ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայում առնվազն 227 խաղաղ բնակիչ է զոհվել, 525-ը՝ վիրավորվել

ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայում առնվազն 227 խաղաղ բնակիչ է զոհվել, 525-ը՝ վիրավորվել

Փետրվարի 24-ից Ուկրաինայում առնվազն 227 խաղաղ բնակիչ է զոհվել, 525-ը՝ վիրավորվել։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան Ժնեւում հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR): Գրում է ՏԱՍՍ-ը։ «2022 թվականի փետրվարի 24-ի առավոտյան ժամը 4:00-ից, երբ սկսվեցին Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունները Ուկրաինայի դեմ, մինչև մարտի 1-ի առավոտյան ժամը 12-ը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը գրանցել է քաղաքացիական անձանց զոհվելու և վիրավորվելու ընդհանուր 752 դեպք Ուկրաինայում։ Մասնավորապես, 227 զոհ և 525 վիրավոր»: ՄԱԿ-ի Ուկրաինայի գրասենյակի պաշտոնական կայքում հրապարակվել է զեկույցի ամբողջական տարբերակը, որտեղ նաև նշվում է, որ զոհերից 31-ը տղամարդ է, 25-ը կին, 6 տղա և 3 աղջիկ։ Զոհերից ևս 6 երեխաների ու 156 մեծահասակների սեռը դեռևս չի պարզվել։ «Սա ավելին է, քան արևելյան Ուկրաինայի հակամարտության գոտում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից գրանցված քաղաքացիական զոհերի ընդհանուր թիվը 2018-2021 թվականներին (136 զոհ և 577 վիրավոր): Դոնեցկի և Լուգանսկի մարզերում գրանցվել է քաղաքացիական բնակչության շրջանում 65 զոհ և 258 վիրավոր, որոնցից 43 մահվան և 183 վիրավորման դեպքերը գրանցվել են Կառավարության կողմից վերահսկվող տարածքներում, իսկ 22 զոհ և 75 վիրավորման դեպք գրանցվել է ինքնահռչակ «հանրապետությունների» կողմից վերահսկվող տարածքում։Քաղաքացիական անձանց զոհվելու և վիրավորվելու 429 դեպք է գրանցվել Ուկրաինայի այլ շրջաններում՝ Կիև, Խարկով, Օդեսսա, Սումի, Զապորոժյե, Ժիտոմիր, Խերսոն,  Չերկասի, Չեռնիգովի, ինչպես նաև Կիև քաղաքում։ Ընդհանուր դեպքերից 162-ը մահվան, իսկ 267 վիրավորման դեպքեր են։ Այս շրջանները դեպքերի գրանցման ժամանակ եղել են Ուկրաինայի Կառավարության վերահսկողության տակ։ Զոհերի մեծ մասը զոհվել է պայթուցիկ զենքի օգտագործման հետևանքով, այդ թվում՝ ծանր հրետանի և բազմակի հրթիռային համակարգերի հրթիռակոծություն, օդային հարվածներ», - ասվում է զեկույցում։  
01:42 - 03 մարտի, 2022
Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պետական կառավարման համակարգի, խորհրդարանի, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչներ: Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայողներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ, Տիկնայք և պարոնայք, Այսօր իսկապես նշանակալի օր է մեր պետության համար. 30 տարի առաջ` մարտի 2-ին, Հայոց եռագույնը ծածանվեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի դիմաց՝ որպես ազատ, անկախ, ինքնիշխան պետությունների ընտանիք Հայաստանի վերադարձի առհավատչյա։ Նույն օրը՝ մարտի 2-ը, Հայաստանում նշվում է որպես դիվանագետի օր, և այսօր մենք տոնում ենք անկախ Հայաստանի անկախ դիվանագիտական ծառայության 30-ամյա հոբելյանը, ինչի կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր դիվանագիտական ծառայողներին և շնորհակալություն հայտնել բոլոր այն դիվանագետներին, ովքեր այս ընթացքում ջանք են գործադրել Հայաստանի անվտանգության և բարեկեցության համար։ Այս տասնամյակների ընթացքում դիվանագիտական ծառայության անցած ճանապարհը հարթ և դյուրին չի եղել բազմաթիվ պատճառներով: Հայաստանը գտնվում է բարդագույն մի տարածաշրջանում, որտեղ հաճախ բախվում են աշխարհաքաղաքական շահեր, մեր երկիրը դնելով հակասությունների և հակադրությունների կիզակետում: Եվ այս առումով, Հայաստանի դիվանագիտական ծառայության առաջնային խնդիրն է՝ Հայաստանը և Հայաստանի խոսույթն ավելի ու ավելի հասկանալի դարձնել աշխարհին, և աշխարհն ու աշխարհի խոսույթն ավելի ու ավելի հասկանալի դարձնել Հայաստանին: Ու քանի որ աշխարհը միաշերտ և միատարր չէ, այլ չափազանց բարդ խնդրի լուծումն ավելի է բարդանում: Բայց հենց այս աշխատանքն է, որ պիտի օգնի Հայաստանի Հանրապետության պետական շահերի առաջմղմանը և ուզում եմ ասել, որ հավատում եմ, որ մեր համատեղ աշխատանքի և բարեփոխումների արդյունքում մենք կկարողանանք լավագույնս իրագործել այս խնդիրը: Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին, և սա ունի մի շատ գործնական նպատակ՝ բազմապատկել, բարելավել բնականոն զարգացման հնարավորությունները, ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Կառավարությունն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է: Այս է պատճառը, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը որդեգրվել է որպես պետական ռազմավարություն: Ռազմավարության կարևորագույն նպատակը Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային հնարավորինս բարենպաստ մթնոլորտի և միջավայրի ձևավորումն է: Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված մեր տարածաշրջանային արտաքին քաղաքականությանը և սա մի հանգամանք է, որ կցանկանայի առանձնահատուկ ընդգծել: Այսօր մենք այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ ենք տանում. Հայաստան-Վրաստան հարաբերություններում նոր դինամիկա է ի հայտ եկել և այն պետք է զարգացնենք: Ակտիվ երկխոսություն է տեղի ունենում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը պետք է կարողանանք ամրագրել կոնկրետ արդյունքներով: Հատուկ ներկայացուցիչների մակարդակով մեկնարկել է Հայաստան-Թուրքիա խոսակցություն, օրակարգում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկի հարցը: Այս համատեքստում մեզ համար մեծագույն խնդիր և առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և բազմիցս ենք ասել, որ հարցի կարգավորումը պատկերացնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջ քաշված սկզբունքների և տարրերի հիման վրա: Արցախի հայության իրավունքների լիարժեք և ամբողջական պաշտպանությունը մեր արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից է: Այս և արտաքին քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ Հայաստանն այսօր ակտիվ երկխոսության մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ: Ռուսաստանը շարունակում է մնալ մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը, որի հետ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, բնականոն զարգացում են ապրում, ինչն ամրապնդվում է ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում մեր համատեղ մասնակցությամբ: Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մենք ռազմավարական երկխոսություն ենք սկսել և համոզված ենք, որ այն բնականոն կերպով կշարունակվի: Ֆրանսիայի հետ Հայաստանը շարունակում է ունենալ առանձնաշնորհյալ հարաբերություններ և մեր խնդիրն է՝ այդ հարաբերություններն ավելի հարստացնել տնտեսական օրակարգերով: Հարգելի ներկաներ, որպես արտաքին քաղաքական գործոն կուզենայի նշել ժողովրդավարությունը: Այսօր մեր երկիրն իրավամբ համարվում է ժողովրդավարական երկրների ընտանիքի անդամ, և մեր դիվանագիտական ծառայության խնդիրներից է՝ այս համարումը նյութականացնել արտաքին քաղաքական ասպարեզում և այն ծառայեցնել ի շահ Հայաստանի Հանրապետության անվտանգության և զարգացման, մեր ժողովրդի բարեկեցության: Կուզենայի նշել Եվրամիության դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու հարցում և պիտի աշխատենք հարաբերություններում ի հայտ եկած դինամիկան ավելի զարգացնել: Եվրամիության, աշխարհի բազմաթիվ երկրներ, ինչպես օրինակ՝ Կանադան, Ճապոնիան ավելի ու ավելի տեսանելի պատրաստակամություն են ցուցաբերում աջակցել մեր ժողովրդավարությանը և մենք պետք է կարողանանք իրացնել այս պոտենցիալը: Մենք հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ ենք նախանշում աշխարհի ամենամեծ ժողովրդավարության՝ Հնդկաստանի հետ և պիտի ջանք գործադրենք, որ սպասումներն արդարանան: Հարգելի ներկաներ, Այս 30 տարիների ընթացքում Հայաստանը հանդիսացել է միջազգային հանրության պատասխանատու անդամ և վստահելի գործընկեր, իր ներդրումն է բերել բազմակողմանի միջազգային իրավակարգի ամրապնդմանը, ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա հիմնված միջազգային համագործակցությանը, վեճերի խաղաղ կարգավորմանը, կայուն զարգացման խրախուսմանն ու մարդու արժանապատվության և հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Հայաստանը պատասխանատու գործառույթներ է ստանձնել միջազգային հարթակներում, այդ թվում՝ ներկայումս հանդիսանալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ։ Մենք մշտապես կարևորել ենք ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի վրա խարսխված բազմակողմանիությունը և միջազգային համագործակցությունը՝ հավատացած լինելով, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր հաղթահարել գլոբալ ճգնաժամերը և ապահովել կայուն զարգացում։ Մենք նպատակադրված ենք կառուցել ժողովրդավարության, իրավունքի գերակայության, իրավահավասարության, մարդու իրավունքների պաշտպանության ու արդյունավետ կառավարման սկզբունքների վրա խարսխված ժամանակակից մարդակենտրոն պետություն: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածն ասում է. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով: Եվ հենց Սահմանադրության այս դրույթն է, որ մեզ պիտի մղի ակտիվ քաղաքականություն վարել, որի նպատակը՝ բացի վերը նշվածից, պիտի դառնա նաև Հայաստանի տնտեսական կապերի, արտաքին առևտրաշրջանառության աճը: Եվ ժամանակակից տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս հաղթահարել տարածությունը և ավելի սերտ քաղաքական և տնտեսական հարաբերությունների մեջ լինել Արևելյան և Հարավարևելյան Ասիայի երկրների հետ, ավանդական քաղաքական կապերը տնտեսական կապերով հարստացնել Լատինամերիկյան ավանդաբար բարեկամ երկրների հետ: 2019 թվականին ես այց ունեցա Չինաստան, Վիետնամ, Սինգապուր և կորոնավիրուսով ընդհատված գործընթացը պետք է ակտիվացնել: Տիկնայք և պարոնայք, Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի դիվանագիտական ծառայության մեր դիվանագետներին, ինչպես և բոլորիս՝ ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակի առիթով։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հասնել մեր նպատակների և երազանքների իրագործմանը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Հարգելի ներկաներ, Դիվանագիտությանը, արտաքին հարաբերություններին նվիրված այս միջոցառման ժամանակ չեմ կարող չխոսել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների մասին: Մենք սրտի կսկիծով ենք հետևում ծավալվող գործողություններին, որոնք հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու են գլոբալ հետևանքներ: Մեր հույսն է, որ նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան և արդյունք կունենան և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները: Շնորհակալ եմ»:  
23:50 - 02 մարտի, 2022
Ռուսաստանը չի ցանկանում վտարել ամերիկացի դիվանագետներին, սակայն Վաշինգտոնն այլընտրանք չի թողնում.  Զախարովա

Ռուսաստանը չի ցանկանում վտարել ամերիկացի դիվանագետներին, սակայն Վաշինգտոնն այլընտրանք չի թողնում. Զախարովա

Վաշինգտոնը շարունակում է Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին դուրս հանել ՄԱԿ-ի կառույցներից և վտարում է վերջին ռուս սպային, որը պաշտոնապես գործուղված է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ռազմական գործերի վարչություն: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ չորեքշաբթի օրը տարածված մեկնաբանությունում։ «Միացյալ Նահանգները, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և ընդունող երկրի հետ համաձայնագրով նախատեսված բոլոր համաձայնությունները և ստանձնած պարտավորությունները, շարունակում է բառացիորեն դուրս մղել Ռուսաստանի ներկայացուցիչներին ՄԱԿ-ի կառույցներից։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունից վտարելով 12 դիվանագետների՝ ամերիկացիները վտարում են մեր վերջին սպային, ով պաշտոնապես գործուղված էր Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ռազմական գործերի վարչություն։ Ընդ որում, նրանք մուտքի արտոնագրեր չեն տրամադրում ՌԴ պաշտպանության նախարարության մյուս թեկնածուներին, որոնք վաղուց հաստատվել են համապատասխան պաշտոնները զբաղեցնելու համար»,- նշել է դիվանագետը։ «Մոսկվան, ՄԱԿ-ի քարտուղարության ռուս աշխատակցին ԱՄՆ-ից վտարելուց հետո, չէր ցանկանա դիմել ամերիկացի դիվանագետների արտաքսմանը, սակայն Վաշինգտոնի գործողությունները մեծ ընտրություն չեն թողնում», - հավելել է նա։ «Մենք չենք պատրաստվում հաշտվել դրա հետ և ուղիղ ասում ենք, որ կպատասխանենք երկկողմանիորեն։ Եվ դա կարող է ազդել օրինակ՝ Մոսկվայում դիվանագիտական ներկայության ամերիկյան քվոտայի վրա, որը դեռևս ձևավորվում է Նյու Յորքում մեր առաքելության անդամների քանակին համապատասխան, - նշել է Զախարովան։ Խոսք կարող է գնալ նույնիսկ ԱՄՆ դիվանագետների արտաքսման մասին, չնայած որ մենք չէինք ցանկանա այդ քայլին դիմել։ Բայց Վաշինգտոնի ցուցաբերած լկտիությունը, բանակցելու նրա չկամությունը կամ անկարողությունը պարզապես այլ ելք չի թողնում»։ Այս կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ամերիկյան կողմին ցուցաբերել խոհեմություն, չգնալ հետագա էսկալացիայի»։
23:01 - 02 մարտի, 2022
ՄԱԿ-ի ԳԱ-ն դատապարտեց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը. Հայաստանը քվեարկեց ձեռնպահ

ՄԱԿ-ի ԳԱ-ն դատապարտեց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը. Հայաստանը քվեարկեց ձեռնպահ

«Միավորվելով հանուն խաղաղության» պատմական նիստում ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել՝ պահանջելով Ռուսաստանի Դաշնությունից անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ և դուրս բերել իր ռազմական ուժերը։ Բանաձևին կողմ է քվեարկել 141 պետություն, դեմ է քվեարկել 5 պետություն՝  Ռուսաստանը, Սիրիան, Բելառուսը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան։ Ձեռնպահ մնաց 34 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Չինաստանը, Իրանը, Իրաքը, Հնդկաստանը, Ղազախստանը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան իր էջում անդրադարձել է քվեարկությանը․ «Ես ողջունում եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևի աննախադեպ մեծամասնությունը, որը խստորեն պահանջում է Ռուսաստանից անհապաղ դադարեցնել Ուկրաինայի վրա դավաճանական հարձակումը: Ես երախտապարտ եմ յուրաքանչյուր պետության, որը կողմ քվեարկեց։ Դուք ընտրեցիք պատմության ճիշտ կողմը», - գրել է Զելենսկին՝ կից ներկայացնելով քվեարկության արդյուքները։
21:54 - 02 մարտի, 2022
Ուկրաինան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի անդամակցության իրավական վերանայում

Ուկրաինան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի անդամակցության իրավական վերանայում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան նշում է, որ Ուկրաինան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի անդամակցության իրավական մանրակրկիտ վերանայում։ Այս մասին Կուլեբան հայտնել է առցանց ճեպազրույցի ժամանակ։ «Մեղմ ասած, կասկածելի հանգամանքներում Ռուսաստանը հայտնվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի աթոռին։ Գրեթե 30 տարի այդ խնդրի վրա աչք են փակել  և ձևացրել, թե ոչինչ չի եղել։ Չնայած մենք նախկինում էլ նման հարցեր ուղղել ենք ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարությանը, մեր խնդրանքներն անտեսվել են։ Մենք բարձրացնում ենք մանրակրկիտ, անկողմնակալ, իրավական վերլուծության հարցը, թե ինչ հիմքերով է Ռուսաստանի Դաշնությունը մնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական   անդամ»,- ընդգծել է Կուլեբան։ «Մենք վստահ ենք, որ երբ այս իրավական վերլուծությունը կատարվի, կպարզվի, որ, եկեք չվախենանք այս բառից, Ռուսաստանը ոչ լեգիտիմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այժմ ամեն ինչ կախված է ՄԱԿ-ի Քարտուղարության իրավաբանների և իրավաբանների բարեխղճությունից և պատրաստակամությունից՝  ամբողջությամբ հետաքննելու այս հարցը»,- ասել է ԱԳ նախարարը։
18:46 - 02 մարտի, 2022
Ռուս դիվանագետների վտարումը Նյու Յորքից ՌԴ-ն դիտարկում է որպես ռուս-ամերիկյան հարաբերությունների կանխամտածված սրացում. Զախարովա

Ռուս դիվանագետների վտարումը Նյու Յորքից ՌԴ-ն դիտարկում է որպես ռուս-ամերիկյան հարաբերությունների կանխամտածված սրացում. Զախարովա

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը՝ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունների դիվանագետների վտարման վերաբերյալ․ «Նյու Յորքում ՌԴ մշտական ներկայացուցչությունների 12 դիվանագետների վտարումը մենք դիտարկում ենք որպես ռուս-ամերիկյան հարաբերությունների կանխամտածված եւ ցինիկ սրացում, որը հրահրել է Վաշինգտոնը՝ խախտելով ԱՄՆ-ի՝ ընդունող կողմի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Ջո Բայդենի վարչակազմը շարունակում է ոչ միայն միջպետական կապերի հիմքերը քանդելու գիծը, այլ նաեւ ՄԱԿ-ի կենտրոնական դերը խաթարելու՝ փորձ անելով պարտադրել ԱՄՆ-ի ու իր արբանյակների տխրահռչակ «կանոնների վրա հիմնված աշխարհակարգ» թեզը։ Կատարվողի իմաստը եւ պահը, որ ընտրվել է այս զուտ թշնամական ակցիայի համար, մեզ համար ակնհայտ են՝ մեծացնել ճնշումը, ուժեղացնել շանտաժն ու ահաբեկումը՝ մեր դիրքերը թուլացնելու, ՄԱԿ-ի հարթակում լիարժեք աշխատելու մեր հնարավորություններից զրկելու նպատակ ունեն։ Ամերիկյան ստոր հնարքները որեւէ մեկի համար նորություն չեն։ Դիվանագիտական հարթակում կրկին ու կրկին պարտվելով՝ Վաշինգտոնը փորձում է ռեւանշի հասնել՝ չարաշահելով այն երկրի դիրքերը, որի տարածքում ճակատագրի բերմամբ գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանը։  Տեղի ունեցածից հետո արդարացումների ու ձգձումների տեղ չկա ՄԱԿ-ի ու ԱՄՆ-ի միջեւ անհապաղ արբիտրաժային ընթացակարգերի անհապաղ պաշտոնական մեկնարկի հարցով՝ կապված համաձայնագրերի կոպտագույն խախտումների հետ։ Այս մասին դարձյալ հիշեցնում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Ինչ վերաբերում է ռուս դիվանագետների վտարմանը՝ ապա դա անարձագանք ու առանց պատշաճ պատասխանի չի մնա, պարտադիր չէ՝ համաչափ, բայց չի մնա։ Վաշինգտոնում պատասխանատու անձանց խորհուրդ ենք տալիս մտորել իրենց դեստրուկտիվ գծի հետեւանքների մասին»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը արտաքսել էր ՄԱԿ-ից 12 ռուս դիվանագետների։ Այս մասին հայտարարել էր կազմակերպությունում Միացյալ Նահանգների առաքելության ներկայացուցիչ Օլիվիա Դալթոնը։ «Ռուս դիվանագետները «չարաշահել են երկրում ապրելու իրենց արտոնությունները՝ զբաղվելով լրտեսական գործունեությամբ։ Դա անհամատեղելի է ԱՄՆ ազգային անվտանգության հետ», - ասել էր նա: 
00:20 - 02 մարտի, 2022
Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձման հրատապությանը

Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձման հրատապությանը

Ժնևում մարտի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ: Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, անդրադառնալով ԿԽՄԿ գործունեությանը որպես ոչ քաղաքական և մարդասիրական կառույցի` ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է կազմակերպության գործունեության կարևորությունն՝ ուղղված Արցախում հումանիտար հարցերի կարգավորմանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը Պիտեր Մաուրերի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությանը, ինչպես նաև՝ բռնի անհետացման դեպքերի և անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտմանը: Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային կառույցների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքն ապահովելու և վերջիններիս տեղում ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակելու համագործակցությունը հումանիտար հարցերի կարգավորման նպատակով։
15:55 - 01 մարտի, 2022
Կիևի իշխանությունները, որոնք ծրագրում են ձեռք բերել սեփական միջուկային զենք, սպառնում են միջազգային անվտանգությանը․ Լավրով |tert.am|

Կիևի իշխանությունները, որոնք ծրագրում են ձեռք բերել սեփական միջուկային զենք, սպառնում են միջազգային անվտանգությանը․ Լավրով |tert.am|

tert.am: Կիևի իշխանությունները, որոնք ծրագրում են ձեռք բերել սեփական միջուկային զենք, սպառնում են միջազգային անվտանգությանը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տեսաուղերձի ձևաչափով ելույթ ունենալով ՄԱԿ–ի՝ զինաթափման հարցերով համաժողովի նիստում։ «Վտանգները, որոնք Զելենսկու ռեժիմը ներկայացնում է հարևան երկրներին և ընդհանրապես միջազգային անվտանգությանը, զգալիորեն աճել են այն բանից հետո, երբ Կիևում տեղակայված իշխանությունները սկսել են վտանգավոր խաղեր խաղալ՝ կապված սեփական միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերի հետ», - ՏԱՍՍ–ի հաղորդմամբ՝ ասել է Լավրովը։ Նախարարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ուկրաինական կողմի «անպատասխանատու հայտարարությունները» միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերի մասին «դատարկ քաջություն չեն»։
14:54 - 01 մարտի, 2022
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Փետրվարի 28-ին տեղի է ունեցել Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը։ ԱԳՆ  լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան։ Իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, ասել է․ «Հարգարժա՛ն գլխավոր տնօրեն,Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել ձեզ բոլորիդ այսօր այս առանձնահատուկ միջոցառմանը՝ նվիրված Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 30-ամյակին: Ինձ համար պատիվ է մասնակցել այս ցուցահանդեսի բացմանը Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Նորին Գերազանցություն Տատյանա Վալովայայի հետ միասին: Հարգելի՛ գլխավոր տնօրեն,Ես բարձր եմ գնահատում Ձեր բացման խոսքը և շնորհակալություն եմ հայտնում Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակին՝ այս միջոցառմանը մասնակցելու և արժեքավոր ներդրում ունենալու համար: Դարեր շարունակ մենք ձգտել, պայքարել և հետամուտ ենք եղել մեր նախնիների հայրենիքում անկախություն ու պետականություն կերտելուն։ Այս առումով մենք երջանիկ սերունդ ենք, քանի որ ականատես ենք եղել, թե ինչպես է իրականանում մեր ազգային երազանքը։ 1992 թվականի մարտի 2-ին հայոց եռագույնը բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև՝ նոր էջ բացելով մեր երկրի պատմության մեջ՝ որպես համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ։ Մենք գնահատում ենք դրա արժեքը և սեփական փորձից գիտենք, թե որքան զոհողություններ են անհրաժեշտ ինքնիշխան իրավահավասարության առավելություններից օգտվելու, և որքան ավելի ջանքեր են պահանջվում այն պահպանելու համար։ Հայաստանն, այսպիսով, հաստատակամորեն և անդրդվելիորեն հանձնառու է բազմակողմանիությանը, որի կենտրոնում է Միավորված ազգերի կազմակերպությունը: Հայաստանն, այսպիսով, լիովին հավատարիմ է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին: Այս լուսանկարներում, որոնք այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, դուք կգտնեք այդ հետևողական հանձնառության օրինակները, որոնք արտահայտված են ՄԱԿ-ի տարբեր մարմիններում և կոմիտեներում ակտիվ ներգրավվածության միջոցով կազմակերպության հովանու ներքո համատեղ ջանքերում Հայաստանի ունեցած ներդրմամբ: Հայաստանը նախագահել և աշխատել է տարբեր բյուրոներում և կառավարման մարմիններում, մասնակցել մի շարք խաղաղապահ առաքելությունների, միացել առանցքային կոնվենցիաների և պայմանագրերի, կազմակերպել ՄԱԿ-ի միջոցառումներ և սերտորեն աշխատել ՄԱԿ-ի երկրի թիմի հետ: Հուսով եմ, որ այս լուսանկարները կկարողանան փոխանցել ՄԱԿ-ի շրջանակներում մեր ունեցած համագործակցության իրական ոգին և ծավալը, և համաչափ կարևորությունը, որ տալիս ենք կազմակերպության բոլոր հիմնասյուներին՝ խաղաղություն և անվտանգություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և զարգացում: Թույլ տվեք ամփոփել՝ մեջբերելով Քոֆի Անանին, ով հավատացած էր, որ «մեզ միավորում է ավելին, քան բաժանում է»։ Իսկապես, ՄԱԿ-ը եզակի հարթակ է, որը թույլ է տալիս մեզ կառուցելու այն ամենի վրա, ինչը միավորում է մեզ և կամրջելու մեր միջև առկա բացը։ Հայաստանը շարունակում է հաստատակամորեն հավատալ այս առաքելությանը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ այստեղ մեզ հետ լինելու, և վերջին 30 տարիների ընթացքում այս համաշխարհային բազմակողմ միջավայրում Հայաստանի անցած ուղու հիշարժան դրվագները վերադիտելու համար»:
09:40 - 01 մարտի, 2022
ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանում Հայաստանը Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևի նախագիծ է ներկայացրել

ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանում Հայաստանը Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևի նախագիծ է ներկայացրել

Փետրվարի 28-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածը, որը նախագահում էր ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ, ՄԱԿ Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Նիստի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորեւ։ «Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ, պարո՛ն փոխնախագահ՝ որպես խորհրդի այս նստաշրջանի նախագահող: Մարդու իրավունքների խորհուրդը բազմակողմ դիվանագիտության առանցքային ձեռքբերումներից է, քանի որ այն հանդիսանում է մարդու իրավունքների երկխոսության պահպանման և խթանման անփոխարինելի հարթակ՝ անկախ միջազգային և տարածաշրջանային տարբեր ճգնաժամերից: Այս խորհուրդը կոչված է պաշտպանելու յուրաքանչյուրին բոլոր ժամանակներում։ Այստեղ Անհատի անկապտելի արժանապատվությունն է նժարին դրված։ Աշխարհում գոյություն ունեցող և փոփոխվող բազում ճգնաժամերի պայմաններում հակամարտային իրավիճակներում գտնվող մարդկանց իրավունքները պետք է լինեն Մարդու իրավունքների խորհրդի և նրա հատուկ ընթացակարգերի հատուկ ուշադրության կենտրոնում։ Հենց այս տեսլականով ու նպատակներով է Հայաստանը մեկնարկել խորհրդում իր անդամակցության երրորդ տարին։ Կարծում եմ` արտաքին թեմատիկ խնդիրների և երկրի ճգնաժամային իրավիճակների արձագանքման և հասցեագրման գործում մենք կարողացանք մեզ դրսևորել որպես վստահելի և հուսալի գործընկեր: Մենք վճռական ենք՝ շարունակելու մեր ներդրումը՝ առավելագույնս կառուցողական և դրական: Այս համատեքստում ուրախ եմ հայտնել, որ Հայաստանը մտադիր է խորհրդի այս նստաշրջանում կրկին ներկայացնել Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևի նախագիծը։ Սա մի օրակարգ է, որը Հայաստանը տարիներ շարունակ առաջ է մղում։ Ժնևում մեր թիմը կազմակերպելու է խորհրդակցությունների թափանցիկ գործընթաց՝ բոլոր շահագրգիռ պետությունների և այլ կողմերի մասնակցությամբ։ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած բարդություններից և քաղաքական ճգնաժամից հետո անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որով Հայաստանի ժողովուրդը վերահաստատեց իր հավատարմությունն ու նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքներին: Միջազգային դիտորդներն արտահերթ խորհրդարանական ընտորթյունները գնահատել են որպես մարդու իրավունքների ոլորտում ստանձնած հանձնառություններին և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։ Բոլորովին վերջերս «Economist Intelligence Unit»-ի հրապարակած այս տարվա Ժողովրդավարության ինդեքսում Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է ճանաչվել ընտրական գործընթացների և բազմակարծության, կառավարության գործունեության, քաղաքական ներգրավվածության, քաղաքական մշակույթի ու քաղաքացիական ազատությունների ոլորտում։ Այս տարի լրանում է Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 30-ամյակը։ Վերահաստատում եմ իմ երկրի անսասան հանձնառությունը բազմակողմանիությանը, որի հիմքում է Միավորված ազգերի կազմակերպությունը, ինչպես նաև մեր լիակատար հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին։ Պատահական չէ, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության առաջին տողում նշված է «մենք՝ ժողովուրդներս»՝ որպես կազմակերպության լեգիտիմության աղբյուր։ Մարդիկ և նրանց իրավունքները պետք է ՄԱԿ-ի գործունեության առաջնային և առանցքային տեղում լինեն: Ինքնորոշման իրավունքը Միավորված ազգերի կազմակերպության հիմնական նպատակներից է, և այդ իրավունքի դեմ ուժի կիրառումը կարող է առաջացնել մարդու իրավունքների խախտումների մի ամբողջ շղթա, ներառյալ՝ զանգվածային ոճրագործություններ և էթնիկ զտումներ: Սա այն է, ինչին մենք ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ 2020թ. սանձազերծված պատերազմի ժամանակ և հետո։ ՄԱԿ-ը և նրա մարմիններն օժտված են համընդհանուր մանդատով՝ անվերապահ, անխոչընդոտ, անարգել հասանելիություն ունենալու կարիքի մեջ գտնվող մարդկանց՝ անկախ նրանց գտնվելու վայրից և հանգամանքներից: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնելու Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում անվերապահ հասանելիություն ապահովելու համար։ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգային մանդատ կրողները մի քանի անգամ դիմում են հղել Ադրբեջանին, որոնցում արծարծվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վարձկաններ օգտագործելու, արտադատական մահապատիժների, կամայական ձերբակալությունների, բռնի անհետացումների, կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ հարցեր: Ադրբեջանը հրաժարվել է պատշաճ պատասխան տալ և փաստորեն, ընդհանրապես չի պատասխանել վերջին դիմումներին, ինչը բացահայտ մարտահրավեր  է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մեխանիզմին։ Անպատժելիությունը հանգեցնում է նոր խախտումների։ Լեռնային Ղարաբաղից բացի Ադրբեջանը շարունակում է մարդու իրավունքների խախտումների իր քաղաքականությունը՝ այժմ էլ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում, որտեղ քաղաքացիական բնակչությունը տուժում է Ադրբեջանի զինված ուժերի շարունակական սադրիչ գործողություններից: Այս ագրեսիվ քաղաքականությունն ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ խախտումներով։ Հրադադարի հաստատումից 16 ամիս անց Ադրբեջանը շարունակում է պահել 38 հայ ռազմագերիների, այդ թվում՝  քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված: Այն մարդկանց ծանր վիճակը, որոնց ՄԱԿ-ը հասանելիություն չունի, չպետք է մոռացվի: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է խտրականության ենթարկվի իր ծագման, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային ծագման կամ այլ պատճառներով: Մենք ձգտում ենք հասնել հայերի անվտանգ, արժանապատիվ եւ կամավոր վերադարձին իրենց հայրենի տները՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում։ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Միջազգային դատարանի կողմից առաջադրված միջանկյալ միջոցները, որոնք Ադրբեջանին հարկադրում են դադարեցնել հայերի նկատմամբ ռասիստական և խտրական դրսևորումները, ներառյալ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և վանդալիզմը, պետք է անվերապահորեն կատարվեն: Այս միջոցները գալիս են ապացուցելու Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը, այդ թվում՝ վերջինիս ռազմատենչ հռետորաբանությունը, ժողովրդին գոյատևման միջոցներից զրկելը, հայ բնակչությանն անընդհատ ահաբեկել ու ուժի կիրառման նոր սպառնալիքը։ Միայն այս խնդիրների հասցեագրմամբ մենք կարող ենք ապահովել մեր տարածաշրջանում կայունություն, խաղաղություն, արդարություն և մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանություն»։
22:50 - 28 փետրվարի, 2022
Ժնևում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ

Ժնևում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ

Փետրվարի 28-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի միջև հաստատված երկխոսության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ որպես բռնի տեղահանումներից անմիջականորեն տուժած երկիր՝ Հայաստանը մշտապես աջակցել է Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի ջանքերին՝ ուղղված բռնի տեղահանումներից տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը:Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրենց բնակավայրերից բռնի տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման և անվտանգության ու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը։ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Արցախում միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի կողմից հումանիտար առաքելությունների իրականացումը՝ անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից այս հարցի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների ստեղծումը։
14:24 - 28 փետրվարի, 2022
ՄԱԿ ՄԻԽ-ը հանդես է եկել Ուկրաինայի իրավիճակի շուրջ հրատապ քննարկում անցկացնելու օգտին․ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել

ՄԱԿ ՄԻԽ-ը հանդես է եկել Ուկրաինայի իրավիճակի շուրջ հրատապ քննարկում անցկացնելու օգտին․ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) հանդես է եկել Ժնևում 49-րդ նստաշրջանում Ուկրաինայի իրավիճակի շուրջ հրատապ քննարկում անցկացնելու օգտին։ Այս որոշումն ընդունվել է երկուշաբթի օրը՝ 29 կողմ (հիմնականում արևմտյան երկրներ) ձայների հարաբերակցությամբ՝ հինգ դեմ և 13 ձեռնպահ ձայներով։ Հայտնում է tass.ru-ն։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան և Էրիթրեան։ Ձեռնպահ քվեարկողների թվում էին Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Հնդկաստանի և Պակիստանի պատվիրակությունները։ Մարդու իրավունքների խորհրդում հրատապ քննարկում անցկացնելու նախաձեռնությունը Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ, որն ի սկզբանե չկար 49-րդ նստաշրջանի օրակարգում, եղել է Կիևից։ Սպասվում է, որ այս հարցը կքննարկվի այս շաբաթ։
14:01 - 28 փետրվարի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը փորձել է ԵՄ-ի հետ լուծել Ժնև ռուսական պատվիրակության մուտքի հարցը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը փորձել է ԵՄ-ի հետ լուծել Ժնև ռուսական պատվիրակության մուտքի հարցը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կիրակի օրը երկու անգամ հեռախոսով զրուցել է Եվրամիության ղեկավարության հետ՝ փորձելով լուծել Ժնև ռուսական պատվիրակության ժամանման հարցը, որը չի կարողանում մասնակցել միջազգային միջոցառումներին՝ օդային տարածքի փակման պատճառով։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայանի պաշտոնական ներկայացուցիչ Ալեսանդրա Վելուչին։ Նա նշել է, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական   ներկայացուցչությունը Նյու Յորքում խնդրել է գլխավոր քարտուղարին «օգնել այս իրավիճակում»։ «Չնայած գլխավոր քարտուղարը պատասխանատու չէ անդամ պետությունների համար թռիչքների թույլտվություն ստանալու համար, նա և նրա աշխատակազմի ղեկավարը խոսել են ԵՄ համապատասխան իշխանությունների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ում հետ Գլխավոր քարտուղարը երեկ երկու անգամ զրուցել է՝ փորձելով լուծել այս հարցը»,- ասել է Վելուչին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կիրակի օրը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Երեկոյան Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում ասել է, որ ՄԱԿ-ը չի կարող ապահովել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության ժամանումը Ժնև՝ մասնակցելու Զինաթափման խորհրդի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին ԵՄ սահմանափակումների պատճառով:
12:39 - 28 փետրվարի, 2022
Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցի ստացումը

Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցի ստացումը

Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցի ստացումը։ Գրում է tass.ru-ն։ Ուկրաինան հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, որում մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին կիրակի օրը հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։ «Փետրվարի 26-ին Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի Դաշնության Արդարադատության միջազգային դատարան  ներկայացրել է հայց դատական գործընթաց սկսելու նպատակով կապված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» 1948 թվականի կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման և իրականացման վերաբերյալ վեճի», - ասվում է փաստաթղթում։ Հայցում, ըստ դատարանի, Ուկրաինան մերժում է այն պնդումները, որ Դոնբասում տեղի է ունեցել ցեղասպանություն, որի պատճառով Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել է Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական Հանրապետությունները, այնուհետև հատուկ ռազմական գործողություն իրականացնել Ուկրաինայի դեմ։Դա նկատի ունենալով, ուկրաինական կողմը դատարանից պահանջել է ճանաչել, որ «Ռուսաստանը չունի իրավական հիմք  Ուկրաինայի դեմ գործելու՝ ենթադրյալ ցեղասպանությունը կանխելու և պատժելու նպատակով»։ Բացի այդ, դիմումատուն Ռուսաստանի Դաշնությանը մեղադրել է Ուկրաինայում ցեղասպանություն ծրագրելու մեջ և պահանջել միջանկյալ միջոցներ կիրառել՝ «վեճի սրումն ու խորացումը կանխելու համար»։
00:49 - 28 փետրվարի, 2022