Հայաստան

ԵՄ-ն կոչ է անում նաև տարածաշրջանից դուրս բերել բոլոր օտարերկրյա զինյալներին․  Ջոզեպ Բորելի հայտարարությունը՝ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ |1lurer.am|

ԵՄ-ն կոչ է անում նաև տարածաշրջանից դուրս բերել բոլոր օտարերկրյա զինյալներին․ Ջոզեպ Բորելի հայտարարությունը՝ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ: ԵՄ փաստաթղթում մասնավորապես ասվում է՝ Եվրամիությունը ողջունում է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոյեմբերի 9-ին համաձայնեցված հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ռազմական գործողությունների դադարեցումը: ԵՄ-ը բոլոր կողմերին կոչ է անում շարունակել խստորեն հարգել հրադադարի ռեժիմը` մարդկային հետագա կորուստները կանխելու նպատակով: Եվրամիությունը տարածաշրջանի բոլոր դերակատարներին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել հրադադարի ռեժիմը: ԵՄ-ն կոչ է անում նաև տարածաշրջանից դուրս բերել բոլոր օտարերկրյա զինյալներին: Եվրամիությունն ուշադիր կհետևի հրադադարի պայմանների իրականացմանը, մասնավորապես՝ կապված մշտադիտարկման մեխանիզմի հետ: Ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի երկարամյա հակամարտությունն ավարտելու առաջին քայլն է: Եվրամիության հավաստմամբ՝ հակամարտության բանակցային ջանքերը պետք է վերականգնվեն համապարփակ և կայուն կարգավորման ուղղությամբ, այդ թվում`Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: ԵՄ-ն վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային ձևաչափին` համանախագահների գլխավորությամբ: Եվրամիությունը պատրաստ է արդյունավետորեն նպաստել հակամարտության տևական և համապարփակ կարգավորման ձևավորմանը, այդ թվում՝ հնարավորության դեպքում, կայունացման, հետկոնֆլիկտային վերականգնման և վստահության ամրապնդման միջոցառումների միջոցով: Եվրամիությունը հիշեցնում է ուժի՝ մասնավորապես կասետային զինամթերքի և հրկիզող զենքի, որպես վեճերը կարգավորելու միջոցի կիրառման վերաբերյալ իր վճռական ընդդիմության մասին: Եվրամիությունը շեշտում է, որ միջազգային մարդասիրական իրավունքը պետք է հարգվի, և կողմերին կոչ է անում իրականացնել ռազմագերիների փոխանակման և աճյունների վերադարձի մասին համաձայնագրերը, որը հոկտեմբերի 30-ին Ժնևում ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակում: ԵՄ-ն ընդգծում է մարդասիրական օգնության հասանելիության և Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ տեղահանված բնակչության ինքնակամ, անվտանգ, արժանապատիվ և հաստատուն վերադարձի հնարավոր լավագույն պայմանները երաշխավորելու կարևորությունը: Ընդգծվում է Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային և կրոնական ժառանգության պահպանման և վերականգնման կարևորությունը: «Պետք է ուսումնասիրվի իրականացված ցանկացած պատերազմական հանցագործություն»,- նշված է հայտարարության մեջ: Եվրամիությունն ու նրա անդամ երկրները արդեն մարդասիրական օգնություն են տրամադրում՝ հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության անմիջական կարիքները հոգալու համար և պատրաստ են հետագայում շարունակել օգնության տրամադրումը:
17:38 - 19 նոյեմբերի, 2020
ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետը երկարաձգող նամակ-համաձայնագիրը |armenpress.am|

ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետը երկարաձգող նամակ-համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը: Այս համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառվարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը: «Այս վարկային համաձայնագրով նախատեսված էր կառուցել Հրազդանի տարածաշրջանից, մասնավորապես, Դդմաշենից մինչև Վրաստանի սահման էլեկտրահաղորդման գիծ, Դդմաշենում՝ ենթակայան և Այրումում՝ փոխակերպիչ կայան, որը հնարավորություն կտա Հայաստանի էներգոհամակարգին զուգահեռ աշխատանք ապահովել և՛ Իրանի, և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի հետ միաժամանակ»,- ասաց Վարդանյանը: Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020թ. հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց II - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրով նախատեսվում են Վարկային համաձայնագրի 3.2 հոդվածով սահմանված կարգով մասհանումներ, համաձայն որի՝ մասհանումների պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Անդրադառնալով հարցին, թե ինչու են մասհանումների կատարման ժամկետը երկարաձգում՝ նա ասաց, որ նախորդ կառաավարության կողմից ծրագիրը ժամանակավորապես կասեցվել էր, և չէր իրականացվում, որպեսզի գնահատվեին դրա տեխնիկատնտեսական արդյունավետությունը և այլ հնարավոր իրականացման մեթոդները: Նախագիծն ընդունվեց միաձայն` 71 «կողմ» ձայնով:
11:03 - 18 նոյեմբերի, 2020
Կանադան հանձնառու է՝ աջակցելու Հայաստանին, ասել է նորանշանակ դեսպանը, հավատարմագրերը հանձնել նախագահին

Կանադան հանձնառու է՝ աջակցելու Հայաստանին, ասել է նորանշանակ դեսպանը, հավատարմագրերը հանձնել նախագահին

Կանադան հանձնառու է՝ աջակցելու Հայաստանին այս դժվարին ժամանակներում, այսօր ասել է Կանադայի նորանշանակ դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերը (նստավայրը՝ Մոսկվա), ով հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին։ Ըստ նախագահի գրասենյակի, Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և արդյունավետ գործունեություն մաղթել: «Թեև մեր երկրներն աշխարհագրորեն հեռու են իրարից, սակայն մենք համագործակցության մեծ հնարավորություններ ունենք», - ընդգծել է Հայաստանի նախագահը: ԼըՔլերը նշել է, որ իր համար պատիվ է ներկայացնել Կանադան Հայաստանում: «Ակնկալում եմ շարունակել ամուր և բարեկամական հարաբերությունները Ձեր երկրի հետ: Ուզում եմ նշել, որ մենք հանձնառու ենք՝ աջակցելու Հայաստանին այս դժվարին ժամանակներում», - ասել է դեսպանը: Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքներին, և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակին:
17:00 - 17 նոյեմբերի, 2020
Պայմաններ են ստեղծվել՝ ԼՂ ճգնաժամն արդարության հիմքով լուծելու համար․ Պուտին |factor.am|

Պայմաններ են ստեղծվել՝ ԼՂ ճգնաժամն արդարության հիմքով լուծելու համար․ Պուտին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի իր գործընկերներին հայտնել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին՝ հայտարարելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվում են, և իրավիճակն այդ տարածաշրջանում կայունանում է, գրում է ՏԱՍՍ-ը։ Տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ունեցած ելույթում Պուտինը հիշեցրել է, որ սեպտեմբերին «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սուր փուլ էր մտել»։ «Ռուսական կողմն ամենաակտիվ քայլերն է ձեռնարկել, որպեսզի օգնի դադարեցնել մեզ համար երկու բարեկամ երկրների միջև ռազմական գործողությունները և դրդել նրանց գտնել փոխզիջումային որոշումներ։ Մեր միջնորդության արդյունքում նոյեմբերի 9-ին ձեռք են բերվել կրակի լիակատար դադարեցման ու Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին պայմանավորվածություններ»,- ասել է Պուտինը։ Նա նշել է, որ կարևոր է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։ «Կարևոր է, որ հիշատակված պայմանավորվածությունները կատարվում են։ Ամբողջությամբ դադարեցված են ռազմական գործողությունները, իրավիճակը կայունացել է։ Այսպիսով, պայմաններ են ստեղծվել ճգնաժամի հարատև ու լիակատար ձևաչափով կարգավորման համար, ընդ որում՝ արդարության հիմքով՝ ինչպես ի շահ ադրբեջանի, այնպես էլ ի շահ հայ ժողովրդի»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
16:19 - 17 նոյեմբերի, 2020
ՀՀ-ն Ռուսաստանի հետ կկնքի պայմանագիր հեռուստահեռարձակման վերաբերյալ |armenpress.am|

ՀՀ-ն Ռուսաստանի հետ կկնքի պայմանագիր հեռուստահեռարձակման վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել է ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ ՌԴ-ի հետ պայմանագիր կնքելու մասին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, Տիգրան Հակոբյանն ընդգծել է, որ ամենայն հավանականությամբ ՌԴ-ի հետ կկնքվի միջպետական պայմանագիր, և մեկ կամ երկու հանրային և մայրաքաղաքային  սլոթեր (հաճախականություններ) կհատկացվեն ռուսական հեռուստաընկերություններին: Հակոբյանը, դիտարկելով արտոնագիր ստանալ ցանկացող հեռուստաընկերությունների դիմումները, նշել է, որ մրցույթը հայտարարվել է 25 հաճախականության համար: «6 հանրապետական սլոթին հավակնում է 12 հեռուստաընկերություն, 9 մայրաքաղաքային սլոթին՝ 4 հեռուստաընկերություն, իսկ 10 տարածաշրջանայինին՝ 13 հեռուստաընկերություն»,-տեղեկացրել է նա: Տիգրան Հակոբյանը հավելել է, որ օտարերկրյա հեռարձակողները  սլոթերի օգտագործման արտոնագիր են ստանում ըստ միջպետական պայմանագրերի՝ առանց մրցույթի: Նրա խոսքով՝ մրցույթի արդյունքները կհայտարարվեն հունվարին:
14:23 - 17 նոյեմբերի, 2020
Իրանի հյուսիսարևմտյան սահմանագծում փոփոխություն չի եղել ու չի լինի․ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ |factor.am|

Իրանի հյուսիսարևմտյան սահմանագծում փոփոխություն չի եղել ու չի լինի․ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ |factor.am|

factor.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն այսօր հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության հյուսիսարևմտյան սահմանագծում փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ , Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությանը, հաղորդում է ԻՌՆԱ-ն։ Նա նշել է, որ սահմանագծում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել՝ շեշտելով, որ Իրանը երբեք չի ընդունի այլ բան, քան երկու կողմերի հայտարարածն է։ Խաթիբզադեն նաև հայտարարել է, որ միջանցքը (Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղի - խմբ․), որը վիճահարույց է դարձել այս օրերին, պարզապես տարանցիկ ուղի է, որը մանրամասն ուսումնասիրվում է Իրանի ԱԳՆ-ի կողմից։ Խաթիբզադեի խոսքով՝ Իրանը ողջունում է ցանկացած խաղաղ լուծում՝ կրկնելով, որ Իրանի սահմանին փոփոխություն չի եղել և ապագայում էլ երբեք չեն լինի։ Նա նաև ընդգծել է, որ ըստ Իրանի ԱԳՆ տեղեկությունների՝ ահաբեկչական խմբերը պետք է արդեն լքած լինեն տարածաշրջանը, ու նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի  միջև հակամարտության խաղաղ լուծումը շահեկան է ամբողջ տարածաշրջանի համար։
15:14 - 16 նոյեմբերի, 2020
Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ զրույցում ընդգծել է ԼՂ-ում քրիստոնեական կոթողների պահպանման կարևորությունը |armenpress.am|

Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ զրույցում ընդգծել է ԼՂ-ում քրիստոնեական կոթողների պահպանման կարևորությունը |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Նշվում է, որ քննարկվել են նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները: Գոհունակություն է հայտնվել, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ շփման գծում տիրող իրավիճակը բավականին հանգիստ է: Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում ՌԴ նախագահը, մասնավորապես, ուշադրություն է դարձրել, որ շրջաններում, որոնք եռակողմ հայտարարության համաձայն՝ վերադարձվում են Ադրբեջանին, կան քրիստոնեական տաճարներ և վանքեր: Այս առումով նա ընդգծել է այդ սրբավայրերի պահպանման և նորմալ եկեղեցական կենսագործունեության ապահովման կարևորությունը:  Ադրբեջանի նախագահն այդ ուղղությամբ ըմբռնում է ցուցաբերել և ասել, որ հենց այդ սկզբունքով  է գործելու ադրբեջանական կողմը:
22:05 - 14 նոյեմբերի, 2020
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահին

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահին

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիին: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ-ի դեսպանությունը: Երախտագիտության խոսք հայտնելով Ղոլամհոսեյն Շաֆեիին այս ծանր ժամանակահատվածում Իրանի ցուցաբերած բարիդրացիական վերաբերմունքի և հավասարակշռված դիրքորոշման համար՝ դեսպան Թումանյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում պահպանել են նախորդ ժամանակաշրջանի զարգացման տեմպը. մի բան, որ խոսում է դրանց համակարգված և փոխշահավետ բնույթի մասին: Ինչպես նշել է ՀՀ դեսպանը, ըստ էության, ո՛չ համավարակը, և ո՛չ էլ պատերազմական վիճակը չեն խաթարել երկկողմ բնականոն տնտեսական հարաբերությունները: Առևտրի պալատի նախագահ Շաֆեին ևս անդրադարձել է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վերջին ժամանակաշրջանի հաջողություններին և առաջիկա դրական զարգացումներին: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ նոր իրադարձություններով պայմանավորված պետք է անել հնարավորինս հարաբերությունների՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության շարունակական զարգացումն ապահովելու համար: ՀՀ դեսպանության և Իրանի առևտրի պալատի միջև համաձայնություն է ձեռք բերվել մի շարք համատեղ միջոցառումներ կազմակերպելու շուրջ:
18:27 - 14 նոյեմբերի, 2020
Իրանից դեպի Հայաստան և Ադրբեջան երթուղիները չեն փոխվի. փոխարտգործնախարար |24news.am|

Իրանից դեպի Հայաստան և Ադրբեջան երթուղիները չեն փոխվի. փոխարտգործնախարար |24news.am|

24news.am: Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման հայտարարության հետ կապված որոշ չհիմնավորված արտահայտություններ: Irna-ի հետ զրույցում Արաղչին հայտնել է, որ Իրանից դեպի Հայաստան և Ադրբեջան երթուղիները չեն փոխվի: «Ցավոք, սոցիալական կայքերում տարածվում է մոլորության մեջ գցող տեղեկություն՝ կեղծ քարտեզներով, արվում են հայտարարություններ, թե Հայաստանի ու անգամ Իրանի տարածքով տարանցիկ ճանապարհ է ստեղծվում, թե իբր տարածքում աշխարհաքաղաքական փոփոխություններ են լինում: Այս ամենը սկզբունքայնորեն անիրական է և արվում է կոնկրետ քաղաքական և քարոզչական նպատակներով»,- ասել է նա: Ներկայացնելով քարտեզ՝ ԱԳ փոխնախարարը նշել է, որ դրանում երևում է՝ Իրանի և Հայաստանի սահմանի երկայնքով աշխարհագրական գոտի ստեղծելու վերաբերյալ լայնորեն քննարկվող հարցն անհիմն է: «Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին հայտարարության մեջ խոսվում է ավտոմեքենաների համար նախատեսված կամ, ավելի շուտ, Հայաստանի ներսում Նախիջևանից մինչև Ադրբեջանի մայրցամաքային հատվածը տարանցիկ երթուղու մասին, որի անվտանգությունը Ռուսաստանն է ապահովելու, իսկ հստակ երթուղին մինչ օրս հայտնի չէ»,- ասել է Արաղչին:
12:39 - 14 նոյեմբերի, 2020
Հուսահատվել չկա. Կանադայից հումանիտար օգնության հերթական խմբաքանակն ուղևորվում է Հայաստան |armenpress.am|

Հուսահատվել չկա. Կանադայից հումանիտար օգնության հերթական խմբաքանակն ուղևորվում է Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Կանադայից  հումանիտար օգնության հերթական խմբաքանակը նոյեմբերի 21-ին կուղարկվի Հայաստան՝ նախատեսված արցախցի ընտանիքների համար: Հայ համայնքի ներկայացուցիչներից «United Armenian Council of Ontario» (Օնտարիոյի միացյալ հայկական խորհուրդ- UACO) կազմակերպության անդամ Էդգար Մանուկյանը նշեց, որ հայ համայնքի կողմից աջակցության աշխատանքները շարունակվում են:  «Մինչ այդ էլ հումանիտար օգնության տարբեր խմբաքանակներ ենք ուղարկել, միայն Տորոնտոյից 15 տոննա բեռ է ուղարկվել: Ապրանքների հավաքագրումն իրականացվում է մեր դեսպանատան ցուցակին համապատասխան: Ուղարկվել են քնապարկեր, դեղորայք, տաք հագուստ, երեխաների համար նախատեսված իրեր, առաջին անհրաժեշտության պարագաներ, գուլպա, ձեռնոց և այլն: Հուսահատվել չկա, մեր աշխատանքը շարունակվում է»,-նշեց Էդգար Մանուկյանը:  Նա տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթներին բժշկական միկրոավոտբուսներ կուղարկվեն Հայաստան:
10:59 - 14 նոյեմբերի, 2020