ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Չգրանցված աշխատանքը վերահսկող պետական մարմին չկա․ ՊԵԿ վարչարարությունը՝ խորհրդային ժառանգություն

Չգրանցված աշխատանքը վերահսկող պետական մարմին չկա․ ՊԵԿ վարչարարությունը՝ խորհրդային ժառանգություն

Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՀ կառավարությունը ներկայացրեց սոցիալական աջակցության փաթեթներ, որոնց քննարկման ու իրագործման ընթացքում, սակայն, ավելի ակնառու դարձավ չգրանցված աշխատողների հարցը։ Բանն այն է, որ, ինչպես Ազգային ժողովում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը ստվերում աշխատողներին նույնականացնելու խնդիր ունի, չնայած՝ պարտավոր է նաեւ նրանց աջակցել: Այդ հայտարարությունից ավելի վաղ Փաշինյանը խոսել էր նոր աշխատատեղեր ստեղծվելու կամ դրանց ստվերից դուրս գալու մասին, բայց արտակարգ դրությունը ցույց տվեց, որ խնդիրը դեռեւս խորքային լուծումներ չի ստացել։ Աշխատավորների միջազգային օրը վերոգրյալի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ իրենք շատ անելիքներ ունեն աշխատանքային պայմանների բարելավման, նոր հնարավորությունների ստեղծման գործում, որի արդյունավետությունը կախված է ինչպես արհմիությունների եւ գործատուների, այնպես էլ քաղաքացիների հետ համագործակցությունից: Infocom-ը որոշեց գնալ չգրանցված աշխատողների խնդիրների հետքերով: Առցանց հարցման եւ ընթերցողների հետ հարցազրույցների արդյունքում պարզ դարձավ, որ աշխատող-գործատու իրավահարաբերությունների կարգավորման դժվարությունները կապված են ոչ միայն հարկերից խուսափելու, այլ նաեւ տեղեկացվածության եւ ոլորտը կարգավորող օրենսդրական բացերի հետ։ Հարցման մասնակիցներից մեկը՝ Ա․ Կ․-ն, որը մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ է, Infocom-ի հետ զրույցում նշեց, որ իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում՝ շուրջ 5 տարվա մեջ, իրեն ընդամենը մեկ անգամ են գրանցել․ «Բայց այդ անգամ էլ իմ թղթաբանության հետ խնդիրներ կային, խնդրեցի գրանցումից հանել, մինչեւ կարգավորեմ, նորից գրանցեն։ Այս գործընթացը համընկավ կորոնավիրուսի համավարակի հետ, ու չհասցրի նորից գրանցվել։ Այս ոլորտում շատերին գիտեմ, որ գրանցված չեն, գրանցում են հիմնականում այն կազմակերպությունները, որոնք ավելի կայացած են»,- ասաց մեր զրուցակիցը։ Ա․Կ․-ն նշեց, որ գործատուներին շատ չի մեղադրում, որովհետեւ Հայաստանում, ըստ իրեն, գլոբալ խնդիր կա․ հարկերը բարձր են՝ մարդիկ խուսափում են վճարել, դրա համար էլ չեն գրանցում։  Մեր զրուցակիցը մտահոգությամբ նկատեց, որ մարդիկ, որոնք գրանցված աշխատող չեն, կառավարության աջակցության ծրագրերից չեն կարողանում օգտվել։ Մեր իրականացրած անանուն հարցման մասնակիցներից մեկն էլ նշել է, որ 1․5 տարի աշխատել է «Արթին Էնթրփրայս» ՍՊԸ-ում, սակայն աշխատանքային որեւէ պայմանագիր չի ստորագրել, չնայած՝ ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիր, սոցիալական քարտ, դիպլոմ, եւ այլն։ Քաղաքացին հետագայում պարզել է, որ որոշակի ժամանակահատվածի համար գրանցված է եղել նվազագույն աշխատավարձով, այնինչ ստացել է 205-300 հազար դրամ աշխատավարձ։ Ընկերությունն իրականացնում է բիզնեսի, անշարժ գույքի, սարքավորումների, ինտելեկտուալ սեփականության եւ հողի գնահատում։ Հարցման մեկ այլ մասնակից աշխատել է «Վալան պրոֆ» ՍՊԸ-ում, նշել է, որ մոտ 1,5 տարի գրանցված չի եղել, իսկ երբ գրանցվել է, պայմանագրում ամբողջական աշխատավարձը չի գրվել։  Մասնակիցների մի մասը գրել է, որ չգրանցված աշխատել է սպասարկման, սննդի ոլորտներում, մի քանիսը՝ լրատվամիջոցներում, սակայն ընկերությունների անունները չեն հայտնել։ Իսկ չգրանցվելու հիմնական պատճառը եղել է հարկերից խուսափելը։ Ինչպե՞ս է կարգավորվում ոլորտը եւ ի՞նչ կարգով «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված անձնական հաշվառման վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայում, որով հաշվառվում են գործատուների գրանցած աշխատողները (ըստ էության՝ աշխատատեղերը), որոնց համար հարկ վճարողներն ամեն ամիս մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը հաշվարկում են եկամտային հարկ՝ այն արտացոլելով եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկում։ ՊԵԿ-ից նախ տեղեկացանք, թե 2018-20 թթ․ ընթացքում քանի աշխատատեղ է ստվերից դուրս եկել։ Ըստ սույն թվականի ապրիլի 15-ին Կոմիտեից ստացած տվյալների՝ համաձայն հարկ վճարողների ներկայացրած եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկների՝ 2020թ․ փետրվար ամսին 2018թ․ փետրվար ամսվա համեմատությամբ «աշխատատեղերի» քանակն աճել է շուրջ 90 հազարով։ Ինչ վերաբերում է այդ աշխատատեղերի՝ ստվերից դուրս եկած լինելու հանգամանքին, ապա ՊԵԿ-ը հայտնել է, որ գործատուների կողմից ընդունումն ու ազատումը դինամիկ գործընթաց է, եւ վերջիններիս մոտ աշխատատեղերի թվաքականը պարբերաբար փոփոխության է ենթարկվում, որի գնահատականը (արդյոք դրանք ստվերից դուրս են եկել, թե ոչ), հարկային մարմինը չի կարող տալ, քանի որ այն կարող է լինել ինչպես նոր աշխատատեղերի ստեղծման կամ փակման, այնպես էլ՝ հարկ վճարողների ինքնահայտարարագրման եւ հարկային վարչարարության արդյունք։ ՊԵԿ-ն ընդգծել է, որ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հարկային վարչարարությունը չի սահմանափակվում միայն ստուգումներով կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով։ Այն իր մեջ ներառում է նաեւ ՊԵԿ-ի լիազորությունների շրջանակներում՝ հարկ վճարողներին կատարված ծանուցումները, բանավոր իրազեկումները, բացատրական աշխատանքները, եւ այլն։  Մեր այն հարցին, թե ստվերի դեմ պայքարի վարչարարությունն այս պահին ի՞նչ մեթոդներով է իրականացվում եւ ի՞նչ մեթոդներ են պատրաստվում կիրառել ապագայում, Պետեկամուտների կոմիտեից պատասխանել են, որ ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված է «հարկային վարչարարություն» հասկացությունը, որն, ըստ էության, հարկային մարմնին՝ օրենսգրքի եւ այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործողությունների ամբողջությունն է՝ ուղղված հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համատարած եւ ճիշտ կիրառության ապահովմանը։  Հաշվի առնելով վերագրյալը՝ Կոմիտեն հայտնել է, որ հարկային մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, Օրենսգրքով սահմանված գործիքակազմի հիման վրա ինչպես այս պահին իրականացնում է, այնպես էլ ապագայում իրականացնելու է միջոցառումներ։  Ինչ վերաբերում է չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված կոնկրետ մեթոդներին, ապա Օրենսգրքով նախատեսված հիմնական գործիքներն են՝ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպելու եւ կամ աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգումները, օպերատիվ հետախուզական միջոցառումները, համալիր հարկային ստուգումները, իրազեկման ու բացատրական աշխատանքները, կամերալ ուսումնասիրությունները, եւ այլն։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը 2019թ․ սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ ստվերի նկատմամբ վերահսկողությունը գնալով ուժգնանալու է՝ ստվերը պետք է լինի կառավարելի, եւ չկա որեւէ տնտեսություն, որտեղ ստվեր չկա, ուղղակի կա հաղթահարելի, կառավարելի եւ անկառավարելի:  Կոմիտեից հետաքրքրվեցինք՝ ՀՀ-ում այս պահին ստվերը հաղթահարելի՞ է, կառավարելի՞, թե՞ անկառավարելի, ինչին ի պատասխան մեզ հայտնեցին, որ նշված որակումները, այդ թվում՝ դրանց տարբերությունների իմաստով, հստակեցման անհրաժեշտություն ունեն։ Կոմիտեից նշել են, որ ստվերի կրճատումը բնութագրող հիմնական ցուցանիշներից է հանդիսանում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը։ Տվյալ տարվա տնտեսության կառուցվածքի անփոփոխ լինելու եւ պետբյուջեի հարկային եկամուտների վրա ազդեցություն ունեցող օրենսդրական փոփոխությունների բացակայության պարագայում հարկեր-ՀՆԱ ցուցանիշի աճը վկայում է ստվերի կրճատման հաշվին պետբյուջե հաշվերգրված լրացուցիչ հարկային եկամուտների մասին։ Հետեւաբար, այլ հավասար պայմաններում, նախորդ տարվա համեմատ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի աճը վկայում է ստվերի կրճատման մասին։ Ըստ հրապարակված պաշտոնական տվյալների՝ 2019 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22,35 տոկոս, ինչը նախորդ տարվա փաստացի ցուցանիշից ավելի է 1,40 տոկոսային կետով։  Թե ՀՀ-ում չհաշվառվող տնտեսությունը 2020թ․ դրությամբ քանի՞ տոկոս է կազմում, ՊԵԿ-ից հայտնեցին, որ, համաձայն ազգային հաշիվների ամփոփ մեթոդաբանության, ՀՆԱ-ն ներառում է նաեւ չդիտարկվող տնտեսության գնահատականը, որը վերջին տարիներին 25 տոկոսից նվազել է․ այն կազմում է ՀՆԱ-ի մոտ 22 տոկոսը։ ՊԵԿ վարչարարությունը խորհրդային տարիներից ստացած ժառանգություն է Չգրանցված աշխատողների խնդիրների եւ իրավունքների մասին զրուցել ենք իրավաբան Նարեկ Ներսիսյանի հետ։  Վերջինիս կարծիքով՝ ՊԵԿ վարչարարությունը խորհրդային տարիներից ստացած ժառանգություն է եւ որպես այդպիսին, տնտեսությունը ոտքի կանգնեցնելու եւ դրական տեղաշարժի համար չի եղել։ Ընդհակառակը՝ այն դրդում է կոռուպցիոն ռիսկերի, եւ չի կարող իրեն արդարացնել։ Պետությունը պետք է այլ գործիքներ ներդնի, պետք է այսօրվա իրականությունից ելնելով նոր ծրագիր մշակի։ Ներսիսյանի համոզմամբ՝ պետք է այլ որակի Աշխատանքի պետական տեսչություն ստեղծել, որը աշխատողի իրավունքը կպաշտպանի։ Ինչ վերաբերում է աշխատողների իրավունքների պաշտպանության հարցում արհմիությունների դերին՝ իրավաբանը նշեց, որ մենք արհմիությունների ստեղծման ավելի շատ փորձ ունենք, քան եվրոպական երկրները, սակայն այնտեղ արհմիությունները պատմականորեն ձեւավորված երեւույթներ են, իսկ մեզ մոտ ստեղծվել են խորհրդային ժամանակներում եւ ձեւական բնույթ ունեն։ Չկա պետական վերահսկող մարմին՝ լիարժեք գործառույթներով Աշխատանքային իրավունքի մասնագետ Հերիքնազ Տիգրանյանը եւս այն կարծիքին է, որ պետական վերահսկող մարմինը ոչ թե ՊԵԿ-ը պետք է լինի, այլ առանձին տեսչական մարմինը։ Տիգրանյանն Infocom-ի հետ զրույցում նկատեց՝ լինում են դեպքեր, երբ աշխատողը գործատուի հետ լռելյայն հմաձայնության է գնում, ու չեն կնքում պայմանագիր՝ մի դեպքում աշխատողի չիմացության պատճառով, ինչից օգտվում է գործատուն, մյուս դեպքում՝ նաեւ հարկերից խուսափելու պայմանավորվածությամբ․ «Երբ աշխատողն իր իրավունքներին ծանոթ չէ, գործատուն հաճախ ասում է՝ մի հատ հասկանամ՝ դու այդ գործը կարողանո՞ւմ ես անել, թե՞ չէ, հետո պայմանագիր կնքենք։ Աշխատողի ունակությունները ստուգելու այդ փուլը  իրավունքի լեզվով նշանակում է փորձաշրջան, բայց կա թյուրընկալում, թե փորձաշրջանի ժամանակ պայմանագիր չի կնքվում, աշխատողն էլ չի վճարվում, կամ կնքվում է փորձաշրջանի մասին պայմանագիր, ինչը գոյություն չունի։ Հետո հաճախ այդպես էլ չի կնքվում հիմնական պայմանագիր»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ օրենսդրությունը փորձաշրջանային կամ հիմնական պայմանագիր հասկացություններ չունի, ունի պահանջ՝ եթե անձին վեցնում են որպես վարձու աշխատող, այդ պահից սկսած նրա հետ պիտի կնքվի պայմանագիր, եւ եթե ուզում են ստուգել աշխատատեղին նրա համապատասխանությունը, պայմանագրի մեջ 3 ամսից ոչ ավելի ինչ-որ ժամանակահատված պետք է նշվի փորձաշրջան, որի ընթացքում աշխատողը դարձյալ պետք է ստանա վարձատրություն՝ իր աշխատանքի ծավալին համապատասխան։ Աշխատանքային իրավունքի մասնագետի խոսքով՝ աշխատանքային պայմանագիր չեն կնքում, որովհետեւ խուսափում են հարկային պարտավորությունից, բայց, լավագույն դեպքում, եթե կնքում են պայմանագիր, ապա գործատուները աշխատավարձը գրում են շատ ավելի ցածր, քան իրականում վճարում են․ «Աշխատողները սրա վրա հաճախ աչք են փակում եւ համաձայնում են գործատուի ամեն տեսակ պայմաններին՝ հիմանակնում այն պատճառով, որ աշխատաշուկայում շատ մեծ առաջարկ չունեն, հետեւաբար գտած աշխատատեղը չկորցնելու համար գնում են վատթարագույն տարբերակով կնքված աշխատանքին, դրանից էլ օգտվում են գործատուները»։  Տիգրանյանի համոզմամբ՝ այս իրավիճակի պատճառներից մեկն այն է, որ աշխատաշուկայում կա անհավասարակշիռ վիճակ, աշխատողները շատ իրավատեր ու պահանջատեր չեն եւ երրորդ՝ չկա պետական վերահսկողություն՝ իրենց կողմից օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ։ Սրա ամենամեծ բացը, ըստ մեր զրուցակցի, գուցե նրանից է, որ պետական վերահսկող մարմնի բացակայության պարագայում գործատուներն իրենց ավելի անկաշկանդ են զգում, որովհետեւ գիտեն՝ որեւէ պատասխանատվության չեն ենթարկվի․ «Ցավոք, մեզ մոտ միշտ պատասխանատվության սպառնալիքի տակ են օրինաչափ վարքագիծ դրսեւորում։ Այո, մենք շուկայում ունենք իրականում զբաղված, բայց չգրանցված աշխատողներ, որոնց բացահայտումը նախկինում  իրականացնում էին ՊԵԿ-ն ու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը։ Վերջինը, սակայն, 2003-ից որոշակի փոփոխությունների ենթարկվեց, գործառույթներն անցան Կոմիտեին։ Բայց ՊԵԿ-ը թաքնված աշխատանքի ստուգումն իրականացնում է իր մասով, այսինքն՝ հարկային օբյեկտ թաքցվե՞լ է, թե՞ ոչ, իսկ Տեսչական մարմինն ստուգում է՝ արդյոք պայմանագիր կնքվե՞լ է, թե՞ ոչ, արդյոք ճի՞շտ է կազմված պայմանագիրը։ Եւ եթե չկա պայմանագիր, ապա օրենքով ունի լիազորություն՝ գործատուին տալու պարտադիր կատարման հանձնարարականներ՝ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր»,- ներկայացրեց Հերիքնազ Տիգրանյանը։ Վերջինս համաձայն է այն դիտարկման հետ, որ հատկապես այս պայմաններում ՊԵԿ-ի վարչարարությունը կարող է արդյունավետ չլինել, քանի որ շատ կազմակերպություններում այլեւս աշխատավայրից չեն աշխատում, ու դժվար է ֆիքսել՝ քանի անձ է աշխատում ու ըստ այդմ՝ պահանջել նրանց աշխատանքային պայմանագրերը։  Նրա խոսքով՝ եթե ֆիզիակպես աշխատանքի դեպքում այցելություններով, դիտումներով կպարզվեր, որ ընկերությունն ունի 10 ձեւակերպված, բայց փաստացի 20 աշխատող, ապա հեռավար աշխատանքի դեպքում շատ դժվար է բացահայտելը։ Այս հարցում Տիգրանյանը հատկապես կարեւորում է աշխատողների իրավագիտակցության բարձրացումը․ «Քաղաքացիները պետք է հասկանան՝ ինչու է կարեւոր գրանցված աշխատանք ունենալը․ նրա համար, որ գրանցված աշխատանքը հետո կարող է հիմք լինել որեւէ վարկային գիծ բացելու, ապառիկ ձեւակերպելու, բայց պրակտիկայում հանդիպել են դեպքեր, որ աշխատողը գրանցված չի եղել, բայց գործատուն պարբերաբար տվել է իր մոտ աշխատելու մասին տեղեկանք, որով անձը ձեւակերպել է վարկեր։ Միայն այն փաստը, որ գործատուն աշխատողին տվել է որեւէ տեղեկանք, հիմք է, որ նրանց միջեւ կա աշխատանքային հարաբերություն։ ՀՀ Սահմանադրական դատարանն ունի որոշում, որ եթե չկա աշխատանքային պայմանագիր, բայց կան աշխատանքային հարաբերությունների գրավոր ապացույցներ, օրինակ՝ լրագրողի բեյջը, նշանակում է, գոյություն ունի թաքնված աշխատանք»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գուցե այսպիսի անհատական դեպքերի հետեւից գնալով պետք է բացահայտել թաքնված աշխատանքը։ Իսկ թե ինչպես պետք է մարդկանց իրազեկել իրենց աշխատանքային իրավունքների մասին՝ Տիգրանյանի կարծիքով՝ պետք է դպրոցական դասագրքային ճշմարտություն լինի, որ յուրաքանչյուր ոք ոչ միայն 18 տարեկանում ընտրական իրավունք ունի, այլ 16-ում էլ ունի ինքնուրույն աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք․ «Եւ որոշակի հարցերում նաեւ հետեւողական պիտի լինի իր իրավունքների պահպանման հարցում։ Այս համատեքստում կարեւորում եմ նաեւ իրազեկման արշավները,հանդիպում-քննարկումները՝ թիրախ դասարանների, ուսանողական կազմի հետ։ Եւ բացի շուկայում աշխատատեղերի ավելացումը՝ մենք մարդկանց պետք է բացատրենք, որ իրավունքը պետք է պաշտպանվի ե՛ւ արտադատարանային, եւ դատական կարգով։ Քաղաքացին չգրանցված աշխատելու հարցով պետք է գնա նաեւ դատարան,ներկայացնի իր ունեցած ապացույցները՝ ապառակի համար փաստաթուղթ, բեյջ, կամ նամակագրություն, որտեղ ասված է այսինչ գործը կանես եւ այլն։ Ինստիտուտը, որին պետք դիմել ու ասել՝ ես չգրանցված եմ աշխատել, դատարանն է․ այս պահին դրանից բացի այլ մեխանիզմ գոյություն չունի»։ Մեր զրուցակիցը հատկապես խնդրահարույց է համարում ագրոբիզնեսի, գյուտնտեսության բնագավառը, որտեղ, նրա խոսքով, ընդհանրապես չի դիտարկվում, որ աշխատանքն այդտեղ աշխատանք է դասական իմաստով, քանի որ աշխատում են հիմանկանում օրավարձով, հողամասում, եւ այլն։ Այս պարագայում շատերը հիմնականում չեն գիտակցում, որ հենց այդ պահին մտնում են աշխատանքային հարաբերության մեջ․ «Այստեղ շատ անելիք ունեն նաեւ ագրոոլորտի արհմիությունները եւ աշխատնքային իրավունքի հետ առնչվող այլ կազմակերպություններ»։ Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի եւ Նարեկ Զեյնալյանի ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնելու է ոլորտի լիազորված տեսչական մարմինը՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ: Օրենքն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հուլիսի 1-ից, սակայն մոտ մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 28-ին, խորհրդարանն արտահերթ նիստում ընդունեց փոփոխություն, որի համաձայն՝ արտակարգ դրության պայմաններում Առողջապահական եւ աշխատանքի տեսչությունը կիրականացնի այդ գործառույթները՝ չսպասելով օրենքի ուժի մեջ մտնելուն։ Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ չգրանցված աշխատատեղերը ստվերից դուրս բերելու համար հարկավոր է ոչ միայն ստեղծել պետական իրավասու և վերահսկող մարմին, որը կլինի ՊԵԿ-ից անկախ, այլ նաև ապահովել քաղաքացիների լիարժեք իրազեկվածությունը՝ իրենց աշխատանքային իրավունքների իրացման հարցում։ Արփի Ավետիսյան, ՀայԱրփի Բաղդասարյան
16:37 - 11 մայիսի, 2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում դիմումները պետք է ներկայացնել մինչև մայիսի 20-ը ներառյալ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում դիմումները պետք է ներկայացնել մինչև մայիսի 20-ը ներառյալ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ: Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում (10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ) և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից` միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները ներկայացնել նշված ժամկետում:  Կոմիտեն միաժամանակ առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալ տվյալների ճշտությանը.1. Եթե նշվում է բանկային հաշվեհամարը, ապա այն պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:2. Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:3. Պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը:4. Անձը հաստատող փաստաթղթերի և հանրային ծառայության համարանիշների (ՀԾՀ) վերաբերյալ տեղեկատվությունը լրացնելիս` ևս մեկ անգամ ստուգել դրանց ճշտությունը:
12:50 - 11 մայիսի, 2020
Նախատեսվում է տուգանք սահմանել հարկային ուսումնասիրությանը խոչընդոտելու համար |hetq.am|

Նախատեսվում է տուգանք սահմանել հարկային ուսումնասիրությանը խոչընդոտելու համար |hetq.am|

hetq.am: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է վարչական պատասխանատվություն նախատեսել հարկային ուսումնասիրություններին և հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող գործողություններին խոչընդոտելու համար: Պետական եկամուտների կոմիտեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» նման փոփոխություն կատարելու նախագիծ է ներկայացրել քննարկման։ ՊԵԿ-ը մասնավորապես առաջարկում է քաղաքացիներին 100 հազար դրամով տուգանել՝ ստուգում, հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելու կամ ստուգվող, հարկային հսկողություն իրականացվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելու, փաստաթղթեր չտրամադրելու, գույքի պահպանությունը չապահովելու համար։ Այս գործընթացների խոչընդոտող պաշտոնատար անձանց նկատմամբ տուգանքն ավելի մեծ կլինի՝ 200 հազար դրամ։ Ստուգումները պետք է կատարվեն հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով, հանձնարարագրով կամ հարկային հսկողության հիմք համարվող փաստաթղթով։ ՊԵԿ-ն ընգծել է, որ վարչական պատասխանատվություն է նախատեսված միայն ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի օրինական պահանջները չկատարելու կամ այլ կերպ խոչընդոտելու համար, մինչդեռ հարկային հսկողությունը գործողությունների ամբողջություն է, որը իրականացվում է նաև ուսումնասիրությունների միջոցով:  «Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել, վարչական պատասխանատվություն նախատեսելով, նաև ուսումնասիրություններ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի (պաշտոնատար անձի) օրինական պահանջները չկատարելու կամ այլ կերպ խոչընդոտելու համար»,-հայտնել է պետական եկամուտների կոմիտեն: Նշենք, որ «Հարկային օրենսգրքով» սահմանվում է, որ հարկային հսկողությունն իրականացվում է հարկային ստուգումների, հարկային ուսումնասիրությունների և հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող գործողությունների եղանակներով: Պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ խախտումների բացահայտման նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում օպերլիազորների օրինական պահանջները տնտեսվարող սուբյեկտների, պաշտոնատար անձանց կողմից չեն կատարվում։ Մասնավորապես՝ արգելվում է զննել ավտոմեքենաները, որը ենթադրում է դրանցում առկա մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքների ուսումնասիրում, հաշվառում, գույքագրում։ Կամ արգելվում է մուտք գործել հարկ վճարողի առևտրային, արտադրական, պահեստային տարածքներ, որտեղից փաստացի իրականացվում են ապրանքների մատակարարումներ և տեղափոխություններ։ Ըստ ՊԵԿ-ի՝ խնդիրներ են առաջանում նաև մատակարարվող ապրանքների ամսաթվերի, բեռնման (բեռնաթափման) վայրերի և այլ պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ, չեն ներկայացնում համապատասխան բացատրություններ, տեղեկանքներ (այդ թվում՝ ապրանքային մնացորդների վերաբերյալ) կամ տեղափոխություն իրականացնող վարորդները, առաքիչները չեն ներկայացնում իրենց անձը հաստատող փաստաթղթերը:
12:38 - 11 մայիսի, 2020
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է օնլայն ապօրինի ձեռնարկատիրության դեպք

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է օնլայն ապօրինի ձեռնարկատիրության դեպք

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, անօրինական ձեռնարկատիրության դրսևորումները բացառելու նպատակով, ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող ապօրինի ձեռնարկատիրության դեպք։ Ըստ օպերատիվ տվյալների, քաղաքացին առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, օնլայն հարթակում զբաղվում է սննդային հավելումների գովազդով ու վաճառքով: Վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Մասնավորապես, ծածկագրված գնորդի միջոցով տարբեր դեպքերով կատարված  գնումներով  հիմնավորվել է քաղաքացու ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը: Վերջինս իրացրել է հայտնի ապրանքանիշի սննդային հավելում` «ձկան յուղ»:  Փաստի առթիվ վարչությունում կատարվել է պետությանը պատճառված վնասի հաշվարկ, կազմված նյութերը ներկայացվել են համապատասխան ստորաբաժանում՝ օրենքով սահմանված կարգով քաղաքացուն վարչական պատասխանատվության ենթարկելու համար:  ՀՀ  պետական եկամուտների կոմիտեն  քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ապօրինի առևտրային գործունեությունից, իսկ առցանց հարթակի միջոցով ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում պարտադիր ստանալ պետական գրանցում և հաշվառվել հարկային մարմնում՝ խուսափելու համար հետագա վարչական կամ քրեական պատասխանատվությունից: Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ համացանցի միջոցով ՀՀ ռեզիդենտների կողմից կատարվող առևտրային գործարքների օրինականության մշտադիտարկում և վերահսկողություն է իրականացվում:
15:11 - 08 մայիսի, 2020
ՊԵԿ-ը ստեղծել է քարտերի միջոցով հարկերն էլեկտրոնայի եղանակով վճարելու հնարավորություն

ՊԵԿ-ը ստեղծել է քարտերի միջոցով հարկերն էլեկտրոնայի եղանակով վճարելու հնարավորություն

Պետական եկամուտների կոմիտեն հարկերն էլեկտրոնային վճարելու նոր այլընտրանք է ստեղծել։ Այսուհետ տնտեսվարողները և ֆիզիկական անձինք կարող են հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում կատարել հարկային պարտավորությունները՝ բանկային քարտով վճարման միջոցով: Կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկ վճարողները ողջ գործընթացը՝ հաշվետվություն ներկայացնելուց մինչև հարկերի վճարում, կարող են իրականացնել առանց կոմիտե կամ բանկ այցելելու։ Նախկինում վճարում կատարելու նպատակով հարկ վճարողներն այցելում էին բանկ կամ օգտվում բանկերի էլեկտրոնային հարթակներից, իսկ այսօր հաշվետվությունների ներկայացման և հարկային պարտավորությունների կատարման ամբողջ գործընթացը հնարավոր է իրականացնել մեկ էլեկտրոնային համակարգում (https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf): «Եթե բանկ այցելելու միջոցով վճարումը կատարելիս երբեմն կազմակերպության տվյալները սխալ էին մուտքագրվում, նոր համակարգը նման վրիպումները բացառում է, քանի որ համակարգ մուտք գործելիս արդեն իսկ նույնականացվում են տնտեսվարողի տվյալները»,-նշում է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվության փոխանակման և կառավարման բաժնի պետ Արսեն Ղարիբյանը։ Վճարումը բարեհաջող կատարելու դեպքում հարկ վճարողի էլեկտրոնային փոստին ծանուցում է գալիս, իսկ ծագած խնդիրների մասին հաղորդագրությունը հայտնվում է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում գտնվող հարկ վճարողի էջում։ Նոր համակարգի միջոցով վճարումները կատարվում են ակնթարթորեն, իսկ պարտավորությունները բանկի կողմից գանձապետական հաշիվներին փոխանցվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Կորոնավիրուսի տարածման պայմաններում, քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային հարթակում հարկային պարտավորությունները կատարելու նոր գործիքներ է մշակում: Առաջիկայում հնարավորություն կստեղծվի նույն հարթակում վճարումներ կատարել նաև բանկային հաշիվներից: Մանրամասները` տեսանյութում:
11:41 - 08 մայիսի, 2020
Հակաճգնաժամային 10-րդ միջոցառման 3762 շահառու կստանա շուրջ 220 միլիոն դրամի աջակցություն |armenpress.am|

Հակաճգնաժամային 10-րդ միջոցառման 3762 շահառու կստանա շուրջ 220 միլիոն դրամի աջակցություն |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումից օգտվելու համար մայիսի 7-ի դրությամբ՝ Պետական եկամուտների կոմիտեին դիմել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող 3762 տնտեսավարողներ, որոնք պետության կողմից կստանան 219 միլիոն 457 հազար 593 դրամի չափով միանվագ աջակցություն։ Այս մասին ասաց ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանը։ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետը ներկայացրեց միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող այն տնտեսավարողներին, որոնք կարող են հանդիսանալ 10-րդ միջոցառման շահառու։ «Միջոցառման նպատակը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողներին աջակցություն տրամադրելն է։ Կան չափորոշիչներ և պայմաններ, որոնց պետք է տվյալ անձինք բավարարեն, որպեսզի հանդիսանան այդ միջոցառման շահառու։   Միջոցառման շահառուներ կարող են լինել այն անհատ ձեռնարկատերերը, որոնք 2019 թվականին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կամ 2019 թվականին «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքի համաձայն որպես ինքնազբաղված անձինք ունեցել են հարկերից ազատման արտոնագիր։  Միաժամանակ, կա շահառուների ևս մեկ կատեգորիա՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք 2019 թվականին հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր. նրանք նույնպես կարող են այս միջոցառման շրջանակներում ստանալ աջակցություն»,- ասաց Մանուկյանը։ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցչի խոսքով՝ ՊԵԿ-ն այդ չափանիշների հիման վրա առանձնացրել է շահառուների քանակը և բոլորին ծանուցել է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ «Ընդհանուր շահառուների թվաքանակը 5725-ն է։ Տվյալ քաղաքացիների անձնական էջին արդեն ծանուցումները ուղարկվել են, որ իրենք համարվում են 10-րդ միջոցառման շահառու։ Ծանուցումը ստանալուց հետո քաղաքացիները պետք է ներկայացնեն դիմում այդ աջակցությունը ստանալու համար»,- նշեց Մանուկյանը, հավելելով, որ այն անձինք, ովքեր ծանուցումը ստացել են, էլեկտրոնային եղանակով կարող են դիմում ներկայացնել մինչև 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ։ Մանուկյանի խոսքով՝  քաղաքացիները պետք է մուտք գործեն հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ, ընտրեն դիմումը ու այնտեղ ներկայացնեն տվյալները, մասնավորապես՝ բանկի հաշվեհամարը և բանկը, իսկ եթե չունեն հաշվեհամար պարտավոր են իրենց անձնագրի տվյալները ներկայացնել, որպեսզի համապատասխան փոխանցումները կատարվեն. դրամային փոխանցումը կկատարվի ՎՏԲ բանկին և քաղաքացին կարող է մոտենալ ցանկացած մասնաճյուղի։ «Աջակցության չափը հաշվարկվում է հետևյալ կերպ՝ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների համար հիմք է վերցվում 2020 թվականի առաջին եռամսյակի կատարված աշխատաքների իրացման շրջանառության 10 տոկոսը, բայց ոչ պակաս 10 հազար դրամը և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը՝ 136 հազար դրամը։  Այն միկրոձեռնարկատիրական սուբյեկտները, որոնք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք են, աջակցություն կստանան  միանվագ նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ 68 հազար դրամ։ Կարդալ ավելին՝ armenpress.am: 
10:08 - 08 մայիսի, 2020
ՊԵԿ-ը հիշեցրել է 5-րդ միջոցառման դիմումների ներկայացման վերջնաժամկետի մասին

ՊԵԿ-ը հիշեցրել է 5-րդ միջոցառման դիմումների ներկայացման վերջնաժամկետի մասին

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 10-ը ներառյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում (5-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ) և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից` միանվագ դրամաշնորհ ստանալու համար, դիմումները ներկայացնել նշված ժամկետում: Միաժամանակ, կոմիտեն առաջարկում է, դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալ տվյալների ճշտությանը. Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին: Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ: Պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
20:37 - 07 մայիսի, 2020
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք։ Մասնավորապես՝ օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը հանրապետություն ներմուծելով էական առևտրային քանակի միրգ, բանջարեղեն՝ այն մատակարարում է նախապես հայտնի գնորդներին, սակայն դուրս չի գրում համապատասխան ուղեկցող փաստաթղթեր։  Ձեռնարկատիրական գործունեության բնագավառում ապրանքների մատակարարման պարտադիր փաստաթղթավորման նկատմամբ հսկողության ապահովման գործառույթների շրջանակում վարչության աշխատակիցները ստացված տվյալներն իրացնելու նպատակով մշակել և ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը 2020 թվականի ընթացքում Վրաստանից Հայաստան է ներմուծել շուրջ 1500 տոննա միրգ և բանջարեղեն և,  առանց հարկային հաշիվներ դուրս գրելու, դրանք ամբողջությամբ մատակարարել է ՀՀ տարածքում գյուղատնտեսական մթերքների առուվաճառքով զբաղվող տարբեր տնտեսվարող սուբյեկտներին։ Միաժամանակ պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը, նպատակ ունենալով «մաքրել» շուրջ 1500 տոննա ապրանքային մնացորդը,  Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 19/9 հասցեում գտնվող շինությունն արտաքնապես կահավորել է որպես առևտրի օբյեկտ, ձևականորեն այն համապատասխանեցրել մանրածախ վաճառքի համար նախատեսված տարածքին ներկայացվող պահանջներին, գրանցել  հսկիչ-դրամարկղային մեքենա և, առանց նշված հասցեից վաճառքներ իրականացնելու՝ մուտքագրել է շուրջ 97 մլն դրամ գումար և տպել  իրականությանը չհամապատասխանող կեղծ կտրոններ։  Արձանագրված իրավախախտման փաստի արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակում անհատ ձեռնարկատիրոջն առաջադրվել է շուրջ 48.5 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:    ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսվարող սուբյեկտներին կոչ է անում խստորեն պահպանել ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման՝ Հարկային օրենսգրքով սահմանված պարտադիր պահանջները՝ գնորդ տնտեսվարող սուբյեկտների անվամբ դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր: Միաժամանակ հորդորում  է չօժանդակել վերջիններիս միջոցով ստվերային երևույթների առաջացմանը և զերծ մնալ ապրանքային մնացորդները հսկիչ-դրամարկղային կեղծ կտրոնների միջոցով «մաքրելու» արատավոր պրակտիկայից։  
16:35 - 07 մայիսի, 2020
Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից

Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք ազատվել է մաքսատուրքից: Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.03.2020թ. թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն՝ մինչև 2020թ․ սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիրը գրանցելու, և ապրանքների ներմուծման թույլտվությունը համապատասխան լիազորություն ունեցող գործադիր մարմնի կողմից ներկայացվելու դեպքում մաքսատուրքից ազատվելու են հիմնականում բժշկական նշանակության որոշ ապրանքներ: Հարկ է նշել, որ արտոնությունն ուժի մեջ է մտել 2020թ. մարտի 16-ից:  Ապրանքների ցանկը ներկայացված է այստեղ:  ԵՏՀ 03.04.2020թ․ թիվ 33 որոշման համաձայն՝ մինչև 2020թ․ հունիսի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում բժշկական պարագաներից բացի մաքսատուրքից ազատվելու են նաև գյուղատնտեսական որոշ ապրանքներ: Արտոնությունն ուժի մեջ է մտել 2020թ. ապրիլի 1-ից։ Ամբողջական ցանկը ներկայացված է այստեղ:
11:16 - 07 մայիսի, 2020
Հարկ վճարողների 90 տոկոսից ավելին ընդգրկված են աջակցության միջոցառումներում․ ՊԵԿ փոխնախագահ |armtimes.com|

Հարկ վճարողների 90 տոկոսից ավելին ընդգրկված են աջակցության միջոցառումներում․ ՊԵԿ փոխնախագահ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք ներելու են այն հիմնարկներին, որոնք հնարավորություն չեն ունեցել կատարելու իրենց հարկային պարտավորությունները։  «Եթե պատկերացնենք, որ ինչ-որ տնտեսվարողի հարկը ներում ենք, տնտեսվարողը եկամտահարկը չի վճարում աշխատողին, որն ունի վերցված հիփոթեք եւ որի տոկոսները փակվում են եկամտահարկով, այդ տոկոսները չվճարելու պատճառով բանկն ընկնում է ավելի վատ վիճակի մեջ եւ տնտեսական շղթան խաթարվում է»,- ասաց Փաշայանը։ Նրա խոսքով՝ պետական աջակցության ծրագրերի պահանջներն անընդհատ թուլացվել են եւ եթե այդքան թուլացումներից հետո հարկ վճարողը չի ընդգրկվել կառավարության աջակցության միջոցառումներում, ապա այդ դեպքում կարելի է անհատական հասկանալ այդ հարկ վճարողի հետ կապված խնդիրները։ «Կարող եմ ասել, որ մենք արդեն ունենք 90-ից բարձր տոկոս հարկ վճարողների ընդգրկվածություն աջակցության միջոցառումներում»,- նշեց ՊԵԿ փոխնախագահը։
14:22 - 06 մայիսի, 2020
ՊԵԿ-ը Կենտրոնական բանկի հետ քննարկում է վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գաղափարը․ Փաշայան |armtimes.com|

ՊԵԿ-ը Կենտրոնական բանկի հետ քննարկում է վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գաղափարը․ Փաշայան |armtimes.com|

armtimes.com: Պետական եկամուտների կոմիտեն Կենտրոնական բանկի հետ քննարկում է վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գաղափարը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը։ «Դա նոր համակարգ է, որն արդեն իսկ ստեղծվել է ՊԵԿ-ում։ Հիմա սպասում ենք, որպեսզի բիզնեսն ընդառաջ գա ու ինտեգրվի այդ համակարգին։ Սա հնարավորություն է տալու էլեկտրոնային ծառայություններ մատուցող, հեռախոսի միջոցով պատվերներ ստացող կազմակերպություններին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ-ներ»,- նշեց ՊԵԿ փոխնախագահը։ Նրա խոսքով՝ էլեկտրոնային ՀԴՄ տրամադրելիս տեղեկատվությունն օնլայն եղանակով փոխանցվում է ՊԵԿ-ին։ Փաշայանն ասաց նաեւ, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար՝ շարունակվելու են ավտոմատացման եւ թվայնացման մասով աշխատանքները։
14:12 - 06 մայիսի, 2020
ԱԱԾ-ն նոր դրվագներ է ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահի եւ նրա որդիների դեմ հարուցված գործի վերաբերյալ

ԱԱԾ-ն նոր դրվագներ է ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահի եւ նրա որդիների դեմ հարուցված գործի վերաբերյալ

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ նախկինում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած և իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձի որդիները, ազգականի հետ նախնական համաձայնությամբ, հոր զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված, ՀՀ հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով հիմնադրել են առևտրային կազմակերպություն, իսկ հայրը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, դրա տնտեսական գործունեությանն ապօրինի նպաստելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել նշված կազմակերպության ծառայողների հետ, հնարավորինս աջակցել վերջիններիս՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գնումների ընթացակարգերին պատշաճ մասնակցությունն ապահովելու, տրամադրել դրա համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերացնել առաջացող խոչընդոտները և կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր: Օգտվելով պաշտոնեական դիրքը չարաշահման արդյունքում ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ պաշտոնյայի հետ փոխկապակցված կազմակերպության ծառայողները ՀՀ  պետական եկամուտների կոմիտեի հետ 2008-2020 թվականների ընթացքում կնքել են ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման բազմաթիվ պայմանագրեր, ըստ որոնց ընկերությանը փոխանցվել են առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ: Բացի այդ, հիշյալ պաշտոնյան, պատասխանատու լինելով պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականության և իրականացման համար, տեղյակ լինելով մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների գնման անհրաժեշտության մասին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող և այլ անձանց մասնակցությամբ ապահովել է 19 ծրագրային մոդուլի ձեռքբերման պայմանագրի կնքումն իրական արժեքից էապես բարձր գնով հիշյալ ընկերության հետ։ Արդյունքում, թեև նշված պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվել են 2.777.410.417 ՀՀ դրամով, սակայն դրանց դիմաց պետական միջոցների հաշվին պաշտոնյայի հետ փոխկապակցված ընկերությանը փոխանցվել է 4.283.580.000 ՀՀ դրամ, իսկ առանձնապես խոշոր չափերով գումարային տարբերությունը՝ 1.506.169.583 դրամի չափով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, պաշտոնյայի որդիների օժանդակությամբ հափշտակվել է։ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրանց օգտագործմամբ առաձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու արդյունքում ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավելուց զատ, դրանք շահաբաժինների, փոխառությունների և այլ գործարքների ձևով այլ անձանց անուններով փոխակերպվել են կանխիկ դրամական միջոցների, որոնք փաստացի տնօրինվել են պաշտոնյայի որդիների և ազգականի կողմից, այդ թվում՝ երրորդ անձի միջոցով մուտքագրվել են «Յուքոմ» ՍՊ ընկերություն: Հանցագործության կատարման արդյունքում առաջացած առանձնապես խոշոր չափերով գույքը, դրա օգտագործումից ստացված եկամուտները՝ իրական բնույթի, ծագման աղբյուրի իրական պատկանելիության խեղաթյուրմամբ, բանկային փոխանցումների միջոցով ուղղորդվել են պաշտոնյայի որդիների և ազգականի, նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների բանկային հաշիվներին՝ միախառնվելով այլ միջոցների հետ, ներգրավվել են դրանց իրականացրած ձեռնարկատիրական գործունեության մեջ:  Բացի այդ, ստացված փաստական տվյալների համաձայն, հիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի որդիները, տեղյակ լինելով հոր և մի շարք տնտեսվարող սուբյեկտների՝ այդ թվում ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենի միջև, ընդհանուր հովանավորչության համար առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համաձայնության մասին, հանդիպել են ձեռնարկատիրոջ հետ և քննարկել հանցագործության առարկան փոխանցելու տարբերակները: Վերջիններիս նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, նշված ձեռնարկատերը 2011 թվականի ընթացքում կաշառքի առարկան՝ 22.401.000 ԱՄՆ դոլարը, փոխանցել է նրանց մատնանշած և նրանց հետ փոխկապակցված ՀՀ-ում ոչ ռեզիդենտ մի շարք կազմակերպությունների հաշվեհամարներին, ավելին, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել են փոխառության 2 պայմանագրեր: Ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը: Դրանից հետո՝ բավարար ապացույցների համակցության հիման վրա, վարույթն իրականացնող մարմնի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին որոշում է կայացվել հիշյալ պաշտոնյայի ՀՀ-ում գտնվող և վարույթում որպես մեղադրյալ ներգրավված որդուն առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու և կրկին մեղադրանք առաջադրելու մասին՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակությանը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու համար։ Սակայն վերջինս, պատշաճ ծանուցված լինելով վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին, խախտելով կիրառված խափանման միջոցի՝ չհեռանալու մասին ստորագրության պայմանները, նախաքննական մարմին այդպես էլ չի ներկայացել և թաքնվել է քննությունից, որից հետո վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում փախուստի դիմած մեղադրյալին հայտնաբերելու ու պատասխանատվության կանչելու, տևական և քողարկված հակաիրավական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը, բանկային փոխանցումներով օրինականացված եկամուտների վերջնական տեղաշարժը և դրանց հասցեատերերին պարզելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձումն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
19:52 - 04 մայիսի, 2020
ՊԵԿ-ը 2020-ի առաջին եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք

ՊԵԿ-ը 2020-ի առաջին եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի  ընթացքում արձանագրվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք: Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 34 դեպք: Արդյունքում հայտնաբերվել են  շուրջ 5կգ 500գ մեթամֆետամին, 2կգ 500գ ափիոն, ավելի քան 2 կգ կետամին, 600գ մարիխուանա,   11գ սփայս, ինչպես նաև հաշիշի յուղով լցված  էլեկտրական սիգարետի 11 մուշտուկ, տարբեր տեսակի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պարունակությամբ 2487դեղահաբ:  Վարչության աշխատակիցների հետևողական աշխատանքի արդյունքում բացահայտվել է նաև մաքսային կանոնների խախտման 17 դեպք: Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 300գ ոսկյա և 14կգ մետաղական զարդեր, տարբեր տեսակի 60կգ դեղամիջոց, 71 բջջային հեռախոս,   450 տուփ ծխախոտ, 20240 կգ խնձոր, ավելի քան 2կգ 600գ ռետինե խողովակ, առանց մաքսային մարմնի թույլտվության տրասպորտային միջոցի հանձման 1 դեպք, 1500 կգ հագուստ և տեքստիլի արտադրանք ու այլ ապրանքներ: Փաստերի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով սահմանված հանցագործության և ՀՀ Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են Պետական եկամուտների կոմիտեի  քննչական, հետաքննության և օպերատիվ-հետախուզության ու իրավաբանական  վարչություններին:
10:35 - 04 մայիսի, 2020
Պարզաբանում ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի «անօրինական» արտահանման վերաբերյալ

Պարզաբանում ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի «անօրինական» արտահանման վերաբերյալ

Զանգվածային որոշ լրատվամիջոցներում այսօր հրապարակված՝ ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի «անօրինական» արտահանման փաստի վերաբերյալ Պետական եկամուտներիր կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ խնդրո առարկա ծխախոտի արտադրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է «արտահանում» (այլ ոչ թե «տարանցիկ»)  մաքսային ընթացակարգով՝ էլեկտրոնային ապրանքային հայտարարագրի կիրառմամբ։ Հայտարարագիրը գրանցվել է մաքսային մարմինների էլեկտրոնային համակարգում։ Հայտարարագիրը ներկայացնելիս կցվել են նաև ապրանքն ուղեկցող փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագիր, բեռնագիր, պայմանագիր, ծագման հավաստագիր և այլն)։ Հայտարարագրի՝ համակարգում գրանցված լինելը նշանակում է, որ այն հնարավոր չէ կեղծել, իսկ դրանում առկա տվյալները՝ ՀՀ և ԵԱՏՄ անդամ (այդ թվում՝ ՌԴ) մաքսային մարմինների միջև գործող փոխգործակցության շրջանակում հասանելի են ՌԴ մաքսային մարմինների համար։Հայտարարագրում և համապատասխան ուղեկցող փաստաթղթերում, որպես բեռի նշանակման երկիր նշված է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը։ Ընդ որում, թե հայտարարագրում, և թե բեռնագրում, որպես ԵԱՏՄ տարածքը լքելու ելքի մաքսային մարմին նշված է Ղազախստանի Հանրապետության «Տաժեն» մաքսակետը։ Կոմիտեն տեղեկացնում է նաև, որ խնդրո առարկա ապրանքների մի մասն առայժմ չի արտահանվել: Այն առ այսօր գտնվում է պահեստում՝ մաքսային հսկողության ներքո, և վերջինիս նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ դրանք դրոշմավորված չեն ՀՀ ակցիզային դրոշմանիշներով, ինչը համապատասխանում է ՀՀ Հարկային օրենսգրքի 392-րդ հոդվածի պահանջներին։ՊԵԿ-ը հայտնում է նաև, որ նշված ծխախոտի արտադրանքն ունի հայկական ծագում։ Դրանց մաքսային ձևակերպումները և հսկողությունը ՀՀ մաքսային մարմինների կողմից իրականացվել են օրենքի տառին համապատասխան, իսկ այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները որևէ իրավասություն չունեն և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չեն կարող կրել։ Հետևապես, նաև անհեթեթություն է մամուլի այն վարկածը, որ որևէ տնտեսավարողի կողմից այլ երկրի տարածքում առերևույթ թույլ տված որևէ խախտման կամ կեղծիքի մեջ պետք է փնտրել ՀՀ ՊԵԿ մաքսային մարմինների մասնակցությունը:
15:48 - 30 ապրիլի, 2020