Հայաստան

Այլեւս հնարավոր չէ իմ ծննդավայրում հոգեպես գոյատեւել․ Պոլսահայ քաղաքական գործիչ |hetq.am|

Այլեւս հնարավոր չէ իմ ծննդավայրում հոգեպես գոյատեւել․ Պոլսահայ քաղաքական գործիչ |hetq.am|

hetq.am: Պոլսահայ քաղաքական գործիչ Գայուշ Չալըքման-Գավրիլոֆն ասում է, որ թրքահպատակ հայերը մեծ ցավով են լսել սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի մասին։ Գայուշ Չալըքման-Գավրիլոֆը հիշում է, որ պատերազմի օրերին թուրքերը՝ ադրբեջանական դրոշները ձեռքերին, անցնում էին Պոլսի հայկական թաղամասերով։ «Թուրքիայի մեջ թուրքերի հետ կողք-կողքի ապրել, տեսնել ամեն ինչ, ընդվզել, բայց ձայն չկարողանալ բարձրացնել։ Սա է ահա Թուրքիայի հայերի ողբը»,- նկատում է պոլսահայ գործիչը։ Ըստ Չալըքման-Գավրիլոֆի՝ «թավշյա հեղափոխությունից» հետո պոլսահայերը մեծ հույսեր էին կապում Հայաստանի հետ, շատերը Հայաստանի քաղաքացիություն էին ստացել ու նրանց մի մասը ներգաղթի ծրագրեր ուներ։ Ինչ վերաբերում է Թուրքիայում ապրող ՀՀ քաղաքացիներին, ապա, մեր զրուցակցի տեղեկություններով, սեպտեմբերի 27-ից հետո շուրջ 750 հայաստանցի է վերադարձել հայրենիք։ Պատճառները տարբեր են եղել․ մի մասը վտանգ եւ վախ է զգացել Թուրքիայում, ոմանք էլ պատերազմին մասնակից որդիներ ու թոռներ ունեին։ «Մի ծանոթ կին ասաց, որ եթե 2 գուլպա հյուսեմ, ուղարկեմ մարտիկներին կամ գնամ Արցախ, մի վերք բուժեմ, շահ է։ Ետ գնաց Հայաստան»,- հիշում է պոլսահայ գործիչը։ Այդուհանդերձ, ըստ նրա, կա նաեւ խավ, որի վրա ազդել է ձուլման թուրքական քաղաքականությունը։ Չալըքման-Գավրիլոֆն ասում է, թե այդպիսի հայերը պատերազմի ժամանակ էլ շարունակել են իրենց սովորական կյանքը, կերուխումն ու ցնծությունը, իսկ նրանցից ոմանք նույնիսկ Հայաստանին են մեղադրել ու ինչ-որ «փաստարկներ» բերել՝ լինելով թուրքական մամուլի ազդեցության տակ։ Բայց սրանցից շատ քչերն են ստացել իրենց արժանի պատասխանը։ Պոլսահայ քաղաքական գործիչը նկատում է, որ Ադրբեջանին ամեն կերպ սատարած Թուրքիան, այնուամենայնիվ, այսօր ծանր տնտեսական պայմաններում է ու փորձում է շինարարության եւ պատերազմի միջոցով կանգուն պահել տնտեսությունը։ «Շինարարությունն արագորեն բարելավում չի կարող բերել։ Բոլորիս պարզ է, որ այն ներդրում է միմիայն սպառման համար։ Իսկ պատերազմն արդեն հազար տարի այս ազգի մտայնությամբ տնտեսությունը փրկելու միջոց է»,- նշում է մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ մինչեւ սեպտեմբերին սանձազերծված պատերազմը Թուրքիան վերջին տարիներին քանիցս հարձակվել է Սիրիայի վրա, ցանկացել է մտնել Լիբիա, Հունաստանի հետ բախումներից էլ հետ է կանգնել Արեւմուտքի միջամտությունից հետո։ «Ի վերջո, նրան հաջողվեց Կովկաս մուտք գործել։ Բայց թե ինչքանով երկիրն  օգուտ տեսավ, հայտնի չէ, որովհետեւ այդ գումարը գնաց մի երկու ընտանիքի գրպանը»,- ասում է քաղաքական գործիչը։ Ըստ Գայուշ Չալըքման-Գավրիլոֆի՝ արդեն երկար տարիներ Թուրքիայի ընդհանուր տնտեսական եկամտի մի զգալի մասը՝ 35-40 տոկոսը, մտնում է կոնկրետ խավի գրպանը։  Շարունակությունը՝ hetq.am-ում
14:51 - 29 նոյեմբերի, 2020
Արդեն Հայաստանում է «Fly Armenia Airways»-ի առաջին Boeing 737-400 օդանավը

Արդեն Հայաստանում է «Fly Armenia Airways»-ի առաջին Boeing 737-400 օդանավը

«Fly Armenia Airways»-ն տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ավիաընկերության առաջին Boeing 737-400 օդանավը։ «Օդանավի ժամանման հետ կապված «Fly Armenia Airways» ընկերության տնօրեն Նորբերտ Վինկլերը նշել է՝ «Այս օդանավը՝ հայկական դրոշի ու մեր ավիաընկերության տարբերանշանի ներքո, շատ շուտով կիրականացնի իր առաջին չվերթները՝ այդպիսով սկիզբ դնելով «Fly Armenia Airways» ավիաընկերության օպերացիոն գործունեությանը միջազգային ավիաշուկայում»։ Հաշվի առնելով երկրի համար այս բարդ ժամանակահատվածում կայուն տնտեսության կարևորությունը, ինչպես նաև, քաջ գիտակցելով, որ ամուր տնտեսության գրավականներից մեկը նաև մրցունակ ավիացիայի առկայությունն է, «Fly Armenia Airways»-ն իր հերթական ներդրումն է փորձում անել մեր երկրի կայունացման ու տնտեսության ամրապնդման գործում։ Boeing 737-400 -ը ուղևորափոխադրող ինքնաթիռների մեջ իր ուրույն տեղն ունի համաշխարհային օդային նավատորմում։ 154 տեղանոց այս օդանավը՝ (146 էկոնոմ, 8 բիզնես կարգ) ինչը հնարավորություն է տալիս «Fly Armenia Airways» -ի ուղևորներին հարմարավետ ճամփորդել սահմանված ուղղություններով։ Փորձ անելով ստեղծել հայկական քաղաքացիական ավիացիայի պատմության նոր էջերը, մեր ընկերությունը նաև հետևողական է տեղական և միջազգային ավիացիոն ավանդույթներին։ Հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ «Հայկական հյուրընկալությունը երկնքում», «Fly Armenia Airways» -ն այսուհետ նույնպես ամեն ինչ կանի, ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և կփորձի նպաստել մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը՝ հայկական հյուրասիրությունը ներկայացնելով նույնիսկ երկնքում։«Fly Armenia Airways»-ը հայկական ավիափոխադրող է, որն պլանավորում է իրականացնել միջազգային ավիափոխադրումներ, կապ ստեղծելով Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների միջև, ինչպես նաև նպաստել Հայաստանում զբոսարջության զարգացմանը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
11:17 - 29 նոյեմբերի, 2020
Նախատեսվում է գործակցություն Փարիզի, Մարսելի, Լիոնի և Երևանի հիվանդանոցների միջև. Էրիկ Շևալիե |1lurer.am|

Նախատեսվում է գործակցություն Փարիզի, Մարսելի, Լիոնի և Երևանի հիվանդանոցների միջև. Էրիկ Շևալիե |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ճգնաժամային իրավիճակների կենտրոնի տնօրեն Էրիկ Շևալիեն այս ամբողջ ընթացքում համակարգել է Հայաստանին Ֆրանսիայի կողմից տրամադրված մարդասիրական օգնության տարբեր փուլերը:  «Հենց սկզբից Ֆրանսիան մոբիլիզացվել է Հայաստանի բնակչությանն իր համերաշխությունը հայտնելու համար: Մի քանի շաբաթ առաջ մենք Հայաստան էինք գործուղել վիրաբույժների, որոնք իրենց հետ բերել էին նաև բժշկական սարքավորումներ և մի շարք դեղամիջոցներ: Նախորդ շաբաթ Հայաստան է ժամանել առաջին բեռնատար ինքնաթիռը, որը տեղափոխել էր կառավարության կողմից տրամադրվող հումանիտար օգնություն՝ հիմնականում բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ: Դրա մեջ ներառված էին նաև շարժական բուժկետեր, որոնք հնարավորություն էին ընձեռում բուժելու մոտ 500 հիվանդի»,- նշեց Շևալիեն: Երեկ Երևան ժամանած ինքնաթիռով նույնպես օգնություն է ուղարկվել՝ շուրջ 25 տոննա ընդհանուր քաշով: Նախատեսում ենք նաև համագործակցություն Փարիզի, Մարսելի, Լիոնի և Երևանի հիվանդանոցների միջև՝ նշեց Ճգնաժամային իրավիճակների կենտրոնի տնօրենը:
17:19 - 28 նոյեմբերի, 2020
ՀՀ-ին աջակցելու համար մոբիլիզացվել են Ֆրանսիայի պետական կառույցներն ու ՀԿ- ները.Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար |armenpress.am|

ՀՀ-ին աջակցելու համար մոբիլիզացվել են Ֆրանսիայի պետական կառույցներն ու ՀԿ- ները.Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ ստեղծված բարդ իրավիճակը հաղթահարելու համար․ դրան է ուղղված Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնությունը:Այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը: «Ֆրանսիայից Հայաստան է բերվել 25 տոննա մարդասիրական բեռ: Այս գործողության շուրջ մոբիլիզացվել են ինչպես պետական կառույցներն, այնպես էլ հասարակական կազմակերպությունները, ասոցիացիաները, հիմնադրամը: Ինչպես օրինակ, «Անզավուր» հիմնադրամը, Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինները: Այստեղ է գտնվում նաև Յուրի Ջորկաեֆը, ով խորհրդանշում է մեր բարեկամական հարաբերությունները և սիրով ստանձնել է բարի կամքի դեսպանի առաքելությունը: Ասեմ, որ այս մոբիլիզացիան ինձ հիշեցնում է 1988 թվականը, երբ մեծ համախմբում կար երկրաշարժից ցնցված Հայաստանին աջակցելու համար»,-ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարը: «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը նշեց, որ Ֆրանսիայից ինքնաթիռով տեղափոխված մարդասիրական օգնությունը հիմնականում ներառում է տաք շորեր, ծածկոցներ, «Վեոլիա» հիմնադրամի կողմից տրամադրված հիգիենիկ պարագաներ, բժշկական սարքավորումներ և պարագաներ: Մարդասիրական օգնության մեջ կան նաև վերանորոգման համար նախատեսված պարագաներ, որոնք տրամադրվել է «Էլեկտրիկներ առանց սահմանների» կազմակերպության կողմից:
16:48 - 28 նոյեմբերի, 2020
Իշխանությունները պարտավոր են մանրամասնել՝ թե պատերազմից հետո սահմանների հետ կապված ինչ զարգացումներ են նախատեսված. ՄԻՊ

Իշխանությունները պարտավոր են մանրամասնել՝ թե պատերազմից հետո սահմանների հետ կապված ինչ զարգացումներ են նախատեսված. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ Իշխանություններն պարտավոր են բացատրել, մանրամասն պարզաբանել՝ այս պատերազմից հետո մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ զարգացումներ կամ լուծումներ են նախատեսված։ Ու դա նրանք չպետք է անեն այն պատճառով, որ ստիպված են չեզոքացնել մեր երկրի անվտանգությանն առնչվող անսպասելի զարգացումների հետևանքները կամ մեղմել հանրության զայրույթն այդ անսպասելի զարգացումների կապակցությամբ։ Պետք է ի վերջո գիտակցել, որ խոսքը մեր պետության պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է։ Չի կարելի հանրությանը պահել անորոշության մեջ, մարդկանց ու հատկապես սահմանային գյուղերի բնակիչների համար ստեղծել տագնապային վիճակներ ու այդ ամենով խաթարել հոգեկան անձեռնմխելիությունը, մարդկանց պահել անընդհատ լարվածության մեջ։ Սրանք պետության ուղիղ պարտավորություններն են, պոզիտիվ պարտավորությունները յուրաքանչուր մարդու հանդեպ։
10:12 - 28 նոյեմբերի, 2020
Ֆրանսիայից Հայաստան է ժամանել արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը

Նոյեմբերի 27-ին Երևան է ժամանել Ֆրանսիայի կառավարության կողմից արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը։ Հումանիտար չվերթն ուղեկցել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև Հայաստանի համար բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը։ Չվերթով Հայաստան է տեղափոխվել նաև Ազնավուր հիմնադրամի, Electriciens sans frontières ՀԿ-ի, UNICEF-ի և ԿԽՄԿ-ի մարդասիրական օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է հհ ԱԳՆ ու նշում, որ նոյեմբերի 21-ին նախագահ Էմանուել Մակրոնն այցելել էր «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ ի աջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որտեղ հայտարարել էր Ֆրանսիայի կառավարության, ինչպես նաև «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մարդասիրական օգնությունը տեղափոխելու համար նախատեսված երկու չվերթների մասին։ Ֆրանսիայի կառավարության կողմից կազմակերպված օգնության առաջին ինքնաթիռը Հայաստան էր ժամանել նոյեմբերի 22-ին։
20:17 - 27 նոյեմբերի, 2020
ԼՂՀ սուբյեկտայինության ամրագրմանը հասնելու միտումն ընկած է Ֆրանսիայի քաղաքականության հիմքում․ սա ձեւական բան չէ․ Սարո Սարոյան

ԼՂՀ սուբյեկտայինության ամրագրմանը հասնելու միտումն ընկած է Ֆրանսիայի քաղաքականության հիմքում․ սա ձեւական բան չէ․ Սարո Սարոյան

Ֆրանսիայի Հանրապետության Սենատը երեկ 305 «կողմ», 1 «դեմ» եւ 30 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծը: Սենատի նիստում Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հայտարարեց, որ Ֆրանսիայի՝ Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ մի օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին ու Ղարաբաղին, եւ ո՛չ էլ Ֆրանսիային։ Հայաստանի ու Արցախի պաշտոնատար անձինք ողջունող հայտարարություններով հանդես եկան բարեկամ երկրի Սենատի՝ նման կարեւոր նախաձեռնության համար, իսկ Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանը կոչ է արել վերանայել Ֆրանսիայի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները: Քաղաքագետ Սարո Սարոյանի կարծիքով՝ Ֆրանսիայի քայլն այս պետության քաղաքականության դրսեւորումն է, որը ցույց է տալիս, որ նա բավարարված չէ Հարավային Կովկասում այսօր առկա իրավիճակով․ «Ֆրանսիան չի ընդունում հավասարակշռության խախտումն ու ցույց է տալիս իր քաղաքականության միտումները, ըստ որոնց՝ ԼՂՀ սուբյեկտայնությունը պետք է առավել ամրացվի,»- Infocom-ի հետ զրույցում ասաց Սարոյանը: Ըստ նրա՝ ապագա զարգացումներն արդեն կախված են աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից, եւ քանի որ մեր տարածաշրջանը ընդհանուր մերձավորարեւելյան շրջանի հետ կապ ունի, Թուրքիայի շուրջ կատարվողն ու այդ պետության արածը պետք է ընդհանուր կոնտեքստում նայել։  Քաղաքագետի խոսքով՝ ակնհայտ է, որ Թուրքիայի ծավալապաշտությունը, Էրդողանի անկառավարելիությունը մտահոգում են ամբողջ աշխարհին․ «Այս տեսանկյունից զարգացումներ, իհարկե, կլինեն, միգուցե տարբեր տեղերում լինեն նաեւ թեժ իրավիճակներ: Այսօր ոչ ոք չի կարող ասել՝ Ֆրանսիան կճանաչի՞, թե՞ ոչ, բայց ԼՂՀ սուբյեկտայինության առավել ամրագրմանը հասնելու միտումն ընկած է այս պետության քաղաքականության հիմքում, եւ դա ձեւական բան չէ»,- ասաց մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ սա առաջիկա ժամանակահատվածում, ըստ էության, որոշիչ հանգամանք է եվրոպական քաղաքականության օրակարգում: Ֆրասնիայի այս քայլն, ըստ Սարոյանի, ուղղակիորեն ավելի կապ ունի Թուրքիայի վարած քաղաքականության հետ, եւ ոչ Ադրբեջանի․ «Սա Թուրքիայի ծավալապաշտության դեմն առնելուն ուղղված ինչ-որ գործիք է: Առանձին երկրներ նույնպես այդ խնդիրն ունեն, եւ Թուրքիայի այսպիսի ծավալումը աշխարհի տարբեր կողմերում նաեւ նրանց համար է մարտահրավեր»:  Թե Ֆրանսիայի՝ Արցախի ճանաչման դեպքում հայկական կողմի դիվանագիտական դիրքերն ինչպես կփոխվեն, Սարոյանն արձագանքեց՝ խնդիրն այն է, որ ՀՀ-ն դիվանագիտական դիրքեր չունի․ «ՀՀ-ն չունի այդպիսի դիրքեր, քանի որ որեւէ ռազմավարություն չունի, նախկինում էլ չի ունեցել: Մենք այդպես էլ չկարողացանք ձեւակերպել ԼՂՀ ճանաչման կամ Հայաստանի հետ միավորման ինչ-որ կոնցեպտ։ Երբ անգամ պատերազմը եկավ, մենք չկարողացանք դա ո՛չ ձեւակերպել, ո՛չ իրականություն դարձնել: Այնպես որ հայտարարությունների տեսքով ինչ-որ դրսեւորումներ կարող են լինել, բայց եթե դրանք ընդհանուր ինչ-որ ռազմավարության մաս չեն, ապա, ըստ էության, էֆեկտիվ արդյունքներ չեն ունենա։ Ուրիշ լուրջ արդյունքներ ակնկալել հնարավոր չէ, դա կնշանակի դեպքերի հետեւից ընթանալ, իսկ այս դեպքում դեպքերի օրակարգ թելադրողը արտաքին տարբեր ուժեր են, այդ թվում՝ նաեւ Ֆրանսիան»: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությանը, ապա այն, քաղաքագետի համոզմամբ, նույնպես իրենց քաղաքականության բալանսավորման համար էր, եւ, ըստ էության, տեղ է թողնում, որ Ֆրանսիայի քաղաքականության առաջ դրված խնդիրների կատարման դեպքում իրենք, հղում անելով այդ հայտարարությանը, դադարեցնեն հետագա խորացումները՝ ԼՂՀ կարգավիճակի որոշման հարցում: Ֆրանսիայի Սենատի նախաձեռնությունից հետո քաղաքական ու հանրային շրջանակներում չեն դադարում քննարկումները, որ Հայաստանն առաջին հերթին պետք է ճանաչի, սակայն մյուս կողմից էլ հակադարձումներ կան, որ Հայաստանի այդ քայլը ՄԽ համանախագահ մյուս երկրները՝ ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն, կարող են դիտել որպես բանակցություններն այդ ձեւաչափում փակուղի տանող քայլ։  Սարո Սարոյանի խոսքով՝ Հայաստանն ինքը պետք է կողմնորոշվի, խաղաղարար ռազմավարություն ունենա, եւ եթե ճանաչի Արցախը, ապա կնշանակի՝ կոնկրետացել է իր քայլերի մեջ․  «Եւ, իհարկե, շատ լավ կլինի, որ կոնկրետանա: Այն փաստարկը, որ Հայաստանի՝ Արցախի ճանաչումը կխաթարի բանակցային գործընթացը, արդեն անհիմն է․ ի՞նչ է, հիմա բանակցային գործընթա՞ց կա։ Նախկինում եղած բանակցային գործընթացի հիմնարար սկզբունքների շատ կետեր, ըստ էության, արդեն փաստացիորեն իրականություն են դարձել, այդ թվում՝ 7 շրջանների ազատումը: Եւ կարգավիճակի խնդիրը, որ դրված էր լուծելու, դարձել է առաջնահերթորեն կարգավորվելու ենթակա հարց: Եթե մենք բանակցություններում այս խնդիրը դնենք, եւ այն ճանաչվի, նորմալ քաղաքականություն կլինի: Սա նախկինում կարող էր մեկնաբանվել այնպես, թե դրա արդյունքում բանակցություններ չեն լինի, եւ պատերազմ կլինի կամ Ադրբեջանը կվերցնի 7 շրջանները, հիմա այդ հարցերը օրակարգից դուրս են եկել։ Հիմա, ընդհակառակը, Ֆրանսիան եւ մնացած երկրները փորձ են անում վերադառնալ մինչպատերազմյան իրավիճակին, եւ սա է ավելի կարեւոր»,- ասաց Սարոյանը՝ հավելելով, որ այդ տեսանկյունից ԼՂՀ ճանաչումը կարող է բալանսավորել ընդհանուր իրավիճակը: Իսկ ԼՂՀ ճանաչման խնդիրը, որ հիմա էլ օրակարգային է, մեր զրուցակցի պնդմամբ, վաղուց պետք է լուծած լինեինք, սակայն անգամ պատերազմը կառավարողներին չհանգեցրեց այդ քայլին:  Զարա Խաչատրյան
19:40 - 26 նոյեմբերի, 2020
«Ազնավուր» հիմնադրամը 35 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան

«Ազնավուր» հիմնադրամը 35 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան

«Ազնավուր» հիմնադրամի և նրա գործընկերների միջոցով Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքվել է ավելի քան 35 տոննա մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար: Հիմնադրամից տեղեկացնում են, որ այս օգնության մի մասը կուղարկվի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի կառավարության վարձակալած ինքնաթիռով՝ որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական աջակցության մաս: «Հայաստանը միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Շառլ Ազնավուրի սրտում: Նա դարձել է Գյումրիում երկրաշարժը վերապրածների խորհրդանիշը՝ մշտապես լինելով հայ ժողովրդի կողքին՝ և՛ ամենաերջանիկ, և՛ տխուր պահերին: «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել արտիստի մարդասիրական ​​առաքելությունն ու տեսլականը. մենք նույնպես այս դժվարին ժամանակներում կանգնած ենք հայ ժողովրդի կողքին»,- նշում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։ «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը Հայաստանում կկանոնակարգի օգնության բաշխման գործընթացը: Ֆրանսիայում և Շվեյցարիայում բազմաթիվ կազմակերպություններ, ինչպես նաև շուրջ հարյուր կամավորներ մասնակցել են մարդասիրական այս լայնածավալ օգնության հավաքագրմանը: Հիմնադրամն այս ընթացքում սննդով և հիգիենայի պարագաներով է ապահովել Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված հարյուրավոր ընտանիքների։ «Մեր աջակցությունն ենք, իհարկե, հայտնել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին` փոխանցելով մեր հանգանակությունը պատերազմի առաջին իսկ օրերին»,- ասված է հիմնադրամի մամուլի հաղորդագրության մեջ:
10:43 - 26 նոյեմբերի, 2020