ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՄԻՊ Արման Թաթոյանը հանդիպել է Միջազգային պաշտպանության կենտրոնի պատվիրակությանը

ՄԻՊ Արման Թաթոյանը հանդիպել է Միջազգային պաշտպանության կենտրոնի պատվիրակությանը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Միջազգային պաշտպանության կենտրոնի ղեկավար Կարիննա Մոսկալենկոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև ՌԴ փաստաբաններ։ ՄԻՊ հաղորդագրության համաձայն՝ հաշվի առնելով ՄԻԵԴ-ում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատվիրակության փորձն ու մասնագիտացումը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով երրորդ կողմ հանդես գալուն բացառիկ փորձը։ Պատվիրակության ղեկավարը բարձր է գնահատել հատկապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն նախաձեռնությունը, որի համաձայն հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ համատեղ հատուկ դիրքորոշումներ են ուղարկում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե` կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանի վերաբերյալ վճռի կատարման հետ: Պատվիրակության անդամները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկել են իրավական ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր։
21:26 - 12 հոկտեմբերի, 2021
Սահմանադրական դատարանի՝ որոշում չկայացնելուց հետո ՀՀ ՄԻՊ-ը կրկին դիմել է ՍԴ Հարկային օրենսգրքին վերաբերող նույն խնդրով

Սահմանադրական դատարանի՝ որոշում չկայացնելուց հետո ՀՀ ՄԻՊ-ը կրկին դիմել է ՍԴ Հարկային օրենսգրքին վերաբերող նույն խնդրով

Սահմանադրական դատարանի կողմից որոշում չկայացնելուց հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կրկին դիմել է ՍԴ Հարկային օրենսգրքին վերաբերող նույն խնդրով։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի գրասենյակը։ «Դիմումով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիճարկում է այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները: Սա հենց այն գործն է, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանը վերջերս մերժել էր Պաշտպանի դիմումը և ըստ էության որոշում չէր կայացրել այն պատճառով, որ ՍԴ դատավորների ձայները բաշխվել էին հավասար. դա արգելք չէ նորից ՍԴ նույն խնդրով դիմելու համար։ Այս ոլորտում սահմանադրական իրավունքների խախտումները շարունակվում են։Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, օրինակ՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է` 300․ 000 դրամի չափով, իսկ հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով 1․000․000 դրամի չափով: Ստացվում է, որ օրենքով հարկային մարմնի համար նախապես կանխորոշված են տուգանքների չափերը, որոնցից որևէ բացառություն չի կարող արվել։ Մասնավորապես, տուգանքները նշանակվում են առանց անհատականացման. դրանք չեն նշանակվում հիմք ընդունելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի շրջանառության ծավալը: Առաջին անգամ իրավախախտումը հայտնաբերելիս տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտի նկատմամբ կիրառվում է տուգանք՝ անկախ խախտումը կատարելու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից։ Խնդրահարույց է նաև տուգանքի չափերի բարձր լինելը, ինչը նորաբաց և/կամ փոքր կազմակերպությունների, ի տարբերություն տարիներ շարունակ գործող և մեծ կազմակերպությունների, դնում է տնտեսական դժվար կացության առաջ, իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար այն հանգեցնում է ընդհուպ մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման: Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ վերոնշյալ վիճակը չի ապահովում տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու երաշխավորման սահմանադրական պահանջը։ Սա իր հերթին հանգեցնում է տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական, գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի նկատմամբ անհամաչափ միջամտության հարկային մարմինների կողմից։ Նշենք, որ այս գործով որոշում չկայացնելը մեզ համար առիթ դարձավ, որ նոր դիմում հասցեագրեինք Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հենց ՍԴ-ում քննության ընդունված դիմումի կապակցությամբ ձայների հավասար բաշխման պատճառով Բարձր դատարանի կողմից որոշում չկայացնելու հնարավորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
16:35 - 12 հոկտեմբերի, 2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը փաստագրել է ադրբեջանական ապօրինի ներխուժման 3-րդ դեպքը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը փաստագրել է ադրբեջանական ապօրինի ներխուժման 3-րդ դեպքը

Շարունակվող փաստահավաք աշխատանքները վեր են հանել, որ դեռ պատերազմի ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի վերջերին, ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ գյուղին հարող սահմանային հատվածում՝ իրական վտանգ ստեղծելով հատկապես Կապանի Ներքին Հանդ և Ծավ գյուղերի բնակիչների համար: Այս մասին տեղեկացնում հաղորդագրություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Սույն հաղորդմամբ հրապարակում եմ նաև Գուգլ քարտեզի վրա պատկերված ադրբեջանական զինված ուժերի ներխուժումները դեղինով՝ առնվազն 5 կոնկրետ տեղակայումների նկարագրությամբ: Ըստ Գուգլ քարտեզի չափագրման՝ ներխուժումները գտնվում են Ծավ գյուղին հարող ՀՀ ինքնիշխան տարածքի խորքում՝ դրանով նախատեսված սահմանից ուղիղ գծով 150մ, 190մ, 960մ, 1140մ և 1210մ hեռավորության վրա։ Նրանք, մասնավորապես, այն տարածքներում են, որտեղ խոտհարքներ են և արոտավայրեր: Ներխուժման հետևանքով քաղաքացիական բնակիչները զրկվել են այդ հողատարածքներն օգտագործելու, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից: Ադրբեջանական զինված ուժերն այս կերպ բացահայտ ոտնահարում են Կապան համայնքի հատկապես Ծավ և Ներքին Հանդ գյուղերի բնակիչների կյանքի ու անվտանգ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և այլ կենսական իրավունքներ: Նրանց ներկայությունը իրական սպառնալիք է մարդկանց խաղաղ կյանքի համար: Այսինքն, ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի Ծավ գյուղին հարող սահմանային հատվածում ևս բացահայտ զուրկ է իրավական որևէ տիտղոսից: ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները կլինեն շարունակաբար ոտնահարված, քանի դեռ նրանք անօրինական տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում, մարդկանց հողերում: Այս ամենին զուգահեռ շարունակվում է ադրբեջանական հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական քաղաքականությունը: Ուստի, այս հարցը նույնպես պետք է դառնա միջազգային ատյաններում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, այլ ատյաններում ներկայացման ենթակա հարց: Պետք է լինի պարտադիր բաղադրիչ՝ ՀՀ սահմանային բնակիչների խախտված իրավունքների վերականգնման նպատակով: ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների վերականգնումը պահանջում է ադրբեջանական զինված ծառայողների անհապաղ հեռացում: Դա պետք է լինի ինչպես ՀՀ Սյունիքի, այնպես էլ Գեղարքունիքի գյուղերի մոտից, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներից»,- ասված է Արման Թաթոյանի տարածած հաղորդագրության մեջ:
12:32 - 12 հոկտեմբերի, 2021
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պետք է դուրս մղվեն մեր հասարակությունից. ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորել է աղջիկ երեխաների միջազգային օրը

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պետք է դուրս մղվեն մեր հասարակությունից. ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորել է աղջիկ երեխաների միջազգային օրը

Արդեն 10 տարի հոկտեմբերի 11-ը նշվում է որպես աղջիկ երեխաների միջազգային օր: Օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Ուղերձի մեջ, մասնավորապես, ասված է. «Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով ու երջանկությամբ, տալիս են կյանքի դժվարությունները հաղթահարելու անսպառ մոտիվացիա։ Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի  զոհը, որ մեր կարծրատիպերի պատճառով ձախողվի նրանց կյանքի ճանապարհը: Սա աղջիկ երեխաների այս միջազգային օրվա սկզբունքային նշանավորում է:  Պետք է նրանց համար ստեղծենք հավասար պայմաններ, հնարավորություն տանք աղջիկ երեխաներին մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանը: Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, կրթությունից դուրս մնալը, բռնության ենթարկվելու արատավոր երևույթները պետք է ամբողջությամբ դուրս մղվեն մեր հասարակությունից։ Պետք է գիտակցենք, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր բաժին պատասխանատվությունն այս բոլոր հարցերում»:
14:50 - 11 հոկտեմբերի, 2021
Գազի, ջրի ու լույսի խնդիրներով վերջին 9 ամիսներին ՄԻՊ-ը 154 անձից բողոք է ստացել

Գազի, ջրի ու լույսի խնդիրներով վերջին 9 ամիսներին ՄԻՊ-ը 154 անձից բողոք է ստացել

2021 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ «Վեոլիա Ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 145 գրավոր և բանավոր դիմում-բողոք 152 անձից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժինը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վերաբերյալ ստացվել է 20 բողոք (գրավոր և բանավոր)։ Դրանք մեծ մասամբ վերաբերել են գազամատակարարման խողովակի տեղափոխմանը, բնակարանում գազի արտահոսքը կանխելու համար ընկերության անգործությանը, գազի հաշվիչի անսարքությանը և ներկայացված վճարման հաշվի հետ անհամաձայնությանը, նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար գումարը վճարելուն, սակայն գործընթացի ձգձգմանը, սպառած գազի դիմաց վճարում իրականացնել չկարողանալուն, պարտքի առկայության հիմքով գազամատակարարումը դադարեցնելուն, ներկայացված վճարման հաշիվները փաստացի սպառած գազի քանակի հետ անհամապատասխանությանը, գազի հաշվիչի տեղադրմանը և այլն։ «ՀԷՑ» ՓԲԸ-ի վերաբերյալ ստացվել է 38 բողոք (գրավոր և բանավոր 42 անձից)։ Դիմումները մեծ մասը վերաբերել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից կատարողական թերթի պահանջները չկատարելուն, ծախսած էլեկտրաէներգիայի համար վճարման հաշվի հետ համամիտ չլինելուն, հաշվիչ սարքը հարևանի սեփական տարածքում տեղադրված և էլեկտրական հաղորդալարերը վնասված լինելուն, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տեղափոխման հարցով դիմելուն, սակայն որևէ գործողություն ՀԷՑ-ի կողմից չիրականացվելուն, հոսանքի տատանումների հետևանքով տեխնիկան վնասվելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ դիմելուն, սակայն պատասխան չստանալուն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնաճյուղի կողմից, առանց նախապես տեղեկացնելու բնակարանը հոսանքազրկելուն, առանց արձանագրություն կազմելու բնակարանի էլեկտրաէներգիայի մատակարարման եռաֆազ և միաֆազ հաշվառման սարքերն աապամոնտաժելուն և այլն։ Դիմումները Պաշտպանի աշխատակազմը փոխանցել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը։ «Վեոլիա Ջուր» ընկերության վերաբերյալ ստացվել է 87բողոք (գրավոր և բանավոր 90 անձից)։ Դիմումները վերաբերել են ջրաչափի անսարքությանն ու ներկայացված ջրամատակարարումը 5 օր շարունակ դադարեցված լինելուն և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի անգործությանը, ներկայացված վճարման հաշվի հետ անհամաձայնությանը, բնակարանի նկուղային հարկում ընդերքից եկող ջրի հոսքի հետևանքով բնակարանի և նկուղի հիմնական պատերն ու հիմքը վթարային դառնալուն, ջրաչափի անսարքության հիմքով նշանակված տուգանքին։ Դիմումները փոխանցվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը։ Բողոքներ են ստացվել նաև ջրատարի վնասման վերաբերյալ, թեժ գծի հեռախոսահամարը չգործելու, պատշաճ ջրամատակարարում չիրականացնելու, առանց նախապես ծանուցելու պլանային ջրանջատում իրականացնելու, խմելու ջրի որակի վերաբերյալ։ ՀՀ Շիրակի և Արմավիրի մարզերում առաջացած ոռոգման ջրի անբավարարության և Հայաստանի մի քանի տարածքում խմելու ջրի մատակարարման դադարեցման մասին մամուլի հրապարակումների առթիվ սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկում։
11:29 - 11 հոկտեմբերի, 2021
Արման Թաթոյանը Հռոմում միջազգային մի շարք առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների պատմել է Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների և ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների մասին

Արման Թաթոյանը Հռոմում միջազգային մի շարք առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների պատմել է Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների և ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների մասին

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Հռոմում հանդիպում է ունեցել միջազգային մի շարք հանրահայտ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ․ «Երեկ Հռոմում առանձին հանդիպում եմ ունեցել The Guardian, Times, France 24, DW Germany, Stampa Estera, Rai, Al Ghad TV և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական կողմի խոշտանգումները հայ գերիների նկատմամբ՝ ապացույցներով, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով։ Հատուկ անդրադարձել եմ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգին։ Նշել եմ, որ ԵԽԽՎ-ում բանաձևում ևս ներառվել է մեր առաջարկը, քանի որ փաստերով հիմնավորել ենք դրա անհրաժեշտությունը։ Անդրադարձել եմ նաև պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, հանցավոր արարքներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, ոտնահարում է նրանց իրավունքները, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։ Մանրամասն ներկայացրել  եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով: Բացատրել եմ, որ իրավունքների խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քաղաքականությունն է, որ շարունակվում է և ֆաշիզմի դրսևորումներով է: Ադրբեջանական նման քաղաքականությունը, երբ հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում են պետական մակարդակով, լրջորեն վտանգում է մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը, երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարները: Հատուկ նշել եմ, որ ադրբեջանական խաղաղասիրական կոչերը պարզապես շղարշ են միջազգային հանրության համար։ Փոխանցել եմ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները և պայմանավորվել ենք համագործակցել հետագայում: Հանդիպման կազմակերպման հարցում հատուկ շնորհակալություն ենք հայտնում Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանին և դեսպանության աշխատակիցներին»։
11:54 - 08 հոկտեմբերի, 2021
Իտալիայի խորհրդարանում ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների հիմնավոր ապացույցներ

Իտալիայի խորհրդարանում ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների հիմնավոր ապացույցներ

Իտալիայի խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում հոկտեմբերի 6-ին, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ զեկույցներ, հիմնավոր ապացույցներ։  Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից, մանրամասնելով, որ Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները, և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։ ՄԻՊ-ն անդրադարձել է պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։ «Իրավունքների խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քաղաքականությունն է, որ շարունակվում է և ֆաշիզմի դրսևորումներով է»,- ասել է նա:
17:54 - 07 հոկտեմբերի, 2021
Արման Թաթոյանը Հռոմի Պապին զեկույցներ է ներկայացրել Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման մասին

Արման Թաթոյանը Հռոմի Պապին զեկույցներ է ներկայացրել Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման մասին

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Հռոմի Պապին երեք զեկույց է փոխանցել Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման մասին․ «Այս լուսանկարներում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին ներկայացնում եմ հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները: Հանդիպումից առաջ Սուրբ Աթոռի արձանագրային ծառայությունը տեղեկացրել էր, որ Պապի հետ անհատական ձեքսեղմման ժամանակ երկխոսություն գրեթե չի լինում, հնարավոր է միայն  ողջունել՝ 1-2 րոպե առավելագույնը տևողությամբ: Երբ Սրբազան Քահանայապետը մոտեցավ ինձ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց ինձ և ասաց, որ ես հատուկ խոսք ունեմ ասելու: Այդ պահին, նախ, երախտագիտությունս հայտնեցի Հռոմի Պապին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հարձակումները դադարեցնելու, Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությունների համար: Այնուհետև, նշեցի, որ հայ գերիների մի մասը կյանքի սպառնալիքի առաջ անօրինական պահվում է Ադրբեջանում և խոսեցի ՀՀ սահմանային բնակչությա դեմ ադրբեջանական խախտումների մասին: Այդ պահին նաև նշեցի, որ ինձ հետ բերել եմ այդ ամենն ապացուցող զեկույցներս ու հանձնեցի Պապին: Սրբազան Քահանայապետը վերցրեց զեկույցները, բացեց թերթեց և տեսավ նաև դաժանությունների վերաբերյալ նկարները: Շնորհակալություն հայտնեց կարևոր զեկույցների համար ու ասաց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այս հարցը նույնպես քննարկել են: Հետո օրհնության անհատական ողջույնի ժամանակ նորից հատուկ շնորհակալություն հայտնեց կարևոր աշխատանքի և զեկույցները փոխանցելու համար: Առանձին հանձնարարեց նաև իր օգնականին ուսումնասիրել և իրեն առանձին ներկայացնել դրանք: Հռոմի Պապին երեք զեկույց եմ փոխանցել. առաջինն այսպես կոչված «ռազմավարի պուրակի» մասին, որը մարդկային տառապանքների թանգարան է բաց երկնքի տակ, որի հիմքում հայատյացությունն է: Զեկույցն ապացուցում է, որ «ռազմավարի պուրակը»  ավելի է խրախուսում ատելությունը: Երկրորդ զեկույցն Ադրբեջանի պատասխանատվության մասին է հայ գերիներին խոշտանգելու համար՝ հիմնավոր ապացույցներով, իսկ երրորդը՝  գերիների ցուցմունքները քրեական գործի հիմքում դնելու արգելքի վերաբերյալ է: Զեկույցը հիմնավորում է, որ ադրբեջանական իշխնությունները հայ գերիների նկատմամբ անօրինական քրեական դատավարություններ են հարուցել նրանց այն ցուցմունքների հիման վրա, որոնք ստացել են խոշտանգումներով ու անմարդկային վերաբերմունքով»:
17:48 - 07 հոկտեմբերի, 2021
Հայ ռազմագերիների խոշտանգումների մասին զեկույցն Արման Թաթոյանը ներկայացրել է Իտալիայի խորհրդարանում

Հայ ռազմագերիների խոշտանգումների մասին զեկույցն Արման Թաթոյանը ներկայացրել է Իտալիայի խորհրդարանում

Երեկ Իտալիայի խորհրդարանում՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները, հիմնավոր ապացույցներ։  ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նա ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։ Անդրադարձել է պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։ Իրավունքների խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քաղաքականությունն է, որ շարունակվում է և ֆաշիզմի դրսևորումներով է:
10:09 - 07 հոկտեմբերի, 2021
ՀՀ ՄԻՊ-ը Վատիկանի պետքարտուղարին ներկայացրել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունն ու ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ադրբեջանական հանցավոր արարքներով

ՀՀ ՄԻՊ-ը Վատիկանի պետքարտուղարին ներկայացրել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունն ու ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ադրբեջանական հանցավոր արարքներով

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլին հետ հանդիպմանը։ Արման Թաթոյանը Վատիկանի պետքարտուղարին է փոխանցել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ իր զեկույցները, հիմնավոր ապացույցներ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ կոպիտ ոտնահարված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։ Արման Թաթոյանն անդրադարձել է նաև պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։ Հանդիպմանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսից բացի, մասնակցել են նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
13:31 - 06 հոկտեմբերի, 2021
Պետք է գնահատել տարեցների արժանապատվությունը և թույլ չտալ, որ նրանք իրենց զգան հասարակության համար ոչ պիտանի․ ՄԻՊ ուղերձը

Պետք է գնահատել տարեցների արժանապատվությունը և թույլ չտալ, որ նրանք իրենց զգան հասարակության համար ոչ պիտանի․ ՄԻՊ ուղերձը

ՄԻՊ Արման Թաթոյանը ուղերձ է հղել տարեցների միջազգային օրվա առթիվ․ «Պետությունը տարեցների համար պետք է ստեղծի բոլոր պայմանները, որպեսզի նրանք իրենց զգան գնահատված ու հասարակությունից չմեկուսացած։ Այս մասին Տարեցների միջազգային օրվա առթիվ կազմակերպված Գերիատրիայի և գերոնտոլոգիայի 3-րդ միջազգային կոնգրեսի ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ ՄԱԿ-ի բնակչության  հիմնադրամի ու Ռուսաստանի Դաշնության Կառավարության աջակցությամբ Տարեցների առողջության ու խնամքի ապահովման ասոցիացիայի, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի կազմակերպած կոնգրեսի բացմանը կարևորվել է այն մոտեցումը, որ կենսաթոշակային տարիքից հետո, կյանքը չի ավարտվում, չեն սահմանափակվում նրանց հնարավորությունները և իրավունքները։ Տարեց մարդկանց ներուժը գնահատելու գործում հարկավոր է ունենալ տարեցների կարիքներին արձագանքող, առողջ երկարակեցությունը խթանող առողջապահական համակարգ։ Արման Թաթոյանը շեշտել է, որ բնակչության ծերացումն ու դրա հետևանքների հաղթահարումը մեծ մարտահրավեր է նաև Հայաստանի համար և վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ակտիվ աշխատանքներ չիրականացնելն այդ ուղղությամբ լրջագույն խնդիրների առաջ է կանգնեցնելու պետությանը տասնամյակներ անց։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև տուն-ինտերնատներում, հոգեբուժական հաստատություններում բնակվող տարեց անձանց հասարակություն ինտեգրելու, նրանց կարողությունները բացահայտելու ու փորձը գնահատելու ուղղությամբ աշխատանքների իրականացման անհրաժեշտությանը։ Արման Թաթոյանի խոսքով՝ տարեց մարդկանց հարուստ կենսափորձը, որը նպաստել է մեր հասարակության զարգացմանը, պետք է օրինակ ծառայի երիտասարդ սերնդի համար: Շատ կարևոր է տարեցների սոցիալական պաշտպանության ապահովումը, նրանց առողջության պահպանումը, կյանքի որակի բարձրացումը և այդպիսով արժանավայել ծերություն ունենալու համար անհրաժեշտ ու բավարար նախադրյալների ստեղծումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ընդգծել է նաև կենսաթոշակի տարիքի հասած նախկին զինվորականների փորձը սերունդներին փոխանցելու համակարգերի մշակման անհրաժեշտությունը»։
16:25 - 01 հոկտեմբերի, 2021
Առողջապահության ոլորտում պետպատվերի վաղաժամ սպառվելը  համակարգային խնդիր է, մարդիկ զրկվում են անհետաձգելի բժշկական օգնությունից․ ՄԻՊ

Առողջապահության ոլորտում պետպատվերի վաղաժամ սպառվելը համակարգային խնդիր է, մարդիկ զրկվում են անհետաձգելի բժշկական օգնությունից․ ՄԻՊ

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են  պետպատվերի սպառման պատճառով անվճար բժշկական օգնության և սպասարկման   հետ կապված խնդիրները: Երեկ ՀՀ կառավարության նիստում ընդգրկված՝ ոլորտային ֆինանսական միջոցների վերաբաշխման առաջարկները կարևոր են, բայց խնդրի կարճաժամկետ լուծում են։ Այնուամենայնիվ,   խնդիրն ունի համակարգային բնույթ։ Հետագայում նման իրավիճակները բացառելու նպատակով անհրաժեշտ են պետության լրացուցիչ քայլերը մարդկանց առողջության պահպանման սահմանադրական իրավունքն իրապես երաշխավորելու ուղղությամբ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դեռևս մեկ շաբաթ առաջ գրություն է հասցեագրել ՀՀ առողջապահության նախարարություն մարդկանց անվճար բուժօգնության տրամադրման համար նախատեսված գումարի սպառման  հարցերով։ Խնդրի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է նաև մամուլի հրապարակումների մշտադիտարկում: Առանձնազրույցներ են տեղի ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիներին աջակցություն ցուցաբերող հասարակական կազմակերպությունների հետ: Պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր, որ պետպատվերը սպառված լինելու պատճառով մարդիկ չեն կարողանում իրացնել պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը: Արդյունքում խախտվում են մարդկանց իրավունքները։ Օրինակ՝ մի դեպքում  1-ին խմբի զինհաշմանդամություն ունեցող անձը տարել է կաթված և հետազոտությունների, բուժսպասարկման նպատակով շտապ օգնության համար տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ: Հիվանդանոցներում հրաժարվել են նրա բուժսպասարկումն իրականացնել պետպատվերի շրջանակներում՝ պատճառաբանելով, որ սպառվել է գումարը, իսկ հիվանդանոցներից մեկում էլ հայտնել են, որ բուժսպասարկումը կիրականացվի վճարովի հիմունքներով: Որոշ ժամանակ անց նույն մարդու առողջական վիճակը վատթարացել է, առաջացել է կրկնակի կաթվածի վտանգ, և բժիշկը տրամադրել է մագնիտառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) ուղեգիր, սակայն պետպատվերի շրջանակում այն իրականացնել այդպես էլ չի հաջողվել: Որոշ դեպքերում մարդիկ բուժհաստատություններում ուղղորդվել են հետազոտությունների կամ բուժօգնության նպատակով հերթագրվել հաջորդ տարվա համար: Այս դեպքում, թեև բժշկի կողմից ցուցված հետազոտությունները չեն որակվել  անհետաձգելի անհրաժեշտության, սակայն ուղղակիորեն կապված են անձի առողջության պահպանման իրավունքի հետ և դրանք հետաձգելը կհանգեցնի անձի առողջության համար անդառնալի հետևանքների: Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն արտահիվանդանոցային դժվարամատչելի հետազոտություններին, այլ նաև ստացիոնար բուժօգնությանը: Այսպես, դեպքերից մեկով վիրավորում ստացած անձին ցուցված վիրահատություններից առաջինն իրականացվել է պետպատվերի շրջանակներում, իսկ երկրորդը հնարավոր չի եղել անվճար իրականացնել, քանի որ պետության հատկացրած տեղերը սպառվել են:  Եղել են դեպքեր, երբ նեղ մասնագետների կողմից ցուցվել է վիրահատական բուժում՝ ինչպես վերականգնողական, այնպես էլ առողջության հետագա վատթարացումը կանխարգելու նպատակով, տրամադրվել են ուղեգրեր, սակայն պետպատվերի շրջանակում վիրահատությունները չեն իրականացվել անորոշ ժամկետով, ինչը հանգեցնում է առհասարակ առողջության վերականգնման անհնարինության: Մեկ այլ դեպքում՝ հաշմանդամություն ունեցող երեխային տրամադրվել է Երևանում դժվարամատչելի հետազոտության ուղեգիր։ Երեխային հետազոտելու նպատակով մարզից տեղափոխել են Երևան, սակայն չեն կարողացել օգտվել անվճար բուժսպասարկումից՝ պետպատվերի հատկացված քանակը սպառված լինելու պատճառով: Պետպատվերի՝ ժամանակից շուտ սպառման դեպքեր արձանագրվել են նաև նախորդ տարիներին, բայց, որպես կանոն, այդ խնդիրն առաջ է եկել տարեվերջին, ոչ թե մի ամբողջ եռամսյակ առաջ կամ ինչպես ներկայում, այնպես էլ նախկինում իրականացվել են նախատեսված միջոցների վերաբաշխումներ, ինչը չի կարող բացառել հետագայում նման իրավիճակների առաջացումը։ Այս համակարգային խնդիրն էլ ավելի է սրվել նոր կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով: Ուստի, Պաշտպանն արձանագրում է, որ, որպես համակարգային խնդրի լուծում, պետք է դիտարկել բուժման պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը, որը կձևավորի նոր սոցիալական ինստիտուտ, ինչպես նաև բժշկական ծառայությունների ֆինանսավորման նոր մոտեցում: Առողջության պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրմամբ կապահովի բնակչության որոշակի խմբերի համար առողջապահական ծառայությունների հասանելիությունը՝ պետության պարտադիր մասնակցության պայմանով:
11:49 - 01 հոկտեմբերի, 2021
753 անձ երեխաների իրավունքների հարցով բողոք է ներկայացրել ՄԻՊ-ին 9 ամիսների ընթացքում․ մանրամասներ՝ հիմնական բողոքների վերաբերյալ

753 անձ երեխաների իրավունքների հարցով բողոք է ներկայացրել ՄԻՊ-ին 9 ամիսների ընթացքում․ մանրամասներ՝ հիմնական բողոքների վերաբերյալ

2021 թվականի 9 ամիսների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ստացվել երեխաների իրավունքների վերաբերյալ 485 գրավոր և բանավոր դիմում-բողոք 753 անձից: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Դիմում-բողոքները հիմնականում վերաբերել են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեությանը, երեխայի՝ ծնողի հետ շփվելու իրավունքի իրացմանը, երեխայի կրթության իրավունքի իրացման ապահովմանը և այլն: Պաշտպանին են հասցեագրվել ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում  հարուցված կատարողական վարույթների ընթացքում երեխաների լավագույն շահերով չառաջնորդվելու, կատարողական թերթի պահանջների պատշաճ կատարումն չապահովելուն վերաբերող դիմում-բողոքներ: Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեությանը վերաբերող բողոքներով բարձրացված խնդիրներն ունեն համակարգային բնույթ և տարիներ շարունակ չեն ստանում լուծում: Խնդիրները հիմնականում վերաբերում են ԽՀՀ-ների կողմից անգործություն ցուցաբերելուն, նրանց կողմից իրենց լիազորությունները ոչ պատշաճ իրականացնելուն, տրված եզրակացությունների և կայացված որոշումների իրավաչափությանը, ինչպես նաև վերջիններիս կողմից երեխայի՝ իր ծնողի, տատերի, պապերի և այլ ազգականների հետ շփվելու, ծնողների դաստիարակությունը ստանալու իրավունքների իրացումը չապահովելուն կամ ոչ պատշաճ ապահովելուն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, օրենքով սահմանված կարգով, պատշաճ ընթացք է տրվել ստացված դիմում-բողոքներին՝ ապահովելու համար դրանցով բարձրացված համակարգային և անհատական բնույթի խնդիրների հնարավոր լուծումը, ինչպես նաև հետագայում նման խնդիրների բացառումը: Դիմում-բողոքների ուսումնասիրության և քննարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմը համագործակցել է պետական և տեղական ինքնակառավարման իրավասու մարմինների հետ: Բացի այդ, Պաշտպանը տվյալ մարմիններից, ըստ անհրաժեշտության, պահանջել է պարզաբանումներ բարձրացված խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև օրենքով սահմանված կոնկրետ միջոցների ձեռնարկում: Աշխատանքի ընթացքում Պաշտպանի աշխատակազմն առանձնահատուկ կարևորել է ցանկացած իրավիճակում երեխայի լավագույն շահերով առաջնորդվելու, յուրաքանչյուր երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության կապակցությամբ ձեռնարկվող քայլերում անհատական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը:
11:11 - 29 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանի իշխանությունները պատասխանատու են այսօր Կութ գյուղի մոտ հայ զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու համար. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի իշխանությունները պատասխանատու են այսօր Կութ գյուղի մոտ հայ զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու համար. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում այսօր Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտակայքում ՀՀ զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու համար։ Հայտարարությունում ասվում է․«Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտակայքում այսօր ՀՀ զինծառայողի հրազենային վիրավորում հասցնելու, կյանքի իրավունքը դիտավորությամբ խախտելու փորձի համար։Այս հետևության հիմքում առնվազն այն փաստերն են, որ ադրբեջանական զինված ուժերը՝ 1.     ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում.2.     2020թ. նոյեմբերի 9-ից հետո նշված երկու մարզերում ֆիզիկապես ներկա են այն հողատարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են.3.    պարբերաբար կրակում են ՀՀ գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին.4.    զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ անօրինական արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն.5.    Գեղարքունիքի Կութ և մյուս գյուղերի հարևանությամբ հրդեհում են արոտավայրեր ու խոտհարքեր, գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհների նրանց ներկայության պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը, վտանգված է մարդկանց կյանքի իրավունքը։Այս ամենին գումարվում է առավել ևս այն, որ, ինչպես պաշտոնապես հայտարարում են ադրբեջանական իշխանությունները, նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքները խաթարում են մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը»:
18:02 - 28 սեպտեմբերի, 2021
ԵԽԽՎ երեկվա բանաձևում ներառվել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը․ ՄԻՊ

ԵԽԽՎ երեկվա բանաձևում ներառվել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը․ ՄԻՊ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն ակտիվորեն տարածվում է նաև միջազգային հանրությունում։ Այս առաջարկը ներկայացվել էր ԵԽԽՎ հատուկ զեկուցողին՝ փաստերի հիմնավորումով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Մասնավորապես, երեկ Ստրասբուրգում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը, որտեղ, այլ հարցերի թվում, երկու երկրներին կոչ է արվում սկսել բանակցություններ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ և ուսումնասիրել ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ։ Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարաբնույթ հանդիպումներն ու քննարկումները միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նպատակ են ունեցել ապացուցել, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները կանխելու միակ արդյունավետ տարբերակն անվտանգության (ապառազմականացված) գոտի ստեղծելն է․ պատերազմից հետո ՀՀ գյուղերի հարևանության և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումները, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները,  զուրկ են իրավական որևէ հիմքից, նրանք պետք է հեռացվեն և ստեղծվի անվտանգության (ապառազմականացված) գոտի: Ավելին, Ադրբեջանի հետ միայն դելիմիտացիան ու դեմարկացիան` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ։ Ավարտին են մոտենում անվտանգության գոտու հայեցակարգի աշխատանքները, որտեղ ծավալուն վերլուծությամբ, այդ թվում՝ քարտեզի միջոցով, ցույց ենք տվել դրա անհրաժեշտությունը մարդկանց իրավունքների պաշտպանության համար։
11:42 - 28 սեպտեմբերի, 2021
ՀՀ ՄԻՊ-ը Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանն է ներկայացրել դատական համակարգի խնդիրները

ՀՀ ՄԻՊ-ը Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանն է ներկայացրել դատական համակարգի խնդիրները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում դատարանների կարողությունների զարգացմանն ուղղված նախատեսվող ծրագրի մանրամասները, որն իրականացվելու է Շվեդիայի դատական համակարգի հետ։   Արման Թաթոյանն անդրադարձել է դատական համակարգում առկա խնդիրներին, շեշտել է, որ կան առանձին դատավորներ, որոնք իրենց պահվածքով վնասում են դատական համակարգի հեղինակությունը: Չնայած սրան, խնդիրների լուծմանը պետք է հասնել իրավական ճանապարհով՝ խրախուսելով օրինապահ ու անկախ դատավորներին։   Պաշտպանն անդրադարձել է նաև դատարաններում քննվող գործերի ձգձգումների անթույլատրելի պրակտիկային: Նա նշել է, որ ստացված բողոքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատարաններում գտնվող գործերի քննությունը տարիներ է տևում, որի արդյունքում խախտվում է դատարանի կողմից անձանց գործի ողջամիտ ժամկետում քննության սահմանադրական իրավունքը, իսկ նման դեպքերում նրանց խախտված իրավունքի վերականգնման արդյունավետ կառուցակարգեր առկա չեն: Խնդիրը լուծում չի ստացել նաև Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հրապարակումից և Սահմանադրական դատարան դիմելուց հետո:   Նա տեղեկացրել է նաև, որ բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում իր իրավասությունների շրջանակում Պաշտպանը լիազորված է դիմելու դատական իշխանության` դատական պրակտիկայի ամփոփման համար պատասխանատու մարմիններին` դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ ստանալու նպատակով, ինչպես նաև առաջարկներ ներկայացնելու դատական պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ:   Պաշտպանը կարևորել է Բարձրագույն դատական խորհրդի դերը, հատկապես՝ դատարանների հանդեպ ինստիտուցիոնալ վստահության բարձրացման հարցում և ընդգծել ԲԴԽ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:   Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել համագործակցությունը ծրագրի շրջանակում դատական համակարգի կատարելագործման ուղղությամբ։
20:23 - 27 սեպտեմբերի, 2021