի առաջացնել լարվածություն մեր հասարակությունում՝ վտանգելով մեր համերաշխությունն ու համախմբվածությունը: Մեր ձեռք բերած ապացույցներն, իհարկե, շատ ավելին են: Այս հրապարակումով ներկայացնում եմ դրանցից միայն մի քանիսը ՝ որպես մեկ դեպքով օրինակ: Այս փուլի ապացույցները վերաբերում են պատերազմական գործողությունների ժամանակաշրջանին: Եվս մեկ անգամ խնդրում եմ ցուցաբերել զգուշություն սոցիալական ցանցերից օգտվելիս, չներքաշվել նման «քննարկումների»՝ անկախ նրանից ով է դա անում կամ ինչ խմբերում է արվում ու ինչ տեսակի հարցեր են շահարկվում (սոցիալական, քաղաքական և այլն): Բոլոր ապացույցները անհրաժեշտ իրավական ձևակերպումներով կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության»:
23:14 - 09 դեկտեմբերի, 2020
Դեկտեմբերի 15-ից «Արմենիա» ավիաընկերությունը վերականգնում է տարանցիկ չվերթերը Թբիլիսի-Երեւան-Մոսկվա ուղղությամբ

Դեկտեմբերի 15-ից «Արմենիա» ավիաընկերությունը վերականգնում է տարանցիկ չվերթերը Թբիլիսի-Երեւան-Մոսկվա ուղղությամբ

Դեկտեմբերի 15-ից «Արմենիա» ավիաընկերությունը վերականգնում է տարանցիկ չվերթերը Թբիլիսի-Երեւան-Մոսկվա ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ավիաընկերության ֆեյսբուքյան էջում։ «Հայաստան կարող են ժամանել բոլոր օտարերկրյա քաղաքացիները՝ առանց սահմանափակման։ Վրաստան կարող են մուտք գործել Վրաստանի քաղաքացիները, Վրաստանի Արտգործնախարարության կողմից երկիր մուտք գործելու հատուկ թույլտվություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ այն օտարերկրյա քաղաքացիները, ում մերձավոր ազգականը (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում է Վրաստանի քաղաքացի։ Ռուսաստանի Դաշնություն կարող են մուտք գործել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաեւ այն օտարերկրյա քաղաքացիները, ում մերձավոր ազգականը (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում է ՌԴ քաղաքացի»,- ասված է գրառման մեջ։
23:08 - 09 դեկտեմբերի, 2020
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Հայաստան ու Ադրբեջան |hy.armradio.am|

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Հայաստան ու Ադրբեջան |hy.armradio.am|

hy.armradio.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս հանգստյան օրերին կլինեն Բաքվում ու Երևանում՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Տեղեկությունն այսօր հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով խորհրդականի պարտականություններ կատարող Ֆիլիպ Ռիկերը՝ ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսին կից Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (Հելսինկիի հանձնաժողով) անդամների համար ճեպազրույցում։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է կոչ անել Ադրբեջանին ու Հայաստանին կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀՄ Մինսկի համանախագահների ձևաչափով։ Ռիկերը հայտնել է, որ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը Ժնևում է ու հանդիպումներ է անցկացնում Վրաստանի հարցով ժնևյան գործընթացի շրջանակում։ «Այս շաբաթ-կիրակի նա Մինսկի խմբի այլ համանախագահների հետ կմեկնի երկու մայրաքաղաք՝ ինչպես Բաքու, այնպես էլ Երևան, որ հասկանա՝ որտեղ կարող ենք առաջ շարժվել այդ հակամարտության դիվանագիտական կարգավորման հարցում», — ասել է Ռիկերը։ Նա ավելացրել է, որ Մինսկի խմբի ձևաչափն ինքնին հաջող է, քանի որ զգալի հատված՝ 30 տարի, խաղաղություն էր, «նույնիսկ եթե փխրուն»։ Ռիկերը նշել է, որ ԱՄՆ-ն պնդում է, որ բանակցությունների սեղանի շուրջ «կայուն լուծում» մշակվի։
09:57 - 09 դեկտեմբերի, 2020
Ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը, և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից․ Արա Այվազյան

Ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը, և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից․ Արա Այվազյան

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի խոսքը և պատասխանը լրագրողի հարցին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին․ «Հարգելի պարոն Լը Դրիան, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ այսօր գտնվել բարեկամ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Շնորհակալություն եմ հայտնում իմ ֆրանսիացի գործընկերոջը հրավերի և ջերմ ընդունելության համար։ Գոհունակությամբ կարող եմ արձանագրել, որ մենք այսօր արդյունավետ և անկեղծ զրույց ունեցանք հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգում գտնվող ամենահրատապ հարցերի շուրջ։ Հանդիպման առանցքային հարցերից մեկը, իհարկե, Թուրքիայի գործուն աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան էր, և դրա արդյունքում ստեղծված բարդ իրավիճակը։ Մենք մտքեր փոխանակեցինք պատերազմից հետո ի հայտ եկած հումանիտար խնդիրների լուծման, խաղաղ բանակցային գործընթացի հետագա ընթացքի, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն ուղղված քայլերի, ինչպես նաև ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ հայտնված հայկական բազմադարյա մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ։ Ես Հայաստանի Հանրապետության անունից խորին երախտագիտություն հայտնեցի ֆրանսիացի գործընկերոջս՝ պատերազմի ամենասկզբից ի վեր Ֆրանսիայի որդեգրած համարձակ և, միևնույն ժամանակ, անկողմնակալ դիրքորոշման համար։ Մեզ համար խիստ կարևոր էին նախագահ Էմանուել Մակրոնի հասցեական հայտարարությունները, որտեղ վերջինս հստակ մատնանշեց ագրեսորին և անդրադարձ կատարեց Թուրքիայի խիստ վնասակար ու վտանգավոր ներգրավվածությանը պատերազմում, ինչպես նաև ջիհադիստ ահաբեկիչների՝ դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխման հարցին։ Օգտվելով ընձեռված առիթից՝ կցանկանայի նաև հատուկ շնորհակալություն հայտնել անձամբ արտգործնախարար Լը Դրիանին՝ ինչպես պատերազմի ծանր օրերին, այնպես էլ՝ հրադադարի հաստատումից հետո խնդրի կարգավորմանը և Հայաստանին օգնելու հարցում իր ներգրավվածության, ինչպես նաև ֆրանսիական դիվանագիտության կառուցողական գործունեության համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված հումանիտար աջակցության համար։ Վերջին ամիսներին մենք, հիրավի, զգացել ենք ֆրանսիացի ժողովրդի, պետության և հասարակական շրջանակների անկեղծ աջակցությունն ու կարեկցանքը մեր թիկունքում։ Դրա ամենավառ վկայությունն ինչպես վերոնշյալ փաստերն են, այնպես էլ՝ ֆրանսիացի մտավորականների, արվեստի ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների, պետական ու քաղաքական գործիչների հազարավոր հայտարարությունները և մամուլի հրապարակումները։ Այս համատեքստում կցանկանայի նաև հիշատակել «Le Monde» օրաթերթի երկու լրագրողներին, ովքեր ծանր վիրավորվել են Արցախում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս։ Նրանց արագ ապաքինում եմ մաղթում։  Իմ ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հանգամանալից անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական կարգավորմանը։ Ներկայացրի Հայաստանի մտահոգությունները, այդ թվում՝ պատերազմի օրերին Արցախից հեռացած հայ բնակչության իրենց բնակավայրեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձի և ռազմագերիների անհապաղ փոխանակման ու աճյունների վերադարձի հարցերի առնչությամբ։ Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը, որոնք ոչ միայն չեն դատապարտվում Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից, այլև արժանանում են հասարակական աջակցության: Հայատյացության այս դրսևորումների թիրախ են դառնում նաև Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական բազմաթիվ միջնադարյան մշակութային, կրոնական կոթողները, որոնք ադրբեջանական կողմը կամ փորձում է ոչնչացնել, սրբապղծել, կամ էլ՝ փոխել դրանց ինքնությունը: Մտքեր փոխանակեցինք միջազգային կազմակերպությունների միջոցով այդ կրոնական-մշակութային կոթողների պահպանման ուղղությամբ: Գործընկերոջս ներկայացրի Հայաստանի դիրքորոշումը բանակցությունների հետագա ընթացքի վերաբերյալ։ Ընդգծեցի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի կարգավիճակի ճանաչման կարևորությունը:  Անդրադարձ կատարեցինք նաև հայ-ֆրանսիական սերտ քաղաքական երկխոսության խորացման հետագա հեռանկարներին և համագործակցության ծրագրերին։  Ավարտելով խոսքս՝ կուզենայի ընդգծել, որ շատ ուրախ կլինեմ հյուրընկալել գործընկերոջս՝ Ժան-Իվ Լը Դրիանին Երևանում՝ օրակարգային հարցերի շուրջ հայ-ֆրանսիական արդյունավետ երկխոսությունը շարունակելու նպատակով։  Շնորհակալություն: Հարց. Պարոն Լը Դրիան, նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուղղված էր ռազմական գործողությունների դադարեցմանը, և Դուք էլ եք նշել, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանման մասով: Ինչպե՞ս է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը տեսնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը՝ հաշվի առնելով, որ այս հարցը Մադրիդյան հիմնարար սկզբունքներից միակն է, որը դեռ չի հասցեագրվել: Պարոն Այվազյան, կցանկանայի նաև Ձեր մեկնաբանությունը ինքնորոշման իրավունքի վերաբերյալ:  Արա Այվազյան. Տեսեք, ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը, և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չի հանել օրակարգից: Ադրբեջանը և Թուրքիան, սկսելով ռազմական ագրեսիան Արցախի ինքնորոշման դեմ, խախտել են միջազգային իրենց պարտավորությունները, իսկ Ադրբեջանը խախտել է նաև խաղաղ բանակցային գործընթացի իր պարտականությունները: Սեպտեմբերի 27-ից ի վեր մինչ օրս, միջազգային հանրության մոտ ընկալման նոր ջրբաժան տեղի ունեցավ, որովհետև միջազգային հանրությունը հասկացավ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սոսկ տարածքային վեճ չէ: Եվ Արցախի բոլոր այն հատվածներում, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ, տեղի ունեցան էթնիկ զտումներ և ռազմական հանցագործություններ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է անհրաժեշտությունն անդրադառնալ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Միայն այդ դեպքում, ինձ թվում է, հնարավոր է հասնել տևական և արդար խաղաղության,  և միայն այդ ժամանակ կարելի է մտածել Հարավային Կովկասում խաղաղ գոյատևման և նոր ժամանակաշրջանի մասին:  Այսքանը, շնորհակալություն»։
09:20 - 09 դեկտեմբերի, 2020
Միայն ցորենը չէ, էլի կան ապրանքներ, որոնք խնդիրներ են բերելու, բայց պետք է գիտակցենք, որ մեր հողատարածքների կեսը չենք մշակում․ Գևորգ Պապոյան |hetq.am|

Միայն ցորենը չէ, էլի կան ապրանքներ, որոնք խնդիրներ են բերելու, բայց պետք է գիտակցենք, որ մեր հողատարածքների կեսը չենք մշակում․ Գևորգ Պապոյան |hetq.am|

hetq.am: Ադրբեջանին տարածքներ զիջելու պատճառով արցախյան տարածքներից հակառակորդին է անցել 50 հազար հա հացահատիկի ցանքատարածք (նախնական հաշվարկներով): Թե այս հանգամանքն ինչ ազդեցություն կարող է ունենալ և արդյոք կարող է հանգեցնել պարենային անվտանգության, այս մասին զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանի հետ: Պատգամավորը ցավով ընդգծում է, որ Հայաստանի տարածքում գտնվող հողատարածքների միայն 54 %-ն է մշակվում, մնացած 46% անմշակ է, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում, և առաջին հերթին` պարենային անվտանգության: «Սա էքստենսիվ ճանապարհ է, բայց անգամ այս ճանապարհով կարող ենք մեր գյուղատնտեսական արտադրանքի ծավալները երկու անգամ մեծացնել, բայց դրան զուգահեռ անհրաժեշտ է լինելու ոռոգման ջրի հարցում արդյունավետ աշխատել: Որոշ տվյալներով անգամ 80% ջրային կորուստներ են լինում, և եթե կարողանանք կաթիլային ճանապարհով կամ փակ ոռոգման համակարգի անցնենք, կարծում եմ ջրի խնդիր էլ չենք ունենա»,- ասում է պատգամավորը` հավելելով, որ որոշ վայրերում ջրի պատճառով է նաև, որ կան անմշակ հողատարածքներ: Ըստ քաղաքական մեծամասնության պատգամավորի` երկրորդ խնդիրը ինտենսիվացման խնդիրն է: Հայաստանում գյուղատնտեսության մեջ զբաղված մեկ անձը մոտ 5400 դոլարին համապատասխան արժեք է ստեղծում, Դանիայում` 63 հազար դոլար, Իսրայելում` 94500 դոլար: Սա, ըստ Պապոյանի, պայմանավորված է գյուղատնտեսության մեջ ժամանակից գիտելիքների, տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությամբ: Պապոյանն ասում է` նույնիսկ այս տրամաբանության շրջանակում կան մի խումբ ապրանքներ, որոնք պարենային ապահովության խնդիր չեն առաջացնում, ինչպես` կարտոֆիլ, պտուղ-բանջերեղեն, խաղող, ոչխարի միս, սակայն նույն իրավիճակը չէ հացահատիկի, հատիկաընդեղենի, խոզի, թռչնի մսի հարցում: «Հետևաբար այս ապրանքների պահանջարկը մենք լրացրել ենք ներմուծման ճանապարհով, բայց էստեղ էլ ունենք զգալի հնարավորություններ: Եթե խոզի միս ինտենսիվ արտադրենք, էժան գին ստանանք, ապա կարելի է ասել, որ վաճառքի մեծ շուկա կա, նույնը հացահատիկի, հատիկաընդեղնեի մասով»,- ասում է Գևորգ Պապոյանը` վկայակոչելով ԵԱՏՄ շուկան, որը մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի համար: Պատգամավորը նաև ընդգծում է` հարցի պատասխանը զգայական ու էմոցիոնալ դաշտում չէ, պետք է սառը դատել և խոստովանել, որ հացահատիկի հարցում խնդիրներ ունենալու ենք: «Միայն ցորենը չէ, կան էլի ապրանքներ, որոնք խնդիրներ են բերելու, բայց պետք է գիտակցենք, որ մեր հողատարածքների կեսը չենք մշակում, որն էլ մշակում ենք էքստենսիվ`ավանդական եղանակով ենք մշակում, ժամանակակից տեխնոլոգիաներ գրեթե չեն կիրառվում, ինչի հետևանքով մեր արտադրողականությունը միջին եվրոպական արտադրանքի համեմատ մոտ տասն անգամ ցածր է»,-ասում է պատգամավորը: Ըստ նրա` տարածքներում որտեղ ռելիեֆի խնդիր կա, պետք է ինտենսիվ անասնապահության վրա կենտորանանալ, այնտեղ որտեղ հողերի որակը բարձր է, ինչպես`Արարատյան դաշտավայրում, պետությունն անգամ մեկ սմ չմշակված  հող թողնելու իրավունք չունի: Ընդ որում` դա պետք է իրականացվի ոչ թե կամ 50-60-ականների գիտելիքներով, այլ  գյուղատնտեսությունն ամբողջությամբ վերափոխելով: Մեր դիտարկմանը, որ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ ցանկանում է վերափոխել գյուղատնտեսության մոդելը, դարձնել ֆերմերային, որպեսզի գյուղերում գյուղացիներն այլ զբաղվածություն ունենան, այլ ոչ թե հողատարածք մշակեն, արդյոք սա հնարավոր է իրականացնել, Գևորգ Պապոյանն արձագանքեց. «Եթե ձևակերպենք, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի գյուղատնտեսությունը ենթադրենք 2050 թվականին, ես կասեմ` այդպիսին, բայց թե ինչպիսին պետք է լինի 2025 թվականին, վստահ եմ` էդպիսին չի կարող լինել: Պիտի իրատես լինենք, մեկ այլ բան է, թե ուր ենք ուզում գնանք ու աշխատենք այդ ուղղությամբ, մեկ այլ բան է մարտավարական առումով կարճաժամկետ փոքր գործողություններ ձեռնարկելիս ինչ ենք անելու: Մարտավարական առումով իմ նշած գործողություններն ավելի իրագործելի են, բայց ռազմավարական առումով դրանք պետք է բերեն նախարարի նշած գործողությունների իրականացման»:  Շարունակությունը՝ hetq.am-ում
16:06 - 08 դեկտեմբերի, 2020