ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Հակաճգնաժամային 10-րդ միջոցառման 3762 շահառու կստանա շուրջ 220 միլիոն դրամի աջակցություն |armenpress.am|

Հակաճգնաժամային 10-րդ միջոցառման 3762 շահառու կստանա շուրջ 220 միլիոն դրամի աջակցություն |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումից օգտվելու համար մայիսի 7-ի դրությամբ՝ Պետական եկամուտների կոմիտեին դիմել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող 3762 տնտեսավարողներ, որոնք պետության կողմից կստանան 219 միլիոն 457 հազար 593 դրամի չափով միանվագ աջակցություն։ Այս մասին ասաց ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանը։ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետը ներկայացրեց միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող այն տնտեսավարողներին, որոնք կարող են հանդիսանալ 10-րդ միջոցառման շահառու։ «Միջոցառման նպատակը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողներին աջակցություն տրամադրելն է։ Կան չափորոշիչներ և պայմաններ, որոնց պետք է տվյալ անձինք բավարարեն, որպեսզի հանդիսանան այդ միջոցառման շահառու։   Միջոցառման շահառուներ կարող են լինել այն անհատ ձեռնարկատերերը, որոնք 2019 թվականին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կամ 2019 թվականին «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքի համաձայն որպես ինքնազբաղված անձինք ունեցել են հարկերից ազատման արտոնագիր։  Միաժամանակ, կա շահառուների ևս մեկ կատեգորիա՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք 2019 թվականին հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր. նրանք նույնպես կարող են այս միջոցառման շրջանակներում ստանալ աջակցություն»,- ասաց Մանուկյանը։ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցչի խոսքով՝ ՊԵԿ-ն այդ չափանիշների հիման վրա առանձնացրել է շահառուների քանակը և բոլորին ծանուցել է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ «Ընդհանուր շահառուների թվաքանակը 5725-ն է։ Տվյալ քաղաքացիների անձնական էջին արդեն ծանուցումները ուղարկվել են, որ իրենք համարվում են 10-րդ միջոցառման շահառու։ Ծանուցումը ստանալուց հետո քաղաքացիները պետք է ներկայացնեն դիմում այդ աջակցությունը ստանալու համար»,- նշեց Մանուկյանը, հավելելով, որ այն անձինք, ովքեր ծանուցումը ստացել են, էլեկտրոնային եղանակով կարող են դիմում ներկայացնել մինչև 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ։ Մանուկյանի խոսքով՝  քաղաքացիները պետք է մուտք գործեն հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ, ընտրեն դիմումը ու այնտեղ ներկայացնեն տվյալները, մասնավորապես՝ բանկի հաշվեհամարը և բանկը, իսկ եթե չունեն հաշվեհամար պարտավոր են իրենց անձնագրի տվյալները ներկայացնել, որպեսզի համապատասխան փոխանցումները կատարվեն. դրամային փոխանցումը կկատարվի ՎՏԲ բանկին և քաղաքացին կարող է մոտենալ ցանկացած մասնաճյուղի։ «Աջակցության չափը հաշվարկվում է հետևյալ կերպ՝ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների համար հիմք է վերցվում 2020 թվականի առաջին եռամսյակի կատարված աշխատաքների իրացման շրջանառության 10 տոկոսը, բայց ոչ պակաս 10 հազար դրամը և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը՝ 136 հազար դրամը։  Այն միկրոձեռնարկատիրական սուբյեկտները, որոնք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք են, աջակցություն կստանան  միանվագ նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ 68 հազար դրամ։ Կարդալ ավելին՝ armenpress.am: 
10:08 - 08 մայիսի, 2020
ՊԵԿ-ը հիշեցրել է 5-րդ միջոցառման դիմումների ներկայացման վերջնաժամկետի մասին

ՊԵԿ-ը հիշեցրել է 5-րդ միջոցառման դիմումների ներկայացման վերջնաժամկետի մասին

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 10-ը ներառյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում (5-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ) և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից` միանվագ դրամաշնորհ ստանալու համար, դիմումները ներկայացնել նշված ժամկետում: Միաժամանակ, կոմիտեն առաջարկում է, դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալ տվյալների ճշտությանը. Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին: Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ: Պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
20:37 - 07 մայիսի, 2020
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք։ Մասնավորապես՝ օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը հանրապետություն ներմուծելով էական առևտրային քանակի միրգ, բանջարեղեն՝ այն մատակարարում է նախապես հայտնի գնորդներին, սակայն դուրս չի գրում համապատասխան ուղեկցող փաստաթղթեր։  Ձեռնարկատիրական գործունեության բնագավառում ապրանքների մատակարարման պարտադիր փաստաթղթավորման նկատմամբ հսկողության ապահովման գործառույթների շրջանակում վարչության աշխատակիցները ստացված տվյալներն իրացնելու նպատակով մշակել և ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը 2020 թվականի ընթացքում Վրաստանից Հայաստան է ներմուծել շուրջ 1500 տոննա միրգ և բանջարեղեն և,  առանց հարկային հաշիվներ դուրս գրելու, դրանք ամբողջությամբ մատակարարել է ՀՀ տարածքում գյուղատնտեսական մթերքների առուվաճառքով զբաղվող տարբեր տնտեսվարող սուբյեկտներին։ Միաժամանակ պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը, նպատակ ունենալով «մաքրել» շուրջ 1500 տոննա ապրանքային մնացորդը,  Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 19/9 հասցեում գտնվող շինությունն արտաքնապես կահավորել է որպես առևտրի օբյեկտ, ձևականորեն այն համապատասխանեցրել մանրածախ վաճառքի համար նախատեսված տարածքին ներկայացվող պահանջներին, գրանցել  հսկիչ-դրամարկղային մեքենա և, առանց նշված հասցեից վաճառքներ իրականացնելու՝ մուտքագրել է շուրջ 97 մլն դրամ գումար և տպել  իրականությանը չհամապատասխանող կեղծ կտրոններ։  Արձանագրված իրավախախտման փաստի արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակում անհատ ձեռնարկատիրոջն առաջադրվել է շուրջ 48.5 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:    ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսվարող սուբյեկտներին կոչ է անում խստորեն պահպանել ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման՝ Հարկային օրենսգրքով սահմանված պարտադիր պահանջները՝ գնորդ տնտեսվարող սուբյեկտների անվամբ դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր: Միաժամանակ հորդորում  է չօժանդակել վերջիններիս միջոցով ստվերային երևույթների առաջացմանը և զերծ մնալ ապրանքային մնացորդները հսկիչ-դրամարկղային կեղծ կտրոնների միջոցով «մաքրելու» արատավոր պրակտիկայից։  
16:35 - 07 մայիսի, 2020
Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից

Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք ազատվել է մաքսատուրքից: Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.03.2020թ. թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն՝ մինչև 2020թ․ սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիրը գրանցելու, և ապրանքների ներմուծման թույլտվությունը համապատասխան լիազորություն ունեցող գործադիր մարմնի կողմից ներկայացվելու դեպքում մաքսատուրքից ազատվելու են հիմնականում բժշկական նշանակության որոշ ապրանքներ: Հարկ է նշել, որ արտոնությունն ուժի մեջ է մտել 2020թ. մարտի 16-ից:  Ապրանքների ցանկը ներկայացված է այստեղ:  ԵՏՀ 03.04.2020թ․ թիվ 33 որոշման համաձայն՝ մինչև 2020թ․ հունիսի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում բժշկական պարագաներից բացի մաքսատուրքից ազատվելու են նաև գյուղատնտեսական որոշ ապրանքներ: Արտոնությունն ուժի մեջ է մտել 2020թ. ապրիլի 1-ից։ Ամբողջական ցանկը ներկայացված է այստեղ:
11:16 - 07 մայիսի, 2020
Հարկ վճարողների 90 տոկոսից ավելին ընդգրկված են աջակցության միջոցառումներում․ ՊԵԿ փոխնախագահ |armtimes.com|

Հարկ վճարողների 90 տոկոսից ավելին ընդգրկված են աջակցության միջոցառումներում․ ՊԵԿ փոխնախագահ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք ներելու են այն հիմնարկներին, որոնք հնարավորություն չեն ունեցել կատարելու իրենց հարկային պարտավորությունները։  «Եթե պատկերացնենք, որ ինչ-որ տնտեսվարողի հարկը ներում ենք, տնտեսվարողը եկամտահարկը չի վճարում աշխատողին, որն ունի վերցված հիփոթեք եւ որի տոկոսները փակվում են եկամտահարկով, այդ տոկոսները չվճարելու պատճառով բանկն ընկնում է ավելի վատ վիճակի մեջ եւ տնտեսական շղթան խաթարվում է»,- ասաց Փաշայանը։ Նրա խոսքով՝ պետական աջակցության ծրագրերի պահանջներն անընդհատ թուլացվել են եւ եթե այդքան թուլացումներից հետո հարկ վճարողը չի ընդգրկվել կառավարության աջակցության միջոցառումներում, ապա այդ դեպքում կարելի է անհատական հասկանալ այդ հարկ վճարողի հետ կապված խնդիրները։ «Կարող եմ ասել, որ մենք արդեն ունենք 90-ից բարձր տոկոս հարկ վճարողների ընդգրկվածություն աջակցության միջոցառումներում»,- նշեց ՊԵԿ փոխնախագահը։
14:22 - 06 մայիսի, 2020
ՊԵԿ-ը Կենտրոնական բանկի հետ քննարկում է վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գաղափարը․ Փաշայան |armtimes.com|

ՊԵԿ-ը Կենտրոնական բանկի հետ քննարկում է վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գաղափարը․ Փաշայան |armtimes.com|

armtimes.com: Պետական եկամուտների կոմիտեն Կենտրոնական բանկի հետ քննարկում է վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գաղափարը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը։ «Դա նոր համակարգ է, որն արդեն իսկ ստեղծվել է ՊԵԿ-ում։ Հիմա սպասում ենք, որպեսզի բիզնեսն ընդառաջ գա ու ինտեգրվի այդ համակարգին։ Սա հնարավորություն է տալու էլեկտրոնային ծառայություններ մատուցող, հեռախոսի միջոցով պատվերներ ստացող կազմակերպություններին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ-ներ»,- նշեց ՊԵԿ փոխնախագահը։ Նրա խոսքով՝ էլեկտրոնային ՀԴՄ տրամադրելիս տեղեկատվությունն օնլայն եղանակով փոխանցվում է ՊԵԿ-ին։ Փաշայանն ասաց նաեւ, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար՝ շարունակվելու են ավտոմատացման եւ թվայնացման մասով աշխատանքները։
14:12 - 06 մայիսի, 2020
ԱԱԾ-ն նոր դրվագներ է ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահի եւ նրա որդիների դեմ հարուցված գործի վերաբերյալ

ԱԱԾ-ն նոր դրվագներ է ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահի եւ նրա որդիների դեմ հարուցված գործի վերաբերյալ

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ նախկինում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած և իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձի որդիները, ազգականի հետ նախնական համաձայնությամբ, հոր զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված, ՀՀ հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով հիմնադրել են առևտրային կազմակերպություն, իսկ հայրը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, դրա տնտեսական գործունեությանն ապօրինի նպաստելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել նշված կազմակերպության ծառայողների հետ, հնարավորինս աջակցել վերջիններիս՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գնումների ընթացակարգերին պատշաճ մասնակցությունն ապահովելու, տրամադրել դրա համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերացնել առաջացող խոչընդոտները և կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր: Օգտվելով պաշտոնեական դիրքը չարաշահման արդյունքում ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ պաշտոնյայի հետ փոխկապակցված կազմակերպության ծառայողները ՀՀ  պետական եկամուտների կոմիտեի հետ 2008-2020 թվականների ընթացքում կնքել են ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման բազմաթիվ պայմանագրեր, ըստ որոնց ընկերությանը փոխանցվել են առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ: Բացի այդ, հիշյալ պաշտոնյան, պատասխանատու լինելով պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականության և իրականացման համար, տեղյակ լինելով մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների գնման անհրաժեշտության մասին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող և այլ անձանց մասնակցությամբ ապահովել է 19 ծրագրային մոդուլի ձեռքբերման պայմանագրի կնքումն իրական արժեքից էապես բարձր գնով հիշյալ ընկերության հետ։ Արդյունքում, թեև նշված պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվել են 2.777.410.417 ՀՀ դրամով, սակայն դրանց դիմաց պետական միջոցների հաշվին պաշտոնյայի հետ փոխկապակցված ընկերությանը փոխանցվել է 4.283.580.000 ՀՀ դրամ, իսկ առանձնապես խոշոր չափերով գումարային տարբերությունը՝ 1.506.169.583 դրամի չափով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, պաշտոնյայի որդիների օժանդակությամբ հափշտակվել է։ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրանց օգտագործմամբ առաձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու արդյունքում ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավելուց զատ, դրանք շահաբաժինների, փոխառությունների և այլ գործարքների ձևով այլ անձանց անուններով փոխակերպվել են կանխիկ դրամական միջոցների, որոնք փաստացի տնօրինվել են պաշտոնյայի որդիների և ազգականի կողմից, այդ թվում՝ երրորդ անձի միջոցով մուտքագրվել են «Յուքոմ» ՍՊ ընկերություն: Հանցագործության կատարման արդյունքում առաջացած առանձնապես խոշոր չափերով գույքը, դրա օգտագործումից ստացված եկամուտները՝ իրական բնույթի, ծագման աղբյուրի իրական պատկանելիության խեղաթյուրմամբ, բանկային փոխանցումների միջոցով ուղղորդվել են պաշտոնյայի որդիների և ազգականի, նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների բանկային հաշիվներին՝ միախառնվելով այլ միջոցների հետ, ներգրավվել են դրանց իրականացրած ձեռնարկատիրական գործունեության մեջ:  Բացի այդ, ստացված փաստական տվյալների համաձայն, հիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի որդիները, տեղյակ լինելով հոր և մի շարք տնտեսվարող սուբյեկտների՝ այդ թվում ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենի միջև, ընդհանուր հովանավորչության համար առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համաձայնության մասին, հանդիպել են ձեռնարկատիրոջ հետ և քննարկել հանցագործության առարկան փոխանցելու տարբերակները: Վերջիններիս նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, նշված ձեռնարկատերը 2011 թվականի ընթացքում կաշառքի առարկան՝ 22.401.000 ԱՄՆ դոլարը, փոխանցել է նրանց մատնանշած և նրանց հետ փոխկապակցված ՀՀ-ում ոչ ռեզիդենտ մի շարք կազմակերպությունների հաշվեհամարներին, ավելին, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել են փոխառության 2 պայմանագրեր: Ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը: Դրանից հետո՝ բավարար ապացույցների համակցության հիման վրա, վարույթն իրականացնող մարմնի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին որոշում է կայացվել հիշյալ պաշտոնյայի ՀՀ-ում գտնվող և վարույթում որպես մեղադրյալ ներգրավված որդուն առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու և կրկին մեղադրանք առաջադրելու մասին՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակությանը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու համար։ Սակայն վերջինս, պատշաճ ծանուցված լինելով վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին, խախտելով կիրառված խափանման միջոցի՝ չհեռանալու մասին ստորագրության պայմանները, նախաքննական մարմին այդպես էլ չի ներկայացել և թաքնվել է քննությունից, որից հետո վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում փախուստի դիմած մեղադրյալին հայտնաբերելու ու պատասխանատվության կանչելու, տևական և քողարկված հակաիրավական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը, բանկային փոխանցումներով օրինականացված եկամուտների վերջնական տեղաշարժը և դրանց հասցեատերերին պարզելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձումն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
19:52 - 04 մայիսի, 2020
ՊԵԿ-ը 2020-ի առաջին եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք

ՊԵԿ-ը 2020-ի առաջին եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի  ընթացքում արձանագրվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք: Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 34 դեպք: Արդյունքում հայտնաբերվել են  շուրջ 5կգ 500գ մեթամֆետամին, 2կգ 500գ ափիոն, ավելի քան 2 կգ կետամին, 600գ մարիխուանա,   11գ սփայս, ինչպես նաև հաշիշի յուղով լցված  էլեկտրական սիգարետի 11 մուշտուկ, տարբեր տեսակի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պարունակությամբ 2487դեղահաբ:  Վարչության աշխատակիցների հետևողական աշխատանքի արդյունքում բացահայտվել է նաև մաքսային կանոնների խախտման 17 դեպք: Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 300գ ոսկյա և 14կգ մետաղական զարդեր, տարբեր տեսակի 60կգ դեղամիջոց, 71 բջջային հեռախոս,   450 տուփ ծխախոտ, 20240 կգ խնձոր, ավելի քան 2կգ 600գ ռետինե խողովակ, առանց մաքսային մարմնի թույլտվության տրասպորտային միջոցի հանձման 1 դեպք, 1500 կգ հագուստ և տեքստիլի արտադրանք ու այլ ապրանքներ: Փաստերի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով սահմանված հանցագործության և ՀՀ Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են Պետական եկամուտների կոմիտեի  քննչական, հետաքննության և օպերատիվ-հետախուզության ու իրավաբանական  վարչություններին:
10:35 - 04 մայիսի, 2020
Պարզաբանում ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի «անօրինական» արտահանման վերաբերյալ

Պարզաբանում ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի «անօրինական» արտահանման վերաբերյալ

Զանգվածային որոշ լրատվամիջոցներում այսօր հրապարակված՝ ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի «անօրինական» արտահանման փաստի վերաբերյալ Պետական եկամուտներիր կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ խնդրո առարկա ծխախոտի արտադրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է «արտահանում» (այլ ոչ թե «տարանցիկ»)  մաքսային ընթացակարգով՝ էլեկտրոնային ապրանքային հայտարարագրի կիրառմամբ։ Հայտարարագիրը գրանցվել է մաքսային մարմինների էլեկտրոնային համակարգում։ Հայտարարագիրը ներկայացնելիս կցվել են նաև ապրանքն ուղեկցող փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագիր, բեռնագիր, պայմանագիր, ծագման հավաստագիր և այլն)։ Հայտարարագրի՝ համակարգում գրանցված լինելը նշանակում է, որ այն հնարավոր չէ կեղծել, իսկ դրանում առկա տվյալները՝ ՀՀ և ԵԱՏՄ անդամ (այդ թվում՝ ՌԴ) մաքսային մարմինների միջև գործող փոխգործակցության շրջանակում հասանելի են ՌԴ մաքսային մարմինների համար։Հայտարարագրում և համապատասխան ուղեկցող փաստաթղթերում, որպես բեռի նշանակման երկիր նշված է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը։ Ընդ որում, թե հայտարարագրում, և թե բեռնագրում, որպես ԵԱՏՄ տարածքը լքելու ելքի մաքսային մարմին նշված է Ղազախստանի Հանրապետության «Տաժեն» մաքսակետը։ Կոմիտեն տեղեկացնում է նաև, որ խնդրո առարկա ապրանքների մի մասն առայժմ չի արտահանվել: Այն առ այսօր գտնվում է պահեստում՝ մաքսային հսկողության ներքո, և վերջինիս նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ դրանք դրոշմավորված չեն ՀՀ ակցիզային դրոշմանիշներով, ինչը համապատասխանում է ՀՀ Հարկային օրենսգրքի 392-րդ հոդվածի պահանջներին։ՊԵԿ-ը հայտնում է նաև, որ նշված ծխախոտի արտադրանքն ունի հայկական ծագում։ Դրանց մաքսային ձևակերպումները և հսկողությունը ՀՀ մաքսային մարմինների կողմից իրականացվել են օրենքի տառին համապատասխան, իսկ այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները որևէ իրավասություն չունեն և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չեն կարող կրել։ Հետևապես, նաև անհեթեթություն է մամուլի այն վարկածը, որ որևէ տնտեսավարողի կողմից այլ երկրի տարածքում առերևույթ թույլ տված որևէ խախտման կամ կեղծիքի մեջ պետք է փնտրել ՀՀ ՊԵԿ մաքսային մարմինների մասնակցությունը:
15:48 - 30 ապրիլի, 2020
ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ հարկերից խուսափելուն միտված հանցավոր սխեմաներ ստեղծելու մտադրությունից

ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ հարկերից խուսափելուն միտված հանցավոր սխեմաներ ստեղծելու մտադրությունից

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում բացահայտվել են հարկերից խուսափելուն միտված հանցավոր սխեմաներ: Պարբերաբար ստացվող օպերատիվ տվյալների հիման վրա պարզվել է, որ տարբեր ֆիզիկական անձինք և որոշ կազմակերպությունների իրական կամ փաստացի շահառուներ հարկեր չվճարելու կամ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու ուղղակի դիտավորությամբ՝ նախօրոք մշակում են հանցավոր մեխանիզմներ և փորձում իրացնել դրանք։ Այսպես, հանցավոր խմբավորումների մեջ ներգրավված և դերակատարություն ունեցող անձինք, հիմնականում սոցիալապես անապահով քաղաքացիների անուններով գրանցում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ կամ ուղղորդում տվյալ անձանց գրանցվել որպես անհատ ձեռնարկատերեր: Այնուհետև, նրանց անվամբ ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն են ներկրում տարբեր տեսակի ապրանքներ, չներկայացնելով հարկային հայտարարագրերը, խուսափում են հարկերի վճարումից: Մեկ այլ դեպքում էլ ներկայացնում են փաստաթղթեր՝ կրկին չկատարելով հարկային պարտավորությունները: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել են մի շարք նմանատիպ քրեական գործեր, որոնց նախաքննությունը շարունակվում է ՊԵԿ քննչական վարչությունում։ Ընդ որում, օպերատիվ տվյալների վերլուծությունը վկայում է, որ նշված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունները կազմակերպվում են մի քանի հանցավոր խմբավորումների կողմից և գործում են նույն «ձեռագրով»։ ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն ամենօրյա անզիջում պայքար է մղում նշված հանցավոր մեխանիզմների բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ  և հորդորում  է  քաղաքացիներին   զերծ մնալ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպություններ ստեղծելուց և որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստանալուց: Կոմիտեն միաժամանակ կազմակերպությունների իրական շահառուներին նախազգուշացնում է, որ հարկեր չվճարելու դիտավորությամբ նման հանցավոր մեխանիզմներ ստեղծելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
17:10 - 29 ապրիլի, 2020
Սոցաջակցության ծրագրի շահառուները մերժվում են, իսկ սոցապից ՊԵԿ, ՊԵԿ-ից սոցապ ուղղորդումներից՝ ապակողմնորոշվում |armtimes.com|

Սոցաջակցության ծրագրի շահառուները մերժվում են, իսկ սոցապից ՊԵԿ, ՊԵԿ-ից սոցապ ուղղորդումներից՝ ապակողմնորոշվում |armtimes.com|

armtimes.com: Նոր կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիայով պայմանավորված, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որոշակի աջակցություն է տրամադրում դրա կարիքն ունեցող անձանց: Սոցիալական եւ տնտեսական այդ ծրագրի մանրամասների մասին արդեն բազմիցս խոսվել է, բայց տեւական ժամանակ է, ինչ տարբեր քաղաքացիներ բարձրաձայնում են, որ չեն կարողանում օգտվել իրենց համար նախատեսված աջակցությունից եւ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: «Հայկական ժամանակ»-ի խմբագրութուն են դիմել մասնավորապես 7-րդ, 8-րդ եւ 9-րդ ծրագրերի շահառուներ, որոնց դիմումները մերժվել են առանց հիմնավորման: Մեզ դիմած քաղաքացի Հ. Ք.-ն սոցիալական աջակցության 7-րդ ծրագրի շահառու է, սակայն նրա դիմումը մերժել են՝ չներկայացնելով հիմնավորում: Հ. Ք.-ն 13 շաբաթական հղի է, հաշվառված «Արմենիա» ԲԿ-ում: Աջակցության դեպքում վերջինիս դրամական օժանդակության չափը 100 հազար դրամ է լինելու: Հ. Ք.-ն միայնակ մայր է, ունի եւս մեկ երեխա, որն անչափահաս է. այս դեպքում էլ կինը 9-րդ ծրագրի շահառու է, սակայն կրկին մերժում է ստացել: Երկու ծրագրի պոտենցիալ շահառու հանդիսացող կինը տեղյակ է, որ մեկը ստանալու դեպքում մյուսից օգտվել չի կարող, սակայն երկուսով էլ մերժվել է: «Հայկական ժամանակ»-ին են դիմել նաեւ 10 քաղաքացիներ, որոնք բոլորն աշխատում են միեւնույն վայրում: Նրանք 8-րդ ծրագրի շահառուներ են եւ ծրագրի մեկնարկից մինչեւ օրս չեն կարողանում օգտվել իրենց հասանելիք աջակցությունից: 8-րդ կետում նշված է՝ «Դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, որոնք 2020 թ.-ի մարտի 13-ից մարտի 30-ը նշված ոլորտների վարձու աշխատողներ են կամ անհատ ձեռնարկատերեր»: Մեզ դիմած քաղաքացիները գեղեցկության սրահի աշխատողներ են: Սրահը փակվել է մարտի 15-ին, եւ այդ օրվանից օրավարձով աշխատող այս մարդիկ մատնված են հարկադիր պարապուրդի: Նրանք հայտնում են, որ երբ լրացնում են օնլայն դիմումները, միանգամից ստանում են մերժման պատասխան հետեւյալ  բովանդկությամբ՝ «Ձեր դիմումը մերժված է, հաղորդագրությունն ուղարկվել է անհատական վերլուծության»: Գեղեցկության սրահի աշխատակիցները վստահեցնում են՝ տնօրինությունն օրինական կերպով վճարել է հարկերը, եւ իրենք բոլորը գրանցված են: «Մերժում ստանալուց հետո զանգահարեցի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, եւ շատ դժվարությամբ պատասխանեցին թեժ գծի համարներից մեկին: Տպավորություն էր, թե ինձ հետ խոսող աղջիկն ավելի քիչ էր տեղեկացված ծրագրից, քան ցանկացած այլ շահառու: Նա ինձ լսեց եւ հորդորեց նորից փորձել, ոչ մի կոնկրետ օգնություն: Մերժման պատճառն իմանալու համար նամակ գրեցի նաեւ իրենց պաշտոնական կայքէջին: Անցել է երկու շաբաթից ավելի, բայց այնտեղից էլ որեւէ պատասխան չեմ ստացել»,- ասաց գեղեցկության սրահի աշխատակիցներից Գ. Մ.-ն: Վերջինս նաեւ բողոքեց, որ նախարարության թեժ գիծ զանգհարելն ու միայն ավտոմատացված համակարգին միանալն արդեն իսկ բավականին շատ գումար է գանձում եւ արդեն մոռացել է, թե քանի հազար դրամներ է լիցքավորել հաշվին, որոնք զրոյացել են ընդամենը զանգ կատարելով եւ պատասխանը դեռ չլսած: «Ուղղակի զավեշտալի է՝ քաղաքացիներին հորդորում են հարցերի դեպքում թեժ գծի համարին զանգել, որը բջջային համարից զանգելն ուղղակի հանցանք է»,- ասաց Գ. Մ.-ն: Նշենք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն օրերս անդրադարձել էր աջակցման ծրագրերին: Նախարարությունը մի քանի անգամ արդեն վերանայել է ծրագրում ընդգրկվելու համար որոշակի նրբություններ ու գրանցման գործընթացը պարզեցրել է: Բաթոյանն անդրադարձել էր մասնավորապես 9-րդ ծրագրին: Նախարարը նշել էր, որ 9-րդ միջոցառման շրջանակում աջակցություն ստանալու համար այսուհետ անհրաժեշտ կլինի մուտքագրել միայն դիմող ծնողի անունը-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը: Վերացել է հանրային ծառայության համարանիշ (սոցիալական ապահովության քարտ), երեխաների եւ ծնողների ծննդյան օր, ամիս, տարի մուտքագրելու նախկինում սահմանված պահանջը: Վերացվել է մինչև 18 տարեկան երեխայի եւ ծնողների՝ մշտապես Հայաստանում բնակվելու նախկինում սահմանված պահանջը: Վերացվել է նաեւ երեխայի եւ դիմող ծնողի՝ բնակչության պետական ռեգիստրում Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված չլինելու պայմանը: Սակայն նախարարի գրառման տակ էլ հարյուրներով մեկնաբանություններ են գրում մարդիկ ու բողոքում, որ աջակցության շատ կարիք ունեցողներ չեն կարողանում օգտվել դրանից: Օգտատերերից մեկը նշել էր, որ այն մարդիկ, որոնք պետք է ստանային, չեն ստացել, իսկ որոնք՝ չէ, ստացել են: Բաթոյանը պատասխանել էր. «Վճարումներն արվում են ՊԵԿ-ի տրամադրած ցուցակով: Եթե անճշտություն եք գտնում, խնդրում եմ գրեք իրենց»: Ապա քաղաքացին պատասխանել էր՝ «ՊԵԿ ից հստակ պատասխան ստացա, որ Կառավարության որոշման 507-րդ կետի 2-րդ մասով՝ որոշումը կայացնում է Սոցապ նախարարությունը»:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:38 - 29 ապրիլի, 2020
Քննարկվել է հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագիրը

Քննարկվել է հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագիրը

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 28-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի նախագահությամբ կայացել է հարկային և մաքսային կարգապահության խնդիրների լուծման ու ռիսկերի կառավարման աշխատանքները համակարգող խորհրդի առաջին նիստը: Մասնակցել են կոմիտեի նախագահի տեղակալները և  խորհրդի կազմում ընդգրկված ՊԵԿ ստորաբաժանումների ղեկավարները: Անդրանիկ նիստում ներկայացվել են նորաստեղծ կառույցի hիմնական ուղենիշերը: Կոմիտեի ղեկավարը բարեփոխումների գործընթացում կարևորել է խորհրդի ակտիվ մասնակցությունը: Դավիթ Անանյանն ընդգծել է, որ նորաստեղծ խորհրդի գործունեությունը կնպաստի հարկային և մաքսային վարչարարության բարելավման գործընթացին,  հարկային և մաքսային կարգապահության խնդիրների արդյունավետ լուծմանը:   Խորհրդի նիստում քննարկվել է «Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն  ուղղված միջոցառումների ծրագրի» նախագիծը: Նպատակն է՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկային և մաքսային վարչարարության ապահովումը, հարկ վճարողների կարգապահությանն առավելագույն օժանդակումը, ինչպես նաև պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման հնարավոր ռիսկերի կառավարումը: Ծրագրի իրականացման արդյունքում կարճաժամկետ ժամանակահատվածում հրատապ ռեժիմով կապահովվեն հարկ վճարողներին օժանդակման և հարկային ու մաքսային կարգապահության պահպանմանն ուղղված անհրաժեշտ պայմաններ, իսկ նախատեված միջոցառումները երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն վարչարարության բարելավմանը, Պետական եկամուտների կոմիտե–հարկ վճարող հարաբերություններում վստահության ամրապնդմանը, ինչպես նաև հարկային պարտավորությունների կամովին կատարման մշակույթի ձևավորմանը: Ստեղծված իրավիճակում հարկային և մաքսային կարգապահության պահպանմանն ուղղված ՊԵԿ-ը նախատեսում է վարչարարական միջոցառումներն իրականացնել 3 հիմնական ուղղություններով՝ հարկ վճարողներին մատուցվող սպասարկման ծառայությունների ընդլայնում և օժանդակության տրամադրում, հարկային և մաքսային հսկողության կենտրոնացում առավել ռիսկային ոլորտներում և հարկ վճարողների հետ հաղորդակցության և համագործակցության ակտիվացում: Նիստում քննարկվել են նաև հարկային և մաքսային կարգապահության բարելավման, խնդիրների լուծմանն ու ռիսկերի կառավարմանն ուղղված, ինչպես նաև աշխատանքների արդյունավետ կազմակերպման ու համակարգման հարցեր: Խնդիր է դրվել խիստ և շարունակական հսկողություն իրականացնել հարկային և մաքսային կարգապահության ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ և  պարբերաբար գնահատել արդյունքները : Անհրաժեշտության դեպքում՝ նախաձեռնել փոփոխություններ:  Խորհուրդը նիստերը կգումարի մեկամսյա պարբերականությամբ, իսկ անհետաձգելի հարցերի և խնդիրների լուծման նպատակով կհրավիրվեն նաև արտահերթ նիստեր:
18:03 - 28 ապրիլի, 2020
Բավականին ահազանգեր ունենք, որ առեւտրի ոլորտի կազմակերպություններն օգտվում են իրավիճակից եւ ՀԴՄ չեն տրամադրում․ Մաշադյան
 |armtimes.com|

Բավականին ահազանգեր ունենք, որ առեւտրի ոլորտի կազմակերպություններն օգտվում են իրավիճակից եւ ՀԴՄ չեն տրամադրում․ Մաշադյան |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումներից 2-ը իրականացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Խոսքը 5-րդ եւ 10-րդ միջոցառումների մասին է։ 5-րդ միջոցառումը 2020 թվականի հունվարի 1-ից մինչ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 2-ից 50 աշխատակից ունեցած ընկերություններին է վերաբերում, որոնց աշխատավարձային ֆոնդը նույն ժամանակահատվածում չի նվազել։ Իսկ 10-րդ միջոցառումը վերաբերում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսվարողներին։ Այս ամենի մասին տեղեկացրել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյան - Պարոն Մաշադյան, ՊԵԿ-ի կողմից իրականացվող՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 2 միջոցառումներն ի՞նչ փուլում են։ - Այս ընթացքում 5-րդ միջոցառման շահառու է հանդիսացել 14 հազար 872 կազմակերպություն։ ՊԵԿ-ն այդ բոլոր կազմակերպություններին ծանուցումներ է ուղարկել, որ իրենք հանդիսանում են շահառու։ Նրանցից 10 հազար 134-ն արդեն դիմում են ներկայացրել փոխհատուցում ստանալու հայտով, եւ ՊԵԿ-ը արդեն վճարման հանձնագրեր է կազմել, որի չափը կազմում է 1 մլրդ 623 մլն դրամ։ 10-րդ միջոցառման համար, որը վերաբերում է միկրոձեռներեցներին օժանդակություն տրամադրելուն, ստացել ենք 1500 հայտ եւ վճարման հանձնագրերն ամբողջությամբ կազմվել է` շուրջ 83 մլն դրամ։ Դիմումների քանակը դեռ կավելանա, քանի որ մեր գնահատմամբ՝ շահառու են հանդիսանալու մոտավորապես 7500 միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ։ Ընդհանուր միջոցառման գնահատականը մոտ 280 մլն դրամ է։ Բայց նշեմ, որ այս միջոցառման գումարների տրամադրումը սկսել ենք իրականացնել երեկվանից, որովհետեւ դա անմիջականորեն կապված էր 8-րդ միջոցառման հետ։ Ցանկերը հստակեցնելուց եւ դիմումները ստանալուց հետո սկսել ենք գործընթացը։ - Կառավարության միջոցառումներից մեկը վերաբերում է չգրանցված աշխատողներին, ձեր կարծիքով՝ մե՞ծ է այս պահին չգրանցված աշխատողների քանակը։ - Ես կդժվարանամ չգրանցված աշխատողների թվաքանակի վերաբերյալ ՀՀ մակարդակով գնահատական տալ։ Այո, այդ խնդիրը մենք ունեցել ենք, եւ ՊԵԿ-ի ամենօրյա գործառույթներից մեկը հանդիսանում է պայքարն այդ ուղղությամբ։ Ցանկացած դիմումի դեպքում մենք իրականացնելու ենք հսկողական աշխատանքներ, տալու ենք գնահատական, եթե անհրաժեշտ եղավ՝ նաեւ տուգանքի արձանագրում կիրականացնենք։ Դրանք գործատու-վարձու աշխատող հարաբերություններ են։ Այստեղ բացառապես գործատուները չեն մեղավոր։ Նրանք իրար հետ են ձեռք բերում պայմանավորվածություն։ - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ ապրիլի 20-ից հետո տեսանելի կլինի, թե քանի աշխատող է հարկադիր պարապուրդի համար վճարվել։ Ի՞նչ տվյալներ ունեք այս առումով։ - Եկամուտներ ապահոված աշխատատեղերի քանակի վերաբերյալ տեղեկատվություն հետեւյալն է. մարտ ամսին վարձատրվել է 619 հազար 858 աշխատակից, իսկ փետրվարին 616 հազար 209 աշխատակից։ Այսինքն մոտավորապես 3600-ով ավելացել են վարձատրված աշխատողները մարտին՝ փետրվարի համեմատ։ Բայց սա այդքան էլ լավ չէ, քանի որ 2019-ի մարտին՝ փետրվարի համեմատ եկամուտ ստացող աշխատողների քանակի ավելացումը կազմել է շուրջ 10 հազար 500։ Այսինքն դինամիկան որոշակի նվազել է, ինչը օբյեկտիվ է եւ հասկանալի՝ կապված այսօրվա իրավիճակի հետ։ - Այս օրերին ՊԵԿ-ն ինչպե՞ս է իր գործառույթներն իրականացնում։ - Այս օրերին ՊԵԿ-ն իր բնականոն աշխատանքները շարունակել է։ Ավելի շատ ուշադրություն ենք դարձրել մեր վերլուծական աշխատանքներին, քանի որ կան գործունեության տեսակներ, որոնք փաստացի չեն գործում։ Հսկողական գործառույթների առումով ավելի թիրախավորված են այն ոլորտները, որոնց մոտ կա աշխուժություն, օրինակ՝ առեւտրի ոլորտը։ - Արտակարգ դրության շրջանում ինչպե՞ս են իրենց դրսեւորում գործարարները։ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու դեպքերը շա՞տ են։ - Այդպիսի դեպքեր մենք միշտ ենք ունենում։ Իհարկե, մենք բավականին ահազանգեր ունենք, որ հատկապես առեւտրի ոլորտի կազմակերպություններն օգտվում են այս իրավիճակից ու հաճախ են լինում դեպքեր, երբ գործարքների համար ՀԴՄ կտրոն չեն տրամադրում։ Ցանկացած ահազանգի մենք արձագանքում ենք։ Բացի ահազանգերը՝ մենք ինքներս պարբերաբար արտաքին դիտարկումներ ենք իրականացնում։ Եթե մեր կիզակետում հայտնվում են այնպիսի կազմակերպություններ կամ առեւտրի օբյեկտներ, որոնք չեն տրամադրում ՀԴՄ կտրոն, մենք միանշանակ նախաձեռնում ենք հսկողական աշխատանքներ։ Նաեւ կառավարության մակարդակով հորդորել ենք, որպեսզի հարկ վճարողները չօգտվեն այս իրավիճակից եւ չթաքցնեն իրենց եկամուտները։ - ՊԵԿ-ը որքանո՞վ է կարողանալու 2020-ի բյուջեով ամրագրված հավաքագրումներն իրականացնել։ - Կարծում եմ, որ բյուջեի կատարումը միայն ՊԵԿ-ի լիազորությունը չէ եւ միայն ՊԵԿ-ը չէ, որ պատասխանատու է բյուջեի կատարման համար։ ՊԵԿ-ի հիմնական գործառույթը հավասարակշռված, օբյեկտիվ եւ ճիշտ վարչարարության իրականացնելն է հարկ վճարողների նկատմամբ, որպեսզի նրանք իրենք իրենց հարկերը վճարեն։ Ինչեւիցե. 1-ին եռամսյակում մենք ունեցել ենք մոտավորապես 9 մլրդ դրամի գերակատարում՝ բյուջեով նախատեսված ցուցանիշի նկատմամբ։ Դա շատ լավ սկիզբ էր տարվա համար։ Ցավոք պետք է նշեմ, որ ապրիլ ամսին հնարավոր չի լինի այդ տեմպը պահպանել։ Վստահաբար ասում եմ, որ ունենալու ենք բյուջեի թերակատարում, որովհետեւ այս իրավիճակում ապահովել հարկային եկամուտներն այն ծավալով, որը նախատեսվել էր դեռեւս անցած տարի եւ ամրագրվել էր բյուջեի մասին օրենքով՝ հնարավոր չէ։ Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
09:19 - 28 ապրիլի, 2020